Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արամբին

Հոգեկան այս տրամադրության մեջ նա մի տարօրինակ մխիթարություն էր զգում, երբ դրսում տեսնում էր զանազան թշվառ և մուրացիկ արարածներ: Իսկ այդպիսիների թիվը, տոների պատճառով, փողոցներում օրեցօր ավելանում էր, մանավանդ Գալավինսկի պրոսպեկտի վրա, ուր ամեն օր զբոսնում էր ծերունին:

Եվ ի՜նչ տեսակ խեղճեր, խեղանդամներ էին սփռված այդտեղ: Ահա՛ մեկը, զուրկ երկու թևերից, փայտի պես ցցվում է սրա ու նրա առջև: Ահա՛ մյուսը, առանց ոտների: — Խեղճության զարմանալի հնարագիտությո՞ւն: Անդամալույծ արարածը, երկուսի փոխարեն, ութ հատ երկաթյա ոտներ է շինելչորս-չորս յուրաքանչյուր կունտ ծնկան տակև, երկու ձեռներում մի-մի փայտ բռնած, շրջում է տասն ոտներով: Նա, կարծես, բավական է համարում յուր ծանր դժբախտությունը, որպեսզի շարժի անցորդների գութը, նա ոչ ոքի առջև չի աղերսում, լուռ անցնում է ընդարձակ մայթով, և ողորմած մարդիկ իրանց սև լուման ձգում են նրա ափի մեջ:

Բայց ահա մի ավելի դժբախտը: Մի փոքրիկ սայլակի վրա, ցնցոտիների մեջ, գտնվում է ինչ-որ սև, կեղտոտ բան: Դա մարդ է, երևում են միայն ծերունական նիհար, կաշին կուչ-կուչված մի դեմք և երկու կիսամար աչքեր: Առջևից սայլակը քաշում է մի առողջ պատանի, իսկ հետևից մղում է մի ավելի առողջ երիտասարդ: — Երկու մարդ տանում են երրորդին, որ չորրորդից ողորմություն մուրան: Մեկն անդամալույծ ծերունի է, և նրա անօգուտ գոյությունր դիմավորում է երկու զույգ առողջ ձեռների ծուլությունը: Մոտենում է նրանց մի երիտասարդ մուրացկան, կարմիր երեսով, մի ոտն առողջ, մյուսր գոսացած, մերկ, վարդագույն: Նա հանդիմանում է սայլակը քշողներին, հայհոյում է նրանց «ծուլությունը», փախցնում է ճանապարհից և ինքը, ոստոստալով, ցցվում է ողորմած անցորդի առջև:

Մինաս Կիրիլլիչն ոչ ոքի չէր մերժում, նա ինքը մոտենում է և յուրաքանչյուրի ափի մեջ մի-մի սպիտակ դրամ դնում: Թշվառների գոհունակ դեմքը մի րոպեական մխիթարություն է շնորհում նրա վշտացած սրտին; Բայց անցնում է րոպեն, և նրան դարձյալ տիրում է սովորական տխրությունը:

Ա՛խ, որքա՛ն նա բախտավոր կլիներ, եթե Վարվառեն լիներ երջանիկ ամուսին: Սակայն ո՞վ է մեղավորը, որ նա այժմ դժբախտ է:

Այս հարցն ինքն իրան տալիս, Մինաս Կիրիլլիչը միշտ զգում էր խղճի մի սարսափելի խայթոց: Որքան Միզանղրոնցովի արարքը գարշելի էր նրա աչքում ամուսնական անկողնի մաքրության վերաբերությամբ և որքան Վարվառեն ատում էր այդ թշվառ մարդուն, նույնքան Մինաս Կիրիլլիչի խիղճն ավելի էր տանջվում:

Մեղավորն ես եմ, — ասում էր նա ինքն իրան: Եթե ես չստիպեի, Վարվառեն բնավ չէր գնալ նրան: Նա չէր սիրում Միզանդրոնցովին, այս հայտնի էր ինձ:

Բայց Մինաս Կիրիլլիչը, հուսալով, որ ամուսնական կյանքր վերջ ի վերջո նրանց հարաբերությունների մեջ կմտցնի եթե ոչ սեր, գոնե հարգանք և, հափշտակված Միզանդրոնցովի ապագա հարստությունով ու հասարակական դիրքով, սիրտ արավ յուր անմեղ և միակ դստեր բախտը հանձնել նրա ձեռքը:

Գիշեր ու ցերեկ այս միտքը հետևում էր Մինաս Կիրիլլիչին: Վարվառեի տխուր կերպարանքը մի կենդանի հանդիմանություն էր նրա ծնողային սխալ ինքնասիրությանը:

Ես շտապեցի, շատ շտապեցի, — կրկնում էր նա հաճախ իր մտքում, խորին վշտակցությամբ նայելով Վարվառեի երեսին:

Բայց անցյալը վերադարձնել անհնարին էր, մնում էրմտածել ներկայի մասին: Ի՞նչ պիտի անել ներկայում: Նա գիտեր, որ Վարվառեն մի տարվա բացակայությունից հետո, դարձյալ ատում է Միզանդրոնցովին: Սակայն, այնուամենայնիվ, հույս ուներ հաշտեցնել այս երկու ծայրահեղությունները և թե՛ Վարվառեի, թե յուր անունն ազատել չար լեզուների բամբասանքիցմի հանգամանք, որ նրան տանջում էր ավելի, քան աղջկա դժրախտությունը:

Այս պատճառով, Մոսկվայից հեռանալուց հետո, նա Մոզդոկից նամակ գրեց Միզանղրոնցովին, խնդրելով, որ սա թողնի յուր թշվառ սովորություններր և հաշտվի օրինական կնոջ հետ: Երկու ամիս անցած միայն ստացավ յուր նամակի պատասխանն, ուր անարգ ամուսինն երդվում էր, թե միշտ սիրել է Վարվառեին, իսկ այժմ կրկնապատիկ է սիրում, թե պատրաստ է դարձյալ հաշտվել, եթե միայն Վարվառեն արժանի կհամարի հաշտվել: Երկրորդ նամակով Մինաս Կիրիլլիչը հուսադրեց նրան, թե Վարվառեն փոքր առ վաքր մեղմանում է, թեև վերջինի կողմից այդ չէր նշմարվում:

Եվ ահա այս վերջին նամակի պատասխանն էր, որ Մինաս Կիրիլլիչն այն օրն առաջարկում էր Վարվառեին կարդալ: Այդ անցքից հետո Մինաս Կիրիլլիչն երկար մտածում էր, թե ինչ պատասխանի Միզանդրոնցովին: Նա յուր փեսայի զղջմանն այս անգամ անպայման հավատում էր: Այս էր պատճառը, որ նա այն քանի օրերը մտախոհ էր և չէր խոսում աղջկա հետ: Վերջապես, վճռեց դիմել վերջին միջոցին: Գրեց Միզանդրոնցովին, թե Վարվառեն համաձայն է հաշտվել և խնդրեց, որ անպատճառ ինքը գա: Նա հույս ուներ, որ ամուսնու ներկայությունն և անձամբ ներում խնդրելը կարող է մեղմացնել Վարվառեին ավելի շուտ, քան հեռվից հեռու: Եվ ժամ առ ժամ սպասում էր յուր փեսայի գալստյանը ...

Զատկի առաջին երկու օրերն անցան: Վարվառեն տնից դուրս չեկավ այդ օրերը: Իսկ Մինաս Կիրիլլիչն ավելի հաճախ էր զբոսնում դրսում: Առաջին օրը նա գնաց Նատալիա Պեարռվնայի մոտ զատիկը շնորհավորելու և վերադարձավ, հետը բերելով այրիին և Ռոստամյանին: Վերջինը շատ երկար չմնաց, շնորհավորեց Վարվառեին, փոքր ինչ նստեց և դուրս գնաց: Նա երևում էր մի տեսակ տենդային շփոթության մեջ և ավելի գունատ, քան երբևիցե եղել էր: Իսկ այրին բավական երկար նստեց և սկսեց խոսել տոների առթիվ. թե ինչպես են թիֆլիսեցիները զատիկն անցկացնում, ինչ են ուտում, ուր են դնում և այլն, և այլն: Ի միջի այլոց, նա խոսեց և «մեռելոցի» մասին: Մինաս Կիրիլլիչը դարձյալ հիշեց յուր անցյալն, յուր հանգուցյալ ամուսնուն, վաղաթառամ զավակներին: Չէ՞ որ ամեն տարի, զատկի երկրորդ կամ երրորդ օրը, նա ճշտությամբ օրհնել էր տալիս նրանց գերեզմանները: Իսկ այժմ նա գտնվում է պանդխտության մեջ, հեռու այդ թանկագին գերեզմաններից:

Ո՞ր գերեզմանատանն է շատ ժողովուրդ լինում, — հարցրեց Նաաալիա Պետրովնայից:

Խոջիվանքի գերեզմանատանը, — պատասխանեց այրին:

Ծերունու մեջ ցանկություն հղացավ` գնալ գերեզմանատուն: Երեքշաբթի առավոտը նա առաջարկեց Վարվառեին եթե կամենում է, միասին գնան:

Վարվառեն մերժեց: Մինաս Կիրիլլիչը հակառակ յուր սովորության, չթախանձեց նրան: Մի թեթև նախաճաշիկից հետո, նա ուղևորվեց դեսլի Խոջիվանք:

Վարվառեն մնաց միայնակ:

Օրը պարզ էր և բավական շոգ: Ապրիլի սկիզբն էր. ծառերը, դաշտերն արդեն կանաչել Էին: Քաղաքի այգիները մի գեղեցիկ, խայտաբղետ տեսարան Էին ներկայացնում: Սոսիներն ու կաղամախներր փոքրիկ դեղնականաչավուն տերևներ Էին արձակել, իսկ պտղատու ծառերից շատերը զարդարվել Էին սպիտակ և վարդագույն ծաղիկներով:

Վարվառեն յուր լուսամուտից մի հայացք ձգեց հրապուրիչ գարնանային տեսարանի վրա և հառաչեց: Սի այլ ժամանակ այդ օրն, այդ եղանակն և հոր գերեզմանատուն գնալը նրա մեջ կզարթնեցնեին անցյալի հիշատակներ: Նա կմտաբերեր յուր մանկությունն, երբ հայրն ամեն տարվա զատկին յուր հետ տանում էր նրան գերեզմանատուն, ցույց էր տալիս մոր, քույրերի և եղբայրների գերեզմանները:

Ահա՛, այստեղ թաղված է, սիրելի Վարիա, քո եղբայր Սրաֆիոնը... — կհիշեր նա հոր խոսքերը… — վեց տարին չէր լրացել, բայց տեսնողը կարծում էր, թե տասը տարեկան էխելոք, գեղեցիկ: Այս փոքրիկ Ռոզայի գերեզմանն է, ա՛խ, մայրդ ի՛նչքան սիրում էր նրան: Ահա՛, այս տեղ թաղված է Լիզան: Լիզայի աչքունքը սև էին, մազերը խիստ երկայն, բոլոր դրացիները սիրում էին նրան: Այդ մեկր Սաշայի քարն է. համբուրի՛ր, Վարիա, համբուրի՛ր, քո եղբոր գերեզմանն է... Այն էլ Սիրունիկն է... Տեր Գրիգորը տվեց նրան այս անունր, օրհնեց և ասաց, «թող աստված սրան երկար կյանք տա»: Բայց աստված նրան էլ չպահեց: Այս կո՛ղմ եկ, այս կո՛ղմ եկ, դա Սոնիան է, դեռ քար չեմ գցել տվել, փոքրիկ էր, շատ փոքրիկՎարինկա, քաղի՛ր այն սպիտակ ծաղիկըԱյստե՛ղ եկ, այս մեծը տեսնո՞ւմ եսճանաչո՞ւմ ես, ՎարինկաԴա նա է, քո

Հոր ձայնն այստեղ ընդհատվում էր, խուլ հեկեկանքը չէր թույլ տալիս նրան շարունակել: Իսկ մանկահասակ Վարվառեն վազվզում էր շիրիմների շուրջր, համբուրում էր, ծաղիկներ էր քաղում, չնկատելով հոր արցունքն յուր թանկագին զավակների և անբախտ ամուսնու մասին:

Ո՛չ, այդ չէր հիշում Վարվառեն այս անգամ, նրա միտքն ուղղված էր դեպի ա՛յլ կողմ, նրա սիրտն ուժգին ալեկոծվում էր ա՛յլ զգացմունքներով:

Ի՞նչ անեմ, տեր աստված, ի՛նչ անեմ, — շշնջում էին նրա շրթունքներն անդադար, և նա երկու ձեռներով մերթ սեղմում էր ճակատը, մերթ ծածկում էր երեսը:

Արդեն նվագահանդիսի երեկոյից հետո, անթիվ անգամ նա այս հարցը կրկնել էր ինքն իրան: Մթնում էին նրա մտքերր, շփոթվում էին զգացմունքներր, պղտորվում էր սովորական առողջ և խելացի դատողությունն, երբ նրա առջև պատկերանում էր Ռոստամյանը: Իսկ Ռոստամյանը պատկերանում էր նրա աչքերի առջև առավոտ երեկո, ամեն ժամ, ամեն րոպե, ավելիքայլ առ քայլ հետևում էր նրան, ցերեկր խլում էր նրա հանգստությունը, գիշերը բորբոքում էր արյունր: Քնից առաջ Վարվառեն ամբողջ ժամերով շրջում էր յուր սենյակում մի հասարակ ներքնազգեստով: Ստեպ-ստեպ նա մոտենում էր, բաց էր անում դեպի գավիթ նայող լուսամուտի փեղկերը: Դիմացի լուսամուտի ապակիների վրա րոպե առ րոպե նկարվում էր Ռոստամյանի ստվերը, մերթ երևում էր նա ինքը շեմքի վրա, մերթ դրսում, արմունկները հենած պատշգամբի ճաղերին:

Այժմ Վարվառեի համար պարզ էր, թե ինչու նա այդպես հաճախ դուրս է գալիս պատշգամբ: Նատալիա Պետրովնան գրեթե ամեն օր այցելում էր յուր կենողներին: Վարվառեն տակավին զգուշությամբ էր վարվում տանտիրուհու հետ. նա չէր խոսում Ռոստամյանի մասին: Տանտիրուհին ինքը պատմում էր այն ամենն, ինչ որ անում էր Ռոստամյանը: Նա բոլորովին փոխվել է, չի պարապում, չի նստում տանր, կարգին չի ճաշում, դուրս է գալիս ու ներս մտնում, դեղնած, ապշած, ոչ ոքի հետ չի ուղում խոսել:

Վախենում եմ, որ գժվի, — կրկնում էր Նատալիա Պետրովնան յուր հին երգը: — Զատկի երեկո մի իրան նման ջահել տղա եկավ, հետը գնաց նրանց տուն: Մինչև լույս տուն չեկավ:

Այս բոլորից Վարվառեն զգում էր, որ Ռոստամյանն, արդարև, տանջվում է: Քանի՜ անգամ Վարվառեն տեսել է նրան ցերեկով, լուսամուտից գաղտնի իրան դիտելիս, հուզված դեմքով, վառ աչքերով: Տանջվում է, այո, բտւյց ո՞վ է մեղավորը: Չէ՞ որ նա հանգիստ և խաղաղ կյանք էր վարում մինչև Վարվառեին հանդիպելը:

Բայց ես ինչո՞վ եմ մեղավոր, տեր աստված, — ասում էր Վարվառեն:

Միթե նա կարո՞ղ է գուշակել, որ այդ տան մեջ նա պիտի գտնե նրան, որին անգիտակցաբար որոնում էր երկար տարիների ընթացքում:

Ո՛չ, անկարելի է այսպես շարունակել, — շշնջաց Վարվառեն բորբոքված, անխնա ջարդելով մատները: — Այս երկու կրակի մեջ ապրելու ուժ չունիմ: Բավական է, որքան տանջվեցի, կամ այսպես, կամ այնպես

Բայց ի՞նչպես: Աջ է նայումկանգնած է ջերմ սիրով սիրող հայրը, որին ինքը ևս պաշտում է յուր բոլոր ծնողասիրական զգացմունքներով և որի հանգստությունը կազմում է նրա գոյության տարրերից մեկը: Ձախ է նայումհանդիպում է հասարակական անողոք դատաստանին, կրոնի խստագույն սպառնալիքին: Իսկ այնտեղ, դյութական զորությամբ մղում է նրա սիրտը Ռոստամյանը: Մի կողմում, հոր պատիվը, հանգստությունը, մարդկանց նախապաշարմունքները, կրոնը, մյուս կողմում, աներկբա երջանկությունը: Ո՞րն ընտրել, ո՞ւր դիմելահա բարդ հարցը, ահա երկսայրի սուրը, ահա դիլեմման, որ կարճ միջոցում սպառնում է մաշել, ոչնչացնել նրա հոգին:

Եթե նա այնքան չսիրեր հորն, եթե հայրն այնքան չերկնչեր հասարակությունից, այն ժամանակ գուցե դյուրին լիներ մի վճիռ կայացնել: Իսկ ա՞յժմ...

Ո՛չ, ես .չեմ կարող այս անդունդն անցնել... Ինչո՞ւ, մի՞թե, արդարև, անկարելի է: Եթե մեկին նա չի սիրում մի՞թե մյուսին սիրելու իրավունքից էլ զրկվում է: Սարսափելի՛ խստություն... անգո՛ւթ հասարակություն: Մեկը պանդում են, առանց մյուսը նախատեսնելու, և տակավին բնական օրենքներն արհամարհում են սառն, անսիրտ կանոններով, սնահավատությամբ: Մարդկանց աչքում հերետիկոս դառնալոչ, Վարվառեն այդ չի կամենում, նա ձեռք չի բարձրացնում ոչ ոքի սկզբունքների դեմ: Բայց մի՞թե մի ոք այնքան անողոք պիտի գտնվի, որ յուր հեղինակությամբ խլե նրա անհատական ազատությունն, արհամարհե՞ ա՛յն, ինչ որ նրա համար ավելի սուրբ է և ավելի պաշտելի: Ինչո՞վ վարձատրեցին նրան այն վշտերի փոխարեն, որ երկու տարիշարունակ մաշում էին նրան Միզանդրոնցովի հարկի տակ: Ինչու և այժմ ստիպում են նրան ընդունել այն, ինչ որ գարշ է, և խլում են նրանից այն, ինչ որ երջանկություն է: Այդ բնության օրենքներն են: Ինչո՞ւ հակասում են բնությանն, որն ինքն աստվածն է: Ո՛չ, այդ անկարելի է, այդ բռնություն է... քրիստոնեական ազատամիտ սկզբունքները չեն կարող այդքան խստադատ լիներ

Տեր աստված, տեր աստված, ոչինչ չեմ հասկանում, ոչի՛նչ, — գոչեց Վարվառեն, այս խոկումների ծանրության ներքո ճնշված, — աչքերս մթնում են, գլուխս պտտում է այս բոլորից:

Մի՞թե նրան էր միայն վիճակված լուծել այս դժվար խնդիրը:

Ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի պատճառով, ո՞ւմ է վնասել, ե՞րբ է մեկին նախանձել կամ մեկին չար կամեցել: Նա բախտավորության մասին այլ գաղափար ուներ, նրա երևակայությունը ստեղծել էր բոլորովին այլ կենսական իդեալ: Բայց ճակատագիրը թշնամացավ նրան: Վաղօրոք խլեցին նրան բնության ձեռքից և հանձնեցին դժբախտության ձեռքը:

Պա՛պա, պա՛պա, ես քեզ չեմ մեղադրում: Դու ինձ անկեղծ ցանկանում էիր բախտավորություն: Դու համոզված էիր, որ այդ բախտավորությունն ես կվայելեմ Մեզանդրոնցովի հետ: Գիտեմ, որ դու էլ դժբախտ ես իմ պատճառով... ի՛նչպես մեղադրեմ քեզ: Բայց իմանո՞ւմ ես, արդյոք, թե ինչ դրության մեջ եմ ես: Ո՛չ, եթե իմանայիր, ղու չէիր կարող այդպես անտարբեր մնալ Այժմ կիմանաս... այժմ ուժ չունիմ այլևս թաքցնելու իմ սրտի զգացածը: Ախ, տեր աստված, ի՞նչ կպատահի, արդյոք, նրան, եթե իմանա...

Նա թուլացած, հաղթահարված նստեց աթոռի վրա և գլուխը հենեց կոներին: Շատ մնաց այդ դրության մեջ, թե՛ քիչչգիտեր, հանկարծ գլուխը բարձրացրեց և վճռական եղանակով արտասանեց.

Այդ կլինի սպանություն... ես չեմ կարող այդ քայլն անել, հարկավոր է հետ կանգնել, քանի որ միայն անդունդի ծայրումն եմ: Ես չեմ թողնիլ, որ իմ երջանկության համար հայրս ստանա մահացու հարված... Քանի որ նրան հայտնի չէ, ես կվերջացնեմ ամեն ինչ...

Նա շտապով գրասեղանի վրայից վերցրեց գրիչ ու թուղթ և նստեց: Տասը րոպեի չափ նա, գրիչը ձեռքին, գլուխը կրծքին թեքած, ձախ ձեռով ճակատը սեղմած, մտածում էր: Մի քանի անգամ նա գրեց, ջնջեց, թերթը պատռոտեց, նորը վերցրեց, դարձյալ գրեց, ջնջեց և դարձյալ թերթը պատռոտեց:

Վերջապես, ավելի հուզված, գրիչը մի կողմ շպրտեց և վեր կացավ տեղից: Նա կամենում էր նամակով խնդրել Ռոստամյանին՝ դադարել իրան հետամուտ լինելուց: Բայց ի՞նչ իրավունքով նա պիտի մի այդպիսի համարձակ պատվեր տա այն մարդուն, որը դեռևս խոսքով մի ակնարկություն չի արել յուր սիրո մասին, որի սիրտը դեռ կիսով չափ մութն էր նրա համար: Մի գուցե երևակայությունը խաբում էր նրան: Երբ այդ երիտասարդը կհայտնի յուր սերը, եթե սիրում է, նա կաշխատի հաղթել ինքն իրան և կբացատրի, թե անկարելի է, որ միմյանց սիրեն: Թո՛ղ լինեն եղբայր ու քույր: Քույր ու եղբա՛յր... ո՛րքան մեծ բախտավորություն է այնպիսի եղբայր ունենալ: Իսկ Վարվառեն չունի եղբայր, նա էլ քույր չունի: Բայց կարելի՞ բան է այս: — Ամենևին, այդ կլիներ ինքնախաբեություն: Նրանք պիտի հեռու լինեն իրարուց, չպիտի տեսնվեն: Եվ, իհարկե, պիտի հեռանա Վարվառեն: Այո, նա կխնդրի հորը, որ տեղափոխվեն այս բնակարանից... Այն ժամանակ թող նա մնա միայնակ յուր զգացմունքների հետ, նա կհաղթի ինքն իրան, կաշխատի հաղթել: Ուրիշ կերպ անկարելի է... նա պարտավոր է մոռանալ նրան...

Սակայն այս մի րոպեական վճիռ էր, որ իսկույն փոխվեց, և Վարվառեի մտքերն ու զգացմունքները ավելի շփոթվեցին: Անորոշ մտատանջության մեջ նա երկար ժամանակ անցուդարձ էր անում սենյակի մեջ: Մի րոպե կանգնեց պաարանի առջև, նայեց հայելու մեջ: Նրան թվաց, թե վերջին երկու երեք շաբաթվա ընթացքում ավելի նիհարել է և ավելի գունաթափվել, չնայելով, որ գարնանային եղանակը նրա այտերի վրա ևս սփռել էր այն թեթև պարզ կարմրությունը, որով տարվա այդ միջոցին օծվում է ամեն մի գունասպառ կնոջ երեսը: Բայց նրա աչքերի մեջ փայլում էր ավելի կենդանություն, քան առաջ:

Դռները բացվեցին, ներս մտավ աղախին Մատրենան:

Տիրուհի, դուք զբաղվա՞ծ եք, — հարցրեց ռուս պառավը:

Վարվառեն շփոթված հետ նայեց:

Ի՞նչ ես կամենում, — հարցրեց նա բարկացած:

Ձեզ ուզում են տեսնել:

Ո՞վ,

Ա՛յ, Ա՛յն երիտասարդ պարոնը:

Մատրենան ձեռով ցույց տվեց պատշգամբի մյուս ծայրը:

Այստե՞ղ է:

Դրսում սպասում է, տիրուհի: Այսօր երկու անգամ եկել է ու հարցրել: Մեկ ուզում էի ասեի որ տանը չեք, բայց հետո մտածեցի, թե ավելի լավն է ձեզանից հարցնեմ: Հրավիրե՞մ:

Վարվառեն մի քանի վայրկյան լռեց և հետո, կարծես, մտքում մի բան վճռելով, հրամայեց:

Հրավիրի՛ր մյուս սենյակ:

Մատրենան դուրս գնաց: Վարվառեն ուղղեց հագուստը, գլխի մազերն ու հանդարտ քայլերով անցավ հյուրասենյակ:

Բազկաթոռի վրա նստած սպասում էր Ռոստամյանը, սև հագուստով, գունատ, տխուր աչքերը հառած այն դռներին, ուսկից դուրս եկավ Վարվառեն...

IX

Մինչդեռ Վարվառեն ոչինչ չէր նկատում, Ռոստամյանը Մինաս Կիրիլլիլի հարաբերությունների մեջ զգում էր փոփոխություն: Թվում էր նրան, որ ծերունին այլևս առաջվա պես բարեկամաբար չի վերաբերվում իրան:

Այս բանն ավելի զգալի էր ավագ չորեքշաբթի երեկո, երբ Մինաս Կիբիլլիչն և Ռոստամյանը այրիի տանն էին: Հակառակ յուր սովորության, այդ երեկո ծերունին Ռոստամ յանի հետ խոսում էր, կարծես, ակամա: Նա չէր վիճաբանում որևէ խնդրի մասին, չէր հակառակում և, առհասարակ, երկար խոսակցությունից խույս էր տալիս: Ծերունու այս հանկարծակի փոփոխությունը Ռոստամյանին և՛ զարմացրեց, և՛ վիրավորեց:

Հետևյալ և երրորդ օրը նա փողոցում ու գավթում երկու անգամ բարևեց: Ծերունին նրա ողջույնն ընդունեց գլխի մի թեթև շարժումով: Նրա կասկածն ավելի զորացավ: Բացի այն, որ Մինաս Կիրիլլիչը կարող էր յուր աղջկա և երիտասարդ հարևանի հարաբերությունների ներքին դրդիչ պատճառն զգալ, ինքնըստինքյան ծերունու սառնությունը վիրավորական էր Ռոստամյանի համար: Մենակեցությունր, բնականաբար, նրա մեջ զարգացրել էր զգայուն ինքնասիրություն: Նա, որ բնավ յուր բարեկամությամբ կամ ծանոթությամբ, մեկին ձանձրացրած չէր, այժմ զգում էր, որ տաղտկացնում է մի ծերունու: Ահա ինչու զատիկ օրվա այցին նա երկար չմնաց:

Բայց ինքնասիրության այդ վիրավորանքը շուտով անցավ: Մնաց միայն մի կասկած, արդյոք, Մինաս Կիրիլլիչն իսկապես զգո՞ւմ է Ռոստամյանի այցելությունների դրդիչ պատճառը: Եթե զգում էհետևաբար իրավունք ունի ոչ միայն սառն վարվել, այլև ատել նրան, այլև չընդունել յուր տան մեջ: Այդ շատ բնական կլիներ: Վարվառեն ամուսնացած կին է, իսկ Մինաս Կիրիլլիչընրա և յուր սեփական պատվի նախանձախնդիր հայր: Ի՛նչ փույթ նրան, թե Ռոստամյանին ինչ զգացմունք է մղում դեպի նրա աղջիկը, ի՞նչ փույթ, եթե աղջիկը մինչև անդամսիրում է այդ երիտասարդին: Նրանց մեջ կա մի զորեղ պատնեշ, և ով կհամարձակվի այդ պատնեշը խորտակելկխորտակի և Մինաս Կիրիլլիչի պատիվը, անունը: Նա դեպի անդունդը կգլորի և՛ յուր և՛ Վարվառեի պատիվը:

Այսպես է Մինաս Կիրիլլիչի գաղափարը, նույնն է և շատերի համոզմունքը: Ուրեմն, Ռոստամյանն եթե չի հարդում այդ նախապաշարմունքը, գոնե չունի իրավունք և՛ դատապարտելու Մինաս Կիիրիլլիչին: Երկու զորեղ սպառնալիքներ, Դամոկլեսի սրի պես, կանգնած են նրա գլխինհասարակություն և կրոն:

Առաջին օրից նա դեպի այդ պատկառելի ծերունին զգաց որդիական հարգանք: Երբ լսեց Վարվառեի պատմությունը, հարգանքը վերափոխվեց ատելության, պատկառելի մարդը դարձավ բռնակալ հայր: Անցավ և ատելությունր. Ռոստամյանը սկսեց կարեկցել ծերունու դժբախտությանը: Այժմ այս փոփոխական զգացմունքների տեղը բռնեց ամոթի զգացմունքը: Նա ամաչում էր Մինաս Կիրիլլիչից և վերջին օրերն աշիւատում էր խույս տալ նրանից, չտեսնել նրան:

Բայց խույս էր տալիս հորից, իսկ աղջկա՞ն... Պիտի տեսնվել Վարվառեի հետ առանձին:

Այս նպատակով Ռոստամյանն աշխատում էր որսալ մի հարմար ժամ: Եվ ահա, հասավ ցանկալի պահը: Երբ Մինաս Կիրիլլիչը դուրս գնաց, Ռոստամյանն հետևից նայեց, մինչև որ նա անհետացավ վաղոցի ծայրում: Դեպքը հաջող էր. այրին ևս տանր չէր: Գավթում աղախինը Ռոստամյանին հաղորղեց, թե «պարոնը» ուշ կվերադառնա: Առաջին պահ պատշգամբի վրա նրան տիրեց մի անսպասելի վհատություն: Նա հետ դարձավ և, մի քառորդ ժամ տատանվելուց հետո վճռեց, վերջապես, հարմար ժամը բաց չթողնել:

Եվ ահա Ռոստամյանը Վարվառեի մոտ էր, միայնակ, դեմ հանդիման:

Առաջին հայացք Վարվառեի անսովոր սառնությունը նրան ապշեցրեց:

Բարև ձեզ, — ասաց նա, մի քանի քայլ առաջ դիմելով:

Վարվառեն հանդարտ դրեց յուր ձեռը նրա ափի մեջ և լուռ ցույց տվեց բազկաթոռներից մեկը:

Հուսով եմ, որ իմ այցելությունն անժամանակ չեք համարի, — շարունակեց Ռոստամյանը, նստելով նրա դեմ:

Ընդհակառակը… — պատասխանեց Վարվառեն, կարծես, ակամա:

Երկուսն էլ սովորականից դուրս գունաթափ էին, երկուսի սիրտն ևս ալեկոծում էր և երկուսն էլ աշխատում էին արտաքին սառնությամբ քողարկել իրանց հուզմունքը: Այս նրանք նկատեցին միմյանց դեմքից: Ահա ինչու մի քանի րոպե նրանք չգիտեին ինչ խոսել: Վերջապես, ծանր լռությունն ընդհատելու համար, Վարվառեն հարցրեց Ռոստամյանին գործերի մասին:

Ոչինչ գործ այժմ չի հետաքրքրում նրան:

Ինչո՞ւ, — հարցրեց Վարվառեն:

Ռոստամյանը ոչինչ չպատասխանեց: Նրանք դարձյալ լռեցին: Ռոստամյանը, կարծես, վախենում էր նայել Վարվառեի երեսին: Թվում էր նրան, որ յուր ամեն մի հայացքը պարզ պատկերացնում է այն, ինչ որ զգում էր նույն րոպեներին: Այնինչ նրա դրությունը հետզհետե ավելի դժվարանում էր:

Ո՞րտեղ է Մինաս Կիրիլլիչը, — հարցրեց նա:

Գնացել է գերեզմանատուն, — պատասխանեց Վարվառեն ժպտալով:

Ճշմարիտ, երեկ և այսօր մեռելոց է, տեր աստված, ի նչպես մարդ հետզհետե մոռանում է քրիստոնեությունը, — ասաց Ռոստամյանն անկեղծ համոզմունքով:

Այո , մոռանում է, — գրեթե անգիտակցաբար արտասանեց Վարվառեն:

Միևնույն ժամանակ, Վարվառեն աշխատեց ծիծաղել, բայց նրա ձայնի մեջ, փոխանակ ծիծաղի, զգացվեց մի անզսպելի դողոց: Նա շարունակեց մռայլ եղանակով:

Հայրս առաջարկեց ինձ յուր հետ գնալ, ես մերժեցի: Իսկ դուք սովորություն ունի՞ք, պարոն Ռոստամյան, այս օրերում գերեզմանատուն այցելելու:

Այս օրերումոչ, բայց սիրում եմ այցելել, երբ տխուր եմ լինում:

Երբ տխո՞ւր եք լինում:

Գուցե ձեզ համար ծիծաղելի լինի, Վարվառա Մինաևնա, ես տխրությունս փարատում եմ տխրությամբ: Գերեզմանատանր զգում եմ անբացատրելի հոգեկան թեթևություն...

Այդ մասամբ հասկանալի է, — ընդհատեց Վարվառեն թախծալի ձայնով:

Հասկանալի՞ է, — կրկնեց Ռոստամյանր, ներքուստ ուրախանալով և, միևնույն ժամանակ, մի առանձին ոգևորությամբ ներշնչված: — Հասկանալի է, այո, երբ դառնացած սրտով նայում ես այնտեղ աջ ու ձախ, լուռ ու մռայլ գերեզմանները, կարծես, քեզ պարգևում են մի տեսակ մխիթարություն: Ես միշտ այնտեղից վերադառնում եմ ավելի ուրախ, թեթևացած սրտով, քան գուցե ուրիշները մի զվարճալի հանդիսից: Ինչի՞ցն է այս... Գուցե նրանից, որ ճակատագիրն ինձ մանկության հասակից ստիպել է սիրել մեռելների հանգստարանը, սիրել, երբ այնտեղ հանգչում են իմ սիրելի էակների մարմինները

Ի՛նչ տխուր խոսակցություն սկսեցինք, — ասաց Վարվառեն, երբ Ռոստամյանը հանկարծ լռեց, ասաց և ինքը հազիվ զսպեց յուր հառաչանքը:

Այնինչ Ռոստամյանի թախծալի խոսքերը թափանցեցին նրա սրտի խորքր, ըստ որում մռայլ խոսակցությունը համապատասխանում էր նրա հոգեկան տրամադրությանը: Նա անկեղծ ցավակցությամբ նայեց Ռոստամյանի երեսին, նայեց և իսկույն աչքերը խոնարհեցրեց, գլուխը թեքեց դեպի կուրծքը: Եվ նրա այտերը շառագունեցին: Ռոստամյանի շրթունքներր դողդողում էին, նա հազիվ կարողանում էր խեղդել յուր ներքին ալեկոծությունը:

«Նա տանջվում է, ես ի՞նչպես հայտնեմ նրան իմ միտքը»: — մտածում էր Վարվառեն, չհամարձակվելով նայել Ռոստամյանի երեսին:

Չէ՞ որ նա դեռ մի տասը րոպե առաջ վճռել էր հայտնել, թե այսուհետև անկարելի է, որ նրանք միմյանց տեսնեն: Չէ՞ որ հենց այս դիտավորությամբ նա հրամայեց աղախնին ներս հրավիրել նրան: Իսկ ա՞յժմի՞նչպես կատարել այդ վճիռըահա հարց, որի մասին սառն խորհելու ուժ չուներ Վարվառեն, քանի որ մի այլ, ավելի զորեղ զգացմունք հետզհետե խավարեցնում էր նրա միտքն ու հոգին

Գավթում ամեն ինչ խաղաղ էր, նույնիսկ աղախինը, որ սովորաբար անցուդարձ էր անում պատշգամբի վրա, չէր երևում: Լսվում էին միայն պատշգամբի առաստաղի տակ թռչկոտող ծիծեռնակների ձայներն և երբեմն հեռավոր փողոցներից անցնող կառքերի խուլ դղրդյունը: Լուսամուտների ապակյա փեղկերր փակ էին: Վարվառեն վեր կացավ, բաց արավ փեղկերից մեկը: Արևի ջերմ ճառագայթներով տոգորված մաքուր օդը թարմ հոսանքով մղվեց սենյակի անշարժ մթնոլորտի մեջ, մեղմիկ շոշափելով Վարվառեի գունատ դեմքը:

Նա կրկին վերադարձավ յուր տեղը: Ռոստամյանր, անշարժ նստած, անթարթ աչքերով հետևում էր նրա յուրաքանչյուր շարժմանը: Նրանք սկսեցին նորից խոսել: Սեղանի ծայրում դրած էր ինչ-որ գիրք: Ռոստամյանը, մի բան ասած լինելու համար, հարցրեց, այժմ ինչ է կարդում Վարվառեն:

Ո՛չինչ, — պատասխանեց վերջինն և գլուխը թեքեց կրծքին:

Այնուհետև խոսակցությունն առաջ չգնաց, բացի հատ և անկապ խոսքերից:

Լռությունն ավելի սաստկացնում էր երիտասարդական սրտերի բաբախումը

Ոչ, այլևս չեմ կարող երկար զսպել ինձ, — ասաց մտքում Ռոստամյանր:

Նույն վայրկյանին նրա աչքերը հանդիպեցին Վարվառեի ալքերին: Այս եղավ մի զորեղ հարված նրա բռնի անձնակալության: Հայացքները պարզ արտահայտում էին այն, ինչ որ լեզուն վարանում էր խոսել:

Ռոստամյանր մի անզոր ճնշում ես գործեց բուռն զգացմունքների վրա: Բայց այլևս ուշ էր: Նա տեսավ, որ Վարվառեն հանկարծ վեր կացավ տեղից, մոտեցավ փողոցի կողմի լուսամուտին և նայեց դեպի դուրս, աջ ու ձախ:

Ռոստամյանր նույնպես բարձրացավ տեղից, բոլորովին դեղնած, շնչասպառ, աչքերը մթնած, գրեթե խելակորույս: Նա մոտենում էր Վարվառեին: Սենյակի մեջտեղում նա կանգ առավ: Վարվառեն լուսամուտի կողմից հետ դարձավ, և այդ րոպեին նրանք երես առ երես հանդիպեցին իրարու, միմիայն մի քայլ հեռավորության վրա: Քանի մի վայրկյան նրանք շվարած նայում էին միմյանց երեսին:

Ի՞նչ պատահեց ձեզ… — գոչեց Վարվառեն երկյուղալի ձայնով:

Ռոստամյանը լուռ էր:

Ինչ պատահեց ձեզ… — կրկնեց Վարվառեն շշնջյունով:

Ռոստամյանը դարձյալ լուռ էր:

Վարվառեն անգիտակցաբար մի քայլ հետ կանգնեց: Նույն վայրկյանին նա յուր երկու ձեռների վրա զգաց մի ջերմ շփումն: Մի ակնթարթում նրա աչքերր մթնեցին, սենյակը խավարվեց, գլուխը պտտեց: Արյան տաք, ախորժելի հոսանքը խփեց գլխին, և նա հաղթված, թուլացած ընկավ, բայց ո՛ւր

Նույն րոպեին լուսամուտի առջևով, պատշգամբի վրա, կատվի քայլերով, անցավ մի փոքրահասակ արարած: Նրանք ոչինչ չնկատեցին, և չէին կարող նկատել

Վարվառեն սթափվեց: Երկու ուժեղ թևեր մեղմիկ գրկած էին նրա բարձր իրանը: Նա դուրս ազատվեց այդ հրապուրիչ շղթայից, ոտքից գլուխ ուժգին դողալով, մի քանի քայլ հետ դրեց և խուլ, ալեկոծված ձայնով գոչեց.

Խելագա՛ր, ի՞նչ եք անում

Վարվառե, Վարիա… — Հնչեց նրա ականջին Ռոստամյանի ձայնը տարօրինակ եղանակով:

Հեռացե՛ք, այստեղից, դուք ինձ անդունդն եք գլորում,. — արտասանեց Վարվառեն, երեսը դողդոջուն ձեոներով ծածկելով:

Անդունդ … — կրկնեց Ռոստամյանն... — ես ուզում եմ անդունդից դուրս բերել ձեզ:

Նա բռնեց Վարվառեի ձեռն և, յուր երկու ձեռների մեր սեղմելով, աչքերը հառեց նրա աչքերին ու հուզված ձայնով շարունակեց.

Դուք գիտեք, որ ես չէի կարող ուրիշ կերպ վարվել: Րոպեական խելագարություն չէ այս: — Ո՛չ ամենևին: Ձեզ ամեն ինչ հայտնի է: Վարիա, Վարվառա Մինաևնա, ես... շատ եմ մտածել... շատ եմ զգացել, օօ օ, շա՛տ եմ զգացել: Կարո՞ղ է մարդ հաղթել բնությանը: Ես... քեզ... ոչձեզ անդո՞ւնդն եմ գլորումե՞ս: Նայեցե՛ք, բացի այս շնչառությունից մի ուժ մնացե՞լ է իմ մեջ: Միթե ես չե՛մ մտածել արգելքների մասին. միթե երկու ամիս շարունակ գիշեր ցերեկ չեմ պատերազմել ինքս ինձ հետ: Բայց այժմ տկար եմ, անկարող, այո, թուլացած, ոչնչացած այս անհաղթելի զգացմունքից: Գուցե կարողանայի զսպել ինքս ինձ, եթե հավատացած չլինեի, որ դուք կարհամարհեք նախապաշարմունքները: Այո, հավատում եմ, դուք կարող եք մոռանալ մանր մարդկանց կեղծ հասկացողությունն առաքինության մասին: Դուք բարձր եք այդ թզուկներիցնայեցեք ուրեմն նրանց վրա անվեհերՄի պահանջեք նրանցից ճիշտ գաղափար իսկական հերոսության մասին:

Նրա ձայնը հետզհետե խեղդվում էր: Նա հազիվ հազ շունչ էր առնում: Մի քանի վայրկյան դարձյալ լռեց, որ շունչ քաշի, և ապա շարունակեց.

Ում հոգին մեծ է, ընդարձակ է և՛ նրա մտքերի հորիզոնըդուք հասկանում եք իմ ասածը, Վարվառա Մինաևնա: Երբ կապանքն անտանելի է դառնում, նրանգիտեք... պիտի ատել, արհամարհել, պիտի խորտակել: Ասացե՛ք, զգո՞ւմ եք դեպի ինձ գեթ տասներորդ չափն այն սիրո, որ ահա ինձ հասցրել է այս օրին: Եթե զգում եք, անկարելի է, որ երկար մտածեք: Բայց, տեր աստված, դուք դեռ սարսափում եք նախապաշարմունքներից: Ա՛խ, եթե իմանայիք, թե ինչ է թաքնված՛ առօրյա առաքինության դիմակի տակ, թե որն է հանցանքը և որն է սողուններից հաևցանք համարված անարատությունը: Խոսեցե՛ք, Վարվառե, մի լռեք: Ահա՛, ձեր առջև կանգնած է մի ոչնչություն, որ առաջ մարդ էր, ապրում էր, դո՛ւք միայն կարող եք նրան կրկին կենդանություն տալԿարդացե՛ք, ուրեմն, իմ ճակատագրի վճիռըՏեսնո՞ւմ եք ինչ օրի եմ հասել

Արդարև, նա ներկայացնում էր մի խղճալի պատկեր, այնքան ծայրահեղ զգացմունքներն ընկճել էին նրան և այնքան նա մոռացել էր ինքն իրան: Իսկ Վարվառեն, մի ձեռը հենած կոլորակ սեղանի ծայրին, մյուս ձեռով աչքերը ծածկած, լուռ, անշարժ, լսում էր բորբոքված սրտից բխող խոսքերը, որ երբեմն կրկնվում էին և երբեմն արտասանվում թերի, անկապ:

Լռո՞ւմ եք... — շարունակեց Ռոստամյանը, դարձյալ մոտենալով Վարվառեին և հանդարտ ձեռն աչքերից հեռացնելով: — Դուք չե՞ք ուզում խոսել, միթե ա՞յդ է ձեր պատասխանը, մի սառն լռություն իմ կրած տանջանքների համար: Ուրեմն ես զո՞ւր իմ կյանքը հանձնեցի սրտիս ու հոգուս հաճույքին... ուրեմն իմ ներքին ձայնն անգթությամբ խաբե՞ց ինձ և դարձրեց ծիծաղելի ձեր աչքում...

Ես հայր ունիմ... — ցածր ձայնով արտասանեց Վարվառեն, բուռն ջանք գործ դնելով, որ զսպե իրան:

Գիտեմ...

Ես սիրում եմ նրան...

Следующая страница