Րաֆֆի՝   Պատմվածքներ

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

Գ

Անձյուն, դառնաշունչ ձմեռին հաջորդեց անանձրև գարուն, հետոերաշտ ամառ: Ձմեռը ցանքերը ոչնչացրեց չոր ցուրտը, իսկ ամառը չոր տոթը: Ժողովուրդը սարսափով էր նայում երաշտության վրա, մանավանդ, երբ տեսնում էր, որ կենսական մթերքները օրըստօրե թանկանում էին:

Սովը անխուսափելի էր դառնում:

Բազարում արդեն քանի օր էր, որ հաց չէր երևում: Մարդիկ փողը ձեռքում ման էին գալիս և հաց չէին գտնում: Կառավարությունը ամեն խստություններ գործ էր դնում, որ առատությունը վերականգնե: Օր չէր անցնում, որ մի քանի հացթուխներ ականջներից մեխած չլինեին իրանց խանութների առջևի սյուների վրա17: Օր չէր անցնում, որ մի քանի ալյուր ծախողներ քթից ղալմուխի ուղտի նման, թոկ անցկացված չլինեին և ման չածեին փողոցներում՝ ի ցույց այլոց18: Բայց դարձյալ հաց չկար ու չկար բազարում:

Արդեն մարդիկ սկսել էին բանջարներով ու արմատներով կերակրվել, և մի քանի օր առաջ փողոցներում գտել էին սովամահների դիակներ:

Բայց Շահի յուրաքանչյուր հարցին, թե ի՞նչ դրության մեջ է սովը, մեծ վեզիրը սովորաբար պատասխանում էր. «Գոհություն աստծո, այժմ կատարյալ լիություն է տիրում, փոքր-ինչ թանկություն տեղի ունեցավ, այն ևս անցավ»:

Խոսվում էր, որ կենսական մթերքները այնքան պակաս չեն, որ սովը այն աստիճան սաստկության հասներ: Խոսվում էր և այն, որ հարուստ հաջիների մոտ նախորդ տարիներից մնացած այնքան ցորեն և ալյուր կա, որ բավական կլինեին լիացնելու ժողովրդին, բայց հաջիները թաքցնում են, որ ավելի թանկ գնով վաճառեն: Արդեն հաջի Ռահիմի ամբարները այդպիսի խոսակցությունների առարկա էին դարձել:

Հասարակության տրտունջը օրըստօրե ավելի սաստկանում էր: Կարծիք կար, որ մասնավոր պաշտոնակալներ իրանք հովանավորում էին հաջիներին իրանց ամբարները թաքցնելու և, փոխանակ նրանց հրամայելու, որ հրապարակ հանեն պահած մթերքները և վաճառեննրանք պատժում էին խեղճ հացթուխներին, որոնք հաց պատրաստելու համար պետք է հաջիներից գնեին ալյուրը, իսկ հաջիները նրանց մերժում էին:

Պաշտոնակալների թվում այդ մեղադրանքը ընկնում էր ավելի ղարուղայի վրա, որի հսկողության ներքո էր գտնվում բազարի և շուկայի բարեկարգությունը:

Մի օր երեկոյան ազանից բավական անցել էր, աղոթասեր մուսուլմանները իրանց նամազը արել վերջացրել էին և պատրաստվում էին քնելու: Բոլոր փողոցները դատարկվել էին, և քաղաքում գիշերային խավարի հետ տիրում էր խորին լռություն: Այդ այն ծանր, գերեզմանական լռությունն էր, որ հատուկ է բոլոր պարսկական քաղաքներին արևի մուտքից հետո: Կյանքը և գործունեությունը դադարում է, ամեն մարդ փակվում է յուր տան մեջ, որովհետև փողոց դուրս եկողը կարող է կալանավորվել հենց առաջին պատահած «ղարավուլից», եթե գիշերվա անունը չգիտե: Իսկ գիշերվա անունը գիտեն միայն ոստիկանությանը շատ մոտ եղած մարդիկ:

Հանկարծ գիշերային այն ընդհանուր լռության մեջ մի տեղից լսելի եղավ շեփորի ձայն: Նրան ձայնակցեցին ուրիշ շեփորներ զանազան տեղերից: Այդ չարագուշակ ձայները սարսափ ձգեցին ամբողջ քաղաքի վրա: Ձայները լսվում էին քաղաքի համարյա բոլոր բաղանիքների կտուրներից: Իսկ նրանց գիշերային տարաժամ հնչման նշանակությունը գիտեր ժողովուրդը19:

«Խազ-փուշ»-ները ոտքի ելան. այդ շշունջը արագությամբ սկսեց տարածվել դեպի ամեն կողմ:

Մոխիրների միջից դուրս խուժեց մերկանդամ թշվառությունը և լցրեց բոլոր փողոցները:

Բաղանիքների «դժոխքում» մրոտած, սևացած խառնիճաղանջը որպես մի սոսկալի բողոք, հետզհետե հավաքվելով և ստվարանալով առաջ էր ընթանում սև, այլանդակ հոսանքով: Նրանց մեջ կային կիսամերկ կանայք, ֆուրիայի դեմքով և խառնաշփոթ մազերով, որոնք զինված էին քարերով: Նրանց մեջ կային ծերունիներ, որոնք, որպես ծերացած, հասունացած կատաղություն, իրանց մուրացկանության ցուպը դարձրել էին այս գիշեր վրեժխնդրության գավազան: Նրանց մեջ կային երիտասարդներ, բորբոքված երիտասարդական բոցով: Նրանց մեջ կային պատանիներ, երեխաներ, որոնք, իբրև աղքատության և դառնության խղճուկ զավակներ, աղաղակում էին. «Հա՛ց ենք ուզում...»: Այդ աղաղակը ավելի զորեղ ու ավելի ազդու էր, քան բոլոր զենքերի շաչյունը ու շառաչյունը:

Բոլորին առաջնորդում էր մեր նախածանոթ ծերունի Ահմադը զինված յուր նշանավոր վերարկուով և ծանր հողաթափներով: Այդ գիշերը կարծես մանկացած լիներ նա: Թանձր վերարկուն ձգել էր ձախ թևքի վրա, որ ծառայում էր նրան որպես վահան, իսկ աջ ձեռքում բռնած ուներ, որպես երկու ռումբեր, իր երկու ծանր հողաթափները: Նրա կողքին գնում էր երիտասարդ Ջաֆարը, որ մի ձեռքով տանում էր «Խազ-փուշ»-ների դրոշը, իսկ մյուս ձեռքով յուր փոքրիկ մանուկին: Դրոշի վրա ծածանվում է «Խազ-փուշ»-ների նշանը, որ պատկերացնում էր մի նիհար, կիսամերկ մուրացկան, կռացած մեջքով, որ մատով ցույց էր տալիս երկինքը, և, կարծես, ասելիս լիներ՝ «Այնտեղ դատավոր կա...»:

Բարձր ձողերի գլխին վառած ջահերի կապտագույն բոցերը լուսավորում էին կատաղի խուժանը, որ անընդհատ կերպով գոռում էր, որոտում էր և ընդհանուր աղաղակների միջից որոշվում էին երեք բառեր միայն — «Յա հո՛ւ... Հա՛կկ»20:

Բազմությունը գնալով ստվարանում էր. նրանց հետ խառնվում էին նոր մարդիկ քաղաքի սրիկաներից, որոնցից շատերը զինված էին: Ոչինչ չունենալով, այդ ստահակները և կորցնելու ոչինչ երկյուղ չունին: Նրանց մնում էր իրանց մերկ անձը միայն, որից վաղուց կցանկանային ազատվել:

Մի քանի տեղ ոստիկանությունը դուրս եկավ նրանց առջև, բայց վանեցին քարերով ու փայտերով: Մի քանի տեղ ղարավուլխանաների21 պահակները փորձեցին փակել նրանց ճանապարհը, բայց պահականոցը մի րոպեում քարուքանդ եղավ նրանց կատաղության առջև:

«Յա հո՛ւ... Հա՛կկ... »:

Լսելի էին լինում խառնաձայն աղաղակները, և շրջակայքը դղրդում էր հազարավոր ձայներից:

Խաղաղ քնած քաղաքացիները իրանց սենյակներում, լսելով այդ աղաղակները, կարծում էին, որ այդ մի հոգևոր թափոր էր, որ անցնում էր փողոցներով: Որովհետև սակավ չէր պատահում, որ սովի, ժանտախտի և այլ պատուհասների ժամանակ, ամբոխը ամբողջ գիշերներ լցնում էր փողոցները, մինչև լույս պտույտներ էր գործում և կուրծքները կոծելով, աղաղակելով, երկնքից գթություն էր խնդրում:

Բայց այդ թափորը ցանկանում էր երկնքի վրեժխնդրության գործիքը ինքը լինել:

Նա անցավ բազարի հրապարակը, մտավ մի լայն փողոց և յուր ընթացքը ուղղեց դեպի մի նշանավոր տուն: Այդ միջոցին աղաղակները ավելի սաստկացան: Յուր ճանապարհի վրա զայրացած խուժանը փշրում էր, խորտակում էր հաջիների և այլ մեծամեծների դռների բոլոր զարդարանքները22:

Հասնելով նշանավոր տանը, բազմությունը շրջապատեց նրան: Սկսեցին մուրճերով, կացիններով, տապարներով խորտակել դռները: Հետո բազմության մի մասը ներս հոսեց: Շատ չանցավ, սալահատակների վրայով քարշ տալով, հանեցին մի մարդ և ձգեցին դռան առջև: Նրա մոտ կանգնեց ծերունի Ահմադը և կարդաց հետևյալ դատապարտական վճիռը. «Ահա մեր թշվառության և աղքատության սկզբնապատճառը: Եթե այդ ամենահարուստ հաջին այնքան ագահ չլիներ, մենք քաղցած չէինք մնա: Նա խլեց մեր հացը և յուր համար ապարանքներ շինեց: Քանդեցե՜ք այդ ապարանքը, որ անիրավության և անգթության արդյունքով է կառուցել: Քանդեցե՜ք, և իր սեփական տան աղյուսներով, որոնք մե՛ր արյունով և արտասուքով են շաղախված, քարկոծեցեք այդ մարդուն…»:

Ջահերի կապտագույն լուսավորության ներքո ծերունու մռայլ դեմքը ավելի սոսկալի էր դարձել: Նա առաջինը եղավ, որ յուր ձեռքի ծանր հողաթափներից մեկը զարկեց դատապարտյալի գլխին: Նրա օրինակին հետևեցին կանայքը, որոնք իրանց ծոցերում լցրած քարերը նետեցին անիրավի վրա: Հետո հազարավոր ձեռքեր սկսեցին քանդել աղյուսները, և մի քանի րոպեում նրա դիակի վրա կազմվեցավ մի ահագին բլուր իր փառավոր ապարանքի փլատակներից:

Այդ մարդը հաջի Ռահիմն էրքաղաքի ամենաանգութ հարստահարիչը և վաշխառուն:

Կողոպտելով հաջիի հարուստ ամբարները, բազմությունը հաղթական աղաղակներով սկսեց դիմել դեպի մի այլ տուն:

Դա քաղաքի դարուղայի տունն էր, որ ցորենատերերից կաշառք ընդունելով, նպաստում էր սովի սաստկանալուն:

Նրա դիակը նույնպես թաղվեցավ իր տան փլատակների ներքո...

Դ

Գիշերվա խռովությունները առավոտյան ամբողջ քաղաքի խոսակցության առարկան էր դարձել: Շատերը երկյուղից իրանց խանութները չէին բաց անում: Ցրիվ եկած «Խազ-փուշ»-ները դեռ թափառում էին փողոցներում: Ցորենատերերը կատաղած էին, իսկ սովատանջները գովում էին «Խազ-փուշ»-ների վարմունքը:

Այսպիսի խոշոր դեպքեր շատ անգամ Շահին չէին հայտնում, կամ եթե հայտնում էին, այն ևս շատ փոքրացրած ձևով: Սովորաբար ուշացնում էին զեկուցումները, մինչև Շահը լավ տրամադրված կլիներ, որ մի հարմար ժամանակ գտնեին նրան պատահած անկարգությունը հայտնելու:

Օրը ուրբաթ էր: Այսօր Շահը սովորություն ուներ գնալ քաղաքից ոչ այնքան հեռու մի ուխտատեղի՝ աղոթելու համար: Գնացքը սկսվեցավ վաղ առավոտյան և տևեց մի քանի ամբողջ ժամեր:

Ամենից առաջ շքեղազարդ ջորիների ստվար խումբեր, բարձած վրաններով և ամեն տեսակ բարիքներով, տանում էին արքայական նախաճաշիկի պատրաստությունները, որ պետք է աներ այնտեղ:

Հետո սկսեց գնալ կանանոցը:

Ծածկված կառքերի, փակված պատգարակների և դիպակների մի երկար շարք լցրել էր այն փողոցը, որ պալատից տանում էր դեպի հիշյալ ուխտատեղին: Հարյուրներով կարելի էր հաշվել նրանց թիվը, որոնց յուրաքանչյուրի մեջ նստած էր մի-մի թագուհի: Դրանց հետևից գնում էին հարճերի և պալատական նաժիշտների պատգարակներն ու դեսպակները: Գնացքը անցնում էր համրընթաց կերպով: Յուրաքանչյուր կառք շրջապատված էր մի խումբ զինված ներքինիներով, որոնք անդադար աղաղակում էին՝ Քուր շո՜վ... Քուր շո՜վ..., որ նշանակում էր՝ «Կույր եղի՜ր... Կույր եղի՜ր»...

Ամեն աչքեր պետք է կուրանային, ամեն տեսանելիք պետք է փակվեին: Ոչ ոք իրավունք չուներ նայելու Շահն-Շահի կանանց վրա, թեև անցնում էին ծածկված կառքերի մեջ:

Ներքինիների սպառնալից աղաղակները լսելով, փողոցի վրա բացված լուսամուտները փակվում էին, կտուրների վրա զբոսնող մարդիկ23 հեռանում էին և թաքնվում էին վերնապարսպի հետևում: Իսկ այն մարդիկ, որ փողոցումն էին գտնվում կամ շտապում էին շուտով փախչել և կամ, եթե ժամանակ չէին գտնում փախչելու, ընկնում էին գետին երեսի վրա, աչքերը երկու ձեռքով պինդ կալնում էին, և այն դրության մեջ մնում էին մինչև գնացքը անցներ:

Ամենափոքր անուշադրություն կպատժվեր սևամորթ ներքինիների արյունահեղ խենջարով:

Կանանոցը անցնելուց հետո, սկսվեցավ թագավորի հանդերձանքը:

Նրա առջևից գնում էր նրա սարսափը: Նախ մի խումբ ջորիներ տանում էին դալար ճիպոտների խուրձեր և «ֆալախկաներ»24, եթե հարկավոր լիներ մեկին գանակոծելու: Նրա հետևից, երկու շարքով, մեկը փողոցի աջ կողմից, մյուսը փողոցի ձախ կողմից, գնում էին տապարակիրները, ծանր տապարներըերկաթյա կոթերով ձեռքում բռնած: Նրանց թութ կողմով, որ մեծ մուրճի ձև ուներ, մարդկանց գլուխ էին չախչախում, իսկ սուր կողմի մի հարվածով պարանոցներ էին ձգում: Տապարակիրների հետևից, նույն կարգով, փողոցի աջ ու ձախ կողմից, որպես երկու անընդհատ շղթա, գնում էին մի քանի հարյուր «ֆերրաշներ»25: Դրանք ձեռներին բռնած ունեին երկար վարոցներ, իսկ յուրաքանչյուրի գոտիից քարշ էր ընկած նույնպես երկար երկսայրին: Ֆերրաշներր անդադար աղաղակում էին, «բրո՜... բրի՜»... որ նշանակում է՝ գնա՜-հեռացի՜ր: Այդ ձայնը լսելով, ամեն ոք դուրս էր գալիս, հեռանում էր ճանապարհից: Թե տապարակիրները և թե ֆերրաշները գնում էին ոտով:

Վերջապես հայտնվեցավ արեգնափայլ արքան:

Արեգակի ճառագայթների առջև, իր գոհարեղեն զարդերով, վառվում էր նա, որպես մի շլացուցիչ պայծառություն:

Նա միայնակ էր: Նժույգը, որի վրա նստած էր նա, ոչ պակաս փայլում էր նա յուր ոսկեղեն, ալմաստեղեն զարդերով:

Առջևից, բավական հեռավորության վրա, գնում էին մի խումբ զինված սեպուհներ, նշանավոր ազնվական երիտասարդներից, իսկ հետևից, նույնպես բավական հեռավորության վրա, գալիս էին պալատական բարձր պաշտոնյաները, հետո՝ պալատական սենեկապետները, մանկլավիկները և այլն: Ամենքը շքեղազարդ ձիաների վրա էին նստած:

Մեջտեղում թագավորը ամեն կողմից երևում էր:

Մի այլ փողոցից, որ խաչաձև կտրում էր առաջինը, հայտնվեցավ մարդիկների մի այլ խումբմռայլ, որպես թախծություն:

Ֆերրաշների սպառնալի «բրո՜-բրի՜ն» անզոր եղավ վանելու այդ հանդուգն խումբը, որ համարձակությամբ առաջ մղվեցավ և կանգնեց ճանապարհի եզրում: Մեկը նրանցից բաժանվեցավ և գետինը համբուրելով, մոտեցավ թագավորին:

— «Խազ-փուշ»-ները՝ համենօրհնյալ աճյունս արքայից արքայի աղերս ունին, — ասաց նա:

Թագավորը ձիու գլուխը պահեց:

Մինչդեռ ոչ մի շնչավոր համարձակություն չուներ մոտենա՝ այն ճանապարհին, որով անցնում էր նա, ընդհակառակն, այդ մերկանդամ ստահակները, սակավ չէր պատահում, որ նրա ճանապարհը կտրում էին: Բարեսիրտ թագավորը միշտ մի առանձին հաճությամբ կանգնեցնում էր յուր ձին, նրանցից մի որևէ սրախոսություն կամ կատակ լսելու26, հետո լի բուռն ոսկիներով ուրախացնում էր նրանց: Այս անգամ ևս նա դարձավ դեպի յուր սենեկապետներից մեկը, ակնարկեց, որ գոհացնե աղքատներին:

— «Խազ-փուշ»-ները փողի համար չեն անհանգստացնում իրենց սիրելի թագավորին, — ձայն տվեց նա: — «Խազ-փուշ»-ները եկել են անձամբ հայտնելու իրանց այս գիշեր կատարած ամենածանր հանցանքը, որ տիեզերքի արդարադատը արժանավոր պատիժը տնօրինե:

Խոսողը երիտասարդ Ջաֆարն էր, որ մի ձեռքով բռնած ուներ իր փոքրիկ մանուկին:

Նրա վերջին խոսքերը հետաքրքրեցին թագավորին: Իսկ նա, ավելի մոտենալով, շարունակեց.

Այդ լայն փողոցը, — նա ձեռքը տարավ դեպի փողոցի երկարությունը, — որ այժմ այդպես մաքրված է թագավորի առջև, վաղ առավոտյան ծածկված էր սովամաշների դիակներով: Այդ գերեզմանի պես լուռ տները, որոնցից այժմ ոչ մի ձայն չի լսվում, ամբողջ գիշերը ողբում էին իրանց սովատանջներին: Աղքատ ժողովուրդը հաջիների ցորենով և ալյուրով լի ամբարների պատերի մոտ քաղցից մեռնում է: Նրա լացը, նրա ողբը, նրա աղաղակը թույլ չեն տալիս, որ մինչև թագավորի ողորմած լսելիքը հասնե: Ստախոսները, շողոքորթները, խաբեբաները միշտ հրապուրում են այդ անաչառ լսելիքը, ամեն ինչ լավ ցույց տալով, ճշմարտությունը քողարկելով և ստությունը իբրև ճշմարիտ ներկայացնելով: Հին թագավորները իրանց շրջապատող խաբեբաների մոլորություններից ազատ մնալու համար, շատ անգամ մեզ նման «Խազ-փուշ»-ների կամ դերվիշների կերպարանք էին ընդունում, անձամբ մտնում էին ժողովրդի մեջ, նրա ցավերի և պետքերի հետ ծանոթանալու համար: Այժմ այդ փրկարար սովորությունը չէ մնացել: Թագավորը յուր ժողովրդի պետքերն ու պահանջները հասկանալու համար կամ ինքը պետք է մոտենա ժողովրդին, կամ պետք է թույլ տա, որ ժողովուրդը մոտենա իրան: Իսկ քանի որ իրան անմատչելի կպահի, միշտ սխալանաց մեջ կմնա: Իբրև ապացույց, որ ամեն իրողություն մինչև թագավորի լսելիքը չէ հասնում, բավական կլինի, եթե ասեմ, որ այս գիշեր «Խազ-փուշ»-ները սպանեցին քաղաքի ամենահարուստ հաջիին, կողոպտեցին նրա ցորենի ամբարները, որ թաքցրել էր ավելի թանկ գնով վաճառելու մտքովսպանեցին և քաղաքի «դարուղային», որ հովանավորում էր այս տեսակի ավազակին: Երկուսի դիակներն ևս թաղվեցան իրանց ապարանքների մոխիրի ներքո: Ապստամբների պարագլուխներից մեկը եղել եմ ես, իսկ մնացյալները այդ թշվառներն են, որ այստեղ կանգնած են: Այժմ թող արդարադատ թագավորը բարեհաճի մեր արժանավոր պատիժը տնօրինել:

Դուք ոչինչ պատժի արժանի չեք, — պատասխանեց թագավորը լի վրդովմունքով: — Հանցավորը յուր պատիժը կկրե, երբ ես կվերադառնամ աղոթելուց:

Մեծ վեզիրի դեմքը գունաթափվեցավ: Թագավորը անցավ:

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last