Րաֆֆի՝   Ոսկե աքաղաղ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Բայց արջը միայն գիտե, թե ինչու է այնքան սիրով պտտվում մեղրի փեթակի շուրջը: Բավական էր, որ գտներ մի «խամ» գյուղացի, որ ձուկն, նոր կարագ, պանիր կամ հավ էր բերել ծախելու. նրան բոլորովին կհոգնեցներ զանազան խոսքերով, թե նրա «հանգուցյալ» հոր հետ լավ բարեկամ է եղել, թե նրան շատ լավություններ է արել, և ով գիտե, հազար ու մեկ խոստմունքներով առատ-առատ հույսեր կտար, մինչև նրան խելքից կհաներ և ուզած բանը սովորականից մի քանի կոպեկ պակասով կառներ: Մասիսյանը սիրում էր իր տան ամենօրյա պաշարեղենը իր ձեռքով գնել: «Օտարի ձեռքով միայն լավ է փուշ քաղել», — այդ էր նրա սովորական առածը: Մեյդանում իր գործը վերջացնելուց հետո նա ամբողջ ժամերով քարշ կգար մրգավաճառների, մսավաճառների և հացթուխների խանութների առջև և լավ բեռնավորելով Միքայելին, կուղարկեր տուն:

Գալով խանութը, Մասիսյանը նրա դռանը կանգնած և միշտ պատրաստ կգտներ իր աշակերտները: Առաջ մոմով կնքած փակ կողպեքները ուշադրությամբ կքններ, հետո բանալիները, որ միշտ իր մոտ էր պահում, կտար աշակերտներից մեկին, որ դռները բաց անեին: Իսկ ինքը երեսը կխաչակնքեր և կմտներ խանութը: Միքայելը արդեն ծտի նման իր տարած բաները տանը հասցրած և վերադարձած էր լինում: Նա սկսում էր խանութի դռների առջևը ավելով մաքրել, ջուր սրսկել, ապրանքների փոշին թափ տալ և մյուս գորձակատարներին օգնել ապրանքները դարսելու և կարգի դնելու: Որպես հայ վաճառական, Մասիսյանը սովորություն ուներ ամեն առավոտ իր խանութի ապրանքները մի նոր ձևով դարսել տալ, որ «մուշտարու» աչքին ցույց տա, թե նոր ապրանքներ է ստացել: Այս աշխատությունը փոքր հոգս չէր պատճառում նրա առևտրական տան ծառայողներին: Բայց մի բան լավ էր, որ նա խանութի լուսամուտների ապակիները երբեք մաքրել չէր տալիս. «Ինչքան դուքանը մութ լինի, այնքան ապրանքը աչքի լավ կերևա», — ասում էր նա:

Այս գործողությունները կատարվում էին ամեն օր և ամեն առավոտ, միշտ անփոփոխ, միշտ միևնույն եղանակով: Մասիսյանը չափազանց ճշտություն սիրող մարդ էր, մանավանդ այն պարտավորությունների մեջ, որ ինքը իրավունք էր համարում ուրիշներից պահանջելու: Իսկ իր պարտավորությունների մեջ նա միշտ բացասական եղանակին էր հետևում:

Ձմեռվա սաստիկ ցրտերին (նա իր խանութում երբեք կրակ չէր վառում) և ամառվա սաստիկ տաքերին Մասիսյանը առավոտից մինչև իրիկուն իր խանութումն էր գտնվում: Ոչ մի դեպք չէր կարող նրան հեռացնել իր սիրելի ապրանքների մոտից: Մասիսյանը չափից դուրս կասկածոտ մարդ էր. ոչ ոքի վրա հավատարմություն չուներ. նա մինչև անգամ չէր հավատում իր կնոջը, որդուն և աղջիկներին, — բոլորին գող էր համարում: Նրա կարծիքով գող չէին միայն գյուղացիները, որովհետև հիմար էին, ոչինչ չէին հասկանում: Իսկ ով որ խելք ուներ, անպատճառ կգողանար: Այս էր պատճառը, որ Մասիսյանը սաստիկ հսկողություն ուներ իր խանութի վրա: Այնտեղ նստած կնայեր ամեն բանի վրա, ինչ որ ծախեին իսկույն պետք է փողերը նրան տային, և նա իսկույն կգցեր կասայի մեջ: Նրա կասան նման էր այն փոքրիկ արկղիկներին, որ շատ անգամ կարելի է տեսնել ժամատների և մատուռների դռների մոտ, ամրացած մի փայտի վրա, կողպած կողպեքով և կնքած: Մի նեղ ծակ միայն բաց է թողած այդ արկղիկների վերևից, որտեղից բարեպաշտ մարդիկ փող են գցում նրա մեջ: Դրա նման էր և Մասիսյանի կասան, որին նա կոչում էր «դախլ», որ նշանակում է մուտք: Ստացած փողը նա իսկույն գցում էր այդ մուտքի դրամարկղի մեջ, որը ամբողջ շաբաթով կողպած էր լինում և բացվում էր միայն յոթն օրը մի անգամ, այսինքն՝ շաբաթ երեկոները, որ հաշվեր, թե որքան ապրանք է ծախվել, և որքան փող է մուտք գործել: Եվ բացի կասայի բացվելու օրից, այսինքն բացի շաբաթ երեկոներից, մնացած մյուս օրերում նա ոչ-ոքի փող տալու սովորություն չուներ և այս շաբաթ երեկոների վճարված փողը նա կոչում էր «ղըստ»: Մասիսյանը ուներ իր զանազան վաճառականական սնահավատությունները: Օրինակ, երկուշաբթի առավոտյան անկարելի էր նրանից մի կոպեկ ստանալ. ոչ ոքի փող չէր տա, որովհետև հավատացած էր, որ եթե երկուշաբթի առավոտյան մեկին փող տալու լինի, ամբողջ շաբաթ փող դուրս կգնա և բնավ մուտք չի գործի:

Ամբողջ օրը, ինչպես ասացինք, Մասիսյանը իր խանութում նստած կլիներ, և նրա արգոսի աչքերը կհսկեին ամեն գործողությունների վրա: Երբեմն, մանավանդ ամառվա երկար ու տաք օրերում բնությունը կհաղթեր երկաթի կամքին, և նա կսկսեր նստած տեղը նիրհել: Բայց անկարելի էր գիտենալ՝ արդյոք նա քնած էր, թե արթուն: Որովհետև, հենց մի «մուշտարի» ներս մտնելիս, մի բան պահանջելիս, երբ աշակերտները ուշ կշարժվեին, նա իսկույն աչքերը բաց կաներ, կասեր՝ «Լակոտներ, քոռացե՞լ եք, ինչ է, չե՞ք տեսնում, բան են ուզում»:

Բայց մի անգամ մի դեպք Մասիսյանին այնքան կոտրեց, որ նա իր բոլոր աչալրջությամբ իրան խաբված և հաղթված համարեց: Իր մտերիմ բարեկամներից մեկը վախճանվել էր, նա պարտք համարեց թաղման ներկա գտնվիլ: (Կրոնական պարտավորությունների մեջ ճիշտ էր Մասիսյանը): Բոլորովին հոգնած վերադարձավ նա խանութը, տեսավ՝ մյուս աշակերտները գործի էին գնացել, այնտեղ մնացել էր միայն Միքայելը: Պատվիրելով նրան նայել խանութին, ինքը գնաց, նստեց իր սովորական տեղը: Սաստիկ տաք օր էր: Հոգնածությունը մեկ կողմից, իր մտերիմի մահվան տխրությունը մյուս կողմից, նրան խիստ թուլացրել էին: Պետք է խոստովանել, որ հանգուցյալի հոգու համար մի քանի բաժակ ավել էր խմել: Եվ այս պատճառով, հենց որ նստեց իր տեղը, սկսեց խորին կերպով նիրհել: Նույն միջոցին մի բավական լավ հագնված երիտասարդ ներս մտավ, նայեց իր շուրջը և հանդարտ մոտեցավ աղային: Նրա ոտքերի ձայնից աղան զարթնեցավ:

Առեք այդ բանը, — ասաց անծանոթը՝ շտապով հանելով իր ծոցից մի ոսկյա ժամացույց: — Ինչ կտաք, տվեք, փողի սաստիկ կարոտություն ունեմ: Կինս մեռնելու վրա է, շտապում եմ բժշկի մոտ:

Մասիսյանը ուշադրությամբ նայեց անծանոթին, նայեց ժամացույցին և ասաց.

Հիսուն ռուբլուց ավել չի արժի:

Տվե՛ք փողը, աստված ձեզ խեր տա, բայց հավատացեք, որ Մոսկվայում ութսունով եմ գնել, — ասաց անծանոթը դարձյալ շտապեցնելով:

Մասիսյանը համբարեց հիսուն ռուբլին, անծանոթը շուտով հեռացավ:

Միքայելը, որ զարմացած նայում էր այս առևտուրին, խոսեց անծանոթի հեռանալուց հետո:

Այդ մարդը մի ժամ առաջ մտավ մեր խանութը, ժամացույցներին շատ նայեց, այս կողմ և այն կողմ տվեց, հետո ոչինչ չառեց, ասաց՝ ես ուզում էի միայն գներն իմանալ, ես մի հատ ունեմ ծախելու:

Տարա՜վ հիսուն ռուբլին... — կոչեց Մասիսյանը:

Ի՞նչպես թե տարավ, — հարցրեց Միքայելը զարմանալով:

Ա՛չքդ հանեց, այնպես տարավ, — պատասխանեց աղան բարկությամբ, — այդ ժամացույցը մերն է:

Բա՛ս նա գողացավ. տեր աստված, մի այնպիսի մարդ գողությո՞ւն կանի, այնպես լավ հագնված, այնպես շնորհքով:

Հա՛, այնպես շնորհքով մարդը գողություն կանի, և ոչ քեզ նման հիմարը... — պատասխանեց աղան առաջին բարկությամբ: — Ի՞նչ ղոչաղ տղա, — խոսեց Մասիսյանը ինքն իրան, — հալալ ըլի քեզ քո մոր կաթը, ինձ ջեր սատանան չէր խաբել, բայց դու լավ խաբեցիր, եթե ձեռքս ընկնեիր, հազար մանեթ կտայի քեզ, եթե ուզենայիր ինձ մոտ ծառայել:

Հետո նա կրկին դարձավ դեպի Միքայելը.

Տեսնում ե՞ս, լակոտ, էսպես կլինի ղոչաղ տղան, մարդու աչքի միջից մազ կթռցնե, և մարդը չի իմանա: Տեսնում ես...

Միքայելը ոչինչ չխոսեց:

Ժ

Մասիսյանի բնակարանը, նրա հնադարյան տունը չէր զանազանվում նրա խանութից: Որպես խանութումը վաճառքի էր դրված ամեն տեսակ փտած, բորբոսած և գործածությունից ընկած հին մթերք, այնպես էլ նրա տան մեջ տիրում էր նույն բորբոսը, նույն փտությունը, նույն հնացած կյանքը իր բոլոր մաշված կողմերով:

Մասիսյանի տունը մի կիսավեր ամրոցի տպավորություն էր գործում նայողի վրա, որի բնակիչները շատ տարիներից առաջ անհետացել էին, և այն ամենը, ինչ որ կառուցել էր մարդկային ձեռքը, և որ պիտի պահպանվեր մարդու խնամքով, անտեր մնալով, ժամանակի կործանիչ ներգործությունից հնացել, տրորվել և թափվել էին: Ամբողջ (կամենում ենք ասել՝ բոլորովին չկործանված) մնացել էին մի քանի շենքեր միայն. — թոնրատունը, որ ծառայում էր որպես պաշարեղենների ամբար և միևնույն ժամանակ որպես խոհանոց և հաց թխելու տեղ. մառանը, ուր պահվում էին գինու կարասները, մրգեղեն և զանազան տեսակ թթվեցրած արմտիք, և բացի դրանից կային երեք սենյակներ, որոնցից մեկը աղայի համ քնարանն էր, համ հյուրանոցը, համ կաբինետը, մյուսի մեջ զետեղված էին աղայի տիկինը իր աղջիկներով. դա ներկայացնում էր կանանոցը, իսկ երրորդ սենյակի մեջ բնակվում էր աղայի որդին՝ Ստեփանը: Բոլոր երեք սենյակներն էլ մի հարկանի էին. բոլորի էլ հատակը հավասար էր բակի հատակին, կտուրները ծածկած էին հողով, որի վրա աճել էին զանազան բույսեր: Սենյակների երեքն էլ շինված էին մի կարգի վրա, մինը մյուսին կից, բայց ոչինչ հաղորդակցություն չունեին. երեքն էլ առանձին դռներ ունեին, որ բացվում էին դեպի բակը: Լույսը ներս էր ցոլանում ավելի դռներից, քան թե լուսամուտներից, որ փակված էին խուլ, ցանցատեսակ «փենջերեներով», որ անկարելի էր բաց անել: «Փենջերեները», այդ պարսկական հյուսնության գյուտը, առանց ապակիների, ձմեռը միայն պատում էին թղթով, որ աղան ընտրում էր իր խանութի հին նամակներից, որոնք ավելի թանձրացնում էին սենյակների մեջ տիրող մռայլը և միայն արգելում էին քամուն և ցրտին ազատ մուտք գործել: Սենյակները դրսից ծեփած էին ցեխից և հարդից պատրաստած սվաղով, որ տալիս էր նրանց ողորմելի մոխրագույն կերպարանք, իսկ ներսից ծեփած էին գաջով, որ վաղուց դեղնացել, մասամբ սևացել, բոլորովին կորցրել էր իր սպիտակությունը: Տեղ-տեղ գաջը թափվելով, երևում էին անթուրծ աղյուսները: Սենյակների առաստաղը ոչինչով պատած չէր, և ղահվեի գույն ստացած մերկ գերանները երևում էին: Սենյակների հատակը նույնպես մերկ էր, ոչ տախտակով և ոչ աղյուսով էր պատած, այլ պնդացրած կավով, որպես լինում է գյուղացոց խրճիթներում: Եվրոպական կարասիներ չկային սենյակներում ո՛չ աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ դիվան, միայն պատերին կից, հատակից մի արշին բարձրությամբ և մի ու կես արշին լայնությամբ, շուրջանակի շինված էր մի տեսակ տախտակամած, որ կոչվում էր «տախտ», և որի վրա կապերտներ սփռելով, դոշակներ և մութաքաներ դնելով, ծալապատիկ նստում էին բնակիչները:

Բացի հիշյալ երեք սենյակներից, բացի թոնրատնից, մառանից, մնացած բոլոր շենքերն ավերված էին: Ախոռատան առաստաղը վայր էր թափվել, և գերանների մի կողմի ծայրերը դեռ մնացել էին պատի վրա՝ իրանց նախկին տեղում, իսկ մյուս ծայրերը ցած ընկել, թեքվել էին գետնի վրա: Ախոռատունը վաղուց զրկված էր անասուններից. դա ծառայում էր այն ժամանակ, երբ աղայի հայրը մսավաճառությամբ էր պարապում: Ավերված էր և մարագը. դա ներկայացնում էր մի փոքրիկ հողային բլուր, որի մեջ դեռ երևում էին շինվածքի փայտեղեն մասերը: Ամեն տեղ նկատվում էր ավերմունք, փլատակներ և անխնամ թողնված շինվածքներ: Կարծես այդ ողորմելի շինությունների մեջ հարյուր տարուց ավելի մի ուրիշ վարպետ չէր մտել, ոչ մի կարկատան կամ նորոգություն չէր եղել, — ինչ որ մաշվել էր, ինչ որ քանդվել էր, ինչ որ թափվել էր, այնպես էլ մնացել էր: Իսկ այստեղ բնակվում էր ամբողջ գավառի առաջին հարուստը, քաղաքի գլխավոր աղան: — Այստեղ «ոսկի աքաղաղը» իր հրաշալի զորությամբ ոսկու կույտեր էր դիզում...

Մի փոքր կենդանություն երևում էր պարտեզի մեջ: Պարտեզը բավական ընդարձակ էր: Թեև բոլոր ճեմելիքները պատած էին վայրենի կերպով, դա էլ թողած էր անխնամ, թեև աճած բույսերով, բայց հնադարյան ծառերը, դեռ մաքառում էին մահվան հետ, կարծես ասելով՝ «Մենք դեռևս պիտի ապրենք... մենք մարդու ձեռքերին ավելի կարոտություն չունենք»...

Կյանքը այդ տխուր և անապատացած ավերակների մեջ բոլորովին համապատասխանում էր իր շրջապատին: Կյանքը սահում էր նույնպես միօրինակ, նույնպես անփոփոխ և նույնպես դատարկ կերպով, որպես անփոփոխ և դատարկ էր մնացել տան բոլոր շենքը, որ իր վրա ոչ մի նորոգություն չէր ընդունում: Օրերը, ամիսները, տարիները անցնում էին միմյանց ետևից, շատ բան աշխարհի մեջ փոխվում էր, շատ սովորություններ նոր ձև էին ստանում: Բայց Մասիսյանի տան կյանքի և ապրուստի ձևերի մեջ ոչինչ նորություն չէր մտնում: Ավերակների անշարժության հետ տիրում էր և՛ քարացած, և՛ մեռած կյանքի անշարժությունը: Մասիսյանը նույն հայացքն ուներ կյանքի վրա, ինչ հայացք որ ուներ իր տան շենքերի վրա. — ինչ որ հին է, այն նվիրական է, ուրեմն պետք է մնա և անփոփոխ մնա, թեև մաշված լիներ, թեև փտած լիներ: Նա որպես չէր փոխում այն հնացած և ջարդված դուռը, որի միջով ներս էր մտել և դուրս էր եկել նրա հայրը, պապը և պապի պապը, — այնպես էլ չէր փոխում այն սովորություններից և ոչ մի կետ, որով ապրել էին նրա նախնիքը:

Մասիսյանի ամբողջ ընտանիքը նմանում էր մի բաղադրյալ մեքենայի, որի գլխավոր ճախարակը էր ինքըաղան: Նա դեպի որ կողմը և պտտվում էր, բոլորին իր հետ միևնույն ուղղությամբ պտույտ էր տալիս: Վա՜յ նրան, որ ետ կմնար, կհակառակեր... Նա էր ամենի համար կյանքի օրինակելի պատկերը, մնացած բոլորը պետք է հետևեին նրա օրինակին. — պետք է ուտեին, ինչ որ նա սիրում էր ուտել, պետք է խոսեին, ինչ նա սիրում էր խոսել, պետք է քնեին, երբ նա էր քնում, պետք է վեր կենային, երբ որ նա էր վեր կենում, մի խոսքով՝ նրա ճաշակը ամենի ճաշակն էր, նրա խելքը ամենի խելքն էր...

Ամեն առավոտ, երբ նա գնում էր բազար, առնում էր ճաշի և ընթրիքի համար այն պաշարները միայն, որ ինքը սիրում էր ուտել, և ամեն օր, խիստ սակավ բացառությամբ, պատրաստել էր տալիս միևնույն կերակուրները: Այսպիսով կարելի էր զզվել, կարելի էր ախորժակը կորցնել, բայց ի՛նչ փույթ, երբ աղան սիրում էր մի շաբաթ շարունակ խաշ ուտել, մի շաբաթ տոլմա կամ քուփթա ուտել: Երբ տրտունջ էր բարձրանում՝ «Ա՜խ, էդ ի՞նչ է, ամեն օր միևնույն խաշը, միևնույն սխտորը... մեռա՜նք ուտելով»... — սովորական պատասխանը լինում էր. «Ինչո՞ւ ես չեմ մեռնում»: Նա ամեն ինչ փորձում էր իր «եսի» տեսակետից. ինչ որ նրա «եսին» չէր վնասում, ուրիշին էլ չէր կարող վնասել, ինչ որ նրա «եսի» համար լավ էր, ախորժելի էր, պետք է ամենի համար լավ լիներ: Ահա՛ այդ է եսականության ճիշտ պատկերը, որ երբ խառնվում է բռնակալության հետ, ստանում է հրեշավոր կերպարանք: Մասիսյանը կատարելատիպն էր այդ պատկերի:

Մասիսյանի տնտեսության մեջ բոլոր սովորությունները մնացել էին իրանց նահապետական պարզությամբ: Դանակը և պատառաքաղը դեռևս մուտք չէին գործել նրա սեղանի վրա. նա հացը դանակով կտրելը մեղք էր համարում: Ամեն թանձր կերակուր ուտում էին ձեռքերով, միայն ջրալի կերակուրների համար գդալ էր գործ ածվում: Աղան միշտ մենակ էր ճաշում, և այն ժամանակ, երբ տանը հյուրեր չկային, բայց հյուրեր նա միշտ ունենում էր, օտարների վերաբերությամբ նա ժլատ չէր. «Հացը շատ բան կարող է շինել»... — ասում էր նա սովորաբար: Բայց բանն այն է, որ հյուրերին ևս միևնույնն էր ուտեցնում, ինչ որ ինքն էր սիրում: Մասիսյանի տան ամեն օրվա խաշը և քուփթան առակ էր դարձել: Ստեփանը սկզբում հոր հետ էր ուտում, երբ նոր ավարտել էր և նոր էր դարձել Թիֆլիսից, բայց այն օրից, երբ նա իր հորը ատելի դարձավ, հետևապես և զրկվեցավ նրա սեղանից: Նա ուտում էր այնուհետև մոր հետ, որը իր աղջիկների հետ առանձին սեղան էր նստում: Ասիական սովորություններից առաջ եկած այդ առանձնությունը մի բախտ էր ամեն վայելչությունից զրկված գերդաստանի համար: Տիկին Մարիամը երբեմն իր զավակների աղաչանքին զիջանելով, գաղտնի պատրաստել էր տալիս մի կերակուր, որ աղան չէր պատվիրել, բայց երբ հայտնվում էր «գողությունը» այն ժամանակ հիշոցները և կռիվը վերջ չունեին:

Աստուծո առանձին ողորմությունը պետք է համարել, որ աղանընտանիքի հրեշըամբողջ օրը տանը չէր գտնվում: Վաղ առավոտյան նա գնում էր ժամ, այնտեղից դիմում էր խանութը, ուր մնում էր բոլոր ցերեկը մինչև արևի մտնելը և երեկոյան դառնում էր տուն: Նրա բացակայության ժամանակ ընտանիքը ավելի ազատ էր զգում իրան, կարող էր հանգստանալ, կարող էր զվարճանալ: Իսկ այդ զվարճությունը սահմանափակվում էր տան չորս պատերի մեջ, որին ավելի նպաստում էր պարտեզը: Պարտեզի մեջ կար մի հին լճակ, որ միշտ լիքն էր լինում ջրով, նրա բոլորտիքը շրջապատված էր ահագին ծառերով, որոնք աճելով, իրար անցնելով, կազմել էին լճակի վրա խիստ գեղեցիկ կամարներ սաղարթախիտ ոստերով: Արեգակի ճառագայթները երբեք մուտք չէին գործում այնտեղ, և ամառվա սաստիկ տոթերի ժամանակ միշտ կարելի էր գտնել այդ լճակի հովանավոր ափերի մոտ խիստ ախորժելի զովություն: Այնտեղ տիկին Մարիամը իր զավակների հետ անցուցանում էր ցերեկվա հանգստի ժամերը, երբ ազատ էր լինում տնային գործերից: Գայանեն և Հռիփսիմեն, նստած մեկը մյուսի մոտ, ծառերի շուքի տակ տարածված գորգի վրա, իրանց մանրիկ մատիկներով կամ կարում էին, քչփչում էին, ծիծաղում էին, և կամ ձանձրանալով, կարը մի կողմ թողնելով, սկսում էին հացի փշրանք շաղ տալ լճի մեջ, դուրս հրավիրել ձկներին, որոնց թրթռալը ավելի էր զվարճացնում երեխաներին: Մայրը նայում էր նրանց վրա և ուրախանում էր: Այնտեղ հանգստանում էր և Ստեփանը, երբ հոգնած, թուլացած տուն էր դառնում իր մասնավոր դասերից, որ տալիս էր զանազան տներում:

Արևելյան տաք երկրներում, որոնց թվում կարելի է համարել և Ե... քաղաքը, առատ ջուրը և ընդարձակ պարտեզը բակերի մեջ մի առանձին մխիթարություն է փակված ընտանիքի համար, որ տնից դուրս զուրկ է մնում բոլոր զվարճություններից: Մասիսյանի տան մեջ այդ կարևորությանը մասամբ բավականություն էր տալիս նրա պարտեզը: Եթե ոչ, խոնավ, օդից և լույսից զրկված, նեղ սենյակները բոլորովին կմաշեին, կսպանեին բնակիչներին, եթե պարտեզը չլիներ: Տարվա երեք եղանակների մեծ մասըգարունը, ամառը և աշունըհամարյա այնտեղ էին անցկացնում: Այնտեղ ծառերի հովանու տակ, լճակի մոտ ճաշում էին, հյուրեր էին ընդունում. այնտեղ պարապում էին և այնտեղ գիշերները քնում էին առանձին պատրաստված «քեթիրների»4 մեջ: Ընկերությունը ծառերի, խոտերի, ծաղիկների և թռչունների հետ մոտեցնում է մարդուն այն երանական կյանքին, որ ավելի մոտ է բնությանը:

ԺԱ

Տոթային օր էր. հուլիսյան արեգակը սաստիկ այրում էր: Տիկին Մարիամը ճաշի սեղանը պատրաստել էր փոքրիկ լճակի ափի մոտ, սպասում էր Ստեփանը տուն դառնա, որ միասին ճաշեն: Անցավ սովորական ժամը, անցավ մի ժամ ևս, երկու ժամ ևս, նա չհայտնվեցավ: Աղջիկները չկարողանալով համբերել, իրանց բաժինը կերան և սկսեցին խաղալ պարտեղի մեջ: Խեղճ կինը մի պատառ անգամ բերանը չդրեց և սպասում էր որդուն:

Վերջապես եկավ նա, լուռ և տխուր, որպես լինում էր միշտ: Առանց մի բառ խոսելու, նա անցավ և պառկեց գորգի վրա, որ փռած էր ծառի տակ: Մայրը «թոնրատանն» էր և պատրաստում էր նրա բաժին ճաշը. Գայանեն և Հռիփսիմեն խոտերի վրա նստած՝ հագցնում էին իրանց «տիկիններին» նոր կարված հագուստներ, զարդարում էին, պատրաստում էին, որովհետև մյուս առավոտյան կիրակի էր, և դրացի աղջիկները պետք է «տիկինների» հարսանիք ունենային: Ստեփանի ուշադրությունը գրավեց իր քույրերի ժրաջան աշխատությունը:

Հռիփսիմե, ե՛կ ինձ մոտ, — ասաց նա:

Ի՞նչ ես ասում, ես այստեղ գործ ունեմ, — պատասխանեց փոքրիկ Հռիփսիմեն:

Ե՛կ, ասում եմ քեզ:

Փոքրիկ աղջիկը մոտեցավ եղբորը և ընկավ նրա կուրծքի վրա:

Ինձ հետ խաղա, Հռիփսիմե:

Ի՞նչ խաղամ, դու «տիկին» չունես:

Կախ տուր ինձ, մազերիցս քաշե, ինչ որ ուզում ես, արա՛, Հռիփսիմե:

Ինձ չե՞ս ծեծի:

Չեմ ծեծի:

Փոքրիկ Հռիփսիմեն ծիծաղեց և փախավ եղբոր մոտից:

Լինում են րոպեներ, երբ մարդ վրդովված է լինում և աշխատում է բոլորովին երեխայական զվարճություններով իր բարկությունը ցրվել: Պատանի Ստեփանը այդ դրության մեջն էր նույն ժամում: Նա ավելի երկար ձգվեցավ գորգի վրա և սկսեց նայել դեպի վեր, կարծես ծառերի սոսափյունից աշխատում էր նախագուշակել, թե որպիսի ապագա է սպասում իրան: Այդ նիհար, մելամաղձոտ պատանին, բավական շնորհալի և համակրական դեմքով, իր հասակից ավելի ծերացած էր երևում: Նա այժմ տասնևութ տարեկան էր. մի փոթորկալի հասակ, երբ մանկական կրակը սկսում է բորբոքվել: Բայց ընդհակառակը, այն աստիճան սառն, այն աստիճան մտամոլոր և լուռումունջ էր նա, որ հենց առաջին տեսքից կարելի էր կարծել, որ մի գաղտնի ցավ ներսից նրան տանջում էր: Երբեմն նա մոռանում էր իրան, մանավանդ երբ լինում էր մի լավ ընկերության մեջ. այդ միջոցում կարելի էր տեսնել նրան ուրախ, սովորականից ավելի խոսող, առույգ, փայլում էր մանկական ջերմ աշխուժությամբ:

Կարդալով զանազան գրքեր, Ստեփանը շատ վաղ ընկավ գաղափարի մոլորության մեջ, այն տեսակ գաղափարի, որ հրապուրելով մանուկների եռանդը, հափշտակելով նրանց երևակայությունը, շինում է նրանցից մի տեսակ ցնորամիտ էակներ, որոնք թողնելով տոկուն աշխատությունը, դեռ մի հիմնավոր բան չսովորած, դեռ լավ չտիրապետած գիտության որևէ ճյուղին, ընկնում են երևակայությունների ետևից, թե անպատճառ պետք է կատարեն մի մեծ գործ, առանց մտածելու նրա համար առաջուց պատրաստված լինելը: Դա մի տեսակ հիվանդություն է, որ ընդհատում է մանուկների հառաջադիմությունը և պատրաստում է դատարկամիտ թերուսների մի հասարակություն, որոնք փոխանակ իրանց անպատրաստականությունը ճանաչելու, սկսում են ատել, արհամարհել, պախարակել հասարակական կազմակերպությունը թե նրանց չէին գնահատում, թե նրանց չէին հասկանում, և այս պատճառով նրանք չէին կարողանում անել այն, ինչ որ ցանկանում էին, ինչ որ ավելի լավ և օգտավետ էր... Բայց Ստեփանը մասամբ զերծ մնաց այդ հիվանդությունից: Նա դեռևս հասարակության հետ գործ չէր ունեցել և նրան ո՛չ սիրել և ո՛չ էլ ատել կարող էր: Նա գործ էր ունեցել ընտանիքի հետ, որի մեջ սնվել և որի բռնկալության բոլոր դառնությունը փորձել էր իր անձի վրա. նա ատում էր միայն ճնշող և հարստահարող ընտանիքը, բայց դեռևս չգիտեր, թե ընտանիքը մի օղակ էր հասարակական կազմակերեպության ամբողջ շղթայակապի մեջ, և թե ընտանիքի վատ հատկությունները տարածվում են ամբողջ հասարակության վրա:

Ստրկությունը տանելի է լինում և մինչև անգամ անցնում է անզգալի կերպով, երբ մարդ դեռ չէ հասկացել, թե ինչ բան է ազատությունը: Այնպես էլ ընտանեկան բռնակալությունը տանելի և բոլորովին սովորական է դառնում ճնշված, հարստահարված անդամների համար, երբ կյանքի ավելի լավ և ավելի վայելուչ կողմերը նրանց ծանոթ չէին: Անցկացնելով իր թշվառ երեխայությունը, Ստեփանը, որպես տղա, սկզբում չէր կարող հասկանալ բոլոր ճնշումը, բոլոր ապականությունը այն մթնոլորտի, որի մեջ վարել էր նա իր կյանքի առաջին տարիները: Բայց երբ կտրվեցավ նա ընտանիքից, երբ ուղարկվեցավ մի ուրիշ քաղաք, երբ դպրոց մտավ, երբ բավական զարգացավ, — այս ժամանակ միայն հասկացավ, թե որպիսի շրջանի մեջ դժբախտություն էր ունեցել ինքը ծնված լինել: Այն ժամանակ ամբողջ անցյալը, դառն և սարսափելի անցյալը միանգամով ծանրացավ նրա սրտի վրա: Դա մի սոսկալի հեղափոխություն է մարդու կյանքի մեջ: Դա արբած մարդու այն դրությունն է, որ իր մարմնի վերքերը տեսնում է այն ժամանակ և նրանց ցավը զգում է այն ժամանակ, երբ հանկարծ սթափվում է: Նույնը պատահեցավ և Ստեփանի հետ: Երբ ինքնաճանաչությունը բաց արեց նրա աչքերը, այն ժամանակ հիշողությունը մի հարուստ և բաղադրյալ պանորամայի նման սկսեց միմյանց ետևից երևան հանել անցյալ կյանքի ծածկված պատկերները՝ մինը մյուսից ավելի տխուր և ավելի սև գույներով նկարված: Այն ժամանակ ծագեց նրա սրտի մեջ խաբված մարդու դառն ատելությունը, որ հասնում է կատաղի վրեժխնդրության զգացմունքի, երբ մտաբերում է, թե իրան խաբել էին, թե օգուտ էին քաղել իր անհասկացողությունից, ճնշել էին, հարստահարել էին և չէին տվել այն, ինչ որ պետք էր, ինչ որ արժան էր:

Ստեփանի ատելությունը, դեպի հոր բռնակալությունը ավելի սաստկանում էր այն ժամանակ, երբ նա տեսնում էր, որ ինքը ունի մայր, որ միշտ բարի է եղել դեպի նա, որ միշտ սիրել է նրան մայրական սրտի բոլոր քնքշությամբ, բայց նա ևս ավելի վատթար, քան թե ինքը, անբախտ էր և նույն բռնակալության զոհ: Նա տեսնում էր իր քույրերին, այն անմեղ և նազելի արարածներին, որ երբեք չեն լսել հոր բերնից մի ուրախացուցիչ խոսք, երբեք չեն վայելել նրա գգվանքը, երբեք չեն տեսել նրա ժպիտը, այլ միշտ հանդիպել են սառն, կոշտ, կոպիտ խստության: Հոր երկյուղը նրանց մեջ միշտ ավելի սաստիկ է եղել, քան երկյուղը սատանայից կամ կատաղած գայլից:

Ստեփանը դեռ պառկած լճակի մոտ, նայում էր ծառերին, Գայանեն և Հռիփսիմեն դեռ խաղում էին այնտեղ, երբ մայրը դուրս եկավ թոնրատնից և մոտենալով նրան, ասաց, — արդյոք կկամենա՞ր մի բան ուտել:

Ես կուզեի քնել, սաստիկ հոգնած եմ, — պատասխանեց, որդին սառն կերպով:

Դու հիվա՞նդ ես, ի՞նչ է դեմքդ սաստիկ փոխվել է, — ասաց մայրը երկյուղով լի ձայնով և նստեց նրա մոտ, աչքերը չէր հեռացնում որդու երեսից:

Հիվանդ չեմ, թողեք ինձ հանգստանալ:

Ինչո՞ւ մի բան չես ուտում:

Ես ճաշել եմ:

Ստեփանը պատմեց, թե գնացել է ճանապարհ գցելու իր ընկերներից մեկին, որ գնում է Պետերբուրգ համալսարան մտնելու. ծանոթները մի այգում ճաշ էին պատրաստել նրա համար, ինքն էլ մասնակից էր այն ուրախությանը. կերան, խմեցին, երգեցին և ուրիշ շատ գժություններ արեցին:

Քեֆից հետո այսպես տխուր չեն լինում, — նկատեց մայրը ժպտալով:

Պատահում է... Այս ընկերս ինձանից մի տարով ուշ է ավարտել գիմնազիայում, նա հիմա գնում է շարունակելու իր ուսումը, բայց ես դեռ այստեղ եմ:

Վերջին խոսքերը փոխեցին մոր զգացած րոպեական ուրախությունը:

Բավական է, որդի, թող տուր այդ մտքերը, ինչ որ սովորել ես, այն էլ բավական է, — ասաց մայրը:

Որդին ոչինչ չպատասխանեց և տակավին նայում էր ծառերի վրա, լսում էր նրանց խուլ սոսափյունը, որ առաջ էր գալիս տերևների մեղմիկ շարժվելուց:

Մայրը սկսեց խրատել նրան, թե ուսումը սովորում են բժիշկ, չինովնիկ լինելու համար, կամ մի ուրիշ ծառայություն գտնելու համար, իսկ այդ բոլորը մի կտոր հացի կամ փողի համար է, բայց ինքը, փառք աստծո, փողի կարոտություն չունի, թե նրա հայրը քաղաքի առաջին հարուստն է, էլ ինչն է ստիպում թողնել տուն, տեղ, մայր, քույրեր, ազգական և գնալ նորից չարչարվել, թե ինչ է, ես պետք է բոլոր գրքերը սովորեմ:

Թող տուր, մայր, — խոսեց որդին տհաճությամբ, — ես չեմ կարող քեզ հասկացնել, թե ուսումը, գիտությունը չեն սովորում միայն չինովնիկ դառնալու կամ փող վաստակելու համար, և ոչ կարող եմ քեզ համոզել, թե կան նպատակներ, որոնք ավելի բարձր են փողից և չինովնիկությունից, իսկ ինչ որ վերաբերում է իմ հոր հարստությանը, խնդրում եմ այդ մասին ինձ հետ չխոսել:

Ախար էլ ո՞ւմ համար է, ասա, ո՞ւմ համար, քեզանից ավելի խո մի ուրիշ որդի չունի, էլ ո՞ւմ պետք է մնա այնքան փողը:

Ստեփանը, որին երբեք չէր պատահել խստությամբ խոսել մոր հետ, լսում էր նրա խրատները բավական վրդովված կերպով. նրա երեսի գույնը հազար տեսակ փոխվեցավ, նրա շրթունքները դողդողում էին, և աչքերի մեջ արտահայտվում էր սարսափելի խռովություն:

Ես թքել եմ այն հարստության վրա, որի մասին դու խոսում ես, մայր, — ասաց նա խորին արհամարհանքով, — ինձ պետք չէ նա, նրա վրա անեծք կա, որ հավիտյան կմնա, նրա ամեն մի կոպեկի մեջ հազարավոր մարդու արտասուք և արյուն կա. զզվել՜ի է այս տեսակ հարստությունը:

Եվ ավելացրուց նա, թե ինքը դեռ գիմնազիայի վեցերորդ դասարանումն էր, երբ մերժեց հորից փող ստանալ, և եթե մինչև այն օր ստանում էր, պատճառն այն է, որ դեռ երեխա էր, չէր հասկանում, դեռ լավ չէր ճանաչել հորը: Այնուհետև նա հույսը դրեց իր սեփական աշխատության վրա և ապրում էր հիսուն կոպեկանոց դասերով, և այնպես էլ կշարունակե, մինչև բոլորովին կավարտե իր ուսումը:

Ուրեմն դու էլի՞ պիտի գնաս, — գոչեց մայրը ողորմելի ձայնով:

Պիտի գնամ, և գուցե շուտով, եթե ես ձեզ այսքան չսիրեի, եթե քույրերիս տեսնել չուզեի, ես այստեղ չէի գալ:

Մայրը արտասուքը աչքերում ասաց, թե ինքը ամենևին ցանկություն չունի հակառակել որդու նպատակներին, որին «իր աչքի լուսի պես սիրում է», միայն աղաչում է չզրկել իրան այն մխիթարությունից, որ գտնում է ամեն օր նրան տեսնելով: Եվ բաց անելով իր սրտի խորին վերքերը, հայտնեց, թե ինքը դժբախտ է և շատ դժբախտ, թե նա իր ամբողջ կյանքում մի ուրախ օր չի ունեցել, թե նա շատ կցանկանար մեռնել, և միշտ այդ ցանկությունը նրա սրտում եղել է, միայն չէ ուզեցել իր երեխեքը անտեր և անխնամ թողնել, «որովհետև հայրը նրանց վրա չէ մտածում»... Թե նա իր հույսը դրել է միայն որդու վրա, հիմա որ նրանից էլ զրկվի, ինքը հազիվ կարող է դիմանալ այդ ցավին:

Որդին տեսնում էր մոր խոսքերի մեջ խիստ տխուր ճշմարտություններ և ոչինչ խոսք չէր գտնում պատասխանելու, միայն ափսոսում էր, որ պատճառ տվեց նրան տխրելու:

Մայրը ավելացրուց, թե հորը այսուհետև փոխել չէր կարելի, թե նա որպես կա, այնպես էլ կմնա, միայն որդին ավելի խելոքություն արած կլիներ, եթե աշխատեր նրա հետ հաշտվել: Թե հայրը իսկապես վատ սիրտ չուներ դեպի որդին, սիրում է նրան, բայց չէ ուզում իր սերը ցույց տալ, ծածուկ գովում է նրան ուրիշների առջև, բայց որդուն չէ ուզում ցույց տալ, թե ինքը հավանում է նրան: Եվ այդ բոլորը առաջ են գալիս նրա անձնասիրությունից, որովհետև նա չէր կարող ներել, որ որդին հակառակ է իրան, այլ պահանջում է անպայման հնազանդություն: Նա ծածուկ գովում էր նրան ուրիշների առջև, որպես գովում է իր ապրանքը, մուշտարուն ցույց տալու ժամանակ, թեև ինքն էլ համոզված է, որ այնքան լավը չէ: Մորը, իհարկե, ցավեցնում են հոր այս տեսակ վարմունքները, բայց ոչնչով օգնել չէ կարող, միայն խորհուրդ է տալիս թողնել այն բաները, որոնք բոլորովին հաճելի չեն հորը, օրինակ, նա շատ է բարկանում, որ որդին դասեր է տալիս, և այնպիսի մարդկանց տներում, որոնցից ավելի հարուստ գործակատարներ ունի հայրը, և նա որդու այս վարմունքը «խիստ ամոթ է համարում» իր համար: Ի՞նչ կասեն տեսնողները: Բացի դրանից հայրը ավելի բարկացած էր այն բանի վրա, որ որդին թատրոնում ինչ-որ «օյինբազություններ» է անում, թե այդ շատ ամոթ էր հոր համար. թե նա աղայի որդի է և պետք է որ «աղավարի պահե իրան, ամեն մարդու հետ չխոսե, ամեն մարդու բարև չտա, ամեն մարդու տուն չմտնի, միշտ իրան ծանր պահե, որ տեսնողը ասե` ի՛նչ շնորհքով տղա ունի Մասիսյանը...»:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last