Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Այն բազմաթիվ գաղափարները, որ բարդվել էին նրա գլխում, գործադրության ելք էին որոնում: Մի ներքին հոգեկան ուժ վառում էր նրա սիրտը անզուսպ եռանդով: Թվում էր նրան, թե կյանքը շատ կարճ է այդ բոլոր գաղափարների մի չնչին մասն անգամ իրագործելու համար: Տակավին քսան ու վեց տարեկան նա զգում էր, թե արդեն շատ ժամանակ է կորցրել ապարդյուն: Մյուս կողմից նախանձը գրգռվում էր նրա սրտում, երբ հիշում էր անմահ մարդկանց, որ պատանեկան հասակում արդեն անուն էին վաստակել: Ահա հենց այդ անմահների ստվերներն էին, որ մղում էին նրան դեպի առաջ, որ գիշեր-ցերեկ հալածում էին նրա միտքը և խոստանում նախանձելի ապագա: Այո , նախանձելի, որովհետև նա չի մնալ անհայտության մեջ, նա յուր կյանքը չի թաղիլ խավարում: Նա բաց կանի ուժերով մի նոր ասպարեզ, ուր նրա անունը կփայլի ինչպես մի մենավոր պայծառ աստղ: Մարդիկ կճանաչեն նրան, կլսեն նրա պատգամախոս ձայնը: Նա կառաջնորդի յուր հայրենակիցներին դեպի լույս, արդարություն, ճշմարտություն: Ամբոխը, ողորմելի, եղկելի ասիական ամբոխը կզգա նրա ուժը, կսկսի հետևել նրան, փառաբանել, երկրպագություն տալ նրա հանճարին, ծափահարել նրա ամեն մի քայլը: Եվ կվաստակի նա մարդկային մտքի և խելքի ղեկավարի զորավոր անունը, և կանմահացնի նա այդ անունը, և ապագա սերունդները կդրոշմեն նրան պատմության էջերում: Ի՜նչ փույթ, որ նա մի փոքրիկ, ցիրուցան եղած ազգի զավակ է: Սուտ է, թե միայն մեծ ազգերն են մեծ մարդիկ ծնում: Իսկ չորս հազարամյա գոյությունը, իսկ փառավոր պատմական անցյա՞լը, միթե մի ազգի համար այդ ոչինչ նշանակություն չունե : Ինչո՞ւ ուրեմն չհուսա, որ հասել է այն օրը, երբ այդ փոքրիկ, աննշան ազգը փարթամ մարդկությանը պետք է տա մի հանճար, որ տառապյալ, խավարամիտ և դարավոր մթության մեջ դեգերվող ժողովրդի մեջ ռեֆորմատորի անունը վաստակած լինի: Եվ այդ հանճարը պետք է լինի ինքը` Արսեն Դիմաքսյանը:

Գրավված այս մտքերով, Դիմաքսյանը անգիտակցաբար բարձրացել էր անկողնից և գիշերային շապկով քայլում էր սենյակում: Նրա փոքրիկ մարմնի ստվերը սահում էր պատերի վրա, մերթ հասնելով առաստաղին, մերթ ընկնելով հատակի վրա: Հանկարծ նրա հայացքը հանդիպեց յուր ստվերին, և նա կանգ առավ ու նայեց: Նա զգաց մի ցնցում և ոտքը ամուր խփեց հատակին: Նա ինքն իրան թվաց այնքան փոքր, այնքան աննշան, այնքան ողորմելի, որ վրդովվեց: Առաջին անգամը չէր, որ այդ միտքը գրգռում էր նրան գիշերային չռիկ մենության մեջ:

Մի՞թե, միթե այս փոքրիկ մարմնի մեջ այնքան զորեղ հոգի կա, որ մի ամբողջ ժողովրդի գլուխ լինի, — գոչեց նա լսելի ձայնով:

Սակայն նույն վայրկյանին նա շփեց ճակատը, հեռացվեց իրանից հանկարծակի պաշարած կասկածը և նորից անձնատուր եղավ յուր երևակայություններին:

IV

Դիմաքսյանի ընկերներից Բարաթյանը և Վեքիլյանը բուն թիֆլիսեցիներ էին, իսկ Սալամբեկյանը և Մսերյանըգավառացիներ:

Ամենից շատ ծանոթներ և կապեր ուներ Թիֆլիսում Վեքիլյանը, հետո Բարաթյանը: Մյուսների համար տեղական հասարակությունը դեռ անծանոթ աշխարհ էր, մանավանդ Մսերյանի, որ առհասարակ խույս էր տալիս բազմաթիվ ծանոթներից :

Այլ էր Բարաթյանը: Այդ զվարճասեր երիտասարդի համար հասարակությունը ուներ շատ հրապուրիչ պայմաններ, ինչպես և ինքը շատերի համար ուներ նույն պայմանները: Նրա ճարպիկ լեզուն, շնորհալի ձևերը, սիրալիր ժպիտները, գեղեցիկ պարելը, վերջապես, արտասահմանյան կրթության հռչակը, եվրոպական լեզուներ իմանալըբաց արեցին նրա համար շատ դռներ: Իսկ Վեքիլյանը ծանոթացրեց նրան բոլոր յուր ազգական ընտանիքների հետ, որոնց թիվը շատ էր: Օր չէր լինում, որ նրանք միասին հյուր չլինեին այս կամ այն ընտանիքում: Ամեն տեղ Բարաթյանին ընդունում էին հաճությամբ, մանավանդ, որ նրա գերդաստանը քաղաքում բավական հայտնի էր: Պատահում էր, որ այս կամ այն տիկինը մի անգամ մի հանդիսում Բարաթյանին տեսնելով, դառնում էր Վեքիլյանին:

Ծանոթացրեք ինձ ձեր ընկերոջ հետ, նա ինձ դուր է գալիս:

Իսկ երբ Բարաթյանը ծանոթանում էր, իսկույն հյուր էր հրավիրվում: Եվ ոչ մի հրավեր չէր ձանձրացնում նրան: Ահա ինչու չորս ամիս չկար, որ նա վերադարձել էր արտասահմանից, և արդեն նրա ազգանունը պտտում էր զանազան շրջաններում:

Այդ շրջաններից տակավին հեռու էր Դիմաքսյանը: Նա թեև Մսերյանի պես չէր արհամարհում հասարակությանը, սակայն, զբաղված լինելով յուր ներքին աշխարհով, յուր գաղափարներով, վեճերով ու ծրագրներով, առանձնապես չէր էլ մտածում ծանոթությունների մասին: Բայց կային մարդիկ, որ իրանք էին ձգտում նրանց մոտենալ: Նույնիսկ մի քանի ընտանիքներ փափագ էին հայտնում՝ նրան իրանց հարկի տակ տեսնել:

Բերեք ձեր օրիժինալին մեզ մոտ, — ասաց մի օր մեկը Բարաթյանին:

Դա տիկին Բախտամյանն էր, Վեքիլյանի ազգականուհիներից մեկը: Տիկինը սիրում էր ծանոթություններ, առանձին հակումն ուներ դեպի այն երիտասարդները, որոնք իրանց ուսումով, հասարակական գործերով և անունով քիչ թե շատ աչքի էին ընկնում: Նա նրանց հետ վիճաբանում էր, դատում էր և առհասարակ աշխատում էր ժամանակակից ինտելիգենտ կնոջ դեր կատարել:

Մի օր Բարաթյանը Դիմաքսյանին ներկայացրեց տիկնոջը, որ յուր սովորության համեմատ նրան հրավիրեց յուր տունը: Իսկապես Դիմաքսյանն առաջին անգամից լավ տպավորություն չէր գործել տիկնոջ վրա յուր աննշան տեսքով: Բայց որովհետև նրա անունը երիտասարդության մեջ բավական հռչակ էր ստացել, ուստի ինտելիգենտ կինը կամեցավ այդ մեկին էլ անպատճառ յուր տանը տեսնել:

Առաջին պաշտոնական այցելությունից հետո, Դիմաքսյանը նորից հրավիրվեց Բախտամյանների մոտ: Եվ մի երեկո նա, զիջանելով Բարաթյանի թախանձանքին, գնաց այնտեղ իբրև արդեն ընտանեկան ծանոթ:

Տիկնոջ ամուսինըՊյոտր Սոլոմոնիչ Բախտամյանը նոր էր տնից դուրս եկել գործով և հետո պետք է գնար քաղաքային խորհրդի նիստը: Ինքնավարության առաջին կարգի իրավասու էր և երբեք մի նիստ բաց չէր թողել:

Սենյակի խորքում խաղում էին երկու մանկահասակ աղջիկներ՝ չորս և վեց տարեկան: — Տիկնոջ զավակներս էին: Թեյի սեղանի շուրջը նրա հետ նստած էին մի դեռահաս աղջիկ գիմնազիոնի համազգեստով և մի չափահաս օրիորդ: — Պյոտր Սոլոմոնիչի հանգուցյալ քրոջ զավակներն էին, որ ապրում էին նրա տանը:

Տնային բաց գույնի հագուստով, մազերը խնամքով սանրած, սպիտակ թևերը կիսով չափ բաց տիկինը յուր տարիքից ավելի երիտասարդ էր երևում, թեև առանց այդ էլ նրա տարիքը քսան ու յոթից չէին ացնում: Նա քաղաքում շատերի համար գեղեցկուհի էր յուր սև աչքունքով, դեմքի թարմ գույնով, կարմրախայտ լիք-լիք այտերով և բավական ուռած կրծքով: Նա հյուրերին ընդունեց նազելի շարժվածքով տեղից բարձրանալով և քաղցր ժպտալով առանձնապես Բարաթյանի երեսին:

Դիմաքսյանը, որ սովորաբար ամոթխած էր, շիկնեց ու շփոթվեց տիկնոջ ձեռքը սեղմելիս: Գիմնազիոնի աշակերտուհին, հայտնի չէր ինչու, ծիծաղեց և վազեց մյուս սենյակ:

Գայանենայսպես էր մեծ օրիորդի անունըհամեստ, հանդարտ կերպով մեկնեց Դիմաքսյանին յուր ձեռը: Նա մոտ քսաներկու տարեկան, բաց գույնի մազերով փոքր-ինչ թուխ դեմքով, սև հոնքերով և կապույտ աչքերով մի էակ էր, որի դեմքի համեստությունը տիկնոջ աչք ծակող գեղեցկության հակապատկերն էր ներկայացնում: Հասակով նա տիկնոջ չափ էր, բայց ավելի բարակ և նուրբ կազմվածքով: Նրա սրածայր և երկայնաձև քիթը բնավ չէր խանգարում դեմքի գծերի կանոնավորությանը, թեև նրա երեսը ցույց էր տալիս մի փոքր երկայնաձև: Նա հագած էր պարզ տնային հասարակ մեխակագույն հագուստ:

Երևակայեցեք, — սկսեց խոսել տիկին Բախտամյանը, սովորական ողջույններից հետո թեյի բաժակը դնելով Դիմաքսյանի առջև, — իսկույն ես ու Գայանեն մի շատ ժամանակակից հարցի մասին էինք վիճում, որ դուք եկաք: Ասացեք, խնդրեմ, միթե կինը մեզանում կարո՞ղ է այն դերը կատարել, ինչ որ լուսավորված ազգերի մեջ: Ես այս մասին պարոն Բարաթյանի հետ էլ խոսել եմ: Նա ասում է, թե դուք, պարոն Դիմաքսյան, մեր իրավունքները տաք-տաք պաշտպանում եք. շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ: Բայց ինչ օգուտ, կինը միթե մեզանում կարող է բերան բաց անել յուր իրավունքների համար, Лизочка не шали, ոչ, ոչ, չէ կարող, մենք Ասիայումն ենք ապրում, հասկանո՞ւմ եք, Ասիայում: Այնպես չէ՞, պարոն Բարաթյան:

Իհարկե այդպես է: Միթե ջենտլմեն Բարաթյանը կարո՞ղ է հակառակել ժամանակակից տիկնոջ ասածներին:

Միայն պետք է քաջ լինել, ուշադրություն չդարձնել ուրիշների վրա և ապրել ինչպես եվրոպացի, տիկին, ինչպես եվրոպացի:

Իհարկե, իհարկե, պարոն Բարաթյան, ես էլ այդ եմ ասում: Ասում են, տիկին Բախտամյանը ազատամիտ կնիկ է, մի թե ես չգիտեմ, որ շատերր նախանձից են խոսում: Եթե ես ուրիշների պես միշտ զուգվելով, զարդարվելով,. հանդեսներ գնալով անցկացնեի ամբողջ կյանքս, չէին խոսիլ: Հավատացեք, չէին խոսիլ: Ափսոս, որ մեր տղամարդկանց մեջ էլ քիչ բարեկամներ ունենք: Ինչ ուզում եք ասեք, տասից ինը վատ աչքով են մտիկ անում լուսավորված կնոջ վրա: Պարոն Դիմաքսյան, մի բաժակ էլ, էէ՛, լաա՜վ, խմեցեք, ես ցերեմոնիա չեմ սիրում, Лизочка тише, Элочка , что ты орешь? Տեսնում եք, որ լուրջ բաների մասին ենք խոսում, խելոք նստեցեք ու ականջ դրեք:

Մանկահասակ աղջիկները, որ մի օրինավոր կոնցերտ էին սկսել, ավելի բարձր գոռացին և միմյանց մի երկու բռունցք տալով բաժանվեցին:

Բավական չար են, պարոն Դիմաքսյան, բայց մեղավորը ես եմ, շատ եմ ազատություն տալիս: Ես նրանց կրթում եմ նոր եղանակով:

Խոսակցությունը տեղի ուներ ռուսերեն: Տիկինը, որ ազատ տիրում էր այդ լեզվին, ոչ ոքի ժամանակ չէր տալիս բերանը բաց անելու: Նա շարունակեց նույն եղանակով, անցնելով մի առարկայից մյուսը, կանանց իրավունքներիցթատրոն, թատրոնիցճանապարհորդություն: Մի քանի անգամ ակնարկեց, թե եղել է արտասահմանում ամուսնու հետ, աչքով տեսել է, թե որքան այնտեղ կանայք ազատ են:

Ես հանդիպեցի մի վենգրուհու, որի ամուսինը Իտալիայումն էր ճանապարհորդում, իսկ ինքը գնում էր Շվեյցարիա: Ա՜խ, պարոն Բարաթյան, — գոչեց տիկինը հանկարծ խոսքը փոխելով, — Դուք պարոն Դիմաքսյանին հայտնե՞լ եք մեր ժողովի մասին: Չե՞ք հայտնել ա՜յ, ա՜յ ա՜յ, ինչպե՛ս կարելի է:

Նա պատմեց, թե մի խումբ կանայք վճռել են կանանց բարեգործական ընկերություն կազմել և թե վաղուց է ինքն այս միտքը քարոզում էր, և, վերջապես, հաջողեցրեց:

Գայանեն էլ էր աշխատում, — ավելացրեց նա վեհանձնաբար, — կարելի է ասել, որ ինիցիատորները հենց մենք ենք, այնպես չէ՞, Գայանե:

Օրիորդը համեստությամբ պատասխանեց, թե ինքը իրան ինիցիատոր չէ համարում: Տիկինը հակառակեց, և վերջը պարզվեց, որ ընկերություն հիմնելու միտքը առաջին անգամ հայտնել է Բարաթյանը: Այս նորությունը Դիմաքսյանի սրտում զարթեցվեց մի տեսակ անախորժ զգացում:

Ինչպե՛ս, նա , որ այնքան պաշտպանել է և պաշտպանում է կանանց խնդիրը, հանկարծ հեռու է մի գործից, որ կանանց ինքնուրույնության առաջին քայլն է որոշում: Ահա ինչ ասել է հասարակությունից հեռու ապրել:

Նրա հուզմունքը ավելի սաստկացավ, երբ տիկինը ասաց, թե ապագա ընկերության կանոնադրությունը կազմող մասնաժողովի անդամ է ընտրված և Բարաթյանը: Սա հայտնեց յուր ուրախությունը, որ հայ կնոջ մեջ, վերջապես, ինքնաճանաչության հոգի է զարթնում: Բայց, չկարողանալով զսպել իրան, ավելացրեց, թե չէ հավանում, որ կանայք իրանց հենց առաջին հասարակական գործի մեջ տղամարդկանց էլ խառնում են: Ավելի լավ է բոլորովին անկախ գործել: Պետք է հենց սկզբից սովորել ինքնուրույն գործունեության: Տղամարդի մասնակցությունը կարող է նրանց վրա ճնշում գործել:

Այս բոլորը նա ասաց հանդարտ եղանակով: Բայց նրա ձայնի մեջ այնուամենայնիվ զգացվում էր ներքին խռովություն: Տիկինը հակառակեց նրան: Ոչ, ոչ, կանայք մենակ գործել չեն կարող, տղամարդը միշտ պետք է օգնի նրանց:

Դիմաքսյանը ակամա շփոթվեց և մտքում բարկացավ ինքն յուր վրա: Պարզ էր, որ Բարաթյանը այսպես թե այնպես վայելում է կանանց համակրությունը: Ուրեմն անվայել է խախտել այդ համակրությունը և անկարելի:

Խոսակցության նյութը փոխվեց: Օրիորդ Գայանեն սեղանի վրա դրեց մի քանի տեսակ քաղցրավենիներ, չոր պտուղներ, գինի և մի շիշ քաղցր ըմպելիք:

Այժմ Դիմաքսյանը աշխատում էր լինել զվարթ, անփույթ, համարձակ, ինչպես Բարաթյանը, որ, կարծես, յուր, տանը լիներ նստածազատ, անշփոթ: Բայց չէր հաջողվում: Նա զգում էր, ինքն էլ չգիտեր ինչու, որ կաշկանդված դրության մեջ է: Ստեպ-ստեպ նայում էր օրիորդին, խոսքը միայն նրան էր ուղղում, աշխատում էր լուրջ խոսակցությունից չհեռանալ:

Գայանեն լսում էր նրան հարգանքով, լսում էր նրա ոգևորված խոսքերը նոր սերնդի կրթության, հասարակական կյանքի այս կամ այն փոփոխության, հայրենիքի վիճակի մասին և այլն: Այդ միջոցին Դիմաքսյանը մոռանում էր հասարակ հյուրի դերը և երևան էր գալիս ինչպես մի երդվյալ քարոզիչ: Բայց բավական էր Բարաթյանի մի աշխարհիկ դարձվածը, մի սուր նկատողությունը, մի թեթև, անփույթ հեգնությունը, և սենյակի մեջ տարածվում էր օրիորդի և տիկնոջ անկեղծ ու զվարթ ծիծաղը: Ծիծաղում էր և Օվսաննան, որ մյուս սենյակից վերադարձել էր:

Ղիմաքսյանը ուզում էր մասնակցել այդ ընդհանուր զվարճությանը: Սակայն նրա ծիծաղը հնչում էր կեղծ, կատակը արտահայտվում էր բռնազբոսիկ: Թվում էր նրան, որ օրիորդը մտքում ծաղրում է նրան, համարում է տաղտկալի փիլիսոփա, տգեղ, այլանդակ, զզվելի: Այնինչ Գայանեն ոչ մի կերպ, ոչ մի ձևով, բացի հարգանքից և ջերմ համակրությունից, ոչինչ ցույց չէր տալիս նրան:

Ո՞ւր եք շտապում, — ասաց տիկինը, տեսնելով, որ Դիմաքսյանը ոտքի կանգնեց, — սպասեցեք, խնդրեմ, ամուսինս կգա, միասին կրնթրենք:

Դիմաքսյանը չհամաձայնվեց: Նա հրաժեշտ տվեց: Նրա հետևից դուրս եկավ Բարաթյանը: Նրանք լուռ էին և ամեն մեկը զբաղված յուր մտքերով:

Ինչու կանգնեցիր, — գոչեց Բարաթյանը, տեսնելով որ ընկերը փողոցի մայթի վրա հետ մնաց:

Ցտեսություն, ես կառքով եմ գնում:

Նա թույլ կերպով սեղմեց ընկերոջ ձեռը և բարձրացավ առաջին պատահած կառքի վրա: Բարաթյանը նայեց նրա հետևից զարմացած և ինքն իրան ասաց.

Ի՛նչ պատահեց այդ մարդուն:

V

Դիմաքսյանը սաստիկ չարացած էր: Նրա փոքրիկ մարմինը անընդհատ շարժվում էր կառքի մեջ: Մերթ նա շփում էր կարճլիկ ու նոսր մորուքը, մերթ ձեռը ցնցողաբար զարկում ծնկին:

Տուն հասնելով, նա զղջաց յուր այցելության մասին: Տիկին Բախտամյանը նրան դուր չէր եկել յուր շատախոսությունով և արվեստական ձևերով: Այդ կողմից նա արդար էր համարում յուր այն տեսությոմևը, թե «Որքան կինը գեղեցիկ է, այնքան թեթևամիտ է»:

Բայց մյուս կողմիցչէ՞ որ օրիորդ Գայանեն էլ տգեղ չէր: Ինչո՞ւ ուրեմն նա դուրեկան է, այնչափ դուրեկան, որ ազդու տպավորություն է գործել Դիմաքսյանի վրա: Ահա նրա ազատ ծիծաղը, գրավիչ ժպիտները, կապտագույն աչքերի մեղմ և սիրտ թափանցող փայլը: Ինչո՞ւ յուր սիրունությունով հանդերձ նա «անտանելի» չէ, Ո՜չ անկարելի է չհարգել մի այդպիսի արարածի: Եվ մի՞թե սիրուն աչքերը, նուրբ բերանը, գեղեցիկ ատամները կարող են արգելք լինել խելքի բարձրությանը, կամքի հաստատությանը, սրտի վսեմությանը:

Այստեղ Դիմաքսյանի հայացքը դարձյալ ընկավ յուր ստվերի վրա: Նույն վայրկյանին նա հիշեց Բարաթյանին: Նա մտքով ինքն իրան համեմատեց յուր ընկերոջ հետ: Քառորդ ժամ առաջ լուսավոր խանութների առջևով նրանք անցնում էին կից առ կից: Ամբողջ ուսերով Բարաթյանը բարձր էր նրանից: Այդ սարսափելի տարբերությունն էր, որ մի վայրկյանում տակնուվրա արեց նրա սիրտը, և նա շտապեց հեռանալ ընկերից, կառք նստել:

Նա մտաբերեց հայտնեի հարաբերությունը Բարաթյանի հետ, նրանց բոլոր ձևերը, խոսելու եղանակը, ամեն ինչ մանրամասնորեն: Եվ զգաց, որ նրանց մեջ կա մի ինչ-որ լուռ փոխադարձ համակրություն: Նրա մեջ զարթնեց անբացատրելի ատելություն դեպի երկուսն էլ, մանավանդ դեպի Բարաթյանը: Ինչո՞ւ նա զվարճանում էր, սրախոսում էր, ազատ ու համարձակ շարժվում ինչպես սեփական տանը: Իսկ ինքը... կարծես, մի աներևույթ չար ձեռք կաշկանդել էր նրան ոտից մինչև գլուխ: Ինչո՞ւ, միթե այն պատճառով, որ նա փոքրիկ է, աննշան, տգե՞ղ:

Նա սկսեց անցուդարձ անել: Ներս մտավ Սիրականը, որ նրա կոշիկները տանի սրբելու:

Դիմաքսյանը մի զննող հայացք ձգեց նրա վրա: Նրա կատաղությունը մեղմացավ, և նա ավելի խորը նայեց ծառայի ծուռումուռ հասակին: Կարծես, հաճելի էր նրա համար դիտել այդ տգեղ մարդուն, որ լուռ կանգնած էր նրա առաջ յուր աղավաղված բերանը կիսով չափ բաց, շիլ աչքերով և տափակ քթով:

ճշմարի՞տ է:

Ի՞նչը, աղա:

Դիմաքսյանը երեսը հետ դարձրեց: Նա խոսում էր մտքում: Ծառան զարմացած կանգնած էր: Նա հրամանի էր սպասում: Իսկ հրաման չկար:

Դիմաքսյանը նստեց և դարձյալ նայեց ծառային: Մի քանի վայրկյան անցած, նա կամացուկ վեր կացավ տեղից և սկսեց անցուդարձ անել, աշխատելով, որքան հնար է, խոշոր քայլեր անել: Կարծես, նա մի խորին դրամատիկական դեր է փորձում, որ պետք է կատարեր: Ստեպ-ստեպ աչքի տակով սուր դիտում էր ծառային: Իսկ ծառան կանգնած էր, կոշտ ու սևացած ձեռները փորի վրա դրած: Դիմաքսյանը անցնում էր նրա մոտով: Եվ նկատելի էր, որ ամեն անգամ անցնելիս ավելի ու ավելի մոտենում է ծառային, ինչպես մի խորամանկ կատու յուր որսին:

Գիշերվա լռության մեջ, կանթեղի աղոտ լույսով, այդ երկու տարօրինակ կերպարանքների հարևանությունը մի խորհրդավոր տեսարան էր ներկայացնում: Մեկը անշարժ կանգնած էր սենյակի մեջտեղում, մյուսը պտտում էր նրա շուրջը:

Երբեմն Դիմաքսյանը այնքան մոտենում էր Սիրականին, որ քիչ էր մնում նրանց ուսերը միմյանց զարկվեին: Այժմ ծառան մարմնացած ապշություն էր ներկայացնում: Նրա հայացքը հետևում էր Դիմաքսյանին: Կարծես, մի մագնիսական՝ ուժ բևեռել էր նրա ոտները հատակին: Նա ոչ խոսում էր, ոչ շարժվում և ոչ էլ, կարծես, ուզում էր շունչ քաշել: Միայն նրա թավամազ երեսը պատում էր աջ ու ձախ, ինչպես ծխնելույզի թիթեղյա հողմավար:

Հանկարծ Դիմաքսյանը մի վայրկենաչափ կանգ առավ ծառայի կողքին: Նա ուսը մոտեցրեց Սիրականի ուսին, նայեց նրա աչքերին, ճակատին, կծքին: Հետո մի ճարպիկ շարժվածքով հեռացավ նրանից մի քանի քայլ և թույլ ձայնով արտասանեց.

Ի՞նչ կարճ ես, Սիրական:

Եվ բարձրաձայն, ծիծաղեց: Դա մի անսովոր ծիծաղ էր, մի ծիծաղ, որի մեջ չէր զգացվում ոչ ծաղր, ոչ դառնություն և ոչ զվարճություն, այլ ավելի բարկություն: Դարձյալ խորին տրտմության քողը ծածկեց նրա երեսը: Նա թուլացած նստեց անկողնակալի վրա, գլուխը թեքեց կրծքին և նշան արեց ծառային, որ դուրս գնա: Հետո նա նստեց պարապվելու: Սեղանի վրա ցրված էին զանազան գրքեր, լրագիրներ, ամսագիրներ, ձեռագիրներ, թղթի բազմաթիվ մանր կտորներ, որոնց վրա գրված էին թվանշաններ:

Այս բոլորը նա պատրաստել էր մի ընդարձակ հասարակական գասախոսության համար, որ պետք է կարդար մի ամսից հետո: Ընկերներին հայտնի չէր նրա այս մտադրությունը, ինքն էլ առայժմ գաղտնի էր պահում: Քառորդ ժամ անցած պարապմունքը նորից նրան մոռացնել տվեց ամեն ինչ, և նա եռանդով և ոգևորված գրում էր:

Նույն պահին Բարաթյանը յուր սենյակում զբաղված էր այլ մտքերով: Բաժանվելով Դիմաքսյանից, նա ոչ մի տեղ չուզեց գնալ, վերադարձավ տուն: Նա մտքում անիծում էր ընկերոջը, որ այնպես շուտ դուրս եկավ Բախտամյանների տնից: Նա վաղուց համակրում էր օրիորդ Գայանեին: Թատրոնում և հասարակական այլ և այլ տեղերում ամենից ավելի այդ օրիորդն էր, որ գրավում էր նրան և որին միշտ հետամուտ էր լինում: Ուստի շատերը կարծում էին, թե նրանք արդեն հարսնացու և փեսացու են: Այնինչ Բարաթյանը դեռ շատ զգույշ էր վարվում, որպեսզի այս կարծիքը հաստատ հիմք ունենար: Սկզբունքով նա վճռել էր ամուսնանալ, բայց ոչ շատ էլ շուտ: Շուտ, ոչ այն պատճառով, որ քսան ու վեց տարեկան հասակը ամուսնական կյանքի համար բավարար չէր համարում, այլ որովհետև նրա հասարակական դիրքը դեռ որոշ չէր: Կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոնը նրա աչքում մի չնչին բան էր: Նա փափագում էր ավելի առաջ գնալ: Բայց թե ինչպե՞սայս էր գլխավոր հարցը: Արքունական ծառայության մեջ մտնել նա չէր ուզում: Նա բժիշկ չէր, ինժեներ չէր, իրավաբան չէր, որ յուր որոշ շավիղը ունենար: Եվրոպական համալսարանի դիպլոմը շատ-շատ կարող էր նրա համար մի որևէ հայ դպրոցում տեսչի կամ ուսուցչի տեղ պատրաստել: Բայց նրա քիմքը շատ և շատ բարձր էր այս տեսակ համեստ պաշտոններից: Այլ բան էր, եթե նա կարողանար մի հասարակական պաշտոն ստանալ մի որևէ հիմնարկության մեջ, թեկուզ քաղաքային վարչությունում, թեկուզ մի բանկում կամ մի ուրիշ տեղ:

Բայց հասարակական ընտրելին լինելու համար պետք էին մեծ կապեր: Եվ ահա այդ կապերից մեկը և ամենագլխավորը, ամենազորավորը կարող էր լինել Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանը: Ո՞վ չէր ճանաչում քաղաքի այդ առաջնակարգ կալվածատիրոջ: Ո՞ր վաճառականը, ո՞ր բանկիրը, ո՞ր պաշտոնյան չէր կատարվել այդ պատկառելի քաղաքացու խնդիրը: Ուրեմն պետք էր գրավել այդ զորավոր մարդու համակրությունը: Իսկ Բարաթյանը ոչ միայն դեռ չէր գրավել, այլև զգում էր, որ յուր հաճախ այցելությունները նրան դուր չեն գալիս: Պատճառը նա շատ լավ գիտեր: Պյոտր Սոլոմոնիչը վերին աստիճանի նախանձոտ ամուսին էր: Եվ Բարաթյանը այդ կողմից նրան մեղադրելու իրավունք չուներ: Քսան և յոթ տարեկան գեղեցիկ և երիտասարդ կնոջ հիսուն և ութ տարեկան մարդը չէր կարող յուր տանը սառնասիրտ ընդունել երիտասարդ հյուրեր: Մանավանդ, որ տիկին Բախտամյանը, Պյոտր Սոլոմոնիչի կարծիքով, չափից ավելի էր ազատ վարվում երիտասարդների հետ: Իսկ Բարաթյանը ամենից կրթվածն էր, ամենից խելոքը, ամենից սրախոսը և, որ գլխավորն է, ամենից գեղեցիկը, որի հրապույրին դյուրին չէր դիմանալ:

Մի բան կարող էր նրա համար տեղ բաց անել Պյոտր Սոլոմոնիչի սրտումԳայանեի հետ ամուսնանալը: Նա գիտեր, որ պատկառելի քաղաքացին այդ ամուսնության դեմ չէր լինի, միթե Գայանեի համար նրանից ավելի հաջող կենակից կարո՞ղ էր գտնել:

Ահա ինչու Բարաթյանը գիշերվա կեսին առանձնացած յուր սենյակում՝ մտածում էր. ինչ անել, առաջ դիրք հաստատել, հետո ամուսնանալ, թե ամուսնանալ դիրք հաստատելու համար:

Կար և մի ուրիշ կետ, որ զբաղեցնում էր նրա միտքը կեսգիշերին : Եվ որքան նա աշխատում էր չխորհել, դարձյալ այդ միտքը համառությամբ հալածում էր երիտասարդին: Ժամանակ առժամանակ նրա աչքերի մեջ պսպղում էր մի կրքոտ փայլ: Նա յուր հաստլիկ շրթունքները սեղմում էր սպիտակ խոշոր ատամներով, նրա առույգ այտերը դողում էին, իսկ դեմքի վրա տարածվում էր մի ժպիտ, որ հագուրդ չստացած հեշտասիրություն էր արտահայտում:

Ոչ, այդ չպիտի անել, չպիտի անեի գոնե...Վեքիլյանի համար, — արտասանեցին նրա շրթունքները:

Նա նայեց աջ ու ձախ, կարծես, վախենում էր, որ մի գուցե մեկը լսե այդ գաղտնիմաստ խոսքերը:

Հետևյալ օրը նա բաց թողեց, երրորդ օրը ցերեկով դարձյալ գնաց Բախտամյանների մոտ: Բարեբախտաբար, այս անգամ Պյոտր Սոլոմոնիչը տանը չէր: Տիկինը նրան ընդունեց սովորական ուրախությամբ և անմիջապես խոսք բաց արեց Դիմաքսյանի մասին: Նա բոլորովին չէր հավանել Բարաթյանի ընկերոջը:

Դեմքի համար չեմ ասում, տերը նրա հետ, վարմունքը շատ վատ է:

Այո՜, Դիմաքսյանը տաղտկալի է. նա ընկերական շրջանի մարդ չէ: Շարունակ վիճում է և հակառակում: Տղամարդը պետք է հարգանքով վերաբերվի կանանց բոլոր ասածներին:

Ինչո՞ւ բոլոր ասածներին, — ընդհատեց օրիորդ Գայանեն, — միթե այդ պարտավորակա՞ն է:

Պարտավորական չէ, սիրելիս, բայց քաղաքավարությունը պահանջում է:

Քաղաքավարությունը պահանջում է միշտ կանանց շողոքորթե՞լ: Ընդհակառակը, իմ կարծիքով, տղամարդը միշտ պարտավոր է ուղղել մեր սխալը, այսինքն մեզ հետ անկեղծ լինել:

Երկու կանանց մտքերը հաշտեցնելու համար Բարաթյանը մեղմ և համոզիչ ձայնով նկատեց.

Այո , օրիորդ, ձեր ասածը բոլորովին ճշմարիտ է. Բայց տիկինը դրա դեմ չէ: Տիկինը բարեհաճում է ասել, թե տղամարդը կարող է կնոջ սխալը ուղղել, մինչև անգամ սովորեցնել նրան, բայց հասարակ կերպով և ոչ թե վարժապետական ձևով խրատել: Խրատելը առհասարկ, ը՛ ը՛ ը՛ , առհասարակ վայելուչ բան չէ:

Ախ, պարոն Բարաթյան, — գոչեց տիկինը հիացած, — ի՞նչ լավ գուշակում եք իմ միտքը, երանի ամեն մարդ ձեզ պես շուտ հասկանար ինձ: Բայց գիտեք, ձեր Դիմաքսյանը շատ պակասություններ ունի, ես կարծում եմ, որ այդ փոքրիկ մարդու մեջ մի շատ գոռոզ սիրտ է նստած: Նա պետք է շատ նախանձոտ լինի: Գայանե, խնդրեմ, չհակառակես, ես մարդկանց քեզանից շատ և շատ լավ եմ ճանաչում, իզուր չեմ երկու-երեք տարով քեզանից մեծ: Այո , պարոն Բարաթյան, կարող եմ ասել ձեր ընկերը դժբախտ մարդ է:

Ինչո՞վ է դժբախտ:

Իբրև թե չգիտեք, չե՞ք տեսնում նրա կերպարանքըֆի...

Բարաթյանը վեհանձնաբար նկատեց, թե տղամարդի համար արտաքինը ոչինչ նշանակություն չունե: Նրա գեղեցկությունը խելքն է ու սիրտը: Օրիորդ Գայանեին շատ դուր եկավ այս նկատողությունը: Նա գաղտուկ դիտեց Բարաթյանին և մտքում ասաց,

«Դու համ գեղեցիկ ես, համ էլ խելոք»:

Նույն օրը երեկոյան Դիմաքսյանի մոտ դարձյալ ընկերական ժողով էր: Բարաթյանը, որ ամենից առաջ էր եկել, խոսք բաց արեց նրա հետ Բախտամյանների մասին և հաղորդեց, թե Դիմաքսյանը օրիորդի և տիկնոջ վրա շատ լավ տպավորություն է գործել: Դիտավորությամբ ասած այս սուտը գրավեց Դիմաքսյանին, և նույն վայրկյանին նրա սրտում չքացավ այն թեթև ատելությունը, որ դեռ մնում էր այնտեղ Բարաթյանի վերաբերմամբ:

VI

Դիմաքսյանը զբաղված էր յուր դասախոսությունով: Նա մոռացել էր ուսումնարանական հոգսերը, ուսուցչական նիստերը: Նույնիսկ ընկերական ժտղովները: Երբ փաստերը կազմակերպեց, բանախոսության գաղափարը ծրագրեց, մի օր հայտնեց ընկերներին յուր մտադրությունը:

Ի՞նչ է դասախոսությանդ բովանդակությունը, — հարցրեց Բարաթյանը:

Մեր երկրի տնտեսական դրությունը:

Հիանալի միտք, — գոչեց ամենից շուտ ոգևորվող Մսերյանը:

Նույն հավանությունը տվեց և բժիշկ Սալամբեկյանը:

Իսկ Վեքիլյանը զգուշացրեց Դիմաքսյանին, որ ծայրահեղ մտքերից խույս տա, առհասարակ խոհեմությունով խոսի:

Այդ բանո՞ւմ էլ խոհեմությանդ քիթը ներս խրեցիր, — ձայն տվեց բարկացած Մսերյանը, — Վեքիլյան, պառավ հավի մսի պես օրեցօր անմարսելի ես դառնում:

Բարաթյանը հարցրեց, թե ինչ նպատակի է հատկացնելու դասախոսությունից գոյացած գումարը:

Ազգային հիվանդանոց պետք է բանա, ինձ էլ կառավարիչ նշանակի, — հեգնեց Սալամբեկյանը:

Երբ Դիմաքսյանը ասաց, թե արդյունքը վճռել է նվիրել կանանց նոր կազմվող ընկերությանը, Բարաթյանը հոնքերը վեր քաշելով արտասանեց.

Մի՞թե: Ուրեմն, ես կուրախացնեմ տիկին Բախտամյանին և օրիորդ Գայանեին:

Բայց Դիմաքսյանը ասաց, թե ինքն էլ է մտադիր այցելել Բախտամյաններին և անձամբ հայտնել յուր վճիռը: Նրա հարաբերության մեջ զգացվում էր մի տեսակ բարկություն դեպի Բարաթյանը: Նրա ձայնը նշմարելի կերպով դողում էր:

Երեկոյան նա սովորականից ավելի խնամքով հագնվեց և գնաց Բախտամյանների տունը: Այս անգամ Պյոտր Սոլոմոնիչը տանն էր: Չնայելով յուր պատկառելի տարիքին, նա տակավին առույգ և առողջ մարդ էր, ավելի գեր, քան նիհար, ավելի ցածր, քան բարձր հասակով: Նրա կլորիկ և ուռած երեսը, որ երկու օրը մի անգամ սափրվում էր, արտահայտում էր ապահով ու անհոգ բուրժուայի տրամադրություն: Իսկ ալեխառն հոնքերի տակ տեղավորված աչքերի մեջ ապրելու ցանկությունն էր փայլում:

Դիմաքսյանը նրա հետ ծանոթացել էր արդեն առաջին պաշտոնական այցելոլթյան միջոցին: Պյոտր Սոլոմոնիչը հավանել էր նրան և խնդրել էր շուտ-շուտ այցելել: Դա մի շնորհ էր, որին նա քիչ երիտասարդների էր արժանացնում:

Տիկին Բախտամյանը անզգուշություն ունեցավ հարցնել Բարաթյանի մասին: Դիմաքսյանը պատասխանեց, թե նա երևի զբաղված է, որ չեկավ, որովհետև մտադիր էր գալու:

Զբաղվածգոչեց Պյոտր Սոլոմոնիչը կիսահեգնաբար, — Բարաթյանը զբաղվա՜ծ, այդ առաջին անգամն եմ լսում:

Նրա հեգնության մեջ երևում էր մի տեսակ ատելություն դեպի երիտասարդը: Ատելություն, որ նա չէր էլ աշխատում թաքցնել: Օրիորդ Գայանեն մյուս սենյակից ներս եկավ: Նրա աչքունքը կիտվեցին, երբ տեսավ, որ Դիմաքսյանը մենակ է եկել, երևում էր, որ նա էլ սպասում էր Բարաթյանին, ինչպես տիկինը:

Պյոտր Սոլոմոնիչը շարունակեց խոսել Բարաթյանի մասին:

Հայր ու որդի մի խնձոր են երկու կտոր արած: Ես նրա հոր հետ միասին եմ ուսում առել գիմնազիայում Վորոնցովի ժամանակ: Առհասարակ Բարաթովները հայտնի պտուղներ են...

Դիմաքսյանը խոսակցության նյութը փոխեց: Նա հետաքրքրվեց քաղաքային գործերով: Եռանդուն իրավասուն, կարծես, հենց մի այդպիսի բան էր սպասում, որ ցույց տա, թե ինքը որքան ազատամիտ քաղաքացի է: Նա պաշտպանեց ջրանցքի խնդիրը: Նա խոսեց ձիաքարշ երկաթուղու օգուտների մասին, ծաղրեց մի քանի իրավասու հռետորների, գովաբանեց քաղաքագլխին: Առհասարակ հայտնեց, որ նրա ուղեղը անչափ զբաղված է քաղաքային գործերով: Մի հանգամանք, որ սաստիկ բարկացնում էր նրա կնոջը, որովհետև Պյոտր Սոլոմոնիչը միշտ ձանձրացնում էր նրան այն բանով, որ Աննային բնավ չէր հետաքրքրումդումայի պես-պես վճիռներով:

Վերջապես, Դիմաքսյանը հաջողեց խոսք բաց անել կանանց ընկերության մասին: Բայց այստեղ էլ Պյոտր Սոլոմոնիչը չթողեց ոչ ոքի Խոսել: Նա ոտով գլխով ընդդեմ էր այդ ընկերությանը:

Սուտ բան է, ի՜նչ ընկերություն, ի՜նչ մընկերություն: Մի քանի անգործ աղջիկ պարոններ հավաքվել են, ուզում են իրանց համար գործ սարքել: Կնիկը ինչ է, որ հասարակական գործիչ դառնա:

Տիկինը այլևս չկարողացավ իրան զսպել:

Կնիկը իսկի էլ պակաս չէ տղամարդից: Այդպես են, այ, պարոն Դիմաքսյան, ես ձեզ չէի՞ ասում, հենց որ մի քիչ աչք ենք բաց անում, ուզում ենք ուրիշների էլ աչքը բաց անել, սկսում են ծաղրել, հալածել: Արի ու այստեղ գործ տես:

Գործ տես, խը, խը, խը, գործ տես: Ի՞նչ պիտի անի ձեր ընկերությունը, հարցնում եմ, շատ-շատ մի ուսումնարան պետք է բաց անի, օհո՛հ, երևելի բան: Տո՛, թողեք է՛:

Դիմաքսյանը փորձեց պաշտպանել կանանց իրավունքները: Բայց իզուր, Պյոտր Սոլոմոնիչը կատաղի թշնամի էր կանանց գործունեությանը, առանձնապես յուր ամուսնու մասնակցությանը: Հարկավ, նա թաքցնում էր իսկական պատճառը: Նա կասկածում էր, որ ընկերությունը երիտասարդ կանանց համար մի նոր առիթ է տղամարդկանց հետ ավելի ազատ շփվելու համար: Չէ՞ որ առանց այդ էլ Բարաթյանը արդեն թթվացրել էր նրա սիրտը:

Գայանեի համար խոսք չունեմ, եթե նա ուզում է, կարող է ընկերության մեջ մտնել, բայց դու, Աննա, հեռու պահիր քեզ, ի՞նչ գործ ունես ջահել-ջուհուլների հետ:

«Ջահել-ջուհուլներ», ի՞նչ, միթե Աննան պառավ է: Տիկինը կատաղեց և ներքին ալեկոծությունից եփած խեցգետնի պես կարմրեց: Գայանեն պաշտպանեց նրան: Նա ասաց, թե անկարելի է, որ Աննան չմասնակցի ընկերությանը, քանի որ գործը արդեն սկսվել է: Բացի դրանից, եթե Աննան հեռանա, ինքն էլ պետք է հեռանա:

Следующая страница