Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ավերակների վրա

ՕՎՍԱՆՆԱ. (Ամբողջ ժամանակ հետևել է Ժորժի դեմքի արտահայտությանը: Արամագդին): Շարունակե՞ցեք:

ԱՐԱՄԱԶԴ. (Միշտ անուշադիր դեպի Ժորժր): Պարոնը միջոցներ է փնտրում անախորժ հյուրից ազատվելու համար: Մեջ են ընկնում նրա համալսարանական ընկերները, գործը հանձնվում է ընկերական դատարանին: Որոշվում է այսպես, օրիորդը կմնա այստեղ, պարոնը երեխային կտա իր անունը, իսկ մորը կհամարի իր կինը: Օրինական, թե ապօրինիայս միևնույնն է:

ՕՎՍԱՆՆԱ. (Շնչասպառ): Հետո՛, հետո՛...

ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդը դրականապես հրաժարվում է, ասելով, թե ոչ միայն չի կարող այդ մարդու կինը դառնալ, այլև չի համարձակվիլ իր երեխային տալ նրա անունը: Այդ ժամանակ ընկերները որոշում են, թե պարոնը պարտավոր է ապահովել գոնե իր զավակին մի որոշ ամսականով: Պարոնը, իհարկե, խոստանում է... Օրիորդը վերցնում է երեխային ե վերադառնում է Մոսկվա, ահա այդ մատանին ձեզ տալու նախընթաց օրը...

ՕՎՍԱՆՆԱ. Փաստեր տվեք, փաստեր, ես ձեզ չեմ հավատում:

ԺՈՐԺ (Մի քիչ խրախուսված): Այո, փաստ՛եր, ես փաստեր եմ պահանջում: Ումի՞ց եք լսել այդ սոսկալի զրպարտությունը:

ԱՐԱՄԱԶԴ. (Կիսով չափ դառնալով Ժորժին): ճանաչո՞ւմ եք բժիշկ Ազիզյանցին:

ԺՈՐԺ. Նա իմ թշնամին է:

ՕՎՍԱՆՆԱ. Ես նրա մասին շատ լավ կարծիք եմ լսել:

ԱՐԱՄԱԶԴ. (Դառնալով Օվսաննային): Բժիշկ Ազիզյանցը եղել է մեկն երկու դատավորներից օրիորդի կողմից: Թույլ տվեք կատարել նրա մի անախորժ հանձնարարությունը, օրիորդ: (Դուրս է բերում գրպանից մի նամակ): Դուք, անտարակույս, ճանաչում եք ձեր նշանածի ձեռագիրը: Առեք, (Տալիս է նամակը) :

ԺՈՐԺ. (Մեկուսի): Իմ նամակը: (Հարձակվում է Օվսաննայի վրա, որ նամակը խլե): Մի կարդա, Օվսաննա, դա մի ստոր զրպարտություն է...

ՕՎՍԱՆՆԱ. (Խիստ և սպառնողական տեսքով): Սպասի՛ր...

ԱՐԱՄԱԶԴ. Այդ նամակը օրիորդը թողել է բժիշկ Ազիզյանցի մոտ և պարտավորել նրան, որ ձեզ ցույց տա: Ահա նրա խոսքերը. «Թող այդ անմեղ աղջիկն իմանա, թե ում հետ է ուզում կապել իր ճակատագիրը»: Եվ բժիշկ Ազիզյանցն ինձ է հանձնարարել այդ նամակը ձեզ տալու:

ՕՎՍԱՆՆԱ. (Նայում է նամակի վերնագիրը): Սիրելի Օլգա: (Ապա ստորագրությունը): «Քո ժորժ»: Այո, այս քո ձեռագիրն է: (Շտապ շտապ կարդում է մտքում, ավելի ու ավելի հուզվելով: Ապա, ձեռքերը թուլացած կողքերին թողնելով, դառը կշտամբանքով): Ողորմելի, որքան սեր ես շռայլել:

ԺՈՐԺ. Սուտ է այդ բոլորը, Օվսաննա, սուտ է, մի՛ հավատար: Ես այդ աղջկան չեմ մոլորեցրել, այլ ինքն է հափշտակվել: Դա երիտասարդական մի սխալ է: Դա մի սովորական բան է, նշանակություն մի տուր, քեզ ոչ ոք չի անհանգստացնիլ, ոչ ոք... ՕՎՍԱՆՆԱ. Օ՜, եթե միայն այդ լիներ, (Հանում է մատանին, և շպրտում է Ժորժի վրա): Վերցրեք և հեռացեք այստեղից...

ԺՈՐԺ. Բայց...

ՕՎՍԱՆՆԱ, Հեռացե՛ք, հեռացե՛ք, հեռացե՛ք: (Երեսը դարձնում է ժորժից): Լռություն:

ԺՈՐԺ. (Թեքվում է և մատանին վերցնում):

ՕՎՍԱՆՆԱ, (Նամակը տալիս է Արամազդին): Առեք և գնացեք...

ԺՈՐԺ. (Միանգամայն ջախջախված): Դու չունիս իրավունք, Օվսաննա, դու ինձ անպատվում ես մի զրպարտչի մոտ...

ՕՎՍԱՆՆԱ. Դո՛ւրս, դո՛ւրս, ապա թե ոչ՝ ծնողներս կտեսնենեն իմ խայտառակությունը...

ԱՐԱՄԱԶԴ. (Նամակը գրպանը դռնելով): Օրիորդ, շատ էլ խիստ մի լինիք: Մեղմացրեք ձեր հարվածը: Ասացեք այդ պարոնին, որ հափշտակված է ոչ ձեզանով, այլ ձեր օժիտով, թե ձեր հայրը սնանկ է, և դուք այժմ ոչինչ չունիք..,

ԺՈՐԺ. (Չարախնդությամբ Արամազդին): Եթե այդպես է, ամուսնացեք նրա հետ ինքներդ: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 8

ՕՎՍԱՆՆԱ, ԱՐԱՄԱԶԴ, ՆԱՐԳԻԶ և ՆՈԻՆՈՒՖԱՐ

ԱՐԱՄԱԶԴ. (Նայել է Ժորժի ետևից արհամարհանքով: Մոտենում է Օվսաննային): Լսեցի՛ք, օրիորդ...

ՕՎՍԱՆՆԱ. Մի՛ մոտենաք, ես ձեզ արհամարհում եմ: (Այլևս չկարողանալով իրան գսպել, մի բարձր ճիչ է արձակում և, ընկնելով բազկաթոռի վրա, հեկեկում է):

ԱՐԱՄԱԶԴ. (Օվսաննայի «արհամարհում եմ» բառից հարվածված, մնացել է միևնույն դիրքում անշարժ):

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Շտապով մոտենում են Օվսաննային):

ԱՐԱՄԱԶԴ. (Հուսահատ մեկուսի): Արհամարհո՛ւմ է...

Վարագույր

Ա Ր Ա Ր Վ Ա Ծ ՉՈ Ր Ր ՈՐԴ

Արամազդ Աղավելյանի նոր բնակարանը:

Միանգամայն ժամանակակից, բայց առանց որոշ ճաշակի կահավորված սենյակ: Աջ պատի մեջ մի զույգ դռներ, որոնցից աոաջինը տանում է Լեյլիի, իսկ երկրորդը Նոյիմզարի սենյակը: Ձախ պատի մեջ նույնպես մի զույգ դռներ, որոնցից աոաջինը դեպի Արամագդի առանձնասենյակը, երկրորդը նախասենյակ: Խորքի պատի մեջ երեք բարձր լուսամուտներ:

Պատերի վրա նկարներ չկան: Աջ պատի վրա մի խումբ ինչ-որ լուսանկարներ: Ձախ պատի վրա մի մեծ հայելի: Միջին լուսամատի վրա դրած է մի վանդակ, մեջը թութակ: Աջ լուսամատի աոջև, անկյունում մի գրամաֆոն, որի փողը դարձած է դեպի փողոց: Ձախ պատի աոջև գահավորակ, սեղան, կիսաբազկաթոռներ: Այս ու այնտեղ աչքի գարնող փայլուն, գույնզգույն էժանագին գարդեր:

Դաշնամուր չկա, վառարան նույնպես: Առաստաղից քաշ է արած էլեկտրական ջահ:

ՏԵՍԻԼ 1

ՆՈՅԻՄԶԱՐ, ՋԱՎԱԴ և թութակ

Գարնանային իրիկնադեմ է, օրը հետզհետե մթնում է: Վարագույրը բարձրանայիս գրամաֆոնը նվագում է մի արևելյան եղանակ քամանչի վրա, առանց երգի:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Գրամաֆոնից ոչ հեռու նստած: Հրճվանքով ականջ է դնում: Այժմ թասակրավը թողել է, գլխի մազերը հարդարած են մոդային հավակնությամբ: Հագուստը նոր է և բաց գույնի: Մի քիչ լսելով, վեր է կենում և լուսամատով նայում է դեպի փողոց): Հավաքվեցին, թող ականջ դնեն է, խեղճ են:

ՋԱՎԱԴ. (Վարագույրը բարձրանալիս գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով, ձեռքում մի շիշ ջուր և մոտենում է թութակի վանդակին: Մեկուսի): Չսիրեցի այդ ֆոնոգրաֆը, կասես հարբուխ ընկած ոչխարի ձայն է: (Թութակին): Հրմ, աղաբաշի՞, քե՞ֆդ, հա՛լդ: Ծարավել ես, հա՞: (Վանդակի մեջ ջուր է ածում և կորեկ ավելացնում): Կեր, խմիր, քեֆ արա: Մի քիչ խոսիր տեսնենք, ի՞նչ ես լեզուդ փորդ գցել: Ասա.

«Զյուլումն եկավ, դովլաթս տարավ

«Հիմար աշխարհ, քոռ, բախտ...

Ասա, հիմար, քոո, հիմար, քոռ...

ՆՈՅԻՄԶԱՐ. Այդ ի՞նչ ես սովորեցնում թութակին:

ՋԱՎԱԴ. Իմ նոր մուխամազը: Այսօր շարադրեցի Աթանես աղայի համար:

ՆՈՅԻՄԶԱՐ. Շատ ես սիրում քո Աթանես աղային, այ:

ՋԱՎԱԴ. Աթանես աղան աղա է:

ՆՈՅԻՄԶԱՐ. Հապա ինչո՞ւ դուրս եկար նրա մոտից:

ՋԱՎԱԴ. Չպահեցին: ինչ անեմ: Ես ասացի «մի փոր հացով էլ կծառայեմ, Նարգիզ խանում, ռոճիկ չեմ ուզում»: Ասաց, «չէ, ավելորդ ես, հիմա Նունուֆարն էլ մեզ համար շատ է»:

ՆՈՅԻՄԶԱՐ. Հե, չունին, պրծավ, չոր տափի վրա մնացին..

ՋԱՎԱԴ. (Թութակին): Ասա, ա հիմար, ասա, «հիմար աշխարհ, քոռ բախտ»: էհ, հենց մի գլուխ կողքդ ես քորում ծուռ քթովդ: Գրամաֆոնը դադարում է:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուզում է նորից լարել):

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ԼԵՅԼԻ ԼԵՅԼԻ.

(Գալիս է շտապով դրսի հագուստով, ձախ կողմի երկրորդ դռներով: Հագնված է ավելի լավ, բայց համեստ և ճաշակով): Ահ, մի՛ լարիր, Նոյիմզար, բավական է: Հավաքվել են փողոցում, մեզ ծաղրում են: Ասում են, «չտեսներ են»:

ՋԱՎԱԴ. (Մեկուսի): Սուտ չեն ասում:

ՆՈՅԻՄԶԱՐ. Շատ հարկավոր է, որ ասում են: Նախանձից են ասում:

ԼԵՅԼԻ. (Խանգարում է արել): Ոչ, ոչ, թող խնդրում եմ: (Ծածկում է լուսամուտի փեղկերը և գրամաֆոնի փողը դարձնում է դեպի սենյակ):

ՆՈՅԻՄԶԱՐ. Լավ, չուզեցի: Ո՞րտեղից ես գալիս:

ԼԵՅԼԻ. Օվսաննայի մոտից: (Գլխարկը վերցնում է, դնում է բազկաթոռի վրա է, կանգնելով հայելու առջև, մազերն ուղղում է):

ՆՈՅԻՄԶԱՐ. էլի՛: Ես քեզ չասացի, որ Ֆրանգուլյանների տունը ոտ չդնես:

ԼԵՅԼԻ. Անկարելի է Օվսաննային մենակ թողնել:

ՆՈՅԻՄԶԱՐ. Շա՞տ ես ցավում հա՞:

ՋԱՎԱԴ. Դե, իհարկե, պետք է ցավել: նրանք այժմ համարյա թե աղքատ են:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Արագ դառնալով դեպի Ջավադը): Հը՛ : դու դեռ այստե՞ղ ես: Գնա բանիդ:

ՋԱՎԱԴ. Ե՛ս, մեղա աստծու: (Հեռանում է: Մեկուսի): Բ ա, բա, բա, բա, աստված ազատի թազա թխած խանումներից: (Թութակին): Հիմար աշխարհ, քոռ բախտ: (Գնում է ձախ կողմի երկրորդ դոներով):

ՏԵՍԻԼ 3

ՆՈՅԻՄԶԱՐ և ԼԵՅԼԻ

ԼԵՅԼԻ. (Նստում է գահավորակի վրա մտազբաղ): Այո, Ֆռանգուլյանների դրությունը ցավալի է, շատ ցավալի:

ՆՈՅԻՄԶԱՐ. Ես իսկի էլ չեմ ցավում:

ԼԵՅԼԻ. (Խորին կշտամբանքով): Նոյիմզար, չար մի՛ լինիր:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Մոտեցել է հայելուն ու նայում է իր հագստին): է՜հ, ասում ես էլի: Մենք էլ ենք վատ օրեր ունեցել, նրանք ցավել են: Քսան տարեկան եղբայր կորցրինք, մի անգամ նրանցից մեկը մեր տուն ոտ դրե՞ց: Ջահել ամուսին թաղեցի, ո՞վ նրանցից եկավ ինձ մխիթարելու: Թաղման օրը քո այդ Նարգիզ խանումը խնջույք ուներ: Աշխարհն այսպես է: Հիմա մենք պիտի խնջույքներ տանք:

ԼԵՅԼԻ. Բայց մի մոռանար, որ Արամազդն Օվսաննային սիրում է:

ՆՈՅԻՄԶԱՐ. Իսկի էլ չի սիրում:

ԼԵՅԼԻ. (Դաոը հեգնությամբ): Այո, լավ ես հետևում եղբորդ: Այն օրից, երբ նա պատռել է այդ Ադիլբեկյանի դիմակը, դարձել է անճանաչելի: Նա տանջվում է, Նոյիմզար, գիտես, տանջվում է: Գիշերները նա քուն չունի, երբեմն մինչև լուսաբաց պտտում է իր սենյակում, մերթ կիսամերկ, մերթ հագնված: Քանի՜-քանի՜ անգամ, շունչս պահած, ուշադրությունս լարած, այ այն դռների արանքից հետևել եմ նրան: Ես տեսել եմ նրա շվաքը պատերի վրա սահելիս, լսել եմ նրա քայլերի ձայնը և ծանր, երկարատև հառաչանքները: Նա պաշտում է Օվսաննային, իսկ Օվսաննա՜ն... (Ձեոով մի հուսահատական շարժումն անելով, ոտքի է կանգնում և սկսում է անցուդարձ անել):

ՆՈՅԻՄԶԱՐ. Իսկ Օվսաննան ի՛նչ: էլի փքվում է ու տրաքո՞ւմ:

ԼԵՅԼԻ. Նա բնավ չի խոսում Արամազդի մասին, բնավ: Մի քանի անգամ ես դիտմամբ խոսք բաց արի, նա կարծես, խուլ է և համր Արամազդի անվան համար...

ՆՈՅԻՄԶԱՐ. (Բարկանալով): Մի հարցնող լինի, այժմ ինչովդ ես պարծենում, ամբարտավան, էլ ի՞նչ ունիս գոռոզանալու: Չէ, Լեյլի, դու անձնասիրություն չունիս, դու քո եղբոր հպարտությունը ոտնատակ ես անում, այդ աղջկա մոտը գնալով:

ԼԵՅԼԻ. Բայց, հասկացի՛ր, ինքն Արամազդն է ինձ ստիպում այժմ ամեն ուր գնալ Օվսաննայի մոտ և տեղեկություններ բերել նրա մասին:

ՆՈՅԻՄԶԱՐ. Որ այդպես է, ես այսօր նրա հետ կխոսեմ: Բայց թողնենք այդ: Գիտես, Լեյլի, այսօր ինչ եմ մտածել: Ախար մենք դաշնամուր չունինք:

ԼԵՅԼԻ. (Ձեռով մի արհամարհական շարժումն անելով): է՛հ:

ՆՈՅԻՄՋԱՐ. Այո, այո, դա մեծ պակասություն է:

ԼԵՅԼԻ. Ո՞ւմ համար, ոչ դու գիտես նվագել, ոչ ես:

ՆՈՅԻՄԶԱՐ. Այդ մասին էլ եմ մտածել: Ես ուզում եմ երաժշտություն սովորել:

ԼԵՅԼԻ. Այդ հասակո՞ւմ:

ՆՈՅԻՄԶԱՐ. Ի՞նչ կա որ... քսանուինը տարին մեծ բա՞ն է:

ԼԵՅԼԻ. (Ակամա ժպտալով): Այսինքն երեսունուերկու տարին:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Վիրավորված): Ի՞նչ ես ամեն անգամ ուղղում, ես իմ տարիքը քեզանից լավ գիտեմ: Հապա ինձ նայիր (ինքը նայում է հայելուն), ո՞վ կարող է ինձ քսանուհինգից ավելի տալ: Թասակրավս վերցնելուց հետո, շատերն ինձ օրիորդ են համարում: (Տոնը փոխելով): Չէ, անպատճառ պետք է սովորել: Դժվարը թասակրավն էր, մնացյալը հեշտ է: Ինչո՛ւ չէ, մեր մատները մսից ու ոսկորի՞ց չեն:

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ, ԱՐԱՄԱԶԳ և ՇԱՄԻԼ-ԲԵԳ

ԱՐԱՄԱԶԴ.(Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով, հագնված է այնպես, ինչպես երկրորդ արարվածում): Շատ չավ, շատ լավ, այս երեկո էլ ես կլուբ կերթամ: Բայց թուղթ երբեք չեմ խաղալու, այս լավ իմացիր:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գալիս է Արամագդի հետ: Հագնված է այնպես, ինչպես երկրորդ արարվածում): Լավ, ես կխաղամ, դու մոտս կնստես: Փորձել եմ, որ ոտդ ինձ գալիս է: Բարրիկուն քույրերի՜ս: (Ըտանեբար ձեռ է տալիս Նոյիմզարիս և Լեյլիին):

ԱՐԱՄԱԶԴ. Ինձ հարցնող չի՞ եղել:

ԼԵՅԼԻ. Ոչ: (Դիմում է Արամազդին հետաքրքրությամբ, բայց աննկատելի, հետո աչքերով ուղեկցում է նրան մինչև դոները):

ԱՐԱՄԱՋԴ. (Շամիլ-բեգին): Սպասիր, հագուստս փոխեմ, գնանք: (Արագ քայլերով գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ առանց ԱՐԱՄԱԶԴԻ

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Նստում է գահավորակի վրա ծանր ու բարակ): Քույր Նոյիմզար, նոր խաբար:

ՆՈՅԻՄՋԱՐ. (Վախեցած): Վիշկան այրվե՞լ է,

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Աչքերը չռելով): Դմբո, ի՞նչ տամ, որ խեր խոսեք: Ուրախ խաբար եմ ասում, սրտի մահլամ, մարդու հոգին փառավորող խաբար: Նոմեր չորրորդն էլ սկսեցինք քաշել: Գալիս է նավթը, գալիս աղբյուրի պես: Օրական երեք հազար փութ, լավ է, չէ՞:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուրախ): Տեսնո՞ւմ ես, Լեյլի, հիմա դաշնամուր չառնելը անկարելի է:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Բայց քույր Լեյլին չի ուրախանում: (Լեյլիին): Այդ ինչո՞ւ, հա՞:

ԼԵՅԼԻ. (Գալով բեմի կենտրոնը մտազբաղ): Ես ուրախ եմ, որ Արամազդին կլուբ եք տանում: Նա երեկոները միշտ տանն է...

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Իհարկե պիտի տանել: Բաս էլ ո՞ր օրվա համար ենք փող աշխատում, որ կլուբ էլ չգնանք: Գիտե՛ք, քույր Նոյիմզար, հիմա մեր ընկերության անունը այնտեղ բերանից բերան է անցնում: Հայ գիտի, հայ, որտե ղ էինք, որտեղ հասանք, (ձեռը հանդիսավոր բարձրացնելով) Շամիլ-բեգ Մելիք-Աղաջանով: Նիփթա պռոմըշնիկ: Չէ, Արամազդը հարիֆ է: Մին այն գրամաֆոն է, ինչ է, սարքեցեք, մի քիչ քեֆս բացվի: Մին բայաթի ղաջար կամ բայաթի շիրադ (նայում է դեսուդեն):

ՆՈՅԻՄԶԱՐ. Իսկույն, (Ուզում է գրամաֆոնը լարել):

ԼԵՅԼԻ. (Շամիլ-բեգին): Արամազդը չի սիրում:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Հաա, դե հարկավոր չէ, քույր Նոյիմզար, մ՛ի սարքիր:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Հեռանում է գրամաֆոնից):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Արամազդին վերջերս մի քիչ տխուր եմ տեսնում է: Չգիտեմ, ո՞վ է նրա Էշին կաղ ասել: Չլինի՝ թե դրուստ է, որ ասում են, թե դովլաթր դարդ է անում:

(Դարձյալ նայում է դեսուդեն):

ՆՈՅԻՄԶԱՐ. Այդ ի՞նչ եք փնտրում, Շամիլ-բեգ:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Մի բան ասեմ, չնեղանաք, քույր Նոյիմզար, ձեր առաջվա կարգ ու սարքր ինձ ավելի էր դուր գալիս: Այստեղ (վիզը քորելով) մի բան պակասում է:

ՆՈՅԻՄԶԱՐ. Գիտեմ, դաշնամուր:

ԼԵՅԼԻ. Ո՛չ, բուֆետ:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ափարին, քույր Լեյլի, հարիֆ ես, լավ իմացար,(Նոյիմզարին): Ասելս այն է, որ առաջ ամեն բան ձեռքի տակ էր: Մեկ-մեկ ես ինքս էլ էի մոտենում բոսիետինք, Մախլա ս:

ԼԵՅԼԻ. Եթե գինի եք աղում, կարող եմ բերել:

ՆՈՅԻՄԶԱՐ. Ո՛չ, ոչ, այս սենյակում ուտել-խմելն արգելված է: Ուզո՞ւմ եք, համեցեք սեղանատուն:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Դմբո՛, այդպես շուտ արիստոկրատ՛ դարձա ք: Լավ, այդ էլ չուզեցինք: Մի քույրը գրամափոնն է արգելում, մյուսը գինի, արի ու քեփ արա, Շամիլ-բեգ: (՛Վեր է կենում): Ձեր ղուշր խոսել սովորե՞ց:

ՆՈՅԻՄԶԱՐ. Մեկ-մեկ բառ ասում է, չեմ հասկանում:

ԼԵՅԼԻ. (վերցնում է յուր գլխարկը բազկաթոռի վրայից և դնում է աջ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 6

ՇԱՄԻԼ-ԲեԳ, ՆՈՅԻՄԶԱՐ և թութակ

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Մոտենում է թութակին): Տեսնենք, կարելի է ես հասկանում: (Թութակին): Ադա, ջուալլաղի, ի՞նչ ես քիթդ քաշ արեր Հը, ասա, խոմ ժալոնկադ հորը չի ընկել, «Շամիլ-բեգ, Մելիք-Աղաջանով, Խամսաչի մելիքներից»:

ՆՈՅԻՄԶԱՐ. Այդ շատ երկար է, չի կարող ասել:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ասա: «Շամիլ-բեգ, Շամիլ-բեգ»:

ԹՈԻԹԱԿ. (Խուլ): Բեգ, հիմար, բեգ...

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ինչպե՛ս, լավ չլռեցի, պարզ ասա:

ԹՈԻԹԱԿ. Հիմար, հիմար, հիմար:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ծիծաղում է):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ Հիմա՛ր: Ե՞ս: Ադա, դու ինձ որտեղի՞ց ես ճանաչում:

ԹՈԻԹԱԿ.Քոռ, քոռ, քոռ

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Բարկանալով): Քոռ էլ ես ու կտրիր ձայնդ, հարամզադա (Բարկացած վերադառնում է բեմի կենտրոն): Խոսք չունիմ, լավ բան եք սովորեցրել:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Տակավին ծիծաղելով): Այդ անպիտան Ջավախը սովորեցրեց մի քիչ առաջ:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Չէ՛, շատ ուսումնական ղուշ է, մարդու երեսին ասում է «քոռ, հիմար»: Լավ էր, որ մի պատվավոր մարդ չկար այստեղ, թե չէ: (Նայում է գրպանի ժամացույցին): էհ, Արամազդն ուշացավ: Ես որ կլուբ ուշ եմ գնում, պարտնյորներ չեմ գտնում: (Նախասենյակում գանգակ):

ՆՈՅԻՄԶԱՐ. Ո՞վ պետք է լինի, (Մոտենում է ձախ կողմի երկրորդ դռներին):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Հեչ, որ մարդ եկավ, Արամազդին կլուբ տանել դժվար է:

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ, ՍԱՄՎԵԼ ՈՒ ԱՐԱՄԱԶԴ

ՍԱՄՎԵԼ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով: Տխուր է): Ներեցեք, տիկին, Արամազդը տանն է:

ՆՈՅԻՄԶԱՐ . (Հպարտ): Այո, իսկույն կգա, կարող եք սպասել:

ՍԱՄՎԵԼ. (Նայում է շուրջը թեթևակի):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Դուք Աթանես աղայի որդին չեք: Բարով: (Մոտենալով, հեռվից արդեն ձեռքը մեկնել է):

ՍԱՄՎԵԼ. (Բռնելով Շամիլ-բեգի ձեռը թույլ, բայց քաղաքավարի): Ներեցեք, ես ձեզ չեմ ճանաչում:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Մելիք Աղաջանով, Խամսայի մելիքներից, նեփ թա պռոմիշնիկ:

ՍԱՄՎԵԼ. Շատ՛ ուրախ եմ:

ԱՐԱՄԱԶԴ. Ես պատրաստ եմ, Շամիլ: (Գալիս է ձախ կողմի առաջին դռներից, լվացված, հագուստը փոխած, այժմ երևում է գունատ և նկատելի նիհարած: Տեսնելով Սամվելին, չի զարմանում, այլ առանց որևէ ձևականության, բարեհամբույր): Սամվել, բարով: (Ձեռ է տալիս): Ի՛նչ կհրամայես, նստիր:

ՍԱՄՎԵԼ. Եթե ժամանակ ունես, մի քանի րոպե նվիրել ինձ: (Նայում է Շամիլ-բեգին և Նոյիմզարին):

ԱՐԱՄԱԶԴ. Բոլորովին ազատ եմ: (Նոյիմզարին նշան է անում հեռանալու):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Դե, Արամազղ, ես գնացի, դու հետո կգաս: Բա չէ՝ պարտնյորներ չեմ գտիր (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ԱՐԱՄԱԶԴ. Լավ:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Մի քանի անգամ գոռոզաբար նայում է Սամվելին, գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 8

ԱՐԱՄԱԶԴ և ՍԱՄՎԵԼ

ԱՐԱՄԱԶԴ. Ի՞նչ է պատահել, դու այլայլված ես: Նստի՛ր: (Նստում է բազկաթոռներից մեկի վրա, մի ուրիշը ցույց տալով Սամվելին):

ՍԱՄՎԵԼ. Արամազդ, Լևոնը խելագարվեց: (Նստում է):

ԱՐԱՄԱԶԴ. (Ազդված): Ի՞նչ ես ասում, ե՞րբ:

ՍԱՄՎԵԼ (Հառաչելով): Արդեն երկու շաբաթ է, որ պարզ նշաններ էր ցույց տալիս, իսկ այս վերջին օրերը դարձել էր վտանգավոր: Այսօր վճռեցինք տանել նրան Մոսկվա և հանձնել մի բուժարան: Ուշացնել անկարելի է, պետք է շուտով տանեի և ահա ես եկել եմ քո օգնությունը խնդրելու:

ԱՐԱՄԱԶԴ. Ի՞նչով կարող եմ, արդյոք, օգտակար լինել:

ՍԱՄՎԵԼ. Արամազդ, տասնուհինգ տարի դու եղել ես մեր ընտանիքին ավելի մոտիկ, քան մինչև անգամ ես: Դու գիտես մեր բոլոր հանգամանքները, ահա ինչու ես գերադասեցի քեզ բոլոր մեր ազգականներից: Բացի այս, Լևոնը ոչ ոքի այնքան չի հարգում, որքան քեզ:

ԱՐԱՄԱԶԴ. Դու ուզում ես, որ ես նրան ուղեկցեմ մինչև Մոսկվա:

ՍԱՄՎԵԼ. Ոչ, այդքանը խնդրելու իրավունք չունիմ: Ինձ հետ կլինի մի ֆելշեր, և մենք երկուսով կարող ենք Լևոնին տանել երկաթուղով, դժվարը մինչև կայարանն է: Ահա այս նեղությունն է, որ խնդրում եմ քեզ հանձն առնել:

ԱՐԱՄԱԶԴ.Շատ բարի: Ե րբ եք գնում:

ՍԱՄՎԵԼ. Վաղը, առավոտյան գնացքով:

ԱՐԱՄԱԶԴ. Առավոտյան գնացքը ճանապարհ է ընկնում ուղիղ ութ ժամին, ես կգամ ձեզ մոտ լուսաբացին: Ուրի՛շ: Ես կկամենայի ավելի դժվար մի հանձնարարություն ստանալ Լևոնի վերաբերմամբ: Ես նրան միշտ սիրել ու հարգել եմ: Նա շատ զարգացած երիտասարդ է, ես նրանից շատ բան եմ սովորել:

ՍԱՄՎԵԼ. Դժվար հանձնարարություն ես ունիմ կատարելու, Արամազդ: (Դուրս է բերում գրպանից մի ծրար ու տալիս Արամազդին): Վերցրո՛ւ:

ԱՐԱՄԱԶԴ. (Ծրարն, առնելով): Այս ի՞նչ է:

ՍԱՄՎԵԼ. Քույրս տվեց քեզ հանձնելու:

ԱՐԱՄԱԶԴ. (Շտապով բաց է անում ծրարը ու նրա միջից դուրս է բերում երկու ուրիշ փոքրիկ ծրարներ: Հիսաթափված): Իմ նամակները, օրիորդ Օվսաննային գրած: (Նայում է մեծ ծրարի մեջ): Եվ ոչ մի տոմսակ, ոչ մի բացատրություն: (Ծրարները ձգում է սեղանի վրա և ոտքի է կանգնում): Ահ, Սամվել, այդքան վիրավորանք ես քո քրոջից չէի սպասում:

ՍԱՄՎԵԼ. (վեր կենալով): Ի՛նչ արած, ասում են համառոտությունը այդպիսի դեպքերում ամենավատ գործակիցն է: Ուժով սեր գրավել չի կարելի: Մոռացիրահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել:

ԱՐԱՄԱԶԴ. Բայց ես նրանից մեր չեմ աղերսում այս նամակներով: Այստեղ իմ զգացումների մասին ակնարկ անգամ չկա:

ՍԱՄՎԵԼ. Հապա ինչի մասին ես գրել:

ԱՐԱՄԱԶԴ. Վերցրու և կարդա: Ես Օվսաննայի միջոցով առաջարկում եմ իմ օգնությունը քո հորը:

ՍԱՄՎԵԼ. (Ուրախացած): Այո:

ԱՐԱՄԱԶԴ. Այո, Ես խոստանում եմ իմ բոլոր ուժերը, ճարպիկությունը, նոր ձեռք բերած վարկը գործ դնել ծերունուն դուրս բերելու անել վիճակից, նրա գործերը վերականգնելու, (բաց է անում ծրարները և նամակները տալիս է Սամվելին): Ահա կարդա ծայրե ի ծայր, այստեղ մի բան չկա որից ես կարողանամ ամաչել:

ՍԱՄՎԵԼ. Ես հավատում եմ քեզ առանց կարդալու էլ:

ԱՐԱՄԱԶԴ. Ոչ կարդա, կարդա, և բովանդակությունը հաղորդիր այդպես ոտնատակ է անում իմ անձնասիրությունը,

ՍԱՄՎԵԼ. (վերցնում է նամակներն ու աչքի է անցկացնում):

ԱՐԱՄԱԶԳ. (Խոսում է անցուդարձ անելով, Սամվելի կարդալու միջոցին): Այդչափ հպարտությո՛ւն, Ի՞նչպես են ուրիշները կարողանում գրավել կանանց սիրտ չգիտեմ: Մի թե ավելի դժվար է մի աղջկա համառությունը հաղթել, քան երեկվա գործակատարից այսօր դառնալ ամբողջ բորսայի նախանձի առարկա: , Մի թե ավելի է հարկավոր, քան անձնազոհությունը:

ՍԱՄՎԵԼ. (Նամակների բովանդակությունից հանկարծ հափշտակված): Արամազդ, դու ուղղակի հազվագյուտ մարդ ես: Այս նամակները կարողեն պատիվ բերել մի ասպետի սրտին ու հոգուն: Գոնե ինձ թույլ տուր սեղմել քո ձեռը և հայտնել անկեղծ, անկեղծ շնորհակալություն: (Մոտենում է Արամաղդին ու ոգևորված բռնում է նրա ձեոը):

ԱՐԱՄԱԶԴ. (Հուսահատ և անտարբեր): Էհ: թողնենք, չարժե:

ՍԱՄՎԵԼ. Այլևս ինչն արժե երախտագիտության, եթե ոչ մի այդպիսի վարմունք: Ֆռանգուլյանները կարող են կորցնել ամեն բան, բայց երախտագիտություն պետք է ունենան: Ես այս նամակները կվերադարձնեմ Օվսաննային, կստիպեմ նրան կարդալ, որպեսզի լավ ճանաչի քեզ: (Ուզում է նամակները դնել իր գրպանը):

ԱՐԱՄԱԶԴ. Ոչ, թող մնա: Այդ տեսակ վիրավորանքից հետո չարժե: Ես ճանաչեցի, վերջապես քո քրոջը: Նա իր հոր կատարելատիպն է համառության կողմից: Տուր ինձ այդ նամակները:

ՍԱՄՎԵԼ. (Դնում է նամակները սեղանի վրա): Այն ժամանակ իրավունք չունիմ քեզնից որևէ աջակցություն խնդրելու: Ներիր, որ նեղություն տվեցի: Մնաս բարև: (Ուզում է գնալ):

ԱՐԱՄԱԶԴ. Այդպես չէ, մի՛ շտապիր: Լևոնին մի՛ խառնիր այդ գործի մեջ, Ես շատ բան եմ պարտական նրան: Առավոտը կանուխ ես կգամ ձեր տուն և ինչ որ հարկավոր է, կանեմ: Այս մեկն իմ սուրբ պարտականությունն է: Ցտեսությո՛ւն: (Ձեռ է տալիս Սամվելին):

ՍԱՄՎԵԼ. Ինչպես կամենաս: (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ԱՐԱՄԱՋԳ. (Մի քանի վայրկյան մենակ է: Անցուդարձ է անում, հառաչելով, կատաղելով):

ՏԵՍԻԼ 9

ԱՐԱՄԱԶԴ և ԼԵՅԼԻ

ԼԵՅԼԻ. (Գալիս է աջ կողմի դռներով: Տեսնելով Արամազդին հուսահատված, մի քանի վայրկյան չի վստահանում խոսել) Կլուբ չե՜ս գնալու:

ԱՐԱՄԱԶԴ. (Սթափվելով): Ահ, Լեյլի, Քանի ժամն է, (Նայում է իր դալանի ժամացույցին): Տասն է. Արդեն ուշ է, չարժե:

ԼԵՅԼԻ. Բայց ահա մի ամսից ավելի է, որ դու երեկոները տնից դուրս չես գալիս: Այղ լավ չէ: Ցերեկվա այնչափ աշխատությունից հետո մի քիչ հանգստանալ հասարակության մեջ անհրաժեշտ է:

ԱՐԱՄԱԶԴ. Լսեցի՛ր ով էր այստեղ:

ԼԵՅԼԻ. Այո՛:

ԱՐԱՄԱԶԴ. Դու դոների ետևից ականջ էիր դնում, այնպես չէ:

ԼԵՅԼԻ. (Շփոթվելով): Այո՛:

ԱՐԱՄԱԶԴ. Ոչինչ, քեզ ներելի է, Ահա՛, (Ցույց է տալիս սեղանի վրա դրած նամակները): Երկու նամակ եմ ուղարկել նրան ծառայի ձեռքով, երկուսն էլ վերադարձնում է առանց կարդալու:

ԼԵՅԼԻ. Նա ինձ ոչինչ չի ասել այդ մասին:

ԱՐԱՄԱԶԴ. Այնքան դեպի ինձ անտարբեր է, որ անունս անգամ չի արտասանում: Ահ, երբեք չեմ մոռանալ այն վայրկյանը, երբ նա, դուրս վռնդելով այն թշվառին, դարձավ ինձ և ասաց, «մի մոտենաք, ես ձեզ արհամարհում եմ». Ես ուզում էի նրան խոսքերով մխիթարել, իսկ նա... Օօ, նրա դեմքի արտահայտությունն այդ վայրկյանին, նրա ձայնի հնչյունը, ձեռի շարժում: Ես ինձ զգացի ստորացած, ոչնչացած: Եվ ինչու, ի՛նչ պատճառով: Որովհետև բաց արի նրա աչքերը և ցույց տվեցի այն անդունդը, ուր պատրաստվել էր գլորվելու: Բայց չէ որ այդ բարություն էր իմ կողմից և ոչ նախանձ, չարություն: Շնորհակալության փոխարեն վիրավորանք: Ասա, Լեյլի, դու նրան ճանաչում ես, ի՛նչ է նշանակում այդ առեղծվածը:

ԼԵՅԼԻ. Դժվար է հասկանալ Օվսաննային: նա շատ ծածկամիտ է:

ԱՐԱՄԱԶԴ. Եվ այդ բոլորից հետո դարձյալ չկարողացա ինձ զսպել, մի անգամ էլ փորձեցի հիշեցնել նրան իմ մասին: Լեյլի, Լեյլի: կարծես, մի աներևույթ չար ձեռք բռնել է թևիցս և, հակառակ իմ կամքի ու խելքի, տանում է ինձ անկումից անկում: Ես միանգամայն զրկվել եմ իմ անձնասիրությունից, Լեյլի, հպարտության կաթիլ անգամ չմնաց իմ մեղ: Սակայն նա կարող է արհամարհել ինձ, բայց ինչո ւ այդչափ քարսրտություն, ինչո՞ւ, ինչո՞ ւ: (Անցուդարձ է անում¤:

ԼԵՅԼԻ. Չեմ կարծում, որ Օվսաննան վիրավորելու մտքով է վերադարձրել այդ նամակները:

ԱՐԱՄԱԶԴ. Ախ, Լեյլի, դու ինքդ բարի լինելով, կարծում ես ամենքն էլ քո սիրտն ունին: Չար է այդ աղջիկը, չար; անսիրտ: Մեկի փոխարեն պատժում է մյուսին: Մեղավո ր եմ ես, միթե որ այսպես հափշտակվել եմ և խելքս կորցրել: Այո, լինելով նրա հոր գործակատարը, ես պարտավոր էի ճանաչել իմ հասարակական դիրքը և համեստ պահել ինձ: Բայց մի՞թե գործակատարը սիրտ չունի, հոգի չունի, միթե նա չի կարող զգալ, տանջվիլ, ինչպես ուրիշները:

ԼԵՅԼԻ. Բավական է, քիչ մաշիր սիրտդ: Չարժե, այսուհետև քեզ համար բոլոր դռները բաց են, դու կարող ես Օվսաննայից ավելի սիրուն և ավելի խելոք հարսնացու գտնել:

ԱՐԱՄԱԶԴ. Ոչ:

Լեյլի Ոչ, ոչ ոք չի կարող ինձ այնպես գրավել: Կամ Օվսաննան, կամ մինչև մահ մենակություն, տխուր և անտանելի կյանք:

ԼԵՅԼԻ. Այս րոպեիս ես կգնամ նրա մոտ և բացատրություն կպահանջեմ: Դեռ ուշ չէ, դեռ կարող է ինձ ընդունել: Չի՛ կարելի իմ եղբորն այդպես անպատվել: Թող իմանա այդ հպարտը, որ դու ես հպարտ ես, որ այդ նամակներով նրանից սեր չես խնդրում, որ դու մուրացկան չես, այլ, ընդհակառակը, ինքդ ես առաջարկում քո օգնությունը: Թող նա կարդա գոնե և ամաչի իր արածից: Տո՛ւր ինձ. այդ նամակները: (Ուզում է նամակները վերցնել):

ԱՐԱՄԱԶԴ. (վերցնում է ծրարները Լեյլիից առաջ ու պատռում): Այդ մասին այլևս ոչ մի խոս: Բավական է, որքան ին՛ձ ստորացրի: Թող կորչի զգացումը, սերն ինձ նմանների համար չէ: Պետք է մոռանալ և ամեն զգացում խեղդել աշխատության մեջ, (Հանկարծ զգացվելով): Ահ, այսքան սիրել և այսքան արհամարհվել ու տանջվել : (Այլևս չկարողանալով իրան զսպել, նստում է բազկաթոռերց մեկի վրա և, ձեռները սեղմելով գլխին, սկսում է ուժգին հեկեկալ):

ԼԵՅԼԻ. (Մոտենում է): Արամազգ, մի՛ հուսահատվիր,..

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Դարձյալ Ֆռանգուլյանների բնակարանը: Նույն գրասենյակը: Այժմ չկան գորգերը և դաշնամուրը: Սենյակը զրկվել է և ուրիշ զարդերից, ուստի թվում է ամայի և մռայլ: Խորքի թախտը այժմ ծածկված է մի փոքրիկ հասարակ գորգով:

ՏԵՍԻԼ 1

ՆԱՐԳԻԶ, ՆՈԻՆՈԻՖԱՐ, հետո ԱԹԱՆԵՍ

Ուշ գիշեր է: Բեմի վրա տիրում է կատարյալ մթություն: Վարագույրները լուսամուտների վրա իջեցրած են:

ՆՈՒՆՈՒՖԱՐ: (Վարագույրը բարձրանալիս գալիս է աջ կողմի երկրորդ դռներով, մի ձեռում մի դատարկ չեմոդան, մյուսում մոմկալ վառած մոմով: Չեմոդանը դնում է բեմի խորքում, իսկ մոմկալը բերում դնում է աջ կողմի սեղանի վրա):

Բեմը լուսավորում է կիսով չափ:

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Աչքերն անքնությունից տրորելով, նայում է շուրջը: Նկատելով Նարգիզին թախտի վրա, բեմի խորքում, մոտենում է և կամացուկ զարթեցնում): Խանում, խանում:

ՆԱՐԳԻԶ. (Վարագույրը բարձրանալիս հագնված պառկած է խորքի թախտի վրա: Գլուխը բարձրացնում է վախեցած): Հը՛, ի՞նչ կա:

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Մի՛ վախենաք, բան չի պատահել: Հիմա ես ոտքի եմ, կհսկեմ, գնացեք ձեր սենյակը, մի քիչ քնեցեք:

ՆԱՐԳՒԶ. (Դանդաղ վերկենալով): Քանի՞ ժամն է:

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Դեռ մութն է:

ՆԱՐԳԻԶ. Ձայն լսե՞լ ես նրա սենյակից:

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Հանգիստ քնած է:

ՆԱՐԳԻԶ. Թող հանգստանա, տասնումեկ գիշեր չի քնել: Տանում են երեխայիս, Նունուֆար, խլում են նրան իմ ձեռքից:

ՆՈՒՆՈԻՖԱՐ. Աստված ողորմած է, կառողջանա, ետ կգա:

ՆԱՐԳԻԶ. (Ձեռը հուսահատաբար շարժելով): Չէ՛, չէ՛ (Հառաչում է): Գնա, ինչ որ հարկավոր է, բեր պատրաստենք:

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Սամվել սպան ասել է սպասենք իրան: Հրամայել է երեքուկես ժամին զարթեցնել:

ԱԹԱՆԵՍ. (Բեմի ետևում բարձրաձայն աղաղակում է): Ա»ա, աա ...

ՆԱՐԳԻԶ. (Ցնցվելով): Նա է:

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Ոչ, այդ մեծ աղայի ձայնն էր: (Վազում է դեպի աջ կողմի առաջին դռները, բայց կանգ է առնում Նարգիզի հրամանով):

ՆԱՐԳԻԶ. Սպասի՛ր, թո՛ղ ես ինքս կտեսնեմ ինչ պատահեց: Լամպը վառիր: Ամեն գիշեր այդպես գոռում է երազում: (Մոտենում է աջ կողմի աոաջին դոներին):

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Վաոում է սեղանի վրա դրած լամպը, մոմկալը վերցնում է և գնում է խորքի դոներով): Մոմը լուսավորվում է ավելի:

ԱԹԱՆԵՍ. (Երևում է աջ կողմի առաջին դոների մեջ խալաթով, դեմքն այլայլված, մազերը գզգգված): Ա՛հ, զարհուրելի է, զարհուրելի :

ՆԱՐԳԻԶ. էլի, ի՛նչ պատահեց մարդ:

ԱԹԱՆԵՍ. Երազ տեսա, երազ: Ինձ քաշել էին դատաստան, նախատում էին, ասում էին. «դու խաբեբա ես, դու կլանել ես ուրիշների վաղը»: Թքում էին երեսիս, նարգիզ, թքում էին: Աահ: (Դանդաղ քայլերով անցնում է բեմի ձախ կողմը, ձեոներր դնելով խալաթի գրպանները):

ՆԱՐԳԻԶ. Լավ, գնա, պառկիր, դեռ գիշեր է:

ԱԹԱՆԱՍ. (Դեո զառացանքից չի ազատվել): Ի՛նչ, ասում ես, մանեթին քառասուն կոպե՞կ տայի: Չի լինիլ: Այ, ձեռքդ կբռնեմ՝ փողոցները կընկնեմ, մուրացկանություն կանեմ, այդ չեմ անի: (Արտասովոր ձայնով): Ամենքը երես դարձրին, ամենքը, բարեկամներ, ազգականներ: Մենակ ենք, Նարգիզ, բոլորովին մենակ:

ՆԱՐԳԻԶ. Այո, քանի տունդ լիքն էր, գալիս էին, ուտում, խմում, հազար ու մի գովասանք շռայլում երեսիդ:

ԱԹԱՆԵԱ. Օ՜օ, եթե ես իմանայիր ամենքին շան պես դուրս կանեի իմ դռներից: Չիմացա, չիմացա... (Անցուդարձ է անում, ձեռքերը գրպանից Տանելով ու մտցնելով խալաթը թևերի մեջ):

ՆԱՐԳԻԶ. Ոչինչ, աստծու ողորմությունը մեծ է, էլի կգան այդ օրերը:

ԱԹԱՆԵԱ. (Կանգ աոնելով); Այա, սո՛ւս, հերիք է, ինչքան խաբեցի ձեզ: Մի ասա գերեզմանի մեջն է, այն օրերն էլ չենք տեսնիր, նա կտեսնի հիմա երջանիկ օրեր, Նա: Չարը շուռ եկավ, նրան բարձրացրեց, ինձ տակովն արավ (Նստում է):

Следующая страница