Րաֆֆի՝   Սալբի

Երբ չկա մի այդպիսի գրավատոմսակ, ի՞նչ պետք է արած:

Ես գիտեմ, որ չկա, բայց ի՞նչ դժվար գործ է խարդախ գրավատոմսակներ շինելը ձեր ձեռքում…:

Այդ իրավ... բայց պետք են մի քանի հավատարիմ վկաներ.

Վկաները հայերի կողմից կլինինք մինը ես, մյուսը՝ տեր Մարկոսը, մեր քահանան, և մի քանի այլ հոգի ես կարող եմ գտնել, իսկ թուրքերի կողմից դուք կարող եք գտնել շատերը, — պատասխանեց Ռեսը:

Բայց դուք միամտացա՞ծ եք Սոլոմոն-բեկի զոհաբերության մասին:

Բոլորովին: Նա, չնայելով յուր այնքան ժլատությանը, գիտեմ, յուր բոլոր հարստությունները չէ խնայելու այդ գործի մեջ յուր նպատակը հառաջ տանելու համար: Միայն թե դուք աշխատեցեք որքան կարելի է շուտով հնարելու գրավաթուղթը և տիրելու այն անշարժ կայքերին: Եվ այդ գումարը բաժանելու համար ես անում եմ այդպիսի պայմաններ. հազար թումանի հինգ հարյուրն քո բաժինն է, իսկ մնացյալ հինգ հարյուրն ես պետք է կես կիսեմ տեր Մարկոսի հետ, որ մեզ խորհրդակից է:

Շատ լավ. քահանայի գործակցությունը հարկավոր է մեզ:

Քահանայի գործակցությունը հարկավոր է և մի ուրիշ պատճառով, որ եթե այդ գործի մասին դատաստանական քննություն լինի, քահանան կվկայե, թե հանգուցյալը յուր մեռնելու ժամանակ խոստովանվել է մի այդպիսի պարտքի մասին: Մեր ժամանակը մի բախտավոր ժամանակ է, — կրկնեց Ռեսը հրճվանոք. — մոլլաներն, որպիսի թուղթ ուզում ես, տալիս են չնչին արծաթով... քահանաները վկայում են ամեն տեսակ ստություն... և սուտ վկաներ կարելի է ճարել ամեն ազգից մի բաժակ արաղովմիայն ճարտարություն պետք է, որսալու արծաթ...:

Արդարև, այդպես է, — ասաց Միրզա-Ֆաթալին: — Բայց դուք անհոգ կացեք, Ռես, ես առավոտյան կսկսեմ գործը, և հույսով եմ, որ բոլորը կվերջացնեմ մի քանի օրվա մեջ:

Պարոն Վասակյանը մնաք բարյավ ասելով, հեռացավ:

Մի քանի օրից հետո Միրզա-Ֆաթալին խանի հրամանով տիրեց տիկին Թարլանի այգին և արտաքսեց նրան այն նվիրական տանից, ուր երկար տարիներով բնակվել էր Հովասաբենց ազգատոհմը: Տիկին Թարլանը ճարահատյալ տեղափոխվեցավ յուր դրացի ծերունի Մկրտչի՝ մեզ նախածանոթ տունը:

Այդ հանկարծակի անցքը մահու չափ ցավալի եղավ տիկին Թարլանին. նա չէր կարողանում տանել յուր անբախտությունը: Մի օր, երբ նա միայնակ նստած լաց էր լինում յուր սև օրը, լսելի եղավ, որ զարկում էին բակի դռները. սարսափելի դող եկավ խեղճ տիկին Թարլանի վրա: — Գնա, ասաց նա օրիորդ Նազանուն, գնա, տե՜ս, այլևս ո՞վ կամենում է վրդովել մեր հանգստությունը... եթե այն անիծյալ Միրզա-Ֆաթալիի մարդիկ լինեն, ասա՜, ես հիվանդ եմ, չեմ կարող ընդունել մարդիկ:

Աղախինը շուտով հետ դարձավ, հայտնեց. Վասակյան Ռեսը հարկավոր խոսելիք ունի:

Բարի՛ լինի... — կրկնեց տիկին Թարլանը և հրամայեց աղախնուն, որ ասե, թող ներս գա: Եվ ինքը, չորելով աչքերի արտասուքը, ընդունեց պարզ և հանդարտ կերպարանք:

Ներս եկավ Ռեսը. տիկին Թարլանը ոտքի ելավ նրա առջև, ցուցանելով արժանավոր ընդունելություն. երկուքն կրկին նստեցան միմյանց շատ մոտավոր:

Ռեսը սկսավ հարցնել տիկին Թարլանի առողջությունը և նրան պատահած դժբախտությանը ցույց էր տալիս խորին ցավակցություն: Նազանին ոտքի վրա սպասավորություն էր անում. նա շուտով մատույց հյուրին ղեյլան, և պարոն Վասակյանը սկսավ ծանր ու հանդարտ կերպով ղռղռացնել:

Ասացեք, խնդրեմ, — հարցուց պարոն Վասակյանը երկար լռությունից հետո, — ի՞նչպես վերջացավ ձեր վեճը Միրզա-Ֆաթալիի հետ:

Ես իմ բնակությունը փոխելով այդ աղքատին տան մեջ, դուք պիտի հասկանաք, ես զրկված եմ իմ տանից, — պատասխանեց տիկին Թարլանը հոգվոց հանելով:

Տեր ողորմյա... — գլուխը շարժեց խաբեբան ավելի ցավակցություն ցույց տալով: — Ասացեք խնդրեմ, ձեր լուսահոգի ամուսին այրը յուր կենդանության ժամանակը երբեք պատմե՞լ էր մի այդպիսի պարտքի մասին:

Ոչ, երբեք, նա ամենևին հաղորդակցություն չուներ Միրզ-Ֆաթալիի հետ:

Ուրեմն դուք կարծում եք այդ պարտքը ձեր ամուսինը թողած չէ՛:

Աստված գիտե... այդ չեմ կարող ասել, մթին և հին գործ է:

Պարոն Վասակյանի հոնքերը ավելի և ավելի խոժոռվում էին.

Նրա կերպարանքը ընդունում էր հետզհետե կատաղի գծագրություն, նա նմանվում էր նույն ժամանակ գազանին, որ պատրաստվում էր հարձակվել յուր զոհի վրա:

Գիտեք, տիկին, — խոսեց նա, — Դուք գիտեք, որ մենք ոչ մի անգամ չենք ցանկանալու մի հայ քրիստոնյայի ապրանքին տիրե այլազգին: Բայց մենք հոգի ունինք աստծուն տալու, ինչպե՞ս կարող ենք սուտ խոսիլ. աստված ինքն վկա է երկնքում, և ես գիտեմ, որ այն պարսկի գրավատոմսակը սուտ չէ. ձեր այրը մի այդքան գումար պարտք էր նրան յուր կենդանության ժամանակ: Եվ տեր Մարկոսը, ես և մի քանի այլ մարդիկ մեր դրկիցներից՝ վկա ենք այդ իրողությանը:

Իհարկե, դուք լավ գիտեք:

Լսեցեք ինձ, մայրիկ, — առաջ տարավ նա յուր սովորական ճարտարախոսությամբ, — ես ունենալով ձեր հանգուցյալ ամուսնի հետ մի անկեղծ բարեկամություն, մեծ պարտավորություն եմ համարել մինչև այսօր միշտ մտածել նրա ընտանիքի բարօրության մասին: Եվ այդ դժբախտությունը ձեզ պատահելեն հետո, քանի օր է, որ ես գիշեր ու ցերեկ հանգիստ չունիմ, միշտ մտածելով մի հնար` ազատելու ձեզ այդ թշվառությունից:

Տերը թող միշտ օգնական և պահապան լինի քեզ, — խոսեց տիկին Թարլանը ջերմեռանդությամբ:

Ես մտածել եմ մի իրողություն, որի մեջ, եթե, դուք ևս ինձ հետ համաձայն կլինիք, հույսով եմ, որ կրկին տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին:

Ես ձեր ոտքի հողն եմ, դուք ինչ ասեք, ես կլսեմ:

Պարոն Վասակյանը այն կարգի մարդերից էր, որ հայերի ասածին պես, «սև ջրից սեր վեր կառներ»: Նրա հնարագետ միտքը իսկույն գտավ մի նոր միջոց այստեղ նույնպես յուր օգուտը որսալու:

Այո, այդպես, — ասաց նա հաստատամտությամբ, — դուք կրկին տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին միայն մի քանի պայմաններով:

Տիկին Թարլանը կարծես թե երազի մեջ էր. չէր հավատում յուր ականջներին. նրա շնչառությունը ուրախությունից խեղդվում էր:

Աստված է ուղարկել քեզ, Ռես, մխիթարելու խեղճ այրին, — ասաց նա ուրախությամբ համբուրելով պարոն Վասակյանի ձեռքերը:

Ես ասացի ձեզ, թե դուք տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին, միայն մի քանի պայմաններով, — շարունակեց Ռեսը անվրդով եղանակով: — Այժմ հարկավոր է ձեզ, պատվելի տիկին, գիտել թե ի՜նչ պայմաններ էին դրանք: Մի մեծահոգի տղամարդ իմ բարեխոսությամբ հանձն է առել բարերարել ձեզ, վճարելով Միրզա-Ֆաթալիին ձեր մի հազար թումանի պարտքը, հետ առնելով գրավներն և դարձնելով նրանք ձեզ բոլորովին ձրիաբար: Առաջին, որ դուք խոստանայիք տալ նրան կնության ձեր աղջիկը, երկրորդ, որ իմ այս ծառայության փոխարեն վարձատրեք արծաթով:

Կարելի՞ է գիտենալ այդ բարերարի անունը, — հարցրուց տիկին Թարլանը:

Մելիք Պիլատոսի որդին, Սոլոմոն-բեկը:

Քիչ էր մնում տիկին Թարլանը խելքից գնար, լսելով այդ փառավոր անունը:

Իմ աղջիկը ոչ թե արժան է լինել Սոլոմոն-բեկի կինը, այլ նրա տան մեջ մինը ստորին աղախիններից: Այդ աստծո շնորհն է. ես անարժան եմ մի այդքան բախտավորության...: Բայց դուք, որ ձեր բարեսրտությամբ պատճառ եք եղել իմ և իմ աղջկա բախտավորությանը, ձեզ ես իմ հոգին տալու լինիմ դեռ սակավ է... իհարկե, ձեզ առանց վարձատրության չեմ թողնելու:

Դուք հայտնեցեք, թե ի՞նչ կամիք տալ:

Ես ամենայն խնայողությամբ իմ վաստակներից ավելացրել եմ մի հարյուր թուման փող, որ միտք ունեի Երուսաղեմ ուղարկելու. այդ գումարը քեզ կուտամ. եթե դրանից ավելի ունենամ և չտամ, թող Հուդայի արծաթ լինի:

Պարոն Վասակյանը ոտքի ելավ:

Այժմ ի՞նչ հույսով գնում եմ ես, — հարցրուց նա:

Դու բոլորովին միամիտ կաց, թե ձեր մի հարյուր թումանի մասին և թե իմ աղջկա մասին: Միայն աշխատիր որքան կարելի է, մենք շուտով դուրս գանք այդ անտանելի բնակությունից, — կրկնեց տիկին Թարլանը:

Խաբեբան հեռացավ: Բայց անմիտ տիկին Թարլանը ամենևին չմտածելով յուր աղջկա հպարտ և հանդուգն բնավորությունը, և թե նա` բոլոր աշխարհի հետ չէր փոխելու պարոն Ռուստամի մի մազը. — իզուր հանձնառու եղավ պարոն Վասակյանի առաջարկությանը:

Երեկոյան պահուն, երբ տիկին Թարլանը գնացել էր ժամ, օրիորդ Սալբին դարձավ պարոն Աշխարունու տանից: Նա գտավ իրանց նոր բնակարանում միմիայն օրիորդ Նազանին և յուր սովորական կատակասիրությամբ սկսավ նրա հետ խաղալ. բայց տեսնելով նրա տրտում և տխրամած երեսը, ասաց. — Նազանի, միթե դուք տկա՞ր եք:

Ոչ, ես տկար չեմ, — պատասխանեց վշտացած օրիորդը. — բայց, Սալբի քույրիկ, ձեր մայրը մի անագորույն ծնող է. դուք մի ընդունեք նրա խոսքերը. նա կամենում է ձեզ ձգել անբախտության մեջ` զրկելով պարոն Ռուստամից և տալով Սոլոմոնին, այն հիմար անասունին, որին այնքան ատում եք դուք:

Ի՞նչ էր ստիպում նրան այդ անել:

Շահասիրությունը և անխելք փառասիրությունը, իմ սիրելի, որովհետև Սոլոմոն-բեկը խոստացել է վճարել ձեր հոր պարտքը և ձեր տունը և այգին ձրի դարձնել ձեզ:

Այդ դուք ո՞րտեղից գիտեք:

Այսօր եկել էր ձեր տունը Ռես Վասակյանը և դրա վրա խոսում էր ձեր մոր հետ. մայրդ խոստացավ նրան մի հարյուր թուման փող, երբ նա կկատարե այդ գործը:

Ախ, չար վասակներ... ա՛խ, դժոխքի որդիքմինչև ե՞րբ դուք պիտի անպակաս լինիք խեղճ հայերի միջից... մինչև ե՞րբ ձեր թունավոր շունչը պիտի ապականե մեր աշխարհի օդը... — բացականչեց օրիորդ Սալբին տխուր հառաչանքով:

Ոչ. դուք մի խաբվիք, Սալբի, Ռուստամը ափսո՛ս է:

Ես չեմ խաբվիլ, Նազանի, և ոչ մի բան աշխարհում չէ կարող խաբել ինձ... ես չեմ լսելու ոչ մի ձայն. բայց կլսեմ սիրո ձայնին, որ միշտ զարկում է իմ սրտի մեջ...:

Օրիորդ Նազանին լուռ կացավ և գնաց ճրագ վառելու: Մեր անբախտ հերոսուհին միայնակ նստած էր մութի մեջ: Հազարավոր դառն մտածմունքներ պաշարեցին նրան: «Անտարակույս գործը կընդունե վատ ուղղություն, երբ մայրս նույնպես անցավ նրանց կողմը... այդ հիմարը կխանգարե յուր այրի, իմ հոր սուրբ ուխտը... և ի՞նչ կլինի այն ժամանակ իմ և խեղճ Ռուստամի վիճակը…», մտածում էր նա խորին տխրությամբ:

Օրիորդ Նազանին ճրագ բերավ. աղջամուղջին խրճիթը լուսավորվեցավ պայծառ լուսով: Միևնույն րոպեին ժամից հետ դարձավ տիկին Թարլանը: Օրիորդ Սալբին նկատեց, նրա երեսը փայլում էր ուրախությունից:

ԼԱ

ՀԻՄԱՐ ԾՆՈՂՔ

Տիկին Թարլանը բոլոր գիշերը չէր քնացել ուրախությունից: Առավոտյան նա սովորականից խիստ շուտ զարթել էր: Նա հրամայեց յուր մոտ կոչել յուր աղջիկը:

Մայր իմ, — ասաց օրիորդ Սալբին նշմարելով նրա պայծառ դեմքը, — այսօր խիստ ուրախ եմ տեսնում ձեզ:

Այո, Սալբի, պետք է ուրախանալ և օրհնել վերին նախախնամությունը, — պատասխանեց նրա մայրը հրճվանոք: — Որովհետև տերը ողորմություն է արել մեզ անբախտներիս:

Օրիորդ Սալբին արհամարհական ձևով ժպտեցավ:

Ի՞նչ ողորմություն, ասացեք, խնդրեմ, թող ես նույնպես բաժանորդ լինիմ ձեր ուրախությանը, — հարցրուց նա:

Իմ աչքի լույս, մի մեծամիտ և մեծահոգի բարերար շնորհ է գործել մեզ. մենք մյուս անգամ տեր կլինինք մեր կորուսած ժառանգություններին և մեր ապրուստը կրկին ապահովության մեջ կլինի:

Ես կարո՞ղ էի գիտենալ այդ բարերարի անունը:

Աոլոմոն-բեկը, մելիք Պիլատոսի որդին:

Ծիծաղը կրկին ցնցեց օրիորդ Սալբիի վարդագույն շրթունքը:

Ես չեմ կարծում նրա կողմից մի այդպիսի մեծահոգություն, — ասաց նա:

Նա պատճառ ուներ այդպես անելու, — պատասխանեց տիկին Թարլանը: — Աստված դրել է նրա սրտի մեջ այն բարենպատակ ցանկությունը, որով նա խնդրում է ձեր սերը: Աստված նրան ազդել է այն վսեմ հոժարությունը, որով նա խոնարհվում է պսակ կապել մի աղքատ աղջկա հետ:

Օրիորդ Սալբին ոչինչ պատասխան չտվավ: Արտասուքը նրա աչքերի մեջ չէին կարողանում շիջուցանել կրակը բոցավառված աչքերի, և նրա շնչառությունը խեղդվում էր սրտի տհաճությունից և մրրկահույզ վրդովմունքից:

Սալբի, սիրական, — հառաջ տարավ մայրը, — մի լավ մտածեցեք. Սոլոմոն-բեկը, մեր երկրի առաջին իշխանի որդին ցանկանում է պսակվիլ քեզ հետ... այդ աստուծո ողորմությունը չէ՞ ...:

Ուրեմն դուք միտք ունիք պղծել իմ հոր սուրբ ուխտը, — պատասխանեց օրիորդը վշտացած կերպով:

Ի՞նչ պետք է արած... երբ աղքատությունը ստիպում է...: «Հարկ զօրէնս լուծանէ», ասում է գիրքը, — պատասխանեց նրա մայրը:

Ուրեմն դուք կամիք վաճառե՞լ ինձ:

Ոչ: Բայց ես իբրև մայր, իբրև առավել փորձառու իմ այնքան անցուցած օրերով, կամենում եմ բախտավորել քեզ. հաստատ գիտելով այդ չար աշխարհի գործը, որ նա յուր դառնությունները միշտ թափում է աղքատների վրա..., բայց արծաթից, իբրև կախարդական թիլիսմից, միշտ փախչում են կյանքի հոգսերը...:

Մայր իմ, — ասաց նա հանդարտությամբ, — դուք խիստ սխալվում եք ձեր դատողությանց մեջ. որովհետև արծաթը թունավորում է երջանկություն ասած բանը:

Ձեր մանուկ սրտին դյուրին է այդպես մտածել, բայց իմ ծամերը սպիտակացել են վշտակրության մեջ. ես առել եմ աշխարհի դառն համը... այդ պատճառով, մտածում եմ քեզ համար, գոնյա, ես հանգստությամբ գերեզման մտնեմ, չտանելով իմ հետ հողի տակ և այն ցավը, թե դուք մնացիք արևի տակ ինձ նման դժբախտ...:

Աղքատությունը մեղք բան չէ, — պատասխանեց օրիորդ Սալբին սառնությամբ: — Եվ եթե մարդիկ կսանձեին իրանց եսական շահասիրությունները և մարդասիրությունը տեղի կգտներ բարի քրիստոնյաների մեջ, այն ժամանակ կարող էին ասել, աղքատություն ասած բանը չէ ապրում աշխարհի մեջ:

Դրանք վերացական մտքեր են, որդի, — նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը: — Մենք պետք է մեր անձը հարմարեցնենք ներկա ժամանակի և մեր կյանքի պիտույքների հետ:

Ժամանակի հետ ես գործ չունիմ. ես ամենևին ուշադրություն չեմ դարձնում, թե ի՞նչ բաներ գործվում էին իմ շրջակայքում. բայց ես գործ ունիմ իմ սրտի, իմ մտքի, իմ գաղափարների հետ. ես իմ անձս կհարմարացնեմ իմ կամքի հետ, մտածելով, թե երկու սիրավառ սրտերի համար և այն փոքրիկ, համեստ խրճիթների մեջ կարելի էր գտնել բախտավորություն:

Դուք ապրում եք ֆանտազիայով, — կրկնեց նրա մայրը վշտացած սրտով և ավելի չկամեցավ խոսել նրա հետ, այլ առավ չարսավը, սկսավ գնալ առավոտյան ժամը խռոված սրտով: Նա ճանապարհում անիծում էր ինքն յուր անձը, յուր անխելքությունը, թե ինչու յուր աղջիկը տվեց ուսում և գիտություն սովորելու, որ կարողանա մինչև այն աստիճան լրբանալ, ընդդիմանություն գործելով յուր կամքին, կամ այնպես համարձակ և անամոթ կերպով խոսել սիրո վրա: Նա գնաց ժամ աղոթելու և սրբերու բարեխոսությունները խնդրելու, որ յուր աղջկա միտքը փոխեին...:

Ժամից դուրս գալուց հետո նրան հանդիպեց ճանապարհում Ռես Վասակյանը, որ յուր կյանքում եկեղեցվո երես տեսած չլինելով, նույն առավոտ գնացել էր այն մտոք, որ կարողանա խոսել տիկին Թարլանի հետ:

Եկեղեցում մեր պարտքը աստծուն հարուցանելեն հետո այժմ մնում է մեզ լցնել, մեր պարտավորությունները դեպ մարդիկ, — խոսեց նա ավելի բարեպաշտություն ցույց տալով: Գիտե՞ք, պատվելի տիկին, որքան անհանգիստ եմ ձեր գործի մասին... Ես մտադիր էի ձեզ մոտ գալ այս առավոտ, լավ եղավ, հանդիպեցանք միմյանց. դուք խոսեցի՞ք ձեր դստեր հետ այն խորհրդի մասին, որ անցյալ օր այնքան սիրով ընդունեցիք դուք:

Տիկին Թարլանը, տակավին հույս ունենալով, թե մի կերպով կարող էր համոզել յուր աղջիկը, պատասխանեց. — Ի՞նչ հարկ կար այդ մասին խորհրդակցել իմ դստեր հետ. միթե մեր աղջիկները մինչ այն աստիճան լրբացա՞ծ են, որ կարողանային ընդդիմություն գործել իրանց ծնողների կամքին: Մենք ունինք իշխանություն մեր աղջիկների վրա, ոչ միայն մեր ուզած մարդին տալու, այլև վաճառելու:

Ահա՜ ամենաճշմարիտ խոսվածքը, — կրկնեց բանսարկուն: Միայն հիմար Եվրոպան շնորհել է յուր որդիներին այնքան անտեղի ազատություններ ամուսնության մասին: Բայց իրավ, մեր ասիացի ծնողները առավել իրավացի վարվել գիտեն իրանց որդիների հետ...: Եվ Եվրոպայի պղծությունները մեծ ապացույց են, նրանց չարաչար սխալմունքներին:

Իշխանություն տալ հասուն աղջիկներին, իրենց կամքի ազատությամբ ընտրել փեսա, ասել է թե փչացնել, ոչնչացնել նրանց, — պատասխանեց տիկին Թարլանը:

Օ՛հ, խելքս տանում են այդ ճշմարտաքարոզ խոսքերը, — կրկնեց կեղծավորը: Դուք, տիկին, խոսում եք իսկ և իսկ Ավետարանի միջից. բայց ներողություն, խնդրեմ, որ մի ամենահարկավոր գործ դժբախտաբար ինձ զրկում է ձեր մեղրաճաշակ զրույցներից, առայժմ մնաք բարյավ:

Տիկին Թարլանից բաժանվելով, պարոն Վասակյանին հանդիպեց Միրզա-Ֆաթալին, որ թանկագին ջորու վրա նստած, գնում էր յուր գյուղը, որ ոչ այնքան հեռի էր քաղաքից:

Հը՜մ... բարեկամ, ի՞նչ եղավ, — հարցրուց նա, — ես կատարեցի ձեր կամքը, դուք էլ կատարեցեք ձեր խոստումները:

Անտարակույս, այս րոպեիս գնում եմ Սոլոմոն-բեկի մոտ. առավոտյան կստանաք հինգ հարյուր թումանը, — պատասխանեի պարոն Վասակյանը:

Մնացյալ հինգ հարյուր թումանը դուք պիտի բաժանեք տեր Մարկոսի՞ հետ:

Իհարկե:

Ա՛յ դու սատանա, — կրկնեց Միրզան և յուր ձեռքի մտրակը դեպի նա շարժելով, հեռացավ:

Սատանա բառը Միրզա-Ֆաթալին սովորաբար գործ էր ածում խելոք բառի փոխարեն:

Այնտեղից անցնելով Ռեսը ուղղակի դիմեց դեպի Ավազակյանց իշխանի տունը և գտավ Սոլոմոն-բեկին միայնակ յուր սենյակում:

Ի՞նչ արեցիք, — հարցրուց Սոլոմոն-բեկը:

Մինչև մի բան չպարգևեք ինձ, չեմ ասի, — պատասխանեց պարոն Վասակյանը, ավելի թանկ ծախելով յուր գիտցածը:

Թե աստված կսիրես, ասա:

Էլ ի՞նչ ասեմ, երկնային ավետիք, որ աստված ուղարկում է յուր հրեշտակների լեզվով, օրիորդ Սալբին այժմ ձերն է...:

Ուղղո՞րդ, եթե այդպես լինի, ես կավելացնեմ իմ խոստացածի վրա և մի քանի թուման:

Ճշմարիտ... աստված է վկա, որ սուտ չեմ ասում: Սոլոմոն-բեկը հափշտակվեցավ հիացմունքով:

Բայց ժամանակ կորցնել պետք չէ, — կրկնեց Ռեսը. — դուք հրամայեցեք, թե որտեղից կամենում էիք տայլ մի հազար թումանը, այսօր իրիկնապահին ժամադիր եմ եղած հասցնել Միրզա-Ֆաթալիին:

Առեք այդ տոմսակը, գնացեք բազառ. այնտեղ գանձապետից կստանաք բոլոր գումարը, և հատուցանելով Միրզա-Ֆաթաիին` կստանաք նրանից գրավաթուղթը, և առավոտյան Հովասաբենց գերդաստանը կրկին կտեղավորեք իրանց հայրենական բնակությանց մեջ:

Շատ լավ, — ասաց Ռեսը և առնելով տոմսակը հեռացավ:

Իրիկնապահին մի ընդարձակ դահլիճ Ավազակյանց ամրոցում լուսավորված էր բազմաթիվ ճրագներով, և պարսկական ճաշակով խիստ ճոխ զարդարված դահլիճը շողշողում էր, վառվռում էր զառիկից, բրոնզից, ֆարֆորից, ոսկուց և արծաթից, միանգամայն կացուցանելով շռայլության աստուծո տաճար: Մի հսկայաձև հաստլիկ մարդ, քիշմիրյան շալից խալաթը հագին, չափավոր քայլերով անցուդարձ էր անում թանկագին գորգերի վրա: — Դա էր մելիք-Պիլատոս Ավազակյանցը:

Մի մարդ, մռայլոտ կերպարանքով, ստրկաբար յուր գլուխը դեպի ցած խոնարհեցուցած, կանգնել էր դռան մոտ ոտքի վրա, և յուր աչքերը մեքենաբար հետևցնում էր մելիքի քայլերին:

Ինքը մելիքը կլիներ հիսուն տարեկան մարդ: Ժամանակը բոլորովին սպիտակացրել էր նրա ալիքը: Բայց նա, կամենալով իրան ավելի մատաղահասակ ցույց տալ, գլխի մազերը ածիլել տալով մորուքը կարմիր ներկել էր հինայով: Նրա բարձր, հսկայաձև հասակը, յուր նախկին ուղղությունից թեքվելով դեպի քամակը, առջևից դուրս էր ընկել ահագին հաստլիկ փորը: Նրա աղյուսագույն մսալի երեսը ցույց չէր տալիս ոչ մի մարդկային գծագրություն, այլ մի վագրի կերպարանք, որ յուր կատաղի արտահայտությամբ` բացատրում էր նրա գազանական հոգու վայրենի տրամադրությունները: Նրա խոժոռված աչքերը, սև, փայլուն, շուտաշարժ, լի էին արյունով և բարկությամբ:

Ոչ թե մելիքի արտաքին կերպարանքին նայելով` չէր կարելի որոշել նրան մի խաբեբա և փառասեր պարսկից, այլ նրա բոլոր սովորությունները, բարք ու վարքը միանգամայն նման էին կեղծավոր մահմեդականի, որ արտաքին ձևականությամբ միայն կամենում էր երևիլ բարեպաշտ մուսուլման, բայց հոգին լի է ամենայն չարությամբ:

Նա մեղմաշարժ ընթացքով գնաց, մոտեցավ փառավոր կիսաթախտին, որի տախտակները բարձր հնչումով ճռացին այդ վիթխարի անասունի անհամեմատ ծանրությունից, երբ նա նստած էր նրա վրա, և խորամանկ աչքերը ուղղելով դեպ Ռես Վասակյանը, որ կանգնած էր դռան մոտ, խոսեց.

Վասակ, այսօր մեր գանձապետը տվավ ինձ մի տոմսակ, որ գրել էր մեր փչացած Սոլոմոնը, որով դուք ստացել եք հազար թուման, Միրզա-Ֆաթալիին հասցնելու համար:

Ստույգ է, աղա՜, — երկյուղածությամբ պատասխանեց պարոն Վասակյանը:

Առանց ինձ հայտնելո՞ւ, նզովյալ, — գոռաց նրա ձայնը: Պարոն Վասակյանը շփոթվեցավ երկյուղից:

Ես պիտի չգիտենամ, թե ի՞նչ է գործվում իմ տանում, — կրկնեց մելիքը բարկությամբ: Ի՞նչ հարաբերություն ունի իմ փչացած որդին Միրզա-Ֆաթալիի հետ. այդ ի՞նչ փող է, որ տալիս է նրան:

Թող աստված փչացնե ինձ, թե ես գիտեմ, նրանց մեջ ինչ հարաբերություն կա, — պատասխանեց Ռեսը դողալով:

Միթե դու չե՞ս բոլոր չարության խմորը:

Թող ես Քրիստոսի մեխ զարկողներից լինիմ, թող ես սուրբ Հովաննու գլուխ կտրողն լինիմ, թող ես սուրբ Ստեփանոսի քարկոծողներից լինիմ... թե գիտեմ ձեր որդու և Միրզա-Ֆաթալիի մեջ ի՞նչ գաղտնիք կա... թող ես դժոխքի շունը լինիմ և աստուծո երես չտեսնեմ, թե գիտեմ ինչ փող է, որ Սոլոմոն-բեկը տալիս է նրան: Եթե չեք հավատում ինձ... հրամայեցեք ձեր ծառաներին թող թափեն իմ արյունը, իմ լեշը թող ուտեն ձեր դռան շները:

Եվ պարոն Վասակյանը կեղծավորաբար փղձկեցավ և նրա աչքերը լցվեցան արտասուքով:

Այդ սարսափելի երդումները մի փոքր մեղմացրին մելիքի բարկությունը և նա հարցրուց.— միթե դուք չէի՞ք գնացել հարսնախոսության համար Հովասաբենց տանում, տիկին Թարլանի մոտ, նրա աղջկա մասին:

Եթե այդ ստույգ լինի, եթե մի այդպիսի բան արել եմ ես, դուք տվեք իմ կաշին քերթեն, իմ լեզուն կտրեն, իմ աչքերը դուրս հանեն: Բայց, աղա, — խոսքը փոխեց նա, — ձեր ոտքերի հողն լինիմ, ձեզ մատաղ դառնամ, ես քանիցս անգամ ձեզ խնդրած եմ, թե ձեր ծառաներից ոմանք մի հին ոխակալության պատճառով չարախոսություն են անում ծառայիս համար և վառում են ձեր բարկությունը խղճալուս վրա...: Դուք ստուգեցեք ճշմարիտը, եթե ձեր լսած-ները ուղիղ են, ինչ պատիժ կամիք, տվեք ինձ:

Մելիքը, յուր անչափ փառասիրության պատճառով, շուտով կզիջաներ յուր բարկությունից, երբ մինը աղաչավոր կերպով, փաղաքշաբար՝ խոնարհվում էր նրա առջև:

Ո՞վ է նա, որ այդ մասին չարախոսել է ձեզանից, — հարցրուց մելիքը մի փոքր հանգստանալով:

Ձեր գանձապետը, որ ոչ սակավ դիպվածներում ցույց է տվել ինձ յուր թշնամությունները:

Պարոն Վասակյանը, վաղուց դարանակալ լինելով հափշտակելու գանձապետի պաշտոնը, հաջող միջոցներով, միշտ սուտ և խորամանկ չարախոսություններով, աշխատում էր նրան կացուցանել մելիքի աչքում մի ավազակ և ստախոս մարդ:

Եթե գանձապետը սուտ ամբաստանություն է արած ձեր մասին, ես կպատժեմ նրան:

Ինձ այնքան ցավալի չէ, երբ ես ձեր առջև կորցնում եմ իմ բարի համարումը, բայց առավել զգալի է ինձ, երբ ես բաց աչքով տեսնում եմ նրա գողությունները:

Դյուրահավան մելիքը իսկույն հավատաց ստախոսին, բայց չկամենալով նույն րոպեին խոսել մի այդպիսի առարկայի վրա, ասաց.

Մենք ուրիշ ժամանակի ենք թողնում խոսել դրա մասին, ես ինքս հասկացել եմ գանձապետի անհավատարմությունները, միայն ասեք, ի՞նչ է ձեր կարծիքը Սոլոմոնի մի այդպիսի հիմար ցանկության վրա:

Ես մինչև հիմա չեմ լսել և չեմ հասկացել, թե ձեր որդին կամք ունի Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ. եթե եղել է մի այդպիսի բան, այդ խիստ հակառակ է իմ կամքին, և ես կաշխատեմ նրա սրտից դուրս բերել մի այդպիսի հիմար ցանկություն:

Հանկարծ ներս մտավ մելիքի կինը, Նազլու խանումը, յուր ամուսնի նման հաստլիկ և մսի կոճղ:

Մենք իզուր բարկացել ենք Ռեսի վրա, — ասաց նա յուր կնոջը:

Ի՞նչպես, — հարցրուց Նազլու խանումը:

Մենք սխալված ենք, կարծելով, թե Ռեսը նույնպես խառն է եղել Սոլոմոնի գործի մեջ:

Թող երեսը սպիտակ լինի, երբ այդպես է, — պատասխանեց նրա կինը:

Դուք, Ռես, աշխատեցեք հեռացնել Սոլոմոնին յուր ցնորված մտքերից, և այս անգամիս բաշխում եմ նրա մեղքը, և չեմ ցույց տալու, թե ինձ հայտնի եղած են նրա գործերը: Դուք հայտնեցեք, որ ես Թեհրանուց դառնալու ժամանակ նրա համար Թավրիզում նշանադրել եմ Ն... խանի աղջիկը:

Դուք անհոգ կացեք, տեր, ինձ համար դյուրին է ձեր որդին զարթեցնել յուր երևակայական երազներից. միայն գանձապետը...:

Թող մնա այդ, ես միտք ունիմ գանձապետին հեռացնել յուր պաշտոնից, և եթե խելոք կլինիք և հավատարիմ` կստանաք նրա պաշտոնը:

Պարոն Վասակյանը մոտեցավ, կամենում էր խոնարհվիլ համբուրելու մելիքի ոտքերը: Բայց նա թույլ չտվավ, Ռեսը գլուխ տալով դուրս ելավ դահլիճից:

Դուրս գալով Ավազակյանց դահլիճից, պարոն Վասակյանի միտքը նմանում էր մի ամենաուղիղ կշիռի, որի ամեն մի թաթի մեջ ամենաթեթև ծանրությունը զգալի էր: Մտաբերելով մելիքի վերջին խոսքը, երբեմն նա մտածում էր, դուրս հանել Սոլոմոնբեկի գլխից նրա ցանկությունը և կատարելով մելիքի կամքը, հափշտակել գանձապետի պաշտոնը... ուր մեծավորի անհոգությունը և ծուլությունը պատճառ էր տալիս ինքնակամ ներգործել արծաթի վրա... ուր ամեն օր պիտի խաղ անել մետաղների հետ...:

Բայց հանկարծ նրա մտքում լույս էին ընկնում խոստացածները՝ տիկին Թարլանի, Սոլոմոն-բեկի, Միրզա-Ֆաթալիի և այլն...: Կրկին տիրում էր նրան ագահության դևը և փոխում նրա միտքը...:

Չէ, ասում էր նա, այդ իմ կողմից մեծ հիմարություն է, երբ ես «եփած հավը թող տամ օդի մեջ թռչուն որսալու»...: Ի՞նչ արգելք կա, ես չեմ թող տա իմ ձեռքից երկու կողմերն էլ: — Մի կողմից պետք է աշխատել, Սոլոմոն բեկի նպատակն կատարվի, մյուս կողմից պետք է ձեռք բերել և այն հնարները գանձապետը ցած գլորելու յուր աթոռից..:

Խորասուզված մտածությունների մեջ, նա ներս մտավ Սոլոմոն-բեկի մոտ. պատմեց նրան հոր սպառնալիքը, և երկար խորհրրդակցությունից հետո, պատվիրեց՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, մինչև նա կաշառված բժիշկների վկայությամբ կիմացներ մելիքին, թե նրա որդին առանց օրիորդ Սալբիին` վտանգի մեջ կգցե յուր անձը: Եվ դուրս գալու ժամանակ սաստիկ պատվիրեց, որ Սոլոմոն-բեկը այնպես ցույց տա, թե Ռեսը այս գործի սկզբից մինչև նրա վերջը ոչ մի տեղեկություն չունի:

Մինչև նրանք այդ խորհրդածության մեջ էին, օրիորդ Սալբին միայնակ յուր սենյակում գրում էր այդ նամակը.

«Անգին բարեկա՜մ,

«Հանգամանքները օրեցօր փոխվում են, ընդունելով ավելի և ավելի վտանգավոր կերպարանքներ... և հետադարձ բախտը, ասես թե կամենում է զորություն տալ մեր հակառակ կողմին...:

«Սոլոմոն-բեկը, հաստատ յուր դիտավորության վրա, խիստ հիմար և անխելք կերպով սիրում է ինձ: Եվ մի նոր դժբախտություն. — մեր տան և այգիի կորուստը պատճառ են տվել նրան գրավել և իմ մոր կամքը...: Ա՛խ, որքան փոփոխամիտ և թույլ են այդ անսիրտ ծնոդները:

«Դու լսել ես Միրզա-Ֆաթալիի անցքը: Այժմ մայրս հոժարել է ինձ տալ Սոլոմոն-բեկին կնության, միով բանիվ, ինձ վաճառել այն արծաթին, որ մելիքի որդին խոստացել է վճարել յուր քսակից և ազատել մեր կորուսած ժառանգությունները:

«Իմ սիրելի, դժվար է ապրել մի այսպիսի երկրի մեջ, ուր անկարգ շարիաթը, առանց երկար քննությունների, հաստատություն է տալիս քսան տարվա հին գրավաթղթին և պարսիկը տիրում է խեղճ հայի կալվածքին, ուր մայրերը վաճառում են իրենց որդվոց, պարտք վճարելու համար: Արդարև, դժվար է բնակվել մի այնպիսի երկրի մեջ, ուսկից արդեն դուրս է կորել աքսորված արդարությունը...:

«Բայց դու անխիղճ ես, Ռուստամ, դու երկար պիտի թողնես ինձ տանջվել մի խստաբարո և հիմար ամբոխի մեջ, որոնց համար սիրո կախարդական գաղտնիքը դեռ չէր դուրս բերված հավիտենական խավարի միջից: Արդյոք դու ինձ չե՞ս ափսոսում, ի՛նչ հիմար ցանկություն է բնակվել մի այսպիսի անբարոյական ժողովրդի մեջ: Եկ, հասիր, ազատե՜ ինձ: Մի՜թե այն լայն և ընդարձակ անա-պատները չունի՞ն այնքան տեղեր մեզ ապրելու: Մի՜թե այն բարձրարերձ սարերը և ծառախիտ անտառներր չե՞ն կարող պահպանել մեզ իրանց ծոցերում: Արդարև, առավել երջանիկ կլինինք մենք բնակվելով այծյամների, թռչունների, վայրենի ծառերի և ծաղիկների հետ, քան թե մարդկանց հետ, որոնք խիստ ստոր են անասուններից...:

«Անաստված երկրում բնակվի՜ր, բայց անօրեն երկրում մի բնակվիր», այդպես է հայերի խրատը, որ և եղել է սովորական առած: Արդարև, մեծ հիմարություն է բնակվել մի երկրում, ուր օրենքը, իրավունքը, արդարությունը ոտքի տակ են ընկած, ուր զորեղը տիրում է անզորին, ուր հարուստը արծաթի զորությամբ կատարում է յուր կամքի ամենագարհուրելի բաղձանքները...:

«Իմ թանկագին բարեկամ, ճշմարիտ, ես երկյուղ ունիմ, գուցե մեզ զրկեն միմյանցից...:

«Ե՜կ, հասիր, ազատե ինձ, գնանք, հեռանանք այս չար երկիից, գնա՜նք, ուր ճակատագիրը կոչում է մեզ: Գնանք, խառնվինք այն քաջ վրանաբնակների հետ, բառնանք նրանց սրբությունները, և նրանց հետ միասին թափառինք սարից սար, ձորից ձոր, մինչև նախախնամությունը կհաստատե մեր կացությունը ամուր երկրի վրա, ուր հայկական տունկը՝ ազատ, ինքնուրույն կաճեր, կհասունանար…:

«Այն օրից, որ կարդացել եմ քո օրագիրը, իմ սրտի մեջ գոյացել է մի անհանգստություն՝ դեռևս ինձ անհասկանալի բաղձանքի հետ: Վրանաբնակ այրին և նրա անբախտ որբիկը միշտ իմ մտքիս մեջ են, ես չեմ մոռանում նրանց: Շատ անգամ ես մտածում եմ, իմ բոլոր կյանքս ընծայել նրա սպասավորությանը, իմ կրծքի վրա գրկելով նրա որբիկը, իմ բազուկների վրա մեծացնելով և ձեռքով շարժելով նրա օրորոցը:

«Եկ, մի ուշացիր, բեթլեհեմյան աստղը առաջնորդում է մեզ դեպի այրի կնոջ չադրը. եկ, գնանք, երկրպագություն տանք այն մանուկին...:

«Քո Սալբին»:

Նա ծալեց և կնքեց նամակը, տվավ Խաչոյին, որ սպասում էր նրա սենյակի դռան մոտ:

ԼԲ

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Հուսահատությունը միշտ բնական է փոքրոգի մարդիկներին, որոնց միտքը, սիրտը, խելքը և բոլոր հոգեկան զորությունները չեն կարող տանել դժբախտության հարվածներին:

Պարոն Վասակյանի խորհուրդը, — որով մարգարեաբար պատվիրեց Սոլոմոն-բեկին՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, գուցե մելիքը հասկանալով, թե նրա հիվանդության պատճառն էր օրիորդ Սալբին, համոզվեր կատարել նրա կամքը, — եղավ ուղղորդ — «մարդի ասած, տերի լսած» — Սոլոմոն-բեկը իրավ հիվանդացավ: Եվ նրա հիվանդությունը օրեցօր սաստկանում էր, չնայելով, թե նրա ծնողքը ուշադրություն չէին դարձնում դեպի նա:

Պարոն Վասակյանը չէր հեռանում հիվանդի մոտից:

Մի գիշեր նրան յուր մոտ կոչեց մելիքը:

Նա տակավին չէ՞ վեր կենալու յուր հիվանդության մահճից, — հարցրուց նա:

Նրա հիվանդությունը սաստիկ է, — պատասխանեց Ռեսը:

Այն աղքատ աղջկա համար:

Հրամեր եք. բժիշկները այդպես ասում են:

Следующая страница