Րաֆֆի՝   Բանաստեղծություններ և պոեմներ, թարգմանություններ

Կար մի ժամանակ հզոր Բագրատունիք
Ունեին այստեղ շըքեղ արքունիք,
Ուր Աշոտ, Սմբատ, արքայն Շահնշահ
Տարածում էին միշտ սարսափ և ահ:

Եվ յուր կենսատու ստինքեն Ախուրյան
Ոռոգում էր դաշտեր անհուն, անսահման,
Գո՜հ էր մշակն աստծո բարիքներով,
Առատ ու լի էր նորա ճոխ սեղան:

Զվարճանում էր Անին, որպես թագուհի,
Յուր հարյուրավոր հարուստ գյուղերով,
Որպես լուսինը՝ զարդն աշխարհի,
Վառվում է, պատած փայլուն աստղերով:

Երբ Բագրատունյան վեհ թագի լույսը
Սակավ առ սակավ մարեց, նսեմացավ,
Հայնժամ և Անին՝ ողջախոհ կույսը՝
Բյուր գազանների նախատինք դարձավ

Երկպառակությունքը՝ մի կողմից ներքին,
Բարբարոսությունքը՝ թշնամյաց արտաքին,
Թունդ, մրրկածուփ փոթորկի նըման`
Ցրվեցին շենքը սիրուն քաղաքին:

Էլ չըկար Վահրամ՝ քաջ Պահլավունին,
Որ պաշտպաներ յուր սիրելի Անին.
Եվ հզոր Առյուծը՝ մեջ Հունաց վանդակին
Մռնչում էր, լսելով վտանգ հայրենիքին8:

Եվ ամեն կողմից անգութ թշնամիք՝
Թուրք, պարսիկ, թաթար և արաբացիք,
Մինը մյուսի հետքից, միշտ հաջորդաբար
Հարձակվում էին նոքա անդադար:

Եվ հազարավոր նորահաս տղամարդ,
Առույգ պատանի, քաջ երիտասարդ,
Անմեղ-մատղերամ խումբը կույսերին`
Զոհ եղան նոցա անողորմ սըրին:

Նոքա չըխնայեցին ծերի ալիքին,
Ոչ որդեկորույս մորը լալիքին,
Մորթեցին տղան դայակի գրկում,
Չը խղճացին նորա դառն արտասուքին:

Դեռ չէր կշտացել այն անգութ գազան,
Նա շինել տվեց մի մեծ ավազան,
Հայ մանուկների լեցրուց արյունով,
Մտավ նորա մեջ, լեղցավ նորանով...9:

Ա՛խ, քանի՜ անգամ անողորմ ձեռքը
Արնով ողողեց անդ անբախտ քաղաքը,
Նորա հարստությունք եղան կողոպուտ,
Թալանեց բոլորը թշնամին անգութ,

Նորա բնակիչքն եղան ցիրուցան,
Կորան ազգովին և ոչնչացան,
Ոմանք գերի գնացին դեպի Խուժաստան,
Ոմանք գաղթեցին դեպի Լեհաստան:

Նորա ժողովուրդն, արտորայք և գյուղ,
Անգթության զոհ եղան, փըչացան,
Եվ ճարտարության, արհեստի պտուղ՝
Տաճարք՝ արքունիք՝ ողջ մոխիր դարձան:

Ի՞նչ էր պատճառը: — Թող պատմաբանը՝
Կրոնքի մոլեռանդ և կույր պաշտպանը,
Թո՜ղ կարծի բնակչաց մեղքի պատճառավ
Բարկացավ աստված, վրեժխնդիր եղավ:

Եվ թո ՜ղ ռամիկն ասե տակավին՝
Թե մենք ատեցինք սուրբերն ազգովին,
Չըհարգեցինք մեր մայր եկեղեցին,
Մեզի անիծեց սուրբ Երզնկացին10:

Ցնո ՛րք են դոքա, Հայր բարեպաշտ
Միշտ եղել է և է` երկնքի հետ հաշտ:
Նա պատվել է յուր տերտեր, տիրացուն,
Հավատարիմ էր յուր եկեղեցուն:

Անին հազար ու մեկ ուներ ժամատուն,
Եթե ունենար՝ քանի մի վարժատուն,
Նա չէր կործանվի, նորա հին փառքը
Գուցե կը մնար մինչ այժմ հաստատուն:

Պակաս էր նորան՝ ուսում, գիտություն,
Տուր ժողովուրդը չուներ ազատություն,
Ճնշում էր նորանց արքայի շղթան,
Չըկար իրավունք, օրենք, արդարություն:

Զո՛ւր ես լաց լինում, վերջացուց Ոգին,
Դու այդ հողաբլուր և տխուր ավերակը,
Գնա՜, լաց եղի ՜ր, ավերակն ազգին,
Եվ նորոգեցե ՜ք նորա վիճակը:

Մարդկային ազատ գարգացման վերա
Հաստատուն հիմքը դրեցե՜ք նորա,
Տվեք նոր կյանք նորա գոյության,
Թոթափեք խեղդող փոշին հնության»:

Լուսինը մտավ թուխ ամպերի տակ,
Խավարը պատեց երկինքը հստակ.
Եվ Ոգին դարձյալ ուշիկ քայլերով
Գնաց, հեռացավ, արտսուքը ծածկելով...

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐՈՒ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՏԻԿԻՆՆԵՐԸ
ԵՎ ԵՂԻՇԵ ԱՎԱՐԱՅՐԻ ԴԱՇՏՈՒՄԸ

Տիկնայք փափկասունք հայոց աշխարհին, որք գրգեալք և գզուեալք էին յիւրաքանչիւր բաստեոունս և ի գահաւորակս, ճանապազ բոկ և հետի երթային ի տուն աղօթից անձանձրոյթ խնդրել ուխտիք, զի համբերել կարասցեն մեծի նեղութեանն:
ԵՂԻՇԵ

Ա

Տիկնայք հայոց փափկասուն,
Մատաղ լինեմ ձեր հոգուն,
Ինչո՞ւ ձեր սև աչերեն
Դառն արտասուք եք հոսում:

Ա՛խ, մի՜ լացեք, նազելիք,
Մի՜ այրեք ձեր վարդ թշեր,
Զի ձեր աչեր չեն սորված
Թափել աղի կաթիլներ:

Բայց ինձ ասեք, թե ո ՞ւր են
Ձեր փառք, զարդը նախկին,
Ինչո՞ւ այդպես տխուր եք,
Որպես սգվոր այրի կին:

Տիկնայք հայոց փափկասուն,
Ձեր ձեռքը, դեմքը սիրուն`
Այլևս անուշահոտ
Օճառը չէ մաքրում:

Ո՜չ ձեր գանգուր խոպոպիք
Օծանվում են տոն օրին,
Յուրյանց ախորժ բուրմունքով
Ոգի շնորհեն հանդիսին:

Եվ վարդապսակ ձեր գլուխ,
Կուրք, պարանոց, բազուկներ,
Զարդարում չեն մարգարտով՝
Հյուսված ոսկի գոհարներ:

Եվ հագուստով խշխշուն,
Ուշիկաքայլ նազելով,
Չեք հրապուրում աչերը
Սիրելյաց ձեր կարոտով:

Իսկ հայ տիկնայք խմբովին`
Եղիշեի հարցերին
Այդպես տվին պատասխան
Եվ ճիչ բարձին լալագին:

Բ

Ծերունի դու մեր հայրիկ,
Դժվար է մեզ տալ համար,
Թե քանի՛ վիշտ և չարիք՝
Կրեցինք ազգի համար,

Երբ յուր կրոնք մոգական՝
Անհաշտ պարսիկըՍասան՝
Կամենում էր ներս բերել
Մեր հայրենիք սրբազան:

Երբ մեր արի ամուսինք,
Սուրբ հավատքի պաշտպան,
Հաճեցան սուրբ արյունով՝
Մարել Զենտի ատրուշան:

Նոքա Պարսից աշխարհի
Տանջվում են բանտումը,
Եվ կամ անկան քաջի պես
Ավարայրի դաշտումը:

Ուր քաղցր է մեր աչերուն
Ցողել կաթիլք մարգարտին,
Զի սիրելյաց մեր արյուն
Ծծեց անգութ այդ գետին:

Կար ժամանակ, որ մենք էլ
Այդ դաշտումը երգելով11,
Ծաղիկներ ենք հավաքել
Սիրելյաց ձոն փնջելով:

Այժմ այստեղ ցիրուցան
Նոցա ոսկերք սրբազան
Հավաքում ենք սափորում
Պաշտել նորանց հավիտյան:

Կար ժամանակ, որ մենք էլ
Շքեղաշուք, պճնազարդ,
Սիրելյաց հետ անարգել՝
Վայելեինք կյանք զվարթ:

Բայց մենք մեր աչքով տեսանք,
Երբ ավազակ թշնամին
Մեր գանձերը, զարդարանք,
Տարավ Պարսից արքունին:

Մենք մեր ականջով լսանք
Ճիչ սիրելյաց չարաչար,
Երբ շղթայած դեպ աքսոր
Տանեին Պարսից աշխարհ:

Իսկ մենք գերի, անտերունչ`
Մնացինք արտսուք հոսելով,
Բռնակալի ահ դառնաշունչ
Մեր կյանքը մաշելով:

Որո՞ համար զարդարվինք,
Որո՞ սիրտը ուրախացնենք,
Մի՞թե մեր գերիչների
Շնական աչեր հրապուրենք...

Մեր ամոթխած երեսեն
Երբեք չէր անկել շղարշ,
Եվ գլխի քող ծալեծալ
Գետնից գնում էր միշտ քարշ:

Արևի ոսկի շողքը
Կարոտ էր մեր երեսին,
Գուցե մի տաք համբույր տար
Ծածկված, համեստ թշերին:

Այժմ այնպես անխնա
Նորա շրթունք բոցավառ
Այրեցին թարմ վարդերը,
Մեր այտերի ալ, պայծառ:

Մեր առագաստ, սրսկապան՝
Մնացին անտեր և վերան
Փոշին դրեց յուր պատան,
Սարդը հինեց յուր ոստայն:

Մեր ապարանք կորուսին
Կահ-կարասիք փառավոր,
Մեր տաճարքը զրկվեցան
Յուրյանց զարդեն բյուրավոր:

Մեր շադրվան փողփողուն
Չէ ցայտում ցողը մարգարտին.
Ուսկից ջուրը հովասուն
Հովիկ շնչեր մեր սրտին:

Ծերունի հայր սրբազան,
Ո՞ւր բուրաստանք մեր սիրուն,
Ուր վարդ, նարգիզ և շուշան
Մեր գլուխն էր զարդարում:

Ո՞ւր պարտեզք մեր հովասուն
Ստվերախիտ որթերով,
Որոց ախորժ հովանին
Տալիս էր մեզ հանգիստ զով:

Ուր սիրելյաց մեր համբույր
Ծաղիկները բարեբույր
Նախանձվելով դիտեին
Եվ փառք տային աստծուն բյուր:

Ուր թփերի ոստերեն,
Գիշերային խոր պահուն,
Մեր երգերին դանշակից
Սիրուն սոխակն էր լինում:

Կորան ամենը չարաչար...
Ղադարեցան մեր երգ, պար,
Մեր բամբիռը չէ հնչում,
Լռե՛ց անուշ մեր քնար...

Այժմ լաց, սուգ, հառաչանք
Միշտ ախուվախ դառնաշունչ՝
Եվ սաղմոսի մեղեդիք՝
Են հոգևոր մեր մրմունջ:

Ի՞նչը մնաց մեր փառքից,
Ինչո՞վ այժմ պարծենանք,
Ո՞վ մեր վշտին կարեկից,
Ո՞ւմ ապավեն ունենանք...

Ո՞ւր մեր նաժիշտք ձեռնասուն,
Ո՞ւր մեր ծառայք, աղախին,
Մեր զավակունք սիրասուն
Զուրկ գգվանաց դաեկին:

Ո՞ւր մանուկ մանկլավիկներ,
Ո՞ւր մեր վարպետ խոհարար,
Անուշահամ խորտիկներ,
Որ պատրաստեր մեզ համար:

Ո՞ւր մեր հացթուխ տիրական,
Խմորեղենք համեմած
Մեր սեղանի ճոխության
Պատրաստում էր մաքուր հաց:

Ո՞ւր մեր դռան նվիրակ,
Ո՞ւր գինեբաշխ մատռվակ,
Որ փրփրուն և անուշ
Մատուցաներ մեզ բաժակ:

Կորան ամենը անդարձ
Թողին տխո՜ւր հիշատակ,
Եղանք գերի, ստրուկ
Մենք օտարի լծի տակ:

Եվ աստուծո ողջ գիշեր
Քնից զուրկ են մեր աչեր,
Որպես սգվոր այրի կին
Մութ է մեզ լույս ցերեկին:

Մենք մոռացանք մեր նախկին
Քնքուշ կենաց ճոխություն,
Սովորեցանք վշտերի
Տանել դառն ծանրություն:

Հայրենյաց փառքի հույսը
Է մեր միակ մխիթար,
Մենք ատում ենք աշխարհի
Թույլ հեշտությունքը վատթար:

Մենք զոհեցինք մեր անձը
Սուրբ կրոնքի փրկության,
Եվ շահեցինք մեծ գանձը
Երկնքի արքայության:

Մենք մերկացանք մեր նախկին
Դիպակ, կերպաս և սամույր,
Եվ զգեցանք մեր հաքին
Մազե քուրձը սևաթույր:

Մենք թողեցինք մեր մանյակ.
Մարգրիտ, գոհար և ոսկի,
Եվ կրեցինք մեր վզին
Խաչն անմահ զինվորի:

Մենք թողեցինք մեր փափուկ,
Ճոխ և հանգիստ քնարան,
Ուր հրեշտակ սփռում էր
Անուշ քունը մեր վերան:

Եվ ըրնտրեցինք մահճակալ
Այն կոշտ և սառը գետին,
Ուր խոտեղեն փսիաթը
Է զինվորի անկողին:

Մենք տիկնայք ազատազգի,
Քնքուշ կյանքին սորված,
Մենք առանց պատգարակի
Չէինք գնում տնից բաց:

Այժմ բոբիկ, մեր ոտքով՝
Գնում ենք աղոթքի տուն,
Մեր հայրենյաց փրկության
Խնդրել տերից օգնություն:

Մի Ժամանակ մեր մեջքը
Սեղմեր փառավոր գոտին,
Այժմ կաշյա քամարից
Սուրը հասնում է գետին:

Մեր գլուխն էլ չունի
Յուր պսակը ծաղկազարդ,
Այժմ ամուր երկաթի
Ծածկե նորան սաղավարտ:

Եվ մեր կուրծքը մշտապահ՝
Մի սրբազան գեղեցիկ՝
Պատում է թանձր զրահ
Ոչ նուրբ շապիկ թափանցիկ:

Այլևս մեր դայիրան
Չէ պտտվում մեր ձեռքում,
Այժմ ծանր, լայն վահան
Մեր անձն է պաշտպանում:

Այլևս մեր մատները
Չեն կրում թանկ մատանի,
Ոչ ապարջան զարդարե
Մեր բազուկը հոլանի:

Նոցա տեղակ մեր ձեռքում
Սուր և նիզակ են շողում,
Գուցե մի օր պարսկին
Տանք մեր վրեժ դառնագին:

Գուցե մի օր ազատենք
Կրոն, լեզու, ազգություն
Ջրադաշտի կրակեն,
Եվ մեր շքեղ հաղթություն:

Սիրելյաց հետ միասին,
Այո՜, մի օր երկնքում,
Մեր քաջ Վարդանի հետը՝
Տոնենք մեր Հայկ հոր գրկում:

Այնժամ ծերուկ Եղիշեն,
Նոցա վշտին մխիթար,
Այդ խոսքերով տիկնայքը
Քաջալերեց մեղմաբար.

Տիկնայք հայոց փափկասուն,
Գողտրիկ ոգիք իմ սիրուն,
Այո՜, ձեզնից քերովբեք
Ստացան անմահություն:

Դո՜ւք, զինվորյալ սրբուհիք,
Ահա՜, անթառամ պսակ՝
Բերում է ձեզ երկնքից՝
Հայոց պահապան հրեշտակ:

Դուք կանգնեցիք մի արձան
Անմահության աստըծուն,
Որ դարերի մինչ վախճան
Պետք է պաշտե Հայաստուն:

Վկայուհիք դուք հայոց,
Միշտ օրհնյալ է ձեր անուն,
Քանի կապրե հայ ազգը,
Եվ քանի կա Հայաստուն:

ՀԱՎԵԼՎԱԾ
ՆԻՆՈ

Դուք տվեք մեզ լավ մայրեր,
Մենք կտանք ձեզ լավ որդիք,
Օտարացած կնկանից
Կըծնվին օտար մանկտիք:

Ա

Տիկնայք այժմյան փափկասուն,
Այդպես էին ձեր մայրեր,
Եվ նոցա անմահ անուն
Ապրում է այդքան դարեր:

Մի՞թե նոցա օրինակ
Չէ գրավում ձեր հոգիք,
Դուք էլ նույնպես սիրեիք,
Կրոն, լեզու, հայրենիք:

Դուք էլ նույնպես զոհեիք
Մեր աշխարհին, մեր ազգին
Ձեր կյանքի ճոխությունք,
Ձեր զարդերը թանկագին:

Զի ձեր ապագա սերունդ
Մի օր ասեր քաջաբար.
«Մենք մայրերի ենք ծնունդ,
Որք սիրեցին հայ-աշխարհ»:

Զո՛ւր է քո խրատ, խե՛ղճ պոետ
Մեր հարգի արմենուհին
Չէ՜ համաձայն քեզի հետ,
Զուր քրքրես վեպեր հին:

Ի՞նչ քարոզես. — լեզո՞ւ, կրո ն
Լուռ կա՜ց, քամի ես փչում,
Դոցանից սիրուն Նինոն
Վաղօրոք էր միշտ փախչում:

Նш ո՜չ միայն յուր զարդեր
Զոհ չէ բերում հայ ազգին,
Որ չունե նորա աչքում
Մի գրոշի արժեք, գին:

Այլ օտարի է նա զոհ,
Նվիրված անձամբ բնավ.
Եվ աստըծուց է դժգոհ,
Ինչո՞ւ ինքը հայ ծնավ...

Զի հայ անունը նորան
Միշտ նախատինք է բերում,
Եվ այդ ստոր ծագումին
Նա դժվար է համբերում:

Բ

Բախտավոր է մեր Նինոն
Ջեհիլ, շնորհքով ու սիրուն,
Որքան ուզես չափ չունի
Թիվն ամուսնի փողերուն:

Տունը` կատարյալ ապարանք,
Գեղեցիկ, երեք հարկով,
Նորա շքեղ զարդարանք՝
Հրա՛շք է՝ յուր սարք ու կարգով:

Ծառաներն՝ իմերել,
Սիրուն, արծաթ քամարով.
Տիկինն ինքն էր զարդարել
Մեկին ոսկի շղթայով:

Աղախիններ՝ օսեթին,
Ճոխ, փառավոր են հագնված,
Բջերի հետ քըչփըչում
Դռան հետքումը թաքնված:

Նա զբոսանք է գնում
Միշտ սեփական յուր կառքով,
Թռչում են սեգ նժույգներ,
Հիացած է յուր փառքով:

Նստած է հաստ կառավար
Յուր մորուքով փառավոր,
Նորա կողքին՝ մի սիրուն
Իմերել սպասավոր:

Ալ մահուդից է կարած
Չերքեզկան նորա հագին,
Եզերքն են զարդարած
Կլապտոնով թանկագին:

Շողշողում է լուսի դեմ
Արծաթապատ խենջարը,
Նազուկ մեջքը սեղմել է
Ոսկեջրած քամարը:

Հովի հետը խաղում են
Գանգուրներր փափախին,
Նորան տեսնող աղջկերանը
Սրտիկները կըբաբախին...

Գ

Իսկ ամուսին ամբողջ օր
Քարշ է գալիս բազարում,
Շահիբիստի որսալեն
Նա երբեք չէ՜ բեզարում:

Ծանոթ և թե անծանոթ,
Ամենի մոտ թեքվում է,
Բոլորին գլուխ է տալիս,
Քաղցր լեզվով խոսում է:

Քարոզում է ճշմարտություն,
Անկեղծություն է խրատում,
Խաբելն և կողոպտել
Նա ատում է և ատում:

Բարպաշտ է պարոնը,
Վախում է նա սրբերից
Եվ առանց խաչ հանելու
Չէ՜ անցնում ժամի դռնից:

Երբ նորա սուր մանգաղին
Հաջող հունձք էր պատահած,
Մոռանում է սուրբերը,
Ճշմարտություն և աստված:

Նա քերթում է յուր զոհը,
Թեև աղքատ, աննշան,
Իսկ ամբոխը պատվում է
Նորա զույգ շքանշան:

Եվ այդպիսով հաստացավ
Նորա փորը, քսակը,
Քառասուն տարումը ստացավ
Նինոյի թարմ պսակը:

Իսկ Նինոն նորա համար
Էր մի փայլուն կարասի,
Որ լոկ պարծանքի համար
Մարդ յուր տնում կըդարսի:

Նա անձնական յուր սերը
Այլ զվարճության էր տված.
(Այդ գաղտնիք է, թո՜ղ մնա,
Որ գիտե միայն աստված):

Բայց կատարյալ մի Սոդոմ
Էր նորա ողջ մաղազան,
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Երեկոյան խանութից
Ուղղակի տուն չէր գալիս,
Նա գնում էր կլուբում
Հոգսերը թափ էր տալիս:

Իմանում էր նորանոր
Նա համբավներ զանազան, —
Ո՞ւմ ծախվում էր աճրթով
Էժան գնով մաղազան:

Ի՞նչ են տալիս կապալով,
Եվ կամ ո՞վ է մուշտարին,
Ո՞վ աշխատեց, ո՞վ վատնեց
Փոդրաթի մեջ այն տարին:

Եվ մի կապեկով հերթը,
Մինչ կես-գիշեր այնտեղում,
Հոգսը ցրվելու համար
Թուղթ կամ նարդի էր խաղում:

Դ

Յուր տանումը նույն գիշեր
Նինոն տալիս էր վեչեր,
Պառավք խաղում են լոտո,
Պար են գալիս ջեհիլներ:

Հագած թավիշ և բեհեզ,
Եվ ժապավեն գույնզգույն,
Որպես նախշուն թիթեռնիկ,
Թռվռում է մեր Նինոն:

Քաղցրիկ-մաղցրիկ խոսում է,
Նա ժպտում է, ծիծաղում,
Մանկահասակ հյուրերից
Սիրո վարդեր է քաղում...

Մերթ դաշնամուրի վերա
Նորա մատներ վազում են,
Ծափահարների գովասանքն
Անուշ ձայնին սազում են:

Մերթ վալսի խռովության մեջ
Պարում է որպես մրրիկ,
Աննման է հասակը,
Շարժվածքը՝ խիստ գեղեցիկ:

Երբ նստել է նա հոգնած,
Որպես մի կուռք կամ արձան,
Երկրպագու տղերքից
Բոլորած է յուր շրջան:

Ծառաները ձեռքներին
Արծաթի մատուցարան,
Ներս են բերում, դուրս տանում
Քաղցրավենիք զանազան:

Դահլիճի մեջ տիրում է
Անուշ զրույց, կորուխում,
Եռ են գալիս կրքերը,
Սեր և հրճվանք է բխում:

Հյուրերի մեջ կար մինն,
Որ բոլորից առավել
Մեր Նինոյի խելքն ու միտք,
Նորա սիրտն էր գրավել:

Դա էր վայելչահասակ
Մի նորահարս չինովնիկ,
Շարժվածքով համարձակ,
Լեզուն` քաղցր, գեղեցիկ:

Ե

Վաղ-առավոտ ամուսինն
Զարթնում է ուղիղ յոթին,
Թե է խմում կծովի,
Գնում դեպգործը խանութին:

Բայց Նինոն յուր սենյակում
Քաղցր քնով է պառկած,
Որովհետև գիշերը
Չափից դուրս էր նա հոգնած:

Նա զարթնում է միշտ տասին
(Տիկինը ճիշտ էր այդ մասին)
Աղախին և ծառաներ
Պատրաստ են յուր սպասին:

Յուր երեխոց կրթությամբ
Դա դարձյալ հոգս է տանում,
Եվ ճիշտ մանկավարժության (??)
Մեթոդին է հետևում:

Երբեք չըխոսել հայերեն
Պատվիրեց Կարպուշկային,
(Նա արգելած է որդուն
Կարապետ անուն տային):

Հորը կոչել՝ պապաշա,
Մորը կոչել՝ մամաշա,
Իսկ փոքրիկ աղջկան՝
Ո՜չ Մարիամ, այլ Մաշա:

Առավոտյան «Հայր մեր»
Միշտ օտար լեզվով կարդալ,
Տոն օրերին մորը հետ
Հայ եկեղեցին չե՜րթալ:

Եվ դետսկի սադումը
Փայտե ձիով արշավել,
Օտարուհի մադամեն
Տուդի-սուդի սովորել;

Տնտեսական գործերին
Նա դարձյալ հոգս է տանում,
Նորմոդնի տարազների
Ժուռնալներ է ստանում:

Ֆրանսուհի դերձակը
Խիստ շուտ-շուտ է հայտնվում,
Տիկնոջ կրթված ճաշակը
Նա գովում է և հարգում:

Թեև նա յուր կյանքում
Խոհանոց ոտք չէ կոխում,
Բայց ուտելյաց տեսակը
Բազմացնում է և փոխում:

Նա ապրում է խիստ շքով
Եվ շատ գոհ է յուր բախտից,
Մի ցավ նորան տանջում է,
Ցավն ամուսնի դարդերից...

«Այն բազարի կատվին»
Խրված, կորած փողոցում,
Որո ամբողջ մարմնից
Միթկալի հոտ էր փչում:

Ուղիղն ասած, մեծ ցավ է
Պանսիոնումը ուսյալ,
Նովոմոդնի բարիշնին
Կուպեց մի մարդ ունենալ...

Զ

Ժամը զարկեց տասնևմեկ.
Մեր տիկինը քնքշիկ,
Խմեց թեյը պատվական,
Վայելեց նախաճաշիկ:

Այնուհետև քանի ժամ,
Սիրուն Նինոն պճնասեր,
Հայելուց չէ հեռանում,
Սանրում է յուր մազեր:

Օծանվում է յուղերով,
Քսքսվում է դեղերով,
Զարդարում է յուր անձը
Արվեստական դեղերով:

Դեմքը կոկած շպարով,
Ձգած նրբիկ երեսկալ,
Սկսում է բուլվարով,
Նազ նազելով թրև գալ:

Փքված դմակը ցից արած,
Ետքից քարշ տալով քղանց,
Ավելում է սալատակ,
Փոշին թա՛նձր է չափազանց:

Ագահ աչքով անդադար
Խիստ նայում է աջ ու ձախ,
Գուցե նորան ռաստ գար
Եվ թևքիցը ընկներ կախ:

Նա գտավ յուր իդեալ
Մի նորահաս պատանի,
(Մարդկայնությունը թողյալ)
Ամեն գործում պիտանի...

Բայց ո՞վ ունի իրավունք
Ճաշակը բռնաբարել,
Սիրահարված մի գլխին
Զուր խրատներ համբարել:

Նորա հետ քանի պտույտ
Շուռ է տալիս բուլվարով:
Անցավ կեսօր: Բայց ի՜նչ փույթ,
Նա զբաղված է յուր ընկերով:

Սիրուն, քաղցրիկ խոսքերով
Տաքացած է մեր տիկին,
Ուխտ ուխտեցին երկուքով,
Երդմամբ կրկին և կրկին:

Գաղտնի դաշինքը կռեցին:
Գո՜հ և ուրախ է Նինոն:
«Ֆայտո ՜ն, սյուդա, ֆայտո ՜ն»,
Նոքա հանկարծ գոռացին:

Կառք է նստում փառավոր
Մեր տիկինն ուխտավոր,
Նորա հերոսն յուր կողքին
Տեղ է բռնել բախտավոր:

Հեռու, դեպի Մուշտայիդ
Չափեն երկար ճանապարհ,
Բայց ինչո՞ւ իջան կառքից,
Այդ սատանան է խաբար:

Է

Տուն է դառնում նա հոգնած,
ճաշից անց է երեք ժամ.
Վաղուց անուշ համեմած
Սպասում է ճոխ սեղան:

Ախորժակը խիստ գուլ է
Մեր տիկնոջը քնքշիկ,
Ու մարմինը խիստ թուլ է,
Չէ վայելում յուր ճաշիկ:

Նորա սիրտն ու ախորժակ
Յուր իդեալն է տարել,
Զուր բարկանում պովարին
Ճաշը վատ է պատրաստել:

Երկար այնպես խռոված,
Նա տանջում է, մեռանո՛ւմ,
Աֆիցերի պատկերը
Աչքիցը չէ հեռանում:

Աշխատում է գե՜թ քնով
Հոգսը թափել իրանից,
Բայց Մորփեոս խեթ աչքով
Խույս է տալիս նորանից:

Մինչ տիկինը, զմայլված
Վրդովմանց մեջ հոգեկան,
Մոռացել էր յուր անձը,
Տուն, ընտանիք, շրջական:

Խորովածը ներքին հարկում
Ախորժ հոտով բուրում էր,
Բաժակները չրկչըկում,
Օսեթուհին պարում էր:

Երգ են երգում ծափ տալով,
Ծառաներն իմերել,
Պար են գալիս, հուփ տալով
Աղախնյաց մեջքն անարգել:

Փոքրիկ Կարպուշկան, Մաշան,
Թողին խաղը պարտիզում,
Ծառաների թամաշան
Նոքա տեսնել են ուզում:

Ծափ է տալիս Կարպուշկան,
Մաշան խիստ ծիծաղում է,
Օսեթուհին լեզգինկան
Հիանալի՛ խաղում է:

Այդ բաքոսյան հանդեսեն
Նինոյի զավակները
Սովորում են խիստ շատ բան
Այն անմեղ գառնուկները...

Ը

Սույն միջոցին Աղալոն
Թեյ էր դարսում մի ղութում,
(Դա Նինոյի այրիկն էր)
Գործում էր յուր խանութում:

Տխրամած էր այն ժամուն
Նորա դեմքը վայրենի,
Բարկությունից կատաղած
Էր որպես մի բորենի:

Մոռացել էր, կարծես թե,
Այնտեղ դրած յուր սեղան,
Որ ամեն օր տանիցը
Բերում էր պստիկ տղան:

Ըշտապ, ըշտապ, անհանգիստ,
Նա ապրանք էր համբարում,
Հրամայում էր թաքցնել
Յուրյանց ներքի ամբարում:

Բայց ի՞նչ գաղտնիք կար այնտեղ,
Չէ նպատակին մեր խնդիր,
Միայն օտարի անունով
Էր ամբարին վերնագիր:

Նույն րոպեին ներս մտավ
Նորա հին բարեկամը,
Նորա միակ մտերիմ՝
Սնանկացած Ցականը:

Քեփդ վո՞ւնց է, Աղալո,
Ծեր Ցականը հարցրեց.
Բանիրըս վատ է գնում… —
Աղալոն պատասխանեց:

Ի՞նչ ես խոսում, գժվե՞լ ես, —
Հառաջ տարավ, Ցականը.
Էգուց, էլօր, ո՞վ գիտե,
Կըփեչատեն իմ դուքանը...:

Թ

Մինչ զանգակը մեղմ ձայնով
Սրբարանի գագաթեն
Ավետում էր երեկոն,
Նինոն պառկած էր արդեն:

Սթափվում է նա իսկույն,
Նորա գունատ, թարմ թշեր
Ստանում են վարդի գույն:
Ինչպե՞ս վարել այս գիշեր:

Մի տեղ տալիս են վեչեր,
Մյուս տեղ՝ բալ է տնական,
Սանսուսիում կոնցերտ կա:
Մյուս տեղ տոն է մանկական:

Որտե՞ղ գնա մեր Նինոն,
Չըգիտե ինչ վճռել,
Եվ նույն ժամուն յուր տանում
Մի պարոնի է խոսք տվել:

Դժբախտաբար այն գիշեր
(Մեծ է արդեն այդ կորուստ)
Թատրոնում կա բենեֆիս,
Ներկայացնում են «Ֆաուստ»:

Նա, անհանգիստ տանջվելով,
Խիստ դժվար էր համբերում,
Հանկարծ իմերել ծառան
Մի տոմսակ է ներս բերում:

Բաց է անում տոմսակը,
Գրիչը նորան ծանոթ է,
«Կրուժոկում, իմ հրեշտակ,
Սպասում եմ այս րոպե»:

Լակոնական այն երկտող
Նորա սրտում ձգեց դող,
Որպես վառե քաջ զինվոր
Պատերազմի հնչող փող:

Զարդարվում է նա շքեղ,
Որպես մի նոր Սիրենա,
Նորա դեմքի շինծու գեղ,
Ով որ տեսնե՝ սիրե նա:

Կառք է նստում նա շուտով
Դիմել դեպյուր նպատակ,
Սլանում են նժույգներ;
Որոտում է սալատակ:

Գնա՜, կորչե՜, գլուխ քարին.
Նաև յուր խենթ իդեալ,
Հայի կյանքում նոր ախտ է
Լկտի տիկին, վեչեր, բալ...

Բայց դոցանից են հեռու,
Որպես երկինքն երկրից,
Տիկնայք հինգերորդ դարու
Եվ Եղիշեն ոգելից...

Ժ

Անցավ քանի մի ամիս:
Հրապարակական աճրդով
Ծախվում էր Աղալոյի
Կայքն, աշխատած քրտինքով...

Մեռած, վշտահար դեմքով՝
Կանգնած էր քաղաքացին,
Որո երեխայք շուտով
Կարոտ են պատառ հացին:

Իսկ ամբոխի դատմունքն
Էր գույնզգույն, զանազան,
Ամեն մինը նոցանից
Խոսում էր այդպիսի բան. —

«Յուր մեղքերի պատճառավ
Նորան պատժեց աստված.
Նորա գրոշը հազար
Մարդի արնով է ներկված»:

Մյուսը՜Հարամ փողի վերջն
Ահա՜, այդպես է լինում,
Քանզի քամու բերածն՝
Էլի քամին է տանում:

Խեղճի տուննայլն ասաց.
Քանդեց իրա կնիկը.
Ի՞նչ միր բանն է, ախպեր ջան,
Նովոմոդնիյ աղջիկը...:

1872Թիֆլիս

ՍՈՖԻ

Հայոց աղջի ՜կ, հայոց աղջի՜կ, գնա ՜ առաջ, մի ՜ վախիլ,
Բլեդնիյ դեմքդ, շինծու խոսքդ ովի՞ն ասես չեն խաբիլ,
Բայց մի՜ թողնիլ դու ժորժ Սանդիս, իդեալիդ մուրանալ,
Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնա քեզ Ռուս գեներալ:

ԳԱՄԱՌ ՔԱԹԻՊԱ

Ա

Գեղեցիկ է իմ Սոֆին,
Քաղցրիկ, ուրախ և սիրուն,
Նորան արդեն տասն և ութ
Ծաղկում է դեռ նոր գարուն:

Իշխանական արյունից
Շառավիղ է իմ Սոֆին,
Մեծատոհմիկ ծնողաց
Միակ զավակ է անգին:

Նա դեռ նոր է ազատվել
Ինստիտուտի հագուստից,
Նոր մտել է լայն աշխարհ,
Որպես թռչնիկ վանդակից:

Կրթությունն արտաքին
Խիստ ազնիվ է, վայելուչ,
Վարվողություն՝ շնորհալի,
Իսկ խոսվածքը` սրտառուչ:

Լավ ածում է դաշնամուր
Եվ սիրում է մուզիկա,
Գիտե պարի ողջ ձևեր,
Մինչև վրաց լեզգինկա:

Հիանալի ձայն ունի,
Նա սիրում է օպերա,
Երբ երգում է ռոմանս՝
Ծռմռում է հոնքերը:

Ատում է յուր երկրի
Հագուստի ձևն անպիտան,
Բարեկիրթ է յուր ճաշակ...
Նա պաշտում է պերճ մոդան:

Նա գիտե քանի լեզվի
Եվ կարդալը և գրել,
Բայց հայերե՞ն. — է՛ հ արժե՞
Միթե նորան սովորել...

Նորա համար հայ ազգը,
Հայոց կրոն և լեզու՝
Են խիստ անարգ նախատինք,
Որից փախչեր միշտ հեռու:

Նա չէ գնում հայոց ժամ,
Զի շարական չէ սիրում,
Այլև հայոց խունկի հոտ
Նորան վատ է միշտ բուրում...

Բ

Հայրն էր հին ծառայող,
Չը կաշառվող, ջերմեռանդ (?)
Հավատարիմ յուր գործին,
Մեծավորին հնազանդ:

Իսկ պատահած միջոցին
Նա երբեք չէր արգելում՝
(Ռամկորեն ասում են)
Գցել յուր ետքի ջիբում...

Եվ այդպեսով վաստակեց
Փառավոր տուն, մեծ գումար,
Յուր ընտանյացը թողեց
Ապրուստ սև օրվա համար:

Նորա կինն յուր ժամուն
Էր գեղեցիկ բավական,
Հյուրերի հետ զվարճասեր,
Ծանոթներին դուրեկան:

Եվ մանավանդ հաճելի
Ամուսնի մեծավորին,
Շողոքորթում էր սիրտը
Ամուրի գեներալին...

Դորանով հարթեց ուղին
Մարդու հառաջադիմության,
Որով ստացավ աստիճան,
Բարձր տեղ ծառայության:

Խիստ ընդունակ էր կինը
Կրթված աշխարհի պահանջին,
Կառավարում էր տունը՝
Պատշաճավոր, ըստ կարգին. —

Մաքուր հագնված ծառաներ,
Աղախին, սպասավոր,
Շքեղ և թանկ կարասիք,
Սեղանը՝ ճոխ, փառավոր:

Տարին մի քանի անգամ
Նոքա տալիս են խնջույք,
Դաշնամուրը հնչում է,
Եռ են գալիս սեր, հաճույք:

Այդ բոլոր հանդեսների
Պսակը և թագուհին՝
Էր միշտ նոցա աղջիկը
Ուրախ, նազելի Սոֆին:

Դ

Կես-գիշեր էր: Աշխարհին
Գիրկ էր ածել քաղցրիկ քուն,
Եվ ընդհանուր տիրում էր
Խոր, սրբազան լռություն:

Իսկ լուսինը, խիստ ուրախ
Երկնքի հարսը, նազելով,
Ամպերի պարզ օվկիանում
Լեղ էր տալիս խայտալով:

Խորհրդական այդ ժամուն,
Իմ Սոֆին, մորից թաքուն,
Ախտաբորբոք հսկում է,
Չէ՜ վայելում անուշ քուն:

Վաղուց մի քանի հատոր
Կան նորա բարձի տակին, —
Բաբարիկին, Տուրգենև,
Հայնե, Շիլլեր և Պուշկին:

Լուսամուտի մոտ նստած,
Յուր սենյակում միայնակ,
Նա կարդում է ռոման
Լուսնի լուսով, անճրագ:

Եվ կուսական սրտումը
Նոր-նոր կրքեր են խաղում,
Կախարդական տողերեն
Բյուր հրապուրանք է քաղում...

Անսպառ այդ աղբյուրեն`
Սրտի ծարավը բորբոքյալ
Զովացնում է, յուր գլխում
Ստեղծում է իդեալ:

Այդ ցնորքը նորա մեջ
Ստանում է կերպարան,
Մի գաղտնի հուր սրտի մեջ
Բորբոքում է միշտ նորան:

Քնած սերը զերթ արծիվ
Ստանում է արթնություն,
Յուր կարիքն անհրաժեշտ
Պահանջում է բնություն...

Գրկում է յուր իդեալ,
Նա կոչում է հիացած, —
«Քեզ եմ զոհվում, ով սուրբ սեր,
Դո ՜ւ ես այժմ իմ աստված»:

Գ

Մեծահանդես էր խիստ բալ.
Լուսով վառվում է դահլիճ,
Նորա հարուստ զարդարանք
Են ճոխ, շքեղ, գրավիչ:

Եռ է գալիս բազմություն,
Եվ հագուստներ խըշխըշուն
Մետաքս, շալ, ոսկի, արծաթ՝
Ալեկոծվում են ողջույն:

Հիանալի զարդարված,
Որպես մանուկ թագուհի,
Հայտնվում է սիգաճեմ
Դուստրը Հայոց աշխարհի. —

Ներս է մտնում իմ Սոֆին,
Ձեռքում բռնած հովահար,
Նորա կուրծք ու բազուկներ
Փայլում են որպես գոհար:

Շփոթվում է բազմություն,
Շըշնջում են մեղմ ձայներ, —
«Գեղեցկության դիցուհին
Եկավ ահա՜, եղբայրներ»:

Վսեմապանծ նազելով
Ընթանում է իմ Սոֆին,
Նորա առջև թափվում են
Սիրո վարդեր կաթոգին:

Ծեր և մանուկ, պատանի,
Լինեն նորան երկրպագ,
Եվ քաղցրախոս բառերով
Ողջունում են իմ հրեշտակ:

Բայց նա հպարտ և անփույթ
Շրջան տվեց ընթացքին,
Տարփածուի սեթևեթ
Չարժեց նորա հայացքին:

Ի՛նչ մեծ բախտ է տղամարդին,
Նորա դեմքին խնդամիտ,
Որսալ գոնյա մի թեթև,
Սիրաբարբառ, թարմ ժպիտ:

Զո՛ւր վրդովմունք, պարոններ,
Զո՛ւր է ցավը ձեզ տանջում,
Զի մեծասիրտ իմ Սոֆին
Ազնիվ զոհ է պահանջում:

Ե

Փոթորկվում է պարահանդես,
Երբ հնչում է մուզիկան.
Սկսվում են կաքավներ
Վալս, պոլկա և մազուրկան...

Մոտենում է մի հարուստ
Հայ տղամարդ, ազնվաբար
Գլուխ տալով իմ Սոֆուն,
Խնդրեց յուր հետ պարել պար:

Հրաժարվում է իմ Սոֆին,
Հայկական դեմք հարստին
Չը դյուր եկավ գեղասեր
Ճաշակով օրիորդին:

Մոտենում է մի ասպետ,
Ուսին դրած էպոլետ,
Կուրծքը պատած օրդենով,
Պարել կամեր նորա հետ:

Հրաժարվում է իմ Սոֆին`
Վայրենի դեմք զինվորին`
Օրիորդին փափկասիրտ
Սարսափ և զզվանք բերին:

Մոտենում է շիկահեր,
Կապտաչյա երիտասարդ,
Հասակը` նուրբ, վայելուչ,
Դեմքը` քնքուշ, որպես վարդ:

Կանգնում է իմ Սոֆին:
(Փոխվեց պարի եղանակ):
Նոքա, միմյանց փաթաթված,
Պտըտվում են զերթ թռչնակ:

Քսքսվում ենշըփշըփվում
Կուսի սրտումը հանկարծ
Վառվեց վաղուց թաքուցած
Սիրո էլեկտրական կայծ

Դադարեցավ և այդ պար,
Հոգնած նստեց իմ Սոֆին:
Յուր պարընկեր գեղեցիկ
Մինակ կանգնած էր մոտին:

Քանի զրույց դյութական
Կնքեց ուխտ նոցա միջին.
«Մեք կը տեսնվենք հետո»
Եղավ նոցա խոսք վերջին:

Զ

Քանի մի օրից հետո,
Իմ Սոֆին յուրյանց տանում,
Շաբաթը քանի անգամ.
Մի նոր հյուր էր ընդունում:

Օտարազգի էր հյուրը՝
Ուրախ, գրավիչ դեմքով,
Անունը՝ Պյոտր Իվանիչ,
Տոհմանունը՝ Պուստյակով:

Որպես մեղր և շաքար
Բառեր թափվում են բերնից,
Նա խոսում է անդադար,
Չես կշտանում խոսքերից:

Նա գիտե հարյուրավոր
Ծիծաղելի առակներ,
Նա գիտե հազարավոր
Ֆրանսիական առածներ:

Նա ածում է, նա երգում է,
Ներկայացնում է և պարում է,
Ծաղրական պատկերներ
Խազխզում, նկարում է:

Շարադրում է կուպլետներ,
Նոցա ամեն մի տողեր
Արտասանում են կատակ,
Կոշտ սրախոսություն և սեր:

Երբեմն նա ծանր էր,
Որպես մտածող, գիտնական,
Չերնիշևսկի, Դոբրոլյոլբով`
Են խոսքերի առարկան:

Խոսում էր նա Դարվինից,
Թեև անհետևաբար,
Եվ հերքում էր բնավին
Ազգայնության գաղափար:

Նորա մոտ արժեք չուներ
Բարոյական սրբություն,
Նիգիլիստ էր պարոնը,
Հերքում էր ամուսնություն:

Նորա բոլոր խոսքերին
Սոֆին շատ էր համակրում,
Որպես առատ անձրևը
Ծարավ, ցամաք երկրում:

Է

Զվարճասեր բազմությամբ
Միախմբվում է թատրոն,
Ուր քարոզվում էր բեմեն
Մեղպոմնի վսեմ կրոն:

Օթյակ, աթոռ, բազկաթոռ.
Բռնած են հանդիսականք,
Պայծառ, ուրախ շնչում է
Քաղաքացու հանգիստ կյանք:

Հիանալի զուգված է
Խումբը գեղեցիկ սեռի,
Մի օթյակում նստած է
Սոֆին բեմից ոչ հեռի:

Հնչվում է մուզիկան,
Երգում է իտալուհին,
Ներկայացնում են Մովսես,
Դարձը ուխտյալ աշխարհին:

Բայց դեպի բեմ իմ Սոֆին
Չէ՜, երբեք չէ՜ ուշադիր,
Նա ունի յուր նպատակ,
Այլ է սրտին յուր խնդիր:

Երկփողյա յուր դիտակ
Դրած է նա աչքերուն,
Նկատում է՝ տղերքից
Ո՜րն է տգեղ, ո՞րը սիրուն:

Հանկարծ գտավ իմ Սոֆին
Նազելին յուր ծանոթ դեմք,
Դա էր նորա ցանկալին,
Եթե փոքր-ինչ պարզ ասենք:

Սիրտը թնդաց, բորբոքեց,
Էլ չըսպասեց մինչ վախճան,
Նա դուրս եկավ օթյակից,
Գտավ սիրո առարկան:

Թատրոնական սրահում
Ճեմում էին միասին,
Բայց թե ի՞նչ էին խոսում,
Լավ է լռել այդ մասին...

Միայն Սոֆու ականջին
Նա շշնջեց քանի բառ` —
«Ձեր պարտեզում այս գիշեր
Ինձ կըգտնես անպատճառ»:

Ը

Հիանալի զով գիշեր
Պարգևել էր այն ամառ,
Պայծառ երկնքի ողջ աստղեր
Լույս կը տային վառիվառ:

Գեղազվարճ և ուրախ
Ներկայանար բնություն,
Իսկ պարտեզում, թարմ ծաղկանց
Տիրեր ամպարհոտություն:

Բարձր, բարձր լսվում էր
Սոխակի երգի հնչյուն,
Նիրհած տերևը շարժում էր
Մեղմիկ հովի սոսափյուն:

Ծաղկազարդ ճեմելիքներով,
Որպես ցնորված հրեշտակ,
Թափառում էր իմ Սոֆին,
Խիստ անհամբեր, միայնակ:

Հանկարծ լսեց նա թխկոց,
Շուտ մոտ վազեց վրդոված,
Տեսավ, մինը լուռ ու մունջ
Ցանկապատեն իջավ ցած:

«Սոֆի՛». հնչեց մեղմիկ ձայն:
«Ա՛խ, Պյոտր». եղավ պատասխան:
Նոքա շուտով մեկմեկու
Ուրախ-ուրախ մոտեցան:

Ի՞նչ գրիչ այն առաջին
Կարե նկարել րոպեն,
Երբ որ սիրող, սիրուհին՝
Գաղտնի միմյանց կը հանդիպեն:

Թե սիրել ես, ընթերցող,
Կարես զգալ ինքնին...
Ինսարովի խոսքերը
Հանկարծ ասաց պատանին՝

Դու, առաջի աստուծո,
Հրեշտակների առաջև,
Իմ կինն ես պատվավոր,
Ես քո այր այսուհետև...

Պսակող մի քահանա
Այդ խոստման չեղավ ներկա,
Միայն աստեղք և լուսին
Երկնքեն դարձան վկա:

Թ

Следующая страница