Րաֆֆի՝   Բանաստեղծություններ և պոեմներ, թարգմանություններ

Նա ի Վարագ սրբանվեր,
Ի գլուխ լերին բարձրագահ,
Աթենյան կառուսցե՝ տաճար
Իմաստուհվույն հզոր, անմահ:

Անդ ժողովյալ զմատղերամ
Քնքուշ մուզայս Վասպուրական,
Կրթեսցին հուսում, արհեստ,
Յանուշ ի կյանս Պառնասյան:

Հաջորդեսցին այս վաղեմի
Կյանք խոհական, գերերջանիկ,
Ո՜չ նինջ լիցի և ո՜չ մռայլ
Հինավուրց դար ոսկեղինիկ:

Անդ Ապոլոն, դափնապսակ,
Յուրն ախորժ ներդաշնակ,
Զարթուսցե զթմրյալ ոգիս
Ի դյութական նվագ:

Եվ մուզայից երգք քաղցրիկք,
Քան Սիրենյան անուշ սրինգ,
Մտած բազմաց լեցին գրգիռ,
Վերամբառնալ անդ ուր երկինք:

Եվ դալկացյալ Հայոց արեգ,
Առույգ լուսով կենսանորոգ,
Ճախարակյալ՝ շրջան առցե
Հայաստանին ի յոլորտ:

Ծագիցե լո՛ւյսև արփենվույն
Ոսկիաձույլ սուր սլաքի
Վանեն զմութն ընդ բնակչաց
Ի խորս լերանց ամրափակ:

Այսպես յուր ճառ է ած յավարտ
Բազմախորհուրդ ծերունին,
Եվ բոթաբեր ազգյաց սարսափ
Խավարասեր խուժանին:

Մինչև ոմն ի չղջկանց
Հարյավ ի յոտս անդստին
Եվ ողբալի կարդաց բարբառ,
Ձայնը հատավ յանձուկ սրտին:

Ծագյա՛վ լույս եղերական`
Կործանման մեր չար գուշակ՝
Ա՛խ, մաշեցինք ի փահարս,
Ի խորշս լերանց սովաստակ.

Քանզի ազգ մեր խավարաբնակ
Չը կարե որսալ ի լույս ցերեկ.
Զի մեր աչեր կուրացուցանե
Յուր ճաճանչոք պայծառ արեգ:

Իսկ աչք է՛. մեր ի՞նչ է հնար,
Ի՞նչ և ընդ այս խորհուրդ լավ,
Քանզի հատավ հույս մեր կենաց,
Ազատություն մեր կորյավ:

Եվ չղջկանն ընդմիջյալ խոսք
Յոտին եկաց ծերունին.
Եվ ընդհատյալ զյուր բանին թել
Այսպես կցյաց խոհունին.

Ընդդեմ կքրել վեհ արծվիդ
Է աքացել ընդ խթան.
Բա՜վ է, եղբայրք, որչափ կերայք
Զազգ կենդանյաց ի մթան:

Իսկ այդ այժմ ամենուրեք
Ծավալվեցավ լույս ճշմարտին.
Եվ մենք թողուցք մթին խավար
Եվ զխորշն աղջամղջին:

Եվ Արծիվդ այդ չէ ումպետ ոք
Պատգամաբեր է Դիոսին,
Մատիցուք հոժար սրտով
Ընդ հովանյավ թևոց նորին:

Եվ հինավուրց կիրքք նյութականք
Ի սրտից մեր թո՜ղ ջնջեսցին.
Եվ ոչ անձինք մեր նանրասերք
Ի սնոտիս մաշեսցին:

Որպես նախնիք մեր քաղցրաձայն՝
Եվ մեր երգոց ներդաշնակ՝
Ի Վարագյանն յարտևանանց՝
Թո՜ղ հնչեսցին անուշակ:

Կարի զչարյալ յոտս եկաց
Չղջկին բան հերքյանց բուն.
Խավարաբնակք հաճ և հավան
Եղեն նման ողջ, համբուն:

Ուխտ ուխտեցին երդմամբ հաստատ
Ընդդեմ լինել Արծվին,
Գործոց լինել խոչընդակ,
Ջնջել զճիգս բնավին:

Զի արգելցի լուսույն ծագում,
Տիրեսցե միշտ մահ և խավար.
Եվ կենդանիք թմրյալ ի քուն,
Կապտել կարեցին նոքա ավար:

Կեցցե՜ հավերժ, կեցցե՜ բուն...
Ձայն որոտաց յամենուստ,
Կեցցե՜ հաղթողն, կեցցե՜ բուն...
Գոռաց դժոխքն ի ներքուստ:

ՄՇԱԿ

(Նվեր Խրիմյան Հայրիկին)

Օ՛ր գարնանային, о՛ր թարմ և սիրուն,
Շնչում է արփին նոր կյանք, ջերմություն.
Բայց դեռ դաշտերը ձմեռվա քնով
Թմրած նիրհում են, զարթնել չեն ուզում:
Եվ լի հույսերով մշակը ժրաջան
Նիհար եզներով վարում է գութան:
Զարթե՜ք խոր քնից, ո՜վ թմրած արտեր,
Մինչև ե՞րբ պիտ՝ ննջեք, ամայի դաշտեր:

Հաջողություն քեզ, ո՜վ անբախտ մշակ,
Մշակ՝ անպտուղ, խոպան դաշտերի,
Բարեմաղթում է մշակը մտքերի,
Որ կարեկից է քո դառն վշտերի:
Քո տխրության մեջ՝ խնամքով թաքցրած,
Քո ճակատագրի մեջ դարերով ծանրացած,
Կարդում է և նա յուր դառն վիճակը,
Մտքեր սերմանող անբախտ մշակը:
Նա ևս քեզ պես կորդ անապատում
Յուր ամբողջ կյանքը մաշում է, աշխատում, —
Անապատումը համառ սրտերի
Եվ անպտղաբեր մարդկանց մտքերի:

Եվ նրա ազնիվ ճգնաց փոխարեն
Տգետը փշյա պսակ է հյուսում.
Իսկ նա լի հույսերով յուր սերմն է ցանում
Եվ ապագայում հունձքի է սպասում:

ՀԱՅԱՍԵՐԻ ՈՂԲ

Քանի տարի է, Հայրենիք սիրուն,
Դառն ցավերովդ եղել եմ ջունուն.
Սար ու ձոր ընկած իբր խենթ մաջնուն.
Վեր առ զքնարդ մուսայդ դյուցազուն.
Ողբամք Հայաստան, ափսո՛ս Հայաստան:
Մըթնեցավ հայոց պայծառ լուսատուն,
Խեթիվ հայեցավ Ակըն գերաբուն.
Միշտ այդպես ձմեռ, ե՞րբ հապա գարուն.
Արի նըստեմք լամք, ո՜վ Հայ իմաստուն: Ողբամք Հայաս.:
Վախում եմ մի օր անտեր՝ անպաշտպան,
Մեռնի այս հիվանդը, ո՜չ դեղ, ո՜չ դարման,
Ու այնպես կորչի ազգըն աննըման,
Մեզ մնում է սուգ ո՜վ Հայ գիտնական: Ողբամք Հայաս.:
Եկեք ի հանդես, սգավոր տեսարան.
Ո՜վ մեծըդ Ներսես, Սահակ Պարթևյան,
Մեսրովպ և Մովսես արփիք Թորգոմյան.
Եկեք երջանիկ Հարքրդ սրրբազան: Ողբամք Հայաս.:
Չը կան ազգասեր նախնի իշխաններ,
Ցըրված է հոտը, չկան ժողովներ,
Հավատն է միայն, ոչ միություն, ոչ սեր,
Լեր դու ողբակից, ով Խորենյան ծեր: Ողբամք Հայաս.:
Հայաստանի մեջ զանազան ազգեր,
Յուր խեղճ որդիքը պանդուխտ ու անտեր,
Քաղաքք ու ավանք անբընակ, ավեր,
Ավերակ ու անշեն են հայոց տներ: Որբամք Հայաս.:
Ինչո՜ւ դու այդպես ո՜վ վերին տնտես,
Հայոց խեղճ ազգը արեցիր անտես.
Ե՜րբ արդյոք մեզ դու լույս պիտի ծագես,
Ե՜րբ բարի իշխան մեզ պիտի կարգես: Կանգնյա Հայաս.:
Մի՜ թողուր, մի՜ թողուր ավեր Հայաստան,
Հարո՜ դու կրկին զազգըն անկենդան.
Լուր մեզ դու, լուր մեզ փըրկիչ բարեխնամ,
Փայլեցո՜ կըրկին փառքն Արարատյան,
Կանգնյա զՀայաստան, ափսո՜ս Հայաստան:

ՈՂԲ ՕՐԻՈՐԴԻՆ

Հայ օրիորդ եմ ես, քույրեր,
Հայաստանի երկրեն,
Որբ օրիորդ եմ ես, քույրեր,
Հեռու իմ հոր աշխարհեն:

Չար թշնամին խարձուց ավեր
Իմ տնակը հայրենի,
Գերի վարեց քույր, եղբայրներ,
Ծնողքս զոհ եղան սրին:

Այժմ պանդուխտ օտար աշխարհ
Թափառում եմ անտերունչ,
Օտար երկնի կամարի տակ
Ես քաշում եմ դառն շունչ:

Ոչ ոք ինձի չէ ողորմում,
Որ տա խղճիս պատառ հաց,
Ոչ ոքի գութ բնավ չէ շարժում
Իմ արտասուքն ու իմ լացը:

Դուք բաշխեցեք ինձ հաց, քույրեր,
Որ չմեռնեմ սովեմեն,
Դուք հագցրեք հալավ, քույրեր,
Որ չսառչեմ ցրտեմեն:

Ես էլ ձեզի պես աղջիկ էի`
Գոհարներով պճնված,
Ես էլ ձեզ պես սիրուն էի`
Ոսկիներով զարդարված:

Այժմ նայեք իմ երեսին,
Որքա՛ն նիհար, գունատ է,
Եվ իմ հանգչած թուխ աչերս
Ամեն տղա կը ատե:

Բայց էր մի օր... երբ իմ ձեռքին
Կարոտ էին իշխանորդիք,
Որ իմ պսակի ճոխ փառքովը
Կատարեին հարսանիք:

Իսկ այժմ ինձ չարժանացնում
Գոնյա՜ չնչին հայացքի,
Ո՜չ մի մանուկ հայ տղամարդ,
Ո՜չ ալևոր հայազգի:

Մի՞թե այդչափ սառն սառած է
Ձեր սրտի մեջ հայ արյուն,
Որ տալ ձեր սերն դուք չեք կարող
Հայաստանի որբերուն:

Ճնճղիկն ունի յուր բույն
Լի կուշտ փորով օթելու,
Բայց ես չունեմ ոչ մի անկյուն
Անբախտ գլուխս դնելու:

Դուք սրբեցե՜ք, ազնիվ քույրեր,
Իմ արտասուք և իմ լաց,
Ինձ բաշխեցեք, աստծո համար,
Ուտելու մի պատառ հաց:

Հայ օրիորդ եմ ես, քույրեր,
Հայաստանի երկրեն,
Որբ օրիորդ եմ ես, քույրեր,
Հեռու իմ հոր աշխարհեն...

ԹԱՔՈՒՑԱԾ ԳԱՆՁ

Ասեմ. — աղջի, արմենուհի,
Թե քո աստված կսիրես,
Ձգե՜ քողը ծածկած դեմքեդ,
Գոնյա տեսնեմ քո երես:

Ասաց, — Լռե՜, դու, ո՜վ մանուկ,
Դեռևս անփորձ տղամարդ,
Մի՞թե չես տեսել ծածկոց,
Երբ վառվում է կարմիր վարդ:

Ասեմ. — աղջի, արմենուհի,
Ցույց տո՜ւր տեսնեմ քո աչերը,
Ի սեր աստծո ինձ շնորհե
Քաղել քաղցրիկ զույգ պաչեր:

Ասաց, — Լռե՜, դու, ո՜վ պատանի,
Ինչ հանդուգն ես դու եղել,
Միթե չե՞ս տեսել երկնքում.
Երբ փայլում են զույգ աստղեր:

Ասեմ. — աղջի, արմենուհի,
Տեսնեմ ի՞նչ է քո ծոցում,
Այնպես անուշ հոտով բուրում,
Ինձ բերում է հիացում:

Ասաց, — Լռե՜, դու, ով մանուկ,
Այնտեղ բուրում է թուրինջ,
Մի՞թե պարտեզում չե՞ս քաղել
Նուռն, լիմոն կամ նարինջ:

Ասաց, — Լռե՜, ով անամոթ,
Այդ պահանջե սեր և զոհ,
Դու նվիրե անձդ ինձի,
Որ ես լինեմ քեզնից գոհ:

ՀԱՅԻ ԿԱՂԱՆԴԸ

Համաշխարհային ժամացույց
Զարկեց վայրկյան յուր վերջին,
Հին տարին տեղի տվեց
Կաղանդին օր առաջին:

Դղյակների գագաթեն
Գոռացին թնդանոթներ,
Եվ բյուրավոր հրացայտ
Որոտացին անոթներ:

Հարա՛յ-հրոց, աղաղակ,
Երգ և աղոթք խառնաձայն,
Խառնիճաղանջ ամբոխից
Դեպի երկինք բարձրացան:

Շուկա, փողոց, հրապարակ,
Լի են մարդկանց բազմություն.
Նոքա ուրախ, խնդամիտ,
Խումբ-խումբ շրջեն տընից տուն:

Շնորհավոր նոր կաղանդ,
Շնորհավոր նոր տարի.
Բարեմաղթում են շատ բախտ,
Եվ ապագա կյանք բարի:

Դու մի՜ ժպտա, դժբախտ հայ,
Մի՜ նախանձիր օտարին,
Քեզ համար չէ՜ բերկրություն,
Քեզ համար չէ՜ նոր տարին:

Նա քեզ համար չէ՜ բերել
Ո՜չ նոր կյանք, ոչ նոր օր,
Քեզ երեկն և այսօր՝
Նույն վիճակն է դարևոր...

Ի՞նչ գործեցիր դու հերվան
Իզուր վատնած քո տարում,
Ո՞ր թերությանց, ո՞ր կարյաց
Տվեցիր դու կատարում:

Պանդխտության վարանքից՝
Քո որդիքը ցիրուցան՝
Դեպ բնիկ յուրյանց երկիր՝
Դարձա՞ն դեպի Հայաստան:

Թե նոքա դեռ թափառ են
Ամեն գոտի աշխարհաց,
Բոբիկ ոտքով, կիսամերկ,
Մուրանալու պատառ հաց:

Հայրենական յուր երկրում
Վաստակավոր մշակը
Բանեցնո՞ւմ է արորը,
Բարվո՞ք է յուր վիճակը:

Թե նորա հողն աղայի
Ժառանգական է կալվածք,
Յուր որդիքը սովատանջ
Չունեն տանում պատառ հաց:

Վտարեցա՞ն մեր միջեն
Վասակների սև ոհմակ,
Թե դեռ տիրեն՝ Բրքիշո,
Պապ, Մերուժան և Սուրմակ:

Կրոնական մրրիկով
Եղբայրք զատված մեզանից
Ազգայնության սուրբ ուխտով՝
Մեզ հետ եղա ՞ն կապակից:

Թե դեռևս պրոտներ
Եվ եզվիտը դաժան՝
Մեր մեջ ձգեն հերձված,
Ազգն առնեն բաժան-բաժան:

Եվ ազա՞տ է մեր կրոնք
Մահմեդի հալածանքեն.
Թուրքն ու պարսիկ չե՞ն զրկում
Հային յուր սուրբ բաղձանքեն:

Թե մեր դստերք գեղեցիկ,
Նշնված հայի տղային,
Քարշ են տալիս դեպ հարեմ,
Տանեն թուրքի տղային:

Հալածեցի՞նք մեր միջեն
Այն դարևոր սև խավար,
Մտցրի՞նք արհեստ, գիտություն
Եվ լուսավոր գաղափար:

Եվ մեր մանուկ սերունդին
Տվի՞նք մտավոր զարգացում,
Թե դեռ սաղմոս, ժամագիրք
Տիրում են մեր դպրոցում:

Ո՜չ, հային չէ նոր տարի,
Դեռ դժբախտ է մեր վիճակ,
Հայը դեռ հին ախտերի
Վայելում է դառն բաժակ...

Հայնժամ է մեր նոր տարի,
Երբ կընորոգվի մեր դրություն,
Մանկահասակ նոր կյանքով
Կստանանք նոր գոյություն:

ԻՄ ՎԱՐԴԸ

Այն մի պարտեզ էր, ճեմելիքներով՝
Լուռ և միայնակ զբոսնում էի,
Թարմ ծաղիկների նախշուն գուներով
Իսպառ հիացած, զմայլում էի:

Ուր թռչունները մին մինից սիրուն
Հնչեցնում էին գեղեցիկ երգեր,
Կարծես, քերովբեք անթիվ և անհուն
Ընթեռնում էին սրբազան գրքեր:

Այդ մի երա՛զ էրբայց կախարդական
Թողեց իմ սրտում ցավեր անհամար,
Կամ չար վհուկի թլիսմ դյութական,
Որ կրակ վառեց հոգույս մեջ անմար...

Ինձ այն ժամանակ քանի գեղեցիկ
Երևցավ նա այն ծառերի տակ,
Տխո՛ւր էր դեմքը, շրթունքը՝ մնջիկ,
Որպես բախտազուրկ, սգավոր հրեշտակ:

Գլխի ծամերն արձակած անփույթ
Տատանվում էին թեթև զեփյուռեն.
Եվ կերպարանքի ամբողջ երևույթ
Էր խորհրդական և աստվածեղեն:

Նա մոտեցավ ինձ դանդաղ քայլերով,
Ո՛րքան վշտահար էին աչքերը...
Մի սիրտ գրավող, ցավալի ժպիտ
Արտափայլում էր երեսի վրա:

Նա գրկեց ինձի յուր թևիկներով,
Քանի՛ բերկրություն կար այն գրկի մեջ
Ուր սերը բոլոր յուր ցնորքներով
Բոցավառվում էր սուրբ հրով՝ անշեջ:

«Ահա՜ այդ վարդընա ինձ ցույց տվեց. —
Է մեր վիճակի ստույգ օրինակ...
Նա այդպես խոսեց, ինձ մենակ թողեց,
Ինքը չքացավ այն ծառերի տակ:

Ես տեսա վարդը, ի՛նչ քնքշիկ վարդ,
Դեռ նոր էր բացվել կոկոն ու սաղարթ,
Դեռ նոր էր օդը նորանից ծըծում՝
Յուր եթերական անուշահոտություն:

Ես տեսա վարդը... մի բու զզվելի
Դեղին ճանկերով էր նորան գրկել,
Եվ յուր պիղծ կուրծքին՝ սև նախանձով լի,
Այն ճոխ ծաղիկն էր նա պինդ ճնշել...

Աչքերիս առջև մթնեց, սևացավ,
Այն տեսարանը խռովեց իմ հոգին.
Սիրտս պաշարեց հազար ու մեկ ցավ,
Գլուխս բորբոքեց մի կրակ ուժգին:

Երեսս շուռ տվի, շուտով անց կացա,
Որ էլ չտեսնեմ այնպիսի եղեռ,
Ոչ այնքան հեռու, այլ խիստ մերձակա
Տեսա ես մի այլ ցավալի պատկեր. —

Մի անբախտ սոխակվարդի ջերմ երգակ,
Նորա թուփի մոտ թռչում էր մենակ,
Թռչկոտում էր նա, լուռ մրմնջելով,
Հոգնած թևիկները մեղմիկ շարժելով:

Նա աշխատում էր մոտենալ վարդին,
Բայց արգելում էր ավերակաց որդին, —
Այն բռնակալն, այն զզվելի բուն,
Այն գիշակերը, դեմքով ահարկուն:

Սոխակը թըռվռաց, ճըչաց, ճլվլաց,
Թափեց աչերեն շատ արտասուք, լաց,
Թույլ թևիկները կախեց, վայր ընկավ,
Վշտալի կուրծքը փուշերուն զարկավ...

Նետը ցցվեցավ սրտումը անզոր,
«Վա՛րդն» էր սոխակի հառաչանք վերջին, —
Այդ իմ սիրտն էր, որ մինչև այսօր
Կրում է յուր մեջ այն վերքը խորին...

ՆԱ ԻՆՁ ԽԱԲԵՑ

Էլ չեմ հավատա ես քո խոսքերին,
Խաբեբա՛ ես դու, սիրուն օրիորդ,
Դու ինձ խոստացար հավիտյան սիրել,
Ուրիշին չառնել քո սիրույն հաղորդ:

Քանի՞ երդումներ ինձ դու երդվեցիր,
Երկինք ու գետինք կոչեցիր վկա,
Մինչև մեր մահը... դու ուխտ կնքեցիր,
Բայց խոսքերիդ մեջ ճշտություն չըկա:

Էլ չեմ հավատա ես քո խոսքերին,
Իզուր մի՜ թափիր աչքիդ արտասուք,
Ցնո՛րք է ձեր սերը՝ միշտ փոփոխական,
Հիմար կրքերի խաղալիք եք դուք:

Ա՞յդ էր քո խոստմունք... անխիղճ ուխտազանց,
Սո՛ւտ է քո երդում, սո՜ւտ են քո խոսքեր,
Եվ ես սխալված էի չափազանց,
Որ զոհեցի քեզ իմ ազնիվ կրքեր:

Ես զոհեցի քեզ բոցեր սրբազան
Սիրո կրակով խնկված իմ սրտին,
Իսկ դու քո սիրտը տվիր, ով Նազան,
Ինձանից գաղտնի այլ տղամարդին:

ՔԵՖ

Երկու արհեստավոր մարդ,
Մինը՝ կոշկակար, մյուսը՝ դերձակ
Ման էին գալիս տոն օրում
Ուրախ սրտով, համարձակ:

Գնանք, եղբայր, գինետուն,
Լավ քեֆ անենք միասին,
Ի՞նչ կա, թե որ մսխըվի
Մեր քանի մի աբասին:

Գնանք, ասաց դերձակը,
Էլ չենք տեսնի էդպես տոն,
Կը դուրս բերե իմ ծախսը
Երեկ կարած մեկ պալտոն:

Գնանք, — կրկնեց կոշկակար,
Ես ծախել եմ մի կոշիկ,
Նորա շնորհիվ կըխմեմ
Այսօր գինի անուշիկ:

Ես էլ ընկեր ձեզի հետ, —
Ասաց տերտերը բազմագետ,
Ես թաղեցի մի մեռել,
Տասը մանեթ եմ առել:

ՀԱՅ ՕՐԻՈՐԴ

Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Սիրուն, սև-սև աչքերով,
Որ պատած են կամարաձև
Բարակ նխշած հոնքերով:

Վարդն ու մեխակ իմ թշերեն
Ստանում են պայծառ գույն,
Եվ քան զամեն ծաղիկներն
Ես բուրում եմ գերագույն:

Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Եվ հայ տղա կըսիրեմ,
Նորան միայն իմ սեր, իմ սիրտ,
Հաճությամբ զոհ կըբերեմ:

Խավար օրին ես լույս կտամ`
Թե չծագե արեգա,
Եվ գիշերը ես մրցում եմ
Լուսնի հետը համարձակ:

Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Հայկա զավակ հարազատ,
Հայոց երկրի հողի վերա
Ես կըսիրեմ կյանք ազատ:

Շրթիս վերա եդեմական
Հոտով ծաղկել է մի վարդ
Հեռո՜ւ, հեռո՜ւ, օտարական,
Թող քաղե հայ տղամարդ:

Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Չեմ տալ իմ սերն օտարին,
Օտարի հետ ես չեմ վարի
Կյանքիս ունայն իմ տարին:

Ես սիրում եմ ընտանեկան
Կարն ու գործը տնային,
Ես սիրում եմ ուսում, արհեստ,
Կրոն, լեզու ազգային:

Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Ինձ համար է հայ տղան,
Մի՜ նախանձիր, օտարուհի,
Մի՜ հրապուրե դու նորան:

Քո թշերի շինծու դեղը
Վաղանցուկ է և դժգույն,
Ծոցիդ միջումն օձ է բնակվում,
Շրթունքիդ մեջ դրած է թույն:

Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Քնքուշ, համեստ, աննման,
Սիրե՜, սիրե՜ ինձ, հայ տղա,
Դու չես լինի փոշիման:

ԱՐՏԱՎԱԶԴ

Եթէ դու յորս հեծցիս յազատ ի վեր
ի Մասիս, զքեզ կալցին քաջք, տարցին
յազատ ի վեր ի Մասիս, անդ կացցես,
և զլոյս մի տեսցես:
ԽՈՐԵՆԱՅԻ

Կախարդուհի վհուկները
Նոր չարիք են հնարում,
Աժդահակա կնիկները՝
Վիշապների տաճարում:

Լույսը շողաց, ծագեց արև
Թուխ-թուխ ամպերու միջեն,
Մի ձիավոր անցավ շուտով
Արտաշատա կամուրջեն:

Գինա գետի ափերու մոտ
Սև նժույգը վազում էր,
Նա վազում էր որպես սև ծուխ
Մտքից արագ՝ թռչում էր:

Նորա վերա մի պատանի
Նստած էր քաշի նման,
Կապարճը լի էր նետերով,
Ուսին՝ աղեղ, լայն վահան:

Որսորդական յուր շները
Թափառում են սար ու ձոր,
Հոտ քաշելով՝ պտրում են
Էրե, թռչուն նորանոր:

Թուփի մեջեն հանկարծակի
Վազեց կինջը սոսկալի,
Սոսկալի էր ժանիքները,
Աչքերը վառ՝ կրակով լի:

Տեսավ նորան Արտավազդը,
Վերա հասավ ձիընթաց,
Նետեց նետը, վայրի կինջը
Ահեղ ձայնով որոտաց:

Օդը մթնեց, փոշին պատեց,
Բարձրացավ թունդ մրրիկ,
Եվ անդունդը խոր հատակից
Գոռաց ձայնով հույժ սաստիկ:

Նորա առջև բաց է լինում
Լայնաբերան մի վիհ-փոս,
Ուր որսորդն յուր ձիու հետ
Ներս գլորվեց դյուրահոս:

Կորա՛վ արին՝ Արտավազդը,
Կորա՛վ խորին անդընդում,
Հոր անեծքը նորան պատժեց,
Որին նա շա՜տ էր ատում:

Իսկ քաջքերը Մեծ Մասիսի
Դարբնեցին շեկ երկաթը,
Հափշտակած` Արարատի
Տարան նորան՝ գագաթը:

Այնտեղ դրին խոր այրի մեջ
Ձեռքն ու ոտքը շղթայած,
Որ Արտավազդ մինչ հավիտյան
Մնա այնտեղ բանտարկված:

Չը հեռացան Արտավազդից
Յուր շները հավատարիմ,
Զույգ շները որսորդական
Մնացին նորան մտերիմ:

Նոքա այնտեղ ամբողջ տարին
Կրծոտում են հաստ շղթան,
Կրծոտում են, որ արքային
Տան հնար ազատության:

Եվ մաշվում է ծանր շղթան,
Նա մաշվում է օրեցօր,
Փոքր է մնում, որ կորցնի
Զորությունն յուր հզոր:

Հայոց երկրի դարբինները,
Մեծ Զատիկի գիշերին,
Երեք անգամ ծանր մուրճը
Զարկում են յուրյանց սալին:

Նույն րոպեում ծանրանում են
Արտավազդա շղթայքը,
Որ չազատվի, չըկարենա
Ջնջել բոլոր աշխարքը:

Մինչև այսօր աքսորված է
Արտաշեսի քաջ որդին,
Վիշապազանց դառն վրեժ
Մեծ տանջանք է յուր սրտին:

Աժդահակա կնիկները
Վիշապների տաճարում
Պար են պարում նվագներով
Եվ մեծ տոն են կատարում:

ԲԱԽՏ

Ճանճերն այնտեղ են հավաքվում,
ու որ մեղր կա:
ԱՌԱԾ

Կար ժամանակ, որ ես էլ
Էի ուրախ, երջանիկ,
Շողշողում էր իմ բախտի
Աստղը պայծառ, գեղեցիկ,

Ո՞վ չէր իմ սերտ բարեկամ,
Ո՞ւմ չէի ես սիրելի,
Իմ մոլությունքն անգամ
Էին հարգի, գովելի:

Քանգի լի էր իմ քսակ,
Առատ, ճոխ էր և սեղան,
Մինչ հալածող թշնամիքս
Քնքուշ եղբայր ինձ եղան:

Ամեն մարդ իմ պատվին
Դներ բարձր աստիճան,
Որպես մեղրը ճանճերից
Միշտ պատած էր իմ շրջան:

Ամեն բերան ջերմեռանդ
Հորինում է ինձ գովեստ,
Իմ հանճարն ու իմ տաղանդ
Էին գերագույն և համեստ:

Ամեն մի դատարկ խոսքիս
Պատասխանն էր միշտ այո՜,
Ձյունը սև է ասեի,
Սև՜ է, պարոն, սև՜, այո՜:

Ամեն հիմար գրվածքիս
(Թեև գայլի շարական(,
Գովասանքին չափ չկար,
Էր վսեմ, անզուգական:

Որքան ես իմ խոսքերում
Էի սխալ, շաղակրատ,
Բայց ոսկեղեն իմ բերնով
Խոսում էր մեծն Սոկրատ:

Կեղծավորքն այդպիսի
Փաղաքշանաց փոխանորդ՝
Իմ վերջին կոպեկներին
Էին ընկեր բաժանորդ:

Բայց երբ դարձավ անիվը
Չարանախանձ իմ բախտին,
Որպես օդեղեն ամրոց
Բոլորն անցան դառնագին:

Եվ հեռացան ամենքը,
Զի դատարկ էր իմ քսակ,
Թառամեցա՛վ կեղծավոր
Ձեռքով հյուսված իմ պսակ...

Խավարեցա՛վ, կարծես թե,
Ոսկի ավուրց իմ արև,
Եվ ո՜չ ոք այնուհետև
Չէր ուզում տալ ինձ բարև:

Այդպես է միշտ աշխարհի
Անիծված կարգն ու կանոն,
Երբ բախտը ծռվեց քեզանից,
Ծուռ է գծում միշտ քանոն...

Հրեշտակի լեզվով խոսե,
Ինչ կուզես դու մտածե,
Ո՞վ բանի տեղ կրդնե,
Կասեն՝ խելքը ցնդած է:

Այժմ եղբայր, իմացիր,
Քո հաշիվն և քո սակ,
Չունես կյանքի իրավունք,
Երբ դատարկ է քո քսակ:

ՆՎԵՐ N…-Ի ՀԻՇԱՏԱԿԻՆ

Միթե արյունո՞վ երկնային դըպիր
Գրեց դժնդակ քո ճակատագիր, —
Երկաթի կապանք, բանտ և աքսորանք,
Եվ հայրենիքից լինել տարագիր:

Այո՜, երբ կույր բախտ բաժաներ վիճակ,
Ընտրեցիր բաժին քեզ փշյա պսակ,
Անվեհեր սրտով, հոժար, համարձակ
Խմեցիր կյանքի դառնության բաժակ:

Այդ քո սրբազան զոհաբերություն
Բաշխեց դիցական քեզ անմահություն,
Եվ քո անմոռաց վսեմ հիշատակը
Կավանդե հայը ապագա որդուն:

Դեռ մանկությունից այդ անգութ աշխար,
Ուղղեց քո առջև փշոտ ճանապար,
Երբ դու չքավոր, անտեր, անխնամ,
Քո ծնողքներից որբացար իսպառ:

Ցավալի հոգսը դառն աղքատության
Չըթուլացրուց թափը քո բնության,
Ուսում, գիտություն էր քո խնդրածը,
Քո սիրտը չըկապեց արծաթի շղթան:

Ն... քաղաքի կեղտոտ փողոցում
Փակված էիր դու խոնավ մի խըցում,
Ուր թոքախտական բարակացավը
Բոթաբեր հազը դրեց քո ծոցում:

Բայց չէր քեզի փույթ ցավը մարմնավոր,
Կամ աշխարհային վշտերն անսովոր,
Քո հոգին լի էր առողջ կյանքով,
Սիրտդ` ուժերի նոր, թարմ հոսանքով:

Եվ մոլորողի հրապույրը փառքի
Չըգերեցին քո՝ ոչ սիրտը, ոչ հոգի,
Դու նվիրեցիր բոլոր քո ջանքը
Հօգուտ հայրենյաց, հօգուտ քո ազգի:

Ազգն ի՞նչ փոխարեն շնորհեց քեզ, անբախտ,
Եռ եկան կրքեր, բորբոքվեց չար ախտ,
Եվ մոլենախանձ կղերի խրատով
Հայհոյեց քո գործը խուժանն ապերախտ...

ՈՍԿՈՒ ՄԱԴԱՆ

Աղքատությունից հանկարծ մի պարոն
Եղավ բախտավոր, արծաթով հարուստ,
Տալիս էր խնջույք, գնում էր թատրոն,
Ուներ ճոխ սեղան և հանգիստ ապրուստ:

Նա շինեց մի տուն` մեծ ու փառավոր,
Մուտքն էր պատած պարտեզ, բուրաստան.
Եվ մարդիկ ամեն` աղքատ, մեծավոր`
Նորան հայրությամբ միշտ գլուխ կըտան:

Եվ զարմանալու չըկա մի առիթ,
Միշտ հեղաշրջիկ անիվը կույր բախտին,
Հանկարծ բարձրացնե մեկին մինչ զենիթ,
Մյուսին գլորե դեպի խորն անդնդին:

Բայց մարդկանց զարմանքը չափիցն անցավ,
Որտեղի՞ց արդյոք այդ նոր Կրեսոս
Առանց քրտինքի ոսկու տեր դարձավ,
Այդ հարցի լուծումն էր դժվար, ափսո՛ս:

Թե ինձնից հարցնեն, այս է պատասխան`
Գանձարանումը նա մի ժամատան
Ամբողջ տաս տարի էր նա երեսփոխան,
Ուր գտավ առատ նա ոսկու մադան

ԿԻՐԹ ՃԱՇԱԿ

Ես չեմ սիրի սովդաքար
Ու չեմ գնա բազազին,
Որ աստուծո ողջ օրը
Զոռ է տալիս իր գազին:

Եվ գիշերն անհանգիստ
Նրա չոթքի չըկչըկոց,
Մարդի զահլա է տանում
Դաֆթարների ողջ կապոց:

Գնա՜, կորչե՜ սովդաքար
Իր փողի սնդուկներով,
Նրա արծաթը չէ բերում
Այրված սրտիս հանգիստ զով:

Ես չեմ սիրի փեշաքար
Ու չեմ գնա ոսկերչին,
Նրա գոհարը չէ արժում
Սիրուն աղջկա մի պաչին:

Խիստ ագահ է ոսկերիչ,
Թեև ոսկու հետ խաղում
Եվ ժանգակեր մետաղից
Իր օգուտն է նա քաղում:

Գնա՜, կորչե ոսկերիչ,
Նա է նույնպես մեքենա,
Որպես իր մուրճն ու փուքսը,
Որով իր գործը գործե նա:

Ես չեմ սիրի քահանա,
Ու չեմ գնա տերտերին,
Նա որսում է շիլափլավ
Սնունդ տալու իր փորին:

Եվ գիշերն անդադար
Նրա սաղմոս, շարական
Չեն իմ ականջներին
Անուշ ձայներ դուրեկան:

Թո՜ղ կորչե տեր Մարկոսը,
Նա մի քուրմ է կեղծավոր,
Եվ իր մաշտոց, տոնացույց
Շինեց ուռկան զորավոր:

Ես չեմ սիրի չինովնիկ,
Թեև ծերուկ գեներալ.
Թո՛ղ թե, ուներ նա գյուղեր,
Հարյուր հազար իմպերիալ:

Ես զզվում եմ նայելով
Նրա ահագին քըթին.
Ուր սպիտակ բեղերը
Դեղին է ներկել բուռնոթին:

Գնա՜, կորչե՜ չինովնիկ,
Ինձ զարհուրանք է բերում,
Եվ արյունոտ ձեռքերեն
Մահվան հոտ է միշտ բուրում:

Ես կըսիրեմ ստուդենտ,
Մի նորահաս ուսանող,
Սիրո պաշտող մտերիմ,
Գեղեցկության է հարգող:

Թեև նա ման է գալիս
Հին հագուստով, կոշիկը ծակ,
Պանդոկումը պարտք ունի,
Եվ գրպանն է միշտ դատարկ:

Բայց սրտումը կիրք ունի,
Բորբոքվում է նոր կյանքով,
Երակներումը վազում է
Արյունը ջերմ հոսանքով:

Երբ իմ առջև ծնկաչոք
Մորմոքում է` նա լացում,
Եվ ախտալից աչերեն
Տաք արտասուք է բացում:

Քանի՛ ազդու հայտնությունք,
Որքա՛ն անուշ հրապույր,
Երբ քաղում է իմ թըշեն
Մի վարդենի տաք համբույր

Կեցցե՜, կեցցե՜ ուսանող,
Նոր սերունդը մարդկության,
Ես իմ անձն և իմ սեր
Նրան կըզոհեմ հավիտյան:

ՇՈՒՇԱՆ

Շուշան, նստե՜, կարըդ կարի՜,
Հերիք այդքան ծուլանաս,
Այդ անիծված լուսամուտեն
Ե՞րբ պիտի դու հեռանաս:

Ասաց մայրը բարկանալով
Մանկահասակ աղջկան,
Որ կանգնած էր, լուսամուտեն
Մտիկ կըտար դեպ շուկան:

Իսկ Շուշանը տհաճությամբ
Եկավ յուր տեղը նստեցավ,
Նորա դեմքը խիստ տխուր էր,
Եվ սրտումն ուներ ցավ:

Հանկարծ դրսեն անցնող կառքը
Սաստիկ ձայնով որոտաց,
Եվ Շուշանը կրկին վազեց,
Փակ լուսամուտն արեց բաց:

Աղջի՜, նստի՜, կարըդ կարի,
Հերի՛ք նայես դու շուկան,
Այս առավոտ դու չես գործել,
Օրից անց է երեք ժամ:

Ամա՛ն, մայրի՜կ, հոգուդ մատաղ, —
Աղջիկն ասաց քնքշաբար,
Ա՜յս րոպեիս, ա՜յս րոպեիս
Կըվերջացնեմ ես իմ կար:

Բայց նա տեսավ, որ անցնողն
Էր մի ծերուկ չինովնիկ,
Դեմքը խոժոռեց, տեղը դարձավ,
Հետքից կնքեց յուր մըճիկ4

Առեց գործը, բայց էր տաղտուկ
Չէր ախորժում կար կարել,
Նորա սիրտը վրդովված էր,
Նա չէր կարում համբերել:

Կրկին անգամ կառքի ձայնը
Հնչեց նորա ականջին,
Վազեց Շուշանը դեպ լուսամուտ,
Ուխտյալ տեղումն առաջին:

Աղջի՜, էլի՞ դու գնացիր,
Ա՛խ, աներես, անամոթ,
Ինչո՞ւ այսօր դու գըժվել ես,
Չես գործում այս առավոտ:

Մայրի՜կ, մայրի՜կ, հոգուդ մատաղ,
Մի բարկացիր իմ վերա,
Այս րոպեիս, այս րոպեիս,
Ես կըկարեմ իմ կարը:

Նայեց Շուշան, մի աֆիցեր
Անց էր կենում յուր կառքով,
Գեղեցիկ էր, մանկահասակ,
Թեքված կողքին շնորհքով:

Աղջի՜, արի՜, կարըդ կարի,
Հերի՛ք շուկան մտիկ տաս,
Հիմա կըգա վարժապետդ,
Դու չես սերտել դեռ քո դաս:

Բայց աղջիկն էլ չըլսեց,
Թե ինչ խոսեց նորա մայր,
Ջեհիլ տղան կրակ վառեց
Նորա սրտումն անմար:

Երկար այնպես աչքը ձգած
Մտիկ կաներ մեր Շուշան,
Մինչ պատանին շարժեց ձեռքով՝
Բազմախորհուրդ մի նշան...

ԱԶԳՈՒՐԱՑ

Դառն մահվան օրհասով
Մի մարդ թողեց լույս աշխարհ,
Դեպ Պլուտոնի պետությունն
Ուղևորեց ճանապարհ:

Նա, անցնելով Ստիքսեն,
Դիմեց դեպի տարտարոս,
Առաջը կտրեց դռնապան
Հրեշավորն Կերբերոս:

Ի՞նչ ազգից ես, հարցրուց
Երեքգլխյան ամեհին:
(Իսկ խղճալի այն ոգուն
Սահման չըկար մեծ ահին):

Ես Հռովմի սուրբ պապի
Եմ ուղղափառ կաթոլիկ.
Ասաց ոգին, սարսափեն
Հատավ ձայնն յուր վախլիկ:

Ես ազգդ եմ հարցնում,
Հո՞ւյն ես, թո՞ւրք ես, թե՞ պարսիկ:
Դողղողալով ուրվականն`
Դարձյալ կրկնեց՝ «կաթոլիկ»:

Կաթոլիկն է կրոնքի
Եվ ոչ ազգի մի անուն,
Դու պատասխանե ինձ այն
Ինչ քեզնից են հարցնում:

Ես չըգիտեմ ի՜նչ է ազգ,
Նոր եմ լսում ես այդ բառ,
Մեր հայրերի ուսմունքով՝
Կաթոլիկ եմ ուղղափառ:

Սարսափելի մի ծիծաղ
Ցընցեց շրթունք Կերբերին,
Դժգոհ սրտի յուր թունդը
Բերնից լորձունք վեր բերին:

Ով չըգիտե ինչ ազգի
Է հարազատ նա ծնունդ,
Նա անօրեն, անկանոն
Ամուսնության է սերունդ:

Տարտարոսիցը հեռու,
Այդ խուժանն աննշան,
Առանձին կայարանում
Բնակվում են անդ բաժան:

Ուր թունդ է հուրը բորբոքվում,
Եվ դժնի են կատաղիք,
Ուր օձ, կարիճ զոհերի
Քրքրում են լերդ, աղիք:

Ահա՝ դուռը, — ցույց տվեց
Կերբերոսը վիթխարի:
Ոգին դիմեց դեպ այն կողմ
Թույլ ոտքերով, անարի:

Ղռան գլխին նկարած էր
Լոոլայի կերպարանք,
Եվ վերնագիր այդպիսի`
Ազգուրացների կացարան:

Զարհուրելով ներս մտավ
Եռանդամոլ մեր ոգին,
Տեսավ ազգուրացների
Նա բազմություն ահագին:

Հասո, ախպար, քե՞զ էլ հոս
Չարքերը վռնդեցին...:
Կրակի միջից հարցրուց
Ծերունի Սեբաստացին:

Էկո՜ր, էկո՜ր, քեզ պագնեմ,
Մեր աշխրքեն ի՞նչ խաբրիկ,
Ո՞ղջ, առո՞ղջ է մեր պապը,
Մեր սրբազան ծեր հայրիկ:

Մեր Վենետկու, Վեննայի
Ընդո՞ր են մեր փարախներ,
Հայի ճըժեր որսալու
Կըբանի՞ն անոնց յարախներ:

Չը կարաց պատասխանել
Դեռ ազգուրաց այն ոգին,
Ձգեց վզիցն հաստ շղթան
Սոսկալի դև մի ահագին:

Եվ քարշ տվեց դեպ ներսը
Ծծումբի վառ բոցերին,
Զարհուրելի դառնությամբ
Սկսեց տանջել յուր գերին:

Հուրը բորբոքեց, նա կոչեց՝
«Ինչո՞ւ չըսեմ, թե եմ հայ...
Ինչո՞ւ ուրացամ ազգս
Վա՛յ իմ գլխուս... վա՛յ... վայ... վա՛յ... »

ԿՏԱԿ

Ա

Թըվին հազար ութ հարուր
Օխտանասուն ու մեկին,
Հայուց քրոնիկոնի
Ղվինոբիս թըվի հընգին:

Ես՝ Ղաղո Իվանիչս
Դեդեյուլ ու մամեյուլ
Օջախի վուրթի, քաղկցի,
Օխտը պուրտից պատվավուր:

Ուշքս ու միտքս գլխումս,
Լավ ուղուփով, խելացի,
Իմ մեղավուր ձեռքովս`
Էս անդերձը գըրեցի:

Իմ խոստովնահեր տերտերը`
Տեր Ճիպինն ու Բաստամը,
Սամիլն ու Սիմոնը
Չուրսնեվետ ին մոծամա:

Ճակտիս գիրը թամամ է,
Ես էլ շատ չիմ ապրի,
Երեք քսան տասնիրեք
Անց իմ կացրի էս տարի:

Ես շատ ումբըր քաշեցի,
Շեն մնա աստծու տունը,
Քեփ ու սափա արեցի,
Դարդ չըմնաց իմ սրտումը:

Փող ու փարա դադեցի,
Տուն ու տիղի տեր դառա,
Փողոցումը դուքաննիր
Ու մե քարվանսրա առա:

Աշխըքիս ամեն փառքիրը
Վիյիլեցի, լիացա,
Մագրամ փուղիցը մենակ
Ջըլիս ես չըկշտացա...

Կախեթու գինին էնքան,
Վունց որ իմ դեդի կաթը,
Ես շատ անուշ արեցի,
Առա նրա լազաթը:

Դոշ, զուրգիել, խիզիլալեն
Միշտ դրած էր իմ սուփրում,
Առանց թերխաշ ցոցխալի
Ճաշ չիմ կերի իմ օրում:

Օրթաճալի բաղերում
Քեփ իմ արի համաշա,
Իմ զուռնայի ձենեմեն
Ո՞վ չէր գալի թամաշա:

Բայց ծերության հասակում
Դարդս էլավ անդարման,
Էլի աղքատ, առանց փուղ,
Ես գնում իմ գերեզման...

Բ

Իմ քաղկըցի ախպրտիք,
Մեռնի՜մ ձիր ազնիվ հոգուն,
Ձի՜զ ես օրթում եմ տալի՝
Զրկինինց եկեղեցուն:

Ձի՜զ ես օրթում եմ տալի
Սուրբ Մողնի, սուրբ Թելեթին,
Սուրբ Ջիգրաշնին զորավուր,
Մեկել սուրբ Շահնաբաթին. —

Վուր դուք էս օրես էդնեն
Էս իմ անդերձը կարթաք,
Ու իմ գըջլտած հոքուն
Օղորմին էլ հիտը տաք:

Իմ կկինքիս պատմութինը
Ձի՜զ թո՜ղ ըլի օրինակ,
Ինձմեն դուք խիլք սովրեցեք,
Վուր չըմնաք խիղճ, դարդակ:

Երբ արևի դուք ծեքին
Աստըծուն աղոթքնիր կոնիք,
Ան ձիր դուշմընի գլխին՝
Ուշունց, անիծք կու թափիք:

Պարտական ըլիք, թե չասիք
Էս անիծքնիրն՝ էսթավուր՝
«Սուրփ Բեթխային, Թածմինդա՜
Ծիրանավուր զորավուր,

Ըշկոլեքը, վարժատնիր,
Արեք քարքանդ, բրիշակ,
Վուր միր վուրթիքը խիլքեմեն
Չըլին, ու չդառնան էշակ»:

Ա՛խ, ի՜նչ ասիմ, ախպըրտիք,
Ըշկոլեք մոգոնողին,
Վուրթիքս ուսման տվի,
(Ափսո՛ւս մսխած իմ փուղին…):

Բայց դուս էկան շարլատան,
Իմ տունն արին վիրան,
Շայի-բիստիս մսխեցին,
Ջան ու ջիգարս կերան

Գ

Էդ ուսում ասած բանը՝
Դրուստ անիծք է, դիախ,
Ով վուրթուն ուսում կուտա
Նա տուտուց է ու սարսաղ:

Ձիր տղերքը թող սովրին
Վրացեվար գրիլ, կարթալ,
Էլ չէ նրանց հարկավոր
Ուրիշ բանով ուսում տալ:

Աղջկերանցը խո պետքը չէ՜,
Վուր էստունք էլ սովըրին,
Ու սիրեկնին գիր գրին,
Ջըհել տղերք հուրս անին:

Ձիր քուլփաթի հիտ խոսիք
Ամեն վուխտ վրացեվար,
Հայուց լիզուն պետքը չէ՜
Անճոռնի է ու խավար:

Թե հայեվար դուք խոսիք,
Ան սովրեցընիք ձիր տղերքին,
Աստված վկա, էն կինքում
Էլ չի պրծնի ձիր հոքին:

Ձիզ կըպրի կարասումը
Կերե վառած թեժ կըրակ,
Չուն ձիր վուրթիքը կուլին
Կռո ու զոկ, շանճըրագ:

Следующая страница