Րաֆֆի՝   Զահրումար

Ընդհակառակն, շատ խելոքություն է, — նրա խոսքը կտրեց Անիչկան: — Գիտե՞ս որքան հարուստ է այդ Սոսիկոն:

Դիցուք թե հարուստ է, բայց նա ինչի՞ նման է:

Եվ օրիորդ Սոֆին սկսավ նկարագրել նրա տգեղությունը:

Գեղեցիկ երիտասարդներ միշտ կարող է գտնել օրիորդ Մահակյանը և՛ նրա կինը լինելուց հետո, բայց փող, ո՛չ ամենայն ժամանակ:

Վերջապես այդ հիմարություն է:

Անիչկան խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և ասաց.

Նա յուր հաշիվը լավ գիտե... Նրան ասել են այդ, նա պատասխանել է, թե ինձ այնպիսի ամուսին պետք է, որ օրը մի տեսակ հագուստով հանդես դուրս գամ:

Նա հենց վարժարանում այդպես հիմար էր:

Մահակյանի նշանվելու վրա երկար խոսելուց հետո, Աննա Եգորովնան նորոգեց հարցը Նատոյի Կոջորի անցքի մասին, որ մի քանի օր առաջ կիսատ էր մնացել. օրիորդ Սոֆին լրացնելով յուր պատմությանը, ավելացրեց.

Այդ Նատոներից մի քանի հատ ևս այժմ ավելացել է մեր վարժարանում:

Աննա Եգորովնան սկսեց թախանձել, որ հայտնի, թե ովքեր են նրանք, բայց օրիորդ Սոֆին պատասխանեց, թե ինքը սովոր չէ հայտնել այլոց գաղտնիքները:

Հետաքրքիր օրիորդը վշտացավ այդ պատասխանից, ասելով.

Սոֆի, դու բոլորովին անկեղծ չես ինձ հետ, մինչդեռ ես քեզանից բան չեմ ծածկում:

Օրիորդ Սոֆին, նկատելով յուր ընկերուհու տրտունջը՝ ասաց.

Խղճմտանքի ընդդեմ է բամբասել նրանց այդպիսի հանցանքների համար. չէ՞ որ մենք ամենքս էլ ունինք այդպիսի թուլություններ:

Աննա Եգորովնան ծիծաղեց:

Օրիորդ Սոֆին հնչեցրեց գրասեղանի վրայի փոքրիկ զանգը.

Ներս մտավ ռուս աղախին Մաշան:

Մաշա՛, մի քանի տեսակ մուրաբա բեր, — հրամայեց օրիորդը աղախնին:

Հրամմել եք, — ասաց թեթևաշարժ աղախինը և շտապով դուրս գնաց:

Օրիորդ Սոֆին դիմեց յուր հյուրուհուն.

Այնպիսի լավ մուրաբեք ունիմ, Անիչկա՛, մի խոսքով հիանալի:

Այժմ քեզ մոտ ամեն ինչ կգտնվի, — պատասխանեց հյուրուհին:

Դեռ ո՛չ ամեն ինչ, Անիչկա... — խորհրդավոր ձայնով պատասխանեց օրիորդ Սոֆին:

Աննա Եգորովնան գուշակելով, թե ինչ է կամենում ասել նա, ասաց ժպտալով.

Իմ կարծիքով միայն մի բան պակաս է, Սոֆի:

Ի՞նչ:

Դու արդեն գիտես...

Օրիորդ Սոֆին ծիծաղեց: Նրա դեմքը բացատրում էր ներքին զվարճություն:

Ի՞նչ խորամանկ ես դու, Անիչկա՛, — կրկնեց նա:

Սույն միջոցին Մաշան մի թանկագին արծաթյա սկուտեղի վրա ներս բերեց զանազան տեսակ ազնիվ մուրաբաներ, որոնք ածված էին փոքրիկ հախճապակյա ափսեների մեջ, և դրեց բոլորակ սեղանի վրա, որի մոտ նստած էին նրանք:

Նույն րոպեին ներս մտավ տիկին Բարբարեն, և տեսնելով յուր դուստրը և նրա հյուրուհին, շատ ուրախացավ՝ ասելով.

Ահա՛ այդպես լավ է:

Նրանք փոխեցին իրանց խոսակցության նյութը:

Ժ

Օրիորդ Սոֆին նույն օրվա երեկոյան պահուն ստացավ Աննա Եգորովնայի ուղարկած գրքերը: Դրանք մի քանի հատոր Տուրգենևի, Պիսեմսկու ռոմաններից էին: Սկզբում մոր երկյուղից ստիպված էր այդ գրքերը յուր բարձի տակ թաքցնել կամ գիշերները գաղտնի կարդալ, իսկ այնուհետև նա շարունակ զբաղված էր այդ գրքերի ընթերցանությամբ բոլորովին համարձակ, որովհետև նրա ծնողները և բոլոր տանեցիք ամենևին հասկացողություն չունեին, թե ի՛նչ է ռոման ասած բանը:

Այնուհետև օրիորդն այլևս դուրս չէր գալիս յուր առանձնասենյակից. նա երևում էր յուր մորը միայն առավոտը, ճաշին և ընթրիքի ժամանակ, և մեկ էլ՝ երբ նրանց մոտ հյուրեր էին գալիս: Մայրը հարցնում էր նրան, թե ի՞նչ է շինում նա ամբողջ օրը յուր սենյակում փակված: Օրիորդը պատասխանում էր` «զբաղված եմ»:

Նա անդադար կարդում էր և կարդում... և այդ բանաստեղծական գրքերի անհատական աղբյուրից ձևակերպում էր նոր գաղափարներ:

Այդ գաղափարները, օրըստօրե տպավորվելով և կերպարանագործվելով նրա թարմ ուղեղի մեջ, ծնեցին նրա գլխում երևակայական ցնորքներ, որ շատ անգամ արթուն կամ քնի մեջ ևս երազում էր:

Երբեմն գիշերային քաղցր երազների մեջ նրան պատկերանում է մեծահանդես բալ: Դահլիճը լուսավորված է կուրացուցիչ փայլողությամբ: Հանդիսականները եռ են գալիս գույնզգույն հագուստներով: Մետաքսը, շալը, ոսկին, արծաթը և գոհարեղենները, արհեստի վայելուչ հարմարությամբ, վառվում են, խշխշում են և ալեկոծվում...:

Մեր երազամոլ հերոսուհին, վառված ադամանդներով ու պճնված գեղեցիկ հագուստներով, սիգաճեմ ընթացքով մտնում է բալի դահլիճը: Բազմությունը դղրդում է: Բոլորի ուշադրությունը դառնում է դեպի նա: «Ահա գեղեցկության դիցուհին», — լսելի են լինում հիացման ձայներ: Մուզիկան հնչում է, պարահանդեսը փոթորկվում է: Մի կարճլիկ տղամարդ, հաստ փորով և ուռած թշերով, առաջարկում է օրիորդին յուր ձեռքը՝ պարելու: Նա հրաժարվում է: Մոտենում է մի այլը՝ մեծ էպոլետներով և օրդեններով պատած կուրծքով: Նա դարձյալ հրաժարվում է: Մոտենում է քաղաքավարությամբ մի այլը՝ պճնազգեստ երիտասարդ, բարձրահասակ, նրբակազմ, գանգրահեր և խիստ գեղեցկադեմ: Օրիորդր կանգնում է: նրանք պտտվում են որպես անիվ: Մի քանի անգամ օրիորդի փափուկ կուրծքը և կիսամերկ բազուկները հեզիկ շփվում են յուր պարընկերի թևերին: Օրիորդը յուր մարմնի բոլոր կազմության մեջ զգում է էլեկտրական ցնցողություն: Պարի ձևը փոխվում է: Օրիորդը իրան ձևացնելով թե հոգնեց, նստում է: Նրա պարընկերը շնորհալի կերպով մոտեցնում է նրան աթոռ: Օրիորդը իր գոհությունը հայտնում է գլխի հեզիկ շարժումով: Պարընկերը չի հեռանում նրանից: Օրիորդը լսում է նրանից մի քանի քնքուշ խոսքեր...

Երբեմն մեր հերոսուհին երազում էր, թե նա թատրոնումն է. ինքը փառավորապես նստած է լոժայի մեջ: Հանդիսականները վառվում են բյուրավոր պճրանքով: Քաղցրաձայն մուզիկան հնչում է: Իտալուհին անուշ ձայնով երգում է: Լոժաները լիքն են սիրուն աղջիկներով: Բայց նրանցից և ո՛չ մինը յուր նման հագնված չէ: Հանդիսարանում աթոռներն ու բազկաթոռները լիքն են բազմաթիվ երիտասարդներով: Բայց նրանցից ո՛չ մինը չէ նայում բեմին: Նրանց դիտակներն ուղղված են դեպի յուր լոժան...:

Եվ երբեմն էլ երազում էր նա, թե գտնվում է մի այգու մեջ, յուր գլուխը զարդարված է ծաղիկներով: Մի գեղեցկադեմ պատանի, չոքած յուր առջև` աղաչում է... և արտասուքը մարգարտի նման գլորվում է նրա սիրուն աչքերից... «Ես սիրում եմ քեզ... Սոֆի»: Այդ մոգական ձայները զարկվում են նրա ականջներին:

Ահա այդպես մեր սիրուն հերուսուհին, յուր գիշերային հանգստյան մեջ, հրապուրվում էր այդպիսի երևակայական պատկերներով: Եվ ամբողջ օրը նրա մտքից չէին հեռանում այդ գիշերային հիմար երազները:

Այո՛, մի կատաղի ախտ զարհուրելի կերպով բոցավառվում էր նրա սրտի մեջդա էր սերը:

Վերջին օրերը օրիորդ Սոֆին մտածեց յուր երևակայական երազներին տալ որևիցե իրողական կերպարանք: Իսկ այդ փափագին հասնելու հնար չէր լինում մի քանի արգելառիթ պատճառներով: Եվ գլխավորապես այն էր պատճառը, որ Հացի-Գելենց ընտանեկան կյանքի շրջանը՝ ինչպես հայտնի է մեր ընթերցողին, խիստ նեղ էր, մռայլոտ և անմատչելի: Թեև վերջին օրերը տիկին Բարբարեն նրան բավական ընդարձակ և փառավոր կերպարանք տվավ, բայց այնուամենայնիվ այդ արտաքին շքեղությունը բավական չէր սրբելու նրանցից հին կեղտը, և առիթ տար նրանց հարաբերություն ունենալ հասարակության բարձր դասակարգի անհատների հետ, ուր դեգերում էր միշտ օրիորդ Սոֆիի միտքը: Նրանց երթևեկները տակավին հասարակ մարդիկ էինմի քանի կաբավոր մորթե գդակով փողոցի առևտրական տղամարդիկ, մի քանի աղջիկներ՝ կոլոլված իրանց դերիաների մեջ, նախշուն թասակրավիներով, և մի քանի քաթիպավոր կանայք իրանց մերձավոր ազգականներից: Բայց այդ տեսակ մարդիկ ո՛չ միայն չէին կարող գրավել օրիորդ Սոֆիի ուշադրությունը, այլ սկսած նրա վարժարանի կյանքից, ատելի էին նրան: Թեև նրանցից շատերը գիտեին մի քանի հատ ու կտոր պոժոլուստմոժոլուստա ասել և գլուխ տալու կամ ձեռք բռնելու միջոցին ոտքը գետնին քսել, բայց այդպիսի կապկորեն քաղաքավարությունները առավել զայրացնում էին նրան, և նա չէր կարող հարգանք զգալ դեպի այդպիսի մարդիկ:

Միակ հյուրը, որին պատվում էր օրիորդ Սոֆին, Աննա Եգորովնան էր, որ նրան զվարճացնում էր՝ բերելով երբեմնապես զանազան լուրեր:

Բայց վերջին օրերը օրիորդի ուշադրությունը գրավեց մի պատանի գիմնազիստ, վեցերորդ դասարանի աշակերտ Նիկոլ Մայիլով անունով:

Մայիլովը տասնևութ տարեկան էր, քնքուշ կազմվածքով, գեղեցիկ դեմքով, քաղցրաբարո և բարեսիրտ պատանի, հին, ազնվական տոհմից: Նա թեև խիստ փափուկ էր մեծացած, բայց բավական բարեկիրթ, խելացի և ամոթխած էր: Մի փոքրիկ նկատողությունը կարող էր նրան վրդովմունք պատճառել, և նա կարմրում էր մինչև ականջները:

Նա Գրիգոլի դասընկերն էր, և շատ անգամ գալիս էր նրա մոտ սերտողության համար:

Օրը կյուրակե էր:

Տիկին Բարբարեն վաղ առավոտյան գնացել էր մի ազգականի տուն: Օրիորդ Սոֆին միայնակ կանգնած, պատշգամբից նայում էր դեպի բակը: Հանկարծ երևեցավ Մայիլովը մի քանի տետրակներ թևի տակին: Տեսնելով օրիորդին, նա մոտեցավ, բարևեց և կարմրելով հարցրեց.

Ասացե՛ք, խնդրեմ, տա՞նն է Գրիգոլը:

Ո՛չ, նա մի քանի րոպե առաջ դուրս գնաց, — պատասխանեց օրիորդը ռուսերեն:

Մայիլովը դարձյալ գլուխ տվավ և կամենում էր հեռանալ:

Ինչո՞ւ, Նիկոլ, այդպես շուտ, — ասաց նրան օրիորդը: — Մի փոքր սպասեցեք, նա շուտ կվերադառնա:

Մայիլովը կանգ առավ:

Նե՛րս գնանք, — ասաց օրիորդը:

Նրանք մտան դահլիճը:

Օրիորդը նստավ լուսամուտի մոտ, որ նայում էր դեպի Մթածմինդայի բակը, և խնդրեց գիմնազիստին՝ նստել յուր մոտ:

Օրիորդը հնչեցրեց զանգը, ներս մտավ աղախինը:

Մաշա՛, պատրաստեցեք սուրճ, կաթնով, եթե սեր չկա:

Աղախինը հեռացավ: Օրիորդը դիմեց դեպի պատանի հյուրը այսպիսի հարցով.

Ի՞նչ տետրակներ են դրանք:

Մեր ուսանելի առարկաները, — պատասխանեց Մայիլովը:

Եթե կարելի է, խնդրեմ, տաք ինձ նայեմ նրանց:

Մայիլովը տվավ նրան յուր տետրակները:

Օրիորդը դրեց լուսամուտի վրա գիմնազիստի կեղտոտ և կիսամաշ տետրակները և ուշադրությամբ նայում էր նրանց վրա և թերթում: Նրանց մեջ, խառն և անորոշ գրիչով, մի տեղ թանաքով, մի տեղ մատիտով, նշանակված էին նկատողություններ զանազան առարկաներից. իսկ մի քանի տեղ նկարված էին աշակերտական կյանքից խեղկատակ պատկերներ, օրինակ՝ գլուխներ՝ ահագին և երկար քթով, կմախքներ՝ այլանդակ կերպարանքներով և այլ պեսպես անորոշ և խառնափնթոր գծագրություններ:

Մայիլովը շառագունեցավ, երբ օրիորդը սկսեց նայել դրանց վրա: Բայց օրիորդ Սոֆին մի կողմ դրեց մյուս տետրակները և մնաց նրա առջև միայն պատմության տետրակը:

Երևի դուք պատմություն շատ եք սիրում, — ասաց նա՝ դիմելով Մայիլովին, — որովհետև ձեր պատմության տետրակն ավելի մաքուր է գրված:

Այո՛ , սիրում եմ, — պատասխանեց աշակերտը մեքենաբար:

Ինչքա՞ն եք անցել:

Հին և միչին դարերի պատմությունն արդեն ավարտել ենք, այժմ սովորում ենք նոր ժամանակների պատմությունը:

Օրիորդը մտածեց առաջարկել նրան մի քանի հարցեր, կամենալով փորձել նրա հայացքը, նրա մտքի ուղղությունը: Այդ պատճառով հարցրեց.

Դուք հիշո՞ւմ եք մի կին հունաց պատմության մեջ, որ եղավ Տրոյան պատերազմի պատճառը:

Այո՛, Հեղինեն, Մենելայոսի կինը, որին փախցրեց Պարիսը՝ Պրիամոսի որդին, — պատասխանեց Մայիլովը սքոլական ոճով:

Ասացե՛ք, խնդրեմ, — ժպտալով հարցրեց օրիորդը, — ի՞նչպես է ձեր կարծիքը Հեղինեի վարմունքի մասին:

Մայիլովը մի փոքր շփոթվեցավ և ապա պատասխանեց.

Իմ կարծիքը Հեղինեի վարմունքի մասին շատ էլ լավ չէ՛:

Ինչո՞ւ:

Նրա համար, որ նա պղծեց ողջախոհության օրենքը՝ անհավատարիմ գտնվելով դեպի յուր ամուսինը և եղավ այնքան արյունհեղությունների պատճառ:

Չէ՞ որ նա սիրում էր Պարիսին:

Աններելի է մի այնպիսի սնոտի սիրո համար այնքան զոհողություններ անել:

Բայց ի՞նչպիսի կնոջ վարմունքն է ավելի գրավում ձեզ պատմության մեջ:

Հռոմայեցի Լուկրեցիայի:

Օրիորդ Սոֆին ճանաչեց, թե ինչ սրտի տեր էր յուր խոսակիցը: Աղախինը ներս բերավ սուրճ, նախ տվեց Մայիլովին, իսկ նա ամաչելով՝ հրաժարվեցավ:

Խնդրեմ, խնդրեմ, առանց քաշվելու, — ասաց նրան օրիորդը:

Մայիլովն ընդունեց գավաթը և դրեց յուր առջև սեղանի վրա:

Խոսակցությունը նրանց մեջ դադարեցավ: Օրիորդ Սոֆին մտածման մեջ ընկավ՝ մերթ ընդ մերթ յուր ախտաբորբոք աչքերը սևեռելով գիմնազիստի ամոթխած, շառագունած և նույն րոպեին բավական ախորժելի երեսին, որ խոնարհած նայում էր դեպի ցած:

Դուք երբևիցե ռոման կարդացե՞լ եք, — հարցրեց նրանից օրիորդը:

Ոչ՛, իմ հայրս կպատժե, եթե գիտենա, որ ես այդպիսի գրքեր եմ կարդում, — պատասխանեց Մայիլովը առավել ևս շփոթվելով:

Ինչո՞ւ:

Որովհետև ասում են նրանց մեջ հիմարհիմար բաներ են գրված, ուրեմն էլ ի՞նչպես կարելի է կարդալ այդպիսի գրքեր:

Օրիորդը ոչինչ չխոսեց, միայն յուր մտքի մեջ ասաց. «Խեղճ երեխա, դեռ կաթնի հոտ է բուրում բերանից»...

Նրանց խոսակցությունն ընդհատեց Գրիգոլը, որ ներս մտավ, ողջունեց ընկերոջը և նստեց նրանց մոտ:

Օրիորդ Սոֆին մի քանի րոպեից հետո վեր կացավ և թողնելով նրանց միասին՝ գնաց յուր սենյակը:

ԺԱ

Մայիլովը ոչինչ չհասկանալով օրիորդ Սոֆիի այդպիսի խորհրդավոր խոսակցությունից, միամտությամբ շարունակում էր յուր երթևեկությունը ՀացիԳիլենց տուն: Բայց մեր հերոսուհու սիրտը վառված էր պատանի գիմնազիստի գեղեցկությամբ. միայն նա ափսոսում էր պատանու պարզ և համարյա երեխայական վարվեցողության և նրա անկեղծ ամոթխածության համար, որոնք իսպառ բավականացուցիչ չէին յուր ցանկությունների համար:

Մի օր երեկոյան պահուն Մայիլովը դարձյալ եկավ Գրիգոլիի մոտ, բայց նա տանը չէր, այդ պատճառով օրիորդ Սոֆին հրավիրեց նրան յուր սենյակը:

Նրա մայրը այդ երեկո գնացել էր հյուր յուր եղբոր տուն, քույրերն իրանց սենյակումն էին, իսկ օրիորդր միայնակ էր:

Թեյ բերին կաթնով և պաքսիմատով: Մայիլովն յուր սովորական ամոթխածությամբ ընդունեց գավաթը և սկսեց կամացկամաց խմել:

Նա լուռ էր: Օրիորդը մտածեց զբաղեցնել նրան:

Դուք սիրո՞ւմ եք մուզիկա, — հարցրեց նրանից օրիորդը՝ թեյ ըմպելուց հետո:

Սիրում եմ, — պատասխանեց Մայիլովը:

Ուրեմն գնանք դահլիճ, ես կնվագեմ ձեզ համար պիանոյի վրա:

Գնանք, — ասաց գիմնազիստը և վեր կացավ:

Նրանք գնացին դահլիճ, որ փառավորապես լուսավորված էր: Օրիորդը նստավ պիանոյի առջև, նրանից մի քիչ հեռու նստեց Մայիլովը: Պիանոն հնչեց, օրիորդը հիանալի ձայնով երգեց ռուսերեն մի սոնետ...:

Օրիորդ Սոֆիի քաղցր ձայնը յուր անուշ հնչյուններով միախառնվելով դաշնամուրի արվեստական ձայների հետ՝ ձևացնում էր հիանալի ներդաշնակություն: Մայիլովը, որ ոչինչ ճաշակ չուներ մուզիկայի մեջ, դարձյալ սքանչացած լսում էր, թեև նա չէր որոշում ձայների փոփոխությունները, բայց նրան դյուր էին գալիս միայն քաղցր հնչյունները:

Օրիորդը դադարեց նվագելուց:

Ի՞նչպես է, ձեզ դուր եկա՞վ, — հարցրեց նա Մայիլովին՝ ուղղակի նայելով նրա աչքերի մեջ:

Շատ լավ եք ածում, — պատասխանեց Մայիլովը: — Այլև հիանալի երգում եք:

Կամենա՞ք ես կսովորեցնեմ ձեզ դաշնամուրի վրա նվագել:

Ես շատ կցանկանայի, եթե ժամանակս ներեր:

Ինչո՞ւ, դուք ամեն օր կարող եք կես ժամ պարապել, երբ գալիս եք այստեղ Գրիգոլի հետ դաս սովորելու, և ես խոստանում եմ ձեզ սովորացնել:

Մայիլովի խելքին մտավ օրիորդի ասածը:

Շնորհակալ կլինեմ ձեզանից, — ասաց նա ուրախանալով:

Հիմա եկեք այս րոպեիս ցույց տամ ձեզ մի քանի խաղեր: Եվ Մայիլովը նստեց օրիորդի մոտ շատ մերձ:

Մի փոքր նվագելուց հետո օրիորդր հրավիրեց նրան յուր առանձնասենյակը:

Օրիորդ Սոֆին նստեց յուր առաջվան տեղը, նրա հանդեպ նստեց Մայիլովը: Երկուսի մեջտեղում դրած էր փոքրիկ բոլորակ սեղան, որի վրա վառվում էր լամպարը:

Դուք դարձյալ տխուր եք, Նիկոլ, — ասաց օրիորդը՝ ուղղակի նայելով նրա երեսին:

Ընդհակառակն, ես խիստ ուրախ եմ այժմ, — պատասխանեց Նիկոլը:

Կամենաք, ես կզբաղեցնեմ ձեզ զվարճալի ընթերցանությամբ:

Շնորհակալ կլինեմ:

Օրիորդն ընտրեց յուր մատենադարանից փառակազմ մի գիրք, որի կազմի վրա ոսկեզօծ տառերով դրոշմված էր այսպիսի վերտառությունGeorge Sande.

Նա դրեց գիրքը յուր առջև և մի փոքր թերթելով՝ հարցրեց.

Դուք ծանո՞թ եք այս գրքի հետ:

Ո՛չ, ես առաջին անգամն եմ տեսնում այդ, — պատասխանեց Մայիլովը:

Ուրեմն լսեցեք, ես կարդամ. սա ռոման է:

Եվ օրիորդը բորբոքված կերպով սկսեց կարդալ: Ընթերցանության ժամանակ նրա դեմքն ընդունում էր զանազան արտահայտություններ՝ երբեմն կարմրում էր, երբեմն գունատվում, իսկ երբեմն նրա աչքերը վառվում էին կատաղի կրակով:

Բայց Մայիլովի դեմքը խաղաղ էր, միայն երբ խոսքը դառնում էր սիրային կրակոտ և սուր արտահայտությունների, կամ սիրահարների համբույրների և նրանց մեղմ քնքշությունների վրա, նրա դեմքը նշմարելի կերպով շառագունում էր, կարծես թե նա ամոթ էր զգում այդպիսի անպարկեշտ խոսքեր լսելու համար. իսկ երբեմն նրա նուրբ շրթունքների վրա խաղում էր մի անմեղ ժպիտ:

Օրիորդը դադարեց կարդալուց և յուր ախտաբորբոք աչքերը ձգելով Մայիլովի երեսին՝ հարցրեց.

Ի՞նչպես է, հավանո՞ւմ եք:

Պատանի գիմնազիստը ոչինչ չպատասխանեց, այլ կարմրելով ժպտաց, և միևնույն րոպեին զգաց, որ օրիորդի փոքրիկ ոտը սեղանի տակից խիստ քնքշությամբ սեղմվեցավ յուր ոտին. պատանին դողաց բոլոր մարմնով և ետ քաշեց ոտը:

Մի քանի րոպե տիրեց խորհրդավոր լռություն:

Օրիորդը տեսնելով յուր խորամանկության անհաջողությունը, մտածեց ուրիշ կերպ զբաղեցնել նրան:

Ի՜նչ սիրուն մազեր ունիք, Նիկոլ, — ասաց նա ձեռքը տանելով դեպ նրա դլուխը: — Ի՛նչպես փափուկ, գանգուր և խարտյաշ են. իսկ իմ գիսակները սև են ու կոշտ, ամենևին գանգուր չեն. ես շատ կցանկանայի, որ իմ մազերը ևս ձերինի պես լինեին:

Կամենո՞ւմ եք փոխենք, — ծիծաղելով ասաց պատանին, — եթե այդքան ցանկալի է ձեզ իմ մազերը:

Փոխենք, — պատասխանեց օրիորդը: — Բայց փորձենք կարելի՞ է վեր առնել:

Եվ նրա սպիտակ ու նուրբ մատիկները սկսան շարժվիլ պատանու գանգուրների մեջ և երբեմն էլ հեզիկ շփվել նրա երեսին:

Ո՛չ, Նիկոլ, ափսոս, չէ կարելի փոխել, — ցավելով ասաց օրիորդը:

Պատանին հեզիկ ծիծաղեցավ. բայց նրա ծիծաղն արտահայտում էր երեխայական անմեղություն:

Օրիորդ Սոֆին մտածեց մի այլ բանով զբաղեցնել նրան:

Դու թուղթ խաղալ իմանո՞ւմ ես, — հարցրեց նա եզակի:

Ո՛չ, ես ոչինչ խաղ չեմ սովորած, — պատասխանեց կարմրելով պատանին:

Ես այս րոպեիս կսովորեցնեմ քեզ մի դյուրին խաղ:

Լա՛վ, տեսնեմ ո՛րպիսի խաղ:

Տեսնո՞ւմ ես այս մատանին, — ասաց օրիորդը՝ մատից հանելով մատանին և նրան ցույց տալով: — Ես այս մատանին կթաքցնեմ, եթե դու գուշակեցիր, թե ո՛րտեղ եմ թաքցրել և գտար, տարած ես և դրա համար, ամեն մի գտնելուն, ես պարտավորված կլինեմ քեզ տալ մի բան, զորօրինակ, ասենք, մի ֆունտ կոնֆետ, բայց եթե չկարողանաս գտնել, արդեն տարված կլինես, այն ժամանակ դու կպարտավորվես ինձ տալ նույնը:

Ի՞նչպես կարելի է գտնել, — պատասխանեց Մայիլովը, — դու կարող ես թաքցնել մատանին մի այնպիսի տեղ, որ ես անկարող կլինեմ գուշակել:

Ո՛չ, այդ խաղն ունի յուր սահմանները, — ասաց օրիորդը: — Միայն հինգ տեղ են նշանակվում թաքցնելու համար, այն է՝ երկու գրպանում, երկու ձեռքի ափերի մեջ և ծոցում: Եվ եթե դու գուշակես, որ դրանցից մեկի մեջ է թաքցրած մատանին, կարող ես որոնել, եթե այնտեղից դուրս եկավ, տարած ես, եթե մի այլ տեղից դուրս եկավ, տարված ես: Միայն այն պայմանով, որ ամեն անգամ նշանակած տեղերից միմիայն մինը կարող ես որոնել. բացի մեկ տեղից, ուրիշ տեղ նայելու իրավունք չունես:

Շատ լավ, ես արդեն սովորեցի, — ասաց Մայիլովը ուրախանալով:

Առաջ սկսում եմ ես, որ լավ սովորես:

Սկսի՛ր:

Եվ օրիորդը յուր երեսը շրջեց դեպի պատը և մի քանի րոպեից հետո դառնալով դեպի Մայիլովը, երկու ձեռքը խփած պահելով՝ հարցրեց.

Ո՞ւր է մատանին:

Մայիլովը բռնեց նրա աջ կռուփը, ասաց.

Այստեղ է:

Օրիորդը ձեռքը բաց արավ. այնտեղ չէր. մատանին դուրս եկավ նրա ձախ կողմի գրպանից:

Այդ մի ֆունտ կոնֆետ. դու տանել տվիր, — ասաց օրիորդը:

Մի անգամ ևս, — ասաց պատանին:

Դու մինչև հինգ անգամ նայելու իրավունք ունիս, — ասաց նրան օրիորդը և դարձյալ երեսը շրջեց դեպի պատը:

Մի քանի րոպեից հետո օրիորդը կանգնեց առաջվա պես և հարցրեց.

Ապա ա՞յժմ:

Պատանին կարծելով, թե այս անգամ գրպանում դրած կլինի, ձեռքը տարավ նրա գրպանը, որ շատ խորն էր, և սկսեց որոնել, բայց ոչինչ չգտավ: Միայն զգաց, որ օրիորդի փափուկ ազդրերը յուր մատների հպավորության միջոցին դողում էին...

Այս անգամ մատանին դուրս եկավ օրիորդի ծոցից:

Խաղը կրկնվեցավ:

Այս անգամ պատանին ձեռքը տարավ դեպի նրա խորհրդավոր ծոցը. բայց այնտեղ ևս ոչինչ չգտավ. միայն երկու փափուկ ուռույցքներ քնքշաբար հպվեցին նրա ձեռքին, և մի բան նրա կրծքի մեջ սաստիկ զարկում էր...

Այս անգամ նույնպես տանուլ տվիր, — ասաց օրիորդը: Վերջին խաղին պատանին երկար որոնելուց հետո գտավ մատանին նրա գրպանում, որ երկու ազդրերի մեջ սեղմված էր...:

Այժմ տարար, — ուրախությամբ ձայն տվավ օրիորդը:

Հերթը հասավ Մայիլովին:

Նա նույնպես սկսավ թաքցնել մատանին մերթ յուր անդրավարտիքի գրպանում, մերթ յուր ծոցում և մերթ պահում էր հուպ արած ձեռքերի մեջ: Բայց օրիորդ Սոֆիի խուզարկու ձեռքը չէր ցանկանում բաժանվել այդ խորհրդավոր պահարաններից, մանավանդ երբ թաքցրած մատանին նրա ծոցումն էր լինում...:

Ես տանուլ տվի, — վերջապես ասաց օրիորդը: — Նիկոլ, ի՞նչ վարպետությամբ ես խաղում...:

Եվ օրիորդը փաթաթվեցավ նրա պարանոցին. երկար յուր բոցավառված շրթունքը չհեռացրեց Մայիլովի գեղեցիկ երեսից. մինչև պատանին ձայնեց.

Սոֆի՛, ի՞նչ ես անում, ամոթ է:

Հանկարծ մյուս սենյակից լսելի եղավ տիկին Բարբարեի ձայնը:

Նրանք բաժանվեցան:

Մայիլովն այլևս չմնաց օրիորդի սենյակում. նա դուրս եկավ և, առանց բարի գիշեր ասելու տիկին Բաբբարեին կամ Գրիգոլին տեսնելու, անխոս հեռացավ Հացի-Գելենց տանից:

ԺԲ

Մայիլովը մի շաբաթից ավելի էր չէր եղած Հացի-Գելենց մոտ: Օրիորդ Սոֆիի վերջին անպարկեշտ վարմունքը վատ տպավորություն թողին նրա սրտում, նրան անախորժ էր թվում այնուհետև կրկին տեսնել նրա երեսը:

Բայց օրիորդ Սոֆին երկար սպասելով նրան, երբ տեսավ, թե նա չէ երևում, մի օր հետևյալ փոքրիկ տոմսակը գրեց նրան,

«Իմ հոգյա՛կ Նիկոլ.

Արդեն մի ամբողջ շաբաթ է, որ դու մեզ մոտ չես եղել. մտածիր, թե ո՛րքան երկար և ծանր է այդքան ժամանակն ինձ համար՝ քեզ չտեսնելուս պատճառով: Բայց ափսոս, որ չեմ գտնում այնպիսի բառեր, որոնցով կարողանայի զգացածս քեզ բացատրել: Բայց եթե գրելու ևս լինիմ, դու չես հասկանալ, որովհետև դու տակավին չգիտես, թե ի՛նչ է սերը...

Նիկոլ, ես սիրում եմ քեզ... արդյոք իմանո՞ւմ ես, թե ի՞նչ եմ ասում... ես քեզ համար մեռած եմ... քո փոխադարձ սերը կկենդանացնե ինձ: Մի՞թե դու չես խղճալու ինձ, թե այս շաբաթ ևս քեզ չտեսնեմ, ես կգժվեմ:

Սոֆի»:

Նա նամակը ծրարեց և ուղարկեց յուր սպասավորի ձեռքով: Այնուհետև միայնակ յուր սենյակում նստած, ձեռքը ծնոտին դրած, երկար և երկար սկսեց մտածել. «Այո՛, նա դեռ երեխա է», — ասում էր նա. «նա դեռ անմեղ է, դեռ ոչինչ չէ հասկանում... Բայց ի՛նչքան գեղեցիկ, ի՛նչքան ազնիվ է նա... о՜, որքան սքանչելի՜ է: Թող գա նա, թող գա, թեև սիրո հրեշտակը դեռ չէ ձգել նրա սրտի մեջ և ոչ մի կայծ երկնային հուրից, բայց ես, ես կվառեմ նրա մեջ այդ աստվածային կրակը, և նա կսկսի բորբոքվել... Բայց նա փախչում է ինձանից, խե՜ղճ երեխա»...

Եվ օրիորդը երկու ձեռքով բռնեց յուր գլուխը, արտասուքն ակամա սկսեց թափվել նրա աչքերից:

Մայիլովը, կարդալով օրիորդ Սոֆիի նամակը, մտածեց պատասխան գրել: Նա նստեց գրասեղանի հանդեպ, վեր առավ գրիչը, բայց որքան մտածեց մի բան գրել, մտքին ոչինչ չեկավ: Նա գրիչը վայր ձգեց և սկսավ կարդալ մի քանի գրքեր. օրինակ՝ խրեստոմատիա և դրա նման գրքեր, որ նրանցից մի օրինակ վեր առնի: Մի փոքր ոգևորվելուց հետո վեր առավ գրիչը: Մի քանի տող գրեց, ջնջեց, նկատեց, որ ոչինչ միտք չկա, դարձյալ տհաճությամբ գրիչը վայր ձգեց, և որպես արբեցած՝ շտապով վեր կացավ, գլխարկն առավ և քայլերն ուղղեց դեպի Հացի-Գելենց տուն:

Երեկոյան ժամը վեցն էր:

Նա գտավ օրիորդ Սոֆիին դահլիճում նստած մի քանի հյուրերի մոտ, որոնք բոլորն էլ հասակավոր կանայք էին, նրանց հեռու և մոտիկ ազգականներից:

Հյուրերին մատուցանվում էին թեյ. օրիորդը սպասավորում էր թեյի սեղանի շուրջը:

Մայիլովը գլուխ տվավ և լռությամբ նստավ մի անկյունում: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա վրա, միայն տիկին Բարբարեն հարցրեց.

Նիկոլ, ո՞ւր էիր այս քանի օրս:

Մի փոքր տկար էի, — ասաց Մայիլովը:

Այդ մի քանի խոսքով վերջացավ նրանց մեջ խոսակցությունը:

Բայց օրիորդ Սոֆիի գույնն իսկույն փոխվեցավ, երբ տեսավ պատանի գիմնազիստին: Նա մի գավաթ թեյ յուր ձեռքով մատույց նրան և հեզիկ շշնջաց.

Ախ դու անխիղճ:

Պատանու աչքերը վառվեցան: Նա չիմացավ ինչպես խմեց թեյը: Միայն հետո զգաց, որ բերանն այրվել է:

Օրիորդը սրտնեղում էր տհաճությունից, թե երբ են կորչելու հյուրերը: Բայց տեսնելով, որ նրանք երկար պիտի նստեն, մոտեցավ յուր մորը և ասաց նրան հազիվ լսելի ձայնով.

Գլուխս ցավում է, ես կամենում եմ գնալ իմ սենյակը:

Գնա՛, — ասաց մայրը:

Ներողություն խնդրելով հյուրերից, օրիորդը դուրս գնաց դահլիճից: Մի քանի րոպեից հետո Մայիլովը նույնպես վեր կացավ և գլուխ տվավ և կամենում էր հեռանալ:

Ո՞ւր, Նիկոլ, — հարցրեց տիկին Բարբարեն:

Գնում եմ Գրիգոլի մոտ, — ասաց նա.

Պատշգամբի վրա սպասում էր նրան օրիորդ Սոֆին: Նրանք միասին մտան օրիորդի սենյակը:

Բայց թե ի՛նչ խոսեցին կամ ի՛նչ արին` առայժմ ես չեմ կամենում դիպչել նրանց գաղտնիքներին, միայն այսքանը բավական է ասել, որ պատանի գիմնազիստը այս անգամին այնքան էլ ամոթխածությամբ չէր վարվում նրա հետ, որպես առաջին անգամ երևեցավ նրա մոտ յուր տետրակներով:

Իսկ տիկին Բարբարեն զբաղված էր յուր հյուրերով, որոնցից մի կնճռված երեսով պառավ դիմելով նրան՝ ասաց վրացերեն.

Շատ ապրի աղջիկդ, շատ շնորհալի աղջիկ է:

Իհարկե, ուսում առած աղջիկը մեզ պես չի լինի, — պատասխանեց տիկին Բարբարեն: — Մենք մեր ժամանակը անց ենք կացրել ոչինչ չսովորելով:

Մադամ Բարրարե, — կրկնեց մի այլը հայերեն լեզվով, — մադեմուազել Սոֆին զավոդեմե՞ն է դուրս եկի:

Այսինքն կամենում էր ասել զավեդենիան է ավարտե՞լ: Բայց տիկին Բարբարեն նույնպես չկարողանալով այդ այլազգի բառը կանոնավորապես արտասանել՝ պատասխանեց.

Բա՜, զավոդեմեն, կուրսը պրծացրիլ է, ատեստաթ ունե:

Կուրսը ի՛նչ է, անմարթի չլինք, — հարցրեց հյուրերից մինը:

Բայց տիկին Բարբարեն չգիտեր, թե ի՛նչ պատասխանե, որովհետև իրան նույնպես հայտնի չէր այդ բառի նշանակությունը, որ դեռ նոր էր սովորած յուր աղջկանից: Նա մտածեց և այգ հարցին պատասխանեց նույնպիսի մի դեռևս իրան անհասկանալի այլազգի բառով:

Կուրսը օրբռազոննոսթ է, — ասաց նա:

Նրա խոսակիցը չհասկանալով, թե ի՞նչ ասաց նա՝ կրկնեց յուր , հարցը.

Ապա ատեստաթը ի՞նչ է:

Տիկին Բարբարեն այս անգամ բոլորովին շփոթվեցավ և չգիտեր, թե ի՞նչ ասե:

Ատեստաթն էլ չին կուլի, — պատասխանեց մի կին, ազատելով Բարբարեին այդ դժվարությունից:

Գանա աղջկերքն էլ ին չին ստանո՞ւմ, — հարցրեց առաջինը:

Բաս ինչի՞ համար են կարդում, — պատասխանեց տիկին Բարբարեն:

Պառավները զարմացան և իրանց սրտերում սկսան նախանձել տիկին Բարբարեի բախտի վրա, որ չինովնիկ աղջիկ ունի:

Ապա կար ու ձև, օրինակ. թասակրավի, լեչաքնիր նխշիլ, սուփրա գործիլ, ուրիշ էնպիսի բանիր էլ սորվեցնում ի՞ն զավոդում, — հարցրին տիկին Բարբարեից:

Թասակրավին ու լեչաքն նրանց պետքը չին, նրա համա վուր նրանք շլապեք ին ծածկում, — պատասխանեց տիկին Բարբարեն, — ու կար ու ձև էլ ի՞նչ կոնին:

Բաս աղջիկը առանց դրանք գիդենալու վո՞ւնց կարա օջախ ու տուն պահի ու վուրդիք մինձացնի:

Նրանց շուրիրը մոդնի շուրիր ին՝ կարած, հազիր մաղազիեմեն ին առնում, էնդի փրանցուզի կնկտիք ին կարում:

Մաշ վուր շուրը մե տեղեմեն մաշվում է, ան պատռվում է, էն էլ պիտի մաղազումն կարկտնիլ տա՞ն:

Է՜հ, քու հորն ողորմի, դուն հենց գիդիս նրանք իրանց շուրը էնքան պիտի հագնին, ինչկլի մաշվի ան պատռվի՞. չէ՛, գեթաղվա, նրանք չուստ-չուստ փոխում ին, էնդուր վուր պիտի մոդի հիտ ժաժ գան:

Հյուրերի մեջ կար մի պառավ կին, որ ուշադրությամբ լսում էր նրանց. դա ԱղաՄամադ խանի Թիֆլիս գալու տարին տասնևհինգ տարեկան աղջիկ էր եղած և հազիվ ազատվել էր ներքինի պարսկի գերությունից. նա միշտ սիրում էր պատմել այն ժամանակների դժբախտությունները և գովաբանել հին կյանքի չափավորություններն ու անմեղությունը: Այդ պառավի անունն էր Մարիամ:

Էապես է, — տիկին Բարբարեի խոսքը կտրեց Մարիամը: — Հիմի դիփունանքն էդ անիծած մոդի ետնեն ին թրև գալի. եփոր մոդեն փոխվում է, նրանք էլ շուրը պիտին փոխի: Մագրամ միր ժուկով, դերիեքը սադա էին հագնում, առանց յուփկի: Իժում սկսեցին տակեմենկի լհեբի հաստութինով յուփկեք հագնի, վունցոր ինչկլի հիմի Հավլաբարում շատ կնկտիք հագնում ին: Մե ժուգ էլ սկսեցին դերի ի տակեմեն մաֆթուլից շինած քթոցի նման մի բան հագնի, խաբարդա թե ի՛նչ զահրումարին ասում, ու դերիեն էնքան բացվում էր, մե չադրի տոլ, էնպես վուր էնդումեն հագած մե աղջիկ տրոտրոյի վրից վուր անց էր կենում, էլ տիղ չէր մնում խիղճ տղմարդերին անց կենալու: Լավ անուն ին դրածխաբարդո, դրուստ վուր խաբարդո: Էդ խոսկը թուրքի բառ է, նրանք ասում ին խաբար տուր (զգուշացիր): Միտքս է գալիս, ԱղաՄամադ խանի տարին եփոր թուրքերը բազարեմեն էշով ան թե ձիով բիռն էին անցկացնում, բղավում էին` խա՛բարդո, խա՛բաբդո, վուր մարդիկը ճամփա տան: Էտպես էլ մեր աղջիկպարոներանց խաբարդոն ամեն տեղ ճամփա է բաց անում: Մե վուխտ էլ մե յաքա շլեփ շինեցին ու սկսեցին քուչեքը սրբելով թուզ բարձրացնի, մագրամ հիմի էտ էլ մոշլա էլավ, ու էն մաֆթուլի քթոցի տիղ կաշու նման հաստ նշշտած յուփկեք ին հագնում, ու դերիի փեշերքը վեր ին քաշում, կոսիս թե ցեխի մեջեմեն պիտին անց կենա: Էտպես ին անում վուր միթոմ փեշերքը իստակ մնան, մագրամ իրանց յուփկի ռուշնիրը, ան իրանց չուլքին ու տոտիքն ին ուզում խալխին շանց տա:

Դուն չիս հավնում էտո՞ւնք, — հարցրեց տիկին Բարբարեն, — մի փոքր վշտանալով պառավի նկատողություններից:

Էտունք ի՞նչ ին վուր հավնիմ, — պատասխանեց պառավը: — Միր ժուգը լավ էր, էտունք տնաքանդութին է... տղամարդն, ան հերն ու մերը վո՞ւնց կարան էդ ղադամի օխտեմեն գալ: Փռանցուզը սատանեմեն շատ բան գիտե. ասինք թե նա իր ապրանքը սաղացնելու համա ամեն օր մե մոդա է դուրս բերում, միր խալխը ինչի՞ է գժվի. մագրամ նա վունց վուր ածե, նրանք էլ էնենց պիտին պար գա:

Следующая страница