Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Следующая Конец

Արտասանելով վերջին խոսքերը, Դիմաքսյանը ուղիղ նայեց Մսերյանի աչքերին, որ նախ նրանց մեջ կարդա յուր ընկերոջ համաձայնությունը կամ մերժումը: Իդեալիստը երեսը դարձրեց մի կողմ և լուռ նայեց լամպայի հանդարտ և անշարժ վառվող բոցային լեզվակին, կարծես, նրա հետ խորհրդակցելով, ընդունե՞լ արդյոք Դիմաքսյանի առաջարկությունը: Այդ տևեց ընդամենը մի քանի վայրկյան, հանկարծ նրա աչքերը վառվեցին, նա ոգևորվեց և զգացված արտասանեց.

Ես ամենաանպիտան մարդը կլինեի, եթե չընդունեի այդ առաջարկությունը: Ոչ միայն համաձայն եմ, այլև հայտնում եմ խորին շնորհակալությունս, որ մի այդպիսի ծանր և լուրջ գործ ինձ ես հանձնում:

Ուրեմն վճռված է, գործը չպիտի հետաձգել: Թափիր քեզանից անշարժության փոշին, թող այդ միատեսակ կյանքը, սկսիր գործել: Հիշո՞ւմ ես, ինչպես դու մի ժամանակ փափագում էիր ծառայել գյուղական ամբոխին: Ահա քեզ հարմար առիթ և գեղեցիկ ասպարեզ, օգտվիր, եթե քո փափագն այժմ էլ կենդանի է: Ես այստեղ մնալու եմ միայն վաղը, մյուս օրը անպատճառ պիտի գնամ, դու էլ պատրասավիր իմ հայրենիքը ուղևորվելու: Այնտեղ քեզ անհամբեր սպասում է Հաբիգյանը:

Միայն ի՞նձ է սպասում, իսկ քե՞զ, դո՞ւ...

Ե՞ս... — պատասխանվեց Դիմաքսյանը մի քիչ տատանվելով... Ես էլ պետք է գնամ իմ ճանապարհով...

Ինձ հետ միասի՞ն...

Այո, գաղափարով, բայց ոչ միևնույն ճանապարհով:

Մսերյանը երկմտաբար նայեց նրա աչքերի մեջ, չհասկանալով նրա խոսքերի միտքը:

Լսի՜ր, — խոսեց Դիմաքսյանը, դարձյալ մի փոքր լռելուց հետո, — երբ ես հայրենիքումն էի, իմ գլխում ծագեց՝ թողնել քաղաքային կյանքը և գնալ այն ճանապարհով, որ այժմ առաջարկում եմ քեզ: Այս միտքը ինձ բավական ժամանակ զբաղացրեց, բայց չեղավ մի վայրկյան, որ նա ինձ գրավեր: Երկար մտածողությունից հետո եկա այն հաստատ եզրակացության, որ ես ստեղծված չեմ խաղաղ գործունեության համար: Թույլ տուր ինձ, Սմբատ, հաղորդել քեզ մի նորություն, այն է, որ իմ մեջ տեղի է ունեցել մի մեծ փոփոխություն, մի տեսակ բարոյական հաղաշրջում: Երկար կլիներ բացատրել, թե ինչպես կատարվեց այս հաղաշրջումը և հազիվ թե կարողանայի բացատրել: Բայց այսքանը կարող եմ ասել, որ այս րոպեիս քո առջև նստած է ուրիշ մարդ, որ այժմ ես այն չեմ, ինչ որ մի քանի ժամանակ սրանից առաջ, այն վհատվող, այն ընկճվող, այն չափազանց դյուրագրգիռ, այո՜, այն հիվանդոտ-ինքնասեր Դիմաքսյանը, որ ամեն մի վայրկյան հուզվում էր, վրդովվում և վիրավորվում: Ես զգում եմ, որ ինձ համար անհրաժեշտ էր տանջվելտանջվեցի, ես պետք է փորձվեիփորձվեցի կյանքի քուրայում: Ես շատ անգամ վհատվեցի, շատ անգամ տատանվեցի, եղան վայրկյաններ, երբ վճռում էի թողնել իմ ընտրած ճանապարհը... Բայց այժմ այդ չկա, այժմ այդ բոլորից մնաց իմ մեջ մի ձգտումշարունակել այն, ինչ որ սկսել եմ յոթ տարի առաջ, կռվել միշտ և անդադար կռվել հասարակական ընդհանուր վնասակար երևույթների դեմ: Այո՜, թող ես անհամեստ լինեմ, բայց անկեղծ եմ. ես զգում եմ, որ միայն և միմիայն այդ տեսակ գործունեության փափագ կա իմ սրտում: Խաղաղ կյանքը, անվրդով գործունեությունն ինձ համար հավասար է մեռելության:

Նա ոգևորված էր, նրա աչքերի մեջ փայլում էր մի նոր, արտաքո կարգի եռանդ, մի պայծառ լույս, որ խրախուսանք, ուժ և հավատ էր ներշնչում Մսերյանին: Թվում էր, որ նա այդ րոպեին տոգորված էր ինչ-որ բարձրագույն, վեհ, անհասանելի ոգով, որի առջև կարող են խորտակվեք կյանքի բոլոր հարվածները: Իդեալիստն յուր սրտում զգաց այնպիսի պատկառանք դեպի յուր ընկերը, որ հավասար էր պաշտելության: Նա տեսնում էր յուր դեմ մի մարդ ամբողջովին կլանված յուր նվիրական, սուրբ և վսեմ գաղափարներով, որոնց նա երբեք, երբեք և ոչ մի դառն հանգամանքում չպիտի դավաճաներ: Նա զգացված բռնեց Դիմաքսյանի ձեռը, ամուր սեղմեց և ոգևորությամբ գոչեց.

Այո՜, այդ ճիշտ է, ես տեսնում եմ պարզ... թույլ տուր շնորհավորվեմ քեզ քո հաղթության համար...

Հաղթությո՞ւն:

Այո՜, կատարյալ հաղթություն, դու սպանել ես քո մեջ այն օձը, որ քեզ այնքան խանգարում էր...

Արդարև, Դիմաքսյանը կարող էր պարծենալ, որ նրան հաջողվեց սպանել այն օձին: Բայց նրա մեջ ծնվեց մի ուրիշ օձ: Վստահությամբ կարող էր ասել, որ այսուհետև մարդկանց ոչ հալածանքը, ոչ վիրավորանքը, ոչ նախանձը, ոչ ատելությունը նրան չեն հուսահատեցնիլ: Նա քաջություն կունենա արհամարհել բոլոր հարվածները, որ կուղղվեն նրա անձնավորության դեմ: Այն նոր օձը, որ այժմ զարթնել է նրա մեջ, նրա անհատական խորին եսը չէ, այլ ուրիշ բան: Այսուհետև էլ նա կվրդովվի, կգրգռվի, կբորբոքվի, բայց, վստահ է, ոչ անձնական վիրավորանքներից, այլ հասարակական կյանքի վատ երևույթներից...

Այս խոսքերը նա արտասանեց մի այնպիսի զգացմունքով, հավատով և ոգևորությամբ, որ ամենաթերահավատ մարդուն կարող էր համոզել:

Կեցցես, ուրեմն, — գոչեց դարձյալ Մսերյանը, — ես համոզված էի, որ այդպես էլ պիտի լինի վերջը:

Եվ, մի փոքր լռելուց հետո, — ավելացրեց.

Հիշո՞ւմ ես, ինչպես ես քեզ ասում էի, թե կգա ժամանակ, որ դու ամենաբախտավոր մարդը կլինես... Այժմ կարող եմ ասել, որ դու բախտավոր ես:

Ա՛, ես գիտեմ, որ դու բախտավոր համարելով ինձ, չես մոռանում և իմ անհատական բախտը, — գոչեց Արսենը, — չէ որ մարդ, իբրև հասարակության անդամ, իբրև գործիչ կարող է բախտավոր լինել, իսկ իբրև անհատդժբախտ: Մի էակ, որ կարող էր իմ անհատական երջանկությունը ստեղծել, չկարողացավ կամ չկամեցավ այդ անել: Դու գիտես այս բանը: Հուսահատության վայրկյաններ եղան, երբ ես կամենում էի վերջ տալ իմ կյանքին այդ էակի պատճառով: Բայց, շնորհակալ եմ ճակատագրից, այդ չեղավ, ես կարողացա հաղթել իմ մեջ մի սպանիչ զգացում: Այժմ ես վերակենդանացած եմ: Գայանեի պատկերը իմ երևակայության մեջ մինչև կյանքիս վերջը կմնա կենդանի, վառ և, ինչպես մի իդեալ, ես միշտ կպաշտեմ այդ պատկերը: Բայց, ինչպես իրական էություն, ինչպես անհատնա այլևս գոյություն չունե ինձ համար...

Այլևս նա ոչինչ չասաց, և Մսերյանն էլ այդ մասին չխոսեց ոչինչ:

Առավոտյան յոթ ժամը դեռ չէր լրացել, Դիմաքսյանն արդեն ոտքի վրա էր: Հյուրանոցի սպասավորի օգնությամբ նա կապում էր յուր ճանապարհի արկղները, երգելով, շվացնելով և երբեմն ծառայի հետ զվարճախոսելով:

Մի ժամ անցած նա պետք է ճանապարհ ընկներ առավոտյան գնացքով դեպի Բաթում, իսկ այնտեղից արտասահման: Նա սպասում էր Մսերյանին, որ պետք է գար նրան ուղեկցելու մինչև երկաթուղու կայարանը: Նախընթաց երեկո ընկերական ուրախ ընթրիքի ժամանակ նրանք վճռել էին այսպես, Դիմաքսյանն առավոտյան ճանապարհ կընկնի, Մսերյանը հենց նույն օրը հրաժարական կտա յուր պաշտոնից և երկու օր անցած կուղևորվի Դիմաքսյանի հայրենիքը: Նախքան ուղևորվելը նա պետք է գնար յուր ընկերոջ նախկին բնակարանը և այնտեղից վերցներ Սիրականին պահ տրված գրքերը, և մի քանի իրեղենները:

Ուղևորվելու ժամանակը մոտենում էր, իսկ Մսերյանը դեռ չէր երևում: Վերջացնելով յուր գործը, Դիմաքսյանը շտապով մի բաժակ թեյ խմեց, նայեց ժամացույցին և սպասավորին հրամայեց մի կառք կանչել: Մսերյանի բնակարանը ճանապարհի վրա էր, նա կարող էր հանդիպել նրան և այնտեղ յուր վերջին բարևները տալ ընկերոջը:

Հենց սպասավորը նոր էր դուրս եկել, երբ ներս մտավ Մսերյանը շտապով և շնչասպառ:

Ներողություն, որ ուշացա, — գոչեց նա զվարթ եղանակով, — բայց մեղավոր չեմ: Հուզմունքից ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, շարունակ մտածում էի ու մտածում:

Ի՞նչի մասին:

Օ՜օ , մի՜ վախենար, այժմ ես առաջվա պես չեմ մտածում, այժմ իմ բոլոր մտքերը կենտրոնացած են մի բանի վրա՝ շտապել շուտով այնտեղ, ուր խոսք եմ տվել գնալու: Ահա , դու արդեն պատրաստվել ես. դեհ, գնանք, կարող ես ուշանալ: Բայց սպասի՜ր, քեզ մոտ հյուր եմ բերել, կարծում եմ, դժգոհ չես լինիլ...

Այս ասելով, նա բաց դռներով գլուխը դուրս բերեց դեպի կորիդոր և ձայնեց.

Արի՜ , արի՜ նե րս...

Նույն վայրկյանին երևեցավ Սիրականը՝ գդակը ձեռին, մաքուր հագուստով: Նա լուռ գլուխ տվեց և կանգնեց դռների մոտ: Դիմաքսյանը, ուրախ և բարեկամաբար ժպտալով, հարցրեց նրա առողջության մասին, և ձեռը խփելով նրա ուսին, ասաց.

Չկարծես քեզ մոռացել էի, մտադիր էի կայարան գնալիս կառքը կանգնեցնել, քեզ դուրս կանչել և «մնաս բարև» ասել:

Սիրականի կլորիկ աչքի մեջ ցոլաց անչափ ուրախության փայլը, բայց և նույն վայրկյանին նրա դեմքը ծածկվեց տխրության քողով: Երկու ու կես ամիս էր նա չէր տեսել յուր սիրելի պարոնին, այժմ տեսնում էր մի քառորդ ժամ և, ով գիտե, գուցե այնուհետև այլևս չպիտի տեսներ:

Դե՜հ, — գոչեց Մսերյանը, նույնպես դառնալով ծառային, — մի ամաչի՜ր, ղոչաղ կաց, հայտնիր խնդիրդ, նա կկատարե:

Սիրականն ամաչելով և տատանվելով մի քայլ առաջ դրեց և հայտնեց յուր խնդիրը: Բանն այն էր, որ նա, Մսերյանից տեղեկանալով Դիմաքսյանի գալստյան մասին և նույնպես այն, թե այսօր ճանապարհվում է, առավոտյան կանուխ հագնվել էր և եկել իդեալիստի մոտ: Նա չէր ուզում ծառայել յուր այժմյան պաշտոնում և խնդրում էր, որ Մսերյանը նրան յուր հետ տանի Դիմաքսյանի հայրենիքը և այնտեղ բարեսիրտ պարոնի կալվածներում մի պաշտոն հանձնի նրան: Իսկապես նրա բուն ցանկությունն էր ծառայել անձնապես միմիայն Դիմաքսյանին, որին նա այնքան ընտելացել էր, որ դժբախտ էր համարում իրան առանց նրան: Բայց նա այդ ուղղակի չասաց: Նա միայն խնդրում էր՝ ազատել իրան այժմյան պաշտոնից:

Առանց երկար տատանվելու՝ Դիմաքսյանը կարգադրվեց Սիրականի վիճակը նրա ցանկության համեմատ: Մսերյանը նրան յուր հետ կվերցնի, Հաբիգյանը կտա նրան մի պաշտոն առժամանակ:

Այսինքն մինչև արտասահմանից վերադառնալս: Հենց որ վերադարձա, իսկույն Մսերյանին կհեռագրեմ, որ քեզ ինձ մոտ ուղարկի: Բայց ինչո՞ւ, նախքան այստեղ գալը ես մտադիր եմ իմ հայրենիքը գնալ, այնտեղից մենք միասին կգանք այստեղ:

Դարձյալ ուրախության ժպիտը փայլեց Սիրականի թավամազ դեմքի վրա: Այս անգամ արդեն նա իրան երջանիկ էր համարում:

Կառքը պատրաստ էր: Սպասավորը սիրականի օգնությամբ արկղները դուրս տարավ և տեղավորեց կառքի վրա: Երկու ընկեր, ուրախ ու զվարթ խոսակցելով, դուրս եկան: Չնայելով, որ օրը բավական անցել էր, փողոցում մարդիկ չէին երևում: Միայն դանդաղ ընթացքով անցնում էին մի քանի սայլեր աղյուսով և կրով բեռնավորված և մի ոստիկան մայթի վրա կանգնած՝ դիտում էր հյուրանոցից դուրս եկողներին :

Դիմաքսյանը և Մսերյանը նստեցին կառք: Սիրականը, գդակը ձեռին բռնած, մնաց մայթի վրա: Դիմաքսյանը նրան ձեռով նշան արավ, որ կառք նստի: Նա կամեցավ բարձրանալ կառապանի նստարանի վրա:

Ոչ, այստեղ նստիր, — ասաց Դիմաքսյանը և, մի կողմ քաշելով յուր առջև դրած չեմոդանը, ցույց տվեց դիմացի փոքրիկ նստարանը, — մենք երկուսս էլ շատ փոքրիկ մարդիկ ենք կտեղավորվենք ամեն մի անկյունում:

Դա առաջին կատակն էր, որ նա արավ յուր մարմնի փոքրության մասին: Եվ ոչ մի կեղծիք, ոչ մի ցավ, ոչ մի ափսոսանք չզգացվեց այդ կատակի մեջ: Նա ուրախ էր և զգացված: Նա անընդհատ խոսում էր, ծիծաղում և սրախոսում Սիրականի վերաբերմամբ: Օօ՛, երբեք, երբեք խեղճ ծառան այնքան երջանիկ չէր եղել, յուր մասին կատակներ լսելով, որչափ այդ պահին:

Բայց քանի կառքը մոտենում էր կայարանին, այնքան նրանց խոսակցությունն ավելի ու ավելի ընդհատվում էր և այնքան երկու ընկերների զվարթությունը պակասում էր: Երբ նրանք կառքից ցած իջան և մտան կայարանը, ընդամենը հինգ րոպե էր մնում գնացքի հեռանալուն: Սիրականը արկղները տարավ ուղևորների դահլիճը, շտապով Դիմաքսյանի համար տոմսակ վերցրեց: Ուղևորների թիվը շատ քիչ էր, հեռավոր տեղքեր ճանապարհորդողներ չկային, գրեթե ամենքե էլ գնում էին ամառանոցներ իրանց ընտանքիների մոտ:

Զանգակը հնչեց երկրորդ անգամ և այդ հնչյունը մի տխուր զգացմունք զարթեցրեց թե՜ Դիմաքսյանի և թե՜ Մսերյանի ու Սիրականի սրտում: Չնայելով, որ երեքն էլ հույսով լի էին, թե շուտով, ընդամենը երեք-չորս ամսից հետո, պետք է տեսնվեն, բայց բաժանման զգացումն ավելի հաղթող հանդիսացավ:

Դիմաքսյանը երեք անգամ համբուրվեց Մսերյանի հետ, Սիրականի ձեռի մեջ սեղմեց մի բուռն թղթադրամ և շտապով պլատֆորմից ոտքը դրեց գնացքի կառքերից մեկի սանդուղքի վրա: ճիշտ այն վայրկյանին, երբ նա բարձրանում էր վեր, անզգուշությամբ ուսով կպավ մեկին: Նա հետ նայեց ներողություն խնդրելու և երես առ երես հանդիպեց Բարաթյանին:

Նրա մարմնով ակամա մի ցնցումն անցավ: Բայց դա մի վայրկենական անցողիկ ցնցում էր, որ ոչինչ կապ չուներ նրա գիտակցության հետ: Նրա դեմքի վրա երևաց մի սառն ժպիա: Նա անտարբեր կերպով երեսը դարձրեց և հանդարտ բարձրացավ վերև: Բարաթյանը կանգնած էր դեռ ցածում: Նա չէր շտապում: Մի ձեռը ճանապարհի պայուսակին հենած, մյուսով ոլորելով յուր բեղերը, նա խոսում էր յուր մոտ կանգնած Վեքիլյանի հետ: Հենց որ տեսավ Դիմաքսյանին, նա ճիգն արավ յուր գեր ու կարմիր դեմքին արհամարհական արտահայտություն տալ: Բայց այս անգամ այդ չհաջողվեց նրան...

Նա աչքունքը թթվացրեց և բարձրացավ կառքի վրա: Զանգակը հնչեց երրորդ անգամ: Փոքրիկ լուսամուտներից մեկում երևաց Դիմաքսյանի գլուխը, մյուսում Բարաթյանի գլուխն ու կուրծքը:

Վաղը չէ մյուս օր անպատճառ, — գոչեց Դիմաքսյանը, գդակը վերցնելով վերջին բարևը տալու Մսերյանին:

Ո՜չ, հենց վաղն ևեթ, — պատասխանեց իդեավիստը, — հենց վաղն ևեթ, ես և Սիրականը...

Այո՜ , տալով վերջին բարևը յուր ընկերոջ, նա նույն վայրկյանին մտքում վճռեց այլևս ոչ մի ավելորդ օր չսպասել և հենց վաղն ուղևորվել այնտեղ, ուր նա հույս ուներ օգտավետ մարդ դառնալու...

Գնացքը շարժվեց, կառքերը միմյանց հետևից դղրդալով անցան Մսերյանի առջևով: Միևնույն կառքի մեջ անցան նրա երկու ընկերները, որոնցից մեկը տանում էր նրա խորին սերը, հարգանքը, մյուսը նրա արհամարհանքը և ատելությունը...

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Следующая Конец