Րաֆֆի՝   Սալբի

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 Следующая Конец

Շատ լավ... — կրկնեց խանը: — Ես հասկացա բոլորը…: Ես կմտածեմ դրա ճարը...: Միայն դուք ասացեք, ի՞նչ է ձեր կարծիքը օրիորդ Սալբիի մասին, մինչև այժմ ես չեմ կարողանում հասկանալ այդ օրվա գաղտնիքը... այդ ղարաչի կինը զարհուրեցնում է ինձ:

Պարոն Վասակյանը չուզեց այդ հարցմունքին պատասխան տալ: Որովհետև մելիքի կամքը, օրիորդ Սալբին խանի ձեռքը գցելու, բոլորովին նրան ընդդեմ լինելով, չէր կամենում այս առարկայիս վրա զրույց լինի: Բայց մելիքը ասաց.

Այն զարհուրելի ղարաչի կինը միևնույն օրիորդ Սալբին էր, միայն կերպարանափոխված, որովհետև այդ դևի կաթ ծծած աղջիկը մի կատարյալ կախարդ է, նրան դյուրին է ընդունել ամեն կերպարանքներ և հարկավորված ժամանակ աներևութանալ:

Մելիքի պատասխանը, յուր սրտին խիստ մոտիկ լինելով, Ռեսը շուտով ուզեց հետևցնել նրանից մի ուրիշ եզրակացություն, թե մի կախարդ կին անվայել էր խանին, ասելով. — ճշմարիտ է խոսում մելիքը, խան, այդ աղջիկը կատարյալ կախարդ է. նա ուսել է այդ արհեստը պարոն Աշխարունու վարժարանում, ուր սովորեցնում են կատարյալ կախարդություն: Եվ այդ վարժարանի մասին պետք է ձեզ անհոգ չլինել, որովհետև այդ աղբյուրից բխում են այդ բոլոր չարությունները...: Բայց թող մնա այդ, խոսքը փոխեց նա, վարժարանի համար կմտածենք հետո...: Բայց այժմ, եթե կընդունեք ծառայիդ անկեղծ խորհուրդը, և ամենևին կամք չեմ տալիս ձեզ ունենալ մի այդպիսի վտանգավոր կախարդ կին:

Ո՜չ, ո՜չ, — նրա խոսքը կտրեց մելիքը. — սկսյալ մեր պապերից, խաները միշտ իրավունք են ունեցել մեր ազգի գեղեցիկ աղջիկներով զարդարել իրանց հարեմատունը. բոլորովին անխելքություն է մի այդպիսի սիրունը բաց թողնել:

Մելիքի խոսքերի մի փոքր ռոմանական ձևը, շարժելով խանի հեշտախտությունը, խոսեց նա. — ես երբեք բաց չեմ թողնելու օրիորդ Սալբին, մի անգամ տեսել եմ նրան դաշտում որսորդությանս ժամանակ, և մինչ այսօր նրա սիրուն պատկերը չէ հեռանում իմ աչքերի առջևից:

Ռեսը լռեց, երբ նկատեց նրանց երկուսի կամքը միացան, բայց նա յուր հնարագիտությունից վստահ էր, թե օրիորդ Սալբիին չէ թողնելու, բացի Սոլոմոն՜բեկից, գրկե մի այլ մարդ:

Ի՞նչ պետք է արած օրիորդի մասին, — հարցրուց խանը:

Ես կասեմ թե ինչ պետք է արած, միայն դրա ժամանակն չէ, — պատասխանեց մելիքը. — որովհետև, քանի այդ մարդը ապրում է մեր երկրի մեջ, դժվար է հափշտակել նրա ձեռքից նրա սիրուհին. դուք մտածեցեք նրա կորուստը, այնուհետև օրիորդը ձերն է:

Դուրս գալով խանի տանից, ճանապարհում մելիքին ասաց Ռեսը. — Աղա, դուք իզուր մտածում եք օրիորդ Սալբին տալ խանին, որովհետև այդ մի օրինավոր հնարք չէ, ձեր որդու սերը նրանից հեռացնելու:

Ինչո՞ւ, — հարցրուց մելիքը բարկությամբ:

Ներեցեք, խնդրեմ, որ մի քիչ երկար կամենում եմ պատասխանել ձեր ինչուին, — խոսեց խաբեբան յուր սովորական կոկ ոճով: — Այն մի իրողություն, որ կամենում ենք գործել մենք, պետք է հառաջագույն մտածել, թե ի՞նչ խոսելու է դրա վրա հասարակաց լեզուն, կամ ի՞նչպես նայում է դրա վրա հասարակաց աչքը, ամենևին տեղի չտալով վատ կարծիքների և չար բամբասանքների: Բայց մի այդպիսի իրողություն, որով դուք մտածել եք հեռացնել ձեր որդու սերը մի աղքատ աղջկանից, ոչ միայն հեռու չէ կացուցանում ձեր անձը ժողովրդի չար վատաբանությունից, այլև կոտրում է ձեր պատիվը և համարումը:

Հասնելով տունը մելիքը, հանկարծ նրա սենյակը մտավ Սոլոմոն-բեկը, քանի օրվա հիվանդությունից բոլորովին նիհարացած և տկարացած, ընկնելով հոր ոտքերը, նա ասաց. — հայր, ողորմություն արեք, լսեցեք ձեր որդու աղաչանքը, այդ ի՞նչ մտածմունք է, որով դուք կամեցել եք իմ պատճառով կորուսանել օրիորդ Սալբին: Դուք չե՞ք իմանում, ես սիրում եմ նրան, այո, մի կատաղի և ցնորված սիրով: Երբ նա ինձ համար չկա, և իմ կյանքը նրա հետ կորած է: Երբ դուք մտադիր եք նրան մատնել խանի ձեռքը, լավ է, հառաջագույն սպանեք ինձ. թող իմ աչքերս չտեսնեն այդպիսի դժբախտություն:

Ասիացի ծնողք չեն կարող առանց բարկության լսել իրանց որդիների և աղջիկների անկեղծ խոստովանությունը սիրո մասին: Վերջին աստիճանի անհամեստություն համարելով յուր որդու խոսքերը, կոչեց մելիքը գազանաբար. — Ձայնդ կտրիր, հիմար, դու ցնորված ես, դու գժված ես, եթե երկար կխոսիս այդպիսի բաներ` քեզ կարտաքսեմ իմ տանից, զրկելով բոլոր ժառանգությունից:

Ես բոլոր հոժարությամբ կամեի զրկվիլ աշխարհի ամեն փառքերից, ամեն հարստությունից, բայց օրիորդ Սալբիից ոչ երբեք, — ասաց Սոլոմոն-բեկը և դուրս եկավ հոր սենյակից:

Ռես Վասակյանը, նույն գիշեր, անգիտելի է, թե ինչ խորհրդով, մնաց Ավազակենց տունը. հանդիպելով հուսահատված և սիրտը կոտրված Աոլոմոն-բեկին, ասաց. — Ձեզ պետք չէր առանց իմ խորհրդին խոսիլ ձեր հոր հետ՝ ձեր սիրո մասին. ես միշտ խրատել եմ ձեզ հետևիլ իմ կանոններին:

Գիշերից բավական անցել էր: Օրիորդ Սալբին, տեր-Առաքելենց տանում, յուր սիրականի հետ նստած, խոսում էին այն օրվա անցքի մասին: Պարոն Ռուստամը զարմանալով հիշում էր ղարաչի կինը և հետաքրքրությամբ հարցնում էր օրիորդից նրա մասին: Բայց օրիորդ Սալբին չուզեց նրան հայտնել և ոչ մի բառ Խլվլիկի մասին, որ աներևութացնելով օրիորդը, առել էր ղարաչու կերպարանք:

Այլևս ժամանակ կորցնել հարկավոր չէ, — ասաց պարոն Ռուստամը յուր ճանապարհի պիտույքները խուրջիններում հավաքելով. — երեք ժամ լուսաբացին մնացած, Սալբի, դուք պատրաստ եղեք գյուղիցը դուրս, ավերված ջրաղացի մոտ. մենք այնտեղ կհանդիպենք միմյանց. ձեզ համար առանձին ձի կբերեմ. այնտեղից մենք երեք հոգի ճանապարհ կընկնինք, ես, դու և մեր Խաչոն:

Շատ լավ, — պատասխանեց օրիորդը:

Միայն դուք փոխեք ձեր զգեստը, հագնվեցեք տղամարդի ձևով, վեր առեք ձեր զենքերը և այն մորուքավոր դիմակը դրեք ձեր երեսին:

Շատ լավ, — կրկնեց դարձյալ օրիորդը: — Բայց իմ վառոդը սակավ է, տվեք ինձ մի փոքր վառոդ և մի քանի գնդակներ:

Առ քեզ, — ասաց պարոն Ռուստամը, տալով նրան մի աման լի վառոդով և գնդակներ: — Եթե կամենում եք, Խաչոյին առաջագույն կուղարկեմ ձեզ մոտ, որ շալակե ձեր ճանապարհի մթերքը և հասցնե մինչև ավեր ջրաղացը գյուղից դուրս:

Պետք չէ, ես ինքս կշալակեմ իմ ճանապարհի պիտույքը և կհասցնեմ մինչև նշանակյալ տեղը: Այսուհետև պետք է մեր անձը սովորեցնել դժվարություններին...:

Դե, գնացեք, ժամանակը կորչում է, լսեցի՞ք ինչ ասացի ձեզ:

Հա, մնաք բարյավ:

Օրիորդը հեռացավ

Ներս մտավ Խաչոն:

Իմ բարեկամ, — ասաց նրան պարոն Ռուստամը, — լուսաբացին չորս ժամ մնացած ձիաներին գարի տուր, թամքիր, որովհետև երեք ժամ մնացած լուսանալուն մենք պիտի ավերված ջրաղացի մոտից ճանապարհ ընկնինք:

Հրամեր եք, — ասաց ծառան:

Դուք մի քնեք, բայց և մի մոռանաք ինձ շուտ զարթեցնել, ես կամիմ մի փոքր հանգստանալ:

Լսում եմ, աղա:

Պարոն Ռուստամը, յուր ճանապարհորդության բոլոր պատրաստությունները կարգի դնելեն հետո, որովհետև այն օրը խիստ շատ հոգնած էր, այնպես յուր ճանապարհի զգեստով գլուխը բարձին դրեց, չուշացավ և քունը շուտով թափեց նրա վրա յուր թմրության բաժակը:

Բայց երանի թե նա քնած չլիներ... այդ դժբախտ քունը պատճառ եղավ նրա կորստյան: Հանկարծ մի քանի հոգի մտան նրա սենյակը, և գտնելով նրան բոլորովին անզգա քնած, հափշտակեցին նրան յուր մահճի միջից...:

Հասավ նշանակյալ ժամը: Օրիորդ Սալբին միայնակ սպասում էր ավեր ջրաղացի մոտ: Այնքան երկար սպասեց նա, մինչև արևը ցոլացրուց յուր ճառագայթները նրա երեսի վրա, բայց տակավին պարոն Ռուստամը չեկավ...:

Հետ դառնալով դեպի գյուղը, նա տեսավ բոլոր գյուղացիները հավաքված տեր-Առաքելենց դռանը: Խղճալի օրիորդը իսկույն հասկացավ, թե պատահել է մի օտարոտի անցք: Հասնելով ծերուհի Մկրտչի տունը, օրիորդ նազանին արտասուքը աչքերում, պատմեց նրան. — Գիտե՞ք ինչ է պատահել, Սալբի, այս գիշեր պարոն Ռուստամին հափշտակել են յուր սենյակից. գյուղացիները նրա արյունոտ հագուստը գտել են հեռու, Աղվանա սարերում...:

Կայծակի հարված ունեցավ այդ բոթաբեր լուրը խեղճ օրիորդի սրտին, նա շփոթվեցավ... խելքից գնաց... ուշաթափ եղավ...

Աստված իմ, աստված, բարերար աստված,
Ամեն քաղցրության լեղի՞ ես խառնած.
Աստված իմ հզոր, միշտ հանապազօր`
Խավա՞ր պիտ անես անմեղներու օր:

Ինչո՞ւ ոչ չարը, այլ խեղճ անճարը՝
Բար օր տեսնելու՝ չունենա չարա:
Անօրենն յուր գահեն՝ խլում չէ գեհեն,
Միշտ արդա՞ր Աբել պիտ սարսի քո ահեն:

Ափսոս չէ՞ վարդը. — սիրուն զվարթը.
Դեղնի, թառամի, — ծաղկոցի զարդը.
Ափսոս չէ՞ շուշան սիրո միակ նշան,
Փուշի մեջ բուսնի, թողնելով յուր գյուլշան:

Եթե դու ես տեր, միշտ եղիր արդար
Չարը խափանիր, բարվույն խնամք տար:
Երբ որ սատանան` առանձին բնություն,
Ես դորան կասեմ. — անիրավություն...

Առաջին հատորի վերջը49

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 Следующая Конец