Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Երբեմն նա հանդիպում էր Դիմաքսյանին հասարակության մեջ: Այն մարդը, որին նա առաջ գոնե արտաքուստ կարողանում էր արհամարհանք ցույց տալ, այժմ նրա բարկությունն էր շարժում, նրան հուզում ու վրդովեցնում էր: Պակաս չէր վրդովվում ինքը՝ Դիմաքսյանը, նրան տեսնելիս: Բայց նա ամեն կերպ աշխատում էր ոչ մի կերպ չարտահայտվել յուր վրդովմունքը: Մի անգամ նրանք մի հասարակական հիմնարկության ընդհանուր ժողովի նիստում ունեցան մտքերի մի թեթև ընդհարում: Երկուսն էլ նկատեցին, որ ժողովականները մի տարօրինակ ուշադրությամբ են հետևում նրանց ընդհարմանը: Բայց Բարաթյանը շուտով վերջ տվեց յուր վեճին, ձգելով Դիմաքսյանի կողմ մի շինովի արհամարհական հայացք:

Այնուամենայնիվ նա դարձյալ զգում էր յուր հակառակորդի բարոյական ուժերի գերազանցությունը: Մասնավոր շրջաններում, երբ Դիմաքսյանի մասին խոսք էր բացվում, աշխատում էր խույս տալ խոսակցությունից: Նա չէր ասում, թե Դիմաքսյանը «խելագար է», «ցնորված է», կամ նույնիսկ «աննորմալ» ածականը այլևս չէր տալիս նրան: Նա միայն լռում էր, թողնելով, որ Վեքիլյանը ապացուցանե տարածված լուրի ճշտությունը: Նրա միտքն այժմ մեծ մասամբ կլանված էր յուր նյութական վիճակով: Բարոյականի մասին նա շատ էլ չէր մտատանջվում: Նա համոզված էր, որ եթե մարդիկ այսօր փոքր-ինչ ծուռ աչքով են նայում յուր վրա, վաղը կմոռանան ամեն ինչ, նորից կբարեկամանան, մինչև անգամ կխոնարհվեն նրա առջև: Հարկավոր է միայն նյութական դիրքից չզրկվել, հարկավոր է արտաքին շուքը միշտ բարձր պահել և օր օրի վրա ավելացնալ այդ շուքը:

Այնինչ՝ նյութականի կողմից էլ նրա գործերը աննախանձելի էին: Այն առևտրական ընկերությունը, որի բաժնետերերից մեկն էր, մեծ վնասներ էր ունեցել: Կորուստը նրա գրպանի համար զգալի էր: Երկու տարի էր արդեն նա գրավ էր դրել կնոջ կալվածը, և սրա եկամուտի մեծ մասը գնում էր պարտքի զեղչելուն և տոկոսների: Հորից ստացած թոշակը նա ոչինչ բան էր համարում:

Միակ նրա հույսը յուր ժառանգության վրա էր: Իսկ Գերասիմ Գերասիմիչը դեռ կտակը չէր կազմել, և նրա վերջին կամքը շատ անհանգստացնում էր որդուն: «ով գիտե, այդ խենթ ծերունին ինչ կարող է վճռեր», ասում էր նա մտքում:

Մի առավոտ նա մտավ անդամալույծի սանյակը և պատմեց Գայանեից ստացած նամակի բովանդակությունը, հարկավ, թաքցնելով Պյոտր Սոլոմոնիչին վերաբերվող կետը: Գերասիմ Գերասիմիչը խորհրդավոր ժպտաց, լսելով յուր հարսի դրական մերժումը ամուսնական հարկի տակ վերադառնալու մասին:

Դաա, — ասաց նա, — ժամանակները փոխվել են: Իմ կնիկը մինչև մահ դիմացավ ինձ, իսկ քո կնիկը քեզ չդիմացավ, գնաց: Րազումեյետցա, կանայք մարդ չեն, ի՞նչ է, նրանք ապրել չե՞ն ուզում...

Նա հետաքրքրվեց երեխաներ հարցով: Բարաթյանը հայտնվեց նրան յուր վերջնական միտքը, ինչպես վճռված է, երեխաները նրա մոտ պետք է մնան: Հակառակ սպասվածին, ծերունին հանկարծ վրդովվեց այդ վճռի դեմ: Որդին զարմացած նայեց նրա երեսին, չէ՞ որ մի քանի օր առաջ Գերասիմ Գերասիմիչը ինքն էր ասում, թե երեխաները հորն են պատկանում:

Մի ոտս գերեզմանի մեջ է, — բացատրեց ծերունին անսովոր հուզմունքով, — ուզում եմ կյանքիս վերջին օրերին մի քիչ էլ խղճմտանքիս ձայնին լսել: Իսակ, կնիկդ խեղճ է, դասս, պրիզնայուս, շատ խեղճ է: Ես մինչև հիմա չէի մտածել այս մասին, հիմա տեսնում եմ, որ մենք բարբարոս ենք, դասս, դեսպոտի մի, բատյուշկա, վարվարի:

Նա սկսեց պարվել յուր հանկարծակի փոփոխության պատճառը: Հայտնեց, որ անցյալ գիշեր նա երազում տեսել է յուր կնոջը, Իսակի հանգուցյալ մորը:

Լղար, տո՜չնո սկելետ, նա կանգնած էր հեռվում, ինձ նշան արեց, մոտեցա: Նա մտիկ տվեց երեսիս, տակիմ ստրաշնիմ վզգլյադոմ, տեր աստված, տեր աստված, ես սարսափեցի: Նա ասաց «Գերասիմ, Գերասիմ, դու խղճմտանք չունես, աստված քեզ ներքևում պատժեց, վերևումն էլ կպատժի, խելքի եկ»: «Ի՞նչ է», հարցրի ես: Նա ձեռով ցույց տվեց մի կողմ և պատասխանեց. «Տես»: Ես մտիկ արեցի, և ինչ տեսա, ժուտկո, ժուտկոԻսակ, դու մի երկար երեսսրբիչ ձեռումդ ոլորած՝ Գայանեին խեղդում էիր: Երեխաներդ իրանց խեղճ մոր փեշը բռնած գոռում էին, այնպես գոռում, որ ես դողում էի: Դու ուզում էիր նրանց բաժանել իրանց մորից և կնոջդ սպանել: «Ազատի՛ր, ազատի՜ր», ասում էր մայրդ, յուր խեղճ հարսին ցույց տալով: Այս ձայնից սարսափած զարթնեցի: Ինչ է դա, տեր աստված, ի՞նչ է, ասում էի ինքս ինձ: Ամբողջ գիշեր «հայր մոր» ասելով եմ անցկացրել, քունը փախել էր աչքերիցս: Եթե դու եկած չլինեիր, պետք է ես ինքս քեզ կանչեի, որ իմ միտքը հայտնեմ: Լսի՜ր, Իսակ, լսի՜ր, կնիկդ չէ՞ ուզում քեզ հետ հաշտվել, շտոժ, լավ է անում, շատ լավ է անում: Դու ինքդ էլ ուրախ ես, օօօ պո գլազամ վիժու, ուրախ ես, եշչո-բի, աչժմ չէ՞ որ ազատ ես, հանդիմանող չկա... Բայց, ասում եմ քեզ, խնայի՜ր նրան, տուր երեխաներին նրան, նա քեզանից լավ կկրթի նրանց:

Նա խելոք է, բարոյական է: Դա, բրատ, օնա վըյսոկոնրավստվեննայա ժենշչինա...

Այս անսպասելի փոփոխությունը սառ ջրի ազդեցություն ունեցավ Բարաթյանի վրա: Նա. սկսեց, մեղադրել յուր կնոջը և պաշտպանել իրան: Նա առաջ բերեց այն պատճառները, որոնց հիման վրա չէր ուզում երեխաներին տալ իրանց մորը: Բայց չօգնեց: Ծերունին զարմանալի համառությամբ պաշտպանում էր յուր հարսին, որդուն անվանելով «անբարոյական, շռայլ, կնոջ փողերով մարդ դարձած»: Իսկ երբ որդին շարունակեց հակառակել, ծերունին կատաղեց, փրփրաց և քիչ էր մնում խեղդվի: Նա բղավեց խռպոտ ձայնով և կապտեց լեղակի պես: Որդին վախեցավ, նա կարծում էր, որ հայրը մեռնում է առանց հաղորդվելու, առանց յուր վերջին կամքը արտահայտելու: Բայց մի փոքր անցած՝ ծերունին նորից ուշքի եկավ և արտասանեց.

Տեսնո՞ւմ ես, մեռնում եմ...

Որդին նստեց նրա մոտ, աշխատելով հանգստացնել նրան: Անդամալույծը լայն բաց արեց կիսախուփ աչքերը և սուր հայացքով նայեց նրա երեսին:

Օ՛օ, քո աչքների մեջ կարդում եմ փուչ երիտասարդությանս բոլոր մեղքերը... Ոչ, ոչ, կամ պետք է կատարես իմ կամքը, կամ թե չէ ես քեզ զրկում եմ ժառանգությունիցԵս չեմ ուզում այն կյանքումն էլ տանջվել, երազս ինձ սարսափեցնում է...

Բարաթյանը ժամանակ խնդրեց հորից նրա պահանջի մասին մտածելու և հեռացավ յուր սենյակը: Հարցը, արդարև, դժվար լուծելի էր: Ի՞նչպես վճռվել նրան: Մի՞թե արհամարհել ծերունու սպառնալիքը, խաբե՞լ նրան, խոսք տալ երեխաներին իրանց մորը հանձնելու և հետո չկատարե՞լ: Այստեղ նրա խիղճը սկսեց բողոքել, ի՞նչ ծայրահեղ ստորությունխաբել հարազատ հորը գերեզմանի ծայրին հասած: Ավելի լավ չէ՞ ուղղակի մերժել նրա պահանջը: Բայց ինչ, միթե ժառանգությունից զրկվե՞ր Ինչո՞ւ համար, ի՞նչ պատճառով: Ա՛հ, թուլություն, ա՛ հ, հիմարություն: «Ի՞նչ եմ ուզում ես ապացուցանել հասարակությանը, երեխաներին իմ մոտ պահելով: Որ ես հավատարիմ ամուսի՞ն էի: Ո՞վ կհավատա ինձ, ո՞ւմ կարող եմ ես խաբել: Նախապաշարմունք, անմիտ, ծաղրելի և ծիծաղելի նախապաշարմունք, որի անունով միմիայն ապուշը կհամաձայնվի զրկվել մի ամբողջ ժառանգությունից, այն էլ իմ այժմյան նյութական վատ հանգամանքներում»:

Ամբողջ գիշերը նա այդ մասին էր մտածում՝ յուր սենյակում առանձնացած: Առավոտյան որոշյալ ժամին նա ներկայացավ ծերունուն և հայտնեց նրան յուր վճիռը: Նա ընդունում է հոր պայմանները, նա ինքն էլ համոզված է, որ Գայանեն երեխաներին ավելի լավ կկրթի, քան թե ինքը: Գերասիմ Գերասիմիչը հանգստացավ: Կարծես, նա յուր ուսերից մի ծանր բեռ ձգեց: Հետևյալ օրը նա յուր կտակը կազմեց Իսակի անունով: Նույն օրը երեկոյան Բարաթյանը նստած էր յուր առանձնասենյակում և հաշվում էր յուր հոր կարողության չափը: Ներս մտավ ծառան, և հանձնեց մի փոքրիկ ծրար: Նա բաց արեց ծրարը անհամբերությամբ: Նա գիտեր ումից է նամակը, կարդաց և հոնքերը կիտեց:

Լա՛վ, — դարձավ նա ծառային, — ասա այս նամակը բերողին՝ «լավ»:

Եվ ծրարը, նամակի հետ պահելով, ճրագի վրա այրեց, մոխիր դարձրեց

X

Մի ժամ անցած, երբ արդեն բոլորովին մութն էր, Բարաթյանը աջ ու ձախ նայելով, մտավ Բախտամյանների բնակարանը: Ոչ ոք նրան չդիմավորեց, ոչ ծառա, ոչ աղախին և ոչ տանտիրուհին:

Դռները բաց էին, ամբողջ տան մեջ տիրում էր անսովոր լռություն: Կարծես, երեխաներն անգամ այնտեղ չէին: մի կանթեղ գիսով չափ լուսավորում էր նախասենյակը: Առանց վերարկուն հանելու, Բարաթյանը մտավ ներս, անցավ ընդարձակ դահլիճը և գնաց մի ուրիշ սենյակ: Այստեղ թավշյա բազկաթոռի վրա նստած էր այրիացած տիկին Բախտամյանը, ձեռները կրծքին ծալած և աչքերը դռներին հառած:

Տեսնելով Բարաթյանին, նա հառաչեց, տեղից թեթև շարժվեց, առանց ոտքի կանգնելու: Նա հագած էր սև հագուստ, որ նրա դեմքի գունատությունը ավելի պարզ էր կացուցանում: Նրա նիհարած երեսը, կնճռված ճակատը և սղմված շրթունքները արտահայտում էին սգավոր այրիի բոլոր նշանները:

Նրանք լուռ սեղմեցին միմյանց ձեռը: Բարաթյանը վերարկուն ձգեց անկյունում գրած մի աթոռի վրա և նստեց տիկնոջ հանդեպ՝ գլխարկը ձեռին բռնած, ինչպես կարճ միջոցով եկած մի հյուր: Տիկինը անսովոր լրջությամբ և սառն եղանակով ասաց, թե Բարաթյանին հրավիրել է մի շատ կարևոր գործի համար: Նա խնդրեց առայժմ ոչինչ չհարցնել վերջին ժամանակվա պատահած անցքերի մասին, նրանք առանց այն էլ պարզ են Բարաթյանի համար: Շրթունքները ներքին խռովությունից անխնա կրծոտելով, նա բացատրեց յուր ներկա դրությունը և նկարագրեց յուր կյանքը մռայլ գույներով: Նա սեփական տանը ապրում է ինչպես մի օտարական: Նրա փողերով նրան ողորմություն են անում, նա յուր գլխի տերը չէ:

Պետք է ինձ օգնես, ավարտեց նա յուր խոսքը, — ես ուրիշ հույս չունեմ, բացի քեզանից:

«Դու»-ով խոսելը այս անգամ Բարաթյանին դուր չեկավ: Նա շտապեց եղանակը փոխել և հարցրեց, թե արդյոք ինչպես կարող է օգնել տիկնոջը:

Պետք է՝ այն ծերունու կտակը քանդել, — պատասխանեց այրին վճռողական եղանակով և համառոտ:

Բարաթյանը զարմացած նայեց նրա երեսին: Նույն վճռողական եղանակով այրին կրկնեց յուր ասածը: Այո՜, պետք է Պյոտր Սոլոմոնիչի կտակը անպատճառ քանդել, այստեղ զարմանալու ոչինչ բան չկա, ծերունու խելքը գլխին չի եղել կտակը կազմելիս, նրան խաբել են անասավածները:

Այդ կրթված ավազակ Վեքիլովը և այն ուղտապան Ամբակում Աֆանասևիչը, երկուսն էլ գող են, սրիկա են, պետք է նրանց դեմ դատ բաց անել:

Ասացեք խնդրեմ, ո՞վ է ձեզ այդ խորհուրդը տվել, — հարցրեց Բարաթյանը:

Ոչ ոք, ես ինքս՝ եմ մտածել այս մասին: Իմ դրությունը այնպես է, որ ես ուրիշ միջոց չունիմ այդ խաբեբաներից ազատվելու: Տասնուչորս տարի շարունակ ես տանջվել եմ, չարչարվել մի «քավթառի» ձեռքին, գերիի պես ծառայել եմ նրան հիվանդ ժամանակ, հազար տեսակ հայհոյանքներ եմ լսել: Սիրելո՞ւց եմ արել, հա, հա, հա... Միթե այժմ էլ ուրիշները պետք է ինձ տանջեն: Ոչ, ոչ, ես չեմ կարող այս տեսակ անպատվության դիմանալ: Պետք է կտակը քանդել և ժառանգությունը իմ անունով հաստատել, որովհետև ես եմ միայն Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովի օրինավոր ժառանգը, երեխաները իմն են, ոչ թե Վեքիլովինը կամ Սարզափովինը:

Բարաթյանը հանդարտ և անվրդով սկսեց բացատրել, թե մի կտակ, որ կազմված է նոտարի ձեռքով, օրինական կարգով և որ շուտով պետք է հաստատվի կառավարությունից, չի կարելի քանդել:

Ի՞նչ անեմ նոտարիուսի ձեռքով է կազմված, — գոչեց այրին զայրացած, — նոտարիուսը խոմ թագավոր չէ, որ նրա արածը փոխել չլինի:

Բարաթյանը մի րոպե ընկավ մտատանջության մեջ: Տիկնոջ դրությունը նրա համար հասկանալի էր, բայց ինչո՞վ կարող է օգնել նրան: Նա աշխատեց նրան համոզել, որ թողնի յուր վտանգավոր միտքը և համբերությամբ հպատակվի յուր ճակատագրին: Օրենքի դեմ նրանք ոչինչ չեն կարող անել, բացի իրանց անունը խայտառակելուց:

Դուք ուրեմն վախենում եք խայտառակությունից, — ընդհատեց այրին, ավելի ու ավելի զայրանալով, — իսկ ես չեմ վախենում: Այո՜, ոչ մի բանից չեմ վախենում, որովհետև առանց այդ էլ խայտառակված եմ... հենց ձեր պատճառով...

Բարաթյանը անտարբեր նայում էր վրդովված այրիի երեսին, որի մկանունքները ցնցվում էին ամեն մի բառ արտասանելիս: Այդ րոպեին նա հանկարծ զգաց մի անբացատրելի ատելություն դեպի այդ կինը, նկատելով նրա ճակատի վրա, բերանի անկյուններում և աչքերի տակերում բարակ խորշեր: Գեղեցկուհին մի վայրկյան այնքան տգեղացած և ծերացած թվաց նրան, որ նա երեսը մի կողմ դարձրեց յուր վատ տպավորությունը թաքցնելու համար: Բայց այրին գուշակեց նրա միտքը: Նրա աչքերը պսպղացին, երևան եկավ բնական կատաղությունը կանացի խայթված ինքնասիրության հետ:

Ահա ինչ մարդ եք եղել, ես չէի իմանում, գոչեց նա, ձեռներով ճանկռոտելով սեղանի սփռոցը, — ահա իմ վարձը... վախկո՜տ:

Նա, ատամները կրճտելով, մի կերպ իրան զսպեց, որպեսզի ավելի խիստ ածական չտա այն մարդուն, որին հանձնել էր յուր պատիվը և որից սակայն դեռ հույս ուներ օգնություն ստանալու: Այնինչ՝ Բարաթյանը մազաչափ չկորցրեց յուր սառնասրտությունը: Նա հանդարտ եղանակով շարունակեց բացատրել բոլոր հանգամանքները: Մարդը սխալական է, տիկինը մոլորվեց, նա ինքն էլ մոլորվեց: Միթե հենց այս պատճառով նրանք իրենց անունը պետք է թղթախաղի տան: Եթե առաջարկությունը անիրագործելի չլիներ, նա կընդուներ: Նա պատրաստ է ամեն բանում օգնել տիկնոջը: Բայց այս բանումոչ, չի կարող հակառակ յուր կամքին և ցանկության:

Երևակայեցեք, հանկարծ երկուսս միասին մի օր ներկայանում ենք դատաստանին, ինչպես միևնույն գործի համար համերաշխ ընկերներ: Ո՞վ եմ ես ձեզ համար, ո՞վ եք դուք ինձ համար: — Օտարներ: Եթե մեր մեջ կար մի ազգակցական կապ, այն էլ հայտնի է ձեզ, քանդվեցձեր ամուսնու քրոջ աղջիկը այժմ իմ կինը չէ: Ուրեմն ի՞նչ եք պահանջում, ասացե՜ք:

Դուք եք ինձ անբախտացնողը, դուք էլ պետք է ազատեք ինձ այս դրությունից:

Բարաթյանը, ուսերը թոթվելով, ժպտաց և կծու հեգնությամբ պատասխանեց.

Երբ երկու մարդ իրանց հաճույքի համար գողանում են ուրիշների պատիվը և իրանք են զրկվում պատվիցոչ մեկը իրավունք չունե մյուսին մեղադրելու: Մեր մեղքերը հավասար են, երկուսս էլ հանցավոր ենք: Եթե դուք անբախտ եք, ես էլ շատ բախտավոր չեմ: Ձեռք վերցնենք միմյանցից, թողնենք մեր սխալները և մեր անունը ազատենք մարդկանց բամբասանքից:

Ազատենք մեր անունը, հա՜, հա՜, հա՜ , ազատենք, հա՜ , հա՜, հա՜...

Եվ այրին մի րոպեաչափ իստերիկական ծիծաղից բազկաթոռի մեջ երերվելով, ձեռներով ճմլում էր բատիստյա թաշկինակը: Վերջապես, նա մի քիչ խաղաղվեց, նորից կատաղեց և խեղդված ձայնով գոչեց.

Խաբեբա՜ ...

Տիկի՜ն...

Արտասանելով վիրավորական բառը, այրին դարձյալ փոխվեց: Կարծես, նույն վայրկյանին զղջաց, որ այնքան հեռու գնաց: Նրա շունչը սկսեց սպառվել, կուրծքը ուժգին բարձրացավ, կոկորդի բարակ, կապույտ թափանցիկ երակները փքվեցին: Նա սկսեց հեկեկալ, արտասանալով, «Ես անբախտ եմ... ես ատելի եմ... խայտառակված...»:

Մի րոպե Բարաթյանը խղճաց այրիին: Բայց կրկին նայեց նրա երեսին, ձեռների երկար մատներին և նորից ատելությունը շարժվեց նրա սրտում: Այդ կինը, որ մի ժամանակ այնպես կուրացրել էր նրան, այժմ թվում էր հրող, ատելի և զզվելի մի էակ:

Այրին արտասուքը սրբեց: Նա այլևս առաջվանը չէր: Խեղճացած, ընկճված, նա սկսեց աղերսալ Բարաթյանին, որ կամ ինքր օգնի կամ որևէ ելք ցույց տա այժմյան դրությունից դուրս գալու: Նա կվարձատրե նրան առատ ձեռքով, կտա նրան ժառանգության մի մասը, քառորդը, մինչև անգամ ամբողջ կեսը, միայն թե ինքը յուր գլխի տերը լինի:

Մի քանի վայրկյան տիկնոջ խոստացած կաշառը գրավեց Բարաթյանին: Եթե նրա ձեռքը անցնի Բախտամյանի ժառանգության տասներորդ մասն անգամ, նա կրկնակի կհարստանա: Նա մտատանջության մեջ ընկավ, տատանվեց, եղավ մի վայրկյան, երբ կամեցավ խոսք տալ այրիին օգնելու: Բայց նորից հիշեց այն ծանր պատասխանատվությունը, որ պետք է հանձն առներ, նորից պատկերացավ նրա առջև դատաստանի սոսկալի պերսպեկտիվը, հասարակական կարծիքի ճնշող ծանրությունը, և նա ցնցվեց: Ոչ՜, ոչ՜, նա այդ չի կարող անել, վտանգավոր է, փոխանակ շահելու, կարող է կորցնել...

Նա կամացուկ վեր կացավ տեղից և ձեռը հանդարտ մեկնեց տանտիրուհուն, որը յուր կապտած շրթունքները ամուր սեղմելով, նայեց նրա երեսին և նույնպես ոտքի կանգնեց: Այլևս այրին կասկած չուներ, որ Բարաթյանը բոլորովին սառել է դեպի նա և անկարելի է նրա մեջ գրգռել նախկին զգացումը: Վայրկենաբար նրա մեջ բորբոքվեց մի ցանկությունփաթաթվել այդ մարդու պարանոցին և խեղդել նրան յուր տարփալից գրկի մեջ: Բայց պաղսիրտ սիրականի անտարբեր հայացքը բևեռեց նրան տեղն ու տեղը: Նա կատաղությունից ճանկոտվեց յուր երեսը, տեսնելով այդ հայացքի մեջ մի պարզ զզվանք, որ ծայրահեղ հանդգնության և անխղճության էր հասնում: Նա չգիտեր ինչ աներ, ինչպես պատմեր այդ մարդուն, որպեսզի սա հավիտյան հիշե այդ պատիժը և հավիտյան տանջվի:

Բարաթյանը նույն սառնությունը երեսին գլուխ տվեց, վերցրեց վերարկուն և դիմեց վեպի դոները: Ա՜ա, ուրեմն ո՜չ մի խոսք, ոչ մի բացատրություն, ո՜չ մի ներողություն: Նա գնո՞ւմ է, և երբեք չպի՞տի վերադառնա: Այրին մի քանի քայլ արեց նրա հետևից և հանկարծ կանգ առավ, մտածեց, նորից առաջ գնաց: Նա վազեց մյուս սենյակ և, Բարաթյանի ճանապարհը կտրելով, գոչեց.

Կա՜ց...

Այն վայրկյանին, երբ Բարաթյանը նայեց այրիի այլայլված դեմքին, կիսախավար սենյակի\ լռության մեջ լսվեց մի ամուր ապտակի ձայն: — Այժմ կորի՜ր...

Բարաթյանը ոչ մի խոսք չարտասանեց, ոչ մի ձայն չհանեց: Միայն բնազդմամբ նայեց շուրջը և գդակը հագնվելով շտապեց դեպի դուրս: Ընդարձակ մարմարյա սանդուղքի վրա նրա արյունը խփեց գլխին, երբ յուր աջ այտի վրա գգաց մի տաքություն: Մի՞թե նա այնքան ընկավ, ստորացավ... Վերադառնա՞լ արդյոք, պատժի փոխարենը հատուցանել: Բայց ո՞ւմ: Մի հուսախափված, մի անբախտ կնոջ, որը կրքերից կուրացած ինքն էլ չիմացավ ինչ արեց: Ոչ, չպիտի իզուր տեղը աղմուկ հանել: Կանցնի, կմոռացվի, ինչպես ամեն բան անցնում է և մոռացվում աշխարհի երեսին...

Եվ յուր հուզմունքը խեղդելու համար նա վառեց մի ծխախոտ, սկսեց արագ-արագ ծխել: Նա նստեց առաջին պատահած կառքը և կառապանին հրամայեց քշել հեռու, հեռու, թեկուզ քաղաքից դուրս: Պետք է մի փոքր զբոսնել, հանգստանալ, ցրել ծանր մտքերը:

Մի ժամ անցած նա մտավ կլուբ: Նա ձգեց վնրարկուն սպասավորի վրա, շտապով մոտեցավ հայելուն իբրև թե փողկապը ուղղվելու համար: Ապտակի ոչ մի հետք, ոչ մի նշան չի մնացել նրա կլորիկ, մսալի երեսի վրա: Նա կարող է ապահով երևալ մարդկանց մեջ: Նա հանդարտ քայլերով բարձրացավ սանդուղքով և սովորական քաղցր ժպիտը երեսին բարևեց յուր ծանոթներին ու բարեկամներին:

XI

Գարնան առաջին օրերը հասնելուն պես Դիմաքսյանի գլխում միտք հղացավ թողնել ամեն ինչ և հեռանալ մի որևէ տեղ: Նա տեսնում էր, որ քանի հասարակությունը սկսել է կասկածով նայել նրա վրաոչ մի գործի չի կարող ձեռնարկել և քանի Գայանեի պատկերը հալածում է նրանոչ մի բանի մասին հանգիստ և լուրջ մտածել չի կարող:

Մինչդեռ անգործությունը գրգռում էր նրա նյարդերը և ավելի հիվանդացնում: Մանավանդ վրդովվում էր նա, մտածելով, թե որքան անզոր է յուր սրտի մի զգացումը զսպելու խելքի ուժով: Ինչո՞ւ, մի թե նա այնքան տկար է՝, որ չի կարող բռնանալ յուր հոգու վրա, կեղծել, ստել և բուռն սիրով տոգորված մարդու փոխարեն հարգող բարեկամ ձևանալ, կամ ոչ այս լինեի ոչ այն:

Սկզբում նա մտածեց ուղևորվել Եվրոպա, և այն մտքով, որ այլևս այնտեղից չվերադառնա: Նա ազատ է, անկախ, մենակ և նյութապես ապահով: Կգնա մի որևէ քաղաքակիրթ երկիր, կսկսի պարապվել գիտություններով և մի ազգի համար աշխատելու փոխարենկաշխատի ամբողջ մարդկության օգտին: Ինչ նախապաշարմունք ծառայել անպատճառ այն հասարակության, որին բախտի բերմամբ պատկանում ես: Չէ՞ որ այս հասարակությունն էլ ամբողջի մասնիկն է, չէ՞ որ ամեն մի անհատ նախ յուր ընտանիքի անդամն է, ապա յուր ժողովրդի, ապա մարդկության: Եթե ազգի համար ներելի է մոռանալ ծնողներ, ընտանիք, ինչո՞ւ ներելի չէ մոռանալ և ազգին, այդ փոքրիկ մասնավորին, խոշոր ընդհանուրի համար: Միթե մարդը մարդ չի՞ մնում ամեն մի շրջանում, միթե մի հողից մյուսը տեղափոխվելով զրկվո՞ւմ է յուր արժանավորություններից:

«Կթողնեմ այս տգետ, խավար շրջանը և ինձ համար կնտրեմ մի առողջարար և կենսատու շրջան, ուր կարող եմ ազատ շնչել, գործել և գնահատվել...»:

Այսպես էր մտածում նա սկզբում: Բայց շուտով նրա գլխում ծագեցին ուրիշ մտքեր, որ եկան հերքելու և ոչնչացնելու այդ բոլորը: Նա տեսավ, որ յուր դատողությունները հիմնում է մի տեսակ սոփեստության վրա: Նա զգաց, որ կամենալով փախչել մայրենի շրջանից, աշխատում է ոչ միայն յուր փախուստը արդարացնել շաբլոնական գաղափարներով, այլև նրանից ստեղծել մի ինչ-որ բարոյական սկզբունք:

Չէ՞ որ առաջ հենց ինքը պնդում էր, թե առանց մասնավորի չկա ընդհանուր երջանկություն: Միթե տմարդություն չի լինիլ թողնել մի անբախտ ժողովուրդ, երես դարձնել նրանից, և ինչո՞ւ: Այն պատճառով, որ այդ ժողովրդի դեմքը տգե՞ղ է, այլանդա՞կ, դարերի ընթացքում կրած զրկանքներից աղավաղվա՞ծ: եվ ո՞ր խելացի օտարը գրկաբաց կընդունի յուր հարազատ շրջանից փախած մարդուն, ո՞վ կարդարացնի այն որդուն, որ յուր քաղցած, հիվանդ հորը երեսի վրա ձգելով, կգնա սպասավորելու մի հարուստ ազգականի, որ իսկի կարոտ էլ չէ նրա օգնությանը:

«Վերջապես, ես ի՞նչ մեծ տառապանք քաշեցի, որ այսպես վհատվում եմ: Ծիծաղելի չի լինիլ արդյոք ինքս ինձ նահատակ համարեմ այն Ժամանակ, երբ իմ գլուխը դեռ շատ և շատ հեռու է փշապսակին արժանանալուց...»:

Կապեցին նրա ճանապարհը այստեղ, մի ուրիշ տեղ ճանապարհ կգտնի: Միայն նեխված ճահիճն է մնում միևնույն փոսի մեջ անշարժ, ընթացող ջուրը միշտ յուր համար ելք է գտնում:

Մինչ այս խորհրդածությունները պաշարել էին նրան, դարձյալ Գայանեի պատկերը չէր հեռանում նրա աչքի առջևից:

Մի օր ճաշից հետո նա դուրս եկավ զբոսնելու: Նա դիմեց դեպի քաղաքից դուրս գտնվող մի բարձրավանդակ, ուր մի նեղ ուղի տանում էր շրջակա լեռներից մեկը: Նա դանդաղ քայլերով բարձրանում էր այդ ուղիով դեպի վեր, երբ հետևից լսեց յուր անունը: Նա հետ նայեց և տեսավ, որ բժիշկ Սալամբեկյանը յուր ամուսնու հետ թև թևի տված բարձրանում է նույն ճանապարհով: Սպասեց և միացավ նրանց: Հասնելով մի փոքրիկ տափարակի, տիկին Սալամբեկյանը բաց թողեց յուր ամուսնու թևը և հոգնած նստեց մի մամռապատ քարի վրա:

Նրանց աչքի առջև տարածված էր մի գեղեցիկ տեսարան: Ամբողջ քաղաքը երևում էր ներքևում ինչպես մի սիրուն պանորամա, որին մի առանձին կենդանություն էր տալիս դեղնագույն Քուռի օղակ-օղակ ընթացքը:

Ես այստեղից մեր տունը տեսնում եմ, — ընդհատեց լռությունը տիկին Սալամբեկյանը, — ահա մեր պատշգամբը, այն կանաչ կտուրի տակ: Կարող եմ երդվել, որ այնտեղ կանգնած է Գայանեն: Ահա նա շարժվեց: Այն մյուսն էլ, հրևի, Օվսաննան է: Ինչքան խնդրվեցի, Գայանեն չուզեց մեզ հետ գալ: Տխուր է, միշտ տխուր, խեղճ կին...

Վերջին բառերը տիկինը արտասանեց հազիվ լսելի ձայնով և հառաչեց: Դիմաքսյանը հայացքը հառել էր դեպի հեռու: Նրա մտքերը վայրկենաբար թռան ահա այնտեղ, ուր հազիվ նշմարվում էր Գայանեի անորոշ կերպարանքը: Նա չլսեց, երբ բժիշկը առաջարկեց մի փոքր ևս դեպի վեր բարձրանալ: Երբ սթափվեց, բախտավոր զույգն արդեն բավական հեռացել էր: Նա շտապեց հասնել նրանց և, յուր հուզմունքը թաքցնելու համար, սկսեց խոսել առօրյա բաների մասին:

Մի ժամի չափ նրանք բարձրավանդակի վրա այս ու այն կողմ սպասելուց և շրջակայքը դիտելուց հետո ցած եկան մի ուրիշ ուղիով: Տիկին Սալամբեկյանը հրավիրեց Դիմաքսյանին թեյի, բժիշկը թախանձեց, և նա հրավերը ընդունեց:

Երբ նրանք ներս մտան, Գայանեն դեռ կանգնած էր պատշգամբի վրա ձեռին մի հեռադիտակ բռնած: Նա ասաց, թե հեռվից դիտում էր Սալամբեկյաններին և նկատեց, որ մի երրորդ անձ մոտեցավ նրանց:

Օվսաննան բժշկին տվեց մի այցետոմս, ասելով, թե կես ժամ առաջ մի անծանոթ մարդ բերեց:

Իմ հիվանդներից մեկն է ուղարկել, — ասաց բժիշկը և շտապեց գնալ, խնդրելով Դիմաքսյանին, որ նա մնա մինչև յուր վերադարձը:

Օրը մթնում էր, արևը արդեն մայր էր մտել և նրա վերջին ճառագայթները անդրադառնում էին երկնակամարի վրա: Ընդարձակ և մաքուր բակում տարածվել էր մեղմ իրիկնային զովը: Օվսաննան, տիկին Սալամբեկյանը, Գայանեն և Դիմաքսյանը նստած էին պատշգամբի վրա՝ մի փոքրիկ շրջան կազմած: Գայանեն պատասխանում էր Դիմաքսյանի հարցերին յուր ուսումնարանի մասին: Նա արդեն թույլտվություն էր ստացել և առաջիկա աշնանը պետք է գործը սկսեր: Վճռել էր ուսումնարանը բաց անել քաղաքի աղքատ թաղերից մեկում, մի եկեղեցու գավթում, չքավոր դասի աղչկանց համար: Դպրոցի շինությունը պատրաստ էր, հարկավոր էր միայն մի փոքր նրան վերանորոգել: Ուսումը պետք է ավանդվեր ձրի: Ինքը Գայանեն պետք է հանձն առներ ուսուցչուհիներից մեկի պաշտոնը: Նա ասում էր, թե գիմնազիոնում ուսածից շատ բան մոռացել է և պետք է ամառվա ընթացքում պարապվի մոռացածները հիշելու համար:

Դիմաքսյանը թեև խոսակցում էր նույն բանի մասին, բայց միտքը շատ հեռու էր խոսակցության նյութից, և կարելի էր կարծել, որ նա ձանձրանում է:

Տիկին Սալամբեկյանը գնաց յուր գիշերօթիկ սաներին նայելու: Օվսաննան հետևեց նրան, որ աղախնին հրամայե սամովարը դնելու:

Գայանեն և Դիմաքսյանը մնացին դեմուդեմ մենակ: Քանի մի անկյունում փայլեց մի դեղնագույն բան և ծառայի վառած լապտերի շողքերը տարածվեցին կարմիր աղյուսի փոշիով հարթած գետնի վրա:

Մի ինչ-որ ծանր, բայց ախորժելի զգացում տիրեց Դիմաքսյանի սրտին: Ուրախություն էր այդ, թե թախիծչգիտեր: Մերթ նայում էր Գայանեի կիսով չափ լուսավորված դեմքին, մերթ դեպի բակը: Երբեմն աջ ձեռով սեղմում էր յուր ճակատը, կարծես, յուր գլխից մի միտք հեռացնելու համար:

Գայանեն խոսում էր միայն լուռ չմնալու համարեղանակի զովության, անցած ձմեռվա ցրտերի, առաջիկա շոգերի մասին:

Դիմաքսյանը նրա ոչ մի խոսքը անուշադիր չէր թողնում, բայց և ոչ մի խոսքով չէր հետաքրքրվում: Նա զգում էր, որ փոքր առ փոքր կորցնում է յուր սառնությունը: Նա ցանկանում էր շուտով տիկին Սալամբեկյանը կամ Օվսաննան դուրս գային պատշգամբ, բայց միևնույն ժամանակ, ուրախ էր, որ ոչ մեկը դեռ չի երևում:

Մի վայրկյան նա ուզեց տեղից վեր կենալ, հրաժեշտ տալ, հեռանալ և, կարծես, փախչել մի նախազգուշացվող վտանգից: Բայց մի ուրիշ զգացում նրան բևեռել էր աթոռի վրա և չէր թողնում տեղից շարժվել: Նրա սիրտը սկսեց արագ բաբախել և հազիվ կարողանում էր զսպել իրան, որպեսզի չարտահայտի այն, ինչ որ անհաղթելի ուժով ձգտում էր ինքն իրան արտահայտվելու:

Նա նկատեց, որ Գայանեն ուզում է վեր կենալ, կամ գուցե այսպես թվաց նրան: Նա ինքը ոտքի կանգնեց, չգիտեր ինչու համար, և բնազդումով նայեց չորս կողմ: Ոչ ոք չկար, ոչ մի ձայն չէր լսվում կամ գոնե նա ինքը չէր լսում, բացի յուր սրտի բաբախումից, որ քանի գնում այնքան սաստկանում էր:

Եղանակը ցրտանում է, դուք չե՞ք մրսիլ, — ասաց նա և իսկույն փոշմանեց, որ ասաց, որովհետև ինքն յուր ձայնի մեջ գաց կեղծ, անախորժ հնչյուն:

Գայանեն պատասխանեց, թե այո՜, եղանակը ցրտեց և պետք է ներս գնալ: Եվ նա կամենում էր ուտքի կանգնել, երբ լսեց.

Օ՛օ , ինչքան դժվար է, ի՜ նչքան դժվար

Այս խոսքերը Դիմաքսյանը արտասանեց ցածր, հազիվ լսելի ձայնով, կարծես, ակամա: Բայց և այնպես նրանք շատ պարզ, շատ որոշ հասան Գայանեի ականջին:

Դիմաքսյանը աչքերը ծածկեց ամոթից և նույն վայրկյանին իսկույն գլուխը բարձրացրեց: Նա կրկին նստել էր, այժմ նորից ոտքի կանգնեց, և նրանց աչքերը կիսախավարի մեջ հանդիպեցին միմյանց:

Անվանեցեք ինձինչպես կամենում եք, բայց ես այլևս չեմ կարող պահել իմ խոսքը... Բարեկամ մնալ... Ոչ, եթե ես կարողանայի արտահայտել իմ զգացածը, կտեսնեիք, որ անհնարին է, դժվար է դիմանալ... Միթե ամեն բան ձեզ հայտնի՞ չէ, միթե չեք տեսնում, ինչպես տանջվում եմ ես...

Կասկած չկար, որ Գայանեն եթե մինչև այժմ չէր զգացել, այժմ ամեն ինչ հասկացավ: Ավելի ոչինչ չկարողացավ արտասանել Դիմաքսյանը: Ներսից, կարծես, մի բան խեղդում էր նրա կոկորդը: Իսկ Գայանեն, որ ուզում էր գնալ, դեռ անշարժ կանգնած էր նրա առջև: Նայելով չորս կողմ, նա շփոթված արտասանեց.

Ի՞նչ պատահեց ձեզ... Ես չէի սպասում ձեզանից այդչափ թուլություն: Հարգեցե՜ք ձեզ... ուշքի եկեք...

Նա սկսեց դողալ ինքն էլ չգիտեր ինչուերկյուղից, ամոթից, թե՞ մի ուրիշ ավելի զորավոր զգացումից: Երբ նա տեսավ, որ Դիմաքսյանը լուռ է, կարծեց, թե նա ուզում է բացատրել յուր սիրտը ավելի պարզ: Այժմ նա չգիտեր ինչ անել, գնա՞լ, թե՞ մնալ: Զգում էր միայն, ար յուր գնալը պետք է հավիտյան վիրավորե Դիմաքսյանին, այն մարդուն, որի ազնվության մասին րոպե անգամ չէր կասկածել, չէր կասկածում և այժմ, այդ վայրկյանին:

Դիմաքսյանը մի քայլ հետ կանգնեց, յուր սրտում զգալով մի սուր ցավ: Այն լուռ տեսարանը, որ տեղի ուներ, ավելի քան պերճախոս կերպով պարզեց նրա համար ամեն բան: Նա տեսնում էր յուր և Գայանեի մեջ մի հսկայական պատնեշ, որի առջև ինքը տկար էր, անզոր բոլոր յուր զգացումներով հանդերձ: Այդ կինը սարսափում է և ամաչում յուր դրությունից: Հանդգնե՞լ արդյոք ավելի առաջ գնալու, թե՞ կանգ առնել և ամեն բան վերջացած համարել:

Եվ մինչ նա այս տատանման մեջ էր, տեսավ, որ Գայանեն հանդարտ քայլերով հեռանում է: Հետևե՞լ նրան, ներողությո՞ւն խնդրել, բացատրե՞լ, որ մոլորվեց, կուրացավ, չպիտի աներ: Ո՜չ, ինչո՞ւ կեղծել և ստել, ինչո՞ւ խաբել և մի ուրիշ, ավելի վատ, սխալ գործել: Վերջապես, արդեն ուշ է, ահա Գայանեն գնաց, մտավ իր սենյակը և դռները հետևից ծածկեց...

Նա դողում էր ոտից մինչև գլուխ: Խելքը պղտորված, շշկլված, նա կանգնած էր, գլուխը երկու ձեռներով ամուր բռնած, այնքան ամուր, որ կարծես վախենում էր, թե նա կարող է անջատվել ուսերից և թավալվել պատշգամբի վրա: Նա մեջքը հենեց վանդակապատին: Ներսից ոչ մի ձայն չէր Լսվում: Կայծակի պես մի բան փայլեց, հետո լուսամուտների մթին ապակիները դեղնեցին: Դա տիկին Սալամբեկյանը կանթեղ է վառում սեղանատանը: Անշուշտ նա իսկույն դուրս կգա հյուրին թեյի հրավիրելու: Երևա՞լ արդյոք նրա աչքին: — Ո՜չ, անկարելի է, պետք է հեռանալ, առանց նրան տեսնելու, թող այդ լինի անքաղաքավարություն, փույթ չէ, բայց պետք է հեռանալ...

Следующая страница