Րաֆֆի՝   Զահրումար

Բոլորովին ուղիղ է ձեր ասածը, — պատասխանեց օրիորդը. — քանի եղբայրս կենդանի էր, նա ուսուցանում էր, բայց նրա մահից հետո թերի մնաց իմ հայերեն լեզվի գիտությունը. այժմ թեև մի սարկավագ երբեմն գալիս է դաս պարապելու հետս, բայց այդ խղճալին ինքը ևս լավ չէ իմանում:

Եթե դուք համաձայնեք, ես պատրաստ եմ շաբաթը երկու անգամ գալ ձեզ հետ հայերեն պարապելու:

Եթե ձեր ժամանակը կներե, ես չափազանց շնորհակալ կլինիմ, — պատասխանեց օոիորդը:

Ես այժմ համարյա բոլորովին ազատ եմ, — պատասխանեց Քաջբերունին, — բայց եթե գործ ևս ունենայի, դարձյալ ես մեծ հաճությամբ իմ ժամանակից մի քանի ժամ կզոհեի մի հայ օրիորդի, որ կամենում է յուր ազգայինմայրենի լեզուն լավ սովորել: Ափսո՜ս, որ այդպիսի ցանկացողներ խիստ հազվագյուտ են այս քաղաքում: Այստեղի աղջիկները ո՛չ միայն չեն սիրում իրանց ազգային լեզուն ու գրականությունը, այլև ատում են և նախատինք են համարում խոսել հայերեն:

Ի՞նչ մեղ ունին այն խեղճերը, — պատասխանեց օրիորդ Աննան. — նրանք ի՞նչ ճաշակ ունին իրանց ազգային գրականությունից և լեզվից, որ սիրեն նրան. իրանց ընտանեկան կյանքում դեռ երեխա, երբ նրանց լեզուները բացվում են, ծնողները սկսում են նրանց հետ խոսել օտարազգի բառերով. այնուհետև, երբ ուսումնարան են մտնում, այնտեղ ևս օտարազգի լեզուներ են սովորում` բոլորովին զուրկ մնալով ազգային լեզվից:

Քաջբերունու դեմքը մռայլվեցավ՝ լսելով վերջին խոսքերը: Նա ոչինչ չպատասխանեց:

Եթե մեր ծնողները լինեին խելացի մարդիկ, — առաջ տարավ յուր խոսքը օրիորդ Աննան, — և իրանց աղջկերանց ազգային հիմնավոր կրթություն տային, այլևս ուրիշ ո՞ր ազգի լեզուն կամ գրականությունը կարող էր գրավել հայ օրիորդի սիրտն ու հոգին, որպես յուր հայկականը: Օրինակի համար վեր առնենք մեր «Վերք Հայաստանի» — ն. ես տասն անգամ կարդացել եմ նրան, բայց դարձյալ ախորժանքով նորից ցանկանում եմ կարդալ. բայց մի օտար ազգի վեպ մի անգամ, երբ մարդ կարդում է, մյուս անգամ այլևս չէ ցանկանում նայել նրա վրա:

Քաջբերունին ուշադրությամբ լսում էր նրան և զարմանում նրա դատողության վրա. նա Ռուսաստանում այս առաջին անգամն էր հանդիպում մի այդպիսի օրիորդի, որ այդ տեսակ կրթություն և հասկացողություն ունենար:

Եթե ես փոքրիշատե գիտեմ հայերեն, — խոսեց օրիորդը, — այդ իմ հանգուցյալ հոր և եղբոր շնորհիվն է. քանի եղբայրս չէր վերադարձել համալսարանից, հայրս էր պարապում իմ կրթությամբ. իսկ եղբորս գալուց հետո, երբ հայրս վախճանվեցավ, եղբայրս նրա փոխարեն սկսավ կառավարել մեր տնտեսությունը և հոգաբարձու լինել իմ կրթության. սակայն թոքախտը նրան չթողեց երկար ապրել, նա մեռավ երկու տարի առաջ:

Այդ փոքրիկ պատմությունը օրիորդը արտասանեց այնպիսի զգալի կերպով, որ բավական ներգործեց Քաջբեբունու սրտին:

Ես ուրախ եմ, որ «Քնար Հայկականի» միջոցով կարողացա ծանոթանալ ձեզ հետ և հույս ունիմ փոխարինել ձեր հանգուցյալ եղբորը` հայերենում ունեցած ձեր թերությունները լրացնելու:

Օրիորդը յուր շնորհակալությունը հայտնեց գլխի շարժումով, ապա հարցրեց.

Դուք կարծում եք, թե «Քնար Հայկականը» առիթ չտար մեզ միմյանց հանդիպելու, մենք բոլորովին անծանո՞թ պիտի մնայինք միմյանց:

Այո՛:

Բայց վաղուց է, որ ես ճանաչում եմ ձեզ, — պատասխանեց օրիորդը:

Քաջբերունին չկամենալով հայտնել, թե մի անգամ ինքը տեսել էր նրան թատրոնում, ցանկացավ գիտենալ այդ անակնկալ խոսքի իսկությունը:

Դո՞ւք, ի՞նձ, — հարցրեց նա:

Այո՛, ձեզ:

Ինչպե՞ս:

Լսեցեք, ես պատմեմ ձեզ, — խոսեց օրիորդը. — մի կյուրակե ես վերադառնում էի հիվանդանոցից, որ գտնվում էր գերմանացոց թաղում, ուր գնացել էի մի քանի խեղճ հիվանդների այցելություն գործելու. ինձ հանդիպեց մի գերմանուհի պառավ, որին վաղուց ես ճանաչում էի. նա ասաց, թե յուր տանը կենում է մի հայ երիտասարդ, որ խիստ հիվանդ է, և ավելացրեց, թե երիտասարդը ուսանողներից է: Ես իսկույն հասկացա, որ հիվանդը մեր քաղաքացի չպիտի լինի, որ կենում է գերմանացու տանը, և խընդրեցի պառավին, եթե կարելի է՝ ինձ ցույց տալ հիվանդին: Նա հոժարացավ: Մենք միասին եկանք նույն գերմանուհու տուն: Այնտեղի հիվանդը դուք էիք. ես ձեր քնարանի լուսամատից ներս նայեցի, դուք պառկած էիք. բայց չհամարձակվեցա ներս մտնել` տեսնելով մի այլ տղամարդի, որ նստած էր ձեր մահճակալի մոտ: Իսկ այնուհետև ես ամեն կյուրակե գալիս էի նույն պառավի մոտ և հարցնում ձեր առողջության մասին: Պառավն ինձ ուրախացնում էր միշտ` հաղորդելով ձեր առողջության օրըստօրե ուղղվելու մասին. այլև նա հաղորդեց ինձ մի քանի տեղեկություններ ձեր բնավորությունից, որոնք խիստ հետաքրքրեցին ինձ, և այնուհետև ես ցանկանում էի ձեզ հետ ծանոթանալ: Այդ էր պատճառը իմ այն վերին աստիճանի անքաղաքավարության, որ երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք գրավաճառանոցում, ես խնդրեցի ձեզնից՝ անձամբ բերել «Քնար Հայկական» — ը մեր տուն:

Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, ազնիվ օրիորդ, — ասաց Քաջբերունի և բարեկամաբար սեղմեց նրա ձեռքը:

Բայց այն մանուկ տղամարդը ո՞վ է, որ ձեզ հետ կենում է, — հարցրեց օրիորդը:

Նա իմ ընկերն է՝ համալսարանից սկսած:

Պետք է այն պարոնը ազնիվ տղամարդ լինի. գերմանուհի պառավը պատմում էր, նա շատ խնամք էր տանում ձեր առողջության մասին:

Այո՛, նա բարի տղա է:

Նա ևս մեր քաղաքացի չէ՞:

Այո՛, նա էլ ինձ պես պանդուխտ է այստեղ:

Խնդրեմ, մյուս անգամ մեր տուն գալուց նրան ևս ձեզ հետ բերեք. ինչպե՞ս է նրա անունը:

Վահե Արամյան:

Վահե Արամյան, — կրկնեց օրիորդը, — ա՜խ, ես ո՛րքան սիրում եմ մեր պատմական անունները, ի՜նչ քաղցր հիշատակներ են նրանք ծնում մեր մտքի մեջ...: Բայց ասացեք, խնդրեմ, ի՞նչ է ուսել պարոն Արամյանը համալսարանում:

Նա ավարտել է բանասիրական մասը, այլև ուսել է արևելյան լեզուները:

Ուրեմն հայերեն ևս լավ պիտի գիտենա:

Նա երևելի հայկաբան է, այլև հեղինակ. ունի մի քանի արհեստական և մի քանի բանաստեղծական աշխատություններ. այս օրերում նա ավարտեց մի եղերերգություն՝ «Վարդան Մամիկոնյանի մահը» անունով. հիանալի բան է:

Արևը վաղուց մայր էր մտել, և սենյակը, ուր նրանք նստած էին, բավական մթնել էր: Օրիորդը նկատեց այդ, իսկույն վառեց ղամբարը՝ ասելով.

Ինչո՞ւ ճրագ չենք վառում, ա՜խ, ո՛րքան մոռացկոտ եմ ես:

Մի քանի րոպե նս նրանք խոսեցին այս և այն առարկայի վրա, մինչև աղախինը եկավ հայտնեց օրիորդին, թե ո՛րտեղ կկամենային վայելել թեյը:

Պարոն Քաջբերունի, — ասաց օրիորդը, — հրամմեցեք գնանք դահլիճ. այնտեղ դուք կտեսնեք իմ պառավ մորը և կծանոթանաք նրա հետ:

Նրանք դուրս եկան մատենադարանից և մտան դահլիճ: Այնտեղ նստած էր օրիորդի մայրը, մի հասակն առած կինարմատ, բարի և խելացի դեմքով: Նա ոտքից ցգլուխ հագնված էր սև: Օրիորդը յուր հյուրին ներկայացրեց մորը՝ ասելով.

Ահա՛, մայրիկ, պարոն Քաջբերունին, այն երիտասարդը, որ հիվանդ պառկած էր գերմանացոց թաղում և որի մասին շատ անգամ պատմել եմ քեզ:

Իմ մայրը, տիկին Եղիսաբեթ, — կրկնեց օրիորդը:

Քաջբերունին գլուխ տվավ. նրանք նստեցին:

Ներս մտան՝ օրիորդի քույրը՝ Սաթենիկը, մի սևլիկ աղջիկ, թավ գիսակներով և փոքրիկ դեմքով, և նրա եղբայրը՝ Արշակը, փոքր քրոջ նման մանուկ, գորշ դեմքով: Երկուսն էլ քաղաքավարությամբ մոտեցան, ձեռք տվին Քաջբերունուն և նստեցին իրանց մոր մոտ: Օրիորդը ցույց տվավ նրանց վրա՝ ասելով.

Արշակը եղբայրս է, Սաթենիկը փոքր քույրս, դրանց երկուսի անունն էլ մեծ եղբորս դրածն է:

Մեծ եղբոր անունը հիշելուս՝ տիկին Եղիսաբեթի աչքերը լցվեցան արտասուքով, օրիորդը նկատեց այդ և շուտով խոսքը փոխեց:

Մատուցին թեյ: Քաջբերունին մի փոքր ևս խոսեց այս ու այն բանի վրա, հետո գդակն առավ ու հեռացավ:

ԼԵ

Գալով իրանց կացարանը՝ Քաջբերունին բոլորը պատմեց Արամյանին, թե ի՛նչպես առաջին անգամ տեսել էր օրիորդ Աննային թատրոնում, այնուհետև ի՛նչպես հանդիպեցավ գրավաճառանոցում և թե հետո ի՛նչպես ծանոթացավ նրա հետ:

Քաջբերունին բոլորովին պերճաբան չէր, բայց խոսելով օրիորդ Աննայի վրա, նրա խոսակցության անփույթ և անզարդ ոճն ընդունում էր բավական գեղեցիկ ձև:

Նրա բոլոր գոյության մեջ, — շարունակեց նա, — չէ երևում ոչինչ բան կեղծյալ, նա պատկերանում է քո առջև որպես մարմնացած առաքինություն` յուր պարզ և հրեշտակային սրբությամբ: Նրա խելացի դեմքն արտահայտում է հեզություն և բարեսրտություն: Նրա աչքերի մեջ վառվում է երկնային հուր, մինչ այն աստիճան գրավիչ և բազմախորհուրդ, որով իսկույն հրապուրվում ես, և դու մեծավ հաճությամբ ասում ես, թե արժե սիրել դրան...:

Ասա՛, խնդրեմ, — հարցրեց Արամյանը, — ի՞նչպիսի ուսում և կրթություն ունի նա:

Նա չէ եղել ոչ մի վարժարանում, այլ ուսել է յուր հոր և եղբոր մոտ. նա բավական մաքուր խոսում է յուր մայրենի լեզվով և բավական հասկանում է մեր հին լեզուն. ունի բավական զարգացած խելք, նա խոսում է քեզ հետ ամեն առարկայի վրա՝ ուսումնական, արհեստական, քաղաքական, կրոնական և այլն, և բոլորի մեջ հայտնում է յուր առողջ դատողությունը և յուր խելացի կարծիքը:

Այդպիսի աղջիկներ այս քաղաքում հազվագյուտ երևույթներ են, ես շատ կցանկանայի նրա հետ ծանոթանալ:

Նա արդեն խնդրել է, որ ես քեզ տանեմ իրանց հետ ծանոթացնելու:

Նա ո՞րտեղից է ճանաչում ինձ:

Քաջբերունին սկսեց պատմել, թե ի՛նչպես օրիորդը տեսել էր նրան հիվանդության ժամանակ:

Նույն միջոցին դռները ճռռացին, և հանկարծ ներս մտավ Գիաչկովը:

Պատմության քաղցր տեղում մլթոնին ասաց՝ «սալլամ ալեյքում», — ասաց Արամյանը թուրքերեն առածը:

Ինձ մի՛ ջղրացնեք, ես այնքան բարկացած եմ, որ կռիվ կսարքեմ, — ասաց նա հայերեն լեզվով, դեմքը խոժոռելով:

Նա դրավ գլխարկը լուսամատում և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ, գլուխը շարժելով, ինքն իրան ասելով «Այո , դժբախտություն... դժբախտություն...»:

Ի՞նչ է պատահել, Թաթոս, — հարցրին նրանից:

Էլ ի՞նչ պիտի լինի. դո՛ւք, պարոններ, չար աչքով զարկեցիք իմ բախտավորությանը, — պատասխանեց Դիաչկովը բարկությամբ և շարունակելով անցուդարձ անելը:

Մեր աչքերը Արտավազդա աչքերը չեն, — ասաց նրան Արամյանը:

Արտավազդը չգիտեմ ով էր և ինչպիսի աչքեր ուներ, երեի նա էլ ձեզ պես հայոց թագավոր կլիներ, — ծիծաղելով պատասխանեց Դիաչկովը, — միայն ճշմարիտն ասած ես դժբախտ եմ այժմ:

Քաջբերունին և Արամյանը կարծեցին, թե կարելի է նրան որևիցե դժբախտություն հանդիպած լինի, այդ պատճառով ցավակցաբար հարցրին նրանից, թե ի՞նչ դժբախտություն է պատահել նրան:

Դիաչկովը նստեց և յուր տխրամած աչքերը խորհրդավոր կերպով ձգեց նրանց երեսին և խոսեց.

Եղբարք, ես ցավալի կերպով արտաքսված եմ Հացի-Գելենց տնից. ինքը օրիորդ Սոֆին հրամայած է այլևս չընդունել ինձ:

Իրավ այդ մեծ դժբախտություն է, — կրկնեց Քաջբերունին. — ի՞նչ պատճառով:

Պատճառը խիստ բնական է, — պատասխանեց Դիաչկովը. — վերջին օրերում նրանց տան ներքին հարկում բնակվում է մի ռուս, մանկահասակ աստիճանավոր, որ ծառայում է կովկասյան ինժեներնոյե ուպրավլենիում: Նա մի տղամքարդ է բավական գեղեցիկ դեմքով, բարձրահասակ և վայելուչ հագնված. ես՝ խղճալիս, օրիորդի այդ նոր տարփածուի առջև կորցրի իմ բոլոր արժանավորությունս:

Ի՞նչպես կապվեցավ օրիորդը այդ աստիճանավորի հետ, — հարցրեց Արամյանը հետաքրքրությամբ:

Չէ՞ որ ես ասացի, թե նա ծառայում է ինժեներնոյե ուպրավլենիում, և Ճանճուր Իվանիչը իբրև մի փոդրաթչիկ (կապալռու) մարդ, իհարկե, միշտ գործ ունի այնտեղ, և փոդրաթչիկները միշտ կաշառքով գրավում են այնպիսի աստիճանավորներից մեկին, որ ծառայում է իրանց շահերին այդ պատճառով հիշյալ պարոնը ծանոթ է լինում Ճանճուր Իվանիչի հետ, և գիտենալով, որ նա սիրուն աղջիկ ունի, սկսում է յուր բարեկամությունը ավելի պնդացնել, մինչև անգամ երթևեկել Հացի-Գելենց տուն. հետո էլ յուր բնակությունը փոխում է այնտեղ, և ի՞նչ մի դժվար բան է տիրել Սոֆիի նման թեթևամիտ աղջկա սրտին. վերջապես նա հասնաւմ է յուր նպատակին:

Ճանճուր Իվանիչը չէ՞ կասկածում նրանից, — հարցրեց Քաջբերունին:

Կասկածանքը այնտեղ նշանակություն չունի, երբ Ճանճուր Իվանիչը աչքի առջև ունի յուր նյութական շահերը. նա առավել ուրախ կլիներ մի այդպիսի` նրա համար բարեբախտ հանգամանքներում, եթե յուր դստեր սիրով, նույնիսկ նրա պատվի գնով, կարողանար որսալ ինժեների սերտ բարեկամությունը, որ ամեն տարի կարող էր նրան հազարներով օգուտ տալ:

Ուրեմն դու հաղթվեցա՞ր ինժեներից, — հարցրեց Քաջբերունին:

Այո՛, իմ բոլոր հնարագիտություններս փշրվեցան: Բայց եթե այդ անիծյալ Ճանճուր Իվանիչը սուդերում դատ ունենար, ես էլ միևնույն դերը կխաղայի, ինչ որ ինժեները. դժբախտաբար նա ոչ ոքի հետ վեճ չունի:

Ուրեմն աշխատի՛ր նրան քարշ տալ դեպի սուդ, — ասաց ծիծաղելով Արամյանը:

Եվ ես դրա վրա եմ մտածում, — պատասխանեց Դիաչկովը, — առանց այդ չէ կարելի:

Այո՛, մտածի՛ր, — կրկնեց Քաջբերունին կատակով, — և հարկավոր է մտածել...:

Որպես ստուգել եմ՝ ինժեները կամենում է պսակվել Սոֆիի վրա, և Սոֆին էլ բոլորովին խելքից ելած է նրա համար:

Ուրիշ ի՞նչ կա, — հարցրեց Քաջբերունին, — այդ մեզ շատ չէ գրավում, որովհետև մենք վաղուց գիտեինք, թե նրանից ի՛նչ էր դուրս գալու:

Բայց ես մահու չափ վշտացած եմ. այն Պանտալոնովսկու (այդպես էր ինժեների անունը) հերը կանիծեմ... թող մի փոքր անցնի... նա չգիտե, թե ո՛ւմ հետ է կատակ անում...:

Այդ խոսքերն այնքան կրքով արտասանեց Դիաչքովը, որ հիրավի նրա աչքերը վառվեցան բարկությունից, և նա դարձյալ վեր կացավ և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ:

Բոլոր այդ խոսակցության միջոցին Արամյանը լուռ էր. նրա վրա խիստ անախորժ ներգործություն ունեցավ Դիաչկովի լուրը: Թեև նա վաղուց յուր սիրո կապը կտրել էր օրիորդ Սոֆիի հետ, բայց տակավին մի գաղտնի կիրք նրա սիրտը ցավեցնում էր, երբ լսում էր նրա մասին, թե նա օրըստօրե դիմում է դեպի կործանումը:

Բայց Դիաչկովը մոտեցավ, նրան և բռնեց նրա ձեռքը՝ ասելով.

Եղբայր, դու միայն կարող ես կարեկցել ինձ, որովհետև մենք երկուքս համավիճակ ենք. բայց իմ խոսքերը ընկերոջդ չեն գրավում. նա թող պարապի յուր հայոց թագավորությունը օդի վրա հիմնելու ծրագրով...:

Մանուկ տղամարդիկը ոչինչ չպատասխանեցին նրա խոսքին, և Դիաչկովը առավ գլխարկն ու, առանց մնաք բարյավ ասելու, դուրս գնաց:

Ո՞ւր, ո՞ւր, Թաթոս, կանգնի՛ր, բան ենք ասում, — ձայներին նրան, բայց Թաթոսը առանց ետ նայելու գնաց:

Այդ հիմարը մեզ ընդհատեց, — ասաց Քաջբերունին՝ կցելով ընդհատված խոսակցությունը օրիորդ Աննայի մասին: — Երկու հակառակ ծայրեր են օրիորդ Սոֆին և օրիորդ Աննան, մինը որքան անբարոյական և լկտի, մյուսը այնքան առաքինի և բարեկիրթ:

Եվ նրանք երկար խոսեցին կանանց կրթության մասին:

Դիաչկովը նրանց մոտից դուրս գալով ճանապարհին հանդիպեց մի աստիճանավորի, որ կառքով գնում էր. նա տեսնելով Դիաչկովին, կառքը կանգնեցրեց և հրավիրեց նրան յուր մոտ նստել: Դիաչկովն ուրախությամբ ընդունեց նրա հրավերը:

Ո՞ւր էիք, — հարցրեց աստիճանավորը:

Այստեղ մի քանի րոպե ներս մտա, — պատասխանեք Դիաչկովը:

Ո՞ւմ մոտ:

Այդտեղ երկու հոգի հայիկներ կան...:

Դուք ի՞նչ գործ ունիք նրանց մոտ:

Ինձ պատվիրված է լրտեսել նրանց գործունեությունը:

Ի՞նչպիսի անձինք են:

Նախանձավոր պատրիոտիկնեք (հայրենասերներ)

Ի՞նչ մտքերի են ծառայում:

Մինը աշխատում է մշակել հայոց լեզուն և գրականությունը, խելամուտ առնել ազգին յուր պատմական ավանդություններին, իսկ մյուսը կատարյալ ծով է. նրա հատակը դեռ չէ երևում, բայց խիստ վտանգավոր մարդ է:

Երևում էր, որ այդ ծանոթությունները հետաքրքրեցին աստիճանավորին. նա շարունակեց յուր հարցուփորձը.

Այստեղ ի՞նչ են շինում:

Այս քաղաքում բույն դնելու միտք ունին:

Ծառայո՞ւմ են, ապրուստ ունի՞ն:

Նրանք մերկ են որպես թեփռած հավ, բայց իրանց աղքատության մեջ դարձյալ հպարտ են և անընկճելի:

Վաղո՞ւց է, որ ճանաչում եք դրանց:

Ես համալսարանից ընկեր եմ եղել դրանց հետ:

Այսպես նրանք խոսում էին, և կառքը սահում էր ողորկ փողցի վրայով, մինչև Դիաչկովը հրամայեց կանգնել և, ներողություն խնդրելով աստիճանավորից, վայր իջավ:

Առայժմ մնաք բարյավ, ես պիտի մտնեմ իշխանի մոտ, — ասաց նա:

Մե՞ր իշխանի, — հարցրեց աստիճանավորը:

Այո՛, — պատասխանեց Դիաչկովը և սկսավ դիմել դեպի մի հոյակապ տուն: Պահապան կազակից, որ կանգնում էր դռանը, ստուգելով, որ իշխանը տանն է, նա քաշեց զանգը:

Աստիճանավորը հեռացավ:

Դուրս եկավ մի ծառա հագնված լիվրեյ և առաջնորդեց նրան: Դիաչկովն սկսավ բարձրանալ նեղ գորգի վրայով, որ բևեռած էր սանդուղքներին, և լիմոնի, նարնջի ծառերի և պեսպես ծաղիկների միջով նա մտավ մի մեծ դահլիճ՝ փառավոր կերպով զարդարած:

Այնտեղ մի քանի րոպե սպասեց նա, մինչև նրա մասին իմացում տվին, հետո ընդունվեցավ այն սենյակում, որ զարդարված էր աշխարհի հազվագյուտ բաներով: Այդ իշխանի առանձնասենյակն էր:

Եվ արդարև, Դիաչկովը խորին մեծարանքով գլուխ տվավ մի ծերուկի, ալևոր գլխով, ակնոցներով և խորամանկ դեմքով, որ գրասեղանի հանդեպ նստած գրում էր: Տեսնեքով Դիաչկովին, նա գրիչը վայր դրեց և յուր հարցական հայացքը ձգելով Դիաչկովի երեսին, ասաց.

Բարով, Ալեքսանդր Սիմոնովիչ, հը՛, ի՞նչ կա:

Մի քանի րոպե առաջ նրանց մոտ էի, տեր, — պատասխանեց Դիաչկովը. — բոլորը ստույգ է, ինչ որ ասել են ձեզ:

Ի՞նչպես:

Դիաչկովը յուր չորս կողմը նայեց, կարծես պատերը լսում էին նրան, և մոտեցավ իշխանին և կանգնելով ծերուկի առջև, նա երկար պատմեց նրան մի գաղտնիք: Ծերուկը խորին ուշադրությամբ լսում էր նրան, և հետզհետե կատաղի բարկությունը բոցավառվում էր նրա նախանձահույզ աչքերում:

Երբ վերջացրեց Դիաչկովը յուր խոսքը, դարձյալ հեռացավ և կանգնեց յուր առաջվան տեղը:

Ես այդ բոլորը իմացում կտամ ուր պետք է, — վերջապես խոսեց իշխանը, — և մենք կկարգադրենք նրանց մասին:

Բայց, ձերդ մեծափայլությունը մի խոստմունք ուներ ծառայիդ, — ասաց Դիաչկովը:

Այո՛, ես չեմ մոռացել, ես խոսացել եմ նախագահի հետ, դուք անպատճառ մի քանի օրից հետո դատարանում անդամ կընտրվիք:

Դիաչկովր գլուխ տվավ և հեռացավ:

— «Դատարանի անդա՜մ... ի՜նչ հրաշալի խոսք է դա...», — խոսում էր յուր մեջ ճանապարհին Դիաչկովը. «Այո՛, մեծ փառք է այդ՝ նստել ոսկյա վորոտնիկով գահի վրա և դատ լսել... Այն հիմարները (Քաջբերունին և Արամյանը) ինձ վրա ծիծաղում են, բայց ես կգլորեմ դրանց դեպի մշտնջենավոր կորուստ, և նրանց դամբարանի վրա կբարձրացնեմ իմ փառքի աթոռը...»:

Այդ խորհրդածության մեջ էր նա, որ հանկարծ մի կառք սլացավ յուր մոտից. նա տեսավ օրիորդ Սոֆիին և Պանտալոնովսկուն միասին նստած կառքում: Կայծակի հարված ունեցավ այդ երևույթը նրա վրա, և նրա ուրախ դեմքը մի ակնթարթում մռայլվեցավ:

ԼԶ

Մյուս օրը կյուրակն էր: Արամյանն ու Քաջբերունին առավոտից պատրաստվել էին գնալ օրիորդ Սեպուհյանցի մոտ (այդպես էր օրիորդ Աննայի ազգանունը):

Տասն ժամին նրանք երկուսն էլ դուրս գնացին, նստեցին կառք և դիմեցին դեպի քաղաք:

Մտնելով Սեպուհյանցների մոտ, նրանք գտան միմիայն տիկին Եղիսաբեթին, որ ուրախությամբ ընդունեց մանուկ տղամարդկանց. Քաջբերունին ծանոթացրեց տիկնոջ հետ Արամյանին, և նրանք նստեցին:

Ո՞ւր են օրիորդ Աննան և երեխերքը, դուք մենակ եք, — հարցրեց Քաջբերունին:

Աննան երեխանց հետ գնացել է ժամ, միայն ես մի փոքր տկար լինելով՝ զրկվեցա այսօր պատարագ տեսնելուց, — պատասխանեց տիկինը:

Աննան ամե՞ն կյուրակե ժամ է գնում, — հարցրեց Արամյանը:

Ո՛չ մի կյուրակե նա ետ չէ մնում պատարագից. նա սիրում է աղոթել:

Այդ մի բարի ձգտումն է մանուկ աղջիկների մեջ, — ավելացրեց Արամյանը, — այդպիսով նրանք ավելի մոտ կլինին աստծուն:

Թե՛ աղջիկը և թե տղան, թե՛ ծերը և թե երիտասարդը, մի խոսքով՝ բոլոր մարդիկ միշտ կարոտ են աստծո ողորմությանը, — պատասխանեց ջերմեռանդությամբ տիկինը, — որովհետև մեղքն ու մահը մեր ամենքիցը շատ հեռու չեն:

Նախասենյակում լսելի եղան ոտնաձայներ:

Ահա՛ նրանք եկան, — ասաց տիկին Եղիսաբեթը:

Ներս մտավ օրիորդ Աննան յուր փոքրիկ քրոջ և եղբոր հետ, բոլորովին սպիտակ հագնված. նրա հագուստը` փրփուրի պես թեթև, խիստ վայելուչ կերպով նստած էր նրա վրա: Կարծես նա աստծո տունը դիմելու ժամանակ միայն սովորություն ուներ պատշաճավոր կերպով հագնվիր: Նա, «ողորմի աստվածս ասելով յուր մորը և յուր հյուրերին, մոտեցավ, բարեկամաբար սեղմեց Քաջբերունու ձեռքը, և Արամյանի հետ ծանոթանալուց հետո, խիստ քնքուշ բարեսրտությամբ հայտնեց յուր ուրախությունը Արամյանի հետ ծանոթանալու համար: Ապա նա դարձավ դեպի մայրը՝ ասելով.

Մայրիկ, դու այսօր չկարողացար պատարագ տեսնել, բայց ես քեզ համար նշխարք եմ բերել ժամից:

Աստված օրհնե քեզ, հոգյակս, — ասաց տիկին Եղիսաբեթը և առավ նշխարքը և երեսը խաչակնքելով դրեց բերանը:

Դուք ևս, պարոններ, կարծեմ այսօր ժամում չեք եղած, — դարձավ նա դեպի մանկահասակ տղամարդիկը, — ձեզ ևս պետք է հաղորդ կացուցանել տիրոջ սեղանի փշրանքին:

Նրանք չկամենալով վշտացնել օրիորդի ջերմեռանդությունը, ընդունեցին նրա ձեռքից միմի պատառ նշխարք և բերանները դրին:

Մայրն սկսավ հարցնել աղջկանից, թե եկեղեցում ո՞վ կար, ժողովուրդը շա՞տ էր թե քիչ, և թե ո՞վ էր պատարագիչը:

Պատարագիչը տերՀարությունն էր. ժողովուրդը խիստ սակավ էր, համարյա մի քանի պառավ կանայք և ծերունիք էին միայն եկել: Ժողովուրդը, ինչպես երևում էր, գնացել էր մեծ դքսի գալըստյան հանդեսը տեսնելու: Չգիտեմ ինչո՞ւ այսօր ժամասացությունն էլ շատ անկանոն էր: Պատարագիչ քահանան անգամ հովհաննու ավետարանը մինչև վերջը չկարդաց:

Տիկին Եղիսաբեթը շարժեց գլուխը:

Ա՜խ, քահանաներ..., — գոչեց նա խորհրդական ձայնով:

Այդպիսի օրերում նրանք առհասարակ պոչիցգլխից կտրում են, — ասաց Քաջրերունին և միևնույն րոպեին ստրջացավ, թե ինչո՞ւ մի այդպիսի պատկառելի իրողության վրա այնպես տգեղ խոսեցավ:

Տիկին Եղիսաբեթը ոչինչ չպատասխանեց, միայն օրիորդն ասաց.

Դժբախտաբար այդպես են մեր եկեղեցականները. կարծես թե նրանք աստծու համար չեն կարդում կամ մի գերագույն ունկն չէ լսում նրանց, այլ իրանց ժամասացությամբ միայն ժողովրդին են կամենում հրապուրել...:

Այդ բոլորը մեր քահանաների վատ կրթությունիցն է, — պատասխանեց Արամյանը, — մինչև այսօր մենք չունինք կարգին ուսումնարաններ` օրինավոր քահանա յացոք պատրաստելու համար, և մեր քահանաներն ընտրվում են ժողովրդի անպիտան մասից: Այդ է պատճառը, որ ժողովուրդը շատ է սառել եկեղեցուց:

Երբեք մարդ չի հրաժարվում յուր բարեկամի տանից, եթե նրա ծառաներն անկիրթ և անկարգ մարդիկ են, — խոսեց տիկին Եղիսաբեթը, — ուրեմն ի՞նչպես կարելի է հեռանալ աստծո տանից, եթե նրա սպասավորներն անկիրթ մարդիկ են:

Բոլորովին ուղիղ է ձեր խոսքը, — պատասխանեց Արամյանը, — բայց և այնպես հարկավոր է աստծո տան տպավորության համար արժանավոր ծառայողներ պատրաստել:

Առհասարակ մեր եկեղեցու մեջ ժամասացությունը վերին աստիճանի անկանոն է. ցանկալի է, որ այդբանի վրա ամենալուրջ ուշադրություն դարձվեր: Լավ և ներդաշնակ երգեցողության միջոցով կարելի էր մեր ժողովրդի նախկին կրոնական ջերմեռանդությունը վառել և այդպիսով ժողովրդին դեպի բարին առաջնորդել:

Այո՛, ձայների ներդաշնակությունն ահագին նշանակություն ունի. և մեր շարականների մեջ ի սկզրանե անտի գոյություն են ունեցել երաժշտական նշաններ. միայն ցավալին այն է, որ առհասարակ մենք չենք մտածում մեր ունեցած ընտիրընտիր բաները կարգ ու կանոնի տակ ձգելու, որով առիթ ենք տալիս հայկական կյանքին անծանոթ մեր օտարամոլ ազգայիններին մտածելու, թե մենք ոչինչ լավ բան չունինք:

Ձեր խոսակցությունը կարող է ավելի երկարել, — ասաց տիկին Եղիսաբեթը՝ դառնալով դեպի դուստրը, — հապա մենք թեյ չպիտի՞ խմենք, և դու քո հյուրերին չպիտի՞ պատվասիրես. ա՜խ, որքան անքաղաքավարի ես:

Օրիորդը վեր կացավ և հրամայեց աղախնին՝ սարքել թեյի սեղանը:

Այդպես է Աննան, — դարձավ դեպի հյուրերը տիկին Եղիսաբեթը, — երբ նա ընկնում է խոսակցության ետևից, արդեն ամեն ինչ մոռանում է:

Մի՞թե դեռ թեյ չեք վայելած, — հարցրեց Քաջբերունին:

Մենք միշտ սովորություն ունինք բոլորովին ժամ գնալ եկեղեցի:

Օրիորդն ամեն օր սովորություն ուներ ինքը մատակարարել թեյը, բայց այսօր նա յուր պաշտոնը թողեց աղախնուն և ինքը նստեց հյուրերի մոտ՝ նրանց զբաղեցնելու յուր խոսակցությամբ: Նա մի օր առաջ լսելով Քաջբերունուց, թե Արամյանը հեղինակ է և ունի մի եղերերգություն գրած, այդ հարցը նրան հետաքրքրում էր, և կամենալով լիովին տեղեկություն ստանալ նրա աշխատության մասին` հարցրեց.

Պարոն Արամյան, դուք վերջացրի՞ք ձեր եղերերգությունը:

Այո՛, — պատասխանեց Արամյանը, — բայց դուք ո՞րտեղից գիտեք, թե ես եղերերգություն եմ գրում:

Անցյալ օրն ինձ ասաց պարոն Քաջբերունին. ինձ շատ ցանկալի է տեսնել այդ:

Մի քանի օր առաջ մենք մի պարոնի տանը գրականական երեկույթ ունեինք, ուր կարդացինք իմ եղերերգությունը. այժմ մի քանի երիտասարդներ մտադիր են բեմի վրա ևս ներկայացնել, իհարկե, դուք նույնպես ներկա կլինիք:

Ես մեծ ուրախությամբ ներկա կլինիմ, միայն եթե կարելի է՝ մինչև ներկայացնելը մի անգամ բերեինք մեզ մոտ կարդալու. ես շատ կցանկանայի հառաջագույն տեղեկանալ ձեր աշխատության պարունակությանը և հետո տեսնել բեմի վրա:

Արամյանը խոստացավ:

Շատ ցավալի է, — կրկնեց օրիորդը, — որ այսքան հայ ժողովուրդ ունինք այս քաղաքում, բայց չունինք մի ազգային թատրոն. գերմանացիք այստեղ մեր քսաներորդ մասի չափ ևս չկան, բայց առանձին թատրոն և առանձին ակումբ ունին:

Դեռ այդ բանի համար շատ ժամանակ պետք է, մինչև հայը գերմանացու պես հառաջադեմ դառնա..., — գլուխը շարժելով կրկնեց Արամյանը:

Բայց ես լսել եմ, որ պոլսեցիք ունին ազգային թատրոն, — խոսեց օրիորդը: — Այդ ուրախալի բան է, որ Տաճկաստանի հայերն այնքան առաջ են գնացել, բայց ցավալի, որ Ռուսաստանի հայերս այսքան ետ ենք մնացել:

Բայց պոլսեցիք ունին և սահմանադրություն..., — պատասխանեց Արամյանը զգալի եղանակով:

Օրիորդը խնդրեց Արամյանին՝ պատմել իրան պոլսեցոց սահմանադրության մասին մանրամասն, թե ո՛վ եղավ նրա սկզբնապատճառը, ի՛նչպես սկսվեցավ, խոստովանելով, թե ինքը շատ քիչ գիտե այդ մասին: Արամյանը, թեև համառոտաբար, բայց ճշտությամբ պատմեց նրան սահմանադրության ամբողջ պատմությունը: Օրիորդը հայտնեց յուր շնորհակալությունը, երբ նա ավարտեց խոսքը:

Մանուկ տդամարդիկը նշմարելով, որ երկար նստեցին, վեր կացան, մնաք բարյավ ասելով հեռացան. տիկին Եղիսաբեթը շատ խնդրեց, բայց նրանք չմնացին ճաշի: Օրիորդ Աննան նրանց ճանապարհ դնելու ժամանակ կրկին անգամ խնդրեց Արամյանին՝ եղերերգության մասին:

Ես իմ կյանքումս չեմ տեսած մի այդպիսի օրիորդ մեր հայերի մեջ, — ճանապարհին ասաց Արամյանը:

Այո՛, տե՛ս, թե ի՛նչ ներգործություն ունի ուղիղ կրթությունը մանուկ սեռի վրա:

Բայց ափսո՛ս, որ նրա կրոնասիրությունն ու բարեպաշտությունը հասնում է մոլեռանդության:

Ի՞նչ մեծ կորուստ է, որ նա ծանոթ չէ Վոլտերի և Ռուսսոյի հետ, — պատասխանեց Քաջբերունին, — ավելի լավ է՝ կանանց լինե բարի քրիստոնյա, քան թե ազատ փիլիսոփաներ: Նիհիլիստուհիների անբարոյական օրինակը քեզ բավական է իմ ասածս ապացուցանելու:

Այո՛, աշխատելու է Աննայի նման օրիորդներ պատրաստել, — խոսեց Արամյանը ոգևորությամբ, — դրանք և միայն դրանք կարող են ծնել ազգի համար պիտանի որդիք և ոչ թե նիհիլիստական ուղղությամբ տոգորված ու փչացած ազջկերքը:

Ո՞րտեղ պատրաստել, — պատասխանեց Քաջբերունին:

Պետք է աշխատել հիմնել ազգային օրիորդական դպրոցներ և նրանց կրթությանը օրինավոր ուղղություն տալ:

Նախ՝ որ այդ հնարավոր չէ, բացի դրանից, մեր հիմար քաղաքացիքայդ հաստափոր գոմշի ռումբիքը, այդ անզգա, հոգով և մտքով մարմնացած մսե բլուրները ի՞նչ հնար են տալիս իրանց ուսյալ երիտասարդներին՝ ազգին ծառայելու: Երևակայիր, այստեղ մի քանի իգական դպրոցներ կան, ուր պարապում են մեր հայ երիտասարդները. խեղճերը ո՛չ միայն արժանավոր վարձատրություն չեն կարողանում ստանալ, այլ շատ անգամ ձրի աշակերտուհիներ ևս չեն գտնում: Այս կամ այն մադամին ուրախությամբ հարյուրներով մանեթներ են տալիս ամեն տարի, բայց ուսուցչին, որ դոկտորի դիպլոմը ծոցն է, հոգիները դուրս է գալիս մինչև ամսական երեք մանեթ են տալիս:

Այդ ունի յուր հատուկ պատճառները, որ մերայինք այստեղ այդպես օտարամոլ են, — պատասխանեց Արամյանը: — Աղջկանց ուսումը և նրանց կրթությունը այստեղի ժողովրդի համար բոլորովին այլ նշանակություն ունի, քան ինչ որ կարծում ենք: Ուսման վրա նրանք նայում են որպես մի նյութի վրա, ինչպես են այն կարասիքը, որ ծնողները պատրաստում են իրանց աղջկանց օժիտի համար: Ծնողները վաղուց հասկացել են, որ ինստիտուտի, պանսիոնի լոկ անունը մեծ նշանակություն ունի իրանց աղջկերանց մարդու տալու ժամանակ, երբ նրանց մոցիքուլը, փեսին հրապուրելու համար, թե «էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե, էհենց սիրուն է, էհենց հունարով է»... և ավելացնում է — «ինստիտուտումը կուրսը վերջացրիլ է...,ռսնակ խոսիլ գիտե... փորտոպյան ածել, տանցովատ խաղալ... » :

Այդպես խոսելով երկու երիտասարդները գնում էին: Ճանապարհին հանդիպեց նրանց Դիաչկովը:

Ո՞ւր, — հարցրին նրանից:

Եա ուղղակի ձեզ մոտ էի գալիս, — պատասխանեց բավական ուրախ դեմքով Դիաչկովը:

Ներս գնանք:

Նրանք արդեն հասել էին իրանց կացարանին: Երեքը միասին ներս մտան:

Ի՞նչ նոր համբավ ունիս, — հարցրին նրանից:

Ես մի լավ համբավ ունիմ, թեև այդ չէր կարող ձեզ այնքան ուրախություն պատճառել, որպես ինձ, այնուամենայնիվ հարկավոր է ասել. երևում է բախտը առժամանակ ևս կամենում է ժպտալ ինձ. դուք կարելի է դեռ չեք մոռացել, որ անցյալ անգամ ձեզ պատմեցի իմ դժբախտության մասին, ես վերջում ավելացրի, թե Հացի-Գելենց մոտ մյուս անգամ պատիվ գտնելու համար պետք է աշխատել Ճանճուր Իվանիչին դեպի սուդ քարշ տալ, որպեսզի նրանք մյուս անգամ ակնկալություն ունենան ինձանից:

Դեռևս երկա՞ր պիտի ձգվի այդ պատմությունը, — նրա խոսքը ընդմիջեց Քաջբերունին, — իսկ ես կարծում էի, թե մի այլ բան պիտի պատմես:

Խնդրեմ լսեք, վերջը շատ հետաքրքրական է, — ասաց Դիաչկովը: — Այո՛, որպեսզի նրանք մյուս անգամ ակնկալություն ունենան ինձանից...: Մինչ ես այս խորհրդածության մեջ էի և որոնում էի որոգայթ լարել Ճանճուր Իվանիչին, հանկարծ աստված ինքը կատարում է իմ խորհուրդը. ասեք ի՞նչպես: Ճանճուր Իվանիչը բավական մեծ գումար վնասված է արքունի կապալներում, և տերության գանձարանը նրա բոլոր շարժական և անշարժ կայքը պիտի ծախել տա. նրանք ինձանից խնդրեցին պաշտպանել նրան սուդումը, թեև համոզված եմ, որ ոչինչ չեմ կարող օգնել, բայց ինձ ի՞նչ փույթ, ինձ համար այսքանը միայն բավական է, որ այդ անցքը առիթ տվավ ինձ մյուս անգամ ներս սողալ Հացի-Գելենց ընտանեկան շրջանի մեջ:

Ո՜րքան չարախնդաց մարդ ես դու, — ասաց նրան Քաջբերունին՝ ուշադրությամբ նայելով նրա երեսին:

Ի՞նչ չարախնդացություն, աշխարհիս կարգն այդպես է. ըստ մեծի մասին մինի դժբախտությունը մյուսի համար բախտավորություն է բերում:

Ո՜րքան փոքրոգություն է այդպես օձանման սողալ մինի խաղաղ գերդաստանի մեջ և նենգություններ գործ դնել:

Ի՞նչ փոքրոգություն, — կրկնեց Դիաչկովը յուր առաջվա եռանդավ:

Ո՛չ միայն փոքրոգություն, այլև վերին աստիճանի ցածություն է, որ դու քո ազգակցի դժբախտության վրա ես հիմնում քո մոլեկան հրապույրները: Եվ չնայելով, որ մի ամբողջ հայ գերդաստան զրկվում է օրական հացից, դու ուրախ ես, որ խեղճ քաղաքացու դառն վաստակը պետք է զոհ դառնա քո ագահությանն ու անխղճությանը:

Следующая страница