Րաֆֆի՝   Ոսկե աքաղաղ

Այդ բոլորը դատարկ խոսքեր են, — պատասխանեց որդին, — իսկ ինչ որ վերաբերում է իմ մասնավոր դասատվություններին, այդ նրա համար է, որ մի քանի մանեթ ձեռք ձգեմ ճանապարհի ծախսի համար: Իսկ այն ներկայացումը, որ տվեցինք, և որի պատճառով ես բեմ դուրս եկա, սիրողների ներկայացում էր, հօգուտ այն ուսանողի, որին այսօր ճանապարհ դրեցինք:

Լսելով որդու խոսքերը, թե նա մասնավոր դասեր է տալիս, որ ճանապարհի ծախս ունենա, մայրը կրկին վշտացավ և արտասուքը աչքերում հարցրուց.

Դու պիտի գնա՞ս ուրեմն...

Անպատճառ պիտի գնամ:

ԺԲ

Պետրոս Մասիսյանը բավական ինքնուրույն մարդ էր. նա ներկայացուցիչ էր այն ծանրագլուխ «խոջաների», որոնք պարսից տիրապետության ժամանակ նշանավոր դեր էին խաղում վաճառականության մեջ, հարգանք էին վայելում ոչ նրա համար, որ արդար և հավատարիմ մարդիկ էին, այլ գլխավորապես նրա համար, որ կապիտալիստներ էին և գիտեին կապիտալի գործածության բոլոր խաբեական ձևերը: Մասիսյանը հիշյալ սերունդի մնացորդներից էր, որ պարսից իշխանությունը այն երկրից անցնելեն հետո, նոր տիրապետողի նոր քաղաքակրթությունը ամենևին չկարողացավ փոխել նրան: Հագուստը մինչև անգամ մնացել էր միևնույնը, որպես հագնում էին պարսիկների ժամանակ հայ «խոջաները». միևնույն ղաբան, որ հասնում էր մինչև ոտները, միևնույն արխալուղը, որ կարճ չէր ղաբայից, միևնույն լայն շալվարը՝ կապույտ կտավից կարած, և միևնույն քոշերը: Գլուխը նույնպես մշտապես ծածկված էր բուխարայի սև մորթից պատրաստած քառանկյունի տափակ գդակով, որի նմանը մինչև այսօր կարելի է տեսնել գյուղացի տերտերների գլխին: Բոլոր եղանակներում՝ թե՛ ամառը և թե՛ ձմեռը, նրա հագուստը միևնույնն էր: Նա ուներ մի ձեռք հագուստ միայն, որ շարունակ հագնում էր և փոխում էր այն ժամանակ միայն, երբ բոլորովին մաշվում էր, բայց ե՞րբ էր փոխում, այդ դժվար է որոշել, որովհետև նրա վրա նոր հագուստ երբեք չէր կարելի տեսնել:

Ինքը Պետրոս Մասիսյանը միջահասակ մարդ էր, հաստլիկ, կլորիկ, փորը դուրս ընկած, գլուխը դեպի ետ թեքված, որ կարծել էր տալիս, թե ահա՛, ահա հենց իսկույն կընկնի քամակի վրա: Դեմքը կատարյալ գազանային արտահայտություն ուներ. ածելած թշերը նույնպես ուռած և կախված էին, որպես փորը. վիզը կարճ էր, իսկ խորամանկ աչքերը խրված էին թավ հոնքերի տակ. ահագին գլուխը միշտ սափրած էր լինում: Մի մուգ-դեղին գույն, որ հատուկ է մոնղոլական ցեղերին, ներկել էր նրա այլանդակ դեմքը, մինչև անգամ ականջները, նույն դեղնությունը կարելի էր տեսնել և նրա աչքերի սպիտակուցի մեջ:

Պետրոս Մասիսյանը բացի զանազան տեսակ առևտրական ձեռնարկություններից, միևնույն ժամանակ էր մի նշանավոր վաշխառու ամբողջ գավառի մեջ: Այդ գործունեության մեջ նա որոշվում էր մյուս վաշխառուներից նրանով միայն, որ չնայելով իր ահագին հարստությանը, նա երբեք մի խոշոր գումար միանգամով մեկին տոկոսով չէր տալիս, այլ բաց էր թողնում մանր գումարներ միայն, սկսած հինգ ռուբլուց մինչև հարյուր ռուբլի, և առավելապես հավատում էր գյուղացիներին: Այս պատճառով նրա պարտականները անթիվ էին: Մանր փոխառությունները այն նպատակով օգտավետ էր համարում նա, որ համ տոկոսը ծանր էր լինում, համ էլ, եթե կորչելու լիներ, մի մեծ բան չէր: Իսկ գյուղացիներին հավատում էր, որովհետև գյուղացին նրա կարծիքով ռամիկ էր, ուրիշի փող ուտելը դեռ սովորած չէր. դրանց Մասիսյանը համարում էր իր «կաթնատու կովերը», և այդ էր պատճառը, որ տոկոսը նրա լեզվում կոչվում էր «կաթ»:

Ամեն անգամ, երբ մի գյուղացի հայտնվում էր նրա մոտ փողի համար, Մասիսյանը պետք է տեղեկանար նրա ամբողջ պատմությանը, թե ով է նա, ո՞ւմ որդին, ունի՞ արդյոք հայր, մայր, որդիներ, եղբայրներ, բաժանվա՞ծ են ապրում, թե միասին, ի՞նչպես է կոչվում յուրաքանչյուրի անունը, ի՞նչ կայք ունի և ո՞րտեղ են գտնվում. կամ կառաջարկեր այս տեսակ հարցեր, թե իր կյանքում ի՞նչ տեսակ պարապմունքներ է ունեցել, ի՞նչ գործի մեջ հաջողվել է նրան, և ի՞նչ գործի մեջ վնասվել է, և կամ այդ փողը որ ուզում է, ի՞նչ բանի համար պետք է գործ դնե: Երբ գյուղացին կհայտներ, թե այսինչ պետքի համար է, օրինակ, եթե ասելու լիներ մի եզ պիտի առնեմ, նա կսկսեր եզան մասին հազարումեկ հարցուփորձ անել, թե նրա այսինչ հիվանդությունը ինչով է բժշկվում, ինչ ճար պետք է անել, երբ եզը թարմ առվույտ ուտելիս փորը ուռչում է, ինչ ճար պետք է անել «դաբաղ» հիվանդության ժամանակ, եզան որ տեսակն է լավ լինում և այլն, և այլն: Խաբել նրան և փող առնել՝ անկարելի էր, նրա հարցաքննությունից ամենաճարպիկ խաբեբան չէր կարող չկտրվել:

Մի երեկո հայտնվեցավ նրա տանը մի անծանոթ պարոն, ալեխառն մազերով, խորշոմներով պատած դեմքով, մաշված, բայց բավական մաքուր պահված հագուստով, և պահանջում էր մի գումար բամբակի առևտուրի մեջ գործ դնելու համար: Դա այն անհաջողակ թշվառներից մեկն էր, որ կյանքի մեջ իր արդարության և ճշմարտասիրության զոհ է դառնում և չկարողանալով մաքառել տիրող անուղղության հետ, ամեն գործի մեջ խաբվում է: Որովհետև երբ կյանքի մեջ մարդկանց հարաբերությունները ապականված են լինում, այն ժամանակ բարոյական խելքը կորցնում է իր նշանակությունը, երբ ավելի խորամանկության և խաբեբայության պահանջ կար: Այս տեսակ մարդիկ միշտ գանգատվում են բախտի վրա, բայց միևնույն ժամանակ հույսն էլ ձեռքից չեն թողնում, թե մի օր հարստանալու են, ամեն գործի մեջ խրվում են, ամեն բան փորձում են, բայց միշտ անիրավ բախտը նրանց հակառակում է...

Պարոնը ընտրել էր երեկոն Մասիսյանի հետ տեսնվելու համար և եկել էր նրա տունը, որովհետև խանութում նրա հետ երկար խոսել չէր կարելի: Աղան միշտ քաղաքավարի էր դեպի այս տեսակ հյուրերը, մանավանդ երբ իմանում էր, թե փողի համար են եկել:

Մասիսյանը մենակ էր իր սենյակում, ծալապատիկ նստել էր թախտի վրա, նեղ լուսամուտի հանդեպ, որ մի փոքր զովանա խեղդող տոթից: Նրա մոտ դրած էր մի մեծ ամանով ջուր, սառույցը մեջը ձգած, որից շուտ-շուտ խմում էր: Թեյ խմելու սովորություն չուներ, և տան մնացած անդամները խմում էին կամ գաղտնի, կամ երբ մի պատվելի հյուր էր պատահում: Նա նստել էր մի մաշված խալիչայի կտորի վրա համարյա թե կիսամերկ դրության մեջ: Հագին ուներ արխալուղը միայն, որի կոճակները արձակած էին, և շապկի բացված օձիքից երևում էր թավամազ կուրծքը: Շալվարը և գուլպաները նույնպես հանել էր, և մերկ ոտները մինչև սրունքները բաց էին: Միայն թանձր մորթե գդակը նա գլխին ուներ, որ հին մարդերի սովորությամբ, երբեք չէր առնում գլխից, մինչև անգամ եկեղեցում եղած ժամանակ: Սենյակում մութն էր, երբ անծանոթը ներս մտավ, նա հրամայեց ճրագ վառել:

Անծանոթը, գտնելով աղային մի ծիծաղելի դրության մեջ, մտածեց արդարացնել նրա անքաղաքավարությունը, և սկսեց եղանակից:

Տոթից խեղդվում է մարդ, ամենևին քամի չէ փչում, դուք լավ եք արել, այսպիսով կարելի է հաղթել տաքությանը:

Է՜հ, որդի, (Մասիսյանը ամեն մարդու որդի էր կոչում, ինչ հասակում և լիներ նա) պետք է շնորհակալ լինել աստծուց. եթե ամառվա տոթը չլիներ, գարնան պատիվը չէինք հասկանա, թե ձմեռվա ցուրտը չլիներ, աշնան պատիվը չէինք հասկանա: Աստված ամեն բան և՛ լավ, և՛ վատ է ստեղծել, և՛ չար, և՛ բարի է արել. գիշերվա խավարի դեմ ցերեկվա լույսն է ստեղծել. այնպես էլ մեկին աղքատ է արել, մյուսին, հարուստ. եթե աղքատությունը չլիներ, փողի պատիվը չէինք հասկանա:

Մասիսյանի բոլոր դատողությունների մեջ վերջին խոսքը փողի վրա էր լինում: Անծանոթը, որ իրան խիստ նեղված էր զգում, փողի անունը մեջ գալով, հայտնեց իր խնդիրքը: Մասիսյանը թողեց խրատները և նրա դեմքը ավելի գործնական և սառն արտահայտություն ստացավ:

Դու ուզում ես բամբակի առևտուր անել (հա, նա դուքով երբեք չէր խոսում, ում հետ և լիներ): Ասա, տեսնեմ, ի՞նչ գիտես այդ առևտուրի մասին:

Անծանոթը պատմեց, թե բամբակի վաճառականությունը բավական ծանոթ էր իրան, թե Ամերիկայի պատերազմի ժամանակ (ստրուկների ազատության մասին) շատ փող վաստակեց բամբակից, բայց հետո կորցրեց, իսկ այժմ ցանկանում էր կրկին փորձել իր բախտը:

Առևտուրը բախտի բան չէ, խելքի բան է, — պատասխանեց Մասիսյանը գործագետ մարդու նախատեսությամբ, — դու էն ասա՛, թե ի՞նչպես պետք է բանացնես իմ փողերը:

Անծանոթը հայտնեց, թե այդ գործի մեջ ինքը բավական հմտություններ ունի և հուսով է, որ աղայից վեր առած փողը իր փորձված ձեռքում մեծ օգուտներ կբերե, և ավելացրուց, թե իրան ծանոթ է Ե... գավառի գյուղերի մեծ մասը, ուր պարապում են բամբակի մշակությամբ, թե յուրաքանչյուր գյուղում գտնվում են փոքրիկ դրամատերեր տեղացիներից, որոնք հավաքում են իրանց դրացիների արդյունաբերած բամբակը, և այսպիսով բերքը ամբարվում է մի մարդու ձեռքում, և այս վերջիններից հեշտ է բավական քանակությամբ գնել, բերել քաղաքը և ծախել մեծ վաճառականներին: Եվ այսպիսով ինքը միջնորդի դեր կկատարե գյուղացի մանր «չարչիների» և քաղաքացի խոշոր կապիտալիստների մեջ և մի տարվա ընթացքում կարող է իր ձեռքում գտնված դրամագլուխը մի քանի անգամ շրջաբերության մեջ դնել և այլն:

Տեսնում ե՞ս, որ ոչինչ չես հասկացել, — ասաց Մասիսյանը և սկսեց բացատրել իր կարծիքը անծանոթի անհասկացողության մասին:

Թե գյուղացի մանր դրամատերերից — «չարչիներից» — որպես երկրորդական ձեռքերից բամբակ գնելը և վաճառելը չէր կարող շահավետ լինել, որովհետև այդ խաբեբա «չարչիները» իրանք «հյութը ծծում են և միայն չեչն են տալիս ուրիշին»: Ով որ կամենում է բամբակից օգտվել, պետք է ինքը անմիջական հարաբերություն ունենա արդյունաբերող գյուղացու հետ, այսինքն՝ անե այն, ինչ որ «չարչին» է անում:

Դա խիստ ձանձրալի և միանգամայն դժվար գործ է՝ ռամիկ և հիմար գյուղացու հետ առևտուր անել, — պատասխանեց անծանոթը:

Դու շատ միամիտ մարդ ես երևում, էլ չեմ ասում, թե խելքդ պակաս է, — ասաց աղան մի փոքր վրդովված ձայնով. — տո, ողորմելի, փողը հենց այն ռամիկ և հիմար գյուղացիներից պետք է դուրս բերել, սատանա «չարչիից» ի՞նչ կարող ես վաստակել:

Պետք է նկատել, որ սատանա բառը Մասիսյանի լեզվում բոլորովին ուրիշ նշանակություն ուներ. սատանա ասելով նա հասկանում էր խելացի, իմաստուն, խորամանկ և մեծ հմտություններ ունեցող մարդ: Ով որ սատանա չէր, նրա կարծիքով հիմար էր, ոչինչ բանի պետք չէր:

Մասիսյանը սովորություն ուներ երկար խոսելու, և եթե մեկի խնդիրքը մերժում էր և փող չէր տալիս, գոնյա իր «բարի խրատները» չէր խնայում նրանից: Նա սկսեց ծանոթացնել պարոնին բամբակի վաճառականության օգտավետ ձևերի հետ. հայտնեց, թե ինքը սովորություն չունի այս տեսակ ձեռնարկությունների համար զուտ (նաղդ) փող տալ խնդրողներին, այլ տալիս է իր խանութից այնպիսի վաճառելի մթերք, որ գյուղացիների համար պետք են, օրինակ, էժանագին չթեր, կտավներ, զանազան տեսակ մանրուքեղեն, կնիկների զարդարանքի համար հուլունքներ և դրանց նման բաներ: Այս տեսակ ապրանքը ավելի օգտավետ էր, քան թե զուտ փողը բամբակի հետ փոխելու համար, միայն պետք է ճարպիկություն ունենալ, գյուղացու «խասիաթը» գիտենալ, նրա վիճակի և պահանջների հետ ծանոթ լինել: Գյուղացին ջիբումը փող չունի, միշտ «նիսիա» է նրա առևտուրը, բայց պետք չէ վախենալ, ինչ ապրանք որ ուզելու լինի, պետք է ասել, նա իր «հոգու պարտքը» չվճարե, ուրիշի փողը չի ուտի: Բանը նրանում է, որ գյուղացին հենց պարտքի վճարելու ժամանակ էլ «նաղդ» փող չի տա, այլ կտա հում բերք, որ արդյունաբերել է իր տնտեսությունից, օրինակ, եթե նա բամբակի մշակություն ունի, պարտքի փոխարեն բամբակ կտա: Հիմա վաճառականի խելքիցն (այսինքն՝ սատանայությունիցն) է կախված, թե նա, օրինակ, չիթը ինչ գնով կարող է խցկել գյուղացուն և նրա արժեքի փոխարեն քանի՜ ֆունտ կամ պուդ բամբակ կպարտավորացնե, որ վճարե իր ժամանակին: Այս տեսակ առևտուրի մեջ կարելի է «երկու գլխիցն էլ» շահվել, — մեկը չթից, որ գյուղացին, փող չունենալով, ստիպված է անհամեմատ թանկ գնով առնել, մյուսը՝ բամբակից, որ դեռևս պատրաստ չլինելով, գյուղացին ստիպված է խիստ էժան գնով գնահատել: Որովհետև բամբակը մի մեծ արժեք չունի գյուղացու աչքում, երբ դեռ նոր էր սերմանված կամ դեռ չէր հասունացել և կամ դեռ չէր հավաքված: Նա վաճառում է իր աշխատության պտուղը, որ պիտի ստանա ժամանակով. իսկ գյուղացու աշխատությունը միշտ կարելի է էժան գնահատել, երբ նա փողի կամ կենսական անհրաժեշտ պետքերի կարոտություն ունի:

Անծանոթը լսում էր առանց ընդմիջելու աղայի խոսքերը. վերջապես ասաց նա.

Այդ ձեր պատմածը առևտուրի միևնույն ձևն է, ինչ որ գործ են դնում «չարչիները»:

Հա՜, միևնույնն է, դրանց մեջն է գլխավոր շահը. գիտե՞ս, մի ուրիշ բան էլ ասեմ քեզ. մեծ զանազանություն կա քարի և կշեռքի մեջ, պետք է այդ բանում շատ վարպետ լինել: Գյուղերում երկաթից ձուլված կշեռքի քարեր չկան, այլ գործ են ածում հասարակ քարեր միայն. դու պետք է ունենաս քո առանձին ֆունտանոց քարը, կարող է դա մի կտոր աղյուս լինել, իհարկե, մի փոքր ծանր, քան թե լինում է ընդունված երկաթե ֆունտանոցը, գյուղացին շատ չի հետաքրքրվում գիտենալ՝ արդյոք քարը ուղիղ էր, թե ծուռն, և եթե քո աղյուսի կտորը լիներ, օրինակ, 1Զ ֆունտ, և դու գործ ածեիր նրան մի ֆունտի տեղ, այն ժամանակ մեկ փթի մեջ կստանայիր 10 ֆունտով ավելի բամբակ: Հասկանում ե՞ս, այսպիսով մեծ զանազանություն կանե, եթե մի քանի հազար փութ հավաքելու լինես:

Դա խո... դա խո...

Ի՞նչ ես ուզում ասել, ուզում ես ասել՝ դա գողություն է, անիրավություն է, դա խաբեբայություն է, է՞դ ես ուզում ասել: Ի՞նչ գողություն, երբ բոլոր բամբակ գնողներն այդպես են վարվում. երբ դու միևնույնը չանես, չես կարող նրանց հետ մրցություն անել. դու կսնանկանաս:

Անծանոթը ոչինչ չխոսեց:

Գյուղացին, — շարունակեց աղան, — շատ բարի մարդ է, նա մի լավ սովորություն ունի, որ ասում է, թե «առնողի աչքը ծախողի ձեռին կլինի», և միշտ ավելորդով է տալիս իր մթերքը, քան թե հարկավոր էր, ինչո՞ւ օգուտ չքաղել նրա բարեսրտությունից:

Այդ լավ, բայց...

Բայց նրան խաբել պետք չէ, ուզում ես ասել, — ընդմիջեց աղան ծիծաղելով, — էդ է հիմիկվա «ադաթը», բոլորը էդպես են անում, դու ուրիշ տեսակ առևտուր ստեղծել չես կարող:

Մինչ Մասիսյանը անծանոթ պարոնի հետ վաճառականական «սատանայությունների» վրա էր խոսում, տիկին Մարիամի սենյակում, որ կից էր աղայի սենյակին, տիրում էր խորին տխրություն: Օրիորդ Գայանեն սաստիկ հիվանդ էր, նրա մի քանի տարի առաջ ստացած հազը այժմ ցույց էր տալիս բարակացավի բոլոր նշանները: Հիվանդի մայրը, քույրը, եղբայրը շրջապատել էին նրա անկողինը: Հայրը գիտեր իր դստեր վտանգավոր հիվանդությունը, բայց բազարից դառնալեն հետո չմտավ նրա մոտ, որովհետև սպասում էր պարոնին, որի հետ այժմ խոսում էր:

Այսպես չէ կարելի թողնել, — ասաց Ստեփանը:

Ի՞նչ անենք, — հարցրուց շվարած մայրը:

Պետք է շուտով կանչել բժշկին, — պատասխանեց որդին:

Դու չե՞ս իմանում քո հոր խասիաթը...

Իմանում եմ... բայց թողնել այսպես, որ մեռնի, նրա համար միայն, որ նա մի քանի մանեթ չտա բժշկին:

Փողի բան չէ...

Էլ ի՞նչ կա:

Մայրը ոչինչ չխոսեց և, թաշկինակը աչքերին դնելով, սկսեց լաց լինել:

Ես այս րոպեիս կգնամ հորս մոտ, կպահանջեմ, որ անպատճառ բժիշկ հրավիրե, — ասաց Ստեփանը վրդովված ձայնով:

Մայրը բռնեց նրա ձեռքից, ասելով.

Ի սեր աստծո, դու մի՛ գնա, թող ես գնամ, եթե ինձ վրա բարկանալու էլ լինի, ես ձայն չեմ հանի, բայց դու, ով գիտե, մի ղալմաղալ կսարքես:

Տիկին Մարիամը մտավ ամուսնի սենյակը, պատմեց նրան Գայանեի դրությունը և խնդրեց, թե պետք էր բժիշկ հրավիրել: Աղան կատաղեց:

Ախր ի՞նչ բան է բժիշկը, — ասաց նա բարկությամբ, — եթե աստված նրա ճակատին գրել է, որ այս հիվանդությունով մեռնի, այն ժամանակ հազար բժիշկ գալու լինի, ոչինչ ճար անել չէ կարելի. բայց եթե նրա «աջալը» (օրհասը) չի կատարվել, սարիցն էլ ցած գլորես, էլի չի մեռնի: Բժիշկը էլ ի՞նչ բանի է պետք:

Կինը սկսեց դարձյալ աղաչել նրան, թե պետք է հրավիրել բժշկին, թե բոլոր աշխարհը հիմար չէր, որ հիվանդության ժամանակ դիմում են բժշկին: Աղան չհամոզվեցավ: Անծանոթ պարոնը անգամ, որ զարմանալով լսում էր այդ խոսակցությունը, խորհուրդ տվեց դիմել բժշկին: Աղան դարձյալ չհամոզվեցավ և առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին, ասաց կնոջը.

Թե բժիշկ ես ուզում, էդ հիվանդության բժիշկը ես եմ. գնա՛, մի քանի գլուխ սոխ լավ խորովիր, վրան աղ ածիր, տուր թող ուտե, կուրծքը կփափկացնե, էլ չի հազա: Դու չե՞ս իմանում, որ ես հազալիս միշտ էդպես եմ անում:

Քո հազը ուրիշ է, նրանը ուրիշ, — պատասխանեց կինը:

Տո, ինձ բա՛ն ես սովորացնում, ի՞նչպես թե ուրիշ է, հազը հազ է. հազով մարդ չի մեռնի, քսան տարուց ավելի է, որ ես հազում եմ, ինչո՞ւ չեմ մեռնում:

Դարձյալ «ես», դարձյալ իր «եսի» կետիցն էր նայում աղան իր դստեր հիվանդության վրա, երբ հազը նրա «եսին» վնաս չէր տալիս և խորոված սոխ ուտելով հանգստանում էր, ուրեմն դստեր համար ի՞նչ իրավունք ունեին ուրիշ դարմանների վրա մտածելու. երբ հազից նա չէր մեռնում, աղջիկն էլ իրավունք չուներ մեռնելու...

Տիկինը գիտենալով իր ամուսնու համառությունը, առանց երկար խոսելու, թողեց նրան և վշտացած դուրս եկավ: Նա իմացավ, որ Ստեփանը արդեն գնացել էր բժշկին բերելու. այժմ ողորմելի կինը մտածում էր ոչ այնքան դստեր մահվան մասին, որքան այն խռովության մասին, որ պիտի կատարվեր բժշկի պատճառով:

Կնոջ դուրս գնալուց հետո կրկին վերադարձավ Մասիսյանի սրտի խաղաղությունը, որպես թե ոչինչ չէր պատահել, և կրկին իր սովորական սառն և հանգիստ տրամադրության մեջ նա դարձավ դեպի անծանոթ պարոնը և ասաց նրան.

Ճշմարիտ են ասել, որ «կնոջ ծամը երկար կլինի, բայց խելքըկարճ», ոչինչ չես կարող հասկացնել դրանց:

Անծանոթը ոչինչ չխոսեց:

Սատանայի պես եկավ, մեր խոսակցությունը կտրեց, — ասաց աղան: — Ինչ էինք խոսո՞ւմ:

Դուք խոսում էիք, թե ինչպես պետք է 1Զ ֆունտի ծանրություն ունեցող աղյուսի կտորը գործածել մեկ ֆունտի տեղ բամբակ գնելու ժամանակ:

Հա՛, այդ էի ասում, հիմա քեզ մի բան պատմեմ:

Նա պատմեց, թե ինքը մի ժամանակ մետաքսի առևտուր ուներ Նուխի, Կախի և առհասարակ Լեզգիստանի կողմերում. ժողովուրդը այն աստիճան միամիտ և անփույթ էր, որ ամենևին հասկացողություն չուներ չափերի կամ կշիռների վրա: Այն ժամանակը մի պտղաբեր ժամանակ էր, և ինքը այն ժամանակ կարողացավ դնել իր հարստության հիմքը: Բայց հիմա... հիմա բոլորն էլ «սատանայացել» էին... Գնում էր գյուղերում մետաքս հավաքելու, մետաքսը այն ժամանակ նույն արժեքն ուներ, ինչ որ ունի այժմ բամբակը: Ինքը ուներ մի հրաշալի կշեռք, որ միշտ իր հետ էր ման ածում, որովհետև գյուղացիների մոտ կշեռք գտնել դժվար էր: Կշեռքը իսկապես մի հասարակ կշեռք էր, փայտյա լծակով, հարդից հյուսած թաթերով (նժար), որ կախված էր հին լծակից կաշուց շինված փոկերով, բայց նա ուներ իր մեջ մի գաղտնիք, որ, օրինակ, չորս ֆունտ ծանրություն ունեցող մետաքսը կարելի էր նրա մեջ երկու ֆունտ ծանրություն ունեցող քարի հետ հավասարացնել: Այդ գաղտնիքը գտնվում էր կշեռքի լեզվակի մեջ, որից բռնում և կշռում են: Լեզվակը այնպես էր հարմարեցրած լծակին, որ եթե ձեռքդ դեպի քարի կողմը թեքեիր, մետաքսը անհամեմատ թեթև կգար, իսկ եթե ձեռքդ դեպի մետաքսի կողմը թեքեիր, մետաքսը անհամեմատ ծանր կգար: Ուրեմն գնողի կամքիցն էր կախված իր կշեռքը այնպես գործ ածել, որ միշտ օգուտը իր կողմը մնար: Դա մի հրաշալի կշեռք էր. մի ագուլեցի զոկ քանի-քանի անգամ հինգ հարյուր ռուբլի էր տվել, որ տաներ այն կշեռքը, և պատրաստ էր հազար էլ տալու, բայց Մասիսյանը չէր ծախել և մինչև այսօր էլ պահում էր իր մոտ և միշտ կպահե որպես մի սրբություն, որովհետև նրանից շատ «խեր» էր տեսել...

Վերջացնելով իր կախարդական կշեռքի պատմությունը, Մասիսյանը սկսեց բացատրել քարերի որպիսությունը, որ այն ժամանակ գործ էին ածվում որպես չափ: Կշեռքի որոշված քարեր կամ չափեր չկային, ասում էր նա, այլ քսան հատ ռուսաց արծաթյա ամբողջ ռուբլիանոց մանեթների ծանրությունը համարվում էր մի ընդունված չափ. և ինքը միշտ ընտրում էր Եկատերինայի ժամանակից մնացած ահագին մանեթները և նրանցով էր կազմում իր կշեռքի ծանրության չափը: Ահա այն ժամանակն էին առատ հունձքի տարիները... մի զոկի համար պատմում էին, թե շատ տեղերում իր աջ ոտն էր գործածում որպես չափ. դնում էր կշեռքի մեկ թաթի մեջ, իսկ մյուսումը մետաքս էր ածել տալիս, ասում էր, թե ոտս 5 ֆունտի ծանրություն ունի, և հուպ էր տալիս ոտը, որքան ուժ ուներ, և 5 ֆունտի տեղ 10 ֆունտից ավելի մետաքս էր կշռում... և զոկերը այն ժամանակ հարստացան... հիմա ո՞ւր են այն ժամանակները... գնա՜ցին... էլ ետ չեն գա... ով խելք ուներ, իր բեռը բեռնեց... ով խելք չուներ, մնաց քաղցած...

Մասիսյանը պատմում էր այդ ամենը այնպիսի մի հասարակ կերպով, կարծես թե խոսում էր բոլորովին սովորական մի բանի վրա: Նա երանություն էր տալիս անցյալ ժամանակներին, երբ մարդիկ միամիտ էին, երբ կարելի էր խաբել նրանց... Անծանոթ պարոնը լսում էր նրան, երբեմն գլուխը շարժելով, վերջապես ձանձրացավ նա և վերկենալով ասաց.

Մնաք բարյավ:

Նա հեռացավ և նրա ետևից Մասիսյանը ասաց.

— «Ավանա՜կ»...

— «Ավազա՜կ»... — կրկնեց իր մտքումը անծանոթը և անհետացավ փողոցների խավարի մեջ:

ԺԳ

«Լավ է տան շունը լինել, քան թե տան պստիկը». ամեն ինչ նրան են հրամայում, ամեն բան նրան են անել տալիս, թե՛ տիկինը, թե՛ աղան, թե՛ ծառան և թե՛ աղախինը բոլորը նրան գործի են դնում:

Այն օրից, որ Միքայելը դուքնի աշակերտ դարձավ, թեև նրա դրությունը մի աստիճան բարձրացավ, բայց նրա աշխատությունները ավելի և ավելի անտանելի դարձան: Խեղճ տղան մի րոպե ևս հանգստություն չուներ, նա պետք է և՛ տանը ծառայեր, և՛ խանութումը: Առավոտյան դեռ բոլորը քնած, դեռ արևը չծագած, նա ոտքի վրա էր, սամովարը կրակ էր գցում, ամենի կոշիկները սրբում էր, բակը ավելում էր, այդ բավական չէր, պետք էր և ջրով սրսկել, որ նա վեր էր առնում բակից անցնող առվակից: Ա՜խ, այդ բակի մաքրելը ամեն առավոտ նրա համար մի ահագին տանջանք էր. փոշին, կարծես, մաղվում էր խարխուլ և տրորված պատերից, իսկ հատակը քարած չէր, այլ նույնպես հողից, որ միայն պնդացել էր մարդկանց ոտքերի տակ:

Չնայելով այս բոլոր բազմատեսակ զբաղմունքներին, Միքայելը դարձյալ ժամանակ էր գտնում, իր փոքրիկ դասագիրքը առնելով քաշվել տան մի խուլ անկյունում և լուռումունջ իր դասը սերտել: Նա սաստիկ սեր ուներ կարդալ սովորելու և կարծես բնազդումով հասկանում էր, թե դա մի օր հարկավոր կլինի, բայց սովորում էր որպես մի արգելված բան: Մասիսյանը ատում էր բոլոր կարդացողներին, և նրա ատելությունը ավելի սաստկացավ, երբ որդին, Ստեփանը, գիմնազիայից տուն դարձավ, երբ նրա մեջ գտավ մի հակառակորդ, որի հետ երբեք չէր կարող հաշտվել:

Միքայելը ընտրում էր միայն գիշերվա ժամերը ընթերցանության համար, երբ տան մեջ բոլորը քնած էին, երբ ոչ ոք նրան խանգարել չէր կարող: Նրան բնակության համար տվել էին հին փայտանոցը, որ այժմ ծառայում էր որպես «խորթանոց», այսինքն՝ մի այնպիսի տեղ, ուր պահվում են տան անպետք կարասիները: Այնտեղ կարելի էր տեսնել գործածությունից ընկած զանազան տեսակ անոթներ, ժանգոտած մեխեր, երկաթի կտորներ, կոտրած բահեր, բրիչներ, ատամները մաշված սղոցներ, ջարդված կժեր, կճուճներ, պատառոտած հին կոշիկներ, հողաթափներ, թոկի կտորներ, բամբակ գզելու մի ջարդված մեքենա, — այսպիսի և ուրիշ տեսակ անպետք բաներ, որ փտում էին փոշու և բորբոսի ներքո:

Այդ խուղը, առանց օդի և առանց լույսի, նմանում էր մի մեծ հավաբնի, որ մի նեղ ծակ միայն ուներ, որ ծառայում էր որպես մուտք, և որտեղից ներս մտնելու համար նրա փոքրիկ բնակիչը պետք է բավական թեքեր իր մեջքը: Այնուամենայնիվ, Միքայելը գոհ էր իր բնակարանով, որովհետև առանձին էր: Թեև նրա մեջ գտնված մթերքը այնքան շատ տեղ էր բռնել, որ Միքայելի համար մնացել էր մի անձուկ անկյուն միայն, որը նա մաքրելով և սառն, խոնավ հատակի վրա մի կտոր հասիր տարածելով, այնտեղ պառկում էր: Նրա դոշակը այդ կոշտ և խարտոցի նման հյուսված հասիրն էր, որ սաստիկ ցավեցնում էր կողքերը. նրա բարձն իր հագուստն էր, որ հանում էր, ծալում էր և դնում գլխի տակը. նրա վերմակը աղայի հին քրքրված մուշտակն էր, որ հայտնի չէր, թե ինչ ժամանակներից էր մնացել, և որի վրա մազերի հետքերը մի քանի տեղ միայն երևում էին: Այդ ողորմելի անկողնի մեջ պառկում էր նա, քնում էր խորին, հանգիստ քնով, որովհետև միշտ հոգնած էր լինում:

Մի անգամ գիշերից բավական անցել էր, Մասիսյանի դատարկ տան մեջ տիրում էր խորին անապատական լռություն: Ամեն տեղ մութն էր, միայն Միքայելի խուղի մեջ դեռ լույս էր երևում: Նույն միջոցին մեկը ման էր գալիս պարտեզի մեջ և այնքան հանդարտ կերպով, կարծես զգուշանում էր, որ քայլերի խշխշոցը լսելի չլիներ: Անցնելով Միքայելի խուղի մոտից, նա նկատեց լույսի նեղ շառավիղը, որ դռնից դուրս ցոլանալով, տարածվել էր գետնի վրա: Նա գլուխը կռացրուց և ներս մտավ: Միքայելը պառկած էր իր հասիրի վրա և ձեռքը նեցուկ տալով երեսին, գլուխը վեր էր բարձրացրել բարձից: Նրա աչքերը նայում էին, բայց նա ամենևին չշարժվեցավ և կարծես չնկատեց, որ մեկը մտավ իր մոտ: Նա գտնվում էր մի այնպիսի ինքնամոռացության մեջ, երբ միտքը դադարում էր գործելուց, և հոգնած անդամների վրա տիրում էր մի տեսակ մեռելային թմրություն: Նրա մոտ բաց դրած էր իր դասա գիրքը:

Է՜յ... հե՜յ... դեսը քշե՛ գառները, դեսը... — բացականչեց կիսաքուն Միքայելը:

Խե՜ղճ տղա, նա երբեք իր գառները մոռանալ կարող չէ, — ասաց ներս մտնող պատանին:

Դա Ատեփանն էր:

Նա իր սովորության համեմատ եկել էր Միքայելի հետ պարապելու, նրա դասերին նայելու: Բարեսիրտ պատանին այս և այն կողմ մտիկ տվեց, որ մի հարմար տեղ գտնե նստելու և նստեց բամբակ գզելու ջարդված մեքենայի վրա: Միքայելը դեռ անշարժ, նույն դրության մեջ պառկած էր: Պատանին ձեռքով կամաց խթեց նրան, որ զարթնի:

Խփի՛ր, խփի՛ր... թեկուզ սպանես, էլի ոչինչ չեմ ասի... — գոչեց Միքայելը:

Նա զառանցության մեջ է, — խոսեց Ստեփանը: — Խե՜ղճ տղա, տեսնես ինչ է պատահել:

Այդ ես եմ, Միքայել, զարթիր:

Միքայելը գլուխը բարձրացրեց և նստեց:

Դու դարձյալ այդպես անհո՞գ կերպով ես քնած, հազար անգամ քեզ ասել եմ, որ կհիվանդանաս, — խոսեց Ստեփանը կարեկցությամբ նայելով, թե որպես նա պառկած էր մերկ հասիրի վրա:

Ա՜խ, ո՞ւր էր, որ հիվանդանայի... որ մեռնեի... — մրմնջաց փոքրիկ սպասավորը ողորմելի ձայնով և սկսեց հեկեկալ:

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լացում, — աշխատում էր հանգստացնել նրան Ստեփանը:

Միքայելը պատմեց աղայի այն օրվա բարբարոսական վարմունքը իր հետ, ցույց տվեց իր մարմնի վրա կապտած, սևացած տեղերը, որ առաջ էին եկել նրա փայտի հարվածներից, ասաց, որ իրան փակեցին խանութի ստորերկրյա սարդափում, այնտեղ ծեծեցին, ամբողջ օրը այնտեղ բանտարկված մնաց, կամենում էին գիշերն էլ թողնել, բայց ինքը շատ վախեցավ, հետո խանութի մեծ գործակատարը աղաչեց աղային, նրան ներեցին, և ավելացրուց, թե ինքը ոչ մի գործով հանցավոր չէ, իզուր տեղը ծեծեցին և շատ ծեծեցին... լավ էր, որ ուշքից գնաց և չէր զգում, թե որպես էին ծեծում...

Անգո՜ւթ... — մռնչաց պատանին և սկսեց ցավակցաբար քննել Միքայելի մարմնի ծեծված տեղերը, հետո բոլորովին զայրացած, հարցրուց ինչ բանի համար այսպես նահատակեցին քեզ:

Միքայելը հայտնեց, թե աղան շատ անգամ նրան ասել էր, թե տանը ինչ որ պատահում էր, բոլորը իրան «խաբար տա», թե ի՞նչ են անում, ի՞նչ են ուտում, ո՞վ է գալիս, ո՞ւր են գնում, տիկինը ո՛ւմ հետ է խոսում, Ստեփանը որտեղ է ման գալիս և այլն. իսկ ինքը թեև ամեն բան իմանում էր, բայց չէր հայտնում, ասում էր, թե ոչինչ չգիտե, և երբ աղան մյուս աշակերտներից տեղեկանում էր, նրա վրա միշտ բարկանում էր, թե «լակոտ, դու ինչո՞ւ ես ինձ խաբում»: Իսկ այն օր տիկինը տվել էր նրան մեկ մանեթ և ասել էր. «Միքայել, շուտ վազիր բազարը, մի քիչ տանձ, խնձոր և ծիրան գնիր, Եփրեմ աղայի կնիկը գալու է մեր տունը»: Միքայելը գնացել և տիկնոջ պատվերը կատարել էր. աշակերտներից մեկը խաբար էր տվել, բայց ինքը ուրացավ, թե սուտ է, և դրա մասին նրան ծեծեցին:

Ինչո՞ւ էիր ուրանում:

Ես գիտեի, — պատասխանեց Միքայելը, — որ աղան պիտի գար տուն և խանումի հետ ղալմաղալ սարքեր, մտածեցի, թե ավելի լավ էր, որ ես ծեծ ուտեի, քան թե նա խանումին մի վատ խոսք ասեր:

Ուրեմն դու խանումին սիրում ե՞ս:

Սիրում եմ, նա ինձ չի ծեծում, բայց աղան միշտ ծեծում է, միշտ ծեծում է... Ես այստեղ չեմ մնա, կփախչեմ, կգնամ, կկորչեմ, հերիք է որքան ծեծվեցա...

Պատանին աշխատում էր հանգստացնել նրան, խրատելով, որ այսպես բան չանե, թեև իրան լավ հայտնի էր նրա վիճակի դառնությունը, թեև ինքը գիտեր իր հոր անգթությունը, բայց փախչելը ոչինչ նպատակի չէր հասցնի, որովհետև նրան կրկին ետ կբերեն և ավելի խստությամբ կսկսի վարվել, որպես այդ պատահել էր մի քանի անգամ: Որովհետև Միքայելը մի տեսակ ստրուկ էր, մի տեսակ գրավական էր այն փողի փոխարեն, որ նրա հորեղբայրը պարտական էր աղային: Թե պետք էր առաջ մտածել, որ այս պարտքից ազատվեր նրա հորեղբայրը, այնուհետև Միքայելի ազատությունը կհեշտանար: Եվ ինքը, Ստեփանը, հույս ունի, որ շուտով իր միջոցները կներեն օգնելու նրա հորեղբորը, միայն մտածում է, թե Միքայելը իրանց տնից դուրս գալուց հետո ինչ գործով պիտի պարապվեր, որովհետև չէր ցանկանում, որ նա կրկին վերադառնար իր հայրենական տունը և գյուղական կյանք վարեր, այլ համոզված էր, որ եթե նա օրինավոր կրթություն ստանար, կարող էր ժամանակով մի նշանավոր մարդ դառնալ:

Следующая страница