Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ազգային գործիչը

Pages: First Previous 1 2 Next Last

ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆՑ, միլիոնատեր, նոր հարստացած, 54 տարեկան.

ՆԱԶԱՆԻ կամ ՆԱՋԱՆՆԱ ԲՈՂԴԱՆՈՎՆԱ, նրա կինը, 44 տարեկան.

ՄԱՏԹԵՈՍ կամ ՄԱՏՎԵՅ, նրանց ավագ որդին, 25 տարեկան,

ԳՐԻԳՈՐ, նրանց երկրորդ որդին, 24 տարեկան.

ԳԵՎՈՐԳ, նրանց երրորդ որդին, 19 տարեկան.

ՀՄԱՅԻԼ կամ ԱՄԱԼՅԱ, նրանց առաջին դուստրը, 23 տարեկան.

ՄԱՐԻԱՄ կամ ՄԵՐԻ, նրանց երկրորդ դուստրը, 21 տարեկան.

ՄՈՒՇԵՂ ՄՈԻՇԿԱՄԲԱՐՅԱՆ, բարեսիրական ընկերության նախագահ.

ՄԱՆՈՒԿ ՄԸԶՄԸԶՅԱՆ, դպրոցասերների ընկերության նախագահ.

ՏԻԳՐԱՆ ԲՈՒՌՆՈՒԶՅԱՆ, հնասերների ընկերության նախագահ:

ՓԱՆՈՍ ՓԱԹԱՆՈՍՅԱՆ, գեղասերների ընկերության նախագահ.

ԱՐՇԱԿ ՋԱՄԲԱԶՅԱՆ, թատերասերների ընկերության նախագահ.

ՍԱՄՍՈՆ ՍԱՐՍԱՐՅԱՆ, երաժշտական ընկերության նախագահ.

ՍՄԲԱՏ ՍՄԲՈԻԼՑՅԱՆ, գրասերների ընկերության նախագահ.

ԱՅՎԱԶ, Մելիք-Բուռնությանների ծառան.

ՍՈՖԻկ, նրանց աղախինը.

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Միքայել Մելիք-Բուռնությանցի առանձնասենյակը, հարուստ կահավորված սենյակ: Աջ պատի առջև մի մեծ գրասեղան, վրան մի ահագին արծաթյա թանաքաման՝ իր բոլոր պատկանելիքներով: Գրասեղանի ետևում, պատի տակ մի մեծ պողպատյա պահարան, ուր պահվում են Միքայելի արժեքավոր թղթերը: Խորքի պատի առջև քով քովի երկու պահարաններ, որոնցից մեկը հայելյա դռնակով: Այս երկու պահարանների միջև մի փոքրիկ սեղան, վրան Միքայելի պղնձյա լիարձանը՝ փոքր դիրքով: Ձախ պատի առջև կաշվեծածկ գահավորակ, աոջևը նույնպիսի բազկաթոռներ և մի կլոր սեղան:

Դռներ աջ պատի մեջ, որ տանում են բնակարանի մյուս սենյակները: Դռներ խորքում, որ տանում են նախասենյակ:

ՏԵՍԻԼ 1

ՄԻՔԱՅԵԼ մենակ, հետո ՆԱԶԱՆԻ

ՄԻՔԱՅԵԼ. (Ոչ բարձրահասակ, բավական նիհար տղամարդ է՝ կարճ խուզած ալեխառն մազերով, կարճլիկ և շատ հաստ ընչանցքով, սափրած երեսով և արծվաքիթ: Հագած է սև պիջակ, մոխրագույն պանթալոն: Ձևերը տակավին գռեհիկ են և մատնում են նախկին գյուղացուն: Վարագույրը բարձրանալիս գրասեղանի քով նստած գրոտում է: Երբեմն, դադարելով գրել, ձեռը սեղմում է ճակատին ու մտածում):

ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով: Բարձրահասակ, գեղեցկադեմ, առողջ կին է, կարմրախայտ այտերով, իր տարիքի համեմատ, տակավին թարմ: Հագուստը կատարյալ եվրոպական է, բայց թասակրավ է կրում գլխին: Աշխույժ քայլերով մոտենում է գրասեղանին): Մուքել:

ՄԻՔԱՅԵԼ. (Հափշտակված գրությամբ, չի լսում Նազանու ձայնը):

ՆԱԶԱՆԻ. (Մի քանի վայրկյան զարմացած նայում է Միքայելին, ապա կամացուկ նստում է գրասեղանի քով): Մուքել:

ՄԻՔԱՅԵԼ. (Դարձյալ չի լսում: Գրածը կարդում է): «Հայ ազգը որ կա, մի թամբալ լծկան եզ է, մինչև որ մի լավ չի ճիպոտես, գութանը չի քշիլ: Հա՛, այս մեկը լավ է: Մի քիչ գեղավարի է, բայց ազդու է: Հետո՞: (Ձեռը սեղմում է հակատին ու մտածում):

ՆԱԶԱՆԻ. (Անհամբեր): Մուքե՜լ: (Ավելի բարձր): Մուքե՜լ:

ՄԻՔԱՅԵԼ. (Սթափվում է): Հը, դու ե՞ս, Նազանի:

ՆԱԶԱՆԻ. Մարդ աստծո, խուլացել ես, ի՜նչ է: Մի ժամ է Մուքե՛լ, Մուքե՛լ եմ կանչում, չես լսում:

ՄԻՔԱՅԵԼ. Առաջինը ես Մուքել չեմ, այլ Միքայել Պավլովիչ: Այն քո ասած Մուքելը գնա՛ց, չկա: Երկրորդը, Նազանի, տեսնում ես, որ գործ ունիմ, ի՞նչ ես ուզում:

ՆԱԶԱՆԻ. Առաջինը, ես էլ Նազանի չեմ, այլ Նազաննա Բողդանովնա: Այն քո ասած Նազանին գնա՜ց, չկա: Երկրորդը, ասա տեսնեմ, այդ ի՞նչ գործ է, որ ուշ ու միտդ տարել է:

ՄԻՔԱՅԵԼ. (Խորհրդավոր): Մի գործ է, որ ասել չի լինի: Հետո կիմանաս:

ՆԱԶԱՆԻ. Էլի՞:

ՄԻՔԱՅԵԼ. Սո՜ւս, ուրիշի չասես, ճառ եմ գրում:

ՆԱԶԱՆԻ. Ճա՞ռ: Ո՞ւմ համար, ինչո՞ւ համար:

ՄԻՔԱՅԵԼ. Կիրակի օրվա ժողովի համար:

ՆԱԶԱՆԻ. Այդ ի՞նչ ժողով է: Միքայել, բա՜

ՄԻՔԱՅԵԼ. Բարեսիրական ընկերության ժողովը:

ՆԱԶԱՆԻ. Դու ի՞նչ գործ ունես Բարեսիրական ընկերության ժողովում:

ՄԻՔԱՅԵԼ. (Հեգնորեն և ինքնագոհ ժպիտով): Հե՜ե՛, մինչև հիմա չունեի գործ, բայց օրես դենը ունենալու եմ:

ՆԱԶԱՆԻ. Ոչինչ չեմ հասկանում:

ՄԻՔԱՅԵԼ. Դե լսի՛ր ասեմ: Քաղաքում ձայն է ընկել, որ ես ուզում եմ ազգի գործերով զբաղվել: Ամենքն ուրախացել են: Երեկ ինձ մոտ եկավ Բարեսիրական ընկերության խորհրդի նախագահն ու ազգի կողմից խնդրեց, աղաչեց, պաղատեց, որ ես կիրակի օրը ընկերության ընղհանուր ժողովի նախագահը լինեմ, այսինքն լոխից մեծը:

ՆԱԶԱՆԻ. Դու համաձայնվեցի՞ր:

ՄԻՔԱՅԵԼ. Չէի ուզում: Բայց այնքան զոռեց, որ համաձայնվեցի:

ՆԱԶԱՆԻ. Ուրեմն կիրակի օրր դու ճա՞ռ ես ասելու:

ՄԻՔԱՅԵԼ. Այո:

ՆԱԶԱՆԻ. Դո՞ւ:

ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս, ես ինքս տեղովս մին:

ՆԱԶԱՆԻ. Լավ, այդ ի՞նչ է պատահել, որ հանկարծ սկսել ես ազգի գործերով զբաղվել:

ՄԻՔԱՅԵԼ. Ես ազգս միշտ սիրել եմ մտքումս, բայց որ նրա գործերով չեմ զբաղվել, որովհետև ժամանակ չեմ ունեցել: Հիմա ժամանակ ունեմ: Հանքերս ու գործարաններս ծախել եմ, տներս շինել վերջացրել, էլ գործ չունեմ: Մինչև այսօր ձեզ համար եմ աշխատել, ուզում եմ օրես դեն էլ ազգիս համար աշխատել:

ՆԱԶԱՆԻ. Լավ, եթե կարող ես մի բան անել ազգիդ համար, արա՛, ես դեմ չեմ:

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, ինչո՞ւ չեմ կարող անել: Ինչո՞վ եմ պակաս ուրիշներից: Երեսուն տարի սրանից առաջ փափախով ու չմուշկներով եկել եմ այս քաղաքը անտեր, անպաշտպան: Իմ խելքով ու շնորհքով միլիոններ եմ աշխատել, ամարաթներ եմ շինել, հանքեր, գործարաններ, կանտորներ, ինժեներներ, հազարավոր բանվորներ եմ կառավարել: Հիմա քո ազգի գործերը ի՞նչ են, որ ես իմ աստվածատուր խելքով չկարողանամ կառավարել: Չէ՛, Նազաննա Բողդանովնա, դու ինձ լավ չես ճանաչում: Թող մին այս ճառն ասեմ, լսեն ու կտեսնես: Հը՛, թե բան չունես ասելու, թող որ գործս վերջացնեմ:

ՆԱԶԱՆԻ. Բան ունեմ ասելու, զուր չեմ եկել:

ՄԻՔԱՅԵԼ. Դե շո՛ւտ արա, ասա տեսնեմ:

ՆԱԶԱՆԻ. Ես վճռեցի այս չիքիլան դեն գցել ու շլյապա դնել:

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜: Այդպես հանկա՞րծ:

ՆԱԶԱՆԻ. Հանկարծ չէ, վաղուց էի ուզում, բայց ամաչում էի: Հիմա տեսնում եմ, որ ոչ ոք չի ամաչում, ես էլ վճռեցի չամաչել:

ՄԻՔԱՅԵԼ. Լավ, շատ լավ, բայց մին ինձ ասա, քանի՞ տարեկան ես:

ՆԱԶԱՆԻ. Ե՞ս:

ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս, հենց դու տեղովդ մին:

ՆԱԶԱՆԻ. (Տատանվելով), Միտս չէ, ծնվելուս օրը մոռացել եմ:

ՄԻՔԱՅԵԼ. Էլի՞...

ՆԱԶԱՆԻ. Պետք է որ մոտ երեսուն ու հինգ տարեկան լինեմ:

ՄԻՔԱՅԵԼ. (Փռթկում է):

ՆԱԶԱՆԻ. Ինչո՞ւ ես ծիծաղում:

ՄԻՔԱՅԵԼ. Ինչպե՞ս չծիծաղեմ, մեծ որդիդ քսան ու հինգ տարեկան է, ուրեմն դու տասը տարեկան հասակո՞ւմդ ես ծնել նրան: Չէ, բարձրացիր:

ՆԱԶԱՆԻ. Լավ, թող լինեմ երեսունյոթը տարեկան: Մե՞ծ բան է:

ՄԻՔԱՅԵԼ. Բարձրացիր:

ՆԱԶԱՆԻ. Երեսուն ու ինը:

ՄԻՔԱՅԵԼ. Մի քիչ էլ բարձրացիր:

ՆԱԶԱՆԻ. (Բարկանալով): Լավ, հո քառասուն տարեկան չեմ:

ՄԻՔԱՅԵԼ. Մեղա՜ աստծո, ո՞վ է ասում: Անցի՛ր:

ՆԱԶԱՆԻ. Դե լավ, ձեռը վերցրու, ինչքան որ կա՝ կա:

ՄԻՔԱՅԵԼ. ՈՒղիղ քառասուն ու չորս տարեկան ես: Լավ, ամոթ չէ այդ հասակում գլուխդ բաց անել:

ՆԱԶԱՆԻ. Հարցրու, ում ուզում ես, ոչ ոք ինձ քառասուն տարեկան չի համարում: Իսկ եթե շլյապա դնեմ, մի տասը տարով էլ պակաս կերևամ: Ա՜խ, Միքայել Պավլովիչ, չգիտես ինչպես է սազում ինձ շլյապան:

ՄԻՔԱՅԵԼ. ՈՒրեմն դրե՞լ ես:

ՆԱԶԱՆԻ. Ոչ միայն դրել եմ, գնել էլ եմ: Այս րոպեին բերի մաղազինից:

ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանալով): Ըմբո՜, ի՞նչպես ես համարձակվել առանց ինձ հարցնելու՝ գնել: Ես քեզ չեմ թողնիլ շլյապա դնես:

ՆԱԶԱՆԻ. Ես էլ քեզ չեմ թողնիլ ազգի գործերով զբաղվես ու ճառ ասես:

ՄԻՔԱՅԵԼ. Ես քո շլյապան կպատռեմ ու դեն կշպրտեմ:

ՆԱԶԱՆԻ. Ես էլ քո ճառը կպատռեմ ու դեն կշպրտեմ: (Ուզում է Միքայելի գրվածքը վերցնել):

ՄԻՔԱՅԵԼ. (Գրվածքը աաշտպանելով): Ա՜ կնիկ, լաչառություն մի արա:

ՆԱԶԱՆԻ. Կանեմ, եթե չես թողնիլ ինձ շլյապա դնելու:

ՄԻՔԱՅԵԼ. Դե արա, ինչ որ ձեռքիցդ գալիս է: Ոչինչ էլ չես կարող անել:

ՆԱԶԱՆԻ. Չե՞մ կարող:

ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛:

ՆԱԶԱՆԻ. Չե՞մ կարող:

ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛:

ՆԱԶԱՆԻ. (Ոտքի կանգնելով): Դե լավ, համբերիր: Կիրակի օրը ես կգամ այդ Բարեսիրական ընկերության ժողովը ու այնքան մարդկանց առաջ բարձր ձայնով կգոռամ. «Ա՛յ մարդիկ, ականջ մի՛ դրեք մարդուս ասածներին, նա գժվել է, խելքը կորցրել: Տարեք նրան գժատուն»:

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜:

ՆԱԶԱՆԻ. Հապա՜: Կտեսնես, կտեսնես, դու ինձ դեռ լավ չես ճանաչում:

ՄԻՔԱՅԵԼ. Կանես, կանես, աստված վկա, ճանաչում եմ, խև Բաղդասարի աղջիկն ես:

ՆԱԶԱՆԻ. Խնդրեմ իմ հոր պատվին չդիպչես, թե չէ պապերիդ ոսկորները մեկ-մեկ դուրս կբերեմ գերեզմանից ու քամուն կտամ:

ՄԻՔԱՅԵԼ. (Օձիքը թափ տալով): Պա՜, պա՜, պա՜, ղարաչի ես, Նազանի, ղարաչի: Դե լավ: Գնա շլյապադ դիր, եկ տեսնեմ:

ՆԱԶԱՆԻ. Ա՛յ, այդպես խելոք խոսիր: (Գնում է աջ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 2

ՄԻՔԱՅԵԼ և ՄԱՏԹԵՈՍ

ՄԻՔԱՅԵԼ. (Մնալով մենակ, շարունակում է գրել ու կարդալ դրածը): «ժողովուրդ, բան եմ ասում, հասկացիր, հայ ազգը որ կա մի թամբալ լծկան եզ է: Մինչև որ չիճիպոտես, գութանը չի քշիլ»:

ՄԱՏԹԵՈՍ. (Գալիս է խորքի դռներով և տեսնելով հորը զբաղված անսովոր գործով, կանգ է առնում դռների մոտ, և մի քանի վայրկյան զարմացած նայում է: Նորաձև հագնված երիտասարդ է, մաքուր սափրված երեսով ու կարճ կտրած բեղերով):

ՄԻՔԱՅԵԼ. (Գրվածքը դնելով սեղանի վրա, ոտքի է կանգնում): Փորձենք անգիր ասել. «Ժողովո՛ւրդ, բան եմ ասում, հասկացիր, հայ ազգը որ կա մի թամբալ լծկան գոմեշ է... է, կարծեմ գոմեշ չէ: Ասենք միևնույնն է, գոմեշն էլ եզան եղբայրն է»: (Հանկարծ տեսնում է Մատթեոսին): Հը, ի՞նչ ես խունկի ձառի պես այդտեղ տնկվել:

ՄԱՏԹԵՈՍ. (Առաջ գալով): Պապա՛, ներիր, մի բան եմ ուզում խնդրել:

ՄԻՔԱՅԵԼ. (Սրամտությամբ): Լա՛վ, գիտեմ, փող ես ուզում: Ահա ստացիր ամսականդ ու հեռացիր, գործ ունեմ: (Գրասեղանի արկղից փող է դուրս բերում):

ՄԱՏԹԵՈՍ. Այդ չէ խնդիրս, հայրիկ:

ՄԻՔԱՅԵԼ. Հը, այդ չէ՞: Լավ: (Փողը շտապով դնում է արկղիկի մեջ):

ՄԱՏԹԵՈՍ. Ես վճռեցի գնալ Իտալիա: Պետք է ինձ ճանապարհածախս տաս:

ՄԻՔԱՅԵԼ. Իտալիա՞: Մենք Իտալիան տեսել ենք: Բավական է:

ՄԱՏԹԵՈՍ. Ոչ, պապա, ես զվարճության համար չեմ գնում: Ես գնում եմ Միլան՝ ձայնս մշակելու:

ՄԻՔԱՅԵԼ. (Տաքանալով): Ադա, ես քեզ հազար անգամ ասել եմ՝ ձեռը վերցրու այդ ծռտի-պռտի բաներից:

ՄԱՏԹԵՈՍ. Պապա, երգեցողությունը ծռտի-պռտի բան չէ, գեղարվեստ է:

ՄԻՔԱՅԵԼ. Լավ արհեստ է, հինգ տարի է ուսումդ թողած, տաշում ես, հա տաշում կոկորդդ, բան չի դուրս գալիս: Վարժապետներիդ փող տալուց հոգիս բերանս եկավ, մի անգամ էլ չլսեցի, որ գոնե մի շիքյաստա էլ է երգես:

ՄԱՏԹԵՈՍ. (Ներողամիտ ժպիտով): Պապա՛, ես շիքյաստա երգող չեմ: Ես պատրաստվում եմ օպերա մտնելու:

ՄԻՔԱՅԵԼ. Գնա բանիդ էէ՛, ես քո օպերան էլ եմ տեսել և կարող եմ ասել, որ քեզանից օպերա երգող չի դուրս գալ: Դե հեռացիր, գործ ունիմ:

ՄԱՏԹԵՈՍ. Պապա՛, դու ինձ պիտի տաս գոնե հինգ հարյուր ռուբլի ճանապարհածախս և ամսական էլ քիչ-քիչ երեք հարյուր ռուբլի:

ՄԻՔԱՅԵԼ. Իսկի մի կոպեկ էլ չեմ տալ:

ՄԱՏԹԵՈՍ. Չես տալ՝ քեզ կխայտառակեմ:

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜:

ՄԱՏԹԵՈՍ. Այո՛, կխայտառակեմ:

ՄԻՔԱՅԵԼ. (Տաքանալով): Ինչպես կխայտառակես, ինչպե՞ս, ասա՛, ասա՛ տեսնեմ:

ՄԱՏԹԵՈՍ. Շատ հեշտ: Այդ ի՞նչ ես գրում: Ճառ, չէ՞: Դու կիրակի օրը պիտի Բարեսիրական ընկերության ժողովում խոսես, չէ՞: Շատ լավ, եթե խնդիրս չկատարես, կհավաքեմ ընկերներիս, կգամ ժողով ու քեզ մի լավ կշվացնենք:

ՍԻՔԱՅԵԼ. Ըմբո՛:

ՍԱՏԹԵՈՍ. Այո՛, այնպես կշվացնենք, որ չես իմանա ուր փախչես: Այս դեռ բավական չէ: Ես լրագիրների աշխատակիցներին կհյուրասիրեմ և կսովորեցնեմ, որ նրանք քեզ մի լավ շշպռեն լրագրներում: Այնպես շշպռեն, որ դու ամոթից տնից դուրս գալ չկարողանաս:

ՄԻՔԱՅԵԼ. Ադա, մատրաբա՛զ, այդ ինչե՞ր ես ասում:

ՄԱՏԹԵՈՍ. Հապա՛, ինձ լա՛վ ճանաչիր:

ՄԻՔԱՅԵԼ. Ճ անաչում եմ, դու քո մոր հարազատ զավակն ես: Դե լավ կորիր գնա՛:

ՄԱՏԹԵՈՍ. Ո՞րտեղ գնամ, Իտա՞լիա:

ՄԻՔԱՅԵԼ. ՉԷ՛, դո՛ւրս գնա, դո՛ւրս:

ՄԱՏԹԵՈՍ. Չեմ դուրս գալ այստեղից, մինչև որ չասես «այո» կամ «ոչ»:

ՄԻՔԱՅԵԼ. Լա՛վ, լա՛վ, հերիք է, գլուխս մի ցավացնիր:

ՄԱՏԹԵՈՍ. Ուրեմն վաղը անձնագիր վերցնե՞մ:

ՄԻՔԱՅԵԼ. (Զայրացած): Վերցրո՛ւ, վերցրո՛ւ, ինչ ուզում ես՝ արա, միայն թե ազատիր օձիքս: (Մեկուսի): Վա՜յ, չի թողնելու, որ այդ զահրումարը վերջացնեմ: (ՈՒզում է շարունակել իր զբաղմունքը):

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ և ՀՄԱՅԻԼ

ՀՄԱՅԻԼ. (Գալիս է աջ կողմի դռներով: Թուխ-թուխ դեմքով օրիորդ է, բավականին գեր: Հագած է ժամանակի տարազով՝ չափազանց նեղ և բավական կարճ ջրջազգեստ, այնքան նեղ, որ դժվարությամբ է քայլում): Պապա՛, ինձ ձեռաց երկու հարյուր ռուբլի տուր:

ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը բարկացած ձգելով սեղանի վրա): Հիմա էլ դո՞ւ: Անիծվի՜ք դուք, անիծվի՜ք:

ՀՄԱՅԻԼ. Պապա՛, մեծ փող չէ, երկու հարյուր ռուբլի: (Կանգնում է հայելու առջև):

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ ես անում այդքան փողը:

ՀՄԱՅԻԼ. (Նայելով հրճվանքով ինքն իրեն հայելու մեջ): Դերձակուհուս պիտի տամ նոր հագուստիս համար:

ՄԻՔԱՅԵԼ. (Նայելով Հմայիլին ոտքից մինչև գլուխ): Ա՞յդ է նոր հագուստդ:

ՀՄԱՅԻԼ. Այս է, պապա, հավանո՞ւմ ես:

ՄԻՔԱՅԵԼ. (Փռթկալով ծիծաղում է):

ՀՄԱՅԻԼ. Ամենավերջին մոդան է: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի հագել: Ես առաջինն եմ: Հիանալի է կարել մադամ Դյուշարը, հիանալի, իսկ և իսկ իմ ճաշակով: (Պտտում է հայելու առջև):

ՄԻՔԱՅԵԼ. (Ծիծաղելով): Վա՜յ, մեռա ծիծաղից, աստված վկա, մեռա: Աղչի, դա հագուստ չի, մասխարա է:

ՀՄԱՅԻԼ. (Վշտանալով): Պապա՜:

ՄԻՔԱՅԵԼ. Թող եղբայրդ ասե: Կասես տոպրակի մեչ գցած խոզաճուտ ես:

ՀՄԱՅԻԼ. (Վիրավորվելով): Պապա, դու ինձ վիրավորում ես:

ՄԻՔԱՅԵԼ. Ես ի՞նչ մեղավոր եմ: Մտիկ արա, Մատվե՛յ, ոտները պիտի-պիտի է անում մկան պես:

ՀՄԱՅԻԼ. (Մատթեոսին): Ինչո՞ւ չես պաշտպանում ինձ:

ՄԱՏԹԵՈՍ. Պապա՛, Պարիզի վերջի մոդան է այդ:

ՄԻՔԱՅԵԼ. Ես այդ մոդայի համար երկու հարյուր ռուբլի չէ, երկու կոպեկ էլ չեմ տա:

ՀՄԱՅԻԼ. Չե՞ս տա:

ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ:

ՀՄԱՅԻԼ. Ո՞չ:

ՄԻՔԱՅԵԼ. Ասել եմ ո՛չ ու ո՛չ:

ՀՄԱՅԻԼ. Պապա՛, խնդրում եմ ինձ չխայտառակես, դերձակուհին այնտեղ սպասում է:

ՄԻՔԱՅԵԼ. Որ մինչև Քրիստոսի երկրորդ գալն էլ սպասես, կոպեկ չեմ տալու:

ՀՄԱՅԻԼ. (Իբր թե ուշաթափվում է): Ա՜յ, վա՜յ: Սիրտս, կոկորդս: Ջո՜ւր: (Նստում է բազկաթոռներից մեկի վրա):

ՄԱՏԹԵՈՍ. (Մոտենում է Հմայիլին): Ին՞չ պատահեց, Ամալյա:

ՀՄԱՅԻԼ. (Մեկուսի Մատթեոսին): Պաշտպանիր ինձ: (Բարձր) Խայտառակվեցի, խեղդվեցի, մեռա, ջո՜ւր, քացախ, վալերիան:

ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Հմայիլին): Թուլացիր, թուլացիր, (Բարձր): Լա՛վ, հանգստացիր, Ամալյա, պապան փողը կտա:

ՀՄԱՅԻԼ. Ո՛չ, ո՛չ չեմ հանգստանա, քացա՜խ, ջո՜ւր, վալերիա՜ն: Ջո՜ւր, ջո՜ւր:

ՄԻՔԱՅԵԼ. Լավ, առաջ ուշքի եկ, հետո ջուր կտանք:

ՀՄԱՅԻԼ. Չէ, չէ, առաջ ջուր տվեք, հետո: Սիրտս դուրս է թռչում: Ա՜յ, վա՜յ, վալերիան, քացախ, սպիրտ, օդկոլոն:

ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Տեսնո՞ւմ եք այդ ղարաչուն: Ճար չկա, պիտի տալ: (Գրասեղանի արկղիկր բաց է անում):

ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Հմայիլին): Շարունակիր, շարունակիր:

ՀՄԱՅԻԼ. Ահ, վահ, ո՜ւշքս, խե՜լքս, սի՜րտս, կո՜ւրծքս, ոտնե՜րս, ձեռնե՜րս: Վալերիան, թող անե, թող անե, վնաս չունի: Նա ուզում է իր փողերն ազգին տալ, մեզ քաղցած թողնել: Ես ամենքին կասեմ, իմ բոլոր ընկերուհիներին: Նրանք էլ կասեն իրենց հայրերին: Լա՛վ, շատ լա՛վ, թող գրի իր ճառը, իսկ մեզ խեղդե, սպանե, ա՜յ վա՜յ, ջո՜ւր, քացա՜խ, վալերիա՜ն:

ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, հերիք է, ա՛յ քո վալերիանն էլ ու քացախն էլ: (Երկու հատ հարյուրանոց է շպրտում Հմայիլի գիրկը):

ՄԱՏԹԵՈՍ. (Վերցնում է թղթադրամները ու մոտեցնում է Հմայիլի բերնին): Ահա ջուր, խմիր:

ՀՄԱՅԻԼ. (Հառաչելով): Ա՜հ, վերջապես, ուշքս տեղը եկավ:

(Թղթադրամները թաքցնում է կրծքի վրա):

ՄԻՔԱՅԵԼ. Հո քերթեցի՞ք, հո կաշիս պլոկեցի՞ք, դե թողեք, որ շունչ առնեմ: Կորե՛ք, կորե՛ք, անիծվածնե՛ր: (Նստում է գործը շարունակելու):

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ, ՆԱԶԱՆԻ և ՄԱՐԻԱՄ

ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով: Չիքիլան վերցրել է, գլխարկ է դրել, որովհետև մազերը կանոնավոր չի սանրել, ուստի գլխարկը տգեղ է նստում գլխին): Ա՛յ, տես, Միխայել Պավլովիչ, տասնուհինգ տարով երիտասարդացել եմ:

ՄԱՐԻԱՄ. (Գալիս է Նազանու հետևից: Հակառակ Հմայիլի, պարզ գույնի մազերով, երեսի ճերմակ մաշկով աղջիկ է, բավական սիրուն: Հագնված է տակավին ոչ վերջին մոդայով, թեև շատ հարուստ): Մամա՛, գլխարկը լավ չես դրել: Մամա՛, կաց, թող ուղղեմ: (Մոտենում է Նազանուն և աշխատում անկանոն թափված մազերն ու ժապավենները ուղղել):

ՄԻՔԱՅԵԼ. (Սրտմտությամբ և ծաղրով): Հա՜ա հա՛, հենց այդ է, չափած կտրած մամզել ես Սարաթովից կամ Սամարայից: Աչքս լո՜ւյս:

ՆԱԶԱՆԻ. (Վշտացած): Լավ, լեզուդ քեզ պահիր երեխաների մոտ:

ՄԱՏԹԵՈՍ. Մամա՛, կարծեմ թասակրավն ավելի էր սազում քեզ:

ՀՄԱՅԻԼ. Սխալվում ես, գլխարկը մամային ավելի է սազում, միայն այդ կանաչ կարմիր ժապավեններն ավելորդ են: Մերի՛, թող, այդպես չի կարելի: Մամա՛, գնանք բուդուար: Հարկավոր է մազերդ նորից սանրել:

ՆԱԶԱՆԻ. Հա, Ամալյա՛, գնանք, օգնիր ինձ: (Գնում է աջ կողմի դռներով):

ՀՄԱՅԻԼ. (Մեկուսի՝ Մարիամին): Ես իմ հագուստի փողն ստացա, կարող ես, դու էլ քո հոգսը տես: (Գնում է աջ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 5

ՄԻՔԱՅԵԼ, ՄԱՏԹԵՈՍ և ՄԱՐԻԱՄ

ՄԻՔԱՅԵԼ. (Մարիամին): Հը՛, կարելի է քեզ էլ է մի բան հարկավոր:

ՄԱՐԻԱՄ. Պապա, Մյուլմանը իմ պատվիրած նոր ջութակն ստացել է:

ՄԻՔԱՅԵԼ. Ես ի՞նչ անեմ, որ ստացել է:

ՄԱՐԻԱՄ. Պետք է փողը վճարել ու ջութակը վերցնել:

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչքան պետք է վճարել:

ՄԱՐԻԱՄ. Երեք հարյուր ռուբլի:

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜: Երեք հարյուր մանեթ մի քյամանչու համա՞ր:

ՄԱՏԹԵՈՍ. (Ծիծաղում է): Քյամանչա՜:

ՄԱՐԻԱՄ. Պապա՛, ի՞նչ ես ասում, ջութակը քյամանչա չէ:

ՄԻՔԱՅԵԼ. Միևնույն է, քյամանչան ծնկան վրա են ածում, ջութակը ուսի վրա, էությունը միևնույնն է: Ես մի կտոր փայտի համար երեք հարյուր մանեթ տալ չեմ կարող:

ՄԱՐԻԱՄ. Պապա՛, տուր, ամոթ է, ուսուցիչս կծաղրե մեզ:

ՄԻՔԱՅԵԼ. Գնա, քո ուսուցչի էլ հերն անիծեմ: Երկու տարի է գալիս է, ծը՛վհա՛ծը՛վ, ճը՛վհա՛ճը՛վ, ոչինչ չի դուրս գալիս: Գնացեք երկուսդ էլ՝ քույր ու եղբայր: Սուրբն իմն է, զորությունը ես գիտեմ: Ոչ քեզնից քյամանչա ածող կլինի, ոչ էլ դրանից օպերա երգող: Հեռացեք, թողեք գործս վերջացնեմ:

ՄԱՐԻԱՄ. (Նստում է գրասեղանի քով): Ես չեմ կարող հեռանալ, մինչև որ երեք հարյուր ռուբլի չստանամ:

ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Լա՛ց եղիր, լաց եղիր, կամ եթե կարող ես, ուշաթափվի՛ր:

ՄԱՐԻԱՄ. Պապա, սպասում եմ:

ՄԻՔԱՅԵԼ. (Ձևանալով, թե չի լսում Մարիամին, գրում է): «Ժողովուրդ, մի բան էլ ասեմ, լսիր, ինչպես մարդն աշխատանքով է մարդ դառնում, այնպես էլ ազգն աշխատանքով կարող է ազգ դառնալ: Աշխատենք հաա՜, աշխատենք»: (Մեկուսի): Կարծեմ այս մեկը լծկան եզից էլ լավ է: Շարունակենք: (Մտածում է):

ՄԱՐԻԱՄ. Պապա՛, երեք հարյուր ռուբլին:

ՄԻՔԱՅԵԼ. (Մի բան գրել է, ջնջում է): Չէ՛, այս մեկը ջնջենք: Այնքան բազմության մեջ թյունի-մյունի բաներ խոսել չի կարելի:

ՄԱՐԻԱՄ. Պապա՛, ես սպասում եմ:

ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Ծվծվա՛, ծվծվա:

ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակելով չլսող ձևանալ): Հը, այսպես լավ է:

ՄԱՐԻԱՄ. (Կեղծ լալիս է): Աա՜, աա՜, աա՜,

ՄԻՔԱՅԵԼ. (Ականջները փակում է):

ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Բա՛րձր, բա՛րձր:

ՄԱՐԻԱՄ. (Ավելի բարձր): Աա՜, աա՜, աա՜:

ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը ձգում է սեղանի վրա, ձեռները ծալում կրծքի վրա ու նայում Մարիամին):

ՄԱՐԻԱՄ. (Շարունակում է լալ):

ՄԻՔԱՅԵԼ. Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք այդ մուզիկը: Դե գնա ու այս դրության մեջ ազգին ծառայիր: Հնար չկա, հնար չկա: Դե լավ, հերիք է, քի՛չ ծվծվա: Ըհը, այս էլ քեզ: (Դուրս է բերում սեղանի արկղիկից երեք հարյուր ռուբլի և տալիս է Մարիամին): Վերցրո՛ւ, էլ փող չմնաց, վերջացավ:

ՍԱՐԻԱՄ. (Թաշկինակով չեղած արցունքը սրբելով, դրամը վերցնում է ու թաքցնում):

ՏԵՍԻԼ 6

ՆՈՒՅՆՔ, ՆԱԶԱՆԻ և ՀՄԱՅԻԼ, որ գալիս են աջ կողմի դռներով

ՆԱԶԱՆԻ. Ա՛յ, հիմա տեսեք: Կարծեմ, էլ պակասություն չկա:

ՄԱՐԻԱՄ. Այո՛, մամա, հիմա ամեն բան կարգին է: (Փողը ցույց է տալիս Հմայիլին պարծանքով):

ՆԱԶԱՆԻ. (Կանգնելով հայելու առջև): Հը, ի՞նչպես ես հավանում քո Նազաննա Բողդանովնային, Միխայիլ Պավլովիչ:

ՄԻՔԱՅԵԼ. (Ձեռը շարժում է հուսահատորեն):

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ և ԳԵՎՈՐԳ

ԳԵՎՈՐԳ. (Գալիս է խորքի դռներով: Թեթևսոլիկ հագնված պատանի է՝ մազերը սանրած անգլիական ձևով): Ամենքդ այստե՞ղ եք, այդ լավ է: Լսեցեք, կիրակի օրը ես թռչում եմ:

ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Հիմա էլ դա:

ՀՄԱՅԻԼ, ՄԱՐԻԱՄ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Թռչո՞ւմ ես:

ԳԵՎՈՐԳ. Թռչում եմ:

ՆԱԶԱՆԻ. Այդ ո՞րտեղից ես թռչում:

ԳԵՎՈՐԳ. Երկինք:

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, այդ ե՞րբ ծիծեռնակ դարձար:

ՄԱՏԹԵՈՍ. Ինչո՞վ ես թռչում:

ԳԵՎՈՐԳ. Աերոպլանով:

ՄԱՐԻԱՄ. Օհո՜, այդ լավ է:

ԳԵՎՈՐԳ. Մոսկվայից եկել է մի թռչող: Նա կիրակի օրը պիտի թռչի: Հայտարարել է, որ կարող է իր հետ մեկին վերցնել: Ես խոսեցի հետը և համաձայնվեց երկու հարյուր ռուբլով ինձ թռցնել:

ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն, կիրակի օրը դու կաշխատես երկու հարյուր ռուբլի՞: Այդ լավ է:

ԳԵՎՈՐԳ. Ոչ, պապա , ընդհակառակը, ես պիտի նրան տամ երկու հարյուր ռուբլի:

ՄԻՔԱՅԵԼ. Օհո, այդ լավ է: Խերով բան ասացիր:

ՄԱՐԻԱՄ. ժորժ, ժորժ, ինձ էլ հետդ վերցրու:

ՄԻՔԱՅԵԼ. Ադա, ճիպուռ, դու ո՞վ ես, որ երկինք թռչես: Ես այսքան տարվա մարդ եմ, մի արշին էլ վեր թռչել չկարողացա, հիմա դու պիտի՞, հեե՞, ով գիտի, ուր բարձրանաս: Գնա, կորիր, հըռըլհոփ...

ԳԵՎՈՐԳ. Պապա, մի մեծ բան չէ: Եթե կամենաս, դու էլ կարող ես թռչել:

ՄԻՔԱՅԵԼ. Հաա՜, ո՛նց չէ, կարող եմ: Հանկարծ որ գլուխկոնծի տա՞մ:

ԳԵՎՈՐԳ. Կարող են քեզ կապռտել: Ինձ էլ կապռտելու են:

ՆԱԶԱՆԻ. Որ ինձ խեղդեն էլ, քեզ չեմ թողնի թռչելու:

ԳԵՎՈՐԳ. Մամա, մի վախենար ոչինչ չի պատահի:

ՀՄԱՅԻԼ. Մամա, թող, լավ բան է, պարծանք է մեզ համար:

ՄԱՐԻԱՄ. Իհարկե, պարծանք է թռչող եղբայր ունենալ:

ՄԻՔԱՅԵԼ. Աստված, երկինք, ոչինչ չեմ հասկանում: Քույրն այստեղ ոտները գցել է տոպրակի մեջ այնպես, որ երկրի վրա ման գալ չի կարողանում, եղբայրն ուզում է երկինք թռչել: Խելքս բան չի կտրում:

ԳԵՎՈՐԳ. Ուրեմն, պապա՛, կտա՞ս երկու հարյուր ռուբլի:

ՄԻՔԱՅԵԼ. Չէ, բալեն կծեմ, չէ: Ես երկնքին ոչինչ պարտական չեմ, որ փող ուղարկեմ այնտեղ: Հեռացիր աչքիցս:

ԳԵՎՈՐԳ. Պապա՛, խնդրում եմ:

ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանալով): Ձայնդ կտրիր, ասում եմ: Անեծք քեզ, չար սատանա, հաա՜:

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՔ և ԳՐԻԳՈՐ, հետո ՍՈՖԻԿ

ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով: Պարզ հագնված, զվարթ դեմքով, անփույթ ձևերով երիտասարդ է, գեր, առողջ): Ըհը, էլի ընտանեկան սրտաշարժ ժողով: Ի՞նչ եք ուզում այդ մարդուց, աա՜, ի՞նչ եք ուզում: Չե՞ք թողնելու, որ իր գործով զբաղվի:

ՄԻՔԱՅԵԼ. Լսո՞ւմ եք, գիժ է, բայց ձեզանից էլ խելոք է: Ասա՛, որդի, ասա:

ԳՐԻԳՈՐ. Հապա, հեշտ բա՞ն եք համարում ազգին ծառայելը: Մարդը կրրակի օրը նախագահ պիտի լինի: Ամբողջ քաղաքն է սպասում նրա խոսքին:

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, դո՞ւ որտեղից գիտես, որ ես նախագահ պիտի լինեմ:

ԳՐԻԳՈՐ. (Ուշադրություն չդարձնելով Միքայելի հարցին): Գիտե՞ք ինչ ասել է նախագահ, օհո՛, հո՜, պռեդսեդատե՛լ, հանաք բան չիմանաք: (Նոր նկատելով Նազանու գլխարկը): Մայրի՜կ, շլյապա ես դրե՜լ: Բոնժուռ, մադամ Նազանի, կոմա՞ն սա վա: (Նկատելով Հմայիլի հագուստը): Օհո՛, այստեղ մտիկ արեք, քույրս դարձել է փչած տկճոր: Մատ չխփեք, կարող է տրաքել, հե՜, հե՜, հե՜: (Բարձրաձայն ծիծաղում է): Ինչի՞ է նման, տեր աստված: (Պիջակի փեշերը ժողովելով, քայլում է Հմայիլի պես): Տիպլի-տիպիլ, տիպլի-տիպիլ, տիպլի-տիպիլ:

ՀՄԱՅԻԼ. (Վիրավորվելով): Գնա՛, կորիր գիժ:

ՄԱՏԹԵՈՍ. Նա հարբած է:

ԳՐԻԳՈՐ. Ցավում եմ, որ հարբած չեմ, թե չէ մի լավ կշշպռեի ամենքիդ: Դրանց նայեցեք, ի սեր աստծու, առիստոկռատկա: Մայրիկ, ուղիղն ասած քեզնից չէի սպասում այդպիսի սալտո մորտալ: Գլխարկը քեզ այնքան է սազում, որքան օպերան այդ զուռնաչուն: (Ցույց է տալիս Մատթեոսին և դառնում է դեպի նա): Մաթո՛ս, լսել եմ Իտալիա ես գնում: Շնորհավորում եմ: Զգույշ, որ ձայնդ ճանապարհին չմրսե, թե չէ՝ գեղարվեստը մեծ կորուստ կունենա: Երևելի ձայն է: Ինչ ասես կա նրա մեջ, մեցոսոպրանո, բասո-դեսկանտո, կոնտրալտո-լիրիկո, մի խոսքով Հայաստանյաց առաքելական եկեղեցու տիրացու:

ՄԱՏԹԵՈՍ. Այդ քո խելքի բանը չէ:

ԳՐԻԳՈՐ. (Դառնալով Մարիամին): Խորին հարգանքներս և յոթանասուն հազար ծաղկյա փնջեր ու դափնյա պսակներ նշանավոր ջութակահար մադմազել Մարիամ Մելիք-Բուռնությանցին, փը՜ռռ: (Փռթկալով ծիծաղում է):

ԳԵՎՈՐԳ. Դու ամենքին ծաղրում ես:

ԳՐԻԳՈՐ. Օհո՛, Կոկո՞ս, մազերդ այս անգամ անգլիացու նման ես սանրել: Ինձ ասացին, որ դու ուղում ես երկինք թռչել: Լավ ես մտածել: Գնա ծտերից մի քիչ խելք բեր քեզ համար:

ՄԻՔԱՅԵԼ. Թըրրխկացրու, թըրրխկացրու ամենքին, տեղն է:

ՆԱԶԱՆԻ. Ամալյա, Մերի, Մատվեյ, ժորժ, ուշ մի՛ դարձրեք Գրիշայի ասածներին: Նրա լեզուն կապ չունի:

ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ: Ամալյա՜: Լմայիլ: Մերի՞: Մարիամ: Մատվե՞յ: Մատթեոս, այն էլ Թեոս. ժո՞րժ, Գևորգ: Գրիշա՞: Գրիգոր, Գյուքի: Այստեղ մտիկ արեք: Անուններն էլ են փոխել: Մասխարաներ:

ՄԻՔԱՅԵԼ. Թըրրխկացրու, որդի, թըրրխկացրու:

ԳՐԻԳՈՐ. Այո, կթըրրխկացնեմ, հայրիկ, քեզ էլ, որովհետև օրինակը դու ես տվել: Դու բուռնոթի ծախողանց Մուքելը չէի՞ր առաջ:

ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս:

ԳՐԻԳՈՐ: Է՜է՜, լա՛վ, Մուքել էիր, Մուքել էլ կմնայիր էլի: Ին՞չ ես դարձել Միխայել Պավլովիչ: Դեռ ազգանունդ էլ ես փոխեր Մելիք-Բուռնությանց: Ասա, խնդրեմ, բուռնութին, քթախոտն էլի, քթախոտը, որ պառավներն այսպես քաշում են ու փռշտում, բուռնոթին կարո՞ղ էր Մելիք լինել: Հարցրու ում ուզում ես, կարո՞ղ էր:

ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, համը մի՛ տանիր: Ես ասացի դրանց թըրրխկացրու, ոչ թե ինձ:

ԳՐԻԳՈՐ. Լավ, էլ չեմ թըրրխկացնի, բայց մի բան ասեմ, հայրիկ, չնեղանաս:

ՄԻՔԱՅԵԼ. Հըը, ասա, երևի դու էլ փող ես ուզելու:

ԳՐԻԳՈՐ. Ո՛չ, փող հարկավոր չէ: Երեկ բիլիարդում հիսուն ռուբլի եմ տարել, առժամանակ բավական է ինձ համար: Ես ուզում եմ խնդրել, հայրի՛կ, որ դու կիրակի օրվա ժողովում ճառ չարտասանես:

ՄԻՔԱՅԵԼ. Ինչո՞ւ:

ԳՐԻԳՈՐ. Որովհետև վախենում եմ, որ դու քո ճառով տապալվես ու մեզ էլ խայտառակես:

ՆԱԶԱՆԻ. Ի՜նչ ես ասում, ա տղա:

ՄԱՏԹԵՈՍ. Ինքն էլ չգիտե, ինչ է ասում:

ՄԻՔԱՅԵԼ. Ադա, խե՞ պիտի տապալվեմ ու ձեզ խայտառակեմ, խե՞:

ԳՐԻԳՈՐ. Մի՛ նեղանար, հայրի՛կ, գիտես, որ ես թեև գիժ եմ, բայց քեզ սիրում եմ ու չէի կամենա, որ դու մի անգամ էլ անեկդոտների ու ծաղրի առարկա դառնաս:

ՄԻՔԱՅԵԼ. Մի անգա՞մ էլ, ուրեմն ինձ ծաղրո՞ւմ են:

ԳՐԻԳՈՐ. Այո, հայրիկ, ծաղրում են այն օրից, եբր դու եպիսկոպոսի մոտ մի ինչ-որ ժողովում ճառ ես ասել: Այժմ էլ քո ասածները կլուբում մարդիկ կրկնում են ու ծիծաղում:

ՄԻՔԱՅԵԼ. (Հանկարծ կատաղում է): Դե դո՛ւրս, անպատկառ, դո՛ւրս այստեղից, անամոթ: Ես ճառեր ասել եմ, պիտի ասեմ ու օրես դենը ամեն տեղ էլ ասելու եմ:

ՆԱԶԱՆԻ. Որ ծաղրում են, ինչո՞ւ ես ասում:

ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. Պապա՜:

ՄԻՔԱՅԵԼ. (Ավելի կատաղելով): Ասելու եմ, թեկուզ ամենքդ ձեր վզովը թոկ գցեք ու խեղդվեք:

ԳՐԻԳՈՐ. Դու գիտես, հայրիկ, ես իմ պարտքը կատարեցիք

ՄԻՔԱՅԵԼ. Գնացե՛ք, կորեք այստեղից ամենքդ: Ինձ են ուզում խելք սովորեցնել: Ես ձեզ նմաններին հարյուր անգամ ծարավ աղբյուրը կտանեմ ու հարյուր անգամ էլ ծարավ ետ կբերեմ: (Բարկացած գնում է աջ կողմի դռներով):

ԳՐԻԳՈՐ. Մանավանդ այս ոչխարին: (Ցույց է տալիս Մատթեոսին):

ՄԱՏԹԵՈՍ. Լի՜րբ:

ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ առանց ՄԻՔԱՅԵԼԻ

ԳՐԻԳՈՐ. նա նեղացավ ինձանից, հիմա դուք լսեցեք ինձ: Մեր ժառանգությանը մեծ վտանգ է սպառնում:

ՆԱԶԱՆԻ. Ի՞նչպես, ի՞նչպես:

ՀՄԱՅԻԼ. Ի՞նչ վտանգ է սպառնում:

ԳՐԻԳՈՐ. Ազգասերները հայրիկին շոյելով ու շողոքորթելով խառնել են ազգային գործերին: Նրանք աշխատում են նրան խելքից դուրս բերել և համոզել, որ նա իր միլիոնները կտակի ազգին: Լսեցի՞ք:

ԱՄԵՆՔԸ. (Վրդովվում են): Աա՜, ահա թե ինչ:

ԳՐԻԳՈՐ. Այո, կարող է պատահել, որ մենք զրկվենք ժառանգությունից: Եթե ինձ հարցնեք, ավելի լավ է հայրիկն իր միլիոնները տա ազգին, քան թողնե ինձ նման մի քամի կուլ տվողի կամ այդ զուռնաչուն (ցույց է տալիս Մատթեոսին), կամ այդ պիմպեռլեին (ցույց է տալիս Գևորգին), կամ թեկուզ փքված հնդկահավին (ցույց է տալիս Հմայիլին), կամ այդ երևելի ջութակահարին (ցույց է տալիս Մարիամին), որ ականջներս խլացրել է իր ծվծվոցով:

ԱՄԵՆՔԸ. (Վրդովման նշաններ են անում):

ԳՐԻԳՈՐ. (Շարունակում է): Ինչո՞ւ: Որովհետև միլիոններ ժառանգելու համար էլ խելք է հարկավոր: Այնինչ, եթե մեր ողջի խելքերը հավաքես միասին հազիվ կարողանան մի հավաբուն կառավարել: Այո, եթե ինձ հարցնես, իսկի դեմ չեմ լինի, որ հայրիկի միլիոնները գլորվեն հայ ազգի կոկորդը: Բայց ես հոգում եմ ձեր մասին, և ահա ասում եմ. մի գեղեցիկ օր դուք կարող եք մնալ չոր տափի վրա: Եթե կարող եք ձեր գլխի ճարը գտեք:

ՆԱԶԱՆԻ. Ի՞նչ պիտի անենք, ասա՛:

ՀՄԱՅԻԼ. Այո, ի՞նչ պիտի անել:

ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ պիտի անել, նախ և առաջ հարկավոր է խանգարել հայրիկին կիրակի օրը այդ ժողովին նախագահելու, մանավանդ ճառ ասելու: Որովհետև հենց որ նա ճառն ասե, իմացեք, որ ձեր միլիոնները կորած են:

ԳԵՎՈՐԳ. Մի՞թե:

ԳՐԻԳՈՐ. Այո, այո:

ՄԱՐԻԱՄ. Կարծեմ, դու գործը փքում ես: Ճառ է, էլի, ի՞նչ կա, թող ասե:

ՄԱՏԹԵՈՍ. Ես էլ կարծում եմ:

ԳՐԻԳՈՐ. Ոչ, մի՛ ասեք. Դուք չգիտեք այդ ճառը ձեր գլխին ինչ փորձանքներ կարող է բերել, չգիտեք: Այդ միևնույն է, ինչ որ ես օրինակի համար, ի՞նչ ասեմ. Այո միևնույն է, որ ես վզովս մի սապոնած թոկ գցեմ, բարձրանամ այդ աթոռի վրա, հետո թոկի մի ծայրը կապեմ այ այն կեռին, որ տեսնում եք առաստաղի վրա և հետո ոտքովս թըրըխկ, աթոռը դեն գցեմ: Չէ՞ որ ես կարող եմ քաշ ընկնել ու խեղդվել:

ՀՄԱՅԻԼ. Այո, իհարկե:

ԳԵՎՈՐԳ. Ճշմարիտ է, կարող ես խեղդվել:

ՄԱՏԹԵՈՍ. Եվ լեզուդ էլ կարող է այսչափ դուրս ընկնել, ա՛յ:

ՄԱՐԻԱՄ. Իհարկե, իհարկե:

Next page
Pages: First Previous 1 2 Next Last