Րաֆֆի՝   Խենթը

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Следующая Конец

— «Այդ իրավ է, — պատասխանեց Վարդանը, — բայց եթե քրդերը թողնեին գյուղացու վաստակը իր ձեռքում մնար, իմ կարծիքով, նա միշտ բախտավոր կլիներ»:

— «Ի՞նչ քրդեր, — հարցրեց տանուտերը զարմանալով»:

— «Այն քրդերը, որ ամեն օր ձեզ կողոպտում են»:

— «Հա՜, քրդերը... — պատասխանեց տան տերը, կարծես դժվարությամբ հիշելով վաղուց մոռացված մի ցեղի անուն: — Մեր երկաթի դարերի պատմության մեջ կարդացել եմ շատ բան քրդերի մասին, ճշմարիտ է, նրանք կողոպտում էին և մինչև անգամ կոտորում էին մեր պապերին: Իսկ այժմ ո՞ւր են այդ բարբարոսները: Նրանք սպառվեցան, այլևս չկան: Մի այսպիսի ցեղ չէր կարող դիմանալ քաղաքակրթության լույսին և այս պատճառով լուծվեցավ, այլասերվեցավ: Դեռ անցյալ դարու սկզբներում նրանք ընդունեցին մեր կրոնը, սկսեցին սովորել մեր դպրոցներում և հետզհետե խառնվելով մեզ հետ, անհետացան:

Վարդանը, լսելով այդ խոսքերը, չէր հավատում իր ականջներին, նրան երազ էր թվում բոլորը, թեև իսկապես երազի մեջ էր լսում և երազի մեջ էր տեսնում: Տան տերը շարունակեց.

— «Մեր տոհմագրության գրքի մեջ գտնում ենք շատ տողեր քրդերի մասին, որ կարծես, արյունով գրված լինեին: Մեր նախապապը, որից սկսվեցավ մեր տոհմը հայտնի լինիլ, կոչվում էր Խաչո. նա հենց այս գյուղի տանուտերն էր. քրդերը նրա ամբողջ ընտանիքը կոտորեցին ինքը երկու որդիների հետ մեռավ բանտի մեջ: Նրա մեծ որդի Հայրապետից մնաց մի արու զավակ միայն»...

— «Որ ալաշկերտցոց գաղթականության ժամանակ իր մոր՝ Սառայի հետ տարվեցավ Վաղարշապատ», — ընդհատեց Վարդանը:

— «Այո՛, այդ արու զավակից հառաջ եկավ մեր տոհմը»:

— «Եվ նրա անունը Հովակիմ էր. մի քույր ուներ, որ կոչվում էր Նազլու, վերջինս մեռավ իր մոր հետ, և որբ մնացած Հովակիմին մի բժիշկ վեր առեց և մեծացրուց իր տան մեջ»:

— «Դրանք ո՞րտեղ ես կարդացել», — հարցրեց տան տերը, զարմանալով, որ իր տոհմի պատմությունը մանրամասն կերպով հայտնի էր հյուրին:

— «Ես չեմ կարդացել, այլ իմ աչքովն եմ տեսել, — պատասխանեց Վարդանը: — Այդ բոլորը կատարվեցան այն ժամանակ, երբ քրդերը ոչնչացրին այդ գյուղը, ոչնչացրին և ամբողջ Ալաշկերտի գավառը»:

— «Իսկ այդ մոտ երկու հարյուր տարվա անցք է: Իսկ դուք բավական երիտասարդ եք երևում, դուք Մաթուսաղայի տարիքը չունե՞ք, որ կարողանայիք ձեր աչքով տեսնել», — պատասխանեց տան տերը բարեսիրտ ժպիտով:

Վարդանը ոչինչ չգտավ պատասխանելու, նրան էլ այնպես էր թվում, որ այդ անցքերի վրայից դարեր էին սահել:

Սենյակի լուսամուտներից, ուր նստած էր Վարդանը, շրջապատված իր հյուրընկալի ուրախ ընտանիքով, երևում էր կանաչազարդ հովիտը, որ վերջանում էր գեղեցիկ լեռներով: Լեռները պատած էին խիտ անտառներով, և հսկա ծառերը միախառնվելով երկնքի պարզ կապուտակության հետ, ստեղծում էին մի սքանչելի պատկեր: Վաղորդյան արեգակը թափել էր այնտեղ իր ոսկեզեն ճառագայթները և նրա լույսով, արծաթե օձերի նման պտույտվելով և շողշողալով վազում էին զանազան գետեր և ճեղքելով անց էին կենում հովիտի հարթության միջից: Վարդանը չէր կարողանում աչքերը հեռացնել այդ հրաշալի տեսարանից: Վայրենի և անմշակ բնությունը մարդու աշխատասեր ձեռքի տակ այնպիսի գեղեցիկ կերպարանք էր ստացել, որպես կտավի կտորը պատկերահանի հրաշակերտ վրձինի տակ:

— «Դուք խոսում էիք քրդերի և թուրքերի տխուր ժամանակներից, — շարունակեց տան տերը մի առանձին ուրախությամբ, — բայց այն ժամանակներից հետո շատ բաներ փոխվեցան: Տեսնում եք այդ սքանչելի լեռները. մի և կես դար առաջ դրանք բոլորովին մերկ էին, մի փոքրիկ թուփ անգամ չկար այդ սարերի վրա: Այն ժամանակ բարբարոսների ձեռքը, որպես անգթաբար կոտորում էր մարդերին, այնպես էլ անխնա կոտորում էր ծառերին: Բոլորը սպառված էր. ժողովուրդը վառելիքի համար գործ էր ածում աթարը, իսկ շինվածքի համար փայտ չկար. այդ պատճառով ստիպված էին բնակվել գետնափոր խորշերի մեջ: Բայց երբ տիրեցին խաղաղության ժամանակները, այնուհետև ավերակ գյուղերը լցվեցան բնակիչների բազմությամբ, իսկ մեր լեռները ծածկվեցան անտառներով: Այդ բոլորը տնկվել է գյուղացիների աշխատասեր ձեռքով: Տեսնո՞ւմ եք այդ կանաչազարդ հովիտը, առաջ նա մի ցամաք և անջուր անապատ էր, մի փոքրիկ գետ միայն ուներ, որը բոլորովին ցամաքում էր ամառային տոթերից: Իսկ այն օրից, երբ անտառները աճեցին, մեր հովիտը ստացավ ջրի առատություն: Այժմ նա մեր գավառի պտղաբեր և ամենաարգավանդ երկրներից մեկն է: Այո՛, շա՜տ բաներ փոխվեցան... Առաջ այստեղ ճանապարհներ անգամ չկային, իսկ այժմ ամեն տեղ կտեսնեք հայելու նման հարթ ճանապարհներ, որ միացնում են մեր երկրի բոլոր քաղաքները, և այդ ճանապարհների վրա սլանում են կառքեր, որ տարվում են ոչ թե անասունների ուժով, այլ շոգու զորությամբ: Մեր երկրի արդյունաբերությունները մենք վաճառահանում ենք հազարավոր մղոններ հեռու և փոխարենը ստանում ենք՝ ինչ-որ մեզ պետք է»:

Վարդանը զարմացած լսում էր այդ բոլորը, բայց երբ նրա աչքը ընկավ գեղեցիկ Լալայի երեսին, հայտնի չէ թե ի՞նչու նրա խելքին եկավ հարցնել, թե ո՞րտեղ է սովորել օրիորդը:

— «Մի շաբաթ հազիվ կլինի, որ ավարտեց Նոր-Վաղարշակերտի ճեմարանը. իսկ այժմ պատրաստվում է համալսարան մտնել բժշկություն սովորելու: Առողջությունը թույլ է, ես կցանկանայի, որ մի քանի ամիս անցկացներ գյուղում, բայց նրան ոչնչով չես կարող համոզել»:

— «Իսկ քանի՞ որդի ունիք դուք»:

— «Մեր տոհմը միշտ բազմածին է եղել, մեր նախապապ տանուտեր Խաչոյի ընտանիքը բաղկանում էր ավելի քան հիսուն հոգուց, իսկ ես միայն հինգ զավակներ ունեմ: Լալան միակ աղջիկ զավակս է, մնացած չորսը տղամարդիկ են»:

— «Ի՞նչով են պարապվում»:

— «Մեկը անտառապահ է միևնույն անտառների, որ տեսնում եք, մեկը պրոֆեսոր է Կարինի համալսարանում, երրորդը գնդապետ է Վանի զորաբաժնի մեջ, չորրորդը դեռ սովորում է Նոր-Բագրիվանդի գյուղատնտեսական ուսումնարանում»:

Վարդանին անծանոթ երևեցավ քաղաքի անունը և հարցրեց.

— «Այս կողմերում ես չեմ հիշում մի այս անունով քաղաք»:

— «Դա հին Բայազեդն է, այժմ այս անունն է կրում: Մեր քաղաքներից, գյուղերից և զավառներից շատերը փոխել են իրանց անունները, մի քանիսը իրանց վաղեմի պատմական անուններն են ստացել, իսկ մի քանիսը նոր անուններ են ստացել»:

Տան տերը կրկին ձեռքն առեց լրագրի թերթը և կարդում էր մի հոդված, որը, որպես երևում էր, սաստիկ անհանգստացնում էր նրան: Վարդանը հետաքրքրությունից շարժված, հարցրեց.

— «Ի՞նչ նորություն կա»:

— «Առանձին ոչինչ... էգուց քաղաքում պիտի գումարվի երեսփոխանական ընդհանուր ժողով... մի քանի վիճելի հարցեր պետք է քննության ենթարկվեն... չգիտեմ ի՞նչով կվերջանա... կուսակցությունները սաստիկ հուզված են երևում»...

— «Դո՞ւք ևս կլինեք այնտեղ»:

— «Չեմ կարող չլինել»:

Խոսակցությունից երևաց, որ Վարդանի հյուրընկալը, այդ հովտի գյուղացիներից ընտրված, երեսփոխան էր:

Նախաճաշիկը արդեն վերջացել էր. Վարդանը վեր կացավ, և շնորհակալություն հայտնելով, կամենում էր հեռանալ:

— «Եթե դուք կցանկանայիք տեսնել մեր գյուղում մի քանի հիմնարկություններ, — ասաց նրան տան տերը, — ես սիրով հանձն կառնեի առաջնորդել ձեզ»:

— «Շնորհակալ եմ, պարոն», — պատասխանեց Վարդանը:

— «Եթե մյուս անգամ կպատահի ձեզ անցնել մեր գյուղից, — խոսեց տանտիկինը, — մեր դռները միշտ բաց կլինեն ձեր առջև»:

— «Շնորհակալ եմ, տիկին», — ասաց Վարդանը գլուխ տալով:

— «Եվ մեր տունը չի ձանձրացնի ձեզ», — ավելացրուց տանտիրոջ գեղեցիկ աղջիկը անկեղծ ժպիտով:

— «Շնորհակալ եմ, օրիորդ», — ասաց Վարդանը, ավելի խոնարհ կերպով գլուխ տալով:

Վարդանը դուրս գալուց հետո, այժմ նոր սկսեց զգալ իր նեղված դրությունը գյուղական ընտանիքի մեջ: Նա գտնում էր իրան որպես մի բոլորովին վայրենի, որը ավելի քաղաքակրթված հասարակության մեջ տանջվում է, թե ինչո՞ւ ինքը անտաշ և անկիրթ մնաց, թե ինչո՞ւ ինքը չէր կարող այնպես խոսել, այնպես դատել և այնպես պահել իրան, որպես մյուսները: Այդ ի՞նչ հրաշք էր: Տանուտեր Խաչոյի տոհմը, անցնելով դարերի բովի միջից, զտվել, մաքրվել և կերպարանափոխվել էր, ստեղծելով մի նոր և ազնիվ սերունդ:

Վարդանը և իր հյուրընկալը միասին գնում էին գյուղի փողոցով: Նրանց մոտից անցնում էին մաքուր և պարզ կերպով հագնված շինական կնիկները. յուրաքանչյուրը ձեռքին հյուսելով մի բան և նրանց տղամարդիկը գործավորի հագուստով: Ոչ մեկը անգործ չէր, ամեն մարդ իր զբաղմունքն ուներ: Զարմանում էր Վարդանը տեսնելով, թե որքա՛ն փոխվել էր կյանքը, թե որքա՛ն վայելուչ կերպարանք էր ստացել նա: Առաջվա գռեհկական կոշտությունները այլևս չէին երևում, ամեն տեղ շնչում էր կրթության ոգին իր ջերմ, կենսագործող զորությամբ: Մի բան որ մնացել էր անփոփոխ, դա էր հայկական խոսքըլեզուն: Բայց որքա՜ն մշակվել, որքա՞ն կոկվել էր այդ լեզուն, և որքա՜ն գեղեցիկ դարձվածներով այժմ հնչում էր նա հայ մարդու բերանում:

Վարդանը իր հյուրընկալի հետ այժմ գտնվում էին գյուղից դրսում: Դեպի ամեն կողմը, ուր և նայում էր Վարդանը, երևում էին հարուստ ագարակներ, գեղեցիկ այգիներ, լավ մշակված դաշտեր և ճոխ արոտամարգեր:

Նրանք անցան մի գործարանի մոտից, որտեղ տախտակներ էին սղոցում: Այստեղ գործում էին գլխավորապես մեքենաներ և շոգին: Սղոցարանը մատակարարում էր բոլոր գյուղերի և մերձակա քաղաքի համար տախտակներ զանազան ձևերով և զանազան մեծությամբ:

— «Այդ ո՞ւմն է պատկանում», — հարցրեց Վարդանը:

— «Մեր գյուղում, ինչ գործարան որ տեսնելու լինեք, առանձին մարդու սեփականություն չէ, — պատասխանեց նրա հյուրընկալը, — գործարանները այստեղ պատկանում են գյուղական համայնքին, ամեն մի գյուղացի մասն ունի նրանց մեջ: Գերանները ստացվում են մերձակա անտառներից, որոնք նույնպես գյուղացիների սեփականություն են»:

Նրանք անցան սղոցարանից:

— «Ահա այդ ահագին շինվածքը, — ցույց տվեց Վարդանին հյուրընկալը, — դա պանրագործության գործարան է. այստեղ պատրաստվում է մեր գավառի ամենաընտիր պանիրը. դա նույնպես պատկանում է գյուղական համայնքին: Յուրաքանչյուր գյուղացի ներկայացնում է այստեղ իր անասուններից ստացած կաթը, և ընդհանուր արդյունքի բաժանման ժամանակ, նրա համեմատ ստանում է կամ պանիր, կամ արծաթ»:

Նրանք գտնվում էին այժմ դաշտում: Հասունացած հունձքը արտերից քաղվում էր, բայց քաղվում էր ոչ թե գյուղացու մանգաղով կամ գերանդիով, — այստեղ նույնպես գործում էր մեքենան, որ մենակ հարյուրավոր մշակների գործ էր կատարում: Ահա ի՞նչ էր նշանակում հեշտացնել աշխատությունը, — այժմ հասկանում էր Վարդանը:

Նրանք անցան մի ահագին շինության մոտից, դա աղորիք էր: Այստեղ նույնպես հեշտացրած էր աշխատանքը և ջրի փոխարեն գործում էր շոգին: Բազմաթիվ գյուղերի ցորենը այս հիմնարկության մեջ աղացվում էր, և մաքուր, ձյունի պես սպիտակ ալյուրը վաճառահանվում էր դեպի օտար երկրներ: Դա նույնպես պատկանում էր գյուղական համայնքին:

Բայց մի բան, որ ավելի զարմացնում էր Վարդանին, այդ այն էր, որ բոլոր գյուղացի բանվորները որտեղ և հանդիպում էին նրան, աչքի էին ընկնում իրանց համարձակությամբ, անձնավստահությամբ և այրական անվեհերությամբ: Կարծես դրանք սնվել և մեծացել էին կատարյալ ազատության մեջ, կարծես դրանք երբեք թուրքի ապտակը չէին կերել կամ քրդի նիզակը մի անգամ գոնե չէր վախեցրել նրանց: Նա տեսնում էր, որ այդ աշխատող բազմությունը ընդունակ է հարկը պահանջած ժամանակ, թողնել բահը և արորը, և նրանց փոխարեն զենք կրել, և նույնպես հմուտ, նույնպես հաջողակ կերպով գործ ածել:

— «Պատերազմի ժամանակ այդ մարդիկը զինվոր են դառնում, — ասաց Վարդանի հյուրընկալը, — աշխատանքը մեծ մասամբ դադարում է, և այս պատճառով պատերազմը միշտ կորստաբեր հետևանքներ է ունենում մեր երկրի համար, թեև նա ունենում է և իր առանձին օգուտները...»:

Անցնելով դաշտերից, նրանք դարձյալ մոտեցան գյուղին: Նրանց առջև դրած էր մի նոր հիմնարկություն: Դա ավելի նման էր այն շենքերին, որ կառուցված են լինում օրինակելի ագարակների մեջ:

— «Այդ մեր գյուղատնտեսական դպրոցն է, — ասաց Վարդանի հյուրընկալը: — Այն, որ տեսաք առավոտյան, տարրական ուսումնարան էր»:

Այս ի՞նչ դպրոց էր, այսպիսի դպրոց Վարդանը երբեք չէր տեսել, թեև ինքն էլ մի ժամանակ վարժապետ էր եղել: Նա բովանդակում էր իր մեջ գյուղային տնտեսության վերաբերյալ բոլոր պարագայքը: Նրա ահագին շինության առջև տարածված էր ընդարձակ ագարակ զանազան բաժանմունքներով, որ մշակվում էին աշակերտների և աշակերտուհիների ձեռքով: Աշխարհի համարյա բոլոր բույսերի, տունկերի և ծաղիկների տեսակից կային այնտեղ զանազան օրինակներ: Այստեղ գիրքը և մեռած տառը ավելի չէին զբաղեցնում ուսանողներին: Ամեն ինչ սովորում էին նրանք բնության հրաշալի գրքի մեջ: Այստեղ որոշյալ ժամերում ուսանողները պարապվում էին մարմնամարզությամբ և զենք գործ ածելու վարժություններով: «Ահա այսպիսի դպրոցը կպատրաստե լավ երկրագործ և լավ զինվոր», — մտածում էր Վարդանը:

Վարդանը շնորհակալություն հայտնելով իր հյուրընկալին, բաժանվեցավ նրանից: Այժմ ո՞ւր պետք էր գնալ, ինքն էլ չգիտեր: Նա տեսավ հանրակառքի նման մի բան, որի երկու կողմերի վրա շարված էին մարդիկ: Ինքն էլ նստեց, երբ իմացավ, որ տանում է դեպի երկաթուղու կայարանը:

Երկաթուղու կայարանում նա գտավ մեծ բազմություն, որ սպասում էին գնացքին: Հանկարծ նրա ականջին դիպավ մի ծանոթ ձայն...

— «Վարդան»...

Վարդանը ետ նայեց, նրա առջև կանգնած էր պարոն Սալմանը: Երկու վաղեմի բարեկամները գրկախառնվեցան:

— «Ահա այդպես, բարեկամ, — խոսեց պարոն Սալմանը չթողնելով Վարդանի աջը իր ձեռքից, — մենք դարձյալ տեսնվում ենք միմյանց հետ ուղիղ երկու հարյուր տարուց հետո... բավական երկար ժամանակ է... Դու դեռ նույնն ես մնացել, Վարդան, դու ամենևին չես փոխվել... Բայց այս երկու դարերի ընթացքում մեծ փոփոխություններ եղան մեր երկրում... Հիշում ես, Վարդան, մի անգամ քեզ ասում էի, թե Հայաստանը մարդկության տղայական հասակի օրորոցն է եղել, նրա անմեղության ժամանակների դրախտն է եղելբայց մի օր կդառնա նրա այրական հասակի, նրա զարգացման ժամանակների դրախտը: Այժմ բոլորը կատարվեցավ: Այժմ հայ մարդու ապրուստը խիստ ապահով, ուրախ և խաղաղ է հայրենի հողի վրա: Բայց եթե գիտենայիր, թե որքա՜ն աշխատեցինք մենք, մինչև նրան այս վիճակին կարողացանք հասցնել... շա՜տ աշխատեցինք... այս երկու հարյուր տարվա ընթացքում հազարավոր փորձանքների միջից անցանք... բազմաթիվ արյան և առատ քրտինքի գնով գնեցինք մեր հանգստությունը»...

— «Հիմա ո՞ւր ես գնում», — հարցրեց Վարդանը:

— «Քաղաքը, այնտեղ երեսփոխանական ժողով պիտի գումարվի, ես պատգամավոր եմ մեր գավառի կողմից: Գնանք միասին, Վարդան, ես պիտի խոսեմ, մեր վիճաբանությունները գուցե կհետաքրքրեն քեզ»:

Հնչեց գնացքի վերջին շվշվոցը: Նրանք մտան վագոնի մեջ: Գիշեր էր: Առավոտյան լույսը չբացված, նրանք հասան քաղաքը: Դեռ քնած էր գեղեցիկ, աղմկալի քաղաքը: Փողոցներում երևում էին միայն բանվորներ, որոնք շտապում էին զանազան ֆաբրիկաներում աշխատելու:

— ««Նոյան Աղավնու» պանդոկը», — հրամայեց պարոն Սալմանը կառապանին:

Կառքը սլանում էր ուղիղ և հարթ փողոցների միջով. երկու կողմից բարձրանում էին հոյակապ շինություններ զանազան գույներով: Վարդանը կարծում էր, թե պալատների միջով է անցկենում: Պարոն Սալմանը ցույց էր տալի նրան նշանավոր տները. — «Ահա այդ համալսարանն է», «ահա այդ գիտությունների ակադեմիան է», «դա հին թագավորական պալատն է, որ այժմ ծառայում է որպես մուզեյում», «դա քաղաքի նշանավոր թատրոններից մեկն է», «դա մի հիվանդանոց է», «դրանք այն հերոսների արձաններն են, որ նշանավոր եղան վերջին հեղափոխության ժամանակ», «դա մի լրագրի խմբագրատուն է, ուր օրեկան 150,000 օրինակ է տպվում» — «դա»...

— «Զինվորանոց չկա՞», — նրա խոսքը կտրեց Վարդանը:

— «Չկա, այստեղ ամեն քաղաքացի զինվոր է»:

— «Գեղեցի՛կ քաղաք... հրաշա՜լի քաղաք»... — բացականչեց Վարդանը խորին հափշտակության մեջ:

Կառքը կանգնեց «Նոյան Աղավնու» հյուրանոցի առջև: Պարոն Սալմանը Վարդանի հետ մտան մի առանձին փոքրիկ սենյակ, որ կից էր հասարակաց դահլիճին: Այստեղ Թոմաս էֆենդին Մելիք-Մանսուրի հետ սաստիկ վիճում էին:

— «Դա կատարյալ էշի մարտիրոսություն կլինի», — ասում էր Թոմաս էֆենդին:

— «Իմ կարծիքով, դա ամենաուղիղ ճանապարհն է, որ կհասցնե ցանկացած նպատակին», — պատասխանեց Մելիք-Մանսուրը տաքացած կերպով:

— «Այդ ճանապարհը մեզ շատ հեռու կտանե և ցանկացած նպատակին կհասցնե գուցե էշի զատկին», — ասում էր Թոմաս էֆենդին ծիծաղելով:

— «Ահա Սալմանը, լսենք նրա կարծիքը», — ասացին նրանք, դադարեցնելով վիճաբանությունը:

Մեծ եղավ նրանց զարմանքը, երբ տեսան Վարդանին, որը, կարծես, գետնից դուրս եկավ:

— «Դու որտեղի՞ց լույս ընկար», — հարցրեց Թոմաս էֆենդին իր հատուկ հեգնական ժպիտով:

— «Միևնույն երևույթը զարմացնում է և ինձ, — պատասխանեց Վարդանը նրա ձեռքը սեղմելով. — ես քո խորտակված դիակը գտա Ալաշկերտի լեռների ստորոտում և հետո թաղեցի քրդերի գերեզմանատան մեջ, իսկ ա՞յժմ»...

— «Այժմ ես կրկին հարություն առա, — պատասխանեց նա ծիծաղելով: — Մի՞թե դու չես հավատում հոգեփոխության վարդապետությանը: Իմ թշվառ հոգին անցավ ամենաանմաքուր կենդանիների մարմնի միջից. մի քանի տասնյակ տարիներ գայլի մարմնի մեջ կեղեքում էի, հափշտակում էի, ապրում էի որսելով... մի քանի տասնյակ տարիներ շան մարմնի մեջ հաչում էի, քծնվում էի և պտույտ գալիս այն մարդիկների շուրջը, որոնք ինձ հաց էին տալիս... մի քանի տասնյակ տարիներ օձի մարմնի մեջ ոլորվում էի գետնի վրա և պատահած ժամանակ խայթում էի... մի քանի տասնյակ տարիներ էշի մարմնի մեջ զռում էի, ականջներիցս այնքան քաշեցին, որ գլխումս խելք չմնաց... վերջապես իմ թշվառ հոգին մտավ առյուծի մարմնի մեջ, այստեղ բավական մաքրվեցավ և սրբվեցավ նա: Այդ շրջանը կատարեց նա երկու հարյուր տարվա ընթացքում: Եգիպտոսի մումիաները հազարավոր տարիներ մնում են պիրամիդների տակ, անհամբերությամբ սպասելով հոգիների վերադարձին, բայց իմ հոգին ավելի շուտ կատարեց իր շրջանը»:

— «Եվ ես բախտ ունեցա կրկին տեսնել կերպարանափոխված Թոմաս էֆենդուն», — կտրեց Վարդանը նրա խոսքը:

— «Այո՛: Ձեր տեսած առաջվա Թոմաս էֆենդին իր դարու հարազատ զավակն է, բայց ժամանակները փոխեցին նրան: Այժմ նա ներկա սերնդի լավ ներկայացուցիչներից մեկն է: Բայց ներկա սերունդը մե՜ծ հառաջադիմություն է գործել, սիրելի Վարդան: Հիշում ե՞ս, Մելիք-Մանսուրը մի ժամանակ «լավ ասեղներ» էր կանչում, և թափառում էր Ալաշկերտի գյուղերում, բայց նա այժմ մի առանձին զորաբաժնի գեներալ է»:

Վարդանը դարձավ դեպի Մելիք-Մանսուրը և պատկառանքով սեղմեց նրա աջը:

— «Մենք ուշանում ենք, պարոններ, նիստը շուտով կսկսվի», — շտապեցնում էր պարոն Սալմանը:

— «Դա մեր կուսակցության ազատամիտների պարագլուխն է, — ասաց Թոմաս էֆենդին շշնջալով Վարդանի ականջին, և ցույց տալով պարոն Սալմանի վրա: — Մի երևելի ճառ է պատրաստել այսօրվա ժողովի համար: Ա՜խ, որքան լավ է խոսում նա»...

— «Ինձ էլ տարեք, պարոններ, ես էլ ցանկանում եմ լսել»... — գոչեց Վարդանը ուրախությամբ:

— «Գնանք»... – լսելի եղավ նրա մոտ մի օտար ձայն:

Վարդանը աչքերը բաց արավ, զգաց, որ իր տեսածը բոլորը երազ էր: Նա շուրջը դեռ պատում էր գիշերային խավարը, և նա գտնվում էր անբախտ Լալայի հողադամբարանի մոտ: Բայց այն ի՞նչ օտարոտի ձայն էր, որ զարթեցրուց նրան. այն ո՞վ էր, որ ասաց «գնանք»:

Հանկարծ չորս զորեղ ձեռքեր հափշտակեցին նրան և ամեն ինչ թաքնվեցավ գիշերային մթության մեջ...

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Следующая Конец