Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

«Կամ պետք է ես էլ շառլատանություն սկսեմ, կամ թե է դա ինչ ցավիս բժիշկն եմ: Գնում եմ ամեն օր հիվանդանոց և տեսնում եմ մի շարք գլուխներ ու դեմքեր: Փը՜ղկ, ինչ գլուխներ ու դեմքեր: «Ձեռդ տուր», «լեզուդ հանիր», պրծավ գնաց, հետո գալիս եմ, մեջքիս վրա ահա այսպես պառկում (նա ոտները բարձրացրեց և դրեց անկողնակալի կողի վրա) ու ինքս ինձ ասում, «աշխարհս դատարկ բան է»: Ասենք ցահրումարը դատարկ բան է, բայց մարդս քիչ եռանդ պետք է ունենա, չէ է՞ ...»:

«Այ տղա, արի պսակվենք, — գոչեց նա հանկարծ և գլուխը մի քիչ բարձրացրեց, — բայց ոչ, ամուսնությունն էլ խաթաբալա շատ ունի: Մեկ էլ տեսար ծնեց: Սատանան գիտե ծնունդն էլ ինչպես կլինի, պլացենտա պրեվե, էպիզքատոմիա, լիպուոկևլիֆոտոմիա, իսկ երեխաները, հոհո՛ո, դիֆտերիա, սկառլատինա, ֆոլիկուլյարնայա ժաբա, թյո՛ւ, թյո՜ ւ, թյո՜ ւ»:

«Չեմ ուզում, չեմ ուզում», — կրկնեց նա, ձեռները այնպես շարժելով, որ, կարծես, նույն րոպեին դռները բացվեցին և կես դյուժին երեխաներ ճըվճըվալով ներս թափվեցին:

Ի՞նչ է պատահեչ բժիշկ, — գոչաց Մսերյանը, շտապով ներս մտնելով յուր Հաստ ձեռնափայտը և լայնեզր գլխարկը ձեռին:

Բժիշկը մեջքի վրա շուռ եկավ ընկերոջ ձայնին:

Այդ դո՞ւ ես: Հըմ, ինչ է ասում իդեալիստի վարդագույն երևակայությունը ինֆուզորիաների մասին:

Ժամանակ չէ, եղբայր, պատերի հետ մասլահաթ անելու: Այն ի՞նչ հորս ցավն էին տալիս, չէիր ուզում: Վեր կաց ոտքի:

Այսպես ավելի բանաստեղծական է, պառկի՜ր, զրույց անենք:

Վե՜ր կաց, ասում եմ, Արսենը հիվանդ է:

Հոգեպե՞ս, թե՞ մարմնապես:

Երեսունութ ու վեց տասնորդական աստիճանի տաքություն ունի, իսկույն չափեցի:

Ասենք, դա նրա նորմալ դրությունն է, տեմպերատուրան շատ բարձր է:

Մսերյանը, բռնելով նրա թևից, ուժով ոտքի կանգնեցրեց և ստիպեց հագնվել:

Երբ նրանք ներս մտան, Դիմաքսյանը անկողնի մեջ նստած ծնկների վրա ինչ-որ գրում էր: Մսերյանը խլեց նրա ձեռքից թուղթն ու գրիչը, գոչելով.

Երևակայում եմ, այդ դրության մեջ ի՞նչ խելոք բան կգրես:

Սալամբեկյանը տնքտնքալով, ծուլաբար քննեց ընկերոջը, քթի տակ մրթմրթալով.

Հիմա մեռնենք, թե երեսուն տարի հետո միևնույնն է: Դատարկ բան է, մրսել ես...

Նա գրեց մի քանի դեղեր: Մսերյանը անձամբ շտապեց վազել դեղատուն: Առհասարակ նա շատ էր վախենում ընկերոջ մասին և հոգում էր, ինչպես ավագ եղբայր:

Ամբողջ օրը ընկերները մնացին հիվանդի մոտ: Մսերյանը չէր թողնում Սիրականին ներս մտնել: Մի ժամանակ նա հիվանդանոցներում շատ է հիվանդապահի պաշտոն կատարել յուր ընկերների համար, այժմ էլ կկատարի: Եվ նա պատմում էր յուր կյանքի այդ շրջանից զանազան էպիզոդներ:

Իրիկնադեմին Դիմաքսյանը ասաց, թե թեթևություն է զգում և գրեթե ուժով Մսերյանին ստիպեց թողնել նրան մենակ:

Գիշեր էր: Սեղանի վրա վառվում էր կանթեղը: Մերթ ընդ մերթ Սիրականը ներս էր մտնում իմանալու արդյոք հիվանդը մի բան չէ՞ պահանջում: Պարոնի հիվանդությունը հառաչին շատ էր անհանգստացնում, որովհետև Սիրականը նրան սիրում էր անկեղծ սիրով:

Այդ սիրո շարժառիթը՝ Դիմաքսյանի ստեպ-ստեպ նվիրած փողերը, հագուստը չէին կամ ձրի դասատվությունը, այլ ավելի խոր պատճառ կար: Մինչ ամենքը ծաղրում և հալածում էին Սիրականին նրա տգեղ և ծիծաղելի կերպարանքի համար, մինչ ամենքը մի-մի կոպիտ ածական էին տալիս նրան, մինչ երեխաներն անգամ փողոցներում վազում էին նրա հետևից և «մայմուն, մայմուն» կանչելով, քարեր էին արձակում նրա վրաԴիմաքսյանը, այդ «ուսումնական աղան», այդ «մեծ օջախի որդին», այդ «ինսպեկտորը», նրա հետ վարվում էր մեղմ, մարդասիրաբար, ինչպես յուր հավասարի, յուր ընկերոջ և լավ ընկերոջ հետ: Դա մի հազվագյուտ, մի անգնահատելի բան էր Սիրականի համար: Եվ նա չգիտեր, ինչպես արտահայտեր յուր սրտի երախտագիտությունը:

Վերջին անգամ ներս մտնելով, նա կանգնեց հիվանդի գլխի կողմում և, շունչը զսպելով, կամեցավ իմանալ, քնա՞ծ է նա, թե արթուն:

Լսվում էր հիվանդի ծանր և ընդհատվող շնչառությունը: Մի վայրկյան նա աչքերը բաց արավ, տեսավ ծառային և հառաչեց:

Դու այստե՞ղ ես:

Հրամերեք, աղա:

Քանի՞ ժամն է:

Տասից կես է անցել:

Ի՞նչ ուշ է անց կենում գիշերը: Լավ, գնա գործիդ, Սիրական, հոգնած ես, պառկիր քնիր:

Ես հոգնած չեմ, աղա, գործ էչ չունեմ, խանումին կերակուր տվեցի, պրծա:

Այն շիշերը և ժամացույցը դիր այս սեղանի վրա:

Սիրականը իսկույն կատարեց նրա հրամանը և, ձեռները փորի վրա դարսած, մնաց կանգնած:

Ուզում ես ինձ մոտ մնալ, որ ծառայե՞ս:

Հրամերեք, աղա:

Հարկավոր չես, ես ուզում եմ մենակ մնալ: Գնա, բայց դռները ամուր կողպիր, որ քամին չբաց անի:

Սիրականը ակամա դուրս գնաց: Հիվանդը մնաց մենակ:

Արդարև, այժմ նա ավելի հանգիստ էր: Իսկապես յուր տկարությանը ոչինչ նշանակություն չէր տալիս: Զարմանում էր անգամ Մսերյանի անհանգստանալու վրա: Մարմնին տիրած տաքությունը մի առանձին ախորժություն էր պատճառում նրան: Թվում էր նրան, թե կաշվի տակ մի թմրեցուցիչ և հաճոյական հեղուկ են սրսկել: Նրա քունը չէր տանում, միայն աչքերը փակած անձնատուր էր եղել ֆիզիկական դուրեկան անդորրությանը, որ նմանվում էր հաշիշի կամ ափիոնի ազդեցության: Նրա մտքով անցնում էին օրվա դեպքերը: Առավոտյան նա զարթնեց, ճշմարիտ է մի թեթև գլխացավով, բայց հանգիստ և խաղաղ հոգով: Այդ ժամանակ նա մոռացել էր յուր թշնամիներին, ուզում էր պարապվել, թեև տկար էր: Եվ հանկարծ դարձյալ զարթեցրին նրա սրտում թունավոր օձը, դարձյալ տակնուվրա արեցին նրա արյունը: Բայց արժե՞ր արդյոք վրդովվել մարդկանց տմարդի վարմունքից, միթե չէր կարելի սառնասիրտ արհամարհանքով վերաբերվել ստոր լուտանքներին: Ինչո՞ւ նա այնպես բռնկվեց, ինչպես մի դյուրաբորբոք հեղանյութ:

«Արդյոք ե՞րբ, վերջապես, կչափավորվի իմ զգայությունը»:

«Երբե՜ ք, երբե՜ ք», պատասխանեց նրան մի ուրիշ ներքին ձայն:

«Ինչո՞ւ»:

«Որովհետև դու աննորմալ մարդ ես: Բարաթյանը ճիշտ է ասել և ճիշտ են ասում մյուսները»:

Աա՛, այդ Բարաթյանը, այսօրվա այն չարագուշակ հանդեսը, նրա հաղթական ժպիտը, դեմքի երջանիկ արտահայտությունը:

Ո՞ւր է նա այժմ: Երկաթուղու գնացքը ամբողջ օրը բախտավոր զույգին սլացրել է կայարանից կայարան: Ահա նրանք, ահա նա մի ձեռքով Գայանեին գրկած, մյուսով շոյում է նրա գանգուր բաց գույնի մազերը: Իսկ Գայանեն գլուխը մեղմիկ թեքած է նրա ուսին և յուր կապուտակ կրակոտ աչքերով ցածից վեր նայում է նրա երեսին:

«Ցածից վեր, այո, եթե ես լինեի, պետք է վերևից ցած նայեր ինձ»:

Նրանք կանգնած են վագոնի փոքրիկ պատուհանի առջև, իհարկե, առանձին կուպեում, և դիտում են աշնանային բնության հրաշալիքները: Տեսարանները փոխվում են գեղեցիկ կալեյդոսկոպի արագությամբ: Նրանց աչքի առաջով անցնում են գյուղական աղքատիկ խրճիթները, այս ու այնտեղ ցրված, դեղնած դաշտերը, սիրուն ձորերը և շքեղ հովիտները:

Պղտոր Քուռը այնտեղ պարզ է, փայլուն և գրավիչ: Նա ժպտում է բախտավորների երեսին և սիրով ողջունում նրանց միությունը: Այնինչ՝ նույն գետը այնքան մռայլ, այնքան թշնամաբար էր նայում նրան այսօր առավոտյան: Նա, կարծես, աշխատում էր գրավել դժբախտին դեպի յուր ցուրտ ծոցը, ուր թաքնված է ժանտ մահը: Ի՞նչ կլիներ, եթե նա գցեր իրան այնտեղ: Ոչ ոչ, ինչո՞ւ համար, ո՞ւմ համար, արժե՞ր...

Այստեղ հիվանդը զգաց մի նոր սառնություն յուր ոսկորների մեջ: Երջանիկ զույգը համբուրվում է: Ախ, այդ. սիրային համբույրները, արդյոք ի՞նչ զգացմունք են պատճառում համբուրվողներին: Արդյոք կարժանանա նա երբևէ, գեթ մի անգամ յուր ամբողջ կյանքի ընթացքում այդպիսի ջերմ համբույրի մի այնպիսի արարածի հետ... Ի՞նչ ասել է փոխադարձ սեր: Նա ուզում է զգալ, նա կարոտ է, նրա սիրտը պահանջում է մի այդպիսի սեր, վերջապես, իրավունք ունի պահանջելու:

Նրա ատամները դողդողում էին և ուժգին ու արագ-արագ զարկվում միմյանց: Ա՛հ, ցուրտ է, սաստիկ ցուրտ: Ինչո՞ւ նրա ողնաշարը այնպես ցավում է, կարծես, նա ուզում է բաժան-բաժան լինել, կարծես, ոսկորները ուտում են միմյանց: Նրա ամբողջ մարմնին տիրեց կապարային ծանրություն: Այդ ի՞նչ է նշանակում, ցուրտ է, պետք է ծածկվել: Իվ նա վերմակը քաշեց գլխին, ոտները հավաքեց, կծկվեց, կուչ եկավ ամբողջ մարմնով և դարձավ մի փոքրիկ կծիկ: Լսվում Էին նրա ծանր տնքտնքոցը ու հառաչանքները: Տասը րոպեից հետո ցուրտն անցավ: Սկսվեց մի նոր տաքություն. և այս անգամ ավելի սաստիկ:

Նա դեն շպրտեց վերմակը, կուրծքը բաց արավ և ձեռները տարածեց աջ ու ձախ: Նրա պղտոր և կարմրած աչքերը թափառում էին առաստաղի վրա, պատից պատ, անկյունից անկյուն: Իսկ մթնած միտքը կայծակի արագությամբ վերաստեղծում էր անցյալի տպավորությունները անբնական կերպով, չափազանցրած, անկապ, անորոշ, հատ ու կտոր...

XVII

Հանկարծ նրան թվաց, թե ինքը դպրոցումն է: Ահա և աշակերտները, շարեշար նստած, պատասխանում են նրա հարցերին: Մի չար պատանի, ընկերներին աջ ու ձախ բոթելով, ստեպ-ստեպ մատը բարձրացնում է և ոտքի կանգնում:

«Արաբյա՜ն, հանգիստ նստիր», գոչեց նա բարձրաձայն:

Բայց ոչ, դա ուսումնարան չէ: Նա կանգնած է մի ընդարձակ դահլիճում: Նրա առջև հավաքված է անթիվ բազմություն, գյուղացիների և քաղաքացիների մի խառնիճաղանջ ամբոխ: Նա քարոզում է ամբոխին լույս և գիտություն: Նրա ձայնը դյութական զորությունով ամենքին գրավել է, լսում են լուռ, ուշադիր, անշարժ: Օ՛օ, ո՛րքան լավ է՝ ընդհանուրի մտքին տիրելը: Հանկարծ մի շշուկ է բարձրանում: Նա զգում է, որ մեկը հետևից բռնեց նրա հագուստի փեշերը: Նրան ուզում են ցած գլորել: Նա հետ է նայում, աա՜, դա նրա հակառակորդներն ենմեկը գերմանական Ինյաթյանը, մյուսը փաստաբան Վեքիլյանը: Չարամիտներ, դուք նախանձում եք, որ խավար բազմությունը մի՞ է դնում նրա լուսավոր գաղափարներին:

«Ի՞նչ եք ուզում ինձանից», գոռաց նա բարձրաձայն, ձեռը խփելով բարձին:

Ոչինչ չկա, ոչ ամբոխ, ոչ թշնամիներ, ոչինչ: Նա մենակ է և գանձվում է դատարկ տարածության մեջ, օդի վրա քաշ ընկած: Նա ոչ մի հենարան չունի, վախենում է անհուն բարձրությունից ընկնի և անհետանա այն խավար անդունդի մեջ, որ բացված է ներքևում, ուղիղ նրա ոտների տակ...

Մի ինչոր սպիտակահեր ծերունի տալիս է նրան մի բազկաթոռ: Նա նստում է: Այժմ նա ծանոթ ընտանիքի հյուրասենյակումն է: Ինչքան հյուրեր կան: Մեծ մասը կանայք են և ի՛նչ սիրուն, ի՛նչ գեվեցիկ, ի՛նչ երիտասարդ կանայք: Նստած են խումբ-խումբ, ուրախ դեմքերով: Ա՛հ, հարսանիք է, ո՞ւմը: Սենյակը աղմկվում է հյուրերի զվարթ և բարձրաձայն խոսակցություններով ու քրքիջներով: Մի երիտասարդ ջութակ է ածում, մի օրիորդ երգում է, մյուսը դաշնամուր է նվագում: Իսկ այնտեղ սպիտակ հագուստով, գլուխը գեղեցիկ պսակով զարդարած, դեմքը մի նոսր և նուրբ շղարշով ծածկած, կանգնած է նա , Գայանեն...

«Բարև ձեզ», ասաց հիվանդը խռպոտ ձայնով: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Դիմաքսյանի վրա: Նա նստած է սենյակի մի անկյունում, աննշմարելի այդ ուրախ հանդիսում, այդ զվարթ հասարակության մեջ: Ի՛նչ լավ նվագում է այն օրիորդը, ինչ գեղեցիկ է Գայանեն, ինչ ուրախ է Բարաթյանը:

«Բրավո, բրավո», գոչեց դարձյալ հիվանդը: Մթություն, խավար, ոչինչ չկա, ձայներ են լսվում, տարօրինակ, սարսափելի ձայներ: Բայց ահա դարձյալ հյուրասենյակը լուսավորվեց, և ոչ ոք չի տեսնում Դիմաքսյանին : Այսպես չի կարելի, կամ պետք է այստեղից դուրս գալ, կամ պետք է ուշադրություն գրավել: Նա կահ-կարասի չէ, նա մի կոտրված աթոռ չէ, կամ մի անպետք լաթի կտար, — նա Արսեն Դիմաքսյան է...

«Տիկիննե՜ր, օրիորդնե՜ր», նորից գոռաց հիվանդը, ավելի խռպոտ ձայնով:

Հյուրասենյակում տիրում է միանվագ լռություն: Բոլոր հանդիսականները երեսները դարձնում են դեպի նրա կողմ: Վերջապես, նշմարեցի՞ք Դիմաքսյանին:

«Ով է խրվել այն բազկաթոռի մեջ», ասում է մի գոռոզ տիկին, մոնոկլը պահելով աչքին:

Դիմաքսյանը ոտքի է կանգնում:

Հիվանդը նստեց անկողնի մեջ:

Ամենքը զարմացած են: Սպասեցե՜ք, իսկույն նա ցույց կտա, թե ով է ինքը: Բոլորը անշարժ են, բերանները կիսաբաց, գլուխները վեր բարձրացրած: Դյութական ձայնը նրանց մի ակնթարթում արձանացրել է նույն դիրքում, ինչ դիրքում որ էին: Կառքերի ձայնը խլացնում է նրան, օօօ , ամբողջ քաղաքը, կարծես, զվարճանում է նրանց երջանկությունով: Իսկ ինքը մենակ, արհամարհված, ընկճված: Այս ի՞նչ ձայներ է լսում նա, ինչո՞ւ են հարձակվում նրա վրա:

«Ինչո՞ւ, ինչո՞ւ»...

Հիվանդը ձեռը զարկեց անկողնակալի կողքին:

Լսվում է մի բարձր ծիծաղ: Նա թատրոնումն է: Վեքիլյանի առաջ կանգնած: Գայանեն մոտենում է նրան և նայում: Նա հանկարծ բռնում է օրիորդին ամուր ձեռներով, խելագարի պես: Վայրկենաբար օրիորդի կրծքից դուրս է թռչում մի բարձր ճիչ: «Դա հրեշ է», գոչում է նա և սարսափած փախչում: «Հրե՛շ է», կրկնում են բոլոր կանայք և վազում այս ու այն կողմ: Տղամարդիկ ծիծաղելով հետևում են նրանց: Ամենից հետո դուրս է գալիս Բարաթյանը և գուրս գալուց առաջ զզվանքով նայում է Դիմաքսյանի վրա: Նա համբուրում է Գայանեփն, օօօ՛, համբուրում է յուր հարսնացվին, յուր ամուսնուն: Հիվանդը, ատամները կրճտելով, ձեռներով ամուր բռնեց գլխի մազերը:

Նա միայնակ է և դարձյավ նույն հյուրասենյակում:

Նրա հայացքը ընկնում է դիմացի հայելու մեջ: Այնտեղ նա տեսնում է յուր ամբողջ կերպարանքը նկարված ոտից մինչև գլուխ: Տեր աստված, ի՞նչ բանի է նմանում նա: Այտերի ոսկորները դուրս ընկած, ահռելի բերանը լայն բացված, շրթունքները լնդերքին կպած: Ալքերի փոխարեն մթին խորշեր, ականջները սևացած, պարանոցը ոսկրացած: Իսկ մարմինը: Ինչ պստիկ, ինչ զազրելի կերպարանք: Այո, իրավունք ունի Գայանեն նրան ատելու, նա մարդկային պատկեր չունի, նա հրեշ է, ճիվաղ է...

«Ես հրեշ եմ, հրեշ եմ, բոլորը ասում են», լսվեց դարձյալ հիվանդի ձայնը:

Եվ նա անկողնից վեր թռավ անբնական արագությամբ, կանգնեց հատակի վրա:

Սեղանի վրա շարունակ վառվում էր կանթեղը: Դրսում քամի էր, աշնանային սարսափելի քամի, որ ամեհի և սոված գազանի պես լիզում էր դաշտերը: Դռների և լուսամուտների արանքից նա ներս էր թափանցում, սուլելով ինչպես օձ, բառաչելով որպես մորթվող չորքոտանի:

Հիվանդը կանգնած էր սենյակի մեջտեղում բարակ գիշերային շապիկով, կուրծքը կիսով չափ բաց: Նրա աչքերի շրջանակները արյունով լի պնակների էին նմանում լայնացած բիբերը, կարծես, ձգտում էին դուրս գալ իրանց բնից: Նա ատամները կրճտում էր կատաղի կերպով, գլխի մազերը խճճվել էին և հավաքել գագաթում: Նա մի բռունցքի մեջ սեղմած էր վերմակի ծայրը, մյուսի մեջ շապկի եզերքը: Կարծես, նա պատրաստվում էր հարձակվել մի աներևույթ թշնամու վրա:

Նա ոտները ուժգին զարկեց հատակին և գոռաց. «Վայրենի ժողովուրդ»:

Դա մի սարսափելի, մի խուլ գոռոց էր, արձակված սաստիկ տենդի մեջ գտնվող հիվանդի տանջվող և տառապող կրծքից:

Այդ գիշերային մենավոր լռության մեջ, այդ դատարկ սենյակում նա հիշեցնում էր յուր որջի մեջ բռնված մի վայրի գազանի, որին դրսից պաշարել էին և կամենում էին կենդանի-կենդանի այրել: Դեմքը կորցրել էր ամեն ինչ, որ մարդկային էր, որ արտահայտում է գիտակցություն և բանականություն, և երևան էր հանել, ինչ-որ գազանային է:

Դռան արանքից ներս սլացող քամին կպչում էր նրա այրվող մարմնին: Դա էր, որ մի ակնթարթ մեղմացրեց նրա տենդային ցնորքները, թույլ, շատ թույլ կերպով լուսավորեց նրա մթնած գիտակցությունը:

Նա նայեց յուր շուրջը, բռոմնցքները բաց արավ, հառաչեց ծանր և երկարատև: Նա մոտեցավ գրասեղանին, ձեռները հենեց նրա ծայրին և նորից հառաչեց:

Կանթեղի մոտ դրած էին մի մեծ թանաքաման, մի քանի գրքեր և լրագիրներ: Նա անմիտ հայացքով նայեց նրանց, հետո պատերին, հետո առաստաղին, հետո հատակին, հետո ինքն իրան ոտից մինչև գլուխ: Եվ երբ գլուխը կրկին բարձրացրեց, նրա հայացքը ընկավ կանթեղի մյուս կողմում դրած փոքրիկ քառանկյունի հայելիին: Նրան թվաց, որ այդ մի մեծ գավաթ է ջրով լի: Նա վերցրեց երկու ձեռներով և մոտեցրեց շրթունքներին: Հետո ցած բերեց, նայեց նրան, նայեց երկար ժամանակ: Դռան արանքից սուլացող քամին մի նոր ցրտություն տարածեց նրա մարմնի վրա: Ահա նա, այն կերպարանքը, որին ամենքը ծաղրում են: Ահա այն խորք թաղված աչքերը, երեսի թուխ և կոշտ կաշին, նոսր մորուքը, տգեղ բերանը, լայն սևացած ատամները: Իսկ հասակը: Նա հայելին պահեց գլխիվայր, կիսահորիզոնական ձևով և նայեց իրան ոտից մինչև գլուխ: Ա՛խ, ո՛րքան նա փոքրիկ է, որքան չնչին: Ինչո՞ւ նա այդպես է ծնվել, ինչո՞ւ նրա ահագին գլուխը տեղավորված է այդ մի քանի թզաչափ մարմնի վրա: Ինչո՞ւ նա և ոչ ուրիշը: Անեծք բնությանը, անեծք նրա օրենքներին, անեծք ամբողջ տիեզերքին, անեծք նրա անձրևույթ զորությանը: Կամ գուցե այդ նրա ծնողների, նրա պապերի և նախահայրերի մեղքն է: Բայց ինչո՞ւ բնությունը նրան և միմիայն նրան է ընտրել այդ մեղքերի պատիժը կրելու, ինչո՞ւ, ինչո՞ւ...

Նա անթարթ աչքերով շարունակ նայում էր հայելու մեջ: Եվ նրա կուրծքը ուժգին բաբախում էր, երեսի բոլոր մկանները ցնցվում էին: Սակայն նա դարձյալ նայում էր ինքն իրան: Կարծես, առաջին անգամն էր տեսնում կամ գուցե ուզում էր վերջին անգամ սիրտը տանջել կամավոր փորձով: Նա հայելին դրել էր սողանի վրա: Նա կատաղությունից եղունգներով ճանկռոտում էր սեղանի ծածկոցը, բայց էլի նայում էր: Նա գտնվում էր կիսատենդային և կիսարթուն դրության մեջ: Հանկարծ նա դողդոջուն ձեռներով խլեց հայելին սեղանի վրայից, ավելի ու ավելի մոտեցրեց աչքերին: Նրա շրթունքները բացվեցին և ատամները դուրս ցցվեցին: Նա հայելին բարձրացրեց գլխից վեր և բոլոր ուժերով զարկեց սենյակի հատակին:

Ապակին շրջանակից բաժանվեց, փշրտվեց: Նրա տասնյակ բեկորները ցիրուցան եղան այս ու այն կողմ: Նույն միջոցին հիվանդի կուրծքը արձակեց մի դառն, երկարատև և կատաղի ծիծաղ:

Բորբոքված ալքերով նա նայում էր հայելու կտորներին, որոնց հնչյունների մեջ զգաց ջախջախված թշնամու վերջին հուսակտուր հառաչանքները: Կարծես, նա յուր վրեժը լուծեց տալով բնությանը արժանի վարձ նրա անարդարության համար:

Իրավ, այժմ նա ավելի հանգիստ էր երևում, թեև տենդը տակավին չէր անցել: Հոգնած, շնչասպառ, ծանր հառաչելով նա հետ ու հետ քայլեց և թուլացած նստեց անկողնակալի վրա: Նրա գլուխը ծանրացել էր, թեքվել կրծքին: Միտքը դեռ պղտորված էր, նա չէր գործում, այլ վերաստեղծում էր անցյալի տպավորությունները: Փոքր առ փոքր նա սկսեց սթափվել, բայց դեռ չգիտեր արթո՞ւն է, թե երազում: Գիտեր միայն, որ ինչ-որ բան է պատահում իրան, մի տարօրինակ, մի չտեսնված բան:

Մի անգամ նա աչքերը վեր բարձրացրեց, և նրա պղտոր հայացքը ընկավ դիմացի դռնևրի ապակու վրա, բայց չնշմարեց մի զարմանալի երևույթ: Դա երկու ձեռնաչափ դեղնագույն մի բան էր ամուր կպած ապակուն, ինչպես չորացած, դեղնած մեծ տերև:

Երբեմն այդ բանը շարժվում էր, քսվելով ապակուն: Նույն միջոցին դռների հետևից լսվում էր ինչ-որ շշուկ: Կարծես, այդ շշուկը հասավ նրա ականջին: Նա ձեռով շփեց տաքությունից այրվող ճակատը, տրորեց ցամաքած աչքերը...

Դեղնագույն բանը չքացավ, ապակին մթնեց: Մեկը դրսից դռները շարժում էր:

«Կորե՜ք, կորե՜ք, գոչեց հիվանդը խուլ ձայնով:

Դռները հանդարտ և կամացուկ բացվեցին: Ներս մտավ կապույտ շապկով, կուրծքը բաց, ոտաբոբիկ մի արարած, ինչպես գիշերային ոգի, որ գալիս է վհուկի ձայնին: Բայց ոգին կամ ուրվականը սաստիկ վախեցած էր: Նա դողում էր ոտքի վրա, նա չգիտեր առաջ գար, թե դռների մոտ մնար:

Այնքան պղտորված էր հիվանդի միտքը, այնքան մթագնած էին նրա աչքերը, որ նա չճանաչեց ուրվականին:

«Կորիր», կրկնեց նա, ոտքի կանգնելով:

Սիրականը, ձեռները փորի վրա դարսած, մի քանի քայլ առաջ եկավ:

«Ջուր, ջուր», սիրտս այրվում է:

Ծառան բարձրացրեց կանթեղի լույսը, տվեց հիվանդին մի բաժակ ջուր:

Հետո նա ասաց.

Աղա, կմրսես, պառկիր:

Հիվանդի թուլացած գլուխը թեքվեց բարձին: Սիրականը ուղղեց նրա մարմինը և վերմակով ծածկեց:

Անցավ մոտ քառորդ ժամ, և հիվանդը, կարծես, քնեց: Սիրականը կանգնած էր նրա գլխի մոտ, ինչպես մի խնամող մայր: Խեղճ մարդ, նա կարծում էր, որ երիտասարդ պարոնը խելագարվել է: Նա դիտմամբ յուր անկողինը բերել էր սենյակի դռների մոտ և այնտեղ պառկել, որ հիվանդին մոտիկ լինի, հարկավոր եղած ժամանակ նրան օգնություն հասցնելու:

Հազիվ նա նիրհել էր, Դիմաքսյանի տարօրինակ գոռոցները զարթնեցրին նրան: Նա ամբողջ ժամանակ դռների հետևից հետևել էր նրա արածներին, չհամարձակվելով ներս մտնել: Այժմ նա ապշած նայում էր հայելու կտորներին, գլուխր շարժում և հիվանդին ձեռով խաչակնքում:

Արդեն լուսաբացին մոտ էր, երբ Սիրականը աթոռի վրա նստած նիրհեց: Նա սթափվեց այն ժամանակ, երբ ուսի վրա զգաց մի ծանրություն:

Դա Մսերյանի ձեռն էր:

Գիշերը հանգիստ է քնել:

Չարչարվել է խեղճը մինչև լույս:

Սիրականը նրան կանչեց մի կողմ և շշնջյունով պատմեց գիշերվա եղելությունը: Մսերյանը վախեցած մոտեցավ հիվանդին և զգուշությամբ ձեռը շփեց նրա ճակատին: Հիվանդը քրտնած էր: Մսերյանը ծառային պատվիրեց հայելու բեկորներր հավաքել և դուրս գնալ: Իսկ ինքը նստեց յուր ընկերոջ անկողնակալի մոտ:

Մի ժամ անցած եկավ բժիշկ Սալամբեկյանը: Հիվանդը դեռ քնած էր. Մսերյանը հաղորդեց նրան ծառայի պատմածը:

Կնշանակէ սաստիկ տաքության մեջ է եղել: Ոչինչ, ոչինչ, մի վախենալ, սովորական ցնորք է...

Վերջապես, Դիմաքսյանը շարժվեց վերմակի տակ: Ծանր հառաչելով, նա երեսը դարձրեց ընկերներին և արտասանեց.

«Ես հիվանդ եմ, բժշկեցե՛ք ինձ...»

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Երկու ամիս ճանապարհորդելուց հետո Բարաթյանները վերադարձան Թիֆլիս: Նորապսակների համար Գերասիմ Գերասիմիչը յուր տանը պատրաստել և գեղեցիկ կահավորել էր տվել առանձին սենյակներ: Անդամալույծը ուրախ էր որդու ամուսնությանը, միայն երբեմն ինքնուրույնաբար գլուխը շարժում էր և քնթի տակ ասում. «Եթե Իսահակը իմ որդին էհայր Աբրահամի ծնունդը չէ. այս չորացած ոտներս կկտրեմ, եթե նա հինգ ամսից ավելի դիմանա...»:

Սովորական այցելություններից հետո, նորապսակների համար սկսվեց բուն ընտանեկան նստակյաց կյանքը:

Բարաթյանը վճռել էր սահմանափակել յուր նախկին ծանոթների թիվը, հարաբերություն պահելով միայն այնպիսիների հետ, որ քիչ թե շատ հասարակական դիրք ունեն: Մսերյանին նա դուրս գցեց ցուցակից: Բժիշկ Սալամբեկյանը պետք է ընդունվեր: Վեքիլյանի համար, հարկավ, դռները բաց էին կրունկների վրա: Դիմաքսյանի մասին նա ասում էր, թե արժանի չի համարում նրան յուր տունը թողնել, թեև միևնույն ժամանակ, զգում էր, որ վիրավորված ընկերը հավիտյան ընդհատել է նրա հետ յուր հարաբերոլթյունները:

«Իսկ քո բոլոր ազգականները և բարեկամները աչքիս վրա տեղ ունեն», ասում էր նա Գայանեին, թվելով յուր ապագա շրջանի մարդկանց:

Տիկինը նստած էր ամուսնու դեմուդեմ և լուռ լսում էր նրա որոշումները, առանց ընդդիմանալու, միանգամայն հպատակվելով նրա կամքին: Նա նկատելի կերպով նիհարել էր, աչքերի տակը բավական խորացել էր: Առհասարակ արտասահմանից նա վերադարձավ շատ փոխված: Բայց այդ միայն արտաքուստ էր: Իսկ հոգեպես նա այժմ ավելի բախտավոր էր, երջանիկ ժպիտը չէր հեռանում նրա շրթունքներից: Այժմ նա պաշտում էր ամուսնուն և կատարելապես համոզված էր, որ ինքն էլ պաշտվում է նրանից: Չկար նրանց փոխադարձ սիրո և երջանկության վրա ոչ մի արատ, ոչ մի թեթև ստվեր: Այսպես էր կարծում Գայանեն, և նրա ուրախությունը այնքան մեծ էր, որ նույնիսկ արժանի չէր համարում իրան այդ վիճակին: Երբեմն նա մինչև անգամ արտասվում էր, հուզվելով բախտի բուռն զգացումներից: Այդ երջանիկ հուզմունքն էր ազդել նրա առողջության վրա և այնպես նիհարեցրել նրան: Նա պատրաստ էր ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, առանց ուտել-խմելու, նստել ամուսնու դեմուդեմ, ձեռները նրա ափի մեջ դրած և աչքերը նրա աչքերին հառած: Պատահում էր, որ նա վախենում էրմիգուցե մի չար զորություն հանկարծ ընդհատի նրանց երջանկությունը: Չէ՞ որ նրանք մահկանացուներ են և կարող է մեկը կամ մյուսը հիվանդանալ, կամ մի հանկարծակի փորձանքի հանդիպել, կամ մեռնել: Նա սարսափում էր այդ մտքից: Պատահում էր և ուրիշ, ավելի հուզիչ բանԳայանեն կասկածում էր: Թվում էր նրան, որ հանկարծ յուր Իսակը կարող է դադարել սիրելուց, պաղել և աչքը ուրիշների վրա դարձնել: Ուստի նա անդադար ստիպում էր նրան կրկնել.

«Սիրում եմ և պիտի հավիտյան սիրեմ»:

Գայանեին չէր հետաքրքրում դրսի կյանքը: Նա մոռացել էր ամեն բան, և ազգականուհիներին, և ընկերուհիներին, և նույնիսկ կանանց ընկերությունը, որի համար առաջ այնքան աշխատում էր: Ընկերուհիները զանազան կատակներ էին անում նրա հետ, անգամ ծիծաղում էին նրա վրա: Բայց նա պատրաստ էր ամեն տեսակ ծաղր ընդունվել, միայն նրան հանգիստ թողնեին յուր Իսակի հետ:

Այդ միջոցներին քաղաքային ընտրությունների պայքարը սկսվել էր: Պյոտր Սոլոմոնիչը արտասովոր շարժման մեջ էր: Կազմվել էր ընդդիմադիր կուսակցություն: Կամենում էին հին իրավասուներից շատերին հեռացնել, նոր քաղաքագլուխ և վարչության անդամներ ընտրել:

Իրավասուների ցուցակից դուրս էին ձգել Պյոտր Սոլոմոնիչին և Ամբակում Աֆանասևիչին: Վերջինը համարվում էր քաղաքի շահերի համար վնասակար, իսկ առաջինըմի ավելորդ, անօգուտ բան: Այսպես էլ գրված էր մի տեղական լրագրում, «ավելորդ Բախտամովը»:

Եռանդուն քաղաքացին կատաղել էր: Ամբողջ օրը նա կլուբում ու փողոցներում բողոքում էր թշնամիների դեմ քարոզելով:

Քաղաքացիներ, խելքի եկեք, կռամռոները եկել են ուրիշ քաղաքներից մեր հացը խլել, ուզում են մեր քաղաքն էլ իրանց ձեռքն առնեն:

Ամբակում Աֆանասևիչը ժողովներ էր կազմում: Առաջին կարգի ընտրողները նրա մարդիկն էին: Երկրորդ կարգի մեծ մասը միջին վաճառականներն էին: Պյոտր Սոլոմոնիչը պտտում էր յուր կալվածները, վաղօրոք բոլոր խանութպանների ականջին շշնջալով ապագա իրավասուների անունները: Նոյեմբերի կեսին Ամբակում Աֆանասևիչի կուսակցությունը, տարավ առաջին հաղթությունը: Պյոտր Սոլոմոնիչն ընտրվեց միայն մեկ ձայնի առավելությունով: Դա նրան վշտացրեց, բայց և այնպես ուրախ էր, որ ընտրվեց, որովհետև հույս չուներ ընտրվելու:

Քանի որ կենդանի ենք, սա մեր ձեռքին կմնա, — պարծենում էր նա, ձեռնափայտը խփելով պրոսպեկտի մայթին, որի մասին նա առաջին և վերջին անգամ Դումայում մի ճառ էր ասել ուղիղ երկու բառից բաղկացած՝ «պետք է նորոգել»:

Օրը կիրակի էր: Ընտրության դահլիճը և մյուս սենյակները լցվել էին ընտրողների բազմությամբ: Շատ հետաքրքիր կանանց շարքում երևում էր և Գայանեն տիկին Բախտամյանի հետ: Ներքևում տիրում էր անասելի աղմուկ: Նախագահն անընդհատ զանգահարում էր: Թանձր մթնոլորտի մեջ երևում էր ճաղատ, սևահեր, շիկահեր, կարմիր և սպիտակ գլուխների մի խայտաբղետ խառնուրդ, որ ճիշտ նկարչի պոչիտրային էր նմանում:

Ամբակում Աֆանասևիչի կարմրակաշի գլուխը փայլում էր ինչպես մի վիթխարի գնդասեղ ահագին տիկի մեջ խրած: Նա կանգնած էր դահլիճի մի հայտնի տեղում, ոտները միմյանցիս մի արշին հեռու դրած, ձեռները գրպանում, փորը դուրս գցած: Հանգիստ ժպտալով, նա նայում էր սկսվող պատերազմին, ինչպես մի զորապետ, որ կանխապես համոզված է յուր զորքի հաղթությանը: Նրա աջ ու ձախ կողմերում կանգնած էին Վեքիլյանը և Բարաթյանը: Վերջինը մերթ ընդ մերթ նայում էր դեպի վեր և ժպտում Գայանեին: Նորատի տիկինը սաստիկ հետաքրքրված էր քվեարկության հետևանքով: Եթե յուր Իսակին սևացնեին, օ՛օ, նա անչափ պետք է վշտանար:

Վերջացավ թերթիկների ընթերցումը: Առաջին ընտրելին Ամբակում Աֆանասևիչն էր: Վեքիլյանը յոթներորդն էր, իսկ Բարաթյանը քսանիններորդը: Ուրեմն հույս կար ընտրվելու:

Ամբակումին ծափահարեցին, նա ընտրված էր: Անցավ և Վեքիլյանը:

«Իսակ Գերասիմիչ Բարաթով», լսվեց հանկարծ նախագահի ձայնը:

Գայանեի ականջները կարմրեցին, նա դարձավ մարմնացած լսողություն: Նա հետևում էր նախագահի ձեռին, որ մեկ-մեկ բաց էր թողնում քվեները փայտյա գավաթի մեջ: Նա ականջ էր դնում քվեներ պարունակող արկղիկի ձայնին, արդյոք շատ է մնում այնտեղ, արդյոք կընտրվի յուր պաշտելին, յուր անզուգական Իսակը, որ ահա այնտեղ կանգնած խոսում է, ծիծաղում, զվարճանտւմ յուր ներքին անհանգստությունը քողարկելու համար:

Եվ նա հռչակվեց ընտրված:

Ծափահարությունների աղմկից շփոթված, նա բարձրացավ վեր, մոտեցավ Գայանեին: Նրանք երկուսն էլ երջանիկ էին, երկուսի էլ սիրտը բաբախում էր: Գայանեն տակավին գոգում էր, բայց այժմ ուրախությունից: Նրա ընտրածը հասարակության ընտրածը դարձավ: Վաղը մյուս օրը նա կփայլի յուր խելքով, յուր ուսումով, յուր հռետորական տաղանդով: Ահա այժմ կերևա, թե ինչ ուժ է Բարաթյանը և որքան ճաշակ ու խելք ուներ Գայանեն, որ նրան ընտրեց:

Խուռն բազմությունը ճեղքելով, նրանք դուրս եկան փողոց:

Ուրա՞խ ես, — հարցրեց Իսակը:

Գայանեն ավելի ամուր կպավ նրա թևին: Նա խոսք չէր գտնում յուր երջանկությունը արտահայտելու:

Ուրեմն, — շարունակեց Իսակը, — այսօրվանից ես սկսում եմ հասարակությանը ծառայել: Այո՛, ծանր պարտականություն հանձն առի, էհ, ոչինչ, կաշխատեմ սևերես չմնալ իմ ընտրողների առաջ: Նորերը հանդես են գալիս և քշում են ասպարեզից հներին: Կյանքի անիվը պտտվում է, ով խելք ունե, նրա հետևից պետք է ճանկի, որ բարձրանա վերև, որպեսզի նորից գլորվի ցած: Բախտավորը նա է, որ ժամանակին կաշխատի ինքը իջնել, որ չմնա անիվի տակ և ջախջախվի: Եթե ճակատագիրը վիճակել է ինձ հաջողությունը, կգրկեմ նրան ուրախ սրտով: Սիրելի, անգին Գայանե, եղիր իմ օգնականը, թևեր տուր ինձ և ես կսավառնեմ բարձր մինչև այն աստիճան, որ ամբոխը որ կողմ նայի՝ ինձ և միմիայն ինձ տեսնի: Սիրտս լցված է փառասիրության զգացումով, և ես կամենում եմ միշտ հաղթել, միշտ առաջ գնալ, միշտ փայլել քո և իմ երջանկության համար:

Իսկ ես այնքան ավելի կհպարտանամ, կպարծենամ քո անունով, որքան նա բարձր կհնչի: Գիտե՞ս, ես ուզում եմ, որ դու լինես կամ մի հռետոր, կամ մի հայտնի հասարակական գործիչ, մի խոսքով, ես ուզում եմ, որ դու բարձր լինես ամբոխից, որ քեզ հարգեն, պատվեն, սիրեն, ինչպես մի հազվագյուտ մարդու:

Հասկանում եմ, հասկանում եմ, քո քնքուշ սրտի մեջ էլ հպարտություն և փառասիրություն կա: Օ՛օ, ես կաշխատեմ արդարացնել քո հույսերը: Այսօր ես իրավասու ընտրվեցի, իսկ եկող տարի այսօրվա օրը դու ինձ կտեսնես դպրոցի հոգաբարձու: Եվ գիտես ո՞ր դպրոցի, այնտեղ, ուր այժմ տեսուչ է մեկը, որ ինձ կռիվ է հրատարակել:

Գայանեն իսկույն բնազդմամբ հասկացավ, թե նրա խոսքը ում մասին է: Մի անորոշ, անբացատրելի երկյուղ հանկարծ համակեց նրա սիրտը, և նա հուզված ձայնով ասաց,

Следующая страница