Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Առանց նրան ինձ համար անհարմար է գործելը, ես չեմ ուզում շատ էլ ինքնագլուխ լինել:

Այս դարձվածը դուր չեկավ Դիմաքսյանին: Նա բացատրեց, թե ով կամենում է ուրիշներին օգտավետ լինեի առաջ ինքը պետք է սովորի անկախության: Իսկապես նա մի բան էր ցանկանումտեսնել օրիորդին ազատ որևէ հովանավորությունից, մանավանդ տիկին Բախտամյանի, որի համակրությունը դեպի Բարաթյանը անչափ տհաճություն էր պատճառում նրան:

Նրա միջամտությունը մի նոր գրգիռ տվեց տիկնոջ բարկությանը: Արդեն նա առանց այն էլ սիրելի չէր տիկնոջը, իսկ այժմ հանդգնում է Գայանեին ազատել նրա ազդեցությունից:

Լա՛վ, — հազիվ զսպելով յուր կատաղությունը, ասաց տիկինը, — թողնենք այս խոսակցությունը:

Եվ մի վատ հայացք ձգեց Դիմաքսյանի վրա: Դա մի լուռ. նշան էր, որով նա միանգամ ընդմիշտ հայտնեց յուր հակակրությունը երիտասարդին: Պյոտր Սոլոմոնիչը նկատեց այդ և, կարծես, կնոջը ավելի գրգռելու համար, սկսեց ավելի սիրալիր վարվել յուր հյուրի հետ:

Ես կկամենայի, — ասաց նա, որ այդ ընկերության մեջ դուք էլ խառն լինեք: Դուք շատ օգուտ կտայիք:

Անմիջապես չեմ խառնվիլ, բայց կողմնակի կերպով կաշխատեմ օգտավետ լինել, — պատասխանեց Դիմաքսյանը, օգտվելով հանգամանքից, — ես մտադիր եմ շուտով ընկերության օգտին մի դասախոսություն կարդալ:

Լուրը շատ լավ տպավորություն գործեց օրիորդ Գայանեի վրա: Նա մինչև անգամ ուրախացավ: Այնինչ տիկին Բախտամյանը նկատեց, թե դասախոսությունից հազիվ փոքր ի շատե մի խոշոր գումար գոյանա: Օրիորդը ասաց, թե բանը գումարը չէ, այլ համակրությունը: Տիկինը, Դիմաքսյանին գրգռելու նպատակով, հայտնեց, թե Բարաթյանն էլ մտադիր է թատրոնասերների մի ներկայացում կազմել:

Այ, ներկայացումը ուրիշ բան է, ես կարծում եմ հազար ռուբլի կմտնի մեր գանձարանը:

Տիկինը հասավ յուր նպատակին: Դիմաքսյանը լուռ, աչքերը լայն բաց անելով, նայեց նրա երեսին, այնքան վատ հնչեց նրա ականջին այդ անսպասելի նորությունը: Դարձյալ Բարաթյանը, այդ ինչ բան է, մի՞թե երկու ընկերները սկսում են մրցել կանանց դուր գալու համար:

Արդեն բավական ուշ էր, ժամանակ էր հրաժեշտ տալու, իսկ նա չէր ուզում կամ, ճիշտն ասած, չէր կարողանում տեղից վեր կենալ: Կարծես մի բան նրան կապկպել էր և կպցրել բազկաթոռին, որի վրա նա շարունակ նստած էր ներս մտնելու րոպեից:

Նրա դեմուդեմ պատին քարշ արած էր մի մեծ հայելի:

Մինչև այժմ նա այդ չէր նկատել: Հանկարծ նրա հայացքը ընկավ յուր փոքրիկ կերպարանքի վրա, և նա մի որոշ ցնցողական շարժում գործեց: Ա՜խ, որքան նա պզտիկ և աննշան էր այդ րոպեին յուր աչքում: Փափուկ բազկաթոռը ագահությամբ ամբողջովին կլանել էր նրան, և միայն երևում էր նրա խոշոր գլուխը:

Դարձյալ նա շփոթվեց, դարձյալ ինքնասիրության զգացումը գրգռվեց նրա մեջ: Նա կամեցավ հակառակել մեկին, ումևիցե, վիճել, կռվել: Նա պատրաստ էր նույնիսկ Գայանեին հենց իսկույն, առանց այլևայլի, սաստիկ հանդիմանել: Անսիրտ օրիորդ, ինչո՞ւ չես ճանաչում քո դեմ նստածին: Մի՞թե կարծում ես այդ փոքրիկ մարմնի մեք նստած հոգին նույնպես փոքրիկ է: Ոչ, դու պետք է ճանաչես Դիմաքսյանին, պետք է զգաս նրա մտքի և հոգու զորությունը: Նա ոտքի կանգնեց հանկարծ, անսպասելի կերպով: Նա գունատ էր, և ոչ ոք չգիտեր նրա գունատության պատճառը: Ոչ ոք չխնդրեց նրան չշտապել, բացի Պյոտր Սոլոմոնիչից, այն էլ կիսաբերան: Նա դուրս եկավ շտապ քայլերով: Փողոցի սառը օդը խփեց նրա տաքացած ճակատին: Նա ուշքի եկավ, զգաց, որ չափազանց շփոթված էր, զգաց նույնպես, որ անշուշտ վատ ազդեցություն է թողել օրիորդի վրա: Նա մի վայրկյան կանգ առավ փողոցի մեջտեղում, ամուր մեղմեց ճակատը և հառաչելով արտասանեց.

Այո, տեսնում եմ, որ այդ օրիորդը ինձ խելքից պետք է հանի:

Եվ քաշքշվելով խոնավ սալահատակի վրա, անհետացավ գիշերային մթության մեջ:

Տիկին Բախտամյանը, հյուրը գնալուց հետո, ազատություն տվեց յուր կատաղությանը: Արդեն նա բավական տանջվել էր, զսպելով յուր սրտի ալեկոծությունը:

Վերջը դու քեզ էլ, ինձ էլ ծաղրի առարկա կդարձնես ուրիշների մոտ: Տեր աստված, ի՞նչ խայտառակություն, այն էլ ո ւմ մոտ, մի մի մի

Երևելի և պատվական երիտասարդի մոտ: Բա՜ս, Դիմաքսյանը հիանալի մարդ է, նա իմ շատ լավ բարեկամն է:

Լավ բարեկամ ես գտել, տես ուրիշները ձեռքիցդ չխլեն, հա՛ հա՛ հա՛:

Ասում եմ, հիանալի երիտասարդ է, դու էլ ասա «հա՛»: Այնպես չէ՞, Գայանե, բարի, խելոք, իմաստուն երիտասարդ է:

Գայանեն ոչինչ չպատասխանեց և ոչ մի նշանով չարտահայտեց յուր համակրությունը կամ հակակրությունը: Պյոտր Սոլոմոնիչը շարունակեց:

Իմ աչքում նա ամենաքիչը մի դյուժին Բարաթովներ արժե, ուղիղ մի դյուժին: Նրա մի ծուռ քիթը չեմ փոխիլ տասը սիրուն ֆրանտների հետ, բաս, չեմ փոխիլ քո այդ լպստած Բարաթովների հետ:

Եվ բարկացած անցավ յուր սենյակը:

Խելագարվել է այսօր, ի՜նչ է, — գոչեց տիկին Բախտամյանը, — ինչո՞ւ է այդպես կատաղել Իսակ Գասպարիչի դեմ: Կարծեմ, ամենքն էլ գիտեն, թե ինչու համար եմ այդ երիտասարդին ընդունում: Գայանե, խոմ, դու գիտես, ինչո՞ւ չես պաշտպանում, ես քո պատճառով եմ այս նախատինքը ստանում ամեն օր:

Օրիորդը մի վայրկյան գլուխր թեքեց կրծքին և ոչինչ չպատասխանեց: Մի ինչ-որ մութ, անորոշ կասկած շփոթեցրեց նրան: Նա չէր ուզում տիկնոջ երեսին նայել: Այնինչ՝ տիկինը միայն կանանց հատուկ նուրբ բնազդով զգաց նրա շփոթության հիմնական պատճառը: Դա միայն օրիորդի համակրությունը չէր Բարաթյանին, այլ կար մի ուրիշ, ավելի լուրջ հիմունք: Ինչո՞ւ Պյոտր Սոլոմոնիչը այնքան պարզ նախանձում է Բարաթյանին, մտածում էր օրիորդը: Միթե իզուր, հենց այնպե՞ս: Ոչ, ոչ, այդ անկարելի է: Պյոտր Սոլոմոնիչը թեթևամիտ, անտակտ մարդ չէ: Անկասկած նրա ամուսնական սուր աչքերը հեռվում, գուցե շատ հեռվում մի կասկածելի մութ գիծ են նշմարում: Վերջապես, ինչո՞ւ Գայանեի սիրտը երբեմն ակամա, հակառակ խելքին, հակառակ Բարաթյանի մասին կազմած նպաստավոր կարծիքին, ենթարկվում է մի վատ, մի գարշելի, մի դիվային կասկածի:

Նա գլուխը բարձրացրեց: Տիկինը, բութ մատը ատամներով կծած նայում էր հատակին:

Ա՛խ, գոչեց նա հանկարծ, խույս տալով Գայանեի հայացքից, — երեխաները քնեցին առանց ինձ համբուրելու:

Նա արագ քայլերով անցավ կից սենյակը, ուր ննջում էին նրա մի զույգ զավակները:

Գայանեն նայեց նրա հետևից, և մի դառն ժպիտ երևաց նրա սիրուն շրթունքների վրա:

Այդ գիշերը մի ծանր, մի դաժան միտք երկար ժամանակ նրան հանգստություն չէր տալիս:

VII

Վերջին ժամանակ Դիմաքսյանը տանը շատ քիչ էր զբաղվում: Հակառակ սովորականին, ամեն եյեկո նա դուրս էր գալիս Մսերյանի հետ զբոսնելու և այնքան երկար ժամանակ, մինչև որ հոգնում էր: Նա անհանգիստ էր, տխուր, քիչ էր խոսում և առհասարակ շատ զարմացնում էր Մսերյանին:

Մի օր երկու ընկերները գնացին Վեքիլյանի մոտ, ուր նրանք դեռ չէին եղել: Թեև իրավաբանը յուր ծնողների հետ էր ապրում, բայց նրա բնակարանը բոլորովին առանձին էր, բաղկացած երկու մաքուր և սիրուն կահավորված սենյակներից:

Այստեղ ամեն բան յուր տեղն էր, և փափուկ շքեղ անկողինը, և թավշյա բազկաթոռները, և օրորվելու աթոռը, և կարմիր մահուդով ծածկած գքասեղանը յուր բոլոր պարագաներով, և տուալետի սեղանը հոտավետ յուղերով, բազմաթիվ խոզանակներով և այլն, և այլն: Ամեն տեղ երևում էր մաքրասեր, ճշտասեր, զգույշ և ֆրանտ Վեքիլյանի ստվերը: Նույնիսկ սենյակների ձևը, հիշեցնում էր կենողին:

Իրավաբանը յուր ընկերներին ընդունեց անսահման քաղաքավարությունով, հյուրասիրեց քաղցրահամ խմիչքներով և անուշահոտ սիգարով: Նրան առաջարկել էին գավառում քննիչի պաշտոն, չէր ընդունել: Նա կամելում էր անպատճառ Թիֆլիսում մնալ: Երեք ամիս էր նա սկսել էր պարապվել փաստաբանությունով «երդվյալ հավատարմատարի օգնականի» կոչումը ընդունած:

Նա պատմեց մի քանի դատաստանական արկածներ, միշտ աշխատելով յուր արհեստի վսեմությունը պաչտպանել: Փաստաբանությունը, իրավ է, շատերի համար հարստահարության աղբյուր է, ասում էր նա, բայց ոչ «բարոյական սկզբունքի տեր և բարեխիղճ» մարդու համար: Ասպարեզը ընդարձակ է, մարդկությանը ծառայել կարելի է: Որքան անմեղներ կան պաշտպանության կարոտ, քանի-քանի կյանք կարելի է կարոտից փրկել: Միևնույն ժամանակ, այստեղ ավելի հնարավոր է «ազգի համար օգտակար» լինել, քան մի ուրիշ տեղ:

Արդեն ամեն օր գավառներից հայեր են գալիս նրա մոտ: Նա վճռել է առաջ նրանց պաշտպանել, հետո ուրիշներին: Բացի դրանից, սկզբունք է դրել հայերից երեսուն տոկոս պակաս վերցնել հոնորարը և մինչև կյանքի վերջը պետք է այդպես անի: Մի հարուստ վաճառական հինգ-տասը հազար տալիս է ազգին և յուր անունը անմահացնում: Իսկ նա քիչ-քիչ քսան տարի փաստաբանություն կանի, և նրա երեսուն տոկոս զիջողությունը մի քանի տասնյակ հազարներ կկազմի:

Կարծեմ, հայ ազգը, դժգոհ չպիտի լինի մեզանից:

Նա խոսում էր լուրջ եղանակով, հանդարտ, ամեն բառը առանձին շեշտելով, ինչպես տարիքը լրացրած մի փորձված դիպլոմատ: Ժպիտր չէր հեռանում նրա երեսից, աչքերի բիբերր անընդհատ խաղում էին, ինչպես մի զույգ լուսավոր ջահեր, որ առաջնորդում էին նրան դեպի անդորր, — ապահով և անվրդով կյանք:

Դուրս գալով նրա մոտից, Մսերյանը հայտնեց Դիմաքսյանին յուր վրդովմունքը: Նա ասաց, թե կարծես, մի բան օրեցօր անջատում է նրան իրավաբանից և թե դիմանալ չի կարող այդ մարդու հղկած մարմարիոնի պաղությանը:

Ես կարծում եմ, եթե աշխարհում ջրհեղեղ լինի, Վեքիլյանը ապահով նստած մի երկար ձողի գլխին, այնտեղից էլ կժպտա:

Իրիկնադեմ էր, եղանակը ցուրտ: Փողոցների սառած ցեխը սևացել էր և կպել գետնին ամուր քարի պես: Դանդաղ աստղաձև հատիկները քիչ-քիչ ծածկում էին երկիրը բարակ սպիտակ շղարշով: Օդը անշարժ էր, քամու նշույլ անգամ չկար: Քաղաքացիների զբոսանքի սովորական ժամանակն էր: Գոլովինսկի պրոսպեկտի վրա անցուդարձ էր անում բավական մեծ բազմություն, զվարճանալով ձմեռային այն սառն և դուրեկան եղանակով, որ հազիվ է պատահում Թիֆլիզում փետրվարի սկզբին:

Երկու ընկերները մտան ամբոխի շարքը:

Մսերյանը տաքացած պարսավում էր մի ինչ-որ հիմնարկություն, ուր նա կամեցել էր պաշտոն ստանալ, կառավարիչը նրանից վկայական էր պահանջել: Դիմաքսյանը հանգստացվեց նրան, ասելով, թե չարժե վրդովվել, եթե փողի կարոտություն ունե, կարող է նրանից ստանալ:

Որ սպանես՝ չեմ վերցնիլ, — հրաժարվեց Մսերյանը, — փողի պարտքը բարոյական ծանրություն է ինձ համար: Փառք աստուծո, դեռ շատ էլ քաղցած չեմ, երկու դաս ունեմ:

Նրանք քայլում էին արագ-արագ: Դիմաքսյանը հազիվ կարողանում էր հետևել Մսերյանի լայն քայլերին: Հանկարծ նա սայթաքեց և անշուշտ կրնկներ, եթե ուղեկիցը յուր ուժեղ ձեռքով չբռներ նրա թևից: Նա բարձրաձայն ծիծաղեց ինքն յուր վրա, ոչ այնպես, ինչպես ակամա ծիծաղում են սառույցի վրա սայթաքողները: Դա մի արվեստական ծիծաղ էր, որով նա քողարկում էր յուր՝ փոքրիկ մարմնի թերությունից առաջացած՝ բնական վրդովմունքը:

Հազիվ նա գլուխը բարձրացրեց, և մի ուրիշ դեպք ավելի վրդովեցվեց նրան: Դեմուդեմ գալիս էր Բարաթյանը, ուրախ, զվարթ, գեղեցիկ, առողջ ԲարաթյանըԳայանեի հետ: Յուրտը օրիորդի դեմքին տվել էր մի անբնական կարմրություն: Նրա կապույտ աչքերի մեջ վառվում էր կենսականության հուրը յուր բոլոր ուժերով: Գեղեցիկ փետուրով զարդարված գլխարկի տակից երևում էին գանգուր մազերի ծայրերը: Ի՛նչ սազում էր նրա երեսին և հասակին այդ կակուղ մեխակագույն, «բռան», որ անփույթ կերպով գրկել էր նրա պարանոցը:

Դիմաքսյանը կամեցավ երեսը հետ դարձնել, որ անցնողներին չտեսնի: Բայց Բարաթյանը դեռ հեռվից գլխարկը բարձրացրեց, իսկ Գայանեն մի քանի անգամ գլուխը շարժեց: Նրանք անցան, թողնելով Դիմաքսյանի ականջում իրանց անհոգ քրքիջի հնչյունները: Նրա ծնկները դողացին: Բայց ինքնասիրությունը թելադրում էր զսպել շփոթությունը, և նա դարձյալ ծիծաղեց, այս անգամ ավելի անբնական և ավելի բռնի կերպով:

Ինչպես երևում է, մեր պարոնի աչքը կպել է այդ աղջկան: Ամեն օր նրանց միասին եմ տեսնում:

Երանի քեզ Մսերյան, որ կարողանում ես այդ խոսքերը սառն կերպով արտասանել: Ուշադրություն դարձրու քովդ գնացողի վրա. նա միանգամայն ընկճվել է, փոքրացել: Նա հազիվ կարողանում է քայլել, նրա շրթունքները և երեսի կաշին ցնցվում են:

Դու մրսո՞ւմ ես:

Այո, — պատասխանեց Դիմաքսյանը, թեև նրա ամբողջ մարմինը վառվում էր ներքին կրակից:

Մտնենք այն կաթնատունը, ես կամենում եմ մի բաժակ թեյ խմել:

Նրանք անցան հակառակ մայթի վրա և մտան մի տան ստորին հարկը: Երկու փոքրիկ սենյակները լիքն Էին հյուրերով: Նրանք նստեցին առանձին սեղանի մոտ, ոչ հեռու երեք պարոններից, որոնք այդ միջոցին տաք-տաք վիճաբանում էին: Մեկը այդ պարոններից, որ ավելի տարիքավոր էր, պնդում էր, թե Էջմիածնի նոր բացված ճեմարանի հիմնական նպատակն է ընտիր հոգևորականներ պատրաստեր Մյուսներր հակառակում էին, թե միայն հոգևորականներ պատրաստելը բավական չէ, ճեմարանը պետք է ազգային գիտության նախադուռը լինի, նա չպիտի սահմանափակվի կղերական հոգով և այլն, և այլն:

Ներողություն, մեր գոյությունը միայն եկեղեցուց է կախված, մենք կրոնական ազգ ենք:

Ուրեմն դուք հերքո՞ւմ եք ազգային գոյության առաջին հիմքըհողը և լեզուն:

Դիմաքսյանը և Մսերյանը ակամա հետաքրքրվեցին այս, վիճաբանությունով և լուռ լսում էին:

Տարիքավոր պարոնը բարկացած ընդհատեց յուր սեղանակիցների խոսքը և վեր կացավ:

Այդպես եք, այ, — գոչեց երիտասարդներից մեկը, — միշտ փախչում եք վիճաբանությունից: Իզուր չի ասում Դիմաքսյանը, թե հետադեմները գիտեն միայն պատի հետևից կռվել:

Ի՞նչ Դիմաքսյան:

Նա , որ հնապաշտների անմիտ կուռքերը ջարդուփշուր է անում:

Տարիքավոր պարոնը ուսերը թոթվեց և դուրս եկավ: Մյուսները նույն վայրկյանին նկատեցին Դիմաքսյանին և միաժամանակ շփոթվելով կամացուկ դուրս գնացին: Դիմաքսյանի սիրտը լցվեց անսահման ինքնագոհությամբ: Այդպես, ուրեմն, արդեն նրա մասին խոսում են, նրա խոսքերը ապացույց են բորում, նրա առաջ խոնարհվում են: Ահա խելքի ուժը: Եվ ով կարող է այսուհետև ասել, թե նա կոչված չէ հասարակական մտքի առաջնորդ դառնալու: Դարձյալ նա բարձրացավ յուր աչքում, մոռացավ մի քանի րոպե առաջ կրած անախորժ զգացումները: Նա զգաց յուր մեջ մի այնպիսի բորոյական ուժ և ոգևորություն, որ մինչև այդ ժամանակ չէր զգացել:

Լսեցի՞ր, — ընդհատեց նրա մտքերը Մսերյանը, — կնշանակե խոսքդ արդեն սկսել է ազդել, շատ ուրախալի է այդ:

Դիմաքսյանը պատրաստ էր գրկել և համբուրել ընկերոջը, այդ բարեսիրտ, աննախանձ և սիրելի Մսերյանին:

Նա շտապեց դուրս գալ կաթնատնից: Այժմ նա զգում էր աշխատելու անզսպելի պահանջ: Ոչ, չպիտի մտածել ուրիշ ոչ մի բանի մասին, պետք է գործել, օգուտ բերել և անուն վաստակել: Խելքի ուժով ոտնատակ անել մարդկանց ձաղրը, արհամարհանքը: Թող անուշադիր թողնեն նրան գեղեցկադեմ կանայք, կգա ժամանակ, ամենքը կխոնարհվեն և երկրպագություն կտան նրա հանճարին: Երբե՜ք նա չի ընկնիլ աշխարհի հաճույքների հետևից:

Երբեք իր թանկագին օրերը չի վատնիլ անմիտ կենցաղավարությամբ: Սիրել մեկին, ինչո՞ւ, քանի որ կարելի է սիրել ամբողջ մարդկությունը: Սիրե՞լ արդյոք, ոչ, ատել և ատելով հանդերձ գործել ամենքի համար:

Այսպես էր մտածում նա դրսում, իսկ երբ տուն հասավ, կրկին պատկերացավ նրա առջև զվարթ, ուրախ, գեղեցկադեմ Բարաթյանը: Այո, նա կյանքի մեջ հաջողություն կունենա, նրան կշրջապատեն սիրուն կանայք, նա կփայլի հարուստ սալոններում, նրա հետևից գգվանքով կընկնեն մայրերը: Իսկ ինքը կմնա աննկատելի, ընկճված, ճնշված հասարակական շրջաններում, կանանց ընկերության մեջ: Նրան կհամարեն տաղտկալի, ձանձրալի, տգեղ, որովհետև նա չունի Բարաթյանի շուքը և հրապույրը, նրա ուրախ և սիրուն դեմքը, նրա համարձակ և էլեգանտ ձևերը: Կրկին նրա մտքերը տակնուվրա եղան, նորից դառնությունը համակեց նրա սիրտը: Նա կատաղեց յուր թուլության դեմ, նա անիծում էր յուր փոքրոգությունը և, միևնույն ժամանակ, չէր կարողանում խեղդել յուր մեջ այն վտանգավոր ցեցը, որ սկսել էր ուտել նրա սիրտը և որի անունն էր նախանձ:

VIII

Օրիորդ Գայանեն աշխատում էր տարածել Դիմաքսյանի դասախոսության տոմսակները: Առանձին սիրով օգնում էր նրան Բարաթյանը, ոչ այնքան յուր ընկերոջ ունկնդիրների թիվը շատացնելու, որքան օրիորդին և տիկնոջը դուր գալու համար: Իսկապես նա Դիմաքսյանի դասախոսությանը մի առանձին նշանակություն չէր տալիս և հաճախ թեթևակի հեգնում էր նրան օրիորդի ու տիկնոջ մոտ: Յուր հոգու խորքում այն կարծիքի էր, որ Դիմաքսյանը անկարող է որևէ միտք լոգիկաբար, գրական ձևով, անշեղ արծայրծել: Նա զգում էր ընկերոջ եռանդը, բուռն ձգտումների ուժը, բայց համարում էր նրան անկանոն խելքի տեր: Նա հավատացած էր, որ այդ եռանդն ու ձգտումները նրա մեջ աոաջ են գալիս անհագ փառասիրությունից, որ նա ճգնում էր հասարակության մեջ հռչակ ձեռք բերել:

Բացի դրանից, նա Դիմաքսյանին համարում էր վերին աստիճանի նախանձոտ: Գիտեր, որ ընկերը անտարբեր չէ դեպի օրիորդ Գայանեն: Եվ այս առթիվ մտքում ծաղրում էր Դիմաքսյանին, աչքի առջև ունենալով նրա փոքրիկ և տգեղ կերպարանքը: Միևնույն ժամանակ, նա սրտի խորքում զգում էր մի անբացատրելի երկյուղ այդ մարդուց և շատ էլ դյուրին բան չէր համարում նրա հետ մրցելը:

Իսկ օրիորդ Գայանեն օրեցօր ավելի ու ավելի ընտելանում էր Բարաթյանին: Նրանք տեսակցում էին այժմ շատ հաճախ: Յուր բարեբարո բնավորության շնորհիվ նա փոքր-ինչ գրավել էր Պյոտր Սոլոմոնիչին, գոնե այնչափ, որ կարողանում էր շաբաթը մի կամ երկու անգամ այցելել օրիորդին: Ուրիշ ժամանակ նա Գայանեի հետ տեսնվում էր մերթ ծանոթ ընտանիքներում, մերթ թատրոնում, իսկ ամենից ավելի փողոցում:

Սիրո բացարձակ արտահայտություն տակավին տեղի չէր ունեցել նրանց մեջ: Սակայն երկուսն էլ գիտեին, որ միմյանց համակրում են:

Մի անգամ Բարաթյանը խոսք բաց արեց Դիմաքսյանի մասին և թույլ տվեց, որ օրիորդը ասե յուր կարծիքը: Գայանեն գովեց Դիմաքսյանին, համարելով նրան շատ խելոք, մինչև անգամ տաղանդավոր: Բարաթյանը քթի տակ թեթևակի ծիծաղեց, օրիորդը շփոթվեց:

Իսկ ձեր կարծիքով նա ինչպիսի մարդ է:

Բարաթյանը մի քանի վայրկյան մտածեց, ապա խորհրդավոր եղանակով արտասանեց.

Նա ըը՛ը, նա աննորմալ մարդ է:

Ուրիշ նա ոչինչ չավելացրեց, այս երկու խոսքով արտահայտած համարելով յուր ամբողջ գաղափարը Դիմաքսյանի մասին:

Դասախոսության երեկո նրանք միասին գնացին կլուբ: Հակառակ սպասածին դահլիճը կիսով չափ էր միայն լիքը: Շատերը տոմսակների գները վճարել էին, իրանք չէին եկել: Հանդիսականների մեծ մասը բաղկացած էր ուսուցիչներից և վարժուհիներից: Կային և մի քանի գոռոզ զույգեր, որոնք իրանց արիստոկրատ էին համարում այն հիման վրա, որ միջոց ունեին ժամանակակից մոդայով հագնվել: Իսկ վաճառական դասից շատ քիչ էին ներկա:

Դահլիճի ծայրում երևում էր գրքակալի նման մի նեղ սեղան, որի վրա դրված էին մի բաժակ և մի շիշ ջրով լի:

ճիշտ փիլիսոփայության պրոֆեսորի ամբիոն, — հեգնեց Բարաթյանը:

Հետո նա, ներողություն խնդրելով Գայանեից, թողեց նրան մի ծանոթ տիկնոջ հետ, շտապեց Դիմաքսյանի մոտ:

Դասախոսը շրջապատված էր յուր ընկերներով: Մաքուր, նորաձև հագնված Վեքիլյանը, տեսնելով Բարաթյանին, գլխով մի ծաղրական շարժում գործեց դասախոսի վերաբերմամբ: Նրա նոր սափրած կոլորիկ թուխ երեսի կաշին փայլում էր ինչպես լայկած ձեռնոց: Այդ երիտասարդը առհասարակ ամեն մի հասարակական գործի և գործիչի վերաբերում էր թերահավատորեն, բայց երբեք պարզ չէր արտահայտում յուր կարծիքը: Միայն նրա փոքրիկ, խորամանկ աչքերի մեջ կարելի էր կարդալ այդ կարծիքը, որ միշտ աննպաստ էր, մանավանդ Դիմաքսյանի վերաբերմամբ:

Նա փոքր-ինչ ակնածում էր միայն Բարաթյանից, որի սուր լեզուե, անփույթ վարմունքը և, միևնույն ժամանակ, զգույշ դատողությունները թե նրան դուր էին գալիս և թե վախեցնում էին:

Ինչո՞ւ չի սկսում, — հարցրեց Բարաթյանը:

Սանխոն խորհուրդ չի տալիս շուտ սկսել:

Վեքիլյանը «Սանխո» անվանում էր Մսերյանին, հարկավ, Դոնքիշոտի տեղ ընդուենլով Դիմաքսյանին:

Այդ միջոցին դասախոսը մոտեցավ հայելուն փողկապը ուղղելու: Նա հագած էր ֆրակ, որ նրա փոքրիկ ու ոսկրոտ մարմնի անկանոն մասերը ավելի ու ավելի որոշ էր կացուցանում: Հայելու մեջ նա տեսավ յուր հետևում կանգնած Բարաթյանին: Մոտալուտ համեմատությունը դարձյալ գրգռեց նրա բնական նախանձը: Նա գունատ երեսը դարձրեց, բարևեց ընկերոջը և, ճակատը շփելով, դուրս եկավ բեմ:

Հանդիսականները նրան ընդունեցին կարճատև և դանդաղ ծափահարություններով:

Դասախոսությունը բաղկացած էր երկու մասից, առաջինը ընդհանրապես քաղաքատնտեսության էր վերաբերվում, երկրորդը՝ երկրի տնտեսական վիճակին:

Ամուր, անհողդողդ և ազդու ձայնով նա բացատրում էր գիտությունը: Նա խոսում էր ոչ իբրև մի մասնագետ չոր ու ցամաք թեորիայի սառն տրամաբանությունով, այլ պարզ, համառոտ և մատչելի ոճով, ինչպես մի իսկական պրոպագանդիստ:

Ունկնդիրները հետաքրքրվեցին:

Հետզհետե նա ոգևորվում էր: Մերթ նրա ձայնը բարձրանում էր, մերթ մեղմանում: Երբեմն նա կանգ էր առնում և մի քանի կաթիլ ջրով կոկորդը թրջում: Նա չէր շփոթվում, չէր դողում, ինչպես անփորձ դասախոսները: Նա ազատ տիրում էր խոսքին, որպես հմուտ քարոզիչ կամ շնորհալի դերասան: Շարքերով ցցված գլուխները նրա աչքում խառնվել էին և կազմել մի տգետ, խավար ամբողջություն, դեպի ուր նա սփռում էր լուսո շողքերը: Որքան նա բարձր էր զգում իրան այդ ամբոխից: Թվում էր նրան, թե կանգնած է ուսուցչական ամբիոնում, յուր առաջ նստած են անչափահաս աշակերտներ: Նա ավարտեց առաջին մասը այնպես, որ, կարծես, մի հետաքրքրական վեպ ընդհատեց: Նրան երկար ժամանակ ծափահարեցին, չդուրս եկավ շնորհակալություն հայտնելու:

Հոգնած, քրտնած, գունաթափ նա նստած էր աթոռի վրա, երբ ամենից առաջ ներս վազեց Մսերյանը և, յուր գրկի մեջ առնելով նրան, գոչեց.

Շնորհավորում եմ, բարեկամս, երբեք չէի կարծում, թե գիտությունը կարելի է հայերեն լեզվով այդքան հետաքրքրական և հասկանալի դարձնել:

Եկան բժիշկ Սալամբեկյանը, Վեքիլյանը և ուրիշները: Իրավաբանը մի կոմպլիմենտ ասաց Դիմաքսյանին, բայց նրա աչքերը դարձյալ հակառակն էին արտահայտում: Բժիշկ Սալամբեկյանը դժգոհ էր հասարակությունից և դասախոսի ջանքը իզուր էր համարում:

Բարաթյանը ներս առաջնորդեց տիկին Բախտամյանին, օրիորդ Գայանեին և ուրիշ երկու տիկինների:

Բախտամյանը այնպես էր հագնվել, որ, կարծես, պարահանդես էր եկել: Նա Դիմաքսյանին ծանոթացրեց յուր հետ բերած տիկինների հետ, որոնք նոր ընկերության ղեկավարներից էին: Բայց դասախոսի ուշը ուրիշ կազմ էր: Առաջին անգամ էր նա Գայանեին հանդիպում հասարակության մեջ: Նա սովորել էր տեսնել նրան կամ տնային անշուք հագուստով, կամ փողոցում վերարկուով: Այժմ օրիորդը հագած էր թավշյա լայն ժապավեններով զարդարած և վերջին մոդայով նոր կտրած բաց-մանիշակագույն զգեստ: նրա դեմքի վրա խաղում էր գոհունակության ժպիտը, կապույտ աչքերի մեջ կենսականության հուրը վառվում էր տակավին չտեսնված փայլով: Նրա ամբողջ կերպարանքից բուրում էր թարմություն և կյանքի հրապույրները վայելելու անհուն ցանկություն: Նա հավանություն հայտնեց Դիմաքսյանին և իսկույն հեռացավ Բարաթյանի հետ, յուր հետ տանելով դասախոսի ուշ ու միտքը:

Դահլիճից լսվեցին ծափահարություններ: Դիմաքսյանը դուրս եկավ բեմ գունատ, հուզված, սրտի խորքում մի անտանելի զգացում: Նա հանկարծակի գրգռվել էր և Բարաթյանի դեմ, և օրիորդի դեմ, և ամենքի դեմ: Այժմ նրան թվում էր, որ բոլորը կեղծում են, բոլորը ներքուստ ծաղրում են նրան, համարում են մի տեսակ խենթ, դուրս է եկել և հասարակությանը ձանձրացնում է յուր ատենաբանությունով:

Նա մի կերպ զսպեց իրան: Անցավ առաջին հուզմունքը, նա հետզհետե հափշտակվեց յուր ճառով, մոռացավ ամեն ինչ և խոսում էր ավելի ազատ, քան առաջ: Բայց այդ երկար չտևեց: Հանկարծ նրա հայացքը ընկավ երկրորդ շարքի ծայրին: Պատին քաշ արած կանթեղի լույսը սփռվել էր ուղիղ նրանց վրա... Բարաթյանը, թեքված Գայանեի կողմը, շշնջալով խոսում էր: Օրիորդը երեսը հովհարով ծածկել էր, որ ծիծաղը հասարակությունից թաքցնի: Այո , մեկը սրախոսում էր, մյուսը ծիծաղում: Ինչո՞ւ, ո՞ւմ վրա, մի՞թե նրան են ծաղրում: Օ՛ օօ, այդ արդեն հանդգնություն է: Ինչպե՞ս, նրան չեն հարգում նույնիսկ այդ միջոցի՞ն, երբ նա կատարում է յուր բարոյական պարտքերից մինը: Նա կորցրեց յուր խոսքի կապը, այլայլվեց, կմկմաց, սկսեց քրքրել ձեռքի տակ դրած թերթիկները: Հասարակության մեջ բարձրացավ մի խուլ շշնջյուն: Հաջող սկսված դասախոսությունը մի թե խայտառակ պիտի ավարտվեր:

Վերջապես, նա ուշը ժողովեց, գտավ խոսքի թեքը: Շարունակեց, բայց բոլորովին տարբեր և տարօրինակ եղանակով: Այժմ նա չէր դասախոսում, այլ վիճում էր: Գիտության չեզոք քարոզիչը փոխվել էր կրքոտ հարվածողի: Երկիրը չէ շահագործվում, հարստահարվում, մեքենայական արդյունաբերություն չկա, ժողովուրդը աղքատ է, քաղաքային հասարակությունը թմրած: Դրամատերերը ընկերական հոգի չունեն, ամեն ինչ նիրհում է նահապետական շարժողության մեջ: Ո՞վ պետք է զարկ տա խավարի մեջ դեգերող ամբոխի հոգուն, ո՞վ պետք է լուսավորե նրա միտքը, ցույց տա նրան բարօրության ճանապարհր: Կրթված դա՞սը, ժամանակակից գիտության պաշար ունեցող երիտասարդությո՞ւնը:

Ահա հենց այգ դասակարգի դեմ ես շատ բան ունեմ ասելու, — գոչեց նա, ձայնը բարձրացնելով:

Օ՛օ, տգեղ և այլանդակ է ինտելիգենցիայի բարոյական պատկերը: Նա անտարբեր է դեպի երկրի վիճակը, եսամոլ է, շահախնդիր է: Չկա նրա համար ընդհանուր շահ, ամեն ինչ պտտում է սեփական ապահովության առանցքի շուրջը: Նա ավելի զազրելի, ավելի դատապարտելի է, քան տգետ ամբոխը :

Նույն պահին նրա թափառող հայացքը դարձյալ ընկավ Բարաթյանի և Գայանեի վրա: Օրիորդը լսում էր խորին ուշադրությամբ, գլուխը առաջ ցցած: Բարաթյանը նայում էր առաստաղին: Պարզ էր, որ նրան դուր չէր գալիս ընկերոջ բանախոսությունը և անհամբեր սպասում էր վերջանալուն: Աա , այդ շատ լավ է, տանջվիր, կատաղիր: Բայց այդ ի՞նչ է, նույն անհամբերությունը նշմարվում է և ուրիշ դեմքերի վրա: Ոմանք զարմացած են, միմյանց հարցական նշաններ են անում: Միայն ընդհանուր լռությունը ոչ ոք չէ խանգարում: Մեկը աթոռը դղրդացնելով վեր կացավ տեղից և դուրս եկավ: Դա Վեքիլյանն էր: Ոգևորությունը տեղի տվեց ամոթի զգացմանը: Դասախոսը զգաց, որ անչափ շեղվել է նյութից: Բայց նրա սիրտը տակավին լիքն էր թույնով: Բարաթյանի դեմքը նրան կատաղեցնում էր: Բոլոր հարվածները նա մտքում ուղղում էր ընկերոջ դեմ, այն ընկերոջ, որ այժմ նրա աչքում թշնամու հավասար էր, որովհետև նա այնքան մոտիկ էր Գայանեին:

Նա սթափվեց, մի կերպ ամփոփեց յուր ծայրահեղ խոսքերը մի վերջաբանով: Երբ նա ավարտեց, մի քանի երիտասարդներ միայն ծափահարեցին, բայց ծափահարեցին եռանդով, ոգևորված և բարձրաձայն գոռալով «կեցցե Դի մաքսյանը, կեցցե Դիմաքսյանը»: Մյուս ունկնդիրները շտապ վեր կացան, դիմեցին դեպի դռները:

Սիրտը դառն զգացումներով լի, ինքնասիրությունը խոցոտված, նա հեռացավ բեմից: Այլևս ոչ ոք չեկավ նրա մոտ: Նա միայնակ էր, անհամբեր սպասում էր Մսերյանին, նա, միայն նա է անկեղծ, աննախանձ, բարի և վեհանձն: Բայց ավաղ, «իդեալիստի» դեմքը տխուր էր: Նա տխուր էր Արսենի անհաջողության պատճառով: Նա բռնեց ընկերող թևից և նրա հետ միասին դուրս եկավ լուռ ու աչքունքը կիտած:

Ախ, Մսերյան, — գոչեց հուզմունքից գողացող Դիմաքսյանը, երբ նրանք կառք նստեցինես դժբախտ մարդ եմ:

Բարեսիրտ ընկերը գիշերային մթության մեջ նայեց նրա արտասվալից աչքերին և արտասանեց.

Դու ամենաբախտավոր մարդը կլինես:

IX

Ես այդ տեսակ խոսող կյանքումս չեմ տեսել: Ժամանակով կարող է Ամբակում Աֆանասևիչի տեղը բռնել: Լեզու խոմ չէ, կրակ է: Ափսոս որ ուշ հասա, նեդոիմկաներ բաշխող կոմիսիան երեկ բանը շատ երկարացրեց: Տասն ու վեց հազար երեք հարյուր տասն ու չորս մանեթ սկիդկա արեցինք: Ապրես Դիմաքսյան. Բարաթովդ գլուխը քաշ արած այնպես դուրս եկավ, ինչպես պոչը կտրած գող կատու: Հապա, ո՞նց էր, քեզ նման ուսումնականներին այնպես էլ հարկավոր էր ներկել: Ապրե՜ս, Դիմաքսյան, ապրե՜ս:

Իսկ ես չհավանեցի: Ինչպես կարելի է կոպիտ խոսել, կարծես, մարդիկ տոմսակի փող էին տվել եկել, որ հայհոյանք լսեն: Նա կռվում էր, չէր խոսում: ճշմարիտ են ասում, որ աննորմալ մարդ է, այսինքն՝ խելքը գլխին դրուստ չէ:

Խելքը գլխին դրուստ չէ, դրուստ չէ, հա՛ հա՛ հա՛: Քո կարծիքով ո՞ւմ խելքն է դրուստ, ով որ դրուստ դեմք ունի, չէ՞, հասկանում ենք, հասկանում ենք: Հիմա դու տես ինչպես առաջիկա տարի այդ աննորմալին գլասնի ընտրել կտամ, իսկ քո Բարաթովդ յուր օրումը այդ պատիվը չի տեսնիլ, թեկուզ տրաքվի էլ, այ քեզ աննորմալ...

Խոսակցությունը տեղի ուներ ամբողջ ընտանիքի ներկայությամբ, ճաշին: Գայանեն լուռ էր, իսկ Օվսաննան զբաղված էր երկու մանկահասակ աղջիկներովԼիզոչկայով և Էլեչկայով, որոնք ուտելով հանդերձ ծիծաղում էին բարձրաձայն և խանգարում իրենց ծնողների խոսակցությունը: Պյոտր Սոլոմոնիչը գոռաց նրաց վրա և, դառնալով կնոջը, հանդիմանեց, որ վատ է կրթում զավակներին:

Տիկինը աչքերը լայն բաց արեց և մի քանի վայրկյան նայեց երեխաների երեսին այնպես, որ, կարծես, կոկորդում ոսկոր մնաց: Փոքրիկները գլուխները միաժամանակ թեքեցին, խուսափելով իրանց մոր սպառնալից հայացքից:

Դեռ աչքերիս մի լավ մտիկ արեքհետո, Լիզոչկա, քեզ եմ ասում, Էլեչկա, քեզ եմ ասում, ուղիղ, ուղիղ:

Կարծես նրա աչքերի մեջ մանկական լեղվով գրված էին մանկավարժության բոլոր կանոնները, որ պետք է առանց խոսքի իսկույն ազդեին:

Իսկ ես, — հարեց Պյոտր Սոլոմոնիչը, — չեմ ասիլ աչքերիս մտիկ արեք, կասեմ մատներիս մտիկ արեք: Եթե մեկ էլ հըռհըռ ծիծաղեք, ականջներդ այնպես կքաշեմոր Բարաթովիդ էլ հերն եմ անիծել:

Պե՜տյա, Պե՜տյա, — դարձրեց տիկինը յուր կոթիչ աչքերը մարդուն, — դու քեզ մոռանում ես: Առաջինը Բարաթյանը այստեղ գործ չունե, երկրորդը տասն ու իններորդ դարի վերջն է:

Ասելդ ի՞նչ է:

Ասելս այն է, որ մեր ժամանակում ականջ քաշելով երեխա չեն կրթում:

Հերիք է, քո հորն օղորմի, ես դարի-մարի հետ բան չունեմ, դու շատ ես երես տալիս երեխաներին:

Ժամանակակից տիկինը սառն և հանդիսավոր եղանակով պատասխանեց.

Ես նրանց կրթում եմ նոր սիստեմով:

Գայանեի միտքը հեռու էր այս ընտանեկան տեսարանից, որ գրեթե ամեն օր կրկնվում էր նույն վարիացիաներով: Գգվանքով նա հիշում էր այն սովորական պահը, երբ առհասարակ տեսակցում էր Բարաթյանի հետ: Նա մտքում րոպեները, նույնիսկ վայրկյանները հաշվում էր, թե երբ կհասնի ցանկալի հինգ ժամը, երբ նա սովորաբար Օվսաննայի հետ դուրս էր գնում «մաքուր օդ շնչելու»: ճիշտ այդ ժամին նա Գվարցովայի փողոցում հանդիպում էր Բարաթյանին զբոսնելիս կամ որևէ մագազիայի առջև կանգնած զիաբինում դարսած իրերը զննելիս: Տեսնելով միմյանց, երկուսն էլ զարմացական նշան էին անում, իբրև թե չէին սպասում հանդիպել իրար: Օվսաննան առայժմ նրանց խանգարել չէր կարող, քանի որ խոսակցությունը սովորական բարեկամության սահմանից չէր անցնում: Բայց ի՜նչ փույթ, նրանք արդեն միմյանց միտքը հասկանում էին:

Следующая страница