Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արհավիրքի օրերին

ԵՐԿՈՒ ԿՈԶԱԿ. (Քուրդ ցեդապետին տանում են ձախ կողմի վրաններից մեկը):

ԳԵՆԵՐԱԼ. Հայ կամավորներ, դուք մնացեք այստեղ:

(Գերիները կամավորներից անջատվելով, կոզակների ուղեկցությամբ գնում են խորքը):

ԲԵՄԻ ՎՐԱ. (Մնում են միայն հայ կամավորները, զորավարները, Հրազդանը, Ալիշանը, Մհերը և Տիրանը իր ընկերներով):

ՄՀԵՐ. Լեռները մաքրված են:

ԳԵՆԵՐԱԼ. Ձեր կորո՞ւստը:

ՄՀԵՐ. Տասնույոթ սպանված, քառասուն վիրավոր և ոչ մի գերի:

ԳԵՆԵՐԱԼ. Թշնամու կողմից սպանվածների թի՞վը:

ՄՀԵՐ. (Աշխատելով ուշքը չկորցնել): Հարյուր հիսուն հրացան դիակներից ենք վերցրել, վիրավորվածների թիվը չգիտեմ: (Նվաղում է):

ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Մհերին գրկելով): Ձերդ գերազանցություն, նա վիրավորված է:

ՄՀԵՐ. (Աշխատելով ուշքի գալ): Ոչինչ, դատարկ բան է: (Ուշաթափվում է):

ԳԵՆԵՐԱԼ. Տարեք վրան:

ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱն ԵՎ ՏԱՏԻԱՆԱ ՍԿՎՈՐՑՈՎԱ. (Դուրս են գալիս կամավորների շրջանից և Միլովիդովի օգնությամբ Մհերին տանում են ձախ կողմի վրաններից մեկը):

ՏԵՍԻԼ 5

ԳԵՆԵՐԱԼ, ԶՈՐԱՎԱՐՆԵՐ և ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

ԳԵՆԵՐԱԼ. (Հանդիսավոր): Հայեր, տակավին պատերազմի սկիզբն է, բայց այսօր դուք երրորդ անգամը ցույց տվեցիք ձեր քաջությունը: Մի անգամ ևս դուք հաստատեցիք, թե որքան անհիմն են եղել այն կասկածները ձեր ռազմական ոգու մասին, որ ձեր թշնամիները աշխատել են ներշնչել մարդկությանը: Մենք գիտեինք, որ ձեր ազգի բազմադարյան պատմության էջերը զարդարված են ձեր նախահայրերի խիզախ գործերով՝ հանուն ձեր ազգային արժանապատվության, հանուն քաղաքակրթության և հանուն քրիստոնեության, բայց թվում էր, որ դարերի ճնշումը ձեր մեջ սպառել է ռազմական ոգին: Այսօր դուք երրորդ անգամ փարատեցիք այդ կասկածը:

ՀՐԱԶԴԱՆ. (Լուրջ և հանդարտ): Շնորհակալ ենք:

ԱՀԻՇԱՆ. (Լուրջ և հանդարտ): Շնորհակալ ենք:

ԳԵՆԵՐԱԼ. Այժմ պարզ է մեզ համար, թե որքան մեծ է ձեր սերը դեպի ձեր հայրենիքը և դեպի ազատությունը, դուք ապացուցեցիք, թե որքան խաղաղասեր, հեզ, աշխատասեր է հայ ժողովուրդը, երբ նա վայելում է հանգիստ կյանք, նույնքան նա կտրիճ է ու խիզախ, երբ հարկավոր է պաշտպանել իր ազգի վարքն ու պատիվը:

ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. (Հանդարտ): Ճշմարիտ է, ճշմարի է:

ԳԵՆԵՐԱԼ. Շնորհակալություն, հայ կամավորներ, կրկնակի շնորհակալություն ամենքիդ այսօրվա հաղթության համար: Գնացեք և հանգստացեք: Վաղը ձեզ սպասում է խոշոր ճակատամարտ և դարձյալ ձեզ է վիճակվելու կատարել կարևոր դերը: Ձեզ, որ ծանոթ եք այս դաժան երկրի բոլոր անկյուններին և ճանաչում եք մեր թշնամուն ավելի, քան մենք: Ցտեսություն: Առավոտյան կհանդիպենք: (Գնում է աջ կողմի վրանը):

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. Կեցցե նորին գերազանցությունը, կեցցե, կեցցե, հուռռա՜, հուռռա՜: (Ուրախ և զվարթ ցրվում են բեմի խորքը և անհետանում):

ՏԵՍԻԼ 6

ՀՐԱԶԴԱՆ, ԱԼԻՇԱՆ և ՏԻՐԱՆ իր չորս ընկերների հետ:

ՏԻՐԱն. (Անչափ ոգևորված): Հորեղբայր, ինչ հրաշալի մարդ է գեներալը: Նա ինձ անչափ ոգևորեց: Ի՜նչ համակրելի են ռուսները: Տար ինձ շուտով կռվի դաշտը, ես փափագում եմ նրանց շարքերում կռվել և նրանց հետ մեռնել:

ՏԻՐԱՆ ՉՈՐՍ ԸՆԿ. (Նույնպես ոգևորված): Մենք ևս, մենք ևս:

ՀՐԱԶԴԱՆ. Վաղը կփորձվի ձեր քաջությունը: (Ալիշանին): Գնանք Մհերին տեսնելու: Կարծեմ նա շատ ծանր է վիրավորված: (Գնում է դեպի այն վրանը, ուր տարան Մհերին):

ԱԼԻՇԱն. (Հետևում է Հրազդանին):

ՏԻՐԱՆ ԵՎ ԻՐ ԸՆԿ. (Գնում են խորքը):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Մանգունիների տունը: Մի ուրիշ, ավելի մեծ սենյակ և ավելի հարուստ կահավորված: Ձախ պատի մեջ դռներ, որ տանում են բնակարանի ներսը: Դռներ խորքի պատի մեջ, որ տանում են նախասենյակ: Ուրիշ դռներ նույն պատի մեջ, դեպի աջ, որ տանում են առաջին արարվածի սենյակը: Աջ պատի մեջ միայն լուսամուտներ:

ՏԵՍԻԼ 1

ՍԱԹԵՆԻԿ և ԳԱԼՈ

ՍԱԹԵՆԻԿ. (Թախտերի վրա բարձերն ուղղելով): Ահ, գնացին վերջապես: Այժմ ինձ զզվելի է թվում ամեն բան, որին նրանք դիպել են: Ինչ օրեր էին: Տեր աստված, ինչ օրեր: Դեռ լավ է, որ դու այստեղ էիր: Ի՞նչ կլիներ, եթե դու մեզ չպահպանեիր քո խելքով, քո վարվողությամբ:

ԳԱԼՈ. (Ծխելով շրջում է): Արյունս էր բորբոքվում, երբ տեսնում էի այդ Անթար-բեյի լպիրշ կերպարանքը, նրա վավաշոտ աչքերը, որ աւնպես հալածում էին Նիգարին:

ՍԱԹԵՆԻԿ. (Դադարեցնելով աշխատանքը, ձեռներր բարձրացնում է վեր): Երկնային ահեղ դատավոր, ե՞րբ պիտի գա քո արդար դատաստանը, ասա՝ ե՞րբ: (Նստում է թախտի վրա):

ԳԱԼՈ. Կգա նա մի օր, մայր, կգա և հեռու չէ այդ օրը, բայց, ավաղ, մինչև գալը… (Խոսքն ընդհատելով, սրտմտությամբ): Բայց թող մենք կործանվենք, արժանի ենք կործանվելու: (Քայլերն արագացնում է):

ՍԱԹԵնԻԿ. Այդպես մի խոսիր, Գալո, դու դառնացնում ես իմ սիրտը: Ես գիտեմ ում դեմ ես կատաղած, բայց ներողամիտ եղիր. Միհրդատն իմ զավակների հայրն է:

ԳԱԼՈ. (Ավելի գրգռվելով): Ահ, ես ի՞նչ կապ ունեմ քո զավակների հետ: Խորթ են նրանք ինձ համար: Օտար եմ ես նրանց աչքում, ավելի օտար, քան իսկական քուրդը: Դուք մարդիկ եք՝ մարդկորեն ծնված և մարդկային ու աստվածային օրենքներից ճանաչված, իսկ ես ո՞վ եմ, ես ի՞նչ եմ: Մի փողոցային շան ձագ, որ ճանաչում է միայն մորը և չգիտե ով է իր հայրը:

ՍԱԹԵՆԻԿ. (Վշտահար և ամոթահար): Ողորմած աստված, ինչեր է ասում նա:

ԳԱԼՈ. (Ավելի գրգռված): Այո, ես շուն եմ և դա իմ միակ արժանի անունն է: Ամեն ոք կարող է ինձ հալածել, թքել, կարող է ծեծել ինձ ամեն մի անցորդ, որ ձեռքում փայտ ունե: Եվ ահա ծեծում է ինձ քո ամուսինը անխնա, առանց մի վայրկյան մտածելու, որ շունն էլ կարող է ցավ զգալ:

ՍԱԹԵՆԻԿ. Լռիր, ես տանջվում եմ:

ԳԱԼՈ. Չեմ կարող լսել, մայր, այլևս բավական է որքան լռեցի և համբերեցի: Այժմ դու էլ ես ինձ վրդովեցնում: Ինչո՞ւ դու ինձ չոչնչացրիր քո արգանդում կամ չխեղդեցիր իմ օրորոցում: Ինչու թույլ տվեցիր, որ ես սնվեմ ու մեծանամ այս մարդու հացով, որի յուրաքանչյուր պատառն ինձ համար թույն ու լեղի է եղել: Ինչո՞ւ ինձ քրիստոնյա մկրտեցիր ու սովորեցրիր սիրել քո կրոնը ու քո ազգը: Ինչու վերջապես իմ մեջ հղացրիր ու զարգացրիր որդիական սեր դեպի քեզ:

ՍԱԹԵՆԻԿ. Որդի՛, եթե այդ է քո թշվառության պատճառը, մոռացիր իմ կրոնն էլ, հավատն էլ, իմ ազգն էլ, իսկ ինձ դուրս բեր սրտիցդ ու շպրտիր դեն: Ես ոչինչ, ոչինչ չունեմ դրա դեմ:

ԳԱԼՈ. Օօ, եթե կարողանայի, վաղուց կանեի այդ բոլորը, բայց դժբախտաբար, չեմ կարող, տկար եմ:

ՍԱԹԵՆԻԿ. Չես կարող, որովհետև կա մեկը, որ քեզ խանգարում է. Նիգարր: Զուր ես մեղքը գցում կրոնիդ, ազգությանդ ու ինձ վրա:

ԳԱԼՈ. (Դառը հեգնաթյամբ): Նիգարը, հե, հհ, հե, Նիգարը: Ոչ, մայր, կարող ես հանգիստ լինել, Նիգարը իմը չէ, այլ քո օրինական որդունը:

ՍԱԹԵՆԻԿ. (Գրգռվելով): Լռիր, մի զրպարտիր այդ անմեղ աղջկան: Մի զրպարտիր իմ ազնիվ որդուն, որ չգիտեմ կենդանի է, թե մեռած: Ամոթ է, Նիգարը չի կարող սիրել իր հարազատ հորեղբոր որդուն: Նա գիտե, որ արգելված է մեր օրենքներով ու մեր ավանդություններով:

ԳԱԼՈ. Բայց մի՞թե սերն օրենք է ճանաչում կամ ավանդություններ: Մի՞թե չեն եղել իրար վրա սիրահարված հարազատ քույրերի զավակներ: Ես գիտեմ, որ Նիգարը գիշեր-ցերեկ Տիրանի համար է աղոթում: Իսկ ես նրա աչքում ուրիշ ոչինչ եմ, եթե ոչ մի պահապան շուն նրա անմեղությունը քուրդերից ու թուրքերից պաշտպանելու համար: ՝

ՍԱԹԵՆԻԿ. (Կատաղելով): Բավական է, բավական է, դադարիր, ես այլևս ուժ չունեմ քեզ լսելու:

ԳԱԼՈ. Շատ լավ, կլռեմ, թող լինի, ինչ որ լինելու է:

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ, ԴԱՆԻԵԼ ՀԵՏՈ ՆԻԳԱՐ

ԴԱՆԻԵԼ. (Գալիս է խորքի ձախ դռնից: Գունատ է, դողում է ու հևում): Ո՞րտեղ է Միհրդատը:

ԳԱԼՈ. (Հանգիստ): Ի՞նչ է պատահել:

ԴԱՆԻԵԼ. Թուրքերը ջարդվել են, Աբդուրահման փաշան իր զորքով նահանջում է: Տեղական թուրքերն ու քուրդերը կատաղել են մեր վրա: Նրանք ժողովվել են փողոցներում ու գոռում են. «Կորչեն հայերը, նրանք են մեր կործանման պատճառը»:

ՆԻԳԱՐ. (Գալիս է ձախ կողմի դռնով): Այո, այդպես են գոռում: Այ, լսո՞ւմ եք, գալիս են:

ԳԱԼՈ. (Սառնարյուն): Մայր, շալդ փաթաթիր Նիգարի գլխին:

ԱԱԹԵՆԻԿ. (Շալն իր գլխից վերցնելով): Ինչո՞ւ համար:

ԳԱԼՈ. Ես կտանեմ նրան մի ապահով տեղ:

ԴԱՆԻԵԼ. Ո՞րն է այդ ապահով տեղը, տար իմ կնոջն ու զավակներին էլ:

ՍԱԹԵՆԻԿ. Եվ իմ փոքրիկներին:

ԳԱԼՈ. Ես քուրդ Շերիֆ-բեյի հետ պայմանավորվել եմ, որ երբ քուրդերն ու թուրքերը մեզ վրա հարձավեն, մեր կանայք ու երեխաները նրա տանը պատսպարվեն, իսկ երբ ռուսները գան, մենք պատսպարենք նրա ընտանիքը:

ԴՐՍԻՑ. (Լսվում են խուլ աղաղակներ, որ ոետզհետե սաստկանում են):

ՆԻԳԱՐ. Ես քուրդի տուն չեմ գնա, թողեք ինձ: (Սաթենիկը շալը հեռացնում է իրենից):

ՍԱԹԵՆԻԿ. (Շալը նորից իր ցյխին գցելով): Աղջիկս, ես ճանաչում եմ Շերիֆ-բեյի ընտանիքը, ազնիվ մարդիկ են: Դուք այնտեղ ապահով կլինեք Դանիելի ու իմ փոքրիկների հետ:

ՆԻԳԱՐ. Չեմ ուզում, չեմ կարող, որտեղ դու՝ այնտեղ էլ ես:

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ և ԱՐՓԵՆԻԿ, հետո ՄԻՀՐԴԱՏ

ԱՐՓԵՆԻԿ. (Շտապով գալիս է ձախ կողմի դռնից): Դանիել, լսո՞ւմ ես, ես վախենում եմ. ազատենք մեր երեխաներին:

ՄԻՀՐԴԱՏ. (Շտապով գալիս է ձախ կողմի դռնից: Ծեծված է, փոշոտ ու գունատ). Անիրավներ, անասուններ, քարկոծեցին ու սպանեցին խեղճ մարդուն:

ՍԱԹԵՆԻԿ. Ո՞ւմ:

ՄԻՀՐԴԱՏ. (Թուլացած նստում է): Տեր Հովնանին, Ամբողջ կյանքում եղբայրություն ու ազգերի համերաշխություն էր քարոզում: Տեսնելով թուրքերի կատաղությունը, փորձեց հասկացնել նրանց, որ հայերն անմեղ են նրանց պարտության մեջ: Սրիկայի մեկը գոռաց. «Հավատացյալ մուսուլմաններ, ինձ լսեցեք, այդ քեշիշը ռուսական լրտես է»:

ԳԱԼՈ. Երևակայում եմ ազդեցությունն այդ խոսքերի:

ՄԻՀՐԴԱՏ. Խուժանն իսկույն կատաղեց և նույն վայրկյանին հարձակվեց խեղճ քահանայի վրա քարերով ու փայտերով: Ես մեջ ընկա՝ մի կերպ ազատելու, չեղավ: Քարկոծեցին ու սպանեցին անմեղ մարդուն: Ինձ էլ ծեծեցին, հազիվ ազատվեցի մահից:

ԱՐՓԵՆԻԿ. (Դանիելին): Ի՞նչ ես քարացել, ազատիր երեխաներիս:

ԳԱԼՈ. Բեր նրանց ու մայրիկի երեխաներին, Շերիֆ-բեյի ընտանիքը սպասում է ձեզ:

ՄԻՀՐԴԱՏ. (Գրգռված): Ո՞վ ես դու, որ իմ զավակներին ազատես: Ես հրաժարվում եմ քուրդի օգնությունից:

ՍԱԹԵՆԻԿ. (Գրգռված): Դե դու պաշտպանիր մեզ, հիմար ծերունի:

ՄԻՀՐԴԱՏ. Կպաշապանեմ, որքան կարող եմ: Ջեմալ-բեյի հոգեհանը դեռ չի մեռել: (Շտապով գնում է խորքի աջ դռնով և իսկույն ետ է գալիս, գրպանը դնելով մի ատրճանակ և մեջքին կապելով մի երկայն դաշույն):

ԳԱԼՈ. Ծերունին ցնդվել է:

ՆԻԳԱՐ. (Նայելով լուսամուտներից մեկով դեպի փողոց): Ահ, տեսեք ինչ են անում նրանք: Ահ, սարսափելի է, սարսափելի է (հեռանում է լուսամուտից): Նայել չի կարելի:

ԴՐՍԻՑ. (Աղաղակներ): Կորչեն հայերը, կոտորեցեք գյավուրներին:

ԴԱՆԻԵԼ. (Մոտենալով լուսամուտներից մեկին): Նրանք տեր Հովնանի գլուխը բարձրացրել են մի ցցի վրա և շրջեցնում են: Հայերը սարսափահար դես ու դեն են վազում: Թուրքերը հրճվում եմ:

ՍԱԹԵՆԻԿ. Փակիր լուսամուտները: Կողպեցեք դռները:

ԳԱԼՈ. Այդ չի օգնի, մայր, չի օգնի:

ԴԱՆԻԵԼ. Սպասեցեք, խուժանը հեռանում է մեր փողոցիցք: Այո, այո, հեռանում է: Մի քանի պատկառելի թուրքեր մեջ են ընկել և աշխատում են երիտասարդներին զսպել: Մեկը Մոլլա Հյուսեյինն է: Հեռանում են:

ԴՐՍՈՒՄ. (Աղմուկը հետզհետե հեռանում է և առժամանակ ընդհատվում է):

ԳԱԼՈ. Այնուամենայնիվ կանանց ու երեխաներին պետք է թաքցնել:

ՄԻՀՐԴԱՏԱյս տան ներքնահարկում կա մի նկուղ, որը, բացի ինձնից, ոչ ոքի հայտնի չէ: Հազար ութ հարյուր իննսուն հինգ թվականի կոտորածին այնտեղ է ազատվել այս տան նախկին տիրոջ ընտանիքը: ( Դառնում է կանանց): Հետևեցեք ինձ: (Քայլերն ուղղում է դեպի ձախ կողմի դուռը):

ՆԻԳԱՐ. Ես ոչ մի նկուղում չեմ կարող թաքնվել: Թող լինի, ինչ որ լինելու է:

ՄԻՀՐԴԱՏ. (Մոտենում է և կոպտաբար բռնում Նիգարի թևը): Ես քեզ ուժով կտանեմ, (Սաթենիկին ու Արփենիկին): Եկե՛ք: (Նիգարին տանում է ձախ կողմի դռնով):

ՍԱԹԵՆԻԿ. Գնա, Արփիկ, վերցրու քո և իմ փոքրիկներին ու ազատվեցեք: Իսկ ես ծեր եմ, ոչինչ՝ եթե սպանվեմ:

ԱՐՓԵՆԻԿ. (Շտապով գնում է ձախ կողմի դռնով):

ԴՐՍՈԻՄ. (Աղմուկը նորեն սկսվում է և նետզհետե սաստկանում) :

ՏԵՍԻԼ 4

ՍԱԹԵՆԻԿ, ԴԱՆԻԵԼ և ԳԱԼՈ

ԳԱՆԻԵԼ. (Շարունակ լուսամուտով նայում է դեպի փողոց): Ամբոխը նորեն դարձավ դեպի մեր փողոցը: Քանի գնում, այնքան նա բազմանում է:

ԳԱԼՈ. Եվ քանի գնա, պիտի այնքան ավելի կատաղի: (Քաշվում է մի անկյուն):

ԴԱՆԻԵԼ. Ահ, սկսեցին հարձակվել տների վրա ու կողոպտել: Այն ի՞նչ է: Հրդեհ: Կարծեմ այրվում է Գարիկյանի տունը:

ԳԱԼՈ. Շատ տներ կայրվեն, շատ ընտանիքներ կկործանվեն:

ԴԱՆԻԵԼ: Սրերը, աստված իմ, ինչպես են շողշողում արեգակի տակ: Նրանց ծայրերից արյուն է կաթում:

ՍԱԹԵՆԻԿ. (Ականջները փակելով): Բավական է, բավական է, դադարեցեք:

ԴԱՆԻԵԼ. Մեկը թավալվեց գետին, երիտասարդ է: Ահա մյուսը, երրորդը, չորրորդը: Ոչ մի դիմադրություն անզեն հայերի կողմից: Ծուխը բարձրացավ, երկինքը սևացավ, երկիրը կարմրեց մարդկային արյունից: (Հեռանում է լուսամուտից): Ահ, անհնարին է նայել: Չտեսնված, չլսված աղետ: Ահա պատերազմի առաջին պտուղը:

ՍԱԹԵՆԻԿ. (Ձեռները վեր բարձրացնելով): Եթե խուլ չես, եթե ունիս մի կաթիլ արդարադատություն, զսպիր գազաններին, զսպիր, որ մեր հավատը դեպի քեզ չմեռնե հավիտյան, ամենակարող տեր: Պատմիր մեզ, ծնողներիս, եթե մեղանչել ենք գահիդ առաջ, բայց խնայիր, խնայիր, մեր զավակներին: Ահ, ուժ չունիմ: (Նայում է ընկճված):

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ և ՆՈՒԳԶԱՐ

ՆՈՒԳԶԱՐ. (Շտապով ներս է մտնում խորքի ձախ դռնով): Նրանք մտան մեր գավիթը: Փախեք, գալիս են: (Փախչում է ձախ կողմի դռնով):

ԴԱՆԻԵԼ. (Այյայլված): Ի՞նչ պիտի անենք, Գալո, ես խելքս կորցնում եմ:

ԳԱԼՈ. Նախ և առաջ պետք է պահպանենք մեր սառնարյունությունը, թող չասեն, թե հայը մահից սարսափում է:

ՍԱԹԵՆԻԿ. (Ոտքի կանգնելով): Այո, ճիշտ է ասում Գալոն, մեռնենք արժանապատվությամբ:

ՏԵՍԻԼ 6

ՆՈՒՅՆՔ, առանց ՆՈՒԳԶԱՐԻ, ՋԵՄԱԼ-ԲԵՅ և ԱՆԹԱՐ-ԲԵՅ

ՋեՄԱԼ-ԲԵՅ. (Դրսում, բարձր հրամայողական ձայնով): Լռեցե՛ք, կանգ առեք: Դուք այստեղ գործ չունիք: Սպասեցեք իմ հրամաններին: Լռեցե՛ք, ասում եմ:

ԴՐՍՈՒՄ. (Աղմուկը դադարում է):

ԱԱԹԵՆԻԿ. (Ցնցվելով Ջեմալ-բեյի ձայնից): Աստված իմ, այդ ձայնն ինձ ծանոթ է: (Երեսը ծածկում է շալով):

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Դրսում): Հսկեցեք դռները, ոչ ոքի թույլ չտալ այս տնից դուրս գալու:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով՝ գլուխը բարձր պահած: Մոտ 60 տարեկան տղամարդ է, կարճ ալեխառն մորուսով, բայց տակավին առույգ: Արտաքինով Գալոն շատ նման է նրան: Զինված է թրով և ատրճանակով) : Ո՞վքեր են դրանք:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Ներս է մտնում Ջեմալ-բեյի հետևից՝ խորքի ձախակողմյան դռնով): Նրա ազգականներն են:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Ո՞րտեղ է այն աղջիկը: Ես նրան չեմ տեսնում այստեղ:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Երևի թաքցրել են: Սպասիր, ես ծանոթ եմ այս տան սենյակներին: (Վազում է դեպի խորքի աջակողմյան դուռը. նայում է): Այնտեղ չէ: (Վազում է դեպի ձախ կողմի դռները): Այստեղ էլ չէ:

ԳԱԼՈ. (Լիովին տիրելով իրան): Բարի գալուստ, Անթար-բեյ, ինչո՞ւ այդպես շուտ մոռացար քո բարեկամին:

ԱԹԱՐ-ԲԵՅ. (Կատաղի): Կորիր, շուն, դու չէի՞ր, որ խլեցիր իմ որսն իմ ձեռքից: Ո՞ւր ես թաքցրել նրան, ասա, եթե կյանքը թանկ է քեզ համար:

ԳԱԼՈ. Չեմ հասկանում, ո՞ւմ մասին եք խոսում:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Է՜յ, լսեցեք, ես Անթար-բեյի մորեղբայրն եմ և սիրում եմ նրան հարազատ որդուս չափ: Այս տանը նա տեսել է մի աղջիկ ու հավանել: Բերեք այդ աղջկան, տվեք նրան, ես ձեզ կազատեմ կողոպուտից և կոտորածից:

ՍԱԹԵՆԻԿ. (Մեկուսի): Աստված իմ, նա ինքն է:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Դե շուտ, մենք ժամանակ չունինք:

ՍԱԹԵՆԻԿ. Այս տանը ձեզ տալու աղջիկ չկա, կորեք այստեղից, կամ՝ արեք՝ ինչ ուզում եք:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Ցնցվելով): Ալլահ, ալլահ, այս ձայնը ինձ հիշեցնում է նրան: Մի՞թե...

ՍԱԹԵՆԻԿ. (Երեսը բաց անելով): Այո, նա ինքն է, Սաթենիկը, ճանաչեցի՞ր ինձ, Զեմալ-բեյ:

ԳԱԼՈ. (Ուժգին ցնցվելով: Մեկուսի): Ջեմալ-բե՜յ, հայր՜ս...

ԴԱՆԻԵԼ. (Ընկճված, մեկուսի): Ողորմած աստված, դու մեզ փրկես:

ԶԵՄԱԼ-ԲԵՅ (Զարմացած նայելով Սաթենիկին ոտքից մինչև գլուխ): Մեծ է ալլահի օրենքը և նրա Մարգարեի զորությունը: Երկինքն երկրին կարող էր հանդիպել, բայց չէի երևակայում, որ քսան ու երեք տարի անցնելուց հետո կարող եմ հանդիպել քեզ: Նայիր, Անթար, լավ նայիր, դա այն սասունցի աղջիկն է, որի մասին քեզ պատմել եմ մի քանի անգամ: Նայիր, դա է իմ կրակոտ երիտասարդության ամենաթանկագին ավարը:

ՍԱԹԵՆԻԿ. Որ այնքան նսեմացրեց քո քաջության հռչակը աշիրեթների աչքում:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Օհո, քո լեզուն դեռ սուր է, ասա, խոսիր:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Մորեղբայր, այդ կինը քեզ խաբում է Նիգարին իմ ձեռքից փախցնելու համար: Մի հավատար:

ԶԵՄԱԼ-ԲԵՅ. Ոչ, չի խաբում: Ես շատ լավ եմ հիշում Սասունի մարալին: Ճշմարիտ է, նա բավական թառամել է ու ծերացել, բայց նրա նշաձև աչքերը դեռ պսպղում են սև ալմազների պես: Նրա ձայնը դեռ հնչում է արծաթի նման: Նրա ղալամով քաշած ունքերը ու քահուրբար ատամները դեռ նույնն են, ինչ որ քսան ու երեք տարի առաջ: Ծերությունը չի փչացրել նրան: Ինչպես երևում է այս տան սարք ու կարգից, նա վատ չի ապրել:

ՍԱԹԵՆԻԿ. Ապրել եմ քրիստոնեի հալալ աշխատանքով: Չենք գողացել, չենք կողոպտել, չենք սպանել անզեն ու անպաշտպաններին, ինչպես դուք… (Վերջին բառն արտասանում է կծու հեգնանքով):

ԱնԹԱՐ-ԲԵՅ. Մորեղբայր, նա մեզ վիրավորում է: Կապիր նրա լեզուն, պահանջիր Նիգարին:

ԶԵՄԱԼ-ԲԵՅ. Համբերիր, թող լսեմ, իմ նախկին սոխակի ձայնը: Յոթանասուն ու հինգ երջանիկ օրեր ու գիշերներ է տվել նա ինձ:

ԳԱԼՈ. (Ջեմալ-բեյի այդ խոսքերին արձագանք է տալիս հոգեկան տանջանքով և առհասարակ ապրում է բեմի վրա):

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Յոթանասուն ու հինգ օրեր ու գիշերներ տիրել եմ նրան իշխանաբար: Նա բախտ է ունեցել վայելելու իմ սերը, իմ փաղաքշանքները, իմ կրակոտ համբույրները: Նա, այդ ստրուկ հայ աղջիկը, որին նախանձում էին փաշաների հարճերը:

ԳԱԼՈ. (Մեկուսի): Աստված իմ, տուր ինձ ուժ լռելու:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Ահ, երջանիկ էին այդ օրերը: Կաքավի պես էր թռվռում նա իմ գրկում: Սարսափն ու ամոթը կրկնապատկում էին նրա գեղեցկությունը: Բիհիշտումն էի երևակայում ինձ նրան համբուրելիս:

ՍԱԹԵՆԻԿ. (Կատաղի): Լռելո՞ւ ես, պիղծ ծերունի, թե չէ: Քո անարգ շրթունքները վիրավորում են երկնային դատավորի լսելիքը: Չէ որ պատասխան ունիս տալու նրա գահի առջև:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Ալլահը միշտ բարեհամբույր է դեպի երիտասարդական ավյունը:

ՍԱԹԵՆԻԿ. Եթե չես վախենում ալլահից, եթե չես ամաչում մարդկանցից, ամաչիր գոնե քո զավակից: (Ցույց է տալիս Գալոյի վրա): Տեսնում ես՝ ինչպես է տանջվում, նա, լսելով քո լիրբ խոսքերը: Նա քո որդին է: (Երեսն ամոթից դարձնում է Գալոյից):

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Անթար, ի՞նչ ասաց նա: Իմ որդին: Ո՞րը:

ԳԱԼՈ. Ես:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Դո՞ւ:

ՍԱԹԵՆԻԿ, Այո, նա՝ քո պղծության և իմ խայտառակության պտուղը: (Երեսը նորից դարձնելով): Աստված իմ, ներիր ինձ այս ամոթը:

(Լռություն):

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Դիտելով Գալոյին ոտքից մինչև գլուխ): Ալլահ, ալլահ, ոչ ոք չի կարող հասկանալ քո կարգադրությունները: Լսեցի՞ր, Անթար, նա ճիշտ ասաց: Այդ հասակը, այդ աչքերը... Ես եմ ոտքից մինչև գլուխ: Դա իմ երիտասարդությունն է, թեև ես դրա պես խեղճ չեմ եղել (Գալոյին): Դու, իհարկե, մահմեդական ես:

ԳԱԼՈ. Ես քրիստոնյա եմ և հայ:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Սաթենիկին): Անառակ, ինչպե՞ս ես համարձակվել մահմեդական զավակին քրիստոնյա մկրտել:

ՍԱԹԵՆԻԿ. Ես իմ ուզածն եմ արել, այժմ դու էլ քո ուզածն արա:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Անհամբեր): Հորեղբայր, դրա ժամանակը չէ, շտապիր:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Մտածելով): Համբերիր, թող խելքս գլուխս ժողովեմ: Այդ մեկն ինձ շփոթեցրեց: Երդվում եմ, Անթար, մեծ մարգարեի գերեզմանով, որ ես սիրում էի այդ կնոջը և պատրաստ էի նրան զոհել իմ Արհիզարին և Գյոլլնիզարին: Բայց նա համառեց, չկամեցավ մեր սուրբ կրոնն ընդունել, մնալ ինձ մոտ, և ես արձակեցի նրան իմ կամքով:

ՍԱԹԵՆԻԿ. Սուտ ես ասում, ծեր աղվես, դու քո հոժար կամքով չարձակեցիր ինձ, զենքի ուժով խլեցին ինձ քո ձեռքից: Մոռացե՞լ ես, ինչպես էիր դողում սարսափից, երբ հայ քաջերը հարձակվեցին քո վրանների վրա վագրերի պես: Մոռացե՞լ ես Միհրդատի կատաղի հարվածները: Չե՞ն թողել նրա տված վերքերը հետքեր քո անարգ մարմնի վրա:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Մորեղբայր, ժամանակ մի կորցնիր: Մերոնք շուտով կմոտենան: (Գոռալով) : Բերեք այդ աղջկան, ապա թե ոչ՝ համբերությունս հատնում է:

ԱԱԹԵՆԻԿ. Բավական է, լիրբ, ասացի, որ այս տանը քեզ համար աղջիկ չկա:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Կամենում է թուրը մերկացնել): Ես քո լեզուն կկտրեմ, շան աղջիկ:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Սաստելով Անթար-բեյին, բարձր) : Կանգ առ: Մի՞թե չգիտես, որ ամոթ է կնոջ վրա սուր քաշելը: Աղջիկը քոնն է ու քոնը, թող վերջին անգամ խոսեմ այդ կամակոր հայերի հետ: (Սաթենիկին): Երդվում եմ արևովս, հայեր, որ դուք մեզ հետ վարվել չգիտեք: Ապրելով ուրիշի տանը, դուք կռվում եք տանտիրոջ հետ: Ի՞նչ եք դուք, որ այդպես գոռոզանում եք: Ի՞նչ ուժ ունիք, ի՞նչ զորություն: Ոչինչ: Իսկ այն ժողովուրդը, որ ուժ չունի, մի՞թե ժողովուրդ է: Այ, ուրիշ բան կլիներ, եթե մեզ հետ բարեկամանայիր:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Մոտենալով լուսամուտներից մեկին): Ծերունին խելքը կորցնում է:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Էհ, ինչ կար, հավանեցի քեզ-առևանգեցի: Մի՞թե մենք քուրդերս միայն հայ աղջիկներին ենք առևանգում: Մի՞թե մենք քուրդ ու թուրք աղջիկներին չե՞նջ փախցնում, երբ ծնողներն իրենց կամքով չեն տալիս նրանց մեզ: Ինչո՞ւ նրանք քեզ նման չեն գոռում ու գոռգոռում:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Մորեղբայր, ահա մերոնք անցնում են: Շտապիր, ա՜խ:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Ի՞նչ եք տեսել ձեր խաչից, այդ փայտի կտորից, որ այդպես պինդ կպել եք դրան: Ալլահը վկա, որ բավական էր ձեր սիրուն աղջիկներին ձեր կամքով տայիք մեզ, մենք այսօր կպաշտպանեինք ձեզ: Իսկ այժմ ձեզ համար փրկություն չկա, պրծավ: Դե, բավական է, բերեք այդ աղջկան, եթե չեք ուզում, որ այս տունը կրակ գցել տամ և ձեզ կենդանի-կենդանի այրեմ:

ՍԱԹԵՆԻԿ. Արա, ինչ որ ուզում ես. ես ձեր ձեռքն աղջիկ չեմ տալ:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Չե՞ ս տալ:

ՍԱԹԵՆԻԿ. Ոչ:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Անթար, կանչիր իմ մարդկանց այստեղ:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Շտապով գնում է խորքի ձախակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ, առանցց ԱՆԹԱՐ-ԲԵՅԻ

ԴԱՆԻԵԼ. (Մեկուսի): Արյունս պաղում է:

ԳԱԼՈ. (Մոտենալով Սաթենիկին): Մայր, քաջ եղիր:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Դրանց դատն այստեղ կանեմ, իսկ դու կհետևես ինձ: Դու կընդունես մեր սուրբ հավատը և կդառնաս իմ ծառաներից մեկը: Ով գիտե, գուցե ժամանակով կարողանաս գրավել իմ սերր:

ԳԱԼՈ. (Հպարտ): Ես քրիստոնյա եմ և քրիստոնյա կմեռնեմ:

ՍԱԹԵՆԻԿ. Օրհնվիս, զավակս:

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ և ՄԻՀՐԴԱՏ

ՄԻՀՐԴԱՏ. (Գալիս է ձախ կողմի դռնով): Ես նրանց թաքցրի մի այնպիսի տեղ, որ ինքը սատանան չի գտնի: (Տեսնելով Ջեմալ-բեյին, նանայում է և ցնցվում): Ջեմալը:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Նա ինքն է:

ՄԻՀՐԴԱՏ. Աա, դու դեռ կենդանի՞ ես, շուն: Մերկացրու սուրդ: (Դաշույնը մերկացնում է):

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Լավ, փորձենք մեր հնացած ուժերը: (Դաշույնը մերկացնելով, պատրաստվում է պաշտպանվելու):

ՄԻՀՐԴԱՏ. Հիսուս Քրիստոսի անունով: (Հարձակվում է Ջեմալ փաշայի վրա):

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Հիսուս Քրիստոսր ձեզ երբեք չի օգնի:

ՄԻՀՐԴԱՏ ԵՎ ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Մի քանի վայրկյան կռվում են առանց որևէ հետևանքի):

ԴԱՆԻԵԼ. (Հուսահատական շարժումներ է անում):

ՍԱԹԵՆԻԿ. Կռվեցեք, լավ է այդպես մեռնել:

ՄԻՀՐԴԱՏ. (Մի հարված տալով Ջեմալ-բեյի թևին): Դե կեր, անասուն, դուք քաջ եք անզենների դեմ:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Քո հարվածն ավելի ծակոց է ինձ համար: Ահա թե ինչպես պիտի զարնել: (Հարվածն ուղղում է Միհրդատի կրծքին):

ԳԱԼՈ. (Մեջ է ընկնում կռվողներին բաժանելու համար): Ամոթ է ծերունիներ, կանգ առեք (Միհրդատի կրծքին ուղղված հարվածն ստանում է իր թևի վրա): Ահ:

ՍԱԹԵՆԻԿ. Աստված իմ, նա սպանեց իր որդուն:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ, ՄԻՀՐԴԱՏ. (Դադարում են կռվելուց):

ԳԱԼՈ. Ոչինչ, մայր, հարվածը թևիս դիպավ: (Վիրավոր թևը բռնած՝ նստում է թախտի վրա):

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ և ԱՆԹԱՐ-ԲՈՅ՝ երկու թուրք զինվորնհրի հետ

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Գալով խորքի ձախակողմյան դռնով երկու զինվորների հետ): Ահա նա, բռնեցեք:

ԵՐԿՈՒ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐՆԵՐ. (Հարձակվում են Գալոյի վրա և ձերբակալում են նրան):

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Ի՞նչ պատահեց:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Փաշայից հրաման եկավ՝ այդ դավաճանին ձերբակալել և կենդանի Իրան ուղարկել: Նա ռուսական լրտես է ու մի քանի գաղտնի թղթեր է գողացել փաշայից և ուղարկել մյուսներին: (Դառնալով մյուսներին): Նրա դատը փաշան կանե, իսկ ձերն իմ ձեռքումն է: Այժմ, եթե քառասուն աղջիկ էլ տաք ինձ, ձեզ համար փրկություն չկա: (Դեպի դուրս խորքի ձախակողմյան դռնով): Էհ, եկեք, դրանց տարեք հրապարակ:

ԴՐՍԻՑ. (Լսվում է ատրճանակների պայթյուն, սրերի շառաչյուն, աղմուկ): Ուռռա, ուռռա:

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Դաշույնը դնելով պատյանի մեջ): Ի՞նչ է այդ:

ԴԱՆԻԵԼ. (Լուսամուտով նայելով փողոց): Ռուսները: (Վազում է դուրս խորքի ձախակողմյան դռնով):

ԱԹԱՐ-ԲԵՅ. (Նայելով լուսամատով): Մորեղբայր, մերոնք փախչում են, մենք շրջապատված ենք: Փախչենք: (Վազում է դեպի խորքի ձախակողմյան դուռը):

ՏԵՍԻԼ 10

ՆՈՒՅՆՔ և ՏԻՐԱՆ իր չորս ընկերներով, որ ներս են խուժում խորքի ձախակողմյան դռներով:

ՏԻՐԱՆ. (Ատրճանակն ուղղելով Անթար-բեյի կրծքին): Անշարժ, ոչ մի քայլ:

ՏԻՐ. ԸՆԿԵՐՆԵՐ. (Հետևում են Տիրանի օրինակին):

ՏԻՐԱՆ. Զինաթափ արեք ամենքին և տարեք հանձնեցեք հազարապետին:

ՏԻՐ. ԸՆԿԵՐՆԵՐ. (Զինաթափ են անում թուրք զինվորներին և Ջեմալ-բեյին):

ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Ալլա՜հ, ալլա՜հ:

ՏԻՐԱՆ. (Բռնելով Անթար-բեյի օձիքը): Իսկ քո դատն ես կանեմ: (Խլում է Անթար-բեյից նրա թուրն ու ատրճանակը):

ՄԻՀՐԴԱՏ. (Ջեմալ-բեյին): Դու տեսա՞ր Հիսուս Քրիստոսի զորությունը:

ՍԱԹԵՆԻԿ. Փառք քեզ, երկնային թագավոր: Դու լսեցիր իմ աղոթքները: (Մոտենալով Գալոյին): Ցույց տուր ինձ վերքդ:

ԳԱԼՈ. Դատարկ բան է, թևս մի փոքր ճանկռտվել է:

ՏԻՐԱՆԻ ԸՆԿ. (Ջեմալ-բեյին և թուրք զինվորներին տանում են խորքի ձախակողմյան դռնով):

ՏԻՐԱՆ. (Անթար-բեյին): Իսկ դու առայժմ մտիր այնտեղ: Ես քեզ բանտարկում եմ հանուն արդարության: (Հրեյով Անթար-բեյին, մտցնում է ձախ կողմի սենյակը):

ՀՐԱԶԴԱՆ և ԱԼԻՇԱՆ. (Երևում են խորքի ձախակողմյան դռնի մեջ):

ԴՐՍՈՒՄ. Հուռռա՜ : հուռռա՜ :

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Երրորդ արարվածի սենյակն ու նույն կահ-կարասին

ՏԵՍԻԼ 1

ՆԻԳԱՐ և ԱՐՓԵՆԻԿ

Գալիս են ձախ կողմի դռնով:

ԱՐՓԵՆԻԿ. Վերջապես աստված լսեց այսքան տարիների մեր աղերսանքներն ու մեզ ազատեց թուրքի լծեն:

ՆԻԳԱՐ. Սիրտս տրաքում էր այդ փոսի մեջ: Մութ, խոնավ, մկներով ու որդերով լի: Ինչ վատ բան է լույսից զրկվելը: Տեր աստված: (Հառաչելով մոտենում է լուսամուտներից մեկին):

ԱՐՓԵՆԻԿ. Իսկ դրսի ձայները, Նիգար, ձայները: Կարծես երկիրը քարուքանդ էր լինում մեր գլխի վրա: Հրացանների պայթյունից երեխաներիս լացն անգամ չէր լսվում: Ահ, սարսափելի էր, սարսափելի: Երանի շուտով վերջանար այդ պատերազմը:

ՆԻԳԱՐ. Ես բոլորովին չէի սարսափում: Ես ցավում էի միայն, որ աչքովս չէի տեսնում՝ ինչ է կատարվում դրսում: Գիտես, Արփիկ, եթե ինձ դուրս թողնեին ու ձեռքս զենք տային, ես էլ կկռվեի քուրդերի ու թուրքերի դեմ, այնքան կատաղել էի:

ԱՐՓԵՆԻԿ. Կկռվեիր, գիտեմ, դու քո հոր աղջիկն ես, նրա պես աներկյուղ:

ՆԻԳԱՐ. Այո, ես Հրազդանի աղջիկն եմ և պարծենում եմ դրանով: Եվ որ զավակր չի պարծենա այնպիսի հորով: Իսկ քո մարդը: Նա ի՞նչ տղամարդ է: Գալոն ասում է, որ հորեղբայր Միհրդատը Ջեմալ-բեյի հետ դաշույններով կռվելիս՝ նա ջուրն ընկած հավի պես կուչ էր եկել ահա այն անկյունում, ու լեզուն պապանձվել էր:

ԱՐՓԵՆԻԿ. էհ, ինչ արած: Աստված իմ մարդուն էլ այդպես է ստեղծել: Նա մարդկային արյուն տեսնել չի կարող: Իսկ Գալո՞ն:

ՆԻԳԱՐ. Այո, Գալոն էլ քաջ է: Հորաքույր Սաթենիկն ասում է, եթե Գալոն միջտեղ չընկներ, Ջեմալ-բեյի դաշույնը պիտի հորեղբայր Միհրդատի կրծքի մեջ խրվեր:

ԱՐՓԵՆԻԿ. Այ, տեսնում ես, արի այսուհետև էլ ասա, որ Գալոյին չի կարելի սիրել:

ՆԻԳԱՐ. Ես երբեք այդ չեմ ասել ու չեմ ասի: Ես Գալոյին չեմ ատում:

ԱՐՓԵՆԻԿ. Չես ատում, բայց ինչքան տանջել ես:

ՏեՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ և ՍԱԹԵՆԻԿ

ՍԱԹԵՆԻԿ. (Գալիս է ձախ կողմի դռնով: Տրամադրությունը զվարթ է: Հագած է տոնական զգեստ): Դուք այստե՞ղ եք, անգործ: Գնացեք խոհանոց Նուգզարին օգնելու: Այսօր հյուրեր ունենք:

ՆԻԳԱՐ. (ՈՒրախ): Հյուրե՞ր:

ՍԱԹԵՆԻԿ. Այն էլ ի՞նչ հյուրեր, Արամազդի ու Տիրանի ընկերները: Պետք է ընտիր կերակուրներ պատրաստել:

ՆԻԳԱՐ. Ահ, հիանալի է: (Ծափ է տալիս ուրախությունից):

ՍԱԹԵՆԻԿ. Վերջապես մենք էլի ուրախ օր կտեսնենք այնքան տառապանքներից հետո:

ՆԻԳԱՐ. (Ոգևորված): Հյուրեր ունենք թանկագին, պետք է պարել ու երգել, քուրդ ու թուրքին չարացնել: Եկուր Արփիկ, եկ պարենք: (Բռնում է Արփիկի ձեռքը և սկսում է ծանր և բարակ պարել պառավ կանանց պես: Երգում է):

Պարենք պառավ կանանց պես,

Դե բըժա, բըժա, Գեավազան,

Արևն ելավ, ամպը կորավ,

Դե բըժա, բըժա, Գեավազան,

Ռուսն եկավ, թուրքր կորավ,

Դե բըժա, բըժա, Գեավազան:

(Մի երկու անգամ պտտվում է Արփենիկի հետ ձեռ-ձեռի տված):

ՍԱԹԵՆԻԿ. (Ծափ է տալիս առանց պարին մասնակցելու): Ուրախացեք, ուրախացեք, տխուր օրեր շատ եք տեսել:

ՆԻԳԱՐ. (Դադարում է պարելուց): Օհ, սիրտս թրթրաց ծտի պես: Դե, գնանք, Արփիկ, մի լավ ճաշ պատրաստենք: (Գնում է ձախ կողմի դռնով):

ԱՐՓԵՆԻԿ. (Գնում է ձախ կողմի դռնով):

ՍԱԹԵՆԻԿ. (Ձեռները դեպի վեր բարձրացնելով). Տեր, փառք քեզ, փառք քո զորությանը:

ՏԵՍԻԼ 3

ՍԱԹԵՆԻԿ, ՄԻՀՐԴԱՏ և ԴԱՆԻԵԼ, որ գալիս են խորքի ձախակողմյան դռներով:

Следующая страница