Րաֆֆի՝   Սալբի

Դե՜ , վեր կաց, — ասաց Ռուստամը, — առ զենքերդ, հեռացիրքանի մութ է, ոչ ոք չէ տեսնելու քեզ:

Սրիկան գոհունակությամբ համբուրեց յուր բարերարի ձեռքը և հեռացավ:

Պարոն Ռուստամի քունը փախավ աչքերից. զանազան խառն մտածմունքներ պաշարեցին նրան, նա հիշեց սրիկային խոսքը, որ ասել էր նրան մելիքը: «Ապպաս, կմտնես տեր-Առաքելենց Ռուստամի քնարանը... նրա կտրած գլուխը կբերես ինձ... մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար... »:

Քաջասիրտ տղամարդը, որին երկյուղ ասած բանը անծանոթ էր սկսեց վախենալ, և վախենալ ոչ թե յուր մասին, այլ յուր սիրուհու համար: Նա հաստատ որոշեց յուր մտքում, առավոտյան հրաժարական ողջույն տալ յուր բարեկամներին և երեկոյան գաղտնի դուրս գալ Ծաղկավանից:

Նա մոտեցավ գրասեղանին, սկսեց գրել այդ նամակը յուր բարեկամին, որ թողել էր սարում իրան տեղապահ:

«Ազնիվ բարեկամ Պարոն Վ... »:

«Ես մի քանի օրվա համար, խաշնարածների վերատեսչությունը ձեզ հանձնելով, եկա տուն, հույս ունենալով, թե շուտով կդառնամ դեպի ձեզ: Բայց հանգամանքները, ընդդեմ իմ կամքին, փոխեցին նպատակս, և ես ստիպված եմ խնդրել ձեզ, այս տարի մինչև վերջը հանձն առնել այդ նեղությունը:

«Սիրելի Վ... «խորհուրդ մարդկանկամք աստուծո», ասում են գրագետները. — «Մարդի ասածաստծո լսած», — ասում է առածը: Եղբայր, ձեր մարգարեությունը կատարվեցավ. ես ստիպված եմ, իմ սիրուհու հետ, դուրս գնալ իմ հայրենի երկրից. դուրս գնալ, չգիտեմ ուր:

«Ո՞ւր, կրկնելու եք դուք, հայի համար ամեն տեղ միևնույն է. հայի համար ամեն տեղ լույս է տալիս միևնույն մռայլված, խավարած արեգակը:

«Արդարև, այդպես է... բայց ես չեմ գնում ուրիշ աշխարհներում բախտ որոնելու, ես գնում եմ փորձելու նոր անբախտություններ. ես գնում եմ տեսնել նորանոր անբախտ հայեր, լսել նրան լացը, աղաղակը, նրանց ցավակից լինել, նրանց հետ արտասվել...:

«Բայց հայրենիքըայս ի՞նչ հիմար բառ է, որ գործածում եմ ես. հայի համար ո՞ւր է հայրենիք: — Բայց Հայրենիքը, ասես թե, ատում է ինձ. նա խորթությամբ նայում է ինձ վրա:

«Եղբայր, այստեղ քահանան սրբության տեղ թույն է մատուցանում հիվանդին: Իշխանները ավազակների խումբ են բանացնում: Անկարգ շառիաթը իրավունք է տալիս մուսուլմանին խարդախ գրավաթղթով տիրել այրի կնոջ անշարժ կայքը: Եվ մայրերը վաճառում են իրենց աղջիկները, ազատելու համար իրանց կորուսած ժառանգությունները, որ ապրեին: Վասակները՝ օգուտ քաղելով մարդիկների տգիտությունից, որպես չղջիկները գիշերի խավարից, ծծում են իրենց զոհերի արյունը: Եվ արծաթը բեկերի ձեռքում հրաշք է գործում...:

«Ինձ երևում է, թե այդպիսի աշխարհի օդը թունավորված է և բնակիլ նրա մեջ անկարելի է:

«Ինձ կասեն, այդ մի նոր բան չէ հայերի կյանքի մեջ. հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն...: Այդ իրավ, դրանք բոլորն կան: Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնելսիրահարված ագահներ:

«Ես ամենևին սառն սրտով դուրս եմ գնում այդ երկրից: Բայց մի տխրություն, որ տանում եմ ինձ հետ՝ է այն, որ ես չկարողացա երկար ժամանակ իմ խաշնարածների հետ մնալ, և իմ բոլոր սկսածներս նրանց մասին՝ մնացին անկատար, իմ բոլոր խորհուրդներս նրանց մասին՝ և պիտի տանջեն ինձ գերեզմանում: Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ նրանց համար թողնում եմ ձեզ նման մի ոգելից տղամարդ, որ կրում է իմ գաղափարներս, իմ հոգին...:

«Եվ միակ հույսը, որ մխիթարելու է իմ պանդխտությունս, է այն, որ ես իմ հետ տանում եմ մի ընկեր, որ կարող է կարեկից լինել ինձ, որ ընդունակ է հասկանալու իմ ուրախ և տխուր զգացմունքները, որ կարող է ինձ հետ լալ և ինձ հետ ծիծաղել:

«Բայց սիրելի Վ...դուք մի մոռանաք երբեմնապես գնալ այն անբախտ թափառական վրանաբնակների մոտ, դուք սրբեցեք արտասուքը այն այրի կնոջ աչքերից, դուք մխիթարեցեք նրան:

«Ողջույն մատուցեք սիրո համբույրներով իմ բոլոր բարեկամներին, մնաք բարյավ, իմ բարեկամ, գուցե այլևս չենք տեսնելու միմյանց...:

«Ձեր սրտակից բարեկամ այժմ և միշտ տեր-Առաքելենց Ռուստամ»:

ԼԴ

ԿԱԼՎԱԾԱՏԵՐ ԽԱՆԸ

Ո՞ւր այդպես շտապով, Մարտիրոս եղբայր, առավոտյան շուտ գնում ես, — հարցրուց գյուղացի Խաչատուրը յուր դրկիցից:

Գնում եմ... ասում են խանը եկել է Ավազակենց տանը, բոլոր մարդիկ գնացին սալամ, ես էլ գնում եմ... գիտես մեր դրկիցների սատանությունը, թե այնտեղ չգտնվիմ, իմ քարփուջը47 ջուրը կդնեն, — ասաց Մարտիրոսը:

Ուրեմն կանգնիր, միասին գնանք, — կրկնեց Խաչատուրը: Նրանք հեռվից տեսնում են գյուղացիների բազմությունը, որ խումբ-խումբ գնում էին Ավազակենց տունը:

Ի՞նչ գործի համար խանը եկել է Ավազակենց տունը, — հարց արեց Խաչատուրը:

Բա, լսած չե՞ս, խանը պահանջել է Հովասաբենց աղջիկը՝ օրիորդ Սալբին՝ իրան կին առնուլ, այսօր պիտի բերեն, այնտեղ տեսնե:

Օ՜յ, տեր աստված, — կրկնեց զարմանալով Խաչատուրը. — խանին ո՞վ է հասկացրել, թե օրիորդ Սալբին մեր գյուղի բոլոր աղջիկների գեղեցկուհին է:

Է՛հ, եղբայր, — պատասխանեց Մարտիրոսը… — «Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե»: — «Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե»: — «Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է...»:

Ո՞վ եք կարծում, որ լիներ այդ անաստվածը:

Միթե չե՞ք ճանաչում մեր գյուղի չարության դևը, ո՞վ պիտի լինի, եթե ոչ մելիքը, խանի հետ խոսքերը մին են արած՝ խեղճ գյուղացիների տուները քանդում են:

Այդպես է, եղբայր, երկու սատանա երբ միացան, աշխարհս մատի վրա պտույտ կտան: Բայց ասա, խնդրեմ, ի՞նչ առիթ ուներ մելիքը այդպիսի անիրավություն գործելու:

Որպես ես լսեցի, անցյալ օր մարդիկ խոսում էին, թե Սոլոմոն-բեկը միտք ուներ Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ: Նրա մի այդպիսի ցանկությունը ընդդեմ էր հոր կամքին, և կամենալով հեռացնել յուր որդուց մի այդպիսի միտք մելիքը մատնել է օրիորդ Սալբին, որով մի կողմից Սոլոմոն-բեկը կզրկվի յուր սիրուհուց, մյուս կողմից` խանին մեծ ծառայություն արած կլինի մելիքը: — Աստված քեզ մի պատիժ չտա, մելիք Պիլատոս, — կրկնեց Խաչատուրը վշտանալով, — ի՞նչ ասել է լուսավորչյա լույս հավատը կորցնել և Քրիստոսի անմեղ գառը գայլերի բերանը գցել:

Մելիք Ավազակյանցի ընդարձակ դահլիճում զարդարած պարսկական ամենաշռայլ և զեխ ախորժակով, խանը, մեջքը տված մախմուրի փափուկ բարձերին, նստած էր մի թանկագին օթոցի վրա, ասզնագործած ոսկի թելերով: Նրա գեղեցիկ մանկլավիկները, փառավոր հագնված, ձեռքերը կուրծքի վրա փակած, կանգնել էին խանի առջև և զգուշությամբ սպասում էին նրա հրամաններին: Նրանցից մի փոքր հեռու, նույնպես ոտքի վրա, ձեռքերը սրտին դրած, ստրկական հնազանդությամբ, կանգնել է մելիքը, յուր հաստ ահագին մարմնով: Բացի դրանցից, դահլիճի մեջ ոչ ոք հրաման չուներ կանգնել խանի առջև: Բայց բակումը, դահլիճի բաց արած լուսամուտների հանդեպ, կանգնած են վարոցավոր ֆերրաշները, և նրա մյուս ծառաները, ղաջարի երկայն գդակներով և լեզգու խանչալներով:

Ֆերրաշներից շատ հեռու, բակի մեջ, բոբիկ48 ոտքերով, լուռ և անձայն, որպես անշունչ էակներ, իրանց ձեռքերը փակած, խառնիխուռն, միմյանց հետքից՝ կանգնած էին գյուղացիները: Նրանց ամեն մեկը, բակի դռնից մտնելով, մինչև խանին մի փոքր մերձենալն, հարյուր անգամ գլուխ էր խոնարհեցնում, թեպետ գոռոզ բռնակալը ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց:

Մի քանի մարդիկ գյուղացիներից իրանց գլուխների վրա բերեցին ահագին փայտյա սկուտեղներ, որ տվին մանկլավիկներին, որ նույնպես իրանց գլուխների վրա առած` ներս տարան, դրեցին խանի առջև: Երբ ծառաները բարձրացուցին նրանց երեսներից շալ ծածկոցները, սկուտեղների մեջ դրված էին քաղցրավենիների անհուն տեսակներ, մեծ-մեծ շաքարների գլուխներ, թեյի կապոցներ և մի փոքրիկ ամանի մեջ լցրած ոսկի դահեկաններդիշքիրասիխանի ատամների վարձը, որով բարեհաճեր նա ընդունել նրանց բերած ընծան, և յուր ատամներին նեղություն տալով, հաճեր ուտել...:

Ի՞նչ նեղություն եք կրել, ես առանց դրանց շնորհակալ եմ ձեզանից, — ասաց նա հպարտությամբ աչքը ձգելով ընծաների վրա:

Դուք ձեր չափազանց հնազանդությամբ միշտ գթացուցել եք իմ սիրտը ձեզ վրա և իմ աչքը միշտ քաղցրությամբ նայում է ձեզ վրա:

Ժողովրդի միջից մի մարդ ևս չկարողացավ համարձակվիլ մի քանի բառ խոսել խանի առջև: Միայն նրանք մինչև գետին երկրպագություն տալով, նրանց միջից լսելի էին այսպիսի խոսքեր. — «տերը թող երկար կյանք տա ձեզ, ձեր թուրը միշտ կտրուկ անե... մեր կյանքից կտրե ձերի վրա դնե...»:

Բայց մելիքը յուր երկար տարիների ծառայությամբ, մի փոքր համարձակություն ստացած լինելով խանի սպասավորության մեջ, ժողովրդի կողմից խոսեց այդպես.

Քեզ մատաղ լինինք, վեհափառ խան, մենք ձեր ոտքի տակի հողն ենք և ձեր կոշիկների փոշին: Տեր աստված, ի պատիվ մեծ մարգարեին (Մուհամմեդին) թող օրհնե ձեր կյանքը, ձեր փառքը, ձեր կարողությունը և ձեր զորությունը՝ թող միշտ զորացնե:

Մենք ու մեր որդիները, բոլոր գերդաստաններով ձեր անարգ ծառաներն ենք, և դուք պետք է միշտ անպակաս անեք մեզանից ձեր կարող ձեռքի հովանավորությունը, ձեր բարեսրտության առատագութ ցողը, և ձեր մեծահոգի ողորմածության բարի խնամքը, որպեսզի, մենք՝ հանգստություն գտնելով, մեր ծառայությամբ աշխատինք ձեզ համար:

Մելիքը լռեց: Բոլոր բազմությունը զարմանում էին նրա անվախ ճարտարխոսության վրա և գովասանում էին նրան, որ այնպես համարձակվում էր փափկացնել խանի սիրտը:

Հավատացնում եմ ձեզ տասն երկու իմամների անունով, — խոսեց խանը, ձեռքում շարժելով յուր փոքրիկ գավազանը, — և երդվում եմ իմ պապերի սուրբ ոսկորներով, որ ես երբեք իմ սիրելի ծառաներից չեմ որոշելու ձեզ, և որպես իմ արժանահիշատակ պապերը միշտ խաղաղությամբ պահպանել են ձեզ, ես էլ աշխատելու եմ ևս առավել բաշխել ձեզ հանգստություն և բարօրություն:

Աստված երկայն կյանք տա ձեզ, — գռռացին գյուղացիները, — մենք մեր աչքերից գանգատ ունինք, ձեզանից երբեք ոչ:

«Ողորմելի ժողովուրդ», խոսեց անլսելի ձայնով պարոն Ռուստամը, որ այն ժամանակ նստել էր բակի մի անկյունում և նայում էր գյուղացիների ստրկական հնազանդությամբ և լսում էր նրանց փոքրոգի խոսքերը: Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն: Արդարև, այդպես է աշխարհի կարգը, երբ մեկը չէ կարող ինքնուրույն պահպանել յուր անբախտ գլուխը, յուր մարդկության ազատ անձնիշխանության մեջ, նա պարտավոր է խոնարհիլ ուրիշի թրի տակ, և աղաչանքով, կեղծավորությամբ, նրա կամքին գործիք դառնալով, պահել յուր գլուխը...: Ահա այդպես է մեր ազգի վիճակը...:

Բոլոր բազմության մեջ քրթմնջոց ընկավ, թե ահա բերեցին Հովասաբենց Սալբին:

Եվ արդարև, երկու թուրքի կանայք, խանի հարեմատան պառավներից, իրանց կապույտ չարսավների մեջ փաթաթած, բերում էին մի այլ կին, սպիտակ չարսավով: Երբ հասցրել էին նրան խանի հանդեպ, նա հրամայեց պառավներին բարձրացնեն նրա երեսի քողը: Ի՞նչ զարմանալի փոփոխություն...: Երեսաքողի տակից դուրս երևաց մի այլանդակ և տգեղ կերպարանք, ներկված գորշ և մռայլոտ դեղնապղնձի գույնով, սովորականից շատ մեծ զարհուրելի աչքերով, որ վառվում էին գերբնական փայլողությամբ: Այդ ահագին, բարձրահասակ մարմինը, յուր կերպարանքի սարսափելի գծագրությամբ, ոչ միայն վրդովեց խանի կատաղի բարկությունըայլև մի անսովոր եկյուղ ձգեց նրա սրտում:

Դուք ինձ վրա ծիծաղո՞ւմ եք, դժոխքի ծնունդներ, — գոռաց նա պառավներին:

Պառավները սկսեցին զարհուրելի երդումներով հավատացնել խանին, թե այդ ճիվաղը միևնույն աղջիկն էր, որ խոստացել էին նրան, բայց իրանք նույնպես զարմանում են, թե որպես կերպարանափոխ եղավ նա:

Քոփակ (գամփռ), — բարկանալով ասաց խանը մելիքին, — ա՛յս է քո ինձ խոստացած աղջիկը, ուրեմն դու խա՞ղ ես անում ինձ հետ. դու խայտառակե՞լ կամենում ես իմ հարեմատունը, սպասիր, դու կստանաս իմ վրեժխնդրության ծանր պատիժը:

Քրտինքը խոշոր կաթիլներով սկսեց թափվել մելիքի ճակատից և անհետանալ նրա մորուքի մեջ. նրա երեսը ամոթուց կարմրեցավ աղյուսի գունով. նա ուզում էր գետին մտնե, որովհետև խանը նրան բոլոր բազմության առջև կոչեց քոփակ: Բայց և այնպես, նա չէր կարողանում հասկանալ այդ զարմանալի և տարապայման անցքի պատճառը:

Այ գյուղացիք, — ասաց խանը սպառնացած, — բոլորիդ գլուխները այս րոպեիս կտրել կտամ, եթե չգտնեք այս վայրկյանում այդ աղջիկը: Կորեք դուք, գարշելիներ, — ասաց նա պառավներին:

Սարսափը և զարհուրանքը տիրեց խղճալի ժողովրդին: Նրանց աչքերը սևացան, նրանց գլուխները պտույտվեցան. նրանք դողում էին ահից և երկյուղից:

Պարոն Ռուստամը ինքը մնացել էր զարմացած, որովհետև նա յուր աչքով տեսավ, երբ առավոտյան շուտ խանի անթիվ ֆերրաշները շրչապատեցին ծերունի Մկրտչի տունը, օրիորդ Սալբիին բռնեցին, տվեցին պառավների ձեռքը, ինքը չկարողացավ օգնել յուր սիրուհուն, և ճարահատյալ դիմեց Ավազակենց տունը, գուցե մի հնարքով ազատեր նրան: Բայց տեսնելով զարմանալի փոփոխությունը՝ նա մնաց սառած, թե ի՞նչ գաղտնիք էր այդ, ո՞ւր աներևութացավ օրիորդ Սալբին. ուսկի՞ց հայտնվեցավ այդ ղարաչի կինը, որ քանի օր առաջ տեսել էր տներում՝ ման էր գալիս, ֆալ բաց անում (հմայում) և հաց ժողովում: Նա որ երբեք չէր հավատում գերբնական զորությունների, ընկղմվեցավ խորին կասկածների մեջ, թե այդ գործի մեջ թագուցած էր մի անբնական գաղտնիք: Բայց լսելով խանի սպառնալիքը, տեսնելով գյուղացիների տագնապը և զարհուրանքը, թողեց յուր մտածմունքը, մոտեցավ խանին ու խոսեց.

Ինչո՞ւ դուք մի խաբեբայի (մելիքի) խորհրդով խռովում եք այդ խեղճ գյուղացիների հանգստությունը. ինչո՞ւ հայհոյում եք այդ ողորմելի ժողովուրդը, որ այսպես հնազանդությամբ իրանց գլուխները ծռել են ձեր առջև: Բավական չէ՞, որ դուք խլում եք մեր կայքը, կարասիքը, մեր բոլոր ապրանքը, և մեր ընտանիքն էլ ծառա պիտի լինին ձեր անիրավ կամքին. ո՞վ է տվել ձեզ այդ իշխանությունը, դուք չե՞ք դիտում, որ մեր կրոնքը երկնքից մինչև երկիր մեզ հեռացրել է ձեզանից և մեր ու ձեր մեջ անկարելի է խնամություն:

Որքան դուք այդպես պինդ կապված կլինիք ձեր մոլար կրոնքին, միշտ կմնաք խեղճ և մեզ ծառա, — պատասխանեց խանը թունավոր հայացքով:

Ոչ, որքան մենք պինդ կապված կլինինք տգիտության և կործանիչ անմիաբանության, միշտ կմնանք խեղճ, բայց գիտցեք, որ հասել է ձեր բռնակալության վերջը... և հայը մինչև յուր արյունով կարող է վրեժխնդիր լինել ձեզ...:

Ձայնդ կտրե, լիրբ շուն, — պոռաց բռնավորը.— ես այս րոպեիս կտրել կտամ քո լեզուն, և դու կճանաչես քո չափը:

Եվ նա հրամայեց դահիճներին, որ նրա լեզուն կտրեն:

Պարոն Ռուստամի մոտ կանգնած գյուղացիները, լուռ, աչքով, հոնքով՝ նշանացի էին անում նրան, որ չխոսե այդպիսի համարձակ խոսքեր, որով ոչ միայն յուր անձը կձգեր պատժի տակ, այլ բոլոր հայերը նրա պատճառով վտանգի մեջ կընկնեին: Բայց արիասիրտ տղամարդը ուշադրություն չդարձրեց թուլահոգի և վախկոտ ամբոխին, նա խոսեց խանի երեսին և ավելի անպատշաճ խոսքեր, մինչև անգամ հայհոյանքներ:

Անբախտ տղամարդը, արդարև, քո երակներում դեռ չէ սառած հայոց դյուցազունների արյունը... և քո սիրտը զարկում է վսեմ ազգասիրական նախանձով...: Բայց դու մինակ ես. «մի ձեռքը ծափ չի զարկում...»:

Սպանե՜ք, սպանե՜ք, կտոր-կտոր արեք, — պոռաց խանը զարհուրանքով:

Երբ ֆերրաշները և խանի սարվազները մոտեցան նրան, քաջն Ռուստամ՝ դուրս եկավ բազմության միջից, քաշվեցավ դեպի բակի արձակ կողմը, և մերկացնելով յուր ահագին թուրը, որ թաքցրել էր լուր վերարկուի տակ, հարձակվեցավ ֆերրաշների վրա, կոչելով, — անիրավներ, երեխայի՞ վրա վազում եք դուք:

Սպանե՜ք, սպանե՜ք, — գոռում էր կատաղած խանը:

Տեսնենք ով շուտ կսպանե, — կոչեց մեր քաջը աներկյուղ սրտով. — մինչև այդ կատուները կհասցնեն ինձ մի չնչին վերք, ես բոլորին կուղարկեմ դժոխքը քո պապերի մոտ:

Այդ խոսքերի հետ նա զարկեց թուրը առաջին մոտեցող ֆերրաշի գլխին, արյունը խավարեցրեց նրա աչքերը, հասցրեց մի սաստիկ հարված երկրորդի կռան վրա, գցեց մի երրորդի ուսը: Բայց տակավին ոչ մի վերք չէր ստացել նա:

Տո, հեռվից թափանչով, — ձայն տվեց խանը, ինքը նույնպես բարկությունից վեր կենալով և իջանելով դահլիճից կռվողների մոտ:

Երբ որ նրանք, չկարողանալով մոտուց սրով զարկել նրան, կամեցան հեռվից հրացան գործիքներ արձակել դեպի նա, պարոն Ռուստամը առանց ժամանակ կորուսանելու, յուր թուրը պատեհին հանձնեց, և դուրս բերելով յուր գոտուց երկու թափանչա, մինը ուղղեց դեպի ֆերրաշները, մյուսը դեպի խանը, ասելովդու հրամայում ես ինձ սպանել թափանչով, բայց քո ծառաները խիստ թույլ են երևում կռվի մեջ, ուրեմն առաջագույն դու ինքդ փորձիր իմ գնդակի զորությունը:

Խանը, նշմարելով անհրաժեշտ մահը յուր աչքի դեմ և տեսնելով յուր ծառաների թուլասրտությունը, սկսեց կեղծավորության գործի դնել: Արդարև, նեղի ընկած միջոցին պարսիկը բացի կեղծավորությունից և խաբեբայությունից ավելի շնորհ չունի:

Դու չե՞ս ամաչում, սևերես, որ քո խանի վրա ձեռք ես բարձրացնում, — ասաց նա:

Ինձ համար ոչինչ զանազանություն չկա խանի և մի ստոր մարդու մեջ, երբ հարկավորում է պահպանել իմ կյանքը և իմ պատիվը, — պատասխանեց արիասիրտ Ռուստամը:

Նույն ժամանակ մի մարդ բազմության միջից դուրս եկավ, բռնեց պարոն Ռուստամի ձեռքը, ասելով.— ամա՜ն, Ռուստամ, իմ որդի, իմ աչքի լույս, խղճա քո ողորմելի հորը, բաշխիր այդ խեղճ ժողովրդին, որ բոլորը քո պատճառով պիտի վտանգի մեջ ընկնին, սանձիր քո բարկությունը, մտածիր, թե ինչ ծանր հանցանք ես գործում...

Մահտեսի Ավետիսը հանդարտացրեց որդու կատաղությունը և խլեց նրա ձեռքից թափանչաները:

Ծերունիդ դու, — ասաց խանը մահտեսի Ավետիսին, — առ նրա զենքերը, ասա, թող գա իմ ձեռքս համբուրե, որ ես բաշխեմ նրա հանցանքը:

Մահտեսի Ավետիսը, հավատալով խաբեբա և խորամանկ պարսիկի խոսքերին, բոլորովին զինաթափ արեց յուր որդին: Խանը, տեսնելով նրան առանց զենքի, հրամայեց յուր ծառաներին, բռնեցին նրան և կապեցին թևքերը: Նույն ժամանակ մի անմաս մանկլավիկ բարձրացրեց խանչալը և ուզում էր խրել պարոն Ռուստամի սիրտը:

Քո ձեռքո՞վ պիտի սպանվեմ ես, լակոտ, — ասաց նա և յուր ոտքով այնպես սաստիկ զարկեց մանկլավիկի փորին, մինչ նա գլորվեցավ և հինգ քայլ հեռու վեր ընկավ գետնի վրա:

Երբ բոլորովին կալանավորված էր նա, ուխտազանց պարսիկը հրամայեց յուր ծառաներին, ամեն մեկը մի թափանչա արձակեն նրա վրա: Խեղճ Ռուստամի մահը հասած էր: Այնքան բազմաթիվ հայերից ոչ ոք չօգնեց նրան: Բոլորը, ահից, երկյուղից սասանված, չորացած, սառն աչքերով նայում էին այդ ցավալի հանդեսի վրա: Եվ ոմանք շատ ուրախ էին, որ սպանվում է մի այնպիսի գոռոզ և հպարտ տղամարդ, որ չգիտեր չպփ դնել յուր լեզվին:

Բայց մահտեսի Ավետիսը, խանի ոտքերն ընկնելով, նրա սոլերը համբուրելով, լալով ասաց. — ողորմած խան, բաշխիր ձերունի հորը, մի սպանիր իմ որդիս, աստված չի ընդունիլ այդ, դուք խոստացաք բաշխել նրա հանցանքը, դրա համար ես զինաթափ արեցի նրան... այդ մի տղամարդություն չէ հարձակվիլ անզեն մարդի վրա, ողորմիր իմ ալիքներիս, այժմ անձնատուր է իմ որդին, արժան չէ այլևս սպանել նրան... նա դեռ մանուկ է, նրա խելքը հասուն չէ, խղճա ողորմելի հորը, քո ծառային, մի սպանիր իմ որդին:

Դա մանուկ է, այո, — խոսեց խանը գլուխը շարժելով, — դա օձի ձագ է, երբ մեծանա, վիշապ կդառնա... սպանեք, ասում եմ, հրամայեց ֆերրաշներին:

Հանկարծ բոլոր բազմությանը տիրեց զարհուրելի սարսափ. յոթն հսկայաձև տղամարդիկ, կայծակի արագությամմբ, մերկացուցած թրերը ձեռքերում, հարձակվևցան ֆերրաշների վրա:

Թող տվեք դրան, — գոռաց ամպի որոտի ձայնով նրանցից մինը, — թող ավեք, ասում եմ ձեզ, եթե ոչ, բոլորիդ կմորթեմ այս րոպեիս. դրանց մինն էր պարոն Խոսրով Մելիքզադեն:

Ֆերրաշները զարհուրեցան երկյուղից, տեսնելով Ապպասլութին և նրա ավազակ ընկերները, որոնց քաջությունը և արյունախում բնավորությունը բոլորին հայտնի էր: Խանը, որ բնությամբ մի վախկոտ մարդ էր, ավելի երկյուղ կրեց, մտածելով, թե ոչ միայն ինքն կամ յուր ծառաներն կարող չէին ընդդիմություն գործել նրան, այլև, այն վտանգավոր սրիկան, սպանելով բոլորին, մի գիշեր կկտրեր և յուր որդիների գլուխները: Այդ պատճառով նա, ընդունելով ավելի հանդարտ կերպարանք, խոսեցԱպպաս, դու գիտես, ես սիրում եմ քեզ իմ որդիներից առավել, բայց մտածիր, այդ նզովյալը որքան վշտացրել է ինձ: Նա վիրավորել է իմ ծառաներից երեքին, որ անտարակույս կմեռնին, իրավունք չէ, մի այդպիսի հանցավորը անպատիժ մնա: Որովհետև ես իմ կյանքում մի այդպիսի նախատինք կրած չեմ ոչ ոքից, ուր մնաց, մի պիղծ հայից, որ իմ հպատակս է, որ պատկանում է ինձ յուր կյանքով ե արյունով:

Արդար է ձեր հրամայածը, խան, բայց այդ մեծահոգի տղամարդը մի օր պարգևել է իմ կյանքը, ես պարտավոր եմ անեք նրան միևնույնը, — պատասխանեց սրիկան, պարոն Ռուստամի թևքերի կապանքներն արձակելով, առանց սպասելու խանի վճռին:

Մելիք Ավազակյանցը մեռնում էր տճահությունից, տեսնելով յուր ավազակները բռնել էին յուր թշնամու կողմը:

Խանը, մտածելով, որ այդ գործը կնդունե ավելի վատթար ուղղություն, հրամայեց բաց թողուլ կալանավորը:

Ես և իմ ընկերները շնորհակալ եղանք ձեզանից, — ասաց սրիկան, և նրանք դուրս եկան Ավազակյանց բակից, իրանց հետ տանելով պարոն Ռուստամը:

Գյուղացիները նույնպես գլուխ տալով խանին, հեռացանմինչև մնացին մելիքը և խանը երկուքը միասին:

Ի՞նչ պետք է արած, մելիք, ես չեմ կարող տանել այդ անարգությունը, — ասաց խանը, — ես կմեռնիմ իմ սրտի կսկծից:

Ես ինքս մնացել եմ շվարած, — պատասխանեց մելիքը հուսահատությամբ. — տեսա՞ր նրա գործը, տեսա՞ր նրա ընկերները:

Ի՞նչ պետք է արած, — դարձյալ կրկնեց խանը տհաճությամբ:

Դուք այժմ շատ վրդովված եք, խան, մի փոքր հանգստացեք, այնուհետև կխոսենք, թե ինչ պետք է արած:

Խանը յուր ծառաների հետ վեր կացավ և գնացին ամրոցը, որ քառորդ ժամու ճանապարհով հեռու էր Ծաղկավանից:

Բայց նախանձը և տհաճությունը ուտում էր, մաշում էր մելիք Պիլատոսի լերդն ու սիրտը, որ նույն րոպեին գտնվում էր զարհուրելի ալեկոծության մեջ: Նա կարմրելով հիշում էր այն անցքը, որ Ռուստամի նման աղքատ տղամարդը (նրա կարծիքով հարուստները միայն պիտի ունենային ձայն և կշիռ) — յուր քաջությամբ արհամարհեց, որպես խանի բռնակալությունը, նույնպես և յուր բոլոր ջանքերը օրիորդ Սալբին կորուսանելու: Նա մեռնում էր յուր բարկությունից, որ չկարողացավ յուր չարագործությունը կատարել:

Մինչ նա տարուբերվում էր յուր կատաղի ալեկոծության մեջ, նրան իմաց տվին, թե խանի հարեմատան ներքինիներից մինը կամի ձեզ տեսանել: Նա հրամայեց, որ ներս թողուն:

Ներքինին դորա բերավ յուր ծոցեն մի նամակ, տվեց մելիքին. նա կարդաց նրա մեջ հետևյալ խոսքերը.

«Անպիտան դու, այդ ի՞նչ աններելի հանդգնություն է, որ գործում ես: Բավական չէ՞, որ քո ամենայն տեսակ բանսարկությունով և չարախոսությամբ, մոլորեցնելով խանի միտքը, խռովում ես խեղճ գյուղացիների հանգստությունը, իսկ այժմ համարձակվել ես և աղմկել նրա հարեմատո՞ւնը: Թող վկա լինին աստծո բոլոր հրեշտակները, թե քանի ծանր ու դժնդակ կերպով դու կճաշակես քո չարությանց պատիժը իմ ձեռքից, թե չկամեիր քո սատանություններին չափ դնել»:

Կնիքի վրա կարդացվում էր խանի գլխավոր հարեմի անունը «Դուրի-Դարիա»:

Մահվան գունաթափությունը ներկեց նրա դեմքը քրքումի գունով, նա թուլացավ, ուշքը, միտքը կորցրուց, և հազիվհազ մի քանի րոպեից հետո յուր զորությունները պնդելով, ասաց ներքինուն. — ի՞նչ առիթ ուներ խանումը այդպես բարկանալ ինձ վրա:

Դու խելագարվա՞ծ ես, այ մարդ, — կրկնեց ներքինին: — Ի՞նչպես թե խանումը առիթ չուներ քեզ վրա բարկանալու, միթե այդ փոքր գործ է, քեզ ի՞նչ վերաբերյալ է խառնվիլ խանի ընտանեկան գործերին. այդ ի՞նչ աղջիկ տալ է. դու չե՞ս իմանում, խանմները կբարկանան դրանով:

Մելիքը սկսեց հազար ու մի երդումներով հավատացնել, թե ինքը ամենևին այդ գործից տեղեկություն չունի եղել, և թե այլ մարդիկ հասկացրել են խանին օրիորդ Սալբիի մասին: Բայց ինքը կամենալով խանին անհավանելի կացուցանել նրան, հրամայել էր այն ղարաչի կինը ցույց տալ օրիորդ Սալբիի փոխարեն, և շատ ուրախ է, որ հաջողվեց նրան:

Բոլորովին սուտ էր խոսում մելիքը, որովհետև, նա ինքը չէր կարողացել մինչև այն րոպեին հասկանալ այն հրաշագործ փոփոխության գաղտնիքը...:

ԼԷ

ՄԱՏՆՈԻԹՅՈՒՆ

Այն ժամուն, երբ բոլոր Ծաղկավանը աղմկալի խռովության մեջ էրխանի մասին, երբ ձայն դուրս եկավ, թե օրիորդ Սալբիին տարան, պարոն Ռուստամին սպանեցին, — տեր-Առաքելենց տանում ոչ ոք չէր մնացած. նրա մայրը, հայրը և բոլոր ընտանիքը՝ հավաքված Ավազակենց տանում, լաց էին լինում: Այդ ցավալի ժամուն Ռես Վասակյանը դևի նման սողաց պարոն Ռուստամի առանձնասենյակում: Նա առանց ժամանակ կորցնելու մոտեցավ ահագին փայտյա արկղին, որ պարոն Ռուստամի թղթերու պահարանն էր: Նա դուրս բերավ ջիբից մի շարք բանալիներ, մի քանիսը փոփոխելով, ապա բաց արեց արկղը և սկսեց ուշադրությամբ քրքրել թղթերը: Նրանց միջից նա վեր առավ երկու մեծ տետրակներ, մինը՝ պարոն Ռուստամի «Հիշատակարանը», մյուսը՝ «Ազատ ժամեր» մակագրությամբ, որ պարունակում էր նրա բոլոր տաղաչափությունները: Այդ երկու տետրակները իրան հետ վեր առնելով Ռեսը զգուշությամբ փակեց արկղը, դուրս ելավ սենյակից և աներևութացավ Ծաղկավանի նույն ժամուն անմարդաբնակ փողոցների մեջ:

Նույն օրվա երեկոյան պահուն մելիքը Ռես Վասակյանի հետ ձիով գնում էին դեպի խանի ամրոցը: Նրանք հասան, ձիերը պահ տվին ախոռապանին, մտան ամրոցը: Բոլոր ամրոցը վառվում էր ճոխությունից, արևի վերջալույսը, խաղալով պատուհանների գույնզգույն ապակիների հետ, ձևացնում էր հազարավոր կախարդական գունավորություններ: Շատրվանները փողփողում էին հայելվո նման, ջուրը բարձրանում էր անհամեմատ բարձրությամբ, սենյակներից լսելի էին լինում զանազան եղանակներով երգերի և նվագարանների ներդաշնակություններ:

Նրանք մանկլավիկներից մեկին հայտնեցին, որ խանին իմաց տան իրանց մասին և շուտով ընդունվեցան մի առանձին սենյակում դրսի բակում: Շուտով հայտնվեցավ նրանց մոտ և խանը:

Բարով եք եկել, քյոխվաներ, — ասաց նա:

Նրանք մինչև գետին խոնարհվեցան, երկրպագություն տվեցին և կանգնեցան ոտքի վրա:

Ասես թե, խանը այսօր մի առանձին ակնկալություն ուներ այդ երկու անձերից, նա խոսում էր նրանց հետ սիրով և մինչև անգամ հրամայեց նստեցան յուր մոտ: Այդ պատիվը նրա կյանքում նրանից չէր վայելած ոչ մի հայ մարդ: Այնուհետև հրամայեց ծառաներին հեռանան և ոչ ոք չթողնեն իրանց մոտ:

Ռես, բերե՞լ եք այն թղթերը, — հարցրուց խանը:

Հրամեր եք, խան, — պատասխանեց նա:

Եվ Ռեսը դրեց խանի առջև երկու մեծ տետրակները — «Ազատ ժամեր» և «Հիշատակարանը»:

Ի՞նչ են գրված այդ տետրակների մեջ, — հարցրուց խանը թերթելով նրանց:

Երկար քննություններ հարկավոր չեն, որ դուք հասկանաք այդ գրվածքների միաքը և հեղինակի գաղափարները, — ասաց պարոն Վասակյանը: — Միմիայն դուք կարդալով մի ոտանավոր, որ ես թարգմանել եմ «Ազատ ժամեր» կոչված տաղաչափություններից, կարող եք հասկանալ, թե ինչ հոգվո տեր մարդ է դրանց հեղինակը:

Եվ պարոն Վասակյանը տվեց խանին պարսկերեն թարգմանյալ հետևյալ ոտանավորը.

Երանի մի ժամ, երանի մի օր՝
Գեթ ես լինեի անմահ թագավոր,
Սուրբ Մասիս յուր գլուխը
Խոնարհեցներ ինձ աթոռ:

Ախ թե մի րոպեգուցե մի վայրկյան
Ձեռումս կրեի տիրոջ գավազան:
Ամպերու վրա
Դնեի ես գահ,
Երկինք-երկիր
Դողացներ իմ ահ:
Գոռայի բոցով, որոտ-կայծակով.
Հայոց քաջերը զարթնեին շուտով,
Սուրբ բղբղային, նիզակք խաղային,
Վառոդք կապարած կարկուտ տեղային:

Գլխով, լեշով լցնեի
Արարատյան ձոր ու փոս.
Երեսը դաշտին ներկեի
Խոխոջներով կարմրահոս:

Հա՜յր Երասխ, ալիքներդ
Հրճվելով խազ առնեին.
Մեր թշնամյաց լեշերով`
Մասսի կուրծքը զարդարեին.
Մեր թշնամյաց արյունով՝
Նորա թշեր ներկեին:

Հիմքից դեպ վեր շրջեի
Արյունախում……

Ինտոս գետի ափի մոտ՝
Հաղթության դնեի արձան:

Ոտքի տակ ես փշրեի՝
…………………………
…………………………
…………………………

Պահանջեի որդիքս,
Որքան կուլ տվեց անհագ.
Ժողովեի հայ ազգը՝
Իմ հաղթող դրոշիս տակ:

Հայոց փշրված քաղաքներ
Վեր կանգնեի փառավոր,
...ծովի ափի մոտ
Ես դնեի իմ աթոռ:

Ռուբինյան վեհ թագը,
Անփշելին գավազան
Թող հովվեր հայոց ազգը
Միշտ, անփոփոխ, անսասան:

Ո՛հ, լռվեցեք, տխուր մտքեր
Իմ հոգվույս մեջ դուք անշարժ,
Այդ մեծ բախտը, այդ սուրբ օրեր՝

Հայի ճակտին չե՛ն գրված…:

Արդարև, այդ մարդը հասարակ մարդերի կարգից չէ, — կրկնեց խանը կարդալը վերջացնելով: — Այդ մարդը մի վտանգավոր մարդ է:

Մինչև հիմա ձեզ ասում էի, դուք չէիք հավատում, — խոսեց մելիքը. — բայց այսօր ձեր աչքով տեսաք նրա գործքը, ձեր ականջով լսեցիք նրա խոսքերը, և այդ թունավոր գրվածքները ցույց են տալիս նրա զարհուրելի մտքերը:

Արդարև, դա վտանգավոր մարդ է, — դարձյալ կրկնեց խանը:

Այդ մարդը, ոչ թե լոկ խոսքերով քամիներ է փչում, — պատասխանեց Ռեսը, — այլ նա աշխատում է յուր չար մտքերը կատարելագործել և գործով: Այս տարի նա սարում գտել է իրանց սրտակից բարբարոսների մի մեծ բազմություն, որոնց մեջ կան մոտ հազար հոգու չափ պատերազմող տղամարդիկ, որոնք, իրանց անպարտելի քաջությամբ և հաջողությամբ կռվի մեջ, կարող են նվաճել մի մեծ թագավորություն: Որպես ինձ հայտնի եղավ ստույգ տեղեկություններից, այդ բարբարոսների հետ, նա միաբանվել է` հարձակվիլ ձեզ վրա, տիրել Զարեհավանը և հաստատել այստեղ իրան համար անկախ տերություն:

Ուղղո՞րդհարցրուց խանը զարհուրելով:

Ճշմարիտ, այդպես է, — վկայեց մելիքը: — Բացի այն բարբարոսներից և Զարեհավանի հայերից շատերը միաբանվել են նրա հետ:

Իհարկե, և զարեհավանցիները նրա հետ կմիաբանվեին, — նրա խոսքը կտրեց Ռեսը: — Որովհետև այդ մարդը միշտ և անդադար քարոզում է ազատությունազատություն... ազատություն...: Թե հայոց ազգը յուր հատուկ իշխանությունը և յուր հայրենի երկիրը պիտի ունենա, թե պետք չէ ծառայել ուրիշ ազգերին, և թե ամեն մի հայ պիտի սիրե յուր կրոնը, լեզուն, գրականությունը և յուր հայրենի հողն ու ջուրը: Նա խաբում է բոլորին, ասելով, թե հայերն էլ մի ժամանակ ունեին տերություն, իշխանություն և զորություն աշխարհի մեջ, և թե այդ հողը, որի վրա տիրում էնրա խոսքովբռնակալի գավազանը, մեր հոր տունն է, մեր պապերի բնակարանն է:

Դուք ի՞նչպես եք մտածում, — հարցրուց խանը:

Մենք մեր աչքերը բաց ենք արել, մեզ ձեզ ծառա ենք տեսել, — խոսեց մելիքը: — Մենք այսքան գիտենք, որ հայ ազգը, սկզբանե մինչև այսօր ապրում է ուրիշի հրամանի տակ: Այդ պատճառով, մենք և մեր որդիները, որքան կենդանի ենք, ուրախ ենք միշտ ընդունել ձեր կարող ձեռքի հովանավորությունը: Այդ խոսքերը, որ նա խոսում է, այդ ոտանավորները, որ նա գրում է, խանգարված երևակայության ցնորքներ են, փտած գլխի մտածմունքներ: Մեր ականջները միշտ փակ են այդ մոլորությունները լսելու, մենք միշտ պատրաստ ենք ձեզ հնազանդությամբ ծառայելու:

Следующая страница