Րաֆֆի՝   Հուշագրություններ

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец

Անցան տարիներ: Փոքրիկ հիմարը դարձավ գեղեցիկ, վայելչակազմ պատանի: Այժմ նրան կոչում են Աբդուլ-Գասիմ-Մանսուր: Սահուն և խաղաղ անցան այդ տարիները և, կարելի է ասել, առանձին ոչինչ չպատահեց, բայց միայն ճակատագրի խաղը:

Աբդուլը, ինչպես և նրա հայրը, պարապում էր այգեպանությամբ փոխարքայի հարուստ այգում: Անդադար պտտվում էր նա ծաղիկների մեջ, պտտվում էր իր սիրած բնության մեջ, և նրան հովանավորում էր կապույտ, լայնատարած երկնակամարը: Շա՜տ էր աշխատ լինում նրա դեռահաս գլուխը, շա՜տ էին ստեղծվում նրա մեջ կենդանի, երևակայական պատկերներ, և այդ բոլորը, հետզհետե ավելի և ավելի վառ գույներով կերպարանագործվում էր բանաստեղծական քաղցրահնչյուն խոսքերովոտանավորներով:

Աբդուլը չէր գրում իր մտավոր հափշտակությունները, նրանք ծագում էին նրա մեջ առանց որևիցե բացորոշ համակարգության, ծագում էին անհաշիվ, անկապ կերպով: Սովորաբար մտնում էր նա արմավենիների խաղաղ ծառաստանի մեջ, նայում էր, թե որպես հետզհետե չքանում էր երեկոյան վերջալույսի վառ կարմրությունը, որ երևում էր նրան ծառերի հպարտ, բարձրադիտակ ճյուղերի միջից, լսում էր, թե որպես սակավ առ սակավ, նվազում էր քաղաքային աղմուկը, լսում էր, թե որպես գնալով լռում էին նախշուն թռչունների ուրախ ձայները: Նրա կուրծքը ալեկոծվում էր, շնչառությունը դժվարանում էր և, միևնույն ժամանակ, նրա շրթունքներից հոսում էին խոսքեր, լի հրճվանքով, հոսում էին մաքուր, ազատ պերճախոսությամբ:

Նա խոսում էր, և ինքը հափշտակվում էր. խմբովին ծագում էին մտքեր, և նրա հիշողության մեջ հարություն էին առնում առասպելական հերոսները, նրանց կռիվները, հաղթությունները և նրանց կախարդական կյանքի դեպքերը: Ոչ սակավ անգամ նրա աչքերից վազում էին արտասուքի հորդ հեղեղներ, ոչ սակավ անգամ, խոնարհեցնելով գլուխը իր վարժապետի ուսի վրա, դառն հեկեկանքով հայտնում էր նրան այն բոլոր ցավերը, որ հուզում էին նրա սիրտը: Իսկ ցավում էր այդ սիրտը այն բոլոր բաներից, ինչ որ միայն վատ էր երկրի վրա. և ավելի այն պատճառով, որ նա տեսնում էր, թե մարդիկ իրանք են մեղավոր, որ դժբախտ են:

Արդեն վաղուց Արդուլի մանուկ գլխում սկսել էին ծագել այնպիսի հարցեր, որոնց չէր կարողանում բացատրել ոչ նա ինքը և ոչ բարի Ասեդը: Մնում էր մի միջոց միայն, այն է՝ դիմեք գիտության, — ճշմարտության հասնելու այդ միակ աղբյուրին: Ստրուկի զավակը կհասներ իր նպատակին, բնությունը շնորհել էր նրան զորեղ կամք և չափազանց սիրում էր արդարությունը: Այսօր գիշերը նա կփախչե Ղազնին5:

Ահա երեկոյան մռայլը սկսեց թանձրանալ, երկայն ստվերները հետզհետե միախառնվեցան միօրինակ մթության մեջ, ամեն ինչ ընկղմվեցավ գիշերային խոնավության մեջ:

Արդեն գիշեր է, ամեն ինչ գտնվում է խորին լռության մեջ: Աբդուլը վրդովված անհամբերությամբ կանգնած է բակում: Նրա սրտի վրա տիրում է անհնարին ծանրություն, իսկ շուրջը թանձր խավար:

Ահա լսելի եղավ մի ինչ-որ խշխշոցԱբդուլը ամբողջ մարմնով ցնցվում է: Խշխշոցի ձայնը կրկնվում է և այգու վանդակապատի մոտ նշմարվում է մարդկային պատկեր:

Աբդուլ, դու այդտե՞ղ ես, — լսելի է լինում մի զգույշ ձայն:

Այստեղ եմ... — նույնպես հազիվ լսելի ձայնով շշնջում է Աբդուլը:

Վանդակապատի դուռը ճռաց և երկու մարդկային ստվերներ անհայտացան խավարի մեջ: Աբդուլը և Ասեդը լուռ, շտապով գնում էին Թուսի նեղ, ոլոր-մոլոր փողոցներով: Ամեն ինչ քնած էր, ամեն ինչ անշարժ էր, ամեն ինչ անդորրության մեջ էր

Մի ժամից հետո Թուսի քաղաքադռնից դուրս եկավ վաճառականների քարավանը դեպի Ղազնին: Համբերատար ուղտերը ծանրաբեռնված էին զանազան մթերքներով, նրանց պարանոցներից քարշ ընկած զանգակները աղմկում էին գիշերային լռությունը, իսկ առջևում տարածվում էր մերկ անապատ, որ միախառնվում էր երկնքի մթին կապուտակության հետ:

Նրանց հետ, ջորու վրա նստած, գնում էր Աբդուլը: Նրա հավատարիմ բարեկամ Ասեդը տվել էր և ճանապարհածախք և հանձնարարական նամակ:

Մնացի՛ր բարյավ ընդ երկար, հայրենի տնակ...

Ահա և Ղազնին, հզոր Շահ-Սուլթան-Մահմուդի մայրաքաղաքը: Ամեն ինչ այստեղ եռ է գալիս կյանքով: Խեղճ Աբդուլը բոլորովին մոլորվեցավ այդ մեծ քաղաքի մեջ: Նա մտավ առաջին հանդիպած քարվանսարան, որի քարյա կամարների ներքո, որ շրջապատում էին ընդարձակ, սալահատակ բակը, զետեղվեցան և նորեկները և ամեն տեսակ դատարկամոլ մարդիկ, որ խռնվել էին իրանց հետաքրքրությանը ճարակ տալու համար: Այստեղ, մի կողմում, իջևանել էր արևակեզ ուխտավորների բազմությունը, երկայն, կողքերը ճղած գաբաներով և կիսագնդաձև թաղիքյա գնդակներով: Մի այլ տեղ, ալևոր, թխադեմ հնդիկը, օձերի թովիչը, զարմացնում էր բազմությանը իր անբաժան դուդուկով և կախարդական սնդուկով, որի մեջ ճկուն մարմինը օղակ-օղակ գալարելով, դրած էր ակնոցավոր օձը: Փոքր-ինչ հեռու հրապարակական ձեռնածուների խումբը ցույց էր տալիս իր ճարպկությունները, մեկի ոտների մոտ, պարանոցը շղթայած, հզոր թաթերը մեկնած, պառկած էր առյուծը: Երկու մանուկներ, խայտաճամուկ հագուստներով, վզերը հուլունքներով զարդարած, ուրախ-ուրախ խոսակցում էին միմյանց հետ, կտրատելով հյութալի խարբուզակը, որի կորիզները բաժին էին հանում իրանց երրորդ փոքրիկ ընկերինկապիկին:

Մի քանի շահիներով Աբդուլին ցույց տվին, թե ինչպես կարող էր գտնել մադրասան (դպրոցը):

Ահա լայն հրապարակը, որի մեջտեղում ճերմակ պատերով փայլում էր գիտության տաճարը: Երկյուղածությամբ ներս մտավ պատանին դպրոցի զով նախագավիթը:

Միրզա-Յուսուֆը, որին դիմեց նա Ասեդի հանձնարարական նամակով, սիրով ընդունեց իր բարեկամի աշակերտին և խոստացավ, ըստ կարելվույն, օգնել նրան, կատարելու իր ազնիվ ցանկությունը:

Մյուս օրը Աբդուլը արդեն նստած էր մադրասայում: Հետո նա խիստ հաճախ հիշում էր իր կյանքի այդ բախտավոր օրը:

Մի ընդարձակ, բարձր սենյակում, լուսավորած նեղ, սրածայր լուսամուտներով, գորգերի վրա նստած էին թալարները (ուսանողները): Նրանց մեջտեղում նստած էր բանաստեղծ Անսարին, արդեն ալևորված, բայց դեռևս նախկին ժպիտը երեսի վրա պահպանած: Պարապում էին բանաստեղծությամբ: Ուսանողները հերթով կանգնում էին և հանպատրաստից ոտանավորներ էին ասում այն բնաբանի վրա, որ տալիս էր նրանց վարժապետը:

Աբդուլը երկչոտ կերպով նստած էր հեռավոր անկյունում և ականջ էր դնում: Նա առաջին անգամ լսում էր այն, ինչ որ վաղուց գոյություն էր ստացել նրա հոգու մեջ: Նա տեսնում էր, թե որքան դժվար էր տգեղ և ծանրահնչյուն բառերով երգ հյուսելը, և որքան անտանելի էր աշակերտներին այդ աշխատանքը:

Նրա գլխում ծագեցին մտքեր. «չէ որ բոլորը, ինչ որ ստեղծել է բնությունը, գեղեցիկ է, իսկ գեղեցիկը պետք է արտահայտվի և գեղեցիկ բառերով»:

Ահա վեր կացավ մի բարձբահասակ, նիհար պատանի: Կոշտ և ծանր կերպով կազմվում էր նրա լեզվում բանաստեղծական խոսքը, բայց նա դարձյալ շարունակում էր կակազելով գործածել անճոռնի ոճեր: Անսարին անուշադրությամբ լսում էր, ուղղում էր նրան, և միևնույն բառերից երգ հորինում, իհարկե, իր ձևով և դրանով հիացնում էր աշակերտներին: Աբդուլի սիրտը սաստիկ ալեկոծվում էր, երբ լսելի էր լինում վարժապետի լիահնչյուն կոկորդային ձայնը:

Ահա Անսարիի աչքին ընկավ անծանոթ պատանին, արևակեզ թշերով և հրաշալի, կրակով լի աչքերով:

Դու, անծանոթ պատանի, քո աչքերում նկատում եմ ես անկեղծ հրճվանք և հետաքրքրություն, ասա՜, դու եկել ես սովորելո՞ւ մեր դպրոցում:

Աբդուլը երկչոտ կերպով նայեց իր շուրջը: Տասնյակ աչքեր հառած էին նրա վրա:

Այո՜, եկել եմ սովորելու, — դողդոջուն ձայնով պատասխանեց նա, — բայց ես զարմանում եմ, որ այստեղ սովորում են այն, ինչ որ ես արդեն, վաղուց գիտեի, առանց ոչ ոքից սովորած լինելու: — Այդ խոսքերի մեջ չէր լսվում մի նշանախեց անգամ պարծենկոտության, նրանք հնչում էին բոլորովին անկեղծ և ուղիղ կերպով:

Բայց ո՞վ ես դու, որ առանց առաջնորդի հասել ես մինչև այդ տեղը, — հարցրեց Անսարին, և նրա շրթունքների վրա նշմարվեցավ երկմտության ժպիտը:

Պատանի՜, — շարունակեց նա, — դու այնպես ինքնավստահությամբ ես խոսում բանաստեղծության վրա, որպես խոսում է մի ընդունված բանաստեղծ: Ինձ հաճելի է քո համարձակ, ճշմարտափայլ դեմքը, քո խոսքերը հնչում են համեստամտությամբ և անկեղծությամբ: Խնդրում եմ ցույց տուր մեզ քո արհեստը:

Բայց ես դարձյալ կրկնում եմ, որ չեմ սովորել ոչ մի արհեստ: Ես գիտեմ միայն, որ ինքը բնությունը պահանջում է ուրիշ ձևեր իրան նկարագրելու համար: Դուք խոսում եք երկնքի և մեզ շրջապատող աշխարհի գեղեցկության մասին, բայց նրանց համար կա ուրիշ, ավելի սքանչելի խոսքեր:

Անսարիի դեմքը արտահայտում էր կատարյալ զարմացում:

Իմ բարեկամ, դու պետք է ցույց տաս մեզ քո արհեստը: Երգի ՜ր բնությունը:

Ես չգիտեմ, ինչպես են երգում նրան, բայց եթե ծառերի հրաշալի շշնջյունը և ջրերի քնքուշ խոխոջմունքը ինձ ախորժելի են թվում, ես ուղիղ խոսում եմ հենց նրանց մասին:

Աղաչում եմ, կարդա՜:

Պատանի Աբդուլը շփոթված կերպով կանգնեց, նրա աչքերի կոպերը ցած էին թողած, հոգու մեջ կատարվում էր սարսափելի հուզմունք, սիրտը մերթ նվաղում էր, մերթ սաստիկ բաբախում էր. ճակատի վրա երևացին քրտինքի կաթիլներ, ձեռքերը սառեցան և թեթև կերպով դողում էին, իսկ գլխումը հարություն առին հին ցնորքները, հարություն առին պայծառ կերպարանքով և տիրեցին նրա ամբողջ էությանը: Ահա հնչեց առաջին երկյուղած խոսքը, այդ լսելով, բոլորը ապշած մնացին: Հետո սկսվեց հրաշալի, քաղցրաձայն պերճախոսությունը: Հնչյունները երբեմն հեղեղվում էին, ինչպես վտակի թեթև հոսանքը, երբեմն, հանկարծ, աղմկալի ջրվեժի նման, կարծես թափվում էին անդունդի մեջ և, փշրվելով, սփռում էին հազարավոր ցայտումներ: Եվ ինքը, Աբդուլը, կարծես թե վերածնվեցավ. նրա համեստ դեմքը ընդունեց վսեմ, վեհափառ կերպարանք: Որտեղի՞ց հայտնվեցավ նրա այդ սահուն, վայելուչ առոգանությունը: Բոլորը նրա մեջ շնչում էր վստահությամբ և անիմանալի զորությամբ:

...Անտեսանելի ծառերի ոստերի ներքո,
Եվ տեսանելի երկնչի կապուտակության մեջ
Երգում են զարթնած թռչունները.
Վտակները, փողփողելով, հոսում են,
Արևի տակ վառվում են գետեզերքը,
Ցողապատ խոտը մարգարտի պես փայլում էր

Դեռևս հոսում էր հրաշալի խոսքը, ոչ ոք չէր ընդհատում նրան ամենքը լռել էին, ամենքը սուս էին կացել:

Անսարին մոռացել էր ամբողջ աշխարհը, նա այժմ լսում էր ոչ միայն ոտանավոր, այլև ոտանավորի մուզիկան: Նա գտավ այն, ինչ որ իր ամբողջ կյանքում միշտ որոնում էր, արժանավոր ժառանգ իր բանաստեղծական տաղանդի: — Նա գունաթափված էր, հուզված էր, աչքերը լցված էին արտասուքով:

Աբդուլը լռեց: Լսելի եղավ հիացման և հրճվանքի ընդհանուր աղաղակ: Նա գտնվում է այժմ Անսարիի գրկում, լսում է իր շուրջը աղմուկ... նրա առջև երևում են գույնզգույն հագուստներ... քունքերը սաստիկ բաբախում են... մի ինչ-որ բան ծանրությամբ ճնշում է նրա սիրտը... և պատանի բանաստեղծը ուշաթափ է լինում...

III

ԴՐԱԽՏԱՅԻՆԸ

Անցան տարիներ: Աբդուլը դարձավ Անսարիի ամենասիրելի աշակերտը, նա աշխատում էր նրա առաջնորդությամբ, նա հիմնավոր կերպով ուսումնասիրեց պատմությունը և փիլիսոփայությունը, նա գեղեցիկ կերպով տիրապետում էր իր մայրենի լեքվին: Կյանքը սկսել էր ժպտել նրան:

Շքեղ է Շահի ապարանքը, իսկ այսօր զարդարված է նա ավելի մեծահանդես և ավելի հրաշափառ կերպով:

Ուղիղ կարգով դասավորված են զինվորներ և շողշողում են իրանց փայլուն զրահներով, հնչում է երաժշտություն, ծխում են անուշահոտ բուրվառներ: Թանկագին ամպհովանիի ներքո, շրջապատած իր վսեմափայլ դրանիկներով, նստած է ինքը՝ Շահ-Սուլթան Մահմուդը: Բազմության մեջ լսելի է լինում խուլ շշնջյուն, նշմարվում է թեթև իրարանցում: Ներս է մտնում «բանաստեղծների թագավորը»՝ Անսարին և, ձեռքից բռնած, բերում է իր հետ մի հուզված, շփոթված երիտասարդի: Դա Աբդուլն էր: Բանաստեղծը ձեռքին բռնած ուներ երիտասարդի գրած առաջին պոեմայի գալարած թերթերը: Նա ծունր է դնում Շահի առջև, և Սուլթան-Մահմուդը բարեհաճությամբ ժպտում է: Բայց ամեն կողմից երիտասարդի վրա ուղղված են ժանտ և չարանախանձ հայացքներ:

Ձեռագիրը արքայի ձեռքումն է. նա նշանացի է անում և երիտասարդը սկսում է երգը Րուստեմի և Զորաբի մասին, — բարիի ու չարի կենցաղական մեծ մաքառման մասին:

Ինքը Աբդուլը չէ կարողանում իրան հաշիվ տալ, թե ինչ է կատարվում իր շուրջը: Բայց ահա նա լսում է Շահի բարձր հրճվանքով լի ձայնը.

Այդ օրից դու «դրախտի որդի»6 ես, և ոչ հասարակ մահկանացու: Մատուցեք արժանավոր հարգանք մեծ բանասսոեղծին:

Բազմության մեջ տիրեց ընդհանուր ալեկոծություն և աղմուկ. Աբդուլին շնորհավորում էին և գրկում էին: Ահա նա նստած է սպիտակ նժույգի վրա. նրա գլխին դրած է վարդերից հյուսված պսակ, մունետիկները, նրա առջևից ընթանալով, աղաղակրում են. նրանց ձայնակից է լինում ոգևորված ժողովուրդը, գլուխները խոնարհեցնելով.

Կեցցե՛ս, անմահ Ֆիրդովսի, և երջանիկ լինես

Այդ րոպեում, երիտասարդի գլխում ծագում էին հին, վաղուց անցած պատկերներ: Ահա նա ինքը, որպես մի ժամանակ Անսարին, նստած է նժույգի վրա, և կրում է միևնույն տեսակ պսակ թարմ վարդերից, որպես նա: Նրա դեմքը փայլում է հրճվանքով... Նա պատրաստ է գրկել ամբողջ աշխարհը...

Մի քանի օրից հետո գեղեցիկ Լեյլին եղավ մեծ բանասսոեղծի կինը: Խաղաղ և հանգիստ անցնում է երիտասարդ բանահյուսի կյանքը. նա ամբողջովին անձնատուր էր եղած իր սքանչելի արհեստինբանաստեղծության: Եվ նրա հանճարավոր գրչի տակից փոքր առ փոքր սկսեցին ստեղծագործվիլ ազգային պատմության բանաստեղծական պատկերները — «Շահ-նամեն»:

Հրաշալի երեկո էր. ամեն ինչ լուռ էր և խաղաղ: Ծաղիկների արբեցուցիչ անուշահոտությունը լցրել էր Պարսկաստանի արքայի այգին: Արևը խոնարհվեցավ, վարդագույն ամպերը, փոքրիկ խումբերով հանգիստ կերպով լողում էին երկնքի անհատակ կապուտակության մեջ: Տերևախիտ չինարիի ներքո նստած էին Շահը և բանաստեղծ Ֆիրդովսին: Բանաստեղծը հափշտակված էր իր պատմությամբ: Նա բացատրում էր Շահին իր բանաստեղծական ձեռնարկության մեծ իդեան, — բացատրում էր նրա բարձր նշանակությունը: Այդ րոպեում նա անհամեմատ մեծ էր:

Իմացի՜ր, որ քո աշխատությունը թանկագին կլինի որպես ինձ համար, նույնպես և մեր ամբողջ հայրենիքի համար: Ես իմ արքայական խոսքով պահանջում եմ, որ դու վերջացնես այդ գեղեցիկ գործը: Եվ դու ըստ արժանվույն վարձատրված կլինես.... — ասում էր Շահը:

Անցան օրեր, ամիսներ, տարիներ: Ֆիրդովսին հաստատ հավատ ուներ դեպի իր աշխատանքը: Անվաստակելի կերպով էր նրա հանճարը և մաքուր վտակի նման հոսում էր խոսքը, նկարագրելով պայծառ պատկերներ, որ լի էին կենդանությամբ ու կրակով: Այսպես ստեղծագործվեցավ, երեսուն տարվա ընթացքում, ժողովրդական պատմությունը — «Շահ-նամեն»:

Այս աշխարհում չկա ոչինչ մշտենջենավոր, մի րոպե բախտը Ժպտում է մարդուն, իսկ մի ժամից հետո նա երեսը շուռ է տալիս նրանից, և երկար ու երկար պետք է սպասել մի նոր ժպիտի

Մենք դարձյալ հին, մեզ ծանոթ Թուսի մեջ ենք գտնվում: Արդեն շատ տարիներ անցել էին այն օրից, երբ վարդերից հյուսված պսակը առաջին անգամ դրվեցավ բանաստեղծի գլխի վրա:

Պլպլալով վառվում էր յուղային ճրագը, և երկայն, սև ստվերները օրորվում էին փոքրիկ սենյակի պատերի վրա: Դարձյալ մեր առջևն է Ֆիրդովսին, բայց ոչ այն աշխուժով լի պատանի Աբդուլը: Ժամանակը դրել էր նրա վրա իր կնիքը, իսկ կյանքի դառնությունը գծել էր խորին խորշոմներ նրա պարզ, հարգելի դեմքի վրա: Բանաստեղծի առջև դրած էր մագաղաթի փափաթ, իսկ ձեռքումը կար գրիչ: Բայց գրիչը չէր գործում, աշխատանքը, կարծես թե, ձանձրացրել էր նրան: Նրա հիշողության մեջ հարություն էին առնում անցյալ կյանքի պատկերները:

Հիշում էր նա «Շահ-նամեի» վրա գործ դրած երկար աշխատությունները, անքուն գիշերները, անընդհատ պարապմունքները, ցերեկով... հիշում էր նա, թե որպես ուրախ և հույսերով լի վստահությամբ դրեց նա Շահի առջև իր ավարտած գիրքը: Տեսնում էր իր շուրջը ժանտատեսիլ դեմքեր, որոնք չարախնդաց կերպով ժպտում էին դեպի նա... Դա կեղծավոր, նախանձոտ բանաստեղծների մի խումբ էր, որ կոչված էին նրա աշխատանքը գնահատելութշնամիները հասան իրանց նպատակին, Ֆիրդովսու փառքը խորտակված էր...

Այդ միջոցին նրա ալևոր գլուխը խոնարհվեցավ, և արտասուքի խոշոր կաթիլները գլորվեցան ներս ընկած այտերի վրա:

Մտաբերեց նա, թե որպես իր նախանձորդներից բամբասված, չարախոսված, — օրորվելով դուրս եկավ նա Շահի շքեղ ապարանքից, ուր չգնահատեցին նրա բազմամյա աշխատանքը... Վարձատրությունը եղավ միայն սառն ընդունելություն և ողորմելի չնչին վճար... Մի րոպեով ոչնչացավ բոլորը...

Հանկարծ ծերուհու դեմքը կենդանացավ: Նա համոզված էր, որ ինքը արդար էր, որ ինքը մաքուր է իր խղճի առջև: Եվ եթե նախանձն ու ատելությունը ժամանակավոր ստվեր ձգեցին նրա փառավոր երկասիրության վրա, — բայց կանցնի կեղծ-դպիրների դարը և կգա մի նոր ժամանակ, լույսի և ճշմարտության ժամանակը, և ապագան կգնահատե նրա անմահ գործը:

Նա այժմ գտնվում էր հեռու Շահի անշնորհակալ մայրաքաղաքից, և իր հայրենական փոքրիկ քաղաքում, Թուսի մեջ, մշակում էր իր փոքրիկ այգին և նրա վաստակով, աղքատության մեջ, ապրում էր: Այժմ նա ավելի մեծ եռանդով շարունակում էր իր սկսած գործը, և հռչակավոր գիրքը արդեն մոտեցրել էր իր վախճանին:

Երեկոները, մինչև խորին գիշեր, խիստ հաճախ տեսնում էին Թուսի բնակիչները ճրագի լույս՝ չճանաչված և մերժված բանաստեղծի աղքատ խրճիթում: Անցան տարիներև լույսը հանկարծ հանգավ

ՎԱԽՃԱՆ

Վաղուց էր, որ Թուսի մեջ չէին տեսել այնպիսի տեսարան: Փողերը հնչում էին, առաջ էր ընթանում մեծահանդես Թափորը: Զինվորներ, ստրուկներ, աստիճանավորներ, ծառաներբոլորը խայտաճամուկ տեսքով, անցնում էին հետաքրքիր քաղաքացիների մոտով:

Սպիտակ, գեղեցիկ նժույգները, զարդարած գույնզգույն փետուրներով և արծաթյա բոժոժներով, ծանրաբեռնված էին թանկագին քարերով, ոսկով, փիրուզայով, նախշուն գորգերով, մետաքսյա գործվածներով, քիշմիրի շալերով, փղոսկրով ու լեղակով:

Պայծառ ու ուրախ ժպիտով լուսավորում էր գարնանային արեգակը: նրանք հասան Թուսի քաղաքադռներին: Մունետիկները աղաղակում էին և նրանց ձայները խիստ զիլ կերպով հնչում էին մաքուր օդի մեջ:

Այդպես վարձատրում է վեհափառ Շահը նախանձորդներից չարախոսված մեծաշուք բանաստեղծ Ֆիրդովսուն:

Այդ րոպեում ծանր դռները ներսից ճռնչացին, և բազմությունը ապշած մնաց, լսելով հետևյալ խոսքերը.

Ճանապա՛րհ տվեք ուղևորին դեպի հավիտենական աշխարհը...

Երկու բարեկամներ տանում էին սպիտակ սավանի մեջ ամփոփված մի դիակ, նրանց հետևից, հազիվհազ շարժվելով, գնում էր, տրտմությունից սպանված, և ալիքներով ճերմակած ծերունի Ասեդը: Դա Ֆիրդովսու մարմինն էր: — Երկու հանդիսավոր հուղարկավորություններ դիմավորեցին միմյանց բանաստեղծի հայրենական քաղաքի դռների մոտ, նա մեռած հանդիպեց իր փառքին... Ամեն ինչ լռեց, ամեն ինչ անշարժ մնաց, հանկարծ բազմությունը երկյուղածությամբ ծունր խոնարհեց և երկրպագություն մատույց ժողովրդական անմահ բանաստեղծի աճյունին7...

ԱՄՊ

(Զրույց)

(Փոխադրեց անգլերենից Ն. Ս. Ն.-ով)

Հուլիսի տոթային օրերից մեկն էր: Արեգակը անխնա կերպով այրում էր: Հրաբորբոք օդը անտանելի էր, ամեն առարկայի վրա տիրում էր թմրություն և տաղտկություն: Թռչունները լռել էին, ծառերը ցած էին թողել իրանց ոստերը, թառամել էին սիրուն խոտերը և կպել էին գետնին: Այլևս լսելի չէր լինում դաշտային ծաղիկների ուրախ շշունջը, նրանք խոնարհեցրել էին իրանց գլխիկները և կամաց-կամաց մեռնում էին ծարավից: Կովերը, ձիաները, այծերը, հազիվհազ շարժվում էին: Չորս կողմում ամեն ինչ լռության մեջ էր. ոչ մի ձայն չէր լսվում...

Մի կողմում, օդի ջերմությամբ լցված տարածության վրա, երևում են խրճիթները, այնտեղ մարդիկ տխրությամբ նայում են դեպի ժլատ երկինքը, որ նրանց անձրև չէ տալիս: Այդ սգավոր գյուղերի մեջ այլևս լսելի չեն լինում ոչ ծիծաղ, ոչ հանաքներ և ոչ ուրախ երգեր: Մինչև անգամ երեխաները, թուլացած օրվա տապից, մոռացել էին իրանց խաղը և սիրելի փողոցները, սուս էին կացել, և թաքնվել էին մարագներում

Երաշտությունը սարսափելի դժբախտություն է շինականի համար, որը ապրում է միայն դաշտային դառն աշխատանքով: Երաշտությո՛ւնդա մի դանդաղ մահ է հազարավորների համար, մահ աղետալի և սովատանջ: Նա աղքատացնում է մինչև անգամ և նրանց, որոնց մոտ փոքրիշատե պահվել էր ուտեստի հին պաշարից... Շինականները հասկանում են այդ և տրտմությամբ նայում են դեպի երկինքը:

Ամբողջ երկու ամիս նրանք ողորմություն են սպասում երկնքից, — բայց դեռ ոչ մի կաթիլ անձրև չկա... Այրվեցավ խոտը, այրվեցան անտառները, նիհարացան, լղարեցան տավարները:

Մարդիկ հուսահատված թափառում են ինչպես ուրվականներ...

Արդեն մի քանի անգամ բարի քահանան, սուրբ մասունքներ, խաչ ու պատկեր իր հետ տանելով, անդաստան կատարեց անտառների և դաշտերի շուրջը, աստուծուց անձրև խնդրելով: Շինականների ջերմեռանդ բազմությունը հաստատ հավատով և արտասվախառն աղոթքներով շրջապատել էր նրան: Զորավո՛ր է հավատը այդ խեղճ, համբերող մարդիկների մեջ...

Ահա բաց-կապտագույն երկնքի վրա երևաց ամպի մի փոքրիկ: թափանցիկ պատառ: Նա նմանում է մի սպիտակ թաշկինակի, որ հազիվ է նշմարվում: Նա կամաց-կամաց լողում է, կարծես թե վախենալիս լինի... Տառապյալ շինականները տեսան նրան, և նրանց վշտալի սրտերում ծագեց հույսի մի պայծառ նշույլ... Մոտ էր փրկությունը սովատանջ մահից... Բայց փոքրիկ է ամպիկը, գուցե մի րոպեից հետո նա կանհետանա երկնքի անսահման կապուտակության մեջ... Ո՜չ, նա չի դավաճանի, կցողե երկիրը բարեբեր անձրևով...

Սպիտակ ամպիկը մեղմ սիրով նայում է անբախտ գյուղերի վրա, տխուր խրճիթների վրա, և հետզհետե աճում է, հավաքում է իր ուժերը փրկելու սովատանջներին:

Իզո՛ւր ես աշխատում, — փաղաքշելով ասում է նրան արեգակի կիզող ճառագայթը: — Թո՜ղ նրանք տանջվեն, դու ինչո՞ւ ես հոգ տանում նրանց կյանքի համար: Դու կանգնած բարձրում, փայլում ես ոսկու մեջ, իսկ նրանք այնտեղ ներքևում, թավալվում են իրանց փոշիների մեջ... Քեզ ի՞նչ պետք են նրանք: Դու կոչնչանաս, կմեռնես, նրանց ազատելով: Մի՞թե ավելի լավ չէ քեզ համար լողալ երկնքի կապուտակության մեջ, խաղալ մեզ հետ, սլանալ հողմի թևքերի վրա և զվարճանալ լի կյանքով:

Թո՜ղ տուր քո խորհուրդը, — թոթովեց թեթև հողմիկը, — թո՜ղ նրանք մեռնեն սովից, քեզ ի՞նչ փույթ հոգալ նրանց մասին... անձնատուր եղիր իմ մեղմ հոսանքին, և կսկսենք ուրախ կերպով լողալ արեգակի հրապուրիչ ճառագայթների մեջ...

Իսկ սպիտակ ամպիկը դեմքը խոժոռեց և դժգոհությամբ երեսը շուռ տվեց, թե ուրախ ճառագայթից և թե զբոսասեր հողմիկից: Նա սկսեց աճել և մթին գույն ստանալ: Վերջապես բոլորովին ծածկեց արեգակի շողշողուն ճառագայթները և ականջ չդրեց նրանց ձանձրալի խրատին, թե «կմեռնես... կոչնչանասինչո՞ւ ես դու հոգ տանում ուրիշների համարմտածի՜ր միայն քո մասինապրի՜ր միայն քո համար…»:

Ամպը ականջ չդրեց իր օդային բարեկամներին և շուտով այնքան աճեց, որ դարձավ ահագին սև մեգ, որը սիրալիր կերպով ցած էր իջնում թշվառացած դաշտերի և տխուր ծառերի վրա: Լսելի եղավ խուլ դղրդյուն, որը հետզհետե սաստկանալով, սկսեց որոտման մի հարվածը մյուսի հետևից ավելի բարձրաձայն տարածել նիհար անտառների, հեռավոր լեռների մեջ և խրամատների մթին խորշերում, — և օձի նման գալարվելով, նշմարվեցավ կայծակը... մի անգամ ևս, մի անգամ ևս... Տեղաց առատ, զովացուցիչ անձրև: Երկար հեղվում էր նա, ոռոգելով ամեն մի արմատը տոչորված խոտերի, տխուր խնձորենու, համբերատար ընկուզենու, սգավոր ուռենու, և նրանք ագահությամբ ծծում էին նրա զովացուցիչ կաթիլները... Ծառերը սկսեցին ազատ շունչ առնեի խոտերը կանաչ գույն ստացան, ծաղիկները վեր բարձրացրին իրանց գլխիկները, թռչունները սկսեցին ծլվլալ, երեխաները դուրս թափվեցան դեպի փողոցները, սկսեցին կազմել լճակներ վազող վտակներից, ձգելով այստեղ և այնտեղ իրանց շինած նավակները, շատ հեռվից լսելի էր լինում նրանց ուրախաձայն ծիծաղը: Կյանք ստացան գյուղերը և դաշտերը...

Ամպը կատարելով իր բարի գործը, ճշմարիտ է, մեռավ, ցած թափվելով փրկարար անձրևի ձևով: Բայց նա մեռավ հաճելի մահով: Նրա կյանքը սպառվում էր ժպտելով, երբ նայում էր զվարթացած ծառերի վրա, պայծառ խոտաբույսերի վրա, ուրախ ծաղիկների վրա: Եվ նա կորչելով երկրի ընդարձակ տարածության վրա, զգում էր, որ մեռնում է ոչ առանց օգուտ բերելու, կանաչած խոտը, հարություն առած բնությունը, շինականների ուրախ դեմքերը, — նրա գործն էր... Այնուհետև ամպը բարակ շերտերով սկսեց առաջ լողալ. թռչունների ուրախ ձայները, ծաղիկների ու դաշտային խոտաբույսերի սոսափման անուշ մեղեդին առաջնորդում էին նրան, մինչև նա աննկատելի կերպով անհետացավ երկնքի անսահման կապուտակության մեջ: Նա կորավ այնտեղ, վերևում, իսկ կաթիլների ձևով սկսեց ապրել այստեղ, ներքևում, ամեն մի թուփի, ամեն մի բույսի, ամեն մի մեծ և փոքր կենդանու մեջ

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец