Րաֆֆի՝   Զահրումար

Արդարև, Ճանճուր Իվանիչը յուր տանից դուրս հասարակության մեջ խոնարհ էր որպես ավանակ, երկչոտ էր որպես նապաստակ, կեղծավոր և շողոքորթ էր որպես կատու, և շողոմիչ, քծնվող էր որպես շուն, իսկ յուր ընտանեկան շրջանում կատտղի էր որպես արջ: Ճշմարիտ, այդպիսի մարդիկ, որ դրսում գետին են լիզում, ամենի առջև ստրկաբար թեքվում են, ծալվում են, բայց դառնում են բռնակալը իրանց խեղճ ընտանիքի: Նրանք մի այլ առարկա չեն գտնում նրա վրա գործ դնելու իրանց վայրենի ուժը և մտքի ցնորքը, քան իրանց տկար կենակիցըխեղճ ամուսինը, և իրանց գերդաստանի մյուս անդամները, որոնք ստիպված են ստրկաբար հպատակել նրա կամքին: Բայց տիկին Բարբարեն գիտեր յուր ամուսնու բնավորության բոլոր թույլ կողմերը. նա միշտ նկատած էր, որ նրա բարկության ժամանակ որքան լռես, նա կբորբոքի, իսկ երբ որ խստությամբ պատասխանեցիր, նա արդեն ընդունում է յուր սովորական խոնարհ և կեղծավոր կերպարանքը: Այդ պատճառով տիկին Բարբարեն, ուշադրություն չդարձնելով յուր ամուսնու խստասրտությանը, շատ անգամ կարողանում էր գործադրել յուր իշխանությունր և կամքը տնտեսական և ընտանեկան պիտույքների և հարաբերությունների մեջ, թեև դրա համար նա ստիպված էր վարել մի անխզելի պատերազմ Ճանճուր Իվանիչի կամքի դեմ:

Դ

Բայց մի գիշեր, ուսկից սկսվում է մեր վեպը, Հացի-Գելենց տան մեջ տեսանելի էր արտաքին կարգի փոփոխություններ: Կարծես թե նրանք պատրաստվել էին հարսանիքի կամ թե սպասում էին ընդունել մի պատվավոր հյուր: Այդ պատճառով սենյակները լուսավորված էին սովորականից ավելի ճրագներով, հատակի տախտակամածը մաքուր լվացված էր, գորգերը, որ ամբողջ տարին ծալված, մառանում դրված էին և բացվում էին միմիայն տոն օրերը, այսօր սփռած էին: Լիզան, Ելենան, Գրիգոլը, Քիտեսը և Թինան մաքուր հագնված էին, մի քանի հյուրեր իրանց դրացի աղջիկներից, կնիկներից և մերձավոր ազգականներից թռչում էին այս կողմ և այն կողմ. միով բանիվ ամենուրեք տեսանելի էին ուրախ դեմքեր և լսելի էին ծիծտղի ձայներ, որ մի օտարոտի երևույթ էր այն թախծալի բնակարանի մեջ: Բայց միևնույն անփոփոխ այն տան առարկաներից մնացել էր Ճանճուր Իվանիչի տրտում և մռայլոտ ռեխը, որին կյանքի բոլոր ուրախալի հանդեսները ազատել կարող չէին...:

Այո՛, Հացի-Գելենք պատրաստվել էին ընդունել օրիորդ Սոֆիին, որ ավարտելով յուր ուսումը տեղային գլխավոր իգական դպրոցում, այն օրը վարժարանի կյանքից փոխվում էր դեպի յուր ծնողների ընտանեկան կյանքը:

Տիկին Բարբարեն ինքն էր գնացել օրիորդ Սոֆիին բերելու պանսիոնից:

Ճանճուր Իվանիչը յուր սենյակում նստած մի մարդու հետ խաղում էին նարդի:

Այդ մարդը կոչվում էբ Սամիլ Պետրովիչ Թաթուխով:

Այդ պարոնը կլիներ քառասունհինգ տարեկան, բարձր և լիքը հասակով, ալեխառն մազերով և հնամաշ հագուստով: Նրա բոլոր շարժվածքի և խոսակցության մեջ նկատելի էր կեղծավորի խորամանկ ձևերը: Արդարև, Թաթուխովը հայտնի էր որպես նույն քաղաքի չարախնդաց բամբասողներից մինը: Նա բոլորովին անգործ և պորտաբույծ մարդ էր, և որպես այն քաղաքի հասարակության կենդանի օրագիրը, առավոտից մինչև գիշեր զանազան լուրեր ման ածելով, նա պատրաստ էր ամեն ծակ մտնել, ուսկից՝ ճաշի, խոնջույքի, հարսանիքի և մեռելի հոգեհացի հոտ էր փչում:

Բայց նույն գիշեր, Սամիլ Պետրովիչը, չգտնելով մի յուղալի տեղ, ուր ընթրիքը խիստ ճոխ լիներ և սեղանը առատ, և նկատելով Ճանճուր Իվանիչի լուսամուտներից ճրագների վառվիլը, այղ անսովոր երևույթն առիթ տվավ նրան մտնել այնտեղ: Եվ նա չսխալվեցավ յուր կարծիքի մեջ, երբ այն նշանավոր ժլատի տան մեջ գտավ մի օտարոտի հանդես, որ կարող էր ծառայել նրա փորին:

Լսիլ ե՞ս նուր խարար, Ճանճուր Իվանիչ, — ասաց Թաթուխովը նարդիի զարը ձգելով, — ասում ին Պրուսը Փռանցուզի հիտ կռվում է, ու Փռանցուզեմեն մե քանի քաղաք է առի:

Ռո՞ւսը, — հարցրուց Ճանճուր Իվանիչը, չդադարելով խաղալուց:

Չէ, Պրուսը, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը:

Ճանճուր Իվանիչը, ծանոթ չլինելով այդ օտարոտի անվան հետ, կրկնեց յուր հարցը.

Պրուսը ո՞վ է:

Նա էլ մի թագավոր է Եվրոպումը, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը քաղաքագետ մարդու ոճով:

է՜հ, թող մեկզմեկու միս ուտին, ի՛նչ միր բանն է թագավորներու վրա խոսիլը, — ասավ սառնությամբ Ճանճուր Իվանիչը և հորանջեց յուր վիզը քորելով:

Գազեթներում գրած էր, վուր Սեդանի մոտ մինձ կռիվ է էլի, Նապոլեոնի գերի ին տարի հարյուր օխտանասունուհինգ հազար սալդաթով, — ավելացրեց Սամիլ Պետրովիչը:

Ճանճուր Իվանիչը, բոլորովին անկարեկից բացատրություն տալով յուր դեմքին՝ խոսեց.

Ախա՞ր սատանի մոտ ի՞նչ գործք ուներ Նապոլեոնը, վուր գերի էր ննգնում. է՜հ, ի՛նչ կուզի անին, քիսեմես ի՛նչ է գնում: Դուն միր քաղկի բանն ասա՛, Սամիլ Պետրովիչ:

Արդարև, եթե բոլոր աշխարհը քանդվելու լիներ, Ճանճուր Իվանիչին փույթ չէր, միայն նրա կոպեկին վնաս չլիներ: Եվ Սամիլ Պետրովիչը՝ նկատելով որ նա ամենևին համակրություն ցույց չտվավ յուր քաղաքական լուրերին, խոսքը փոխեց, ասելով.

Էս էլ քեզ քաղկի թազա խաբար, լսի՞լ իս, Խաշուտողի տղեն, ասում ին, փոդրաթներում զարար է արի, ու էգուց տնիրը տորգով ծախում ին:

Էդ լա՛վ խաբար է... — կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ դադարելով խաղալուց, և նույն րոպեում ուրախության նման մի բան փայլեցավ նրա մեռած դեմքի վրա:

Քանի՞ է նրա խազնի պարտքը:

Քառասուն հազար մանեթ:

Էդ լա՛վ է... — կրկնեց Ճանճուր Իվանիչը խորին ոգևորությամբ:

Ամա քառասուն հազար մանեթն էլ շատ փուղ է, է՜, — պատասխանեց բամբասողը գլուխը շարժելով:

Հոգին դուրս գա, — նրա խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը, — նա շատ իր ասածի էր, ու վուտն էլ իր լհեբի գորա չէր ձգում...

Եվ նա մի քանի վայրկյան մտածության գնաց:

Մեզ հայտնի է, որ Ճանճուր Իվանիչի այդ լռությունը որևիցե ցավակցության զգացմունք չէր դեպի խղճալի Խաշուտողի տղան, որի որդիքը քանի օրից հետո պիտի զրկվեին հացից, այլ, ընդհակառակն, այդ մի խորին հոգեզմայլության վրդովմունք էր, որ պատճառեց նրա սրտում բամբասողի անակնկալ ավետիքը: Որովհետև ոչինչ լուր Ճանճուր Իվանիչին այնքան չէր ուրախացնում, որպես մի բոթաբեր լուր որևիցե դժբախտի, երբ նա անաջողության էր հանդիպում: Այդ նրա միակ բաղձալի ցանկությունն էր, երբ նրա համավիճակ կամ իրանից բարձրաստիճան անձինք, ենթարկվելով զանազան վնասների, խոնարհվեին, և ինքն գերիվերո դասվեր նրանց ավերման փլատակների վրա: Այդպիսի ցանկություններ ունեցողներն այնքան շատ են, որ Ճանճուր Իվանիչը ձևացնում է նրանց բավական բարեխիղճ ներկայացուցիչը...:

Գոհ լինելով յուր լսած լուրից, Ճանճուր Իվանիչը հրամայեց Քիտեսուն շուտով պունշ մատուցանել բամբասողին, և ապա հարցրեց.

Էլ ի՞նչ կա:

Բամբասողը, նկատելով յուր հաղորդած լուրի ուրախալի ընդունելությունը և լսելով պունշի անունը, ավելի ոգևորվելով հաղորդեց յուր խոսակցին մի նոր ավետիք ևս.

Էլ ի՞նչ գուզիս, Ճանճուր Իվանիչ, Խոխրոյի տղի դուքանն էլ էսօր փնչատեցին, օխտը հազար թումանով կուտր է ննգի:

Շատ լավ էլ ին արի, նրա հերն անիծած, — պատասխանեց մի փոքր բարկանալով Ճանճուր Իվանիչը. — նա էլ իր չլումը չէր կենում: Դրա հորը ես տեհիլ իմ հինգ կոպեկով Շեյթան փողոցեմեն ալուրի մեշոկը ինչկլի Վերա կու տաներ. ամա տղեն, կոսիս, թավադ էր ըլի, վուտնիրը կոտրվիլ է՞ր, վուր կառեթ էր պահում, դրոշկով էր ման գալի... կնկա համա պըլյանտե քորոց ու ոսկե ցեպոչկա էր շինել տվի. ինքն էլ մե նալ շլինքին քաշ տալու համա հազարներով մանեթներ մսխեց...:

Էնենց մարդու վիրչն էլ էհենց կուլի, — կրկնեց Սամիլ Պետրովիչը. — հորես Էշքեբթողի տղեն, մինք ամենքս տեհիլ ինք,հերը ծխում, մխում սիվցած մե փռնչի էր, հիմի տղեն դրոշկով է ման գալի, ու բաբորի վորոտնիկ ունե... հա՛, քու գլխի պատռվիլը գիտենա... էգուց քու վիրչն էլ կու տեհնինք, եփոր վուր քու բարաբանն էլ կոծին...:

Ճանճուր Իվանիչը, չկամենալով տեղիք տալ բամբասողին կարծել իրան մի չարախնդաց մարդ, փոխեց խոսքը, տալով յուր մտածությանը ավելի մարդասիրական կերպարանք:

Էս ժուկումս, — ասաց նա, — դիփունանքն էլ էհենց ին դառի, Սամիլ Պետրովիչ, շան վուրդութինը սորվիլ ին, ով վուր քիսումը մե քանի շահի փուղ է տեհնում, գժվում է ու էնդումեն դենը գցում է դենը անխիանխիլ, դես ու դեն մսխիլը, իժում եփոր տեհնում է, վուր օխտեմեն չէ կանացի գա, ուրիշ սատանութին է մոգոնուման կուտր է ննգնում, խալխի փուղիրն ուտում, ան թե չէ Մոսկովեմեն, դես ու դենեմեն հազարնիրով փուղ է տակն անում, իժում թումնին երկու աբասի փուղ տալի իր պարտքատերերուն: Աբա մե ասա՛ դուն էն խիղճ փոլղատերիրը մեղքը չի՞ն, ախար ինչի՞ իրանց չափով չին ժաժ գալի, վուր վիրչը խարաբ չըլին, իրանց նամուսը պահին ու վիրչը բիաբուռ չըլին:

Մե խոսքով, շատ ղուրթ իք հրամայում, աղա, — կրկնեց Սամիլ Պետրովիչը, խորին համակրություն ցույց տալով. — դրուստ է, կուտր ննգողնիրեմեն շատիրը սատանութին ին բանեցնում. Լաբլաբու տղեն էհենց չարա՞վ, վուր հիմի ջուխտ տան տեր է դառի ու փողոցումը էն ղադա դուքնիր ունե. էդ վո՞ւրղանցեմեն է, դիփ խալխի փուղր չէ՞:

Այս միջոցին Քիտեսը մատուցարանի վրա բերավ երկու մեծ բաժակ պունշ, մինը ընդունեց Ճանճուր Իվանիչր, մյուսը՝ Սամիլ Պեաբովիչը: Մի փոքր տաքացնելով իրանց ուղեղը ոգելից ըմպելիքով, նրանք կցեցին իրենց բամբասանքի թելը:

Գիտի՞ս ինչեմեն է ըլում էտունք, Սամիլ Պետրովիչ, — խոսեց Ճանճուր Իվանիչը գործագետ մարդու եղանակով, — դիփ էլ հիմիկվան դատաստանատներու միղն է: Էս միրոյի սուդն էլ վուր լուս ննգավ, խալխի տունը ջլիզդան քանդվեցավ: Մինք ուրախանում էինք, թե հին պոլիցերեմեն պրծանք, ամա էլի նրանց աղբաթը խեր ըլի: Ախար էդ ի՞նչ օրենք է, քու փուղը աչքիդ առաջ ուտում ին, չիս կանացի վուչինչ անի: Ուրեմն վուր փուղդ իս ուզում, էն սհաթն սուդի դուռն է շանց տալի. գնում իս, գանգատ իս անում, տարի ին քաշիլ տալի. դիփունանքն էլ զակոնը լավ ին սորվի... Է՛ս միրոյի սուդ, է՛ս օկրոժնի սուդ, է՛ս պալատ, է՛ս սենատ, էլ ո՞վ է իմանում ուրիշ ինչ զահրումար... Տարիներով հենց գնում իս, գալիս իս, փուղ է վուր գջլում ին... կինքդ մաշում ին, ինչկլի մե իսպոլնի լիստ իս ձեռդ գցում: Ուրախանում իս, թե փուղ սաղացրի: Հա՛, քո հորն օղորմի, լավ սաղացրիր... էնդումեն դենը ասում ին՝ դե՛, դու տեղը շանց տո՛ւ, մինք առնինք: Տո անաստուծնիր, ես վո՞ւրղանցեմեն շանց տամ էդ շանորդի պարտականը, գանա էն ղագա տուտուց է՞ր, վուր էս քանի տարումը, հուղրումը մե իմքին թողիլ է՞ր: Նա իր էլած չելածն առաջուց թաքցրիլ է, մուլքը կնկա վրա հաստատիլ տվի, դուքանը ուրիշի անումով է գրիլ տվի, իրան նրա փռքաշիկ է շինի. հիմի ի՞նչ է մնացի, վուր ես շանց տամ: Գնում իս տունը վիր գրում. երկու կոտրած սկամի, մե հին ստոլ ու մե քանի այինօյին բանիր իս գտնում: Էստունք էլ տանում իս Թամամշովի քարվանսարի առաջ տորգ իս անում, պրիսթավի փուղն չէ դուրս բերում: Թե պարտականն էլ ծիր է, ան թե մե քանի լակոտնիր ունե, բիրթումն էլ չիս կանա բռնիլ տա: Ու թեկուզ բռնիլ էլ տվիր, ի՞նչ խեր. ջիբեմեդ կորմովոյ պիտի տաս, նա էնդի ուտե ու պառկի, դու կի տնքա: Զակոնում յառսուն հազար մանեթի համա, ասում ին, իրիք տարի պիտի բիրթում նստի. էս էլ օրենք է՞, ախար էս ով չի անի:

Ճանճուր Իվանիչի այդ երկար քաղաքական նկատողությունը ընդհատեց Սամիլ Պետրովիչը, ասելով.

Յառսուն հազար կոպեկ տան ինձ, կորմովոյ էլ հիդը, ես շանորդի ըլիմ, թե իրիք տարի բիրթումը չնստիմ. էս ո՞վ չի անի էստոլ վրա էլ լավ աշխատանք վո՞ւրդի կանա մարդ գտնի:

Ճանճուր Իվանիչը, յուր մտածողությունը յուր ժամանակի օրենսդրության վերանորոգության վրա իսպառ վերջացած չհամարելով, ավելացրեց.

Էս խոմ էհենց է, Սամիլ Պետրովիչ, դրուստ է ձիր ասածը, մագրամ էս անիծած դավիծախառնող ադվոկատնիրը չի՞ս ասում, միր տունը ջլիզ քանդեցին, մարդու կաշի ին քերթում, սատկած էշ ին պտռում, վուր նալնիրն հանին:

Ճանճուր Իվանիչի խոսքն ընդհատեց փոքրիկ Ելենան, որ ներս վազեց ուրախությամբ, ասելով.

Մամա, մամա, Սոֆոն գալիս է, — և կրկին շուտով դուրս թռավ աղջիկը, առանց հոր պատասխանին սպասելու:

Եվ արդարև, լսելի եղավ մոտեցող կառքի գռռոցը, որ կանգնեցավ նրանց դռան առջև, և մի քանի վայրկյանից հետս ներս մտավ տիկին Բարբարեն օրիորդ Սոֆիի հետ, Ճանճուր Իվանիչի սենյակը:

Ճանճուր Իվանիչի զավակները, եկվոր հյուրերը, կանայք և աղջիկները, բոլորը հավաքվեցան այնտեղ:

Օրիորդը՝ դպրոցական սերտած քաղաքավարական ձևերով մոտեցավ յուր հորը և համբուրեց նրա աջը, հայրն էլ համբուրեց դստեր ճակատը: Այնուհետև խիստ շնորհալի կերպով նա գլուխ տվավ Սամիլ Պետրովիչին, բարևեց բոլոր հյուրերին և ուրախությամբ գրկեց յուր քույրերին և եղբորը:

Ճանճուր Իվանիչը հարցրեց տիկին Բարբարեից վրաց լեզվով, թե ինչո՞ւ ուշացան նրանք: Կինը պատասխանեց նույն լեզվով.

Սոֆիի տեսչուհին մեզ ուշացրեց. նա կարդում էր Սոֆիին յուր վերջին խրատները, թե դուրս գալով ուսումնարանից, նա ի՛նչպես պիտի վարե իրան հասարակական կյանքում:

Այո՛, դրանք անշուշտ հարկավոր են, — կրկնեց Ճանճուր Իվանիչը, — բայց ասա՞ց, որ հորն ու մորը հնազանդ լինի:

Եվ հայրը խորհրդավոր կերպով նայեց դստեր երեսին:

Այո՛ , ասաց. նա շատ բաներ ասաց, — պատասխանեց տիկին Բարբարեն:

Մի փոքր խոսելուց հետո տիկին Բարբարեն, օրիորդ Սոֆին, իրենց հյուրերի հետ, գնացին մյուս սենյակը, ուր պատրաստված էր թեյ և զանազան մրգեղեններ ու քաղցրավենիք՝ փոքրիկ խնջույքի համար: Եվ Ճանճուր Իվանիչը յուր հյուրի հետ դարձյալ մնացին մենակ:

Ա՜յ, լավ խիլք իս արի, աղա, աղջիկդ ուսումի իս տվի, — ասաց Սամիլ Պետրովիչը նրանց հեռանալուց հետո Ճանճուր Իվանիչին: — Աստված պահե, շատ շնուրքով աղջիկ ունիս, դրուստ վուր, հեստի ժամանակ է էկի, վուր առանց ուսումի աղջիկը մե սիվ փուղ էլ չարժեք

Թե ինձ կու հարցնիս, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր տհաճությամբ, — աղջկերանց համա ուսումը մե հարկավուր բան չէ՛, էնդուր վուր, ինչ ղադա կարդալ գրել սորվին, էն ղադա էլ սատանութինը ավելանում է: Աբա ի՞նչ անինք, անիծվի՜ էս ժամանակը, մոդեն էհենց է դառի. ինչկլի աղջիկը ռսնակ չէ խոսում, ինչկլի տանցավատ չէ իմանում, լավ օքմին թամահ չէ ննգնում:

Էլի էդ լավ է, Ճանճուր Իվանիչ, էնդուր վուր ինչկլի հիմի տղեն աղջկա փուղին էր թամահ ննգնում ու հիմի փուղի տիղը ուսումը կու բռնե էլի՜:

Ամա գիտի՜ս էս զահրումար ուսումը քանի է նստում... եփոր միտս իմ բերում Սոփոյի վրա մսխածս, ջանս դող է ննգնում... Ես էլ առաջ քիզպես փիքր էի անում, թե ուսումը աղջկա բաժինքի թանխեն կու պակսեցնե, ու էդ ումիկով Սոփոյին վարժատուն տվի, ամա հիմի տեհնում իմ, վուր «կոճիս թոխան նստեցավ...»:

Ճանճուր Իվանիչը յուր խոսակցության մեջ միշտ սովորություն ուներ գործ ածել այդ այլազգի բառը՝ զահրումար, որ նշանակում է օձի թույն: Այդ բառում նա ավելի ճյտությամբ կարողանում էր արտահայտել յուր սրտի տհաճությունը: Աշխարհի մեջ ամենայն առարկա, որ դուրս էր քաշում նրա քսակից մի քանի կոպեկ, զահրումարի նշանակություն ուներ նրա համար. միակ սուրբ բանը բոլոր ստեղծագործության մեջ, որ հեռու էր այդ թույնից՝ էր արծաթը:

Թաթուխովի գլխավոր արհեստը, որով պարապում էր նա յուր քաղաքի մեջ, բացի լրտեսությունը և բամբասանքը, էր մոցիքուլություն, այլ խոսքով՝ աղջիկների առևտուրի դալալություն: Նա այդ արհեստով բավական գումարներ էր կարողանում ձեռք ձգել. իսկ այդ բոլորը նա վատնելով կլուբում խաղաթղթի վրա, մնում էր միշտ աղքատ և խեղճ: Նա նկատելով Ճանճուր Իվանիչի վիշտը յուր դստեր մասին, մխիթարեց նրան, ասելով.

Դուն, ա՛ղա, Սոֆոյիդ համա իսկի փիքր մի՛ քաշի, նրա համա մե լավ փեսա ճարիլը իմ վզին. շատ վուխտ է նրա դեիփ մե քանի լավ օքմնիր ասիլ ին ինձ:

Ճանճուր Իվանիչը, այդ հին վաճառականը, այն կարգի մարդկանցից չէր, որ ցույց տար գնողին կամ դալալին (միջնորդին), թե ինքը յուր վաճառքի մասին շիվար է մնացած, նա վաղուց էր սովորել միշտ մեծ արժանավորություն տալ յուր ապրանքին: Այդ պատճառով բավական անփույթ կերպով պատասխանեց նա, թեև միևնույն րոպեին նրա սիրտը զգաց ինքնաբավական ուրախություն, երբ լսեց մոցիքուլի խոսքերը՝ «մե քանի լավ օքմնիր ասիլ ին ինձ...»:

Է՛հ, հալա ի՞նչ վուխտն է Սոփոյի համա փեսա մտածել. բերնեն ջեր կաթը գնում է:

Էդ մի՛ ասի, աղա, աղջիկը պահելու ապրանք չէ՛. աղջիկդ չուստ մարդի տու, վուր իժում չի փոշմնիս:

Ամբողջ ժամեր նրանք միասին այդպես խոսում էին, երբեմն բամբասանք, երբեմն չարախոսություն, երբեմն զվարճախոսություն, մինչև ընթրիքը ուտելուց հետո Թաթոլխովը հեռացավ Հացի-Գելենց տանից:

Ե

Առավոտյան Ճանճուր Իվանիչը վաղուց մի բաժակ կծովի թեյ խմելով՝ գնացել էր բազար. Գրիգոլը ութ ժամի կեսին գնացել էր գիմնազիոն. տիկին Բարբարեն պարապում էր տնտեսությամբ:

Այղ առաջին առավոտն էր, երբ օրիորդ Սոֆին, ազատվելով դպրոցի վաղորդյան զանգակի հրավիրական ձայնից, կամենում էր յուր ծնողական տան ծածկի տակ վայելել անուշ և հանգիստ քուն: Բայց նրա քույրերի կռվռոցը, որոնք մի ժամ առաջ զարթել էին, դռան ճռռոցը, սպասավորների ոտնաձայնը խռովեցին խեղճ օրիորդի հանգստությունը, և նա ստիպվեցավ վեր կենալ անկողնուց:

Նա շուտով լվացվեցավ, սանրվեցավ և հագնվեցավ և գնաց մոր սենյակը, ուր բոլոր գերդաստանը բոլորել էին թեյի սեղանի շուրջը:

Ջմայլեցավ տիկին Բարբարեն, երբ ցերեկով ոտքից գլուխ չափեց յուր դստեր գեղեցիկ հասակը և նրա հիանալի դեմքը:

Արդարև, օրիորդ Սոֆին այն գեղեցկուհիներից էր, որ ստեղծել կարող է միմիայն Կովկասի հրաշալի բնությունը: Նրա բարձր, ուղիղ և նրբակազմ հասակը, շնորհալի և սիգաճեմ ընթացքը նմանություն էին բերում մի անտառային հավերժահարսի, որի հպարտ և մեծաշուք կերպարանքը՝ Արքիմեդեսի քերիչը միայն կարող էր ձևակերպել սպիտակ մարմարիոնի վրա: Նրա դեմքն ուներ արևելյան գծագրության բոլոր կանոնավորությունը: Սևորակ նշաձև աչքերը, երկայն թերթերունքներով և նուրբ աղեղնաձև հոնքերով պատած, վառվում Էին ինչպես աստղերը պարզ և ջինջ երկնակամարի վրա: Նրա թավ, վարսագեղ, սև սաթի նման գիսակը հիանալի վայելչությամբ հարմարվում էր դեմքի հստակ գույնին և քնքուշ կազմությանը, որի վրա արտափայլում էին գեղեցկության հազարավոր հրապուրանքներ: Նրա ձայնը զանգակի հնչյուն ուներ, և խոսելու միջոցին նուրբ շրթունքները նմանում էին ճղած վարդի կոկոնին, ուսկից ալեռանդ թերթիկները կախարդողապես ժպտում էին մարդու երեսին: նրա քաղցրիկ ծիծաղը տալիս էր նրա դեմքին ավելի ախորժելի արտահայտություն, երբ երկու փոքրիկ փոսիկներ էին կազմվում. լիքը և վարդագեղ թշերի վրա: Բնական սև խալը, նրա շրթունքի վրա, ասես թե կենտրոնացնում էր յուր մեջ մի գրավիչ մոգական զորություն, որով առաջին նայվածքից կարող էր ներգործել սիրախնդիր երիտասարդին յուր հրապուրիչ ազդեցությամբ...: Նա շնչում էր մանկական գարունքի բոլոր քնքշությամբ...:

Որպե՞ս անցկացրիր գիշերը, — հարցրեց նրանից մայրը վրացերեն լեզվով, ախորժանոք նայելով դստեր երեսին:

Բավական հանգիստ, — պատասխանեց օրիորդը անուշ կերպով, — հայրական տան քունը քաղցր է, մայրի՛կ, միայն ես ներկայացնում էի ինձ, թե դարձյալ դպրոցումն եմ, երազումս երևում էին ինձ դասատները, ռուսաց լեզվի վարժապետը հարցնում էր ինձանից դասս, և ես դժվարանում էի պատասխանել. իմ ընկերուհիքը ծիծաղում էին ինձ վրա, ես ամաչելով կարմրում էի, բայց Լիզայի ձայնը զարթեցրեց ինձ, և ես նկատեցի, որ մորս տանն եմ. շատ ուրախացա, մայրիկ, որ իմ վարժապետից նուլ ստանալիս հիշեցի, որ երազ էր:

Այդպիսի երևակայություններ, իմ սիրեկան, ընդերկար չեն հեռանում դպրոցի աշակերտներից, երբ նրանք մտնում են հասարակական կյանքը, — պատասխանեց օրիորդի մայրը: — Գրիգոլն էլ, նկատում եմ, շատ գիշերներ խռոված է լինում վարժարանի երազներով:

Բայց քաղցր երազներ են դրանք, մայրիկ, — խոսեց օրիորդը խորհրդավոր ձայնով: — Նրանք հիշեցնում են դպրոցական անհոգ, մտավորական կյանքը...:

Ինձ էլ տվեք պանսիոն, մայրի՛կ, — նրանց խոսքը կտրեց փոքրիկ Ելենան անմեղ ժպիտով, — որ ես էլ տեսնեմ այդպիսի երազներ:

Հա՛, աղջիկս, — պատասխանեց մայրը, հարդարելով նրա գլխի մետաքսանման մազերը, որ նույն րոպեին թափված էին փոքրիկ կուսի սպիտակ երեսի վրա: — Սոֆին կսովորեցնե քեզ ու Լիզային, և հետո կգնաք պանսիոն:

Հա՞, կսովորեցնե՞ս ինձ, Սոֆի ջան, — դարձավ փոքրիկ աղջիկը դեպի յուր քույրը, յուր կապուտակ աչիկները հարցական կերպով բանալով նրա վրա:

Կսովորեցնեմ, իմ սիրեկան, երբ դու խելացի ու աշխատասեր կլինես, — պատասխանեց օրիորդը ժպտալով:

Ես շատ խելացի եմ, էնպես չէ՞ , մայրիկ, — կրկնեց փոքրիկ աղջիկը՝ դառնալով դեպի տիկին Բարբարեն. — ես ոչ մի ժամանակ չեմ աղտոտում իմ հագուստները:

Լիզան, որ այդ խոսակցության միջոցին ընկղմված էր յուր սովորական մելամաղձական լռության մեջ, կտրեց փոքրիկ քրոջ խոսքը երգիծաբանորեն՝ ասելով.

Հա՛, դու շատ խելացի ես, սնապարծ, հպարտ. օր չի անց կենա, որ դու մի բան չկոտրես, և հայրս չծեծե քեզ:

Փոքրիկ Ելենան վշտանալով քրոջ կծու նկատողությունից ասաց` նրան.

Հա՛, դու շատ ուղորդ ես ասում... երեկ ես ի՞նչ էի կոտրել, որ մամեն թակեց ինձ. բայց այն, որ դու կոտրել ես, ասե՞մ...

Դե, լուռ, Ելենա՛, դու երբեք թույլ չես տալ քեզ լրտեսություն անել, — սաստեց նրան օրիորդ Սոֆին:

Ես ոչինչ չեմ ասում, բայց Լիզան միշտ ջգրացնում է ինձ, — ասաց նա և լռեց:

Տիկին Բարբարեն, որ յուր դուստրների բոլոր վիճաբանության միջոցին ծիծաղելով նայում էր նրանց վրա, գրկեց երկուսին ևս՝ ասելով.

Դուք երկուսդ էլ խելացի եք, իմ աղջիկներ. Սոֆին ձեզ երկուսիդ էլ կպատրաստե, և հետո կտամ ձեզ պանսիոն: Սոֆիի նման լավ ռուսերեն և փրանցուզերեն կսորվիք:

Թեյըմպությունը և նախաճաշիկը վերջացավ:

Լսելի եղավ դռան մուրճի զարկը:

Ծառան իմացում տվավ, թե մի օրիորդ եկել է օրիորդ Սոֆիին տեսության:

Օրիորդ Սոֆին շուտով գնաց յուր սենյակը և հրամայեց հյուրուհուն հրավիրել այնտեղ:

Տիկին Բարբարեն դիմեց խոհանոց՝ պատվերներ տալու Թինային, որ կատարում էր և՛ աղախնի, և՛ խոհարարուհու պաշտոն: Ելենան առավ յուր խրծիկը և դուրս եկավ բակը՝ խաղալու կեցողի փոքրիկ աղջկա` Օլինկայի հետ: Բայց Լիզան, դեռ պահելով փոքրիկ քրոջ ոխը յուր սրտում, սկսավ վեր քաղել թեյի պարագաները:

Օրիորդ Սոֆիի սենյակում, որ և՛ նրա ննջարանն էր, և՛ հյուրանոցը, և՛ կաբինետը, հայտնվեցավ հյուրուհին, մի հասուն օրիորդ, միջակ հասակով, ուրախ դեմքով և բավական վայելուչ կերպով հագնված առանձին թեթև զգեստներով:

Նրա երևույթը լիակատար հաճություն պատճառեց օրիորդ Սոֆիին, տեսնելով յուր հին ընկերուհուն, որ երկու տարի առաջ ավարտել էր նույն պանսիոնը, ուր ուսանում էր ինքը, և նրանք ուրախությամբ գրկախառնվեցան:

Այդ օրիորդը նույնպես արմենուհի էր և կոչվում էր Անիչկա Եգորովնա:

Օրիորդ Սոֆին մատույց յուր ընկերուհուն մի հին աթոռ, որից երկու հատ միայն կար նրա սենյակում, այնպես որ մի երրորդ անձն եթե գար, ստիպված պետք է նրա մահճակալի վրա նստեր:

Ներեցե՛ք, խնդրեմ, Անիչկա ջան, — ասաց նա ռուսերեն, ես տակավին որպես մի օտարական հյուր եմ այս տան մեջ. մենք դեռ ոչինչ չենք կարգադրել իմ կացության համար. նստի՛ր, խնդրեմ, հոգյակս, եթե մեր աղտոտ աթոռը չի կեղտոտիլ քո սպիտակ հագուստը:

Այդ ոչինչ... — պատասխանեց նույն լեզվով օրիորդ Անիչկան: — Ես մինչ այն աստիճան նրբաճաշակ չեմ: Ես էլ տեսել եմ առաջին անգամ այդպիսի կեղտոտ աթոռներ հորս տանը...:

Եվ նա նստեց առաջարկած աթոռի վրա, հին գրասեղանի հանդեպ, որ յուր գույնով և կազմվածքով համապատասխան էր երկու աթոռների գոյությանը, որ երկու տարի առաջ Ճանճուր Իվանիչը հինգ մանեթով առել էր աճուրդում, Թամամշովի քարվանսարայի առաջ, մտածելով, որ մի օր նրանք կարող էին հարկավոր լինել դստերը, և նույն օրից թաքնված էր մառանումը, փոքրիկ Ելենայի չարություններից զերծ պահելու համար:

Բայց օրիորդ Սոֆիի թշերը շառագունեցան ընկերուհու նկատողության պատճառով, և նա ասաց խիստ խորհրդավոր ձայնսվ.

Այո՛, այդ այդպես է լինում միշտ մեր կյանքի առաջին հանդեպը դպրոցեն դուրս գալուց հետո...

Բայց դու տակավին մեծ պատերազմ ունիս и պատերազմելու հնամոլության հետ, մինչև կարգադրես ամեն ինչ քո ախորժակին համեմատ:

Կփորձենք, — ժպտալով կրկնեց օրիորդ Սոֆին:

Այժմ ասա՛, ի՞նչ նորություններ ունիս մեր աշխարհից, ի՞նչպես են Սոնիչկան, Մական, Կատոն, Էփոն և մեր մյուս ընկերուհիները:

Բոլորը. քո տեսածին պես. Սոնիչկան տակավին ծուլանում է որպես առաջ. Մական դեռ չէ՛ դադրում լուսամուտներից թաքուն նայել դեպի շուկա, Կատոն նույնպես պահած ունի յուր բարձի տակ Տուրգենևը, և Էփոն նույնպես զանազան զվարճախոսությամբ ծիծաղեցնում է յուր ընկերուհիներին:

Բայց Նատո՞ն:

Նա էլ դեռ բանեցնում է յուր հին արհեստը. փոքրավորներին կաշառելով, ծածուկ նրանց ձեռքով գրագրություններ է անում, և ամեն րոպե պատրաստ է վազել դեպի լուսամուտը, լսելու այն քաղցր մեղեդին ԴոնԺուանից, երբ նրա մտքի ցնորքը, գիշերային պահուն երգելով, անցնում է դպրոցի մոտից:

Այդ, ճշմարիտ, շատ հետաքրքրական է, — խոսեց Անիչկան և սկսեց ծիծաղել:

Բայց նրա Կոջորի այն անցքը ճշմարի՞տ էր, — հարցրուց Անիչկան՝ բավական հետաքրքրվելով ընկերուհու խոսքերից:

Օրիորդ Սոֆին յուր սովորական քաղցրաբարոյությամբ ծիծաղեց:

Ո՞վ ասաց քեզ, — հարցրեց նա:

Այդ ինձ ասաց Նինոն:

Ա՜խ, ո՛րպիսի շաղակրատն է նա, աստված իմ, ամենևին գաղտնիք պահել չգիտե:

Մեր մեջ ի՞նչ գաղտնիք, ասա՛ խնդրեմ:

Այնուամենայնիվ չէ կարելի ամեն ինչ հրապարակել...

Անիչկան տեսավ, որ յուր ընկերուհին ընդունեց բավական պատկառելի ձև, սկսավ նրան թախանձել, որ հանգամանորեն պատմե Նատոյի անցքը:

Դու արդեն լսել ես, էլ ո՞ւր ես կրկին հարցնում, — ասաց նրան օրիորդ Սոֆին:

Կամենում եմ քեզնից լավ տեղեկանալ. դու գիտես, որ շատ չէ՛ կարելի հավատալ Նինոյի խոսքերին:

Մենք մի օր առավոտյան պահուն գնացինք զբոսանքի բոլոր աշակերտուհիներով. մինչև մտանք անտառը, աշակերտուհիները ցրվեցան զանազան կողմեր և սկսան ոմանք ծաղիկներ քաղել, ոմանք վայրի մրգեղեններ: Հանկարծ նկատում ենք Նատոն աներևութացել է. մենք կարծեցինք, թե հարկավորության պատճառով մեզանից հեռացած պիտի լինի: Բայց երկար նայեցինք՝ նա չդաձավ: Վարժուհիները վրդովվեցան և կամենում էին որոնել նրան: Ես իսկույն կասկածանքի մեջ ընկա, որովհետև առաջուց գիտեի նրա գազտնիքր և թույլ չտվի վարժուհիներին՝ որոնել նրան: Ինքս Նինոյի հետ գնացի նրան որոնելու: Հանկարծ թփերի միջից, որ խիստ փակված էին միմյանց, լսում ենք խշշոց. հազիվ թե կարողացանք մտնել այնտեղ, գտնում ենք Նատոյին և նրան կատարյալ ռոմանական դրության մեջ... Նա իսկույն անհետացավ, թողնելով այնտեղ յուր շլյապան, իսկ Նատոն մեր ոտքերն ընկավ և սկսեց աղաչել, որ ոչ ոքի չասենք մեր տեսածը: Իհարկե, մենք ծածկեցինք վարժուհիներից և մյուս աշակերտուհիներից այդ անցքը. բայց ահա Նինոն հայտնել է քեզ:

Ես վաղուց գիտեի նրա գաղտնիքները:

Երկու ընկերուհիների խոսակցությունն ընդհատեց տիկին Բարբարեն, որ մտավ յուր դստեր սենյակը: Անիչկան վեր կացավ, շնորհալի կերպով ձեռք տվավ նրան և շնորհավորեց օրիորդ Սոֆիի ուսման ավարտելը և մյուս անգամ յուր ծնողական տուն վերադառնալը: Տիկին Բարբարեն շնորհակալ եղավ և օրհնեց օրիորդին՝ նրա բարեսրտության համար, և կամենում էր նստել յուր դստեր մահճակալի վիա, բայց օրիորդ Սոֆին յուր աթոռը նրան տվավ և ինքը նստեց այնտեղ:

Օրիորդ Սոֆին մինչ այն աստիճան մոռացված էր իրանց խոսակցությամբ, որ չէր մտածել մի բանով հյուրասիրել յուր ընկերուհուն. մայրը մտաբերեց նրան, թե նա շատ անքաղաքավարությամբ էր վարվել յուր հյուրի հետ: Օրիորդը դուրս գնաց և հրամայեց ծառային սուրճ մատուցանել:

Բայց որովհետև այդ հյուրը մի անծանոթ բան էր Հացի-Գելենց տանը, ծառան նոր գնաց փողոցից գնելու: Մինչև նրա գնելը, մինչև դրացիներից բովելու գործիք առնելով սուրճը բովելը, տևեց ամբողջ երկու ժամ: Մի ժամ ևս հարկավոր էր կաթ գնելու համար, բայց օրիորդ Սոֆին խիստ տհաճությամբ հրամայեց այնպես տալ:

Ինչպե՞ս են մայրդ, քույրերդ, — հարցրեց տիկին Բարբարեն Անիչկայից վրացերեն:

Փառք աստծո, առողջ են. մայրս ձեզ հատուկ բարև ունի, — պատասխանեց նույն լեզվով Անիչկան:

Անիչկան թեև արմենուհի էր, բայց դժբախտաբար նա էլ չգիտեր հայերեն խոսել:

Շատ շնորհակալ եմ, — պատասխանեց տիկին Բարբարեն: — Ձեր մայրը բարի կին է: Դուք ևս լավ աղջիկ եք. ես ուրախ եմ, որ չեք մոռացել Սոֆիին:

Մենք վարժարանից սկսած սիրում էինք միմյանց, դեդի ջան, — ասաց Անիչկան բարեսրտությամբ:

Աստված պահե ձեզ երկուսիդ էլ, — կրկնեց տիկինը:

Եվ այնուհետև նա սկսեց պատմել նրանց յուր մանկության ժամանակի աղջիկների բարքի ե բնության մասին, երբ ո՛չ ուսում կար և ո՛չ կրթություն, և թե ինչպես նրանք շատ պարզամիտ ու հիմարներ էին: Երկու օրիորդները բավական ծիծաղեցան՝ ասելով. — հենց հիմա էլ այդպիսի աղջիկներ սակավ չեն մեր քաղաքում:

Սույն միջոցին ներս մտավ բարձրահասակ Քիտեսը՝ սուրճի մատուցարանը ձեռքին: Քիտեսի ուղտի նման անշնորհք շարժմունքից սուրճի սև հեղուկը կես մասամբ գավաթների ափսեների մեջ էր թափվել: Օրիորդ Սոֆին, նկատելով այդ, բարկությամբ մի կողմնակի հայացք ձգեց վայրենի իմերելի երեսին և ոչինչ չխոսեց:

Աննա Եգորովնան բավական երկար նստեց, նրանք խոսեցան այս ու այն աղջկա, այս և այն նորափեսայի մասին, այս և այն հագուստի վրա, մի փոքր բամբասելուց, մի փոքր չարախոսելոց հետո օրիորդ Աննան առավ յուր փոքրիկ վարդագույն հովանին և հեռացավ:

Նրա գնալու ժամանակ օրիորդ Սոֆին խնդրեց շուտշուտ հաճախել յուր մոտ: Օրիորդը շարժեց գլուխը և ասաց նրա ականջին.

Ես մյուս անգամ կգամ քեզ մոտ, մեր խոսքը կիսատ. մնաց...

Զ

Ազատվելով դպրոցի փակված վանդակից, այո՛, օրիորդ Սոֆին մտավ հասարակական կյանքի ընդարձակ ասպարեզը: Բայց Հացի-Գելենց ընտանեկան շրջանը ո՛չ միայն անհամեմատ էր արտաքին աշխարհի պահանջմունքներին, այլ մի փոքրիշատե կրթված և կյանքի վայելչություններին սովորած օրիորդի համար, որպես օրիորդ Սոֆին էր, խիստ նեղ և նրա բաղձանքներին բոլորովին անգոհացուցիչ էր:

Մթին ու խոնավ սենյակներ, անզարդ և համարյա աղքատիկ կարասիք, անկանոն տնային կառավարություն, անկիրթ և կեղտոտ սպասավորներ և այլ զանազան անհարմարություններ առաջին օրից անտանելի եղան օրիորդին: Դպրոցում կյանքի գաղափարական վայելչություններով միշտ հրապուրված կույսը որոնում էր արձակ կյանք, զվարճություն և ցանկանում էր իրան շրջապատել այն ճոխություններով, որոնց երազներով միշտ հրապուրված էր նրա երևակայությունը:

Следующая страница