Րաֆֆի՝   Զահրումար

Տիկին Բարբարեն մտածելով, որ պառավի այդպիսի նկատողություններն ուղղակի վերաբերում էին օրիորդ Սոֆիին, իբրև ժամանակի հիմար ծեսերին հետևողի, և կամենալով ջնջել, ոչնչացնել խոհեմ պառավի խոսքերի, յուր կարծիքով, վատ տպավորությունը յուր հյուրերի սրտից, խոսեց.

Դեդի, ձիր ժամանակն ուրիշ էր, հիմի ուրիշ. էն վուխտը աղջկերքն ու կնկտիքը ինչղագամ բարի, էնղադամ էլ տուտուց ին էլի. մագրամ մոռացիլ իս վաղվա առակըհին օրոք մե սկեսուր է էլի. սա գնացիլ է հարևնի տուն, կոսե, ու ասիլ է իր հարսին. «նստի՛ր, տեղեմեդ չժաժ գաս»: Հարսը նստել է: Հարսի մոդ գրած է էլի մի ամանի մեջ հում միս: Կատուն էկիլ է ու սկսիլ է միսը ուտիլ: Հարսը հեռվից հենց ասիլ է. «փիշտ, փիշտ» ու ձեռքն էլ ժաժ չէ տվի, ու չէ էլ կանացի տեղիցը վիր կենա, էնդուր համար վուր սկեսուրն ասիլ է. «տեղեմեդ չժաժ դաս»: Կատուն էլ միսը դիփ կերիլ է:

Տիկին Բարբաբեի առակը մեծ զվարճություն պատճառեց նրա հյուրերին, և նրանք բոլորեքյան սկսեցին հոգնելու չափ ծիծաղել:

Էդ շատ անխելքութին է, — ասացին բոլորը:

Բայց պառավ Մարիամը մնաց անհողդողդ և սառնասրտությամբ ընդհատեց նրանց ծիծաղը.

Բարբարեի ասածը դրուստ է, էտ էլիլ է Թամար դեդոփալի օրով: Դրուստ է, էն հարսի արարմունքի մեջը հիմարություն կա, մագրամ էդ հիմարությունը շանց է տալիս նրա հնազանդութինը ու նրա անմեղութինը:

Դրան կոսին կույր հնազանդութին, — պառավի խոսքը կտրեց տիկին Բարբարեն, երեսի վրա թեթև արհամարհական ծամածռություններ գործելով:

Տիկին Բարբարեի վերջին խոսքը բարկացրեց պառավին, և նա բավական բարձր ձայնով խիստ պատասխանեց.

Մաշ էն լա՞վ է, վուր աղջկերքը բաց գլխով, տկլոր ուսերքով ու տկլոր դոշով քուչեք ին չափչփում ու իրանց ծծիրը խալխին նշանց ին տալի՜ :

Էտ շատ վատ է, — ասացին մյուս հյուրերը:

Տիկին Բարբարեն չգիտեր, թե ինչ պատասխանե, երբ նկատեց, որ ձայների բազմությունն անցավ դեպի պառավ Մարիամի կողմը, ուստի նա կարճ ասաց.

Ամեն ժուգի ադաթի գորա պիտի յոլա գնա մարդ:

Ի՞նչ ադաթ, — պատասխանեց Մարիամը: — Միզ համա լավը միր պապական ադաթն է. ինչ վուր միր հորից ու մորից տեհիլ ինք, էն պիտինք անի:

Տիկին Բարբարեն և հյուրերից մի քանիսը սկսեցին հակառակել պառավ Մարիամի կարծիքին, կամենալով նրան համոզել, թե նոր ժամանակի սովորությունները և կյանքի ձևերն ավելի լավ են, քան թե առաջվանը: Բայց նա դրականապես հերքեց նրանց կարծիքը՝ ասելով.

Վուրթիք, ես ձիզմեն աշխարքը ավելի շատ իմ տեհած, մի օրոք աղջկերքը տասերկու տարեկան հենց վուր դառնում էին, գելաքնուրի պես խլխլում էին, մագրամ հիմի՞. ասեք, տեհինք, ինչեմե՞ն է, վուր աղջկերքը էդքան վեր ին թափած տանը ու մարդիկ նրանց թամահ չին անում: Էն դում են է, վուր աղջկերանց էտ թավուր լպստածութինը, անխիլք մսխիր անիլը ու բրոբրո ապրիլը տեսնելով, խիղճ տղամարդի սիրտը ճաքում է, եփոր փիքր է անում, թե իր դուքնով էնքան ի՞նչ պիտի դադի, վուր կանենա էտ թավուր կնիկ պահի, ու ասում է, լավ է հենց ազապ ապրիմ ու գլուխս դինջ ըլի, քանց թե կնկա եսիր դառնամ: Ա՜յ էդ է պատճառը, վուր աղջրկերքը մնում ին: Ով վուր ունևոր է, մինձ բաժինք ու փուղ է տալի, նրա աղջիկը մսխվում է. ամա խիղճ քեսիբը ի՞նչ անե, նա մնում է հիռու կանգնած իր աչքիրը ճմբռելով, ու քեսիբի աղջիկը պառվում է հոր տանը: Մագրամ նրանք ապրիլ կուզին, ու էնդումեն դենը ի՞նչ միղքերի մեջ չին ննգնում իրանց շուրի ու ապրուստի խաթրու:

Հյուրերից ոմանք համաձայնեցան Մարիամի հետ, որովհետև նրանցից շատերը պառավ և հոր տանը թթված ու քացախած աղջիկներ ունեին: Բայց տիկին Բարբարեի համար փույթ չէր, որովհետև ինքը փող ուներ. նա յուր փողով կարող էր վարագուրել յուր աղջկա բոլոր արատները, եթե կար, և առանց դժվարության կապել նրան մի անբախտ երիտասարդի գլխին:

Երկար այդպիսի և դրա նման խոսակցություններից հետո հյուրերը վեր կացան և կամենում էին հեռանալ: Տիկին Բարբարեն հրամայեց իմացում տալ օրիորդ Սոֆիին, որ դուրս գա հյուրերին ճանապարհ դնելու:

Նա դուրս եկավ բոլորովին այլայլված և շառագունած:

Հյուրերն սկսեցին առանձինառանձին բարի գիշեր ասել և օրիորդ Սոֆիին զանազան խոսքեր ուղղել՝ ոմանք որպես խրատ, ոմանք որպես օրհնություն և ոմանք որպես զվարճություն: Օրինակ` «Սոֆի ջան, շատ ապրիս»: «Սոֆի ջան, բարով մուրազիդ հասնիս»: «Սոֆի ջան, մորդ ղադրն իմացի» և այլ այդպիսի խոսքեր:

Բայց օրիորդը մինչ այն աստիճան շփոթված էր, որ չգիտեր, թե ի՛նչ պատասխանե:

Հյուրերը հեռացան:

Մի քանի րոպեից հետո օրիորդ Սոֆիի սենյակից Մայիլովը գաղտնի դուրս եկավ պատշգամբը և անտեսանելի կերպով հեռացավ:

Օրիորդ Սոֆին թեև այլայլված էր, բայց նույն րոպեին նրա վառվող աչքերի մեջ փայլում էր զվարճություն և շառագունած երեսի վրա խաղ էր անում բավականության ժպիտը, որպես թե նա հասել էր յուր բաղձանքին...:

Հյուրերի գնալուց հետո նա նստեց մոր մոտ: Մայրը նրանից մի քանի բան հարցրեց:

Բայց նրա պատասխաններն անորոշ և հատուկտոր էին: Նա կարծես մտքսվ վերափոխվել էր մի այլ աշխարհ:

Սոֆի, դու այս գիշեր հուզված ես երևում, — ասաց մայրը:

Գլուխս սաստիկ ցավում է, — պատասխանեց օրիորդը:

Դե գնա՛, հանգստացիր, սիրելիս:

Օրիսրդը գնաց յուր ննջարանը, բայց քունը մոտ չեկավ նրա աչքերին: Ամբողջ գիշեր նրա աչքերից չէր հեռանում Մայիլովի սիրուն պատկերը, կարծես. կրկին զգում էր յուր այտերի վրա պատանի գիմնազիստի համբույրները...

Տիկին Բարբարեն նույնպես այն գիշեր խիստ ուշ քնեց: Պառավ Մարիամի խոսքերը մի քանի անախորժ տպավորություններ թողին նրա սրտում: Նա նստած վառ ճրագի հանդեպ՝ երկար մտածեց յուր աղջկա ապագայի մասին, հազարավոր տխուր և ուրախ մտքեր խառնվում էին նրա գլխում:

Մյուս օրն առավոտյան օրիորդ Սոֆին զարթնեց սովորականից խիստ ուշ, նա խիստ հոգնած էր և լավ չէր զգում իրան:

ԺԲ

Մեծ ճանապարհի վրայի գավառական Կ... քաղաքի պանդոկը անտաշ քարերից կառուցած մի հին շինություն էր, ուր իջևանում էին ճանապարհորդները: Պանդոկի ներքին հարկի մի քանի կրպակներ, որոնք բացվում էին դեպի ճանապարհը, հասարակ գինետներ էին, որոնց մեջ դարսոտած էին ահագին ռումբիք կախեթի գինով, արաղով լի տակառներ կամ տկճորներ, մեծ ու փոքր շշեր՝ լիքը զանազան գույնի ներկած արաղով: Առաստտղից քարշ էր արված չորացած ձկներ, ծխի ու փոշիների մեջ սևացած խոզի ազդրեր, մի եփած հնդկահավի կիսան, որ ով գիտե տասն օր առաջ եփված կլիներ, շաքարի կտորներ` չարաճճի ճանճերի ծիրտերով նախշված և թեյի ու ծխախոտի կապոցների մոտ դրած, հին կոնֆետ ապակե ամանների մեջ: Դրանցից մի փոքր հեռու դրած էր սոխով լիքը կողովը, իսկ մի քիչ հեռու պատից կախած էին ճանապարհորդական սայլերի ձիերի երասանակներ, մտրակներ: Մի անկյունում առանձին փայտյա ամանի մեջ անիվների օծանելիք (կուպր), մյուսում պատից քարշ էր ընկած խանութպանի թառը կարմիր գույնով ներկած, սադափով զարդարած, մոտը մի դահիրա և քամանչա, որոնցով շատ անգամ զվարճացնում էր յուր հաճախորդներին խանութպանը, որ մի հաստլիկ, ուռած փորով, կարմիր ու զվարթ երեսով մարդ էր, հագի շորերը փայլում էին կեղտից, կեղծավոր ծիծաղը նրա երեսից չէր պակասում, նա մի գլուխ շատախոսում էր յուր հաճախորդների հետասում, լսում, հռհոում և ուրիշներին ծիծաղեցնում: Այդ բոլորն այնքան խառնուփնթոր, այնքան խայտաճամուկ, այնպես տարօրինակ կերպով էին հարմարվել միմյանց հետ, որ նայողի սրտում սաստիկ անախորժ զգացմունքներ էին ծնեցնում:

Այդտեղ մուժիկները իրանց կեղտոտ թուլուփներով և հարբած սալդաթները իրանց սովորական երգը երգելով, ձեոքները ձգած նույնպես հարբած մի մատուշկայի վզով, խոզերը խորդալով, հրնդկահավերը կարկաչելով, շները կեղծավորաբար իրանց պոչը շարժելով, — բոլորը ուրախ և համարձակ ել ու մուտ էին անում Բաքոսի այդ պղծյալ սրբարանը, ուր հարահրոց, երգ, աղաղակ, անեծք և համբույր, բոլորը միախառնված` խիստ անախորժ և վայրենի մի ներդաշնակություն էին ձևացնում:

Այդ խանութների ետևը ցանկապատած մի փոքրիկ բակ կար. այդ պանդոկի նախագավիթն էր, ուր կանգնած էին ճանապարհորդների սայլերը, մի կոտրած կառք, ձիերի ախոռներ և տավարի աղբի կույտեր, որ բրում էին խոզերը կնճիթներով և իրենց համար կերակուր որոնում:

Այս գավթից մաշված սանդուղքներով մի մուտք տանում էր դեպի պանդոկի վերին հարկը, որ բաղկացած էր մի քանի կացարաններից` ճանապարհորդների օթևանելու համար:

Եթե չի վշտանա մեր պատվելի ընթերցողը, մենք կառաջնորդենք նրան այդ կացարաններից մինը, այնտեղ կրկին անգամ տեսնելու Ճանճուր Իվանիչի երեսը, նրա Կավկա գալուց հետո:

Այդ կացարանը մի փոքրիկ սենյակ էր, շինված ուղիղ ախոռատան վրա, լուսամուտները նեղ, կոտրած ապակիներով, որոնց տեղ կպցրած էին գրոտած թղթեր. մեջը կար նաև մի ահագին քանդված բուխարի: Հատակի վրա, որի աղյուսները վաղուց մաշվելով կոտրտվել էին, տեղտեղ անցքեր էին բացվել, որոնց միջից ախոռատնից ներս էր բարձրանում խմորված թրիքների ժահահոտ և կծու գոլորշին: Սենյակի պատերը, որ առանց պաստառի էին, թեև սևացած էին ծխից ու մխից, բայց տակավին կարդացվում էին նրանց վրա մատիտով կամ ածուխով մակագրություններ, որ գրել էին զանազան ճանապարհորդներ. մինը՝ մի հիմար ոտանավոր, մյուսը` թե ի՛նչպես էր քեֆ արել այնտեղ, մի ուրիշը՝ թե ի՛նչպես վատ էր անցկացրել այնտեղ և թե ի՛նչքան հայհոյանք է ուղարկել պանդոկապետի հասցեին յուր մասին լավ չհոգալու համար, և յուր գրվածքի ներքև ավելացրել էր նաև այս անեծքը. «Ով որ ջնջե, այսպես կամ այնպես լինի», և այլ այդպիսի դատարկաբանություններ:

Այդ սենյակի մի անկյունում դրած էր մի հին մահճակալ եղևնու փայտից, նրա մոտ նույնպես մի հին սեղան, որի երեսը տեղտեղ այրված էր, երևի ճանապարհորդների համար բերած հեշտաեռի տակից թափված կրակից: Սեղանի մոտ էլ երկու փայտյա նստարան, անգույն եղևնու փայտից: Պատուհանում դրված էր մի կոտրած փարչ, որի բերանին մոմ էր անցկացրած և ծառայում էր աշտանակի տեղ:

Դրանք էին միայն այդ տխուր ու տրտում բնակարանի բոլոր զարդարանքը:

Մահճակալի վրա ձգված էր,մի յափնջի, որի վրա Ճանճուր Ւվանիչը թիկն էր տվել յուր ճանապարհի խուրջինին: Նրա հանդեպ նստած էր մի ուրիշ անձնավորություն՝ թթու և խորամանկ կերպարանքով, նիհար և ցամաքած դեմքով, երկայն քթով, ածիլած և սրածայր ծնոտով, փոքրիկ մոխրագույն աչքերով, առանց թերթերունքի կարմիր կոպերով: Նա հագած էր երկայն, սև սերթուկ, կարճ անդրավարտիք, կարճ ժիլետ, այնպես որ տակից երևում էր նրա աղտոտ շապիկը, հագին ահագին կոշիկներ:

Նա յուր բարակ վզին փաթաթել էր հաստ սպիտակ փողպատ, որի տակին թաքնված էր շապկի կեղտոտ օձիքը:

Այդ մարդը կոչվում էր Սիմոն Յագորիչ. Հացի-Գելենց Կավկայի կապալի գործերի գլխավոր գործակատարն էր դա:

Բաս էտպես հա՛, Սիմոն Յագորիչ, — կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ կցելով իրանց ընդհատված խոսակցությունը:

Ապա՜, էտպես, — պատասխանեց Սիմոն Յագորիչը՝ գլուխը տմբացնելով: — Առաջվա ինժեները տուտուց մարդ էր, օրինակ քիզ մե էշ, մենակ ակնջնիրն ու կուդին էր պակաս. նոխտեն անցկացրու գլխին ու ման ածա, վունցոր գուզիս... ի՞նչ էր նրա նոխտեն. մե քանի պաչկա պապիրոս, մե գլուխ շաքար, մե գրվանքա չայ, մե բոթիլ ռոմ նրա տուն տար, մե քանի թուման էլ ձեռքը կոխե, իժում թեկուզ թքե էրեսին, ան ինչ գուզիս արա՜, նա քեզ հիդ բան չունե...

Էտ նուր էկածը վո՞ւնց է, — հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Էտ նուր էկածը մե ռազբոյնիկ մարդ է, ջալդ խաբվելու պտուղ չէ, — տհաճությամբ ասաց Սիմոն Յագորիչը:

Նրա կարծիքով ում որ ինքը չէր կարողանում խաբել, նա ռազբոյնիկ էր և ավազակ:

Է՜հ, քո հորն օղորմի, ի՞նչ իս խոսում, — նրա խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը: — Ես դրանց բոլորի խասյաթը լավ գիդիմ. մանեթի ճոնդը նշանց տու, էն սհաթին հոգի կուտան:

Սիմոն Յագորիչը ձեռքը շարժեց, կարծես երեսի վրայից ճանճ էր քշում:

Էտ խոմ էտենց է, — ասաց նա ներքին համոզմամբ, — համա էս անիծած ինժիները շատ տակետակ օքմին է երևում:

Քանի՞ վուխտ է վուր էկիլ է, — հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Մե ամիս կուլի:

Մե ամի՞ս, — կրկնեց Ճանճուր Իվանիչը, — էտ վուչինչ: «Շամից էկած էշը մե ամսից ավելի չի զռա»: Նրանք օրթումի խաթրու իրանց ղուլուղի առաջին մե ամիսը քրթամից պաս ին մնում. ամա էն դումեն դենը իրանք իրանց չաշկալոշկեն կուսկսին:

Այդ խոսքերր կարծես թե մի փոքր ոգևորեցին Սիմոն Յագուրիչին. նա ոգևորվեցավ, և նրա աչքերը անթարթ նայում էին Ճանճուր Իվանիչին՝ զմայլածի նման:

Պսակվա՞ծ է էտ ինժիները:

Պսակված է ու վուրթիք էլ ունե, — պատասխանեց Սիմոն Յագորիչը:

տ ուփրո լավ. պսակված մարդը ավելի փուղի կարոտ կուլի. հիմա ասա տեհնիմ, քանի՞ տարեկան է:

Քառասունից անց կուլի:

Բաս դա հին գելերեմեն է, — ուրախությամբ խոսեց Ճանճուր Իվանիչը: — Էլ ի՞նչ ինք հոգում. նրա հիդ բանը խիստ հիշտ կուլի շինիր:

Տեհնինք, աստված տա, — պատասխանեց Սիմոն Յագորիչը: — Ես վուր գիշերները վատ էրազներ իմ տեհնում... իմ խիլքին մե քիչ դժար է նստում ձիր ասածնիրը:

Սիմոն Յագորիչը՝ շահասիրության այդ հին որսորդը, այնպես պատկառանքով էր դատում այդ առարկայի վրա, որպես մի սուրբ իրողություն, և վշտացուցիչ տպավորություն էր գործում նրա սրտին այն բանը, թե ինչո՞ւ շուտ չեն խաբվում մարդիկ, որոնց հետ ինքը գործ է ունենում:

Նա հանեց գրպանից քթախոտի տուփը և յուր ցուցամատի ու բթամատի նույն գույնով ներկված պտղունցով առավ էնֆիան և վեր ուղարկեց դեպի քթածակերը: Եվ այդպիսով կծու փոշու զորությամբ մի փոքր գրգիռ տալով ուղեղին, մտաբերեց հեռու անցյալը, և հիշելով առաջվա բարեսիրտ ինժեներներին, խոսեց.

Աստուծ քու բանին ու գուրծին աջողութին տա, Մաքսիմ Պետրովիչ... ի՛նչ լավ մարդ էր նա... Նրա վուխտին խեր ու բարաքաթ կար... ի՞նչիր չէր անում մարդ... պոլկի սալդաթներին տալու սպիրթի մեջ կեսը ջուր էի խառնում. գուքար Մաքսիմ Պետրովիչր փորձելու համա սպիրթը կուտեհներ, աչքերը կու խփեր, գլուխը ժաժ կուտար. «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսեր, բարութից ավելի թունդ է»: Սալդաթնիրը կուբղավեին ու կուճղավեին, թե արտղի տիղ իրանց ջուր ին խմեցնում. «մոլչի, կոսե, տի դուրակ, տի նիչավո նե պանիմաեշ...»:

Էն մեկէլը խոմ, — խոսքը առաջ տարավ Սիմոն Յագորիչը, — Վարլամպի Կալոշնիկովը, դրուստ աստծո գառը. նրա ժուգով կազյոննի շինության փոդրաթում պատերը մենակ թող ագուռ ըլին, մեջն ինչ գուզիս լքցրու... ֆունդամենտը խոմ... իստակ գետնի էրեսին. գուքար Վարլամպի Կալոշնիկովը, մտիկ կոներ, մե քիչ էդ կողմ, էն կողմ ման գուքար, մի տիղ մե քիչ քանդիլ կուտար, ետո ձեռքը մեջքիս կու խփեր՝ «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսե, ստրոենիե կակ բուտտո իզ ժելեզա լիտո»... Էտպես բարի մարդ դժար կուլի, աստուծ գիդենա...

Դրուստ վուր շատ լավ մարդ է էլած, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը: — Խեր տվող մարդիկ են էլած:

Բաս էս անիծած Կուզմինի նմա՞ն, — առաջ տարավ Սիմոն Յագորիչը՝ բարկություն ցուցանելով աչքերում: — Ինչքան գուզիս լավ շինե, գուքա մտիկ կոնե, անպատճառ մե փուտ կուկպցնե. էստեղ ծուռն է, կոսե, էնտեղ մուռն է, կոսե, ան թե չէ կրիշան լավ չէ ծածկած, կոսե, ան թե ֆունդամենտը թույլ է, կոսե, մեկ էլ տեհնիս, էն սհաթեվետ ասաց «լամայ» ու քարուքանդ արեցին: Մե խոսքով՝ իստակ աստծո պատիժ է, խոմ մարդ չէ:

Փիքր չկա, Սիմոն Յագորիչ, — մխիթարելով ասաց նրան Ճանճուր Իվանիչը: — Ես քիզ ասացի, թե դրանք իրանց ղուլուղի առաջին ամիսը էտենց կուլին, մագրամ ամիսը վուր անցկացավ, փուղի լազաթը տեհան թե չէ, կամացկամաց կուսկսին «շուր տու կուլ տուն»:

Աստուծ տա. էտենց ըլի, — պատասխանեց Սիմոն Յագորիչը:

Մագրամ դուն, Սիմոն Յագորիչ, գիդիս ինչ կոնի՞ս, ասիմ քիզ, առուտեհան քաղքեմեն իմ բերած իքմնիրը կու վիր առնիս, կու տանիս էտ Կուզմինի տուն. իրա համա ուրիշ է` իրան կուտաս, կնկա համա ուրիշ է՝ կնկան կուտաս, երեխերքի համա ուրիշ է` երեխերքին կուտաս, ու կտեհնիս տանը էլ ով կա խերով օքմին, մե բան էլ նրան կուտաս, իժում կոսիս. պաչոտնի գրաժդանին աղա Ճանճուր Իվանիչն ուզում է ձիզ տեհնի. էնդի խոսքի միջում մե թահր կու հայտնիս, վուր օսկե մինդալ էլ ունիմ. դուն խոմ գիդիս, քիզ ասիլ պետք չէ. հետո նա ինչ վուխտ կոսե, կեհանք նրան կու տեհնինք. ես նրա գլուխը էնպես եղիմ, վուր նա էլ էգուց ձեռը խփե մեշքիդ ու ասե. «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, վսե խորոշո»: Դուն խոմ գիդիս, ես սատանին կու նալնիմ:

Սիմոն Յագորիչը խոստացավ առավոտյան կատարել նրա այդ պատվերները և յուր մտքի մեջ սկսավ աղոթել վաղվան ձեռնարկության հաջողության համար:

Բայց ճրագվի պատրույգը բոլորովին վառվեցավ: Ներքևի խանութներից ժամացույցի հոպոպը երկու անգամ ձայնեց — «պուպու»:

Գիշերից արդեն երկու ժամ անց էր: Նրանք մի ժամի չափ ևս խոսեցին մթնում՝ Կուզմինի, Կալոշնիկովի և դորանց նմանների վրա, մինչև մահճակալի վրա հենց այնպես թեկն տված Ճանճուր Իվանիչի քունը տարավ, և նա սկսեց խեղդվողի նման խռխռալ: Իսկ Սիմոն Յագորիչը քնեց հատակի աղյուսների վրա՝ փաթաթվելով յուր հին վերարկուի մեջ:

ԺԴ

Մյուս օրվա երեկոյան պահուն Ճանճուր Իվանիչը միևնույն մեզ նախածանոթ կաբայով, միևնույն փափախով, նույն անդրավարտիքով և նույն խարազի չաքմեքով, յուր հաստ մահակը ձեռքին, Սիմոն Յագորիչի հետ դիմում էր դեպի նոր ինժեների տունը:

Գիդի՞ս ինչ կա, Սիմոն Յագորիչ, — ասաց Ճանճուր Իվանիչը, — էս գիշիր ամեն ուստութին պիտինք բանեցնի, վունց որ ըլի բանը դրա հիդ սաղացնինք, թե չէ «խիարը ծուռը կուկանաչի»:

Էտ ես վաղուց գիդիմ, — պատասխանեց խոհեմ գործակատարը:

Բայց դուն ինձ էն ասա, փեշքաշների համա ի՞նչ խոսեցին:

Կնիկը վուր շատ ուրախացավ, երեխեքն էլ էնպես, ամա ինքը մե քիչ ռեխը թթվեցրուց:

Կնիկը ուրախացա՞վ, էդ հերիք է. դրանց նոխտեն իրանց կնկտերանց ձեռին է, ինչի՞ չէր ուրախանա, նա իր կինքումը էնպիսի դեյրացուներ չէ տեհած, կու կարի ու կու հագնի. գուբերնատորի կնիկն էլ կունենա էնպեսը, ա՜յ, ու նրանց երեխերքը ե՞փ կերած կուլին էն թավուր կոնֆետնիր կամ ունիցիլ ի՞ն էնպիսի իգրուշկեք:

Դա՜ , — պատասխանեց խորհրդավոր եղանակով Սիմոն Յագորիչը:

Նա կարծես նույն րոպեին մի ուրիշ բանի վրա էր մտածում, այդ պատճառով ուշադրությամբ չէր լսում Ճանճուր Իվանիչին:

Համա դու ինձ էն ասա, թուղթ խաղում է՞ էտ մարդը:

Խաղում է, — պատասխանեց Սիմոն Յագորիչը:

Խմելու հե՞տ վունց է:

Իշի նման, մի օր ուշյար չիս տեհնի:

Սիմոն Յագորիչի վերջին պատասխանները Ճանճուր Իվանիչի սրտին զգալի ուրախություն պատճառեցին, և նրա երեսն ընդունեց ծիծաղկոտ կերպարանք:

Բաս ասա, փուղի համար մեռած կուլի, էլի՜, Սիմոն Յագորիչ, էլ դարդ մի՛ անի. դրա հիդ բանը ուփրո լավ կուլի սաղացնիլ, — ասաց նա ուրախությամբ, ինչպես որ ուրախանում է դարանագործ որսորդը, երբ նկատում է, թե որսն ընկավ նշանակյալ տեղը:

Բայց միևնույն միջոցին Ճանճուր Իվանիչը զարմանում էր, թե մի մարդ այդ բոլոր բարի հատկությանները, ինչպես կոչում էր նա, ունենալուց հետո, ի՞նչպես է կարողացել ազատվել Սիմոն Յագորիչի ճանկերից ու նրա կամքին գերի չէ դարձեր: Այդ մտածմունքը ծնեցնում էր նրա մեջ մի փոքր անախորժ զգացմունք, և նա ենթադրում էր, թե Կուզմինը մի այնպիսի առանձնահատկություն ունի, որ չէ խոնարհվում Սիմոն Յագորիչի խորամանկության կարող զորությանը: Բայց միևնույն րոպեին նա իրեն քաջալերում էր` ասելով. «Ինչ կուզի թող ըլի, փուղը նրան կատու կու շինե»:

Մի փոքրիկ հասարակ տան մեջ, որ բաղկացած էր երեք սենյակներից, բնակվում էր Կուզմինը: Ճրագը մի ժամ առաջ արդեն վառել էին նրանց կացարանում: Ւնժեները յուր գերդաստանի հետ բոլորած էին թեյի սեղանի շուրջը:

Կուզմինը կլիներ ավելի քան քառասուն տարեկան, բարձր հասակով և լղար կազմվածքով: Նրա գլխի մազերը և դեմքը գետնախնձորի գույն ունեին: Երեսը նիհար էր և երկայն, ծնոտները բարձր, քիթը կարճ և սրածայր, աչքերը նեղ, մռայլոտ, կապույտ,հոնքերը լերկ, երեսի գծագրությունը կոշտ և արտահայտությունը սառն, անխորհուրդ և թմրած, ինչպես որ առհասարակ լինում է գինեմոլների դեմքը:

Նրա մոտ նստած էր մի հաստլիկ կինարմատ, որի ծնոտի ներքևի մսանները այնպես էին կախ ընկած, որ տեսնողը կկարծեր, թե երկու կզակ ունի. դեմքն ուռած էր. շատ գիրությունից հազիվ էին տեսնվում նրա պսպղուն նեղ աչքերը և սրածայր քիթը: Նրա գիսակը շեկ գույն ուներ, իսկ հոնքերը հազիվ էին նշմարվում: — Դա Կուզմինի կինն էր:

Մի քանի մեծ ու փոքր երեխա ցատկոտում էին նրանց շուրջը, իսկ սեղանի մոտ թեյ էր պատրաստում ինժեների մեծ աղջիկը` մի նորահաս, կլորիկ օրիորդ, մոր նման չաղլիկ, սակայն բավական ախորժելի կերպարանքով:

Ինժեներին հայտնեցին Ճանճուր Իվանիչի գալուստը:

Ասա՛ թոդ գան, — հրամայեց նա ծառային:

Նախասենյակում Ճանճուր Իվանիչը հանդիպելով մաքուր հագնված փոքրավորին, նրան տանտերը կարծեց և փառավորապես գլուխը խոնարհեցրեց, բայց Սիմոն Յագորիչը զգուշացրեց, թե նա չէ տանտերը:

Նրանք ներս մտան:

Սիմոն Յագորիչը, որպես նախածանոթ, ներկայացրեց նրան Ճանճուր Իվանիչին:

Ճանճուր Իվանիչը յուր գիտցած բոլոր քաղաքավարությունները գործ դրեց. առաջ տանտիկնոջ ձեռքը սեղմեց, հետո տանտիրոջ, ապա աղջկա և երբ մոտենալով կամենում էր երեխաների երեսը համբուրել, նրանք զարհուրելով նրա սարսափելի դեմքից՝ ճչացին ու փախան: Սիմոն Յագորիչը նրանց հանդարտեցրեց, ասելով, թե «մի՛ վախենաք, Ճանճուր Իվանիչը դյադուշկան է, որ ձեզ համար քաղցրավենիք և խաղալիքներ է ուղարկել»:

Երեխայքը մի փոքր հանգստացան:

Ինժեներն ընդունեց Ճանճուր Իվանիչին խիստ ուրախ դեմքով և նստեցրեց յուր մոտ՝ կիսաթախտի վրա: Առաջին խոսակցությունները եղան սովորական հարց ու փորձեր միմյանց առողջություններից և թե ո՛րքան ժամանակ է մնալու Ճանճուր Իվանիչը այդ քաղաքում:

Ճանճուր Իվանիչը ստիցղորդից, որքան ներում էր նրա լեզվի ճարտարությունը, բավական դուրս տվավ. պատմեց Թիֆլիսի նորություններից, ավելացրեց և մի քանի քաղաքական հին լուրեր, բայց յուր այնտեղ կարճ կամ երկար մնալու մասին ասաց, որ այդ կախված է ինժեների բարեսրտությունից:

Ես կաշխատեմ պատճառ չտալ ձեզ այստեղ երկար մնալու, — պատասխանեց ինժեները:

Ճանճուր Իվանիչը մինչև գետին երկրպագեց:

Ասացեք, խնդրեմ, Սիմոն Յագորիչը գո՞հ է ինձնից, — հարցրեց ինժեները ծիծաղկոտ դեմքով:

Ով որ ձեզնից գանգատի, կնշանակե, որ յուր աչքերիցն է գանգատում, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը: — Դուք այնքան բարի եք, որ անկարելի է ձեզնից գոհ չլինել: Սիմոն Յագորիչը ոչ միայն այստեղ է շատ անգամ ինձ հայտնել, որ շնորհակալ է ձեզնից, այլ այդ ամենի մասին գրել էր ինձ իմ Թիֆլիս եղած ժամանակ:

Ոչ, ես մի այնպիսի բան չեմ արած, որ որևէ արժեք ունենար, բայց այսքանը դարձյալ բավական կլինի, եթե Սիմոն Յագորիչը ինձնից գանգատավոր չլինի:

Нет, тот который маленький не знает и большой не знает, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը, կամենալով հայտնեյ թե նա, ով որ փոքր բարերարությունը չգիտե, մեծն էլ չէ կարող գիտենալ:

Կուզմինը ժպտաց:

Ո՛րքան բարի մարդ եք, Ճանճուր Իվանիչ, — ասաց նա:

Ես ամենայն կերպիվ պատրաստ եմ ձեզ ծառայելու, — կրկնեց Ճանճուր Իվանիչը:

Այո՛, դուք բարի մարդ եք, — մյուս կողմից ասաց ինժեների կինը ուրախությամբ:

Շնորհակալ եմ իմ մասին լավ համարում ունենալուդ համար, — դարձավ դեպի նա Ճանճուր Իվանիչը: — Խնդրեմ ասեք, արդյոք հավանեցա՞ք այն մատերիաները:

Շատ լավն էին, շնորհակալ եմ, — պատասխանեց տիկինը:

Բայց ես ձեզ հայտնում եմ՝ այսուհետև ինչ որ ձեզ համար կամ երեխաների համար հարկավոր կլինի, ինձ գրեցեք, ես կառնեմ այնտեղից և կճամփեմ:

Ոչ, հարկավոր չէ՛ ձեզ նեղություն տալ, — պատասխանեց տիկինը:

Մայրի՛կ, խնդրեցե՛ք ինձ համար մի դերիացու նույն կտորից, որ ձեզ համար առել է, — մյուս կողմից խոսեց ինժեների մեծ դուստրը:

Ա՜խ, ես մեղավոր եմ ձեզ մոտ, — բացականչեց Ճանճուր Իվանիչը` վեր կենալով նստած տեղից և դառնալով դեպի օրիորդը ձեռքը սրտին դնելով, — միայն մեծ հանցավորը Սիմոն Յագորիչն է, որ չէր հայտնել ինձ, թե պարոն Կուզմինը ձեզ նման հասուն և արժանավոր դուստր ունի: Ներեցեք, խնդրեմ, ես քաղաք հասածիս պես ձեզ համար այնպիսի դերիացուք կճամփեմ, որ ամենքի նախանձը շարժեք:

Օրիորդը իր շնորհակալությունը հայտնեց՝ գլուխը խոնարհեցնելով:

Ի՞նչ եք անհանգստացնում դյադուշկին, — սաստեց նրանց Կուզմինը:

Ոչ՛, պարոն Կուզմին, — նրա ձեռքը բռնելով ասաց Ճանճուր Իվանիչը, — դուք վշտացնում եք ինձ, մենք արդեն հասարակ ծանոթներ չենք, այլ մոտիկ բարեկամներ. ձեր բոլոր պիտույքները հոգալն այսուհետև լինելու է ինձ համար ընտանեկան պարտավորություն:

Կոլզմինը հրճվելով գրկեց Ճանճուր Իվանիչին.

Ախ, դուք բարի ծերունի, — բացականչեց նա: — Ես արժանի չեմ ձեր այսչափ ազնվահոգությանը:

Խոսակցությունը գնալով եղավ ընդհանուր: Ճանճուր Իվանիչը որսին բոլորովին տիրացած էր համարում: Բայց տակավին գործ էր դնում յուր սովորական մարդահաճության զենքերը: Սիմոն Յագորիչը նույնպես մի փոքր քաջալերվելով ինժեների դյուրին անձնատուր լինելուց, շուտշուտ Էնֆիայից ճարակ էր տալիս յուր քթին՝ մեծ բավականությամբ: Նրանք նշմարելով, որ բավական նստեցին, Ճանճուր Իվանիչը խնդրեց ինժեներին, թե նրա հետ առանձին խոսելիք ունի:

Կուզմինը վեր կացավ, նրանք մտան կից սենյակը:

Ճանճուր Իվանիչը կարդաց մի ամբողջ գայլի շարական և վերջացրեց այս խոսքերով.

Դուք, պարոն Կուզմին, իբրև այս քաղաքում մի նորեկ մարդ, ձեր ծախսերից մի քիչ թեթևանալու համար, խոնարհաբար խնդրում եմ, ընդունել ինձնից այս չնչին գումարը:

Խնդրեմ, խնդրեմ, Ճանճուր Իվանիչ, — խոսեց Կուզմինը հրաժարվելով, — ես իմ ծախսերի համար ոչինչ նեղություն չունիմ:

Բայց և այնպես, սև օրվա համար պետք կգա:

Ես չեմ կարող ընդուներ:

Ես գիտեմ, որ դուք այնքան իստակ մարդ եք, որ իմ այսպիսի մի առաջարկությունը վշտացնում է ձեզ. բայց դուք աչքի առաջ ունենալով այն իրողությունը, թե ընդունում եք ձեր հավատարիմ բարեկամից ո՛չ թե իբրև կաշառք, այլ իբրև բարեկամական օգնության մի նշան, հուսով եմ, որ դուք չեք մերժիլ իմ խնդիրը:

Խնդրեմ, Ճանճուր Իվանիչ, — կրկնեց Կուզմինը: — Դուք բռնաբաբում եք իմ խղճմտանքս:

Ես հուսով եմ, որ դուք այնքան բարի կլինեք, որ բոլորովին գոհունակ ճանապարհ կգնեք ինձ ձեր տանից:

Կուզմինը լռեց:

Նրա լռությունն արդեն նշան էր հաճության: Ճանճուր Ւվանիչը դրեց նրա գրպանը մի հաստ կապոց թղթադրամ:

Նրանք դուրս եկան սենյակից:

Սիմոն Յագորիչը մի անգամ հազաց, կամենալով այդ խորհրդավոր նշանով իմանա, հաջողվեցա՞վ թե ոչ:

Ճանճուր Իվանիչը երեք անգամ հազալով իմաց տվավ, թե գործը հաջողվեցավ: Նրանք վեր կացան, կամենում էին գնալ:

Ո՛չ, չի՛ կարելի այդպես շուտ, — ասաց Կուզմինը:

Մնացեք ընթրիքի, — խնդրեց կինը:

Այժմ ներեցեք, մյուս անգամ կգամ, երկար կխոսենք, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը:

Ուրեմն սպասեցեք, խնդրեմ, գոնե միմի բաժակ պունչ, — ասաց ինժեները:

Այդ բարի բան է, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը:

Ինժեների աղջիկը պատրաստեց երեք բաժակ պունշ ռոմով: Նրանք վեր առան բաժակները, իրար շրխկացրին ևձեր հրամանոց կենացը, ձեր հրամանոց կենացը» ասելով ու միմյանց գլուխ տալով խմեցին:

Ճանճուր Իվանիչը ամենի ձեռքերը մին-մին սեղմեց, բարի գիշեր ասաց, համբուրեց երեխաների երեսը, որոնք բավական ընտելացել էին նրան, և նրանք հեռացան:

Какой он славный человек!, — ասաց Կուզմինը նրանց գնալուց հետո:

Да, очень благородный господин, — պատասխանեց կինը:

Դուրսը շատ մութն էր: նրանք խարխափելով էին գնում ցեխերի միջով, որ գոյացել էր նորեկ անձրևից:

Հիմի հավանում ի՞ս իմ խիլքը, — ճանապարհին ասաց Սիմոն Յագորիչին Ճանճուր Իվանիչը: — Տեհա՞ր, ա՛յ էդպես կավսունին (կթովեն) մարդու հա՜:

Աստուծ գիդենա, աղա, դուն զորբա ուստա իս էլի, — պատասխանեց Սիմոն Յագորիչը: — Իսկի չէի հավատում, վուր էտ շանվուրթին խիլքի գուքա:

Ուղուփ գուզե, Սիմոն Յագորիչ, խիլք գուզե, իմաստութին գուզե, ինչկլի բանը բան դառնա. միր աշխարքը ուստութինով ին կերած, չէ թե զոռով: Փուղ դատիլը ամեն մարդու բան չէ, — խոսեց Ճանճուր Իվանիչը՝ ներքին համոզմամբ:

Աստուծ գիդենա, դրուստ իս ասում, — պատասխանեց Սիմոն Յագորիչը, որպես թե լսում էր մի ճշմարտություն:

Էս ինժիների աչքերը քոռացրինք, էստումեն դենը ինչ գուզիս արա, Սիմոն Յագորիչ, էլ Կուզմինը քու շինութինների համա չի ասի լոմայ: Դա էլ են առաջվանների պես էգուց էլօր ձեռքը կու խփե մեջքիդ, «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսե, տվայա ստրոենիե կրեպկի, կակ ժելեզո»:

Սիմոն Յագորիչը ուրախությունից սկսավ ծիծաղել:

Ես իսկի մտքեմես չէի անցկացնում, վուր դա քրթամ կուառնե, — ասաց նա:

Ի՞նչ իս խոսում, օրհնած, մարդ կուլի՞ վուր փուղ չսիրե: Աստուծ ինքը քրթամը սիրում է: Ինչկլի խունկ, մոմ, մատաղ չիս անում, ինչկլի սրբերին բարեխոս չիս քցում, նա քիզ չարից չէ փրկում, — ասաց Ճանճուր Իվանիչը՝ զարմանալով յուր գործակատարի դատողության վրա: — Էս ղուլուղի մարդկանց ջեբը նրա համար ին ետնեն կարած, վուր նրանք խաչավետարանի վրա օրթում ին ուտում, վուր քրթամ չառնին, ու դրա համա էլ ձեռքով չին առնում. ամա վուր մարդ ետնեն ջիբն է կոխում, աչքով չին տեհնում, էլ չին խոսում:

Այդպիսի բաներ խոսելով, միմյանց իրանց սրտի ուրախությունը հայտնելով, ինժեներների թուլությունների վրա ծիծաղելով, Ճանճուր Իվանիչը յուր գործակատարի հետ ամենևին չզգացին, թե ինչպես հասան պանդոկ:

Մտնելով իրանց կացարանը, Սիմոն Յագորիչը մոմ վեր առավ տարավ ներքև խանութում վառելու, որովհետև լուցկի չունեին, բերելիս անիրավ քամին հանգցրեց, կրկին դարձավ, էլի հանգցրեց: Ճանճուր Իվանիչը վերևում, խավարի մեջ կանգնած սպասում էր. երկար սպասելուց հետո նա դուրս եկավ, տեսավ քամին չէր թողնում մոմը վառվի:

Տո՛, օրհնած, էտպես կու բերի՞ն, մե բան բռնե գլխին, էլ քամին չի կանա հանգցնի:

Սիմոն Յագորիչը շուտով շլապկեն գլխից առավ և հովանի արեց մոմի վրա: Այդ հնարքով թեև նա առանց հանգցնելու մոմը բերավ իրանց կացարանը, բայց շատ ցավեցավ, երբ տեսավ, որ շլապկեն բավական տեղ այրվել է. ջուր ածելու փոխանակ թքեց այրված տեղի վրա, մատներով հանգցրեց, մոմ ածողի ու կրակ մոգոնողի հերն ու մերն անիծեց, մի փոքր էլ բարկացավ, բայց Ճանճուր Իվանիչը նրան մխիթարեց՝ ասելով.

Վնաս չունի, ջանդ սաղ ըլի:

Սիմոն Յագորիչը հանդարտվեցավ: Սենյակը լուսավորվեցավ: Ճանճուր Իվանիչը նստեց մահճակալի վրա. նրա դեմքն արտահայտում էր լիակատար բավականություն: Սիմոն Յագորիչը նստեց տաբուրետի վրա նրա հանդեպ, բայց նրա դեմքը գոհունակություն չէր ցույց տալիս: Երևի գլխարկի այրվելը նրան ցավեցրեց:

Следующая страница