Րաֆֆի՝   Սալբի

Ռեսը խոնարհությամբ գլուխ տվեց:

Մոտ եկեք: Նստե՜ցեք, — հրամայեց Ավազակյանցը:

Ռեսը կեղծավորաբար հրաժարվեց, թե չէր կարող ընդունել մի այդպիսի համարձակություն:

Ո՜չ, կարող եք նստել. ես այսուհետև ձեզ համարելու եմ ո՜չ թե իմ ծառա, այլ հավատարիմ բարեկամ և հնարագետ խորհրդակից:

Ո՜չ մի անգամ Ռեսը նրա բերանից Դուք բառը չէր լսել և ոչ մի անգամ նա շնորհ չէր գտել բարձր տեղ ունենալու նորահաս և փառասեր իշխանազնի մոտ: Այդ մեծարանքները նրան իսպառ խելքից հանեցին, ո՜չ սոսկ իշխանազնի մոտ գտած պատվախնդրության` այլ ավելի նրա համար, որ նրա բարեսրտությունը և գութը գրավելով, նա կարող էր այնուհետև համարձակ տիրել նրա սրտին, ազատաբար ներգործել նրա մտածության և ընտրողության վրա, և այսպիսով, դյուրությամբ դուրս կորզել նրանից որքան կարելի է շատ արծաթ, որ խաբեբայի միայն նպատակը, նրա հոգին և մարմինն էր:

Ռեսը նստեց աթոռի վրա, Ավազակյանցի աթոռից մի փոքր հեռու:

Ի՞նչ արեցիք, — հարցրուց Սոլոմոն-բեկը կրկին անգամ:

Ռեսը պատմեց առաջնորդի գործակալի հետ ունեցած յուր ամբողջ խոսակցությունը, նրա խոստումը պսակը արգելելու, որը ո՜չ միայն երեք օր, այլ մինչև երեք ամիս կարող էր հեռու պահել Հովասաբենց Սալբին Ռուստամի հետ պսակվելուց:

Շատ բարի, գործի առաջին հաջողությունը օգտավետ վախճան է գուշակում, — ասաց Սոլոմոն-բեկը ուրախությամբ:

Աղա, եթե դուք ամեն ինչ տրամադրեք իմ կամեցողության և հաստատամտորեն ապավինիք իմ աշխատության՝ դուք ձեր նպատակին շո՜ւտ կհասնեք, — ասաց հանդարտությամբ Ռեսը:

Դուք գիտե՜ք, որ այդ գաղտնիքը ես, բացի ձեզանից, ոչ ոքի չեմ հավատացել և միանգամայն հանձնել եմ ձեր հմտության:

Շատ լավ. ես բոլոր սրտով պատրաստ եմ ծառայել իմ տիրոջ կամքին, — պատասխանեց խոնարհությամբ Ռեսը.— միայն թե նախապես դուք շնորհեցեք ինձ ձեր ուշադրությունը՝ մի քանի ամենահարկավոր խրատներ լսելու:

Ասացե՜ք, — համաձայնեց Սոլոմոն-բեկը:

Մենք պիտի մեր ձեռքում եղած այդ երեք ամիսը աժան չծախենք. մեր ամենագլխավոր աշխատությունը պիտի լինի այդ երեք ամսվա ընթացքում ձեր մտադրյալ նպատակը ձեռք բերել. իսկ այդ նպատակը որսալու համար մի քանի անհրաժեշտ հնարներ պետք է գործածել: Նախքան հնարների հետ ձեզ ծանոթացնելը, ես, աղա, հարցնում եմ ձեզ, ի՞նչ է ձեր կարծիքը կեղծավորության մասին:

Կեղծավորությունը մեղք է, — կարճ պատասխանեց Ավազակյանցը:

Ընդհակառակն, մի բարի մտադրություն իրագործելու, մի անվնաս խորհուրդ առաջ տանելու և մի անմեղ նպատակ ձեռք բերելու համար, հարկ եղած միջոցին կեղծավորություն, խաբեբայություն և տեսակ-տեսակ ստություններ գործադրելը ո՜ չ մեղք է, ո՜չ էլ մարդու պատիվն է ապականում: — Այժմ լսեցեք, սրանք են իմ խրատները, կամ առաջին դասը, որ տալիս եմ ձեզ, որպես իմ աշակերտիս: Հովասաբենց Սալբինորին դուք այնպես ախտաբորբոք սիրում եքձեր կինը լինելու և նրան յուր հանդերձյալ ամուսնացվի ճանկերից հափշտակելու համար, ձեր ամենամեծ ջանքը պիտի լինի մոտենալ օրիորդ Սալբիին և նրա հետ սեր գցել (սիրաբանել): Այդ հնարավոր անելու համար, նախ պետք է բարեկամանալ այն անձերի հետ, որոնց հոգաբարձության ներքո է գտնվում օրիորդը, այսինքն՝ պարոն Արամ Աշխարունու և պարոն Խոսրով Մելիքզադեի հետ: Այդ պարոնների հետ բարեկամանալը ավելի հեշտությամբ կկատարվի, եթե դուք բարեհաճեք մտնել նրանց կաշվի մեջ կամ ընդունել նրանց կերպարանքը, այսինքն՝ հարկավոր կեղծավորությունը գործ դնելով՝ նմանեք նրանց ընդունելով այն վարդապետությունը, որ նրանք ուսուցանում են, և հավանություն ցույց տալով նրանց բոլոր գաղափարներին. ձեր անելիքը հետևյալը կլինի. դուք կսկսեք Աստվածաշունչ կարդալ, կյուրակե օրերը կերթաք նրանց աղոթքի ժողովարանը, երբեմնապես այցելություն կանեք նրանց աղջկանց և տղայոց վարժարաններին, մի քանի անգամ փող կբաշխեք այնտեղ սովորող որբերին, այդ վարժապետների հետ խոսակցության ժամանակ դուք նրանց գլուխները կուռցնեք ունայն հույսերի քամիներով, խոստումներ անելով ամեն կերպ օգնել դպրոցի և նրանց գործի օրըստօրե հառաջադիմության համար: Ձեր քույրը կուղարկեք տիկին Սալլաթինի մոտ ուսանելու, այդտեղ է և օրիորդ Սալբին. իհարկե ձեր քույր կբարեկամանա յուր ընկերուհու հետ, և նրա լեզվով դուք կսկսեք խոսել օրիորդ Սալբիի հետ: Այժմ, կարծեմ, բավական բացահայտ են ձեզ իմ ծրագրները: Դուք այդ բոլորը կատարելուց հետո, ես էլ իմ պառավ քույրր կսողեցնեմ աղջկանց վարժարանը, որպես կամավոր և անթոշակ աղախին: Իմ քույրը ավելի խորամանկ է, քան այն օձը, որ խաբեց առաջին կինը դրախտում, և դուրս բերեց այնտեղից: Եվ այդ կերպով, դուք` ձե՜ր քրոջ միջոցով, ես` իմ քրոջ, կսկսենք ներգործել օրիորդ Սալբիի մտքի վրա: Այս թող լինի մեր առաջին փորձը: : րանց խոսակցությունը ընդհատեց ծառան, որ ներս մտավ ղեյլանը ձեռին:

ԺԶ

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ո՞վ չէ սիրում բուն բարեկենդանը: Ո՞վ չէ ուրախանում այդ օրը: Այդ օրը հետին անճար աղքատն անգամ, յուր ամբողջ չքավորությամբ` կարողանում է մի չնչին արծաթ գոյացնել, որով գնում է մի քանի բուռն բրինձ, մի փոքր եղ, եփում է փլավ, և արևելքի այդ ազնիվ կերակուրով, ուրախ անցնում է բարեկենդանը:

Քանի՛ զվարճալի խաղերով են անցնում բարեկենդանը մյուս պահեցող ազգերը. բայց հայը՝ յուր բարեկենդանի խաղերի մեջ անգամ ոչ մի ուրախալի իրողություն չէ հանդիսացնում, որովհետև աշխարհիս թատրոնի մեջ, նրա կյանքը անցել է ցավալի եղերերգությամբ, նրա օրը միշտ սև է եղել, նա չէ՜ ճաշակել ո՜չ մի ուրախություն...: Հայը, Ասիայում, բարբարոս ազգերի գերության տակ միշտ ճնշված լինելով, յուր բարեկենդանի խաղերի մեջ ևս ձևացնում է ա՜յն տխուր և տրտում դեպքերի դառն հիշատակները, որ նրա համար հազարավոր ախ ու վախի, բյուրավոր արտասուքների պատճառ են եղել:

Զուռնայի բարակ և սուր ձայնը, դհոլի, դափ ու դայիրայի տմբտմբոցը՝ Ծաղկավանի մեջ խաղեր սկսելու նախերգանքն են: Փողոցի մեջ ձիավոր և հետևակ մարդկանց խուռն բազմություն է արշավում: Քրդի էշիրաթի փառավոր հագուստով բոլորից առաջ ընթացող ձիավորը մի հզոր խան է ձևացնում: Նրա հալեպյան կերպասից զոլ-զոլ բինիշի խայտաճամուկ դրոշակները փողփողում են քամու հորձանքի դեմ, նրա փակեղի գույնզգույն փաթեթը փայլում է հարյուրավոր գույներով: Հպարտ, փքվելով, նստել է նա մի պատվական երիվարի վրա, որի պարանոցը զարդարված է արծաթի ռաշմայով (պալարակապով). նա զինված է այդ բարբարոս ցեղի հզոր իշխանների պես. արաբական կեռ թուրը քարշ է ընկած նրա կողքին. ձեռքին ունի եղեգնափայտից թեքուն մզրախ (նիզակ). մի լայն հնդկական վահան` թափանցիկ ապակենման կաշուց` գցած է նրա մեջքի վրա, ղաջարի դաշույնը մի զույգ ատրճանակների հետ, թեք խրած են նրա քիրմանի շալե հաստ գոտու մեջ, փորի վրա: Եթե մենք վեր առնեինք այդ ծպտված իշխանի երեսից նրա սարսափելի դիմակը՝ կտեսնեինք մեզ ծանոթ նենգ պատկերը դրա տակ, յուր շիլ աչքերով, սև գանգրված մորուքով և ահավոր մռայլոտ դեմքով ոչ այլ ոք էր, քան Ռես Վասակյանցը, այսպես էր Ռեսի տոհմանունը, որ յուր անհամեմատ ընդունակությունը կարող էր ցույց տալ ամեն տեսակ գործերի մեջ: Իշխանին հետևող մյուս ձիավորները նրա թիկնապահներն և ծառաներն են ներկայացնում. սրանք բոլորը պարսից հին ձևի զրահ են հագել. գլխներին թասանման սաղավարտներ` սրածայր վերջավորությամբ, երկաթի օղակներից ցանցատեսակ հյուսած հագուստով զրահավորված, ձեռքերին նիզակ և թուր:

Հետևակ բազմությունը բաղկանում է հետաքրքիր երեխաներից և դատարկապորտ մարդկանցից, որ միմյանց հրելով, աղաղակելով ման են գալիս փողողից փողոց, և ամեն մի դռան առաջ կանգ առնելով կոչում են — «սուլսա՜թ, սուլսա՛թ» — այսինքն պաշա՜ր, պաշա ՜ր:

Տանտերը դուրս է գալիս: Մի լեզվանի արտլի (շաթր) պատգամախոսում է. — «Ահմատ-խանըորին աստված երկար կյանք, փառք և պատիվ տա, որի թուրը աստված միշտ կտրուկ անե, և յուր թշնամիների վրա հաղթություն տաԱհմատ-խանը, մեր ամենակարող իշխանը, մեր գլխի տերը՝ յուր թշնամիների հետ նոր պատերազմ ունենալու համար, դուք, ամենախոնարհ հպատակներդ պետք է սուլսաթ տաք նրա քաջ, պատերազմող զորքերին, որ այժմ հացի կարոտ են: Եթե մի անբախտ մարդ համարձակվի այդ բարձրագույն հրամանին դեմ կենալնա յուր գլխի տերը չէ»:

Ամեն տանից դուրս են բերում գինի, արաղ, եղ, բրինձ, ձու, տալիս են այդ մարդկանց, որ դրանք հավաքում են իրանց պարկերի մեջ և հայցելով խանի հզոր ձեռքի հովանավորությունը՝ երկարակեցություն են մաղթում նրան: Բայց խանը չէ կամենում հեռանալ, շաթիրը նրա կողմից ձայն է տալիս, թե խանը պահանջում է դիշքիրասի, այսինքն՝ նրանց հացը ուտելու համարատամների վարձ. տալիս են մի քանի աբասի փող ևս:

Այսպես, գյուղի բոլոր տներից առատ պաշար հավաքելով, գնում են գյուղից դուրս, մի առանձնացած տեղ և բոլոր ընկերներով, մինչև կեսգիշեր սկսում են կերուխում անել և ուրախանալ:

Մենք ավելորդ ենք համարում նկարագրել բարեկենդանի այն բազմաթիվ խեղկատակները, որ անճոռնի հագնված և ծիծաղաշարժ ձևերով, ավանակների վրա նստած՝ այդ օր շուռ են գալիս փողոցե փողոց:

Արևը գնալով մոտենում էր յուր մուտքին: Ժամատան կոչնակները ժողովուրդը եկեղեցի էին հրավիրում: Բա՜յց, այդ օր ո՞վ է կոչնակի ձայն լսողը, կամ ժամ ու աղոթք միտ բերողը, բոլորը հարբած՝ քեֆի մեջ են: Ժամ էին եկել ժամհարը և տարիքներով բեռնավորված, ամեն բանից զրկված մի քանի ալևորներպառավների հետ: Ժամհարը երկար սպասելով, երբ տեսավ թե տերտերներն ևս չեկան, անճարացած ինքն է օրհնում ժամը. «Հայր մեր» ասաց, կանգնեց քահանայի տեղը, մի քանի ծունր դրեց, երեսն խաչակնքեց. պառավներն ու ծերունիները նրա օրինակին հետևեցին, և ժամը վերջացավ:

Ժրագլուխ Մխոնոր նախածանոթ է մեր ընթերցողինեկեղեցու դռները շառաչմամբ փակեց, և ահագին ծանր բանալին գրպանը դնելով, դուրս եկավ ժամատան բակից և քայլերը ուղղեց դեպ գյուղամեջը, այսպես խոսելով ինքն իրան– — «ո՜րքան կամենում եք՝ կերեք, ո՜րքան կամենում եք՝ խմեցե՜ք, ա՜յ հիմարներ, բայց առավոտյան դարձյալ պիտի քաղցենաք, այնուհետև, հիսուն օր շարունակ ձեզ հետ եղբայր են ոսպն ու լոբին: Հոգիներդ կդուրս գա, այնքան կուտեք, որ փորներդ կուռչի, դհոլ կդառնա: Պասը եկել, գյուղի դռանն է հասել, շատը գնացել քիչն է մնացել. այժմ ինչ ուզում եք արեք...: Առավոտյան, երբ քահանան եկեղեցում կկարդա «Լվացարո՜ւք և սրբացարո՜ւք», դուք շտապում եք տուն գնալ և կարասիքն ու զատկի օրերը գործածած ամանները լվանում եք, որ պասվա համար եղոտ չլինի...: Արդյոք դուք մտածո՞ ւմ եք լվանալ ձեր հոգու ամանըձեր սիրտը, որ ա ՜յնքան ապականվել է կեղտերով...: Ո՜չ, ամենևին ո՜չ... որովհետև դուք չեք մտածում աղքատի և տնանկի մասին: Ահա ես, օրինակի համարմի ամբողջ գյուղի ժամհարն եմ. մի այսպիսի ուրախալի օր իմ ընտանիքս դեռ սոված է, և իմ ձեռքը մի բաժակ գինի տվող չէ եղել, իմ աղիքները ներսից աղաղակում ենա՜յ մարդ, սովից կմեռնիս, գլխիդ ճարը արա՜: Ա՛խ, տեր Մարկոս, ո՞ւր է քո տյառընդառաջի օրվա խոստումը, թե՜ բարեկենդանին մի լավ քեֆ կանենք», բայց այսօր քո Մխոյին չես ճանաչում...:

Այսպիսի տխուր մտածմունքներով լցված, ժամհարը, յուր բախտից և յուր վիճակից գանգատվելով, յուր կյանքը անիծելով, գլուխը քարշ գցած, գնում էր փողոցի միջով չհամարձակվելով բարի գյուղացու դուռը բացելու և յուր փորին մի փոքր կեր տալու:

Նույն միջոցին պարոն Արամ Աշխարունին և նրա ընկեր պարոն Խոսրով Մելիքզադեն, իրանց մելամաղձական բնակարաններից դուրս գալով գնում էին գյուղից դուրսզբոսանքի և հասարակաց ուրախության մասնակից լինելու համար: Այստեղտափարակ դաշտի վրա խաղում էին ամբողջ գյուղի տոնասեր մարդիկ, բայց ափսո՛ս, որ մի անբախտ սովորությամբ՝ նրանց մեջ ոչ մի կին չէր երևում, միայն այստեղ ու այնտեղ հեռուն, պատերի ետևը կուչ եկած-գաղտուկ նայում էին մի քանի աղջիկներ, այն ևս, մի մարդ նրանց կողմը գնալիսփախչում, աներևութանում էին:

Երկու բարեկամները երկար պտտելով, զարմացած, չգտնելով տեր-Առաքելենց Ռուստամը, նա, որ միշտ այդպիսի հանդեսների դյուցազն էր, նա՜, որ ա ՜յնքան շատ էր սիրում ազգային խաղերը:

Նրանք շարունակեցին որոնել, բայց ո՜չ ձիարշավների, ո՜չ բռընցքամարտերի և ո՜չ էլ ըմբիշների մեջ չկարողանալով նրան գտնել, հուսահատված գյուղ դարձան: Նրանց հանդիպեց ժամհարը, որ թոնթորալով գնում էր.

— «Այս գիշեր միակ օգուտը, որ հասնելու էր ինձ, որպես ժամհար, մի պսակից, ա՜յն ևս անիրավները արգելեցին», — ասաց նա յուր վերջին գանգատը:

Ի՞նչ պսակ, — հարցրուց նրան պարոն Մելիքզադեն:

Հովասաբենց Սալբիին, տեր-Առաքելենց Ռուստամի հետ, — պատասխանեց ժամհարը:

Ո՞վ արգելեց:

Նա՜, որի ձեռքումն է կապելու և արձակելու օրենքը, — պատասխանեց ժամհարը խորհրդական եղանակով:

Նրանք թողին ժամհարի հետ ավելորդ հարցուփորձը, և շտապեցին տեր-Առաքելենց տունը:

Առանց երկար ծանոթ լինելու Ռուստամի հետ, մի հարցասեր մարդ մտնելով նրա անձնական սենյակը և նկատելով նրա միջի կահ-կարասիքը, որ լիովին հատկանիշ էր նրա բնավորության, կարող էր ստույգ գաղափար կազմել նրա անձնավորության մասին:

Ռուստամի առանձնարանը շինված է պարսկական ճաշակով և թույլ լուսավորված երեք պատուհաններով: Ներս մտածին պես, տեսողություն հրապուրող առաջին առարկան հանդիպակաց պատի երեսից հպարտ քարշ ընկած եվրոպական երկփողանի հրացանն է: Մի այլ հրացան, Ղրիմի գործ, և մի քանի զույգ ատրճանակներկարգով դրված են նրա մոտ: Սենյակի պատի մյուս ճակատից արծաթ գոտուց կախված է ահագին Խորասանի թուրը լեզգու երկսայրի խանչալի հետ, և զանազան ձևերով վառոդի և գնդակների ամաններ: Դրանցից ոչ այնքան հեռու, մի անկյունում հանդարտ թեք են ընկած երկայն եղեգնափայտյա նիզակը, նրա մոտ թափանցիկ կաշուց շինած լայնեզր վահանը, պատերազմական կացնի հետ: Մյուս անկյան մեջ, դռան մոտ տեղավորված են ձիու թամբը, սանձը և այլ պիտույքները իրանց պարագաներով: Սենյակի պատերի վրաոր հատուկ է բոլոր ասիական տներինկան զուգահեռաբար բաժանված դարաններ, որ լի են տիրոջ ճաշակը ցույց տվող այնպիսի առարկաներով, որոնց զարդն են կազմում Ռուստամի ընթերցման ամենասիրելի գրքերի հատորներըՀոմերոսի Եղիականը և Ոդիսականը, Մովսես Խորենացի, Եղիշե, հըռովմայեցվոց և Հունաց պատմագրեր, Ֆիրդուսու ՇահՆամեն, Թարգ-Նադրը, Հաֆեզի և Սաադիի երգերը:

Ասիական սենյակների ամենազարդարուն կողմը վառարանի կողմն է: Կրակի սրբազան պատիվը ո՜չ քրիստոնեական և ո՜չ էլ մահմեդական դարերին չէ կորցրել յուր նվիրական պաշտոնը: Ա՜յդ է պատճառը, որ վառարանը դրվում է սենյակի բարձրագույն ճակատում, որ համարվում է սենյակի պատվավոր նստատեղին և արժանավոր հյուրերը միշտ հրավիրվում են վառարանի աջ և ահյակ կողմերում նստելու: Ռուստամի վառարանի մի կողմում քարշ էր տված Հայկի հսկայաձև պատկերը, իսկ մյուս կողմումԱրամի: Նրանց մոտ կարգով շարված էին մնացյալ հայոց քաջերի՝ Պարույրի, Արշակի, Տիգրանի, Արտաշեսի, Վարդանի և այլոց պատկերները:

Ռուստամը բացի դրանից, այլ սենյակ չունի. նրա կյանքի բոլոր պիտույքները գտնվում են այդ սենյակի մեջ: — Այդտեղ է նա գիշերները քնում, կարդում, երգում և նվագում. այդտեղ է նա ընդունում յուր հյուրերը, այդտեղ է նա անցնում յուր կյանքի ուրախ և տրտում օրերը...:

Տխրության ոգին սև թևքերով գրկել էր տեր-Առաքելենց տունը: Նրանք ոչ միայն հարսանիքի պատրաստություն էին տեսել, այլև հրավիրել էին հեռու գյուղերից իրանց բոլոր մերձավոր ազգականները, հուսալով շաբաթ գիշեր պսակը կատարել տալ, իսկ կյուրակե, բարեկենդանի տոնախմբության հետ՝ վայելել հարսանիքի ուրախությունն ևս, երբ հանկարծ լսեցին այն բոթաբեր լուրը, թե առաջնորդի գործակալը հրամայել է պսակը չկատարել, «որովհետև կարոտ է խորին քննության»:

Ռուստամը միայնակ նստած յուր սենյակում, անձնատուր եղած մտավոր հափշտակության, յուր սիրածի կրակով վառված, այդ միջոցին տխուր և հուսահատ ձայնով երգում էր յուր տաղը.

Երբ մանկության անցան օրեր,
Եվ պատանու ստացա հասակ,
Անմեղ սրտումս դու առաջին
Վառեցիր ջերմ սիրո կրակ:

Դու առաջին միտքը մանկական,
Որ սիրում էր խաղեր անգետ,
Հափշտակած դեպ քեզ թովեցիր,
Եղար մտածմանցս միջակետ:

Թվի թե երազ առ աչոք
Ամեն վայրկյան, ամեն րոպե,
Սիրուն պատկերդ աչքիս դեմ՝
Միշտ հարաժամ կհանդիպե:

Կարծես կախարդիչ զորություն
Կամ թե մի թիլիսմ դյութական
Գրավել են խելք ու միտքըս,
Միշտ քեզ սիրել, իմ աննման:

Միշտ քեզ սիրել, միշտ քեզ պաշտել,
Դու իմ աստված, դու իմ հույս,
Միշտ քեզ գովել, միշտ քեզ երգել,
Քանի կա կյանք, քանի կա լույս:

Գնում եմ արտ, հասկեր ոսկի,
Որ ցանեցի իմ ձեռքով,
Խշխշում են հով զեփյուռից,
Կարդում անունդ մեղմ ձայնով:

Երբ արշալույսի պահուն՝
Մտնում եմ կանաչ այգին,
Ո՛հ, բնությունն էլ ինձ հետ
Ներդաշնակե՜ նազելին:

Առվակի կարկաչուն ձայն,
Կանաչ խոտեր, ծառ և ծաղկունք
Լսեցնում են ինձ քո անուն՝
Հեզիկ հողմեր, երգող թռչունք:

Այն ի՞նչ օր էր, օ՛ր երջանիկ
Հազա՜ր անքամ տամ երանի.
Երբ ես տեսա արձակ դաշտում
Այն երկնային սիրուն հուրի:

Ո՛հ, այն օրը նվիրված էր
Ծաղիկների թագուհուն,
Որ նարկիզ, մեխակ, շուշան
Պեսպես վարդերով անհուն

Հյուսել էր մի պսակ նախշուն,
Պճնել գարունը հրաշափառ,
Եվ զարդարել աստուծո տուն`
Կամ բնության շքեղ տաճար:

Ժամտան այգիում աղջիկները՝
Ջանգյուլումը երգում էին,
Եվ վիճակի սափորի մեջ՝
Յուրյանց բախտը կորոնեին:

Այո՜, դու էլ այդ դյութական
Ամանի մեջ արկիր վիճակ,
Ու իմ սերը այն սուրբ օրից
Սրտիդ հետը կապվեց անքակ34:

Այն սուրբ օրից աստուծո առջև`
Մենք դրեցինք այդպիսի ուխտ. —
«Մեռնիլ միասին, ապրիլ միասին
Որքան կա կյանք, որքան կա շունչ»:

Մի օր ևս Կաթնաձորում՝
Աղջիկները կխաղային ջուջնա35.
Հարսանիք էր խրձիկննրի.36
Այնտեղ նույնպես ես քեզ տեսա:

Ես քեղ տեսա, նազ նազելով`
Ձեռքդ առիր դայիրան,
Եվ ածեցիր և պար եկար,
Քանի՛ սիրունաննման…:

Դու հեռվից ինձ նայեցար,
(Սիրտս ո՛րքան այրվում էր…)
Լեզուդ մունջ էր, բայց աչերդ՝
Հայտնաբարբառ խոսում էր.

Քանի՛ վարդեր դու թափեցիր՝
Քո լուսափայլ թշերեդ.
Քանի՜ նետեր ինձ զարկեցիր`
Այն սևորակ աչերեդ:

Մի օր յուրյանց այգումը
(Չէ՞ր նա հավերժահարս դաշտային.)
Գլխին դրած ծաղկյա պսակ,
Միրգ կքաղեր զամբյուղ ձեռին:

Երջանիկ էր, այն օր՝ եդեմ37
Գարնանամուտի նման,
Այն հիշատակ ես կտանեմ,
Ինձի հետ խոր գերեզման…:

Երրորդ անգամն էր, այո՜,
Ես քեզ տեսա, ո՜վ իմ հրեշտակ.
ԴՈԼ մի խումբ աղջիկներով`
Նստած էիր ա՜յն ծառի տակ:

Նորաբույս խոտերի վրա
Ուրախության կազմած խրախճան
Ձեր սրտերը զմայլանքով լի՝
Վայելում էր սեր անվախճան:

Ես էլ իմ ընկերաց հետ.
Խնջույքի մեջ հեռուն նստած՝
Հանկարծ ստացա գույնզգույն
Ծաղիկներով մի փունջ կապած:

Իսկույն հասկացա ես շուտով,
Այն քո ձեռքերով քաղած էր.
Այն նորաբույս ծաղիկները
Ինձ բուրեցին քո սուրբ սեր38:

Չորրո՜րդ անգամն էր ես տեսա,
(Տիրոջ Համբարձման օրն էր)
Շատ նայեցա, գաղտնի, հեռվից,
Ո՛հ շատ տանջեց ինձ քո սեր:

Առավոավան բերկրարար հովին,
Նա երգում էր որպես հրեշտակ,
Կամ թե վարդի կանաչ թփին՝
Ուրախաձայն սիրուն սոխակ:

Նա տեսավ ինձ, ճլվլալով
Թռչնիկի պես, ինձ մոտ վազեց,
Գրկեց քնքշիկ ձեռքերովը,
Իմ թուշը յուր թշին սեղմեց:

Հանկարծ որպես նոր Ֆլորա`
Նա ինձ տվավ մի ծաղկեփունջ,
Կախարդված ծաղկանց անուշ հոտը`
Հոգումս փչեց նոր կյանք, նոր շունչ:

Այն ի՛նչ խոսք էր, որ նա ասեց.
— «Այդ անուշահոտ վարդերը`
Առ օրինակ քեզ սիրական,
Ծաղկի պես միշտ թոզ թարմ լինի քո սերը»:

«Բա՜յց անհոգ կաց, իմ նազելի».
Ասացի ես հիացած,
«ԴՈԼ իմն ես հավիտենից.
Մեր ճակտին այսպես է գրված:

«Քանի արևն երկնքից՝
Ծագում է ինձ պայծառ լույս.
Քանի շունչս ունի ելումուտ,
Քո սուրբ սերը կից է հուգույս:

«Քանի հողանյութ մարմինս`
Ծծում է պարզ օդ եթերին,
Այդ օրերի րոպեք ոսկի`
Միշտ կհնչվին մեջ իմ սրտին:

«Չեմ թող տալ, սիրուն ձեռքդ
Բռնե մի այլ տղամարդ,
Չեմ թող տալ ժանտ փուշի հետ`
Ծակծկվի մի քնքուշ վարդ:

«Բա՜յց երբ որ կգա մահը
(Ես հնազանդ եմ իմ օրհասին),
Քո ձեռքովդ այդ կաղնիի տակ`
Կամփոփես իմ ցուրտ մարմին:

«Գլխիդ հյուսերն քամուն տված՝
Դու հերարձակ մի սգավոր,
Գերեզմանս կլվանաս՝
Քո արտասուքներով հորդոր:

«Դու կատարե, իմ բարեկամ,
Քո առ իս սիրո վերջին պարտքը,
Գերեզմանիս վերա ծխե՜
Քո ձեռքովդ անուշ խունկը:

«Այդ մեծ կաղնին մեր զրույցների
Նվիրական սրբարան,
Յուր Հովանվո տակ թող պահե
Իմ ոսկերաց գերեզման:

«Նորա ոստից դու իմ սազը
Կախե ինձ վերա ուղղակի.
Թող զեփյուռից ձայն տան լարերն
Եվ հնչեցնեն՝ «Սալբի» — «Սալբի»:

Քստմնեցավ իմ նազելին,
Որպես ահեղ հարվածքից,
Ձեռքս բռնեց կարեկցաբար
Ընձի խոսեց նա այդպես.

— «Այդ խոսքերը, իմ սիրելի,
Ինձ բերում են սարսափ, ահ,
Զի մահվան խոսքը խիստ տխուր է,
Եվ խիստ տրտում, որպես մահ:

— «Մեր կյանքը, ինձ հավատա՜,
Որպես պճնած մի գարուն,
Օրըստօրե ծաղկեցնե
Յուր վարդերը թարմ, սիրուն»: —

Ա՛խ, դու այդպես գուշակեցիր,
Բա՜յց այժմ ինչո՞ւ ժանտ փուշեր
Վրդովում են մեր կյանքը,
Ծակոտում են օր ու գիշեր:

ԺԷ

ԱՐԳԵԼՔ

Պարոն Աշխարունին, այդ նորահաս աստվածարանը, չոր ու ցամաք զգացողության տեր մարդ լինելով, նրա հոգին ընդունակ չէր բանաստեղծության վսեմափառ գեղեցկությունները վայելելու, բայց և այնպես, Ռուստամի երգը մի մոգական զորությամբ ազդեց նրա վրա, և նա, պարոն Մելիքզադեի հետ երկար կանգնելով Ռուստամի դռան առջև, ականջ դնելուց հետո, ներս մտան:

Ի՛նչ ես թուլասիրտ Պարիսի նման ա՜յդպես մեղկությամբ գեղգեղում, — հեգնությամբ ասաց պարոն Մելիքզադեն:

Ա՜յժմ ինձ վրա ծիծաղելը անտեղի է, Խոսրով, — ասաց Ռուստամը, վշտահար ձայնով, — եթե դուք գիտենայիք, ինչ դրության մեջ եմ ես, շուտով կհոժարվեիք մխիթարել ինձ:

Փոքրիկ լճակները ալեկոծվում են նաև բարակ հողմերից, փոքրիկ սրտերը ևս չնչին ցավերից են վրդովում, — ասաց պարոն Մելիքզադեն: — Բայց դրանք ձեր մեծահոգությունից հեռու են. — դուք միշտ, որպես ամեն մի տղամարդ, պարծենում եք ամուր և հաստատուն բնավորությամբ:

Եթե պարոն Աշխարունին բացակա լիներ այնտեղից, Ռուստամը մի կողմ դնելով ամոթխածությունը, պատասխանելու էր, թե «սերը հաղթում է բոլոր կրքերին, բոլոր հոգեկան զորություններին»:

Պարոն Աշխարունին ընկղմված խորին մտածությանց մեջ չէր խոսում: Նա, փորձված մարդկանց հեռատեսությամբ, մի վտանգավոր գաղտնիք էր նկատում Ռուստամի պսակը արգելելու մեջ, և, քննության անունով, պսակը մի քանի օր հետ ձգելու պատճառը մի միջոց էր համարում, երբ, ո՞վ գիտե, ինչ սատանայական որոգայթներ պիտի լարվեին:

Մահտեսի Ավետիսը, լսելով պարոն Աշխարունու և պարոն Մելիքղադեի գալուստը, որդու սենյակը մտավյուր լցված սրտի դառնությունը նրանց առջև թափելու համար: Նա, սովորական ողջույնը տալուց հետո, երկար, տխուր դեմքով լուռ նստած ծխում էր յուր երկայն ծխափողը: Հյուրերը նույնպես լուռ էին, տեսնելով մահտեսի Ավետիսի տխրամած դեմքը, մինչև նա խոսեց.

Ես ո՜րքան էլ սառնասիրտ էի դեպ հայոց եկեղեցականները, ես կարող եմ ասել` չարաչար ատում էի նրանց իրանց արտուղի ընթացքի համար, բայց տակավին մի հնամոլ ազգասիրական զգացմունքով նրանց չէի կամենում միանգամայն ոտքի տակ առնել, որովհետև դեռ կասկած ունեի նրանց մասին իմ կազմած կարծիքների վրա: Բայց այս պսակի գործը ինձ միանգամայն դուրս բերեց ամեն երկմտությունից, և հայտնի կացույց իմ առջև նրանց բոլոր խաբեբայությունները:

Պարոն Աշխարունին ոչինչ չխոսեց. նա խորհրդական կերպով շարժեց յուր գլուխը:

Նույն միջոցին, մի մարդ միայնակ շարժվում էր նախասենյակի մթության մեջ, նա ավելի մոտ գնաց դռանը և սկսեց ականջ դնել:

Այդ պսակի համար այդքան հոգս քաշել բոլորովին ավելորդ էր, Մահտեսի, — ասաց պարոն Մելիքզադեն վճռական եղանակով, — ես վաղուց ասել եմ, և այժմ էլ կրկնում եմ, որ եկեղեցականները ազգի կռնակի վրա մի ավելորդ բեռն են, և մենք երբեք պարտավոր չենք սնուցանել և գիրացնել անպիտան տերտերներ, վարդապետներ և այլն, և այլն, որովհետև քրիստոնեությունը չունի մի որոշյալ դաս ժողովրդակարգի՝ ծնված հայր Բրահմայի գլխից:

Ի ՞նչ եք ուզում ասել, — հարցրուց պարոն Աշխարունին հանդարտությամբ:

Նախասենյակի մարդը ականջը ավելի մոտեցրեց դռան ճեղքին:

Ես կամենում եմ ասել, մի հիմար տեր Մարկոս, մի անպիտան տեր Կիրակոս յուր նյութական օգտի համար, կամ որևիցե այլ չարամտությամբեթե չէ կամեցել կատարել մեր բարեկամ Ռուստամի պսակը, այդ մեզ փույթ չէ, և չարժի դրա համար անհանգիստ լինել, որովհետև ամուսնությունը, ըստ իմ կարծիքի, կրոնին ո՜չ մի վերաբերություն չունի, լինելով մի անկախ քաղաքական դաշնադրություն մի արուի և մի էգի մեջ, որով նրանք կապվում են, կամ լավ ևս է ասելընկերանում են՝ իրանց սեռական խորհուրդը կատարելու՝ և իրանց կյանքը համաշխարհային մարդկության պիտույքներին համակերպելու համար...:

Հետո՞:

Եթե ինձ կլսեք, — առաջ տարավ նա, — այստեղ կա երկու օտար մարդդուք և ես. մի երրորդն ևս կհրավիրենք, այնուհետև բերել կտանք օրիորդ Սալբիին. երեք մարդ բավական է վկայելու, որ օրիորդ Սալբին դարձավ պարոն Ռուստամի կինը, իսկ սա՝ նրա ամուսին այրը. և դա կդառնա մի արդարացի պսակ և ամուսնություն:

Նախասենյակի մարդը սկսեց ավելի անհանգստությամբ շարժվել. վերջին խոսքերը կարծես անտանելի էին նրան. նա կծկվեց դռան ետև, որ ավելի պարզ լսե, բայց հանկարծ երբ տեսավ, որ ծառան մի ճրագ ձեռքին իրան էր մոտենում՝ արագությամբ վեր ցատկեց և սենյակի դուռը բացելով՝ ներս մտավ:

Ահա՜ ես, երրորդ մարդը, ասաց նա ծիծաղելով, բարի իրիկուն...աստված ձեր բարի խորհուրդը հաջողե... բայց ներողություն, պարոններ, բյուր անգամ ներողություն, պարոն Մելիքզադե, ես հանկարծակի ընդմիջեցի ձեր խոսքը, ես բոլորովին բաժանորդ եմ ձեր կարծիքին. եղբայրներ, այդ ի՞նչ աստծո պատիժ են եղել մեր գլխին եկեղեցականք ասվածները... ինչ որ ուզում՝ անում են. և իրանց կամեցածի պես՝ մեզ կապկի նման պար են ածում... Եթե մենք, աշխարհականներս, մեր իրավունքը ցույց չտանք, թե կարող ենք ապրել և կառավարվել առանց տերտերների ևսճշմարիտ եմ ասում, այդ փչացածները երբեք չեն ճանաչի իրանցպարտքն ու չափը:

Պարոն Աշխարունին իսկույն հասկացավ, որ եկողը առաջուց իրանց խոսակցության ականջ էր դրել: Եվ իրավ, եկողը այդպիսի ընդունակություններով օժտված՝ Ռես Վասակյանն էր, որ մի կերպ սողացել էր տեր-Առաքելենց տունը, պսակի արգելքից հետո նրանց վերջին դիտավորությունը լրտեսելու համար: Հանկարծ, լսելով պարոն Մելիքզադեի վճիռը, նա կապկորեն հետևեց նրա կարծիքին, տեսնելու՝ թե ո՞ւր կհասներ դրա վերջը: Նա մտադիր էր, այդ առաջարկությունը ընդունելություն գտածին պես, մի կերպով աշխատել հերքել նրան: Բայց պարոն Աշխարունին նրան դուրս բերեց այդ դժվարությունիցյուր սովորական հանդարտ ձայնով առարկելով. — Սկսյալ սաղիմ յան Մելիքսեդեկից և ղևտական կարգից, քահանայությունը Քրիստոսի միջոցով անցել է և մեզքրիստոնյաներիս: Մենք չենք կարող հերքել քահանայությունը, բայց կարող ենք մաքրել և սրբել նրան յուր այժմյան ավելորդ կեղտերից և համաձայն կացուցանել նրան Ավետարանի վարդապետությանը: Իսկ ամուսնությունը, որպես քաղաքական մի օրենք աշխարհական մարդկանց ձեռքը տալուն ես համամիտ չեմ ամուսնությունը, որպես մարդկային կյանքի մի ծանրակշիռ և խորախորհուրդ իրողություն, և որպես մի սուրբ բան` պիտի մնա աստուծո և նրա կրոնքի ներգործության տակ:

Վասակյանը իսկույն զգաց յուր սխալը, և տեսնելով, որ պարոն Աշխարունին յուր դատողության ծանրությամբ ծռեց կշեռքի մի թաթը, ինքը անհարմար էր դատում թեթև կողմը մնալ. նա մտածեց ցատկել այն կողմը, որ այդ ժողովի մեջ ավելի համարում ուներ: Այդ դժվարությունից նրան հանեց մահտեսի Ավետիսը յուր հարցումով.

Ռե՜ս, դուք ի՞նչ եք կարծում:

Կեղծավորը օգտվեց հարմար պատեհությունից և իսկույն պատասխանեց.

Ճիշտն ասած, ես իմ հոգու բնական տրամադրությամբ մի մազաչափ ևս չեմ կարող ծռվել ճշմարտությունիցպարոն Աշխարունու ասածը ուղիղ է:

Ասենք թե ուղիղ է, — նրա խոսքը կտրեց պարոն Մելիքզադեն, — բայց ի՞նչ է մեր ճարը, հավիտյան մենք գերի՞ պիտի մնանք եկեղեցականների շահավաճառության:

Ես ձեր ասածին համաձայն եմ. առաջնորդի գործակալի միտքը, պարոն Ռուստամի պսակը հետաձգելու մեջ՝ ուրիշ ոչինչ չէ՜ եղել` բայց սոսկ շահավաճառություն, — պատասխանեց Ռես Վասակյանը կամենալով վարագուրել այդ կործանման խորհրդի իր մասնակցությունը: — Բայց, լսեցե՜ք, պարոններ. ես, որպես մի մարդ, որ սրտով ավելի մոտ է ձեզ, ես, որպես մի Ռես39, որ ավելի գործ ունիմ մեր հասարակության հետ, թերևս ավելի ստույգ քան թե դուք` ճանաչում եմ մերայինների հոգին և նրանց, այսպես ասածհիմար նախանձախնդրությունը: Ձեր այժմյան դրության մեջ ձեզ անվայել է այնպես կտրուկ վարվել, որպես պարոն Մելիքզադեն էր խորհուրդ տալիս, որովհետև, մի այդպիսի տարապայման ձեռնարկություն այնքան խորթ է մեր ժողովրդի աչքին, որ նա իսկույն կկատաղեցնե մոլեռանդ և սնահավատ ամբոխը, ավելի ատելության տեղիք կտա: Ուր մնաց, առանց այդ ևս, ձեր տարածած անաղոտ լույսը, տեսնո՞ւմ եք, ո՜րպես շլացնում և ծակոտում է ռամիկ խավարասերների աչքերը:

Այդպե ՜ս է, Ռես, բոլորովին այդպես է, — կրկնեց մահտեսի Ավետիսը:

Առաջնորդի գործակալը պատճառ է գտել պսակը արգելելու, — առաջ տարավ Ռեսը, — ասելով, թե քննող քահանաները սխալված են եղել, օրիորդ Սալբիի և պարոն Ռուստամի մեջ եղած խիստ մերձավոր արյունակցությունը չնկատելով, որը, ըստ Հայաստանյաց հայրապետադիր կանոնադրությանարգելում է պսակը: Բայց այդ անտեղի գյուտը ուրիշ ոչինչ չէ, բայց լարված որոգայթ, նյութական օգուտ՝ կամ այլ խոսքովշահավաճառություն որսալու.. .:

Ավետարանի մեջ չկա մի այնպիսի կանոն, թե արյունակցությունը ամուսնության արգելք է, բացի մի քանի կանոններից, որ մեզ հայտնի են հին կտակարանից, — ասաց պարոն Աշխարունին հեղինակավոր ձայնով: — Եվ դուք, Ռես, ասացիք «մեր Հայաստանյաց հայրապետադիր կանոնադրության» համեմատ. ուրեմն մենք պետք է ընդունե՞նք բացի Քրիստոսից, մեր կրոնքի երկրորդ, երրորդ և այլն, և այլն հեղինակներ, որպիսիք են հայրապետները:

Օրհնած, այդ ո՞ւր եք խոսում, — նրանց խոսքը ընդհատեց մահտեսի Ավետիսը, — դիցուք թե «հայրապետադիր կանոնները» ևս լինին սուրբ Ավետարանի մեջ. այդ «հայրապետադիր կանոնները» պիտի արգիլեն մերձ և սրբապղծական ամուսնությունները. բա՛յց, ողորմություն արեք, իմ որդու արյունը Հովասաբենց արյունից բաժանված է՝ սկսյալ նոյի օրերից: Ամենևին ձեր բացատրության հետ համաձայն չեմ, պարոն Վասակյան, ես, այս անհիմն արարքի մեջ մի թաքնված գաղտնիք եմ նկատում...:

Следующая страница