Րաֆֆի՝   Սալբի

Երբ ես խորին քնի մեջ էի, մի նոր տեսիլք հրապուրում է երևակայությունս, զգում եմ ինձ մի ընդարձակ անտառի մեջ. կարծես թե մի բան որոնում էի այնտեղ, ուր օդը արբված էր հիանալի անուշահոտությամբ, և առավոտյան ցողը, որ հազարավոր գոհարներով զարդարել էր խոտաբույսերի և ծաղիկների գլուխները՝ թրջում էին իմ ոտները: Ես սքանչանոք դիտում էի եղևնիների հսկայական բարձրությունները և նայելով այն ահագին, փտած և արմատներից գետին գլորված ծերունի մայրածառերին՝ զարհուրելով նկատում էի մահի անհաղթելի իշխանությունը, որ տիրում է բոլոր տիեզերքի վրա: Մի քարաժայռի բարձրությունից տեսանելի էր մի ջրվեժ, որ սարագագաթից հոսելով ձևացնում էր մի հիանալի, ապակենման կամարակապ, որ ա՛յնքան գեղեցիկ փայլում էր հեռվից յուր թափանցիկ պայծառությամբ: Պարզ և ջինջ, մանիշակագույն երկնքի վրա փողփողում էր փայլուն գույներով ծիածանը: Մի ալևոր եղջերու յուր մանուկ ձագերի հետ խմում էր սպիտակ փրփուրների միջից, որը, առաջանալով՝ ձևացնում էր մի պայծառ առվակ, որ և ուղիղ ներս էր հոսում անտառի խորքում: Երբ ես զմայլված բնության այդ սքանչելի պատկերներով դիմում էի ուղիղ դեպի այդ տեսարանը՝ հանկարծ քարայրից դուրս եկավ իմ հանդեպ մի ալևոր անապատական մարդ: Նա նմանում էր մի խստակյաց ճգնավորի, որը յուր հոգու հանգստությունը գտել էր այդ անտառի լռության մեջ: Նրա ուղտի բրդից հորինած վերնազգեստը ծածկում էր սպիտակ քաթանից շապիկը, որ յուր քղանցքսերով հասնում էր մինչև նրա բոբիկ ոտները: Նրա մեջքը ամրացրած էր սև մաշկե գոտիով: Մի երկաթե խաչ հաստ շղթայից քարշ էր ընկած նրա մերկ, արևից սևացած, թավամազ կուրծքի վրա: Անապատականը մի բարձրահասակ և բարակ ծերունի էր: Սպիտակ մորուքը հասել էր մինչև մաշկյա գոտին: Նրա գլխի անհյուս ծալքերը արծաթաջրած ալիքներով, անփույթ, խառնափնթործածանվում էին մերկ թիկունքների վրա: Երեսը՝ գունատ, նիհար, երկայնաձև` բայց պատկառելի, պարզ և զվարթ էր. ճակատը` լայն և բարձր, աչքերը՝ խոժոռ և կրակոտ, որոնց կենդանի արտափայլությունը պարզ տեսանելի էր թավախիտ հոնքերի տակից: Յուր ձեռքին բռնած գլուխը կեռ գավազանը, որ նմանում էր հովիվների ցուպին, նա մխեց գետնին և կանգնեց իմ առջև: Այդ միջոցին, ո՛վ Մահտեսի, մտաբերում եմ՝ որ մենք երկուքս միասին էինք, դուք ևս ինձ մոտ էիք: Նա հանդարտ կերպով այսպես խոսեց.

Ես մի ճգնավոր եմ, ինձ անվանել են «անապատում հնչող ձայն»: Ես կերակրվում եմ մեղրով, որ օդը առատորեն թափում է այս անտառի տերևների վրա7, ես ուտում եմ և՛ մարախ: Բայց որովհետև ձեր բախտը առաջնորդել է ձեզ ինձ հանդիպելու իմ լռին առանձնության մեջ, ահա հյուրասիրում եմ ձեզ մի զույգ կարմիր խնձորներով, որ այդ անտառի ազնիվ պտուղներիցն են, և դուք բախտավոր կլինեք դրանցով: — Այս խոսքերը ասելուց հետո նա յուր կողքին քարշ ընկած մաղախից, որ ավելի նմանում էր հովվական պարկին, դուրս բերեց մի զույգ կարմիր խնձոր, որոնք կարծես թե Եդեմի ծառերից քաղված լինեին: Մինը տվեց ինձ, մյուսըքեզ, մահտեսի Ավետի՛ս, այնուհետև աներևութացավ նա ուռենյաց ծառաստանի մեջ: Թեպետ մենք շատ աղաչեցինք, որ կանգնե, որ համբուրենք նրա ոտները, նա ուշադրություն չդարձրեց, գնացհեռացավ մեզանից: Այնուհետև ես իմ խնձորի կարմիր մակերևույթի վրա նայեցի ուրախությամբ, և չկարողացա զսպել իմ զարմանքը՝ տեսնելով նրա կեղևի վերա ոսկե տառերով գրված «Սալբի» անունը: Դուք ևս, ո՛չ սակավ զարմանալով, ցույց տվիք ձեր ձեռքի խնձորի վրա մի երկրորդ անուն, նույնպես ոսկե տառերով գրված «Հովհաննես»: Մինչ մենք սքանչացած աշխատում էինք բացատրել այդ խորհրդական անունների գաղտնիքը, և թե ո՞վ էր այն երկնավոր ալևորը` հանկարծ զարթեցի և զգացիերազ էր:

Երբ վարպետ Պետրոսը ավարտել էր յուր երազի պատմությունը, զարդարած արևելյան գեղեցկախոսության պաճուճանքով, մահտեսի Ավետիսի կնճռոտ երեսը պարզվեց. նա փաթաթվեց վարպետ Պետրոսի վզով, գրկախառնվեց նրա հետ, ասելով.

Ախ, իմ սիրելի բարեկամ, միթե չդիտեք թե ո՛վ է եղել այն երկնային ալևորըսուրբ Կարապետը, իմ բարեկամ, փառք տվեք աստծուն, մեր ուխտը ընդունելի է եղել երկնքում...: Տերը սուրբ Կարապետի բարեխոսությամբ կկատարե մեր փափագները...: Ապա ի՞նչ են նշանակում այն երկու անուններըերկու խընձորների վրա:

Վարպետ Պետրոսը տեսավ, որ յուր բարեկամի ասածնեը հեռու չէին ճշմարտությունից, և իրոք նրա սրտում տպավորվեց այն միտքը, թե յուր երազը մի այլ խորհուրդ չուներ, քան թե յուր լսածները մահտեսի Ավետիսից:

Ճիշտ է ձեր խոսքը, Մահտեսի, — կրկնեց վարպետ Պետրոսը.— ճշմարիտ, դուք մի կատարյալ երազահան եք: Եղբայր, ես մտաբերում եմ երեխայությանս ժամանակ լսած հեքիաթները իմ պառավ տատիցս, որպիսին են Թըհարի և Զոհրայի, շահ-Սմայելի և այլ սիրավեպերը: Նրանց ծնողները, որ անժառանգ եղբայրներ են եղել, երազում տեսնում են մի դերվիշ, որ նրանց տվել է խնձոր և դրանով նրանք ծնել են զավակներ` առաջուց ուխտելով ամուսնացնել միմյանց հետ ծնվածները, եթե նրանք երկսեռ լինեին,

Ա՛խ, եղբայր, այդ ուխտը մենք ևս անենք, — նրա խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը:

Շատ բարի, շատ լավ, — ուրախանալով պատասխանեց վարպետ Պետրոսը մեր հավատարիմ բարեկամությունը թող լինի խնամություն:

Խնձորների վրա գրված «Հովհաննես», «Սալբի» անունները նույնպես ցույց են տալիս, թե ծնվածները տղա և աղջիկ են լինելու...:

Անտարակույսանտարակույս...

Աստուծո լույսը բացվեց:

Վանքի զանգակների խուլ և ձգական ձայնը լսելի եղավ թփապատ բլուրների մեջ: Ժամհարները սկսեցին հրավիրական կոչ կարդալ ուխտավորների իջևանների առջև, որ աղոթքի գան:

Երկու բարեկամները լի բախտավոր հույսերով գնացին վանք: Միաբաններից մի սրբակրոն վարդապետի (որ այն օր պատարագիչ էր տիրոջ սեղանի վրա) առաջարկեցին առատ «հիշոց» — մի քանի աշրաֆի8, որ նրանց ուխտադրության հաստատության համար աղոթեր պատարագի միջոցին: Այն օր նրանք մատաղ մորթեցին, բաժանեցին աղքատներին և հրավիրեցին պատարագիչ վարդապետին ճաշելու իրանց վրանում: Վարդապետը ճաշից հետո օրհնելով մի կտոր հաց տվեց մահտեսի Ավետիսի և վարպետ Պետրոսի ձեռքը, նրանք կտրեցին հացը, կերան, գոհացան՝ կրկին ուխտելով իրանց խնամության մասին:

Արդարև՝ տուն դառնալուց հետո՝ մի որոշյալ ժամանակից հետո վարպետ Պետրոսին ծնվում է մի աղջիկ, որի անունը դնում են Սալբի, իսկ մահտեսի Ավետիսին ծնվում է մի արու զավակ, որ կոչեցին Հովհաննես, որ և յուր պատանեկության հասակում վայելչագեղ և քաջ տղամարդ լինելու համար ստացավ Ֆրիդովսիի հերոսի անունըՌուստամ: Նրանք օրորոցում նշանդրվեցան՝ լինելու միմյանց հարս ու փեսա...:

Գ

ԼԻԼԻԹԸ

Հովասաբենց վարպետ Պետրոսը և նրա կինը՝ տիկին Թարլանը ծնողական բարեխնամ հոգաբարձությամբ սնուցանում էին իրանց մի հատիկ զավակը՝ փոքրիկ Սալբին, որի քնքուշ և ազնիվ կազմվածքը, հրեշտակային դեմքըառիթ էին տալիս գուշակելու, թե նրա պատանեկության գարունը ծաղկելու էր գեղեցկության բոլոր անուշահոտ վարդերով: Փոքրիկ սալբին ուներ սև մետաքսանման մազեր, թուխ, վառվռուն աչեր, նուրբ-կամարաձև հոնքեր, բոլորակ և լիքն երես, փափուկ վարդագույն թշեր: Նա աճում, մեծանում էր անհամեմատ արագությամբ: Նրա ուղիղ հասակը ձգվում էր դեպի բարձր, որպես մի մշտականաչ սալբի ծառ (նոճի):

Նրա դաստիարակությունը, սկսյալ մանկությունից առաջ էր գնում նրա ծնողների գաղափարների և ճաշակի համաձայն: Բայց ի՞նչ օրինավոր ուսում և դաստիարակություն կարող էր ստանալ խղճալի Սալբին մի այնպիսի հորից և մորից, որոնց խելքը-միտքը վարակված էր կախարդական առեղծվածներով, որոնց բարք ու վարքը ցույց էին տալիս մոգական մոլեկրոնություն, որոնց բնավորությունը, խոսակցությունը, օրինակները և ուսմունքը` որ ամեն օր տեսնում և լսում էր Սալբին՝ բավական էին մանկությունից տպավորելու նրա մաքուր սրտի վրա հիմար սնոտիապաշտությունը և մոլեկան սնահավատությունը:

Մի գիշեր վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը՝ երկուսը միասին` նստած խոսում էին և փոքրիկ Սալբին նրանց ականջ էր դնում:

Վա՛յ խեղճիկ, ի՛նչպես մեռավ Մեհրապենց հարսը, — ասաց հանկարծ տիկին Թարլանը ափսոսելով:

Մեհրապենց հա՞րս, մեռա՞վ, — հարցրուց վարպետ Պետրոսը զարմանալով:

Հա՛, այսօր իրիկնապահին. բայց ափսո՛ս, ինչ ազնիվ հոգի էր այդ չքնաղագեղ կնամարդը: Այո՛, նա մեռավ իր ծաղկափթիթ հասակում...:

Ափսո՛ս, ափսո՛ս, — կրկնեց վարպետ Պետրոսը. վա՛յ նրա անբախտ տղամարդին... բայց չգիտե՞ք նրա մահվան պատճառը:

Յուր տղայի ծնունդը. չկարողացավ ազատվել:

Ա՛խ, ո՛րքան անմեղ տղաներ և ո՛րքան խղճալի մայրեր փչացրել են և պիտի փչացնեն այդ անգութ մանկաբարձ պառավները իրանց հիմարությամբ...:

Մանկաբարձ պառավը մեղ չէ ունեցել. ասում են, որ հանգուցյալի լերդը գողացել էին «մեզնից աղեկները» (դևերը), — առարկեց տիկին Թարլանը, երեսը խաչակնքելով:

Մի այդպիսի դիպվածում դարձյալ մեղը մանկաբարձինն է, որովհետև նրանք կարող էին գործ դնել ծննդականներին հարկավոր զգուշությունները:

Որպիսի՞ զգուշություններ:

Ահա այդպիսի. — շուրջանակի խազել տան մեջ, չորս պատերի երեսին մի սև գիծ, և մի գիծ ևս դռան շեմքի առջև, կարդալով այդ գործողություններին պատշաճ աղոթքները, որ բոլոր մանկաբարձները գիտեն: Այդ նախազգուշությունները կարգելեն դևերին երդիկներից կամ դռնից մտնել և մերձենալ ծննդկանին: Բայց շատ անգամ պատահել է, որ նախազգուշություններ կատարելուց առաջ, ներս մտած են լինում «չարքերը»: Այդ Ժամանակ պետք է դնել ծննդկանի չորս կողմը մերկ դաշույններ, պողովատից շինած գործիքներ և արձակել մի հրացան: Իսկ երբ ազատվել է ծնընդկանը՝ պառկած տեղը, գրելու է նրա վերմակի չորս անկյունների վրա երեք հրեշտակների խորհրդական անուններըՍանվի, Սասանվի, Սամանկալեֆ, և «ի բաց լիցի Լիլիթ»:

Ո՞վ է այդ «Լիլիթը», — նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը:

Միթե չգիտե՞ք, — խոսեց վարպետ Պետրոսը, — Լիլիթը է դևերի մի նշանավոր ցեղի նահապետուհին, որ մարդկային ազգի հետ հին թշնամության պատճառով՝ ուխտել է միշտ մահ նյութել ծննդկաններին և նրանց տղաներին: Դրա համար է, որ վերմակի անկյունների վրա գրում են ա՜յն երեք հրեշտակների անունները, որոնցից հալածվում է չար Լիլիթը:

Ի՞նչ գաղտնիք կա դրա մեջ. դուք չեք պատմել ինձ մինչև այսօր մի այդպիսի բան9:

Վարպետ Պետրոսը կարևոր համարեց պատմել յուր կնոջը Լիլիթի պատմությունը, և սկսեց այսպես.

— «Եվա նախամորից առաջ՝ աստված ստեղծեց հայր Ադամի համար ընկերԼիլիթը. դա Ադամի մոտ երկար չմնաց, այլ խռովելով հեռացավ նրանից: «Տեր», բողոքեց նախահայրը, «կինը, որ ինձ տվիր՝ չէ հնազանդվում. նա թողեց և հեռացավ ինձնից»: Այն ժամանակ աստված ուղարկեց երեք հրեշտակներՍանվի, Սասանվի և Սամանկալեֆ, որ հաշտեցնեն Լիլիթը Ադամի հետ: Հրեշտակները գտան Լիլիթին այն ծովի վրա, ուր կորավ Փարավոնը յուր զորքերի հետ. հայտնեցին աստուծո հրամանը, թե եթե նա չհնազանդվեր Ադամին և չհաշտվեր նրա հետ՝ տիրոջ անեծքով օրը նրա որդիներից հարյուրը պիտի մեռնեին: Լիլիթը չհոժարեց վերադառնալ Ադամի մոտ: Հրեշտակները կամեցան ձգել նրան ծովի ալիքների մեջ: Լիլիթը պաղատեց, որ չնեղեն և չչարչարեն իրան, և երդվեց, ասելով. — թեպետ ես մտադիր էի այսուհետև վնասել ադամորդիների արու տղաներին՝ նրանց ծնունդից ութ օր հետո, և էգերին` երեսուն օր հետո, բայց ես ղաշն եմ կապում ձեզ հետ և անկեղծ երդումով հաստատում եմ իմ պայմանները` այլևս չվնասել մարդոց որդիների տղայոց` երբ տեսնեի ձեր անունները արձանագրված նրանց վերմակների անկյունի վերա: (Եվ այսպես, ամեն օր մեռնում են նրա ծնունդներից հարյուր հոգի ):

Քանի այդ թալմուտական10 առասպելը մոտենում էր յուր վերջին, փոքրիկ Սալբին դողում էր վախից: Լիլիթի և դևերի պատմությունը զարթեցրին նրա սրտում մի անսովոր երկյուղ: Նա չկարողացավ ավելի դիմանալ և խնդրեց մորը, որ քնացներ իրեն: Բայց խեղճ երեխան չկարողացավ քնել, ամբողջ գիշերը նա անցրեց մի անհանգիստ դրության մեջ: Խառն և զարհուրելի երազներ խռովում էին նրա քունը. նա շատ անգամ քնաշորերից ցատկում և փախչում էր կոչելով. «Վա՛յ դևերը... դևերը»: Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը գործադրեցին իրանց կախարդական բոլոր գիտությունը, բայց չկարողացան հանգստացնել երեխային. արևաբացին նա մի փոքր քնեց, բայց այնուհետև չկարողացավ վեր կենալ մահճից, որովհետև սաստիկ վառվում էր ջերմախտով:

Փոքրիկ Սալբիի հիվանդությունը ծանր հարված պատճառեց իր ծնողների սրտին: Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը անհնարին տխրության մեջ, բոլորովին հուսահատված երեխայի մյուս անգամ առողջանալու մասին՝ միշտ լաց էին լինում: Նրանք ամենևին չէին մտածում, թե նրա հիվանդանալու պատճառը եղել է իրանց գիշերային խոսակցությունը դևերի մասին, այլ առավել կարծում էին թե անպատճառ այն չար Լիլիթը պիտի վնասած լինի երեխային` յուր անունը հիշելու համար:

Առավոտյան, լսելով Սալբիի հիվանդությունը, Հովասաբենց տունը մտան նրանց դրկիցները` ծերունի Մկրտիչը յուր կնոջ` Մարթայի հետ.— «բարձը բարի լինի…: Աստված հիվանդություն չտա»,— ասելով գնացին նստեցին հիվանդի մահճի մոտ:

Քանի՞ օր է, որ հիվանդ է Սալբին,— հարցրուց պառավ Մարթան առժամանակյա լռությունից հետո:

Գիշերվանից,— պատասխանեց տիկին Թարլանը վշտալի ձայնով:

Միթե այսքան ժամանակ անխնա՞մ եք թողել, և մի ճար չե՞ք արել:

Ի՞նչ ճարիմ ճարը մնացել է աստվածբայց այն հնարները, որ կարող է գործադրել ադամորդու խելքը` բոլորը գործ եմ դրել:

Ի՞նչ եք արել,— կրկնեց հետաքրքրությամբ պառավը:

Հիվանդության սկզբում, կարծելով որ «չար աչքով տվին» իմ երեխային, առավոտյան թոնրում հաց թխելու միջոցին` ալյուրը անխմոր շաղախից շինեցի փոքրիկ գնդակներ և «ասմունքն» ասելով ձգեցի թոնրի մեջ, կրակի վրա, և իրավ, գնդակները սաստկությամբ տրաքեցան` չար աչքերն էլ նրանց հետ:

Այլևս ոչի՞նչ:

Երբ տեսա գնդակները օգուտ չարեցին, առաջ տարավ հիվանդի մայրը, իսկույն մի մարդ ուղարկեցի ջհուդ խախամ-Շմենթոյի մոտ. նա գրքին նայելով ասել է` «չարից» է, թշնամի ոգիներից հարված է ստացել. նա հավկիթի վրա, սև հավի արյունով` գրել էր մի բան` պատվիրելով, որ թաղենք գերեզմանատան ճանապարհի վրա:

Ինչու՞ դուք «մեոհտաջ» (կարոտ) եղաք ջհուդին,— մյուս կողմից նրա խոսքը կտրեց ծերունի Մկրտիչըայդ կարող էր անել և ձեր ամուսին այրը, նա այդ գիտության (կախարդության) մեջ գերազանց է բոլորից:

Այդ ճիշտ է,— պատասխանեց տիկին Թարլանը,— բայց չե՞ք լսել, որ «մարդ յուր մեռելը չէ կարող թաղել». բացի այդ, ինձ ասացին, որ ծնողների «թղթերը» չեն ներգործում իրանց զավակների վրա, այդ պատճառով մի այլ «փթիկ» տվի տեր Աբրահամը գրեց. գիտե՞ք, նրա գիրը սարը կճեղքե…: այդ փթիկը տերտերի պատվերով, յոթն աղբյուրի ջրով տրորեցինք և թասի մեջ, գիշերը «աստղունք» դրինք. առավոտյան լուսաբացին տվինք խմեց: Բայց և այնպես, այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցին իմ երեխիս:

Զարմանալի է, իրավ զարմանալի,— գլուխը շարժելով կրկնեց ծերունի Մկրտիչը:

Այդ միջոցին վարպետ Պետրոսը հիվանդի մոտ չէր: Նա յուր առանձնարանում, ո՞վ գիտե, ինչ գործողությամբ էր զբաղված` յուր երեխան մահից փրկելու համար: Բայց պառավ Մարթան երկար խոսակցությունից, երկար խորհրդակցությունից հետոպատվիրեց, որ առավոտյան ժամ և պատարագ անել տան, աղքատներին հաց բաշխեն և շահեն սրբերի կամքը: Այնուհետև դուրս գնաց յուր ծերունի ամուսնու հետ` մաղթելով հիվանդին առողջություն:

Հաջորդ օրվա առավոտյան Ծաղկավանի սուրբ Գրորգ եկեղեցու մեջ հիվանդի համար պատարագ մատուցվելուց հետո, բոլոր ժողովուրդը երեք անգամ «տեր ողորմյա» ասելուց հետո, երբ ժամը դուրս եկավ, բոլոր եկեղեցականները հասարակ ժողովրդի հետ միասին` գնացին Հովասաբենց տունը: Այստեղ տիկին Թարլանը կեսգիշերից հոգացել էր առատ և ճոխ «ժամուհաց»: երբ բոլորը կերան-լիացան, ոտքի ելան, և մի-մի վառած մոմ ձեռքերին բռնած «պաշտում» կատարեցին, և հիվանդին առողջություն խնդրելով, Հովասաբենց ննջեցյալներին հանգիստ, արքայություն և կենդանյացը բարի հաջողություն մաղթելով` դուրս գնացին: Բայց տեր Մարուքը` Հովասաբենց ծխատեր քահանան և մահտեսի Ավետիսը` նրա խնամին, մի քանի ծերերի հետ, մնացին վարպետ Պետրոսի մոտ և նրան մխիթարելու և տխրությունը ցրվելու համար խոսակցում էին այս ու այն դատարկ առարկաների վրա:

Բայց կից սենյակում, որտեղ պառկած էր հիվանդը, շրջապատված մի քանի հնացած և փտած հասկացողությամբ պառավներով, որոնց թվումն էին Հուրի Խան-Դայան` մահտեսի Ավետիսի մայրը և Մարթան` ծերունի Մկրտիչի կինըծանր ու բարակ մոլեռանդ կերպով խոսակցում էին զանազան խնդիրների մասին:

Աստուծովայս ավուր «պաշտում՜պատարագը» և մեր զորավոր սուրբ Գևորգը կազատեն Սալբիին հիվանդությունից,— խոսեց պառավ Մարթան:

Այդ ճիշտ է,— նրա խոսքը կտրեց Հուրի Խան-Դայան.— բայց Ղալգյուղի Աղքիլիսան, ասյդ հրաշալի եկեղեցին բոլորից զորավորն է. մի անգամ փոքրիկ Պողոսը հիվանդ էր. Մենք հույս չունեինք նրա կյանքի մասին. բայց ես վերցրի մի խոյ մատաղացու, գնացի նրա դուռը՝ երեխաս հետս տանելով: Մատաղը կտրել տվինք, փառավորվի՛ տեր Օհանը, մատաղի արյունից խաչաձև դրոշմեց երեխիս ճակատին, օրհնեց... և մենք տուն դարձանք, այնուհետև, որպես սատանի չարիքը ձեզանից հեռու, իմ երեխան նույնպես փարատվեցավ ցավից:

Աղքիլիսայի գործը բոլորովին հրաշք է, — ասաց պառավ Մարթան.— չորս տարի առաջ (ես մի քանի տարի շարունակ հիվանդ էի ջերմախտով), տեր Մինասն էր քահանա այնտեղ. աստված յուր կարգն օրհնե. հատուկ աստուծո մարդ էր: Մի գիշեր «Աղքիլիսան» երազում իմաց է տալիս նրան, որ ես յուր տաճարի համար մի վարագույր կարեմ, և այնուհետև ուխտ գնամ նրա դուռը. և խոստանում է փրկել իմ ջերմախտը: Ես առանց ուշացնելու կատարեցի սրբի հրամանը, և իսկույն փարատվեց իմ ցավը:

Ինչո՞ւ եք այդ ասում, — ավելացրեց Հուրի Խան-Դայան, գլուխը շարժելով. — ես հասակով բոլորիցդ մեծ եմ, ես անցրել եմ ավելի շատ սև և սպիտակ օրեր, քան թե դուք. ես ավելի շատ բան եմ լսել և տեսել Աղքիլիսայի մասին: Հին օրերում, մի քուրդ գողանալով նրա դրսի գավթի դուռը, յուր շալակն է առնում և սկսում է յուր տունը տանել. հասնելով յուր տունը, երբ կամենում է յուր գողացածը վայր դնել՝ չէ կարողանում, որովհետև դուռը նրա մեջքին կպած լինելով չէ շարժվում: Որքան քաշում և շարժում են, չեն կարողանում դուռը պոկել: Քուրդը ճարահատյալ, մի քանի օրից հետո, դուռը ուսին, մի քանի մատաղ յուր հետ բերելով, գալիս է Աղքիլիսա. մի քանի օր մնում է այնտեղ, կտրում է մատաղները. տերտերը աղոթում է նրա համար, և դուռը պոկ է գալիս նրա քամակից: Է՛հ, նրա հրաշքները անբավ են... Դուք լսել եք, թե ո՜րպես կատաղեցավ այն վայրենաբարո խանը, որ կտրեց այդ եկեղեցու անտառի ծառերից՝ յուր տունը ծածկելու համար. և ա՜յն, որ արյուն էր թորում ծառերի բունից, երբ կտրում էին կացինով:

Դուք, տիկին Թարլան, ուխտեցեք Աղքիլիսային մի բան Սալբիի համար, — առաջարկեցին հիվանդի մորը:

Ես խոստացել եմ, — պատասխանեց տիկին Թարլանը. — տասներկու լիտր վառելու ձեթ. բացի դրանից մեր երեք տարեկան երինջի ականջի ծայրը կտրեցի, ուխտելով, որ Սալբին ինքը առողջանալուց հետո տանե նրա դուռը:

Մինչ կանայք տաքացած սնապաշտական ոգևորությամբ խոսում էին սուրբերի, եկեղեցիների և ուխտատեղիների հրաշքների մասին, հանկարծ ներս մտան մի քանի ծեր մարդիկ Հովասաբենց բարեկամներից՝ ինքը վարպետ Պետրոսը, նրա խնամին՝ մահտեսի Ավետիսը, տեր Մարուքը և մի քանի այլ մարդիկ:

Երիտասարդ կանայք իսկույն, որպես դևերը խաչանշանից` փախան, աներևութացան մարդիկը տեսնելով. մնացին մի քանի հնառած պառավներ, որոնք, առանձնանալով սենյակի անկյունում, բոլորը միաժողով նստեցին աչք ու երեսները ծածկելով իրանց սպիտակ լաչակներով:

Եկվորները պատեցին հիվանդի չորս կողմը, ամենքն էլ գդակները վերցրին՝ երբ տեր Մարուքը սկսեց կարդալ «պահպանիչը», այնուհետև բոլորը նստեցին հիվանդի մահճի մոտ:

Հիվանդը անզգա թմրության մեջ էր. նրա թույլ շնչառությունը ցույց էր տալիս, թե նրա դրությունը վատ է: Վարպետ Պետրոսի սիրտը չդիմացավ. նա՝ աչքերը լցված արտասուքով՝ դուրս գնաց:

Տեր հա՛յր, ծառա եմ աջիդ, — ասաց ծերերից մինը.— իհարկե, «ինչ որ քո ոտքը գիտե, մեր գլուխը չգիտե», բայց և այնպես ներեցեք համարձակությանս... ինձ երևում է, թե հիվանդը վատ դրության մեջ է. լավ չէ՞ր լինի մի փոքր, եթե բժշկության Ավետարան կարդայիք վրան:

Լա՜վ ես հրամայում, պարոն Թորոս, Ավետարանը և՜ հոգևոր, և՜ մարմնավոր կերակուր է, — պատասխանեց քահանան, ամենևին չհասկանալով յուր սերտած բառերի իմաստը, և հրամայեց յուր տիրացուին, որ բերե Հովասաբենց մեռել-հարույց Ավետարանը:

Երբ Ավետարանը բերեցին, բոլորը գդակները հանած` ոտքի կանգնեցան: Քահանան ձայն տվեց. — «Ալրմաղը» բերեք. ծերերից երկու մարդ բռնեցին ալյուրի մաղը հիվանդի գլխի վրա, և տեր Մարուքը Ավետարանը նրա վրա դնելով սկսեց շարական ասելով մեկ-մեկ բաց անել Ավետարանի վրայից փոշոտած, ծխում-մխում սևացած աղլուխները: Խղճալի տեր Մարուքը, որ չգիտեր մի այլ երգ, տասն անգամ կրկնեց զանազան եղանակներով նույն երկտող շարականը, բայց Ավետարանի վրա փաթաթած աղլուխները տակավին չէին վերջացած: Վերջապես երևան եկավ մի հաստ կազմով գիրք, մագաղաթի վրա կարմիր, կապույտ և զանազան ներկերով գրված. նրա մաշկյա կողերը զարդարված էին հասարակ ակներով և մի պղնձյա խաչով, որ ամրացված էր նրա կողքի վրա:

Բոլորը երկյուղածությամբ երկրպագություն տվին, երեսները խաչակնքեցին` տեսնելով աստուծո գիրքը, որ տեր Մարուքը բացելով սկսեց կարդալ «բժշկության» ավետարանները, որոնց կենսատու զորությունը «Ալրմաղի» ծակերից առատապես մաղվելով՝ թափվում էր հիվանդի վրա...: Ավետարանը վերջացնելուց հետո, քահանան ավելի քաղաքավարություն գործ դնելով (շատ կարելի է, յուր նյութական օգուտը մտածելով)` հրամայեց, որ ջուր բերեն: Տիրացուն թասի մեջ ջուր բերեց նրա մոտ: Տեր Մարուքը սկսեց «խաչալվա» անել, վերցրեց փոքրիկ պղնձյա խաչը, որ դրած էր Ավետարանի մոտ, և մի քանի խառնիխուռն աղոթքներ կարդալով` երեք անգամ խաչանիշ արեց օրհնած ջուրը, որից հետո տվեց թասը տիրացուին, որ յուր ձեռքումն բռնելով՝ կանգնեց քահանայի մոտ:

Փառավորվի՛ տեր Մարուքը. առավ պղնձյա խաչը, թաթխեց օրհնած ջրի մեջ և նրանով խաչաձև գծեց հիվանդի ճակատը ասելով. «սա եղիցի բժշկություն և փարատություն ցավոց քոց». երեք անգամ կրկնեց գործողությունը, քահանան «խաչալվա» ջրից սրսկեց հիվանդի երեսի վրա, ապա ասաց բոլորին. — դե, որդիք, դուք էլ մին-մին եկեք, սուրբ Ավետարանը համբուրեցեք և օրհնած ջրին մասնակից եղեք:

Նույն ժամանակ բոլորը մեկ-մեկ առաջ գալով համբուրում էին սուրբ Խաչը և սուրբ Ավետարանը, դնում նրա կազմի վրա արծաթե դահեկաններ. և քահանան տեսնելով մի րոպեի մեջ կիտված արծաթը սուրբ Գրքի վրան` եռանդագին հաճությամբ օրհնած ջրով օծում էր նրանց ճակատները և խմեցնում նրանց:

Երբ ամեն ինչ վերջացած էր, տեր Մարուքը խորին զմայլանքով գրպանը լցնելով սիմոնականության արծաթը և նկատելով հիվանդի ծանր և թույլ շնչառությունը, կասկածեց, թե միգուցե տարաժամ նա մեռներ: Այդ պատճառով հանեց ծոցից մասնատուփը (որ առաջ մի հանգուցյալի քթախոտի տուփն էր, և իբր կողոպուտ հասել էր տեր Մարուքին) և հաղորդեց հիվանդին տիրոջ սեղանի փշրանքով:

Նույն միջոցին վարպետ Պետրոսի աչքերը լցվեցան արտասուքով, տեսնելով, որ տեր-հայրը վատ կարծիք ուներ հիվանդի մասին:

Հոգս մի անիր, որդի, — ասաց նա վարպետ Պետրոսին. — այդ սրբությունը առողջության գլխավոր դեղն է հիվանդների համար. դա թեթևացնում է ամեն տեսակ ցավեր:

Արդարև, ամենեքյան լցված հոգևոր ջերմեռանդությամբ, սպասում էին, թե ի՜նչ ներգործություն կանեին հիվանդի վրա սուրբ արարողությունները, բայց տեր Մարուքը այդ իրողությանը ամենևին ուշադրություն չդարձրեց. նույն րոպեում նա զբաղված էր մի այլ բանով. նա չկարողանալով արձակ-համարձակ տեսնել խաչահամբույրների հաշիվը, մի ձեռքը գրպանը տարած՝ կամաց կամաց համարում էր արծաթները:

Քահանան վեր կացավ, և բոլոր բազմությունը նրա հետ դուրս գնաց: Հիվանդի մահճի շուրջը պատեցին դարձյալ պառավ իմաստնուհիները և սկսեցին խոսել իրանց առասպելաբանական խորհրդածությունները:

Մի քանի շաբաթից հետո տեր Մարուքի շնորհիվ (?) և աստուծո ողորմոլթյամբ, փոքրիկ Սալբիի տկարությունը հետզհետե ուղղվելով նա բոլորովին առողջացավ ի մեծ ուրախություն յուր ծնողների:

Դ

ՎԱՐԺԱՊԵՏԸ ԵՎ ՎԱՐԺՈՒՀԻՆ

Վարպետ Պետրոսը երկար չվայելեց յուր զավակի ուրախությունը, որ սուրբ Կարապետը բաշխել էր նրան: Նա վախճանվեց, անմխիթար սգի մեջ թողնելով յուր կինը՝ տիկին Թարլանը և յուր հինգ տարեկան աղջիկը՝ նազելի Սալբին: Սալբիի մայրը, ամուսնու մահից հետո բարեխնամ կերպով հոգաբարձու եղավ փոքրիկ Սալբիի կրթությանը: Յոթն տարեկան հասակում Սալբին հանձնվեց Հովասաբենց դրացի Մարթային, խելացի և բանագետ պառավին, որի խոհեմության և շնորհալիության մասին տիկին Թարլանը մեծ համարում ուներ: Պառավ Մարթան ինքը կարդացած չէր և ոչ իսկ տիկին Թարլանը յուր աղջիկը հանձնեց նրան այն մտքով, որ գիր կարդալ և ուսում սովորե: Գրագիտությունը այն ժամանակ մի չար բախտով` սովորություն չէր, ո՜չ միայն աղջիկների, այլև տղայոց համար: Բայց տիկին Թարլանրը հանձնեց Սալբիին յուր նոր վարժուհուն, որ նրան ծառայելով՝ կար և ձև, խելք-հրամանք և ազնիվ ու առաքինի բարք ու վարք սովորե:

Տունը, որի մեջ բնակվում էր Մարթա պառավը յուր ալևոր ամուսնի՝ Մկրտչի հետ, արժանի է հարցասիրության, ո՜չ նրանով միայն, որ նա մի զույգ արդար և բարեպաշտ ամուսնակիցների բնակարանն էր, այլ առավել նրանով, որ այդ տունը պահում էր յուր մեջ մեր պապերի հին տների շինվածքի բոլոր ձևերը, ներքին և արտաքին բոլոր սարք ու կարգը, բոլոր կահ-կարասիքը, տներ` որոնց մեջ նրանք անցրել են իրանց ցավալի կյանքը Պարսկաստանում:

Դռան առջև, երկու կամ երեք թզաչափ բարձրությամբ ձգած է կովերի «կուն» (աղբը), որպեսզի փողոցի միջից անցուդարձ անողների ոտերի տակ պնդանալով «տարթ» (տոռֆ) դառնա, հետո կտրեն թոնրի վառելիքի համար: Այդ ապականությունը անձրևային օրերին ձևացնում է մի գարշահոտ ճահիճ, որի մեջ մինչև ծնկները թաթախվելով, ոտերդ և «սոլերդ» (կոշիկներդ) մի լավ ներկելով այդ հինայի մեջ, ներս ես մտնում՝ գլուխդ խոնարհեցնելով մի նեղ դռնից. քո առջև բացվում է նախագավիթը յուր ցածրիկ, քայքայված շրջապարիսպներով, շինած պնդացած կավից, որ, երկար ժամանակ «մոլայի» կամ «սվաղի» երես չտեսնելով՝ համարյա կիսամաշ էին եղել անգութ անձրևից, ձյունից և կարկուտից: Այդ նեղ և անձուկ բակի տարածությունը հազիվ յուր մեջ կարողացել է տեղավորել աղբանոցը, ուր թափում էին ամեն օր վառած աթարի մոխիրը, և արտաքնոցը՝ շրջապատած ճյուղերից հյուսած ցանկապատով: Հարկավորության այդ երկու գլխավոր տեղերում, որ միանգամայն բակի միակ զարդարանքն էին կազմում, ժամանակի ընթացքում ամենայն տեսակ ապականությանց՝ աղբի և մոխրի բավական մթերք հավաքվելով, կուտակվում, բարձրանում` կազմում էին մի քանի բլուրներ, որ ոչ սակավ ձեռնտու էին լինում տանտիրոջ օգտին, երբ երկրագործը գնելով այդ ապականությունը, տանում էր յուր հողերը պարարտացնելու, նրանց ուժ և զորություն տալու համար: Այդ օրհնյալ գնողի շնորհիվ մի քանի օր բակը ազատվում էր ժահահոտությունից, և մարդ կարող էր, առանց պնչածակերը երկու մատերով պինդ փակելու՝ բակի միջով անցնել և մտնել ծերունի Մկրտչի տունըեթե նրա հետ գործ ունենար:

Առաջին շինվածքը բակի հարավային ճակատում՝ է սրահը. մի երեք կուսից պարսպով պատած, առջևը կամ երեսը բաց, փայտյա վանդակապատով չափարած ծածկոծ, որը մինչև այսօր պահում է յուր հին անունը: Այստեղ բնակում են ամառը, կամ եղանակների տաք օրերին: Սրահի միջից բացվում է մի նեղ դուռն, որ ներս է տանում դեպի խրճիթը՝ գլխավոր տաք բնակարանը, որի մեջ անց են կացնում ձմեռը:

Այդ քառակուսի խուղը11 շուրջանակի չորս կավյա խարխուլ պատերի վրա պահում էր ցածր, ծխից-մխից սևացած առաստաղը, որ գմբեթաձև բարձրանալով, յուր գագաթում թողնում է մի բոլորակ ծակ, որին անուն են տալիս «երդիք»: Այդ նեղ բացվածքից կաթում էր մի աղոտ լույս, որ հալածում էր խրճիթի խորին, մելամաղձական խավարը: Բոլորովին մերկ, որպես դուրսըգետնի մեջ, խրճիթի կենտրոնում փորած է «թոնիրը», մի բոլորակ խոր կամ փոս, որի մեջ ամեն օր վառում են և նրանում եփում են տան համար հարկավոր բոլոր ուտելիքը: Աթարի թանձր և կծու ծուխը սև ամպերի նման բարձրանալով թոնրից՝ հավաքվում է գմբեթահարկ առիքի12 մեջ և որպես վուլկանի բերանիցքուլա-քուլա դուրս է գնում և սև վիշապների նման գալարվում է օդի մեջ:

Ամեն օր հարկավոր է վառել թոնիրր կերակուրի և տաքանալու համար, և այդպես, ամեն օր ծերունի Մկրտչի խրճիթը ձևացնում է մի մթին ծխի օվկիանոս, որի մեջ լող են տալիս տանտերերը, հազալով, փռշտալովիրանց արցունքոտած աչքերը ճմռելով և տրորելով. մինչև աստուծո շնորհիվ աթարի մեջ սպառվում է վառվող նյութը, սև թուխպերը կամաց-կամաց դուրս են գնում, խավարը հալածվում է և մռայլի միջից սկսում են տեսանելի լինել խրճիթի ներքին առարկաները: Պառավ Մարթան՝ տնարար տանտիկինը, պպզած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքում, խառնում է իրանց համար եփած ապուրը, իսկ ծերունի Մկրտիչը, նույնպես կկզած թոնրի մոտ, մի կոտրած պտուկի կտորի մեջ բովում է յուր համար սեխի կորիզներից «աղանձ» և թեպետ նրա բերանում միայն մի քանի ատամ էին մնացել, բայց աղանձը լցնում է յուր գրպանը և մինչև իրիկուն ծուլորեն սկսում է «չրթել»: Այդ էր նրանց միակ սենյակը, որը, չնայած որ շատ ընդարձակ չէր, բայց ծերունի Մկրտիչը նայելով յուր դրացիների անձուկ խրճիթներին, որոնց մեջ նրանք խեղդվում էին, նա գոհունակ սրտով ամեն օր «բարի լույսի» դեմ փառք է տալիս աստծուն, խնդրելով որ լուսավորի յուր հանգուցյալ պապի հոգին, նրան հանգիստ արքայություն պարգևե՝ իրան մի այդպիսի մեծ և ընդարձակ տուն թողած լինելու համար, որի նմանը չունեին բոլոր գյուղացիք Ծաղկավանի մեջ: Այդ տան մեջ բնակվում էր ծերունի Մկրտիչը յուր առաքինի կնոջ և ընտանի անասունների հետ:

Խրճիթի վերնակողմում դրված է «փեթակը»՝ մի մեծ փայտյա արկղ, բաժանված զանազան պահարանների, որոնց մեջ լցրած են ալյուր, ցորեն, լավաշ և տան բոլոր պաշարեղենը: Փեթակի վրա դրված են քնաշորերի, սփռոցների և կապերտների ծալքերը: Դռան աջ կողմում մեծ-մեծ թխած փթիրները և տառթերը պարսպաձև միմյանց վրա շարած` թումբի նման բարձրանալով, բաժանում են խրճիթի մի փոքրիկ մասը, ուր լեցրած է աթարներով, ոչխարի գնդաձև պտտուրներով, չոր ու ցամաք տերևներով, որոնք գործ են ածվում թոնրի ամենօրյա վառելիքի համար: Դռան ձախակողմում այդպիսի նյութերով կտրած մի անկյուն էր կացուցանում մարագը, ո՜ւր լեցրած է դարման (հարդ), խոտ՝ չորքոտանիների ձմեռվա ապրուստի համար: Դրանց մոտն է և հավերի թառը: Խրճիթի մի անկյունում շինված է չորքոտանիների մսուրը, որի վրա կապած են Յուղաբերը՝ պառավ Մարթայի գեր ու պարարտ կովը, յուր սիրուն խայտաբղետ հորթի հետ, որի մարմնի սպիտակ գծերը կամ «զոլերը» նա ներկել էր հինայով. նրա մոտ՝ կովի մատաղահաս երինջը, որ տալիս էր լի հույսեր յուր գալ տարվա մեջ հղի լինելուն: Մի փոքր հեռուն, կանգնած է, ականջները ծուլորեն վայր կախածմոխրագույն էշը՝ «ծերունի Մկրտչի ոտերը» — որպես կոչում էր նա:

Следующая страница