Րաֆֆի՝   Պատմվածքներ

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

Այդ ի՞նչ է, — դարձա ես դեպի մոգը, որ երևում էր, թե դեռ չէր վերջացրել յուր աղոթքը:

Բիբի-Շարաբանի, — կրկնեց նա առաջին խոսքը, դարձյալ թողնելով ինձ անհասկացողության մեջ:

Երբ ասացի, թե չեմ հասկանում նրա խոսքը, նա բացատրեց զենդական բառի իմաստը, ասելով.

— «Հասարակաց կայարան» է դա:

Կնշանակե հանգստարան կամ գերեզմանատո՞ւն է:

Այո՜, այդպես:

Մի՞թե դուք սովորություն չունիք թաղել ձեր մեռելները: Մոգը մի զարմացական հայացք ձգեց իմ երեսին, որպես թե լսում էր մի հիմար խոսք, և պատասխանեց ասելով.

Ինչպե՞ս թաղել, բարի երիտասարդ, ինչպե՞ս պղծել սուրբ հողը մեռելոտի մարմիններով:

Բայց այդպիսով դուք պղծում եք օդը, որ ավելի վտանգավոր է, որի ապականությունից կարող են վարակվել կենդանի մարդիկ:

Իմ պատասխանը վիրավորական էր: Մոգը պատասխանեց փոքր-ինչ զայրացում ցուցանելով իմ խոսքերի դեմ:

Տեսնո՞ւմ ես սրբազան Միհրը, — նա ցույց տվեց արեգակը, նրա աստվածային ճառագայթների ներքո ամեն ապականություն մաքրվում է, սրբագործվում, և անշնչությունից վերափոխվում է դեպի կենդանի մարմին: Նա է գետնից ծլեցնում, ծաղկեցնում և պտղաբեր առնում փտած և ապականված հունդը (սերմը): Նա և այդ բյուրավոր կմախքներին, որ կանգնած են նրա «սրբազնության սեղանի» վրա, կմաքրե, շունչ և մարմին կտա: Նա է աղբյուրը բարության, լույսի և կենդանության.

Եվ դուք ա՞յդ նպատակով եք կանգնեցրել այդ դիակները նրա ճառագայթների տակ:

Այդ հրամայում է մեզ առնել Որմիզդի սրբազան2 օրենքը: — Թո՜ղ հեռու լինին քեզանից Արհմնի3 նենգությունները, բարի երիտասարդ, թո՜ղ երկբայությունը չմոլորեցնե քեզ հավատալ սուրբ խոսքին:

Վիճել զրադաշտական կրոնավորի նախապաշարմունքների դեմ, ինձ չէր հասցնելու մի օգտավետ հետևանքի: Ես ցանկացա ավելի մանրամասն տեղեկություն ստանալ նրանից այն հանգստարանի վերաբերյալ, իրանց կրոնական ծեսերի մասին: Նա պատմեց, ինձ շատ բան: Նա ասաց, թե յուրաքանչյուր հանգուցյալ մարմին, — որ այնպես հեցյալ է երկու սյուների վրա, լավ ևս է ասել, քարշ է ընկած երկու փայտյա նեցուկներից, — պետք է այնքան ժամանակ մնա, մինչև նրա մարմնի մսերը թռչունների կերակուր դառնալուց հետո, մնացյալ ոսկերոտիքը քայքայվին և վայր թափվին այն խորի մեջ, որ ամեն մեկի տակ փորած է: Եվ ավելացրուց, թե հանգստարանին հսկող մոգը, ամեն մեկ մարմնի լուծելու եղանակից կգուշակե նրա ապագան Որմիզդի դրախտի մեջ: Այս խոսքերից հետո նա պատմեց ինձ յուր մի քանի դիտողությունները, որ արած էր մարմինների մասին:

Ահա՜ այն դիակը, որ կանգնեցրած է մեզանից տասը քայլ հեռու, — առաջ տարավ նա, — դու տեսնում ես, թե որպե՜ս վայրենի չախկալը, յուր հետևի թաթերի վրա կանգնած, վեր է բարձրացրել գլուխը և անհագ ախորժակով կրծոտում է հանգուցյալի աջ ձեռքը: Դա հանգստարանիս նոր մարմիններից մեկն է: Այն ձեռքը, որ այժմ չախկալին կերակուր է դառնում, շաղախված է մի անմեղի արյունով...: Դու տեսնում ես նրանից ոչ այնքան հեռու մի այլ մարմին, որի ձախ ուսի վրա նստած է ահագին սև ագռավը և յուր կտուցով դուրս է փորում հանգուցյալի աչքերը: Նույն աչքերը երբեք չէին կշտանում այն բաներից, ինչ որ վատ էր: Նոքա ման էին ածում թշվառին այն ճանապարհի վրա, որ ուղղում է յուր մոլորյալների առջև խավարային Ահրիմանը...: Ահա՜ այն կմախքը, որի գագաթի վրա նստած է զզվելի բուն և անդադար կտցահարում է կաշուց զրկված սկավառակը, նույն գլխի մեջ երբեք մուտք չէ ունեցել ճշմարտության խոսքը...: Դու տեսնում ես և մի մարմին, որի ոտքերի տակ պտտվում է վայրենի կատուն, դա մի նշանավոր ավազակի դիակն է, և այժմ ավազակ գազանն ուտում է այն ոտքերը, որոնք միշտ դուրս են դրված եղել ուղղության շավղից...:

Այսպես շատ գուշակություններ արավ մոգը, յուրաքանչյուր մարմնի անցյալ կյանքը համեմատելով նրա ներկա դրության հետ, և ներկայից եզրակացություններ անելով նրա ապագայի մասին: Նա խոսեց և մի քանի արդարների համար, հայտնելով, թե ի՜նչ նշաններից գիտե նրանց անմեղությունը: Բայց երբ նրա աչքերը հանդիպեցան մի կմախքի, որի ճերմակ ոսկորների վրա այնպես գեղեցիկ կերպով խաղ էին անում արեգակի ճառագայթները, նա այլևս չկարողացավ խոսել, և ես նկատեցի, թե որպես ծերունու շիջած աչքերը լցվեցան արտասուքով, և նա շարժեց գլուխը, նշան անելով, որ ցած իջնենք:

Բայց ի՞նչ էր, որ այնպես դառն կերպով վրդովեց ողորմելու սիրտը, ինչո՞ւ նա ինձ մի խոսք անգամ չասաց այն մարմնի մասին, որ եղավ նրա արտասուքի առարկան:

Իջնելով պարսպից ցած, մենք նստեցինք նրա խրճիթի դռանը: Արևը դեռ նոր էր թեքվում դեպի յուր գիշերային մուտը, անապատի ջերմությունը փոքր-ինչ մեղմացել էր: Բայց ես չէի կարողանում հանգստացնել իմ հետաքրքրությունը, քանի նկատում էի ծերունու դեռևս տխուր և մելամաղձական դեմքը:

Իմ երկար թախանձելուց հետո ծերունին հաճեցավ պատմեի թե ի՜նչ էր նրա ակամա դառնության պատճառը, որ առաջ եկավ այն կմախքի վրա նայելուց: Ես թույլտվություն խնդրեցի ծխել և սկսա լսել նրան:

Նա այսպես սկսավ յուր պատմությունը.

Երկու տասն ձմեռների հալվել էին ձյուները, երկու տասն գարուններ գեղազարդել էին Զաբի4 անապատը, մինչ ես լցուցանում էի իմ մտավոր ծարավը իմաստնագույնն իմաստուններից՝ Իբն-Ֆերհատի սպասում: Նրան կոչում էին «Աղբյուր գիտության»: Որպես մեղր և կաթ բխում էր աստվածային մարդու շրթունքից սուրբ խոսքը: Նրան հայտնի էր ամենածածուկ իմաստը սրբազան տառի, և նա գիտեր ամենախորին գաղտնիքը, ինչ որ գրած է մարդու որդիների երիկամունքի մեջ...:

Բայց ավելի քնքուշ, քան Շիրազի շուշանը, և ավելի գեղեցիկ, քան Ռեշթի5 վարդը, էր բարի Ղամարը6, մի նազելի օրիորդ, որի դեռ նոր ողջախոհական ստինքը բոլորվել էին անմեղ կրծքի վրա: — Դա վարպետիս աղջիկն էր:

Վարպետիս տունը բովանդակում էր յուր մեջ մի ամբողջ դրախտ, ուր աստծո օրհնության հետ թագավորում էին խաղաղությունն ու գոհությունը: Բայց չկա մի վարդ առանց փշի, և շատ անգամ գեղեցիկ, լուսապայծառ ցերեկի մեջ տիրում է մառախլապատ մրրիկը յուր զարհուրանքով...:

Նույնը պատահեց և վարպետիս ընտանիքի հետ:

Այն մեծահանդես տոներից մեկի օրը, երբ սուրբ քաղաքի7 ուղղափառները ծաղիկներով են հանդիպում Նով-րուզը8, մանկահասակ կույսերի խումբը հավաքվել էր մի բլրի վրա, ուր նրանք այն տոնին սովորություն ունեին իրանց խաղերով զվարճանալ: Նույն միջոցին անցնում է բլրի մոտից քաղաքի սերդարը, որ որսորդությունից էր վերադառնում: Նրա աչքն ընկնում է աղջիկների խմբի վրա և գեղեցիկ Դամարի դեմքը հափշտակում է նրան:

Մի քանի օրից հետո սերդարի ապարանքից պատգամավոր եկավ վարպետիս մոտ և հայտնեց, թե նորին պայծառափայլության սիրտը գրավել է Ղամարի գեղեցկությունը, և ցանկանում է նրան յուր կին ունենալ:

Կայծակի հարվածն այնքան զարհուրելի չէր կարող լինել, որով Որմիզդը հալածում է Ահրիմանի դևերին, քան այս խոսքը, որ լսեց վարպետս սերդարի պատգամավորի բերանից, նա սկզբում բոլորովին շփոթվեցավ, հետո Աստծո զորությունից մի փոքր ոգի առնելով, պատասխանեց, — թե ինքը չէ կարող յուր զավակը կնության տալ մի մարդու, որ չէ պաշտում Որմիզդի կրոնքը: Այս պատասխանը պատգամավորը դարձնում է սերդարին և չարանենգ սիրտը լցնում է վրեժխնդրության թույնով:

Վրեժխնդրությունը չուշացավ: Մի քանի օրից հետո սրբազան քաղաքը լցվեցավ արյունով և արտասուքով...:

Մահմեդականների ձեռքում միշտ հեշտ է եղել խեղճ Գաբրների9 հալածանքը, նրանք իրանց ժողովուրդը մեր դեմ գրգռելու մեջ խիստ վարպետ են: Մեր մասին մի քանի սուտ լուրեր, որ դիպչում էին նրանց կրոնական զգացմունքին, տարածելը բավական էր վառելու ամբոխը կատաղի վրեժախնդրությամբ:

Նույնը եղավ և այն ժամանակ:

Քաղաքի մեջ տարածվեցավ մի բոթաբեր լուր, թե Գաբրները թշնամությամբ պղծել են մահմեդականներին պատկանող մի մատուռ, որ չափազանց գրաված էր նրանց հավատքը և դարձել էր հասարակաց ուխտատեղի: Նրանք ամբաստանեցին Գաբրներին մի բոլորովին հնարած զրպարտությամբ, իբր թե Գաբրները նույն մատուռի մեջ գիշերով գցել են մի սատկած շուն:

Որքան և սուտ լիներ այդ զրպարտությունը, դարձյալ բավական էր վառելու մահմեդականների կատաղությունը: Նրանք այդպիսի դեպքերում ստություն և ճշտություն չեն որոնում, մանավանդ, երբ թելադրողը ինքը սերդարն էր` մի քանի գլխավոր մոլլաների հետ:

Գիշեր էր. այն մթին գիշերներից մինը, որ Ահրիմանը պատրաստում է յուր սևագունդ պաշտոնյաների համար...: Մի քանի րոպեում Գաբրների թաղերը լցվեցան մահմեդականների կատաղի ամբոխով: Կրակն ու սուրը սկսան անխնա կոտորել «սուրբ ժողովրդի» անմեղ որդոց...:

Նույն սարսափելի ժամուն իմ միտքն եկավ Ղամարը: Ես սկսեցի ցնորվածի նման վազել դեպի վարպետիս տունը: Գիշերվա խավարը պատել էր աշխարհը, բայց հրդեհների կրակը լուսավորում էր քաղաքը, որպես ցերեկ: Չգիտեմ ի՜նչ աստվածային զորություն էր այն, որ ինձ առանց վտանգի հասցրուց վարպետիս տուն, որ նույն ժամուն վառվում էր բոցերի մեջ: Իմ աչքին դիպավ վարպետիս մարմինը, որ արյան մեջ շաղախված ընկած էր յուր հրդեհված տանից ոչ այնքան հեռու: Բայց ես չդարձա դեպի նա, որովհետև որոնում էի Ղամարին…:

Իմ ականջներին զարկում էին հափշտակված կույսերի և կանանց դառն աղաղակները, բայց նրանցից ոչ մինը Ղամարի ձայնը չէր:

Ես գտա նրան մի ֆերրաշի ձեռքում, որ քաշ էր տալիս թուլացած և ուշակորույս եղած օրիորդին դեպի սերդարի ապարանքը: Խենջարիս մի զարկ բավական եղավ ցած գլորել անզգամին, և ես հափշտակեցի նրա ձեռքից թանկագին ավարը…:

Ես մինչև այսօր երևակայել չեմ կարող, թե որպես հաջողվեցավ ինձ ազատել նրան: Միայն մտաբերում եմ այսքանը, որ ուշի եկա այն ժամանակ, երբ նկատեցի, թե գտնվում եմ քաղաքից մի քանի փարսախ հեռու մի դաշտի մեջ, ուր արևը դեռ նոր էր սկսել արձակել յուր առաջին ճառագայթները: Ես այն ժամանակ զգացի, թե մի քանի տեղից վիրավորված եմ, ե՜րբ, կամ ո՜ւմ հետ կռվելու ժամանակ ստացա վերքերը, մտաբերել անգամ չկարողացա: Ես կամենում էի փաթաթել վերքերս, բայց երբ նկատեցի, որ Ղամարը տակավին անզգայության մեջ էր, սկսեցի հոգ աանել նրան ուշի բերելու:

Երկա՛ր է, բարի երիտասարդ, երկա՛ր է պատմությունը և խստտ դժվա՛ր միանգամից բոլորը հաղորդել քեզ, թեև իմ ալևոր գլխի մեջ ամենը պահված են, և մոռացությունը ոչինչ չէ ջնջել այն տխո՛ւր հիշողություններից...: Երևակայեցե՜ք միայն ողորմելի փախստականի վիճակը, որ ամբողջ ամիսներով պետք է անցներ ամայի անապատների միջով, միշտ խույս տալով մարդկային բնակությունից, և դա ուղեկից ուներ մի թույլ և տկարամարմին օրիորդ, բոլորովին մարած անոթությունից և ճանապարհի դաժանությունից... :

Պիղծ համարված Գաբրն ամեն տեղ հալածված է, ամեն մահմեդական խորշում և խոտում է նրանից. մենք մինչև անգամ պոկված էինք անապատի հովիվների հյուրասիրությունից, որոնց սեղանը բաց է ամեն ճանապարհորդի առջև: Լույս ցերեկով մենք թաքչում էինք մացառների մեջ, իսկ գիշերով շարունակում էինք մեր ուղին: Մեր կերակուրն էր անապատի մանանան10, իսկ երբեմն պատսպարան և ողորմություն էինք գտնում բարի Արմենիների և Դավուդիների11 մոտ, դրանք չեն հալածում Գաբրին....:

Այսպես մենք անցանք Իսպահան, Ղում և Քաշան քաղաքները: Ճանապարհին մենք գրաստ չունեինք, այդ մի ավելորդ ծանրություն է փախստականի համար, որ միշտ ստիպված է թաքչիլ: Սկզբում օրիորդը տոկուն էր և առանց դժվարության հետևում էր ինձ. բայց փոքր առ փոքր նրա ուժերն սկսան թուլանալ. այնուհետև ես ստիպված էի թանկագին բեռը կրել իմ շալակին...: Այդ ավելի անտանելի էր նրան, և ես ստեպ լսում էի նրանից այսպիսի խոսքեր. «Ա՜խ, ե՞րբ աստվածները պետք է առնեն իմ հոգին, որ դադարեմ քեզ անհանգիստ անելուցս...:

Մենք դիմում էինք դեպի Թեհրան այն մտքով, որ շահի ոտքերի փոշին համբուրենք և նրանից շնորհ և արդարադատություն խնդրենք սերդարի բարբարոսության դեմ: Բայց թշվառ օրիորդի տկարությունը հետզհետե սաստկանում էր, վերջապես նրա մեջ հայտնվեցավ խիստ զորեղ տագցոց: Ես գործ դրի իմ բոլոր բժշկական միջոցները, ինչ որ ուսած էի գրքերից, բայց ոչինչ չօգնեց, խղճալու կենսական ուժերը սպառվել էին...:

Մինչև Թեհրան մնացել էր մի քանի օրվա ճանապարհ միայն, մենք իջևանել էինք մի գյուղի մոտ, ցորենի արտերի մեջ: Գիշեր էր: Լուսինը հեզությամբ սահում էր կապույտ երկնքի վրայով. բոլոր աշխարհին տիրել էր մի մեռելային լռություն: Օրիորդը՝ յուր գլուխը դրած իմ ծնկների վրա տանջվում էր դառն խռովության մեջ: Ես տխրությամբ նայում էի նրա վրա. հանկարծ նա յուր լի երախտագիտությամբ աչքերն ուղղեց դեպի ինձ և արտասանեց այս խոսքերը. «Ես մեռնում եմ, Հազկերտ, աղոթի՜ր ինձ համար»...:

Դա եղավ նրա վերջին խոսքը...:

Ես սրբությամբ կատարեցի նրա վերջին խոսքը, բարի երիտասարդ, ահա` կես դար է անցնում այն օրից, որ ես աղոթում եմ նրա շիրիմի մոտ, գիշեր և ցերեկ աղոթում եմ, թեև նա արդար էր, որպես արևի ճառագայթը, թեև նա անբիծ էր, որպես նրա լույսը. — բայց նա սիրում էր ինձ...:

ԽԱԶ-ՓՈՒՇ

(Մի նկարագիր պարսկական թշվառների կյանքից)

Ա

Ցուրտ է:

Այս առավոտ արեգակը դողդողալով, երկչոտ կերպով դուրս նայեց հորիզոնից և կրկին անհայտացավ: Նրա գունաթափ դեմքը այնքան շփոթված էր, այնքան ողորմելի էր, որ մարդ խղճում էր նրա վրա նայելիս:

Նա էլ մրսում էր:

Երկինքը մառախլապատ է: Ձյուն չկա: Բայց օդի մեջ սառցային փոշին, արծաթյա թեփուկների նման, լողում է, շողշողում է միլիոնավոր մանր աստղիկներով: Այդ աստղիկները, ինչպես բյուրեղի սուր փշրանք, կտրատում են, այրում են մարդու աչքը, երեսը, ձեռքերը և մարմնի բոլոր բաց տեղերը: Անկարելի է շունչ առնել: Շունչը սառչում է շրթունքների վրա: Անկարելի է աչք բաց անել: Թերթերունքները սառած, ամուր կպած են միմյանց հետ: Փչում է դառնաշունչ քամին և ամեն ինչ քարացնում է:

Անհիշելի ժամանակներից Թեհրանը մի այդպիսի ցուրտ առավոտ չէր տեսել:

Փողոցներում գետինը երկաթի նման սառել, ամրացել և ճաքճքել էր: Սառել էր և ջուրը, որ անցնում էր ստորերկրյա խողովակներով: Սառել էին և լճակները, որ շինված էին սառցատների մոտ: Սառել էին և ծառերը իրանց եղյամապատ ճյուղերով: — Ամբողջ քաղաքը ներկայացնում էր մի անշարժ, սառցային զանգված:

Չնայելով, որ օրից բավական անցել էր, բայց փողոցներում դեռ ոչ ոք չէր երևում: Բոլոր դռները փակ էին: Չէին երևում և թռչունները: Միայն սովատանջ ագռավը, չկարողանալով երկար համբերել, դուրս նետվեցավ յուր պատսպարանից, գնաց մի որևէ հարակ որսնելու: Նա անցավ եղյամով արծաթագրած կտուրների վրայով, նայեք լուսամուտների սառցային նկարներին, անցավ ամայի փողոցներով, նայեց յուր ծանոթ աղբանոցներին և, մի տեղ մի ինչ-որ անորոշ կույտ տեսնելով, ուրախությունից մի քանի պտույտներ գործեց օդի մեջ, և ապա վերևից սլացավ կույտի վրա: Սկսեց շտապով կտցահարել և մագիլներով քըճըճեր: Բայց կույտը քարի նման սառել, կպել էր փողոցի հատակին: Երեկ, երբ այստեղից անցավ ջորիների քարավանը, դեռ փափուկ ու թարմ էր այդ կույտը: Բայց այսօր սոված թռչունը նրա ամրության միջից մի գարու հատիկ անգամ դուրս փորել չկարողացավ: Նա տհաճությամբ թողեց կույտը և կրկին նետվեց սառցային տարածության մեջ:

Միևնույն նպատակով յուր պատսպարանից այս առավոտ դուրս էր եկել մի այլ սովատանջ արարած: Բայց դա ավելի բախտավոր գտնվեցավ, քան թե ագռավը:

Դատարկ փողոցով միայնակ գնում էր նա: Մերթ փութացնում էր քայլերր և վազ էր տալիս, մերթ կանգ էր առնում, մտածում էր, և ապա շարունակում էր գնալ դանդաղ, անհավասար քայլերով: Կարծես բնավ ցուրտ չէր զգում, թեև բոլորովին մերկ էր: Նրա հագուստը բաղկացած էր երկու կտորից միայն: Դրանք երկու կտավյա ղենջակներ (փութայ) էին, որոնցից մեկը կապել էր մեջքին, սքողում էր նրա մերկությունը և իջնում էր մինչև ծնկները, իսկ մյուսը անփույթ կերպով ձգած ուներ ձախ ուսի վրա, ծածկում էր կուրծքի ու թիկունքի մի մասը: Մարմնի մնացած մասերը մնացել էին բաց: Բաց էր գլուխը, որ պատած էր թաղիքի նման թանձրացած մազերով, բաց էին և բոբիկ ոտները, ճաքճքած կրունկներով: Վաղորդյան դաժան ցուրտը կարծես վախենում էր շոշափել այդ թշվառ մերկությունը, որ ներկայացնում էր մի մռայլ, անճոռնի այլանդակություն: Մրոտած դեմքը, մոխրապատ մարմինը, մշտական կեղտի հաստ խավը ավելի սարսափելի էին դարձնում այդ տարօրինակ այլանդակությունը:

Շրջակայքի ամբողջ դատարկության մեջ տիրում էր սպանիչ, անապատական տխրություն: Բայց նա ուրախ էր: Գնում էր սուլելով և երբեմն խուլ կերպով եղանակում էր երգի նման մի բան: Նրա ձայնը, փողոցների խորին ամայության մեջ, լսվում էր որպես ծայրահեղ թշվառության մի դառն մրմունջ, որ դուրս էր հնչվում խորտակված, վաստակաբեկ կուրծքից…:

Այդ մարդը «Խազ-փուշ» էր:

Մարդիկ նրա մերկությունը ծաղրելու համար «Խազ-փուշ»12 կոչեցին: Բայց նա մարդկանց պճնասիրությունը ծաղրելու համար շրջում էր բոլորովին մերկ մարմնով:

Նա անցավ բազարի ընդարձակ հրապարակը և մտավ ծածկված շուկաներից մեկի մեջ: Կրպակները դեռ բացված չէին: Գիշերապահ հասասները, մուշտակները գլխների վրա ծածկած, դեռ կուչ էին եկած խանութների թումբերի վրա և, կռացած, իրանց սառած ձեռքերը բռնել էին շիկացած մանղալի վրա: Բայց կրակն անգամ սառել էր, ջերմություն չէր ազդում:

Մտնելով շուկան, նա ավելի առաջ չգնաց: Մուտքի մոտ, վաղ-առավոտյան, արդեն յուր կրպակը բաց էր արել նրա ցանկալին: Այսինքն, մերկ գետնի վրա նստած էր մի կեղտոտ մարդ և յուր մոտ դրած ուներ մի խեցեղեն աման, որի բերանը ծածկած էր մի ավելի կեղտոտ կտավի կտորով: Ջերմ գոլորշին բարձրանում էր ամանի բերանից և լցնում էր օդը ախորժալի հոտով;

Շաքարից ավելի քաղցր է,
Մեղրից ավելի համով,
Ըշտապեցեք, աղքատնե՜ր,
Պրծնելու վրա է:

Այսպես գովաբանում էր նա յուր վաճառքի հատկությունները և բարձր ձայնով գնողներ էր հրավիրում:

Մեր մոլաշրջիկը մոտեցավ նրան, հպարտ կերպով ասելով.

— «Խազ-փուշի» բաժինը հանեցե՜ք...:

Ծախողը տակից երկչոտ կերպով նայեց նրա վրա, հետո դողդոջուն ձեռքը տարավ դեպի ամանի բերանը, վեր բարձրացրեց նրա վրա ձգած կտավը, և դուրս բերեց նրա միջից մի քանի մուգ-վարդագույն գնդակներ, մեծ ու փոքր դիրքով: Դրանք ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ խորոված ճակնդեղի կոշտեր, որ աղքատների առավոտյան ամենասիրելի տաք կերակուրն է, մանավանդ ձմեռային օրերում:

«Խազ-փուշը» ցած բերեց ուսի վրա ձգած ղենջակը, ստացած նվերը փաթաթեց նրա մեջ և, առանց շնորհակալություն հայտնելու, շտապով հեռացավ:

Ճանապարհին հանդիպեց նրան մի այլ «Խազ-փուշ»: Այդ երկրորդը ավելի ծանր էր, քան առաջինը և ավելի լավ էր հագնված, քան առաջինը: Կտավյա երկար շապիկի վրա, որ նրա միակ ներքին հագուստն էր և մեջքից պնդած էր թոկով, ձգած ուներ նա մի նույնպես երկար վերարկու, որ իջնում էր ծնկներից բավական ցած: Եթե հարկավոր լիներ աշխարհի բոլոր հնոտիների նմուշներն ունենալ, անտարակույս, կարելի էր գտնել այդ վերարկուի թանձր բաղադրության մեջ: Դա ցնցոտիների մի հարուստ հավաքածու էր, որ նրա ուսերի վրա վերարկուի պաշտոն էր կատարում: Եվ այդ բազմամասնյա հավաքածուն կազմվել էր տարիների, շա՜տ տարիների ընթացքում: Նրա դերձակը եղել էր ինքը ժամանակը: Բախտի բերմունքների համեմատ, երբ պատահել էր նրա կրողին փողոցներում և աղբանոցներում մի շորի կամ փալասի պատառ գտնել, նա խնամքով վեր էր առել և կարկատել էր յուր վերարկուի վրա: Այնտեղ ամեն տեսակ կտոր կար: Նյութերի և գործվածների մեջ խտրություն չէր գրված: Այնտեղ կպցրած կային և՜ հին գուլպաների, և՜ հին գլխարկների կտորտանքներ, այնտեղ կպցրած կային և կոշիկների երեսներ, իսկ նրանց կարգում մի գեղեցիկ կտոր քիշմիրյան ընտիր շալից: Բավական էր մի թել քաշել, և ահա ցնցոտիների մի ամբողջ շարք փուլ կգար և, քայքայվելով ու լուծվելով, կթափվեր ցած: Այդ մարդը յուր վերարկուով, կարծես հանդիմանում էր հասարակությանը: Նա միանգամից կրում էր յուր վրա այն բոլորը, ինչ որ մարդիկ առանձին մասերով էին հագնում:

Նշանավոր էին նրա հողաթափները, որ կրում էր մերկ ոտներով: Նրանց դրությունը շատ չէր տարբերվում վերարկուի վիճակից: Զանազանությունը նրանում էր միայն, որ հողաթափների կազմվածքի մեջ մտել էր մեծ քանակությամբ երկաթ, որից, դժբախտաբար, զուրկ էր վերարկուն: Յուր կյանքում այդ թշվառականը, փողոցներում կամ ճանապարհների վրա, որքան մեխի կտորներ էր գտել, բոլորը գամել էր յուր հողաթափների տակին: Վերջին ժամանակներում նրան հաջողվեցավ գտնել մի հատ էշի նալ (պայտ) — այն ևս գամեց առաջինների շարքում: Բայց դեռևս երկյուղ ուներ, արդյոք այդ զրահավորված հողաթափները կտանեի՞ն նրան մինչև յուր կյանքի վերջը: Կարելի էր ամենայն վստահությամբ երաշխավոր լինել, որ կտանեին: Որովհետև, ինչ չափով որ մաշվում էին, նրա հնգապատիկ և տասնապատիկ չափով միշտ նոր նյութեր էին ավելանում նրանց վրա: Սոսկալի էր նրանց ծանրությունը: Բայց ծերունու ոտները այն աստիճան սովորած էին, որ նա ոչ բազում դժվարությամբ քարշ էր տալիս նրանց յուր հետյուր ամբողջ կյանքում քարշ էր տալիս այդ հողաթափները, որպես մի ծանր, տաժանական պատիժ...:

Երբ երկու «Խազ-փուշ»-ները հանդիպեցին միմյանց, առաջինը ողջունեց, հարցնելով.

Խաղաղություն քեզ, Ահմադ հայրիկ, ի՞նչ կա, որ այդպես վաղ դուրս ես եկել:

Ցո՛ւրտ է, այս առավոտ շատ ցո՛ւրտ է, — տրտնջալով պատասխանեց ծերունին:

Կարողացա՞ր մի բան գտնել:

Ոչինչ բան... Ինչպես աշխարհը պաղել և սառուց է դարձել, այնպես սառել է և մարդկանց սրտերը...

Երիտասարդ «Խազ-փուշը» բաց արեց իր ղենջակը և մի քանի րոպե առաջ ստացած ճակնդեղի պատառները եղբայրաբար բաժանեց ծերունու հետ, ասելով.

Տա՜ր, այսօր այդ քեզ բավական կլինի, իսկ էգուցաստված ողորմած է:

Նա ընդունեց, և օրհնելով բաժանվեցան:

Բ

Մեչիտից հետո բաղանիքը մահմեդական աշխարհի այն կարևոր հիմնարկություններից մեկն է, որ լցուցանում է բարեպաշտ մուսուլմանի թե հոգևոր և թե մարմնավոր պետքերը: Այստեղ են կատարվում լվացման ծեսերը, այստեղ են ներկվում կրոնասեր հոգիների նվիրական մորուքները, և ձեռների ու ոտների եղունգները սրբարար հինայով:

Որպես մեչիտը յուր հովանավորության ներքո պատսպարում է աղքատների և անտուն, անտեր նժդեհների մի բազմություննույն բարերարությունը կատարում է և բաղանիքը:

Ներկայացնենք Թեհրանի բազմաթիվ բաղանիքներից մեկը:

Մեզ համար հետաքրքիր է այն մասը, որտեղից տաքացնում են բաղանիքը: Դա հետևի կողմի մեծ բակն է, ուր ամբարված են բոլոր վառելի նյութերը: Փայտի պակասության պատճառով, վառում են, ըստ մեծի մասին, մանրած հարդ և անասունների աղբ: Դանտեի և այլ դասական բանաստեղծների նկարագրած դժոխքը շատ փոքր նմանություն ունի պարսից բաղանիքի այն ստորերկրյա հրամբարի հետ, որ, շատ հատկանիշ անունով, կոչվում է «ջհաննամ», որ նշանակում է գեհեն կամ դժոխք: Մի մթին մուտք, ծուխից և մուխից սևացած պատերով, տանում է դեպի այդ դժոխքը: Այստեղ անշիջանելի կերպով վառվում է կրակը և յուր ջերմությունը տարածում է դեպի բարձր, ընդարձակ կամարները, որոնց վրա դրված են ջրով լի ահագին կաթսաներ, որոնք բոլորակ ավազանների ձև ունին: Դժոխքից կաթսաների մրոտած տակերն են միայն երևում, իսկ նրանց լայն բերանները բացվում են վերևի հարկում, որտեղ բուն բաղանիքն է, այսինքն՝ լվացման տեղը:

Այդ դժոխքը նույնպես ունի յուր դատապարտյալները, այդ դժոխքում ևս տանջվում են մարդիկ, եթե ոչ կրակի բոցերի մեջ, բայց, նրա փոխարեն, կրակից առաջացած մոխրի կույտերի մեջ: Մշտավառ կրակի մոխիրը, բլուրների նման դիզված, բավական ընդարձակ տեղ է բռնում, որ կոչվում է «քուլամբար»13, այդ մոխրի ամբարանոցում թավալվում է թշվառների մի ստվար բազմություն: Այստեղ, տաք մոխրի կույտերի միջից, երևում են զանազան գլուխներ մեծ և փոքր, տղաների և աղջիկների, արանց և կանանց: Նայելով այդ ողորմելիների մրոտած երեսներին, այնպես է թվում, որ քրեական պատժապարտներ լինեին կենդանի թաղված գետնի մեջ14:

Ովքե՞ր են դրանք:

Դրանք քաղաքի այն անտերունչ, կիսամերկ երեխաներն են, որոնց հայրն ու մայրը հայտնի չէ, որոնք ցերեկով թափառում են փողոցներում, մուրացկանություն են անում, իսկ գիշերը պառկելու տեղ չունին: Դրանք քաղաքի այն անգործ այր և կանայքն են, որ կամ աշխատության անընդունակ են, կամ աշխատություն չեն գտնում, և ապրում են միայն ողորմությունով: Կյանքի այդ դժբախտ զավակները տարվա տաք եղանակներում ավելի երջանիկ են: Բաց օդի մեջ, երկնքի պարզ կամարի տակ, նրանց համար ամենուրեք տեղ և օթևան կա: Որտեղ մթնում է, այնտեղ էլ պառկում են, թե փողոց լիներ դա և թե քաղաքից դուրս մի անբնակ անապատ: Իսկ ձմե՞ռը: Որտե՞ղ պատսպարվին ձմեռվա ցրտից և սառնամանիքից: Այդ ժամանակ նրանց միակ ապաստարանը լինում է բաղանիքների «դժոխքը»: Տաք մոխիրը նրանց համար փափուկ անկողին է դառնում, մերկ մարմնով թաղվում են նրա մեջ և այնպես պառկում են:

Որքա՜ն այդպիսի թշվառներ կան Պարսկաստանի մայրաքաղաքում, որոնք գիշերը իրանց գլուխը դնելու տեղ չունին: Դրանց թվումն են և «Խազ-փուշ»-ները, դրանց թվումն են և քաղաքի անտեր շները:

Շների հասարակությունը և «Խազ-փուշ»-ների հասարակությունը շատ չէ տարբերվում միմյանցից, շատ նման է միմյանց: Շները բախտավոր են նրանով միայն, որ բնական մուշտակ ունին, որ ինքնիրան նորոգվում է, իսկ «Խազ-փուշ»-ը պետք է իր մերկությունը ծածկելու համար ցնցոտիներ որոնե:

Շները նույնպես «Խազ-փուշ»-ների նման ցերեկով անարգել թափառում են փողոցներում, սպանդանոցներում, պտտում են մսավաճառների շուրջը, երբեմն մսի կամ ոսկորի կտոր են գտնում ու երբեմն բարեպաշտ հաջին գնում է մի քանի «սանգակ»15 և յուր ձեռքով բրդում է նրանց առջև: Դրանք ավելի ազատություն են վայելում, քան մյուս թշվառները: Ոստիկանությունը չէ հալածում դրանց և ոչ ոք անցագիր չէ պահանջում: Պարսկաստանում շունը միակ արարածն է, որ կրոնքով թեև պիղծ է համարվում, բայց նրան սպանելըմեղք: Իսկ «Խազ-փուշ»-ներին սպանելու համար մի ծանր պատասխանատվություն չկա:

Շները նույնպես տարվա տաք ամիսներում օթևանի հոգ չեն անում, պառկում են փողոցներում, աղբանոցներում և հաճախ շուկաների կտուրների վրա, որտեղ օգնում են գիշերապահ «հասասներին» խանութներին հսկելու: Բայց ձմեռվա ցրտերը այդ թշվառներին ևս քշում են դեպի բաղանիքների «դժոխքը»: Այստեղ նրանք ացնում են ոչ թե մոխրի տաք ամբարանոցները, այլ բռնում են մի առանձին բաժին, որտեղ պահվում են վառելիքները: Ահա՜ անասունների բոլորովին թարմ աղբի կույտերը, որոնք դիզվելով և ամբարվելով միմյանց վրա, սկսում են խմորվիլ, սկսում են առանց կրակի տաքանալ և այրվիլ: Ձմեռը, այդ կույտերի ջերմության մեջ, կիսով չափ թաղված, բնակվում են շները: Դրանք շատ հաշտ են ապրում իրանց դրացի մյուս թշվառների հետ: Վառելու աղբը գրավում են իրանք, իսկ այդ աղբից գոյացած մոխիրը թողնում են նրանց բնակության համար:

Հայտնվեցավ երիտասարդ «Խազ-փուշ»-ը, որին առավոտյան տեսանք: Նրան կոչում էին Ջաֆար: «Խազ-փուշ»-ների հասարակության մեջ բավական հեղինակություն էր վայելում Ջաֆարը: Թե ինչո՞վ էր ստացել այդ հեղինակությունըդժվար է բացատրել, գուցե նրանով, որ մինչդեռ ուրիշ «Խազ-փուշ»-ները իրանց ցնցոտիների մեջ փաթաթված, դարձյալ տրտնջում էին ցրտից, բայց նա յուր ղենջակով ամենևին բողոք չէր հայտնում :

Ջաֆարը ուներ յուր և այլ բարձր արժանավորությունները:

Նա վեհությամբ անցավ մոխրանոցը, աչք ածեց թշվառների վրա և մոտեցավ մի մթին խորշի, որ նեղ ու երկար սենյակի նմանություն ուներ: «Դժոխքը» յուր չորեք կողմում ուներ շատ այսպիսի խորշեր, որոնք տաքանում էին պատերից, և ամպամած օրերում ծառայում էին բաղանիքի սպիտակեղենները չորացնելու համար: Այդ մեկի մի կողմի պատը վաղուց քանդվել էր, այդ պատճառով մնացել էր առանց գործածության: Ջաֆարը բնակվում էր այդ ավերակի մեջ: Բաղանիքպանի հետ նրա մոտ հարաբերությունը՝ այդ առանձնաշնորհության պատճառը եղավ: Նա շինեց, սարքեց յուր բնակարանը, պատի քանդված տեղում քարեր, աղյուսներ դարսեց, իհարկե, առանց ծեփի, և քամին ու ցուրտը անարգել կերպով փչում էին ճեղքերից: Տարակույս չկա, որ Ջաֆարը յուր անձի համար այդքան հոգ չէր տանի, բայց նա ուներ մի այլ պատճառ, որ հարկադրեց նրան այդ մթին գերեզմանը խնդրել բաղնիքպանից:

Նրա խնամակալության ներքո գտնվում էր մի երեխա, որին նվիրել էր նա յուր բոլոր սերը, յուր հոգու բոլոր զգացմունքները: Երեխան քնած էր, երբ նա ներս մտավ, այդ պատճառով հուշիկ քայլերով մոտեցավ, որ չզարթեցնե նրան, և կամաց նստեց նրա մոտ: Մանուկի ներկայությունը այդ կոշտ կոպիտ մարդուն քնքշության էր ընտելացրել: Երկար, մի առանձին գթությամբ նայում էր նրա վրա: Երեխան մինչև վիզը թաղված էր հարդյա անկողնի մեջ, իսկ գլուխը դրած էր քրքրած փսիաթի փաթաթի վրա, որ բարձի տեղ էր ծառայում: Մի հոգատար մոր ձեռքով՝ ամենայն խնամքով պատրաստած անկողին յուր բոլոր փափկությամբ չէր կարող այնպիսի քաղցր քուն պարգևել յուր մանուկին, որպես քնած էր այդ փոքրիկ երեխան յուր հարդյա մահճի մեջ: Երբեմն նրա սիրուն դեմքը ժպտում էր, երբեմն նրա լիաշուրթ բերանը թոթովում էր անհասկանալի բառեր: Երևում էր, որ երազների մեջ է: Մրախառն փոշին, որով լցված էր «դժոխքի» ամբողջ մթնոլորտը, դրել էր այդ երեխայի գեղեցիկ երեսի վրա. յուր մուգ-սևագույն խավը, որով նրա դեմքը ավելի թուխ գույն էր ստացել: Նա քրտնած էր, և քրտինքը ողողում էր սև փոշին, և սև կաթիլներով թափվում էր նրա բարձի վրա: Ջաֆարը ձեռքը տարավ, սրբեց երեխայի ճակատից քրտինքը: Բայց, չնայելով նրա բոլոր զգուշությանը, խարտոցի նման կոշտ ձեռքը մի այնպիսի զգալի շփում գործեց, որ երեխան զարթնեց: Նա քնաթաթախ աչքերը թաց արեց և, տեսնելով յուր խնամակալին` իր մոտ, սուր ձայնով հարցրեց.

Աքաղա՛ղը... ի՞նչ եղավ աքաղաղը... ո՞ւր գնաց, հայրիկ...:

Փախավ, զավակս, — պատասխանեց Ջաֆարը, նրան հանգստացնելով: — Այս րոպեիս կբռնեմ:

Դե բռնի՜ր... շուտ բռնի՜ր...:

Ջաֆարը, փոխանակ աքաղաղի հետևից գնալու, որին երեխան երազումն էր տեսել, բաց արեց նրա առջև յուր ղենջակը: Երեխան, տեսնելով ճակնդեղի կարմիր կոշտերը, մոռացավ աքաղաղին, սկսեց ագահաբար ուտել: Մի քանի րոպե ուտում էր նա ու ձայն չէր հանում: Երբ փոքր-ինչ կշտացավ, ասաց.

Ի՛նչ լավն է...:

Երեք տարի առաջ Ջաֆարը գտավ այդ երեխային խանձարուրի մեջ, մեջիտի դռան մոտ դրած16 և որդեգրեց նրան: Այդ երեք տարվա ընթացքում այդ երեխան նրա բոլոր հոգածության առարկան էր դարձել:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last