Րաֆֆի՝   Սալբի

Ուրեմն թող մեռնի յուր հիվանդության մահճի մեջ, — պատասխանեց անագորույն հայրը, գուցե մյուս աշխարհում կտեսներ յուր սիրուհին...:

Պարոն Վասակյանը կոտրած սրտով դուրս եկավ մելիքի դահլիճից: Գիշերը մթին էր և զարհուրելի, ամրոցում տիրում էր գերեզմանական լռություն: Ռեսը, անցնելով հիվանդի սենյակի մոտից, տեսավ, դեռ ճրագը վառվում էր. մոտեցավ դռանը, կամեցավ բաց անել, փակ էր: Մի քանի րոպե նա ականջ դրեց դռան ճեղքերին, ներսից լսելի էր լինում հիվանդի նվաղած ձայնը և մի զարհուրելի խռռոց: Նա առավել լարեց յուր լսողական գործարանը, դարձյալ լսելի էր լինում այն չարագուշակ խռռոցը, որ ավելի նման էր խեղդվողի հեծկլտոցի խառն ձայներին:

Ռեսը, չկարողանալով ներս մտնել դռնից, մի հնարքով բաց արավ լուսամուտը: Սարսափելի ապշություն տիրեց նրան, երբ տեսավ Սոլոմոն-բեկը յուր մեջքի գոտիով յուր պարանոցեն քարշ ընկած: Նա իսկույն կտրեց մետաքսյա գոտին, և յուր գրկի մեջ առնելով անզգայացած տղամարդը, դրեց նրան մահճի մեջ: Նա շոշափեց խեղդվողի շնչերակը, նկատեց՝ տակավին զարկում էր. ձեռքը դրեց նրա կուրծքի վրա, զգաց, սիրտը թրթռում էր և դրանցով Ռեսը իմացավ, թե տակավին հույս կար նրա կենդանությանը:

Ռեսը չկամեցավ իմացում տալ մելիքին, մտածելով այդ անցքը գաղտնի պահեր:

Սոլոմոն-բեկը մի քանի րոպեից հետո ուշի եկավ, սկսավ շարժել յուր ձեռքը, բայց նրա բերանից և պնչածակերից հոսում էր արյունը: Ապա նա բաց արավ յուր կարմրած, արյունով լեցուն աչքերը, տեսավ Ռեսին նստած յուր մոտ: Նա ասաց թույլ

ձայնով. — Ինչո՞ւ դուք շփոթեցիք իմ հանգստությունը...:

Ռես Վասակյանը ոչինչ պատասխան չտվավ: Նա ջուր ածեց, Սոլոմոն-բեկը լվաց բերանը և քիթը. մի փոքր հանգստանալեն հե տո բոլորովին զգաստացավ և խոսեց. —

Երանի՛ մի քանի րոպե հետո հասած լինեիք:

Ինչո՞ւ, — հարցրուց Ռեսը:

Որովհետև ես մնաս բարով կասեի իմ կյանքին, — կրկնեց հիվանդը:

Այդ ի՞նչ հիմար ցանկություն է:

Ախ, դու չգիտես, Ռես, որքան ծանր է ինձ ապրելը... մահը միայն կհանգստացնե իմ խղճալի անձը:

Ռեսը ոչինչ պատասխան չտվավ, նա ուշադրությամբ նայում էր նրա երեսի վայրենի գծագրությանցը:

Թողեք իմ գլուխը բարձի վրա, — ասաց Սոլոմոն-բեկը:

Պարոն Վասակյանը յուր գրկից նրա գլուխը դրեց բարձի վրա և զգուշությամբ ծածկեց նրա երեսը, որ նույն րոպեին գունատված, կապտագույն, երևցնում էր զարհուրելի կծկողություններ: Նրա աչքերը փակվեցան, սաստիկ ջերմախտական կրակը տիրեց նրան: Նա շփոթված էր երևակայական ցնորքների մեջ, և երբեմն դուրս էր թողնում բերանից անորոշ և կցկտուր բառեր: — «Սալբի» — «իմ նազելի» — «հոգիս» — ըստ մեծի մասին լսելի էին լինում նրա խոսքերի մեջ:

Պարոն Վասակյանը բոլոր գիշերը անքուն հսկեց հիվանդի մոտ: Առավոտյան Սոլոմոն-բեկը աչքերը բաց անելով տեսավ յուր մոտ նստած Ռես Վասակյանը:

Երևի բոլոր գիշերը անքուն եք մնացած, — ասաց նա, — գնացեք մի փոքր հանգստանալու:

Ոչ. ես բոլորովին հանգիստ եմ. բայց ասացեք, ի՞նչպես զգում եք ձեզ այժմ, — հարցրուց Ռեսը:

Ես ծանր հիվանդ եմ և շատ կարելի է այդ հիվանդությունը ինձ տանե դեպի գերեզման:

Նույն ժամանակ պարոն Վասակյանը նշմարեց նրա աչքերը նվազած և ներս ճնշված. նրանց մեջ տեսանելի էր ցավալի հուսահատությունը և կատաղի նախանձ: Նրա դեմքը գունատված էր. մահվան դալուկը ներկել էր նրա զարհուրելի երեսը քրքմագույն դեղնությամբ: Նրա ձայնը ստացել էր կոշտ և խռպոտ հնչումներ:

Պարոն Վասակյանը, նշմարելով, որ հիվանդի դրությունը վտանգավոր էր, հարցրուց. — կամի՞ք իմացում տալ ձեր մասին:

Միայն ասացեք, Սոլոմոնը հիվանդ է, ուրիշ ոչինչ...:

Ռեսը դուրս գնաց:

Ռեսը գտավ մելիքին, միայնակ, յուր գործակալի հետ խոսում էին: Երբ հայտնել էր նրա որդու դրությունը. — թող մեռնի, — ասաց նա անգութ սրտով, — գուցե հողը կպարտակեր այդ նզովյալ, մարմինը:

Եվ նա բոլոր սառնասրտությամբ հառաջ տարավ հարցուփորձը գործակալից: Ռեսը հեռացավ:

Ղգյուղի ամբարը չափեցի՞ք, — հարցրուց մելիքը:

Հրամեր եք, — պատասխանեց գործակալը, որ կանգնած էր ոտքի վրա:

Գիտեմ, որ չափել եք, — կրկնեց նա, — բայց ո ՞ր քոռով կամ սոմարով:

Ոչ այն հասարակաց քոռով, որով միշտ առևտուր է լինում, և որով խոսացել եք խանի հետ, այլ մի բավականին մեծ քոռով:

Ո՞րքան զանազանություն կանե:

Հարյուրին տասն և հինգ բեռ:

Խանի մարդը չհասկացա՞վ:

Մինը հասկացավ, բայց ես նրա ափում դրի մի քանի աշրաֆի, հետո լուռ եղավ:

Հա, ապրիս... — կրկնեց գոհությամբ մելիքը: — Միայն աշխատեցեք, մնացյալ ամբարներն նույնպես այդ քոռով չափվին:

Մի քանի րոպե տիրեց նրանց մեջ խորին լռություն:

Գյուղերի նախրապաններին և հովիվներին ասացի՞ք, չորքոտանիների թիվը, որքան կարելի է, պակաս ցույց տան, — հարցրուց մելիքը:

Ասացի, համարյա կես ու կես գցել տվի:

Ի՞նչպես:

Համբարքից մի օր առաջ տավարներն և ոչխարներն պահել տվի շրջակա գյուղերում:

Այդ որ քո հին արհեստն է, — ծիծաղելով կրկնեց մելիքը: — Բայց թող երեսդ սպիտակ լինի:

Դարձյալ տիրեց լռությունը:

Երկրաչափին տեսա՞ք:

Հրամեր եք. պատվիրեցի, որքան կարելի է, չվանը երկար անե:

Այդ հատուկտոր խոսակցությունը մեր ընթերցողին հասկանալի կացուցանելու համար ավելորդ չեմ համարում մի քանի տեղեկություններ տալ նրան:

Մելիքը Զարեհավանում սովորություն ուներ ամեն տարի վարձով վեր առնել խանից մի քանի գյուղեր: Եվ մի գյուղի վարձը որոշվում էր՝ հաշվելով նրա բնակիչների և չորքոտանիների թիվը և հողերի չափը, որոնց քանակության համեմատ ստացվում էր հարկ: Դրա համար մելիքը հրամայել է, որքան կարելի է սակավ ցույց տան անասունների թիվը և հողերի չափելու չվանը սովորականից երկար անեն, որպեսզի արտերը չերևցնեն ավելի տարածություն: Նա և գնում էր խանի ամբարների ցորյանները, ով որ տեղեկություն ունի այդպիսի առևտուրներից գիտե, որ մեծ չափով առնել, փոքրով վաճառել, որքան օգուտ կբերի վաճառողին:

Խանին հայտնեցի՞ր այդ լիրբ աղջկա մասին: — Հարցրուց մելիքը:

Հայտնեցի... — պատասխանեց գործակալը:

Ի՞նչ ասաց:

Ուրախությամբ ընդունեց:

Այլևս ի՞նչ խոսեցիք:

Ինչ որ պատվիրած էիք ինձ. առաջին՝ այն հային, որ այժմ կալանավորված է, հայտնեցի, որքան կարող է չարչարե. և քանի կտանջե նրան, այնքան ավելի փող դուրս կգա...: Երկրորդ՝ թե դուք համոզել եք ժողովրդի ծերերին, որ ավելացվի գյուղացիների գլխահարկը: Երրորդ՝ հայտնեցի այն իրողությունը, որ պատվիրեցիք ձեր ու խանի մեջ գաղտնի պահվի...:

Ապա դուք այն նորեկ հայի մասին ոչինչ չխոսեցի՞ք, որ այնքան փող է բերել Ռուսաստանից:

Հրամեր եք. ես ասացի, թե այդ հայը յուր արծաթից փքվելով խիստ բարձրից է գնում, պետք է սեղմել նրան և հայտնեցի, թե դուք ուսուցել եք մի մարդու, որ բողոքե խանին, իբր նորեկ պարոնը բռնություն էր գործ դրել նրա կնոջը վրա. և մի այդպիսի սուտ ամբաստանություն բավական էր նրանից դուրս քաշելու յուր բերած ոսկիները:

Խանը ի՞նչ ասաց:

Հրամայեց, կնոջ այրը շուտ յուր մոտ ուղարկեք:

Մինչ մելիքը այդպես խոսում էր յուր գործակալի հետ, Ռես Վասակյանը ներս մտավ Նազլու խանումի մոտ և հայտնեց նրա որդու երկյուղալի հիվանդությունը: Բայց մայրական սիրտը՝ յուր բոլոր թուլությամբ` առավել փափուկ և գթառատ է: Նա շուտով զիջավ յուր բարկությունից, և առանց ժամանակ կորցնելու, մտավ որդու սենյակը: Խղճալի մայրը զարհուրեցավ, երբ տեսավ յուր որդու մեռելատիպ երեսը: Միևնույն ժամանակ հավաքվեցան այնտեղ և նրանց բարեկամ կանայք, բոլորեցին հիվանդի շուրջ:

Լացի հետ խառնել սգավոր երգեր, մի ծանր հիվանդի մոտ, կամ մեռելի վրա, այդ սովորություն է արևելյան ազգերի մեջ: Ամեն մի լացող աշխատում է յուր երևակայության և խելքի զորությունը ցույց տալ` առավել տխրեցուցիչ և սրտաշարժ խոսքերով հորինելով յուր ողբը: Բայց ափսոս, արևելքում և սգի ողբերը երգում են այլազգի բարբառով:

Վա՛յ... վա՛յ... ամա՛ն... վա՛յ... ազատեցեք, օգնության հասե՜ք, մեռա՛վ... մեռավ... իմ որդիս... ազատեցե՜ք, վա՛յ ինձ... վա՛յ իմ հոգուս... Սոլոմոն ջան, հոգի ջան, աչքի լույս... ի՞նչ պատահեց քեզ... տունս քանդվեցավ... օրս ու արևս մթնեցավ... աստված ջան... Քրիստոս ջան... Ով սուրբ աստվածածին... ազատեցեք, օգնության հասեք... ազատեցեք իմ սիրականը... իմ ծերության միակ հույսը...

Մյուս կանայքը սկսեցին ավելի դաշնակավոր եղանակով:

Երկինք, դու փուլ եկ... մեզ տակով արեք` որոտ, կայծակներ...: Անդունդ բաց արա անհագ բերանդ, մեզ ձեզ մոտ տարեք, հրեշ ճիվաղներ... թող մեր աչքերը չտեսանեն, ավա՛ղ, այդ զարհուրելի տխուր տեսարան... թող մեր աչքերը չտեսնեն չքնաղ` այդ սիրուն տղամարդ` ընկած անկենդան...

Սկսում է մայրը, մյուսները ձայնակից են լինում.

Այդ ի՞նչ եմ տեսնում... քոռացեք, աչքե՜ր,
Այդ ի՞նչ է աստված, ինչ տխուր պատկեր...
Դժո՜խք, ով դժոխք, ինչո՞ւ չես բացվում,
Իմ խղճիկ մարմին դեպի քեզ քարշում:

Վեր կաց, մի քնե, որդյակ իմ չքնաղ,
Իմ սիրուն հոգիս՝ քեզ կտամ մատաղ.
Բաց արա աչերդ, ով իմ կենաց հույս,
Մի խավարեցրու մեր արև, մեր լույս:

Մի՜ փակե աչերդ, այգ սև-սև աչեր,
Ա՛խ, քեզ թող օգնեն սուրբ աջեր, խաչեր...
Քեզ եմ աղերսում, հզոր սուրբ Սարգիս,
Կա՜մ փրկիր որդիս, կա՜մ առ իմ հոգիս:

Լսե իմ ձայնիս, խղճա քո խեղճ մայր,
Մի՜ցցե սրտումը նետեր քառասայր,
Մի՜թող դու նորան դնել գերեզման`
Յուր անգին որդին, որդին աննման

Վեր կաց, մի քնե, որդյակ իմ սիրուն,
Մի քանդե քո հոր և քո խեղճ մոր տուն,
Հիշե մեր սարեր, հիշե մեր դաշտեր,
Ծաղկած այգիներ, աղբյուրներ, գետեր:

Առանց քեզ ծաղկոց, պարտեզ, բուրաստան
Են փուշ, տատասկի մացառ անպիտան.
Առանց քեզ մեխակ, շուշան, նունուֆար
Չեն անուշահոտ՝ և վարդերը քյաֆուր:

Երբ որ պարտեզում դու ծաղկապսակ՝
Մնջիկ ման գայիր, որպես հրեշտակ,
Վարդը նուրբ թերթերն կամենար ներկել՝
Քո շքեղափայլ թշերուն հասցնել:

Երբ որ անտառում՝ ուրախ խնդամիտ՝
Կհնչեցնեիր ծառեր թավախիտ,
Սոխակը ձայնիդ երգակից լիներ,
Հովվի հոտերը քեզնով կհրճվեր:

Վեր կաց, իմ հրեշտակ, վեր կաց, կյանքիս հույս,
Մեր խավար օրին դու ծագե մեզ լույս,
Առանց քեզ մի ժամ, և հոժար ինքնակամ,
Անգութ Գրողին՝ ես հոգիս կտամ…:

Պարոն Վասակյանի աչքերը նույնպես լցված էին արտասուքով, նա լաց էր լինում. ոչ առավել նրա համար, որ երկյուղ կար յուր աղայի կյանքի մասին, այլ որ նրա հետ կկորչեին յուր այնքան օգուտները, որ հույս ուներ ստանալ Սոլոմոն-բեկի ամուսնությունից...:

Մինչ Ավազակյանց տանում այդպես սուգի մեջ էին, տեր-Առաքելենց դռանը վեր եկավ ձիուց մի տղամարդ. նրա զենքերը հնչեցին բարձր ձայնով, և նա՝ յուր ձիու սանձը ծառայի ձեռքը տալով, ներս մտավ:

Բարով, բարով, — նրան ասաց մահտեսի Ավետիսը, հանդիպելով յուր որդուն բակի մեջ:

Բայց պարոն Ռուստամը գլուխ տվեց և անխոս մտավ յուր սենյակը:

Երեկոյան պահուն նրան տեսության եկան՝ պարոն Աբամ Աշխարունին և պարոն Խոսրով Մելիքզադեն:

Օ՛, որքան չաղացել եք, — նրա ձեռքը բռնելով ասաց Մելիքզադեն. — երևի լեռնային օդը ձեզ համար առավել առողջարար է եղել:

Դուք գիտեք, մեր սարերում որքան չաղանում են մեր ոչխարները, միթե ես նրանցից պակա՞ս էի, — պատասխանեց ծիծաղելով պարոն Ռուստամը:

Պարոն Աշխարունին սկսեց երկար հարցուփորձ անել այն տարվա արոտների մասին, ոչխարների մասին, նա մի առ մի հարցնում էր գյուղացիների առողջությունը: Բայց պարոն Ռուստամը միշտ տալիս էր կարճ և անորոշ պատասխաններ: Նրա միտքը այն րոպեին օրիորդ Սալբիի մոտ էր:

Դուք լսե՞լ եք, Ռուստամ, Հովասաբենց մասին մի բան, — . հարցրուց պարոն Մելիքզադեն:

Հա, լսել եմ, Միրզա-Ֆաթալին տիրել է նրանց ժառանգությունները և Սոլոմոն-բեկը կամենում է պսակվիլ օրիորդ Սալբիի հետ, — պատասխանեց պարոն Ռուստամը կատականոք:

Ես չէի կարծում տիկին Թարլանի կողմից մի այդպիսի հիմարություն, — խոսեց պարոն Աշխարունին, — որ նա յուր փառասիրության համար ցանկանար ավերել յուր ամուսնի ուխտը:

Ինչո՞ւ համար չեք կարծելու, — նրա խոսքը կտրեց Խոսրովը, — կանանց սեռի փոփոխամտությունից և մանավանդ նրանց թուլությունից ամեն բան կարծելի է:

Մինչև ա՞յդ աստիճան:

Բանը, իրավ, աստիճանից է կախ, աշխարհի աչքերը միշտ հարգությամբ նայում են դեպ աստիճանները:

Ի՞նչպես:

Այնպես որ, մեզ հայտնի է՝ տիկին Թարլանը մի աղքատիկ կնիկ է:

Պարոն Ռուստամը լուռ ականջ էր գնում:

Եթե տիկին Թարլանը ընդդեմ յուր աղջկա կամքին կգործեր մի այդպիսի ուխտազանցություն, հայնժամ ես կբողոքեի հոգևոր կառավարությանը, — կրկնեց պարոն Ռուստամը:

Այ եղբայր, որքան պարզամիտ եք դուք, — նրան պատասխանեց պարոն Խոսրովը. — միթե չե՞ք գիտում, որ հոգևոր կառավարության շունչը, հոգին մելիքի քսակի մեջն է:

Ի՞նչպես, — հարցրուց պարոն Ռուստամը ավելի տհաճությամբ:

Այնպես որ, երբ մի մարդ մի՝ ուրիշի ձեռքով գործում էր մեղք, նա նրա ծառան է: Այժմ մտածեցեք, մեր հոգևոր կառավարությունը որքան ավազակություններ, որքան գողություններ, որքան անիրավություններ գործել է մելիքի ձեռքով: Եվ եթե գիտեք, հոգևոր կառավարությունն էր, որ բարեկենդանին արգելեց քո պսակը. երևում է, այդ գործի մեջ Ավազակենց հետ խորհրդակից են և սևագլուխները:

Պարոն Ռուստամը դարձյալ լուռ կացավ:

Ի՞նչ պետք է արած, — հարցրուց պարոն Աշխարունին յուր սովորական հանդարտությամբ:

Որպես ես մտածում եմ, պարոն Ռուստամի պսակվելու գործը օրիորդ Սալբիին հետ՝ ազատ չէ վտանգներից, — խոսեց պարոն Խոսրով Մելիքզադեն: Ես գիտեմ, որ հայոց բոլոր քահանաները հրաժարվելու են այդ պսակը կատարելուց, և այդպիսի հանգամանքներում պետք է վարվել այնպես, որպես ես արժան տեսա երեք ամիս դրանից առաջ, այսինքն առանց քահանայի` մեր ձեռքով պսակել:

Ահա այդ տեղից են սկիզբն առել հայերի մեջ բաժանմունքները կաթոլիկների, պրոտեստանտների և այլն, — պատասխանեց Արամը: — Երբ մի հայ մի փոքր ընդդիմացել է հայ հոգևորականի կամքին, նա, իսկույն փոխանակ քրիստոնեական եղբայրասիրությամբ նրա սիրտը ամոքելու և նրա հետ հաշտվելու՝ հրաժարեցնում է յուր եկեղեցուց, չկատարելով նրա հոգևոր պիտույքները: Եվ խղճալի հայը ճարահատյալ դիմում է դեպի մի այլ եկեղեցի, մտնում է նրա ծոցը, ընդունում է այլ անուն... և այդպես, մեր չար եկեղեցականների հիմարությամբ, ամեն տարի որքան հոգիներ կորչում են, անհետանում են և կուլ են գնում մյուս ազգերի անդնդում...:

Նույն ժամանակ ներս մտավ մահտեսի Ավետիսը, նրան արժանավոր ընդունելություն ցույց տվին, նստեց:

Բայց նույն միջոցին, երբ մանուկ տղամարդիկը տաքացած էին խոսակցությամբ, դրսից մի բան քանի անգամ զարկվեցավ լուսամուտի ապակիներին: Նրանք՝ կարծելով թե քամին շարժեց պատուհանները, ուշադրություն չդարձրին:

Ապա ի՞նչ պետք է արած, — հարցրուց պարոն Մելիքզադեն:

Եղբայրք, մենք մի բանի հիմքը դրել ենք այդ երկրում, — խոսեց պարոն Արամը, — պետք է նույն հիման վրա, նույն ուղղությամբ բարձրանա շինվածքը: Մեր դիտավորությունն այն չէ այստեղ ազգի մեջ հերձված գցել, նոր կրոնք բաժանել, և նրանց սերն ու միաբանությունը խռովել: Եվ ոչ մեր նպատակն այն է, մի նորանան ընդունել մեզ վրա. բայց մի փոքր զտելով հայոց կրոնքը յուր պղտորություններից, մնանք դարձյալ հայ, սիրելով մեր ազգը, մեր պատմությունը և մեր հայրենիքը: Տեսնենք, եթե այդ գործի մեջ տեղիս եկեղեցական հարք կսկսեին մեզ հետ հակառակիլ, մենք մեր խոնարհությամբ կաշխատենք նրանց հետ վարվիլ որպես եղբայրներ:

Դրսում խորին մութ էր, պարոն Աշխարունին հրաժարական ողջույն տալով, հեռացավ: Պարոն Մելիքզադեն մնաց այնտեղ:

Եղբայր, — խոսեց նրա գնալուց հետո պարոն Խոսրովը, — թեպետ պարոն Աշխարունու խոսքերը հեռու չեն ճշմարտությունից, բայց դարեր հարկավոր են, մինչև մենք հայոց եկեղեցականներին սովորեցնենք միաբանություն և եղբայրասիրություն: Իսկ քո պսակը չէ կաելի թողուլ մինչև դարերի վերջը: Շատ լավ, մենք չենք կամենա այստեղ հերձված գցել, միայն մի բան ասեմ քեզ, Ռուստամ, լսիր, եթե կամենում ես օրիորդ Սալբին քեզ կին լինի, առ նրան, փախիր դեպ հեռավոր աշխարհ, այնտեղ կատարել կտաս քո պսակը...:

Ճշմարիտ, լավ է խոսում Խոսրովը, — կրկնեց մահտեսի Ավետիսը: — Մենք չենք կարող մարտնչիլ մի երկրի ժողովրդի հետ:

Դուք կարծում եք աշխարհը շարժող մեքենան արծա՞թն է, — հարցրուց պարոն Ռուստամը հորից:

Հա, աշխարհի աստվածը այդ ժամանակում նույնպես արծաթն է, — պատասխանեց մահտեսի Ավետիսը:

Պարոն Մելիքզադեն վեր կացավ, նույնպես կամենում էր գնալ: Պարոն Ռուստամը հայտնեց նրան, թե նրա խորհուրդը հավանական է, միայն պետք է խոսել օրիորդ Սալբիի հետ: Պարոն Մելիքզադեն հեռացավ:

Բայց մի քանի րոպեից հետո, մի մարդ դուրս գալով պարոն Ռուստամի նախասենյակից, մութի մեջ, կտուրների վրայով գնալով, մոտեցավ պատին, յուր մեջքի պարանը կապեց պատից վեր ցցված ժանիքին, իջավ դեպի ցած, աներևութացավ խավարի մեջ: Եթե մինը կհարցներ, թե ո՞վ էր այդ գիշերային դևը, մենք կասեինք՝ Ռես Վասակյանը, որ լուսամուտի առջև լրտեսում էր:

ԼԳ

ՍՐԻԿԱ

Կեսգիշեր էր: Պարոն Ռուստամը, յուր հյուրերը ճանապարհ պնելուց հետո, որովհետև շատ հոգնած էր, շուտով քնեցավ: Հանկարծ նրա քնարանի դռները անլսելի ձայնով բացվում են: Խավարի մեջ շփվում է ծծմբառը. ձեռքի մոմպատի լուսով, որ վառվում է նույն րոպեին, սենյակի կենտրոնում երևան է լինում մի մարդ: Նա յուր ուսից վեր է գցում թեթև լեզգու յափունջին, և նույն րոպեին նրան կարելի է նմանեցնել մի մանուկ չերքեզ պարոնի, գեղեցիկ հագնված և ըստ կարգին զինված:

Այցելուն ծնկների վրա չոքում է մահճակալի մոտ, որի վրա քնած էր պարոն Ռուստամը. նա յուր ցուցամատով հեզիկ խեթկում է նրա կողքը: — «Ռուստամ» — «Ռուստամ», — լսելի է լինում բարակ արծաթի հնչումի ձայնով: Քունը խիստ ծանր էր, տղամարդը ոչինչ չէ զգում՝ շարունակելով յուր խորին շնչառությունը: Այցելուն յուր բարակ, հեշտախոսությունից դողդոջուն շրթունքը հպեցնում է քնողի երեսին, մի քանի ջերմ համբույրներ քաղում է նրա նույն ժամանակ վառված թշերից և մյուս անգամ սկսում է մեղմիկ խեթել նրա կողքը, շփել յուր դալար մատներով նրա երեսը ու բաց կուրծքը:

Պարոն Ռուստամը զարթնում է, նա զարհուրած կերպով վեր է թռչում, և եթե այցելուն շուտով ծանոթություն չէր տված յուր մասին, իսկույն ջարդուփշուր կլիներ այդ հսկայի ոտքերի տակ:

Մի վրդովիք, — հեզիկ ասաց նրան աղջիկը:

Ախ, Սալբի, դո՞ւք եք, — կրկնեց պարոն Ռուստամը:

Որքան անզգա քնած էիք, ես մտածեցի կողոպտել ձեր սենյակը:

Իրավունք ունիք ամաչեցնել ինձ, — պատասխանեց մանուկ տղամարդը: — Ուրեմն եկ համբուրեմ քեզ, իմ նազելի Պալլաս, — կրկնեց նա՝ սեղմելով յուր կուրծքի վրա չքնաղագեղ օրիորդը:

Մտածեցեք, Ռուստամ, որքան մեծ բան է սերը, — խոսեց օրիորդը գաղտնի համակրությամբ: — Եվ որքան մեծ է նա, այնքան կատաղի և անխելք է:

Բայց որքան անխելք է, այն քաղցր է:

Սերը քաղցր է, երբ երկու կողմից ևս ունի յուր հավասարակշիռ մագնիսական ձգողությունը, — պատասխանեց օրիորդը: — Բայց Սոլոմոն՜բեկը նույնպես սիրում է ինձ, և նրա սերը կատաղի ու անխելք է, բայց երբեք քաղցր չէ...:

Պարոն Ռուստամը ժպտեցավ:

Ինչո՞ւ քաղցր չէ, և ինչո՞ւ չեք կարող սիրել նրան, — հարցրուց նա:

Որպես մի տերության մեջ չեն կարող կառավարել երկու թագավորներ, նույնպես և մի սրտի մեջ երկու սեր, — պատասխանեց օրիորդ Սալբին:

Ուրեմն դուք բացի ինձանից ոչ ոք չե՞ք սիրում:

Ես բացի ձեզանից ուրիշները պատվում եմ:

Պարոն Ռուստամը լուռ եղավ և երկու կողմից առժամանակ տիրեց լռությունը:

Ուրեմն Սոլոմոն-բեկը ի՞նչ խելքով մտածելն յուր արծաթով գնել ձեզ, — հարցրուց պարոն Ռուստամը: — Եվ ձեր մայրը ի՞նչ իրավունքով կամենում է անել մի այդպիսի վաճառականություն:

Օրիորդ Սալբին պատասխան չտվավ:

Եթե ձեզ կանեին վաճառքի նյութ, — առաջ տարավ պարոն Ռուստամը, — ձեզ գնելու իրավունքը առավել հասնում է ինձ, որովհետև հառաջագույն ես իմ ձեռքս դրած եմ ձեզ վրա:

Միթե դուք ունի՞ք այնքան փող, — հարցրուց օրիորդ Սալբին:

Թեպետ ես չունիմ այնքան փող, բայց կարող էի Միրզա-Ֆաթալիից խնդրել մի ժամանակ, մինչև ես կգնայի օտար աշխարհներ և կվաստակեի այնքան արծաթ, որով կարողանայի հատուցանել ձեր հանգուցյալ հոր պարտքը, միայն թե դուք հավատարիմ մնայիք դեպ ինձ և չփոխեիք ձեր սերը, մինչև իմ գալուստը:

Արդարև, դուք կլինեիք երկրորդ Աշըղ-Ղարիբը, — պատասխանեց օրիորդը ժպտալով:

Պարոն Ռո ւստամը կարմրեցավ ամոթից:

Ռուստամ, հոգիս, — շարունակեց նա, — իրավ որ սերը գիժեցնում է... ինչո՞ւ դուք խոսում եք այսպես տղայաբար: Դիցուք թե Միրզա-Ֆաթալին տիրել է այն ժառանգությունները, որ թողել է իմ հայրը: Այդ ինձ ի՞նչ փույթ: Դրա վրա թող տրտմի իմ մայրը: Այդ անցքր ինձ չէր վերաբերում: Բայց եթե կհաջողեր աստված և մի օր տիրոջ օրենքով իմ անձս կկապվեր քոնի հետ, այնուհետև, որքան կտևեր մեր կյանքը, թե բարեբախտությունը և թե դժբախտությունը՝ ամենևին զանազանություն չէր անելու մեզ համար, որովհետև դրանց երկուսին մենք բաժանորդ կլինեինք միասին:

Ախ, Սալբի, ձեր խոսքերը մահացնում են ինձ, — կրկնեց պարոն Ռուստամը, — միթե ես այնքան աղքա՞տ եմ, որ չեմ կարող վայելուչ կերպով պահպանել ձեզ:

Դարձյալ խոսում եք որպես երեխա, Ռուստամ, մեր կյանքը ի՞նչ մի արժեքավոր բան է, որ պետք լինի նրա ապրուստի համար մտածել: Միայն իրողությունը, որ պետք է ամուսնական կյանքի համար, չէ ոսկի, չէ արծաթ, չէ թանկագին քարեր, միակ իրողությունը՝ որ շունչ է տալիս, կենդանացնում է ամուսնական կյանքը, է սերը:

Պարոն Ռուստամը ոչինչ չխոսեց, նա ախտալից սրտով միայն նայում էր յուր սիրուհու երեսին:

Դուք պատմեցեք մի փոքր ձեր հովվական կյանքի մասին, — ասաց նրան օրիորդ Սալբին:

Ես երկար գրած էի ձեզ այդ մասին և կխոսեմ ձեզ հետ, եթե դուք ախորժում եք լսել, բայց այժմ կամենում եմ առաջարկել քեզ մի խնդիր:

Ի՞նչ խնդիր:

Դու ցանկանո՞ւմ ես, որ մենք երկուքս միմյանց հետ ապրեինք միշտ այդպես անօրեն սիրով:

Ոչ, — կարճ պատասխանեց օրիորդը:

Ապա ի՞նչ պետք է արած, երբ թշնամիները ամեն կողմից շրջապատել են մեզ այստեղ, և քահանաները չեն կամենում կապել մեզ օրինավոր սիրով:

Միթե մոռացե՞լ եք ինչ որ ձեզ գրած էի: Իմ միտքը, իմ դիտավորությունը միևնույն է, ինչ որ քանի օր առաջ հայտնել եմ ձեզ թղթով. այսինքն` գնալ, հեռանալ այդ երկրից մի այլ աշխարհ, ուր կարելի էր հանգիստ և անվրդով կյանք վարել:

Միևնույնը և ես կամեի առաջարկել քեզ, հոգիկս, — կրկնեց պարոն Ռուստամը ուրախացած: — Ուրեմն ե՞րբ պետք է դնել մեր դուրս գալու պայմանը:

Երբ որ կամիս, ես միշտ պատրաստ եմ:

Երկու օր դրանից հետո, այսինքն՝ շաբաթ կեսգիշերին:

Շատ լավ, — պատասխանեց օրիորդը և վեր կացավ:

Ու՞ր, — հարցրուց պարոն Ռուստամը, ուղղակի նրա երեսին նայելով:

Գողերը գործում են քանի մութ է, բայց լուսաբացին նրանք հեռանում են դեպ իրանց բնակարանները: Մեր երկրի անկարգ սովորությունները պատճառ են տվել մեզ գողանալ միմյանց սերը... բայց ահա մոտ է լուսաբացը... պետք է հեռանալ:

Արդարև, — այդպես է... — կրկնեց պարոն Ռուստամը: — Եթե մի անբախտ ռոմանագիր մեր սերը նյութ կառներ յուր վիպասանությանը, ես զարմանում եմ, ի՞նչ մի ցանկալի բան կարող էր գտնել նրա մեջ:

Ոչինչ... մեր երկուսիս կյանքը դատարկ է...:

Օրիորդը սկսեց հեռանալ, պարոն Ռուստամը գնաց նրան ճանապարհ դնելու:

Ծաղկավանի բոլոր տները կից են միմյանց, նրանց կտուրների վրայից կարելի էր գնալ գյուղի մի ծայրից դեպի մյուսն: Եվ այդ միմյանց հետ կպած տուների մեջ կային ծակեր, այնպես, որ, առանց դուրս գալու, ծակերի միջով, մի եղելություն մի րոպեում կարելի էր բոլոր գյուղի մարդկանցը իմացում տալ: Պարսկաստանի հայերի և ջհուդների բոլոր տուները ունին այդպիսի ձևեր: Եվ այդ առանց պատճառի չէ: Հարաժամ երկյուղը՝ գողերից, թշնամիներից պատճառ են տվել նրանց այնպես սեղմվիլ միմյանց հետ և այնպես սերտ գրկել միմյանց...:

Ճանապարհը, որ տանում էր տեր-Առաքելենց կտուրից մինչև ծերունի Մկրտիչի տունը, բավականին երկար էր և պետք էր անցնել բավականին շատ կտուրներ: Պարոն Ռուստամը յուր սիրուհու հետ անցավ մի քանի կտուրներ: Մութը խորին էր և աղջամղջին: Շուները կատաղած հաչում էին նրանց ոտնաձայներից ու կտուրների երդիկներից շատ անգամ լսելի էին լինում դեռևս քնած գյուղացիների ձայները — «Է՛յ, այն ո՞վ է...»:

Գյուղական կյանքում կից կտուրները մեծ բախտավորություն են անբախտ սիրողների համար: Նրանք, լույս ցերեկով չկարողանալով միմյանց տեսնել, շատ անգամ, օգուտ քաղելով գիշերների խավարից, կտուրների անմարդ անապատի մեջ կարողանում են գտնել մի անկյուն մի քանի ժամ միմյանց հետ խոսելու, և իրանց այրված սրտերի խորհուրդը միմյանց հայտնելու: Ասիական աշխարհի մեջ այդ փոքրիկ անկյունը առավել ախորժելի է. այդ անբախտների համար, քան թե մի պարտեզ, բուրաստան կամ ծաղկոց: Որովհետև, այստեղ նրանց ծնողքը և ոչ այլ մարդիկ չէին կարող տեսանել նրանց...: Լուսինը, փայլուն աստղերը երբեմն տեսնում են նրանց և լսում նրանց ջերմ, հեշտախոսությունից բորբոքված համբույրները:

Պարոն Ռուստամը մինչև ծերունի Մկրտչի տունը, ճանապարհ դրեց յուր սիրուհին, և մի քնքուշ գրկախառնությունից հետո նրանք բաժանվեցան միմյանցից:

Պարոն Ռուստամը դառնալով, յուր սենյակի դռանը հասնելով, ներսից լսեց մի թխկոց և մարդու զգեստների խշխշոց: Նա կասկածանոք մոտեցավ լուսամուտին, վառ ճրագի լուսով տեսավ յուր սենյակում մի պարսիկ` բարձր հասակով, որ կանգնած յուր մահճակալի մոտ, մերկացրած դաշույնը ձեռքին, անդադար հարվածներ հասցնում էր մահճի վերմակին, մտածելով, թե նրա տակին քնած էր մարդ: Նրա մանուկ սրտի անհամբերությունը թույլ չտվավ նրան երկար մտածել: Նա շուտով բաց արավ դուռը, ներս մտավ և աննկարագրելի արագությամբ հարձակվեցավ ավազակի վրա, և հետքից պինդ բռնեց նրա թևքերը: Ավազակը, ոչ այնքան պարոն Ռուստամի անհամեմատ ուժից, որքան մի այդպիսի հանկարծակի հափշտակվիլն գերբնական զորությունների ընծայելով, իսկույն թուլացավ և տարածվեցավ հատակի վրա մի քաջ հերոսի ծնկների տակ: Նա շուտով կապեց նրա թևքերը և ոտքերը, զենքերն առավ, սկսեց հարցնել.

Ասա, չարագործ, դու ի՞նչ նպատակով եկել էիր այստեղ:

Ես եկել էի քեզ սպանելու համար, — պատասխանեց ավազակը աներկյուղ համարձակությամբ:

Ի՞նչ թշնամություն ունեիր ինձ հետ, չէ որ ես քեզ ոչինչ վատություն չեմ արած:

Այդ ստույգ է, բայց ես կատարում եմ մի այլ մարդու քո թշնամու կամքը:

Ո՞վ է այն մարդը, ուղղորդն ասա, եթե ոչ կսպանեմ քեզ:

Ես կասեմ քեզ, թե ով է նա, ոչ այնքան երկյուղ կրելով քո սպառնալիքից, որքան պատիվ դնելով քո քաջությանը և տղամարդությանը, որով ընկած եմ ես այդ հատակի վրա: Իրավ, ոչ ոք մինչև այսօր չէ զարկել իմ կողքը գետնին... բայց ես ուրախ եմ, որ հանգամանքները այնպես բերեցին, որ իմ ձեռքը չթաթախվեցավ ձեր արյունով:

Պատմիր, երկար մի խոսիր, կեղծավոր, ես լավ կճանաչեմ ձեր ազգի հոգին:

Դուք ունիք մի ամենավտանգավոր թշնամի՝ Ավազակյանց Սոլոմոն-բեկը, նա ամենասաստիկ կերպով խելագարված է ձեր նշանածի՝ օրիորդ Սալբիի սիրով: Բայց այդ սերը ընդդեմ լինելով նրա հոր՝ մելիքի կամքին, և կամենալով հեռացնել յուր որդին մի այդպիսի ցանկությունից, մտածել է նա կորուսանել, որպես քեզ, նույնպես և օրիորդ Սալբին: Դրա համար այս գիշեր կանչեց ինձ յուր մոտ — «Ապպաս, ասաց նա ինձ, առանց ժամանակ կորուսանելու կմտնես տեր-Առաքելենց Ռուստամի քնարանը և նրա կտրած գլուխը կբերես ինձ, որի փոխարեն ես կտամ քեզ լի բուռով ոսկիներ, մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար...»:

Ի՞նչ հարաբերություն կար քո և մելիքի մեջ, որ դու հանձն ես առել գործել մի այդպիսի չար դավաճանություն, միթե միմիայն ոսկիների՞ համար, — հարցրուց պարոն Ռուստամը զարմանալով:

Ո՜չ, թե ոսկի ևս չլիներ, դարձյալ ես պարտավորված էի կատարել նրա կամքը: Մենք ավազակներ ենք թվով ավելի քան տասն, որ ծառայում ենք մելիքին: Բոլոր Ասիան կողոպտում ենք

և լցնում նրա տունը: Մելիքը գաղտնի կերպով վաճառում է մեր կողոպուտները և հարկավորված ժամանակ արծաթը տալիս է մեզ: Մեր ձեռքով նա ժողովել է յուր այնքան մեծ հարստությունը: Բայց երբ պատահում էր, մեզանից մինը կալանավորված էր տերությունից, ուր որ լիներ այդ, մելիքը անհուն գումարներ գործի է դնում մեզ ազատելու համար, այդ պատճառով, մենք միշտ կարոտություն ունինք նրան, որ յուր ձեռքում ունի երկու զորություն՝ արծաթ և իշխանություն:

Մելիքը վաղո՞ւց պարապվում է այդ արհեստով:

Վաղուց... մենք շուտուց ճանաչում ենք նրան, համարյա նրա երեխայությունից... — պատասխանեց ավազակը խորհրդական ձայնով: Պարոն, դուք մի նայիք նրա երևելի բարեպաշտությանը, դա մի շատ վտանգավոր մարդ է: Երբ մի մարդու նա կամեր վրեժխնդիր լինել, նրա տունը կողոպտել է տալիս, նրա վիզը կտրել է տալիս, նրա կինը և աղջիկները խայտառակել է տալիս...: Իսկ առավոտյան ինքը իբրև թե ոչինչ բանից լուր չունի, սկսում է որոնել գողը...:

Նա յուր այդպիսի չարությունները գործ է դնում և հայերի՞ վրա:

Նրա համար ոչինչ զանազանություն չունի, թե հայ, թե թուրք և թե ջհուդ` բոլորը մի են:

«Խեղճ հայեր, բավական չէ, որ ուրիշները կողոպտում են ձեզ, և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել...»: Նա ընկղմեցավ խորին մտածությունների մեջ. մինչև այսօր չէր լսել մի այդպիսի բան մելիքի մասին:

Ես, պարոն, — խոսեց ավազակը. — ես չարագործ մեկն եմ, ինձ ներելի է, որ հանձն եմ առել քեզ սպանելու պաշտոնը, բայց դուք ձեր մեծահոգությամբ ներեցեք ինձ, առանց պատժի արձակելով ինձ:

Ես բաշխեցի քո պատիժը քո ուղիղ խոստովանությանը, — ասաց պարոն Ռուստամը, և սկսեց բաց անել նրա կապանքները:

Ես ուխտ եմ դնում այսուհետև միշտ մնալ ձհզ հավատարիմ բարեկամ, — կրկնեց ավազակը:

Քո բարեկամությունը ինձ պետք չէ, միայն լավ է, որ դու ուխտես թողուլ քո այժմյան արհեստը: Որովհետև, քանի դու պարապվում ես չար գործերով, ի՞նչ հավատարմություն կարող է լինել քո բարեկամության մեջ:

Լութիները (սրիկաները) նույնպես ունին իրանց հատուկ օրենքը և ճշմարտությունը: Գիտե՞ք, այսուհետև Ավազակյանք չեն թողնելու իրանց չար խորհուրդները, որպես քո, նույնպես և օրիորդ Սալբիի կյանքի դեմ որոգայթներ լարելու, և բոլոր այդ գործերի մեջ գործակատար լինելու ենք ես, իմ ընկերների հետ: Երդվում եմ ես Ապութալեպի որդի Ալիի անունով, միշտ հավատարիմ լինել ձեզ, միշտ հայտնելով ձեզ նրանց դավաճանությունները, և հարկավորած ժամանակ չխնայել իմ ծառայությունները գործիքովիմ սրով:

Следующая страница