Րաֆֆի՝   Բանաստեղծություններ և պոեմներ, թարգմանություններ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 Следующая Конец

Նա ոլորվում էր օձի պես ճապուկ.
Խաղում են նորա թևքերը փափուկ.
Ժըպտում են նորա աչքերը բոցավառ,
Շիկնում են նորա թըշերը պայծառ...:

Ձըգեց մի հայացք... դադարեց պարեն,
Ի՞նչ նետեր էին, ցայտեց աչերեն:
Ա՛խ, այն նետերը թըռան ուղղակի,
Ինչ որ ծակեցին՝ — դա էր մի «հոգի՛»…:

Դադարեց պարը: Լռեցին երգ, դաշնակ,
Կազմեցին գեղուհիք բոլոր շրջանակ,
Մեջտեղում նըստեց մի վըհուկ աղջիկ,
Խաղաղ էր դեմքը, շրթունքը մնջիկ:

Հինբախտահմա կախարդի նըման
Նա դրեց յուր առջև «Վիճակի աման»,
Վառ ծաղիկներով էր նա զարդարած,
Յոթն աղբյուրների պարզ ջըրով լեցրած:

Օրիորդները հերթով մոտ եկան,
Տըվեցին նոքա վըհուկ աղջկան
Յուրյանց զարդերից՝ օղ, մանյակ և գինդ,
Որն յուր մատանին, որ ուներ հակինթ:

Եվ վիճակափորձն առնում էր մին-մին
Գըցում էր «բախտի սափորի» միջին,
Ուսկից գեղուհիք սրտով դողդոջուն
Մութ ճակատագրի կսպասեն լուծում:

Մոտ եկավ Սառան դեմքով ամոթխած
Այն իսկ մատանին այգումը ստացած...
Տըվեց կարմրելով գուշակող կույսին:
Է՞ր հանկարծ փոխվեց գույնը երեսին

Զարդերը ժողովելու վերջացավ ծեսը:
Վիճակահանության սկսվեց հանդեսը:
Վըհուկը փակեց «սափորի» բերան
Եվ աղջիկներին տըվեց պատվիրան`

Հերթով երգելու մի-մի «ջան-գյուլում»,
Այնպես, որ միմյանց չըլինին արգելում,
Երբ նա «սափորից» կը հանի մի բան,
Կը տա երգողին մի հայտնի նըշան:

Տարավ դեպ «սափորը» վըհուկն յուր ձեռքը:
Աղջիկներից մինն երգեց այդ երգը՝ —
Ծաղիկ ունեմ՝ ալա41 ա,
Ալա չի՜ ալվալա42 ա,
Յար43 բռնելը լավ կըլնի,
Բաց թողալն բալա ա44:

Մի օրիորդի թխաչյա, սևուկ,
Տըվեց ապարջանն, ասելով վըհուկ՝
«Սիրի ՜ր, թող մի՜ տուր սրտիդ առարկան,
Կը լինես հետո դու շատ փոշիման»:

Վըհուկն դարձյալ գործը շարունակեց:
Մի ուրիշ աղջիկ այդ երգը երգեց՝
Աղջիկ, աղջիկ, ա՜լ45 աղջիկ,
Աչքերդ չալչալ46 աղջիկ,
Դու մեր տանը հարս պըտես,
Իմ քիրը քեզ տալ47, աղջիկ:

Դարձավ դեպ հնացած աղջիկ մի հաստլիկ,
Որն խիստ անհամբեր տանջվում էր սաստիկ՝
Ասաց՝ Գնա՜ ուրախ կաց, հասար մուրազիդ48,
Պսակի նարոտը49 կըկապես բողազիդ50:

Մի օրիորդի գունաթափ դեմքով
Այդպես գուշակեց «վիճակն» յուր երգով՝ —
Ձեր բաղի դուռն բաց ա՜,
Ոտներդ շաղով թաց ա,
Յարիցդ հեռացել ես,
Աչքերդ լիքը լաց ա:

Դու սիրի՜ր դարձյալ սիրածդ նախկին,
Կըքաղցրացնե նա քո սիրտը և հոգին.
Կարդաց վըհուկը գունաթափ աղջըկան:
Պատգամը կարծեմ, չէր նրան դուրեկան:

Վըհուկը կրկին գործը շարունակեց,
Մի օրիորդի այդպես գուշակեց
Առակ51 եղա ողջ գեղի,
Սիրտս ընկավ օձի լեղի,
Իմ հորն ու մորն ի՞նչ ասեմ,
Ինձ տըվին մի գեշ52 տըղի:

Նասիբդ53 հեռու է, կոտրած է քո սիրտը,
Գնա՜, պաս պահի՜ր, կըբացվի քո բախտը:
Դառն ճակատագիրը կարդաց վըհուկը:
Բայց որքա՛ն պաս էր պահել աղջիկը54...

Բայց ի՞նչ գուշակեց Սառայի համար: —
Այդ երգն երգեցին նորա սրտին հարմար՝

Խնձոր ունիմ նըխշած ա,
Ոսկե ղալմով55 գըրած ա,
Աղբերս ուզեց, տըվի ո ՜չ,
Ազիզ56 յարի ղըրկած ա:

Ես աղջիկ եմ՝ ա՜լ կուզեմ,
Շորերս ծալեծալ կուզեմ.
Երբ որ յարիս տուն կերթամ,
Գոտիկս թիրմա57 շալ կուզեմ:

Դու հարուստ մի տան հարսիկ կը դառնաս,
Միշտ կարմիր շորերդ նոր-նոր կունենաս:
Այդպես գուշակեց մարգարեուհին,
Արդյոք նա հասա ՞վ սրտի «մուրազին»…

Է

Բայց ո՞ւր ես այժմ, նազելի Սառա,
Ես քո դարդիցը մաշվեցա՛... մեռա՛...
Մի՞թե երկինքն այնքան էր անգութ...
Ա՛խ, ինչ եմ մտածումԱյդ բոլորն է սուտ:

Գնամ «պառավի» մոտ, սպասելն է զուր,
Գուցե նա կը տա Սառայից ինձ լուր,
Ահա՜ նա... խեղճը հնացել է իսպառ,
Մաշեցին նորան օրերը թըշվառ

Բարև, տատի ջան, — չէ՜ ճանաչում նա, —
Լա՞վ եք, առո՞ղջ եք: — Տեսնում եք ահա՜,
Ապրում ենք այդպեսմերթ կուշտ, մերթ քաղցած,
Ինչպես որ բուզին58 հասցընում է աստված:

Բա՜ս վա՞տ է գընում, տատի, ապրուստը:
Ապրում են, որդի, շենն ու հարուստը,
Մեզ նմանների օրը միշտ սև է,
Քանի ժամանակն այդպես կը տևե:

Գյուղացիք եղան մեծ մասով աղքատ,
Մեր մեղքից չըկա խեյր ու բարաքաթ59,
Վարում ես, ցանում, ցանքը չէ գալիս:
Ծառերն էլ այժմ պտուղ չեն տալիս:

Ուտում է տերևը անիծված թրթուր,
Չեն էլ մտածում Մասիսից բերել ջուր60:
Ասում են, մորեխ պիտի գա սաստիկ,
Բազարում ցորյան չես գտնի մի հատիկ:

Չար ցորենատերն երկինքը կապել է61,
Ա՛խ, քանի անգամ ամպըն ամպել է,
Չէ՜ գալիս անձրև, — ասա՝ մի կաթիլ
Դարմանի համար երբեք չես գտնիլ:

Մեր կնանիքը շատ ման ածին նուրին62
Եվ տերտերներն անդաստան արին,
Խաչով, խաչվառով դաշտը գնացին,
Թե՜ մեծ, թե՜ փոքր ողբացին, լացին:

Ո՜չ: Չըկարացին բացել երկինքը:
Գուցե այդպես էր աստուծո կամքը...
Մեր աղբյուրները ողջ ցամաքեցան,
Կանաչ ցանքերը տոթից չորացան...:

Ինչ էլ որ եղավ, գողացավ թուրքը:
Չե՜ս էլ հարցնում, ի՞նչ ծանր է տուրքը՝ —
Մալյաթ, բահիրա, այլև գլխահարկ63,
Ինչե՞ր չեն առնում... զորով ու անկարգ...:

Մեր մեղքերիցն է այդ պատուհասը,
Չրկա կիրակի, ուտում են պասը.
Ի՞նչ է, ասում են, «հասն ու չը հասը»,
Ազգականի հետ պսակվում մեծ մասը:

Մի տարվա հարսը՝ դեռ քողն երեսին՝
Յուր տղամարդի հետ՝ կեսրոջ սպասին,
Խոսում է արձակ, ծիծաղում համարձակ:
Չեն հարցնում օտարն, աներն, աներձագ

Գնացել է, մի խոսքով, ամոթն ու ահը,
Կարծես, քանդվելու մոտ է աշխարհը...:
Այդպես չէր վաղվա մեր ժամանակը,
Մեր լեզուն մունջ էր. սպանիրձայն չը կա

Թուխս էի դըրած հանուն ասաըծու՝
Սև հավի տակին ամբողջ քսան ձու,
Ողջ ավեր եղան, հինգը դուրս եկավ,
Երկուսն էլ հնգից քորքորան64 տարավ:

Այժմ ի՞նչ անեմ ես երեք ճըտով,
Մնացի սևերես և միշտ ամոթով:
Խանին պետք է տալ և տանուտերին,
Հաշվիր այդ բոլորը, թողյալ տերտերին:

Կար այստեղ աղջիկ ձեզ մոտ հարևան,
Յոթ տարի առաջ, հիշո՞ւմ եք նորան
Սառայի մասին գուցե հարցնում եք:
Հենց նա.... տատի ջան, նրանից լուր ունե՞ք:

Նորա պատմությունն երկա՛ր է, երկա՛ր...
Այստեղ, մեր գյուղում մի լավ տղա կար
Մելիքի որդինշեն, որպես ջըհուդ,
Ուտում էր փլավ, հագնում էր մահուդ:

Խելքիցը հանեց այն խեղճ աղջըկան,
Ջահիլ էր աղջիկը, չէր հասկանում բան.
Թե նոցա մեջը ի՞նչ մի գաղտնիք կար,
Այդ ես չըգիտեմ, աստված է խաբար:

Գալիս էր շատ անգամ նա իմ խրճիթըս:
Տալիս էր բարև, հարցնում էր քեփըս.
Կարծես չըլիներ մելիքի տղա,
Այլ գռեհիկ մեզ պես, և ոչ թե աղա:

Տեսար և Սառան նորա հոտն առավ,
Լույս ընկավ իսկույն: «Այժմ դու, պառավ,
Մեզ թո՜ղ միայնակ», ասում էր տըղան:
Թո՜ղ, մտածում էի «յուրյանց աղունն աղան...»:

Նստում են նոքա, խոսում են նոքա,
Խոսո՛ւմ են... խոսո՛ւմ... բնավ վերջ չըկա:
Չէի արգելում ես նորանց երբեք,
Ո՞վ չի ունեցել այնպեսի րոպեք..:

Մըտնում էր արև, ճրագը վառում են:
Ծնողքը Սառային երկար պըտրում են:
Նրանք չեն բաժանվում, զըրից են տալիս,
Ուսկի՞ց էր այնքան խոսք և ասուլիս...

Եղավ, որ մելիքն ուղարկեց որդին
Հեռու մի աշխարհ՝ մեծ ծովի մոտին,
Ուղարկեց, որ սորվի՝ գիր, կարդալ, ուսում,
Որ լավ մարդ դառնա, — այդպես են ասում:

Թեև այստեղ էլ նա շատ բան գիտեր`
Ժամագիրք, Նարեկ՝ որքան մի տերտեր,
Եվ քանի մի լեզվով նա գիր էր գըրում,
Տըկար յուր հատը մեր ողջ երկրում:

Տարիներ անցան, նա հետ չըդարձավ,
Սառայի սրտին խիստ դառն էր այդ ցավ:
Երևի, այնտեղ մեծ էին գըրքեր,
Որ երկար նորանց սովորել պետք էր:

Տխրում էր Սառան, էր միշտ լուռ ու մունջ,
Լացում էր թաքուն, — դառն էր յուր մրմունջ,
Փակված էր ողջ օրն նա յուր օթախում,
Իսկ նորա երեսն էլ չէր ծիծաղում

Լինում էր, շատ անգամ ինձ մոտ էր գալիս,
Որպես սպանվա՛ծ... լալի՛ս էր, լալիս...
«Չունի՛ս «նորանից» տատի մի խաբար...»
Հարցնում էր Սառան խիստ անմխիթար:

Բայց հասել էին աղջկա տարիքը,
Գընում, գալիս էին նրա մուշտարիքը:
Նախշունիկ էր նա, ինչպես մի ջեյրան65,
Ո՞վ չէր ուզենա, չէր սիրի նորան:

Խնդրեց տանուտեր Մինասն յուր որդուն,
Նա ուներ գութան, հարուստ տեղ ու տուն,
Կըթում էր նա շատ կովեր և գոմեշ,
Փարախում լիքն են՝ ձի, ոչխար և էշ:

Չէր տեսած այդպես մի բան ողջ աշխար,
Բաշլըղ66 էր տալիս՝ — ջուխտ եզ, տասն ոչխար,
Հինգ բեռը ցորյան, ոսկիներ քըսան:
Կարմրիկ, խորոտիկ67 էր ջահիլ փեսան:

Նըշան էր դընում փիրուզ68 մատանի,
Ջուխտակ ապարջանգործ Համադանի,
Ոսկի վըզանոց, մարջանով69 շարած,
Արծաթի գոտի, ակնով զարդարած:

Սառան չըգնաց, չըլսեց հոր խոսքին,
Չընդունեց նըշանն, արծաթն ու ոսկին,
Այդպիսի պատիժ, ա՛խ, ո՞վ էր տեսի,
Աղջիկը հորն ու մորն խոսքին չըլսի

Գյուղացիք սկսան ծնողացը նախատել,
Այդ չարի առաջն առնել աշխատել:
Կասեին նոքա՝ այդ «անառակը»
Թողեց մեր աղջկանց՝ վատ օրինակը:

Դու իմ տան վերա սև մուր քսեցիր,
Իմ աղն ու հացը լեղի շինեցիր...
Ասում էր աղջկան ծերունի հայրը,
Լացում, աղաչում էր նորա մայրը:

Սառան չէր լսում լացը, նախատինքը,
Երկաթից էլ պինդ էր նորա կամքը,
«Կմեռնե՛մ, — ասում էր, — չեմ գնա օտարին,
Պիտի սպասեմ իմ սիրած «յարին»:

Թեև վայել չէ՜ր այդ հայ աղջըկան,
Բայց ո ՞ւմ չէ խաբել, ա՛խ, չար սատանան,
Սառան մնաց դարձյալ միշտ մաքուր սրտով
Եվ նույնպես համեստ, նույնպես ամոթով:

Մըրջիմ չէր կոխ տա՝ ճամփան գընալիս,
Եվ ծառի տերևը՝ ծառից ընկնելիս`
Ցա ՜վ էր պատճառում այն քնքուշ հոգուն,
Որքա ՛ն բարիքներ անում էր նա թաքուն...

Լինում էր, շատ անգամ գալիս էր իմ մոտ,
Դեռ նոր է ծագել լույս և առավոտ,
«Կարագ եմ բերել, տատի, քեզ համա,
Մայրս ինձ տըվավ, բայց ես չըկերա»:

Ա՛խ, որքան շա ՜տ էր գութը նորա սրտի...
«Ինչի՞ ես ուրախ լինում եմ, տատի,
Երբ որ մտնում եմ այդ քո բնակարան,
Կարծում եմ, կրկին տեսնում են «նորան»:

Նըստում էր ինձ մոտ նա ձիգ ժամերով,
Եվ յուր հետ բերած մանրիկ սանդրերով
Սանդրում էր պառավիս գլուխն ալևոր,
Քորում էր նորան փոքրիկ մատներով:

Խոսո՛ւմ էր... խոսո՛ւմ խոսքը չէր պրծնում:
Միշտ «նորա» վերա էր նա մըտածում,
«Տատի, հարցնում էր, երբ որ ես մեռնեմ.
Գե՜թ երկնքումը «նորան» կը տեսնեմ...»

Մահվան վրա մտածել քեզ վաղ է, որդի՜:
«Կյանքն ինձ այժմ խիստ դա՛ռն է, տատի՜ ...»
Ասում էր, թափում հեղեղն աչերեն,
Թաքցնում էր սրտի գաղտնիքը խորին...

Հետո հասկացա ես այդ գաղտնիքը,
Թե ինչ էր ուզում ասել աղջիկը,
Հասկացա, այո՜, բայց ո՛ւշ էր արդեն,
Այդ ցավն անբաժան կըմնա իմ սրտեն...

Քանի մի օրից հետո ես լսեցի,
Սառային տանում էին եկեղեցի,
Պիտի կատարվեր այնտեղ պըսակը,
Մինասի որդու էր հարսանիքը:

Հոր ստիպմունքին՝ և յուր մոր կամքին,
Կոպիտ գյուղացոց դառն նախատինքին,
Նա ընդդեմ կենալ չըկարաց երկար,
Հնազանդվեցա՞վ... — անզո՜ր էր, տըկա՜ր

Բայց քանի անգամ սիրտը թուլացավ,
Ա՛խ, քանի անգամ նա ուշքից անցավ...
Մինչև հասուցին ժամատան շեմքը,
«Չե՜մ սիրում տըղին» — այդ էր նրա խոսքը:

Երբ բեմի առջև բոլոր ժողովուրդ
Ահով լսում էր սրբազան խորհուրդ,
Վայր ընկավ Սառան, աչքերը փակեց,
Եվ կրկին անգամ նորանց չը բացեց...

Ա՛խ, Հ..., — եղավ յուր խոսքը վերջին:
Գյուղացիք սարսափով մոտը գընացին,
«Թունավորվա՛ծ է...» — մեկեն կոչեցին,
Լաց ու շիվանով70 գոռաց եկեղեցին:

Գյուղից ոչ հեռու, այն բլուրի վերան,
Կը գտնես, պարոն, միակ գերեզման,
Գլուխները ծռած, մի ջուխտ ուռենի
Սըփռում են այնտեղ ախորժ հովանի:

Այնտեղ է թաղված գեղեցիկ Սառան,
Ո՜չ տապանագիր, ո՜չ խաչ յուր վերան,
Եվ ո՜չ բուրվառով ժամտան տիրացուն
Ծըխեց սուրբ խունկը այն անմեղ հոգուն...

Նրան տեղ չըտվեց մեր գերեզմանատուն71,
Որպես մեղավոր, ինքնասպան մարդուն,
Որպես կամակոր աղջկան ինքնակամ,
Որ ընդդիմացավ յուր ծնողացն անգամ»:

Պառավն ավարտեց: Բայց նորա հանգած
Աչքերում կաթիլք կային թաքուցած,
Որ նըվիրեց նա սուրբ հիշատակին
Յուր միշտ պաշտելի, անմեղ հրեշտակին...

Քանի օրից հետո մի երիտասարդ
Սրտով վշտահար, դեմքով անզըվարթ,
Գերեզմանի մի սև քարի վերա
Գրում էր հետևյալ տըխուր տողերը.

«Մինչ ե՞րբ, դու խավա՛ր բռնակալություն,
Կը ճնշես առտնին մեր ազատություն,
Մինչ ե՞րբ մեզանից քո սև ճանկերը
Կըխլեն Սառայի նման զոհերը… »:

ՂՈՒՅԼՈՒԲԱՆԻ

(Առասպել)

Կար, չկար մի քաղաք՝ մեծ և փառավոր,
Այն կողմն աշխարհին, մեզնից հեռավոր,
Մեծ ծով էր պատել նորա բոլորքը,
Սուրի տեղ բահը կըրում էր զորքը:

Այնտեղի կյանքը ազատ էր, հարմար,
Իսկ բնակիչներին՝ ոչ թիվ, ոչ համար,
Գործում են նոքա գոհ աստծո փառքից,
Ոչ ոք վաստակը չէ խլում ձեռքից:

Ապրուստըառատ, բընավ հոգ չըկա,
Միշտ եղն ու մեղր ուտում են նոքա,
Այնտեղ աղքատն էլ սրտում դարդ չունի
Նա ջրի փոխարեն խըմում է գինի:

Այնտեղ ձմեռն էլ ծաղկում է նըշենին,
Չունի մուշտակի պետքը ծերունին,
Իսկ նոցա աշունն, որպես մեր գարուն,
Կանաչ են ծառեր, գեղեցիկ, սիրուն:

Տարին երկու գամ ծընվում է գառը,
Միշտ կաթն էր տալիս տիրոջն ոչխարը,
Ծնունդն էլ, գիտե՞ք, — բոլորը ջուխտակ,
Չըկա ոչ մի սև, — ամենը սպիտակ:

Ուր խանին երբեք չեն տալիս բեգար72:
Սուլսաթ73, ջարիմա74, — այդպես բան չըկա:
Եվ նոցա սիրուն կին ու աղջիկը
Տընից չէ քաշում գազան պարսիկը...

Մարդին պետք չէր գընալ անտառը,
Վառելու համար կտրելու ծառը,
Փայտը գալիս էր ձըրի նրանց համար,
Վառե ՜ ու վառե ՜, — չունի չափ, համար:

Այդ ո՞վ էր բերում: — Միշտ Ղույլուբանին,
Տարին մի անգամ, բայց ամբողջ տարին
Վառելու համար էր նա բավական,
Այլև շինվածքին էր միշտ պետքական:

Ղույլուբանին էր մի «դէվ»75 զորավոր,
Մարմնով անճոռնի, դեմքով հրեշավոր,
Մի հատիկ աչք միայն ուներ ճակատին
Եվ շուխտ եղջյուրներ կրում էր գագաթին:

Ճանճ էր նորա մոտ Ադամա որդին,
Թեև նա ուներ կերպարանք մարդին.
Գերանի պես հաստ էր նորա բազուկ,
Հսկան նորա մոտ՝ կարճ, որպես թըզուկ:

Ամեն անգամին, երբ քայլ էր փոխում,
Բարձր լեռները խըճի պես կոխում,
Նորա ահագին ամեն մի ոտքը
Ամբողջ դաշտի վրա թողնում էր հետքը:

Նա շունչ էր քաշում՝ լինում էր մրրիկ,
Շարժվում են ծառեր՝ մեծ և փոքրիկ,
Նա ձայն էր հանում՝ գոռում էր սարը,
Եվ որոտալով թընդում անտառը:

Այն երկրում մի ծով կար պարզկապուտակ,
Ոչ սահման ուներ և ո՜չ էլ հատակ,
Չափել նորա խորքն՝ անհնարին էր, զուր,
Նորա մոտ մեր լիճն էր մի գավաթ ջուր:

Մտնում էր դէվն այն ծովի միջում՝
Որպես արագիլ ճահճի մեջ շըրջում,
Եվ ջուրը հազիվ-հազիվ հասնում էր,
Նորա ծընկները միայն ծածկում էր:

Մեծ-մեծ ձըկներն որսում էր դէվը,
Եվ բարձրանում էր մինչև արևը,
Այնտեղ երկնքում ձեռքով բռնում էր,
Արևի բոցով լավ խորովում էր:

Այդ նորա համար էր նախաճաշիկ,
Ընթրիքն ավելի ճոխ էր, անուշիկ,
Հարյուր կամ հիսուն գառն ու ոչխարը,
Հազիվ լեցնում են ահագին փորը:

Այդ դէվն էր, որ միշտ փայտը բերում էր,
Կարծո՞ւմ եք կացնով նա կըտրում էր,
Ո՜չ: Խլում էր ծառերը մին-մին արմատից,
Որպես քաղհանը76 խոտերը արտից:

Նորհաս ծառերից հյուսում էր չըվան,
Ինչպես կանեփից՝ մենք թոկ կամ պարան,
Կապում էր ահագին՝ յուր մեծ շալակը,
Թեթև բեռան պես՝ կրում էր քամակը:

Բայց ինչպե՞ս շալակ... սև սարի նման,
Ամբողջ կես անտառ յուր մեջքի վերան՝
Դիզված է այնպես՝ բարձր և ահագին,
Կարծես փոքրիկ ճանճ նստած է քամակին:

Բերում էր քաղաքը և նորա մոտին
Քըցում էր շալակը: Թընդում է գետին.
Հանկարծ երկրաշարժ: Մըթնում է օդը,
Եվ ահեղ ձայնով գոռում է որոտը:

Տերևի նման դողում է աշտարակ,
Թափվում են վախից մարդիկը հրապարակ,
Կործանվում են տըներ, գմբեթ և սեղան,
Եվ հղի կնիկը վիժում է յուր տղան...

Որպես աստուծո ահեղ պատուհաս,
Տալիս էր քաղքին՝ դէվն այդպես վնաս,
Իսկ նորա օգուտը դորա համեմատ,
Ճշմարիտն ասած, էր ավելի շատ:

Վերջին աղքատի օջախի մեջը
Ծըխում էր ծուխը մինչ տարվան վերջը,
Նա դորա համար բան չէր վճարում,
Փայտն առատ էր, վառում էր, վառում...

Հավաքվեց քաղքի բոլոր ժողովուրդ,
Խելոք ծերունիք կազմեցին խորհուրդ,
Ինչպե՞ս հեռացնել այդպիսի վտանգ,
Որ փայտը նրանց չընստեր շատ թանկ:

Մտածեցին նոքա շատ մտածմունքներ,
Հին մարդիկներից արին հարցմունքներ,
Եվ վերջ ի վերջո գըտան մի հընար՝
Քաղաքն անվնաս պահելու համար:

Ուղարկեցին նոքա քանի մի ալևոր
Սիպտակ մորուքով, ծեր և պատվավոր,
Գնացին նոքա դէվի մոտ դեսպան.
Քաղաքի կողմից հայտնել այդպես բան՝

«Ողջույն լինի քեզ, ո՜վ դէվ զորավոր,
Քաջ հսկաների տեր և թագավոր,
Ողջունում է քեզ մեր ողջ քաղաքը,
Թո՜ղ պայծառ լինի քո հարգն ու փառքը;

Այսքան տարի է մեր քաղքի համար
Դու փայտ ես տալիս առատ, անսպառ,
Եվ դորա մասին մեր ողջ բազմություն
Հայտնում է քեզ յուր շնորհակալություն:

Որպեսզի անմոռաց լինի այդ հիշատակ,
Քաղաքն այդ շապիկն ուղարկեց սպիտակ,
Որ հագնես նորան, տըկլոր չը շրջես,
Քո մերկությունը նորանով ծածկես:

Մի ամբողջ տարի քաղքի ջուլհակը
Սպառեց բոլոր՝ բուրդն ու բամբակը,
Մի ամբողջ տարի մեր ողջ կնանիք
Հազիվ կարացին կտրել այդ շապիկ:

Շա ՜տ թանկ է նստել մեզ այդ շապիկը,
Շա ՜տ մեծ է նորա գինն ու արժեքը,
Բայց կըտանք քեզի դորան մենք աժան,
Որպես քո պատվին վայել է, արժան:

Դորա կես փողը քեզ ընծա լինի,
Կեսին մեզ կը տաս մուրհակ ըստ օրինի,
Տարի ժամանակ, թեթև տոկոսով,
Մինչև լրացնես պարտքդ աստուծով»:

Դէվը շատ սիրով ընդունեց այդ պայման,
Ուրախությանը չըկար չափ, սահման.
Որքան նա մեծ էր մարմնի կազմվածքով,
Այնքան հիմար էր մտքով ու խելքով:

Եկավ ժամանակ: Լրացավ տարի:
Դէվը փող չունի պարտքը վճարի,
Եվ պարտատիրոջ ահից, երկյուղից
Զըրկվեցան նորա աչքերը քընից:

Թեև դէվ էր նա, եղավ երկչոտ սաստիկ,
Ինչե ՛ր չեն անում խորամանկ մարդիկ
Հըզոր առյուծին շինում են կատու:
Եվ հսկաներին՝ յուրյանց հարկատու

Դէվն այնուհետև, երբ բերում էր փայտ,
Բերում էր գաղտնի, գիշերով, անհայտ,
Որ քաղաքացիք նորան չը տանջեն,
Դատավորի մոտ պարտքը պահանջեն:

Նա յուր շալակը խիստ զգույշ կերպով
Դընում էր գետին, փախչում էր շտապով,
Ծառի տերևն էլ տեղից չէր շարժվում,
Մի խշշոց անգամ նրանից չէր լսվում:

Իսկ քաղաքացուն այդ էր հարկավ:
Բայց մարդն է ագահ և վտանգավոր
Նրանք պարտքը թողին այնքան ծանրացավ
Մինչ դէվն իսպառ նրանց գերի դարձավ:

Եվ այնուհետև եղավ վւախստական,
Թափառում է միշտ այդ խեղճ պարտական...
Թափառում է նա աշխարից աշխար,
Երկյուղը նորան քըշում է անդադար:

Այն մեծ մարմինը հալվեց... մաշվեցավ
Լոկ ուրվականի մի ձև ստացավ.
Նա ման է գալիս միշտ մութն գիշերով,
Կոտրած սրտով և վախվըխալով:

Երբ ադամորդու երես է տեսնում,
Իսկույն օդի մեջ չքանում է, կորչում,
Մի՜ վախիր նրանից, սիրելի Սառա,
Նա բարի մարդուն երբեք չէ վնասում...:

Եվ այժմս էլ մեզ հետ մեր քաղաքացիք
Վարվում են այդպես, սիրելի քույրիկ,
Մեզ վրա ծախում են յուրյանց լաթերը
Եվ բազմացնում են՝ տոկոս-պարտքերը

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 Следующая Конец