Րաֆֆի՝   Խենթը

Խորամանկ փաշան մեծ համակրություն ցույց տվեց, խոստացավ, որ ինքն էլ ամեն հնար գործ կդնի, որ հայերին վնաս չհասնի, խոստացավ, որ նրանց թե՛ կայքի և թե՛ կյանքի ապահովության համար պետք եղած բոլոր միջոցները առանց հետաձգության կարգադրված կլինեն: Այդ ժամանակ ռուսաց զորքերը ետ էին դառնում: Եվ լսվում էր, թե հայերը ցանկանում են ռուսաց զորքերի հետ գաղթել: Փաշան հանձնեց ինձ համոզել ժողովրդին, որ իրանց տեղից չշարժվեն: Ես ուրախությամբ հանձն առա: Բայց ինձ ճանապարհ դնելեն հետո, հենց ինքը ծածուկ հրաման տվեց քուրդ Ֆաթթահ-բեկին, որ իր արյունարբու հրոսակներով եկավ և Օ... գյուղը կրակ տվեց, այրեց և բնակիչների մեծ մասը կոտորեց: Այդ անցքը սարսափ ձգեց ամբողջ գավառի վրա և ավելի խստացրեց գաղթականությունը: Թե՛ իմ և թե՛ համախոհներիս բոլոր ջանքերը իզուր անցան երկյուղով պաշարված ժողովրդին պահել իր հայրենի հողի վրա: Օրինակը արդեն աչքի առջև էր: Այնուհետև, եթե երկնքից հրեշտակի ձայն ևս լսեին, դարձյալ չէին հավատա, թե Օ... գյուղի պատուհասը չէր հասնի բոլոր ժողովրդին:

Բայց նենգավոր փաշայի խաբելը ինձ ավելի համոզեց այն կանխակալ կարծիքի մեջ, թե թուրք պաշտոնատարները կողմնակի կամ ուղղակի միջոցներով, իրանք են նպաստում քրիստոնյա տարրի ոչնչանալուն և Հայաստանի հայերից դատարկվելուն:

Իմ և համախոհներիս բոլոր ջանքերը կարողացան ժողովրդի միայն մի մասը պահել հայրենի հողի վրա, բայց շատ աննշան մասը: Այն ժամանակ Իսմայիլ փաշան թույլ տվեց թուրքաց թշնամի ռուսաց կողմը դիմող հայերի վրեժը մնացած հայերի վրա թափել: Այդ միջոցին քրդերը գործ դրեցին իրանց բոլոր անգթությունները, և զանազան տեղերում սկսվեցավ սարսափելի կոտորածը...

Ես մինչև այսօր համոզված եմ, և եթե ժողովուրդը տեղից չշարժվեր, կարող էր պաշտպանվել: Թուրքաց կանոնավոր զորքերը, շատ հասկանալի է, որ չէին հարձակվի հնազանդ և խաղաղ ժողովրդի վրա: Տեղային իշխանությունը մինչև այդ աստիճան ակներև բարբարոսություն չէր անի, մանավանդ, որ այդ ժամանակ Ալաշկերտի և Բայազեդի կողմերում լիքն էին անգլիական ագենտներ և եվրոպական լրագրների թղթակիցներ: Տեղային իշխանությունը կաներ այն, ինչ որ արեց: Այսինքն՝ ծածուկ քրդերին կգրգռեր հայերի դեմ և ինքը մատների միջից կնայեր գործող բարբարոսությունների վրա: Բայց քրդերի դեմ պաշտպանվելը շատ դժվար չէր լինի: Մի փոքրիկ, բայց խիստ նշանավոր դեպք կապացուցանե, որ իմ ենթադրությունը սխալ չէ: Ես համառոտ կերպով կպատմեմ քեզ:

Գաղթականությունից հետո, երբ ռուսաց զորքերը բոլորովին թողեցին Բայազեդի և Ալաշկերտի գավառները, այսինքն՝ երբ այդ երկրները կրկին անցան թուրքաց ձեռքը, այն ժամանակ, որպես պատմեցի, քրդերը սկսեցին կողոպտել, կոտորել և տանջել մնացած հայերին: Այդ միջոցին մի քանի հարյուր ընտանիք թողեցին իրանց բնակությունները և ամրացան լեռների մեջ: Երևակայեցեք, մի քանի հազար քրդեր, մի քանի շաբաթ շարունակ կռվում էին այդ մի բուռն քաջերի հետ, որոնք ոչ միայն հանձն չառեցին անձնատուր լինել, այլ մի քանի հաջող հարձակումներ գործելով, կարողացան խլել թշնամուց հարուստ ավար և պատերազմական պատրաստություններ: Իմ սիրտը և այս րոպեիս թնդում է մի անսահման ուրախությամբ, երբ մտաբերում եմ այն անմոռանալի օրերը: Կռվում էին ոչ միայն երիտասարդները, այլև ծերերը, այլև կնիկները: Ես այժմ համոզված եմ, որ ստրկությունը չէ կարող խլել մի ժողովրդի քաջությունը, որ նախնիքը թափել էին նրա երակների մեջ: Ստրկությունը կարող է միայն ժամանակավորապես ճնշել և խեղդել քաջազնական ոգին, բայց սպանելո՛չ: Զարկեց հաջող ժամը, նա կրկին կզարթնի իր վաղեմի ուժով և ավելի սաստիկ զորությամբ: Ես այդ տեսա իմ աչքով: Եվ միակ ուրախալի երևույթը, որ վերջին աղետների մեջ կարող է մխիթարել մեզ՝ այդ է:

Վարդանի մռայլված դեմքը փոքր ինչ պայծառացավ և նա իր տխուր աչքերը ուղղեց դեպի վեր, կարծես, աղոթում էր, կարծես, փառք էր տալիս Վերին նախախնամությանը:

Ինչո՞վ վերջացավ, — հարցրեց նա:

Երկար պատսպարվել անմատչելի լեռների մեջ, թեև շատ դժվար էր, բայց դարձյալ կարելի էր, եթե մենք գործ ունենայինք միայն քրդերի հետ: Բայց շուտով պաշարեցին մեզ կանոնավոր զորքեր: Այդ վերջիններին նույնպես՝ կարելի էր ընդդիմադրել, մեր կողմն էր մի անընկճելի զորություն, Հայաստանի լեռները, որ այնքան խնամքով պահում են իրանց մեջ ապաստանողներին: Բայց պաշարի և ուտեստի պակասությունը վրա հասավ, որպես մի թշնամի, որին հաղթել անկարելի էր: Թեև երբեմն գիշերով մերայինք իջնում էին լեռներից, և հարձակվելով քրդերի մերձակա գյուղերի վրա, պաշար էին բերում, բայց այդ խիստ սակավ անգամ հաջողվում էր, ավելի այն պատճառով, որ քրդերի գյուղերը դատարկ էին և բնակիչները իրանց անասունների հետ գնացել էին հեռավոր արոտատեղիներ: Իհարկե, մեր այդ դրությունը երկար շարունակվել չէր կարող, երբ մեր շրջակայքում չէր մնացել ոչ մի հայաբնակ գյուղ, որտեղից կարողանայինք օժանդակություն գտնել, գոնե պաշարի կողմից: Բայց թշնամին հետզհետե մոտենում էր: Այդ ժամանակ մերայինք կատարեցին մի հրաշալի քաջագործություն: Մի գիշեր պատառելով պաշարող շղթան, անցան թշնամու ահագին բանակից: Երևակայեցեք, որ դրանք կռվող տղամարդիկ չէին միայն, որոնց հեշտ լիներ մի այս տեսակ հանդուգն ձեռնարկություն, այլ իրանց հետ ունեին ամբողջ ընտանիքներ, կին աղջիկ և երեխաներ:

Հետո ո՞ւր գնացին, — հարցրեց անհամբերությամբ Վարդանը:

Անցան թուրքաց սահմանից և գնացին Պարսկաստան: Բայց ճանապարհին ոչ պակաս վտանգների դեմ ստիպված էին պատերազմել:

Ուրեմն դու Պարսկաստանից եկար այստեղ:

Այո՛, Պարսկաստանից:

Այժմ դու ի՞նչ դիտավորություն ունես այստեղ, — հարցրեց Վարդանը:

Ես միայն մեկ դիտավորություն ունեմ, և կարծեմ, դու էլ կհամաձայնվես ինձ հետ, — պատասխանեց Մելիք-Մանսուրը, ավելի լուրջ դեմք ընդունելով. — պետք է աշխատել, որ այստեղ եկած գաղթականների կյանքը պահպանվի և նրանք իսպառ չոչնչանան քաղցածությունից և հիվանդությունից: Ես հավատացած եմ, որ ռուսները կհավաքեն իրանց ուժերը և կրկին կտիրեն թողած երկրները: Այն ժամանակ այն կողմերում խաղաղություն կտիրե, և այն ժամանակ պետք է աշխատել, որ ալաշկերտցիք և բայազեդցիք վերադառնան իրանց հայրենիքը: Եթե ոչ, Հայաստանի ապագայի համար մեծ դժբախտություն կլինի, եթե այդ երկու սահմանակից գավառները, որպես են Ալաշկերտը և Բայազեդը, բոլորովին կդատարկվեն հայերից և նրանց տեղը կբռնեն վայրենի քրդերը:

Դու կարծում ես, որ այդ գավառները մի՞շտ ռուսաց ձեռքը կմնան:

Դիցուք պատերազմից հետո, երբ խաղաղության դաշինք կկապվի, այդ գավառները կրկին կանցնեն թուրքաց ձեռքը: Բայց այն ժամանակ ես հավատացած եմ, որ հանգամանքները կփոխվեն, և մյուս անգամ չեն կրկնվի այժմյան անկարգությունները ջարդված թուրքը խելքը գլուխը կհավաքե... Ես դեռ մի ուրիշ հույս էլ ունեմ...

Այդ միջոցին ներս մտավ պառավը, հայտնեց, թե մի օտարական քահանա խնդրում է տեսնվել: Վարդանը մտածելով, թե դա Հովհաննես հայր սուրբի խոստացած քահանաներից մեկը պետք է լինի, հրամայեց ներս թողնել:

Հայտնվեցավ Օ... գյուղի քահանա տեր-Մարուքը:

ԽԲ

Նախաճաշիկը վերջացել էր և մի քանի շիշ գինի դատարկվել էր, երբ հայտնվեցավ քահանան: Վարդանին խիստ ծանր էր թվում մյուս անգամ հանդիպել այդ մարդուն, որ Օ... գյուղում այնքան անախորժություններ և այնքան հոգսեր էր պատճառել թե՛ իրան և թե՛ իր բարեկամ պարոն Սալմանին: Բայց հանգամանքները ակամա հաշտեցնում են մարդուն հին թշնամու հետ: Քահանայի ողորմելի դրությունը, նվաղած կերպարանքը, մաշված և քրքրված հագուստը, որ ավելի նմանեցնում էին նրան մի մուրացկանի, քան թե աստուծո տաճարի սպասավորի, խեղճ մարդու այդ բոլոր թշվառությունները մոռանալ տվեցին Վարդանին հին ատելությունը: Բացի դրանից, այդ մարդու բերանից պիտի լսեր Վարդանը տեղեկություններ այն ընտանիքի մասին, որի վիճակը իրան սաստիկ հետաքրքրում էր:

Ձեզ Հովհաննես հայր սուրբը ուղարկե՞ց, — հարցրեց Վարդանը քահանայից, խնդրելով նստել:

Այո՛, Հովհաննես հայր սուրբը... — պատասխանեց նա և տեղավորվեցավ փոքրիկ սեղանի մոտ, որի վրա դեռ մնացել էր մի շիշ գինի:

Վարդանը լցրեց բաժակը և տվեց քահանային, որ օրհնելով, իսկույն խմեց: Ոգելից ըմպելին կարծես կազդուրիչ ցող լիներ, որ թափվեցավ տոթից թառամած խոտաբույսերի վրա: Քահանայի անշարժ դեմքը փոքր ինչ զվարթացավ: Մելիք-Մանսուրը նկատելով այդ, հարցրեց.

Կկամենայի՞ք մի բան ուտել:

Երեկվանից ոչինչ չեմ կերել, — պատասխանեց քահանան այնպիսի մի ողորմելի ձայնով, որ չէր կարելի չխղճալ:

Նա ձայն տվեց պառավին նախաճաշիկ բերել տերտերի համար:

Վարդանը դժվարանում էր իսկույն սկսել հարցուփորձը: Նրա դրությունը նմանում էր այն անբախտին, որի բացակայության ժամանակ, գողերը մտան տունը, կողոպտեցին և տարան բոլորը, ինչ որ ուներ: Վերադառնալով տուն, գտնում էր նրան մերկ ու դատարկ: Բայց մի տեղում նա թաքցրել էր իր գանձը, դեռ հույս ունի, որ չարագործների ձեռքը այնտեղ հասած չի լինի: Մոտենում է խորհրդավոր պահարանին, և սիրտը դողդողալով կանգնում նրա առջև, բայց չէ համարձակվում բաց անել, չէ համարձակվում նայել: Նախապես պաշարում է նրան մի կանխակալ սոսկում, մտածում է, — ինչ կլինի իր դրությունը, եթե գանձարանը դատարկ գտնե, նա խո կզրկվի իր վերջին հույսից, իր միակ մխիթարությունից:

Այդպիսի մի անվճռականության մեջ օրորվում էր, տարուբերվում էր Վարդանը: Նա դեռ հույս ուներ, որ կգտնի Լալային: Եվ այդ քահանայի մի խոսքիցն էր կախված նրա բախտը և ցմահ անբախտությունը: Արդյոք ունե՞ր այնքան ուժ և այնքան սրտի զորություն, որ կարողանար դիմանալ քահանայի բոթաբեր խոսքին: Զարհուրելի նախազգացումներ տիրել էին նրա հոգին և նա ոչինչ հարցնել չկարողացավ, թեև շատ ցանկանում էր հարցնել:

Մելիք-Մանսուրին հայտնի չէին Վարդանի հոգեկան հարաբերությունները Լալայի հետ: Նա մինչև անգամ ծանոթ չէր ծերունի Խաչոյի ընտանիքի հետ: Բայց նկատելով իր բարեկամի անհանգստությունը, հարցրեց.

Դու ունե՞իր մի բան խոսելու տեր հոր հետ, գուցե ես...

Ոչ, քեզանից ծածուկ ոչինչ չունեմ, — ասաց Վարդանը և դարձավ դեպի քահանան.

Տեր հայր, դու հանձնեցի՞ր Հովհաննես հայր սուրբին քո ծուխի ցուցակը, ինձ նույնպես հետաքրքիր է գիտենալ, թե Օ... գյուղից քանի ընտանիքներ կան գաղթականների մեջ և ո՞րտեղ են բնակվում նրանք:

Օրհնած, իմ ծուխից ո՞վքեր են մնացել, որ նրանց համար ցուցակ կազմեի, — պատասխանեց քահանան այնպիսի մի եղանակով, կարծես, հավերի վրա էր խոսում: — Ես մատներով էլ կարող եմ համբարել ինչ որ մնացել է, կամ որտեղ թափառում են այժմ:

Վարդանը ամբողջ մարմնով դողաց:

Մի՞թե բոլորին կոտորեցին, — հարցրեց նա, գունաթափվելով:

Եթե չասեմ բոլորին, դարձյալ պետք է ասել, որ մարդ չմնաց: Ի՞նչ եղան, ես ինքս էլ չգիտեմ, աստված ոչ մի քրիստոնյայի թող չտա այն պատուհասը, ինչ որ հասավ Օ... գյուղին: Այդ մեր մեղքիցն էր: Կարծես Սոդոմ և Գոմորի նման երկնքից կրակ ու ծծումբ թափվեցավ և ամեն ինչ լափեց: Ով որ ազատվեցավ կրակից, քրդերը կամ գերի տարան, կամ կոտորեցին: Այդ բոլորը պատահեցավ մեկ գիշերվա մեջ: Առավոտյան ամբողջ գյուղը նմանում էր մի հանգած խարույկի: Կորա՜ն իմ ապառիկները, կորա՜ն... էլ հույս չկա մի բան ստանալու... Թոմաս էֆենդին, աստված թող հոգին լուսավորե, խոստացավ, որ կհավաքե իմ ապառիկները, բայց նա էլ ձեր չարը տարավ... Այսպես մնացի աղքատ և տնանկ, տեսնո՞ւմ եք ինչ վիճակի մեջ եմ ես... — և նա ցույց տվեց իր քրքրված հագուստը:

Արտասուքը սկսեց թափվել խեղճ քահանայի աչքերից և դառն կերպով հեկեկում էր նա: Արդյոք նա հիշե՞ց իր հարս Զուլոյին և նրա հրեշտակի նման երեխաներին, որոնք նույնպես չկային գաղթականների մեջ: Արդյոք նա հիշե՞ց իր փեսա տիրացու Սիմոնին և նրա կնոջը, որ իր հարազատ աղջիկն էր, որոնք նույնպես անհետացել էին ընդհանուր խռովության մեջ: Արդյո՞ք ժողովրդի ցավն էր տանջում քահանային, որի հովիվն էր ինքը, որի կորուստը այնպես սառնասրտությամբ նկարագրեց նա: — Դրանցից և ոչ մեկը չէր տեր հոր արտասուքի պատճառը: Նա հիշեց միայն իր ապառիկները, որ պիտի ստանար իր ծուխից, իսկ այն ծուխը այժմ չկար. ապառիկները կորան... Բայց այդ դժբախտ ապառիկների մասին, որոնք այնքան հոգսեր էին պատճառել տեր հորը, Վարդանը ոչինչ չգիտեր, այդ պատճառով, մի առանձին ուշադրություն չդարձրեց:

Նա այլևս չէր համարձակվում հարցուփորձը առաջ տանել, և մասամբ ուրախ էր, որ տեր հայրը իր ապառիկներով հեռանում էր բուն հարցից: Նա խմեց իր առջև դրած բաժակը, աշխատելով իր վշտերը ցրվել գինու թմրության մեջ: Բայց գինին ավելի էր բորբոքում այրված սրտի տանջանքը, որպես յուղ, որ ածվում է բոցավառ կրակի վրա:

Վարդանին իր դժվար դրությունից ազատեց Մելիք-Մանսուրը: Նա լսել էր շատ բան ծերունի Խաչոյի ընտանիքի մասին, նրան հայտնի էր այդ հոյակապ ընտանիքի գլխավորի և նրա երկու որդիների ցավալի մահը, բայց մնացածների մասին ոչինչ չգիտեր:

Այդ ընտանիքից ո՞վ մնաց, — հարցրեց նա:

Ոչ ոք, — պատասխանեց քահանան սառնասրտությամբ: — Ինքը տանուտերը իր երկու որդիների հետ մեռան բանտի մեջ: (Այդ պետք է լավ գիտենաք): Մնացած որդիներին կոտորեցին, հարսներին և աղջիկներին գերի տարան...

Բոլորի՞ն... — գոչեց Վարդանը սարսափելով:

Քահանան, նկատելով երիտասարդի սոսկալի դեմքը, այժմ միայն զգաց, թե իր պատասխանը որքան անզգույշ էր:

Սառան այստեղ է, — ասաց նա, — իր երկու երեխաների և Լալայի հետ:

Վարդանի ուրախությանը չափ չկար: Նա այժմ նմանում էր մի մարդու, որ սարսափելի նավաբեկությունից հետո, տարուբերվելով կատաղի ալիքների մեջ, մաքառում էր մահվան և օրհասի հետ: Սպառված ուժերը այլևս չեն օգնում նրան: Նա աչքերը գոցում է, որ մյուս անգամ բաց անե անդունդի մեջ: Հանկարծ գտնում է իրան ցամաքի վրա: Ի՞նչպես հայտնվեցավ այնտեղ, — ինքն էլ չգիտե: Ալիքների մի սաստիկ հորձանք ձգեցին նրան այնտեղ:

Այստե՞ղ է Լալան... այստե՞ղ է Սառան... ուրեմն ես կտեսնեմ նրանց, փա՜ռք քեզ աստված, — գոչեց նա նստած տեղից վեր թռչելով: — Գնա՛նք, տեր հայր, դու խո իմանում ես, թե նրանք որտեղ են բնակվում: Գնա՛նք, դու էլ, բարեկամ, — նա բռնեց Մանսուրի ձեռքից:

Երկու երիտասարդները քահանայի հետ դուրս գնացին: Բայց Վարդանի ուրախությունը կարճատև եղավ: Քահանան դեռ չգիտեր վերջին անբախտությունը, որ պատահել էր այդ գաղթականների հետ:

Եթե Վարդանը այսօր առավոտյան, վանքից դուրս գալուց հետո, փոքր ինչ մոտից տեսներ այն տխուր հուղարկավորությունը, որ շարժվում էր դեպի գերեզմանատունը, այն ժամանակ նրա համար պարզված կլիներ դառն իրականությունը: Բայց երևում էր, որ ճակատագիրը կամեցել էր ավելի խիստ պատժել նրան, որ նա երբեք չկարողանար տեսնել սիրած աղջկան...

Սառան և Լալան վանքից երկուսն էլ հիվանդ տարվեցան այն կացարանը, որ առաքինի բժշկապետը պատրաստել էր տվել նրանց համար: Բարեսիրտ տանտիկինը, որի խնամատարությանը հանձնված էին երկու հիվանդները, մի առանձին գութ ունեցավ նրանց վրա, մանավանդ երբ իմացավ, որ դրանք մի հարուստ բարեբախտ ընտանիքի զավակներ էին, և աղետալի պատահարները ձգել էին նրանց վերջին թշվառության մեջ:

Բարոյապես տանջված, ֆիզիկապես մաշված և բոլորովին ուժաթափ եղած աղջկա մեջ, հենց առաջին գիշերը հայտնվեցավ սաստիկ ջերմ: Տանտիկինը իսկույն իմացում տվեց բժշկապետին, որը գալով, գտավ նրան վտանգավոր դրության մեջ: «Հույս չկա», — հայտնեց նա տան տիկնոջը, և ինքը գիշերի մեծ մասը մնաց հիվանդի մոտ, աշխատելով վերադարձնել սպառված կյանքը: Կես գիշերից հետո նա բավական հանգիստ էր. այս պատճառով հեռացավ բժիշկը: Նա մինչև անգամ խոսում էր, պատմում էր շատ բաներ իր մոտ նստող տանտիկնոջը:

Բայց առավոտյան, երբ բժշկապետը եկավ տեսնելու հիվանդին, նրան արդեն մեռած գտավ: Սառան ոչինչ չէր հասկացել, թեև միևնույն սենյակում պառկած էր: Իսկ երբ հյուսնի մուրճի ձայնը դրսից լսելի եղավ, երբ տեսավ դագաղը, նա բոլորը հասկացավ: Խեղճ կինը մինչև անգամ լաց չեղավ: Եվ լաց լինել կարող չէր նա: Արտասուքի համար ևս առողջություն պետք է: Կարծես, նա ուրախ լիներ, կարծես, նա հենց այդ էր ցանկանում, որ մեռնի Լալան, որ հանգստանա նա, որ ազատվի այդ աշխարհից, ուր նրա համար լավ օր չէր մնացել...

Երբ դագաղը դուրս էին տանում, նա խնդրեց, որ իրան թույլ տան թաղմանը ներկա գտնվել: Եվ չնայելով բժշկապետի ընդդիմադրությանը, թե դրանով բոլորովին կտկարացնե և կխանգարե իր առողջությունը, դարձյալ հնար չեղավ նրան ետ պահելու: Կարծես, այդ օտարոտի ցանկությունը կրկին վերադարձրել էր նրա սպառված ուժերը: Նա իրան բավական զվարթ էր զգում և գտնվում էր կատարյալ ողջամտության մեջ: Երբ դագաղը դրեցին գերեզմանի մեջ, նա ասաց. «Կցանկանայի քեզ հետ թաղվել, իմ նազելի Լալա...»: Այդ միջոցին նրա աչքը ընկավ իր երկու զավակների վրա և ձայնը խեղդվեցավ...

Սառային գերեզմանատնից բոլորովին ուշաթափ տուն բերեցին: Եվ նույն իսկ րոպեին, երբ բժիշկը զբաղված էր նրան ուշի բերելով, դռան մուրճը զարկեցին: Ծառան դուռը բաց արեց, տեսավ, երկու անծանոթ երիտասարդներ և մի քահանա կանգնած էին այնտեղ:

Ո՞ւմն եք ուզում, — հարցրեց ծառան:

Մեզ ասացին, որ այս տանը կենում են երկու ալաշկերտցիներ, — հարցրեց Վարդանը, — մեկը կին, մյուսը աղղջիկ:

Այո՛, կենում են, բայց աղջիկը...

Ի՞նչ եղավ:

Մեռավ...

Վարդանը շանթահար ծառի նման խորտակվեցավ և ընկավ Մելիք-Մանսուրի ուսի վրա:

ԽԳ

Մութ, խավարային գիշեր էր: Շոգիներով լցված ամառային տաք օդը անախորժ ծանրությամբ նստում էր մարդու սրտի վրա: Գիշերային լռության մեջ ոչ մի ձայն, ոչ մի շշունջ չէր լսվում: Կարծես ամեն ինչ մեռած լիներ: Միայն Գայանեի գերեզմանատան մի անկյունից լսվում էին խուլ հառաչանքներ: Մի երիտասարդ, տարածված բոլորովին թարմ հողադամբարանի մոտ, դառն կերպով մրմնջում էր: Արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա տխուր աչքերից և թրջում էր ցամաք հողը: Երբեմն նա գրկում էր փոքրիկ հողադամբարանը և համբարում էր նրան, երբեմն իր երեսը և աչքերը քսում էր նրա խոնավ մակերևույթին: «Լալա՜... անբա՜խտ Լալա»... բառերը շատ անգամ հնչվում էին նրա շրթունքից, և կարծես, այդ բառերի հետ դուրս էին թռչում նրա սիրտը և հոգին:

Այդ երիտասարդը Վարդանն էր: Երկար թափառումներից հետո, նա գտավ սիրած աղջկա գերեզմանը միայն: Էլ ի՞նչ էր մնում նրան: Կյանքի ալեկոծությունների մեջ, անդադար մաքառելով դժվարին անհաջողությունների դեմ, նա ուներ մի վառ և պայծառ աստղ միայն, որի վրա հառած էր նրա աչքը, որը առաջնորդում էր նրան դեպի փրկության նավահանգիստը: Իսկ այժմ այդ աստղը նույնպես հանգավ: Էլ ի՞նչ էր մնում: Մնում էր մի խորտակված և վիրավոր սիրտ, որի համար պակաս էր առողջարար բալասանը, որի մի կաթիլը բժշկում էր բոլոր վերքերը: Կորուստը անփոխարինելի էր: Վարդանը երբեք չէր սիրել: Սառն և խստասիրտ երիտասարդը քնքուշ զգացմունքներ չուներ: Բայց Լալայի սիրո առջև, փափուկ մոմի նման, հալվեցավ նրա բնավորության կոշտությունը: Լալայի սերը կախարդեց նրան: Բայց ո՞ւր էր այժմ մխիթարիչ հրեշտակը: Այն հողադամբարանի տակ, որ գրկել էր ինքը, որ թրջում էր իր արտասուքներով: Այն հողադամբարանը տակ թաղված էր և անբախտ երիտասարդի սիրտը:

Երկար այնպես տանջվում էր, մորմոքում էր և անմխիթար կսկիծների հետ մաքառում էր նա, մինչև մի տեսակ թմրություն, որ ոչ քուն էր և ոչ արթնություն, տիրեց նրա անդամներին: Բորբոքված գլուխը ընկավ գերեզմանի վրա և աչքերը փակվեցան:

Նրա վառ երևակայության մեջ այժմ սկսեցին ամբոխել խառնափնթոր երազներ: Ինչե՞ր ասես չէր տեսնում նա: Երբեմն սարսափելի դժոխային տեսիլներ սոսկում և արհավիրք էին ազդում նրան: Իսկ երբեմն գեղեցիկ մխիթարական երևույթներ հրապուրում էին նրան: Կարծես դարերը մի քանի շրջան առաջ էին գնացել, և նա տեսնում էր Հայաստանը, ավերակ և անապատ դարձած Հայաստանը, այժմ բոլորովին կերպարանափոխված, բոլորովին վերանորոգված: Այդ ի՞նչ հրաշալի փոփոխություն էր: Մի՞թե կորած դրախտը կրկին վերադարձել էր այդ երկրի վրա: Մի՞թե կրկին տիրում էին այն ոսկեղեն ժամանակները, երբ չարությունը և անիրավությունը տակավին չէին ապականել աստուծո անմեղ աշխարհը: Բայց ո՛չ, Վարդանի տեսածը այն դրախտը չէր, որ հիմնեց Եհովան Հայաստանի չորս գետերի ակունքի մոտ, ուր մարդկային առաջին զույգը ապրում էր կատարյալ անմեղության և կատարյալ տգիտության մեջ: Այդ այն դրախտը չէր, ուր մարդը չէր գործում, չէր աշխատում և չէր արդյունաբերում, այլ ապրում էր պտուղներով, կերակրվում էր աստուծո ճոխ սեղանից, որ սփռել էր նրա առջև հրաշալի բնությունը:

Դա մի ուրիշ դրախտ էր, մի դրախտ, որ մարդն է ստեղծում իր համար իր աշխատություններով և իր արդար վաստակով: Ուր անմեղության տեղ տիրում էր խելացի գիտակցությունը, իսկ անհոգ, պարզ նահապետական կյանքի տեղ՝ զարգացած քաղաքակրթությունը:

Այժմ, կարծես, կատարվել էր այն ճակատագրական խոսքերի իմաստը, որ ասաց արարիչը նախաստեղծ մարդուն. «Քո ճակատի քրտինքով պետք է վաստակես քո հացը»: Այժմ մարդը ոչ միայն աշխատում էր, այլ մինչև անգամ հեշտացրել էր աշխատանքը և նրա համար շատ քրտինք չէր թափում: Բայց աշխատում էր իր բարօրության համար. նրա վաստակը չէր հափշտակվում անգութ հարստահարիչի ձեռքով:

Ահա՛, Վարդանը տեսնում էր մի գյուղ: Մի՞թե դա Ալաշկերտի Օ... գյուղը չէր: Շրջակայքը նրան ծանոթ էին՝ նույն լեռները, նույն բլուրները, նույն գետը, նույն կանաչազարդ հովիտըբոլորը նույնն էր: Դարերի հոսանքը այստեղ ոչինչ չէր աղարտել, միայն կերպարանափոխել էր: Բայց ո՞րքան փոխվել էր գյուղը: Այլևս չէին տեսնվում այն ողորմելի գետնափոր խրճիթները, որոնք ավելի գազանների որջի էին նման, քան մարդկանց բնակարանների: Այժմ տները քարաշեն էին, սպիտակ որպես ձյուն, և շրջապատված էին գեղեցիկ պարտեզներով: Լայն և ուղիղ փողոցները հովանավորված էին մշտականաչ ծառերով, որոնց մոտով վազում էին բյուրեղի նման հստակ առվակներ:

Առավոտ էր:

Տներից խումբերով դուրս էին գալիս գյուղական մանուկները, առողջ, զվարթ և մաքուր հագնված: Տղա և աղջիկ, խառն միմյանց հետ, գրքերը ուսներին շալակած, շտապով դիմում էին դպրոցը: Վարդանը նայում էր իրանց վրա և հիանում էր: Ո՞րքան լավ պահված էին այդ սիրուն երեխաները, ո՞րքան ուրախ էին նրանք: Երևի, դպրոցը և վարժապետը չեն վախեցնում նրանց: Մի՞թե դրանք այն կիսամերկ և հիվանդոտ երեխաներն էին, որոնց տեսել էր Վարդանը:

Վարդանը միայնակ կանգնած էր փողոցի մեջ, զարմացած նայում էր իր շուրջը և չգիտեր դեպի ուր գնալ: Նրա ականջին զարկեց մի անուշ ձայն, դա եկեղեցու զանգակի ձայնն էր: Երևի, առավոտյան ժամը դեռ չէր վերջացել: Սկսյալ այն օրից, որ նա թողեց վանքը և հեռացավ աբեղաների միաբանությունից, այդ առաջին անգամն էր, որ աստուծո տան հրավերքի ձայնը այնպես քաղցր կերպով հնչեց նրա ականջներին: Քարացած սիրտը լցվեցավ մի սրբազան ջերմեռանդությամբ, նա դիմեց եկեղեցին, որի շեմքի վրա տասն տարուց ավելի ոտք չէր կոխել:

Նա զարմացավ: Այդ ինչ պարզ, այդ ինչ անշուք եկեղեցի էր: Ո՛չ բեմ, ո՛չ սեղան, ո՛չ զարդարած տաճար, ո՛չ ոսկեզօծ պատկերներ, ո՛չ արծաթյա խաչեր և ո՛չ թանկագին զգեստներ չկային այնտեղ: Նա զուրկ էր հայկական եկեղեցու բոլոր շքեղություններից, մինչև անգամ դպիրներ, սարկավագներ և տիրացուներ չէին երևում: Երկու պատկերներ միայն տեսավ այնտեղ. մեկը Հիսուս Քրիստոսի պատկերը, մյուսը սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը, երկուսն էլ հասարակ սև շրջանակի մեջ դրված:

Ժողովուրդը նստած երկայն նստարանների վրա այր և կին միասին, յուրաքանչյուրը ուներ ձեռքին մի փոքրիկ երգարան: Քահանան կանգնած ամբիոնի վրա, սուրբ գիրքը առջև դրած, քարոզ էր կարդում: Նա իր հագուստով չէր զանազանվում հասարակ ժողովրդից: Նրա քարոզը այնքան պարզ, այնքան հասկանալի էր, որ բոլորը հասկանում էր Վարդանը: Ինչպես մի վտակ, բխած կենդանի և մաքուր աղբյուրից, աստուծո խոսքը հոսում էր նրա բերանից: Նա բացատրում էր սուրբ գրքի այն խոսքի իմաստը, թե «քո ճակատի քրտինքով պետք է վաստակես քո հացը»: Վարդանը զարմանում էր քահանայի բացատրությունների վրա: Այդ խոսքի իմաստը մինչև այնօր Վարդանին հասկացրել էին այն մտքով, որ դա մի անեծք էր, որով աստված դրոշմեց նախաստեղծ մարդու ճակատը, որ տարածվում էր նրա ամբողջ սերունդի վրա: Իսկ այժմ հասկանում էր, որ դա մի խրատ էր, որ խլում է մարդուց ծուլությունը և պահում է նրան անվաստակելի, աշխատասեր ինքնագործունեության մեջ:

Քարոզը վերջացավ: Բազմության միջից վեր կացավ մի հասարակ գյուղացի, և քարոզի մտքի համեմատ, հանպատրաստից կարդաց մի աղոթք: Նա խնդրում էր աստծուց, որ շնորհե իրանց առողջություն, խելք և զորություն, որ կարողանան գործել, աշխատել և արդյունավորել նրա ստեղծած երկիրը, որ բովանդակում էր իր մեջ անսահման բարիքներ: — «Այդ ի՞նչ աղոթք է, — մտածում էր Վարդանը, — այդ ի՞նչ շահասեր մարդիկ են. դրանք հոգու համար ոչինչ չեն խնդում. մի՞թե դրանք գերեզմանի մյուս կողմում ոչինչ սպասելիք չունեն և խնդրում են միայն այն, ինչ որ պահանջում է մարմինը, ինչ որ պահանջում է իրական կյանքը»:

Աղոթքը վերջացավ: Բոլոր բազմությունը՝ այր և կին, ծեր և մանուկ, միաձայն սկսեցին երգել մի երգ: Նրա բովանդակությունը առած էր Սաղմոսի հետևյալ տողերից, «շատերը ասում էին, թե ո՞վ ցույց կտա մեզ տերի բարությունը: Մեզ վրա ծագեց քո երեսի լույսը և մեր սրտերին ուրախություն շնորհեցիր: Ցորենի, գինիի և ձեթի պտուղների առատությունով լիացրիր մեզ»: — «Դարձյալ նույն նյութական նպատակը... — մտածում էր Վարդանը, — դարձյալ հոգեկան ոչինչ չկա... Մշակ մարդը երգում է երկրի առատությունները, որ մշակել էր իր ձեռքով, որ շնորհել էր նրան աստված: Զարմանալի է, ի՞նչպես այդ մարդիկը հարմարացրել են կրոնի վերացականությունը իրական կենցաղավարության պահանջների և պայմանների հետ»...

Բայց ի՞նչ գեղեցիկ երգ էր այդ, որին ներդաշնակում էին երգեհոնի անուշ հնչյունները, ո՜րքան քաղցր, ո՜րքան սքանչելի եղանակով թռչում էր նա հարյուրավոր մարդկանց բերանից: Վարդանին այնպես էր թվում, թե մարդերի ձայնը, միացած անթիվ սերովբեների մեղեդիների հետ, վերամբառնում էր դեպի հավիտենական աթոռը: Նա իր կյանքում առաջին անգամն էր լսում մի այսպիսի սրբազան երաժշտություն:

Ժամերգությունը վերջացավ: Ժողովուրդը սկսեց դուրս գալ եկեղեցուց: Այժմ նույն ամբիոնի վրա, որտեղից քահանան քարոզ էր կարդում, կանգնեց վարժապետը և նույն նստարանների վրա, ուր ծնողները երգում էին, աղոթում էին, այժմ շարվեցան նրանց զավակները: Աղջիկ և տղա, խառն միմյանց հետ սկսեցին լսել վարժապետի դասախոսությունը: — «Մի՞թե այդ դպրոց է եղել, — մտածում էր Վարդանը, — մի՞թե եկեղեցին միացրել են դպրոցի հետ: Ա՜խ, այդ ի՞նչ խնայող մարդիկ են, որ չեն կամեցել դպրոցի համար առանձին շենք կառուցանել: Այստեղ ևս դարձյալ նյութականություն»:

Բայց վարժապետի դեմքը բավական ծանոթ էր երևում Վարդանին: Մի՞թե դա տեր-Մարուքը չէր: Երեսի գծագրությունը, հասակը և մինչև անգամ ձայնը նրան շատ նման էին: Իսկապես նա էր, թեև քահանա, բայց աշխարհականի հագուստով: Վարդանը դժվարանում էր իր աչքերին հավատալ: Մի՞թե դա այն մարդն էր, որ այնքան թշնամի էր դպրոցին, որ այնքան հոգսեր և ցավեր պատճառեց պարոն Սալմանին, իսկ այժմ ինքը կառավարում էր մի կանոնավոր դպրոց: Մի՞թե դա նույն քահանան էր, որ եկեղեցու խորհուրդները փողով էր վաճառում և անդադար մտածում էր իր ապառիկների վրա: Այդ երկբայությունները այն աստիճան պաշարեցին Վարդանին, որ նա չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը և մոտենալով, հարցրեց.

Տեր հայր, դուք ի՞նչ արեցիք ձեր ապառիկների հետ:

Քահանան հիմարի տեղ դնելով անծանոթ երիտասարդին, խիստ սուր կերպով նայեց նրա երեսին և ոչինչ չպատասխանեց, միայն հասկացրուց, թե շուտով զանգակը կտան և իր դասը վերջացրած կլինի: Նրա դասը բնական գիտություններից էր, այդ նույնպես ոչ սակավ զարմացրուց Վարդանին: Քահանան, աստվածաբան և միևնույն ժամանակ բնագետ, — դա իրավ որ զարմանալի էր:

Վարդանը չսպասեց մինչև դասի վերջանալը և դուրս եկավ եկեղեցուց, լավ ևս է ասել՝ դպրոցի բակը: Այստեղ նա ոչ մի գերեզման չտեսավ, որպես սովորաբար լինում է հայոց եկեղեցիների բակերում: Նա զարդարած էր հազվագյուտ ծառերով և ծաղիկներով: Երկար նա կանգնած նայում էր ճեմելիքների գեղեցկությանը, մինչև գյուղացիներից մեկը տեսնելով, որ նա օտարական է, հրավիրեց իր տունը նախաճաշիկ անելու:

Նրա տունը այն կոկիկ տներից մեկն էր, որ իր փոքրիկ ծավալի մեջ բովանդակում է ընդարձակ բավականություններ: Նա ամբողջապես կորած էր հովանավոր ծառերի մեջ: Կային մի քանի սենյակներ, որ հարմարեցրած էին կյանքի զանազան պահանջներին, բոլորը պարզ, մաքուր և իրանց պատշաճավոր կարասիներով զարդարված: Տան տիրոջ մանկահասակ աղջիկը, շրթունքի միջից մի երգ մեղմիկ կերպով եղանակելով, ուրախ-ուրախ դիմավորեց հորը: Կարծես տխրությունը, վիշտը, կյանքի դառնությունները երբեք չէին շոշափել այդ գեղեցիկ արարածի սիրտը: Նա, հայ կնիկներին հատուկ ամոթխածությամբ, չվախեցավ, չթաքնվեցավ անծանոթ հյուրից, այլ շնորհալի կերպով խոսում էր Վարդանի հետ, ծիծաղում էր, կարծես վաղուց բարեկամ լիներ: Բայց որքա՜ն նման էր Լալային: Այդ զարմանալի նմանությունը մի այնպիսի հոգեզմայլությամբ պաշարեց Վարդանին, որ ցանկանում էր գրկել նրան և ասել. «Վերջապես գտա քեզ»...

Նախաճաշիկը արդեն պատրաստ էր սեղանի վրա: Տանտիկինը լցրեց ահագին գավաթներ սուրճով, թանձր սերի հետ, և դրեց հյուրի և իր ամուսնի առջև: Իսկ մանկահասակ աղջիկը դրեց սեղանի վրա այն առավոտ ստացած լրագրի թերթը և ինքնաբավական ժպիտով ցույց տվեց մի հոդված: — Ա՜, քո հոդվածը արդեն դուրս է եկել, Լալա, — խոսեց հայրը, ակնոցները ուղղելով, թերթը մոտեցնելով աչքերին:

— «Լալա», — գոչեց Վարդանը անզսպելի խռովության մեջ:

— «Այդ անունը, — պատասխանեց տանուտերը, — խիստ հաճախ է կրկնվում մեր տոհմի մեջ»:

Վարդանը փոքր ինչ հանգստացավ, բայց դարձյալ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե նա Լալան չէր: Եթե նա Լալան չէր, անտարակույս, նրա հարություն առած ուրվականը պետք է լիներ: Իհարկե, հարությունից հետո մարդիկ փոխվում են, ուրիշ տեսակ կրթություն և ուրիշ տեսակ բնավորություն են ստանում, պահպանելով իրանց իսկական պատկերը:

Բացի գեղեցիկ օրիորդից Վարդանին գրավում էր այս տան խաղաղ և բախտավոր կեցությունը: Նա սկզբում կարծում էր, թե այդ մարդիկը գիշեր և ցերեկ հանգստություն չունին, աշխատում են և միշտ աշխատում են: Իսկ այժմ տեսնում էր, որ դրանք էլ ունեն իրանց հանգստի և ուրախության ժամերը, դրանք էլ ունեն իրանց համեստ և լի բավականություններով ապրուստը:

— «Գյուղացու երջանկությունը, — ասաց տանուտերը, — չէ կայանում այնքան ծանր և անդուլ աշխատությունների մեջ, որքան գործի գիտենալու և նրան հեշտացնելու հնարների մեջ: Բնության մեջ կան շատ ուժեր, որոնց պարգևել է աստված մեզ օգնելու համար, միայն պետք է ծանոթանալ նրանց հետ և գիտենալ թե ի՞նչ միջոցով կարելի է նրանցից օգուտ քաղել:

Следующая страница