Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Ուրեմն, դու հերքո՞ւմ ես կրթության նշանակությունը, — հարցրեց Բարաթյանը, ժպտալով, — դու չե՞ս ընդունում ղեկավարի կամ առաջնորդող մարդու ազդեցությունը:

Ազդեցություն և ոչ բռնություն: Ի՞նչ ես կարծում, պատանիների համար ո՞րն է ազդու սպառնալի՞քը, թե կենդանի օրինակը: Եթե դուք կրոնի անունով աշակերտին ստիպում եք եկեղեցի գնալ, ի՞նչ կմտածի նա, տեսնելով, որ դուք ինքներդ եկեղեցի չեք հաճախում, փախչում եք նրանից, ինչպես մի ավելորդ բեռնից: Վերջապես, ի՞նչ կարիք կա երկար վիճելու, իմ պատասխանը մեկ է, ես համաձայն չեմ, որ հոգաբարձությունը խառնվի դպրոցի ուսումնականբարոյական մասի մեջ: Նա իրավունք էլ չունի:

Դիմաքսյանը քանի գնում, այնքան ավելի գրգռվում էր և ձայնը բարձրացնում: Բարաթյանը խոսում էր սառը, անվրդով: Հենց այդ էր, որ ավելի բորբոքում էր նրա հակառակորդին:

Մի բան շատ պարզ էր Դիմաքսյանի համարընկերոջ բուն նպատակը: Ուստի նա որոշ և դրական եղանակով ասաց.

Ես չեմ ընդունում ձեր որոշումը:

Այո՞:

Այո :

Եվ դուրս եկավ սենյակից վրդովված, «Ահա ինչ ծայրից են սկսում, — ասում էր նա մտքում, — քիչ էր մնում ինձ էլ անաստված հրապարակեն»:

Նա համոզված էր, որ յուր բոլոր պաշտոնակիցները նույնպես կվրդովվեն հոգաբարձության դեմ: Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ նրա զայրացումը հանդիպեց ընդհանուր լռության:

Բորոր ուսուցիչները նայեցին միմյանց երեսին: Կարծես, ամեն մեկը սպասում էր, որ մյուսը խոսի: Այդ լռության մեջ Դիմաքսյանի համար կար վիրավորական, միևնույն ժամանակ, ատելի մի բան: Դա այն ընդհանուր երկյուղն ու տատանումն էր, որ երևում էր ամենքի, նույնիսկ յուր կողմնակիցների, դեմքերի վրա: Նա ասաց, թե թերթակալ հոգաբարձվին հայտնել է, որ հոգաբարձությունը իրավունք չունի խառնվել դպրոցի ուսումնական-բարոյական գործերի մեջ: Նա հույս հայտնեց, որ ամենքը համաձայն են այս մտքի հետ և հարկավոր եղած ժամանակ նրան ձայնակից կլինեն:

Համր լռությունը Դիմաքսյանի միակ պատասխանը եղավ:

Ինչո՞ւ եք լռում, — գոչեց նա:

Սկզբունքով համաձայն ենք, — խոսեց, վերջապես, նրա կողմնակիցներից մեկր, — Բայց եթե...

Եթե՞:

Եթե հոգաբարձությունը կամենա խառնվել, մենք ի՞նչ կարող ենք անել: Նա իշխանություն է, մենք ստորադրյալներ...

Գերմանական մանկավարժ Ինյաթյանը քնթի տակ ծիծաղեց, ծաղրաբար և անհոգ քայլերով դուրս եկավ: Մյուսները ոչինչ չասացին:

Խնդիրը շատ պարզ էր Դիմաքսյանի համար: Մի վայրկյան նա կարողացավ իրան զսպել և հեգնաբար ասաց.

Ձեր ասածը ճիշտ է. նրանք իշխանավորներ են, մենք ստորադրյալներ, այսինքն անբան ստրուկներ: Ուրիշ ոչինչ, պարոններ, գնացեք, զանգակը դասի է հրավիրում:

VIII

Նա մնաց միայնակ ուսուցչական սենյակում, միայնակ յուր բոլոր սկզբունքների և համոզմունքների հետ: Կրկին զգաց, որքան դժվար է մարդկանց հավատ ընծայելը: Ուրեմն քչ ոք ձայն չբարձրացրեց անարդար ոտնձգության դեմ, ոչ ոք չպաշտպանեց և չպիտի պաշտպանի նրան: Կնշանակե՝ նրա կողմնակիցները հասկացել են հակառակ կուսակցության ուժը:

«Վախ, վա՛խ, միշտ մի կտոր հացի համար վախ, ահա այն հրեշը, որ ջլատում է մարդկանց բարոյական ուժը»:

Նա ձեռը ուժգին զարկեց սեղանին, ոտքի կանգնեց: Երբ հետ նայեց, տեսավ մենակ չէ: Սենյակի ծայրում կանգնած էր Ինյաթյանը և, ձեռները մեջքին դրած, անհոգ կերպով նայում էր պատին:

Մեծ մարդ է եղել հանգուցյալը, — ասաց նա, ցույց տալով Ներսես Աշաարակցու պատկերը:

Այո , մեծ մարդ է եղել, պարոն Ինյաթյան:

Ասում են, երբեք չէր հուսահատվում խոչընդոտների հանդիպելիս: Հենց այդ բանն է մարդկանց մեծացնում: Հուսահատությունը թուլասիրտներին է միայն հատուկ: Հա, ի՞նչ էի ուզում ասել, այս երեկո երևի, ուսուցչական ժողովը չի կայանալ:

Ինչո՞ւ:

Որովհետև բոլոր ավագ ուսուցիչները հրավիրված են հոգաբարձու պարոն Վեքիլյանի մոտ:

Հրավիրվա՞ծ:

Միթե դուք չգիտեի՞ք, ձեզ չի՞ հրավիրել: Զարմանալի է: Խնջույքի նման մի բան է սարքել: Ասում են նպատակ ունե պարոն Վեքիլյանը, այսինքն ուզում է ուսուցիչների հետ բարոյական կապ հաստատվել: Ուրեմն ժողովը կհևտաձգեք, չէ՞:

Եթե Վեքիլյանի խնջույքը ավելի հետաքրքրական է ձեզ համար, ժողովը պետք է հետաձգել:

Ինյաթյանը, քթի տակ երգելով, դուրս գնաց: Այդ օրը Դիմաքսյանը ախորժակ անգամ չունեցավ ճաշելու, — այնքան վրդովված էր: Սիրականն այնպես սովորել էր նրա բնավորությանը, որ իսկույն հասկացավ, թե նա վատ է տրամադրված: Նա հոգում էր Դիմաքսյանի մասին ինչպես սիրող, զգայուն եղբայր: Նա պատրաստ էր ամեն րոպե մահու և կյանքի կռվի մեջ մտնել նրա համար, եթե միայն այդ հարկավոր լիներ: Եվ Դիմաքսյանը լիովին հավատում էր նրա անկեղծ հավատարմությանը: Ուրախալի էր նրա համար անկիրթ ժողովրդի այդ հարազատ զավակի մեջ տեսնել այդքան սեր:

Իրիկնադեմին նա գնաց Մսերյանի մոտ, ուր միշտ գնում էր, երբ հուզված էր լինում:

Իդեալիստը այս անգամ՝ անսովոր աշխույժ ստացած անցուդարձ էր անում սենյակում, ինքն յուր հետ ձեռներով խոսելով: Բանն այն է, որ նա այդ օրը պաշտոն է ստացել մի արքունական հիմնարկության մեջ և վաղվանից պետք է սկսեր ծառայել: Նույն րոպեին նա մտքում հաշվում էրարդյոք պաշտոնը նրա ամբո՞ղջ ժամանակը պետք է խլե, թե կարդալու համար ազատ ժամեր կթողնի:

Դիմաքսյանը շնորհավորեց նրան:

Բայց դու ինչո՞ւ տխուր ես, — գոչեց Մսերյանը, — էլի ո՞վ է էշիդ կաղ ասել:

Դիմաքսյանը պատմեց օրվա եղելությունը: Մսերյանը, ինչ ասել կուզե, վրդովվեց: Ի՞նչպես, Բարաթյանը կրոնի և եկեղեցու պաշտպան է դարձել: Ուրեմն նա ուզում է ծախել այն, ինչ որ չունե: — Դա բարոյական գողություն է:

Եվ նա խոսում էր համոզվա՞ծ, ինչպես ճշմարիտ քրիստոնյա :

Դիմաքսյանը հեգնաբար ժպտաց: Մի թե կարող է համոզմունք լինել մի բան, որ մարդու հոգուց չի բխում: Դա մի վտանգավոր զենք է նրա դեմ, ուրիշ ոչինչ: Օ՛օ, Բարաթյանը խելոք է, շատ լավ է ճանաչում հասարակության թույլ երակը: Նա ուզում է Դիմաքսյանի վարկը կոտրել, նրա հեղինակությունը ոտնատակ անել, ահա նրա նպատակը:

Ներողությո՛ւն, — ընդհատեց Մսերյանը ընկերոջ խոսքը, — նա ի՞նչպես կարող է քո հեղինակությունը ոտնատակ անել:

Հրատարակելով ինձ անկրոն: Դա, իհարկե, նրան կհաջողվի, մարդկանց փոփոխամտության շնորհիվ: Երևակայիր, ամբողջ մեր ուսուցչական խմբի մեջ այսօր մեկը չգտնվեց, որ ինձ հետ բողոքեր: Ես մնացի մենակ, հասկանո՞ւմ ես, մենակ:

Եվ նա ավելացրեց, որ այսուհետև ամենքը իրանից պիտի երես դարձնեն: Նա հաղորդեց Վեքիլյանի հացկերույթի մասին: Նա հասկանում է, ինչ ասել է բարոյական կապ, Վեքիլյանը կամենում է նրա դեմ զինել ուսուցիչներին:

Մսերյանը գլուխը շարժեց:

Ինչո՞ւ ես ժպտում, միթե դու իմ տեղը լինեիր, չէի՞ր հուսահատվի:

Ե՞ս, ո՜չ:

Ո՞չ:

Չէի հուսահատվի: Նախ և առաջ ես քո տեղը երբեք չեմ կարող լինել: Ով ինձ նման քամի կուլ տվողին սեմինարիայի ինսպեկտորի պաշտոն կտար: Երկրորդ, եթե ես քո տեղը լինեի, իսկույն գդակս կվերցնեի, կասեի մնաք բարով, հորս ցավը ձեզ էլ ու ձեր դպրոցին էլ:

Այդ կնշանակե չհուսահատվե՞լ: Բայց ես գոնե այդպես չեմ անում, ես միայն վրդովվում եմ:

Դու այդ էլ չպիտի անես:

Դիմաքսյանը զարմացած նայեց ընկերոջ երեսին: Նա բոլորովին ոչինչ չէր հասկանում նրա հակասական խոսքերից: Մի րոպեաչափ նրանք լուռ էին:

Մսերյանը, նայելով յուր ծխախոտի ծայրին, ինքն յուր հետ խորհրդածության մեջ էր: Պարզ էր, որ նա մի բան ուզում էր ասել, բայց չգիտեր, ո՞ կողմից սկսեր

Վերջապես, նա ձեռքը խփելով Դիմաքսյանի ծնկին, ասաց.

Գիտե՞ս ինչ, Արսեն, ես քանի անգամ ասել եմ, որ դու ինձ երբեք օրինակ չվերցնես քեզ համար: Դու ուրիշ մարդ ես, իսկ ես ուրիշ: Մենք հակատիպարներ ենք:

Ճիշտ է, նա գդակ կվերցներ ու դպրոցից դուրս կգար, բայց երբեք չէր կամենալ, որ յուր ընկերն էլ այդպես անի: Չէր կամենալ, մինչև անգամ, որ նա հուսահատվի մազաչափ: Վաղուց, շատ վաղուց նրա գլխում կազմվել էր հասարակական գործիչի լիակատար իդեալը: Ով գիտե, որքան նա բախտավոր մարդ կհամարեր իրան, եթե կարողանար տասներորդի չափ լինել այն, ինչ որ նրա կարծիքով պետք է լինի հասարակական գործիչը: Բայց նա զգում էր, որ չի կարող և հենց ավելի ցավալին էր այդ, որ զգում էր:

Իսկ դու կարող ես լինել, — շարունակեց նա ոգևորված, — եթե միայն աշխատես: Բայց դու, Արսեն, դեռ, ներիր, որ պարզն եմ ասում, դեռ շատ անեփ ես, անեփ, թե ինչպես ընկերական մարդ և թե ինչպես գործի մարդ: Քանի-քանի անգամ ես տեմել եմ, որ ամեն մի չնչին բան քեզ հուսահատեցնում է կամ խրախուսում, ոգևորում: Երբեք ես չեմ մոռանալ այն օրը, երբ մի ինչ-որ լրագրի հոդվածից, մի վայրիվերո գրվածքից քիչ էր մնում խելագարվեիր: Կարծես, չգիտեիր, որ այդ թուղթ մրոտողների հարյուրից իննսուն ինը չարժեն ընկույզի կճեպին: Չեմ մոռանալ և այն օրը, երբ դու ոգևորված և հիացած պատմում էիր, թե ինչպես քեզ ընդունել են քո հայրենի քաղաքում:

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, իդեալիստը շարունակեց, ձայնի տոնը փոխելով և ավելի սառն կերպով: Նա ասաց, թե բուն հասարակական գործիչը այդպես չի լինում, նա հեռու է սնափառության վտանգավոր ախտից: Նրա համար նշանակություն չունեն ո՛չ ծափահարությունները և ո՛չ հալածանքները: Նա ոչ ոքից չի սպասում ո՛չ վարձատրություն, ո՛չ երկրպագություն: Նա յուր վարձը և խրախույսը պտրում է յուր անձնավորության մեջ և այնտեղ է գտնում: Նրա բարոյական սնունդը, նրա հոգեկան քաշության միակ աղբյուրը յուր սիրտն է, յուր ներքին աշխարհը: Այնտեղ է նա որոնում գովասանքն էլ, պարսավանքն էլ: Այնտեղ է նա զգում և ծափահարության ձայնը, և անաչառ, խիստ քննության հարվածները: Դրսի աշխարհը այս դեպքում նրա համար գոյութուն չունե:

Նա դարձյալ լռեց, նայեց ընկերոջ երեսին և ապա ավելացրեց.

Ասա, այսպե՞ս է, թե՞ չէ, հերքի՛ր, եթե սխալվում եմ:

Բայց Դիմաքսյանը լուռ էր և ուշադիր լսում էր ընկերոջը: Նա համաձայն էր նրա ասածների հետ, նա ինքը վաղուց այդ բանը գիտեր: Բայց լսել մի ուրիշից այդպես բացարձակ, անկեղծ և խիստ կերպովծանր էր նրա համար, այդ ուրիշը լիներ նրա ամենամտերիմ ընկերը:

Նա վախենում էր նայել Մսերյանի երեսին, որ այդ րոպեին այնքան խիստ, երկյուղալի, բայց և հարգելի էր նրա համար: Նա զգում էր յուր դեմ նստած մի անողոք բուժիչ: Սուր դանակը ձեռին, սառնությամբ այդ բժիշկը օպերացիայի էր ենթարկում նրա հոգու ամենաթույլ, ամենահիվանդոտ մասերը: Բայց նա գիտեր, որ այդ խստությունը առաջանում է միմիայն հիվանդին բուժելու անկեղծ և ջերմ ցանկությունից: Նա դողում էր, հուզվում, բարկանում, բայց և չէր ընդդիմանում այդ անողոք վերլուծությանը:

Գունատ դեմքով, աչքերը խոնարհեցրած, շնչասպառ և դժվարությամբ արտասանեց.

Շարունակի՛ր:

Մսերյանը ասաց, թե յուր ասելիքը վերջացնել է: Նա ավելացրեց միայն, թե յուր շրջանին, հասարակությանը, վերջապես մարդկությանը ծառայող ամեն մի փոքր թե մեծ մարդ ունե մի որոշ իդեալ: Նա մաղթեց, որ Արսենի բարձրագույն իդեալը լինի նա, որին ոչ մի իդեալ չէ կարող հասնել: Նրան չծափահարեցին, այլ հալածեցին, որովհետև օտարոտի գաղափարներ էր քարոզում: Բայց նա չէր հուսահատվում, այլ գործում էր մարդկային տգիտության դեմ: Նա ցավ չէր զգում մինչև անգամ այն ժամանակ, երբ բևեռված էր:

Որովհետև նա յուր սրտի խորքում, գիտե՞ս, այստեղ, ուներ անսահման սփոփանքի և բերկրության աղբյուր: Դա աստվածային լույսն էր: Այո , նա է բուն մարդը, ով այդ լուսո գոնե մի նշույլն ունե յուր մեջ: Առանց նրան չկա ճշմարիտ մարդ, չկա մանավանդ ուրիշներին օգտավետ լինել կամեցող մի անհատ:

Նա վերջացրեց խոսքը և սկսեց անցուդարձ անել սենյակում: Արդեն օրը բավական մթնել էր: Նա պարզ չէր տեսնում Դիմաքսյանի դեմքը, և եթե տեսներ, պետք է այնտեղ կարդար յուր խոսքերի խոր ազդեցությունը:

Իհարկե, դու ինձ կարող ես ֆրազյոր համարել: Բայց այդ ինձ համար միևնույնն է, միայն թող իմ կարծիքը քեզ չվիրավորի: Դու շատ լավ գիտես, որ մի ուրիշի հետ այսպես պարզ չէի խոսի: Բայց քեզ սիրում եմ և հարգում:

Շնորհակալ եմ, մրմնջաց Դիմաքսյանը խուլ ձայնով, — շնորհակալ եմ:

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, հառաչելով ավելացրեց.

Այո , ես անեփ եմ, ես շատ թերություններ ունեմ:

IX

Գայանեի թախիծը քանի գնում, այնքան սաստկանում էր: Դեռ առաջին մի քանի ամիսները նորածինը գրավել էր նրա միտքը: Չար կասկածը տեղի էր տվել մայրական անդրանիկ սիրո զգացմանը: Բայց անցան այդ ամիսները, և նա դարձյալ ենթարկվեց մի անգամ արդեն յուր սրտի մեջ արմատ ձգած տանջանքին:

Շատ անգամ ամուսինների մեջ տեղի էին ունենում ընտանեկան անախորժ տեսարաններ: Մարդը, հարկավ, աշխատում էր փարատել կնոջ կասկածը, բայց իզուր: Եթե ամենքը հավատացնեին, դարձյալ Գայանեն չէր համոզվիլ, թե միմիայն ինքն է սիրելի յուր ամուսնու համար և թե Իսակը ուրիշ ոչ ոքի վրա աչք չունե: Գալով փաղաքշանքներին, այստեղ էլ Գայանեն զգում էր մի կեղծիք, մի նուրբ փարիսեցիություն: — Մի բան, որ տեսնում էր յուր ամուսնու հասարակական կյանքի մեջ էլ: Ո՞ւր է այն հոգեկան զորությունը, որ սպասում էր նա, թե մի օր պետք է երևան գա: Ո՞ւր են այն բարոյական անխախտ սկզբունքները, որ տղամարդին աստվածացնում են կինարմատի աչքում, իսկ կնոջ սիրտը լցնում հպարտ պարծանքով յուր մարդու վերաբերմամբ: Ինչո՞ւ նրա և Դիմաքսյանի մեջ ծագեցին այդ երկպառակությունները: Չէ՞ որ նրանք գաղափարակից ընկերներ էին, կնշանակե երկուսից մեկը փոխեց յուր հայացքները:

«Ո՞րը փոխեց», — հարցնում էր ինքն իրան Գայանեն, և մի ներքին ձայն նրան պատասխանում էր, թե ոչ Դիմաքսյանը:

Եվ որքան Բարաթյանը արհամարհանք ցույց տար դեպի այդ մարդը, սակայն նուրբ բնազդումով Գայանեն զգում էր, թե Դիմաքսյանն է գաղափարի մարդ, նա է որոշ և անխախտ համոզմունքների տեր: Նրան թվում էր, որ հաճախ յուր ամուսինը այդ մարդու դեմ խոսում է նախանձից դրդված:

Մի անգամ Գայանեն, չկարողանալով իրան զսպել, մի այդպիսի ակնարկություն արեց:

Բարաթյանը բարձրաձայն ծիծաղեց և երեսը հետ դարձրեց: Բայց արդեն նկատելի էր, որ նրա ծիծաղը և արհամարհանքը դեպի Դիմաքսյանը արվեստական են դառնում և կնոջ պաշտպանությունը վրդովվեցնում է նրան: Իսկ Գայանեն նայեց հետևից նրա առողջ պարանոցին և մի տեսակ ատելություն զգաց: — Մի տարօրինակ, անբացատրելի ատելություն, որ առաջին անգամն էր զգում:

Մի ուրիշ անգամ Գայանեն բացարձակ հայտնեց յուր ամուսնուն բոլոր այն հույսերը, որ դրել էր նրա վրա: Նա ուրիշ բան էր սպասում Բարաթյանից: Նա կարծում էր, թե ահա գտել է, վերջապես այն մարդուն, որ կարող է իրագործել նրա իդեալը տղամարդի մասին:

Ես շատ բան էի պահանջում տղամարդից, ով գիտե, գուցե անիրագործելի բաներ: Բայց չէ՞ որ դու էլ այն ժամանակ գոնե բերանացի համաձայնվում էիր իմ պահանջների հետ: Կարելի է ես երեխա էի, անփորձ, միամիտ, աշխարհի վրա վարդագույն աչքերով էի նայում: Բայց այժմ ես չափավորել եմ իմ պահանջները և տեսնում եմ, որ էլի խաբված, եմ, որ ամենաչնչին հույսս անգամ չի իրագործվում: Իսակ, այժմ ես քեզանից ոչինչ չեմ ուզում, ոչինչ, բացի մի բանից, այն է, որ դու այս չար կասկածը հանես իմ սրտից...

Նրա աչքերի մեջ փայլեց ներքին հոգեկան դառնությունը: Նա մի եռանդուն ճիգ արեց և զսպեց յուր արտասուքը:

Բարաթյանը մի վայրկյան նայեց նրա երեսին և մի ինչ-որ միտք անմիջապես թելադրաց նրան փոխվեր: Նրա դեմքից չքացավ կծու հեղձության ժպիտը, տեղի տալով մեղմ և փաղաքշական արտահայտությանը: Նա հանդարտ մոտեցավ Գայանեին, բռնեց նրա ձեռը և նայելով նրա աչքերին, հարցրեց.

Ո՞ւմ դեմ է քո կասկածը:

Օ՛օ, մի հարցնիլ ինձանից, մի հարցնիլ, չեմ կարող ասել

Գայանե, դու իրավունք չունես, գիտես իրավունք չունես ինձ սրբապիղծ մարդ համարելու:

Այս խոսքերը նա մի այնպիսի եղանակով արտասանեց, որ մի վայրկյան Գայանեի սիրտը, կարծես, թեթևություն զգաց: Նա թույլ տվեց ամուսնուն իրան համբուրել: Բայց անցավ այդ վայրկյանը, երբ նա նայեց մարդու աչքերին: Այնտեղ, այն քնքուշ և մեղմ արտահայտության տակ, Գայանեն տեսավ մի ավելի կեղծ բան, որ միայն նրա համար էր նշմարելի:

Նա կամացուկ յուր ձեռը ազատեց մարդու ձեռներից և մի քայլ հետ կանգնեց:

Բարաթյանը հասկացավ այդ շարժման իմաստը և երեսը հետ դարձրեց: Նա գիտեր, որ դժվար, մինչև անգամ անհնարին է փարատել երիտասարդ կնոջ զգայուն սրտի մեջ բույն դրած կասկածը: Ուստի բարվոք համարեց խոսակցությունը չերկարացնել:

Բայց արդեն ժամանակ է ճաշելու, սիրելիս, — ասաց նա զվարթ եղանակով, — որքան էլ բանաստեղծական լինենք, ստամոքսը յուր ուզածն է պահանջում:

Եվ շվացնելով անցավ սեղանատուն:

Նույն օրերը կանանց ընկերության օգտին ժողովարանի դահլիճում երեկույթ էր նշանակված: Գայանեն վճռել էր չգնալ, բայց ամուսինը սաստիկ թախանձեց նրան, որ համառություն չանի: Անկարելի է, վերջապես, բոլորովին երես դարձնել հասարակությունից: Ի՞նչ կմտածեն մարդիկ, միշտ նրան առանց կնոջ տեսնելով հանդեսներում: Ընտանեկան խռովություններ կարելի է ունենալ, բայց միշտ ուրիշների աչքից պետք է քողարկած պահել: Թող ամենքը համոզված լինեն, որ նրանց մեջ տիրում է փոխադարձ սեր:

Երեկույթը բաղկացած էր նվագահանդեսից և պարերից: Մի հնամաշ դերասանուհի երգում էր մի ինչ-որ դրամատիկական երգ: Գայանեն նստած էր յուր ամուսնու մոտ տխուր, լուռ և անտարբեր: Նրա դեմքի վրա չկար նախկին գրավիչ ժպիտների նշույլն անգամ: Այդ դեմքը բարկացնում էր ամուսնուն, և սա ստեպ-ստեպ շշնջում էր նրա ականջին, խնդրելով, որ գոնե ուրիշների առաջ ուրախ ձևանա:

«Ես ոչ կարող եմ կեղծել, և ոչ կամենում եմ», — պատասխանում էր Գայանեն:

Նվագահանդեսը վերջացավ: Բարաթյանները դուրս եկան դահլիճից մի փոքր անցուդարձ անելու: Հասարակության խուռն բազմության մեջ Գայանեն նկատեց Դիմաքսյանին: Մի անկյունում կանգնած նա խոսակցում էր մի ինչ-որ պարոնի հետ: Տեսնելով Գայանեին, սառն քաղաքավարությունով գլուխ տվեց և կամենում էր երեսը կրկին դարձնել յուր խոսակցին, երբ տիկինը ձեռը մեկնեց նրան:

Դիմաքսյանը շփոթված սեղմեց այդ ձեռը, հարցնելով տիկնոջ առողջությունը:

Շնորհակալ եմ, — պատասխանեց Գայանեն, — Բայց ինչո՞ւ դուք մեզանից բոլորովին երես դարձրիք, այդ լավ բան չէ...

Այս անկեղծ հանդիմանությունը կատաղի հակառակորդի կնոջ կողմից անսպասելի էր Դիմաքսյանի համար: Մինչ նա մտածում էր ինչ պատասխանել, չկարողանալով ակնարկել փոխադարձ սառնության բուն պատճառը, Գայանեն պարզությամբ ասաց, թե ինքը ամեն ինչ գիտե:

Ձեր կռիվը իմ ամուսնու հետ է, իսկ ես չեզոք մարդ եմ:

Նրա ձայնը այնքան մեղմ և անկեղծ էր, նրա հայացքը այնքան պարզ և բարեհամբույր էր, որ Դիմաքսյանը ակամա մոռացավ յուր ատելությունը: Այդ կապուտակ աչքերը զարթեցրին նրա մեջ անցյալի հիշատակները, և դարձյալ նրա սիրտը սկսեց բաբախել:

Բայց ինչո՞ւ հուզվել: Չէ՞ որ Գայանեն այժմ ուրիշին է պատկանում և այն էլ նրա հակառակորդին: Պետք է հաստատամիտ լինել, սառնություն ցույց տալ այդ կնոջ, որ այնպես արհամարհեց նրան:

Այսպես դատում էր Դիմաքսյանի խելքը: Այնինչ նա չէր զգում, թե ինչպես անցավ կես ժամ, մի ժամ, և դեռ խոսում էր նրա հետ:

Գայանեն էր խոսակցությունը երկարացնողը: Եվ խոսում էր նա այնպիսի նյութերի մասին, որ ակամա շարժում էին Դիմաքսյանի հետաքրքրությունը: Միայն մի բանից էր խույս տալիս Դիմաքսյանըտիկնոջ ամուսնու հետ ունեցած ընդհարումներից: Անցյալի վերաբերյալ նա նույնն էր, ինչ որ առաջշուտ ոգևորվող, պարզ, անշեղ և երբեմն խստադատ:

Նա մազու չափ չի փոխվել, նրա հայացքները նույնն են, կյանքը նրան չէ աղավաղել, այդ պարզ է Գայանեի համար:

Նրանք կանգնած էին դահլիճի դռներից ոչ հեռու, պատի տակ: Գայանեն երբեմն նայում էր պարողների կողմը: Նրա աչքերը ակամա որոնում էին ամուսնուն և չէին գտնում: Նա մի քայլ առաջ գնաց և մոտեցավ պարողներին: Դիմաքսյանը հետևեց նրան: Վերջապես, ահա նա Տիկին Բախտամյանի հետ թև թևի տված՝ դուրս է գալիս դահլիճից: Երևի շատ պարելուց հոգնել են, և տիկինը կամենում է սեղանատանը մի սառը բանով զովացնել յուր ծարավը:

Այստեղ սաստիկ տոթ է, անցնենք մյուս դահլիճը,-ասաց Գայտնեն, ներքին խռովությունից շրթունքները ատամների տակ սեղմելով:

Դիմաքսյանը հետևեց նրան ծանր քայլերով: Նա չտեսավ Բարաթյանին: Նա այլևս ոչինչ չէր տեսնում, չէր նկատում, չէր լսում, բացի Գայանեից և նրա մեղմ, հոգնած ձայնից: Ո՛րքան փոխվել էր երիտասարդ տիկինը նրա աչքում, որքան գունատ էր, նիհար, այ՜ո , մինչև անգամ տգեղացած: Միթե ընտանեկան հոգսե՞րն են այդպես ազդել նրա վրա... Կար ժամանակ, երբ Գայանեն այդ մարդուց քաշվում էր, մինչև անգամ վախենում էր դեմառդեմ խոսել, և ինքն էլ չգիտեր ինչու: Այժմ չքացել էր այդ երկյուղը: Այժմ նա խոսում էր ազատ, համարձակ: Հաճելի էր նրա համար մտածել, թե մի ժամանակ այդ մարդը սիրել էր նրան և գուցե տանջվել: Այդ միտքը նրան չէր շփոթեցնում: Չէ՞ որ ամեն ինչ անցել է, այլևս չկա այդ սերը, ուրեմն նրանք կարող են լինել բարեկամներ: Իրավ, Գայանեի համար ցանկալի է բարեկամ ունենալ Դիմաքսյանին, այդ խելացի, ազնիվ, զարգացած, գաղափարական մարդուն:

Նայում էր դեպի սենյակի հեռավոր անկյունը: Հանկարծ նա գունատվեց: Նա արագությամբ վեր թռավ տեղից, ասելով.

Կարծեմ, ժամանակն է տուն գնալու:

Սրանք մտան պարերի դահլիճը: Դիմաքսյանի ոտները դողում էին ներքին հուզմունքից: Նա ուրախ էր, երջանիկ էր: Նա ամբողջ ժամ ու կես խոսել էր այն էակի հետ, որից նա իրան ատված և ծաղրված էր համարում:

Գայանեի հետևից նույն սենյակից դուրս եկավ նրա ամուսինը տիկին Բախտամյանի հետ: Նա տիկնոջ թևը բաց թողեց ճիշտ այն վայրկյանին միայն, երբ Գայանեն Դիմաքսյանին «ցտեսություն» ասաց:

Առանց միմյանց մի խոսք ասելու, մի ակնարկով մարդ ու կին հասկացան իրարու սրտինը: Նրանք դուրս եկան ժողովարանից թև թևի տվածայսպես կամեցավ Բարաթյանը:

Կառքը նրանց սլացնում էր Թիֆլիսի փողոցներով, երկուսն էլ լուռ էին: Գայանեն անընդհատ հառաչում էր, իսկ Իսակը անընդհատ շվացնում էր և ցածր երգում:

Երբ տուն հասան, Գայանեն խելագարի պես վազեց երեխայի սենյակը, հարձակվեց նրա վրա և սկսեց արագ-արագ ամուր համբուրել: Երեխան զարթնեց և լաց եղավ: Դայակը առավ նրան յուր գիրկը:

Սեղանատան ընթրիքը պատրաստ էր: Գայանեն հրաժարվեց ուտելուց, մնաց երեխայի սենյակում և այնտեղ էլ գիշերեց: Իսկ ամուսինը ընթրեց հանգիստ ու զվարթ, ինչպես միշտ, ծառայի հետ կատակներ անելով:

Մյուս առավոտ թեյ խմելիս նա ժպտալով դարձավ Գայանեին.

Հըմ, ինչպե՞ս ես երեկվանից դես:

Շատ լավ:

Սրտիդ փափագը առի՞ր «նրանից»:

Իսկ դուք նույնպես ձեր սրտի փափագը առի՞ք «նրանից»:

— «Մենք» «ձեր» ազգականուհու հետ էինք:

Ես էլ ձեր ընկերոջ հետ էի:

Նախկին ընկերոջ, այս մեկը երբեք մի մոռանար:

Բավական է, — գոչեց Գայանեն վրդովված, — երեկ, վերջապես, պարզվեց ձեր բարոյական պատկերը:

Ի՞ նչ ես ուզում ասել:

Այն, որ,., այն որ... ես դժբախտ եմ:

Եվ բուռն արցունքը, անզսպելի ուժով դուրս բխելով, ողողեց նրա այտերը:

Ինչո՞ւ ես լալիս, — ասաց մարդը սառն կերպով, — դու ինձ էիր փորձում, ես էլ քեզ փորձեցի:

ե՞ս, փորձում էի ձեզ, — արտասանեց Գայանեն խեղդված ձայնով, — ոչ, ես այդ տեսակ խաղեր չգիտեմ, դա ստորություն է:

Նա վեր կացավ տեղից և դուրս գնաց:

Մարդը հետևեց կնոջը և տեսավ, որ նա, երեսը բարձի մեջ թաղած, ուժգին հեկեկում է...

X

Սկզբում Գայանեի անսպասելի բարեկամական վարմունքը Դիմաքսյանին պատճառեց անսովոր բերկրություն: Տուն վերադառնալով, նա անընդհատ շվացնում էբ և քթի տակ երգում, մի բան, որ երբեք չէր արել և որ հետևյալ օրը կրկնելով, շատ ուրախացրեց և շատ զարմացրեց և իրականին: Գայանեն նրան չի ատում, չի արհամարհում: Նա մինչև անգամ հանդիմանում է նրան, թե ինչու այնպես երես է դարձրել նրանից:

Բայց անցավ առաջին տպավորությունը, և Դիմաքսյանի լուրջ միտքը շուտով մոռացավ տարօրինակ բերկրությունը: Դարձյալ մտատանջությունը տիրեց նրան, և այս անգամ ավելի ծանր մտատանջություն:

«Ի՞նչ օգուտ, ի՞նչ օգուտ, գոչեց նա հանկարծ, բևեռվածի պես կանգ առնելով սենյակի մեջտեղում, չէ՞ որ այսուհետև ուշ է և շատ ուշ»:

Մի՞թե բախտը կարող է այլևս ժպտալ նրան, և ինչպե՞ս: Ոչ, նա չպիտի մոտենար Գայանեին, չպիտի խոսեր նրա հետ: Ինչ ապացույց կա, որ այդ սիրուն տիկինը չի ուզում նրան ծաղրել յուր մտքում:

Նա մի բարկացկոտ շարժում գործեց, շտապով հագնվեց և գնաց դպրոց: Այստեղ երկպառակությունները օրեցօր սաստկանում էին: Արդեն բացարձակ խոսվում էր, թե առաջիկա տարի Ինյաթյանը տեսուչ պետք է նշանակվի:

Դիմաքսյանի դրությունը քանի գնում վատանում էր: Այժմ ամենքն էին նրա դեմ: Ամբողջ մեծ պասի ընթացքում Ինյաթյանը աշակերտներին, առանց տեսչի հրամանի, տանում էր եկեղեցի: Չարչարման շաբաթը նա ինքն էլ նրանց հետ հաղորդվեց, յուր դեմքի վրա պահելով խորին ջերմեռանդության արտահայտություն:

Նկատելի էր, որ հետզհետե աշխատում էին դպրոցից վանել այն բոլոր վերանորոգությունները, որ Դիմաքսյանը մտցրել էր այնտեղ: Եվ այդ բոլորը կատարվում էր հոգաբարձուների գիտությամբ: Դիմաքսյանը բարկանում էր, կատաղում, բողոքում: Նրա առջև գնում էին դպրոցի կանոնադրությունը և հոգաբարձության իրավունքները:

Ցավալի և վշտալի էր նրա համար տեսնել, թե ինչպես նորից աշակերտները սկսվում են թառամել, նորից անհետանում է նրանց դեմքերից զվարթությունը և տեղի տալիս ճնշող մելամաղձության: Եվ նա գիտեր, որ այդ բոլորի իսկական հեղինակները երկու մարդ ենԲարաթյանը և Վեֆիլյանը:

Չէր կարելի ասել, թե այդ մարդիկ բոլորը բացառապես Դիմաքսյանի ջգրու էին անում: Ոչ, մեծ մասամբ այդ բխում էր նրանց համոզմունքից: Աշակերտների մեջ հղացած հլությունը նրանք համարում էին համեստություն, երկյուղըհեզություն: Դա էր նրանց աչքում բարոյական դիսցիպլինան:

Այժմ դպրոցը դպրոցի է նման և ոչ թե նիհիլիստների ժտղովարանի, — կրկնում էր Վեքիլյանը, ձեռները հաճույքով շփելով միմյանց:

Այո, իհարկե, — պատասխանում էր Բարաթյանը, — եթե ոչ, առաջ ամեն մի գլուխ առանձին գաղափար ուներ: Ամեն մի աշակերտ արդեն խոսքը այսպես էր սկսում, «իմ կարծիքով»... Աշակերտ և կարծիք...

Հոգաբարձության ծայրահեղ կամայականության դեմ Դիմաքսյանը գրավոր բողոք ուղարկեց Սինոդին: Բայց անցել էր հինգ շաբաթ և դեռ պատասխան չէր ստանում:

Եվ երբեք չես ստանա, — ասաց մի օր բժիշկ Սալամբեկյանը:

Բժիշկը ասաց, թե բողոքը այժմ առաջնորդի գրասեղանի մեջ է: Դիմաքսյանը սխալվել էր, անմիջապես դիմելով Սինոդին. նա պետք է առաջնորդի միջոցով բողոքեր: Այժմ թող նա սպասի սրբազանի «վերաքննության»:

Քեզ ո՞վ ասաց այդ, — հարցրեց Դիմաքսյանը:

Վեքիլյանը:

Բժիշկը պատմեց, թե նախընթաց օրը սաստիկ ընդհարում է ունեցել իրավաբանի հետ Դիմաքսյանի պատճառով: Վեքիլյանը աշխատելիս է եղել ապացուցել, որ տեսուչը յուր գաղափարներով դպրոցը տակնուվրա է արել: Սալամբեկյանը հաստատել է, թե Վեքիլյանը և Բարաթյանը իրանց գաղափարներով դպրոցը ուզում են բարոյական անկելանոց դարձնել: Վեճը հասել է ծայրահեղության, երկու ընկերներ միմյանց վիրավորական խոսքեր են ասել:

Ես սառնարյուն մարդ եմ, բայց այդ անխիղճը մի այնպիսի սատանայական ակնարկություն արեց, մի այնպիսի ածական տվեց քեզ, որ արյունս գլխիս խփեց, ես ուզում էի մինչև անգամ ապտակել նրան:

Խոսակցությունը տեղի ուներ Մսերյանի սենյակում: Իդեալիստը վրդովված ականջ էր դնում, սակայն խոսակցությանը չէր մասնակցում:

Այժմ ի՞նչ կհրամայես անել, — դարձավ Դիմաքսյանը նրան:

Կհրամայեմ, որ մրցումդ շարունակես:

Առանց զենքի՞, միայնա՞կ :

Քո զենքը թող լինի ճշմարտությունը, եթե համոզված ես, որ քո կողմն է:

Այդ կնշանակե երկաթե պատը եղունգներով փորել:

Փորի՜ր, բայց մի հրաժարվիլ գործից:

Ես չեմ հրաժարվիլ, բայց իրանք կհրաժարեցնեն:

Խելոք մարդիկ նրանց վարմունքը կհամարեն բռնություն:

Իսկ ես կասեմ, — մեջ մտավ բժիշկ Սալամբեկյանըոր խելոք մարդիկ կծիծաղեն Արսենի վրա: Ասա խնդրեմ, քո կարծիքով, ովքե՞ր են այդ խելոք ասածներդ: Չլինի՞ թե քեզ և ինձ ես համարում, երեսիդ խաչակնքիր ու մեղա եկ: Այո՜, մեծապատիվ պարոն օպտիմիստ-իդեալիստ, խելոքը նա է, ով որ յուր բարեկամի ոտների տակ ձմերուկի կճեպ է դնում, որ նա մի լավ սարտոմորտալ անի: Այսպես է անում ընկերը ընկերոջը, իսկ թշնամիները, Ինյաթյանները և նրանց նմաններր, գիտե՞ս ինչ են անում: Նրանք հասարակության մեջ տարածում են, թե Դիմաքսյանը կաշառված դավաճան է, հասկանո՞ ւմ ես ինչի մասին է խոսքս

Ինյաթյա՞նը, իմ մասի՞ն, — գոչեց Դիմաքսյանը խեղդված ձայնով:

Բուռն կատաղությունը դուրս խլեց նրա կրծքից մի երկարատև դառն ծիծաղ: Ձեռը խփելով ճակատին, նա ուժասպառ նստեց աթոռի վրա, կրկնելով.

Ես դավաճան, ազգավաճա՞ռ...

Անցել էին մի քանի օրեր այդ խոսակցությունից: Դիմաքսյանը տանը նստած խորհում էր յուր անելիքի մասին: Տոն օր էր: Հանկարծ նա լուսամուտի առջև, պատշգամբի վրա, տեսավ մի խումբ աշակերտներ, որ, միմյանց ուսերի վրայով գլուխները բարձրացրած, նայում էին դեպի ներս:

Նա դուրս եկավ և հարցրեց, ինչ են կամենում:

Բողոք ունենք, պարոն տեսուչ:

Մտե՜ք:

Միմյանց հետևից, ամաչելով ու քաշվելով, ներս մտան վեց պատանիներ տասնույոթից մինչև քսանուերկու տարեկան: Բոլորին էլ Դիմաքսյանը առանձին-առանձին ճանաչում էր, բոլորն էլ գյուղացիներ էին՝ հինգերորդ ու վեցերորդ դասատան աշակերտներ:

Գդակները փորների վրա պահած, նրանք շարվեցին պատի տակ, «Ավետիս» ասող տիրացուների պես:

Ի՞նչ եք կամենում:

Աշակերտները իրանց միջից մեկին բոթելով առաջ գցվեցին: Դա ամուր կազմվածքով, դեմքի խոշոր գծերով լոռեցի Մարաքյանն էր, թվաբանության մեջ ամենից ընդունակ աշակերտը:

Պարոն տեսուչ, — խոսեց նա, առաջ նայելով յուր գդակին, հետո առաստաղին, հետո տեսչին, — մենք բողոքում ենք:

Նա շփոթված էր, հազիվ կարողանում էր բառերը արտասանել: Դիմաքսյանը խրախուսեց նրան և բարեկամաբար հրավիրեց ամենքին նստել: Բայց աշակերտները գդակները շուռ տվեցին ձեռներում, հազացին, այս ու այն ոտի վրա տատանվեցին և չնստեցին:

Մարաքյանը շարունակեց:

Մեզ հետ շատ վատ են վարվում, պարոն տեսուչ, կարծես, մենք վայրենիներ ենք:

Առանց ավելորդ խոսքերի, պատմի՜ր, ինչ որ պատահել է: Ո՞վ է ձեզ հետ վատ վարվում:

Վերակացուներր: Երեկ երեկոյան միասին հավաքված «Արկածներ» էինք կարդում: Հանկարծ հերթակալ վերակացու պարոն Թունիբեկյանը եկավ գիրքը ձեռքիցս խլեց, գլխիս խփելով ասաց. «Բռի լոռեցի, քեզ չե՞մ ասել ընկերներիդ մի անբարոյականացնիլ»:

Следующая страница