Րաֆֆի՝   Ոսկե աքաղաղ

Բարեսիրտ պատանու խրատները, որքան և ազնիվ զզացմունքից բխած, որքան և մարդասիրական լինեինդարձյալ այն րոպեում չէին կարող ազդել Միքայելի վրա, որ միայն իր վերքերի ցավն էր զգում, խորհելու և մտածելու ընդունակությունը կորցրել էր:

Չէ՛, — ասաց նա, — ինչ որ էլ պատահելու լինի, կփախչեմ, գլուխս մի տեղ կթաքցնեմ, էլ չեմ գնա մեր գյուղը, որ այնտեղից ետ բերեն, կկորչեմ մի ուրիշ տեղ...

Ստեփանին ավելի վախեցնում էր փոքրիկ Միքայելի հուսահատությունը և ծանոթ լինելով նրա համարձակ և անվեհեր բնավորությանը, կասկածում էր, մի՛ գուցե խեղճ տղան մի փորձանքի մեջ գցեր իր անձը: Բայց չգիտեր, թե ինչ պետք էր անել: Երկու վիճակակիցներմեկը որդի, մյուսը սպասավորշատ լավ հասկանում էին միմյանց դրությունը, բայց որդին ավելի դժբախտ էր, քան թե սպասավորը, որովհետև ավելի զարգացած լինելով, նրա վրա ավելի սաստիկ ազդում էր բռնության կոպտությունը, բայց սպասավորի վրա րոպեական տպավորություն ուներ, և նրա մարմնի կապույտ ուռուցքների բժշկվելու հետ գուցե կանցներ և սրտի կսկիծը:

Ստեփանը երկար նստած բամբակի ջարդված մեքենայի վրա, խրատում էր, մխիթարում էր դժբախտին, որին նա շատ սիրում էր, գտնելով նրա մեջ այնքան լավ հատկություններ, որ գուցե պիտի փչանային, պիտի աղավաղվեին այն ապականված մթնոլորտի մեջ, ուր նրան ձգել էր վիճակը: Նա խոսում էր խիստ տաք և ոգևորված կերպով, թե ինքը հավատացած է թե Միքայելը կհետևի իր խրատներին, չի հեռանա, այլ կմնա և կսովորի այն բոլորը, ինչ որ ինքը ցանկանում է նրան սովորացնել և ժամանակով լավ մարդ կդառնա: Միայն պետք է համբերել, պետք է դիմանալ, և գլխավորը՝ պետք է աշխատել: Ձիթային ճրագի աղոտ լույսը, ընկնելով եռանդոտ պատանու գունաթափ դեմքի վրա, տալիս էր նրա երեսի գեղեցիկ գծագրությանը մի առանձին վայելչություն: Նա խոսում էր առանց դադարելու, շուտ-շուտ ուղղելով գլխի խիտ մազերը, որ թափվում էին ընդարձակ ճակատի վրա:

Կարդալով և շատ կարդալով զանազան գրքեր, նրա գլխում խիստ շուտ ձևակերպվեցավ այն ընկերական լուսավոր գաղափարը, որ լցնում է մարդու սիրտը մի սրբազան զգացմունքով՝ սիրել, կարեկցել և օգնել նեղյալներին, վշտացածներին, հարստահարվածներին: Դառնալով հոր տունը, այնտեղ գտավ անախորժություններ և զզվանք միայն, մոր մշտահոս արտասուքը և քույրերի ճնշված վիճակը տեսավ: Տեսավ մի հայր, որ որպես խավարեցնում էր ընտանիքի բարօրությունը, որպես զրկում էր նրան ամեն վայելչություններից, որը որպես իր տունը շինել էր մի կատարյալ դժոխք, այնպես էլ իր առևտրական տունը դարձրել էր կատարյալ ավազականոց: Եվ զարմանալին այն էր, որ նրա հայրը, այդ հին ավազակը, նայում էր իր որդու վրա, որպես մի գողի վրա և թույլ չէր տալիս մինչև անգամ իր խանութը մտնելու: Այդ մարդը, որ այնքան համակրում էր գողերին և խաբեբաներին, նույնը կասկածում էր իր որդու մասին, որը բոլորովին հեռու էր այս տեսակ ախտերից: Այդ մի անբացատրելի հակասություն էր: Գողությունը, խաբեությունը նրա կարծիքով պախարակելի չէին լինի, եթե որդին գողանար ուրիշից, բայց երբ հոր փողերը ծախսում էր, առանց աշխատելու նրանց տեղը կրկնապատիկ լցնել, — դա գողություն էր:

Բարեսիրտ պատանին վերջացնելով իր խրատները, խորհուրդ տվեց Միքայելին չպառկել հասիրի վրա, թե գետնի խոնավությունից կարող էր ավելի հիվանդանալ նա, և խոստացավ, թե առավոտյան կտանե նրան բժշկի մոտ և մարմնի ծեծված տեղերը դարմանել կտա:

Չէ, չեմ ուզի, — ձայն տվեց Միքայելը, — եթե աղան գիտենա, մի ղալմաղալ էլ դրա վրա կսարքե, ինչպես որ արեց, երբ Գայանեի համար բժիշկ բերեցիք:

Միքայելի երկյուղը մասամբ իրավացի էր. աղան ահագին փոթորիկ բարձրացրեց, երբ առավոտյան իմացավ, թե Գայանեի համար բժիշկ էին բերել, և մինչև անգամ մարդ ուղարկեց, իմացում տվեց բժշկին, որ «չհամարձակվի» մյուս անգամ իր տունը մտնել:

Այդ ոչինչ, — պատասխանեց Ստեփանը, — ես այնպես կսարքեմ, որ նա չի իմանա: Բայց հիմա պետք է քեզ համար մի մահճակալ պատրաստել:

Ստեփանը սկսեց քրքրել «խորթանոցի» մեջ ածած ափուր-չփուր բաները և գտավ մի կոտրած դռան կտոր, որի երկու տախտակներն էին մնացել, տախտակների մի ծայրը դրեց բամբակի մեքենայի վրա, իսկ մյուս ծայրը ամրացրեց պատուհանի մեջ. մահճակալը արդեն պատրաստ էր:

Ահա դրա վրա կքնես այսուհետև, — ասաց նա Միքայելին:

Բայց երբ աղան տեսնե՞, — հարցրուց Միքայելը վախկոտ ձայնով, — նա ասել է, որ այդ բաներին ձեռք չտամ, ոչ մեկը տեղից չշարժեմ:

Առավոտյան կրկին իրանց տեղը կդնես, իսկ գիշերները այսպես կսարքես քեզ համար. հիմա խո սովորեցար... Դե, բարի գիշեր:

Պատանին հեռացավ:

ԺԴ

Անցավ երեք տարի ևս:

Միքայելը այժմ մեծացել, բավական շնորհալի տղա էր դարձել, բայց նրա վիճակի մեջ մի առանձին փոփոխություն չէր եղել: Մոտավորապես հինգ տարի կլիներ, որ նա ծառայում էր Մասիսյանի թե՛ տանը և թե՛ խանութում, և ամենալավ գործակատարներից մեկը կարելի էր համարել նրան, բայց տակավին ոչինչ վարձատրություն չէր գտել, թեև նրա հորեղբորը, Ավետ ապորը, խոստացել էին, թե խանութի աշակերտ դառնալուց հետո ռոճիկ կնշանակեն: Միքայելին դեռ անընդունակ էին համարում շատ բաների մեջ. նա երբեք չէր կարողանում սովորել, թե որպես պետք է հասկանալ «լավը» և որպես պետք էր հասկանալ «վատը»: Վաճառականները առանձին նշանախոսություններ ունեն, որպես ավազակները ունեն արգոթյան լեզու:

Վաճառականի ճարպիկությունների գաղտնիքը ըմբռնելու համար, վաճառականի արգոթը սովորելու համար, պետք է ասած, որ Միքայելը իրավ որ անընդունակ էր: Նա դեռ չգիտեր, թե որպես պետք է արշինը պտտացնել, որ, օրինակ, 10 արշին երկարություն ունեցող կտավը կարելի է լիներ 11-ի հավասար դուրս բերել. նա դեռ չգիտեր, թե կշիռների և չափերի մեջ ինչ տեսակ խարդախություններ պետք է բանեցնել: Եվ այս էր պատճառը, որ նրան անդադար լսել էր տալիս աղայի հանդիմանությունները՝ «հիմար, դու մարդ չես դառնա»... Այդ բոլորը ոչ թե նա չգիտեր, ոչ թե չէր կարող կատարել ավելի լավ և ավելի ճարպիկ կերպով, քան թե մյուս գործակատարները, բայց ատում էր, զզվում էր, անբարոյականություն էր համարում: Բնականից պարզ և չփչացած գյուղացի տղան, մի բարի բախտով հանդիպելով Ստեփանի նման ազնիվ պատանուն, նրա ազդեցության տակ, ավելի զարգացավ, ավելի մաքուր բնավորություն ստացավ: Լուսավոր որդին հաղթեք խավարասեր հորը, Միքայելի կրթության վերաբերմամբ:

Ստեփանը այժմ Մոսկվայի համալսարանի բժշկական մասում ուսանող էր: Միքայելը երբեք չէր կարող մոռանալ այն տխուր գիշերը, որի առավոտը պատանին պիտի ճանապարհ ընկներ: Նա զրկվում էր մի լավ բարեկամից, որ շատ անգամ մխիթարել էր նրա կյանքի դառն րոպեները, որ ներշնչել էր նրա մեջ այնքան բարի մտքեր: Նա նստած իր ողորմելի խուղի մեջ անքուն սպասում էր մի անգամ ևս տեսնել նրան իր մոտ, մի անգամ ևս լսել նրա խոսքերը: Հանկարծ Ստեփանը ներս մտավ, բերելով իր հետ մի փոքրիկ արկղիկ. «Քեզ համար է, Միքայել, ասաց նա, գրքեր են, դու այնքան սովորել ես, որ կարող ես կարդալ և հասկանալ, կարդա և շատ կարդա՛ այդ գրքերը»: Միքայելը ուրախությամբ ընդունեց թանկագին ընծան, և այն օրից գրքերի արկղը թաքցրել էր իր խուղի մեջ, և շատ անգամ ամբողջ գիշերներ անց էր կացնում ընթերցանությամբ, թեև շատ բան չէր հասկանում:

Մասիսյանի խանութի ծառայողների մեջ Միքայելը միակն էր, որ պանդուխտ էր, մյուսները քաղաքումս կամ ծնողներ, կամ ազգականներ ունեին և գիշերները իրանց տներն էին գնում: Նրանք միայն խանութի հետ գործ ունեին և ազատ էին աղայի տնային ծառայություններից: Այդ հոգսը մնացել էր Միքայելի վրա միայն, թեև նա այժմ բավական բարձր էր մի հասարակ սպասավոր լինելուց, և այն ստոր ծառայությունները, որ նրան անել էին տալիս, մինչև անգամ վիրավորական էր նրա համար: Տիկին Մարիամը շատ անգամ ասել էր իր ամուսնին, որ մի նոր սպասավոր վարձե, և Միքայելը ազատ մնա տնային ծառայություններից, բայց միշտ նրա խնդիրքը մնացել էր անկատար, ստանալով աղայի մերժողական պատասխան: «Ես մուֆթա հաց չունեմ, որ նրան ուտացնեմ. հոգին չի դուրս գա, թող տան բանն էլ անի, դուքանի բանն էլ»:

Բայց այդ «մուֆթա» հացը Միքայելի վրա շատ թանկ էր նստում: Չնայելով իր վրա բարդված անտանելի աշխատություններին, այն օրից, որ նա մտել էր Մասիսյանի տունը, և որից անցել էր հինգ տարի, այսքան տարվա ընթացքում նա ոչ միայն կոպեկ փող չէր ստացել աղայից, այլ նրա համար մի նոր հագուստ ևս չէին կարել տվել: Նա դեռևս հագնում էր տան հնոտիները, որ տիկին Մարիամը կարկատում և հարմարեցնում էր նրա համար: Բայց նա խանութում ստացած «շագիրդանաներից»5 հինգ տարվա ընթացքում ետ էր գցել մի փոքրիկ գումար, որ հասնում էր քսան ռուբլու, և այդ փողերով կարել էր տվել իր համար մի ձեռք հագուստ, որ դեռ մի անգամ ևս չէր հագել և այն հագուստով չէր երևացել աղայի աչքին, այլ ծածուկ պահում էր, որ զատկին իրանց գյուղը գնալու ժամանակ հագնե:

Մասիսյանը առհասարակ սիրում էր իր գործակատարներին վատ հագնված տեսնել. նրա կարծիքով հագուստը մերկությունը ծածկելու համար էր և ոչ թե վայելչության համար: Եվ մաշված հագուստով գործակատարը միշտ վայելում էր նրա առանձին հավատարմությունը. «փողի ղադրը իմացող է», նկատում էր նա: Բացի դրանից, իր անձնական «եսի» տեսակետից կշռելով ամեն ուրիշ մարդու վարմունքը, նա խիստ անվայել էր համարում տեսնել մեկին, որ հետևում է նորաձևությունների, որ իր վրան-գլուխը զարդարում է, քանի որ ինքը, աղան, այնքան մեծ հարստության տերը, երբեք չէր փոխում իր հագուստի ձևերը, որպես չէր փոխում իր մարմնի կաշին: Մասիսյանի ճաշակին այն աստիճան սովորել էին գործակատարները, որ ամեն կերպով աշխատում էին հարմարվել: Նրանք ուրիշ քաղաքներում գեղեցիկ հագնվում էին, շռայլ ապրում էին, ոսկի ժամացույց էին կրում ոսկի շղթայով, կառքերով էին զբոսնում, բայց երբ պատահում էր վերադառնալ աղայի մոտ հաշվի կամ մի ուրիշ գործի համար, բոլորովին կերպարանափոխվում էին և հայտնվում էին մաշված հագուստով, ողորմելիխոնարհական դեմքով և հին քոշերով: Մասիսյանը այն բնավորությունն ուներ, ինչ ուզում ես արա, միայն նրա աչքը չտեսնե: Ամեն բան նրա մեջ հաջորդաբար և մինը մյուսին համապատասխանող օրենքներով էր գնում. նա որպես չէր փոխում իր հին տան շինվածքի ձևը, որպես չէր փոխում իր ընտանիքի կազմակերպության ձևը, որպես չէր փոխում իր խանութում ընդունված առևտրական եղանակի ձևը, — այնպես էլ չէր փոխում իր հագուստի ձևը: Դա անշարժության կատարյալ հատկանիշն է: Մի մարդ, մի ժողովուրդ և վերջապես մի ամբողջ ազգ, երբ շուտ-շուտ է փոխում իր հագուստի ձևերը, այնպես էլ շուտ փոխում է իր հասարակական կյանքի ձևերը:

Միքայելի նոր հագուստ ունենալը թեև մի գաղտնիք էր, բայց տան մեջ շատերը գիտեին, գիտեր տիկինը, գիտեին և նրա երկու աղջիկները՝ Գայանեն և Հռիփսիմեն:

Այդ երկու անմեղ արարածները այժմ բավական փոխվել էին. Գայանեն էլ չէր հազում, առողջ էր, միայն տարիների հետ որքան նրա արտաքին կերպարանքը այլանդակվում էր, այնքան նրա բնավորությունը, հոգեկան հատկությունները գեղեցիկ կերպարանք էին ստանում: Հռիփսիմեն, ընդհակառակն, ձևակերպվել, սիրունացել և մի նազելի օրիորդի դեմք էր ստացել, բայց նա մնացել էր դարձյալ ծաղրող, դարձյալ արհամարհող և միևնույն հպարտը, որպես էր միշտ: Հպարտությունը հատուկ է սիրուն աղջիկներին: Բոլոր տանեցիք սիրում էին Միքայելին, բացի Հռիփսիմեից, նա դեռ պահպանել էր իր սառը հարաբերությունները դեպի գյուղացի «արջի քոթոթը», որի առաջին տարիների կյանքից պատմում էր շատ և շատ ծաղրական էպիզոդներ, երբ նա անկիրթ, անփորձ և անտաշ հայտնվեցավ նրանց տանը: Բայց Հռիփսիմեն այրվում և մինչև անգամ վիրավորվում էր, երբ Միքայելը նրա կատակներին պատասխանում էր իր արհամարհական լռությամբը:

Տան աղջկա սերը դեպի տան սպասավորը շատ անգամ սկսվում է կատակներից: Ծաղրել, ատել և պախարակել, դրանք մի տեսակ ցույցեր են, երբ դժվար էր համարձակ ասել «ես սիրում եմ քեզ», կամ «դու ինձ դուր ես գալիս»: Բայց Միքայելը այնքան հասած էր, որ չէր կարող չնկատել Հռիփսիմեի փոքրիկ խորամանկությունները, և երբ սառնությամբ էր վերաբերվում դեպի նրա կատակները, միշտ լսում էր այսպիսի խոսքեր. «Ի՞նչ ես էդքան փքվում... ուզում ե՞ս գնամ տրեխներդ բերեմ... ես ջեր պահել եմ»... Եվ գնում, բերում, ցույց էր տալիս գյուղացու տրեխները, որ, հագած, առաջին անգամ Միքայելը նրանց տունը մտավ: Այդ մի կծու, հեգնություն էր Միքայելին հիշեցնելու համար նրա նախկին վիճակը և խորտակելու նրա հպարտությունը:

Վարդավառի տոնն էր: Փողոցներում երեխաները ջուր էին ածում միմյանց վրա, վազվզում էին, գոռում, գոչում էին. հարևան աղջիկները հավաքված դրացու տան պարտեզում երգում էին, «վիճակ էին գցում» և «ջան-գյուլում» էին երգում: Ամեն տեղ ուրախ և զվարթ փայլում էր կյանքը, ամեն տեղ մարդիկ անհոգ զվարճությամբ կատարում էին տոնական հանդեսը: Միայն Մասիսյանի տան մեջ ամեն ինչ նույնն էր, ոչինչ չէր փոխվել սովորականից: Ճաշից հետո երկու քույրերը՝ Գայանեն և Հռիփսիմեն, իրանց ամենօրյա հագուստներով ման էին գալիս պարտեզի մեջ. տիկին Մարիամը իր սենյակում խոսում էր մի կնոջ հետ, որի որդուն աղան բանտարկել էր տվել պարտքի համար, և նա եկել արտասվելով խնդրում էր, որ տիկինը բարեխոսե աղայի մոտ, նրա որդուն ազատեն բանտից. «Նա շատ ջահել է, անփորձ է, կմեռնի կսկծից, թե պարտքը նրա հոր պարտքն է, որ ոչինչ չէ թողել, և իրանք ուտելու հացի կարոտ են» և այլն: Խեղճ կինը առանց դադարելու խոսում էր, աղաչում էր և լաց էր լինում: Տիկին Մարիամը ցավում էր, որ ոչնչով նրան օգնել կարող չէ, թե ինքը աղայի գործերում միջամտելու համարձակություն չունի, ավելի լավ կաներ, եթե նա ուղղակի դիմեր աղային: Իսկ աղան տանը չէր:

Միքայելը օգուտ քաղելով տոն ավուր հանգստությունից, գնացել էր մի քանի ծանոթների հետ ման գալու, նա վերադարձավ բավական ուրախ տրամադրության մեջ և տեսնելով աղջիկներին պարտեզում, դիմեց նրանց մոտ: Երկուսն էլ լճակի մոտն էին: Գայանեն հացի փշրանք էր ձգում ձկներին, իսկ Հռիփսիմեն, մերկացնելով իր գեղեցիկ, կլորիկ թևքը, խաղում էր ջրի հետ, ափովը այս և այն կողմ ցրվելով:

Էդ ի՞նչպես է, որ դուք չեք գնացել «ջան-գյուլում» երգելու, — հարցրուց Միքայելը մոտենալով աղջիկներին. — խաչը վկա, լավ չեք արել. ա՛խ, որքան աղջիկներ են հավաքված մեր հարևան Սարխոշենց պարտեզում, «վիճակ» են գցում. ես մի քանի տղերքի հետ գնացինք, մեզ ներս չթողեցին սատանաները...

Հայրս չթողեց, որ մենք էլ գնայինք, — պատասխանեց Գայանեն տխուր կերպով:

Հռիփսիմեն նկատելով, որ Միքայելը և իր քույրը զբաղված են խոսակցությամբ և իր վրա չեն նայում, լճակից լեցրուց մի ահագին կուժ ջրով և հանկարծ վրա վազելով, բոլորը միանգամով թափեց Միքայելի վրա:

Միքայելը շփոթվեցավ: Հռիփսիմեն հեռվից ծիծաղում էր. «Լավ լողացար, վաղուց չէիր լողացել», իսկ Գայանեն հանգստացնում էր նրան, աշխատելով թրջված հագուստը ցամաքացնել:

Վնաս չունի, վարդավառ է, էսպիսի ժամանակներում չեն բարկանում:

Չէ՛, ես նրա համար չարեցի, որ վարդավառ է, — խոսեց Հռիփսիմեն, չդադարելով իր ուրախ ծիծաղից. — ես Միքայելին լեղացրի, որ գնա իր նոր շորերը հագնե, չէ՞ իմանում, որ էսօր տոն է:

Միքայելը ամոթահարվեցավ իր անտեղի վրդովմունքի պատճառով և դառնալով դեպի Հռիփսիմեն՝ հարցրուց.

Դու ի՞նչ գիտես, որ ես նոր շորեր ունեմ:

Գիտեմ... գիտեմ, թե որտեղ էլ պահել ես, ուզում ե՞ս գնամ դուրս բերեմ:

Եվ նա առանց Միքայելի պատասխանին սպասելու, սկսեց վազել դեպի նրա խուղը, որ շատ հեռու չէր. Միքայելը վազեց նրա ետևից, որ արգելե իր պահուստը երևան հանելուց. իսկ կաղլիկ Գայանեն չկարողանալով նրան հասնել, հեռվից կանչում էր իր քրոջը, որ ետ դառնա: Բայց Հռիփսիմեն արդեն գտնվում էր «խորթանոցի» մեջ և շտապով քրքրում էր այնտեղ ածած անպետք մթերքը, որի մեջ պահված էր Միքայելի նոր հագուստը:

Միքայելը բռնեց նրա ձեռքից, աշխատում էր արգելել, բայց Հռիփսիմեն ընդդիմանում էր: Երկուսն էլ երկար քաշքշում էին միմյանց: Այդ միջոցին մի քանի անգամ նրանց ձեռքերը հանդիպեցին միմյանց, մի քանի անգամ նրանց գլուխները շփվեցան միմյանց հետ, և ամեն անգամ երկուսի համար ևս անբացատրելի մի դող ցնցում էր նրանց քնքուշ ջղերը...

Դու ինչո՞ւ ես ցանկանում, որ ես հագնված լինեմ, — հարցրուց Միքայելը, թույլ տալով, որ նա անե, ինչ որ ուզում է:

Այս նոր շորերի մեջ դու լավ ես երևում, շատ լավ ես երևում... — ասաց փոքրիկ աղջիկը հազիվ լսելի ձայնով, որ կտրատվում էր սրտի բաբախումից:

Որ էդպես է, քո խաթրու կհագնեմ, — պատասխանեց Միքայելը անմեղ ժպիտով:

Դե՛, հագիր, ես գնում եմ:

Հռիփսիմեն դուրս եկավ փոքրիկ խուղից թշերը շառագունած, աչքերը վառվում էին խորին, անբացատրելի ուրախությամբ:

Մեծ քույրը տեսնելով նրան, մի անորոշ և մթին զգացմունք տիրեց նրա սրտին, այն զգացմունքը, որ վրդովեցնում է ավելի չափահաս և փորձված աղջկան, երբ նկատում է իրանից կրտսերի մեջ որևէ անվայել համարձակություն: Բայց Գայանեն Միքայելի մասին շատ լավ կարծիք ուներ. գիտեր նրա պարզամտությունը, գիտեր, որ նա փոքր հասակից իրենց տան մեջ սնվելով, մեծանալով, այն աստիճան ընտանացել էր, որ մի տեսակ քույր-եղբայրություն էր առաջ եկել նրա և Հռիփսիմեի մեջ: Բայց նախանձի նման մի բան նրան խռովեցնում էր, թե ինչու Միքայելը ավելի ուրախ էր լինում, երբ Հռիփսիմեն նրա հետ խոսում էր, թե ինչու նա այնպես շուտ կատարեց Հռիփսիմեի հաճությունը և հագավ իր նոր շորերը, որոնք նա ուխտել էր հագնել այն ժամանակ միայն, երբ գնալու կլիներ իրանց գյուղը:

Որքան Հռիփսիմեն շատախոս և թեթևամիտ էր, այնքան Գայանեն ծածկամիտ և լուռումունջ էր: Կարծես թե նա իր հասակից ավելի վաղ պառաված լիներ: Գուցե մարմնի բնական արատավորությունը սովորեցրուց նրան կենտրոնանալ իր մեջ, ինքն իր հետ մտածել, երբ արտաքին աշխարհը նրա վրա շատ փոքր ուշադրություն էր դարձնում: Այսպիսի աղջիկները մաղձոտ են լինում և միշտ ատելությամբ են նայում դեպի իրանց շրջապատը, բայց Գայանեն մի բացառություն էր կազմում: Նա չափից դուրս բարի և ներողամիտ աղջիկ էր և մի առանձին գութ ուներ դեպի Միքայելը, որի վիճակի մեջ գտնում էր բավական նմանություն իր հետ: Ամեն անգամ սեղանի վրա կամ մի ուրիշ ժամանակ, երբ նրան միրգ էին տալիս, իր բաժնի մի մասը պահում էր, «էդ էլ Միքայելի համար», ասում էր նա: Մայրը, եղբայրը և Հռիփսիմեն նայում էին միմյանց երեսին և ծիծաղում էին: Տանեցիք կատակի առարկա էին շինել Գայանեի բարեսրտությունը դեպի որբ և անբախտ տղան:

Իր նշանածին չէ մոռանում, — ասում էր Հռիփսիմեն:

Սիրահարված է, — ասում էր Ստեփանը:

Ես Գայանեի փեսան պիտի խլեմ, — ավելացնում էր Հռիփսիմեն:

Ա՜խ, ինչ կռիվ, ինչ ծամփետոց կլինի ձեր մեջ, — վրա էր բերում Ստեփանը:

Գայանեն լռությամբ լսում էր այդ բոլորը, երբ չափը անց էին կացնում, նրա աչքերը լցվում էին արտասուքով:

Ես կույս պիտի դառնամ, — ասում էր նա, — ինձ փեսա պետք չէ, թող Հռիփսիմեն ուրախանա...

Ինչու ես կույս դառնում, — մեջ էր մտնում Ստեփանը, — լավն այն չէ՞, որ պսակվեք Միքայելի հետ, գնաք գյուղը, վար կվարեք, կով կպահեք:

Դո՞ւ ել ես ծիծաղում, Ստեփան, երբ այդպես է, ես դրանից հետո էլ Միքայելի հետ չեմ խոսի, — ասում էր Գայանեն և արտասվալի աչքերով հեռանում նրանց մոտից:

Տիկին Մարիամը լսում էր որդու և աղջիկների կռիվը, ծիծաղում էր. — Հանգստացիր, Գայանե, ինչո՞ւ ես բարկանում, Միքայելը մեր տան տղան է, օտար չէ:

Տան չորս պատերի մեջ փակված երկու քույրերը, որոնք ոչ մի օտար տղայի երես չէին տեսնում, շատ բնական է, որ իրանց խոսակցության և զգացմունքի առարկա շինեին տան սպասավորին: Եվ Մասիսյանի ընտանիքի մեջ վերոգրյալ խոսակցության նման վիճաբանություններ շատ անգամ դիպել էին Միքայելի ականջին, և նա այնուհետև իրան հեռու էր պահում աղջիկների հասարակությունից. թեև կատակները բոլորովին անմեղ և միամիտ սրտերից էին բխում, բայց Միքայելի մոտ տակավին մնացել էր գյուղացու ամաչկոտությունը:

ԺԵ

Մի անգամ Մասիսյանը Մոսկվայի իր գործակատարից նամակ ստացավ, որի մեջ խնդրում էր ուղարկել իր մոտ մի օգնական, որովհետև տկարության պատճառով ինքը մենակ չէր կարողանում գործերը օրինավոր կերպով կատարել: Այս նամակը մեծ դղրդոց գցեց Մասիսյանի խանութի գործակատարների մեջ, և նրանցից ամեն մեկը ցանկանում էր, որ իրան ուղարկեն: Բայց և ոչ մեկի ընդունակությունը չէր համապատասխանում նամակի բովանդակությանը, որովհետև նրա մեջ գրված էր, որ օգնականը, բացի հայերենից, պետք է «անպատճառ» գիտենա ռուսերեն գրել, կարդալ և խոսել: Մասիսյանի մոտ գտնված գործակատարների մեջ չկար այսպիսի մեկը, և նա մեծ մտատանջության մեջ էր, թե որտեղից կարող էր գտնել:

Մի երեկո այս մտածության մեջ աղան տուն դարձավ և իսկույն չմտավ իր սենյակը, այլ նստեց «իշոտիքի» վրա, որ դրած էր ընկուզենու հովանու տակ, և պահանջեց սառը ջուր, որ զովացնե իր ծարավը: Միքայելը իսկույն կատարեց նրա հրամանը և կանգնեց աղայից փոքր ինչ հեռու ոտքի վրա, սպասելով, չունի՞ արդյոք մի ուրիշ բան ևս հրամայելու:

Կանչիր այստեղ խանումին, — դարձավ նա դեպի Միքայելը:

Քանի մի րոպեից հետո տիկին Մարիամը հայտնվեցավ իր ամուսնի մոտ, նա ևս Միքայելի նման կանգնած, սպասում էր լսել նրա հրամանը: Աղան նշան արեց, որ նստե: Տիկինը տեղավորվեցավ նրա մոտ «իշոտիքի» վրա: Աղան հայտնեց Մոսկվայի նամակի բովանդակությունը և կամենում էր լսել իր «խանումի» կարծիքը, թե ումը հարմար էր ուղարկել: Տիկին Մարիամին խիստ զարմացրուց այս մտերմությունը, որովհետև իր ամուսնական կյանքում այդ առաջին անգամն էր, որ աղան խորհրդակցում էր նրա հետ, այն ևս մի այնպիսի առարկայի վրա, որ բոլորովին անծանոթ էր իրան:

Այդ ձեր գիտենալու բանն է, — պատասխանեց տիկինը, — ումը որ լավ եք համարում, ուղարկեցեք:

Միքայելը, որ հեռվից լսում էր նրանց խոսակցությունը, որ վաղուց առիթ էր որոնում իրան առաջարկելու, վստահությամբ մոտեցավ և ասաց.

Ինձ ուղարկեցեք, աղա:

Աղան խոժոռ կերպով նայեց նրա վրա, ուզում էր բարկանալ, բայց ակամայից ծիծաղեց:

Դու ի՞նչ գիտես, որ ուղարկեմ, լակոտ:

Ես համ հայերեն, համ ռուսերեն գրել, կարդալ և խոսել գիտեմ, — պատասխանեց նա մի առանձին ինքնավստահությամբ:

Դո՞ւ... դու ե՞րբ սորվեցար:

Սորվեցա... ինձ ու ինձ սորվեցա... — ասաց նա, վախենալով հայտնել իր վարժապետի, Ստեփանի անունը:

Թե՛ տիկինը և թե՛ աղան երկուսն էլ մնացին զարմացած. Մասիսյանի տան մեջ ոչ ոքին հայտնի չէր, թե նա կարդալ գիտեր: Եվ իսկույն տիկնոջ գլխումը ծագեց այն միտքը, որ վաղուց նրան տանջում էր, որ ցանկանում էր Միքայելին առժամանակ հեռացնել իր տնից, վախենալով, մի գուցե Հռիփսիմեի հետ պատահեր այն, ինչ որ պատահեց իր աղջիկներից մեկի, Սոնայի հետ, որը սիրահարվելով գործակատարի վրա, փախավ հոր տնից և գյուղումը նրա հետ պսակվեցավ:

Էլ ինչո՞ւ եք ուրիշին պտռում, — խոսեց տիկինը, — Միքայելից լավը չկա, ուղարկեցեք, թող գնա «մարդ» դառնա, մեր մեծացրած տղան է:

Ռուսերեն գիրք ունե՞ս, — հարցրուց աղան:

Ունեմ:

Գնա բեր կարդա, տեսնեմ:

Միքայելը վազեց դեպի իր խուցը և ուրախությունից մոռացավ, որ գլուխը կռացնե նեղ դռնից ներս մտնելու համար և ճակատը սաստիկ զարկվեցավ դռան շրջանակի վերնափայտին: Բայց նա ուշադրություն չդարձրեց ցավի վրա և ներս մտավ: Նա բաց արեց արկղը, այն գրքերով լիքը նվիրական արկղը, որ ընծայել էր նրան Ստեփանը և վեր առեց գրքերից մեկը: Այն ժամանակ նա մտաբերեց բարեսիրտ պատանու խոսքերը` «կարդա՛, Միքայել, շա՛տ կարդա, մի օր հարկավոր կլինի քեզ կարդալը»: Այժմ նրա խոսքը կատարվեցավ, մտածում էր Սիքայելը, և բոլոր սրտով ցանկանում էր թռչել Մոսկվա, մի անգամ ևս տեսնել իր սիրելուն:

Միքայելը բերեց ռուսերեն գիրքը և երկչոտ աշակերտի նման կանգնեց աղայի մոտ:

Դե՛, հիմա կարդա՛, տեսնեմ:

Միքայելը սկսեց վարժ և կանոնավոր կերպով կարդալ, աղան ուշադրությամբ լսում էր, թեև մի բառ ևս չէր հասկանում:

Դե՛, հիմա գրե՛:

Ի՞նչ գրեմ:

Գրե, որպես թե գրում ես Մոսկվայի գործակատարին. «Այս անգամ ուղարկված 200 հակ բամբակների մի մասը խալիս (զուտ) Ամերիկայի սերմից է, մնացածները խառն են տեղային բամբակի հետ, վերջին հակերի վրա առանձին նշաններ են դրված, որ դու մուշտարուն ցույց տալու ժամանակ ճանաչես և կարողանաս Ամերիկայի բամբակի տեղ անցկացնել»: Հիմա կարդա:

Միքայելը կարդաց:

Գրեցի՞ր «առանձին նշաններ են դրված»:

Գրեցի, «առանձին նշաններ են դրված»... — կրկին կարդաց Միքայելը և իր կողմից նկատեց. — վա՜յ թե մուշտարին «առանձին նշաններ» ունեցող հակերից մեկը բաց անել տա, հետո՞...

Ձայնդ կտրի, լակոտ, Մոսկվայի գործակատարս քեզ նման հիմար չէ, նա կհասկանա, թե ինչպես պետք է սարքել բանը... — ասաց աղան բարկությամբ և դարձավ դեպի տիկինը:

Ասում ես ուղարկիր, դե, ո՞նց ուղարկեմ, ես ճանաչում եմ էդ ավանակին, դա «մարդ» չի դառնա:

Բայց իսկապես ո՛չ բամբակ էր ուղարկված, ո՛չ Ամերիկայի սերմից, ո՛չ տեղային սերմից և ո՛չ էլ «առանձին նշաններ» էին դրված խարդախված հակերի վրա, որ գործակատարը ճանաչելով չսխալվեր և կարողանար վատ բամբակը լավ հատկություն ունեցողի տեղ անցկացնել: Միայն աղան գրել էր տալիս այն, ինչ որ ստեղծել էր նրա երևակայությունը, մի նոր խաղ խաղալու համար Մոսկվայի բիրժայի վրա:

Միքայելը շատ փոշմանեց իր անզգույշ նկատողության մասին, և տիկին Մարիամը նույնպես դժգոհ մնաց նրա անփորձության համար, որով գրգռեց աղայի անվստահությունը, որը պահանջում էր անպայման հպատակություն այն բոլոր խարդախությունների մեջ, ինչ որ պահանջում էին նրա առևտրական շահերը:

Տիկինը մտածեց մի կերպով բանը շինել:

Վնաս չունի, — ասաց նա, — ջեր տղա է, կգնա, կտեսնի, կսովորի:

Ախար ի՞նչ կսովորի. այսքան տարի չսովորեց, դրանից հետո էլ ի՞նչ կարող է սովորել:

Միքայելը կանգնած լսում էր այդ բոլորը, որպես մի դատապարտյալ:

Նույն միջոցին ներս մտավ մի մարդ, կարտուզով, սև արխալուղով, որի վրայից հագել էր մի մոխրագույն մաշված սերթուկ երկայն ու լայն փեշերով և ոտներին հագել էր քոշեր սպիտակ գուլպաների վրա, որոնք կեղտոտությունից ցեխի գույն էին ստացել: Նա իր ձեռին բռնած ուներ մի հաստ փայտ, որ ինքն էր շինել:

Սիմոն Յագորիչը եկավ, — ասեցին միաձայն, երբ տեսան նրան, իր հաստ փայտը տփտփացնելով ներս մտնելիս:

Դա աղայի ադվակատն էր, մի հին պոլիցիական չինովնիկ, որին դուրս էին արել ծառայությունից չափազանց արբեցության պատճառով, և եկել էր այն կնոջ գործի համար, որի որդին բանտարկված էր իր պարտքը աղային չվճարելու պատճառով:

Լավ ժամանակ եկար, Սիմոն Յագորիչ, քեզ էի սպասում, — ասաց աղան:

Ի՞նչպես չգայի, այդ անզգամը (բանտարկյալի մոր մասին էր խոսքը) զահլա է տանում, — պատասխանեց նա և եկավ նստեց նույն «իշոտիքի» վրա, աղայի մոտ:

Նա բավական հոգնած էր երևում և փոշոտած, կարտուզը գլխից առեց, թևքովը սրբեց ճակատի քրտինքը և ջիբից հանելով քթախոտի մեծ տուփը, մի բուռն «էնֆիա» վեր քաշեց դեպի իր ահագին քթի պնչածակերը, հետո ոգի և շունչ առնելով, զվարթացավ և բարերար տուփը «թավազա» անելով աղային, ասաց.

Քաշիր, լավն է, աստված հասցրուց, էսօր գջլեցի մեկից, բանը շինեցի սուդումը...

Աղան ուշադրություն չդարձնելով նրա քաղաքավարության վրա, հարցրուց.

Դու էն ասա՛, ի՞նչ արեցիր էն անզգամի հետ:

Չե՞ս քաշում, լավն է ասում եմ: Ստամբոլի բուռնոթի է, աստված հասցրուց, շատ ժամանակ էր, որ պտռում էի:

Է՜հ, քեփդ եկել է: Սիմոն Յագորիչ, ասա՛, ի՜նչ արեցիր էն «անզգամի» հետ, — ասաց աղան մի փոքր պինդ ձայնով:

Օրհնած, էլ ո՞ւր ես բարկանում, — պատասխանեց փաստաբանը պատառոտած հին աղլուխով թափ տալով բուռնոթու փոշին իր ընչանցքի վրայից, որ դեղնել և բուռնոթու գույն էր ստացել:

Դե՛, արի, էսպիսի մարդու հետ խոսիր, — ասաց աղան գլուխը շարժելով. — ես ինչ եմ ասում, նա ինչ է պատասխանում: Ասա, ի՞նչպես վերջացրիր այն կնոջ հետ:

Էլ ի՞նչպես պետք է վերջացնեի, հերն անիծեցի, ինչ որ ուներ, չուներ, բոլորը ծախել տվեցի:

Աղայի դեմքը պայծառացավ մի անբացատրելի ուրախությամբ:

Փողե՞րը, — հարցրուց նա:

Փողերը բերել եմ:

Փաստաբանը հանեց ջիբիցը մի շորի կտորի մեջ փաթաթած թղթադրամները և առանց համբարելու դողդոջուն ձեռքով տվեց աղային:

Ա՜յ տղա, Միքայել, մի ստաքան արաղ բեր Սիմոն Յագորիչին, այն մեծ ստաքանով, իմանում ե՞ս, — ասաց աղան և սկսեց համբարել փողերը:

Օրհնած, մի քիչ շուտ ասեիր, դու չե՞ս իմանում, որ Սիմոն Յագորիչը առանց էդ զահրումարի ապրիլ չի կարող, — խոսեց փաստաբանը և անհամբերությամբ սպասում էր կենսատու ըմպելիքին:

Բայց Միքայելը մի երկրորդ սխալ ևս գործեց, որ ոչ սակավ հրավիրեց իր վրա աղայի բարկությունը. նա հրամայեց «մեծ» ստաքանով բերել արաղը, բայց այդ «մեծ» բառը պետք էր հասկանալ «փոքրի» տեղ, որպես խանութումը «լավ» բառը գործ էր ածվում «վատի» տեղ. և բերեց նա ահագին ստաքանով արաղ և տվեց Սիմոն Յագորիչին: Դա կատարյալ սպիրտ էր առանց մի ուրիշ խառնուրդի, բայց նա միանգամով կուլ տվեց:

Ա՜յ, սիրտս հովացավ, շատ ապրիս, — ասաց փաստաբանը դատարկած բաժակը ետ տալով Միքայելին:

Բայց աղան իր խոժոռ ակնարկությամբ արդեն հասկացրել էր Միքայելին նրա գործած մեծ սխալը, և այս անգամ խեղճ տղան բոլորովին հուսահատվեցավ, թե Մոսկվա գնալը երբեք չպիտի հաջողվեր իրան:

Բայց տիկին Մարիամին զբաղեցնում էր նույն րոպեում մի ուրիշ տխուր միտք, երբ տեսավ փաստաբանի բերած փողերի ծրարը, որ գոյացել էր այն «անզգամի» կայքը աճուրդով ծախել տալուց, այն ողորմելի կնոջ կայքը, որի որդին բանտարկված էր, որը քանի օր առաջ եկել էր իր մոտ և գթություն էր խնդրում, իսկ այժմ աղայի անգթությամբ մի ամբողջ ընտանիք պետք է մաշվեր և ոչնչանար դառն աղքատության մեջ:

Следующая страница