Րաֆֆի՝   Խենթը

Բայց պետք չէ, որ մենք պապերի սխալը շարունակենք մինչև հավիտյան,-կտրեց որդին հոր խոսքը:

Հին սխալը միանգամով ուղղել շատ դժվարին է, նա կատարվել է հարյուրավոր տարիների ընթացքում, և այսքան տարիներ պետք են նրան ուղղելու համար: Եկ դու ժողովրդին հասկացրու, թե թշնամու հետ այլ կերպ կարելի է վարվել, թե նա էլ մեզ նման մարդ է, թե նրա մարմինը երկաթից շինված չէ, թե երբ նա զենքերով գալիս է մեզ կողոպտելու, կարելի է զենքով պատասխանել նրան. վերջապես հազար ու մեկ այս տեսակ քարոզներ կարդա, դու կարծում ես ժողովուրդը կհասկանա՞ քեզ: Նա քեզ խենթի տեղ կդնե և կծիծաղե քո հիմարությունների վրա: Բայց այս հասկացողությունը նրա մեջ նոր բան չէ, նա ժառանգել է իր պապերից:

Որդին չպատասխանեց, նա գտնում էր հոր խոսքերի մեջ մի ճշմարտություն, որ անհերքելի էր: Բայց միևնույն ժամանակ մտածում էր, միթե չէ կարելի փոխել ժողովրդի նախապաշարմունքը: Այս պատճառով հարցրեց նա.

Լավ, դիցուք թե մեր պապերը այս ճանապարհով են գնացել և մենք էլ հետևում ենք նրանց օրինակին: Բայց պետք չէ՞ փոխել ճանապարհը, երբ տեսնում ենք, որ նա տանում է դեպի կորուստ: Պետք չէ՞ հասկացնել ժողովրդին, որ նա մոլորված է:

Հարկավոր է, բայց ո՞վ պետք է հասկացնե: Այդ պետք է անեն այն մարդիկը, որոնք ընդունել են իրանց վրա ժողովրդին խրատելու, ճանապարհ ցույց տալու և բան հասկացնելու պարտավորությունը: Այդ պետք է անեն մեր տերտերները, վարդապետները, բայց նրանք քարոզում են «եթե աջ երեսիդ խփելու լինեն, ձախն էլ դարձրու»: Այդ պետք է անեն մեր որդիների վարժապետները, բայց մեր ամբողջ գավառում մի հատ օրինավոր վարժապետ չկա:

Այդ խոսքերի մեջ քեզ հետ չեմ կարող համաձայնվել, հայր, — ասաց որդին, — ապա ինչո՞ւ քուրդը, որ ո՛չ տերտեր ունի, ո՛չ վարդապետ ունի և ո՛չ էլ վարժապետ ունի, բայց իմանում է, թե մարդ ինչպես պետք է վարվի իր նմանների հետ: Ո՞վ սովորեցրեց նրան, թե մարդը առանց զենքի կույր հավի նման է լինում, ով հասնի, գլխին կտա:

Քուրդը տերտեր, վարդապետ և վարժապետ չունի, բայց շեյխ ունի, նրա շեյխը, թեև հոգևոր գլուխ է, բայց ինքն է զենքը կրում, և իր ժողովրդի հետ միասին գնում է հափշտակելու անզեն մարդերի հարստությունը: Նա երբեք չէ քարոզում, թե այդ բաները մեղք են: Բայց ի՞նչ են քարոզում մեր տերտերները...

Որդին լուռ էր: Հայրը շարունակեց.

Այդ բոլոր անբախտությունների մեջ մի մխիթարություն կա, այն է, որ որքան էլ գողանում են մեզանից, որքան էլ հափշտակում են, դարձյալ մեր ամբարները լիքն են մնամ, բայց քուրդը ուտելու հաց չէ գտնում:

Գիտե՞ք, հայր, այն առածը, թե «գողը իր համար տուն չի կարող շինել, բայց տուն ունեցողի տունը կքանդի»: Քուրդը թեև չէ վարում, չէ ցանում, չէ հնձում, իր տանը հաց չէ գտնում, միշտ քաղցած է մնում, բայց աշխատող հայի հացը ձեռքիցը խլելով, նրան էլ իր նման քաղցած է թողնում: Դու մեր տունը օրինակ մի բեր, հայր, մտածիր, թե որքան հայեր կան, որոնք քրդերի պատճառով աղքատ են և ուտելու հաց չունեն:

Այդ իրավ է, որդի, բայց մի ուրիշ բան էլ կա, այն էլ պետք է գիտենալ: Դու տեսնում ե՞ս ոչխարներին, այսքան մորթում են, այսքան փչացնում են, բայց դարձյալ նրանք աճում են, բազմանում են և ահագին հոտեր են կազմում: Իսկ գայլը, թեև կեղեքում է, ուտում է ոչխարներին, բայց միշտ քաղցած է մնում, և երբեք չէ բազմանում: Դու տեսե՞լ ես գայլերից մի հոտ: Գայլը գազան է, այսօր հափշտակեց մի ոչխար, կերավ, կշտացավ, էգուց չգիտե, թե ինչով պետք է կերակրվի: Նա պետք է միշտ որսա, բայց որսը ամեն անգամ չէ պատահում: Որսով ապրողը մի օր կուշտ է լինում, մյուս օրը քաղցած: Քուրդըգայլ է, իսկ մենքոչխար:

Այսպես էր բացատրում ծերունին իր լեզվով այն բանը, որ գիտնականների լեզվում կոչվում է «կուլտուրական խաղաղ, անարյուն մրցություն»...

Որդին պատասխանեց նրան.

Ես կարծում եմ, հայր, եթե ոչխարները հովիվներ և պահպանողներ չունենային, այսօր գայլերը ոչ մի ոչխար չէին թողնի աշխարհում, և դժվար կլիներ ոչխարներին հոտեր կազմել: Մենք, իրավ է, ոչխարներ ենք, բայց առանց հովիվի: Երբ մեր վիճակը այդպես է, մնում է մեկ բան միայն գայլերից ազատվելու համարոր մենք էլ գայլերի նման ատամներ և ճանկեր ունենանք...

Թ

Արզրումից դեպի Բայազեդ տանող ճանապարհի մի կողմում, որ միակ քարավանի ճանապարհն է Տրապիզոնից Պարսկաստան, մի ձորի մեջ զետեղված էին քրդերի մի առանձին ցեղի չադրները: Չադրների բազմությունից, որ ծածկել էին մի գեղեցիկ, կանաչազարդ դաշտի մեծ մասը, կարելի էր նախագուշակել ցեղի քանակության մեծ թիվը: Ձիաների երամակներ, ոչխարների հոտեր, կովերի նախիրներ, սփռված շրջակա լեռների վրա, ցույց էին տալիս, որ այդ հովիվ ժողովուրդը վայելում էր հարստության հետ և բարօրություն:

Վերադառնալով ծերունի Խաչոյի տնից, բոլորովին մութն էր, երբ Ֆաթթահ-բեկը իր խմբով հասավ հիշյալ չադրներին, որոնց մեջ բնակվող ցեղի պետը և գլխավորն էր ինքը: Մի քանի վրանների առջև դեռ վառվում էին գիշերային խարույկները կաթ տաքացնելու և կերակուր պատրաստելու համար, և սփռում էին իրանց շուրջը գեղեցիկ լուսավորություն: Երբ բեկի խումբը մոտեցավ, շները բարձրացրին մի խառնաձայն աղաղակ, և ամեն կողմից լսելի եղան գիշերապահ հովիվների խորհրդավոր ձայները, որով իմացում էին տալիս միմյանց, թե ձիավորներ են մոտենում: Բեկի խումբի միջից պատասխանեցին նույն տեսակ ձայներով. հովիվները հասկացան միմյանց, և այժմ առանց տեսնելու գիտեին, թե եկողները ովքեր են: Բեկը իր ձին քշեց ուղիղ դեպի այն վրանը, որ պատրաստված էր վալիից ընծա բերող հյուրի համար: Դա մի թուրք աստիճանավոր էր, հասակն առած, փորձված և մխված ամեն տեսակ խարդախությունների մեջ: Նա մի ժամանակ Վանի կողմերում մուդիրի պաշտոն է վարել և փոխված է եղել չափազանց կաշառակերության համար:

Դուք ինձ բավական սպասել տվեցիք, բեկ, — ասաց մուդիրը տեղից վեր կենալով, երբ բեկը մտավ նրա վրանի մեջ, — ես միտք ունեի այս երեկո մնաք բարով ասել ձեզ:

Շեյխի գլուխը վկա, որ դուք շատ անհամբեր մարդ եք, — պատասխանեց բեկը ծիծաղելով, — ես զարմանում եմ, թե դուք ինչպես եք ինն ամիս համբերել ձեր մոր արգանդում: Մենք դեռ բոլորովին չենք կշտացել մեկ-մեկուցինչո՞ւ եք շտապում, չլինի՞ թե իմ վրանը ձանձրացրեց ձեզ:

Ամենևին ոչ. ինձ շատ քաղցր է ձեր հյուրասիրությունը. եթե ինձ մի օր դրախտը տանեին (որի վրա մեծ հույս չունեմ), ես կցանկանայի, որ այդ ձեր վրանը լիներ: Այսուամենայնիվ, ես կխնդրեի, որ առավոտյան ինձ ճանապարհ դնեիք:

Լավ, լավ, օսմանլիի խասիաթը ես իմանում եմ. սովորել են հոտած քաղաքներում, փափուկ բարձերի վրա առավոտից մինչև իրիկուն ձգվել, նարգիլե ծխել և ղահվե խմել: Բայց այդ անապատի մեջ ի՞նչ կա: Իրավն ասեմ, ես ինքս եմ մեղավոր, ես չկարողացա ձեզ զբաղեցնել, որպես հարկն էր: Ի՞նչ անեմ, որսորդություն չեք սիրում, ձիով ման գալ չեք սիրում, իսկ մեր սարերում ուրիշ զվարճություններ չկան:

Մուդիրը կրկին գործ դնելով իր թուրքական կոմպլիմենտները, պատասխանեց.

Ձեր դեմքի լույսը ինձ համար ամեն զվարճություններից բարձր է. ես ինձ միշտ երջանիկ կհամարեմ, որ արժանացա ձեր տեսությանը: Բայց մտածեցեք, բեկ, որ ձեր ծառան անկախ մարդ չէ, նրա ժամանակը իրան չէ պատկանում: Վալին ժամանակ նշանակեց, որ տասն օրից ավել չուշանամ:

Ես կգրեմ վալիին, որ ինքս ուշացրի ձեզ. դուք խո իմանում եք, թե նա որքան պատվում է իմ խոսքը:

Այդ ես իմանում եմ, վալին ձեզ իր երկու աչքերի հետ չի փոխի. ձեր խոսքը նրա մոտ մարգարիտի գին ունի: Նա ամենի մոտ ասում է, թե սուլթանը Ֆաթթահ-բեկի նման քաջ և հավատարիմ ցեղապետ չունի, և այդ պատճառով առաջարկել է ձեզ համար մաջիդիեի առաջին կարգի շքանշանը:

Բեկը արհամարհական ժպիտ գործեց իր այրական դեմքի վրա և պատասխանեց.

Ես այդ շքանշան ասած բաները չեմ սիրում, կնիկների զարդարանք են, և ավելի ոչինչ:

Ապա ի՞նչ եք սիրում:

Ես սիրում եմ ոսկի մաջիդիաներ2:

Այդ էլ կլինի, բեկ, վալին մեծ շնորհ ունի ձեզ վրա: Տեսա՞, նա նշանակել տվեց ձեզ համար ռոճիկ, որ այժմ ստանում եք արքունի գանձից, որպես սահմանապահ և այս կողմերում խաղաղություն պահպանող: Նա ընդունեց ձեր խնդիրքը, որով ցանկանում էիք, որ այս կողմերում ոչ մի մուդիր և գայմագամ չլինի, այլ բոլոր վարչությունները հանձնվին ձեր կառավարությանը: Վերջապես ինչ որ պահանջել եք, կատարել է նա, և մի անգամ ևս ձեր խոսքը գետին չէ ձգել:

Ես շնորհակալ եմ վալիից:

Այդ խոսակցության միջոցին բեկի ծառաները վրանի շուրջը պատած, և գետնի վրա նստոտած, զվարճանում էին բոլորովին այլ տեսակ խոսակցություններով: Յուրաքանչյուրը պատմում էր իր կատարած քաջագործությունները, թե քանի մարդ է սպանել, որքան ավազակություններ է արել և որքան կնիկներ է փախցրել և այլն:

Օսմանը իր գլխի մազերի համբարքով ոչխար է գողացել, — ասում էր Օմարը:

Իսկ դու, Օմար, շատ բարի պտուղ չես, — պատասխանում էր նրան Օսմանը, — ես որքան ոչխարներ եմ գողացել, դու այնքան հայի աղջիկներ ես փախցրել:

Շաբանը հայի աղջիկներ չէ սիրում, ասում է շուտով լաց են լինում, — մեջ մտավ մի ուրիշը:

Այդ սուտ չէ, — խոսեց Շաբանը, — այդ քածերի սիրտը կարծես շուշայից է շինած, հենց որ դիպչում ես, իսկույն կոտրվում է: Բայց մերոնք, աստված է վկա, քարե սիրտ ունեն, գայլի, գազանի ճանկը գցի, էլի չեն լաց լինի: Ես համբերել չեմ կարող, երբ կնիկները լաց են լինում, կարծես, արտասուքը նրանց է տված:

(Ի՞նչ բարբարոսական զգացմունք, հայ կնոջ արտասուքը բարկացնում է քրդին):

Մի ուրիշ բան էլ կա, — նրանց խոսքը կտրեց մի քուրդ, որ հասակով բոլորից ծեր էր. — այդ անհավատները երբեք ձեռը չեն վեր առնում իրանց անիծած կրոնից: Ես, դուք գիտեք, որ երեք հատ պահում եմ, ուղիղն ասեմ, խիստ քիչ անգամ ծեծում եմ նրանց, բայց էլի տեսնում եմ, որ թաքուն ինչ որ աղոթքներ են անում: Բայց մի բան լավ է, որ նրանք եզան չափ գործ են կատարում, մերոնց նման շատ չեն քնում:

Բայց ինչ սիրուն հարսներ ունի տանուտեր Խաչոն, — խոսեց մի երիտասարդ քուրդ առանձին ոգևորությամբ. — եթե այդ հայը մեր բեկի քիրվան չլիներ, ես նրա հարսներից մեկին կգողանայի:

Ծառաների խոսակցությունը ընդհատվեցավ շների աղաղակով. հեռվից կրկին լսելի եղավ գիշերապահ հովիվների խորհրդավոր ձայնը: Ծառաներից մի քանիսը զենքերը առած, վազեցին դեպի այն կողմը, որտեղից բարձրացավ աղմուկը: Մոտենալով, խավարի միջից նրանք լսեցին հառաչանքներ — «ի սեր աստուծո, մեզ տարեք բեկի մոտ, մենք աղաչանք ունինք»... Շները փոքր էր մնացել, որ գզգզեին այդ ողորմելիներին, եթե ծառաները շուտով հասած չլինեին: Գիշերով անհնարին է մոտենալ քրդերի օբաներին (օթևան, իջևան) առանց վտանգի հանդիպելու, մեկ էլ տեսար գիշերապահի նիզակը ցցվեցավ կողքիդ մեջ:

Անծանոթները մի քանի հոգի էին, նրանց բերեցին այն վրանի մոտ, որի մեջ բեկը նստած էր իր հյուրի հետ: Վրանի առջև կախած լապտերների լույսով երևաց, որ նրանք վաճառականներ էին և բեռ տանող չարվադարներ, որոնց մեկի արյունաշաղախ գլուխը, մյուսի թևքը, երրորդի մարմնի մի այլ մասը, փաթաթած էին և արյունը դեռ հոսում էր վերքերից:

Բեկը լսելով դրսի աղմուկը, կանչեց ծառաներից մեկին և հարցրեց.

Ի՞նչ է պատահել:

Մի քանի վաճառականներ ձեզ մոտ խնդիրք ունին, ասում են, թե կողոպտեցին մեր քարավանը:

Տհաճության նման մի բան անցավ բեկի ուրախ դեմքի վրա, բայց նա ծածկելով իր ներքին վրդովմունքը, հրամայեց կանչել կողոպտվածներին:

Զարմանալի բան է, — դարձավ նա դեպի մուդիրը, — «իմ հողի» վրա երբեք այսպիսի անկարգություններ չեն պատահել. հիմա ի՞նչպես է եղել, որ կողոպտել են դրանց քարավանը:

Բեկը, սովորություն ուներ իր ցեղի բնակած երկիրն իր հողը կոչել, թեև այնտեղ մի ափ հող անգամ որևիցե քրդի չէր պատկանում, այլ բոլորը անհաստատաբնակ բոշաների նման թափառում էին մի տեղից մյուս տեղ:

Ավազակություններ ամեն տեղ պատահում են, — պատասխանեց մուդիրը հանդարտությամբ, — երկիրը առանց ավազակի չէ լինում: Երկնքի մեջ էլ հայտնվեցան սատանաներ: Արզրումի մեջ օր չէր անցնում, որ վալիի մոտ գանգատավորներ չգային:

Բեկը, խրախուսվելով մուդիրի շողոքորթություններից, ասաց.

Հավատացեք, մուդիր, շեյխի գլուխը վկա լինի, որ ես այս կողմերը այնպես եմ պահում, որ երկնքի թռչունն էլ համարձակ չէ կարողանում «իմ հողի» վրայով անցկենալ: Զարմանում եմ, ո՞ր սատանան պետք է կողոպտած լինի այդ խեղճերին:

Հայտնվեցան վիրավորված և արյունաշաղախ վաճառականները: Նրանցից մեկը, որ փոքր ինչ առողջ էր, առաջացավ և խոսեց.

Ձեր ոտքերի փոշին համբուրելու ենք եկել, բեկ, վերևում աստծուն ենք ճանաչում, ներքևում ձեզ, մարգարեի սիրո համար, օգնեցեք մեզ. խեղճ վաճառականներ ենք. մեր քարավանը կողոպտեցին, մեր ընկերներից շատերին սպանեցին, մնացածներին ձեր բարի աչքերի առջև տեսնում եք, վիրավորված են, շատ չեն ապրի: Ամենը, ինչ որ ունեինք, տարան ոչինչ չթողեցին:

Վիրավորվածները, չկարողանալով իրանց ոտքի վրա պահել, նստեցին վրանի առջև, առողջները կանգնած մնացին:

Ո՞րտեղ կողոպտեցին ձեզ, — հարցրեց բեկը:

Այստեղ, այստեղից ոչ այնքան հեռու լեռների մեջ կողոպտեցին մեզ. մեր քարավանը դուրս բերեցին ճանապարհից, քշեցին մի խուլ ձորի մեջ, այնտեղ մեր բոլորին կապկապեցին և ձգեցին մի փոսի մեջ, հետո սկսեցին հակերը ցրվել, ինչ որ լավ բան կար, բոլորը տարան:

Օրվա ո՞ր ժամն էր:

Կեսօրին մոտ էր: Մենք մինչև իրիկուն կապված մնացինք այն փոսի մեջ: Աստուծո ողորմությունը հասավ, մեզանից մեկը քանդեց իր կապերը և մեր կապերն էլ արձակեց, թե չէ պետք է մնայինք այն փոսի մեջ, և սովից մեռնելով, գազանների կերակուր դառնայինք:

Դուք ո՞րտեղացի եք, քարավանը ո՞րտեղից էր գալիս և ո՞ւր էր գնում, — շարունակեց բեկը իր հարցուփորձը:

Ձեր ծառաները պարսկաստանցի վաճառականներ են. քարավանը բեռները ընդունեց Տրապիզոնում, որ Պոլսից նավով էին բերված. անցանք Արզրումից մինչև այստեղ անվտանգ, պետք է շարունակեինք մեր ճանապարհը, և Բայազեդից Պարսկաստան գնայինք, բայց այստեղ այս դժբախտությունը պատահեց մեզ: Մեր քարավանը բեռնավորած էր ամենա թանկագին ապրանքներով, բայց ոչինչ չթողեցին, ինչ որ տանելու էին, տարան, մնացածը այրեցին:

Շեյխի գլուխը վկա լինի, որ այսպիսի բարբարոսություն ես առաջին անգամն եմ տեսնում, — դարձավ բեկը դեպի մուդիրը, որ հետաքրքրությամբ լսում էր վաճառականների պատմությունը:

Դուք կարողացա՞ք ճանաչել ավազակներին, — հարցրեց մուդիրը ինքն ևս հարցուփորձի մեջ մտնելով:

Ի՞նչպես ճանաչեինք, — պատասխանեց խոսող վաճառականը. — բոլոր ավազակների երեսները կապած էին, միայն աչքերն էին երևում: Եվ երբ մեզ բռնեցին, մեր աչքերն էլ կապեցին, հետո սկսեցին ապրանքները բաց անել: Բայց այսքանը տեսանք, որ քրդեր էին:

Քանի հոգի կլինեին, — դարձյալ հարցրեց մուդիրը:

Հիսունի չափ:

Դեպի ո՞ր կողմը գնացին:

Մենք տեսնել չկարողացանք, ասեցի, որ մեր բոլորի աչքերը կապած էին, և մեզ ձգել էին մի փոսի մեջ, ձեռներից և ոտներից նույնպես կապված:

Բավական է, — մեջ մտավ բարկությամբ բեկը ընդմիջելով մուդիրի հարցուփորձը, — ես բոլորը հասկացա:

Հետո նա դարձավ դեպի վաճառականները:

Հիմա գնացեք և հանգստացեք, եթե ավազակները մեր կողմերի քրդերից լինեն, ես կաշխատեմ անպատճառ գտնել նրանց և ձեր մի չոփը (շյուղը) չի կորչի: Իսկ եթե ուրիշ կողմերից եկած լինեն, այն ևս կարող եմ ցույց տալ. դուք անհոգ կացեք: Ես չեմ ներում որ «իմ հողի» վրա անիրավություններ գործվեն:

Վաճառականները գլուխ տվեցին բեկին և սկսեցին օրհնել բեկի կյանքը:

Կրպո, — դարձավ նա իր ծառաներից մեկին, — տար այդ մարդերին քո վրանը և պատվիր, որպես արժան է պատվել աստուծո հյուրերին. շուտով կանչիր բժշկին, որ դրանց վերքերը դարմանե. քեզ եմ հանձնում, եթե գանգատվելու լինեն, ձեռքիցս չես պրծնի:

Վաճառականները կրկին օրհնեցին բեկի կյանքը, կրկին գլուխ տվեցին և հեռացան:

Նրանց հեռանալուց հետո բեկը դարձավ դեպի իր հյուրը այս խոսքերով.

Տեսնո՞ւմ եք, պատվելի մուդիր, ահա այսպիսի դեպքեր են պատահում, եկ դու հիմա իմացիր, թե ո՞ր ստանան է տարել դրանց ապրանքները: Ես հավատացած եմ, որ ավազակները մեր կողմերի քրդերից չեն լինելու: Ես սաստիկ պատժում եմ ավազակներին. իմ երկյուղից ոչ ոք չի համարձակվի այսպիսի բան անել. բայց գալիս են զանազան տեղերից, շատ անգամ Պարսկաստանից, և մեր կողմերում ավազակություն են անում: Ո՞վ կարող է ճանաչել, երբ պարսիկը քրդի հագուստ է հագնում: Այդ շատ անգամ պատահում է և մեզ գլխացավանք է պատճառում: Այսուամենայնիվ, ես պետք է աշխատեմ. գուցե ինձ կհաջողվի բռնել տալ ավազակներին: Ահմե, — դարձավ նա իր հորեղբոր որդուն, որ ամբողջ ժամանակը այնտեղ լուռ նստած էր. — այս րոպեիս կվեր առնես քեզ հետ քսան ձիավոր մեր քաջերից, նախ քարավանի կողոպտված տեղը կգնաս, ավազակների ձիաների հետքերը կհետազոտես և շրջակա հովիվներից հարցուփորձեր կանես, մի խոսքով ամեն հնարք գործ կդնես գտնելու չարագործներին, քեզ խրատներ պետք չեն, դու այդ բաները լավ ես իմանում: Ես չեմ ների, որ «իմ հողի» վրա մարդիկ կողոպտեին, դա իմ անվանը պակասություն է բերում:

Ահմեն գիշերով ճանապարհ ընկավ կատարելու բեկի հրամանները:

Ահմեն շան հոտառություն ունի, եթե ավազակները շատ հեռու գնացած չլինեն, անպատճառ կգտնի,-խոսեց բեկը:

Երևում է... — պատասխանեց մուդիրը խորհրդավոր ձայնով:

Արդեն գիշերից բավական անցել էր, բեկը հրամայեց ընթրիք տան, կերան, խմեցին, հետո բարի գիշեր և հանգստություն մաղթելով իր հյուրին, նա խոստացավ, որ առավոտյան ճանապարհ կդնե մուդիրին, իսկ ինքը գնաց իր վրանը քնելու:

Բայց մուդիրը երկար անքուն մնաց և ինչ որ բանի վրա մտածում էր...

Ժ

Բեկի անձնական վրանը բաղկացած էր երկու մասներից, որոնցից մեկի մեջ զետեղված էր նրա կանանոցը, իսկ մյուս բաժինը նրա ընդունարանն էր: Վրանի կազմվածքը պարզ էր, որպես առհասարակ լինում են խաշնարած քրդերի չադրները. նա կարված էր ամբողջապես սև կապերտից, որ գործված էր նրա կնիկների և աղախինների ձեռքով:

Բեկը մտավ ընդունարանը և հրամայեց իր հետ եկող ծառային, որ վարագույրները ցած թողնե ու գնա: Այստեղ մենակ նստած, կարծես, մեկին սպասում էր նա: Վրանի առաստաղից քարշ ընկած լապտերը ծխրտում էր աղոտ լույսով: Կանանոցի բաժնից ձայն չէր լսվում, երևի բոլորը քնած էին:

Հայտնվեցավ Կրպոն, այսինքն՝ նույն քուրդը, որին հանձնեց բեկը կողոպտված վաճառականներին հյուրասիրելու:

Հանգի՞ստ են քո հյուրերը, — հարցրեց բեկը, մի խորհրդավոր ժպիտով նայելով ծառայի երեսին:

Իմ բարի տիրոջ շնորհիվ հանգիստ են... — պատասխանեց խորամանկ քուրդը, — կերան, խմեցին, օրհնեցին քո կյանքը և քնեցին. գուցե երազի մեջ կտեսնեն, թե գտնելու են իրանց ապրանքները...

— «Դժոխքից մեռելը ետ չէ դառնում»... — ասաց բեկը հեգնությամբ, — որտե՞ղ պահեցիք ապրանքները:

Մեր գյուղում, կաղ Ալոյի տանը:

Լա՞վ բաներ են:

Աստված ոչ մի անգամ այսպիսի թալան չէ ձգել մեր ձեռքը, բեկ, ոսկի, արծաթ, աբրեշումի և շալի գործվածքներ, մի խոսքով, ինչ որ ուզես, կգտնես:

Ձեզ չտեսա՞ն գյուղը մտնելու ժամանակը:

Ո՞վ պիտի տեսներ, գյուղում մարդ չի մնացել, բոլորը իրանց անասունների հետ գնացել են յայլաղ3. մնացել են մի քանի հայի ընտանիքներ, նրանք էլ կույր հավի նման, հենց որ մութը պատում է, երկյուղից իրանց խրճիթներից դուրս չեն գալիս, փակվում են, գլուխները դնում, քնում են:

Ո՞րտեղ պահեցիք ապրանքները:

Ալոյի տանը, ասացի, այդ հին գայլի տան մեջ հարյուրավոր ծակեր կան, մեկի մեջ լցրեցինք, դռները կողպեցինք: Սատանան էլ չի կարող գտնել: Ահա բանալիները բերել եմ հետս, — ասաց նա և տվեց բեկին երկու բանալիներ:

Ալոն մեր հավատարիմն է, վնաս չունի, — նկատեց բեկը, — առաջին անգամը չէ, որ նա այսպիսի ծառայություններ է անում մեզ:

Վերջացնելով իր կարգադրությունների պատմությունը, Կրպոն սկսեց նկարագրել, թե որպես հարձակվեցին քարավանի վրա, որպես կողոպտեցին, ով ինչ քաջություններ գործեց և այլն:

Շատ ապրես, Կրպո, ես քո քաջությունները միշտ գնահատել եմ, — պատասխանեց բեկը: — Երբ այդ անպիտանին կհեռացնենք այստեղից (խոսքը մուդիրի մասին էր), ես կբաժանեմ կողոպուտը և ձեզանից ամեն մեկը կստանա իր արժանավոր բաժինը:

Կրպոն գլուխ տվեց և ոչինչ չխոսեց:

Բայց ինձ տանջում է մի միտք, — առաջ տարավ բեկը ծանրությամբ, — ես կցանկանայի, որ այդ գործը չկատարվեր, քանի որ այդ մարդը այստեղ էր:

Մուդիրի համա՞ր ես ասում:

Այո՛, մուդիրի համար:

Մեծ ցավ չէ, — խոսեց Կրպոն ծիծաղելով, — մենք մուդիր էֆենդիին այստեղից փառքով և ընծաներով ճանապարհ կդնենք, այնպես որ, նա շատ գոհ կգնա մեր մոտից: Բայց ետևից երկու ձիավոր կուղարկենք, դեռ Արզրում չհասած, գլուխը կկտրեն և մեր տված ընծաները ետ կբերեն: Եվ մուդիր էֆենդին էլ չէ կարող գնալ վալիի մոտ, որ պատմե, թե ինչ տեսավ այստեղ: Լա՞վ եմ մտածել:

Բեկը իսկույն չպատասխանեց, նա լուռ մտածում էր:

Սպանությունը, իհարկե, կկատարվի մեր երկրի սահմաններից դուրս, Արզրումի մոտակայքում, — ավելացրեց Կրպոն, — այն ժամանակ մեղքը մեզանից հեռու կլինի, ոչ ոք չէ կարող կասկածել մեր մասին:

Հարկավոր չէ, — պատասխանեց բեկը րոպեական մտածությունից հետո, — եթե վալիին տեղեկություն տան, ես նրան ուրիշ կերպով կգոհացնեմ և նա սուս կկենա...

Կրպոն, որպես թե մի նոր բան միտը բերելով, ձեռքը տարավ իր լայն ծոցը և այնտեղից դուրս բերեց թաշկինակի մեջ փաթաթած մի արծաթե արկղիկ, որը զարդարած էր գեղեցիկ քանդակներով: Արկղիկը տվեց բեկին, ասելով.

Այդ բանը չթողեցի, որ Ալոյի տանը մնար, փոքր էր, կարող էր կորչել:

Բեկը բաց արեց արկղիկը, նրա մեջ իրանց պատշաճավոր տեղերում դարսված էին զանազան տեսակ կանացի զարդեր` մատանիներ, ապարանջաններ, մանյակներբոլորը ոսկուց և զարդարած թանկագին քարերով:

Դրա տերը մի հրեա էր, ասում էր, որ այդ իրեղենները Պոլսում շինել է տվել մի պարսիկ իշխանի համար, որը այս ձմեռ պետք է հարսանիք աներ, — խոսեց Կրպոն ծաղրական կերպով: — Խեղճ հարսը զրկվեցավ իր զարդարանքից: Հրեան շատ էր ճվճվում, որ իրեղենները նրան ետ տան. ես նրան հանգստացրի, որ ձայնը կտրի:

Հանգստացնելը Կրպոյի լեզվում սպանելու նշանակություն էլ ուներ:

Հիմա կարող ես գնալ, Կրպո, — հրամայեց բեկը, — հյուրերիդ լավ պատիվ տուր: Առավոտյան կմտածենք, թե ինչ պետք է անել:

Ավազակապետը գլուխ տվեց և հեռացավ:

Ընթերցողը նկատեց, որ Կրպոն նույն իսկ ավազակապետն էր, որ վաճառականների քարավանը կողոպտել էր, իսկ այժմ հյուրասիրում էր նրանց: Եվ ավազակների այդ խումբը պատկանում էր Ֆաթթահ-բեկին, որի օգնությանը և պաշտպանությանը դիմել էին կողոպտված վաճառականները, որպես տեղային բարեկարգությանց վրա հսկողի և սահմանապահի:

Կրպոյի հեռանալուց հետո բեկը դեռ երկար նստած, զննում էր իր առջև դրած գեղեցիկ իրեղենները: Նա ինքն էլ չէր հասկանում, թե ի՞նչու այն փայլուն գոհարները այնքան գրավում էին իրան: — «Ես այս արկղիկը կուղարկեմ Արզրումի վալիին. դրանից հարմար ընծա չեմ կարող գտնել նրա համար», — մտածում էր նա: Հանկարծ նրա միտքը փոխվեց, կարծես մի նոր արարած պատկերացավ նրա հիշողության մեջ, որ իր համար այս աշխարհի մեջ ամենից բարձր էր: «Չէ՛, չէ՛, այդ գեղեցիկ մանյակը պետք է զարդարե «նրա» սիրուն պարանոցը. այդ թանկագին ապարանջանները «նրա» հիանալի բազուկներին միայն արժանի են. և այդ մատանիների համար են ստեղծված «նրա» հրաշալի մատները», — ասում էր նա խորին զգացմունքով:

Վայրենի մարդը սիրո կախարդական ազդեցության ներքո փոխվել, ազնվացել և ավելի համակրելի էր դարձել: Գազանները ավելի կատաղում են, երբ սկսում են սիրել, բայց մարդը քնքշանում է, և դրանով այժմ բեկը որոշվում էր գազաններից:

Այդ զարդարանքները «նրա» համար, միայն «նրա» համար պետք է պահեմ...

Իր հափշտակության մեջ նա այն աստիճան մոռացել էր ինքն իրան, որ վերջին խոսքերը բոլորովին լսելի ձայնով արտասանեց, և բնավ չէր նկատում, որ մեկը կանանոցի վարագույրը բարձրացնելով, մոտեցավ նրան, արձանի պես լուռ կանգնած, հետազոտում էր նրա խորին հոգեզմայլությունները: Դա նրա կինն էր, մանկահասակ Խուրշիդը, որ հայտնի էր ամբողջ ցեղի մեջ իր գեղեցկությունով: Բայց մահը միայն կարող էր լինել այնքան գունաթափ այնքան զայրացած, որպես այդ նազելի կինն էր այն րոպեում: Կարծես, մի չար հրեշտակի նման, կանգնած իր ամուսնի ետևում, պատրաստվում էր մարմնից դուրս քաշել իր տղամարդի հոգին, երբ նա ետ նայեց, տեսավ նրան և սարսափեցավ:

Մի քանի րոպե երկու ամուսինները լուռ նայում էին միմյանց վրա, որպես երկու մենամարտողներ, որ կշռում են, թե դեպի ո՛ր կողմը պետք է ուղղել հարվածը:

Բեկի առջև դեռ դրած էր արծաթի արկղիկը իր փայլուն իրեղեններով: Կինը մի հարևանցի հայացք ձգեց նրանց վրա և անցավ, նստեց վրանի մի կողմում, բարձի վրա: Այդ իրեղենները, որ ամեն կնոջ կարող էին խելքից հանել, մանավանդ քրդի կնոջը, որ ամեն պսպղուն բանով երեխայի նման հրապուրվում է, — այդ գոհարները այժմ երևում էին նրան որպես ապակիի կտորտանքներ, որոնց սուր ծայրերը նշտարի նման ծակում էին նրա սիրտը:

Բեկը նկատելով նրա վրդովմունքը, ասաց.

Ինչո՞ւ ես բարկացած, քեզ համար էլ բաժին կհանեմ դրանցից:

Ինձ համար մի պատան է հարկավոր, ուրիշ բան չեմ ուզում, — պատասխանեց կինը դողդոջուն ձայնով:

Լապտերի աղոտ լույսը ուղիղ թափվում էր նրա գունաթափ երեսի վրա, որ իր խռովության մեջ ավելի գեղեցիկ էր, որպես զայրացած հրեշտակի դեմքը:

Ի՞նչ է պատահել, Խուրշիդ, — հարցրեց բեկը մեղմ ձայնով: — Չլինի՞ թե վատ երազներ ես տեսել:

Ես երազներ չեմ տեսել, ես իմ աչքի առջև տեսնում եմ, թե ինչ է կատարվում...

Բեկը չէր կարող կասկածել, թե իր եղեռնական վարմունքը և իր ձեռքով կատարվող ավազակությունները և սարսափելի արյունահեղությունները կարող էին վրդովեցնել իր կնոջը: Որովհետև նա գիտեր և համոզված էր, որ Խուրշիդը, որպես ամեն մի քրդի կին, նրան հանգստություն չէր տա, եթե իր ամուսին այրը կդադարեր ավազակություններ գործելուց: Ուրեմն մի ուրիշ պատճառ պետք է լիներ, որ գրգռել էր նրա բարկությունը:

Խուրշիդը բեկի միակ կինն էր, թեև որպես մահմեդական, նրան արգելված չէր ունենալ մի քանի կնիկներ, բայց քրդերի սակավակնության սովորությունը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ կար մի այլ պատճառ, որ նա չկարողացավ երկրորդ-երրորդ կնիկներ ունենալ: Խուրշիդը քրդերի շեյխի աղջիկն էր, մի հզոր մարդու, որի հոգևոր իշխանությունը տարածվում էր բոլոր ցեղերի վրա, — մի մարդու, որի մի խոսքը բավական էր ամենանշանավոր ցեղապետին իր պաշտոնից զրկելու: Եվ բեկը իր բռնած դիրքով պարտական էր այդ մարդուն, որի միակ փեսան էր: Ավելացնել շեյխի աղջկա վրա մի երկրորդ կին, դա կլիներ անպատվություն Խուրշիդի ազնվատոհմության դեմ: Ահա այդ մտածությունները առաջ եկան բեկի մեջ, երբ նա տեսավ իր կնոջ տխուր-զայրացած դեմքը:

Բեկը այժմ բոլորովին գործնական և աշխարհային կետից էր նայում իր սիրտը լեցնող զգացմունքի վրա, բայց նրա հոգեբանական կողմը, կարծես թե, նա մոռացավ: Նա այժմ անհնարին էր համարում իր կնոջ սերը փոխարինել մի ուրիշ սիրով, որովհետև նա շեյխի աղջիկն էր: Բայց երբ նրա աչքերը կրկին հանդիպեցան իր առջև դրած փայլուն իրեղեններինկրկին նրա երևակայության մեջ պատկերացավ այն նազելի արարածը, որի համար մի քանի րոպե առաջ պատրաստում էր այդ իրեղենները:

Նա հասկացավ կնոջ վրդովմունքի պատճառը: Այժմ նրա սրտին տիրեց միևնույն վայրենի կատաղությունը, որ հատուկ է գազաններին, երբ նրանք սիրահարված են լինում:

Խուրշիդ, — ասաց նա զգալի ձայնով, — ի՞նչ ես պահանջում ինձանից:

Ես պահանջում եմ, որ լուծված լինի մեր քաբինը (ամուսնական կապը), — ասաց նա հանդարտ կերպով, — ես այսուհետև քո կինը չեմ լինելու, առավոտյան ձի կնստեմ և կգնամ իմ հոր տունը:

Ի՞նչու համար:

Ես չեմ ների, որ շեյխի աղջկա տիկնությունը բաժաներ մի պիղծ հայ աղջիկ:

Ես նրան կպահեմ որպես քո աղախին:

Ես աղախիններ շատ ունեմ: Բ

Ես նրան սիրում եմ:

Սիրի՛ր, որքան կուզես, բայց այդ սերը թանկ կնստի քեզ...

Ի՞նչ կանես:

Այդ ես գիտեմ...

Դու ինձ սպառնալիքնե՞ր ես կարդում, անզգամ... Ես քեզ այս րոպեում ոտքերիս տակը կփշրեմ մի կավե ամանի նման:

Մի՛ շարժվիր տեղիցդ. տեսնո՞ւմ ես... — ասաց կինը ցույց տալով ձեռքում բռնած փոքրիկ ատրճանակը:

Այժմ նա ոտքի վրա էր:

Բեկը սարսափեց: Նա չէր սպասում մի այսպիսի վճռական քայլ իր կնոջ կողմից: Մտքերի պատերազմը պահեց նրան րոպեական անշարժության մեջ, թեև նրա ձեռքը դրած էր գոտիում խրած դաշույնի վրա:

Այդ միջոցին կանանոցի բաժնից լսելի եղավ երեխայի լալու ձայն, որ նոր էր զարթնել քնից: Դա մի խաղաղական ձայն էր, որ կարծես ամոքեց երկու ամուսինների կատաղությունը: Մայրական սերը հաղթեց կանացի նախանձին և նա շտապեց դեպի լացող մանուկը, ասելով այս խոսքերը.

Ես դարձյալ վրեժխնդիր կլինեմ:

ԺԱ

Տանուտեր Խաչոյի ամուսինը իր վերջին զավակի՝ Ստեփանիկի ծնունդից հետո վախճանվեցավ: Այնուհետև Խաչոն չամուսնացավ, թեև նրա հասակում գյուղացին առանց կնոջ չէ մնում: Տան կառավարության մեջ հանգուցյալի տեղը բռնեց նրա մեծ հարսը՝ Սառան, որ հայտնի էր ամբողջ գյուղում որպես խելացի և լավ տանտիկին: Ինքը ծերունին շատ անգամ դիմում էր նրա խորհուրդներին և տան բոլոր հարսները հպատակում էին նրա հեղինակությանը:

Մի առավոտ, երբ տան մեջ բոլորը զբաղված էին իրանց սովորական տնտեսությունով, մի աղախին, որ գնացել էր աղբյուրից ջուր բերելու, կուժը ուսին վերադարձավ, և մոտենալով Սառային, ասաց նրա ականջին. «Մի քուրդ աղջիկ դրսումը կանչում է քեզ»:

Կանչիր այստեղ, — ասաց Սառան, — տեսնում ես, գործ ունեմ:

Следующая страница