Րաֆֆի՝   Խենթը

Լա՜վ ժամանակ է գտել դա էլ իր թելն ու ասեղը ծախելու, խեղճ գյուղացիների մոտ մի փարա էլ չի մնացել, ի՞նչով պիտի առնեն, — ասաց Վարդանը ծիծաղելով, երբ փոքր ինչ հեռացել էին չարչու մոտից:

Նրա արկղը, սիրելիս, ձեռնածուների արկղիկի նման երկու հատակ ունի, — պատասխանեց պարոն Սալմանը, — ստորին հատակի մեջ գտնվում են այնպիսի մթերքներ, որոնց սպառելու այժմ ամենահարմար ժամանակն է...

Վարդանը մի առանձին ուշադրություն չդարձրեց այդ խորհրդավոր խոսքերի վրա, նրա միտքը նույն րոպեում զբաղված էր մի բոլորովին այլ առարկայով: Նա մտածում էր Լալայի վրա: Իրերի հանկարծակի փոփոխությունը, շրջապատող խռովությունները սաստիկ անհանգստացնում էին նրան, և չգիտեր, թե ինչպես պետք էր տնօրինել իր Լալայի վիճակը, ո՞րտեղ թաքցնել նրան, ի՞նչ անել նրա հետ, երբ ինքը այսօր կամ էգուց ստիպված կլիներ ընդունել մի բոլորովին այլ ձեռնարկություն...

Լա՛վ ասեղներ, գույն-գույն թելեր, սիրուն հուլուններ... — հեռվից կրկին լսելի եղավ կաղ չարչու խռպոտ և ձգական ձայնը:

Այդ միջոցին գյուղի մեջ հանդիպեցավ պարոն Սալմանին և Վարդանին Թոմաս էֆենդին: Նրա մոտ կանգնեցրել էին իր գեղեցիկ ձին, որի վրա պատրաստվում էր նստել: Նա շրջապատված էր մի խումբ գյուղացիներով, որոնց զանազան հրամաններ և պատվերներ էր տալիս: Տեսնելով պարոն Սալմանին և Վարդանին, նա բաժանվեցավ խումբից, և իր սովորական դիվական ժպիտը երեսին, դիմեց դեպի երկու երիտասարդները, և դեռ չհասած, ասաց հեռվից.

Ես ձեզ վաղուց էի ցանկանում տեսնել, պարոն Դուդուկջյան (նա դեռ չգիտեր պարոն Սալմանի իսկական անունը), ա՜խ, որքան բախտավոր եմ համարում ինձ, սիրելի հայրենակից, որ առիթ ունեցա տեսնել ձեզ: Դուք, երևի, չգիտե՞ք, որ ես էլ պոլսեցի եմ:

Պարոն Սալմանին ոչ միայն չափազանց զարմանալի, այլ շատ զզվելի թվեցավ էֆենդու այս տեսակ շողոքորթությունը, որին ամենևին չէր ճանաչում, որի հետ առաջին անգամ էր տեսնվում: Նա ոչինչ չպատասխանեց: Էֆենդին բռնելով նրա ձեռքը, ասաց.

Հույս ունեմ, որ դուք իրավունք կտաք համբուրվել ձեզ հետ, որպես պոլսեցի, ես թույլ եմ տալիս այդ խնդրել ձեզանից: Հայրենիքիս երկար տարիների կարոտը ցանկանում եմ ձեզանից առնել:

Վարդանը, հեռու կանգնած, լուռ նայում էր այդ կոմեդիայի վրա: Պարոն Սալմանը չգիտեր, թե ինչպես պետք էր դուրս գալ իր նեղ դրությունից: Այժմ էֆենդին դարձավ դեպի Վարդանը:

Մոտ ե՛կ, իմ խենթ բարեկամ, դու գիտես, որ ես երեխայի սիրտ ունեմ, մի րոպե կբարկանամ, մյուս րոպեում կմոռանամ բոլորը: «Քուրդը իր թանին թթու չի ասի»: Դու էլի իմն ես, թե լավ, թե վատ, իմն ես: Ես ամեն ինչ մոռացել եմ: Տո՛ւր ինձ ձեռքդ:

Վարդանը հազիվ կարողացավ զսպել իր բարկությունը: Բայց մտածելով, որ էֆենդու այդ բարեկամական արտահայտությունները առանց մի առանձին նպատակի չէին լինելու, մոտեցավ նրան և ձեռք տվեց:

Նա կրկին դարձավ դեպի պարոն Սալմանը:

Ես խիստ բարկացած եմ ձեր դեմ, պարոն Դուդուկջյան, — ասաց նա իր խոսքերին ավելի լուրջ ձև տալով, — լսե՞լ եք թուրքի առածը՝ «Տանուտերի հետ առաջ տեսնվիր, հետո գյուղը կողոպտիր»: Թոմաս էֆենդին այդ երկրում մի մարդ է: Եթե դուք սկզբից ինձ հետ խորհուրդ արած լինեիք, ես ձեր բոլոր դիտավորությունը այնպես կկարգադրեի, որ այսօր այս անախորժությունները չէին պատահի ձեզ: Ա՜խ, ջահելներ, ջահելներ, լա՜վ սիրտ ունեք, բայց գործելու եղանակը չեք իմանում: Ուղիղ չե՞մ ասում:

Ես իրավ, չեմ հասկանում, թե դուք ի՞նչ բանի վրա եք խոսում, — պատասխանեց պարոն Սալմանը:

Էֆենդին այնպես ձևացրուց, որպես թե չլսեց պարոն Սալմանի խոսքերը և երեսը շուռ տալով դեպի գյուղացիների խումբը, որոնք հեռու կանգնած սպասում էին նրան, ասաց.

Ա՜խ, ավանակներ, ավանակներ, դուք ե՞րբ պիտի խելքի գաք: — Նա կրկին դառնալով դեպի պարոն Սալմանը, շարունակեց. — Մարդ էլ իր ձեռքով իր աչքի լույսը կխավարացնե՞. դրանք (գյուղացիները) այդպես են: Ես այսօր լսեցի, ճշմարիտն ասեմ ձեզ, մազերս բիզ-բիզ կանգնեցան: Մենք աշխատում ենք, որ դրանք դպրոց ունենան, ուսում առնեն, աչքները բացվի, կույր չմնան, աշխարհի չարն ու բարին ճանաչեն, բայց դրանք չեն հասկանում, էլի իրանց էշն են քշում...

«Մենք աշխատում ենք»... — կրկնեց իր մտքում պարոն Սալմանը, — բայց ո՞վքեր են այդ «մենք», որ առանձին կերպով շեշտեց Թոմաս էֆենդին:

Նա շարունակեց.

Ես հոգով չափ ուրախացա, երբ լսեցի ձեր դիտավորությունների մասին, պարոն Դուդուկջյան, և այս պատճառով դիմեցի ձեզ հայտնելու իմ առանձին շնորհակալությունը: Մեր ժողովուրդը խավարի մեջն է. պետք է դուրս բերել նրան դեպի լույս աշխարհ: Դպրոցը միայն կփրկե նրան: Մի քանի օր առաջ պատահած անկարգությունները թո՛ղ չվհատացնեն ձեզ. ամեն բարի գործի սկիզբը դառնությամբ է լինում: Դուք իմ մեջ, որպես ձեր հայրենակցի մեջ, կգտնեք համակրություն և ձեռնտվություն: Ըդունեցեք իմ փոքրիկ ծառայությունները: Ես այսօր մի գործով գնում եմ մերձակա գյուղը. առավոտյան կվերադառնամ, և ինքս անձամբ կկանգնեմ, բաց անել կտամ դպրոցների հիմքը: Այստեղ ոչ ոք չի գտնվի, որ Թոմաս էֆենդուն ընդդիմություն գործե:

Շնորհակալ եմ, էֆենդի, — պատասխանեց պարոն Սալմանը, — դուք այնքան շատ զբաղմունքներ ունեք, որ ես չէի ցանկանա խլել ձեր թանկագին ժամանակը:

Այդ ոչինչ, — ասաց կապալառուն մի առանձին բավականությամբ, — բարի գործի համար ես միշտ ժամանակ ունեմ:

Նա ձեռք տվեց երկու երիտասարդներին և հեռացավ.

Լի՛րբ... խաբեբա՜... — ասաց նրա ետևից Վարդանը:

Կարելի է օգուտ քաղել այս տեսակ մարդերից, — պատասխանեց պարոն Սալմանը:

Միթե հավատո՞ւմ եք նրա խոսքերին: Ով գիտե ի՞նչ սատանայական նպատակներ ունի:

Երկու երիտասարդները արդեն հասել էին տեր-Մարուքի տանը և ծեծում էին դուռը:

Սիրուն ասեղներ... գույն-գույն թելեր... լավ հուլուններ... — լսելի եղավ կաղ չարչու ձայնը, որ անց էր կենում մյուս փողոցից:

Վարդան, թողնենք այսօր տերտերի մոտ գնալը, — ասաց նրան պարոն Սալմանը:

Ինչո՞ւ, — հարցրեց Վարդանը:

Ինձ պետք է այդ չարչուց մի քանի բաներ գնել...

Վարդանը սկսեց ծիծաղել իր ընկերի անտեղի ցանկության վրա:

Եկեք, ուրիշ բան կա... — ասաց նրան պարոն Սալմանդը այնպիսի մի եղանակով, որ Վարդանը չէր կարող կասկածել նրա առաջարկության կարևորության վրա:

Երկու երիտասարդները թողեցին տերտերի տունը, անցան մյուս փողոցը և հեռվից սկսեցին հետևել չարչուն: Նրա ետևից ընկած էին մի խումբ գյուղական երեխաներ և գոռում էին. — Մեզ մաստաք տո՛ւր, մաստաք տո՛ւր: Նա հանեց մի կտոր մաստաք և բաժանեց երեխաներին:

Ես այդ մարդուն մի շաբաթ առաջ տեսա, այսպես ման էր գալիս Վանա գյուղորայքում, — ասաց մի գյուղացի իր մոտ կանգնած հարևանին:

Այդ չարչիները ամեն տեղ թափառում են, — պատասխանեց հարևանը, — բայց ինչ սարսափելի դեմք ունի, նայի՛ր, Գրիգոր, ես չէի ցանկանա դրան գիշերով տեսնել, կարծես չար սատանա լինի:

Կաղ չարչին պտտելով բոլոր փողոցները երբեմն կանչում էին նրան այս և այն տունը մի բան գնելու և ամբողջ ժամերով պահում էին, իսկ երբեմն հենց փողոցի վրա բաց էին անել տալիս նրա արկղը, և գյուղացի կնիկները հավաքված նրա շուրջը, երկար ու բարակ բազար էին անում: Այսպես, մինչև երեկո նա հազիվ կարողացավ վերջացնել իր առևտուրը, և մութը պատել էր արդեն, երբ դուրս եկավ գյուղից: Նա թողեց ուղիղ ճանապարհը, որ տանում էր դեպի հարևան գյուղը, և սկսեց դիմել դեպի մի խրամ, որ բավական խորն էր ընկած գարնան հեղեղներից, իսկ այժմ ցամաքել էր: Նրա ընթացքի մեջ այժմ կարելի էր տեսնել մի նոր փոփոխություն, քայլերը դանդաղ էին որպես առաջ, որովհետև, ինչպես երևում էր, շալակած արկղը սաստիկ ծանր էր: Բայց այդ մարդը ամենևին կաղ չէր, թեև ցերեկով այնպես էր ձևացնում: Նա սկսեց իջնել խրամի մեջ: Այնտեղ ցած դրեց իր բեռը, և ձախ ձեռքի երկու մատը շրթունքի վրա դնելով, խորհրդավոր ձայնով մի քանի անգամ շվացրեց: (Ձեռքի մնացած մատները կտրած էին): Քանի րոպեից հետո խրամի մեջ հայտնվեցան Վարդանը և պարոն Սալմանը: Վերջինը գրկեց չարչիին և երկար չէին բաժանվում միմյանցից:

Հիմա նստենք, — ասաց պարոն Սալմանը, — պատմի՛ր, լա՞վ առևտուր ունեցար...

Շա՜տ լավ... — պատասխանեց չարչին ուրախ ձայնով, — Վասպուրականի մեծ մասը հեղեղեցի իմ վաճառքներով...

Իհարկե առանց փողի...

Առանց փողի... ես իմ վաճառքները ձրի էի բաժանում...

Վարդանը ապշած լսում էր երկու բարեկամների խոսակցությունը և ոչինչ չէր հասկանում:

Հիմա հասկանո՞ւմ ես, — ասաց նրան պարոն Սալմանը, — որ իմ բարեկամի արկղը ձեռնածուի արկղիկի նման երկու հատակ ունի:

Հետաքրքիր է գիտենալ, թե ֆոկուսի գլխավոր հատակի մեջ ի՞նչ էր թաքցրած, — հարցրեց Վարդանը:

Զենքեր...

Վարդանը այժմ հասկացավ չարչու ով և ինչ մարդ լինելը, որովհետև մի քանի օր առաջ նրա մասին լսել էր պարոն Սալմանից, և ինքը նույնպես գրկեց նրան:

Այդ մարդը Մելիք-Մանսուրն էր:

ԻԵ

Ամենամեծ մարդիկն անգամ ունենում են խոշոր թուլություններ: Թոմաս էֆենդին թեև մեծ մարդերի կարգին չէր պատկանում, բայց Ալաշկերտի գավառում հսկա էր համարվում: Առյուծ չգտնված տեղում աղվեսն էլ խոշոր գազան է: Այդ մարդն էլ, որքան գործունյա, որքան ճարպիկ էր, դարձյալ ուներ իր փոքրիկ թուլությունները: Ամբողջ ցերեկը անցկացնելով իր պաշտոնին վերաբերյալ աշխատություններով, գիշերները շատ անգամ լուսացնում էր նա զանազան տեսակ անբարոյական քեֆերով, և թուրք պաշտոնատարների մոլորություններին հետևելով, արաղ էր խմում, աղջիկներ ու տղաներ էր պարածում, և իրան շրջապատում էր զանազան տեսակ «չալկիներով» (երաժիշտ): Ամեն մի գյուղ մտնելիս ամեն մի գյուղացու խրճիթի դռները բաց էին նրա առջև: Ո՞վ կարող էր չընդունել այդ բարձրաստիճան հյուրին: Ընդհակառակն, գյուղացին պատիվ էր համարում իրան, երբ Թոմաս էֆենդին ոտք կկոխեր նրա շեմքի վրա, թեև նրանից չէր շահվում, ուտեցնում էր, խմեցնում էր, բայց այդ էլ բավական էր, որ Թոմաս էֆենդին կսկսեր այնուհետև «բարի աչքով» նայել իր հյուրասիրողի վրա:

Մի երեկո գզիրը մի աղքատ գյուղացու տանը լուր տվեց, թե էֆենդին պետք է հյուր լինի: Տան տերը մի քանի գյուղերի միակ արհեստավորն էր, շինում էր երկրագործական անոթներ, նորոգում էր վնասված գութաններ, արորներ, սայլակներ և այլն: Նա ըստ մեծի մասին իր տանը չէր գտնվում, որովհետև ման էր գալիս գյուղից գյուղ և իր համար գործ էր պտռում: Այս երեկո նույնպես տանը չէր: Արհեստավորի կինը պատասխանեց գզիրին, թե մարդս տանը չէ, ի՞նչպես կարող եմ ընդունել էֆենդուն:

Մարդդ տանը չէ, տունը յուր տեղն է, — ասաց գզիրը կոշտ կերպով:

Այդ գզիր կոչվածներն էլ մի առանձին պատիժ են խեղճ գյուղացու համար: Դրանք պաշտոնական անձինքների որսորդական շներն են, սաստիկ հոտառություն ունեն, և խիստ վարժված են, թե ինչ ճանապարհներով պետք էր հետամուտ լինել որսին...:

Արհեստավորի կինը շվարած մնաց և խոսք չգտավ պատասխանելու գզրին:

Գզիրը իր հրամանը կատարած համարելով, հեռացավ, ավելացնելով.

Էֆենդին կգա, երբ ճրագները կվառվեն:

Խեղճ կինը մի քանի րոպե, որպես քարացած, կանգնել էր իր խրճիթի դռանը և չգիտեր, թե ինչ պետք էր անել: Նրա տղամարդը տանը չէր, նրան անվայել էր մի օտար և անծանոթ հյուր ընդունել իր մոտ: Նա մտավ իր դրացի Օհոյի խրճիթը և խնդրեց նրան ասելով.

Եղբայր Օհո, գզիրը լուր տվեց, թե էֆենդին այս գիշեր մեզ մոտ պիտի լինի, մարդս տանը չէ, ի սեր աստուծո, եկեք և կառավարեցեք նրան:

Այս ի՞նչ բան է, — պատասխանեց Օհոն բարկանալով, — այս գյուղում էլ ուրիշ տուն չկա՞ր:

Չե՞մ իմանում, — ասաց կինը վշտացած ձայնով, — գզիրը այսպես պատվիրեց:

Դրացի Օհոն խոստացավ, որ ինքը կընդունե հյուրին և կնոջը մենակ չի թողնի:

Թոմաս էֆենդին այնքան ծանոթ էր այս գավառի հետ, որ ամեն մի գյուղ մտնելիս, շատ լավ ընտրություն անել գիտեր իջևանների մեջ, թե որ տունը ավելի հարմար էր գիշերելու համար: Նրա ճաշակը այդ մասին բավական զարգացած էր: Գլխավոր պայմանները, որ համապատասխանում էին նրա պահանջներին, դրանք էին որ տան տերը աղքատ և փոքր ինչ հիմար լիներ, և եթե հիմար չէր, պետք է գոնե խմելու հետ սեր ունենար (երկու հատկություններ, որ շատ չեն զանազանվում միմյանցից) և ամենագլխավորն էր, որ պետք է տան մեջ գտնվեր մի գեղեցիկ կանացի դեմք, որի վրա նայելը զվարճություն պատճառեր նրան:

Բայց այս գիշեր ընտրած իջևանը մասամբ չէր համապատասխանում էֆենդու պահանջներին. տան տղամարդը, վարպետ Պետրոսը, մի համեստ և աշխատասեր արհեստավոր էր, ո՛չ հիմար էր և ո՛չ խմելու հետ սեր ուներ: Այսուամենայնիվ, էֆենդին չէր սխալված իր ընտրության մեջ, որովհետև տղամարդը տանը չէ, կինը վատ չէր դեմքով, իսկ նրա հասած քույրը իր գեղեցկությունով գյուղի մեջ առաջին աղջիկն էր համարվում:

Գյուղի խրճիթների մեջ ճրագներ վառվեցան: Արհեստավորի կինը, Սուսանը, թոնիրի վրա կերակուր էր պատրաստում: Արհեստավորի քույրը, մանկահասակ Վառվառեն յուղի մեջ հավեր էր տապակում: Դրացի Օհոն զանազան կարգադրություններ էր անում, որ ոչինչ պակաս չլինի և ամեն բան վայելուչ լինի պատվելի հյուրին ընդունելու համար: Բոլորը պատրաստ էր երբ հայտնվեցավ էֆենդին գզիրի առաջնորդությամբ: Զափթիաները այս գիշեր նա իր հետ չէր վեր առել, նրանց մի ուրիշ տեղ հյուր էր տվել:

Դրացի Օհոն ընդունեց էֆենդուն ամենայն խոնարհությամբ և նա ծանր կերպով գնաց, նստեց իր համար պատրաստած օթոցի վրա:

Ո՞ւր է վարպետ Պետրոսը, չէ երևում, — հարցրեց էֆենդին իր շուրջը նայելով, — ես նրան տեսնել էի ուզում. ես նրա հետ շատ հարկավոր գործ ունեի:

Դրացի Օհոն պատասխանեց, թե վարպետը գնացել է մերձակա գյուղը բանելու համար:

Ափսո՜ս, շատ ափսո՜ս, որ տեսնել չկարողացա. ես նրա հետ հարկավոր գործ ունեի, — կրկնեց էֆենդին և սկսեց բացատրել, թե թագավորական զորքերին պաշար տեղափոխելու համար իրան պետք են շատ սայլեր, և ցանկանում է վարձել մի մշտական հյուսն, որ ճանապարհների վրա սայլերը վնասվելիս, նորոգեր նրանց, և վարպետ Պետրոսից ավելի հարմար մարդ չէ գտնում և կամենում է նրան «մի լավություն» անել, որ նա շահվեր այդ գործից, և մի քանի ամիսների համար շարունակ պարապմունք ունենար:

Թեև էֆենդին առաջուց գիտեր, որ վարպետը տանը չէ, թեև նրան ամենևին վարպետը հարկավոր չէր, որովհետև զորքերի պաշար տեղափոխելու համար նա գյուղացիների սայլերը և անասուններն էր գործ ածում, բոլորովին ձրի, առանց մի փարա վճարելու, և եթե մի սայլ վնասվում էր, իրանք՝ տերերն էին շինել տալիս, բայց էֆենդին այս խոսքերը ասելու մեջ մի առանձին նպատակ ուներ: Աղքատ արհեստավորի կինը, Սուսանը, լսելով էֆենդու խոստմունքները, ուրախացավ, մտածեց թե այդ հյուրից մեծ շահեր կարող են ստանալ, թեև նրա ինքնակոչ հյուր լինելը սկզբում այնքան ծանր և անախորժ երևեցավ իրեն: Պետք էր մի հույսով քաղցրացնել միամիտ տանտիկնոջ սիրտը, այդ էր հարկավոր էֆենդուն:

Էֆենդին միայն նստած էր: Դրացի Օհոն դեռ ոտքի վրա սպասում էր, որ նրանից թույլտվություն ստանա, որ ինքն էլ նստե: Այդ շնորհը ստացավ նա: Գզիրը ոտքի վրա մնաց, սպասավորություն էր անում, որովհետև արհեստավորի տանը ոչ ծառա կար և ոչ չափահաս տղա. նա մի քանի աշակերտներ ուներ, որոնց իր հետ էր տարել: Տանտիկինը և արհեստավորի քույրը չէին երևում, նրանք առանձնացել էին խրճիթի մի կողմում, որ բաժանված էր հյուրի նստած տեղից ցած տախտակապատով, որի վերին մասը չէր հասնում առաստաղին և ծառայում էր որպես շիրմա:

Բայց նրանք պետք է իրանց հարգանքը հայտնեին պատվելի հյուրին, այս պատճառով երկուսն էլ, թե՛ Սուսանը և թե՛ Վառվառեն դուրս եկան իրանց թաքստի տեղից, դիմեցին էֆենդուն, և ձեռքերը սրտերի վրա դնելով, հեռվից լուռ գլուխ տվեցին: Այդ նշան էր թե «բարով եք եկել»:

Շատ ապրիք, — ասաց էֆենդին, մի կողմնակի հայացք ձգելով նրանց վրա:

Տանտիկնոջ երեսը ծածկված էր քողով, իսկ մանկահասակ աղջկանը բաց էր: Նրանք կրկին հեռացան և սկսեցին ընթրիքի սեղանը պատրաստել:

Փոքրիկ խրճիթի մեջ տիրում էր խորին լռություն. ոչ ոք չէր խոսում, բոլորը սպասում էին, որ էֆենդին խոսե:

Դու այժմ ինչո՞վ ես պարապվում, — հարցրեց նա դրացի Օհոից:

Անգործ եմ, աղա, — պատասխանեց Օհոն ծոծրակը քորելով, — աստված ինձ պատժեց, մի տարվա մեջ մի քանի անբախտություններ պատահեցան. մեծ որդիս «քո չարը տարավ»... անասուններս «քեզ մատաղ դարձան»... հիմա արորս էլ չէ բանում... մնացել եմ անգործ:

Ափսո՜ս, շատ ափսո՜ս, — ասաց էֆենդին ցավակցելով. — դու լավ մարդ ես, Օհո, ես քեզ ճանաչում եմ, ես չեմ թողնի, որ դու անգործ մնաս, քեզ գործ կտամ, ինձ համար շատ մարդիկ են հարկավոր:

Օհոյի ուրախությանը չափ չկար:

Դուք միայն գործ հանձնեցեք, աղա, այն ժամանակ կտեսնեք, թե Օհոն որպես լավ ծառայել գիտե:

— «Էշը որքան լավ բանե, այնքան իր գարին կավելացնե»...

Իհարկե, այդպես է:

Էֆենդին այն կարգի մարդերիցն էր, որ պատահած տեղը այն աստիճան կհպարտանար, կփքվեր և կբարձրացներ իրան, որ «դարվազի դռնովը չէր կարող ներս մտնել», իսկ երբեմն այնքան կփոքրանար, որ ասեղի ծակով անց կկենար: Գյուղացու խրճիթում, երբեմն նա շատ մտերիմ էր լինում, և վարվում էր այնքան ընտանեբար, որպես մարդիկ վարվում են մի հայտնի տներում, որոնց թշվառ բնակիչներին փողոցում պատահելիս ամաչում են գլուխ տալ...

Պետք էր մի խոստմունքով կաշառել դրացի Օհոյին, նա այստեղ այս գիշեր տանտիրոջ պաշտոն էր կատարում: Եվ միամիտ գյուղացին բոլորովին հավատալով նրան, հայտնեց իր խորին շնորհակալությունը, ասելով.

Աստված քեզ երկար կյանք տա, աղա, աստված ձեր ձեռքը մեր գլխից անպակաս անե:

Ընթրիքի ժամանակ էր: Հայտնվեցավ Վառվառեն, լվացվելու պարագայքը ձեռքին բռնած, և շնորհալի կերպով դրեց էֆենդու առջև, նա սկսեց լվանալ իր ձեռքերը: Հետո տարածեց նա սեղանի սփռոցը, հաց դրեց, և կերակուրները, որքան որ պատրաստված էին, բոլորը միանգամից շարեց սեղանի վրա, իրանց պատշաճավոր տեղերում: Այդ բոլոր սպասավորությունների ժամանակ երևում էր անմեղ աղջկա անհամարձակությունը, խառն երկչոտության և ամոթխածության հետ, որ զարգացել էին նրա մեջ փակված կյանքից և օտար տղամարդերի հասարակության հետ հաղորդակցություն չունենալուց:

Զավակս, — հարցրեց էֆենդին մանկահասակ աղջկանից, — քո անունը ի՞նչ է:

Նա կարմրեց, շփոթվեցավ և սկսեց այս կողմը և այն կողմը նայել, որ մեկը իր փոխարեն պատասխանե: Դրացի Օհոն ասաց, թե անունը Վառվառե է:

Ի՜նչ գեղեցիկ անուն է, ճշմարիտ, շա՛տ գեղեցիկ անուն է, — կրկնեց էֆենդին հիացմունքով, — ես էլ մի քույր ունեմ, այսպես է կոչվում:

Այժմ Վառվառեի սառն դեմքի վրա փայլեց ժպիտի նման մի բան, երևի նա ուրախացավ, որ ինքը մի այնպիսի մեծ մարդու քրոջ անունն էր կրում, թեև էֆենդին ամենևին քույր չուներ, բայց պետք էր Վառվառեին ևս մի բանով ուրախացնել:

Սեղանի վրա ուտում էին էֆենդին և Օհոն միայն: Կնիկները այս կողմերում տղամարդերի հետ սեղանակից չեն լինում:

— «Անջուր ջրաղացը ալյուր չի աղա», — նկատեց էֆենդին:

Դրանով նա հասկացրեց, թե պետք էր մի բան խմել և հրամայեց գզիրին, որ գնա, արաղ բերե: Դրացի Օհոն ներողություն խնդրեց, որ այդ մասին չեն մտածել, և տանտիկինը, որ չէր խոսում, մի կերպով հասկացրեց, թե ինքը շուտով բերել կտա արաղը:

Չէ, — պատասխանեց էֆենդին, — այդ իմ սովորությունն է, ամեն տան մեջ հաց ուտելիս արաղը և գինին պետք է իմ հաշվով լինեն:

Այդ իրավ էր: Էֆենդին այս տեսակ աղքատ տներում գզիրի ձեռքով ինքն էր բերել տալիս խմիչքները, միայն հաշիվը անցնում էր գյուղի ընդհանուր ծախսերի մեջ: Բայց նրա սատանայական խորամանկությունը այդ բանի մեջ այն էր, որ խմիչքները ինքը բերել տալով, կարող էր գործ ածել այնքան, որքան իր ցանկությունն էր:

Շուտով գզիրը վերադարձավ, բերելով իր հետ մի ահագին աման արաղով:

Հիմա կարող ես նստել, — հրամայեց նրան էֆենդին, — և, մեզ սագիություն (մատռվակություն) անել:

Գզիրը նստեց ամենից ցած և արաղի ահագին ամանը դրեց իր մոտ: Նրան հայտնի էր էֆենդու սովորական պատվերը, թե «երբ մի տուն մտնում ես, և ուզում ես, որ ուրախ անց կենա, պետք է առաջ տանտիրոջ բամբակը բաց անել». նշանակում է՝ պետք է նրա ուղեղը թմրեցնել, պետք է նրան հարբեցնել: Այստեղ թեև տան տեր չկար, բայց դրացի Օհոն նրա տեղն էր բռնում: Այս պատճառով գզիրը զոռ էր տալիս, հաճախ արաղի բաժակը դեպի Օհոն դարձնելով:

Դրացի Օհոն փոքր ինչ սեր ուներ խմիչքի հետ: Մանավանդ նրան պատահած վերջին անբախտություններից հետո, երբ նրա մեծ որդին մեռավ, երբ նրա անասունները կոտորվեցան, — Օհոն իր վշտերը մոռանալու համար բոլորովին անձնատուր եղավ արաղի: Նա ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում էր: Մի կողմից արաղի ազդեցությունը, մյուս կողմից էֆենդու խոստմունքները, թե նրան գործ և պարապմունք կտա այն աստիճան տաքացրին, այն աստիճան ուրախացրին Օհոյին, մինչև իրան մոռանալով, նա սկսեց երգել զանազան թուրքերեն երգեր:

Դրանով բան չի դառնա, — ասաց էֆենդին, և հրամայեց գզիրին, որ գնա, «չալկիներին» կանչե:

«Չալկիները» մի խումբ տեղային հայ երաժիշտներ էին, որ երգում էին և ածում էին զանազան ասիական նվագարանների վրա: Դրանք անբաժան հետևում էին էֆենդուն, ինչ գյուղ որ նա գնում էր, որովհետև գիտեին, որ էֆենդին գիշերները առանց «քեֆի» չի անցկացնի, նրան կզվարճացնեն և նրանից փողեր կստանան:

Շուտով հայտնվեցան «չալկիները», գլուխ տվեցին և շարվեցան սեղանի շուրջը: Տանտիկինը այժմ ստիպված էր կերակուրների քանակությունը ավելացնել:

Էֆենդին բարեհաճեց հարցնել «չալկիների» առողջությունը:

Ձեր շնորհիվ ամենքս էլ լավ ենք, — պատասխանեցին նրանք:

Երբ կերան, խմեցին, կշտացան, Վառվառեն կրկին դուրս եկավ իր թաքստի տեղից և սկսեց սեղանը հավաքել: Բայց արաղի մեծ ամանը անշարժ մնաց իր տեղում: Նա արդեն մի քանի անգամ դատարկ գինետուն էր գնացել և լիքը ետ դարձել: Բաժակները շարունակ պտտվում էին: «Չալկիների» գլուխներն էլ տաքացան:

Հիմա սկսեցեք, — հրամայեց էֆենդին:

Նրանք սկսեցին: Փոքրիկ խրճիթը կենդանացավ ասիական երաժշտության խառնաշփոթ և աղմկալի հնչյուններով:

Էֆենդին գտնվում էր իր սրտի ամենաախորժ տրամադրության մեջ:

Քանի րոպեից հետո արհեստավոր Պետրոսի խրճիթի շուրջը և կտուրի վրա հավաքվեցան դրացի կնիկները, աղջիկները և սկսեցին երդիկներից ու լուսամուտներից նայել և զվարճանալ նվագածության ձայներով: Ոչինչ այնքան չէ ուրախացնում գյուղացի կնոջը, որպես երաժշտությունը, որին նա շատ կարոտ է մնում, միայն ձմեռը հարսանիքների ժամանակ լսելու բախտ ունենալով:

Փոքր առ փոքր «մեջլիսը» տաքացավ և ավելի բաղադրյալ կերպարանք ստացավ: Արաղի արբեցության և «չալկիների» նվագածության ձայների հետ տիրեց ընդհանուր խառնակությունը: Ինչպես ասում են՝ «Շունը էլ իր տիրոջը չէր ճանաչում»: Ամեն մարդ գլուխը կորցրել էր: Միայն էֆենդին զգաստ էր, միայն նա իրան պահել էր իմանում: Այդ միջոցին դրսում հավաքված կնիկների և աղջիկների բազմությունը համարձակություն ստացավ, և կամաց կամաց ներս մտնելով, նրանք նստեցին Սուսանի և Վառվառեի մոտ, և սկսեցին այնտեղից լսել երաժիշտներին:

Պա՛ր, պա՛ր, — բացականչեց էֆենդին ծափ տալով, — պա՛ր եմ ուզում:

Այդ միջոցին դրացի Օհոն, որ հազիվ կարողանում էր իրան ոտքի վրա պահել, վեր կացավ, և հանդիսականների միջից բռնելով երկու փոքրիկ աղջիկների ձեռքից, համարյա զոռով քարշ տվեց, բերեց կանգնեցրեց խրճիթի մեջտեղում: Երաժիշտները ածեցին տեղային պարի մի եղանակ: Փոքրիկ աղջիկները մի փոքր ամաչեցին, մի փոքր կարմրեցան, մի փոքր «չենք կարող» ասացին, վերջապես սկսեցին պարել:

Շաբա՛շ, շաբա՛շ12, — գոռում էին երաժիշտները, ավելի թունդ կերպով ածելով:

Եվ էֆենդին դնում էր մի-մի արծաթի դրամ պարողների ափի մեջ, նրանք տալիս էին երաժիշտներին:

Պարը, որպես սովորաբար լինում է, սկսվեցավ փոքրիկ աղջիկներից և հետզհետե հանդիսացան ավելի հասակավորները: Առաջին զույգը հոգնելուց հետո իրանց ձեռքի թաշկինակները ձգեցին ուրիշ երկու աղջկա վրա. այդ նշան էր, որ այժմ նրանք պետք է պարեին: Այսպես հերթը հետզհետե փոխվում էր, և ամեն անգամ մեջ էին մտնում մի զույգ պարողներ: Էֆենդին առատությամբ լցնում էր նրանց բուռը արծաթի «շաբաշներով», և երաժիշտները եռանդով ածում էին:

Հերթը հասավ Վառվառեին: Գեղեցիկ աղջիկը գերազանցեց բոլորին իր շնորհալի պարով. նրա ամեն մեկ շարժումների մեջ նշմարվում էր գրացիա և կախարդիչ հրապուրանք:

Մեր երկրում, — խոսեց էֆենդին, — հայերի մեջ մի լավ սովորություն կա, երբ աղջիկը իր պարը վերջացնում է, մոտենում է տան պատվավոր հյուրին, չոքում է նրա առջև, և գլուխը դնում է նրա ծնկի վրա, և այնքան ժամանակ չէ բարձրացնում, մինչև նրանից մի լավ ընծա չէ ստանում13:

Այդ շատ լավ սովորություն է, — ձայն տվեցին երաժիշտները, — պետք է այստեղ էլ մտցնել այդ սովորությունը:

Վառվառե, դու պիտի լինես առաջին օրինակը, — ասաց նրան էֆենդին, — դե՛, մոտեցի՛ր, զավակս:

Վառվառեն ամոթխածությունից բոլորովին շփոթվեցավ և անշարժ մնաց իր տեղում: Նա ավելի բարվոք էր համարում, որ գետինը պատռվե և իրան կուլ տա, քան թե գլուխը մի օտար մարդու գրկում դնե: Բայց ամեն կողմից նրան բոթեցին, քաշքշեցին ասելով, աղջի, գնա՛, մի ամաչիր, քեզ բան կտա, և վերջապես նրան տարան էֆենդու մոտ և նա ստիպվեցավ իր գեղեցիկ գլուխը դնել էֆենդու ծնկների վրա: Էֆենդին փայփայեց Վառվառեի սիրուն գիսակները և դրեց նրա ափի մեջ երկու ոսկի:

Մինչև էֆենդին այսպիսի քեֆերով էր զբաղված, ներս մտավ նրա զափթիաներից մեկը, մոտեցավ և ականջին ասաց. «Այն մարդին, որի համար պատվիրած էիք, գտանք»: — «Բռնեցեք և ամենայն զգուշությամբ պահեցե՛ք մինչև ես առավոտյան կարգադրություն կանեմ», հրամայեց էֆենդին անլսելի ձայնով: Զափթիան հեռացավ:

Ի՞նչ մարդու համար էր այդ կարգադրությունը, — ոչ ոք չհասկացավ:

Արդեն գիշերից բավական անցել էր: Արհեստավոր Պետրոսի խրճիթը փոքր առ փոքր դատարկվեցավ: Երաժիշտները հեռացան: Դրացի Օհոյին արբեցությունից բոլորովին անզգա իր տունը տարան: Բազմությունը ցրվեցավ:

Արհեստավորի խրճիթի մեջ մնաց միայն պատվելի հյուրը գզիրի հետ, որը այնքան խմել էր, որ ունեցած մի հատիկ աչքն էլ ոչինչ չէր տեսնում: Սուսանը անկողին պատրաստեց էֆենդու համար, ճրագները հանգցրին և բոլորը հանգստացան:

Այն գիշեր ի՞նչ էր պատահել, — աստված գիտե: Բայց առավոտյան Վառվառեն շատ տխուր էր, և արտասուքը խեղճ աղջկա աչքերից մի քանի օր չէր ցամաքում...

Նույն գիշերվա առավոտյան պահուն, դեռ լույսը չբացված, այս գյուղի մեջ կատարվեցավ մի ուրիշ ցավալի անցք, մի երիտասարդի շղթաներով կապած, տարան զինվորական գործակատարի մոտ, որ նոր էր եկել այս կողմերում պատերազմական կարգադրությունների համար:

Գյուղացիներից ոչ ոք չտեսավ նրան, — միայն Թոմաս էֆենդին խավարի միջից, նրա ետևից նայելով, մի առանձին դիվական հրճվանքով ասում էր իր մտքում. «Գնա՛ այսուհետև, որքան կարող ես, փչի՛ր քո դուդուկը»...

Այդ երիտասարդը պարոն Դուդուկջյանն էր, կամ մեր այժմյան պարոն Սալմանը:

ԻԶ

Ծերունի Խաչոյի տան մեջ ամենևին չգիտեին թե ինչ էր պատահել պարոն Սալմանի հետ, միայն շատ անհանգիստ էին, որ նա գիշերը չվերադարձավ: Մանավանդ Վարդանը, Հայրապետը և Ապոն խիստ տխուր էին, որովհետև զգում էին, որ անպատճառ մի չար դեպք պետք է պատահած լինի: Առավոտյան նրանք երեքը միասին դուրս գնացին, գուցե մի բան կլսեին նրա մասին:

Կեսօրին անակնկալ կերպով հայտնվեցավ Թոմաս էֆենդին: Նրա այս տեսակ գալուստը, մենակ, առանց ծառայի, առանց զափթիաների խիստ օտարոտի թվեցավ ծերունուն: Նա միշտ ման էր գալիս իր առանձին սվիտայով: Նա բռնեց ծերունու ձեռքից, մի կողմը տարավ, որպես թե մի գաղտնի խոսելիք ունի նրա հետ:

Գիտե՞ս, — ասաց նա կիսածաղրական և կիսալուրջ եղանակով. — այն «դուդուկ փչողին» կալանավորեցին, տարան «ի գոգն Աբրահամու»:

Ծերունին հասկացավ, թե ում մասին էր խոսքը, սոսկաց, բոլոր մարմնով դողդողաց և փոքր էր մնում, որ պիտի գլորվեր գետնի վրա:

Սիրտդ պինդ պահիր, դողալու ժամանակ չէ, — շարունակեց էֆենդին, — դեռևս շատ բան պետք է լսես:

Նա պատմեց, թե ինքը տեղեկացավ, որ անցյալ գիշեր պարոն Սալմանը գնացել էր մի գյուղ, այնտեղ մի տան մեջ հավաքել էր իր շուրջը մի քանի երիտասարդ մշակներ, խոսում էր նրանց հետ «մարդկային անհատական իրավունքների մասին, խոսում էր մշակ մարդու աշխատանքի մասին, թե խոսում էր «բռնակալության» դեմ, խոսում էր ինչ եղանակով մարդիկ ձեռք են բերում ավելի ազատ և ավելի բախտավոր կյանքը», — ո՞վ է իմանում, զանազան այս տեսակ «խենթությունների» վրա էր խոսում: Հանկարծ վրա են հասնում մի քանի ոստիկաններ և կալանավորում են: Կառավարությունը վաղուց որոնում էր այդ «խենթին», որովհետև նրա մի քանի ընկերները զանազան տեղերում կալանավորված էին: Այժմ այդ մուկիկն էլ ընկավ որոգայթի մեջ: — Թոմաս էֆենդին ամեն ինչ պատմեց, բայց չհայտնեց, թե ինքն էր մատնել պարոն Սալմանին:

Նա կրկին դարձավ դեպի ծերունին:

Այժմ նոր առակ լուարուք, — ասաց խիստ դառն ժպիտով, կարծես, աշխատում էր ավելի խոր խոցել ողորմելի ծերունու սիրտը: — Շուտով զափթիաները կգան քո տան մեջ խուզարկություն անելու, ես, որպես բարեկամ, եկա քեզ նախապես զգուշացնելու համար:

Նա մի առանձին կերպով շեշտեց բարեկամ բառը: Այսուամենայնիվ, զափթիաների և խուզարկության անունը լսելով, ծերունին բոլորովին զարհուրեցավ:

Դեռևս ազատվելու ժամանակ կա, — շարունակեց էֆենդին ավելի սառն կերպով.-դու ինձ միայն այն ասա՛, նրանից խո մի բան չի՞ մնացել քո տան մեջ:

Որքան սարսափելի լիներ հաղորդած լուրը, ծերունին դարձյալ փոքր ինչ հանգստացավ, երբ նկատեց, որ էֆենդու նման «բարեկամը» մի այսպիսի վտանգավոր րոպեում օգնության ձեռք էր մեկնում իրան:

Մի խուրջին է մնացել, — պատասխանեց նա, երկչոտությամբ իր շուրջը նայելով, մի գուցե մի ուրիշը լսե նրա ձայնը:

Հիմա եկ, այդ էշը ցեխիցը դուրս հան... — խոսեց էֆենդին ինքն իրան: — Մի խուրջին է մնացե՞լ... դա քիչ բան չէ...

Նա դարձավ դեպի ծերունին, իր սատանայական շիլ աչքերը լայն բացելով:

Մի րոպեն անգամ թանկ է մեզ համար, շտապիր, գնանք, թաքցնենք այդ խուրջինը, քանի որ դեռ չեն հայտնվել զափթիաները:

Ծերունին բոլորովին հավատալով էֆենդու անկեղծությանը, տարավ նրան օդան, և ցույց տվեց պարոն Սալմանի այնտեղ պահված ճանապարհորդական խուրջինը:

Դռները կողպեցեք, — պատվիրեց էֆենդին, և ինքը բաց անելով խուրջինը, սկսեց քրքրել նրա մեջ եղած իրեղենները:

Следующая страница