Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Ձեզ արգելե՞լ են այդ գիրքը կարդալ:

Այո՜:

Ուրեմն պարտավոր էիք չկարդալ: Ա՞յդ է միայն ձեր բողոքը:

Ոչ, պատճառներ շատ կան: Չորրորդ դասատանը Մուրգուզյանին, հինգերորդ դասատանը Մարբազյանին, վեցերորդում Սալանյանին մեր գլխին լրտես են նշանակել:

Լրտե՞ս, — գոչեց Դիմաքսյանը զարմացած:

Այո՜, մեր ընկերներին մեր գլխին լրտեսներ են նշանակել: Ինչ որ խոսում ենք՝ ասում են Ինյաթյանին, նա էլ հայտնում է հոգաբարձուներին: Մենք ի՞նչ ենք անում, մենք ոչինչ չենք անում:

Հետո աշակերտները միմյանց հետևից պատմեցին մի քանի վրդովեցուցիչ դեպքեր: Անցյալ օրը Սարաֆյանը գիշերօթիկների համար թութ էր գնել յուր փողով: Վերակացու Դիլբիլյանը տեսել էր թե չէ, առել էր թութը նրա ձեռից և ամանով թափել Սարաֆյանի գլխին: Այսօր էլ Ինյաթյանը աշակերտներին ասել է. «Լսել եմ, խոսք եք կապել վերակացուներին ծեծելու, խառնակիչների ազգանունները ծոցատետրումս նշանակել եմ, պետք է հոգաբարձությանը հայտնեմ, որ բոլորին վռնդի դպրոցից»:

Բայց ճշմարի՞տ է, կամեցե՞լ եք ծեծել:

Մտքներովս էլ չի անցել, — պատասխանեց Մարաքյանը:

Այո , մտքներովս էլ չի անցել, — կրկնեցին մյուսները:

Մենք միայն Ջալբամյանի մասին ենք խոսել մեր մեջ: Պարոն տեսուչ, նա մաքուր մարդ չէ՝, անպիտան մարդ է, բայց ծեծելու մասին խոսք չի եղել:

Այո, Ջալբամյանը անպիտան մարդ է:

Կեղտոտ է:

Անբարոյական է:

Լավ, բավական է՝, — ընդհատեց Դիմաքսյանը մեղմ ձայնով, — շատ ուրախ եմ, որ ծեծելու մասին չեք մտածել: Դա վայրենություն կլիներ, այդ տեսակ բաներ երբեք չանեք:

Բայց պատգամավորները գրգռված էին: Նրանք միաբերան պահանջեցին, որ Ջալբամյանը հեռացվի դպրոցից, հակառակ դեպքում, ասացին, թե ստիպված կլինեն դիմել այդ վայրենի միջոցին:

Այո , կծեծենք նրան:

Անպատճառ կծեծենք:

Կջարդենք:

Եթե դուք թույլ կտաք:

Այո , եթե դուք թույլ կտաք, պարոն տնսուչ:

Մենք ձեզանից ենք միայն վախենում:

Մենք միայն ձեզ ենք հարգում...

Մեկը, մի շիկահեր պատանի, մինչև անգամ բռունցքը սեղմելով, մի քանի քայլ առաջ դրեց այնպես, որ, կարծես, նույն վայրկյանին պատրաստ էր հարձակվել նույնիսկ Դիմաքսյանի վրա:

Այն էլ ասա, այն էլ ասա, — շշնջացին մի քանիսը Մարաքյանի հետևից:

Առաջնորդ-պատգամավորը դարձյալ նայեց գդակին, շապիկի փեշերը ուղղեց և արտասանեց,

Պարոն տեսուչ, մի բան էլ կա:

Ի՞նչ է:

Ձեզ վրա էլ լրտես է նշանակված:

Ի՞նձ վրա, ո՞ վ է նշանակել:

Չենք իմանում, միայն դուք ինչ որ աշակերտների մոտ խոսում եք, պատմում են պարոն Ինյաթյանին:

Դիմաքսյանը չկարողացավ յուր զայրույթը թաքցնել, բայց, միևնույն ժամանակ, չհարցրեց, թե ով է յուր վրա լրտես նշանակված: Առհասարակ նա չթողեց այդ մասին երկար խոսել:

Այժմ ինձանից ի՞նչ եք պահանջում, — հարցրեց նա:

Խնդրում ենք, որ դուք մեզ պաշտպանեք: Մենք եթե մինչև օրս անկարգություն չենք արել, ձեզ հարգելուց չենք արել: Մենք գիտենք, որ դուք մեզ սիրում եք, թույլ տվեք, պարոն տեսուչ, մենք նրանց կխրատենք:

Այո , կխրատենք:

Ջարդ ու...

Սո՛ւս, լռեցե՛ք: Ինչ ասացի ձեզ. երբեք թույլ չեմ տալ ձեզ այդ տեսակ վայրենություն: Եթե ինձ մոտ խորհրդի եք եկել, շատ շնորհակալ եմ: Այո , ես ձեզ սիրում եմ, ուրեմն դուք էլ լսեցեք իմ խորհուրդը և կատարեցեք: Ահա ինչ, գնացեք, հանգիստ շարունակեցեք ձեր դասերը, քննությունները վերջացրեք: Արձակուրդներից հետո, ես հուսով եմ, ձեր դրությունը կփոխվի:

Նա կամենում էր առժամանակ խաղաղացնել բորբոքված սրտերը, բայց այդ շատ էլ դյուրին բան չէր: Պատանի պատգամավորները այնչափ գրգռված էին, որ տեսչի հանդարտ հորդորները՝ նրանց ավելի վրդովեցնում էին: Վերջապես Դիմաքսյանը խոստացավ անպատճառ և շուտով միջամտել հոգաբարձության առաջ նրանց մասին, և պատանիները հրաժեշտ տվեցին, կրկնելով:

«Ձեր խաթրու կհամբերենք»:

XI

Մի քանի օր անցած դպրոցում լուր տարածվեց, թե տեսուչը աշակերտներին հորդորում է ապստամբվել: Պատմում էին, թե այս նպատակով նա յուր մոտ է կանչել մի խումբ չարամիտ առաջավորներ և ապստամբության հրահանգը տվել:

Ինյաթյանը պնդում էր, թե առաջին հարձակումը յուր վրա պետք է լինի, «վասնզի» Դիմաքսյանի գլխավոր հակառակորդն ինքն է: Նա ամեն ճիգ գործ է դրել այգ «խելացնորի անմիտ, վնասակար գաղափարների» առաջն առնելու: Նա կամեցել է դպրոցը «փրկել անկումից»: Շատ հասկանալի է, որ Դիմաքսյանը չպիտի մարսեր նրան: Բայց նա երկչոտ մարդ չէ, պատրաստ է «նահատակվել յուր համոզմոմնքների և նորագույն սերնդի փրկության» համար:

Վերակացու Ջալբամյանը բակի մի անկյունում գտել էր մի կույտ քարեր: Նա երդվում էր, թե խառնակիչներն են վաղօրոք այդ քարերը պատրաստել ապստամբության համար: Հինգերորդ դասատան լրտես Մարբազյանը երաշխավոր էր Ջալբամյանի ասածի ճշմարտությանը: Յուր կողմից նա հավատացնում էր, թե մի քանիսի մոտ մինչև անգամ ատրճանակ է նկատել: Իսկապես նա վեցերորդ դասատան աշակերտ Աֆրիկյանի գրպանում մի բան նկատել էր, բայց հաստատ չգիտեր ատրճանա՞կ էր, թե՞ վարունգ, որ Աֆրիկյանը շատ էր սիրում և միշտ գաղտնի ուտում էր:

Հոգաբարձությունը անմիջապես խառն նիստ հրավիրեց ուսուցիչների հետ: Երեկո էր, ամենքը սպասում էին նախագահի գալստյանը: Դիմաքսյանին ներկայացած վեց պատգամավորներին փակել էին առանձին-առանձին սենյակներում: Նրանց պետք է հարցուփորձի ենթարկեին ջոկ-ջոկ, ուստի անջատել էին միմյանցից, որպեսզի խոսք մեկ անելու միջոց չունենան:

Գիշերօթիկներին վաղօրոք քշել էին ննջարանները, դռները փակել էին և պահապան դրել մի հաստաբազուկ մշեցու, որ չգիտեր, թե այդ ինչ իրարանցում է սկսվել: Հայրենիքի տխուր վիճակից վշտացածհայաստանցին այնքան ծարավ էր թշնամու արյունին, որ երևակայում էր, թե ամեն մի գիշերօթիկ մի եզիդ է: Եվ, կարծես, պատրաստ էր մահակը «զառնել» այն գլխին, որ կհանդգներ դռներից դուրս ցցվեր:

Նիստին հրավիրվածները շփոթման մեջ էին: Շտապով անցնում էին մի սենյակից մյուս սենյակ, խորհրդավոր կերպով միմյանց ականջին շշնջալով ապստամբության մանրամասն պարագաները:

Վեքիլյանը չափից դուրս վախեցած էր: Ինյաթյանը նրան հավատացրել էր, թե ապստամբության հրահանգի մեջ նրա անունը երկրորդ տեղն է բռնում: Նա հերթակալ էր: Իբրև թե «չարամիտները» պետք է սպասեին նրա գալստյանը և Ինյաթյանից հետո նրան հարվածեին:

Ի՞նչ հանդգնություն, ի՞նչ հանդգնություն, — կրկնում էր նա անդադար, — բայց ինչպե՞ բաց արեցիք դավադրությունը, պատմեցե՛ք, պատմեցե՜ք:

Սակայն ոչ ոք հաստատ չգիտվեր, թե «դավադրություն» եղե՞լ է, թե՞ չէ: Բանն այն էր իսկապես, որ նախընթաց օրը վերակացու Ջալբամյանը Մարաքյանից հարցրել էր, արդյոք ինչո՞ւ երկու օր առաջ նա յուր ընկերների հետ ներկայացել էր տեսչին: Մարաքյանին այդ հարցը շփոթեցրել էր, որովհետև նա երևակայել չէր կարող, թե յուր պատգամավորությունը, բացի հինգ աշակերտներից, ուրիշ մեկին հայտնի է: Ջալբամյանը ստիպել էր նրան խոստովանվել, սպառնացել էր և վերջը, տեսնելով, որ ռչինչ չի ազդում, մի կեղտոտ հիշոց էր տվել Մարաքյանին: Տաքարյուն պատանին, չկարողանալով իրան զսպել, ապտակել էր կոպիտ վերակացվին, ավելացնելով.

«Ձեզ բոլորիդ էլ պետք է այսպես պատժենք»:

Ջալբամյանը աղմուկ էր բարձրացրել և ամենքին համոզել, որ ահագին դավադրություն կա աշակերտների մեջ ուսուցիչների և հոգաբարձության դեմ:

Բարաթյանը շատ սառն էր պահում իրան: Նա ընդդեմ էր ամեն մի ծայրահեղ միջոցի: Նա ասում էր, թե «մտքերի խառնակության ժամանակ սառնասրտությունը ամենազորեզ զենքն է մարդու համար»: Նա պնդում էր, որ ամեն ինչ պետք է գաղտնի կերպով անել, գործը չպիտի հռչակել, եթե ոչ «դպրոցի ճակատագիրը կարող է վտանգի ենթարկվել»: Սակայն Վեքիլյանը, Ամբակում Աֆանասևիչը և ուրիշները համոզել էին նախագահին, որ տեսչին հրավրրե ժողովի նիստին, ամենքի առաջ հարցուփորձ անե ու հետո հանդիմանե:

«Ի՛նչ երևելի տեսարան, ի՛նչ էֆեկտմտածում էր Վեքիլյանըտեսնել Դիմաքսյանին մեղադրյալի նստարանի վրա, ամոթահար և ճնշված յուր հանցանքի ծանրության տակ»:

Սկզբում Դիմաքսյանը զարմացած և շփոթված էր: Նա լսել էր անհեթեթ լուրը, բայց խառն ժողովի մասին տեղեկություն չուներ:

Նրան վերին աստիճանի քաղաքավարի կերպով հրավիրեցին նստել ընդհանուր սեղանի շուրջը, որ ծածկված էր կանաչ մահուդով: Բայց նա հասկացել էր բանի էությունը, գիտեր, որ ամենքը իրան մեղադրյալ են համարում: Նա մի կես-արհամարհական և կես-բարկացկոտ հայացք ձգեց հանդիսավոր ժողովի վրա, և մի աթոռ վերցնելով, նստեց ժողովից հեռու, պատի տակ:

Նախագահը յուր դեմքին տալով լուրջ, բայց ներողամիտ արտահայտություն, մի համառոտ ճառով բացատրեց ժողովի նպատակը:

Ոչ վասն պատժելո զմեղավորս, այլ վասն ամբառնալո զմեղս, — ավարտեց նա յուր ատենաբանությունը:

Դիմաքսյանը լուռ լսում էր: Այժմ նա բոլորովին հանգիստ էր, այնպես, որպես երբեք չէր եղել այդ մարդկանց ներկայությամբ: Նրան չէր վրդովեցնում մեղադրյալի վիճակը, որի մեջ դրել էին նրան: Նա այդ բանի վրա մտքում ծիծաղում էր: Նրան զայրացնում էր այդ հասարակական ներկայացուցիչների վարմունքը, առհասարակ, որպես վարմունք:

Երբ նրան հարցրինարդյոք ճի՞շտ է, որ նա դրդել է աշակերտներին ապստամբվելգլուխը ցավակցաբար շարժելով, արտասանեց.

Եթե իմ պատասխանը ձեզ գոհացներ, անկասկած այս ժողովը տեղի չպիտի ունենար:

Մեկիկ և մեկիկ առաջ բերեք հանցավորներին, — հրամայեց նախագահը:

Ջալբամյանը աներևույթացավ և մի րոպե չանցած ներս բերեց մի տասնութ տարեկան պատանի: Դա վեց պատգամավորներից մեկն էր:

Այդ դո՞ւ ես, Դարբինյան. ճանաչում եմ, որդյակ, պատմի՜ր հանցանքդ:

Տիրեց ընդհանուր լռություն: Երեսուն ու երեք հայացքներ միաժամանակ բևեռվեցին պատանիի վրա: Հանդիսավոր ժողովը նրան շփոթեցրեց: Նա գունատ էր, կարմրեց, դողաց և միայն կարողացավ արտասանել.

Ներեցեք...

Կներենք, որդի, ասա մեղքդ, մի վախենար: Մենք քեզի չենք մեղադրիլ, դու տհաս ես, «զի ոչ գիտես զոր ինչ գործես»: Անշուշտ քեզի այլ հորդորողներ եղել են, հիշատակիր անունները, տեսնենք:

Ես չգիտեմ, ես չեմ խոսել, Մարաքյանը և Աբիկյանը գիտեն...

Երեք օր առաջ, այսինքն ամստւյս վեցին, օրն հինգշաբթի, առավոտյան տասն ու մեկ ժամեն տասներկու ու կես ժամը ո՞ւմի մոտ եղել եք:

Պարոն տեսչի մոտ:

Այսպես: Պարոն քարտուղար, «եղել ենք պարոն տեսչի մոտ»:

Ինչո՞ւ համար եղել եք այնտեղ:

Բողոքելու:

Ումի՞ դեմ:

Վերակացուների:

Այսպես: Պարոն քարտուղար. «բողոքելու վերակացուների դեմ»:

Վեքիլյանը ինչպես իրավաբան-փաստաբան հարկ համարեց նախագահի խոսքը ընդհատել: Նա մի քանի շեշտակի հարցեր տվեց մեղադրյալին: Պատանին այնքան շփոթվեց, որ ամեն քայլում ինքը իրան հակասում էր: Վերջապես, նա արտասվեց: Թևից բռնելով՝ նրան դուրս տարեցին:

Երկրորդ պատգամավորը եղելությունը պատմեց ավելի անխռով: Որքան նրան զանազան հարցերով նեղն էին գցում, միշտ կրկնում էր.

Պարոն տեսուչը մեզ խրատում էր հանգիստ մնալ:

Այդ միջոցին տեսուչը այնպես էր նստել, որ քննվողները չգիտեին անգամ, թե նա ներկա է:

Նույնը կրկնեցին երրորդ, չորրորդ և հինգերորդ աշակերտները:

Վերջապես, հերթը հասավ գլխավոր պատգամավորին: Մարաքյանը անվեհեր ներս եկավ, գլուխը բարձր պահած, հպարտ, ինչպես վայել էր օրվա հերոսին: Երևում էր, որ նա արդեն ամեն պատիժ աչքի առաջ էր առել: Ուստի իրան տված քննական հարցերին նա պատասխանում էր համարձակ, աներկյուղ և մինչև անգամ կոպիտ եղանակով:

Երբ հարցրին տեսչի մասին, նա դրականապես պատասխանեց.

Եթե պարոն տեսուչը չլիներ, մենք անպատճառ պետք է ապստամբվեինք:

Ժողովը շշնջեց: Վեքիլյանը փսփսաց Բարաթյանի ականջին, «Ամենքը կաշառված են»:

Այնինչ Մարաքյանը, դառնալով իրան ներս բերող վերակացվին, ավելացրեց:

Շնորհակալ եղեք պարոն Դիմաքսյանից, որ մի ապտակով միայն ազատվեցիք, թե չէ՝ ձեր ոսկորները ջարդուփշուր պետք է անեինք...

Դուրս տարեք Բեհեդզբուղի զավակին, — գոչեց նախագահը համբերությունը հատած:

Վերակացուն հանդուգն աշակերտին դուրս մղեց: Ժողովականները շփոթված նայում էին միմյանց:

Վեքիլյանը մինչև դռները աչքերով ուղեկցեց աշակերտին: Նա վախենում էր, մի գուցհ Մարաքյանը գրպանում մի բան ունի և իսկույն կարձակի նրա գլխին: Հետո նա լուսամուտին նայեց և տեղը փոխեց, չէ որ ապստամբը կարող էր դրսից քարեր արձակել:

Պարոն քարտուղար, «ձեր ոսկորները ջարդուփշուր կանեինք» բառերը չմոռանաք: Այժմ, գերամեծար տյարք, կարծեմ այսօրվա արտաքո կարգի նիստը պետք է ավարտված համարել:

Դիմաքսյանը նստած էր դեռ լուռ, ոչինչ չէր ասում: Նա գլուխը հպարտ պահած հեգնորեն ժպտում էր և արհամարհական հայացք ձգում յուր նախկին ընկերակիցների վրա:

Բարաթյանը, որ ամոթահար էր եղել, մտածում էր՝ ինչպես մի կերպ դուրս գա անհարմար դրությունից:

Սրբազա՜ն հայր, — արտասանեց նա, որքան կարող էր յուր դեմքին տխուր լրջություն տալով, — նախքան ժողովը արձակելը, պետք է հարգելի տեսչին խնդրել, որ ներկա թյուրիմացությունը բացատրե: Այո, ես կարծում եմ, որ այս բոլորը թյուրիմացություն է, ուրիշ ոչինչ: Մեր հոգեկան տրամադրությանը և մեր բարի նպատակին անտեղյակ մարդը կարող է կարծել, որ այստեղ մենք մի տեսակ դատավորներ ենք, իսկ մեծապատիվ պարոն Դիմաքսյանը մեղադրյալ: Այնինչ՝ ոչ դատաստան կա և ոչ քննություն: Մեր բոլորի ցանկությունը մի բան է. վերացնել մեր ազգային թանկագին հիմնարկությունից մի անգամ ընդմիշտ բոլոր անհաճո երկպառակությունները: Ես համոզված եմ, որ մեր մեծապատիվ պարոն տեսուչը մեզանից ավելի է փափագում, որ այս հհմնարկությունը ազատ լինի տխուր անցքերից: Ուրեմն, խնդրենք հարգելի պարոն Դիմաքսյանին, որ նա մեզ մի ելք ցույց տա:

Այդ միջոցին Դիմաքսյանը ոտքի էր կանգնել: Նրա աչքների մեջ փայլում էր կատադությունը կծու հեգնության հետ: Նրա եոեսի բուոր մկանունքները դողում էին:

Ամենքը նայեցին նրա կողմը: Վեքիլյանը ինչ-որ շշնջաց նախագահի ականջին: Նախագահը նայեց Բարաթյանի երեսին, և. նրանք հայացքներով խոսեցին միմյանց հետ:

Խնդիրն այն էր, որ ամենքը անախորժ դրության մեջ էին, ամենքը զգում էին մի տեսակ ամոթ Դիմաքսյանից և չգիտեին, ինչպես վերջ տալ տեսարանին:

Այնինչ Դիմաքսյանը, խորին արհամարհանքով լսելով Բարաթյանի ասածները, քանի մի վայրկյան լուռ նայեց ամբողջ ժողովին և ապա զորեղ և խրոխտ ձայնով արտասանեց.

Ողորմելինե՜ր:

Այս մի հատիկ բառը, արձակված վրդովված և աներկյուղ կրծքից, ցնցեց ամենքին, կաշկանդեց բոլորի ուշքը: Մեղադրվածը վայրկենաբար նրանց աչքում փոխվեց մի զորավոր տիտանի, որ ինչպես մարմնացած վրիժառություն կանգնել էր նրանց գլխին, աչքերից կայծեր ցայտեցնելով:

Ողորմելինե՜՜ր, — կրկնեց նա, — ի՞նչ էիք կամենում, պատժե՞լ ինձ, թե՞ պաշտպանել դպրոցը: Արդյոք, ի՞նչ մի չար վտանգից կամ ո՞ւմ դեմ էիք ուզում պաշտպանելմի խումբ տկար պատանիների: Ի՞նչ է նրանց մեղքը, միթե այն, որ չե՞ն դիմանում դպրոցում տիրող բռնություններին, վրդովվո՞ւմ են ընկերական զրպարտությունների, քսության և լրտեսության դեմ: Եթե դա է նրանց մեղքը, այսօրվա նիստը մի անջնջելի արատ կմնա թե հոգաբարձության և թե ուսուցչական այս խմբի վրա: Ինձանից պահանջում են, որ ես խոսեմ: Ես գիտեմ այդ առաջարկությունը ինչ զգացմունքներից է թելադրվում: Քողը շատ թափանցիկ է, և նրա տակից երևում է սուտ քաղաքագիտության պատկերը: Կամենում եք, որ ես, ինչպես մեղադրված, պաշտպանե՞մ ինքս ինձ: Երբեք իմ հակառակորդները այդ պատվին չեն արժանանալ: Կարծում եք, ես ինձ վիրավորվա՞ծ եմ համարում: Քավ լիցի, իմ հակառակորդները պարզ տեսնում են, որ իրանց նետը նպատակին չհասավ: Մի քանի անչափահաս, անփորձ, անպաշտպան պատանիներ նրանց ստիպեցին ամաչել, կարմրել: Օ՛օ, որքան նրանք այս րոպեիս խղճալի են նույնիսկ իրանց աչքում...

Նախագահը զանգահարելով, ճառախոսին «կարգի» հրավիրեց: Դիմաքսյանը թաշկինակով սրբեց ճակատի քրտինքը և, հպարտությամբ նայելով ժողովին, շարունակեց.

Այսպաս, ուրեմն, իմ հակառակորդները իրանք իրանց պատասխանը ստացան: Նրանք տեսան, որ ոչ մի մեքենայություն ինձ չի կարող արատավորել, միայն կարող է կորստի ենթարկել մի ամբողջ հիմնարկություն: Բայց ի՞նչ փույթ նրանց դպրոցի վիճակը, նրանց միակ նպատակն է ինձ հաղթված և ստորացած տեսնել... ես չեմ կամենում ավելի խոսել: Սակայն ներեցե՜ք, այսօրվա եղելությունր ես վարագույրի հետևում չեմ թողնի: Ասպարեզ կհանեմ աչն յուր բոլոր մանրամասնություններով: Կարծում եք, վրեժխնդիր լինելո՞ւ համար: Ոչ: Ես այդ կանեմ, որպեսզի մեր միամիտ հասարակությունը ճանաչի այն մարդկանց, որոնց յուր գործերի ղեկավար է ընտրում, որոնց ձայնին ականջ է դնում և որոնց մտքերին շատ անգամ ծափահարում է: Գալով իմ պաշտոնին, ինձ շատ լավ հայտնի է իմ հակառակորդների նպատակը: Նրանք փափագում են, որ ես կամավոր կերպով հեռանամ կռվի ասպարեզից, որպեսզի հետևիցս զվարճանան, ծիծաղեն: Բայց հայտնում եմ այդ պարոններին, ես իմ ազատ կամքով երբեք չեմ հեռանալ իմ պաշտոնից, մինչև հոգաբարձությունը ինքը ինձ չասի, «հեռացիր, որովհետև դու վնասակար ես մեզ համար»:

Արտասանելով այս խոսքերը, նա մի անգամ էլ արհամարհանքով և զզվանքով նայեց յուր նախկին ընկերների երեսին: Հետո ծանր, հպարտ և հանդարտ քայլերով, միայն սաստիկ գունատված, նա դուրս եկավ դահլիճից:

Նույն վայրկյանին գերմանական մանկավարժ Ինյաթյանի դեմքի վրա փայլեց մի ուրախ ժպիտ:

XII

Չնայելով Դիմաքսյանի սպառնալիքին, հետևյալ օրը հոգաբարձությունը առանձին նիստում վճռեց նրան թողնել յուր պաշտոնում մինչև պայմանավորված ժամանակի լրանալը, այսինքն մի տարի: Այսպիսով նա կամեցավ մեղմացնել տեսչի սիրտը, որ սա եղելությունը հրապարակ չհանի:

Բայց մի շաբաթ անցած դուրս եկավ Դիմաքսյանի մերկացնող գրությունը վեց աշակերտների դպրոցից արձակելու մասին:

Հոգաբարձությունը պատասխանեց նրան սառն պաշտոնական ձևով: Երևում էր, նա աշխատում էր իրողությունը քողարկել: Փաստեր չէր բերում, հակառակորդի ասածը հերքում էր խոսքերով:

Բայց ասպարեզ եկավ Վեքիլյանը և կռիվը այլ կերպարանք ստացավ:

Դիմաքսյանն այժմ բոլորովին ընտելացել էր անձնական հարվածներին: Հակառակորդների հարձակումները նրան չէին վշտացնում, այլ գրգռում էին, նրա բորբոքված սրտի մեջ ավելացնելով կիզանուտ հեղուկը: Ամեն կերպ աշխատում էին նրան ցույց տալ իբրև մի վնասակար, անաստված, կործանիչ մարդ, որից մեծ վտանգ է սպառնում հասարակությանը:

Խնդիրը միայն դպրոցի մասին չէր: Մասնավորից սկսելով, Դիմաքսյանն այժմ հարվածում էր հասարակական ընդհանուր ախտերը: Առանձին ախորժակով և կատաղությամբ նա մերկացնում էր կրթված դասի սխալ և վնասակար ուղղությունը, միշտ իբրև օրինակ աչքի առաջ ունենալով Բարաթյանին և Վեքիլյանին: Այժմ նրա կռիվը հասարակության դեմ էր:

Այսպես անցան ամիսներ, անցան ամբողջ աշունն ու ձմեռը: Վերջապես, հասավ գարունը և հարցաքննություններից հետո Դիմաքսյանն արձակվեց պաշտոնից: Նրա տեղը նշանակվեց Ինյաթյանը:

Նույն միջոցին Դիմաքսյանը դարձյալ հեռագիր ստացավ, թե հայրը մահամերձ հիվանդ է:

Նա շտապեց հայրենիք և այս անգամ ծերունուն մեռած գտավ: Քույրերը հանգուցյալի թաղումը մի քանի օրով հետաձգել էին, սպասելով իրանց եղբոր գալստյանը:

Երեք օր տևեց սգավոր հանդեսը: Առավոտ երեկո քաղաքացիները խումբ-խումբ գալիս էին՝ իրանց ցավակցությունն Արսենին հայտնելու: Վերջապես, ընդհատվեցին ձանձրալի այցելությունները, և որբացած որդին ժամանակ ունեցավ հետաքրքրվելու հոր գործերով:

Հանգուցյալը կտակ չէր թողել:

Նա մինչև հետին շունչը չէր հավատացել մահվանը և մինչև անգամ կռվել էր նրա մասին խոսողների հետ:

Աղջկերանց հետ նա տեսակցություն էր ունեցել մեռնելու նախընթաց օրը: Ոչ մի խոսք չէր ասել նրանց յուր կարողության մասին: Մեռնելուց մի ժամ առաջ հիշել էր Արսենին, մեղադրելով նրան, թե մոռացել է ծերունի հորը: Նույն ժամին նա վռնդել էր բժշկին, բարկանալով, որ նրա դեղերը չեն ազդում: Հոգևարքի ժամանակ կռվել էր մահվան դեմ, հայհոյել էր նրան ամեն տեսակ խոսքերով: Քահանան կանչվել էր վերջին րոպեին, սուրբ հաղորդությունը գդալով էին ածել հանգուցյալի կոկորդը:

Այս բոլորը արտասուքն աչքերին պատմեց նրա ավագ քույրը կրկնելով.

«Համառ մարդ էր, համառ էլ մեռավ»:

Երկու շաբաթվա ընթացքում Դիմաքսյանի համար պարզվեց գործերի դրությունը: Երկաթյա սնդուկի մեջ, բացի հին մուրհակներից և մի քանի կապ պայմանագրերից, նա ոչինչ չգտավ: Պարզ էր, որ հավատարիմ Սարիբեկի խոնավ ձեռը այնտեղ էլ մտել էր: Իսկ թե հանգուցյալը զուտ փող ունեցել էր, այդ երևաց նրա մի փոքրիկ ձեռատետրից, որ կառավարիչը մոռացել էր թաքցնել: Այնտեղ նշանակված էին ստացած եկամուտները և ծախսերը:

Անհետացել էին և այն բոլոր ոսկեղեններն ու ակնեղենները, որ մի ժամանակ Արսենի մոր զարդերն էին կազմում և որոնց ծերունին խնամքով պահում էր ինչպես մի սրբություն:

Կողոպուտը հաստատելու և հանցավորին պատժելու համար պետք էր դիմել դատաստանին: Տեղական փաստաբաններից մեկն առաջարկեց յուր ծառայությունը: Դիմաքսյանը մերժեց: Նա զզվում էր դատաստանական գործերից և չէր ուզում ժամանակը զոհել անվերջ վեճերի: Բացի դրանից, նա խնայում էր Սարիբեկի ութ հոգուց բաղկացած ընտանիքին: Նա անմիջապես վռնդեց կողոպտչին, փորձեց ինքն անձամբ կառավարել գործերը: Սակայն քիչ ժամանակ անցած տեսավ յուր տնտեսական ապիկարությունը՝ նա, որ թեորիայով միայն գիտեր ինչ ասել է տնտեսություն:

Նա վճռեց սահմանափակել գործերը: Ժառանգությունը օրինական կերպով հաստատելուց հետո, կալվածների մի մասը, նվիրեց քույրերին: Այդպիսով նա ազատեց նրանց մի մշտական նախատինքից, որ խեղճ կանայք կրում էին ամուսիններից իրանց ժլատ հոր պատճառով:

Նրա եռանդուն միտքն անգործ չմնաց հայրենի քաղաքում: Նա ուսումնասիրում էր գավառական կյանքը, հավաքում էր տեղեկություններ ժողովրդի բարոյական վիճակի մասին: Ամեն օր նա շրջապատված էր տեղական երիտասարդներով, որոնք արդեն իրագործել էին նրա առաջին գալստյան ժամանակ առաջարկած ընկերությունը: Նրա նոր կռիվը մեծ հետաքրքրություն էր շարժել: Նրա կողմնակիցներն այժմ որոշ և ավելի ընդարձակ շրջան էին կազմում: Բայց շատացել էր և հակառակորդների թիվը:

Պատահել էին մի քանի խոշոր ընդհարումներ երկու հակառակորդ խմբերի մեջ: Նկատել էր, որ ինչ որ կատարվում է Թիֆլիսում, նույնն անդրադառնում է և փոքրիկ քաղաքների կյանքի վրա: Այստեղ ևս տիրում էին նույն երկպառակությունները բոլոր հասարակական խնդիրների մասին: Տարբերությունը միայն մեկ էր. կյանքը ավելի սահմանափակ լինելով, փոխադարձ խռովություններին էլ ավելի նեղ հողի էր ներշնչում: Մարդիկ ավելի աններողամիտ էին, ավելի կրքոտ և ավելի հիշաչար: Շատ անգամ վեճերը հասնում էին սարսափելի ծայրահեղության: Հակառակորդները պատրաստ էին մտքի պատերազմը փոխել բռունցքի կռվի և միմյանց գանգը ջարդել և դուրս թափել այնտեղից այն ուղեղը, որ հանդգնում էր ուրիշ կերպ դատել քան թե իրանցը: Այս հանգամանքը Դիմաքսյանի համար հետաքրքրական էր յուր բնորոշ կողմերով: Նա տեսնում էր, որ մարդը որքան քիչ է կրթված, այնքան քիչ է համբերող, այնքան ավելի կատաղի է, սակայն, միևնույն ժամանակ, այնքան ավելի պարզ և անկեղծ է յուր համակրության և հակակրության մեջ: Բայց ամենահետաքրքրականը նրա համար ուրիշ բան էր: Նա նկատում էր հասարակության մեջ մի նոր երևույթ, այն է՝ կռիվ երկու սերունդների մեջհնի և նորի: Դա հայրերի և զավակների կռիվ էր: Մի կռիվ, որ հայ կյանքի մեջ առաջին անգամն էր երևան գալիս այնպիսի որոշ կերպով:

Եվ երբեմն յուր առանձնության մեջ նա մտածում էր, արդյոք ի՞նչ հետևանք կունենա այդ բոլորը: Նրա առջև պատկերանում էր կյանքի մի բարոյական քաոս, ուր առաջին հայացքով անհնարին էր մի բան որոշել: Որդին դիմադրում է հորը, աշակերտն ապստամբվում է ուսուցչի դեմ, ամեն տեղ թարմը, նորաբույսը և կենդանին բողոքում են և դիմադրում են հնին ու թմրածին:

Արդյոք այդպիսի ճյուղերը չե՞ն բաժանվիլ արմատից, և դարավոր բունը հանկարծ չի՞ չորանալ:

Այս միտքը վայրկենաբար սարսափեցնում էր նրան: Նա սկսում էր վախենալ ծագած պատերազմից:

Բայց անցողիկ երկյուղը տեղի էր տալիս վարդագույն հույսերին: Երևակայությունն առաջնորդում էր նրան դեպի մի բարվոք ապագա: Այստեղ նրա մեջ երևան էր գալիս մի տեսակ օպտիմիստ և իդեալիստ Մսերյան, սակայն այլ գույներով: Նա լիովին իրագործված չէր նախագուշակում մարդկության լավագույն մասի իդեալը: Նրա խելքը դատում էր համեմատական մեթոդով: Նա տեսնում էր մի անընդհատ, հարատև պատերազմ դարերի ընթացքում, սերնդից սերունդ և սերունդների մեջ: Երբեք չի դադարել հնի և նորի այդ պատերազմը, կփոխվեն միայն մարդիկ, կփոխվեն նրանց զենքերը, փոխադարձ դիմադրության եղանակը և միջոցները: Բայց միշտ հաջորդ սերունդը յուր կյանքի քաղաքակիրթ կողմերով կգերազանցի նախընթաց սերնդիցև այսպես անվերջ...

Կրկին նա ոգևորվում էր, կրկին սիրտը լցվում էր քարոզելու, գործելու և անընդհատ մաքառելու անհուն եռանդով և ձգտումներով:

Ձմեռվա վերջին նա կամեցավ հեռանալ հայրենի քաղաքից: Նրան զուտ փող էր հարկավոր ապրելու և գործելու համար: Նա ծախեց հայրական կալվածներից մի փոքրիկը, մյուսների կառավարությունը հանձնվեց Հաբիգյան ազգանունով մի երիտասարդի: Դա նրա նախկին ընկերներից մեկն էր, որ մասնագիտաբար ուսումնասիրել էր գյուղատնտեսությունը: Նա լիազոր իրավունք տվեց Հաբիգյանին կառավարել յուր կալվածներն ինչպես կամենում է, եկամտից մի որոշ տոկոսիք հատկացնելով նրան:

Նա վերադարձավ Թիֆլիս: Այստեղ նրա բացակայության ժամանակ կողմնակիցները շարունակել էին ընդդիմադրել հակառակորդներին կյանքի զանազան խնդիրներում: Բայց կռիվն առաջվա եռանդով չէր կատարվել:

Մսերյանը բարկացած պատմեց, թե երևան են եկել անկոչ պաշտպաններ, որոնք իրանց տգիտության շնորհիվ գործին ավելի վնասում են, քան օգնում:

Ոչինչ, — ասում էր նա, — ինձ համար այնքան ատելի և ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան տխմարությունն իմաստունի դիմակով: Ամենաբարձր գաղափարը տգետի շրթունքներից կարող է ծաղրելի հնչել: Զորեղ գործի համար զորավոր զենք է հարկավոր: Զգուշացիր անմիտներից, մի հավատալ անկիրթների խելքին և ոչ էլ անկեղծությանը: Բարոյական անխախտ սկզբունքները ձեռք են բերվում միայն մտքի հարատև, գործունեությամբ: Տգետի օրենքը նախապաշարմունքներն են և արտաքին ուժը: Լուսամիտ մարդու ղեկավարը միմիայն յուր խելքն է և սիրտը: Մի հաստատամիտ, կրթված, զարգացած, մտածող բարեկամիդ գերադասիր հարյուրավոր թերհաս անկիրթ պաշտպաններից:

Այդ կարճ միջոցում իդեալիստը բավական ծերացել էր: Նրա մազերը ավելի ճերմակել էին, երեսի խորշերը շատացել: Նա հաղորդեց, թե առաջիկա քաղաքային ընտրություններին կողմնակիցները մտադիր են Դիմաքսյանին առաջարկել, որ յուր քվետուփը դնի: Ցուցակ է կազմված և նրա անունն էլ մտցրած է ընտրելի իրավասուների շարքը: Դիմաքսյանը պատասխանեց, թե ցանկություն չունե քաղաքային գործերի մեջ խառնվել, թեև առաջ ձգտում էր:

Ես էլ խորհուրդ չէի տալ, — ասաց Մսերյանը, — լավ է մի գործի ծառայել, և լավ ծառայել, քան թե ուժերը ցրել մի խառնիճաղանջ հասարակության մեջ:

Իդեալիստը, ի միջի այլոց, հայտնեց, թե օրիորդ Կարինյանը արտասահմանից վերադարձել է:

Այո՞: Ինչպե՞ս է, փոխվե՞լ է, — հարցրեց Դիմաքսյանը:

Շա՛տ:

Մի՞թե:

Ուզում եմ ասել ավելի լավացել է, թե արտաքուստ և թե հոգով ու սրտով: Այո , նա այժմ ինձ ավելի է դուր գալիս:

Վերջին դարձվածը Մսերյանը արտասանեց ձայնը ցածրացնելով, կարծվես, ինքն յուր համար: Հանկարծ նա ընդհատեց խոսքը օրիորդի մասին և դարձավ ուրիշ բաների:

Դիմաքսյանը նայեց նրա երեսին և նրա աչքերի մեջ նկատեց մի անսովոր բան...

XIII

Մի անգամ Մսերյանը Դիմաքսյանին խնդրեց միասին այցելել Կարինյանին:

Օրիորդը բնակվում էր նույն տանը և նույն պառավ տատի և այրի հորաքրոջ հետ:

Աա՛, — շատ ուրախ եմ, — գոչեց նա, դուրս գալով պատշգամբ հյուրերին դիմավորելու:

Արդարև, նա փոխվել էր արտաքուստ: Նրա առաջվա նիհար այտերը լցվել էին, դեմքի գույնը ավելի պարզվել էր: Սովորական մռայլությունը տեղի էր տվել աշխուժության և կենդանության: Նա դարձել էր ավելի արագաշարժ, ավելի համարձակ, միևնույն ժամանակ, նրա ձևերն ավելի տաշվել և կրթվել էին: Այս փոփոխությունը Դիմաքսյանը վերագրեց եվրոպական ազատ կյանքի ազդեցությանը: Հիշեց, թե ինչպես ինքն էլ աշխույժ և կենդանի էր այնտեղից վերադառնալիս և որքան այժմ ասիական կյանքի ճնշող պայմաններն ազդել են յուր վրա:

Պառավը մյուս սենյակում հիվանդ պառկած տնքտնքում էր: Այրի Բոլումբաշյանը դարձյալ տանը չէր: Բայց օրիորդը մենակ չէր: Նրա մոտ հյուր կար, և այդ հյուրն էր տիկին Բախտամյանը, որ և շատ զարմացրեց Դիմաքսյանին:

Նրանք բարևեցին ինչպես հին ծանոթներ: Հետո տիկինը, թույլ տալով, որ օրիորդը վերջացնի յուր հյուրերի հետ սովորական հարցուփորձը, դարձավ Դիմաքսյանին.

Ես եկել եմ Աշխենին մի առաջարկություն անելու, հույս ունեմ, պարոններ, դուք էլ ինձ կօգնեք:

Այստեղ Դիմաքսյանն առաջին անգամ իմացավ, որ Կարինյանը տիկին Բախտամյանի մորաքրոջ աղջիկն է: Կարմրախայտ այտերին լուրջ արտահայտություն տալով, տիկինն ասաց, թե կանանց ընկերությունն ուզում է աղքատ աղջկանց համար ուսումնարան բաց անել: Եկել է օրիորդին առաջարկելու, որ նա հանձն առնի տեսչտւհու պաշտոնը: Բայց օրիորդը մերժում է:

Յուր քրոջ խոսքը չի հարգում, ձեր խոսքն անպատճառ կհարգի, օգնեցեք ինձ, պարոն Դիմաքսյան: Բայց ես շատ նեղացած եմ ձեզ վրա: Առաջինը, ինչո՞ւ մեր տունը չեք գալիս, երկրորդ, ինչո՞ւ մեր ընկերությունը չեք պաշտպանում մի քանի անկիրթ գրչակների դեմ: Ախ, ի՛նչ գռեհիկ են այդ լրագիր մրոտողներն, օգնելու փոխարեն մեզ ծաղրում են ու հալածում: Ի՞նչ լավ կլիներ, պարոն Դիմաքսյան, եթե մի փոքր տրորեիք այդ մարդկանց քիթը: Խեղճ կանայք, խեղճ կանայք, այսպես է ձեր բախտըՕ՛օ, եթե իմանաք ինչքան ենք չարչարվում: Հիմա էլ ուսումնարանի հոգսը գցեցին ինձ վրա: Աշխեն, հոգիս, ե՜կ հանձն առ, աստված սիրես: Պարոն Դիմաքսյան, խոսեցեք, համոզեցեք...

Վերջապես, նա մի քանի վայրկյան կանգ առավ: Այն ժամանակ օրիորդը բացատրեց, թե ինչու հանձն չէ առնում տեսչուհու պաշտոնը: Միթե չգիտեն, թե ինչ նպատակով է նա գնացել արտասահման: Այժմ հասել է այդ նպատակն իրագործելու ժամանակը, և նա պետք է թողնի յուր վաղուց երևակայած և փայփայած գործը: Բացի դրանից, նա ուզում է բոլորովին անկախ գործել, ինքն յուր պարապմունքի համար պատասխանատու լինել խղճի և հասարակության առջև:

Դիմաքսյանը հավանեց օրիորդի վերջին պատճառաբանությունը: Ինչպես ամեն բանում, այստեղ էլ նրան գրավեց անհատի ազատ գործունեության սկզբունքը: Նա դարձավ տիկնոջը և ասաց, թե համակրվելով օրիորդի նպատակին, դժբախտաբար, չէ կարող տիկնոջ առաջարկությունը պաշտպանել: Ամեն մարդ պետք է ծառայի այն գործին, որին ավելի է համակրում և այնպես ծառայի, ինչպես ինքն է ուզտւմ:

Տիկնոջ դեմքի վրա երևաց դժգոհության նշան: Նա մտքում չարացավ Դիմաքսյանի դեմ: Բանն այն էր, որ նա յուր ընկերուհիների մոտ պարծեցել էր, թե մեծ ազդեցություն ունե օրիորդ Կարինյանի վրա և թե կարող է ինչ որ կամենա նրան անել տալ, որովհետև շատ երախտիք ունե նրա վրա: Իսկ ճշմարտությունը այն էր, որ մինչև օրիորդի արտասահման գնալը տիկինը գրեթե ոչինչ հարաբերություն չէր ունեցել նրա հետ: Այն ժամանակ նա չէր էլ ուզում ազգականաւհի համարել մի օրիորդի, որ յուր աշխատանքով էր ապրում:

Իհարկե, — դարձավ տիկինը օրիորդին, չկարողանալով զսպէել ներքին մաղձը, — իմ խնդիրը քեզ համար ոչինչ, քանի որ պարոն Դիմաքսյանը չի բարեհաճում քեզ խորհուրդ տալ

Այս խոսքերի մեջ կար մի հետին իմաստ: Դիմաքսյանը հասկացավ և մի անզուսպ ատելություն զգաց դեպի այդ կինը, որի յուրաքանչյուր խոսքից բուրում էր կեղծություն և սնափառություն: Մանավանդ ատելի երևաց նրան տիկինը իր հարուստ մետաքսյա հագուստով, որ բնավ չէր համապատասխանում նրա արվեստական լրջությանը:

Следующая страница