Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Երբ Դիմաքսյանը անձամբ հարցուփորձ անելով այս բոլորը իմացավ, վճռվեց օգնել այդ գյուղական ինքնակամ, կոպիտ, բայց ընդունակ երիտասարդին:

Դու կստանաս բարձր կրթություն, — ասաց նա մի օր Մարաքյանին յուր տանը, — ես քեզ վերցնում եմ իմ հովանավորության տակ:

«Բռի լոռեցին», ինչպես կոչում էին նրան ուսուցիչները, այնքան զգացվեց, որ նրա աչքերի մեջ ուրախության արցունք երևաց: Դիմաքսյանը խորհուրդ տվեց գնալ Ռուսաստան:

Այնտեղ դու կարող ես պատրաստվել մի տարի, գիմնազիական քննություն տալ և հետո մտնել համալսարան: Աշխատիր իմ հույսերը արդարացնել:

Քիչ ժամանակ անցած Մարաքյանը ստացավ ճանապարհածախս և ամբողջ տարվա թոշակը, ուղևորվեց Օդեսա:

Վերջապես Դիմաքսյաոը ստացավ կառավարչից սպասած նամակը և բարկացած ձգեց մի կողմ: Փող ուղարկելու փոխարեն Հաբիգյանը հաղորդում էր մանրամասն տեղեկություններ նրա գործերի մասին: Միայն նամակի վերջում նա ավելացնում էր. «Հինգ օրից հետո կուղարկեմ չորս հարյավ ռուբլի»: Այս տողը ավելի գրգռեց Դիմաքսյանին: Նրան ամենաքիչը երկու անգամ ավելի էր հարկավոր և դեռ համոզված էր, որ պահանջը շատ չափավոր է:

Նա ուզեց իսկույն հեռագրել Հաբիգյանին և պահանջել, որ յուր պատվերը անհապաղ կատարի: Բայց այդ տեսակ մի հեռագիր կարող էր գուցե վիրավորել նրա ընկերոջը: Այնինչ՝ նամակ գրելու համբերություն չուներ: Առանց երկար մտածելու նա վճռեց հենց վաղն իոկ ճանապարհ ընկնել հայրենիք կարճ ժամանակով:

Առավոտը կանուխ զարթնելով, նա մի նամակ թողեց Մսերյանի անունով և անմիջապես ուղևորվեց:

Այս անգամ ճանապարհորդությունը նրա վրա բոլորովին ուրիշ տպավորություն ունեցավ: Կար ժամանակ, երբ նա գրեթե ակամա էր դիմում դեպի յուր ծննդավայրը, իսկ այժմ շտապում էր որքան կարելի է շուտով հասնել այնտեղ: Նա փափագում էր օր առաջ տեսնել յուր քույրերին, որոնց, կարծես, շատ տարիներ էր չէր տեսել: Նրան թվում էր, որ այնտեղ, յուր արյունակիցների շրջանում միայն կարող է գեթ ժամանակավոր մխիթարություն գտնել և հանդիմանում էր իրան, թե ինչու այդ մասին առաջ չէր մտածել:

Հեռանալով այն քաղաքից, ուր նա յոթ տարի շարունակ անց էր կացրել փոթորկալից կյանք, զգում էր, որ յուր հետևում թողնում է մի տեսակ բեռն, որից բաժանվելը և ցանկալի էր, և դառն: Նա հիշում էր յուր կրած վշտերը և, կարծես, մի ներքին ձայն շշնջում էր, թե այդ վշտերը կարող էին առաջանալ հենց այն մթնոլորտում միայն, որից հեռանում էր:

Նա ուզում էր հոգով անձնատուր լինել լայնատարած դաշտերի, անտառների և լեռների ազդեցությանը: Եվ պատահում էին րոպեներ, երբ նա մոռանում էր ամեն ինչ և թարմանում գարնանային օդով արձակ բնության մեջ: Բայց անցնում էին այդ րոպեները, նորից գրգռվում էին զսպված, խեղդված զգացումները և դարձյալ թվում էր նրան, թե այդ զգացումներից գուցե կարող է ազատվել միայն յուր արյունակիցների շրջանում: Եվ ահա ամեն փոստային կայարանում նա անհամբերությունից բարկանում էր, որ ձիերը ուշ են փոխում: Նա անընդհատ կաշառում էր կառավարներին շտապել և անդադար շտապել դեպի առաջ:

Երկու օրվա ճանապարհը նա այս անգամ կտրեց երեսուն ժամվա մեջ, գիշերը ոչ մի տեղ կանգ չառնելով: Նա շտապեց մտնել հայրենի տունը: Այստեղ այժմ բնակվում էր նրա մեծ քույրըտիկին Մարթան յուր ընտանիքով: Մռայլ և նիրհած տունը այժմ կենդանություն էր ստացել: Օրը մինչև երեկո ընդարձակ պարտեզի մեջ թռչկոտում էին Մարթայի երեքից մինչև ինը տարեկան երկու զույգ երեխաները: Փողոցի կողմի լուսամուտները բացվել էին, արևի կենդանացուցիչ լույսը առատորեն հոսվում էր ներս, դեպի մաքրված, նորոգված սենյակները: Պատերը ծածկվել էին ուրախ գույնի պաստառներով, հատակները ներկվել էին, կահ-կարասին փոխվել: Խոհանոցից լսվում էր ամանեղենի և պղնձեղենի ձայներ: Ախոռատանը խրխնջում էր մի նժույգ, որ պատկանում էր Մարթայի ամուսնուն, լսվում էր զատկի տոներին երեխաների համար բերված գառնուկների մլավոցը: Մի հորատի հայ աղախին վազում էր երեխաներին սաստելու, որ պարտեզի ծաղիկները չփչացնեն:

Ամեն ինչ փոխվել էր, նորոգվել, զվարթացել: Նույնիսկ պտղատու և անպտուղ ծառերը, կարծես, ավելի ուրախ էին նայում, գոնե այսպես էր թվում Դիմաքսյանին: Պատշգամբի վրա այլևս չէր երևում այն հնամաշ փայտյա մեծ բազկաթոռը, որ միշտ միևնույն տեղն էր լինում և որի վրա նստում էր հանգուցյալ Մարգար աղան:

Դիմաքսյանը ներս չմտած առանձին-առանձին բռնեց յուր քրոջ զավակներին, համբուրեց, այստեղ միայն հիշեքով, որ պետք է այդ փոքրիկների համար նվերներ բերեր:

Տիկին Մարթան նրան դիմավորեց, վազելով և ուրախ բացականչելով:

Փառք աստուծո, փառք աստծու….

Նա Արսենից երկու տարով մեծ էր, բայց դեռ պահպանել էր երիտասարդական թարմությունը, չնայելով յոթերորդ բերքին: Նրա դեմքի բարի, հեզ արտահայտությունը և մուգ գույնի թախծալի աչքերը, մանավանդ կակուղ ձայնը հիշեցնում էր յուր մորը: Նա հագնվում էր անխառն եվրոպական տարազովայսպես կամենում էր նրա ամուսինը, որ արքունական պաշտոնյա լինելով, մեծ մասամբ յուր օտարազգի պաշտոնակիցների շրջանում էր պտտում:

Նա մի քանի անգամ եղբորը համբուրելուց հետո, անմիջապես ծառային ուղարկեց յուր կրտսեր քրոջը կանչելու: Կես ժամ անցած եկավ Արսենից չորս տարով փոքր Անիկը: Երկու քույրերի արտաքինի, ինչպես և ներքին հատկանիշների մեջ կար խիստ տարբերություն: Հասակով Անիկը ավելի բարձր էր, կազմվածքով խոշոր, թեև ոչ այնքան գեր: Նրա երեսի գծերը կանացի փափկության հետ ունեին նաև մի ինչ-որ ազդու տղամարդկային արտահայտություն: Իսկ փոքր-ինչ լայն ծնոտը, սղմված շրթունքները հիշեցում էին Մարգար աղային: Հետևելով յուր ավագ քրոջ օրինակին, նա նույնպես եվրոպական տարազով էր հագնվում:

Նա, գոնե արտաքուստ, մի առանձին ուրախություն ցույց չտվեց եղբորը տեսնելով: Նա միայն մի անգամ համբուրվեց նրա հետ, հարցնելով.

Լա՞վ ես:

Արսենը այս անգամ սովորականից ավելի հետաքրքրված հարցնում էր յուր քույրերի կենցաղավարության մասին: Այնինչ՝ քույրերն ստիպում էին նրան պատմել յուր կյանքից: Մարթայի աչքում նա և նիհարել էր, և ծերացել: Սկզբում կատակով, ապա լրջորեն երկու քույր հանդիմանեցին իրանց միակ եղբորը, թե ինչու մինչև այժմ չի ամուսնացել: Այս կազմից ավելի խիստ էր Մարթան:

Ինչո՞ւ ես հորդ տունը անտեր թողնում, — ասում էր նա, — ինչո՞ւ մեզ չես ուզում ուրախացնել: Աստծուն է հայտնի, սիրտս կտոր-կտոր էր լինում ամեն անգամ այս տան մոտով անց կենալիս: Ես կարծում էի մի ավերակի մոտով եմ անց կենում: Վերջը՝ էլ չհամբերեցի, եկա այստեղ ապրելու: Խեղճ մայր, մտքովդ անց կկենա՞ր, որ քո մի հատիկ աչքի լույս որդին այսօր պետք է ծնողներից զուրկ, քույրերից հեռու, հոր տնից դուրս, ով գիտե ինչ երկրում կյանք անց կացնի:

Նրա ձայնը զգացվեց, աչքերը արտասվեցին:

Մի՞թե ամուսնությունը շատ լավ բան է, որ ինձ էլ խորհուրդ եք տալիս ամուսնանալու, — հարցրեց Արսենը լոկ այն նպատակով, որ իմանա որքան յուր քույրերը երջանիկ են ընտանեկան կյանքում:

Ամուսնությունը մի պարտք է, լավվատ, ամեն մեկը պարտավոր է կատարել, — պատասխանեց Մարթան:

Բայց այդ պարտքը շատերին է թանկ նստում: Դու ուրա՞խ ես, որ ամուսնացել ես:

Ոչ ուրախ եմ, ոչ տխուր, բախտիցս գանգատվել չեմ կարող, ինչ որ ճակատիս գրված է, պետք է կատարվի: Բայց էլի փառք աստուծո, երեխաներովս բախտավոր եմ:

Իսկ դո՞ւ, Անիկ...

Ինձ համար միևնույնն է:

Մարդդ քեզ հետ լա՞վ է վարվում:

Այդ մասին մի հարցնիլ, — մեջ մտավ Մարթան ծիծաղելով, — Անիկը այն կանանցից չէ, որ յուր մարդու խոսքի տակ մնա...

Մի թեթև ժպիտ անցավ Անիկի դեմքով, պարզ էր, որ քրոջ ասածը նրան դուր եկավ: Հոր չափ համառ և ինքնակամ նա ընտանեկան կյանքում ձգտում էր կին բռնակալի դեր կատարելու՝ սկսած այն օրից, երբ Արսենը տվեց նրան յուր ժառանգության մի մասը: Որովհետև նրա ամուսինն էլ հեշտ հպատակվողներից չէր, ուստի երբեմն նրանց մեջ տեղի էին ունենում ընտանեկան խռովություններ: Բայց երբեք այդ խռովությունները ծայրահեղության չէին հասնում, որովհետև մարդը միշտ զիջողություն էր անում, նախ՝ յուր ընտանեկան կյանքը շատ էլ չթունավորելու համար, երկրորդ՝ համոզված լինելով, որ յուր համառության տակ Անիկը ունի իսկապես բարի հոգի....

Շուտով եկավ Մարթայի ամուսինը պաշտոնական համազգեստով, կռնատակին բռնած մի մեծ պորտֆել: Դա մի հաստափոր մարդ էր բարակ ոտներով: Բարևելով Արսենին ռուսերեն լեզվով, որ քաղաքակրթության նշան էր համարում, նա մի քանի անգամ գրկեց նրան, գոչելով «նականեց, նականեց»... Եկավ և Անիկի ամուսինը, որ, հակառակ յուր քենակալին, նիհար դեմքով, չոր կազմվածքով մի բարձրահասակ մարդ էր, պարապվում էր վաճառականությամբ:

Ընտանեկան ճաշը անցավ բավական ուրախ, շնորհով Մարթայի ամուսնուն, որ անդադար խմում էր, սրախոսում, ծիծաղում և ծիծաղեցնում:

Իրիկնադեմին Դիմաքսյանը ծառային ուղարկեց Հաբիդյանին կանչելու: Հայտնվեց, որ կառավարիչը գնացել է մոտակա գյուղերից մեկը և միայն վաղը պետք է վերադառնա: Այժմ Դիմաքսյանը, հակառակ սովորականին, շատ հետաքրքրված էր յուր գործերի դրությունով, փափագում էր տեսնել կալվածները:

XV

Հետևյալ առավոտ նա նոր էր զարթնել, երբ ծառան հայտնեց Հաբիգյանի գալստյան մասին:

Ներս մտավ առողջ կազմվածքով, արևից այրված պղնձագույն դեմքով մի տղամարդ, մոտ երեսուն ու երեք տարեկան: Նա հագած էր կոշտ մոխրագույն կտորից կարած կարճ բաճկոն և երկայն կոշիկներ, որ ծածկված էին թանձր սպիտակ փոշիով:

Դիմաքսյանը ընդունեց նրան այն սենյակում, որ մի ժամանակ ծառայում էր Մարգար աղային: Բոլոր հին կահկարասիներից այստեղ մնում էր միայն երկաթյա ժանգոտած սնդուկը, որի մեջ այժմ ոչինչ չկար:

Հաբիգյանը նոր էր վերադարձել գյուղից և ճանապարհի հագուստը չփոխված շտապել էր Դիմաքսյանի մոտ:

Գնացել էի ապառիկներ ժողովելու, — ասաց նա, անմիջապես դիմելով գործին, ինչպես մի մարդ, որի համար ամեն մի րոպ\են թանկ արժեր, — այսօր ուզում էի փոստով ձեզ համար փող ուղարկել, շատ լավ եղավ, ինքներդ եկաք: Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, առաջարկելով խոսել յուր հետ «դու»-ով, ինչպես առաջ:

Արդարև մի ժամանակ նրանք ընկերներ էին և բավական մոտիկ ընկերներ: Հաբիգյանը գյուղական քահանայի որդի էր, սկզբնական կրթությունը ստացել էր Դիմաքսյանի ծննդավայր քաղաքի հոգևոր դպրոցում: Հետո նա յուր մի վաճառական քեռիի օգնությամբ տեղափոխվել էր Թիֆլիս և մտել ռեալական դպրոց: Պանդխտության մեջ երկու հայրենակից պատանիները ընկերացել էին և դեռ այդ ժամանակ արդեն նրանց ապագա հայացքների մեջ պարզվեց մի խիստ տարբերություն :

Մինչ Դիմաքսյանի երևակայությունը պատանեկան հասակում զարմանալի թռիչքներ էր անում, մինչ նա փայփայում էր մի իդեալ, որ քանի գնում այնքան զարգանում էր, հասունանում և բարդանում: Հաբիգյանը, այդ լուռ, սառն և միշտ յուր դասերով զբաղված պատանին, հիանում էր յուր հայրենակցի իդեալով, բայց երբեք չէր հափշտակվում: Ծնված և սնված լինելով գյուղական շրջանում, նա տեսել էր չքավորության դառնությունները և մասամբ փորձել յուր վրա: Եվ յուր համար լռիկ կազմել էր մի ուրիշ, ուրույն գաղափար թե յուր ապագայի և թե առհասարակ կյանքի մասին, մի գաղափար, որի առջև նսեմանում էին և գրեթե ոչնչանում բոլոր մյուս գաղափարները:

Մարդկանց թշվառության հիմնաքարը նա համարում էր աղքատությունը: Սրանից էին ծագում նաև տգիտությունը, փոխադարձ նախանձը, ատելությունը և թշվառությունը: Երբ Դիմաքսյանը նրա մոտ ոգևորված խոսում էր ժողովրդի բարոյական վերածնության մասին, նա պնդում էր, թե ոչինչ վերածնություն չի կարգելի մտցնել մի ժողովրդի մեջ, ուր մարդկանց ամբողջ ժամանակը և բոլոր հոգեկան ուժերը սպառվում են ստամոքսի համար: Եվ ժողովուրդ ասելով, Հաբիգյանը միշտ աչքի առաջ ուներ յուր գյուղի համայնքը: Այստեղ էր հիմք առել և այստեղից էր սկսվում նրա ամբողջ աշխարհայեցողությունը, որ շատերին թվում էր նեղ, սահմանափակ: Եվ որքան նրա միտքը լուսավորվում էր, այնքան սիրտը մոտենում էր այդ համայնքին, մի բան, որ շատ քիչ գյուղացի ուսանողների մեջ է նկատվում:

Մոսկվայի գյուղատնտեսական ճեմարանի երրորդ կուրսը նոր անցած, նա հիվանդացավ և ստիպվեց վերադառնալ հայրենիք: Քիչ ժամանակից հետո այստեղ բոլորովին կազդուրվեց, բայց հայրը չկամեցավ, որ նա նորից գնա հյուսիս: Այն ժամանակ նա վճռեց անպատճառ, ինչպես և լինի շարունակել յուր ուսումը արտասահմանում և թախանձեց հորը՝ ոչինչ չխնայել: Գյուղական համեստ քահանան, որ ինքը հազիվ գրել կարդալ գիտեր, հասկանում էր գիտության ուժը: Նա գրավ դրեց յուր այգին, պարտքի մեջ ընկավ, որպեսզի յուր արդուն կրթված տեսնի:

Չորս տարի Հաբիգյանը արտասահմանտւմ վարեց այնպիսի սուղ կյանք, որ ոչ մի աղքատ ուսանող չէր վարեր: Վերջապես, նա հասավ յուր նպատակին, վերադարձավ հայրենիք գյուղատնտեսական գիտությունների գործնական և տեսական պաշարով: Նա սկսեց օգնել յուր եղբայրներին, որ պարապվում էին գինեգործությունով: Բայց յուր մտադրությունները իրագործելու համար նրան պակասում էր մի բանդրամագլուխ, որ ոչ նրա հայրը ուներ և ոչ եղբայրները ունեին: Հենց այդ միջոցին Դիմաքսյանը հրավիրեց նրան յուր կալվածները կառավարելու, և նա ուրախությամբ ընդունեց այդ հրավերը:

Արդյոք շա՞տ փող պետք է ուղարկեիր ինձ համար, — հարցրեց Դիմաքսյանը ժպտալով:

Այնքան, ինչքան խոստացել էի նամակումս:

Այդ ինձ բավական չէր լինի: Իմ այստեղ գալուս մի պատճառն էլ այն է, որ քեզ համոզեմ՝ շատ էլ ժլատ չլինես իմ վերաբերմամբ:

Ինչ արած, ստիպված եմ ժլատ լինել:

Ինչո՞ւ, միթե ես այդքան աղքատացե՞լ եմ:

Դու աղքատ չես, բայց ես ուզում եմ, որ ավելի հարստանաս:

Ապագայո՞ւմ: Ոչ, ես այդ բանին համաձայն չեմ: Լսիր, Հաբիգյան, գուցե ես քո աչքում մի փոքր թեթևամիտ երևամ, բայց ուղիղն ասած, իմ նյութական ապագայի մասին ես բոլորովին չեմ մտածում: Ինձ հարկավոր չեն ոչ խոշոր գումարներ և ոչ մեծ կալվածատիրոջ անուն, թեև, համաձայն եմ, փողը մեծ ուժ է մեր ժամանակում:

Հաբիգյանը, լավ ճանաչելով Դիմաքսյանին, ոչինչ չասաց: Բայց գլուխը բացասական կերպով շարժեց, որ արտահպյտում էր թե զարմանք և թե անհամաձայնություն ընկերոջ ասածին:

Կես ժամ անցած նրանք պտտում էին տան առջև տարածված պարտեզում: Այստեղ ևս նկատվում էին փոփոխություններ: Ծառուղիները հարթվել էին, մաքրվել, կանոնավորվել, հնադարյան պարիսպը նորոգվել էր: Երևում էին տեսակտեսակ նոր տնկած ծառեր, բույսեր, ծաղիկներ: Եվ այդ բոլորը Հաբիգյանի գործն էր:

Պարտիզպանը նույն մարդն էր, որ ծառայում էր Մարգար աղայի ժամանակից: Այժմ ոչ ոք նրա վրա չէր գոռում, ոչ ոք չէր հայհայում նրան, մանավանդ ծեծում, և նա ավելի սիրով էր աշխատում: Նա ուրախ-ուրախ առաջնորդում էր յուր պարոնին ցույց տալով բոլոր փոփոխությունները: Պարտեզը բացի գեղեցկանալուց և հարստանալուց, այժմ մի որոշ եկամուտ էլ տալիս էր, ավելացած պտուղները և մրգերը ծախվում էին մրգավաճառներին:

Մի ժամի չափ անցուդարձ անելով պարտեզում, նրանք գնացին քաղաքի կենտրոնական շուկան: Այստեղ Դիմաքսյանը ուներ մի շարք խանութներ և մի քարվանսարա, ուր կանգ էին առնում քաղաք մտնող սայլերը և ֆուրգոնները: Մարգար աղայի կենդանության ժամանակ խանութները կիսավեր դրության էին հասել, քարվանսարան քայքայվել էր, բակը պահվում էր կեղտոտ և միշտ լիքն էր ձիերի ու տավարի աղբի կույտերով: Այժմ խանութների փլատակված պատերը նորոգվել էին, մաշված ծածկոցները և դռները փոխվել էին, ներկվել: Քարվանսարայի բակը մաքրվել էր, քարով ծածկվել: Հաբիգյանը ասաց, թե ուզում է շուտով այդ բակի շուրջը կառուցանել մի նոր երկհարկանի շինություն, վերևում բնակարաններ, ներքևում խանութներ:

ճաշից հետո նրանք գնացին քաղաքի շրջակա այգեստանը: Հաբիգյանը Դիմաքսյանին ընդարձակ քարաշեն դարբասով առաջնորդեց մի մեծ այգի: Ծառերը նոր էին կանաչել, պարարտ երկիրը դեռ խոնավ էր անցյալ գիշերը եկած անձրևից: Խաղողի որթերը արդեն տերևներ էին արձակել և կանաչ սփռոցի պես ծածկել մի ընդարձակ տափարակ: Հեռվում երևում էր մի շինություն կարմիր աղյուսից: Իրիկնանադեմի արևի ճառագայթները լուսավորում էին նրա կանաչագույն երկաթյա եռանկյունի կտուրը: Այս շինությունը նոր էր և կառուցվել էր գինիի ու օղիի գործարանի համար: Դեպի ձախ երևում էր մի ուրիշ ավելի մեծ տափարակ խաղողի որթերով ծածկված: Դիմաքսյանը հիշում էր, որ յուր հոր կենդանության ժամանակ այդ տարածությունը մնում էր անմշակ: Այժմ Հաբիգյանը միացրել էր նրան մեծ այգիի հետ և սկսել շահագործել:

Ահա ինչի վրա են փողերը ծախսվում, — ասաց կառավարիչը, Դիմաքսյանին առաջնորդելով աղյուսյա շինության ներսը:

Այստեղ դրված էին մի քանի պղնձյա նոր կաթսաներ: Մի որմնադիր յուր օգնականի հետ շինում էր գործարանի վառարանները: Դրսում լցված էին մի խումբ մշակներ, ոմանք հող էին փորում, ոմանք խաղողի որթերի համար ցիցվեր էին տնկում:

Հաբիգյանը պատմում էր յուր ձեռնարկությունների մասին այն սառն դրական եղանակով, որ հատուկ է գործնական մարդուն: Նա նկարագրում էր այն մոտիկ ապագան, երբ Դիմաքսյանի բոլոր կալվածների մշակությունը պիտի հասներ ցանկալի զարգացման և բարգավաճման:

Դեռ շատ բան կա անելու, եթե միայն թույլ կտաս: Գինեգործության համար անհրաժեշտ է արտասահմանից հրավիրել մի հմուտ վարպետ: ժամանակ է մեր թթու գինիներից ձեռք վերցնել: Ափսոս է մեր խաղողը, կարելի է նրանից տասը տեսակ խմիչքներ պատրաստել: Ես ինքս ուրախությամբ կպարապվեի միայն գինեգործությունով: Բայց աշխատանքի բաժանման մասին առայժմ մտածել չի կարելի, ուրիշ շատ գործեր ունեմ: Պետք է մի շոգեշարժ աղորիք շինել: Վարուցանք անելու և հնձելու համար վատ չէր չինի մեքենաներ բերել տալ: Կարելի է այստեղ մի ուրիշ գործարան շինել միրգ չորացնելու համար: Այս բոլորը փող է պահանջում, և դու ասում ես, որ ես ժլատ չլինե՞մ...

Օրն արդեն մթնելու վրա էր, երբ նրանք վերադարձան գյուղ: Ամբողջ երեկո նրանք խոսում Էին գործերի մասին: Դիմաքսյանը երախտագիտաբար սեղմեց Հաբիդյանի ձեռը, հայտնելով նրան յուր շնորհակալությունը: Նա հիացած էր յուր կառավարչի աշխատասիրության վրա և, միևնույն ժամանակ, ուզում էր իմանալ նրա եռանդի դրդիչ գաղափարը: Նա չէր հավատում, թե խելոք, կրթված, եվրոպական քաղաքակրթության ճաշակն առած մի երիտասարդ կարող է հոգեկան անթերի հաճույք գտնել լոկ նյութական գործունեության մեջ: Նա ուզում էր համոզվել, որ Հաբիդյանի արտաքին գործնականության տակ թաքնված է մի հասարակական գաղափար, որ նա չի ուզում պարզել:

Մի շաբաթ անցած նա այցելեց մի քանի գյուղեր, ուր գտնվում էին նրա վարելահողերը: Այս ճանապարհորդությունը տևեց երեք օր, և նա տուն վերադարձավ նորանոր տպավորությունների տակ: Նա գիտեր գյուղական ժողովրդի մտավոր և տնտեսական վիճակը, բայց գիտեր ոչ այնքան գործնապես, որքան տեսականապեսգրքերի և լրագրների միջոցով: ճշմարիտ է, մի քանի տարի առաջ նա ճանապարհորդեց Անդրկովկասի մի մասում, տեսավ գյուղեր, բայց արդյո՞ք այդ ժամանակվա նրա հոգեկան տրամադրությունն էր պատճառը, թե մի ուրիշ բան, այդ մի ամսվա ընթացքում նրա համար չէր պարզվել գյուղացու դրությունը այնպես, ինչպես պարզվեց այժմ, երեք օրվա մեջ:

Եվ պարզողը Հաբիգյանն էր: Գործնական մարդը նրա ուշադրությունը դարձրեց այն բոլոր առօրյա կարիքների վրա, որ կազմում էին մի ամբողջ ժողովրդի կյանքը: Նրանք անցան մի գյուղով, որի բնակիչները հողի պակասությունից ազատվելու համար պատրաստ էին իրանց «հարազատ զավակներին գրավ դնել», ինչպես ասում էր Հաբիգյանը: Անցան անբերրի, քարքարոտ հողերով, ուր գյուղացին գերբնական աշխատանք էր գործ դնում յուր օրական պարենը վաստակելու համար: Մի գյուղից մի ուրիշ գյուղ անցնելու ժամանակ Հաբիգյանը ցույց տվեց խորդուբորդերով լի նեղ ուղին և նկարագրեց այն բոլոր վնասներն ու չարիքները, որ առաջանում էին կանոնավոր ճանապարհների բացակայությունից:

Ոչ մեկը նրանց այցելած գյուղերից ուսումնարան չուներ: Երեխաները թափառում էին փողոցներում, խաղալով հորթերի, շների և հավերի հետ, մերկանդամ, գլխաբաց, ոտաբոբիկ: Ամեն տեղ թագավորում էր մտավոր մթություն, մի թանձր, հուսահատեցոլցիչ խավար, ուր ոչինչ և ոչինչ մխիթարական չէր նշմարվում: Բայց արդյոք այդ խավարի մեջ դեգերվողները գոնե զգո՞ւմ են լուսո կարոտը:

Ո՛չ, — պատասխանեց Հաբիգյանը դրական եղանակով, — նրանք միայն մի կարոտ են զգումտնտեսական:

Գուցե կարելի է հասկացնել նրանց, որ բացի չքավորությունից, ունեն և մի ուրիշ թշնամիտգիտությունը:

Ես շատ անգամ եմ խոսել նրանց հետ այդ մասին, շատ եմ բացատրել գրագիտության նշանակությունը: Նրանք միշտ լուռ ականջ են դնում այնպես, որ մարդ կարծում է համոզվեցին: Բայց տեսնում ես, նայեցին միմյանց երեսին և հետո անտարբեր արտասանեցին. «Աղա, շատ լավ ես խոսում»:

Ուրեմն համաձայնվո՞ւմ են:

Այո , բայց պետք է տեսնել, թե ինչպես և ինչ եղանակով են ասում. «Աղա, շատ լավ ես խոսում»: Կարծես, այդ խոսքերով մարդու գլխին սառը ջուր են ածում: Պատահում է, որ ես մինչև անգամ բարկանում եմ նրանց վրա և գոռում. «Հիմարներ, դուք ձեր զավակների համար պետք է ուսումնարան պահեք»: Բայց նրանք հարցնում են՝ «Բաս վարժապետի փողը ո՞րտհղից գտնենք»: Եվ միայն այս հարցը ինձ միշտ նեղն է գցում, ես մտիկ եմ անում նրանց ողորմելի դեմքերին և կամա-ակամա լռում եմ:

Ուրեմն, քո կարծիքով ոչինչ միջոց չկա՞ ժողովրդի մեջ լույս տարածելու, — գոչեց Դիմաքսյանը մի քիչ վրդովված Հաբիգյանի սառնասրտության դեմ:

Ինչո՞ւ չէ, կա:

Ո՞րն է:

Իմ կարծիքով այն, որ մեր կրթված երիտասարդները մի փոքր օգնեն ժողովրդին, չփախչեն նրանից այնպես, ինչպես այժմ:

Աա՛ , դա շատ սովորական դարձված է:

Բայց զուտ ճշմարտություն է:

Երևի, դու ուզում ես, որ ամենքն էլ գան և քեզ նման գյուղատնտեսությամբ պարապվեն, չէ՞

Թեկուզ հենց այդ լինի իմ ցանկությունը, չե՞ս համակրում:

Համակրում եմ, բայց, ասա խնդրեմ, ի՞նչ օգուտ ունեն գյուղացիները դիցուք հենց քո այժմյան գործունեությունից:

Ես այդ մասին չէի կամենալ խոսել գոնե այժմ, — պատասխանեց Հաբիգյանը սառը կերպով, — բայց քանի ոք հարցնում ես, կբացատրեմ...

XVI

Նրանք նստած էին Մարգար աղայի սենյակում առանձին: Դիմաքսյանը փափագում էր ուսումնասիրել յուր ընկերոջ ներքին աշխարհը, թափանցել նրա սիրտը և տեսնել կա արդյոք այնտեղ մի բարձր գաղափար: Ահա ինչու նա խորին հետաքրքրությամբ, աչքերը Հաբիգյանի երեսին, սպասում էր նրա բացատրությանը:

Գիտե՛ս ինչ, — սկսեց Հաբիգյանը հանդարտ ձայնով, — ես առհասարակ այն մտքի դեմ եմ, թե իբր հասարակական գործիչը պետք է լինի անսահման անձնվեր, անշահասեր: Լավ է, որ այդպես լինի, բայց դա մի գեղեցիկ և անիրագործելի երազ է: Աշխարհիս երեսին, իմ կարծիքով, չկա ոչ անպայման անձնվիրություն, ոչ առասպելական անշահասիրություն: Եվ եթե կա, դա միայն հազվագյուտ ընտրյալների հատկություններն են, ընտրյալներ, որոնք երկար դարերի ծնունդ են: Մարդիկ սովորաբար ուրիշների օգտի համար գործում են երկու շարժառիթներից դրդվածբարոյական և նյութական: Բարոյականըփառասիրությունն է, եթե չասենք փառամոլությունը, նյութականըշահասիրությունն է, եթե չասենք շահամոլությունը: Երկու դեպքում էլ չկա և չի կարող լինել անպայման ինքնամոռացություն:

Փառասիրությունից դրդված ուրիշների համար գործելը, — նկատեց Դիմաքսյանը, — ինձ համար դեռ հասկանալի է, բայց ի՞նչ ասել է շահասիրությունից գործել, այդ ինձ համար անհասկանալի է:

Կպարզեմ որքան կարող եմ: Ես աշխատում եմ քեզ հարստացնել, որովհետև ինքս էլ օգուտ ունիմ քո հարստանալուց: Գուցե, եթե դու ինձ մի հայտնի տոկոս չտայիր քո եկամուտներից, եթե ծառայեի մի որոշ ռոճիկովավելի պակաս եռանդով վերաբերվեի քո գործերին կամ ուղղակի անտարբեր լինեի: Բայց այժմ ես քո գործր իմն եմ համարում: Ահա այստեղ իմ նյութական շահը իմ եռանդի առաջին ստիմուլն է:

Ընդունենք, որ այդպես է. օրինակը պարզ է, բայց ոչ այնքան հաջող: Դու կապեցիր միմյանց հետ քո և իմ շահերը, բայց մենք երկու անհատներ ենք, և դու ծառայելով իմ գործերին, չես կարող ասել, թե ծառայում ես հասարակությանը:

Թող աստված հեռու պահի ինձ այն մտքից, որ երբևիցե ինձ հասարակական գործիչ համակեմ: Ոչ, ես այդ չէի ուզում ասել: Բայց կարծում եմ, որ աշխատելով խելացի կերպով շահագործել քո կալվածները, դրանով այսպես թե այնպես հարստացնում եմ երկրի ընդհանուր արդյունաբերությունը:

Օրինա՞կ:

Օրինակ, իմ և քո շահերը պահանջում են մի գյուղից մյուս գյուղ ճանապարհ շինել, մենք շինել ենք տալիս, և նրանով հեշտացնում ենք բոլոր գյուղացիների համար հաղորդակցության միջոցները: Մեր անձնական շահերը պահանջում են մի շոգեշարժ աղորիք ունենալմենք շինում ենք, և դրանով միջոց ենք տալիս գյուղացիներին կարճ ժամանակում և էժան գնով իրանց ցորենր աղալ: Մենք ժամանակակից եղանակով մշակում ենք մեր հովերը, մեզանից օրինակ են առնում մեր դրացիները: Այս դեպքում մենք դառնում ենք մի տեսակ ուսուցիչ, քաղաքակրթություն տարածող գործոններ:

Մի վայրկյան նա լռեց, մի ծխախոտ վառեց և ապա շարունակեց նույն սառնասրտությամբ և դրական ոճով:

Ես քեզ ցույց տվեցի հողեր, որոնք ջրի պակասությունից չեն մշակվում կամ մշակվում են շատ անհաջող:

Եթե մեր ծախսով այդ հողերով մի առու անցկացնենք, նախ, մենք ինքներս կունենանք մեծ շահ, երկրորդ, գյուղացիները մեզ կհամարեն հազվագյուտ բարերարներ, մեզ երկրպագություն կտան, կպաշտեն: Ես կարող եմ հարյուրավտր օրինակներ առաջ բերել, բայց կարծեմ այսքանն էլ բավական է: Այս է գործնական մարդու բերած օգուտը, այսինքն ինձ նման մի մարդու, որ, եթե ուզում ես, միայն իմ անձնական շահերը ունիմ աչքի առջև: Բայց ինչեր կարող է անել մի ուրիշը դիցուք հենց քեզ նման մի գաղափարական մարդ: Դու ունիս բավական մեծ հարստություն, և նա օրեցօր պետք է ավելանա: Եթե չես ուզում խոշոր դրամատեր կամ, ինչպես ասում ես, մեծ կալվածատներ լինել, շատ գեղեցիկ, մի լինիլ: Բայց մի թողնիր, որ քո հարստությունը իզուր տեղը անօգուտ մնա: Ե՛կ այստեղ, բա՛ց արա քո հաշվով ուսումնարաններ, աղքատ գյուղերում, թող հարյուրավոր գյուղական խեղճ մանուկներ ձրի կրթություն ստանան: Հիմնիր մի գյուղատնտեսական դպրոց կամ մի օրինակելի ագարակ և թող այնտեղ գյուղացիները դասեր առնեն գյուղատնտեսու թյան զանազան ճյուղերի վերաբերմամբ: Եվ միթե ա՞յս միայն կարող ես անել դու: Քո առջև գործելու մի այնպիսի ասպարեզ կա, որ, ճշմարիտ, զարմանում եմ ինչո՞ւ դու արհամարհում ես այդ ասպարեզը և հուսահատ կռիվ մղում մի ամբողջ հասարակության դեմ:

Նա ոտքի կանգնեց, մի անգամ անցավ սենյակի մյուս ծայրը, հետ դարձավ, նորից նստեց և շարունակեց:

Ես ինքս մեծ հետաքրքրությամբ հետևում եմ քո գործունեությանը և, անկեղծ եմ ասում, զարմանում եմ քո եռանդի, հոգեկան ուժի և մտավոր կարողության վրա: Տեսնում եմ, որ դու մեր թմրած հասարակության մեջ մտցրել նոր մտքերի մի թարմ հոսանք: Այո, այդ ամենը հարկավոր է, հիանալի է և ծափահարության արժանի, բայց ասա խնդրեմ, ի՞նչ վերջ պետք է՝ ունենա քո կռիվը: Չեմ ասում քեզ համար, քեզ այնքան պետք է հալածեն, որ վերջը ոչնչացնեն ինչպես մի մարդու, որ աշխատում է քանդել խավար ամբոխի համար սրբություն համարված վնասակար նախապաշարմունքները: Այո, ի՞նչ օգուտ, անմիջական օգուտ, պետք է ունենա քո գործունեությունը այն թշվառ ժողովրդի համար, որին քո ալքով տեսար: Մինչդեռ հենց այդ ժողովուրդն է կարոտ վերակենդանության և հենց նրա անմիջական շահերի համար և նույնիսկ նրա շրջանում պետք է գործել:

Վերջին խոսքերը արտասանելիս, Հաբիգյանի կոշտ ձայնի մեջ զգացվեց բավական մեղմ հնչյուն: Կարծես, նա փոքր-ինչ զգացվել էր, երկար տարիներից հետո առաջին անգամ այդպես մտերմաբար խոսելով յուր նախկին ընկերոջ հետ: Դիմաքսյանը լուռ լսում էր, առանց հերքելու նրա ասածները կամ համաձայնության որևէ նշան ցույց տալու: Նա, կարծես, մտքում կշռում էր Հաբիգյանի յուրաքանչյուր խոսքը:

Կարելի է ես սխալվում եմ, — շարունակեց Հաբիգյանր, — Բայց իմ խորին համոզմունքը այս է. դու այստեղ, քո ծննդավայր հողի վրա, կարող ես ավելի օգտակար լինել, քան թե այնտեղ, ուր այժմ գործում ես: Այս պատճառով ես շատ ուրախ կլինեի, որ դու թողնեիր ամեն ինչ և գայիր այստեղ գործելու: Այն ժամանակ քեզ հետ կարելի է ես էլ մի քիչ գաղափարական մարդ դառնայի և միայն իմ անձնական շահերից դրդված չաշխատեի: Դու կտայիր ինձ ծրագիրես կկատարեի, դու կլինեիր կարգադրողհրամանակատար, այդ ինձ համար թե հաճելի կլիներ և թե բարոյապես օգտակար:

Մի ժամանակ գրեթե միևնույնը առաջարկում էր և Մսերյանը: Բայց այնտեղ չէր զգացվում այնչափ հավատ, համոզմունք, որչափ Հաբիգյանի խոսքերի մեջ: Գուցե այդ նրանից էր, որ իդեալիստի բերանով խոսում էր մի ժամանակավորապես վհատված հոգի, մի վշտացած սիրտ, կյանքի անհաջող դեպքերի տպավորության տակ: Դիմաքսյանը զգաց, որ Հաբիգյանը համեստությունից է ասում, թե յուր գործունեության շարժառիթը անձնական շահերն են: Նա կարծում էր, եթե այդ մարդը լիներ նրա հարստության լիազոր տերը, նույնը պետք է աներ, ինչ որ առաջարկում էր նրան:

Այս խոսակցությունից մի քանի օր անցած Ղիմաքսյանը մի անգամ ևս Հաբիգյանի հետ ճանապարհորդեց գյուղերը և այս անգամ ավելի մոտիկ ծանոթացավ ժողովրդի կարիքների հետ: Այնուհետև հաճախ նա մտածում էր Հաբիգյանի առաջարկության մասին: Հետևել արդյոք նրա խորհրդին, թողնել գործունեության այժմյան եղանակը, կտրե՞լ բոլոր կապերը մոտիկ անցյալի հետ և ընտրել նոր ասպարեզ:

Նա տատանվում էր, կասկածում, թե կարող է ավելի օգտավետ լինել այդ ասպարեզում: Կար մի կետ, որ նրա առջև ներկայանում էր ինչպես մի մեծ խոչընդոտ, յուր սրտի մեջ նա չէր գտնում բավականաչափ սեր դեպի գավառական կյանքը: Նա զգում էր, որ ոչ մի նպատակ չի կարող իրան երկար ժամանակ պահել մի շրջանում, ուր չէր տեսնում մտքի պատերազմի համար քիչ թե շատ ընդարձակ ասպարեզ: Ոչ, ոչ. նա յուր մեջ չի գտնում խաղաղ, անխռով գործունեության ձգտում, նա ծարավ էր հասարակական կռվի: Նա չէ կարող շնչել և ապրել առանց հավասար թշնամիների:

«Ավելի լավ է միշտ հալածվեմ, միայն թե կռվեմ այդ անշարժ հասարակության նախապաշարմունքների դեմ, քան թե թմրած կյանք վարեմ մի խուլ անկյունում: Ի՞նչ կարող եմ անել գյուղական ժողովրդի համար, ճանապարհներ շինել, ջրեր անցկացնել նրա հողերով, .ուսումնարաններ բաց անել: Այդ բոլորը լավ գործեր են, մեծ գործեր են, բայց ինձ համար չեն: Հաբիգյանը ավելի հաջող կարող է կատարել այդ գործերը, քան թե ես, որովհտտև նա ավելի սերտ կապերով է կապված գյուղական ամբոխի հետ...»:

Եվ միթե նա ա՞յդ գաղափարն էր փայփայել տարիների ընթացքում: Մի՞թե երբևէ երևակայել էր, թե յուր կյանքը պետք է դնի մի նեղ շրջանակի մեջ:

Следующая страница