Րաֆֆի՝   Բանաստեղծություններ և պոեմներ, թարգմանություններ

Հա, տեսնում եմ՝ կարճլիկ շլինք,
Նա հաստ է որպես գերան,
Նորա վերա կա մեծ գլուխ,
Ուռած թշեր, լայն բերան:

Եվ երեսի խորշոմներից
Պըսպղում են նեղ ծակեր,
Դոքա անշուշտ պետք է լինեն
Կարճատես նորա աչքեր:

Հնդկահավի գլխի նման
Դեմքի գույնն է լրջացած,
Իսկ արծըվի յուր մեծ քիթը
Կեռ կտուցով կընայի ցած:

Ժպիտ և կյանք դեմքի վերա
Միշտ չեն եղել... չըկային...
Իսկ վայրենի բացատրությունքն
Չունեն ոչինչ մարդկային:

Բայց ինչո՞ւ է նորա փորը
Այնքան լայնացել սաստիկ,
Կարծես է նա փուքսով փըչած
Մի ահագին գոմշի տիկ:

Մի՜ զարմացիր, ազնիվ եղբայր,
Ի՛նչ բան չարեց նախանձը,
Երբեմն վատնեց, երբեմն դիզեց
Աշխարհի կայքն ու գանձը:

Երբեմն արնով նա ողողեց
Պատերազմի դաշտերը,
Երբեմն սիրով, խաղաղության
Ցանեց անուշ վարդերը:

Իսկ նախանձը նորա փորի
Չուներ չար ինչ նպատակ,
Ընդհակառակն, նա բարի էր,
Իրավացի և շիտակ:

Երբ նա տեսավ շիրախանումը
Թիֆլիսու մեծ ըռումբին,
Հարյուրներով յուր մեջ կառներ
Կախեթու գինու թունգին,

Շարժվեցավ յուր ցանկությունն,
(Այդ ձգտումն էր բնական(
Մի՞թե տանել փորն չէր կարող
Այնքան գինի պատվական:

Այնուհետև այդ բարեբախտ
Գոմշի տիկն ահագին
Լիակատար տաներ պաշտոն
Հայ Բաքոսի հեղուկին:

Բայց ինչո՞ւ է գիրցած այնքան,
Հաստացրել է յուր անձը,
Չիցե խոզի՞ օրինակը
Շարժեց նորա նախանձը:

Այդ չէ պատճառ նորա այդքան
Գիրանալուն, իմ բարեկամ,
Այստեղ արդեն մի գաղտնիք կա,
Ունի խորհուրդ բնական. —

Գիտե՞ս ինչն է մեռցնում մարդի
Մարմինն, ոսկրն ու հոգին,
Չէ՞ արդյոք նա մեր սրտամաշ
Ցավն ու վիշտը դառնագին:

Բայց մեր պարոն քաղաքացին
Զերձ է կյանքի վշտերին,
Կարծես մեռած անզգա սիրտ
Ժառանգեց նա յուր տերեն:

Որտեղ պետք էր լինել խոնարհ,
Նա թեքվում է, սողում է,
Եվ գետնաքարշ որդնի նման
Ցեխի միջով լողում է:

Յուր ցածության և կեղտերի
Ծանրությունը չէ զգում,
Ազնվության, ազատ կյանքի
Բաղձանք չունի յուր հոգում:

Որտեղ պետք էր լինել հպարտ,
Բռնակալ է և գազան,
Մանավանդ, երբ տկար լիներ
Անգթության առարկան:

Անմեղ զոհի լացն ու սուգը,
Նորա հառաչանք տրտում
Մեռած խղճին, խավար հոգուն,
Սառած սրտին՝ չեն ազդում:

Նա գիտության և արհեստի
Թշնամի է դժնդակ,
Զի ուսման լույսը մերկացուց
Նորա պատկերն այլանդակ:

Բայց յուր քեֆին և յուր փորին
Նա երբեք չէ խնայում
Նորա աչքն այլոց վերա
Միայն կույր է միշտ նայում:

Ապա ի՞նչը նրան կըմաշե,
Որ չըգիրնա խոզի նման,
Երբ նորա սիրտ, հոգին և միտք`
Է սառն, մթին գերեզման:

Երբ մարդկային ո՜չ մի զգացմունք
Չըկա բնավ յուր միջին,
Ազգ, հայրենիք, սեր և նախանձ՝
Նորա աչքումը՝ զրո չնչին:

Դե՜, հաստացի՜ր, քաղաքացի՜,
Թող քո կաշին լայնանա,
Մարմնիդ միջումն անպետք մթերք
Օր ըստ օրե ավելնա:

Քո հաստ լեշը, դարտակ գլուխդ
Թեև ազգիդ պետք չեղան,
Գոնյա՜, ճըճիքը գերեզմանումդ
Կունենան միշտ ճոխ սեղան:

ԽՐԱՏ

Մեռանո՛ւմ եմ ես, սիրելի որդյակ,
Ա՛խ, շատ օրերի եմ արդեն հիվանդ,
Եվ քեզ, աչքի լույս, իմ վերջին կտակ`
Հայրական խրատը թողնում եմ ավանդ:

Թե կամենում ես լինել բախտավոր,
Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,
Եվ այս րոպեից եղի՜ր ուխտավոր,
Կատարել իմ խրատ յուր ժամանակին:

Ուղիղ, անմոլոր քո հայրենական՝
Ընտրե քեզ համար՝ կյանքի ճանապար,
Չըլինես հպարտ, երբեք, սիրական,
Ծըռե՛ գլուխդ, եղի՜ր միշտ խոնար:

Հեռո՜ւ պահիր քեզ աղքատ մարդերից,
Քսվի՜ր բոլորտիքը դու միշտ հարստին,
Եվ միշտ խնայե քո բարեկամներից
Դու մեկ սև փողիդ իզուր կորստին:

Խելացի մեղվեն ա՜ռ դու օրինակ,
Դիմել դեպ ծաղկունք և կազմել խորիսխ,
Այդ մեղրն է արծաթ, լսիր, իմ որդյակ,
Մարդկային կյանքի հաստատուն խարիսխ:

Թե որ շահերիդ կըբերե օգուտ,
Ներելի է միշտ ասել թեթև սուտ,
Կեղծել փոքր ինչ, մրոտել պատիվ,
Դոցանով երբեք չես վնասի հոգուդ:

Թե լինես ներքո դու ծառայության,
Խոնարհի՜ր սրտով քո մեծավորին,
(Բայց զանց մի՜ արա յուղալի ընծան...
Մի խնայե եղբոր, քո մերձավորին: )

Թե որ դու լինես մի օր սովդաքար,
Թո՜ղ կարճ լինի քո արշին և կանգուն,
Թո՜ղ թեթև լինի քո կշիռքի քար,
Թո՜ղ փոքր լինի սոմարիդ մեծություն:

Իսկ երբ պարապվիլ պետք էր կապալով,
Օրինակ, զորքի տալ գինի, արաղ,
Երբեմն լավ է խառնելը ջրով
Ի՛նչ կըհասկանա սալդաթը սարսաղ:

Թե վնասվեցար դու առևտրում,
Էլ մի՜ վճարե քո պարտատերին,
(Այդպիսի դեպքում չեն մեղադրում...(
Պահի՜ր ունեցածդ ապրուստ սև օրին:

Ուսման, կրթության, այդպիսի դարտակ
Բաներին չըտաս քո սիրտը, որդյակ,
Հեռու պահի՜ր քեզ ազգասերներից,
Չըբացես նոցա առջև քո քսակ:

Հարուստ աղջկա հետ դու կապե պսակ,
Փույթ չէ թե լինե տգեղ կամ ախտավոր,
Կըլեցնի ոսկով քո դարտակ քսակ,
Կըլինես երջանիկ, գոհ և բախտավոր:

Դու կատարե այդ խրատները անգին,
Դոցանով շատերն երջանիկ եղան.
Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,
Կունենաս առատ, լի հացով սեղան:

ԴԱՅԱԿ

Մեր մեջ, հայրենի ծածկի տակ,
Դեռ չէ ընկել և ոչ մի
Մարդկային թարմ կյանքի՝
Պտղաբեր սերմը հստակ:
ՆԵԿՐԱՍՈՎ

Ժամն էր կեսօրվա: Շնչավորքն արդեն
Կըհանգստանային արևի տոթեն:
Խրճիթի դռանը ճապուկ ուռենին
Թել-թել ոստերով սփռում էր հովանին:

Այնտեղ նստած էր պառավ դայակը,
Եվ օրորում էր քնած զավակը,
Մերթ հորանջելով և մերթ նիրհելով
Եղանակում էր երգը՝ երգելով. —

Քնի՜, քնի՜, սիրուն թռչնակ,
Քնի՜ անուշ դու քնով,
Օրորոցդ հանդարտ կըշարժեմ
Ես մայրական ջերմ սիրով:

Քնի՜, քնի՜ անմեղ հրեշտակ,
Քնի՜ անուշ դու քնով,
Քեզ օ՛ր կասեմ, քաղցրի՛կ о՛ ր... օ՛ր
Քեզ օ՛ր կերգեմ մեղմ ձայնով:

Աչքդ փակի՜, իմ աղավնյակ,
Այդ աչերդ վառվռուն,
Հանգիստ քունը վերադ կըփռե
Յուր թևիկները նախշուն:

Աչքդ փակի՜, իմ սիրական,
Քնի՜, որ շուտ մեծանաս,
Քո վատաբախտ ծնողաց համար
Խելոք տղա դու դառնաս:

Երբ մեծացար, իմ նազելի,
Մանուկ եղար դու քնքուշ,
Տերտերի մոտ կուղարկենք քեզ,
Սերտել տաղեր, երգ անուշ:

Քեզ կըսորվեցնե տեր հայրիկը՝
Սաղմոս, Ժամագիրք, Նարեկ,
Փառաբանել աստծո անուն,
Ամբողջ գիշեր ու ցերեկ:

Երբ որ ծաղկեն սև մորուքով
Այդ լուսափայլ քո թշեր,
Անապատը կուղարկենք քեզ,
Ճգնիլ անդ օր ու գիշեր:

Քնի՜, քնի՜, սիրուն որդյակ,
Քո մոր սրտին մխիթար,
Քնի՜ և շուտ մեծացի՜ր դու,
Ինձ քո ձեռքով հողը տար:

Այդ հրեշտակի սուրբ լեզվովդ
Աղոթք կարդա ինձ վերա,
Տերը շուտով կըլսե քեզ
Իմ մեղքերու ճարն արա՜

Երբ որ դու մտնելու լինես
Կյանքի մեջ աշխարհային,
Պատվե՜ ծերի դու ալիքը
Լսե՜ նորա խրատին:

Պահպանի՜ր դու մեր պապերի
Օրենքն ու ավանդություն,
Գլուխդ ծըռե քեզնից մեծին,
Չունենաս հպարտություն:

Դոցանով դու կըվայելես
Օրեր հանգիստ և պայծառ,
Քնի՜, քնի՜, սիրուն թռչնակ,
Քո մոր սրտին մխիթար:

Եվ դայակը օրորելով
Քաղցրիկ երգը երգում էր,
Փոքրիկ տղան աչերը փակած
Անուշ քնով նիրհում էր:

Նոցա մոտեն դանդաղ քայլով
Անցավ հոգնած ուղևոր,
Երիտասարդ էր հասակով,
Դեմքն՝ ազնիվ, փառավոր:

Բայց պառավի երգի ձայնը
Նորա սիրտը գրավեց,
Նա ուռենու շուքի տակին
Հովանելու ըշտապեց:

Թո՜ղ ինձ, դայակ, ես օրորեմ,
Դու հոգնել ես, դու քնի՜:
Բայց դու տըղին նանիկ ասա՜,
Որ քնիցը չըզարթնի:

Նանիկ կասեմ, դու հանգիստ կա՜ց,
Բայց ոչ քո երգի նման:
Պառավը նիրհեց: Ուղևորը
Սկսեց օրորել տղան:

Մի՜ հետևիր դու փտած, հնացած՝
Հիմար պապերիդ ծուռ օրինակին,
Մի՜ հարմարիր քո մանուկ ուժերը,
Դու եռանդամոլ նոցա ճաշակին:

Զի նոցա անշարժ մտքի ծնունդը
Խավար կյանքի է արտադրություն,
Ծաղկի՜ր նոր կյանքով, նոր հոգով, սրտով,
Տո՜ւր նորանց նոր ձև և նոր զորություն:

Մի՜ խեղդիր քո մեջ ձգտողությունքը
Մարդկային ազատ հառաջադիմության,
Տո՜ւր նորանց աճել, ազատ զարգանալ,
Պահանջմունքի հետ ազատ բնության:

Առանց երկյուղի, համարձակ, վստահ,
Սովորե իրական կյանքի պետքերին,
Գիտություն, արհեստ կոչվում են նոքա,
Մի՜ զոհիր նորանց տխմար կրքերին:

Եվ հերոսական դառն ատելությամբ
Նախապաշարմանց դու փշրե՜ շղթան,
Հեռո՜ւ վաղեմի սուտ ցնորքներեն,
Պաշտպան կանգնի՜ր միշտ ճշմարտության:

Կըլինես, այո՜, մի նոր երևույթ
Քո անբախտացած, խեղճ հայրենիքին,
Կըտաս մի նոր զարկ, զա՜րկ դեպի հառաչ,
Թույլանշարժական նորա կյանքին:

Եվ այն ժամանակ... — Ուղևորն յուր
Չավարտեց խոսքը: Հանկարծ երեխան
Ծըվաց ճչալով, զարթեցավ քնեն:
Դայակը կրկին օրորեց նորան,
Կրկին հին երգը սկսավ երգել,
Եվ յուր գոգի մեջ փայփայել, գրկել:

ՊԱՆԴՈՐԱՅԻ ՏՈՒՓԸ

Գայթակղոսի աստիճան
Ստանում է նենգ Հասուն,
Չարանախանձ դևերի
Խառնվում է նա դասուն:

Երբ Հռովմեն դեպ Պոլիս
Կամեր հորդել ճանապարհ,
Կրկին անգամ նա գնաց
Պագնել պապի գարշապար:

Անսխալական հովիվը
Տվեց նրան փոքրիկ տուփ,
Նա դրոշմված էր կնիքով,
Ուներ վերան ամուր խուփ:

Ա՜ռ այս տուփը, — նա ասաց, —
Դա կըլինի քեզ պիտանի,
Դորանով դու կորսաս
Որդիքը Հայաստանի:

Տա՜ր քեզի հետ այդ տուփը
Այդպես կնքված, այդպես փակ,
Դորա մեջն է ամփոփված
Մեր նպատակը, մեր փափագ:

Կախարդական այդ տուփը,
Ունի յուր մեջ մեծ խորհուրդ,
Կը հիմարացնե հայոց
Թեթևամիտ ժողովուրդ:

Ուր որ բացես դու դորան,
Կըցնորվհն հայոց որդիք,
Նոքա կըմոռնան յուրյանց
Ազգ և կրոն, հայրենիք:

Նոքա կըմոռնան յուրյանց
Բնական լեզուն մայրենի,
Եվ ազգային ողջ ծեսեր,
Ավանգդությունք հայրենի:

Եվ լատինական ոգվով
Կսկսեն խոսել և դատել,
Լատինական ծեսերով՝
Մեր աստվածները պաշտել:

Լատին կըլինեն ազգությամբ
Հայերն այնուհետև,
Մեր կրոնը կըպնդվի
Նոցա մեջ երկարատև:

Ուրախուրախ ընդունեց
Պապից տուփը նենգ Հասուն,
Դիմեց դեպի Բյուզանդիոն
Նեռի որդին մոլասուն:

Ազգավաճառ այդ Վասակ
Բացեց այնտեղ տուփը գոց,
Սորա մեջեն դուրս վազեց
Վառուն կրակ, ծուխ և բոց:

Եղբայրն եղբորից բաժանվեց,
Հայրն ուրացավ յուր որդին,
Կինը թողեց ամուսին,
Տիրեց ախտը ժանդախտին:

Հայկա հարազատ որդիք
Սկսան միմյանց ատել,
Խմել միմյանց արյունը,
Եվ միմյանց միսն ուտել:

Վատիկանի գագաթեն`
Պապը խիստ ուրախ սրտով
Այդ արյունոտ հանդեսին
Աչք էր ածում անվրդով:

ՎԱՍԱԿ

Միհրներսեհը... խոստացավ նորան տալ ավելի մեծ իշխանություն. քան ինչքան ուներ ինքը...: Նա ասում էր` իբր թե Վասակը կարող է հասնել մինչև թագավորական աստիճանի, եթե մի հնար գտնի հայոց ուխտի միաբանությունը քանդելու և թագավորի հրամանը նրանց կատարել տալու:
ԵՂԻՇԵ

Ասաց պարսիկն՝ ահա՜ քեզ, Վասակ,
Ստացի՜ր մեզնից լի ոսկով քսակ,
Եթե ուրանաս քո ազգությունը,
Կստանաս այլև՝ փառք, պատիվ, պսակ:

Վասակը նորան տվեց պատասխան՝
Հոժար եմ կամքիդ, վեհափառ իշխան,
Ես ուրանում եմ իմ ազգությունը,
Այդ մեծ շնորհաց թո՜ղ լինի փոխան:

Ասաց պարսիկն՝ արի դու, պարոն,
Քո հայրենական ուրացիր կրոն,
Այլև աշխատիր, քո համազգիքը
Մեր օրենքների կատարեն պաշտոն:

Այո՜, կաշխատեմ, իմ տեր, անդադար
Եվ այդ հրամանն ածել ի կատար,
Թե ձեր վեհությունն ինձ Հայաստանի
Թագն ու գահը փոխարեն կըտար:

Կստանաս բոլորը, վկա է երկինք,
Միայն աշխատիր, որ քո ազգայինք
Մեր լեզվով խոսեն, մեր գրով գրեն,
Թողնեն հայրավանդ դպրություն, օրենք:

Այդ ինձ կատարել է խիստ դյուրին,
Թեև չափազանց գործ է դժվարին,
Բայց ես կըջնջեմ, միամիտ կացեք,
Ողջ սրբությունքը համառ հայերին:

Մենք ճանաչել ենք քեզ այր գործունյա,
Մեր նպատակին մտերիմ պաշտոնյա,
Եվ քո փառք, պատիվ՝ կավելանան կրկին,
Վերջին իմ հրաման կատարե, գոնյա՜:

Ցանիր ազգիդ մեջ խռովության սերմեր,
Բաժաբաժանությունք՝ ընդ ամեն կողմեր,
Մատնի՜ր դու մեզ քո երկիրը հայրենի,
Տարածիր այնտեղ իշխանությունը մեր:

Եվ այդ հրամանին հաճեցավ Վասակ,
Առեց նա յուր վարձ՝ լի ոսկով քսակ,
Վազեց դիվաբար դեպ սուրբ Հայաստան`
Յուր հետ մոգերի ամբողջ հրոսակ:

Հեռ, խռովություն սերմեց ընդհանուր,
Ձգեց բաժանմունք, հարուց հուր և սուր,
Եվ եդեմատիպ՝ խաղաղ Հայաստան
Ավերեց, շինեց անապատ տխուր

ՍԵՐ

Փափկիկ կուսին շիկահեր
Գունատվեցան վարդ թշեր,
Նա հալվո՛ւմ էր, մաշվո՛ւմ էր,
Նա քուն չուներ ողջ գիշեր:

Նորա դեմքը չէր ժպտում,
Նա տխուր էր և տրտում,
Կարծես սիրո բոցերը
Բորբոքվում էին սրտում:

Դադարեցավ այն անուշ
Երգի ձայնը միշտ քնքուշ,
Խաղն ու պարը թվում էր
Նորա աչքին ծակող փուշ:

Մի օր խիստ վաղ-առավոտ
Մական եկավ նորա մոտ,
Ընկերուհու տեսությանը
Նա շատ օրով էր կարոտ:

Զարհուրելով այն աղջիկ
Տեսավ ընկերը գեղեցիկ,
Բայց թառամած և տխուր
Էր նոքա դեմք քնքշիկ:

Ինչո՞ւ այդպես, էլ ի՞նչ կա,
Մաշվում ես դու, Անիչկա,
Ինչո՞ւ այդպես դու լուռ ես,
Քո երեսին գույն չըկա:

Ասա՜, ի՞նչ է քո դարդը,
Չըլի՞ սիրո կախարդը՝
Տվեց քեզի հոտ քաշել
Ձեռքի դյութական վարդը...

Ասա՜, ասա՜, սիրական,
Ինչ է սրտիդ առարկան, —
Կարեկցաբար հարց արեց
Նորանից սիրուն Մական:

Քաղցր ժպտելով Անիչկա՝
(Այնպես քաղցր էլ ի՞նչ կա...)
Ասաց յուր ընկերուհուն՝
Սիրահարված եմ, Մակա...

Ուրախացավ օրիորդ,
Երբ գաղտնիքին եղավ հաղորդ,
Եվ գրկելով նրան կոչեց՝
Սիրահարված ես, ղո՞րդ:

Ուղիղ է, քո արևը...
Ասա՜, խնդրեմ, ո՞ւմ վերա,
Ասա՜, քո հոգուն մատաղ,
Ասա՜, ասա՜, ո՞վ է նա:

Չէ՞ կարելի, Մակա ջան,
Բացվիլ մինչ այդ աստիճան,
Ես ինքս էլ չըգիտեմ
Սիրույս սկիզբն ու վախճան...

Չըկարացավ խեղճ Մական
Համբերությունը սանձել,
Սկսեց նոր հարցերով
Ընկերուհուն թախանձել.

Դու բա՜ց արա, իմ ջանիկ,
Փակած սրտիդ խոր կնիք.
Ինչո՞ւ ես քեզ համարձակ
Ասում եմ միշտ գաղտնիք:

Ինչպե՞ս ասեմ, Մակա ջան,
Նա չէ սիրուն սիրեկան.
Կըծիծաղես ինձ վերա:
Պատասխանեց Անիչկան:

Մի՜ ամաչի, պարզն ասա՜,
Թե սիրել եմ մի փեսա.
Մի՞թե փեսա ընտրելը
Աղջկա համա միշտ պա՞ս ш:

Անիչկան եղավ խոստովան,
Մի ծերուկի էր հավան,
Նա հարուստ էր, չին ուներ,
Ուներ գյուղեր և ավան:

Թուլացավ ծիծաղելուց
Երբ նա լսեց այդ զրույց,
Երգիծական խոսքերով
Մական նորան դարձրուց`

Լա՛վ է, լա՛վ է, Անիչկա,
Թո՜ղ լույս լինի քո աչքը,
Ես նախանձվում եմ բախտիդ,
Դու սիրել ես... հնար չըկա...

Իսկ Անիչկան սառնությամբ,
Այդ սուր կատակի փոխան,
Յուր անկեղծ ընկերուհուն`
Այդպես տվեց պատասխան`

Մինը սիրում է մանիշակ,
Մյուսը՝ վարդը անուշակ,
Բայց ես փուշն եմ սիրում,
Այդպես է իմ կոշտ ճաշակ...

Բայց Մական, ընդունելով
Ավելի ծանր կերպարան,
Ցավակցական խոսքերով
Խրատում էր նա նորան.

Այդ ցնորք է խեղճ աղջիկ,
Կը փոշմանես, իմ ջանիկ,
Դու այն փտած ծերուկով
Չես լինի գոհ, երջանիկ:

Այդ ի՞նչ խելք է, ի՞նչ ճաշակ,
Մեռելի հետ ի՞նչ ախորժակ
Կապել կյանքդ դեռահաս,
Քամել դարդի դառը բաժակ:

Այդ պսակ չէ, այդ բա՜նտ է,
Չէ՞ որ նա միշտ հիվանդ է,
Էսօր, էգուց՝ ո՞վ գիտե,
Նա յուր հոգին կավանդե:

Բերնումը չունի ատամ,
Լուծված են՝ ձեռք, ողջ անդամ...
Թե որ նա շուտ կըմեռնի,
Բոլորն աստծուն փառք կըտան:

Ի՞նչ է քեզի հրապուրում,
Զոհվելուդ ես համբերում,
Չէ՞ այն հրեշ կմախքեն
Մահվան հոտ է միշտ բուրում:

Ափսոս չէ՞ սիրուն մեխակ
Փնջել փուշի հետը խակ,
Ընտրե քեզ ջահիլ տղա,
Դու վարդ լինես, նա՝ սոխակ:

Ուշադրությամբ լսում էր
Այդ խոսքերն Անիչկան,
Նա ժպտելով ընկերին
Ասաց՝ Մակա, սիրական:

Ճշմարիտ է քո խրատ,
Այո՜ քուրիկ հարազատ,
Լավ է սիրել ջեհիլին,
Վարել կյանք՝ թարմ, ազատ:

Բայց ես ունեմ նպատակ...
(Խոր գաղտնիք կա նորա տակ),
Գիտեմ, խիստ դժվար բան է
Կյանքի հետ խաղալ կատակ:

Պսակվում եմ ես նորա
Միայն փողերու վերա,
Գիտեմսիրել չեմ կարող
Այլանդակված այն ծերը:

Շա՜տ եմ սիրում ես, Մակա,
Նորա ոսկու քսակը,
Այն ինձ համար բաց կանե
Ամուսնական պսակը...

Շա՜տ եմ սիրում, Մակա ջան,
Նորա օրդեն, աստիճան,
Իշխանուհի կոչվելուն`
Զո՛հ լինելն է միշտ արժան:

Նորա փողով, իմ քույրիկ,
Կըլինեմ գո՜հ, երջանիկ,
Մի՜ նախատիր ինձ, Մակա,
Արժե՛ սիրել այդ ծերիկ...

Արժե՛ լինել սիրահար,
Կրել թավիշ և գոհար,
Եվ ձեռքումը միշտ բռնել
Ճոխ, թանկագին հովահար:

Այդ խորհրդից, Մակա ջան,
Ես չեմ լինի փոշիման,
Ցանկալի է բազմաթիվ
Աղախնի տալ հրաման:

Ունենալ՝ տան կարգուսարք,
Սիրուն ծառայք, շքեղ կառք,
Եվ շռայլաբար վայելել՝
Քաղցրիկ կյանք և ճոխ փառք...

Դիմել կրուժոկ, թատրոն,
Ուրախությանց կենտրոն,
Ամեն կողմից քեզ նայեն
Սիրուն տղերք և պարոն...

Լինել թագուհի Թիֆլիսին,
Դիմել մոդնի մագազին,
Ամեն օր մի նոր շիկ տալ
Նոր մոդայով Փարիզին...

Դե՜, ինձ ասա՜, ի՞նչն է վատ,
Բալ-մասկարադ, տանցովատ,
Ով որ դոքա չէ՜ սիրում
Վայրենի է, անհավատ:

Նորա խոսքը կտրելով
Մական ասաց` — Անիչկա,
Աշխարհումս առանց փող
Իրավ, վայելչություն չըկա:

Բայց քեզ պետք է ամուսին,
Լա՜վ մտածիր այդ մասին,
Ջեհիլ, առողջ մի տղա,
Սեր վայելեք միասին...

Պատասխանեց Անիչկան՝
Ազնիվ քույր իմ սիրական,
Միթե դու չե՞ս իմանում
Գաղտնիքն աղջկան

Միթե դու չե՞ս իմանում
Աշխարհի չարն ու բարին,
Միթե դու չե՞ս ճաշակել
Պտուղն արգելված ծառին...

Ես կունենամ, իմ հրեշտակ,
Իմ ժառանգն և զավակ,
Որպես անբախտ մի խեղճ մայր,
Չեմ մնա ազգիս նշավակ:

Եվ իմ այրը ծերուկ
Կառնե որդիս յուր գրկուկ,
Եվ ալիքին ճնշելով,
Կասե՝ «Սիրելիդ իմ ձագուկ...

Կըգա մի օր բարի հյուր՝
Մահ...: Կըպահանջե ավանդ յուր,
Եվ իմ այրիկն անգուման
Շնորհ կըտանե խոր գերեզման:

Անթվելի հարստություն,
Կահ-կարասիք և մեծ տուն,
Ինձ և իմ զավակներին՝
Կը մնան ժառանգություն:

Հասկացա՞ր դու, իմ հրեշտակ,
Սրտիս խորին նպատակ.
Քանի՛ մեծ արտոնություն
Տալիս է ինձ այդ պսակ...

Հասկացա... — ասաց Մական,
Հիմար սիրույդ առարկան,
Որին, անխիղճ, զոհում ես
Մի այդպիսի զոհ պատվական

ՆՎԵՐ

Ձե՜զ, հայոց օրիորդնե՜ր,
Նվիրեմ այս փոքրիկ փունջ,
Թեև չէ նա հոտավետ,
Բայց մի՜ արեք դուք տրտունջ:

Մեր աշխարհի թառամած,
Գունատ, ցամաք վարդերեն
Ես հյուսեցի իմ փունջը,
Զուրկ թարմ ծաղկանց զարդերեն:

Քանի անգութ վիճակը
Ավերեց մեր բուրաստան,
Էլ հոտավետ, գույնզգույն
Ծաղկունք չունի Հայաստան...

ՄՈԳՊԵՏ

Սև մոգպետին դիմեցի
Հետս առա ես իմ «Փունջ»,
Եղանակը շատ վատ էր,
Հով էր փչում դառնաշունչ:

Ես ունեի նպատակ...
Ուղիղն ասած, խիստ սխալ,
Սատանայից ի՞նչ բարիք
Կարելի է մեզ հուսալ:

Պատահում է, երբեմն
Մարդ այնպես է մեղանչում,
Խոստովանվելն անգամ
Կարմրում է, ամաչում:

Ի՞նչ օգուտ... Ո՞վ յուր կյանքում
Չէ գործել հիմարություն,
Մոլորությանց ենթակա
Է տկար մեր բնություն:

Ըշտապ-ըշտապ վազելով՝
Հասա նորա կացարան,
Սաստիկ ցրտից սառչելով`
Էլ չէր բացվում իմ բերան:

Ես քաշեցի զանգակը,
Հայտնվեցավ մի ծառա,
Իմ սխալման առաջին
Արդեն լազաթն առա

Կերբերոսից ավելի
Դժնետեսիլ այդ հիմար`
Ինձ ստիպեց քառորդ ժամ
Դրսում սպասել չարաչար:

Պարո՜ն, — ասացի նորան,
Դուք հայտնեցեք իմ մասին,
Թե ներկայանալ կամիմ
Ես մոգպետի սպասին:

Որպե՞ս է ձեր ազգ, անուն, —
Հարցուց ինձանից ծառան,
Պաշտոնական յուր ոճով.
Ես հայտնեցի շուտ նորան:

Նա չքացավ: Ես երկար,
Երկար սպասում էի դրսում,
Անիծելով իմ խելքը,
Զի շատ սաստիկ էի մրսում:

Վերջապես հրավիրեցին
Ինձ մոգպետի կացարան:
Շուտ «անուն հոր» ասեցի,
Տեսնելով նորա կերպարան:

Բավականին զարդարուն
Էր դահլիճն այն շքեղ,
Նորա կահն ու կարասին
Էր թանկագին բարեգեղ:

Բազկաթոռի մի վերա
Նստած էր քուրմն այն սուրբ,
Մետաքսեղեն հագուստը
Էր փառավոր և շատ նուրբ:

Աստղի նման փայլում էր
Ալմաստի մեծ մատանին,
Ականակուռ մանյակը
Լույս էր բաշխում խավարին:

Երբ որ տեսա ես նորան
Վերարկուն լայնաքղանց,
Կարմիր մախմուռ հողաթափ,
Քնքշությունքը չափազանց`

Կարծում էի, թե արդեն
Դա չէ՜ սևլիկ մի մոգպետ,
Այլ ես շնորհ ունեի
Մի պճնասեր կնոջ հետ:

Ինձ այդ իսկ սխալմունքեն
Ազատեց նորա մորուք,
Մտածելով, թե այդ ազգ
Զարդարվում է որպես կուռք:

Հակամայից ստիպված,
Ես մերձեցա դեպ հառաջ,
(Էլ ի՜նչ մ մեղքը գաղեմ(
Համբուրեցի նորա աջ

Խոսակցությունը սկզբից
Էր տաղտկալի, կցկտուր,
Զի անհամ, անգույն խոսքերին՝
Միշտ անհամն է տրիտուր:

Գանգատվում էր մոգպետը
Մերթ հիմար ժողովրդից,
Թե նոքա չըգիտեն հարգել
Փառքն ու պատիվն անմահ դից:

Մերթ գանգատվում էր տարվա
Անպիտան եղանակեն,
Զի բանտարկյալի նման
Դուրս չէր գալիս սենյակեն:

Մերթ անիծեր խոհարար,
Ճաշը վատ էր պատրաստում,
Մինչ զզվանոք ամեն օր
Նա խմում էր և ուտում:

Նկատեցի, վերջ չունեն
Այդ գանգատները տրտում,
Զի բացատրում է լեզուն
Ինչ որ ամբարված է սրտում:

Հակամայից ես նորա
Ընդհատեցի այդ տրտունջ,
«Ահա՜, հայրիկ, ասացի,
Ձեզ բերել եմ ես իմ «Փունջ»:

Իսկ մոգպետն էլ չեղավ
Իմ ասածին ուշադիր,
Խիստ ծանր հորանջելով՝
Ծուռը մեկնեց իմ խնդիր՝

Է՜հ, այդ անիծված փունջն
Ինձ խիստ շա՜տ է վնասում,
Ես նորանից մի օգուտ
Ինձ բնավ չեմ սպասում:

Լավ է ըմպել կոնյակ,
Ռոմ, խերես և շամպան,
Դոքա փոքր ի շատե
Օրինավոր են մի սան:

Ա՜խ, ես ձեզ սխալեցրիմ,
Ասացի, — հայր պատվական,
«Փունջ» և պունշ են դոքա
Որոշ բառեր զանազան:

«Փունջ» ասածս նվաստիս
Է հորինած երգարան:
Այս ասելով՝ ես գիրքը
Տվեցի ձեռքը նորան:

Առեց, թերթեց նա գիրքը,
Նայեց թվին և ամսին,
Որպես թուրքը զզվանքով
Նայում է խոզի մսին:

Նա ետ տվեց ինձ գիրքը, —
«Կարդացեք, ասաց, մի բան
(Երբ որ արջն է քո տեսուչ,
Վա՜յ քո հալին, պարտիզպան…(

Մինչ մոգպետը քնքշաբար
Հարդարում էր յուր մորուք,
Սկսեցի ես կարդալ
«Դժոխքի կապալառուք»:

Ուշադրությամբ հայրիկը
Լսում էր իմ ընթերցում,
Որ բորբոքեց նորա մեջ
Սրտի սաստիկ զայրացում:

Գրգռվեցան, վառվեցան
Նորա ողջ չար կրքերը,
Քանզի տեսավ այն ճիվաղ
Հայելումն յուր պատկերը:

Նա ընդհատեց ընթերցում,
Գոռաց ամպի որոտով,
Ես կատաղի նրա դեմքը
Զննում էի անվրդով:

Այդ ինչե՞ր ես դու գրել,
Լի՜րբ, անամոթ, անիծված,
Ես քեզի ըմպել կըտամ
Այդ թունավոր հորինված:

Հեռո՜ւ, հեռո՜ւ, դուրս կորի՜,
Էլ չըտեսնեմ քո երես,
Դու կստանաս քո վարձը,
Դու իմ ուժը լսե՞լ ես...

Ես քեզ այնտեղ կորցնեմ,
Լույս չըտեսնես էլ բնավ,
Ուր չէ ծաղկում նշենին,
Բույն չէ դրել ագռավ...

Այո՜, գիտեմ այդ բոլոր,
Ասացի ես սառնաբար,
Միայն եկա ես քեզ մոտ,
Լավ զննել քո տիպար:

Զի լրացնե պոետը
Քո կյանքի նկարագիր,
Նորան փույթ չէ լինելը
Օտար աշխարհ տարեգիր...

ԽՐԱՏ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ

Քո ազատախոս տաղերն անաչառ
Կըզրկեն հացից քե՜զ, խե՜ղճ բանաստեղծ,
Կըլինես աղքատ, կըմնաս թշվառ,
Քանի քո քնար հնչում է անկեղծ:

Կեղծավորաբար դու երգե գովեստ՝
Թե կամիս դու հաց` անգութ հարստին,
Շողոքորթոլթյան լա՜վ ուսիր արհեստ,
Եվ մի՜ ափսոսիր պատվիդ կորստին:

Կղերի առջևը դու խնկե կնդրուկ,
Ապրուստ շահելու թե ունես փափագ,
Որպես գետնաքարշ գերի, կամ ստրուկ,
Կուռքին մամոնի եղի՜ր երկրպագ:

Հայնժամ կըգտնես դու քեզ մեկենաս,
Որ աշխատությանցդ կըհարգե տաղանդ,
Մինչև գերեզման դու խեղճ կըմնաս,
Թե ճշմարտություն երգես ջերմեռանդ:

ՊՈԵՏ

Թո՜ղ կույր ամբոխը ծաղրե քեզ, պոետ,
Թե երազամոլ քո հոգվո ցնորք`
Դարուս իրական պահանջմանցը հետ`
Էլ չէ համաձայն, զո՛ւր է քո շնորք:

Եվ խաժամուժի պետք չէ քեզ գովեստ,
Թո՜ղ ասեն՝ մարդու կյանքը գործնական
Պահանջում է հաց, ապրուստ և արհեստ,
Եվ ոչ սնոտիք բանաստեղծական:

Դու, մուզաների որդի սիրելի,
Անվեհեր սրտով հնչեցո՜ւր քնար,
Երգ քո ոգելից, վերին ազդմամբ լի
Մինչև հավիտյան կըսիրե աշխար:

Թո՜ղ արհեստասեր չոր փիլիսոփան
Քարոզե կյանքի մարմնավոր հոդված,
Բայց դու, հոգեկան խորհրդոց թարգման,
Քո սուրբ շրթունքով խոսում է աստված:

Երգե՜ դու պոետ, երգե՜ երգ անուշ,
Հնչեցուր քնարիդ լարերն ուժգին,
Եվ ոգևորված քո տաղեր քնքուշ
Գուցե զարթեցնեն հայի քնած հոգին

ՎԵՐՋԻՆ ԵՐԳ

Զո՜ւր թղթեր մի՜ մրոտե,
Հայոց անբախտ հեղինակ,
Թե չըկամիս քաղցած մեռնել,
Կյանք վարե այլ եղանակ:

Զո՛ւր ես մաշում աչքիդ լույս,
Զո՛ւր է, դու ինձ հավատա՜,
Այդ սրբազան քո ճգանց
Ո՞վ մի սև փող գին կըտա:

Թո՜ղ տուր, եղբայր, քեզ ի՞նչ փույթ,
Հոգսը հոգալ ողջ ազգին,
Նորա օգտին զոհ բերել
Կյանքիդ րոպեքն անգին:

Թող նա գնա՜ յուր ճամփով,
Էլ ի՞նչ պետք է քո խրատ,
Թե այդ ուղին տանում է
Դեպի կորստյան խորխորատ:

Թո՜ղ կղերի փառասեր,
Արծաթամոլ, սև խուժան`
Ազգի ծուծը ծըծելով՝
Կյանք վայելեն անարժան:

Թո՜ղ տուր մարդիք անպիտան,
Անգործ, տգետ, անվաստակ՝
Հանգիստ ապրուստ որսալու՝
Պատսպարվին փիլոնի տակ:

Թո՜ղ սրբապիղծ յուր ձեռքով
Ոսկերիչ իսրայելացին
Մեր վանքերի անոթները
Թո՜ղ զոհե յուր հալոցին:

Թո՜ղ տուր պրոտ, կաթոլիկ
Մեր մեջ հերձված սերմ-անեն,
Ազգի կապերը խզելով,
Եղբայր եղբորից բաժանեն:

Եվ մեր անհոգ հովիվներ՝
Գայլի գառը գողնալուն
Միշտ սառնասիրտ մտիկ տան:

Թո՜ղ ամբոխը կուրորեն
Խավարի մեջ խարխափե,
Մոլորցնողի կեղծ լույսը
Նորան շլացնե ու խաբե:

Թո՜ղ թավալվի ցեխի մեջ
Նա մինչև վերջն յուր վըզին,
Այդ միայն է ցանկալի
Աղտեղասեր, գարշ խոզին:

Թո՜ղ ազգը միջին դարու
Մահահրավեր քնի մեջ.
Յուր հին երազն երազե,
Դեռ քրքրե կրոնքի վեճ:

Թո՜ղ նա քնեն չըզարթնի,
Մի՜ վրդովիր դու նորան,
Թեև այդ քունը տանում է
Դեպի անշարժ գերեզման:

Թո՜ղ մեր կանայք, օրիորդք,
Սրտով զոհվին մոդային,
Զուրկ ճիշտ կրթությունից
Կյանք վարեն օդային:

Եվ ամուսնին պարտքի մեջ
Թաղեն մինչ վերջ բողազին,
Նորա ձեռքի վաստակը
Թափեն մոդնի մագազին:

Թո՜ղ տուր մեր նոր սերունդը,
Թողյալ մայրենի ստինք,
Օտար կաթնով սնանին,
Ազգը համարեն նախատինք:

Օտար հոգվով կրթվին
Եվ սիրեն օտարուհիք,
Օտար ազգերի համար
Բազմացնեն շատ որդիք:

Թո՜ղ տուր խղճուկ գյուղացին՝
Այդ ստրուկը, այղ գերին,
Կարոտ օրական հացին՝
Մշակե հողն յուր աղային:

Նորա որդիքը կիսամերկ,
Բախտախնդիր, սովատանջ,
Պանդուխտ աշխարհ հածելով,
Թող կրեն չարիք աննահանջ:

Թո՜ղ հարուստները մամոնի
Կուռքի ոտքերը լիզեն,
Ազգը թողնեն անխնամ,
Ոսկու ամբարներ դիզեն:

Թո՜ղ դավաճան վասակներ
Վայելեն ճոխ ապրուստ,
Պատվի և փառքի համար
Ազգը մատնեն ի կորուստ:

Թո՜ղ հոգևոր հայրիկը
Եվ ագահ հոգաբարձուն`
Յուրյանց շահերին մատնեն
Մեր դպրոցներ, վարժատուն:

Թո՜ղ Այսմավուրք և Ճաշոց
Տըպե մամուլն մեր հիմար,
Ոչ արհեստի գրքերը
Բազմացնե ազգի համար:

Ո՜չ օրագիրք, լրագիրք
Նորա աչքը բաց անեն,
Եվ գիտության սերմերը
Նորա սրտումը ցանեն:

Թո՜ղ տուր, եղբայր, քո խրատ,
Հայը կամակոր, համառ է,
Քո գրվածքներն ու քարող
Անապատի բարբառ է:

Հայը սիրում է գովեստ
Փաղաքշական, կեղծավոր,
Մոլությունքը մերկացնողին
Է թշնամի վտանգավոր:

Ճշմարտությունն` որպես լույս՜
Հիվանդոտ աչքը կըծակե,
Ճշմարտություն քարոզողի
Վարձը՝ փշյա պսակ է...

ՍԿԶԲՈՒՆՔ ԿՐԹՈՒԹՅԱՆ

Արմենուհի, ազնիվ տիկին,
Քեզ մատա՛ղ լինի իմ հոգին,
Երբ ստինքեն քո մայրական
Կըծորես կաթն քո մանկեկին՝
Դու ներշնչե՜ նորա սրտում
Սեր հայրենյաց, սերն յուր ազգին:

Երբ օրորոց քո մանկեկին
Կըօրորես, ազնիվ տիկին,
Երբ աչերուն նորա պարզ-ջինջ`
Կըհրավիրես քաղցրիկ նինջ՝
Դու անուշիկ՝ այդ երգ քնքշիկ՝
Երգե՜ նորան՝ ուշիկ-ուշիկ. —

Նանի՜կ, նանի՜կ, իմ աչաց լույս,
Խեղճ հայրենյաց դու միակ հույս,
Նանի՜կ և շուտ մեծացի՜ր դու,
Ընկած ազգիդ եղի՜ր ձեռնտու:
Սիրե՜ Հայաստան, սիրե՜ հայ ազգը,
Սիրե՜ դու նորա ժպիտն, արտասուքը:

Արմենուհի՜, ազնիվ տիկին,
Երբ նստած մոտ տաք օջախին,
Ընտանեկան քո շրջանում
Հեքիաթ կասես քո երեխին,
Առասպելներ պառավախոս
Մի՜ սերմանիր նորա գլխին:

Դու պատմի՜ր, տիկին, վեպը հայ ազգին,
Նորա քաջերի արությունք նախկին,
Նորա վատերի գործն ամոթալի,
Բյուր չարիքներով և արյունով լի:

ԳԵՐԵԶՄԱՆՔ

Անապատ դաշտում, խուլ, լայնատարած,
Սփռված են անթիվ հիշատակարանք,
Այստեղ մարդերի, հինավուրց մեռած,
Պահվում են խնամքով մարմնի փշրանք:

Ահա՜ նոր աշխարհ, ուր որ տիրում է
Աստուծո հանգիստ միաբանություն,
Այստեղ ճշտորեն հանդիսանում է`
Սեր, եղբայրություն, հավասարություն:

Արքա և կայսր, — երկրի տիրապետ,
Բավականացած քանի գազ հողով,
Յուրյանց ստրուկ հպատակաց հետ
Են պառկած միասին՝ հաշտությամբ, սիրով:

Եվ բռնակալն, — արյան ծարավին,
Թափելով սրտեն թույն և չար նախանձ,
Վրեժխնդիր սիրտն էլ չէ բնավին
Խորհում յուր զոհերն առնել գիշախանձ:

Եվ հարստականն, — արծաթո մոլին,
(Փողից կշտացած է սիրտն անհագ)
Էլ չէ աշխատում խաբել ընկերին,
Որսալ նորանից շահավետ վաստակ:

Եվ ավազակը՝ թողելով կողոպուտ,
Նա էլ աչք չունի հարստի կամքին,
Չէ հափշտակում նա այլոց օգուտ,
Կարծես, զղջացել է նորա հոգին:

Եվ մուրացկանը, — օտարի կարոտ,
Ձեռքը չէ ձգում խնդրելու դրամ,
Անգութ ագահի դեմքը կնճռոտ
Չէ՜ զարհուրեցնում խղճին անխնամ:

Եվ ախտաբորբոք, մոլի տարփածուն,
Հուպ գեղագանգուր, մատղահաս կուսին,
Նորա սիրտն որսալ էլ չէ մտածում,
Հանգած է սերը նոցա երկուսին:

Ահա՜ մարգարեի5 գուշակած աշխարհ,
Ուր բնակվում են գայլն ու գառնուկ,
Ուր են հավասար, միմյանց եղբայր՝
Իշխան, թագավոր, գերի և ստրուկ...

ԱՆՑԱԳԻՐ

Ոգիներու աշխարհը
Շնորհ տարավ մի պարոն,
Ստիքսեն անցնելու համար
Դիմեց դեպի Աքերոն,

Ցո՜ւյց տուր, տեսնեմ անցագիրդ,
Ասաց նավապետ աստված.
Պարոնը տվեց մի լայն թերթ
Պապի կնքովը դրոշմված:

Ձգելով թերթի վերա
Յուր աչերը բոցավառ,
Սարսափելի Աքերոնն
Այդպես արձակեց բարբառ`

Նորոգությունից հետո
Աստվածային Լուտերի՝
Մենք էլ չենք հավատում
Այդպիսի կեղծ թղթերի:

ԿՈՒՅՐ ՀՈՎԻՎՆԵՐ
(Եսայի մարգարեություններից)

Ուտելու եկե՜ք, դաշտի գազաններ,
Գիշատե՜ք հոտը, անտառի գայլեր,
Զի հովիվները հիմար են և կույր,
Նոցա շները համըր են և լուռ:

Նոքա թմրության քնովն են քնած,
Անհոգ շներուն հոտերը հանձնած,
Ա՛խ, կույր հովիվներ, տխմար հովիվներ,
Անիրավ վարձուց՝ մոլի ծառաներ:
Նոքա երգում են
Այդ միակ երգը`

Եկե՜ք, բերենք մենք գինի
Եվ ցքիով արբենանք,
Վաղն էլ այդպես կըլինի,
Ամենն առատ կունենանք:

ՀՈՎՎԻ ԵՐԳԸ

Ես Արարատ սուրբ սարի վերա
Արածեցնում եմ, տեր, իմ հոտերը,
Գիշեր ու ցերեկ քո տեսույն կարոտ
Քեզ սպասում են իմ ոչխար, իմ հոտ:

Արդյոք կըլինի՞, որ քեզի մի օր
Տեսնեմ ու սիրեմ, որպես գթոտ հոր,
Արդյոք դու մի օր կըլինի՞ որ գաս,
Իմ վրանումը բարի հյուր դառնաս:

Երբ, տեր, դու մի օր ինձ մոտ հյուր կըգաս,
Եվ բարի ողջույն սիրով ինձ կտաս,
Ոտքերդ կըլվանամ ջրով պաղ, հստակ,
Քեզ հանգիստ կըտամ իմ վրանիս տակ:

Որպես Աբրահամ ծերունի հայրիկ,
Կըհյուրասիրեմ քեզ, տեր իմ քաղցրիկ,
Քեզ համար կըզոհեմ գառն անարատ,
Կըխնկեմ բուրումն ամբողջ Արարատ:

Следующая страница