Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արմենուհի

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կռվելով ինքն իր հետ): Ա՛խ, այդ ձայնը... Այն վաղուց է ինձ կանչում:

ՀՄԱՅԱԿ. Հետևեցե՛ք նրան, ուրեմն, այդ է ձեր կոչումը, այդ է ձեր սուրբ պարտականությունն անգամ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Բայց ու՞ր կտանի ինձ այն:

ՀՄԱՅԱԿ. Լավագույնը աշխարհներիցգեղարվեստների դրախտը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Արժանի՞ եմ ես, արդյոք, այնտեղ ընդունվելու:

ՀՄԱՅԱԿ. Ավելի քան արժանի եք, որովհետև դուք ունիք աստվածային ձիրք և մեծ ձիրք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՜խ, այդ ամենքն ասում են, ամենքը և ես զգում եմ, որ ունիմ, զգում եմ մանկությունիցահա իմ թշվառության աղբյուրը:

ՀՄԱՅԱԿ. Դեն ձգեցեք սնոտի երկյուղի և կեղծ ամոթի կապանքները: Միայն մի քայլ, և դուք փրկված եք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ոգևորվելով): Ասացեք, թո՞ւյլ կտան ինձ այնտեղ նվագելու:

ՀՄԱՅԱԿ. Երբ կամենաք, որքան կամենաք և ինչ կամենաք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Հետզհետե ինքնամոռացության մեջ ընկնելով): Եվ ոչ ո՞ք չի խանգարիլ ինձ, ո՞չ մի ձայն, ո՞չ մի տրտունջ:

ՀՄԱՅԱԿ. Ոչ ոք, ոչինչ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Եվ ես կլինեմ այնտեղ արտիստների շրջանում: Օ՛հ, այդ իմ լավագույն երազն է: Ինձ չեն արհամարհիլ: Նրանք ինձ պատիվ կանեն արվեստների մասին հետս խոսելու: Եվ ես այլևս չեմ լսիլ առևտրի, շահի ու վնասի, մուրհակների ու մատյանների մասին: Իմ հոգնած լսելիքն այլևս չի ընդունիլ համարակալի չխկչխկոցը: Ա՛հ, տարեք ինձ, փախցրեք այստեղից, ես փափագում եմ այդ աշխարհում շնչել և ապրել:

ՀՄԱՅԱԿ. Աա՜, վերջապես, դուք խոսեցիք ձեր բնական ձայնով: (Գրկում է Արմենուհուն): Այժմ ես այլևս երկյուղ չունիմ: Մենք տարանք հաղթանակը, մեր թշնամիները չեն կարող հրճվել: Գնանք, շտապեցե՛ք: Ես արդեն ամեն ինչ պատրաստել եմ փախչելու համար: (Մզում է Արմենուհուն բեմի խորքը): Հիսուն քայլ հեռու, անտառի մոտ մեզ սպասում է. մի կառք:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ազատվելով հմայակի գրկից): Բայց ոչ, սպասեցեք. հեռո՜ւ, ես խելագարվում եմ, հա՜յրս, զավա՜կս: Ո՛չ, ո՛չ, ո՛չ:

ՏԵՍԻԼ 11

ՆՈՒՅՆՔ, ՍԱՄՍՈՆ, ՎԻՐԳԻՆԵ, ԵՂԻՍԱԲԵԹ, ԿՈՍՏԱՆԴԻՆ և ծառաներ

ՀՄԱՅԱԿ. Մի՛ թուլանաք, եկեք: (Նորից գրկում է Արմենուհուն) : Դուրս գնանք այդ երկաթե ցանկապատից, և հաղթանակը մերն է:

ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է պատշգամբի մի ծայրում և արագ անցնում է մյուս ծայրը):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նկատում է Վիրգինեին, ազատվում է նորից Համայակի գրկից ու ճչում): Ա՜հ:

ՀՄԱՅԱԿ. (Վախեցած): Ի՞նչ պատահեց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Զարհուրելի ուրվականը: Փախի՛ր, եթե չես ուզում կործանվել:

ՍԱՄՍՈՆ. (Բեմի հետևից բարձրաձայն): Ա՜ա...

ՀՄԱՅԱԿ. Մի քայլ անգամ չեմ անիլ առանց քեզ, թո՛ղ գա:

ՍԱՄՍՈՆ. (Երևում է պատշգամբի վրա, ձեռքին ատրճանակ, խելակորույս): Ստացի՛ր, քո պատիժը: (Ատրճանակը բարձրացնում է):

(Վիրգինե, Կոստանդին, Մելանիա, Գարեգին, Եղիսաբեթ, միմյանց հետևից երևում են պատշգամբի վրա):

ՀՄԱՅԱԿ. (Կանգ է առել աներկյուղ և նայում է Սամսոնին):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ընկնելով Հմայակի առաջ, ծածկում է նրան իր մարմնով): Առաջ ինձ, հետո նրան:

ՍԱՄՍՈՆ. Ե՛վ քեզ, և՛ նրան: (Ուզում է ատրճանակը արձակել, չի կարողանում, թուլանում է): Ա՜հ, չեմ կարող, չեմ կարող: (Ատրճանակը ձգում է գետնին: Տանջվում է: Քիչ լռություն: Խեղդված ձայնով): Գնա՛ նրա հետ, ազատ ես: (Հեկեկում է):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գրկում է Հմայակին):

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец