Րաֆֆի՝   Սալբի

Ուրեմն, ով որ չընդունի սուրբ հաղորդությունը՝ նրա հոգին կմեռնի՞, — հարցրուց Հուրի Խան-Դայան:

Ոչ միայն հոգին կմեռնի, այլև տկարանալով՝ կմեռնի նրա մարմինը, որպես օրինակը տեսնում եք ձեր թոռան մեջ, — պատասխանեց տեր Մարկոսը:

Երկրորդ անգամն էր, որ Ռես Վասակյանը մտնելով հիվանդի մոտ, գտավ նրան միայնակ քնած: Իսկ պարոն Մելիքզադեն հեռու մի այլ սենյակում՝ խռխռում էր խորին քնի մեջ:

***

Վաղուց արդեն աքաղաղները սկսել էին խոսել:

Գիշերային լռության այդ պահուն, երբ բոլոր խրճիթների գերդաստանները գիշերվա հանգիստն էին վայելում՝ Հովասաբենց տան մեջ վառվում էր մի ճրագ: Օրիորդ Սալբին, տխուր և հուսահատ, միայնակ նստած էր յուր քնարանում: Նա անխորհուրդ կերպով ականջ էր դնում ժամացույցի չկչկոցին, որ ահա զարկեց տասնևերկուսը:

Նրա ննջարանի դուռը ներսից կողպած էր: Բայց ո՜րքան մեծ եղավ նրա զարմացքը, երբ երեսը թեքեց, տեսավ դռան մոտ կանգնած մի բարձրահասակ, թխազգեստ կին: Սարսափը և զարհուրանքի սարսուռը ցնցեց խղճալի օրիորդի բոլոր անդամները. և նա զգաց մի անսովոր երկյուղ, կարծելով՝ թե դա ղույլաբանին էր:

Մի քանի աղոթքներ կարդալով, օրիորդը զորություն առավ և ժողովելով յուր ուժը, հարցրուց. — Ո՞վ եք դուք:

Հսկայամարմին ոգին շարժվեց դեպ առաջ, և միևնույն ժամանակ նրա երեսից վեր առած դիմակի տակից երևան եղավ նրա թուխ, որպես թե արևից այրվածզարհուրելի կերպարանքը, որ լուսափայլում էր նրա ճրագի նման վառվող աչքերից:

Օրիորդ Սալբին յուր բոլոր հոգեկան կարողությամբ դարձյալ դողդողում էր երկյուղից, կարծելով, թե արդեն մահը, յուր սև կերպարանքով եկել է առնելու նրա հոգին:

Չքնաղագեղ օրիորդ, մի երկնչիր, — խոսեց ոգին մեղմ և գրավիչ ձայնովարդարև, իմ արտաքին կերպարանքը զարհուրելի է, բայց, հավատացնում եմ, որ այդ սարսափելի կերպարանքի մեջ, ամենաքնքուշ սիրտ` ջերմ զարկում է ձեզ համար:

Օրիորդը, չհավատալով չուր ականջներին, պնդեց յուր սիրտը և մյուս անգամ հարցրուց.

Ո՞վ եք դուք:

Ձեր ընտանեկան պատմությունը, ձեր Հովասաբ նախապապի օրերից, ո՜չ բոլորովին ծածուկ է թողնում մի ժամանակ ձեր տան մեջ ծառայող Խլվլիկ անուն դևիկի ցավալի ավանդությունը: Ահա կանգնած է նա ձեր առաջ, որպես ձեզ շնորհապարտ աղախին:

Ի՞նչ շնորհ եմ ցույց ավել ես քեզ, երբ քո սարսափելի երեսը առաջին անգամն եմ տեսնում:

Դուք այրեցիք իմ մոր ձեռքով ձեր տան մեջ թողած իմ գլխի մազերից մի հյուս, որի չարաչար գործադրությամբ Հովասաբենք միշտ չարչարել են ինձ, բայց դուք ազատեցիք Խլվլիկին յուր ծառայությունից, և այրելով այն խորհրդական մազերը` ջնջեցիք նրանց թիլիսմը:

Օրիորդը իսկույն մտաբերեց Խլվլիկի մասին առասպելական պատմությունը, և թե ո՜րպես ինքը այրել էր նրա մազերը, որ յուր մայրը գործ էր ածում զանազան կախարղությանց մեջ:

Այժմ ի՞նչ ես դու կամենում, — հարցրուց նա:

Ես հայտնվեցա հայտնելու, թե դևերը նույնպես ունին բարի սիրտ, և թե նրանք կարող են վարձատրել իրանց բարերարներին բարի գործով: Բայց, լսիր, չքնաղագեղ օրիորդ. քո թշնամիները անթիվ են. նրանք ամեն ժամ և ամեն րոպե զանազան որոգայթներ են լարում քեզ որսալու համար: Նրանք հսկում են քո սիրած նշանածի կյանքի վրա. այս րոպեիս մի սևսիրտ քահանա, թույն պատրաստած հաղորդության սկիհի մեջ՝ պիտի մատուցե քո Ռուստամին: Դուք իմացում տվեք պարոն Մելիքզադեին՝ որ արգիլե սպանության գործողությունը: Այդ լուրը ձեզ տալուց հետո, հայտնում եմ, որ, որպես մինչև այսօր, այսուհետև նու՜յնպես՝ Խլվլիկը միշտ պատրաստ է օգնել ձեզ փորձանքի ժամերին: Նա թողնում է ձեզ յուր մազերից մի պուրակ, որը երբ երեք անգամ շարժեք դեպ արևմուտք, իսկույն Խլվլիկը երևան կգա:

Այդ խոսքերի հետ նա վերցրեց օրիորդ Սալբիի պչրանքի սեղանի վրայից մկրատը, կտրեց յուր գլխի սև հյուսերից մինը և դրավ սեղանի վրա:

Խլվլիկը աներևութացավ:

Օրիորդ Սալբին, յուր տեսիլքը համարելով երևակայական ցնորք, և ամենևին չհավատալով յուր լսածներին, ծունկ իջավ հատակի վրա և սկսեց ջերմեռանդությամբ աղոթել:

Միևնույն րոպեին մի ձեռք խթեց պարոն Մելիքզադեի կողքը: Նա աչքերը բաց արեց, յուր մահճի մոտ տեսավ օրիորդ Նազանին, օրիորդ Սալբիի աղախինը:

Վեր կաց, — ասաց նա, — հալածիր այդ չարագործները, որ հաղորդության մեջ թույն են կամենում մատուցանել Ռուստամին:

Դա Խլվլիկն էր՝ օրիորդ Նազանու կերպարանքը առած...:

ԻԴ

ԽԱՉԱԳՈՂԸ

Ռես Վասակյանի մինչ այժմ կատարած չարագործություններն անգամ բավական կարող էին լինել բնորոշելու նրա նկարագիրը: Մեզ ներելի կլինի մի լրացուցիչ տեղեկություն ևս տալ նրա պատանեկան և երիտասարդական հասակում վարած կյանքի և արարքների մասին:

Ռեսը, յուր տասնևութ տարեկան հասակում, մի չնչին պատճառով` Ծաղկավանում, մի մարդ սպանած լինելու համար՝ այլևս չկարողացավ գլուխ պահել այնտեղ, փախստական եղած, հեռացավ դեպ օտար աշխարհնեը: Թափառելով Եվրոպայի քրիստոնյա տերությունների մեջ, նա երկար ժամանակ ապրում էր մուրացկանությամբ: Բայց երբ մի փոքր ծանոթացել էր այդ ազգերի բնավորությունների հետ` մի այլ դժնդակ միտք հղացավ նրա մեջ: Եղեռնական գաղափարը շուտով կերպարանագործվեցավ նրա մտքի մեջ, և դրա իրագործման համար նա անցավ դեպ Ռուսաստան: Այնտեղ նա գտավ յուր երկրացի մի քանի շրջմոլիկ ծանոթներ, որոնք նույնպես ապրում էին մուրացկանությամբ, և գրավելով նրանց կամքը` իսկույն որսաց դեպ յուր կողմը:

Հունձքի ժամանակ է, եղբայրնե՜ր, — ասում է նա յուր ընկերներին. — նայելով այս ազգի հիմարության, մեր գործը լավ առաջ կգնա այս երկրում:

Ի՞նչ գործ էր այդ:

Ռեսը յուր ընկերների հետ իսկույն կազմեց ավազակների մի զարհուրելի խումբ, զինվորված խաբեբայության բոլոր հնարքներով, որոնց նպատակն էր կողոպտել, հափշտակել, սպանել:

Նրանք հեռացան Ռուսաստանի այն գավառները, որոնք ավելի հեռու էին մայրաքաղաքներից, բայց այնտեղ ճանաչելով մուժիկների (ռամիկ) մոլեռանդությունը և նանրահավատությունը՝ նրանք իրանց գործին մի այլ կերպարանք տվեցին: — Երուսաղեմից եկած հույն աբեղաների անունով, սև մազից կոշտ հագուստներ հագած նրանք սկսեցին ման գալ ռուսների տները, և պատմելով Երոոսաղեմի աղքատությունը և նրա թշվառությունը թուրքերի ձեռքում, շարժում էին ֆանատիկոսների կարեկցությունը դեպի սուրբ վանքը՝ և աննկարագրելի խաբեբայություններովփող որսում: Նրանք իրանց հետ շրջեցնում էին խաչեր, սրբոց մասունքներ և փոքրիկ պատկերներ...: Կարդում էին Ավետարան և այլ հոգևոր երգերիրանց հնարած լեզվով և ծանր գներով վաճառում էին` իբրև սուրբ Վանքի հիշատակներ, ձիթապտղի կորիզներից հորինված տերողորմյաներ, սադափյա փոքրիկ խաչեր, որ իրանք էին շինում գիշերներով:

Եվ այդպես, շուտով կազմվեցավ աբեղայական մի կարգ՝ կեպարանագործված զարհուրելի խաբեբայությամբ:

Եթե աշխարհիս մեջ անիրավությունները և չարագործությունները արժան են որևէ գովասանության` Ռես Վասակյանը միայն իրավունք ունի վայելելու այն սև փառքը, պարծենալով այդ կարգի հիմնադրի անունով: Պարծանք և հայերին. չէ՞ որ մենք էլ ենք ունեցել մեր...:

Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ:

Հնարել էին նշանախոսություններ զանազան տեսակի: «Գեղի խոտ» նրանց բառարանում նշանակում էր միս: Երբ կամենային հասկացնել, թե տանուտերը հիմար մարդ է, կարելի է կողոպտել: Նրանք, իրենց սուտ ավետարանը կարդալուց հետո, շատ անգամ երգում էին այսպիսի և սրա նման շարականներ.

«Ալելույա, ալելույա,
Վերնատունը դատարկ է,
Էշը մեզ հպատակ է,
Բարձի՜ր, քանի ատակ է,
Երուսաղեմա հիշատակ է»:

Իսկ երբ կամին հայտնել, թե բանը անհաջող դրության մեջ է, կամ իրանցից հեռու չէ վտանգը, պետք է փախչել՝ երգում էին.

«Ալելույա, ալելույա,
Մեր տղա, շունը հաչում է,
Կծոտը մեզ ճանաչում է,
Աչքերդ շուտ թաց արա,
Գնա դուռը բաց արա»:

Շատ անգամ երգում էին այնպիսի ջանգյուլումներ, որ որևէ իմաստ էին հայտնում: Բայց նրանք ավելի հաճախ իրենց միտքը հայտնում էին նշանախոսությամբ, առանց որևէ բարբառիձեռքով, աչքով, ոտքով, հունքով և այլն: Նրանք հնարեցին առանձին գիր, կարդալ և լեզու:

Ռուսաստանի անկարգ ոստիկանությունը, յուր թույլ հետազոտություններով` երբեք չկարողացավ այդ չարագործներից մինն անգամ բռնել: Երբ մի տեղ նրանց խաբեբայությունը հայտնվում էր, և բռնվելու կասկած կար՝ նրանք շուտով փոխում էին իրանց եկեղեցական սև հագուստը. Ավետարան, խաչ, պատկեր և մասունքները պարկ էին դրվում, և այնուհետև, մի փոքրիկ արկղ շալակած՝ նրանք դռնից դուռ մանէին գալիս, և թափառաշրջիկ ջհուդների անուններով, վաճառում էին երեխաների խաղալիքներ և զանազան մանրուք, որ միշտ իրանց մոտ պատրաստ ունեին: Շատ անգամ ևս ձևանում էին իբր օտարերկրյա բժիշկներ, և վաճառում էին անօգուտ փոշիներ: Իսկ եթե այդ ևս չէր հաջողվում, նրանք ընդունում էին թափառական բոշաների կերպարանք. գուշակություններ էին կատարում, հմայում էին, և զանազան նվագարաններ ածելով` պար էին գալիս և դրամ ժողովում:

Դրանց չբռնվելու գաղտնիքներից մինը ևս արծաթի շնորհիվ ռուսաց ոստիկաններից ազատվելու դրությունն էր: Հակառակ դեպքում կարգի անդամները պատրաստ ունեին տարբեր տերությունների, զանազան գործերով և անուններով անցագրեր, ո՜ւր և ո՜րը հարկավոր էր լինում, այն էին ցույց տալիս:

Եվ այդպիսով դրանք շահեցին մի քանի կեղտոտ անուններ. որպես — «պառավ խեղդողներ» — «խաչագողներ» — «էշ ներկողներ» և այլն:

Այդ անունները առանց պատճառի չէին ընդունել նրանք:

«Պառավ խեղդող» կոչվում էին նրա համար, որ շատ անգամ մի ջերմեռանդ և երկյուղած պառավ կին, կամ ալևոր մարդ, հրավիրում է «Երուսաղեմի աբեղաներին» յուր տունըպատվասիրելու համար: Իսկ գիշերը, երախտագետ «աբեղաները» խեղդում են հյուրընկալը և կողոպտում նրա տունը:

«Խաչագող» կոչվում էին նրա համար, որ շատ անգամ նրանք իրանց ընկերներից մինը մեռած ձևացնելով՝ դագաղի մեջ դնում են եկեղեցում: Մեռելը, գիշերվա ընթացքում հարություն առնելով՝ գողանում է եկեղեցու թանկագին անոթները, արծաթի խաչերը և այլն: Պատահել են այնպիսի դեպքեր, որ եկեղեցու խաչերը իրանց դագաղի մեջ առած միասին մտնում են գերեզման, այնուհետև գերեզմանից հարություն է առնում ավազակը յուր կողոպուտներով: Հրաշալի՛ գողություն...:

«Էշ ներկող» կոչվում էին նրա համար, որ շատ անգամ կարգի անդամները, գողանալով սպիտակ գույնով ավանակներ և ձիեր, ու մի այլ գույնի ներկելով` վաճառատեղի էին դուրս բերում և ծախում, այնպես, որ եթե տերերն անգամ իրանք ևս գնելու լինեին՝ դժվարությամբ կարող էին ճանաչել իրանց գրաստները:

Վասակյանը Ռուսաստանում գտավ առևտրի մի նոր եղանակ, այսինքն, վաճառել յուր կրոնը և ընդունել հունա-սլավոնական դավանություն: Երբեմն՝ հա՜յ եմ, ասելով, երբեմն` հրեա, և երբեմն՝ թուրք եմ ասելով, խաբում էր նա ռուսաց մանախներին (կուսակրոն) և մեծ արծաթ ստանալով` պարբերաբար ընդունում էր նրանց կրոնը: Այդ տեսակ կրոնավաճառությունը շարունակել է նա ամեն տեղ, ուր չէին ճանաչում նրան: Բայց այն միակ կարոտը մնաց Վասակյանի սրտում, և կմնա մինչև նրա մահը, որ, չնայելով նա Ռուսաստանում քսան անգամ ռուս էր դարձել, քանի՜ անգամ կաթոլիկ, քանի՜ անգամ պրոտեստանտ, բայց Թուրքիայում չհաջողեց երկու անգամ փող ստանալ և ընդունել իսլամը, որովհետև, երկրորդ անգամ, երբ կամեցան թլփատել նրան՝ տեսան, արդեն կտրած էր...: Վասակյանը երկար հավատացնել էր ջանում, թե ինքը հրեա է և երեխայությունից ունի թլփատություն, բայց քանի որ նա առաջուց սխալվել էր, ասելով, թե հայ էնրան չհավատացին:

Չնայելով Վասակյանի սատանայական խորամանկությանը, նրա անսանձ հանդգնությանը և ճարտարամիտ հնարագիտություններին, նա մի անգամ բռնվեց, երբ յուր ընկերների հետ նստած կեղծ թղթադրամներ էին շինում: Դրանով նա ո՜չ միայն կորցրեց յուր ունեցած բոլոր հարստությունը, այլև աքսորվեցավ դեպի Սիբիրիայի հեռավոր գավառները:

Աքսորանքի մեջ նա երկար չմնաց. շուտով փախչելու հնար գտավ: Մտնելով Չինաստանի փակյալ կայսրության երկիրը՝ մի քանի տարի այնտեղ թափառելուց հետո նա անցավ Հնդկաստան: Այստեղ նրա ժիր և գործունյա հանճարը դարձյալ դատարկ չմնաց: Գիտնալով մի քանի լեզու, նա շուտով պաշտոն ստացավ հնդկաց կռապաշտ թագավորի մոտ: Հայտնի չէ, ընդունե՞ց արդյոք նա բրահմինների կրոնը, թե ոչ, բայց տարակույս չունինք, որ նա յուր նյութական օգտի համար պատրաստ էր ընդունել բոլոր կրոնները: Հայտնի է միայն, որ կարճ ժամանակում նա ժողովեց բավական արծաթ: Այնուհետև, ասես թե հոգնած յուր գործունեությունից, նա մտածեց դառնալ յուր հայրենիքը և հանգիստ առնել:

Հնդկաստանից անցավ Բաղդադ, այնտեղից՝ Երուսաղեմ: Կամենալով մոռացության տալ յուր գլխից անցածը և ընդունել մի ոչխարի զգեստ՝ Երուսաղեմում, յուր ձեռքը և բազուկները դրոշմեց մահտեսության կնիքով, և, մի նոր մարդ դարձած, իբրև կատարյալ հայ-քրիստոնյա, մի օր հայտնվեց Ծաղկավանում, յուր հետ բերելով յուր մահվան պատանը: Երկար տարիներ պանդխտության մեջ թափառելով՝ նա վերադարձավ յուր հայրենիքը` արդեն հասակն առած: Յուր ազգակիցներից նա կենդանի գտավ միայն յուր քույրըմիականի պառավ Գոզեն, որը, յուր ամենազզվելի տգեղության համար, չկարողացավ ոչ մինի կին դառնալ:

Վասակյանը արդեն մտածում էր «տնավորվել» և հայերի ասության ոճով աշխարհ մտնել: Շուտով, յուր արծաթի շնորհիվ, նա հաջողեց իրան կին բերել մի պարկեշտ և առաքինի մանկահասակ այրի, գեղեցիկ կերպարանքով: Բայց ափսո՜ս, որ «Մեղրը շան տիկի մեջ» էր: Անբախտ կինը ոչ մի մխիթարություն չգտնելով յուր մոլի և չարաբարո ամուսնուց, օրեցօր մաշվելով նրա անտանելի կենակցությունից, բարակացավ ստացավ, և ապա անգութ մահը հանգիստ տվեց խղճալուն սառը հողի տակ:

«Քամու բերածը՝ քամին կտանե», ասում է հայկական առածը: Երկար չդիմացան Վասակյանի փայլուն ոսկիները և պսպղուն գոհարները, որ նա բերել էր Հնդկաստանից. բոլորը ճարակ դարձան նրա շռայլությանը, և մի քանի տարուց հետո նա նո՜ւյնպես աղքատ էր, որպես առաջ: Նա մտաբերեց Եվրոպան... կարգը... աբեղայությունը... ավազակությունը... և կրկին կամեցավ հագնել պանդխտության տրեխները՝ բայց արդեն ուշ էր, նրա հասակը չէր ներում այդ, նա արդեն անցել էր հիսունից:

Վերջապես նա տաղտկանում է անգործությունից և աղքատության կարիքը ստիպում է նրան գտնել մի պարապմունք: Նա, յուր ոսկիների մնացորդը գործ դնելով, կարողացավ կաշառել Զարեհավանի տիրող խանը և Ծաղկավանի մելիքը, որով ստացավ յուր հայրենի գյուղի մեջ ռեսի կամ ռայիսի (այսինքն տանուտերի) պաշտոն:

Ռեսը դարձյալ համարում էր իրան հասած ծայրացյալ երջանկության: Արդարև, ո՜րքան բախտավորություն է չարագործ և կաշառասեր մարդկանց համար տանուտեր լինելը: Ամեն մարդ նրան խոնարհվում է, ամեն մարդ նրան հարգում է, բոլորը նրանից վախենում են, դողում են...: Ո՜ր տան մեջ խաշ կամ հարիսա են եփել՝ ո՛վ կարող է առանց տանուտերի մի պատառ բերանը տանել. ո՜րտեղ կնունքաճաշ են տալիս կամ ժամուհաց, և կամհարսանիք է` տանուտե՜րն է նստում սեղանների պատվավոր գըլխում, լիքը բաժակները ստանում է տանուտերը, գեր ու պարարտ բաժինները ուտում էտանուտերը: Ամեն հանդիսի, ամեն մեջլիսի, ամեն ժողովքի մեջ նա պատվավոր բարձի տեղ ունի, և Ծաղկավանում ամենածանրակշռից մինչև ամենաչնչին գործերը կատարվում են տանուտերի խորհրդով:

Ռեսը յուր պաշտոնով լինելով մելիքի որպես թե օգնականը և նրա ստորադրյալը, նպատակ ուներ միշտ ծառայել յուր և նրա օգուտի համար: Սրանք, երկուսը միասին, պետք էր իրանց որսացած կաշառքներից մի մասը հանեին Զարեհավանի տեր խանին, որ կարողանային իրանց ավազակությունները առանց կասկածի և աներկյուղ առաջ տանել: Դրա համար խղճալի գյուղացիք միշտ ստիպված են հաշտվել և բարեկամանալ Ռեսի հետ, որովհետև վայ այն մարդու սև օրին, որին մի փոքր թեք աչքով էր նայում Ռեսը:

Տանուտերին հարգում են ավելի անտերունչ և այրի կանայք, և կամ այնպիսիները, որոնց ամուսինները գնացել էին օտար աշխարհ պանդխտության: Այսպիսի կանայք ավելի են կարոտ նրա կարեկցության, և առավելապես են ենթարկված նրա կամքին... ո՜չ միայն նրա համար, որ տանուտերը պաշտպան էր նրանց խանի հարկերի ծանրությունից, այլ՝ որպեսզի պատկանածից ավել հարկ չդներ նրանց վրա:

Ահա՜ այդ հին գայլը, այդ զարհուրելի ավազակը, որ յուր սատանայական խորամանկությամբ ամբողջ մարդկությունը համարում էր մի գործիք յուր օգտին ծառայեցնելու համար, այժմ, հուսահատված, անճարացած, տխուր ու տրտում սրտով, միայնակ, նստած յուր տան մեջ, հեղեղում էր յուր սրտի մեջ այսպիսի մտածումներ:

«Այդ փորձը նո՜ւյնպես անհաջող անցավ... — ասում էր նա դիվական ափսոսանքով: — Հոգևոր բժիշկն ևս ոչինչ չկարողացավ անել... գուժաբեր ժամանակը հասնում է...: Այո՜, անցավ մեծ պասը, և այսօր Զատիկ է: Ես նախանձով տեսնում եմ մարդկանց երթևեկությունը միմյանց տները, և նրանց՝ ուրախ սրտով միմյանց շնորհավորելը տիրոջ հարությունը: Բայց իմ դռները այսօր փակ են իմ բարեկամների առաջ, որովհետև իմ մեջ սիրտ չէ՜ մնացել ուրախանալու...:

«Ես խիստ թանկ գնով գնեցի բարեկենդանից մինչև Զատիկ յոթն շաբաթը՝ այն հիմար վարդապետից... բայց ի՞նչ արինք մենք, ինչ գործ կատարեցինքիսկապեսոչինչ...: Մեզ մնում է քառասուն օր ևս, երբ «զկնի հինանց», մեր հիմար պապերի ավանդության համաձայնհարսանիք անելը թույլատրվում է: Ա՛խ, եթե այս քառասուն օրերը ևս անցնենք առանց որևիցե գործ կատարած լինելու, առանց պսակելու մեր նպատակը, ո՛ւֆ, այդ մա՛հ է, մա՛հ...: Ո՛հ, հեռացե՜ք, գիշերադեմ մտքեր...: Ես մաղեցի բոլոր աշխարհը իմ օգուտը գտնելու համար, բևեռից բևեռ էի ես լարում իմ որսողության ուռկանները, բայց երբեք և ո՜չ մի ժամանակ ես չմնացի անճար, ամեն ինչ հնարավոր էր դառնում ինձ համար, ո՛հ, ասես թե մի գերբնական զորությամբ` բոլոր բնությունը հնազանդում էր ինձ...: Բայց այժմ մնացել եմ անճար մի հպարտ և հաստատամիտ օրիորդի և մի հանդուգն, անագորույն տղամարդի ձեռքում:

«Սողոմոն-բեկը հիմար է, որպես գառնուկ, նրանից կարելի է շորթել, ո՜րքան կամենաս...: Բայց վա՛յ թե ես չկարողանամ որսալ նրա սրտի սիրուհին. այն ժամանակ, ո՛հ, կորա ծ են իմ բոլոր հույսերը...»:

Ռես Վասակյանը երկար մտածելուց հետո կանչեց յուր մոտ յուր քույրը:

Քույրիկ, — –– ասաց նա կոտրած սրտով. — քեզ հայտնի է այն նպատակը, որի համար քեզ հանձնարարեցի ծառայել պարոն Աշխարունու աղջկանց վարժարանում. բայց դու մինչև այսօր չբերիր մեզ մի հուսալի լուր օրիորդ Սալբիի մասին:

Ա՛խ, եղբա՜յր, — պատասխանեց հառաչանոք նրա քույրը. — օրիորդ Սալբին ասես թե դևերից յոթն օր առաջ ծնված լինի և սատանաների ծիծ է ծծել... Դու կարծում ես, թե նրա հետ համարձակ կարելի՞ է խոսել, ոչ... արծվի նման ծվատում է և օձի նման թույն է թափում...:

Ուրեմն, ի՞նչ ես կարծում դու, չէ՞կարելի...

Ռեսի ձայնը խեղղվեցավ սրտի վրդովմունքից: Նրա քույրը հասկանալով, թե յուր եղբայրր ի՞նչ էր կամենում ասել՝ պատասխանեց.

Ես ամենևին հույս չունիմ, որ այդ սատանայի պտուղը համոզվի սիրել Սոլոմոն-բեկին, քանի կենդանի է նրա նշանածըպարոն Ռուստամը:

«Արդարև՜, նրա մա՜հը, մա՜հը կպսակե մեր նպատակը... ա՛խ, իսկ այդ ցանկալի մահը չէ՜ հաջողվում մեզ…», մտածեց նա դիվական ախորժանքով:

Քրոջ խոսքերից ավելի հուսահատված, Ռես Վասակյանը վեր կացավ, հագուստը փոխեց և գնաց Ավազակենց տունը Զատիկ շնորհավորելու համար:

Սոլոմոն-բեկը, այն օր հիվանդ ձևանալով, չէր ընդունում ավելորդ այցելուներ, բայց լսելով Ռեսի գալուստը, հրամայեց, որ յուր մոտ կանչեն:

— «Շնորհավոր Զատիկ, Քրիստոս հարյա՛վ ի մեռելոց», — ասաց Վասակյանը, բռնելով նրա ձեռքը:

Սև՛ և դժբա՛խտ Զատիկ, «զի Ռուստամ հարյավ ի մեռելոց...», պատասխանեց տրտմությամբ մելիքի որդին:

Եվ իսկապես, պարոն Ռուստամը միջինքից հետո, բոլորովին առողջանալով, վեր էր կացել յուր մահճից, և օրեցօր կազդուրվելով նրա կազմվածքը՝ խափանում էր նրանց հույսը յուր մահվան վերաբերյալ:

Ծառաները իմացում տվին, թե պարոն Արամ և տիկին Սալլաթին Աշխարունիները կամենում էին ներկայանալ: Նրանք իրանց խոսքը կիսատ թողին, և ընդունելով մի փոքր ուրախ և զվարթ կերպարանք, պատրաստվեցան ընդունել պատվելի այցելուները:

Սովորական շնորհավորությունից հետո, պարոն Արամը և նրա կինը, քնքշությամբ համբուրելով Սոլոմոն-բեկի և Ռեսի շրթունքը, քաղաքավարի կերպով նստեցին նրանց մոտ:

Ծաղկավանում, մի ասիական կեղտոտ սովորության համաձայն, օրենք չէր կանանց՝ մարդկանց այցելության գնալ, և նրանց հիտ շրթունք-շրթունքի հպեցնել: Այդ պատճառով, տիկին Սալլաթինի այսօրինակ համարձակությունը և նրա տարապայման ընթացքը խիստ խոտելի էր թվում ռամիկ ծաղկավանցոց աչքին, ո՛ւր մնաց, որ ա՜յդ նրանք համարում էին մի արտաքո կարգի լրբություն:

Ռես Վասակյանը նկատեց, որ Սոլոմոն-բեկը չէր մտածում զբաղեցնել հյուրերին խոսակցությամբ, ո՜ւր մնաց, որ նա խոսել անգամ չգիտեր: Բայց քանի որ ինքր ձիրք ուներ կոտրատել ամեն տեսակ նյութերի մասին, քաշկռտվիլ ուսումնական խնդիրների մեջ, և երբեմն, որպես հմուտ աստվածաբան` վերասլանալ մտքով դեպ վերացական գաղափարներըՌես Վասակյանը, պարոն Աշխարունուն հաճոյանալու համար, ասաց.

Թեպետ Ավետարանի ճշմարիտ վարդապետության համաձայն, մեզ, քրիստոնյաներիս համար չկա որոշված տոներ, կյուրակիներ, ամսամուտներ և այլ հանդիսավոր օրեր, թեպետ մեզ, քրիստոնյաներիս չէ թույլատրված ավետարանական կրոնի մեջ պաշտել հեթանոսական սովորություններ, բա՜յց տոներին հարգ տալու սովորությունը ժամանակի խորին հնությունից, ավանդորեն գալով՝ հասել է մինչև մեր օրերը, և մեր կյանքում, սնվելով մեր շունչի, մեր արյունի հետ, և միանալով մեր հանճարի, մեր մտքի ու ամբողջ մեր իմացականության հետդարձել են, համարյա՜, մեր հոգու մի մասը և չեն բաժանվում մեզանից: Մտածեցե՜ք, արժանապատիվ պարոններ, թե որքան անհեռադրելի է նախապաշարմունքը և. կույր հնամոլությունը...: Այսօր իմաստությունը և հիմարը, լուսավորյալը և խավարամիտը, աղքատ թե հարուստ` բոլորը ուրախանում են Զատկի տոնախմբությամբ...:

Ռեսի խոսքերի հեղեղը մինչ ա՜յն աստիճան պաշարեց պարոն Աշխարունուն, որ նա չկարողացավ ոչինչ պատասխանել: Եվ Ռեսը, առանց պատասխանի սպասելուառաջ տարավ.

Քանի Ավետարանի ճշմարիտ լույսը չէ ծագում մեր ազգի վրա, քանի նա հայերի համար դրված է գրվանի տակ, քանի ճշգըրիտ ուսում և գիտությունը անմերձենալի են հասարակ ժողովրդին, և քանի նրանք՝ թողնելով սուրբ գրքերի ճշմարտաքարոզ վարդապետությունը, կհետևեն հայրապետական մոլորություններինճշմարիտ եմ ասում, ա՜յնքան ժամանակ կապրեն նրանք իբրև լոկ նյութական մարմիններ, զուրկ մարդկության հոգևոր մասնից:

Նա կտրեց յուր ուսած և սերտած ֆրազները, որոնցով միևնույն բանը արտաբերում էր այլևայլ դարձվածքներով, և աչքով արեց Սոլոմոն-բեկին, որ մի բան ևս նա խոսե:

Պատանի Ավազակյանցը, ուշիմ աշակերտի նման, իսկույն հասկացավ յուր վարժապետի միտքը և կարդաց յուր սերտած դասերից մինը.

Ես շատ հույս ունիմ, որ մեր սիրելի հայրենակիցները, պատվելի Աշխարունիների շնորհիվ, միշտ զուրկ չեն մնալու Ավետարանի լույսից, և առավելապես հուսով եմ, որ ո՜չ միայն Ծաղկավանը կփառավորվի նոր կրոնի լուսով, այլ բոլոր Պարսկաստանիմեջ պայծառապես կշողշողա քրիստոնեական հավատքի դրոշակը:

Թեպետ պարոն Աշխարունին յուր մտքի մեջ ուրախանում էր կեղծավորների մի փոքր առողջ դատողության վրա, բայց նրան դուր չգալով Սոլոմոն-բեկի առերես գովասանությունը՝ կտրեց նրա խոսքը, ասելով.

Մենք ո՜չինչ ենք, մենք ևս Քրիստոսի մեղավոր պաշտոնյաներ ենք, տերը ինքը կօգնե մեզ` ձեզանով, մյուսներին հոգ տանել նրա եկեղեցու հաստատության համար:

Լսելով նրա ցամաք պատասխանը, Ռես Վասակյանը խոսքը փոխեց.

Բայց, ներողություն, պարոն, բյուր անգամ ներողություն. մենք զբաղվելով այդ խոսակցություններով, որ այնքան մոտ են մեր սրտին, արդեն մոռացանք` մի բանով պատվասիրել ձեզ, և ձեզ, պատվելի տիկին, դարձավ նա դեպ տիկին Սալլաթինը: — Հրամայեցե՜ք խնդրեմ ճաշակել մի փոքր այդ բիբլիական խորոված գառնից, կամ մի պատառ այդ իսրայելյան պասքայից, չէ՞ որ Քրիստոս ինքը, իբրև մարդ, ենթարկվեցավ հնամոլության ազդեցությանը... բայց խնդրեմ ներել իմ այդ կատակը: Կամեի՞ք մի բաժակ օղի կամ մի փոքր գինի:

Պարոն Աշխարունին հայտնեց, թե ինքը սովորություն չուներ ոգելից ըմպելիք գործածելու: Նույն ժամանակ հրամայեցին, որ շուտով թեյ մատուցանեն: Թեյից հետո Աշխարոլնիները հեռացան ավազակյանների տանից, լի ուրախ մտքերով, որ այդ երկու անձինք, որ այդ երկրի մեջ մեծ համարում ունեին, մինը՝ յուր իշխանությամբ և արծաթով, մյուսը` յուր հնարագիտությամբ և խոլքովարդեն իրանց կամակից և սրտակից էին: Բայց իզուր, պարոն Աշխարունին խաբված էր — «արջերը ման էին գալիս փեթակի բոլորտիքը` այդ մեղրի սերիցն էր»:

Ռես Վասակյանը մի քանի ժամ ևս մնալով Սոլոմոն-բեկի մոտ, մի փոքր հույս տալով նրան, մի փոքր մխիթարելով, դուրս գնաց, ճանապարհին անիծելով յուր փոխադարձ բախտը, որով ոչինչ նրան չէր հաջողվում, և ընդհանրապես, հանդիպում էին նորանոր արգելքների:

ԻԵ

ԳԱՐՈՒՆ

Զարեհավանի գարունը լինում է շատ գեղեցիկ:

Հին և պատմական անուն կրող Զարեհավանը հանդիսանում է գարնան մի շքեղազարդ պատկեր՝ նկարած տխուր և տրտում հիշողություններով: Այստեղ արևը, ամեն առավոտ, վսեմ փառահեղությամբ երևան է գալիս Ուրմիո լճակի միջից, և նրա կարմրագույն երեկոյան վերջալույսի մեջ հիանալի նկարվում են մեծ Արավուլը և Դուշմանա սարերը՝ իրանց բարձր, ձյունապատ գագաթներով: Եվ Սոլայի հեղեղատը, ընդունելով բյուրավոր առվակներ նոր հալված ձյունի վտակներից, հորդանում է, բարձրանում է, և հազարավոր ճյուղերի բաժանված՝ գոռալով, ֆշֆշալով, վազում է, ոռոգելով ամբողջ հովտի երեսը: Նույն ժամանակ, կարծես մի կախարդական զորությամբ, մեռած գետինը կենդանանում է, և շուտով կանաչեղեն սփռոցը, անթիվ գույներով զարդարված, ծածկում է հարթ և հավասար դաշտը:

Մշակը, լի ուրախությամբ, դուրս է գալիս դաշտը. լսելի է լինում գութանի ճռնչալը խոր ակոսների մեջ. խոփի արծաթափայլ շողշողալը աչք է ծակում, և մաճկալի կրակոտ երգերըհիանալի են:

Բա՜յց այստեղ երկրագործի երգերը չունին այն ուրախալի և կենդանի զվարթությունը. նրանք երգվում են, ասես թե ակամայից: Նրանք ավելի նման են թաղման տաղասացությունների...: Այստեղ անբախտ երկրագործը հերկում է երկիրը տխուր և հուսահատ սրտով: — Նա երբեք հույս չունի հավաքել մի հասուն հունձք... որովհետև, շատ անգամ, նրա կանաչ և դեռահաս հասկերը կերակուր են դառնում բարբարոս ասպատակների ձիաներին. և շատ անգամ ևս հնձած ցորենի դեզերը կրակի ճարակ են դառնում անգութ թշնամու ձեռքով, որ սովորաբար միշտ հարձակվում է այդ երկրի անբախտ բնակիչների վրա և կողոպտում է նրանց բոլոր ստացվածքը:

Այդպիսի անհանգիստ և անբախտ դրության մեջ գտնվելով, Զարեհավանի բնակիչ հայերը, թողնելով օրհնյալ երկրագործությունը և ընդունելով մի փոքր բարբարոսական բնավորություն, իրանց կյանքը ընծայեցին խաշնարածության: Դատարկաշրջիկ խաշնարածը, որևիցե հաստատ կացություն չունենալով, ավելի նվազ է ենթարկվում հալածանքի նեղիչ ազդեցություններին, և ավազակների ասպատակություններից շատ անգամ ազատվում է նա: Երբ չէր կարողանում դեմ դնել յուր թշնամուն, նա յուր հոտերով, յուր վրաններով տեղափոխվում է դեպ սարերի ավելի խորին հեռավորությունները: Այդ պատճառով, Զարեհավանում, հայերը երբեք չեն աշխատել հաստատ տուն ու տեղ ունենալ: Իսկ վաճառականությունը մի երկրորդական բան է. ո՜չ ոք ավազակների երկյուղից չէ կարող ցույց տալ, թե ինքը ունի արծաթ:

***

Կանաչ կյուրակեի երկուշաբթի օրն էր, երբ վաղ առավոտյան Ծաղկավանի մեջ լսելի եղավ զուռնայի սուր և ձգական ծլվլոցը, և դհոլի դաշնակավոր դմբդմբոցը:

Գյուղի ծերունիները անդադար ելումուտ էին անում տեր-Առաքկենց տունը. երևում էր, որ մի գործի համար խնդրում և հորդորում էին պարոն Ռուստամին, որ չէր կամենում հանձն առնել: Վերջապես ներս է մտնում մըստր Սեյսունը:

Դուք ընդունեցեք գյուղացիների հրավերը, — ասաց նա:

Մի՜թե իմ դեռևս տկար կազմվածքին հարմա՞ր է հանձն առնել մի այդպիսի դժվարին պաշտոն, — պատասխանեց պարոն Ռուստամը:

Բայց, ընդհակառակն, ասում եմ ձեզ, այդ անհրաժեշտ և կարևոր է ձեր առողջությունը կազդուրելու համար:

Այնուամենայնիվ դժվար է:

Ո՜չ, դուք առանց դրա ևս այս տարի պարտավոր եք յայլաղ գնալ՝ սարի մաքուր օդ շնչելու, — կրկնեց բժիշկը:

Կամա-ակամա պարոն Ռուստամը ընդունեց բժշկի խորհուրդը, և հանձնառու եղավ կատարել գյուղացիների խնդիրը, որոնք կամենում էին կարգել նրան իրանց գյուղի և Զարեհավանի մյուս գյուղերի իլիաթի վրա Էլբակի, այսինքն՝ մի գլխավոր, որ պիտի կառավարեր սարերում բոլոր խաշնարած և վրանաբնակ հայ ժողովուրդները:

Զուռնայի և դհոլի ձայները գնալով սաստկանում էին, և հովիվները ուրախ-ուրախ դուրս էին բերում ոչխարների հոտերը, ձիաների և ավանակների ջոկերը, կովերի և եզների նախիրները՝ իրանց ձմեռանոցներից: Այդ չորքոտանիներից, որոնք ունեին պսակավոր և խայտաբղետ մարմիններ, նրանց մորթերը ներկված էին զանազան կարմիր, կապույտ և դեղին գույներով և նրանց եղջյուրներից ու պարանոցներից կախված էին փոքրիկ բոժոժներ և զանգակներ, որոնց արվեստական զնգզնգոցը, խառնվելով գառների բառանչին, այծերի բըկըկալուն, կովերի բոռալուն, մատակների և նրանց նորածին քուռակների խրխնջալուն, էշերի զռոցին, շների ուրախաձայն հաչոցներուն, — այդ բոլորը կազմելով մի ներդաշնակություն, բնականաբար և բարձրաձայն հնչեցնում էին հովվական կյանքի անմեղ և պարզ պոեզիան:

Երբ անասունները դուրս էին եկած գյուղից, նրանցից հետո քշեցին գրաստները, որոնք տանում էին վրաններ, պղնձեղեն կաթսաներ և ուտելու պաշարներ, որոնք սարում հարկավոր էին:

Այնուհետև ճանապարհ ընկան նորահարսները՝ հարսանիքի հագուստներով, մանուկ աղջիկները, մանուկ կանայք նույնպես գեղեցիկ զուգված զարդարված, և ամեն մինը նստած մի սիրուն ձիու վրա, նրանց ետևից հասակավոր և պառավ կանայքը` նստած ավանակների, եզների վրա իրանց մեծ-մեծ փաթաթած գլուխներով:

Բայց մանուկ տղամարդիկը և նորահաս պատանիք բոլորը վայելուչ կերպով ձիավորված, բոլորը միասին սպասում էին գյուղի մեջ մի լայն հրապարակի վրա: Հանկարծ երևացավ Էլբակին, այնպես սիգապանծ և փառավոր, որպես մի շահ ղաջարյան ցեղից: Նրա արաբացի քահլան նժույգը, ամբողջ ձմեռը վայելած տաք փարախի հանգստությունը, գիրացած և լցված, որպես մի ահարկու աժդահա, խաղում էր, տռտիկ տալիս և ծլունկ լինում: Նրա փայլուն զենքերը վառվում էին և բղբղում նոր ծագած արևի լույսով և նրա երկայն մզրախի գլխում փողփողում էին սև փետրազարդ փնջեր:

Երբ նա հասել էր մեյդանում, ուր սպասում էին նրան սպառազինված բազմությունը, հանկարծ արձակվեցան հազարավոր թվանգների բոմբյունք... հնչեցին նվագածություններ, և այդ խառն որոտմունքի միջից գռռացին հարյուրավոր ձայներ. — «թող կենդանի լինի մեր էլբակին...»: Երբ Պարոն Ռուստամը ձեռքը շարժեց, կրկին տիրեց լռությունը:

Դատարկվեցան գինվո և օղիի գավաթներ, աստուծուց բարի երթ և բարի հաջողություն մաղթելով, քահանայք կարդացին «Տե՜ր, ուղղյա՜ զճանապարհս դոցա»: Էլբակին առաջ քաշեց յուր ձին, և բոլոր ձիավոր բազմությունը հետևեցին նրան:

Այդ միջոցում երբ ամեն աղջիկ յուր սրտում ցանկանում էր այդ քաջարի երիտասարդի հարսն լինել, երբ ամեն մայրերը անձկանոք ուզում էին նրան իրանց փեսա լինել, օրիորդ Սալբին միայնակ իրանց դրացու կտուրին վրա թաքնված վերնապարսպի հետքում, վառվռուն աչքերով հետևում էր յուր հերոսի շարժումներին. «Գնա, ով քաջ, տերը քեզ հետ», ասաց նա խորին ոգևորությամբ, «քո ճակատին գրված է ոսկի տառերով՝ միշտ զենք կրել և առաջնորդել մի մեծ բազմության...»:

Следующая страница