Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արամբին

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

ԱՐԱՄԲԻՆ

I

Առավոտյան տասն ու մեկ ժամն էր: Այրի Նատալիան զգուշությամբ բաց արավ յուր երիտասարդ կենողի սենյակի դռներն և հարցրեց.

Պարոն Ռոստամյան, սուրճ կկամենա՞ք անուշ անել:

Ուղարկեցեք մի բաժակ, — ասաց Ռոստամյանը, որ սեղանի մոտ նստած, զբաղված էր գրությամբ:

Այրին դռները ծածկեց և մի րոպեից հետո կրկին երևեցավ, երկու ձեռներով բռնած մի մատուցարան, որի վրա դրած էին մի բաժակ սուրճ և մի բուռ քաղցր պաքսիմատ:

Այսօր ես եմ եփել, Պետրեն միշտ փչացնում է, — ասաց նա, և բաժակը վերցնելով, հանդիսավոր կերպով դրեց Ռոստամյանի առջև:

Մինչև բաժակն դատարկելն այրին, նստած յուր կենողի դեմ ու դեմ, նայում էր նրա երեսին:

Հավանեցի՞ք, — հարցրեց նա, երբ Ռոստամյանը շտապով խմեց սուրճն ու վերջացրեց:

Շնորհակալ եմ, շատ լավն է, — պատասխանեց վերջինն և գրիչը վերցրեց:

Մի քանի րոպե, դատարկ բաժակը ձեռին, այրի Նատալիան անշարժ կանգնած էր և մտիկ էր անում յուր երիտասարդ կենողին: Վերջինը, կարծես մոռացած նրա ներկայությունը, գլուխը քաշ, մերթ գրում էր, մերթ մտածում:

Ստեփան Գրիգորիչ, — արտասանեց այրին, բաժակը դնելով սեղանի ծայրին և ինքը նորից տեղավորվելով աթոռներից մեկի վրա:

Ռոստամյանը գլուխը բարձրացրեց և նայեց այրիի երեսին:

Ստեփան Գրիգորիչ, բավական է, ասում եմ ձեզ, բավական է, մեղք եք, աստված վկա մեղք եք: Ես չեմ ասում, թե մի գրեք ու կարդաք, է՛ հ, ինչքան ուզում եք պարապեցեք, բայց մի քիչ էլ ձեր առողջության մասին հոգացեք: Չէ՛, որդի, այդպիսով դուք վերջը ձեր սիրտը կմաշեք, ես ձեզ սիրելուց եմ ասում: Ա՛յ, այդպես էր, իսկ և իսկ այդպես էր իմ Գիգոլն էլ, բայց վերջն ինչ եղավ... Ախ, Գիգոլ Գիգո՛լ...

Այրիի դեմքն արտահայտեց խորին դառնություն, աչքերի մեջ փայլեցին արտասուքի կաթիլներ: Ռոստամյանը լուռ տհաճությամբ լսում էր նրա խոսքերը:

Երկարատև նստակեցությունը, ծանր մտավոր աշխատությունը, ձմեռային անքուն գիշերները միևնույն սեղանի քով, միևնույն գործովերեսնամյա երիտասարդի դեմքի վրա դրոշմել էին ծերության առաջին կնիքը: Նրա երեսի թուխ կաշին տեղ-տեղաչքերի ներքո, միշտ սեղմված բերանի անկյուններումնշմարելի կերպով կնճռվել էին: Իսկ ուղղագիծ, սակավ ինչ սրածայր քթի կողմերից սկսած դեպի վայր գծավորվել էին երկու խորշեր, իբրև տոկուն աշխատության և մտքերի հարատև լարման ապացույց: Այս էր, որ մելամաղձային արտահայտություն էր տալիս նրա դեմքին: Բայց արտաքուստ վաղաժամ թառամած երիտասարդի խոշոր մուգ-շագանակագույն աչքերի մեջ փայլում էր մի տեսակ մանկական անմեղություն, որ մանավանդ գրավիչ էր, երբ նա ժպտում էր կամ ծիծաղում: Մարմնապես տակավին նա առողջ էր զգում իրան: Աշխատում էր որպես լարված մի մեքենա: Օրվա մեջ տասն ու չորս ժամ պարապելը նրա համար սովորական էր, իսկ ձմեռըերբեմն ավելի:

Այրի Նատալիան ակնհայտ փաստերով հաստատում էր, թե երիտասարդը չպիտի այդ տեսակ կյանք վարի, թե «մարդ մի անգամ է ծնվում, ոչ թե երկու անգամ», թե հարկավոր է, որ նա աշխարհի զվարճությունների մասին էլ մտածի: Եվ բարեսիրտ կինն ուղիղ չորս տարի էր, որ այսպես խրատում էր նրան, մայրական անկեղծ ցավակցությունից դրդված: Հայտնի էր նրան, որ Ռոստամյանը մի պանդուխտ երիտասարդ է, զուրկ ծնողներից, հեռու ազգականներից, միայնակ, ինչպես լերկ ժայռի ճակատին բուսած մի վայրենի ծառ: Այրին ինքը, բացի մի ամուսնացած աղջկանից, ուներ մի որդի, որ ուսանում էր Պետերբուրգի համալսարանում: — Միայն մի արու որդի, իսկ մյուսը, որ անդրանիկն էր, մեռել էր ուսանող ժամանակ: Այրին յուր Գիգոլի վաղահաս մահը վերագրում էր ուսմանն և գրքերին: Մորմոքվում էր նրա սիրտն, երբ մտածում էր, թե նրա միակ Գաբոն ևս այժմ նույն կյանքն է վարում, ինչպես մյուս եղբայրն և ինչպես ահա այս երիտասարդը: Ուստի, խրատելով Ռոստամյանին, նրան թվում էր, թե խրատում է և՛ յուր հարազատ որդուն, թե այն, ինչ որ ասում է առաջնին, հասնում է և՛ վերջնի լսելիքին: Ո՛րպիսի քնքշությամբ նա աշխատում էր մեղմացնել այն պաղությունը, որով շրջապատել էր իրան այդ մենակյացը: Բայց ապարդյուն, համառ մենակյացը, բացի յուր գրքերից, ձեռագրներից և սենյակի չորս պատերից, եթե սիրում էր մի ընկերություն, այդ յուր ներքին աշխարհն էր:

Ապարդյուն մնաց և այսօր այրի Նատալիայի մայրական հանդիմանությունը: Նա մատուցարանը վերցրեց և լուռ դուրս գնաց, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, որ արտահայտում էր և՛ սաստիկ տարակուսանք, և՛ անկեղծ սեր, և՛ երկյուղ: Մի փոքր անցած՝ նա դարձյալ ներս մտավ, այս անգամ հագնված-պատրաստ ուր որ է գնալու համար:

Ստեփան Գրիգորիչ, այս բանալին էլի թողնում եմ ձեզ մոտ, — ասաց նա, մի մեծ բանալի դնելով Ռոստամյանի սեղանի ծայրին, — ես գնում եմ Կատոյի մոտ. Պետրեին էլ հետս տանում եմ: Եթե բնակարանն ուզող լինի, գինր խոմ գիտեք, մի կոպեկ էլ չպակասեցնեք հիսուն մանեթից: Լսո՞ւմ եք, մի կոպեկ էլ:

Շատ լավ:

Այրին գնաց, Ռոստամյանը, յուր ընդհատված մտքերն ամփոփելու համար, մի քանի վայրկյան դժգոհ հայացքը ձգեց լուսամուտից դեպի դուրս:

Գեղեցիկ էր այն օրվա եղանակը: Այդձմեռավերջի այն օրերից մեկն էր, երբ մարդու սիրտը լցվում է անորոշ անձկությամբ, և նա հոգով ձգտում է օրով առաջ դեպի գարուն: Պարզ, անխառն էր երկինքը. մի շաբաթ էր, որ նա չէր սքողվում ամպերով: Միայն հյուսիսից երբեմն բարձրանում էին մոխրագույն թուխպեր և տարածվում հորիզոնի ստորին կողմերում, բայց կեսօրվա դեմ, հանդիպելով օդի ջերմ հոսանքին, ինքն ըստ ինքյան արագ չքանում էին երկնային տարածության մեջ:

Նույն վայրկյանին, երբ Ռոստամյանը նայում էր դեպի դուրս, նրա լուսամուտը առջևով, զորեղ ձեռքից արձակված քարերի պես, սլանում էին սրաթռիչ ճնճղուկները, խաղաղ օդը շարժելով իրանց թևերի արագ հարվածներով: Ախտաբորբոք աղավնիների մի երամ, դիմացի ցածրաշեն տան կտուրի վրա նստած, կտցահարում էր միմյանց: Ամեն ինչ հրճվում էր գարնան մերձավորությամբ, անգամ մենակյացի սենյակի փոքրաթիվ ճանճերը, որոնք, սև բիծերի նման կպել էին լուսամուտի ապակիներին և ախորժելի թմրության մեջ չէին շարժվում իրանց տեղերից:

Հեռու տարածության մեջ երևում էր Թիֆլիսի հյուսիսային շրջակայքըԿոլոնիան, Մուշտայիդի անտերև ծառերի սև խտությունը, օձապտույտ Քուռի գեղեցիկ հովիտը և ապա հեռու ու ավելի հեռու լուսավորվում էին Կովկասյան լեռներն, որոնց մեջ թագավորում է Կազբեկն, ինչպես մի պատկառելի նահապետ, շրջապատված յուր զավակներով: Նորեկ ձյունի թարմ ծալքերով ծանրաբեռնված բարձրագագաթ լեռան վրա, բացի մի քանի ուղղահայաց ժայռերից, որոնց վրա ձյուն չի նստում, չէին երևում այն սև գծերն և մեծ խորշերը, որ փորվում է նրա կրծքի վրա միջնամառային հրատապ շոգերից: Յուր սպիտակ զգեստավորության մեջ նա նայում էր ուրախ, սառուցք դարձած ձյունի բյուրավոր աստղիկներով ժպտալով արևի երեսինձմեռային արևի, որի ջերմությունը տակավին անզոր էր թափանցել նրա ստորոտային կեղևի մեջ անգամ: Կարծես, օդի մաքրությունը սեղմել, կարճացրել էր հարյուր վերստ տարածությունը, այնքան հսկայական լեառը Ռոստամյանի լուսամուտից երևում էր պարզ ու որոշ, նկարված հակնթագույն երկնակամարի վրա:

Անցել էր կես ժամ այրի Նատալիայի դուրս գնալուց: Ռոստամյանը նոր խորասուզվել էր յուր գործի մեջ: Հանկարծ լսվեց փողոցային դռների զանգակի ձայնը: Սկզբում Ռոստամյանը ուշադրություն չդարձրեց, բայց երբ ձայնը մի քանի անգամ կրկնվեց, տրտնջալով դուրս եկավ և մուգ-կարմրագույն փայտաշեն մաքուր սանդուղքով ցած իջավ: Նա բաց արավ դռներն և պատրաստ էր բարկացած արտասանել, «ի՞նչ եք կամենում», երբ նրա առջև բացվեց մի պատկառելի պատկեր: Նա, փոխանակ կոշտ հարցը տալու, հարգանքով հետ քաշվեց:

Դա մի բարեդեմ ծերունի էր, ալեխառն մազերով ու միրուքով, հագնված խիստ մաքուր և հարուստ: Մի ձեռով հենված ձեռնափայտի վրա, մյուս թևի տակ նա սեղմած ուներ բազուկը մի երիտասարդ կնոջ, որի դեմքը կիսով չափ ծածկված էր նուրբ կինեմոնագույն շղարշով:

Ասացեք, խնդրեմ, այստե՞ղ են բնակարան վարձով տալիս, — հարցրեց ծերունին դուրեկան ձայնով և քաղաքավարի կերպով գլխարկի ծայրը քիչ շարժեց:

Այո, — պատասխանեց Ռոստամյանը, նույնպես գլուխ տալով:

Կարելի՞ է տեսնել:

Բարեհաճեցե՛ք:

Նա մի կողմ քաշվեց, որ ճանապարհ տա ծերունի տղամարդուն և երիտասարդ կնոջր:

Բնակարանր գտնվում էր պատշգամբի մյուս կողմում, ուղիղ Ռոստամյանի բնակարանի դեմ ու դեմ: Երեք ամիս էր, որ նա դատարկ էր, և այս երեք ամսվա ընթացքում, գրեթե ամեն օր, այրի Նատալիան Ռոստամյանին խնդրում էր վարձողներ գտնել: Տունը սեփական էր և մնացել էր այրիի հանգուցյալ ամուսնուց, իբրև միակ ժառանգություն: Մայր ու որդի ապրում էին այդ տան եկամուտով: Ներքին հարկը վարձած էր մի ռուս պաշտոնյայի ընտանիք, վերին հարկի կես մասի երկու սենյակներում բնակվում էր ինքն այրին, իսկ մյուս երկուսում՝ Ռոստամյանը: Դատարկ բնակարանը կազմում էր վերին հարկի երկրորդ կեսը: Ուստի նրա պարապությունը բավական դժվարացնում էր այրիի ապրուստը:

Ռոստամյանն անծանոթներին առաջնորդեց դեպի վարձվելի բնակարանը:

Խոնավ չէ՞, — հարցրեց ծերունին, առաջին սենյակը մտնելով և, ինչպես սովորաբար լինում է, առաջին հայացքն առաստաղին ձգելով:

Ամենևին ոչ:

Երիտասարդ կինը շտապով մոտեցավ այս ու այն լուսամուտին, նայեց դեպի փողոց: Դա մոտ քսան ու հինգ տարոք, ավելի բարձր, քան միջահասակ, դեմքի կանոնավոր գծագրությամբ, առողջ կազմվածքով մի էակ էր: Տիկին էր նա, թե օրիորդՌոստամյանը չկարողացավ որոշել: Նույն վայրկյանին, երբ երիտասարդ կինն երեսը դարձրեց դեպի ծերունին, Ռոստամյանի հայացքը հանդիպեց նրա աչքերին, և նա, որ ամոթխած էր, անվստահ, մինչև անգամ երկչոտ կանանց վերաբերմամբ, շփոթված, աչքերը դարձրեց մյուս կողմ:

Ծերունին անցավ մյուս սենյակները: Երիտասարդ կինը հետևեց նրան:

Առաջինն ուշադրությամբ զննում էր բնակարանի ամեն մի սենյակն և երբեմն ֆրանսերեն լեզվով յուր նկատողությունները հաղորդում էր երիտասարդ կնոջը:

Խոհանոց ունի՞, — հարցրեց նա:

Ունի,

Մաքո՞ւր է:

Տեսե՛ք:

Երբ խոհանոցը, պատշգամբը, գավիթը, ամեն ինչ ծերունին տեսավ և չորս սենյակները մի անգամ ևս զննեց, դարձավ երիտասարդ կնոջն և ասաց.

Հարմար է:

Խոսեցին գնի մասին: Ծերունին նորից սկսեց խորհրդակցել երիտասարդ կնոջ հետ:

Այդ միջոցին Ռոստամյանն ուշադրությամբ սկսեց դիտել նրան: Ոչ մեկն և ոչ մյուսն յուր արտաքին տեսքով թիֆլիսեցու նման չէր: Պարզ էր, որ եկվորներ էին: Նրանց դեմքերի գծագրությունն և գույնը հայկական էին, թեև խոսում էին Ռոստամյանի հետ մաքուր ռուսերենով, մանավանդ երիտասարդ կինը: Տեղ-տեղ ծերունու արտասանությունը շեղվում էր բուն ռուսականից, հիշեցնելով հյուսիսային Կովկասի հայերին հատուկ արտասանությունը: Բայց հետաքրքրելին այս չէր Ռոստամյանի համար: Հենց առաջին հայացքից նա երիտասարդ կնոջ խոշոր, պարզագույն աչքերի մեջ նկատել էր մի խորին թախիծ: Այդ ոչ խոնջության նշան էր, ոչ և անցողիկ մի դառնություն. ինչ որ ծանր մտախոհության կամ հոգեկան մի անբաժան վշտի արտահայտություն էր այն, որ նշմարվում էր երիտասարդ կնոջ դեմքի բոլոր գծերի մեջ:

Ծերունին, խորհրդակցելու միջոցին, անկնածությամբ մտիկ էր անում նրան և թվում էր երբեմն, որ նա չի համարձակվում ուղիղ նրա տխուր աչքերի մեջ նայել:

Երիտասարդ կինը խոսում էր հոգնակի դեմքով, իսկ ծերունին-եզակի:

«Երևի հայր ու դուստր են», — մտածեց Ռոստամյանը, միևնույն ժամանակ նկատելով այդ կանացի և այդ այրական դեմքերի մեջ արյունակիցների նմանություն, որ տարիների և սեռերի տարբերությունը չէր քողարկում փոքր ի շատե դիտող աչքերից:

Ահա ձեր կանխավճարը, — ասաց ծերունին, մի հատ տասը ռուբլիանոց թղթադրամ տալով Ռոստամյանին, — մենք կտեղափոխվենք վաղը:

Բայց, ասացե՛ք խնդրեմ, — խոսեց այս անգամ երիտասարդ կինը, մի ուշադիր հայացք ձգելով Ռոստամյանի վրա, — այս գավթում կամ հարևանության մեջ աղմուկ լինո՞ւմ է:

Այդ կողմից կարող եմ երաշխավոր լինել, որ ոչ ոք ձեզ չի անհանգստացնիլ:

Գիտեք, իմ աղջիկն աղմուկ չի սիրում, — մեջ մտավ ծերունին, — այս պատճառով էլ մենք քաղաքի կենտրոնում չենք վարձում բնակարան:

Երևի նորեկներ եք դուք, — ասաց Ռոստամյանը:

Այո, այո, մի ամիս չկա, որ եկել ենք Ռուսիայից:

Հյուրանոցում երկար բնակվել անհնարին է, մանավանդ այստեղի հյուրանոցներում: Իսկ դուք այս տան տե՞րն եք:

Ոչ, կենող եմ:

Ձեր ազգանո՞ւնը:

Ռոստամյան:

Մեղ հարկավոր է ծանոթանալ միմյանց հետ, — ասաց ծերունին, Ռոստամյանի ձեռը սեղմելով, — Մինաս Կիրիլլիչ Քիրիշչիևսա էլ իմ աղջիկն է, Վարվառա Մինաևան:

Դուրս գալու ժամանակ երիտասարդ կինը մի անգամ ևս լուսամուտից հայացք ձգեց դեպի քաղաքի հեռավոր շրջակայքն և արտասանեց.

Ի՛նչ հրաշալի տեսարան է:

Ռոստամյանը լսեց նրա ծանր և երկար հոգոցը: Երբեք նա մի կնոջ երեսին երկու անգամ միմյանց հետևից նայած չէր, ո՛չ դրսում, ո՛չ մի տան մեջ, եթե երբևիցե նա գտնվել էր մի տան մեջ կանանց շրջանում: Բայց այդ ավելի նիհար, քան թե գեր, սակավ ինչ գունատ թախծալի դեմքն, այդ խոշոր, տխրափայլ աչքերր մի քառորդ ժամ կաշկանդեցին նրա ուշադրությունը: Գուցե պատճառն այն հետաքրքիր հայացքներն էին, որոնց նա արժանացավ երիտասարդ կնոջ կողմիցչգիտեր: Չգիտեր նույնպես, թե ինչու ծերունին և դուստրը դուրս գնալուց հետո, ինքը մի քանի րոպե անշարժ կանգնած էր փողոցի լուսամուտի առջև և նայում էր մոտակա եկեղեցու արծաթափայլ գմբեթին, որ պսպղում էր արևի ճառագայթների ներքո:

Վերադարձավ այրի Նատալիան:

Էէ՛, Նատալիա Պետրովնա, ի՞նչ կտաք, որ մի ուրախալի լուր հայտնեմ ձեզ, — դարձավ Ռոստամյանը ուրախ դեմքով յուր տանտիրուհուն:

Ով գիտե, վարձել են բնակարանը

Հենց այդ է, ահա՛ կանխավճարը:

Օ՛հ, փառք աստուծոապրի՛ս, ապրի՛ս, որդի, — գոչեց Նատալիա Պետրովնան, կարմիր թղթադրամը ծալելով և գրպանր դնելով: — Ո՞վ վարձեց:

Մի ծեր մարդ յուր աղջկա հետ:

Երկու հոգի՞ միայն:

Երկու էլ ծառամի աղախին և մի խոհարար:

Իսկ և իսկ իմ ուզածն է: Լա ՞վ մարդիկ են:

Աստված գիտե, գոնե դեմքով լավ երևացին ինձ: Ահա անունները գրված են այս թղթի վրա:

Նատալիա Պետրովնան ուրախությունից պատրաստ էր գրկել և համբուրել Ռոստամյանին: Բայց Ռոստամյանն, ինչևիցե, օտար էր, իսկ ինքը չնայելով յուր պատկառելի տարիքին, տակավին երիտասարդ էր համարում իրան:

Ճաշից հետո այրին անմիջապես հրամայեց ծառային վարձված բնակարանի լուսամուտներն ու հատակը լվանալ, պատերն ու առաստաղը մաքրել սարդի ոստայնից: Նա շտապեց յուր աղջկա մոտ, որ նրան հաղորդի ուրախալի լուրը, վերադարձավ և կրկին շնորհակալություն հայտնեց Ռոստամյանին: Ամբողջ օրն այրին ուրախությունից ոտքի վրա էր :

Իսկ Ռոստամյանի առջև մերթ ընդ մերթ պատկերանում էին ծերունու պատկառելի և նրա դստեր տխուր դեմքերը: Այդ անծանոթ անձինք ինչ-որ տարօրինակ և ախորժ տպավորություն էին գործել նրա վրա: Երբեք մենակյաց յուր կյանքում տեսած չէր ծնողի ու զավակի այնքան ներդաշնակ և գրավիչ զույգ, որպես այդ նորեկներըհայր ու դուստր

II

Առավոտը ծերունին եկավ և նախազգուշացրեց, թե պիտի տեղափոխվեն ճաշից հետո: Նատալիա Պետրովնան նրան ընդունեց խիստ վայելուչ կերպով, քաղաքավարությամբ հրավիրեց ներս, ծանոթացավ և հուսադրեց, թե բնակարանն ամեն կողմից հավանելի կլինի նրան:

Առաջին անգա՞մն է ձեր Թիֆլիս գալը, — հարցրեց տանտիրուհին:

Ո՛չ, մի քանի անգամ եղել եմ, բայց շատ վաղուց, — պատասխանեց ծերունին, — հազար ութ հարյուր յոթանասուն ու վեց թվականին, պատերազմից առաջ, ես այստեղ ցորեն էի գնում ռուսաց զորքերի համար: Այն ժամանակ Թիֆլիսում ավելի կենդանություն կար, տիկին, իսկ այժմ նա փոխվել է....

Մեծ իշխանը որ գնաց, Թիֆլիսն էլ դատարկվեց, — ասաց այրին, հառաչելով: — Այն ժամանակ ձեր վարձած բնակարանում կենում էր... գեներալսպասեցե՛ք, սպասեցեք... գեներալ Չուդինովր: Գիտե՞ք որքան էր վճարում, տարեկան ինը հարյուր մանեթ: Այժմ շատ է պակասել տների վարձը, շա՜ տ...

Կեսօրից հետո նորեկները տեղափոխվեցին: Նրանց բոլոր կահկարասիքն էին` մի քանի աթոռներ ու բազկաթոռներ, երկու պահարան, երկու գրասեղան, մի գահավորակ, մի քանի պարսկական գեղեցիկ գորգեր, մի դաշնամուր և մի քանի այլ և այլ մանր պարագաներ: Բոլորր նոր էր և, ըստ երևույթին, բազարում գնված:

Ռոստամյանը, դռները փակած, հանգստանում էր յուր սենյակում, երբ նորեկները տանտիրուհու օգնությամբ, դասավորում էին իրանց կահ-կարասիքը: Ամբողջ օրը նա տնից դուրս չեկավ: Ո՛չ մշակների աղմուկը, ո՛չ ծերունու և Նատալիա Պետրովնայի բարձրաձայն պատվերները ծառաներին և ո՛չ երիտասարդ կնոջ մեղմ ու դուրեկան ձայնը, որ մերթ ընդ մերթ լսվում էր դիմացի պատշգամբից, կարծես, չէին հասնում նրա ականջներին:

Մյուս օրը վաղ առավոտ Նատալիա Պետրովնան մտավ նրա սենյակը զվարթ դեմքով, հագստի թևերը հետ ծալած, և սկսեց քանի մի տեղեկություններ հաղորդել յուր նոր կենողների մասին:

Խիստ լավ մարդիկ են, — ասում էր նա ոգևորված, — հենց երեկ և եթ վարձը տվեցին: Հայրն աղջկանից է լավ, աղջիկը հորից, երկուսն էլ դուրեկան են: Աղջիկր շատ գեղեցիկ է... ասենք, գեղեցիկ չէ, սիրուն է, սիրուն: Ես նրանից ավելի գեղեցիկներրը շատ եմ տեսել, բայց ուրիշ բան է նա: Եթե ես տղա լինեի, տեղն ու տեղը կսիրահարվեի: Հապա, Ստեփան Գրիգորիչ, մի լավ մտիկ արեք նրան... է՛հ ո՛ւմն եմ ասում, դուք խոմ տղամարդ չեք, հա՛ հա՛ հա՛:

Ճաշի ժամանակ Նատալիա Պետրովնայի խոսակցության առարկան դարձյալ նորեկներն էին: Չէր անցել նրանց տեղափոխվելուց քսան ժամ, և այրին արդեն հափշտակված էր: Նա ոգևորված պատմում էր, թե ինչպես ծերունին այն օրը դիմավորել էր իրան, թե ինչպես Վարվառա Մինաևնան պատվել էր, ոտքի կանգնելով: Երևում է, որ հասարակ մարդիկ չեն. կամ շատ հարո՛ւստ են, կամ մեծ ցեղից են: Աղջկա պահարանը լիքն է տեսակ-տեսակ նորաձև հագուստներով. հայրը չորս ու հինգ մուշտակներ ու վերարկուներ ունի: Ծերունին պարզ մարդ է. նա խնդրում է ու աղաչում Նատալիա Պետրովնային շուտ-շուտ այցելություն անել, որ «օտար երկրում տխուր չանցնի մեր օրը», ասում է:

Ես էլ իրանց համեցեք արի, Ստեփան Գրիգորիչ: է՛հ, թող գան ու գնան, աղջիկը խիստ տխուր է, չեմ իմանում ինչ հոգս ունի, շատ քիչ է խոսում, չի ծիծաղում:

Հետևյալ և երրորդ օրն այրին միևնույնն էր կրկնում նորեկների մասին: Այս անգամ նա իմացել էր, որ նրանք եկել են Մոսկվայից, որ եղել են Պետերբուրգում, շատ և շատ քաղաքներ են տեսել, որ արտասահմանում ևս ապրել են մի առ ժամանակ:

Մի խոսքով, շատ օրինավոր մարդիկ են... ավարտեց այրին, պարծենալով, որ այնպիսի կենողներ ունի:

Կենդանություն ստացած բնակարանի լուսամուտների փեղկերն ամեն օր առավոտը բացվում էին, երեկոյան փակվում: Ռոստամյանը շարունակում էր յուր գործը: Արդեն անցել էր մի ամբողջ շաբաթ, և նա միայն երկու անգամ էր տեսել ծերունուն ու նրա աղջկան, առաջնինփողոցում, վերջնինպատշգամբի վրա: Տակավին նա չէր հետաքրքրվում յուր դրացիների գոյությամբ: Միայն երբեմն նրա աչքի առջև պատկերանում էր երիտասարդ կինն յուր թախծալի աչքերով, որ առաջին օրը բարակ շղարշի տակից այնպես տխուր նայում էին դեպի հեռավոր տարածություն: Հիշեց Ռուստաամյանը մի քանի անգամ երիտասարդ կնոջ և՛ ծանր հոգոցը: Բայց այս բոլորը միայն վայրկենաբար: Այնուհետև գործը դարձյալ խլում էր նրա բոլոր ուշքն ու միտքը, և նա խորասուզվում էր հարատև մտավոր աշխատության մեջ:

Մի անգամ իրիկնադեմին, երբ արևը դեռ մայր չէր մտել, նա յուր սեղանի մոտ կանգնած, մտիկ էր անում դեպի փողոց: Հեռվից նրա ականջին հասավ մի ձայննախ ցածր, ապա աստիճանաբար բարձր ու բարձր: Դեպի գավիթ նայող լուսամուտներից մեկր նա փոքր առաջ բացել էր, որ ներսում կուտակված ծխախոտի ծուխը դուրս գա: Թարմ և բավական սառն իրիկնային օդի հետ սենյակի մշտական մռայլ ու լուռ մթնոլորտի մեջ տարածվեցին երգի հնչյուններ, որոնց նմանը նա չէր լսել մինչև այն օրն և, այո, չպիտի լսեր հավիտյան: Երբ նա մանուկ էր, ամառային երեկոներն, յուր հայրենի նահապետական քաղաքի շրջակա այգիներում զբոսնելիս, արևի վերջին ճառագայթների տակ սիրում էր նստել թփերի ստվերում և լսել քաղցրաձայն թռչունների երգր: Այլ բաների հետ նրա սրտի խորքում մի անջնջելի տպավորություն էր թողել և՛ այգ երգը որ, մերթ ընդ մերթ, անցյալը հիշելիս, զարթնում էր և յուր հետ զարթեցնում մանկության ուրախ և տխուր հիշատակներ: Բայց այդանցյալին էր պատկանում: Իսկ այժմ...

Նա զգուշությամբ, կարծես վախենալով, որ մի գուցե ձայնն ընդհատվի, հուշիկ քայլերով մոտեցավ լուսամուտին: Երգը շարունակվում էր, մերթ բարձրանալով, մերթ իջնելով: Երբեմն նա բոլորովին անլսելի էր դառնում, և այդ վայրկյաններին նրան փոխարինում էր նույն եղանակով, բայց ո՛չ նույն զգացմունքով դաշնամուրի ձայնը:

Գավթում ամեն ինչ խաղաղ էր, կարծես, երգը չխանգարելու համար: Միայն մի քանի ճնճղուկներ տերևաթափ ակացիաների ճյուղերի վրա աղմկում էին: Թվում էր Ռոստամյանին, որ նույնիսկ նրանց ճլվլոցներր ներդաշնակություն են պահում դիմացի պատշգամբից լսվող անուշ երգի հետ:

Դադարեց երգը, լռեց դաշնամուրը, բայց նա, դեռ կանգնած լուսամուտի առջև, անթարթ աչքերով նայում էր դեմ ու դեմ: Եվ սթափվեց նա այն վայրկյանին, երբ հայացքն ընկավ դիմացի լուսամուտին: Նրա կասկածը փարատվեց: Երգեցողը նա էր, այն ծերունու երիտասարդ աղջիկր: Տխրադեմ էակն երգում էր մի տխուր երգ: Երկու խոշոր և թախծալի աչքեր մտիկ էին անում ուղիղ Ռոստամյանի երեսին, համարձակ, խելացի, բայց քնքուշ հայացքով: Այդկետ առ կետ այն հայացքն էր, որով մի շաբաթ առաջ նույն այդ էակը նայում էր դեպի քաղաքի հեռավոր տարածությունր: Այժմ այդ տարածության վերջնակետը Ռոստամյանն էր...

Ապշությունր տեղի տվեց հիացման: Խառն, անսովոր մի զգացմունք սկսեց պղտորել նրա անդորր սիրտը: Վայրկենաբար նրա մեջ ձայն տվեց բնական ամոթխածությունը: Նա լուսամուտից հեռացավ: Սակայն միայն մի քանի րոպեաչափ: Մի անսպասելի և անհաղթելի ուժ կրկին մղեց նրան դեպի լուսամուտ: Իսկ նա... նույնպես նայում էր: Երբեք Ռոստամյանր մի այդպիսի թափանցող հայացք չէր զգացել յուր վրա: Նա խոսում էր ուղիղ մենակյացի խաղաղ սրտի հետ:

Անցավ մի քանի րոպե: Երիտասարդ կինը հեռացավ լուսամուտից:

Օրն արդեն մթնել էր: Ծառան ներս բերեց Ռոստամյանի կանթեղն և զարմացմամբ տեսավ, որ երիտասարդ պարոնը չնկատեց նրա ներս մտնելն ու դուրս գնալը:

Փոքր ինչ անցած ներս մտավ Նատալիա Պետրովնան: Ռոստամյանն ուրախացավ նրա այցելությանը:

Ստեփան Գրիգորիչ ես ձեզ ինչքա՞ն եմ պարտք, — հարցրեց այրին խոհուն դեմքով:

Ի՞նչ պարտք, — գոչեց Ռոստամյանն, որ դեռ ախորժելի տպավորության ներքո էր գտնվում:

Ո՞նց թե ի՛նչ պարտք, մոռացե՞լ եք: Ասեմ, տասը մանեթ վերցրել եմ Գաբոյին փող ուղարկելիս, տասն ու հինգ մանեթ առել եմ ու տվել Պետրեին. Մեկ էլ օրն էլ ստացա քառասուն: Հաշվեցե՛ք... Քառասունը դուրս բերեք տան ու ճաշի վարձ մարտ ամսի համար: Ահա՛, այս ձեզ տասն ու հինգ մանեթ, մնացյալը հետո կտամ: Չնեղանաք, որդի...

է՛հ, Նատալիա Պետրովնա, խոմ ես հարկահան չեմ, որ վռազում եք պարտքս տալու: Ինձ փող հարկավոր չէ, պահեցե ՛ք:

Չէ՛, Ստեփան Գրիգորիչ, ես պարտք չեմ սիրում, պարտք որ ունենում եմ, գիշերները քունս չի տանում: Շնորհակալ եմ, շատ ու շատ շնորհակալ եմ ձեզանից, երանի թե ամեն մարդ ձեր սիրտն ունենար: Ես ամենքին էլ ասում եմ, թե իմ կենողը ոսկի է: Ապրիք, որդի, ես ձեր լավությունը մինչև մահս չեմ մոռանալ, դուք ինձ շատ անգամ եք նեղ դրությունից ազատել: Աստծուն է հայտնի, թե ես ինչքան եմ աղոթք անում ձեզ համար, Ստեփան Գրիգորիչ: Երեկ էլ երկար գովում էի ձեզ Մինաս Կիրիլլիչի ու Վարվառա Մինաևնայի մոտ:

Այրին նստեց և փոխադարձաբար սկսեց Ռոստամյանի մոտ ևս վերջիններին գովել: Երեկ նա Մինաս Կիրիլլիչին առաջարկում է մի թուղթ գրել, որ ինքը ձեռք քաշի, թե բնակարանի մի ամսվա վարձը ստացել է: Մինաս Կիրիլլիչը շատ զարմանում է այս առաջարկության վրա:

Դեհ,, դուք ասացեք, Ստեփան Գրիգորիչ, ի՞նչպես չգովեմ այդպիսի մարդկանց, — գոչեց Նատալիա Պետրովնան ոգևորված: «Թե որ, ասում է, ինձանից եք վախենում, ահա ձեզ երկու հարյուր մանեթ այս գլխից»: Այս որ լսեցի, ինքս ինձանից ամաչեցի: Մեր ժամանակում քիչ մարդ կլինի, որ այսպես վարվի տանտերերի հետ: Ստեփան Գրիզոգորիչ, եկեք, այս անգամ ինձ լսեցեք, — ավելացրեց հանկարծ այրին, մի քանի վայրկյան լռելուց հետո:

Ի՞նչ եք կամենում:

Այրին խորհրդավոր ժպտաց և աչքերով ու հոնքերով նշան արավ դեպի նորեկների բնակարանը:

Հը՛մ, ի՞նչ կասեք, Ստեփան Գրիգորիչ, — ասաց նա, ձեռները հենելով սեղանի ծայրին և գլուխր մոտեցնելով յուր խոսակցին: — Թե որ ամբողջ Թիֆլիսը փնտրեք, ով գիտե, Վարվառա Մինաևնայի պես ուրիշը չեք գտնիլ: Եթե խոսք տալիս եք, ես հիմիկվանից կարող եմ մի կերպ հասկացնել նրանց: Հույս ունիմ, որ կհամաձայնվին, թե Վարվառա Մինաևնան, թե՛ հայրը: Նրանք էլ ձեզ են հավանել, ամեն օր հարցնում են: Երեկ ես մեկ-մեկ ասացի, խոմ գիտեք, թե ի՞նչ կասեի, ես ձեզ վրա ե՞րբ եմ վատ խոսել, որ նրանց մոտ վատ խոսեի: Այնքան գովեցի, որ զարմացան: Ասացիհատը չկա Թիֆլիսում:

Շնորհակալ եմ Նատալիա Պետրովնա: Բայց եթե նրանց էլ ինձ մոտ այնպես ավելորդ եք գովում, ինչպես ինձ չափից դուրս գովել եք նրանց մոտես ձեզ չեմ հավատում:

Ո՛չ նրանք են իմ ազգականները, ո՛չ էլ դուք, պարոն Ռոստամյան, ինչո՞ւ համար պիտի ավելորդ գովեմ. Հը՞մ: Խոմ դուք լեզվիս վարձ չեք տալիս: Իմ ուզածն էլ այն է, որ դուք, վերջապես ձեզ համար մի սիրուն աղջիկ գտնեք ու մարդավարի ապրեք այս աշխարհում, պրծավ գնաց: Վարվառա Մինաևնային ես շատ եմ հավանում... Փող էլ պիտի որ ունենա, հայրը կապալառու է եղել, մեծ-մեծ գործեր է ունեցել: Պսակվեցե՛ք, Ստեփան Գրիգորիչ. ես կդառնամ ձեզ համար մայր, դուք էլ որդի: Խիստ լավ կլինի, աստված վկա. այ, իմ երկու սենյակները կմիացնեմ նրանց բնակարանի հետ, մեջտեղից դուռը բաց անել կտամ, ես կտեղափոխվեմ ձեր սենյակներն, իսկ դուք այնտեղ կբնակվեք: Լավ չե՞մ ասում, Ստեփան Գրիգորիչ, հը՛մ, ո՞նց եք հավանում ասածս:

Ռոստամյանը լուռ ժպտաց, իբր թե Նատալիայի առաջարկությունը կատակ համարելով:

Այրին գնալուց հետո, Ռոստամյանը նստեց, որ պարապի: Բայց հակառակ սովորությանը, այս անգամ չկարողացավ ընտելանալ գործին: Գրում էր ու ջնջում շարունակ, և երկար ժամանակ չէր հաջողվում նրան գտնել յուր մտքերի թելը: Նրա ականջներին դեռ հնչում էր երիտասարդ կնոջ տխուր մեղեդին, իսկ աչքերի առջևից չէր հեռանում նրա պատկերը, որ այնպիսի հետաքրքրությամբ լուսամուտից մտիկ էր անում:

Ո՞վ է նա, ի՞նչ տեսակ կին: Ինչո՞ւ հայր ու աղջիկ, իրանց հայրենիքը թողած, եկել են, Թիֆլիսումն են բնակվում և, վերջապես ո՞րն է նրանց հայրենի քաղաքը: Արդյոք, Մինաս Կիրիլլիչը բախտախնդիր թափառականներից մեկը չէ՞, արդյոք այդ երիտասարդ կինը նրա աղջիկն է իսկապես:

Նույն գիշեր պես-պես քաղցր, սակայն հոգետանջ երազներ, իրարու հաջորդելով, ընդհատում էին նրա սովորական անդորր քունը: Հայտնի չէր ո՛ր ժամին, մի անգամ նա հանկարծ զարթնեց, այնպես թվաց նրան, որ մեկը զարկում է դռներին: Նա մոտեցավ լուսամուտին, նայեց դեպի դուրս: Ոչինչ չկար, տիրում էր մի այնպիսի խավար, որ դիմացի բնակարանի ուրվագիծը հազիվ-հազ նշմարվում էր: Սաստիկ անձրև էր գալիս:

Առավոտը նա զարթնեց ավելի վաղ, քան երբևիցե զարթնել էր վերջին տարիները: Նրա սիրտր լեցված էր անորոշ թախծությամբ: Ցավում էր նա, որ ամբողջ երեկոն անցուցել էր անօգուտ: Տրտմությամբ նա թերթեց յուր գրած ու ջնջած էջերր, հազիվ-հազ մնացել էին մի քանի չջնջված տողեր:

Այն օրը Ռոստամյանը պիտի գնար յուր պաշտոնակիցներից մեկի մոտ մի քանի կարևոր տեղեկություններ վերցնելու յուր աշխատության համար: Օրն ամպամած էր, թեթև անձրև էր շաղում, իսկ գիշերային հորդառատ հեղեղից փողոցներում գոյացել էր անանցանելի ցեխ: Այն փողոցն, ուր գտնվում էր այրի Նատալիայի տունը, բավական նեղ էր, բարձրադիր, մայթերը զառիվայր, իսկ սալահատակը տեղ-տեղ քանդված: Անձրևային եղանակին այդ փողոցով ոտքով անցնելն ուներ յուր անհարմարությունը, սլկուն ցեխի մեջ մարդ ստեպ սայթաքում էր և երբեմն ընկնում: Իսկ Նատալիա Պետրովնայի տունը գտնվում էր փողոցի վերին անկյունում: Ռոստամյանը փողոցներում սովորաբար քայլում էր շտապ-շտապ, գլուխը քաշ գցած, ձեռները վերարկվի գրպաններում դրած, և շատ անգամ չէր նկատում յուր մոտով անցնողներին: Արդեն ճաշի ժամանակն էր, երբ նա, մի մեծ մատյան ձեռին, վերադառնում էր տուն: Փողոցի անկյունից դեպի վեր բարձրանալիս, հանկարծ նա դիպավ մեկին: Նա գլուխը բարձրացրեց, որ ներումն խնդրի, և երես առ երես հանդիպեց յուր նոր հարևանին:

Ոչինչ, — ասաց ծերունին, — մեղավորը ձեր քաղաքային վարչությունն է, որ փողոցներր լավ չի պահում: Ես միշտ ասել եմ, որ Թիֆլիսը դեռ Ասիա է:

Ռոստամյանն հետևից, ծերունին առջևիցմի քանի րոպե ընթանում էին միասին: Մինաս Կիրիլլիչր հագած էր մեծ և խորը կրկնակոշիկներ, լայն մուշտակ մշկյա բեշկի օձիքով: Մի ձեռքով նա գլխին բռնած էր մի մեծ հովանի, մանր անձրևից պաշտպանվելու համար, մյուսովմի կլորակ թղթյա կապոց: Իսկ ձախ գրպանից ցցված էին ռուս լրագրների մի քանի համարների ծայրերը: Նա, տրտնջալով փողոցի անմաքրության վրա, քայլում էր զգուշությամբ, որ չցեխոտվի:

Պատահեց մի փոքրիկ միջնադեպ, որն և պատճառ եղավ ծերունու և Ռոստամյանի առաջին բարեկամության:

Դատարկ տաշտը կռնատակին բռնած, նոսր ցեխի մեջ սրընթաց վազեց ծերունու մոտով մի շրջավաճառ և, կարծես դիտմամբ, մի քանի անգամ ոտները գետնին սաստիկ խփեց: Մինաս Կիրիլլիչի մուշտակը շաղախվեց ցեխի բծերով:

Անպիտա՛ ն, — գոչեց մաքրասեր ծերունին բարկացած:

Կինտոն կանգնեց և, լեզուն հանելով, ծերունուն մի ծաղրական նշան արավ:

Հանդո՛ւգն, — ձայնը բարձրացրեց ծերունին, — բավական չէ վարմունքդ, դեռ կապկություն էլ ե՞ս անում... Ոստիկա՛ն:

Բայց ոստիկան չկար փողոցում: Դեմ ու դեմ մի գինեխանութի առջև երկու կիսահարբ կինտոներ կանգնած, զվարճությամբ մտիկ էին անում հեռվից: Ռոստամյանը նշան արավ շրջավաճառ կինտոյին, որ հեռանա: Բայց կինտոն զանազան միմոսություններով շարունակեց ծաղրել Մինաս Կիրիլլիչին:

Կորեք, — գոռաց ծերունին վրդովված ձայնով:

Կիսահարբ կինտոները հրհռացին, խրախուսելով միմոսող շրջավաճառի հանդգնությունը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last