Րաֆֆի՝   Զահրումար

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Следующая Конец

Ի՞նչ հայ, — արհամարհանքով կրկնեց Դիաչկովը, — մենք վաղուց կարդացել ենք քո հայի «հոգվոցն ու հանգուցելոցը » :

Ուրացո՛ղ, — գոչեց Քաջբերունին կատաղությամբ. — չե՞ս սարսափում, որ այդպես անարգությամբ բերան ես առնում դու իմ ազգի անունը: Ահա՛ ես կլռեցնեմ քեզ:

Եվ նույն րոպեին Քաջբերունին մի ծանր ապտակ տվեց ուրացողի երեսին, որի գլխարկը թռավ գլխից և ինքը թավալվեցավ նրա ոտքերի տակ:

Եթե Արամյանը շուտով վրա չհասներ, ուրացողի մարմինը ջարդուփշուր կլիներ Քաջբերունու ոտքերի տակ, այնքան սաստիկ նա բարկացած էր: Գլխի մազերը խճճված, շորերը փոշոտված, առանց գլխարկի դուրս գնաց Դիաչկովը՝ ասելով.

Այս իրավո՞ւնք է, որ դուք այսպես վարվեցաք ինձ հետ:

Այդ թող քեզ դաս լինի, մինչև. որ դու չափ դնես լեզվիդ:

Շա՛տ լավ..., — ասաց Դիաչկովը և հեռացավ:

Արամյանը նրա գլխարկը դուրս ձգեց լուսամուտից: Մի քանի րոպե Արամյանն ու Քաջբերունին լուռ նստած էին միասին. վերջինի դեմքն արտահայտում էր սարսափելի բարկություն: Արամյանը լուռ նայում էր յուր ընկերի վրա, չհամարձակվելով նրան խոսեցնել, որովհետև նրան ծանոթ էր յուր ընկերի բնավորությունը:

ԼԵ

Մի քանի օր էր Արամյանը սրբագրում էր յուր ողբերգությունը մաքուր թղթի վրա, վերջացնելուց հետո նա մոտեցավ Քաջբերունուն` ասելով.

Իմ ողբերգությունը բոլորովին պատրաստ է, կամենո՞ւմ ես այս գիշեր գնանք օրիորդ Աննայի մոտ կարդալու:

Գնա՛նք, — պատասխանեց Քաջբերունին:

Երեկոյան զանգակները հնչում էին, երբ նրանք դուրս եկան իրանց կացարանից և սկսան դիմել դեպի Սեպուհյանցի տուն:

Նրանք գտան օրիորդ Աննային յուր առանձնասենյակում պարապելիս յուր փոքրիկ քրոջ հետ հայոց լեզվի դասով: Տեսնելով մանուկ տղամարդկանց, նա քաղաքավարությամբ բարևեց նրանց՝ ավելացնելով.

Կարծեմ դուք կներեք ինձ, մինչև վերջացնեմ Սաթենիկի դասը:

Խնդրեմ, շարունակեցեք, արգելք չենք լինիլ, — ասաց Քաջբերունին:

Ահա՛ ձեզ առժամանակ զբաղմունք, — ասաց օրիորդը և տվեց նայելու յուր ասեղնագործությունները, — թեև սրանք այնքան էլ գեղեցիկ չեն:

Եվ օրիորդը դրեց սեղանի վրա նրանց առջև մի թղթե արկղիկ, որի մեջ դրած էին նրա ասեղնագործությունները: Մանուկ տղամարդիկն սկսան մի առ մի նայել: Օրիորդը անփույթ կերպով շարունակում էր քրոջ դասը:

Ասեղնագործությունները նկարված էին գեղեցիկ ճարտարությամբ. նրանց մեջ կային ճակատի կապոցներ, փոքրիկ բարձի երեսներ, սենյակում հագնելու հողաթափների երեսներ, բոլորակ գրասեղանի ծածկոցներ և այլ զանազան կանացի զարդարանքներ: Մանուկ տղամարդկանց ուշադրությունն առավելապես գրավեցին մի քանի ասեղնագործ պատկերներ բնությունից, որ ներկայացնում էին ծով, երկինք, լեռներ, անտառներ, որոնց մեջ օրիորդր ցույց էր տվել յուր նկարչական տաղանդը: Դրանց մեջ առավել հետաքրքրական էր մի գործ, որի նկարագիրր վերցրել էր նա «Ոգի Հայաստանի» պատկերից. այդտեղ հիանալի կերպով պատկերանում էին Արարատը, Հայաստանի ավերակները, տխուր ու տրտում ոգի Հայաստանին:

Մանուկ տղամարդիկը վեր առան վերջին ասեղնագործած պատկերը և երկար նայում էին նրա վրա: Օրիորդը թելերի հարմար գունավորությամբ և ճարտար ստվերագրությամբ համարյա շունչ էր տվել անշունչ կտավին:

Օրիորդը վերջացրեց դասը:

Նայի՛ր, Սաթենիկ, — ասաց նա յուր քրոջը, — եթե դարձյալ այսպես վատ սերտես դասդ, ես ստիպված կլինիմ մայրիկին հայտնել այդ մասին:

Սաթենիկը երկյուղածությամբ դուրս գնաց:

Ի՞նչպես է, — դարձավ նա դեպի յուր հյուրերը: — Չլինի՞ թե ծիծաղում եք իմ լաթերի վրա:

Ընդհակառակն, ձեր ասեղնագործությունները շատ գեղեցիկ են, — պատասխանեցին նրանք:

Այդ գովասանքը խիստ չափազանց է, — կրկնեց օրիորդը:

Ո՛չ, անկեղծ եմ ասում, շատ հիանալի են, — պատասխանեց Քաջբերունին, — մանավանդ այս պատկերը, որ ներկայացնում է «Ոգի Հայաստանին»: Ասացե՛ք, խնդրեմ, ո՞րտեղից եք առել սրա նախագաղափարը:

Մի պատկերից, որ նկարել է հանգուցյալ եղբայրս. նա հիանալի նկարում էր, — պատասխանեց օրիորդը, — այս րոպեիս ես ցույց կտամ ձեզ:

Եվ օրիորդը բաց արավ յուր թղթերի պահարանը, այնտեղից հանեց մի պատկեր, մատիտով նկարած: Մանուկ տղամարդիկը երկար նայեցին նրա վրա, նրանք սքանչացան նկարչի ճարտարության վրա:

Ձեր եղբայրը նկարչությա՞մբ էր պարապում, — հարցրին օրիորդից:

Ո՛չ, միայն նա զվարճության համար սիրում էր յուր պարապ ժամերը նվիրել նկարչության: Բայց նա ոչ մի տեղ չէր սովորել այդ արհեստը:

Զարմանալի ձիրք պիտի ունեցած լինի ձեր եղբայրը:

Այո՛, նա շատ շնորհալի երիտասարդ էր. սակայն ափսո՜ս, որ նա երկար չապրեցավ:

Եվ օրիորդի դեմքը տխուր կերպով մռայլվեցավ՝ մտաբերելով եղբոր հիշատակը: Արամյանը, տեսնելով այդ, խոսքը փոխեց՝ ասելով.

Ասեղնագործությունը ամենահարկավոր բանն է, որ պիտի սովորի ամեն մի աղջիկ, բայց ցավալի է, որ այստեղի օրիորդար վարժարաններից ոչ մեկում հարկավոր ուշադրություն չեն դարձնում այդ առարկայի վրա:

Բացի այդ, — խոսեց Քաջբերունին, — աղջիկները՝ իբրև գերդաստանի ապագա մայրեր, ոչ միայն պիտի գիտենան ասեղնագործություն, այլև անպայման հարկավոր է նրանց սովորել և մի քանի թեթև արհեստներ, որպիսիք են ձեռնոցներ կարել, հարդե գլխարկներ հյուսել կամ կարել նույնը զանազան ճոթերից, կանացի կիսակոշիկներ կարել, մի խոսքով այնպիսի արհեստներ, որոնց ձեռագործը կարողանար վաճառքի նյութ դառնալ և դրանով իրանց ապրուստը թեթևացնել: Այդ բաները հարկավոր է մանավանդ աղքատ աղջիկների համար, որով նրանք կազատվեին իրանց ծնողների վրա ծանր բեռ լինելուց, այլև եթե օժիտ չունենալու համար հոր տանը մնային, նրանք գիտենալով որևիցե արհեստ, շատ աղքատ տղերք կցանկանային այնպիսի կին ունենալ, որ յուր գործունեությամբ կարողանար մասնակցել տղամարդու հոգսերին:

Բոլորովին ճշմարիտ է ձեր ասածը, — խոսեց օրիորդ Աննան. — մեր քաղաքում աղջիկները ոչինչ չգիտեն, նրանք` աղքատ թե հարուստ, համարյա բոլորովին անգործ են և իրանց տան լուսամուտների առջև նստած, դեպի փողոց են նայում առավոտից մինչև իրիկուն և այդպես աննպատակ անցկացնում իրանց ժամանակը: Ես նախանձում եմ այս քաղաքի եվրոպական աղջկերանց, որոնք զանազան թեթև արհեստների մեջ օգնում են իրանց տղամարդոց և առևտրական խանութներում մեծ գործ են կատարում:

Իգական սեռը այս՝ թեև եվրոպական քաղաքում՝ տակավին կրում է յուր ճակատի վրա ասիականության սև կնիքը, — պատասխանեց Քաջբերունին. — թեև նրանք հեռացան տների խորշերից, բայց նրանք այդ եվրոպական ազատությունը հանդիսացնում են միայն իրանց արձակ համարձակ զբոսանքներով և փողոցները չափչփելով և ոչ թե հրապարակ դուրս գալով իբրև մարդ, որ գործեր յուր մտավոր ու նյութական բարօրության համար:

Աղախինը ներս մտավ և հայտնեց, թե տիկին Եղիսաբեթը խնդրում է հյուրերին՝ գալ յուր մոտ թեյ խմելու:

Նրանք գնացին դահլիճ:

Տիկինը խիստ բարեսրտությամբ բարևեց նրանց և գանգատվեցավ, թե ինչո՞ւ այնպես ուշ էին գալիս իրանց մոտ. մանուկ տղամարդիկը հայտնեցին մի քանի պատճառներ, թե զբաղված էին, գործ ունեին և այլն, բայց տիկինը ոչ մինը չընդունեց և դարձյալ խնդրեց՝ որքան կարելի է հաճախ գային:

Մայրիկ, — ասաց օրիորդ Աննան, — պարոն Արամյանը մի աշխատություն ունի. մի քանի օր առաջ ես խնդրեցի, որ բերեր մեզ մոտ կարդալու, շնորհակալ եմ, որ նա կատարեց իմ խնդիրքը. մենք այսօր կունենանք գրականական երեկո. պարոն Արամյանը կկարդա յուր եղերերգությունը:

Իմ կողմից ևս շնորհակալություն պարոն Արամյանին, որ կատարել է քո խնդիրքը, — խոսեց տիկինը, — նա այնքան բարեսիրտ է, որ հանձն է առնում այդպիսի նեղություն:

Այդ ինձ համար նեղություն չէ, — պատասխանեց Արամյանը, — ես ուրախ կլինեի, եթե իմ գիրքը գրավեր ձեր ուշադրությունը:

Օրիորդ Աննան ինքն սկսավ թեյ մատակարարել:

Տիկին Եղիսաբեթը հարցրեց Արամյանից, թե ի՞նչ է նրա գրքի բովանդակությունը: Արամյանը համառոտ պատմեց սուրբ Վարդանանց քաջագործությունները և նրա նահատակությունը: Տիկին Եղիսաբեթը թեև գովեց նրա աշխատությունը, բայց այսպես վերջացրեց.

Մեղք է մի այդպիսի սուրբ գործ ներկայացնել թատրոնական բեմի վրա:

Արամյանը չկամեցավ դիմադրել նրա ջերմեռանդությանը, այդ պատճառով ոչինչ չպատասխանեց:

Թեյից հետո Արամյանից խնդրեցին, որ կարդա: Օրիորդ Աննան յուր քրոջն ու եղբորը նույնպես պատվիրեց, որ նստեն և լսեն: Արամյանը կամեցավ մի քանի նշանավոր տեղեր որոշել կարդալու համար:

Ո՛չ, — ասաց օրիորդ Աննան, — դուք սկսեցեք սկզբից, ես ցանկանում եմ ծանոթանալ ձեր գրքի ամբողջ պարունակությանը. եթե այս գիշեր չվերջացնենք, կնշանակենք մի այլ գիշեր ևս:

Արամյանը հաճեցավ և ընթերցանությունն սկսեց. բոլորն էլ ուշադրությամբ լսում էին:

Քաջբերունուն բավական հայտնի լինելով յուր ընկերի աշխատությունը և պարունակությունը, նա ականջ չէր դնում, միայն նստած մի մեծբազկաթոռի վրա՝ ուշադրությամբ նայում էր օրիորդ Աննայի երեսին և զննում նրա դեմքի ամեն մի փոփոխությունը, ամեն մի արտահայտությունը բոլոր ընթերցանության ժամանակ: Քաջբերունին նկատում էր, որ այն տեղերը, ուր բանաստեղծը նկարագրում էր պատերազմական քաջագործությունները հայ հերոսների, կռվի աղմուկը, թշնամու կոտորածր և քաջ Վարդանի խրախուսական ձայները օրիորդի դեմքը բացատրում էր խորին քաջազնական ոգևորություն, և նրա սիրուն աչքերը բոցավառվում էին սարսափելի փայլողությամբ: Կարծես ինքը սուրը ձեռքին կռվի դաշտում պաշտպանում է հայրենիքը: Իսկ այն տեղերը, ուր նկարագրվում էին ուրացողների թուլասրտությունները, Վասակի մատնությունները և կամ հայոց քաջերի ընկնիլը պատերազմի դաշտում, օրիորդի դեմքը մռայլվում էր, և մի քանի անգամ Քաջբերունին տեսավ, որ նա գաղտնի երեսը շրջեց դեպի մյուս կողմ և սրբեց արտասուքը աչքերից:

Արամյանը հոգնելու չափ կարդաց:

Քաջբերունին նկատելով, որ ընթերցանությունը հետզհետե ճնշող տպավորություն է գործում օրիորդի վրա, խնդրեց Արամյանից` դադարել կարդալուց:

Շա՛տ ապրիս, շատ լավ ես գրել, — խոսեց տիկին Եղիսաբեթը, — աստված ավելի շնորհք տա:

Անկեղծությամբ եմ ասում, — խոսեց օրիորդը, — ես մինչև այսօր քանիքանի գրվածքներ, թե՛ ոտանավոր և թե՛ արձակ շարադրություններ եմ կարդացեք Վարդանանց քաջերի վրա, բայց մինչև այսօր նրանց ո՛չ մինը այն ազդեցությունը չէ գործել ինձ վրա, ինչպես ձեր գրածը:

Այդ ձեր ազնիվ զգացողությունից է, — պատասխանեց Արամյանը:

Ինչո՞վ պիտի վարձատրես դու Արամյանի աշխատությունը, — ասաց տիկին Եղիսաբեթը. — նա բավական հոգնեցավ, քաղցրավենիք կամ ինչ որ ունինք, գնա բեր:

Օրիորդը վեր կացավ և մի քանի րոպեից հետո մատուցարանի վրա բերավ զանազան տեսակի խիստ վարպետությամբ պատրաստած մուրաբեք:

Այդ մուրաբեքը Աննայի եփածն է, — ասաց տիկին Եղիսաբեթը՝ հրավիրելով հյուրերին ճաշակել:

Այդպիսի չնչին բաներով միայն կարող ենք պարծենալ մենք՝ հայ օրիորդներս, — խոսեց օրիորդ Աննան: — Մեր ընտիր ձեռագործն է խոհանոցի պտուղ կամ դերձակի գործունեություն. մենք չունինք կրթություն և ոչինչ չենք ուսած. և մի լավ բան մեզնից չէ կարելի հուսալ. մի մադամ X... միայն կարող է հառաջանալ գաղղիացու պես ուսյալ ժողովրդից և ո՛չ անկիրթ հայ աղջիկներից:

Ցավալի է ասել, — խոսեց Արամյանը, — որ այս քաղաքի աղջիկներն ըստ մեծի մասին զուրկ են և դրանցից. շատերը տակավին չգիտեն՝ հացը փռնումն են, թխում թե՞ բուսնում է որպես գետնախնձոր, և նույնիսկ թել ու ասեղ բանացնել ևս չգիտեն:

Այո՛, վերին աստիճանի ստոր դրության մեջ է մեր վիճակը այս քաղաքում, — պատասխանեց օրիորդ Աննան, — մենք չունինք ո՛չ բարոյական և ո՛չ գիտական կրթություն, մենք չգիտենք ո՛չ տնտեսություն և ո՛չ կառավարություն, մի խոսքով` մենք աստծո ձեռքի ամենաանպետք արարածն ենք:

Ձեր կարծիքը չափազանց խիստ է իգական սեռի մասին, — պատասխանեցին օրիորդին:

Անձնախաբեությունը ոչինչ նշանակություն չունի, բացի վնասակար հետևանքներից, — պատասխանեց օրիորդը: — Ո՛վ չէ նկատում յուր թերությունները, նա կզրկվի ամենայն հառաջադիմությունից:

Նրանք դեռևս երկար խոսեցին այդ նյութի վրա, և օրիորդն առավել խելացի կերպով ապացուցեց, որ իրանց քաղաքում աղջիկները ոչ այլ ինչ են, բայց միայն «դատարկ խրծիկներ» կամ «երեխայի խաղալիքներ»: Մանուկ տղամարդիկը բոլորովին համոզվեցան նրա ասածներից:

Ե՞րբ եք մտադիր բեմի վրա ներկայացնել ձեր ողբերգությունը, — հարցրեց օրիորդ Աննան:

Միտք ունիմ, որքան կարելի է, շուտով ներկայացնել, — ասաց Արամյանը:

Ովքե՞ր են խաղալու:

Մի քանի ուսանողներ մեր ընկերներից:

Եթե մայրս թույլ տար, ես ևս մի դեր կվերցնեի, — ասաց օրիորդը:

Այդ շատ լավ կլիներ. կամենո՞ւմ եք, մենք կխնդրենք նրանից:

Ո՜չ, դուք միք խնդրիլ. ես ինքս կասեմ և կհամոզեմ նրան:

Շա՛տ լավ:

Նրանք տաքացած խոսում էին. գիշերն աննկատելի կերպով անցնում էր: Քաջբերունին նայեց ժամացույցին և տեսավ, որ տասներկուսից անց է:

Ժամանակ է տուն գնալու, — ասաց նա և վեր կացավ:

Արամյանը նույնպես վեր կացավ. նրանք պատրաստվեցան գնալու:

Դուք կարծեմ, — ասաց օրիորդը՝ դառնալով դեպի Քաջբերունին, — մի քանի օր առաջ ինձ մի բան խոստացաք:

Քաջբերունի մտածման մեջ ընկավ:

Մտքիցս գնացել է ամենևին, — ասաց նա:

Որքան մոռացկոտ եք դուք, — խոսեց օրիորդն անկեղծաբար ժպտալով: — Դուք չխոստացա՞ք հայերեն պարապել ինձ հետ:

Ա՛խ, այո՛, — ասաց Քաջբերունին, — ես սիրով կկատարեմ իմ խոստումս. առավոտվանից սկսենք:

Շատ շնորհակալ կլինեմ, — ասաց գլուխ տալով օրիորդը: — Բայց դուք, պարոն Արամյան, եթե կարելի է՝ ձեր գիրքը թողեք ինձ մոտ, ես այս գիշեր կկարդամ մնացածը:

Մեծավ ուրախությամբ, — պատասխանեց Արամյանը:

Նրանք հեռացան:

ԺԸ

Բավական ժամանակ հեռանալով Ճանճուր Իվանիչից, մեր ընթերցողը մի անգամ գոնե չմտաբերեց, թե ո՛ւր մնաց այդ մարդը, չնայելով, որ խղճալին այժմ ընկած է դժբախտության դառն հարվածի տակ:

Մենք մյուս անգամ կտանենք մեր ընթերցողին Ճանճուր Իվանիչի մոտ. նա այժմ հիվանդ պառկած է յուր մահճակալի վրա:

Այժմ մեր հինավուրց բարեկամին դու չես գտնիլ այնպես, ինչպես էր նա առաջ, ազնիվ ընթերցող. նա այժմ բոլորովին փոխված է, նրա բոլոր մարմինը փքված տիկի է նմանում և մսուտ դեմքը այժմ մաշված, դալկացած, սարսափելի է ինչպես մահ, և նրա աչքերը, դուրս ընկած իրանց բույներից, վառվում են էլեկտրական կրակով, որպես սոված գայլի աչքերը մթին գիշերային ժամուն:

Նա անտեր, անխնամ պառկած է մի փոքրիկ խոնավ սենյակում՝ յուր գործակատարի` Սիմոն Յագորիչի տանը. նրա մոտ նստած է և Սամիլ Պետրովիչը, որ եկել է մխիթարելու յուր անբախտ բարեկամին:

Առածն ասում է. «դժբախտությունը միայնակ չէ գալիս », նույնը և հանդիպեցավ մեր խղճալի Ճանճուր Իվանիչին: Սկսած այն օրից, երբ բաժանվեցանք մենք նրանից, անբախտությունները միմյանց ետևից սկսան պաշարել նրան. մի կողմից տիկին Բաբբարեի և օրիորդ Սոֆիի շռայլ ծախսերը օրըստօրե ավելանալով՝ բոլորովին մաշեցին նրա հարստությունը, մյուս կողմից` նա վնասվելով յուր կապալների մեջ, նրա տունը և շարժական կայքերը աճուրդի դրվեցան արքունի փողի փոխարեն: Վերջին անցքը մինչ այն աստիճան զարհուրելի հարված էր խղճալի Ճանճուր Իվանիչի համար, որ նա կաթվածահարվելով` անդամալույծ դարձավ և կիսակենդան ընկավ անկողին` ողբալի կերպով սպասելով մահվան, որ հանգիստ առնի:

Փիքր մի՛ անի, Ճանճուր Իվանիչ, — ասում էր Սամիլ Պետրովիչը, — էս աշխրքի բանը էդպես է. սանդուղքների պես մինը դվեր է գնում, մեկէլը ցած է գալի. էդ ամենը աստծու ձեռքին է. միր ձեռքին վուչինչ չկա. մարդի ճակատին ինչ վուր գրած է, էն պտի ըլի. Հոբ երանելին միտդ բի՛, քանի քամբախտութինների մեջ ընկավ, վուրթկերանցից, աղջկերանցից, տանից, տեղից, մի խոսքով՝ իր ամեն հարստութենից զրկվեցավ, մարմինը քրքրվեցավ, օրթունքն ուտում էր նրա ջանը, մագրամ ինքը էլի չէր նիղանում, էլի իր աստծուն փառք էր տալիս:

Խղճալի Ճանճուր Իվանիչը խորին անզգայությամբ դրված լինելով յուր մահվան խանձարուրի մեջ, ամենևին չէր լսում Սամիլ Պետրովիչի մխիթարանքները: Նա ընկղմված էր երևակայական ցնորքների մեջ:

«Տեհեր, Սիմոն Յագորիչ, վո՞ւնց խաբեցի քու Կուզմինին... չէ, դուն չիս գիդի իմ ուստութինը. ես սատանին կու նալիմ... հիմի գնա ղո՛չաղ կաց. ինչպես գուզիս՝ շինե կազոննի տնիրը, էդ շանվոլրթի ինժիները էլ չի ասի՝ լամա՛յ... Ես նրա ռեխը մե բան քցեցի՝ նա է`լ չի հալի քիզ վրա...»:

Խղճալի Ճանճուր Իվանիչը, յուր մահվան զառանցանքի մեջ, երևակայությամբ դարձյալ գնացել էր Կավկա. նա խոսում էր յուր գործակատարի հետ և պարծենում էր յուր գործունեության վարպետություններով:

Սիմոն Յագորիչը լսելով յուր տիրոջ ծանոթ խոսքերը, անցյալը մի ակնթարթում նրա աչքի առաջ հանդիսացավ, նա հիշեց յուր Կավկայի կյանքի ոսկեդարը, երբ այնքան առատ հունձ էր անում. նա հիշեց վերջին դժբախտությունները, և նրա սիրտը փղձկեցավ:

«Է՜յ, կուչեր, ո՞ւմն ին էտ ձիանիրր... ո՞ւմն է էտ կառեթը... (շարունակեց հիվանդը յուր զառանցանքը) նա ինձ գլուխ է տալիս... կոսիս թե ես դրա աղան ըլիմ... Հա՜... հա՜... հա՜... իմն ի՞ն... կնիկս առնել էրի՜տ... ա՜խ, անիծյալ լինիք դուք, Բարբարե, Սոֆի... Դուք իմ տունը քանդեցիք...»:

Խե՜ղճ մարդ, — կրկնեց արտասուքը սրբելով Սիմոն Յագորիչը, — յուր տան անկարգությունները մահվան դեմ էլ նեղացնում են իրան...

Մի քանի րոպե լռեց Ճանճուր Իվանիչը և շարունակեց վրացերեն լեզվով.

«Վաթսուն տարի չարչարվեցա, հոգի, մարմին, հույս, հավատ և ամեն ինչ մաշեցի... հարստություն ժողովեցի, տուն ու տեղ ունեցա, բոլորը մի քանի րոպեում ջնջվեցավ... Անիծյա՛լ աշխարհ, այս է քո էհտիբարը... ի՞նչու չես գալիս, սիրելի մահ. գնանք քեզ հետ մյուս աշխարհը, տեսնենք այնտեղ ի՞նչ կա... բայց նա այս աշխարհի նման ի՞նչպես կլինի... այնտեղ ձուկը, Կախեթու գինի, փոդրաթներ չկան... այնտեղ փող չկա... այնտեղ բոլորն աղքատ են... այնտեղ հրեշտակներն էլ մերկ են ման գալիս... »:

Նա փոխեց յուր խոսքը.

«Ա՜խ, Սոֆի, Սոֆի... անիծվի՛ս դու, անզգամ աղջիկ... դու իմ տունը իստակ քանդեցիր... քեզ վրա որքան մսխեցի իմ սիրելի կոպեկները... նրանք էին այնքան դառն հոգսերի... այնքան սև օրերի... նրանք իմ արյան, իմ կյանքի, իմ դառն քրտինքների գինն էին... Ա՜խ, ուսո՜ւմ, ուսո՜ւմ... թքեմ քո մոգոնողի երեսին... դու փչացրիր իմ աղջիկը... նա թողեց մոր տունը, ձգեց յուր ծնողները և փախավ մի շառլատանի հետ... Ա՜խ, ուսո՜ւմ, ուսո՜ւմ, անիծվի՛ քո մոգոնողը... Չէ՛, այդ ուսում չէր... այդ զա՛հրումար էր...»:

էլ չխոսեց խղճալի հիվանդը, վերջին խոսքերով նա կնքեց յուր մահկանացուն:

ԿՏԱԿ

Ա

Թվին հազար ութ հարուր
Օխտանասուն ու մեկին,
Հայուց քրոնիկոնի
Ղվինոբիս թըվի հընգին:

Ես՝ Ղաղո Իվանիչս
Դեդեյուլ ու մամեյուլ`
Օջախի վուրթի, քաղկցի,
Օխտը պուրտից պատվավուր:

Ուշքս ու միտքս գլխումս,
Լավ ուղուփով, խելացի,
Իմ մեղավուր ձեռքովս, —
էս անդերձը գըրեցի:

Իմ խոստովնահեր տերտերը`
ՏերՃիպինն ու Բաստամը,
Սամիլն ու Սիմոնը
Չուրսնեվետ ին մոծամա:

Ճակտիս գիրը թամամ է,
Ես էլ շատ չիմ ապրի,
Երեք քսան տասիրեք
Անց իմ կացրի էս տարի:

Ես շատ ումբըր քաշեցի,
Շեն մնա աստծու տունը,
Քեփ ու սափա արեցի,
Դարդ չըմնաց իմ սրտումը:

Փուղ ու փարա դադեցի,
Տուն ու տիղի տեր դառա,
Փողոցումը դուքաննիր
Ու մե քարվասլա առա:

Աշխրքիս ամեն փառքիրը
Վայիլեցի, լիացա,
Մագրամ փուղիցը մենակ
Ջըլիս ես չըկշտացա...

Կախեթու գինին էնքան,
Վունց որ իմ դեդի կաթը,
Ես շատ անուշ արեցի,
Առա նրա լազաթը:

Դոշ, զուրգիել, խիզիլալեն
Միշտ դրած էր իմ սուփրում,
Առանց թերխաշ ցոցխալի
Ճաշ չիմ կերի իմ օրում:

Օրթաճալի բաղերում
Քեփ իմ արի համաշա,
Իմ զուռնայի ձենեմեն
Ո՞վ չէր գալի թամաշա:

Բայց ծերության հասակում
Դարդս էլավ անդարման.
էլի աղքատ, առանց փուղ,
Ես գնում իմ գերեզման...

Բ

Իմ քաղկըցի ախպրտիք,
Մեռնի՛մ ձիր ազնիվ հոգուն,
Ձիզ ես օրթում եմ տալի՝
Զրկինինց եկեղեցուն.

Ջիզ ես օրթում եմ տալի
Սուրբ Մոդնի, սուրբ Թելեթին,
Սուրբ Ջիգրաշնին զորավուր,
Մեկել սուրբ Շահնաբաթին. —

Վուր դուք էս օրես էդնեն
Էս իմ անդերձը կարթաք,
Ու իմ գըջլտած հոքուն
Օղորմին էլ հիտը տաք:

Իմ Կինքիս պատմութինը
Ձիզ թո՛ղ ըլի օրինակ,
Ինձմեն դուք խիլք սովրեցեք,
Վուր չըմնաք խիղճ, դարդակ:

Երբ արևի դուք ծեքին
Աստըծուն աղոթքնիր կոնիք,
Ան ձիր դուշմընի գլխին՝
Ուշունց, անիծք կու թափիք:

Պարտական ըլիք, թե չասիք
Էս անիծքնիրն էսթավուր՝
«Սուրփ Բեթխային, Թածմինդա ,
Ծիրանավուր զորավուր,

Ըշկոլեքը, վարժատնիր,
Արեք քարքանդ, բրիշակ,
Վուր միր վուրթիքը խիլքեմեն
Չըլին, ու չդառնան էշակ»:

Ա՜խ, ինչ ասիմ, ախպըրտիք,
Ըշկոլեք մոգոնողին,
Վուրթիքս ուսման տվի,
(Ափսո՜ւս մսխած իմ փուղին...)

Բայց դուս էկան շարլատան,
Իմ տունն արին վիրան,
Շայիբիստիս մսխեցին,
Ջան ու ջիգարս կերան...

Գ

Էդ ուսում ասած բանը՝
Դրուստ անիծք է, դիախ,
Ով վուրթուն ուսում կուտա,
Մա տուտուց է ու սարսաղ:

Ձիր տղերքը թող սովրին
Վրացեվար գրիլ, կարթալ,
Էլ չէ նրանց հարկավուր
Ուրիշ բանով ուսում տալ:

Աղջկերանցը խո պետքը չէ՛,
Վուր էստունք էլ սովրըին,
Ու սիրեկաին գիր գրին,
Ջըհել տղերք հուրս անին:

Ձիր քուլփաթի հիտ խոսիք
Ամեն վուխտ վրացեվար,
Հայուց լիզուն պէտքը չէ,
Անճոռնի է ու խավար:

Թե հայեվար դուք խոսիք,
Ան սովրեցընիք ձիր տղերքին,
Աստված վկա, էն կինքում
Էլ չի պրծնի ձիր հոքին:

Ձիզ կըպրի կարասումը
Կերե վառած թեժ կըրակ,
Չուն ձիր վուրթիքը կուլին
Կռո ու զոկ, շանճըրագ:

Հայեվար դուք մեկմեկուն
Չըլի վուր բարևներ տաք,
Ան ձիր մեռըլի հոգուն
Էդ լիզվով աղոթք կարթաք:

Չուն հայեվար աղոթքը
Աստծուն իսկի չի լսի,
Աստուծ ինքը վրացեվար
Միշտ կոսե ու կու խոսի:

Ձիր կնանիքը, տղամարդիք
Թե մեռըլին կոնին սուք,
Վրացեվար վուխբ ասին,
Վուր ընդունվի արտըսուք:

Թե վուր Թելեթ, Խութեբա
Ձիր քուլփաթով ուխտ գնաք,
Վրացեվար սըրփերուն
Ձիր աղոթքնիրը կարթաք:

Վուր ձիր լեզուն հասկանան,
Ու կատարին ձիր մուրազ,
Հայուց լեզվի աղոթքով
Սըրփերուն կոնիք տնազ:

Դ

Ձիր տներումը հայերից
Դուք չըպահիք քոծ ու բիջ,
Թե վուր պահիք, ձիր գլխին
Կուլի աստծու մինձ պատիժ:

Չունքի ձիր պստիկները
Կուլի վուր նրանցմեն սովրին
Հայուց լեզվի խոսիլը,
Կռո դառնան ու գըժվին:

Միշտ վրացի, իմերել,
Թուշ ու խեվսուր, օսերուն,
Պահեցեք ձիր տներում,
Վուր լավ կռթին ձիր վուրթուն:

Ձիր դուքներու դավթարը
Չըլի վուր գրիք հայեվար,
Վրացեվար գըրեցեք,
Լավ շնուքով, մարթավար:

Թե հայեվար դուք գրիք,
Կուլի տուտուց մի հէքիաթ,
Ու աստուծ ձիր առուտըրին
Չի տա խեր ու բարաքաթ:

Ձիզ գեթաղվա, մի բան էլ
Միտս Էբի սուրբ Թելեթ,
Թե ուզում իք փուղ դադիլ
Պիտի ծախիք ղալբ բիլեթ:

Շանփուրի տղեն, Բուրնութին
Հազարներով դադեցին,
Զագրանիցեմեն բերին
Շինովի ասիգնացին:

Չուն հալալ աշխատանքով
Ո՞վ դադի միլիոննիր,
Հառամ փուղն էր, վուր շինից
Փաբրիկեք ու մինձ տընիր:

Ուխտ դրեցեք՝ ձիր կինքում
Տասն անգամ կուտը նընկնիլ,
Ու հարյուր հազարներով
Ամեն գամին կրլանիլ:

Էն վուխտը դուք կու թողնիք
Ձիր տղերանցը, անգուման՝
Միլիոններով մանեթնիր
Ու հարուր հազար թուման:

Էստունցմեն մի ամանչիք,
Էս է հիմի ադաթը.
Հառամ փուղր հալալ է,
Վունց վուր ձիր դեդի կաթը:

Նետավի, ինձի աստված
Ծիրութինս դարձըներ,
Ան իմ դեդեն՝ Կեկելոն
Ինձ նուրից վուրթի ծներ,

Սեկել կուտր ննգեի,
Մեկել փոդրաթ բռնեի,
Ու նրա էդնեն ուրախ,
Հանգիստ սրտով մեռնեի...

Ե

Բայց հիմի ջեր աշխըրքից
Չէ կշտացի իմ աչքը,
Երբ վուր ես փիքր իմ անում`
Էն կինքումը բան չըկա,..

Ասում ին, բաղ ու բաղչա
Ունի աստըծու դրախտը,
Թե ինձ էնտեղ կու տանին,
Ինչ լավ կուլի էն վուխտը:

Ախ, միր օրթաճալի պես
Վո՞ւնց կուլի էն բաղն ու բախչեն.
Ո՞վ տըվի էնտեղ քեփ:
Զուռնա, դափն ու քամանչեն:

Ասում ին, արթարներուն
Գինի կու տան անպատճառ,
Բայց էն գինին վո՞ւնց կուլի
Կախեթու քաղցըր մաճառ:

Ասում ին, էն կինքումը
Մարդիկ վուչինչ չին ուտում,
Աստըծու փառքով կշտացած
Մարդն ուրախ է իր սրտում:

Դե՛, արի դու դիմացիր,
Ի՞նչ պիտ ըլի քու հալը,
Երփ սուփրումը չունենաս
Գինի, զուրգել, խիզլալա:

Ասում ին, էն կինքումը
Մարդիք տընիր չին շինում,
Վուշ մշակնիր ին բանում
Միրզոևի մաշինում:

Թէ վուր ղուրթ ըլի էստունք,
Վայի մե, էլ չի ըլի փոդրաթ,
Ինչո՞վ պիտի փուղ դադիս,
Տուն, տիղ պահիս ու քուլփաթ:

Ձիզ գեթաղվա, քաղկըցիք,
Էդ խոսքիրը միտը բերեք,
Քանի սաղ իք քեփ արեք,
Փուղ դադեք, անուն հանեք:

Արքայութենում, ախպըրտիք,
Էնտեղ վունչինչ ձիզ չին տալ
Վուչ Ստանիսլավ, վուչ Աննա,
Վուչ օսկեմեն մինձ մենդալ:

Արքայութենում, ախպըրտիք,
Փոդրաթ չըկա, փուղ չըկա,
Ինչո՞վ պիտի լիանա
Փուղի կարոտ միր աչքը:

Հրիշաըկնիրը էնտեղ
[Աղքատ, տկլուր] ին դիփուն,
Ումի՞ց պիտի փուղ գջլինք,
Վայ միր օրին, միր հոքուն...

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Следующая Конец