Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արհավիրքի օրերին

ՄԻՀՐԴԱՏ. (Հոգնած ու հուզված մարդու տոնով): Ինչպես ասել եմ, այնպես արեք մինչև վերջը: Ոչ մի ղռուշ վարձ: Ես իմ շտեմարանը նրանց համար եմ պահել: Բաժանեցեք ամեն ինչ ձրի:

ԴԱՆԻԵԼ. Այդպես էլ անում ենք:

ՄԻՀՐԴԱՏ. Նրանք և դուք ձեր արյունով ազատեցիք մեզ թուրքի լծեն, մենք էլ մեր պարտքը կատարենք: Ի՞նչ է գույքը կամ հարստությունը, երեք անգամ քուրդերն ինձ կողոպտել են մինչև վերջին շապիկս, երեք անգամ էլ իմ արդար աշխատանքով հարստությունս վերականգնել եմ: Նորեն կվաստակեմ. թող միայն մեզ կյանքի ապահովություն տան. ուրիշ բան չենք ուզում: է է, Սաթենիկ, այս երջանիկ օրին էլ արժանացանք: ՈՒրախացիր: (Զվարթորեն ձեռքը զարկում է Սաթենիկի ուսին):

ՍԱԹԵՆԻԿ. Ի՞նչ կասես Տիրանի մասին:

ՄԻՀՐԴԱՏ. Ապրե նա, ապրե: Ո՞ւր է, այսօր ես նրան դեռ չեմ տեսել: (Նստում է թախտի վրա և ծխախոտ ոլորում):

ԴԱՆԻԵԼ. Կարծեմ գալիս է Հրազդանի հետ:

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ և ՀՐԱԶԴԱՆ ու ՏԻՐԱՆ

ՀՐԱԶԴԱՆ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով): Այնուամենայնիվ, այդ կարող է հայ անունը վարկաբեկ անել օտարների աչքում, իսկ ես այդ չեմ կարող թույլ տալ: (Գլխի թեթև շարժումով բարևում է ներկա եղողներին):

ՏԻՐԱՆ. (Գալիս է Հրազդանի հետ խորքի ձախակողմյան դռնով): Համաձայն եմ, բայց դժվար է զսպել այդ մարդկանց մեջ վրիժառության փափագը: Դիմիր հայրիկին, գուցե նա կարողանա ազդել նրանց վրա:

ՄԻՀՐԴԱՏ. Ի՞նչ բան է այդ:

ՀՐԱԶԴԱՆ. (Նստելով): Քուրդերը գեներալին գանգատվել են,որ հայերն իրենց կողոպտում են:

ՄԻՀՐԴԱՏ. (Գրգռվելով): Սուտ է այդ. անամոթ սուտ: Ասա գեներալին, որ այդ աղվեսներին չհավատա: Նրանք վճռել են մեր անունը վարկաբեկել ռուսների մոտ: Գործի էությունն այս է. մինչև ձեր գալը քուրդերը կողոպտել են շրջակա հայ գյուղերը: Ձեր գալուց հետո կողոպտված հայերի մի մասը զինված բարձրացել է լեռներն ու քուրդերից հետ խլել իր սեփականությունը, այն էլ հարյուրին մեկը: Մի՞թե ամոթ է մեզ համար ետ վերցնել մեր արդար քրտինքով վաստակածն այդ սրիկաներից:

ՀՐԱԶԴԱՆ. Շատ ուրախ եմ լսելու, որ ճշմարտությունն այդ է, բայց թող հայերն այդ էլ չանեն: Թող ինչ որ քուրդերը կողոպտել են, տանեն, փույթ չէ. իսկ մենք դարձյալ մնանք բարի ու վեհանձն:

ՄԻՀՐԴԱՏ. Դու ասում ես, որ մենք մեր կայքը թողնենք մեզ թալանողների ձեռքում: Շատ լավ, այդ էլ կանենք: Ամեն բան կանենք, ամեն բան, միայն թե ռուսները մնան մեր երկրում, չգնան: Այս երրորդ անգամն է նրանք տիրում են մեր երկիրը: Երկու անգամ թողել հեռացել են և մենք նորեն մնացել ենք թուրքի լծի տակ: Գոնե այս անգամ չհեռանան:

ՍԱԹԵՆԻԿ. Աղաչենք աստծուն, որ այս անգամ գոնե մեր հույսերը չխորտակվեն:

ԴԱՆԻԵԼ. Ամեն, տեր աստված:

ՀՐԱԶԴԱՆ. Միհրդատ, գեներալը շատ գոհ է քեզանից և հրամայել է ինձ, որ իր կողմից շնորհակալություն հայտնեմ քեզ:

ՄԻՀՐԴԱՏ. Ինչո՞ւ համար:

ՀՐԱԶԴԱՆ. Նրա համար, որ դու ունեցածդ պարենը չես խնայում ձրի տալու ռուս զորքին:

ՄԻՀՐԴԱՏ. Հայտնիր գեներալին, որ յուրաքանչյուր հայ երջանիկ է որևէ բանով օգտակար լինելու քրիստոնյա զորաբանակին:

ՏԻՐԱՆ. Շնորհակալ եմ, հայր, դու կատարում ես իմ խոստումը գեներալին:

ՀՐԱԶԴԱՆ. Այժմ մի խնդիր ունեմ, Միհրդատ, պիտի կատարես:

ՄԻՀՐԴԱՏ. Ասա. այս օրվա օրը խնդիրներ մերժելու օր չէ:

ՀՐԱԶԴԱՆ. Դու պիտի հաշտվես Գալոյի հետ:

ՄԻՀՐԴԱՏ. (Շփոթվելով): Այսինքն՝ ինչպես հաշտվեմ:

ՀՐԱԶԴԱՆ. (Դրական և կտրուկ): Դու պիտի այսուհետև նրան համարես հարազատ զավակ և սիրես նրան այնպես, ինչպես սիրում ես Տիրանին:

ՄԻՀՐԴԱՏ. (Ցնցվում է): Հարազատ ոավա՞կ: Սիրեմ նրա՞ն, այդ քուրդի զարմի՞ն: Գիտե՞ս՝ ինչ ես խնդրում ինձնից:

ՀՐԱԶԴԱՆ. Լսիր, Միհրդատ, դու գիտես, որ ես երկար խոսել չեմ սիրում: Գալոն քո զավակը չէ, բայց արժանի է քո զավակը կոչվելու, մի մոռանա, որ նա քեզ ազատել է մահից:

ԴԱՆԻԵԼ. Այո, եթե Գալոն մեջ չընկներ, Ջեմալի դաշույնը քո կրծքի մեջ էր խրվելու:

ՏԻՐԱՆ. Միայն այդ չէ, Գալոն ռուս զորաբանակին և մեզ այնպիսի մի ծառայություն է մատուցել, որպիսին ոչ մի հայ չի մատուցել տակավին:

ՄԻՀՐԴԱՏ. Գիտեմ՝ ինչ ծառայություն է այդ, նա գիշերը գաղտագողի մտել է իմ տան մեջ Աբդուրահման փաշայի սենյակը, գողացել է նրա թղթերը և ուղարկել ռուս հրամանատարին, դա քուրդի ծառայություն է, այսինքն դավաճանություն:

ՀՐԱԶԴԱՆ. (Գրգռվելով): Ի՞նչ ասել է դավաճանություն: Մի՞թե մենք ամենքս, քեզնից սկսած, դավաճաններ չե՞նք թուրք կառավարության համար: Բայց դավաճանություններ կան, որ բարձր են ամեն մի հայրենասիրությունից: Այսօր գեներալն ինքն ասաց ինձ. «Եթե չլինեին այդ երիտասարդի տված տեղեկությունները, հազիվ թե մենք կարողանայինք այսքան շուտ ջարդել թուրքերին»: Միհրդատ, ես պահանջում եմ արդար վերաբերմունք դեպի մի մարդ, որ քո գերդաստանի, իմ զավակի և ամբողջ գավառի ազատարարն է:

ՏԻՐԱՆ. Ես էլ եմ պահանջում:

ԴԱՆԻԵԼ. Լսիր դրանց, Միհրդատ:

ՍԱԹԵՆԻԿ. Աղաչում եմ:

ՄԻՀՐԴԱՏ. (Տատանվում է, մտածում, հետո ջղային եղանակով): Թողեք, հետո:

ՀՐԱԶԴԱՆ. Ոչ, այժմ իսկ, առանց հետաձգելու: Նա իսկույն պիտի գա այստեղ, և ես կխնդրեի, որ դու ինքդ առաջ երթաս, համբուրես նրան ու ասես. «Ապրիր, որդի, այս տանը, այսուհետև ես քո հայրն եմ»:

ՄԻՀՐԴԱՏ. (Գրգռված): Լավ, լավ, բավական է, թող քո ասածը լինի:

ՀՐԱԶԴԱՆ. Շնորհակալ եմ:

ՏԻՐԱՆ. Ես էլ նույնպես:

ԴԱՆԻԵԼ. Ահա, նա գալիս է:

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ և ԳԱԼՈ

ԳԱԼՈ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով: Դեմքը տանջված է, տխուր, գունատ: Աջ կուռը, որ վիրավորված է, կապված է վզին սև թաշկինակով: Սառը, բայց քաղաքավարի գյուխ է տալիս և կանգ է առնում դռան առջև):

ԱՄԵՆՔԸ. (Նայում են Միհրդատին):

Լռություն:

ՄԻՀՐԴԱՏ. Մաքառում է ինքն իր հետ բավական ժամանակ, մի քանի քայլ մոտենում է Գալոյին, բայց հանկարծ կանգ է առնում: Չեմ կարող: (Շտապ քայլերով գնում է խորքի աջակողմյան դռնով):

ՀՐԱԶԴԱՆ. (Վրդովված): Կամակո՜ր:

ՍԱԹԵՆԻԿ. Անսի՛րտ,

ԴԱՆԻԵԼ. Դաժա՛ն:

ՏԻՐԱՆ. (Գրգռված): Ես նրան այդ չեմ ների երբեք:

ՀՐԱԶԴԱՆ. Նստիր, Գալո, առաջ եկ: Շուտով պիտի գան իմ ընկերները, ես քեզ կծանոթացնեմ նրանց հետ, միասին կճաշենք:

ԳԱԼՈ. (Չի նստում): Ես եկել եմ գործով:

ՀՐԱԶԴԱն. Ասա, Գալո:

ԳԱԼՈ. Գեներալը խաբված է այն քուրդ ցեղապետներից, որ ինքնակամ զինաթափ և անձնատուր են եղել:

ՀՐԱԶԴԱն. Խաբվա՞ծ է: (Վեր է կենում):

ԳԱԼՈ. Այո, դա մի խաղ է այդ ցեղապետների կողմից, որի հետևանքները շուտով կզգաք: Այդ մարդիկ հավատարմության երդում են տվել գեներալին, մինչդեռ նրանց զինված խմբերը տակավին օսմանյան զորաբանակումն են և շարունակում են կռվել ռուսների դեմ:

ՀՐԱԶԴԱՆ. Ահա թե ինչ:

ԳԱԼՈ. Այո, անձնատուր եղած բեյերը, որոնց թվում և Մուսա Փաշան, օրն երկու անգամ իրանց ծառաների միջոցով մանրամասն տեղեկություններ են ուղարկում թուրքերին ձեր դիրքերի ու շարժումների մասին:

ՏԻՐԱՆ. (Կատաղի): Սրիկաներ, աղվեսներ, օձեր, պետք է ոչնչացնել ամենքին:

ԳԱԼՈ. Հայտնեցեք գեներալին նաև, որ այն հրացանները, որ քուրդերը հանձնել ու հանձնում են ռուսներին, նույնպես խարդախություն է:

ՀՐԱԶԴԱՆ. Չեմ հասկանում:

ԳԱԼՈ. Ինչպես գիտեք, այդ հրացանները հնաձև հրացաններ են, այնալուներ, բոլորովին անպետք: Այնինչ յուրաքանչյուր քուրդ թաքցրած ունի երկուական գերմանական նոր ձևի հրացաններ, մեկը սեփական, մյուսը օսմանյան կառավարությունից ստացած: Ահա այդ հրացաններն են, որ պետք է խլել քուրդերից, եթե իսկապես գեներալը որոշել է զինաթափ անել նրանց:

ՀՐԱԶԴԱՆ. Դու կարո՞ղ ես ցույց տալ մեզ այդ հրացանների տեղը:

ԳԱԼՈ. Կարող եմ: Ես կտամ ձեզ երկու երիտասարդ, որոնք գյուղե-գյուղ պտտելով, ցույց կտան գաղտնի պահեստները:

ՀՐԱԶԴԱՆ. Ուղարկիր այդ երիտասարդներին ինձ մոտ:

ԳԱԼՈ. Շատ լավ: Մի ուրիշ բան ևս: Հայ ազգաբնակության պարենն սպառվում է: Շուտով ռուս բանակը կզգա ուտելիքի և վառելիքի սով: Այնինչ քուրդերն ու թուրքերը, որ ամեն օր գեներալի մոտ լաց են լինում, թե ոչինչ չունեն, ունեն տակավին շատ պահեստներ խոտի, գարու և աթարի: Իմ մարդիկն այդ պահեստներն էլ կարող են ցույց տալ:

ՀՐԱԶԴԱՆ. Հ րաշալի է, ուղարկիր այդ մարդկանց ինձ մոտ:

ԳԱԼՈ. Այժմ թույլ տվեք ինձ մաղթել ձեր գործին փառավոր հաջողություն և հեռանալ ձեզնից հավիտյան:

ՍԱԹԵՆԻԿ. (Որ սկզբից ևեթ սրտատրոփ հետեել է Գալոյին): Հեռանալ մեզնից հավիտյա՞ն:

ՏԻՐԱՆ. Ո՞ւր ես գնում:

ԳԱԼՈ. Չգիտեմ, մնացեք բարով: (Ուզում է գնալ):

ՍԱԹԵՆԻԿ. (Գալոյի ճանապարհը կտրելով): Սպասիր:

ԳԱԼՈ. Ոչ, մայր, ես այլևս չեմ կարող մնալ ձեր մեջ:

ՏԻՐԱՆ. Պատճառը:

ԳԱԼՈ. Պատճառը, որ դուք հայեր եք, իսկ ես քուրդ:

ՆԻԳԱՐ. (Երևում է ձախ կողմի դռան մեջ):

ՏԵՍԻԼ 6

ՆՈՒՅՆՔ և ՆԻԳԱՐ

ՏԻՐԱՆ. Գալո, կատակ մի արա:

ԳԱԼՈ. (Թեթև ցնցվում է՝ Նիգարին տեսնելով): Ի՞նչ արած, մեկի ողբերգությունը մյուսի համար կատակ է: Թող այդպես լինի: (Ուզում է գնալ):

ՏԻՐԱն. (Կանգնում է Գալոյի առաջ) : Ես քեզ չեմ թողնի գնաս, մինչև որ չբացատրես քո հեռանալու պատճառը:

ՍԱԹԵՆԻԿ. Ասա, որդի:

ՀՐԱԶԴԱՆ. Ասա, Գալո:

ԳԱԼՈ. (Մի քանի վայրկյան տատանվեյուց հետո): Լավ, կասեմ: Ձեր մեջ կար միայն մեկը, որի աչքում ես մարդկային արարած էի: Մնացյալ բոլորիդ համար ես ուրիշ ոչինչ էի, եթե ոչ մի զազրելի խոց ձեր գերդաստանի վրա, որին վաղուց հարկավոր էր դանակով կտրել և դեն շպրտել: Այդ մեկն իմ մայրն էր:

ՍԱԹԵՆԻԿ. (Տխուր հառաչում է):

ԳԱԼՈ. Նա սիրում էր ինձ, իսկ ես պաշտում էի նրան օրորոցից ի վեր: Այդ որդիական պաշտամունքն իմ հոգու մի կեսը ըմբոստացրել էր մյուսի դեմ այն օրից, երբ ես զգացի իմ ով լինելը: Հայ արյունը իմ երակների մեջ պղտորվել էր քուրդ արյունից, և դրանից առաջացել էր իմ մեջ հոգեկան այնպիսի տանջանք, որի մասին ձեզնից և ոչ մեկը կարող է գաղափար ունենալ: Եղել են ժամեր, որ ես կամեցել եմ ինքնասպանությամբ վերջ տալ այդ տանջանքին: Ո՞վ գիտե, գուցե մի օր այդպես էլ անեի, եթե չլիներ դարձյալ իմ մայրը:

ՏԻՐԱՆ. (Խորհրդավոր): Միայն մա՞յրդ, Գալո, միայն նա՞:

ԳԱԼՈ. Ոչ, և մի ուրիշը, եթե ուզում ես, որ բոլորն ասեմ, բայց գլխավորապես իմ մայրը սկզբից ևեթ. ինչևէ, ես ինքնասպանություն չգործեցի և կրում էի իմ տանջանքները լուռ, անտրտունջ, երբեմն միայն իմ սրտի դառնությունը հայտնելով իմ հարազատ ծնողին: Ես պատրաստ էի մինչև մահ կրել այդ տանջանքները, բայց չար ճակատագիրը այդ չկամեցավ և ինձ հետ խաղաց մի սոսկալի խաղ:

ՏԻՐԱՆ. Ո՞րն է այդ խաղը, Գալո:

ԳԱԼՈ. Ջեմալ-բեյի հայտնվելն իմ ճանապարհի վրա: (Հուզմունքից մի քանի վայրկյան կանգ է առնում): Առաջին պահ, երբ ես տեսա նրան, անզուսպ ատելություն էր, որ պաշարեց ինձ: Ես ասացի իմ մտքումս. «Ահա վերջապես այն մարդը, որ իմ անարգ ծննդկան և թշվառ գոյության հեղինակն է»: Ես պատրաստ էի հարձակվել նրա վրա և իմ թունավոր ատամները խրել նրա կոկորդի մեջ, որից այնքան զզվելի խոսքեր էին դուրս գալիս: Այո, հարձակվել իմ հոր վրա, ինչպես կատաղի շունն է հարձակվում իր մոր վրա, չզգալով, որ իր ծնողն է: Բայց նույն պահին, հոգուս հատակում, այնտեղ, ուր մարդկային հայացքը դժվար է թափանցում, զարթնեց մի ուրիշ, բոլորովին հակառակ զգացում: Չգիտեմ, որդիակա՞ն էր այդ զգացումը, թե ինչ, բայց ավելի զորեղ եղավ, քան ատելությունը: Եվ ես ինձ զսպեցի: Ես ճանաչեցի իմ հորը իբրև հոր, ընդունեցի նրան, առանց սակայն իմ զգացումն արտահայտելու որևէ նշանով: Ես կարծում էի, որ իմ հոգեկան վիճակը զգալի կլիներ առանց խոսքերի էլ. և մարդիկ կխնայեին ինձ՝ եթե ոչ իբրև մի որդու, գոնե իբրև մի մարդու, որ, ինչևէ, գոնե անասնի չափ բնազդ ունի: Բայց այդպես չեղավ: Դուք սպանեցիք իմ հորը և սպանեցիք իմ աչքերի առջև, իսկ նա, (Ձեռը տարածելով դեպի խորքի աջակողմյան դուռը Միհրդատին ակնարկելու համար), որի կյանքն ես ազատեցի այս անարգված ձեռքովս, տեսավ, ուրախացավ և հրճվեց: (Երեսը ծածկում է հուզմունքը թաքցնելու համար):

Լռություն:

ԱՄԵՆՔԸ. (Գլուխները իջեցրած՝ նայում են ցած):

ՆԻԳԱՐ. (Մեկուսի): Խեղճ Գալո:

ՀՐԱԶԴԱՆ. Գալո, դու ունիս իրավունք վշտանալու: Իմ մարդիկն շտապեցին: Բայց չէ՞ որ սա պատերազմ է, և կռվի տաք միջոցին ո՞վ կարող էր հաշվի առնել քո տրամադրությունը:

ԳԱԼՈ. Ո՞վ: Ահա նա, մայրս:

ՍԱԹԵՆԻԿ. Ե՞ս:

ԳԱԼՈ. Այո, դու, մայր: Դու կարող էիր պահել իմ հորն սպանողների ձեռքը, ինչպես ես պահեցի իմ հոր ձեռքը քո ամուսնու դեմ: Եվ դու այդ չարիր:

ՍԱԹԵՆԻԿ. Մեղավոր եմ, զգում եմ:

ԳԱԼՈ. (Դառնալով Հրազդանին ու Տիրանին): Իսկ դուք կարող էիք Ջեմալ-բեյին շղթայակապ գերի վերցնել, հանձնել ում դատին ևս կամենայիք, աքսորել, վերջապեսնույիսկ կախաղան բարձրացնել, միայն իմ աչքերից հեռու: Բայց դուք այդ չարիք: Դուք նրան սպանեցիք այնտեղ, հրապարակի վրա, ամբոխի հրճվանքի, քրքիջների տակ: Եվ ես ստիպված էի լռել: Լռել, որպեսզի չասեք, թե ես քուրդ եմ և դավաճանում եմ ձեր գործին:

ՏԻՐԱՆ. Ներիր, Գալո, ես եմ մեղավոր: Ջեմալ-բեյն սպանվեց իմ հրամանով, որովհետև հա այն լպիրշ Անթարի համար էր եկել առևանգելու ահա նրան. (Ցույց է տալիս Նիգարի վրա):

ԳԱԼՈ. Ահ, ես ոչ ոքի չեմ դատապարտում: Ո՞վ գիտե, գուցե ես ևս նույնն անեի, եթե ձեր տեղը լինեի: Չէ՞ որ Ջեմալ-բեյը թշնամի էր, և զորեղ թշնամի: Բայց չեմ կարող թաքցնել, որ այն վայրկյանին, երբ քո ընկերոջ դաշույնը խրվեց նրա կրծքի մեջ, ես ակամա զգացի զզվանք դեպի ամենքդ: Եվ այժմ ես ատում եմ ամենքիդ: (Երեսը դարձնում է):

ՍԱԹԵՆԻԿ. (Սրտատրոփ): Ամենքի՞ս: Եվ ի՞նձ, ուրեմն:

ԳԱԼՈ. Եվ քեզ:

ՍԱԹԵՆԻԿ. Ահ: (Թուլացած նստում է թախտի վրա):

ՆԻԳԱՐ. (Մեկուսի): Ինչ համակրելի է նա այժմ:

ԳԱԼՈ. Ես այժմ ձեզնից յուրաքանչյուրի ձեռքի վրա իմ հոր արյունն եմ տեսնում: Ահա ինչու ես չեմ կարող մնալ ձեր մեջ: Մնացեք բարով: (Շուռ է գալիս գնալու, իսկույն կանգ է առնում): Մի խոսք ևս: Խնդիրը ձեզ է վերաբերում: Դուք այժմ հրճվում եք ձեր հաղթությամբ: Կաղերսեի աստծուն, որ ձեր ուրախությունն անվերջ լինի: Բայց, ավաղ, ձեզ ավելի վատ օրեր են սպասում, քան մինչև այժմ եղածները:

ՀՐԱԶԴԱն. (Ազդված): Ավելի վա՞տ օրեր:

ԳԱԼՈ. Այո, և արդեն սկսվել են այդ օրերը: Թուրքերն ասում են. «Հայեր, դուք եք մեր հայրենիքի կործանման պատճառը: Ռուսի գնդակը մեր մեջքին է դիպչում, իսկ ձերը՝ մեր կրծքին»: Եվ ահա ամենուրեք սկսել են երիտասարդ տղամարդկանց սրի անցկացնել, երիտասարդ ու սիրուն կանանց ու աղջիկներին հարեմները տանել կամ բեյերին ծախել, իսկ ոչ սիրուններին ինչպես և ծերերին ու երեխաներին քշել հեռավոր վայրեր, ուր նրանք կոտորվում են ճանճերի պես ցրտից ու սովից: Դե, մնացեք բարով: (Քայլերն ուղղոմ է դեպի խորքի ձախակողմյան դուռը):

ՍԱԹԵՆԻԿ. Մի գնար, Գալո, մայրդ է աղերսում, մի թողնիր մեզ:

ԳԱԼՈ. (Մի վայրկյան կռվում է իր հետ):

ՏԻՐԱՆ. Մնա այստեղ, Գալո:

ԳԱԼՈ. Ոչ:

ՀՐԱԶԴԱՆ. Ես էլ եմ խնդրում:

ԴԱՆԻԵԼ. Ես էլ:

ԳԱԼՈ. Ոչ, չեմ կարող: (ՈՒզում է գնալ):

ՆԻԳԱՐ. (Վազելով բռնում է Գալոյի ձեռքը): Կաց, Գալո, աղաչում եմ:

ՍԱԹԵՆԻԿ. Լսեցի՞ր, Գալո:

ԳԱԼՈ. Ուշ է: (Մի վճռական շարժում անելով, գնում է խորքի աջակողմյան դռնով):

ՆԻԳԱՐ. (Լուռ արտասվում է):

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ առանց ԳԱԼՈՅԻ, հետո ՄԻԼՈՎԻԴՈՎ

ԴԱՆԻԵԼ. (Գալոյի հաղորդած լուրերից ազդված՝ գունատվել է): Սարսափը գցեց ու ինքը հեռացավ:

ՀՐԱԶԴԱՆ. (Եռանդով). Տիրան, քանի որ ժողովուրդն այդ վիճակումն է, մենք չունենք իրավունք անգործ մնալու և ոչ մի վայրկյան: Գնա, տղերանց հայտնիր, որ ես իսկույն ևեթ առաջ եմ շարժվում:

ՏԻՐԱՆ. Լսում եմ: (Քայլերն ուղղում է դեպի խորքի ձախակողմյան դուռը, բայց հանդիպելով Միլովիդովին, կանգ է առնում):

ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Շտապով գալիս է խորքի ձախակողմյան դռնով, պատվի նշան է առնում Հրազդանին): Նորին գերազանցությունը գլխավոր հրամանատարից հրաման է ստացել իսկույն ետ նահանջել:

ՀՐԱԶԴԱՆ. (Զայրացած՝ ոտքի ելնելով): Նահանջե՞լ:

ՄԻԼՈՎԻԴՈՎ. Այո:

ՀՐԱԶԴԱն. Պատճառը:

ՄԻԼՈՎԻԴՈՎ. Ասում են, որ թշնամին ահագին ուժերով գալիս է մեր դեմ և մենք այնքան զորեղ չենք, որ կարողանանք մեր դիրքերը պահել:

ՀՐԱԶԴԱՆ. Բայց այդ ճիշտ չէ: Իմ ստացած տեղեկությունները հակառակն են պնդում: Միլովիդով, ես ձեզ խնդրում եմ ասել այդ անսպասելի նահանջի իսկական պատճառը:

ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Տատանվելով): Ես ոչինչ չգիտեմ:

ՀՐԱԶԴԱՆ. Իսկ գեներա՞լը:

ՄԻԼՈՎԻԴՈՎ. Կարծեմ, նա նույնքան գիտե, որքան ես:

ՀՐԱԶԴԱն. (Տիրանի հետ փոխանակում է խորհրդավոր մի հայացք): Շատ բարի, հայտնեցեք նորին գերազանցությանը, որ ես իսկույն պատիվ կունենամ նրան ներկայանալու:

ՄԻԼՈՎԻԴՈՎ. Ցտեսություն: (Պատվի նշան առնելով, գնում է խորքի ձախակողմյան դռնով):

ՀՐԱԶԴԱՆ. (Դանիելին): Կանչիր այստեղ Միհրդատին:

ԴԱՆԻԵԼ. (Գնում է խորքի աջակողմյան դռնով և իսկույն ետ գալիս Միհրդատի հետ):

ՏԻՐԱՆ. Հորեղբայր, այդ ի՞նչ է նշանակում: Դու հասկանո՞ւմ ես:

ՀՐԱԶԴԱՆ. (Հուզված և խորհրդավոր): Եվ հասկանում եմ, և ոչ:

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ և ՄԻՀՐԴԱՏ, առանց ՄԻԼՈՎԻԴՈՎԻ

ՄԻՀՐԴԱՏ. (Մտնելով խորքի աջակողմյան դռնով): Ինչո՞ւ համար այդպես շփոոված եք:

ՀՐԱԶԴԱՆ. Միհրդատ, մեր զորաբանակին հրամայված է այս կողմերը ժամանակավորապես թողնել: Հարկավ, իմ խմբերն էլ ստիպված են հետևել նրան: Կասկած չկա, որ մեր հեռանալուց հետո քուրդերն իջնելու են լեռներից: Հայտնիր հայ ազգաբնակությանը, որ մենք այս երեկո նահանջում ենք: Ես իմ խմբով գաղթականների կարավանը կուղեկցեմ մի ապահով վայր՝ կոտորածից ազատելու համար:

ՄԻՀՐԴԱՏ. (Մռայլ): Թշվառ ժողովուրդ, երրորդ անգամն է՝ քո հույսերը խորտակվում են: (Ուշքը ժողովելով, եռանդուն): Դանիել, գնա հրապարակ և լուր տուր ամենքին, ես էլ իսկույն կգամ:

ԴԱՆԻԵԼ. (Շտապով գնում է խորքի ձախակողմյան դռնով:

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ, առանց ԴԱՆԻԵԼԻ

ՀՐԱԶԴԱՆ. Իսկ դուք շտապեցեք պատրաստվել: Ոչինչ հարկավոր չէ վերցնել, բացի ուտելիքից և տաք հագուստից:

ՄԻՀՐԴԱՏ. Ո՞ւր ես տանում դրանց:

ՀՐԱԶԴԱՆ. Կովկաս:

ԱԱԹԵՆԻԿ. Գաղթե՞լ: Թողնել այս շեն տունը, ձգել ամեն ինչ քուրդերին, օհ, սոսկալի է, սոսկալի:

ՄԻՀՐԴԱՏ. Ես այդ չեմ կարող անել: Ով կամենում է, թող գնա. ես մնում եմ:

ՀՐԱԶԴԱՆ. Քեզ կմորթեն ոչխարի պես:

ՄԻՀՐԴԱՏ. Գերադասում եմ մորթվել իմ հայրենիքում, քան գաղթել:

ՏԻՐԱՆ. (Վրդովված): Հայր, դարձյալ համառություն:

ՄԻՀՐԴԱՏ. Ես մնում եմ:

ՀՐԱԶԴԱՆ. Բայց ժողովուրդը նորեն վերադառնալու է. դու էլ ետ կգաս:

ՆԻՀՐԴԱՏ. (Գրգռված, ոտքը զարկելով հատակին): Ես մնում եմ:

ՀՐԱԶԴԱՆ.Դե, պատրաստվեցեք երեկոյան շարժվելու: Տիրան, գնանք գեներալի մոտ: Պետք է խնդրել, որ մեզ թույլ տա ժողովրդին ուղեկցելու:

ՏԻՐԱՆ. Գնանք:

ՀՐԱԶ. և ՏԻՐԱՆ. (Շտապով գնում են խորքի ձախակողմյան դռնով):

ՍԱԹԵՆԻԿ. Խանգարվեց մեր ճաշը, խափանվեց մեր ուրախությունը: Կա՞ արդյոք աստված երկնքում:

ՄԻՀՐԴԱՏ. (Գրգռված): Չկա աստված, չկա: Ես հերքում եմ նրա գոյությունը:

ՆԻԳԱՐ. (Բարձրաձայն հեկեկում է):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Լեռնադաշտ: Դեմ առ դեմ խավարի մեջ Արարատը, որը, վարագույր բարձրանալիս,տակավին չի երևում: Բեմի վրա մի քանի խարույկներ, որ տեղ-տեղ աղոտ փարատում են խավարը: Գաղթականների մի ահագին կարավան խառնիխուռը սփռված է լեռնադաշտի վրա, մինչև բեմի հեռավոր խորքը: Երևում են հրացանակիր կամավորներ, որոնք սիլուետների պես մերթ երևում են, մերթ անհայտանում: Մեծ մասը գաղթականների պառկած են: Ոմանք տաքանում են խարույկների վրա:

ՏԵՍԻԼ 1

ԶԱՌԱՄՅԱԼ ՔԱՀԱՆԱ, հետո ԱԼԻՇԱՆ

ԶԱՌ. ՔԱՀԱՆԱ. (Նիհար, բարձրահասակ ծերունի է, կարճ և բոլորովին ճերմակ մորուքով և գզգզված մազերով), վարագույրը բարձրանալիս չոքած է բեմի առաջին գծի վրա գտնվող խարույկի քով գլխաբաց և ժամագիրք է կարդում խարույկի աղոտ լույսով, Ձայնը բամբ է և մռայլ: Կարդում է հափշտակված, յուրաքանչյուր տողի վերջին բառն երգելով).

Տէր, զի՜ բազում են նեղիչք իմ և բազումք
յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմէ, թէ չիք
Փրկութիւն սորա առ Աստուած իւր:
Այլ Դու, Տէր, օգնական իմ ես, փառք իմ և
բարձրացուցիչ գլխոյ իմո՜յ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի և լուավ ինձ
Ի լեռնէ սրբոյ իւրմէ՜:
Ես ննջեցի և ի քուն եղէ, զարթյա և Տէ՜ր
ընդունելի իմ է՜:
Ոչ երկյացս ես ի բիւրաւոր զորաց նոցա. ոյք
շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զի՜ս:

ԱԼԻՇԱՆ. (Գալով աջ կողմից, քիչ հեռու կանգնած՝ լսում է զառամյալ քահանային: Մի քանի օրվա մեջ նիհարել է, ծերացել, ընկճվել) Տեր հայր, մինչև ե՞րբ կարդաս սաղմոս:

ԶԱՌ. ՔԱՀԱՆԱ. (Չի լսում Աlիշանին, շարունակում է ավելի հափշտակված): Արի, Տեր, և փրկեա զիս, Աստուած իմ, զի Դու հարէր զամենեսեան:

Ոյք էին ընդ իս թշնեամութեամբ ի տարապարտուց և զատամունս մեղաւորաց փշրեսցնես: Տեառնդ է փրկութիւն ի վերայ ժողովրդեան օրհնութիւն Քո:

(Վերջին չորս բառերը կրկնում է երեք անգամ):

ԱԼԻՇԱՆ. Տեր հայր, մինչև ե՞րբ կարդաս սաղմոս:

ԶԱՌ. ՔԱՀ. –– Ի վերա ժողովրդեան օրհնութիւն Քո՜,

ԱLIՇԱՆ. Բավական է, տեր հայր:

Զ. ՔԱՀ. Աա՜, ի՜նչ: (Ժամագիրքը ծալում է): Ո՞վ Ես դու, մահկանացու, որ խանգարես զիս խոսիլ աստծու հետ ի մեջ գիշերի:

ԱԼԻՇԱՆ. (Հառաչելով). Ես նա եմ, որ մի ժամանակ նույնպես քահանա էր:

(Մասսի գագաթը սկսում է կամաց-կամաց լուսավորվել ծագող արեգակից):

Զ. ՔԱՀԱՆ. (Դժվարությամբ ոտքի ելնելով). Ի՞նչ, դո՞ւ ես: Դու, աղջամուղջի զավակ: Մի պղծիր քո պիղծ շրթունքներով սուրբ անունը քահանայի: Ե՛լ, գնա տարտարոս: Ինչո՞ւ խանգարես իմ գիշերային պաշտամունքը, հերետիկոս, հեթանոս, ինչո՞ւ, գեհենի ծնունդ:

ԱԼԻՇԱՆ. Տեր հայր, մինչև ե՞րբ անիծես ինձ քո դողդոջուն շրթունքներով, որ կոչված են աղոթելու և օրհնելու:

Զ. ՔԱՀԱՆԱ. Միշտ պիտի անիծեմ քեզ, անիծյալդ անիծելոց, միշտ, քանի որ շունչս բերանումս է, քանի որ իմ տառապյալ հոգին չեմ ավանդել երկնավորին, քանի որ իմ զառամյալ լեզուն չի չորացել:

ԱԼԻՇԱՆ. Բայց ինչու, ո՞ր հանցանքիս համար, տեր հայր, ի՞նչ եմ արել:

(Բեմը այստեղից սկսած հետզհետե լուսավորվում է):

Զ. ՔԱՀԱՆ. Դո՞ւ, անիծյալ, դո՞ւ, գարշելի, դո՞ւ, զազրելի: (Ցույց է տալիս գաղթականների կարավանը). Նայե, նայե, նայե, իժդ օձի զավակ, նայե, և թող խիղճդ հալածե քեզ հավիտյան: Ու տանջվիր, տանջվիր, որպես տանջվեց Հուդան, որ երեսուն արծաթի համար մատնեց Որդույն Աստծո:

ԱԼԻՇԱՆ. Ինչո՞ւ, մի՞թե ես եմ բերել ժողովրդին այստեղ:

Զ. ՔԱՀԱՆԱ. Այո, դո՛ւ, դու:

ԱԼԻՇԱՆ. Ես չեմ չա՛ր ճակատագիրը ժողովրդի:

Զ. ՔԱՀԱՆԱ. Ոչ, ոչ, դու ես՝ ինքդ, անօրեն, միայն և միայն ինքդ, ուրիշ ոչ մեկը, ոչ մեկը: Դու, անհավատ, դո՛ւ. աստծու սուրբ երեսից հրաժարվածդ: Անիծյալդ անիծելոց, քանի դարեր ապրել է այդ հեզ, այդ քրիստոնասեր, խաղաղասեր, աշխատասեր ժողովուրդն իր հոգևոր հայրերի աղոթքներով ու մաղթանքներով և իր առաքելական եկեղեցու բարձր հովանավորությամբ: Քանի դարեր մենք պահել-պահպանել ենք նրան երկրային արհավիրքներից և երկնային անեծքներից: Եկար դու, անարգեցիր սուրբ կոչումդ, դեն ձգեցիր Քրիստոսի սուրբ խաչն ու սուրբ ավետարանը և զենք բարձրացրիր իբրև եղբայրասպան: Եվ ահա ժողովուրդը կործանվեց, վասնզի աստված քո պատճառով անիծեց նրան իր բարձրությունից: Անիծեմ քեզ հանուն այդ թշվառների ու տարաբախտների: Անիծեմ, անիծեմ, անիծեմ: Հեռո՜ւ, հեռո՜ւ, սաթայել, հեռու, չար ոգի, հեռո՜ւ, զավակդ Վասակի ու Մեհրուժանի, հեռո՜ւ, ոսոխդ հայրենյաց: (Կամաց կամաց ու ետ ու ետ հեռանում է՝ ժամագիրքը բարձրացրած): Անիծեմ քեզ այս սուրբ գրքով և Քրիստոսի մահով: Հեռո՜ւ, հեռո՜ւ, Բեհեզզեբուղի ծնունդ, հեռու, եղբայրասպան Կայեն, հեռու, գարշելի որդ ու սողուն: Հեռու ախտ ու ժանտախտ: Հեռու, գեհենն է քո տեղը: Հեռու ինձնից, քո շունչն ապականում է ինձ, հեռու այս ժողովրդից, նա իմն է և ոչ քոնը: Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ: (Չքանում է խորքում):

ՏԵՍԻԼ 2

ԱԼԻՇԱՆ մենակ, հետո ՀՐԱԶԴԱՆ

ԱԼԻՇԱՆ. (Խորապես ագդված քահանայի անեծքից, մնում է տեղն անշարժ). Ինչո՞ւ ես սարսափեցի այդպես:

ՀՐԱԶԴԱՆ. (Գալիս է աջ կողմից: Հոգեկան տառապանքներից, անքնությունից և հոգնությունից մի քանի օրվա մեջ նիհարել է ու նկատելիորեն ծերացել). Ինչու՞ այդպես քարացել ես:

ԱԼԻՇԱՆ. Այն զառամյալ քահանան դարձյալ անիծեց ինձ:

ՀՐԱԶԴԱՆ. Խելագարված է:

ԱԼԻՇԱՆ. Դու կարծո՞ւմ ես:

ՀՐԱԶԴԱՆ. Հարկավ: ժողովրդյան այս անասելի աղետը զրկել է նրան բանականությունից:

ԱԼԻՇԱՆ. Չգիտեմ, կյանքումս առաջին անգամ զգացի սարսափ: Սառը քրտինքը պատեց ինձ, երբ նա արտասանում էր իր անեծքը:

ՀՐԱԶԴԱՆ. Ալիշան, դու հուսահատվում ես:

ԱԼԻՇԱՆ. Այո, Հրազդան, ես հուսահատվում եմ:

ՀՐԱԶԴԱՆ. Հեռացիր, ուրեմն, ասպարեզից և նորեն հագիր ֆերաջեդ, նա, որ հուսահատվում է, չի կարող լինել իմ օգնականը:

ԱԼԻՇԱՆ. Ճիշտ է, բայց երկրի հիմնահատակ ավերումը, այդ հրեշավոր կոտորածը, այս սոսկալի գաղթը.. ինչո՞վ պիտի վերջանա այս բոլորը:

ՀՐԱՏԴԱՆ. Տեսնո՞ւմ ես հորիզոնի վրա ալևոր Մասիսը: Ծագող արեգակն արդեն սփռում է նրա վրա յուր առաջին շողերը և ոսկեզօծում նրա սրբազան գագաթը: Քանի՜ քանի՜ անգամ է ծերունու ճակատը մռայլվել մթին ամպերից, բայց նորեն լուսավորվել է, նորեն պայծառացել է և նորեն ծերունին սկսել է հպարտ ժպտալ աշխարհին, հեռու հուսահատություն և լքում, հեռու թերահավատություն ու կասկած: Դեպի գործ, նորեն դեպի գործ: Ահա լուսավորվում է մեր ուղին, մութը չքացավ: Ձայն տուր պահակներին, որ քնածներին արթնացնեն: ժամանակն է զարթնելու:

ԱԼԻՇԱՆ. (Մի քանի քայլ դեպի խորքը գնալով, բարձր). Զարթնեցե՜ք: (Անհետանում է բեմի խորքում):

ՁԱՅՆ. — (խորքից): Զարթնեցե՜ք:

ՁԱՅՆ. (ավելի խորքից) Զարթնեցե՜ք:

ՁԱՅՆ. (հեռվից) Զարթնեցե՜ք:

ՁԱՅՆ. (Բոլորովին հեռվից). Զարթնեցե՜ք:

Զառ. ՔԱՀԱՆԱՆ. (Մի խումբ տղամարդկանց ու մանուկների հետ սկսում են երգել):

Առավոտ լուսոյ, արեգակն արդար, առիս լույս ծագեա: Բըխումն ի հորէ, բխեա հոգւոյս բան քեզ ի հաճոյս: Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ, գտող զիս արա: Դուռ ողորմութեան դավանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն: Երրեակ միութիւն, եղելոց խնամող, և ողորմեա: Զարթիր, Տէր, յոգնել, զարթո զթմրեալս, զվարթնոց նմանիլ: Էդ Հայր անսկիզբն, Էակից Որդի, է միշտ սուրբ հոգի: Ընկալ զիս, գթաց, ընկալ ողորմած, բնկալ մարդասեր: Թագավոր փառաց, թողութեանց տվող, թող ինձ ըզյանցանս: ժողովուրդ բարեաց, ժողովեա և զիս ժողովս անդրանկաց:

ՀՐԱԶԴԱՆ. (Մի հուսահատական շարժում անելով, նստում է քարի վրա մռայլ). Նա հարցրեց՝ ինչո՞վ պիտի վերջանա այս բոլորը: Գիտե՞մ արդյոք ես: (Ծանր հառաչում է):

ՏեԱԻԼ 3

ՀՐԱԶԴԱՆ և ՏԻՐԱՆ

ՏԻՐԱՆ. (Գալիս է խորքից: Նույնպես նիհարած է ու ընկճված): Ուժ է հարկավոր այս ամենին դիմանալու համար, գերբնական ուժ:

ՀՐԱԶԴԱՆ. Ի՞նչ նորություն:

ՏԻՐԱՆ. Այս րոպեին եկան մի խումբ փախստականներ, որ մեզնից մի օրով ուշ են շարժվել: Նրանք ասում են, որ թուրքերը Գալոյին կախաղան են բարձրացրել:

ՀՐԱԶԴԱՆ. Այդ ես սպասում էի: Ուրի՞շ:

ՏԻՐԱՆ. Ուրիշ ոչ պակաս սոսկալի լուր, հայրիկն այրվել է:

ՀՐԱԶԴԱՆ. (Ոտքի կանգնելով). Այրվե՞լ:

ՏԻՐԱՆ. Այո: Այն ժամանակ, երբ քուրդերր հարձակվել են, նա իր սենյակում փակված պաշտպանվել է հրացանն արձակելով, չկամենալով կենդանի անձնատուր լինել: Քուրդերը տունը հրդեհել են, ծերունին այրվել է իր սենյակում:

ՀՐԱԶԴԱՆ. Համառ էր հայրդ, Տիրան, և իր համառության զոհը դարձավ:

ՏԻՐԱՆ. Ի՞նչ ես խորհուրդ տալիս. հայտնե՞մ այս բոլորը մայրիկին:

ՀՐԱԶԴԱՆ. Ամենևին, դա կարող է նրան սպանել: Պետք է խնայել նրա ուժերը մինչև Կովկաս հասնելը: Այնտեղ ՝ կհայտնենք:

ՏեՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ և ՍԱԹԵՆԻԿ, ՆԻԳԱՐ, ԱՐՓԵՆԻԿ, ԴԱՆԻԵԼ (չորս ութ-ինը տարեկան մանուկների նետ, որոնցից երկուսը Սաթենիկին են, երկուսը Արփենիկին: Գալիս են աջ կողմից):

ԴԱՆԻԵԼ. (Իր երկու գավակների ձեռքից բռնած). Եկեք, մի փոքր տաքացեք խարույկի մոտ: Մրսում եք: Եկեք դուք էլ, կանայք:

(Մոտենում է խարույկին):

ԱՐՓԵՆԻԿ. (Գալիս է Սաթենիկի երեխաների ձեռքից բռնած). Ցուրտ է, սոսկալի ցուրտ (Մոտենալով խարույկին) Եկ, Սաթենիկ, եկ, Նիգար: Դու դողում ես:

ՍԱԹԵՆԻԿ. Ես ցուրտ չեմ զգում, թողեք ինձ: Չկա ցուրտ, կրակ է ամեն ինչ:

ՆԻԳԱՐ. Թող երեխաները տաքանան, մենք կարող ենք դիմանալ: (Փաթաթվում է շալի մեջ):

ԴԱՆԻԵԼ. Այդ ո՞վքեր են երգում:

ՏԻՐԱՆ. Խելագար քահանան մի խումբ մանուկների հետ «Առավոտ լուսո» է երգում:

ՍԱԹԵՆԻԿ. Չի բացվել մեզ համար լույս, չի բացվել, բավական է երգել: (Գրգռված, Հրազդանին և Տիրանին). Շա՞տ պիտի քալենք տակավին:

ԴԱՆԻԵԼ. Եվ կանցնենք թուրքական նախկին սահմանը ու կլինենք այնուհետև ապահով:

ՍԱԹԵՆԻԿ (Սրտմտությամբ) Անիծվին ձեր սահմանները: Ինչո՞ւ բերիք մեզ այս ցուրտ վայրերը: Ինչո՞ւ չթողիք ինձ մնալ հիմար ծերունու մոտ, իմ հարկի տակ ու այնտեղ մեռնել:

ՆԻԳԱՐ. Մայրիկ, հանգստացիր, աղաչում եմ:

ՍԱԹԵՆԻԿ. Ոչ, չեմ ուզում: Վերադարձրեք ինձ իմ վաթանը: Ես այնտեղ եմ փափագում փչել իմ հոգին:

ՀՐԱԶԴԱՆ. Այնտեղ կմեռնիս, քույր, այնտեղ, դու էլ, ես էլ, ամենքս: Այս գաղթը ժամանակավոր է: Ամենքս նորեն կվերադառնանք հայրենիք ազատ ու երջանիկ վիճակում:

ՍԱԹԵՆԻԿ. Ազատ ու երջանիկ: Կար ժամանակ, երբ ես ևս հավատում էի քո խոսքին: Այժմ չեմ հավատում ոչ քեզ, ոչ նրան (ցույց է տալիս Տիրանի վրա). Ոչ մեկիդ:

ԴԱՆԻԵԼ. Մենք ազատություն երբեք չենք տեսնի:

ԱՐՓԵՆԻԿ. Երբեք, այո, երբեք, այսպես է գրված մեր ճակատին:

ՆԻԳԱՐ. Իսկ ես դարձյալ հավատում եմ իմ հայրիկին և Տիրանին: Հավատում եմ, որ նրանց հույսն ու հավատը կարդարանան:

ՀՐԱԶԴԱՆ. Ապրիս, զավակս, ապագան հավատացողինն է: Թող մենք լինենք թշվառ, բայց դու և դրանք (ցույց է տալիս փոքրիկների վրա) կլինեք երջանիկ: Ես խորապես համոզված եմ:

ՏԻՐԱՆ. Ես նույնպես:

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ և ԱԼԻՇԱՆ

ԱԼԻՇԱՆ. (Գալիս է բեմի խորքից: Այլայլված է, գունատ, առանց գտակի և հրացանի): Հրազդան, Հրազդան:

ՀՐԱԶԴԱՆ. Այստեղ եմ, ի՞նչ է պատահել:

ԱԼԻՇԱՆ. Գիտես՝ ինչքան դիակ ենք թողնում այս անգամ: Ես համարեցի մեկիկ-մեկիկ, երեխաներ, ծերեր, հղի կանայք: Ուղիղ հարյուր և ինսունինը: Մեկն է պակասում, միայն մեկը: Մի գիշերվա մեջ, միայն մի գիշերվա մեր ցրտից, սովից, հոգնածությունից, վշտից: Բայց մեկը չպիտի պակսե: Այն պետք է լրացնել: (Գնում է դեպի ձախ և չքանում):

Следующая страница