Րաֆֆի՝   Սալբի

«Այլևս պետք չէ՜ մեզի ապրել,
Խավար արևի երեսը տեսնել.
Կորա՛վ մեր հույսը, կորա՛վ մեր փառքը.
Վա՛յ մեր սև օրինհողե՛ր մեր գլխին...»:

«Նաշի հետևից գնում էին բոլոր այր մարդիկը՝ գլուխները քարշ գցած, լաց լինելով, նույնպես իրանց կրծքերը ծեծելով, և նրանց գլխների վրա ածած էր հող և մոխիր:

«Դագաղի բոլորտիքը շրջապատել էին հանգուցյալի ազգակիցները և նրա մերձավոր բարեկամները, նրա կինը, որդիքը: Ինչ որ դրանց դրությունն էր` դժվար կարելի է գրչով նկարագրել: Աստված ինքը հեռու անե այդպիսի տեսարաններ... մազեր փետած, հագուստներ պատառոտած, աչք, երես ծվատած, արյունաշաղախ, ամեն մինը մի քար ձեռքում անդադար բախում էր կուրծքը, նրանք թավալվում էին գետնի վրա նաշի առջև, հողերը, փոշիները ցանում կին իրանց գլխներին:

«Այդ ողբալի տեսարանը այրեց և իմ հետ եկած ծաղկավանցոց սրտերը, և նրանք բոլորը միաձայն սկսան լալ: Ի՞նչ սիրտ կարող էր դիմանալ, ի՞նչ աչք կարող էր յուր արտասուքը պահել, ախ՛, քարերն էլ էին լաց լինում, ծառերը ողբում, թռչունները ձայնակից լինում, հնչող քամիները նրանց ողբը խլում և հասցնում էին երկնքի հրեշտակներին...:

«Ճանապարհին մի քանի տեղ դադար առին և նաշը դրին գետին և լաց եղան: Կանայք հերթով գովաբանում էին հանգուցյալի քաջությունները և բոլորի սրտի մեջ կրակ էին վառում... մինչև իսկ նրա կինը տխուր և ողբալի ձայնով առաջ տարավ:

Ա՛խ, Սալբի, այստեղ կտրում եմ իմ խոսքը, այդ վրանաբնակների և՜ ողբերն ունին իրանց քաջազնական ոգևորությունները...: )

«Այսպես էր նրա ողբը.

— «Ափսո՛ս, որ այդպես անփառք և անշուք,
Փափուկ մահճի մեջ` փչեցիր քո հոգին.
Ափս՜ս, որ մահը քեզի հանդիպեց
Քո խաղաղ տնակի կամարի տակին:

Դու մի քաջ էիր` արի և հզոր,
Քաջերի սուրը թող նյութեր քեզ մահ,
Կռվի դաշտիցը քո արյունոտ դին
Ես տուն բերեի՝ սրտով գո՛հ, ուրա ՛խ

«Ինձ դառն չէր հայնժամ թափել արտասուք
Քո արյունաներկ դիակի վերան,
Ինձ ցավ չէր հայնժամ ողբալով երգել
Քո պարծանքներով կանգնած գերեզման:

«Զի Հայոց տիկնայք ինձի կասեին՝
Փա՜ռք, պատիվ քեզի, երջանիկ այրի,
Դու բախտավոր ես կնիկների մեջ,
Զի կորուսիր այր՝ քաջ, հսկա, արի:

«Ինձ քաղցր էր հայնժամ թափել արտասուք
Արնով զարդարված դիակիդ վերան,
Եվ ծաղիկներով պճնել, զարդարել
Քո միշտ պաշտելի հողադամբարան:

«Թող պատերազմում, քաջ Հարքիների,
Հարյուր գերիներ բերելով թալան,
Հազար ձիավոր քեզ հալածելիս,
Քո կրծքին դիպչեր թշնամու գուլլան46:

«Թո՜ղ կռվի միջում, Արարատյան դաշտում,
Ազգի, կրոնքի, հայրենյաց համար
Սուրը քո ձեռին, փառավոր մահով:
Թո՜ղ դու զոհեիր քո արյուն արդար:

«Ինձ քաղցր է հայնժամ իմ ձեռքով փակել
Քո այդ սև, հպարտ, շիջած աչերը,
Զի հազար աչեր պիտի արտասվեին
Քո հզոր թրից սպանվածները:

«Զի ես գիտեի, որ դու թռցրիր
Հարյուր գլուխներ թշնամու ուսերից,
Զի ես գիտեի, որ դու զրկեցիր
Հարյուր կնիկներ իրանց այրերից:

«Այդ զարհուրելի խոր-խոր սպիներ`
Քո արությանցըվկա և նշան,
Չունի մի տղամարդ հայոց քաջերից,
Ո՜չ քուրդ, ո՜չ արաբ և ո չ մի թուրքման:

«Բայց, ափսո՛ս, քեզ հետ՝ ալ-վարդ կարմիր
Դու մի թարմ սպի չտարար գերեզման,
Դու մեռա՜ր, անբախտ, հասարակ մահով`
Փափուկ մահճի մեջքո բարձի վերան ...:

«Ողբը վերջացավ: Քահանան կատարեց աղոթքը: Ժամանակ էր. երբ քաջի դին կամենում էին հանձնել հողին, նույն րոպեին հանգուցյալի կինը կատարեց մի խիստ վսեմ և սրտաշարժ իրողություն. — նա կտրեց յուր գլխի ծամերի հյուսերը, յուր գանգուր խոպոպիքը, յուր գլխի բոլոր արծաթի և ոսկի զարդերը, դրեց դագաղի վրա. «քեզանից հետո թող մի այլ աչք չտեսնե իմ զարդարանքը»... — ասաց նա: Նաև դրեց մի փունջ ծաղիկ նրա նաշի վրա... այդ նրա սիրտն էր, Սալբի, որ մեռնող ամուսինը տարավ յուր հետ հողի տակ...:

«Հանգուցյալի վրանում պատրաստված էր հոգեհաց. բոլորը հավաքվեցան այնտեղ ճաշ ուտելու: Երբ կերան, լիացան, քահանան կանգնեց ոտքի վրա և խոսեց մի կարճ, բայց ազդու ճառ. «աստծո կամքը գուցե այդպես էր եղած, և թող օրհնյալ լինի նրա կամքը, արդարև, նա չթողեց երկար ապրել մեր վրանների առաջնորդին, բայց առանց դրա այդ քաջը շատ բարիք գործեց յուր կյանքում, նա թողեց յուր հետքից միշտ գովելի հիշողություններ:

Դուք, իմ սիրելիք, սրբեցեք արտասուքի ձեր աչերից, թո՜ղ մխիթարենք ընտանիքը պատվելի հանգուցյալի»:

«Քահանան նստեց: Ծերերից մի քանիսը ներս բերեցին մեռնողի տասնևերկու տարեկան որդուն` հագնված սգազգեստի մեջ, և նրա թուրն ու կամարը: Քահանան օրհնեց այդ զենքերը և մի ծեր պատերազմող կամարը կապեց նրա մեջքը և քարշ տվեց հոր թուրը: Այնուհետև բոլորը մի-մի սկսան համբուրել նրա երեսը, շնորհավորելով նրա գլխավորությունը»:

ԻԹ

ՍԱԼԲԻԻ ՆԱՄԱԿԸ

«Սիրելի Ռուստամ,

«Ես կարդացի քո օրագիրը, երբեմն ուրախանալով և երբեմն արտասվելով. ես քեզ հետ զգացի բազմախորհուրդ օրորոցի երգի նպատակը այն այրի տիկնոջ. քո ոտանավորով նվերը հիանալի է…: Բայց, ափսո՛ս, այժմ չեմ կարող գրել քեզ իմ զգացմունքները քո ոգելից օրագրի վրա. ուրիշ ժամանակի թողնելով այդ, այժմ

շտա պում եմ հայտնել քեզ մի նոր խաբար, որ վերաբերում է ինձ և քեզ:

«Դու չծիծաղես, սիրելի Ռուստամ, իմ այս անքաղաքավարի խոստովանությանս վրա. — ինձ այժմ հայտնվել է մի նոր սիրող...: Ի՞նչ ես կարծում, ո՞վ է դա. — Ավազակյանց Սոլոմոնը, այն անզգա հիմարը, այժմ սկսել է սիրել ինձ...: Այդ մի նոր լուր չէ՞... ներիր, որ փոխանակ պատասխանելու քո սրբազան օրագրին, գրում եմ դատարկ բաներ: Որովհետև ես առանց քո գրելու գիտեմ, որ հայի օրը վաղուց խավարել է և հայի աստղը վաղուց նսեմացել է...: Ես առանց քո գրելու գիտեմ. մեր ականջներին զարկում է մի օրորոցի երգի ձայն, այդ խրախուսական ձայնը՝ Հայաստանի մոր ձայնն է...: Բայց դու տեսնո՞ւմ ես այն անթիվ, անհամար հերովդեսները, որոնք դեռ չստուգած մոգերիցիմաստուններից մի այդպիսի գուշակություն, հրամայում են կոտորել բոլոր մանուկներին, որպեսզի նորածինը ևս նրանց հետ կորչի...: Ես չեմ կարողանում ավելի պարզ գրել քեզ. ստույգ ես գրել, մեր լեզուները կապ են, մենք դատապարտված ենք մշտնջենավոր համրության, պատճառ՝ Զաքարիայի պատիժը եկել է մեր գլխին... ուրեմն մի նոր Հովհաննես պետք է, մինչև արձակվին մեր լեզուների կապերը...: Դառնանք դեպի մեր խոսքը:

«Ավազակյանցը, միով բանիվ, խնդրել է իմ ձեռքը, ուրիշ խոսքով, նա միտք ունի ինձ հետ պսակվելու: Նրա մի այդպիսի խորհուրդը հառաջագույն հայտնեց ինձ նրա քույրը, որ, որպես երևում է, եղբոր նպատակը կատարելու համար, հանձնված է տիկին Սալլաթինի մոտ ուսանելու օրինակով: Բայց մի քանի օր առաջ մի անցք բոլորովին հայտնի կացույց նրա միտքը: Ես հարկավոր եմ համարում գրել այդ մի ըստ միոջե: — Ես մեր այգումն էի, և նստած մի ծառի տակ, փունջ էի կապում ծաղիկներից, որ նոր բուսել էին հալված ձյունի տակից: Մեր այգեպանը գնացել էր հեռու, այգիի խորքումը կտրում էր որթերը. ես միայնակ էի: Հանկարծ տեսա այգիի ցանկապատից ներս սողաց մի մարդ և մոտեցավ. ճանաչեցի, Ավազակյանց Սոլոմոնն էր: Նա սկսավ ման գալ այգիում: Երբ ո՜չ ոք չտեսավ, և կարծելով ևս միայնակ եմ, տեսա, ուղղակի եկավ ինձ մոտ: Ես ամենևին ընդունելության նշան ցույց չտվի նրան, բայց նա ինքնագլուխ նստեց ինձանից մի փոքր հեռու խոտերի վրա: Երկար այնպես նստած լուռ նայում էր դեպի ինձ, բայց երբ հասկացավ, որ ես իրան ուշադրություն չեմ դարձնում, խոսեց. — «Որքան անողորմ եք, աղջիկ պարոն, չեք մատուցանում ինձ գոնյա մի վարդ»:

«Ես իսկույն հասկացա նրա ինչ խորհրդով ինձ մոտ գալը. այդ պատճառով մտածեցի նրա բերնի համը տալ:

«Ես ուրիշի համար եմ պատրաստում այս փունջը, — ասացի սառնությամբ:

— «Բայց ես այժմ ձեզ հյուր եմ և հյուրի պատիվը սուրբ բան է, — պատասխանեց նա:

— «Նա՝ որ դռնից չէ ներս մտնում, այլ պատից է վեր գալիս, գող է և ավազակ, — ասում է գիրքը:

«Նա բարկացավ:

— «Դուք շատ անքաղաքավարի եք, ես խնդրեցի ծաղիկ, — ասաց նա վշտացած ձևով:

«Բարկությունը խռովեց և իմ արյունը. այդ պատճառով բոլոր քաղաքավարությունները մի կողմ դնելով, ավելի կոշտությամբ պատասխանեցի նրան.

— «Ներեցեք, պարոն, դուք տակավին այն արժանավորությանը չեք հասած, որ կարող լինիք իմ ձեռքից ընդունեի ոչ թե ծաղիկ, այլև փուշ:

— «Ե՞ս... մելիք Պիլատոսի որդի՞ն... այս գավառի իշխանը... արժան չէ՞ ընդունել ձեր ձեռքից և փուշ... — գոռաց նա կատաղի եղանակով:

— «Արդարև, ձեզ արժան է տեր-Առաքելենց Ռուստամը, այն արյունախում սրիկան...կցորդեց նա;

«Բայց ես, կամենալով ավելի խոր խոցել նրան, պատասխանեցի.

— «Անպիտան, դուք ինչպե՞ս եք համարձակվում առանց ահ ու դողի բերան առնել այն պաշտելի տղամարդի անունը, որին այնքան սիրում եմ ես:

«Երբ նա նշմարեց, որ խստությամբ չէ կարող համոզել ինձ, տեսա, ստրկաբար ծունկ իջավ իմ առջև և կամենում էր համբուրել իմ ոտքերը: Մերժեցի ես այն փոքրոգին և թույլ չտվի, որ նրա պիղծ շրթունքը մերձենային ինձ: Բայց նա մերկացույց յուր դաշույնը, դրեց իմ առջև. — «Երբ դուք այդպես անխիղճ եք, — ասաց նա. — երբ չեք կամենում ձեզանով բախտավորել ինձ, ուրեմն առեք այս սուրը և այդ մահու գործիքով հասուցեք մի խորին հարված իմ սրտին, որ այդպես սաստիկ կերպով զարկում է ձեզ համար... թող դադարե նրա զարկը... և այդ պարծանքը կհանգստացներ ինձ գերեզմանի խորքում, թե սպանվեցա Սալբիի ձեռքով...

— «Հեռացեք ինձանից, ասում եմ ձեզ, ես չեմ կամենում տեսնել ձեր երեսը, սպառնացա նրան: Ինչո՞ւ եք խռովում իմ հանգստությունը, ինչո՞ւ իզուր ստորացնում եք ձեզ. հավատացնում եմ ձեզ, ո՜չ ձեր փառքը, ո՜չ ձեր հարստությունը և ո՜չ ձեր այդ փոքրոգի, ստորաքարշ կեղծավորությունները, ոչինչ բան ձեր կողմից՝ չեն կարող խաբել ինձ...: Եթե կրակը և վառոդը կունենային որևիցե ընկերություն, այն ժամանակ և դուք կվայելեք այն փառքը՝ կոչվիլ Սալբիի փեսա:

«Երբ նա կամենում էր յուր աղվեսաբար շողոքորթությանց երկրորդ փորձն անել, հանկարծ ծառերի հետևից երևան եկավ ծերունի Մարտիրոսը, մեր այգեպանը, հազալով և փռշտալով, իսկ կեղծավորը աներևութացավ թփերի մեջ:

«Այդ անցքը եղավ ինձ ամենօրյա մտածությունների նյութ, և ես սպասում էի, թե ինչ է լինելու դրա վերջը: Մինչև ներկա օրերումս հարսանիք էր մեր դրացու տանը, մի գիշեր ես էլ էի հրավիրված այնտեղ: Նորահաս աղջիկներ և մանուկ պատանիներ պար էին բռնած, տեսա ինձ մոտեցավ կրկին անգամ այն հիմարը և խնդրեց իմ ձեռքը պար բռնելու. ես մերժեցի նրան այս մի քանի խոսքերը նրա ականջներին հասցնելով. «Հիմար, դուք արդեն առել եք ինձանից ձեր առաջին անմտության վարձը, դարձյալ լրբանո՞ ւմ եք վշտացնելու ինձ»:

«Մյուս օրը առավոտյան մի անծանոթ կնոջ ձեռքով ստանում են մի նամակ, ահա՜, նրա խոսքերը բառ առ բառ հաղորդում եմ քեզ.

«Անխի՜ղճ և անողորմ օրիո՜րդ,

«Ես մոռանում եմ այն բոլոր դառնությունները, որ դուք պատճառել եք ինձ և դարձյալ դիմում եմ դեպի ձեզ սիրո խոսքերով, հուսալով, թե ձեզանից նույնպես գտնվում է կարեկից սիրտ: Սալբի, աղաչում եմ ձեզ, մի թողեք ինձ երկար տանջվել, ձեր ձեռքումն է այժմ իմ մահը և իմ կյանքը...: Նախախնամությունը գրել է ձեր ճակատի վրա ոսկի տառերով. — Դուք իմն եք: Բայց, Սայլբի, ես ցավում եմ, դուք սնուցանում եք ձեր սրտի մեջ սերը մի տղամարդի, որ խիստ ատելի է ինձ: Դուք չեք կարող կատարեք ձեր անխոհեմ նպատակը: Ձեզ համար մի ճար կա. — ընդունել իմ ձեռքը: Բայց եթե դուք ընդ երկար կմնաք ձեր կամակորության վրա համառած, անտարակույս պատճառ կլինեք երեք անպարտ զոհերի՝ իմ, քո և քո սիրածի...: Ես սակավ գրեցի, Դուք շատ հասկացեք:

«Սպասում եմ ձեր պատասխանին:

«Ս. Բ. Ավազակյանց»:

«Ես իսկույն գրեցի հետևյալ պատասխանը և տվի գրաբերին.

«Պարոն,

«Ես, այլև չկարողանալով տանել ձեր վշտացուցիչ խոսքերը, առաջարկում եմ ձեզ մենակռիվ, արևմուտքից հետո, գյուղից դուրս, սպասելով ձեզ կալերի դաշտում»:

«Սալբի»:

«Երբ արևը մայր մտավ, ես, հաստատ մնալով դիտավորությանս վրա, հագուստս փոխեցի, իմ հանգուցյալ եղբորս զենքերը վեր առա և երբ մութը մի փոքր պատել էր աշխարհը, ես լուսնի ծերացած լուսով նրան սպասում էի կալերի դաշտումը, ինձ հետ ունենալով մեր ծառան: Տեսա, նա երևեցավ մի քանի մարդկանց հետ: Երբ մոտեցած էր ինձ, երբ տեսավ ինձ, խոսեց. «դո՞ւք եք, Սալբի. ներեցե՜ք, խնդրեմ, ես չկարողացա ճանաչել ձեզ. իրավ» ձեզ չէ կարելի որոշել մի նորահաս չերքեզ իշխանազնից: Բայց չե՞ք վախենում այսպես տարաժամ... այստեղ միայնակ...

— «Ես վախենա՞մ, տեսնում ե՞ք այս խանչալը, այս կարաբինան, այս ատրճանակները, — պատասխանեցի ես, զենքերս ցույց տալով:

— «Ես հանաք էի համարում, բայց դուք, իրավ, պատրաստվել եք կռվելու, — ասաց նա հանդարտությամբ: Բայց մտածեցե՜ք», որ մենակռիվ կոչված բանը մինչև այսօր սովորություն չէ եղած մեր երկրում, ուր մնաց, որ արգելված է: Բայց դուք, փոխանակ այդ մահու գործիքները ձեզ վրա կրելու, առավել լավ էր փնջերով հանդիպեիք ինձ այստեղ:

— «Վառոդը միշտ բուրում է վարդի անուշահոտություն, երբ գործ է դրվում նա մեր ատելիների դեմ, — ասացի ես:

«Նա նշան արավ. պատի հետքից, ուր թաքնված էին, դուրս եկան մի քանի հոգիներ. — «հափշտակեցե՜ք», հրամայեց նա: Նրանք հարձակվեցան ինձ վրա: Զուր էր ինձ իմ զենքերով պաշտպանել իմ անձը: Նրանք շրջապաաեցին ինձ...: Բայց մինչև այժմ ես չեմ կարողանում երևակայել, թե ինչ հնարքով պրծա նրանց ձեռքից... կարծես թե մի աներևույթ ձեռք ազատեց ինձ...»:

***

Մինչ օրիորդ Սալբին գրում էր յուր նամակը յուր սիրողին, Ավազակյանց տանում անց էր կենում հետևյալ խոսակցությունը.

Դուք չե՞ք հավատում, Ռե՜ս, նա կատարյալ դևիկ է, — խոսեց Սոլոմոն_բեկը:

Ո՜չ, ձեր մարդիկը քաջություն չեն արած, եթե ոչ՝ խիստ դյուրին էր նրան հափշտակել, — պատասխանեց պարոն Վասակյանը:

Իմ մարդիկը, դուք գիտեք, կարող են բռնել և հափշտակել կենդանի առյուծներ, կատաղած արջեր, բայց այդ սատանի ծիծ կերածը կարծես թե աներևութացավ մեր միջից, որպես ուրվական:

Արդեն անցել է, դուք կորուսիք հաջող միջոցը:

Բայց ես կմեռնիմ հուսահատությունից...:

Եթե դուք կընդունեք իմ խոսքերը, որսը դարձյալ մեր ձեռքումն է:

Դուք միշտ հուսադրում եք, բայց…: Եվ նրա ձայնը խեղդվեցավ շնչափողի մեջ:

Անհամբերությունը սեփական է թուլասիրտ և փոքրոգի մարդիկներին, պետք է ունենալ մտքի հաստատություն և հեռատեսություն, — պատասխանեց պարոն Վասակյանը:

Մինչև ե՞րբ...:

Մինչև դուք հասած կլինիք ձեր նպատակին: Սոլոմոն-բեկը լուռ կացավ:

Գիտե՞ք, աղա, — առաջ տարավ պարոն Վասակյանը, — մեր մինչև այս րոպեիս խորհած բոլոր հնարքները՝ որսալու օրիորդ Սալբին, իզուր անցան: Աշխարունու տանից մեզ օգուտ չեղավ: Այժմ պետք է փոխել առաջին մտքերը և մտածել նոր հնարքներ: Մեր միմիայն հույսը, որ մնացել է, է նրա մայրը: Մենք կսկսենք այսուհետև ներգործել նրա մոր վրա. երբ կարողացանք շահել նրա կամքը, այնուհետև ոչինչ չէ մնում նրա աղջկանը: Տիկին Թարլանը ավելի ժլատ է, քան թե ջհուդ: Դուք այդպես չսեղմեք ձեր քսակի բերանը. այսուհետև արծաթն պիտի լինի մեր լարած մեքենաների շարժառիթը: Ես վաղուց մտածել եմ մի հնար, որով տիկին Թարլանը կարոտություն կունենա փողի. երբ այդ կատարված է, այնուհետև գործը կերթա յուր կարգով…: Մենք այժմ խիստ կարճ ժամանակ ունինք մեր ձեռքում... մի ամսից հետո մեր հույսը կորած է... որովհետև Ռուստամը կպսակվի օրիորդ Սալբիի հետ, այնուհետև ոչինչ չէ կարելի անել...:

Ես չեմ կարծում, որ իմ փափագը կատարվի, — ասաց Սոլոմոն-բեկը երկար լռությունից հետո: — Որովհետև այդ աղջիկը ոչինչ բանով չէ կարելի խաբել. նա մի երկաթի պնդությամբ հաստատամիտ աղջիկ է:

Ես ասացի, թե աղջկա հետ գործ չունինք այսուհետև, — պատասխանեց պարոն Վասակյանը: Եվ եթե մինչև այսօր մտածել ենք օրիորդ Սալբիի կամքով շինել բանը, այդ մեր անխելքությունից է եղած, որովհետև Ասիայում աղջիկների ու տղամարդերի կամքը ամուսնության մասին ոչինչ նշանակություն չունի. նրանց կամքը նրանց ծնողների սրտումն է. նրանց ընտրությունը կախված է նրանց ծնողների հաճությունից: Դուք լսե՞լ եք մինչև այսօր Պարսկաստանում մի աղջիկ յուր կամքով ընտրեր փեսա, կամ թե մի տղամարդ ինքնագլուխ իրան կին առներ: Ուրեմն ի՞նչ շահ կար մեզ աշխատել շահելու օրիորդ Սալբիի կամքը, երբ նրա մայրը կարող էր յուր աղջիկը ամեն մարդու տալ: Եվ օրիորդ Սալբին յուր կողմից ոչ մի իրավունք չուներ յուր մորն ընդդիմանալու:

Ձեր խոսքերն ստույգ են, Ռե՜ս, մենք մինչև այսօր սխալվեցանք, իզուր ժամանակ կորուսինք: Արդարև, Ասիայում ծնողքներն ո՜չ միայն կարող են իրանց աղջիկներն ուզած մարդուն տալ կնության համար, այլև վաճառել ստրուկի, գերիի նման:

Ես ուրախ եմ, որ դո՜ւք հասկացաք իմ միտքը, — առաջ տարավ Ռեսը, — բայց արդյոք կարո՞ղ եմ հասկացնել ձեզ, որ ձեզ պետք է հանձն առնուլ և մեծ զոհաբերություն:

Միթե փողը կարո՞ղ է մի բան շինել այստեղ:

Ի՞նչ եք խոսում, օրհնած, ես փողի մեջ ճանաչել եմ մի վերին աստվածեղեն զորություն. ի՞նչ անհնարին գործեր կան, որ չէ կատարում արծաթը…:

Պարոն Վասակյանի վերջին խոսքերը խիստ ծանր էին պատանի Ավազակյանցի սրտին. նրան դժվար էր այնպես շռայլաբար բաց անել յուր քսակի բերանը, որով նրանում դրված էր և՜ նրա հոգին, որ իսկույն դուրս էր թռչելու արծաթի հետ: Բայց օրիորդ Սալբիի սերը, առավելապես նրան խելքից հանած լինելով, քան ոսկին, ակամա հոժարվեցավ Ռեսի խորհուրդին:

Ես ասացի, թե մեզ պետք է շահել տիկին Թարլանի կամքը, — պատասխանեց պարոն Վասակյանը յուր սովորական հանդարտությամբ: — Որպեսզի կարողանանք շահել նրա կամքը, պետք է պարտավորացնել այդ կինը արծաթով: Եվ այդ իրողության մի կարգին կերպարանք տալու համար եմ մտածել եմ ահա թե ի՜նչ հնարք: — Ես վաղուց գիտեմ, որ տիկին Թարլանի հանգուցյալ այրը, վարպետ Պետրոսը, հաստատ գրավատոմսակով` հազար թումանի պարտք է թողել Միրզա՜Ֆաթալի պարսկին, որ և մնում է նրա կնոջ վրա մինչև այսօր: Հայտնի է, տիկին Թարլանը չունի այնքան կարողություն, որ կարողանա վճարել մի այսքան ծանր պարտք. դրա համար Միրզա-Ֆաթալին պարտավորված է տիրել յուր գրավները, այսինքն՝ Հովասաբենց տունը և նրանց այգին, տիկին Թարլանի միակ ժառանգությունները, որ են և նրա ընտանիքի ապրուստի միակ աղբյուրները: Միրզա-Ֆաթսղին մտերիմ բարեկամ է ինձ, ես մտադիր եմ խնդրել նրան, այս օրերում տիրե գրավները, որ նրա գրավատոմսակի պայմանով այժմ պատկանում են պարտատիրոջը: Տիկին Թարլանը զրկվելով յուր տանից, կորուսանելով յուր այգին, այլևս չի կարող ապրել, այսինքն՝ կընկնի անբախտ աղքատության մեջ: Կարոտությունը ու չքավորությունը խոնարհեցնում է մարդիկ: Մենք՝ հաջող միջոցը որսալով՝ կառաջարկենք նրան ձեր օգնությունը, եթե դուք պատրաստ եք վճարել Միրզա-Ֆաթալիի պահանջելի արծաթը, և հետ առնելով նրա տիրած գրավները, դարձնել տիկին Թարլանին այն պայմանով, երբ նա կհաճեր յուր աղջիկը տալ ձեզ կնության: Եվ դուք այդ մեծահոգությունը կատարելեն հետո, տիկին Թարլանը ուրախությամբ կցանկար ունենալ ձեզ նման փեսա: Եվ օրիորդ Սալբին անտարակույս սիրելու էր ձեզ, երբ պատճառ կդառնայիք նրանց ապրուստի կրկին ապահովությանը:

Սոլոմոն-բեկը երկչոտ աչքերով նայում էր պարոն Վասակյանին և դողում էր բոլոր մարմնով: Սերը եթե չլիներ, փոքրոգի մարդերի մեջ այնքան զորեղ, պարոն Ավազակյանցը ոչ մի պայմանով չէր համաձայնվելու այդ նրա համար ամենածանր զոհաբերությանը: Բայց նրա հիմար գլուխը այնպես խռովել էր օրիորդ Սալբիի կախարդական սերը, որ այժմ նրա աչքերում ո՜չ մի բան բացի նրանից արժեք չուներ: Նա հրամայեց, նրան տվին ղեյլան, և մի քանի շունչ ծխելեն հետո ասաց.— Ես հոժար եմ, Ռե՜ս, ես ո՜չ մի բան չեմ խնայում, միայն թե կարողանայի շահել օրիորդ Սալբիի սերը:

Շատ լավ. այժմ ինձ մնում է կապել ձեզ հետ և մի դաշինք, այսինքն դուք հայտնի կացուցանեիք, թե որքանո՞վ կվարձատրեիք իմ ծառայությունը, — հարցրուց Վասակյանը:

Բայց դուք հայտնի կացուցեք ձեր գործը:

Ի՞մ գործը. — իմ գործը կլինի, որ օրիորդ Սալբին յուր հոժարությամբ կընդունի պսակվել ձեզ հետ:

Ձեր մի այդպիսի աշխատությունը կվարձատրեմ ևս երկու հարյուր թումանով և մի թազա ընտիր շալով:

Թեպետ խիստ սակավ է իմ ծառայության հետ համեմատելով, բայց ձեզ մոտ կորած չէ՜, եթե ոչինչ չտաք, ես դարձյալ շնորհակալ եմ. մնաք բարյավ.

Տերը ձեզ հետ: Խաբեբան հեռացավ:

Բայց պարոն Աշխարունիի տանում պարոն Արամը և նրա կինը՝ տիկին Սալլաթինը` այդպես խոսում էին.

Պետք է շնորհակալ լինել Սոլոմոն-բեկին, որ այդպես շուտ դուրս տարավ քույրը մեր վարժարանից, — ասաց պարոն Արամը:

Արդարև, օձը բույն էր դրած դրախտի մեջ, — պատասխանեց նրա կինը:

Սոլոմոն-բեկը սկսել է այժմ աշխատել մեր գործի վնասի համար:

Հուդաները միշտ պակաս չեն աշխարհից...: Բայց տիրոջ գործը միշտ գնում է առաջ և առաջ... հալածանքները, արգելքները՝ միշտ զորություն են տալիս նրան...:

Սոլոմոն-բեկը սկզբանե ուներ չար միտք... — ասաց տիկին Սալլաթինը. — և նրա այնպես բարեկամաբար մեզ մոտենալը առանց պատճառի չէր:

Ի՞նչ պատճառ կար:

Նա սիրում էր Սալբին և միտք ուներ մի հնարքով նրան խլել պարոն Ռուստամի ձեռքից:

Ա՜... ա՜... ա՜... այդպե՞ս... դա ծիծաղելի է... — բացականչեց պարոն Արամը:

Հանկարծ ներս մտավ պարոն Խոսրով Մելիքզադեն:

Օրիորդ Սալբին խոստացել է ինձ տալ կարդալու պարոն Ռուստամի օրագրությունները, — ասաց նա. — այժմ հասկացա, ձեզ մոտ են, կխնդրեմ տալ ինձ:

Հա՜, մեզ մոտ են, — պատասխանեց տիկին Սալլաթինը և տվեց նրան թղթերը:

Պարոն Մելիքզադեն առեց թղթերը և անփույթ կերպով թեք ընկավ սոֆայի վրա, սկսավ կարդալ:

Արդարև, հեղինակը խիստ խոր զգացել է անբախտ այրիի հետ նրա օրորոցի երգը, — ասաց նա, ուշադրությամբ նայելով թերթին:

Պարոն Ռուստամը, — մյուս կողմից խոսեց պարոն Աշխարունին, — ոգևորված գովաբանում է վայրենի քաջազնական կյանքը, կամ ուրիշ խոսքերով` բարբարոսությունը, բայց հույները իրանց ճարտարությամբ թողել են արժանի հիշատակի մի արձան գալոց ազգերինմի արձան, որ միանգամայն ձևացնում էր կռվի և իմաստության աստվածուհին: Այդ մի մեծ խրատ է մարդկությանը, որ առանց իմաստության, առանց ուսման, առանց կրթության, միով բանիվ՝ առանց լուսավորության, այսօրվա օրս ոչ մի գործ չէ կարելի կատարել: Անցան, գնացին այն ժամանակները, երբ մի Ալեքսանդր, մի Աթիլլա, մի Լենկ-Թեմուր, մի Նադր-Շահ աշխարհի մի ծայրից դեպի մյուսն արշավել են: Այդ մեծամեծ ավազակները միշտ նմանել են ցոլացող մետեորաներին, որ հանկարծ երևան էին գալիս և իսկույն չքանում մթնոլորտի մեջ...:

Լ

ՈՒՂՂԱՓԱՌ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԸ

Առավոտյան շուտ պարոն Վասակյանը հրամայեց թամքել յուր ջորին. հեծավ և սկսավ դիմել դեպի գյուղաքաղաքը, որ ոչ այնքան հեռու էր Ծաղկավանից:

Այդ գյուղաքաղաքում վաղուց արդեն բնակվում էր Միրզա-Ֆաթալի անուն հարուստ պարսիկը, մի եկվոր այս կողմերը Շիրազից:

«Մեծ հարստությունները միայն կարելի է վաստակել անիրավությամբ, արդարությամբ չէ՜ կարելի միշտ փլավ ուտել, ցամաք հաց է աղքատիկ կերակուրը արդարների... »: Այդպես էր սովորական առածը Միրզա-Ֆաթալիի: Յուր նպատակի հիմը դնելով այդ բնաբանի վրա` Միրզա-Ֆաթալին յուր մանկությունից ամենևին չուներ պահեցողություն մեղք գործելու մեջ. — սուտ խոսել, սուտ երդվել, ուրանալ, գողանալ, թեթև քարով կշռել, կարճ կանգունով չափել, փոքրիկ թուրայով (քոռով) տալ, մեծով առնել՝ էին միակ վաստակարարության աղբյուրները նրա առևտուրի մեջ: Այսուամենայնիվ, նա յուր հավատակիցների մեջ համարվում էր մինը ուղղափառ մուսուլմաններից: Ավելի ճշտությամբ կատարելով Իսլամի շառիաթական կանոնը, «թե օրենքը երևելիին հրաման կանե»– — կամ «քննությունը պիղծ է». — Միրզա-Ֆաթալին կարողացել էր մուսուլմանների արդարության գույներով ներկել յուր արտաքին կերպարանքը: Կամ ըստ հայոց ասության, լինել մի ոչխարազգեստ գայլ: Նա ոտքից գլուխ ծածկված էր մեշետյան սև վերարկուով, բարեպաշտության հաստ գոտիով պնդել էր յուր մեջքը, յուր ճկույթը անցուցած էր արդարության մատանին, միշտ ձեռքում ուներ փառաբանության թասպահը, գլխին կապած էր նվիրական չալման, հագած էր ժուժկալության սպիտակ թումբանը (վարտիք), նրա աչքերը միշտ սուրմայած էին սև դեղով, նրա երեսը ամեն առավոտ թաց էր լինում վարդաջրով, և եթե մի մուսուլման՝ յուր կյանքում գործածելով մի բաթման հանա, ազատվում էր դժոխքի կրակից, Միրզա-Ֆաթալին արդեն գործ էր ածել քանի-քանի՛ բաթմաններ հանա, ամեն ուրբաթ ներկելով յուր ձեռքերը, ոտքերը և մորուքը` նրա աղյուսագույն ռանգով:

Միրզա-Ֆաթալին ամեն օր գնում էր բաղնիք. ով որ տեղյակ է Իսլամի խորին գաղտնիքներին՝ իմանում է, թե Միրզան դրանով լցուցանում էր մի մեծակշիռ կրոնական պարտավորություն, ամեն օր մերձավորություն անելով յուր կնիկներին... և այդ ցանկասիրական առաքինությունը ստանում էր յուր վարձքը ճեննաթի մեջ…»

Վաստակել արդարությունը Իսլամի մեջ խիստ հեշտ է և դյուրին` նյութական ծեսերի և արարողությունների միջոցով, Իսլամի հոգևոր մասը մռայլված է՝ հանդեսների խրատներով:

Դու տեսնում ես, Միրզա-Ֆաթալին նստած է յուր դուքանում, հանկարծ լսելի է լինում կեսավուր ազանի ձայնը, և ահա նա, յուր դապայի երկայն դրոշակները հավաքած, յուր հագուստների թևքերը մինչև արմունկները ծալած, վեր է առնում աֆտաֆան, լվացվում, դաստամազ առնում, և կատարում է յուր նամազը: Նա կարդում է յուր աղոթքը (որ մարգարեն հորինել է արաբացվոց լեզվով), ամենևին չհասկանալով յուր աղոթքի իմաստը. նա կարդում է բարձր և լսելի ձայնով, որպեսզի բազմաթիվ բազմությունը լսե նրա աղոթքը և գովե յուր բարեպաշտության համար:

Միրզա-Ֆաթալին ճշտությամբ պահում էր երեսնօրյա ծոմը (օրուջը), մուհարլեմի ամսում ամբողջ քառասուն օր հագնում է սև քուրձ ի պատիվ իմամ Հյուսեինի և նրա ընկեր մյուս մարտիրոսվածների, և նշանավոր զատիկ օրերում բաժանում էր աղքատներին հաց և արծաթի շահիներ:

Միրզա-Ֆաթալին, գալով այդ երկիրը Դաղստանից, առաք ապրում էր որպես փաստաբան մոլլաների դիվաններում. այդ գործով, նա խիստ փոքր ժամանակում, մեծ հարստության տեր դառնալով, սկսավ վաճառականություն անել: Բայց միևնույն ժամանակ նա բոլորովին չկտրեց յուր հաղորդակցությունը մոլլաների հետ. կարծես թե Միրզա-Ֆաթալին պարտավորված էր կերակրել այդ մարգերի ստամոքսը, որոնց ձեռքումն էր Իսլամի օրենքը: Բացի դրանից` նա ամեն շաբաթ ուներ յուր տանում մի քանի առանձնակի հյուրեր, որ էին այն կարգի մարդերից, որ իրանց կեղծավորությամբ և փարիսեցիությամբ ո՜չ միայն ստացել էին ուղղափառ մուսուլմանի անուն, այլ օրինական մոլլաների դիվաններում գրավել էին մեծակշիռ համարում իրանց արդարության մասին: Միրզա-Ֆաթալին կարոտ էր պահպանելու յուր բարեկամությունը այդպիսի խաբեբաների հետ, որ շատ անգամ օգնում էին նրան յուր չարագործությունների մեջ. — հարկավորած ժամանակ` լինելով նրա համար սուտ վկաներ, և շատ անգամ կնքելով նրա կեղծյալ և խարդախ տոմսակները և մուրհակները:

Մի քանի դերվիշներ ապրում էին նրա հացով՝ նրա տան նախագավթում նրանց համար առանձին շինված խուցերում: Միրզա-Ֆաթալիին գովաբանում էին, որ կերակրում էր այդ ֆաղիրները աստուծո համար: Եվ շատերը կարծիք ունեին, թե այդ իմաստունները ալքիմիայի արհեստով շինում էին նրա համար ազնիվ մետաղներ, որով այնքան հարստացած էր Միրզա-Ֆաթալին: Բայց ո՜չ այս, ո՜չ այն, դերվիշները նրա համար շինում էին խարդախ դրամներ:

Միրզա-Ֆաթալիի ծառան իմաց տվավ, թե Ռես Վասակյանը կամենում է առանձնակի տեսություն անել` հարկավոր խոսելիքի համար:

Մաշատի-Սմայելի, — ասաց նա յուր որդուն, — դուք այստեղ վերահասու եղիք առևտրական գործերին, մինչև ես կվերադառնամ:

Նա մտավ կրպակին կից փոքրիկ սենյակը, ուր սպասում էր նրան պարոն Վասակյանը:

Հը՛մ, ի՞նչ կա, Ռե՜ս, բարի լինի, — ծիծաղելով ասաց Միրզան սովորական ողջունից հետո:

Աստուծով բարի է... ես չար և անօգուտ գործերի համար ձեր շեմքը չեմ կոխել, — պատասխանեց պարոն Վասակյանը:

Դարձյալ ո՞րս... կա՞ մի այդպիսի բան, — հարց արավ պարսիկը խորհրդական եղանակով:

Այո՛, որս... բայց որպիսի՛... խիստ գեր և պարարտ... ես կթռցնեմ, դուք զարկեք, — պատասխանեց խաբեբան իրանց միայն հասկանալի ոճով:

Շատ լավ. ես պատրաստ եմ կատարել սուրբ պարտականությունները, միայն դուք պարզեք գործի իսկությունը:

Պարոն Վասակյանը խոսեց.

Մեր գյուղում բնակվում է Հովասաբենց տիկին Թարլան անուն այրին: Դա մի աղքատ կին է, որի ապրուստի միակ աղբյուրներն են՝ նրա տունը և այն մեծ այգին, որ ժառանգությամբ մնացել են նրա հանգուցյալ ամուսին այրից: Այդ կինը ունի մի ամենագեղեցիկ աղջիկ Սալբի անունով, որ նշանված է տեր-Առաքելենց Ռուստամին: Բայց իմ տերը, Սոլոմոն-բեկը, մելիք Պիլատոսի որդին, ամենասաստիկ կերպով սիրահարված է օրիորդ Սալբիի աննման գեղեցկությամբ: Մեր բոլոր ջանքերը, որևիցե հնարքով հրապուրել մանուկ օրիորդի սիրտը դեպի պատանի Ավազակյանցը, բոլորը իզուր անցան: Եվ որքան օրիորդ Սալբին մնացել է հավատարիմ յուր նշանածի սիրույն, այնքան Սոլոմոն-բեկը պահանջում է ինձանից նրա սերը գրավել դեպի ինքը: Միրզա, լսեցեք, — առաջ տարավ պարոն Վասակյանը. — ինձ խիստ պետք է ձեր գործակցությունը, և մի առատ դրամացի օգուտ ստիպում է մեզ սառն աչքով չնայել այդ գործի վրա, այլ աշխատիլ մի հնարքով կատարել Սոլոմոն-բեկի կամքը, ընդսմին և տեր դառնալ այն բավականաչափ գումարին, որ ես կորսայի մեջտեղից:

Որպիսի՞ հնար, — հարցրուց անհամբերությամբ Միրզա-Ֆաթալին, — և ի՞նչ գումար կարելի է որսալ այդ գործի միջից:

Միակ գործադրելի հնարը, — առաջ տարավ պարոն Վասակյանը, — չէ այլ ինչ, միայն նյութական միջոցներով պարտավորել տիկին Թարլանը, կամ ավելի պարզ ասած՝ գնել նրա աղջիկը արծաթով: Այդ իրողությունը կարելի անելու համար՝ պետք է գտնել մի հնարք, որ նրանք կարոտություն ունենային արծաթի. — այսինքն մի անհրաժեշտ կարիք, որ ստիպե տիկին Թարլանին յուր աղջիկը փոխարինել արծաթի հետ:

Կա՞ մի այդպիսի ստիպողական միջոց կամ հնարք, որով տիկին Թարլանը հանձն առներ, որպես ասացիք, յուր աղջիկը փոխարինել արծաթի հետ, — հարցրուց պարսիկը, ավելի ուշադրությամբ մտադիր լինելով յուր լսածներին:

Կա, — պատասխանեց Ռեսը բանիմաց մարդի եղանակով: — Կա մի ավելի հաջող հնարք այդ անելու: Ես պատմեցի Սոլոմոն-բեկին, թե տիկին Թարլանի հանգուցյալ այրը թողել է մի հազար թուման պարտք Միրզա-Ֆաթալի պարսկին և նրա տունը ու այգին գրավ են այդ փողի գումարին: Սոլոմոն-բեկը հրամայեց, թող տիրե Միրզան յուր գրավները, և տիկին Թարլանը չունենալով այդքան կարողություն վճարելու պարտքը, անշուշտ դիմելու է դեպի մի ուրիշի օգնությունը: Այն ժամանակ մենք կհատուցանենք Միրզայի փողը, և գրավները ձրիաբար տիկին Թարլանին դարձնելով, կպարտավորեցնենք նրան, և որպես ասացինք, կգնենք նրա աղջիկը արծաթով:

Следующая страница