Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Վերջացավ ամեն ինչ, ուրեմն այլևս հույս չկա: Ինքն յուր աչքում ընկճված, գրեթե ոչնչացած, նա կառքի մի անկյունում սեղմվել էր այնպես, որ ոչ ոքին չերևա: Չնավելով երեկոյան բավական թանձր մթանը, նրան թվում էր, որ չորս կողմից ինքը լուսավորված է պայծառ էլեկտրական լույսով և ամենքը տեսնում են նրան: Անհաջողությունը դրոշմված է նրա կերպարանքին, բոլոր անցորդները տեսնում են այդ, խղճում են ու ծաղրում նրան:

XII

Մի քանի րոպե նա լուռ անցուդարձ էր անում յուր մթին սենյակում: Ներս մտավ Սիրականը և, վառ կանթեղը դնելով սեղանի վրա, մի քանի քայլ հետ քաշվեց, սկսվեց դիտել նրան: Նա իսկույն հասկացավ, որ էլի մի բան է պատահել յուր պարոնին: Դիմաքսյանը հրամայեց նրան դուրս գնալ, նա ուզեց մենակ մնալ: Ծառան անցավ նախասենյակ և դարձյալ կանգնեց դռների հետևում, որ տեսնե, ինչ պիտի անի յուր պարոնը:

Դիմաքսյանը թուլացած ընկղմվեց աթոռի վրա, երեսը ձեռքերով ծածկեց, գլուխը դրեց սեղանին: Նրա սիրտը լցվել էր, նա ուզում էր լաց լինել, այո, հեկեկալ ինչպես մի երեխա: Բայց նա ճիգն արեց յուր դառն հեկեկանքը զսպելու, և զսպեց: Արտասուքը չի կարող թեթևացնել նրա սիրտը: Նա զգում էր իրան կյանքից անջատված, մի դատարկ տարածության մեջ, անհեն, անմխիթար: Նրա շուրջը տիրում է մեռցնող ցրտություն, և չկա մեկը, որ փարատե այդ ցրտությունը:

Նա հիշեց Մսերյանին, նրա անկեղծ ընկերական համակրությունը: Շատ անգամ է այդ մարդը մխիթարել նրան և պահպանել հոգեկան դառնությունների ժամանակ յուր խրախուսիչ խոսքերով: Այժմ նա էլ չի կարող օգնել: Հարկավոր է ավելի ջերմ, ավելի քնքուշ սիրտ, ոչ մխիթարելու, այլև նրա հետ դառնանալու, նրա վշտին վշտակից լինելու համար:

Ո՞րտեղ գտնել մի այդպիսի սիրտ: Ա՜խ, որքան նա այդ ժամին կկամենար յուր մոտ տեսնել այն միակ էակին, որին ոչ ոք չի կարող փոխարինել, ոչ ընկեր, ոչ բարեկամ, որի սերը որքան անկաշառ է, այնքան անսպասելի է, անհուն և ջերմ: Նա յուր որդու դեմքի մի թեթև արտահայտությունից, կրծքից դուրս եկած մի թույլ հառաչանքից կհասկանար նրա բոլոր ցավերը: Յուր մայրական վշտակցությամբ կպահպաներ նրա հուսահատ հոգու մեջ կենսական ջերմություն: Նա կասեր. «Ապրիր առանց սիրվելու, որովհետև այդ հնարավոր է, և ես ապրեցի ոչ միայն չսիրված, այլև ամբողջ կյանքիս ընթացքում տանջվելով»: Կասեր, «Մի՜ սպասիր կնոջ կողմից սեր, որովհետև եթե աշխարհի երեսին կա իսկական սերդա մայրական սերն է և միայն մայրը կարող է անկեղծ սիրել յուր զավակին, ուրիշ ոչ ոք, ոչ ոք...»:

«Ես հիշում եմ, նա ինչպես փայփայում էր ինձ և ինչ նուրբ զգացողությամբ էր արտահայտում յուր սերը, երբ ես մի թեթև դառնություն էի ունենում: Ահա քո դալկահար դեմքը, որի վրա պարզ նկարված են քո սրտի բոլոր ելևէջները: Տեսնում եմ քեզ, տեսնում եմ, գլուխդ ուսիդ ծռած մտիկ ես անում որդուդ, ուզում ես գուշակել իմ միտքը: Ի՞նչ, միթե դու այժմ էլ զգում ես հավիտենականության մեջ... Ցնո՜րք, ցնո՜րք...»:

Եվ Դիմաքսյանի հայացքը կենտրոնացել էր անորոշ տարաձևության մեջ, և այդ րոպեին կենդանացել էին նրա աչքի առջև ամբողջ մանկությունն ու պատանեկությունը, և այդ հեռու, վաղուց մոռացված անցյալի մեջ նշմարում էր յուր մոր պատկերը:

Նրա աչքերը պղտորվեցին և գրեթե ոչինչ չէր տեսնում, բացի այդ պատկերից, որ նրա աչքի առջև կենդանացել էր գրգռված երևակայության զորությամբ: Նա զգաց յուր ուղեղի մեջ մի տարօրինակ ցավ: Նա բռնեց երկու ձեռներով գլուխը և մոտեցավ անկողնակալին: Այստեղ նրա մտքով անցավ մի դեպք, որ վաղուց կարդացել էր եվրոպական լրագիրներում: Շվեցարիայի մի քաղաքում կյանքից ձանձրացած մի մարդ վճռել էր ինքնասպանություն գործել: Երեք անգամ նա փորձել է վերջ տալ յուր կյանքին, և ամեն անգամ փորձը անհաջող է անցել: Երկու անգամ նա ատրճանակ է արձակել և միայն թեթև վերք է ստացել: Նա ձգել է իրան մի լճի մեջնավավարները ազատել էն: Վերջապես, նա փակվել էր յուր սենյակում, դռները կողպել էր և թույն ընդունել:

«Ո՜չ, ես այդպես չեմ անիլ», — ասաց նա, ձեռը մեկնեց բարձի տակ և այնտեղից հանեց մի փոքրիկ, պսպղուն և ծանր առարկա:

Նրա դեմքի կնճիռներր բացվեցին: Ահա որտեղ է նրա փրկությունը, ահա ինչու գրկաբաց սպասում է նրան յուր մայրը: Աներկյուղ ձեռի մի հաջող հարված, և նա անցնելով Ռուբիկոնը, կհասնի անզգայության աշխարհը, ուր չկա ո՜չ տանջանք, ո՜չ երջանկության փափագ, ո՜չ նախանձ, ո՜չ փառասիրություն, ոչինչ, ոչինչ... Ինչու երկար մտածվել, միթե ամենքի վերջը ա՞յդ չէ, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց մինչև ամենահետին անբախտը: Տանջվել, հալածվել, չարչարվել և ինչո՞ւ, միմիայն մի անո՞ւն թողնելու համար: Չէ՞ որ այդ անունը որքան բարձր հնչի, որքան հմայիչ լինի ամբոխի համար, դարձյալ վերջը պետք է մոռացվի:

Նա մոլոր քայլերով անցուդարձ էր անում, բռունցքի մեջ ավելի ու ավելի ամուր սեղմելով փոքրիկ զենքի կոթը: Մի վճռական շարժում անելով, նա նստեց սեղանի մոտ, վերցրեց գրիչը: Հարկավոր է վերջին քաղաքացիական մի պարտք կատարելգրել մի քանի տող, որ ոչ ոք կասկածի տակ չընկնի: Բայց առաջին բառը չգրած, նա հանկարծ ցնցվեց ամբողջ մարմնով, դողաց. գրիչը ընկավ նրա ձեռքից և. մարմնով անցավ մի տարօրինակ սառնություն: Մի թե նա վախեցավ, մի՞թե այնքան թուլասիրտ է, երկչոտ: Նա դարձյալ վերցրեց գրիչը: Մարմնի սառնությունը անցավ ուղեղին և վայրկենաբար փարատեց այնտեղ տիրած խավարը: Նա աչքերը ծածկեց ձմեռներով, և երևակայությունը դարձյալ պատկերացրեց յուր մոր հեզ կերպարանքը: Այժմ դա մի լուսավոր կետ էր, որ քաշում էր նրան դեպի ինքը, աշխատելով դուրս բերել նրան սոսկալի խավարից, հեռացնել յուր ոտների տակ բացված անդնդից:

«Մա՜յր, մա՜յր, դու դժգոհ ես քո որդուց, որ այսպես հուսահատվում է, դու չես կանչում նրան քեզ մոտ, այլ խրախուսում ես այնտեղից, դու կանիծես նրան, եթե յուր վրա ձեռք բարձրացնի: Իսկ քույրերը, ինչու այդպես անգութ վարվի նրանց հետ, ինչո՞ւ ձգի նրանց անվերջ վշտի մեջ... Ի՞նչ անմտություն, ի՞նչ երեխայություն: Ինչո՞ւ համար մեռնել: Որ թշնամիները ուրախանան և ավելի ծաղրեն նրան, որ բարեկամները համոզվե՞ն, վերջապես, թե նա իրավ խելագար էր...»:

Նա ատրճանակը ձեռով հրեց սեղանի մի անկյունը և նորից ոտքի կանգնեց միանգամայն փոխված, վերակենդանացած: Նրան թվաց, որ մեռած էր, այժմ կյանք ստացավ, որ նրա առջև հանկարծակի բացվել էր մի մթին գերեզման և նույնպես հանկարծակի ծածկվեց:

Մի ձեռք զգուշությամբ սեղանի վրայից վերցրեց ատրճանակը: Նա նայեց և տեսավ Սիրականին, որ կես-երկյուղած և կես-կասկածելի դեմքով կանգնած էր նրա առջև:

Դու ի՞նչ գործ ունիս այստեղ:

Սիրականը ատրճանակը թաքցրեց յուր գրպանում և լուռ մտիկ տվեց նրա երեսին:

Ի՞նչ ես ուզում ինձանից, — կրկնեց Դիմաքսյանը, — ինչո՞ւ մտար այստեղ: Դու ինձ հարկավոր չես, թող ինձ հանգիստ, գնա ...

Մի աղաչանք ունիմ, — խոսեց ծառան անվստահ ձայնով:

Նրա նշաձև աչքը փակվեց, իսկ կոլորակը մնաց անշկարժ: Դա նշան էր, որ նա մտադիր էր երկար խոսելու:

Ասա տեսնեմ, ինչ է աղաչանքդ, — ասաց Դիմաքսյանը, նստելով սեղանի մոտ:

Աղա ջան, մայրս մեր գյուղում հեքիմ էր, անվանի հեքիմ: Տարին տասներկու ամիս նա աղոթք էր անում, պաս էր պահում, շաբաթներով էլ ծոմ էր մնում, չունքի, օրհնյալ եղիցի կամք աստուծո, ընկնավոր էր... Բոլոր սրբերի անունով ջոկ-ջոկ աղոթքներ ուներ: Մեղա քեզ, մեղա քեզ, չարը պատահելիս, տեսնում էիր ընկավ, բերանը փրփրեց, աչքերը բացվեցին, սկսեցին սադայելի հետ կռիվ անել: Այդ ժամանակ սրբերը սկսում Էին նրա բերանով խոսել... Մի անգամ, ժամաժամքին, մութը նոր ընկնելիս, լուսահոգին թոնրատան առաջ բռնվեց, ընկավ երեսը դեպի աղոթարան: Ես տասը տարեկան էի, աչքովս տեսա: Նա բերանը բաց արեց, ասաց. «Աղոթք արեք, տեսնում եմ քամբախտություն է գալիս, աղոթք արեք, ոչխար մորթհցեք, մոմ վառեցեք»... Չորս օր անցած, աղոթարանից բարձրացավ մի քամի, անձրև բռնեց: Սկսվեց մի կարկուտ, տեր, դու ցույց չտաս, հատը հավի ձվի չափ: Տասնուչորս գյուղերի հասած հունձքը կոտրեց, նստեցրեց, փչացրեց, սով ընկավ

Դիմաքսյանը ակամա հետաքրքրվել էր այս պատմությունով և լսում էր ծառային, առանց ընդհատելու նրա խոսքը: Նա գիտեր, որ Սիրականը անշուշտ մի նպատակով է այդ պատմում, և հենց այդ նպատակը իմանալու համար նա համբերությամբ ականջ էր դնում նրան:

Շինականները մորս պաշտում էին, չունքի լուսահոգին սուրբ Գևորգի «ղուլն» էր: Սուրբը նրա ձախ ոտի և աջ ձեռի վրա մոր արգանդում նշաններ էր դրել, մեկը տերևի նման, մյուսը թռչնի պես: Սուրբի գերեզմանի հողը պահում էր մեր թոնրատանը, գիշեր-ցերեկ նրա առաջ մոմ էր վառումՔանի-քանի հիվանդներ է փրկել, որին աչքացավից, արին գլխացավից, որին ոսկրացավից, որին էլ յարափարաներից: Աղա, ես էլ ընկնավոր եմ:

ԴՈ՞Լ, — հարցրեց Դիմաքսյանը զարմացած և ցավակցաբար:

Վայ ինձ, վայ ինձ, ես սուրբի «ղուլ» չքեմ, ես մարգարեություն չեմ անում, բայց ընկնավոր եմ: Հենց որ առաջին փորձանքը գլխիս հասավ, մայրս տնից տուն ման եկավ, կոպեկ-կոպեկ փող հավաքեց, շորեր հավաքեց, տվեց ինձ ու ասաց, «Գնա՜ , Սիրական, գնա՜, բոլոր սրբերին ուխտ արա, գերեզմանների հողը լիզիր, եթե մեկը չփրկի, մյուսը կփրկի…»: Գնացի, աղա ջան, քսան տարեկան էի, գնացի, երկու տարի ատով թափառեցի Գյանջա, Հարաբաղ, Պարսկաստան, Տաճկաստան, որտեղ որ հայ քրիստոնեի սուրբ կա, գերեզմանին երկրպագություն տվեցի

Լավացա՞ր:

Լավացել էի, մեռնեմ նրանց սուրբ աջին, բայց հետո մեղքերս երևի Էլի շատացան, Էլի «չարը» մտավ հոգիս: Այժմ տարենը մեկ կամ երկու անգամ փորձում է: Սրանից էրեք ամիս առաջ Սալդատսկի բազարում ընկա, գարադավոյր բերեց տուն: Կինտոները գրպանիցս տասը մանեթ Էին հանել

Դիմաքսյանը անկեղծ ցավակցեց Սիրականին, որի անբուժելի հիվանդության մասին առաջին անգամն էր լսում:

Լա՜վ, Սիրական, — ասաց նա բարեկամաբար, — այժմ ի՞նչ ես ուզում ինձանից:

Աղաչանք ունիմ, մեծ աղաչանք, — պատասխանեց Սիրականն այժմ ավելի վստահացած: — Աղա, դու ինձ լավություն շատ ես արել, Էհ, ես ինչո՞վ կարող եմ պարտքս վճարել: Ես էլ ուզում եմ քեզ տալ ինչ որ ունիմ

Նա ձեռը տարավ ծոցը և այնտեղից հանեց մի բան:

Այս պստիկ կապոցը մորս թանկագին կտակն է, տալիս եմ քեզ, աղա, իմ խաթրու վզիցդ քաշ տուր:

Նա ջերմեռանդորեն համբուրեց ձեռի բանը: Դա կապտագույն լաթի կտորից կտրած մի եռանկյունի կապոց էր լուցկիի սալփից քիչ փոքր:

Այդ ի՞նչ է:

Սուրբ Գևորգի մարմնի փոշին է, չարը խափանելու համար, շատ թանկ բան է

Դիմաքսյանը գլուխը ներողամտաբար շարժելով, բարեկամական հանդիմանությամբ ասաց.

Դո՞ւ էլ, Սիրական, դո՞ւ էլ ուրիշների պես հավատացած ես, որ ես խելագարվել եմ:

Սիրականն ամաչելով գլուխը թեքեց կբծքին: Պարզ էր, որ նա հավատում էր տարածված լուրին: Հետաքրքրական էր Դիմաքսյանի համար իմանալ՝ ի՞նչ փաստերի հիման վրա է այդ մարդը նրան խելագար համարում:

Ասա ինձ, Սիրական, տեսե՞լ ես ինձ գժություն անելիս:

Սիրականն աշխատեց խույս տալ ուղիղ պատասխանից: Բայց երբ Դիմաքսյանը ստիպեց, նրա շրթունքները սեղմվեցին, շիլ աչքերի մեջ երևաց մի խորին ցավակցության արտահայտություն: Նա պատմեց մի քանի բաներ, որ նկատել էր Դիմաքսյանի կողմից և որ երբեմն վախեցրել էին նրան: Օրինակ, մենակ ժամանակ նա ինքն յուր հետ շատ անգամ խոսում է զանազան շարժումներ է անում

Բայց ես խոմ ընկնավոր չե՞մ:

ՉԷ, աղա, աստված ոչ անի, որ այդ փորձանքին հասնես, դա ուրիշ բան է, բայց...

Նա չկամեցավ շարունակել, տատանվեց:

Ասա, ասա, է՞լ ինչ ես տեսել:

Ծառան զգուշությամբ ակն արկեց այն չարագուշակ գիերվա դեպքը, երբ Դիմաքսյանը սաստիկ տենդի մեջ էր: Բոլորը, ինչ-որ նա արել էր այդ գիշեր և խոսել, Սիրականը հիշում էր: Այնինչ՝ ինքը ոչինչ չէր մտաբերում, բացի նրանից, որ մահամերձ հիվանդ էր եղել: Առողջանալուց հետո նա մի անգամ հարցրել էր հայելու մասին: Մսերյանը պատասխանել էր, թե ինքն է անզգուշությամբ կոտրել, և նա հավատացել էր:

Եվ դու այժմ ուզում ես ինձ չարից փրկվե՞լ, — գոչեց Դիմաքսյանը ոչ այնքան բարկացած, որքան կատակով:

Աղաչում եմ, որ այս բանը վզիդ քաշ տաս

Գիտես ինչ, Սիրական, դու ինձ բավական զբաղեցրիր, ես տխուր էի, շատ տխուր, մտքերս ցրվեցին, շնորհակալ եմ: Դու բարի մարդ ես, Սիրական, անկեղծ ես, իսկ ես անկեղծ մարդկանց սիրում եմ: Բայց այդ կապոցը, չնեղանաս ինձանից, ես վզիս քաշ տալ չեմ կարող

Նա ձեռքով մի դրական շարժմում արեց, որ ցույց էր տալիս, թե այլևս չի ուզում խոսել:

Սիրականը լաթի կտորը ծոցը դնելով, դուրս եկավ սենյակից,

Մի դառն և կծու ծիծաղ դուրս թռավ Դիմաքսյանի կրծքից, և նա արտասանեց,

«Ողորմելի ամբոխ, թշվա՜ռ ամբոխ, քանի որ մենք քեզ չենք ուզում կրթել, դու ինքդ ես ուզում մեզ կրթել...»:

XIII

Գրեթե ամբողջ գիշեր Գայանեն չկարողացավ քնել պատահած անցքի տպավորությանը ենթարկված: Նրա ականջին շարունակ հնչում էր Դիմաքսյանի հուսահատ ձայնը: «Մ՝ի՞թե չե՞ք տեսնում, թե ինչպես տանջվում եմ ես...»:

Նա վիրավորված չէր, այլ վշտացած: Նա չէր մեղադրում Դիմաքսյանին և ոչ էլ վրդովված էր նրա դեմ: Ինչպե՞ս կարող էր իրան զսպել, քանի որ սիրում է, իսկ թե սիրում էմի թե այդ վաղուց հայտնի չէր Գայանեին: Բայց ինչո՞ւ նա այնքան հուսահատված էր և հենց առաջին խոսքն արտասանեց հուսահատ ձայնով:

«Մի՞թե նա բոլորովին համոզված էր, որ յուր սերը ուրիշ ոչ մի արձագանք չի գտնում իմ սրտում բացի բարեկամական զգացմունքից: Վերջապես, ես ինքս կարո՞ղ եմ հաստատ ասել, թե այդ մարդուն միայն հարգում եմ: Եթե այդպես լիներ, մի՞թե չէի աշխատիլ ժամանակին նրան ինձանից հեռացնել: Իսկ ես ինչ արեցի, ինչ արեցի, ոչ մի անգամ նրան չզգուշացրի, ոչ մի անգամ... Այժմ ես ի՞նչ իրավունքով նրանից վիրավորվեմ: Տեր աստված, գլուխս պտտվում է չգիտեմ ինչ մտածելԻհարկե, նա այժմ համոզված է, որ ես նրան ատում եմ: Բայց այդպես չէ, ոչ, այդպես չէ: Ուրեմն ինչ էՄի՞թե վախեցա հասարակական կարծիքից» Սխալ է, այդ չէ... Ես կամենում եմ իմ խղճի առջև արդար լինել: Այո, ճիշտ դա է: Եթե ես այդ մարդուն առաջ սիրեի և հետո բաժանվեի իմ ամուսնուց, այն ժամանակ շատ կարելի է այդպես չվարվեի նրա հետ: Բայց այդ մարդն իմ ուշադրությունը գրավեց հետո, երբ ես ատում էի Բարաթյանին: Ես այն ժամանակ համեմատեցի երկուսին, երբ համեմատելը անկարելի էր: Այն ժամանակ ճանաչեցի մեկի արժանավորությունները, երբ մյուսի անբարոյական լինելն ինձ համար բոլորովին պարզվեց...»:

Ի՞նչ կլիներ, եթե նա կուրացած սիրեր Դիմաքսյանին, եթե արհամարհելով ամեն ինչ, գնար նրա հետևից: Միթե դա կլիներ սե՞ր և ոչ վրեժխնդրություն: Եվ ումի՞ց պետք է վրեժը հաներ: Բարաթյանի՞ց, օ՛օ, այդ մարդը վիրավորվելու փոխարեն կծիծաղեր, կզվարճանար: Նա ինքն յուր վրեժը լուծված կհամարեր, տեսնելով յուր կնոջն յուր թշնամու հետ միացած: Նա այդ փաստն յուր ձեռքում զենք կդարձներ նրա դեմ, կպարծենար հասարակության առջև և ամենքին ցույց տալով, կասեր. «Ահա, տեսեք, կինս բաժանվեց ինձանից ոչ թե այն պատճառով, որ ես անբարոյական էի, այլ որովհետև նա ինքը չուզեց բարոյական ամուսին մնալ...»:

Եվ որքան Գայանեն այսպես մտածում էր, այնքան ավելի համոզվում էր, որ ուրիշ կերպ չէր կարող վարվել: Միակ յուր սխալը նա համարում էր այն, որ չուզեց կամ չկարողացավ ժամանակին Դիմաքսյանի սերը զսպել յուր սառնությունով: Մյուս կողմից, մի միտք նրան սաստիկ մտատանջություն էր պատճառում, կդիմանա՞ արդյոք Դիմաքսյանն այդ վշտին, թե մի փոձանք կբերի յուր գլխին:

Մերթ նա կարծում էր, թե չի կարող դիմանալ և մերթ մտածում էր, թե պետք է դիմանա, քանի որ խելոք է, մտածող: Նա ինքն ինքնասեր է, հպարտ էպետք է յուր սիրածի ինքնասիրությունն ու հպարտությունն էլ խնայի: Նա պատվախնդիր է և ազատասերպետք է ուրիշներից էլ նույնը պահանջի: Եթե նա սիրում է բարձր սիրով և ոչ լոկ յուր եսի խորությունիցանշուշտ կհասկանա յուր սիրածի վիճակը:

«Ի՛նչ, միթե նա չի՞ հարգիլ իմ հայրական զգացումները, միթե չի՞ մտածիլ, որ եթե ես չմերժեիպետք է զրկվեի երեխաներիցս: Զրկվել երեխաների՞ց: Ոչ, ոչ, այդ ես չեմ կարող անել, երբեք, ես առանց նրանց չեմ կարող ապրել…»:

Արմունկները պատշգամբի վանդակապատին հենած՝ նա կանգնած էր ուղիղ այնտեղ, ուր երեք օր առաջ Դիմաքսյանն արտահայտեց յուր սրտի զգացումը: Նա նայում էր ցած, դեպի գավիթ, ուր խաղում էր չորսից մինչև տասը տարեկան մանուկների և աղջիկների մի մեծ խումբ: Օդի բյուրեղյա հստակությունը, ծիծեռնակների ծլվլոցը և երեխաների պայծառ, մետաղահնչյուն ձայները կարոտ մոր սիրտը լցնում էին ճնշող զգացումներով: Ինչո՞ւ նրա փոքրիկները չկան այդ զվարթ խմբի մեջ:

Յոթ օր էր անցել նրանցից բաժանվելուց, դառն և տաղտկալի օրեր, որ յոթ ամսվա չափ երկար Էին տևել: Կտեսնվի արդյոք նրանց հետ դարձյալ, թե այդ վերջին անգամն էր: Մի վայրկյան նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե նա յուր ծանր խաչը կրեր զավակների սիրո և նրանց հետ ապրելու համար: Բայց հենց նույն վայրկյանին նա հիշեց անցկացրած տարիները, և կրկին նրա աչքի առջև պատկերացավ խաբված, անարգված և պատվի զոհ դարձած ծերունին: Եվ նա ավելի սաստիկ նողկանք զգաց դեպի յուր անցյալը: Երբե ք նա չպիտի փոշմանի յուր արած քայլի մասին: Թող մարդիկ դատապարտեն, բայց նա յուր խղճի առջև արդար է: Թող զավակների կարոտը ցեցի պես ուտի նրա սիրտը, մեռցնի, բայց չէր կարող ապրել այն մարդու հետ: Նա երեսը հետ դարձրեց զավթից և աչքերը գաղտուկ սրբեց: Նա չէր ուզում, որ յուր արտասուքը նկատվեն տիկին Սալամբեկյանը և Օվսաննան, որ այդ միջոցին ներքևում ղեկավարում էին փոքրիկ սաների խաղերը: Իսկ մանկական ձայները քանի գնում այնքան ավելի զվարթ էին հնչում, իսկ գարնանային օդը քանի գնում, այնքան ավելի տաքանում էր և ապրելու, երջանիկ ապրելու ցանկությունը բորբոքում մարդու սրտում:

Տիկին Սալամբեկյանը վերջացրեց յուր պարապմունքը սաների հետ, բարձրացավ վերև, մոտեցավ Գայանեին, բռնեց նրա թևից և տարավ սեղանատուն: Նա դեռ տեղեկություն չուներ վերջին դեպքի մասին: Տեսնելով Գայանեի կարմրած աչքերը, նա սկսեց ընկերաբար հանդիմանել,

Եթե դու այդպես շարունակես, կարճ ժամանակում կյանքդ բոլորովին կմաշես: Չպետք է լիներ, բայց որ պատահեց, մի՞թե ինքդ քեզ պիտի սպանես: Դու ոչ առաջինն ես, սիրելիս, ոչ էլ վերջինը կլինես, քեզ նման շատերը կան...

Մի՞թե դու կարծում ես, որ ես իմ արածի մասին փոշմանել եմ:

Երբեք չեմ կարծում: Դու միայն երեխաներիդ մասին ես հոգս անում: Բայց քեզ խոմ նրանցից չեն զրկում, դու էլի խոմ տեսնվում ես նրանց հետ:

Այրի Բոլումբաշյանը սեղանատանը, պատրաստ սեղանի մոտ նստած, նախանձելի ախորժակով ոչնչացնում էր յուղապատառները: Մյուս սենյակից հիվանդի ծանր տնքտնքոցի ձայն էր լսվում: Դա տիկին Սալամբեկյանի տատն էր, որ մեռնում էր մեռնում և դեռ կենդանի էր, տանջելով շրջապատողներին և չկամենալով կյանքից բաժանվել:

Այրին Գայանեին նստեցրեց յուր մոտ և նույնպես հանդիմանեց: Նրա ասելով Գայանեն այժմ ավելի բախտավոր է, քան առաջ: Այդ ամուսին ասած արարածները իրանց կանանց վերաբերմամբ առհասարակ շատ գարշելի են, իսկի չարժե նրանց վրա ուշադրություն դարձնել:

Խելոք կնիկը նա է, ով որ յուր մարդու մեկ արածի տեղ երկուսն է անում նրան խելքի բերելու համար: Հավատա , հոգիս, մարդն այն կնկան է սիրում, որը նրա գլխատակը փափուկ բարձ է դնում, քնացնում ու հետո ինքն յուր ուզածն անում: Ինչքան քիչ մտածես, այնքան բախտավոր կլինիս: Ականջներդ փակիր ու քեֆդ տվածի պես պար եկ, այն ժամանակ կասեմ «ապրես»: Երեխաները, ի՛հ, նրանց մասին էլ չարժե մտածել, տեսնո՞ւմ ես ինձ, շատ ուրախ եմ, որ երեխաներ չունեմ, գլուխս ցավերից ազատ է:

Ապրի՛ր, քեֆ արա ինձ նման... Տեսնո՞ւմ ես, մարդիկ շատ բաներ են ասում իմ մասին, թող հաչեն, ինչքան ուզում են, շատ հարկավո՞րս է...

Այս ասելով, նա շտապով վեր կացավ, պահարանի վրայից վերցրեց ֆիսգարմոնիան և սկսեց նվազել ու հետը երգել ինչ-որ վրացական երգ: Մյուս սենյակում հիվանդ պառավի տնքտնքոցը սաստկացավ: Բայց այրին մինչև չվերջացրեց յուր երգը, չլռեց: Հետո նա անցավ յուր սենյակը, շուտով զուգվեց և շտապով դուրս եկավ տնից:

Տիկին Սալամբեկյանը ամբողջ օրը զբաղված էր յուր պարտեզով և սաների համար հոգում էր ինչպես հարազատ մայր: Սիրով հետևում էր նրանց առաջադիմությանը, ուսումնասիրում էր ամեն մեկին, վաղօրոք գուշակություններ էր անում, թե այս կամ այն երեխայից ապագայում ինչ դուրս կգա: Ամեն օր, դասերը ավարտելուց հետո, ոգևորված պատմում էր յուր «սիրելի զավակների» մասին:

«Չգիտես ինչ երջանկություն է այդ անմեղ էակների շրջանում լինելը: Մարդ ինքն էլ երեխա է դառնում նրանց հետ: Մինչև մահ չպիտի թողնեմ այդ շրջանը...»:

Եվ նրա զվարթ դեմքը, հոգեկան եռանդուն տրամադրությունն ակամա շարժում էին Գայանեի նախանձը: Որքան կյանքը ժպտում էր յուր արժանավոր ընկերուհուն և ինչպես նա բախտավոր էր ամուսնության մեջ:

Մի ժամանակվա ծույլ-պեսիմիստ բժիշկ Սալամբեկյանն այժմ, կարծես, բոլորովին յուր հայացքը փոխել էր կյանքի մասին: Հիվանդներին ընդունելուց և այցելելուց հետո, նա յուր ամբողջ ժամանակը նվիրում էր տնային պարապմունքներին: Նա օրինակելի ամուսին էր և հոգատար, մինչև անգամ մանրակրկիտ տանտեր: Մի րոպե հանգիստ չէր նստում յուր տեղը, միշտ զբաղված էր մանր-մունր գործերով: Հոգեկան փոփոխությունն ազդել էր և նրա մարմնի վրա: Այժմ նա դեմքով առողջ էր, զվարթ, մինչև անգամ աչքի ընկնելու չափ չաղացել էր:

Երբեմն նա այցելում էր Դիմաքսյանին և շատ ցավում էր, որ յուր ընկերը ենթարկված է ընդհանուր հալածանքի: Բացարձակ չէր ասում, բայց մտքում սկսել էր մի փոքր քննադատել յուր ընկերոջ ուղղությունը: Արդյոք, ծայրահեղ արմատական չէ՞, ինչո՞ւ ամբողջ հասարակությունն յուր դեմ ոտքի է կանգնեցնում, միթե չի կարող ավելի խաղաղ գործել:

Նա մտածում էր և Գայանեի մասին, աշխատում էր որևէ կերպ թեթևացնել նրա վիճակը և գիտեր, որ այդ կարելի է միայն զավակներին իրանց մորը վերադարձնելով: Հաճախ նա խոսում էր Վեքիլյանի հետ, խնդրելով սրան միջնորդել Բարաթյանի մոտ: Բայց օրենսգետ իրավաբանը այս դեպքում ոչ մի «արդարացուցիչ» պատճառ չէր ուզում ընդունել, բացի օրենքի տառացի մտքից: Կինն յուր կամքով է հեռացել մարդուց, երեխաները օրենքով հորն են պատկանում: Նրա դեմ ոչինչ չի կարելի անել:

Երբեմն բժիշկը փողոցում հանդիպում էր Բարաթյանին: Նրանք շատ սառն բարևում էին միմյանց և անցնում: Մի անգամ նա մոտեցավ յուր նախկին ընկերոջը, կամենալով անպատճառ իմանալ նրա մտադրությունը երեխաների վերաբերմամբ: Բարաթյանը նախ շատ անտարբեր ընդունեց նրա ակնարկները, ապա սկսեց յուր գրությունը բացատրել: Նա ոչ իրան է մեղադրում, ոչ Գայանեին: Հայացքների «տարբերություն» — ահա այն գլխավոր պատճառը, որ բաժանեց նրանց միմյանցից:

Ես ոչինչ ոխ չունիմ այդ կնոջ դեմ և հոգով-սրտով ցանկանում եմ, որ նա բախտավոր լինի, առանց ամուսնի, առանց երեխաների:

Բայց առանց երեխաների նա դժբախտ է, մի թե մտադիր ես միշտ նրան զրկած պահել յուր զավակներից, — հարցրեց բժիշկը:

Ես մի անգամ ուղարկեցի, էլի, երևի, կուղարկեմ մի ժամով, կես ժամով:

Այդ շատ քիչ է: Դու պետք է ավելի բարեսիրտ վարվես:

Այդ մասին ոչ մի խոսք, երեխաները ինձ են պատկանում, իրավունք ունիմ բոլորովին չուղարկել:

Բժիշկը չկարողացավ հակառակել և հեռացավ վիրավորված:

Այդ խոսակցությունից մի քանի օր անցած Բարաթյանը կանգնեցրեց նրան փողոցում, և մի կողմ տանելով, հայտնեց յուր վճիռը.

Գիտես, ես իմ երեխաներին սիրում եմ, չեմ ուզում, որ նրանք զուրկ մնան իրանց մորից: Վճռեցի, որ նրանք մի ամիս իրանց մոր մոտ ապրեն, մի ամիս ինձ մոտ: Բայց մի պայման եմ դնում, չլինի թե նա երեխաների սրտում իմ դեմ ատելություն զարթեցնի... այդ պատահում է:

Գայանեն այնքան խելոք և բարի կին է, — պատասխանեց բժիշկը, — որ յուր երեխաների հոգին չփչացննելու համար այդ բանը չի անիլ: Շնորհակալ եմ, ես իսկույն կշտապեմ քո վճիռը հայտնել նրան և ուրախացնել:

Երրորդ օրը Գայանեն յուր սենյակում լուսամուտի առջև նստած կար էր անում, յուր միտքը զբաղեցնելու համար: Փողոցից նրա ականջին հասավ մի ծանոթ կանացի ձայն: Նա գլուխը դուրս բերեց լտւսամուտից, նայեց դուրս և իսկույն մի ուրախ ճիչ արձակեց, կարը ձեռից ձգելով:

Պառավ դայակը մի ձեռով բռնած հինգ տարեկան Թամարի, մյուսով երեք և կես տարեկան Լևոնի ձեռքը, զվարթ դեմքով սանդուղքով բարձրանում էր: Ուրախությունից նրա լեզուն անատամ լնդերքի միջից դուրս էր ընկել, և նա հազիվհազ շունչ էր առնում, շտապելով ուրախացնել կարոտած մորը:

Գայանեն սեղմեց կրծքին երկուսին միասին և երկար ժամանակ համբուրում էր մերթ մեկին, մերթ մյուսին, կրկնելով.

Վերջապես, վերջապես...

Երբ նա յուր սրտի փափագը մի փոքր հագեցրեց, դայակը հառաչելով հաղորդեց, թե անդամալույծ Գերասիմ Գերասիմիչը առավոտյան լուսաբացին հոգին ավանդվել է: Լուրը Գայանեի վրա տպավորություն չգործեց, այնքան դեռ նրա միտքը զբաղված էր երեխաներով:

Երեկ երեկոյան երեխաներին կանչեց, համբուրեց, մեկ մեկ օրհնեց: Ձեր անունն էլ հիշեց, ձեզ էլ օրհնեց, աստված վկա, օրհնեց: Ասաց, Ֆեոդորա, կասես հարսիս, ես օրհնում եմ, լավ կնիկ է, թող հաշտվի որդուս հետ...

Հետո պառավ դայակը ավելացրեց, թե երիտասարդ պարոնը հիվանդ է: Վեց տարվա կենակցությունը զուր չէր անցել: «Սովորության» զգացումը Գայանեին չթողեց շատ էլ անտարբեր լսել այդ լուրը: Բայց երբ դայակի պատասխաններից իմացավ, որ Բարաթյանի ցավը ուրիշ ոչինչ է, եթե ոչ այն ժառանգական հիվանդությունը, որ տարենր կամ երկու տարենը մի անգամ պարբերապես կրկնվում էնա ձեռով մի բացասական շարժում արեց, մի շարժում, որ արտահայտում էր նրա պարզ զզվանքը, և գրկեց յուր Լևոնիկին:

Մի քանի օր նա ոչ մի բանի մասին չէր մտածում, բացի երեխաներից և ամբողջ ժամանակ նրանցով էր զբաղված: Բայց անցան այդ օրերը, նրա սիրտը կշտացավ, և նորից նա սկսեց տխրել: Ի՞նչ և լիներ, դրությունը անորոշ էր, չգիտեր ինչ ապագա է սպասում երեխաներին:

Գերասիմ Գերասիմիչի թաղման օրը նա մենակ նստած էր յուր սենյակում և հիշում էր անցկացրած դառն օրերը: Նա կրկին հուզվեց, կրկին արտասվեց և, գլուխը դնելով բարձին, սկսեց հեկեկալ: Նա ողբում էր յուր քայքայված, խորտակված կյանքը և դժբախտ երիտասարդական օրերը: Օ՛օ, անցած կորած հույսեր, որ մի ժամանակ այնպես ոգևորում էիք նրան, միթե չպիտի՞ վերադառնաք: Ինչո՞ւ նա այնպես մոլորվեց, ինչո՞ւ նա չունեցավ վեց տարի առաջ կյանքի մասին այն հայացքը, որ ունի այժմ: Ինչո՞ւ չմտածեց, որ ընտանեկան երջանկությունը չպիտի որոնել ամուսնու ոչ արտաքին գեղեցկության, ոչ աշխարհային շուքի և փայլի, այլ նրա հոգեկան և բարոյական արժանավորությունների մեջ: Եվ այժմ, երբ նա կրում է յուր դառն սխալի պատիժը, երբ նրա աչքերը բացվել են, մի թե արհամարհի ամեն ինչ և ընկնի մի նոր երջանկության հետևից: Ո՞ւր, ինչպե՞ս, մի՞թե աչքերը փակելով հասարակական օրենքների, արմատացած ավանդությունների և նախապաշարմունքների առջև, մի թե ապօրինի կենակցության մեջ որոնելով այդ երջանկությունը: Ոչ, ոչ, դարձյալ ոչ, այդ անկարգելի է, անհնարին, վերջապես այդ բարձր է նրա բարոյական ուժերից: Ուրեմն, հեռո՛ւ մոլորություն, հեռո՛ւ խաբուսիկ հույսեր, նա չի ուզում յուր սեփական բախտի համար զավակների վիճակը ենթարկել վտանգի, ահա այդ անմեղ, սիրուն և քնքուշ Էակներին… «Մայրի՛ կ, ինչո՞ւ ես լալիս»:

Տեսնելով նույն պահին ներս վազող Թամարին, Գայանեն շտապով երեսը դարձրեց, աչքերը սրբեց և աշխատաց ժպտալ: Փոքրիկ աղջիկը զգաց նրա կեղծիքը և կրկնեց յուր հարցը, բայց պատասխան չստացավ:

Մայրիկ, ե՞րբ պետք է գնանք, — ասաց նա, մի փոքր լռելուց հետո:

Ո՞ւր:

Հայրիկի մոտ:

Երբ որ գու կամենաս:

Ես ուզում եմ հենց հիմա:

Գնա, եթե ուզում ես:

Ղու էլ կգա՞ս մեզ հետ:

Ոչ:

Ինչո՞ ւ:

Մայրը չիմացավ ինչ պատասխաներ:

Մայրիկ, ինչո՞ւ դու այստեղ ես մնում:

Ես... մնում եմ., հյուր եմ...

Այդքան ժամանակ հյուր կլինե՞ն:

Մայրը կամեցավ սաստել աղջկան, որ, վերջապես, դադարի այդ սիրտ մորմոքող հարցերը տալուց: Բայց նայեց նրա մանկական անուշ հետաքրքրությամբ լի աչքերին և մի սուր ցավ զգաց յուր սրտում: Ոչինչ չէր կարելի անել, մատաղ սրտում արդեն կասկածը արմատ էր գցել: Պարզ էր, որ այդ փոքրիկ գլուխը զբաղված է յուր մոր վիճակով և բնազդմամբ հասկանում է այդ վիճակը:

«Աստված իմ, աստված իմասաց մտքում Գայանեն, ձեռը Թամարի ուսին դրած, աչքերը վեր բարձրացնելով, — ուժ տուր ինձ, որ կարողանամ այս ցավին դիմանալ...»:

XIV

Այն բոլորից, ինչ որ Դիմաքսյանը խորհել էր Գայա նեին յուր սիրտը պարզելուց առաջ, այժմ մնում էր մի միտք, թե պետք է հեռանա և չի կարող չհեռանալ Թիֆլիսից:

Օր օրի վրա նա յուր կառավարչից սպասում էր փողի: Յուր հետ բերած փողերից այժմ նրա մոտ համարյա ոչինչ չէր մնացել, թեև բերել էր բավականաչափ գումար: Յուր վրա նա առհասարակ ծախսում էր շատ քիչ, բայց այս անգամ ունեցավ արտաքո կարգի ծախսեր: Նրա տեսչության ժամանակ դպրոցից արտաքսված աշակերտները աղքատ վիճակի մեջ էին, բացի մեկից, որ գործակատարի պաշտոն էր գտել մի վաճառականի մոտ: Չորս աշակերտի նա տվեց ճանապարհածախս և ուղարկեց հայրենիք: Իսկ հինգերորդըՄարաքյանը, այն ընդունակ աշակերտը, որին նա ամենից ավելի էր սիրում, ոչ ուզում էր հայրենիք վերադառնալ և ոչ էլ միջոց ուներ քաղաքում ապրելու: Նա այնքան ինքնասեր էր, որ ամաչում էր վռնդված աշակերտի անունով ներկայանալ յուր ծնողներին: Նա ուզում էր անպատճառ, ինչպես և իցե, ուսումը շարունակել, մինչև անգամ փափագում էր համալսարան մտնել և ասում էր, եթե այդ չհաջողվիինքնասպանություն կգործի:

Следующая страница