Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ազգային գործիչը

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец

ԳՐԻԳՈՐ. Դե, որ այդպես է, իմացեք, որ հայրիկի ճառը ձեր ժառանգության համար միևնույնն է, ինչպես սապնած թոկն ինձ համար: Ուրեմն, նախ և առաջ պետք է ոչնչացնել այդ ճառը: Թե ինչպե՞ս, մտածենք այդ մասին: Մայրիկ, առաջին խոսքը քեզ է պատկանում այս ընտանեկան խորհրդում: Բարեհաճիր արտահայտել քո հեղինակավոր կարծիքը:

ՆԱԶԱՆԻ. Ես ոչինչ չեմ կարող ասել: Հայրդ այնպիսի մարդ է, որ եթե ամբողջ աշխարհն էլ ոտքի կանգնե, իր ասածն անելու է:

ՄԱՏԹԵՈՍ. Այդ ճիշտ է:

ԳՐԻԳՈՐ. Ուրեմն դու կարծիք չունիս: Շատ լավ: (Մատթեոսին): Խոսքը քեզ է պատկանում, անդրանիկ ժառանգ Մելիք-Բուռնությանց իշխանական գերդաստանի:

ՄԱՏԹԵՈՍ. Ես էլ ոչինչ հնարել չեմ կարող:

ԳՐԻԳՈՐ. Հասկանալի է: Գուցե դո՛ւ մեզ օգնես, օրիո՛րդ Հմայիլ, ներողություն, Ամալյա:

ՀՄԱՅԻԼ. Ես մտածում եմ:

ԳՐԻԳՈՐ. Երևի դու էլ ես մտածում, օրիորդ Մարիամ, ներողություն, մադմուազել Մերի:

ՄԱՐԻԱՄ. Այո, մտածում եմ:

ԳՐԻԳՈՐ. Փառք աստծու: Մնացիր դու, Կոկոս աղբեր:

ԳԵՎՈՐԳ. Ես էլ եմ մտածում:

ԳՐԻԳՈՐ. Լավ, մտածենք: Տեսնենք ինչ դուրս կգա մեր կատարներից:

(Կարճատև լռություն):

ԳԵՎՈՐԳ. Ես գտա հնարը:

ՄԱՐԻԱՄ ԵՎ ՀՄԱՅԻԼ. Ի՞նչ է, ի՞նչ է:

ԳՐԻԳՈՐ. Հապա՞, հապա՞:

ԳԵՎՈՐԳ. Ես կգողանամ պապայի գրած ճառը և նա կմնա առանց ճառի:

ՆԱԶԱՆԻ. Կգողանաս, նորը կգրի:

ՀՄԱՅԻԼ. Իհարկե:

ՄԱՄՐԻԱՄ. Իհարկե:

ՄԱՏԹԵՈՍ. Հիմա՜ր:

ԳՐԻԳՈՐ. Ես գտա հնարը:

ԱՄԵՆՔԸ. Ի՞նչ է, ի՞նչ է:

ԳՐԻԳՈՐ. Եկեք կիրակի օրը ամենքս հիվանդանանք:

ՆԱԶԱՆԻ. Ամե՞նքս:

ԳՐԻԳՈՐ. Ամենքս:

ՄԱՏԹԵՈՍ. Հետո՞:

ԳՐԻԳՈՐ. Հետո, էլ ի՞նչ հետո: Մի մարդ, որի ամբողջ ընտանիքը հիվանդ է, կարո՞ղ է տնից դուրս գալ, մանավանդ գնալ ժողով, նախագահություն անել ու ճառ ասել:

ԳԵՎՈՐԳ. Իհարկե, չի կարող:

ՄԱՐԻԱՄ. Չի՛ կարող, չի՛ կարող:

ԳՐԻԳՈՐ. Ուրեմն՝ վճռվա՞ծ է, հիվանդանո՛ւմ ենք:

ԱՄԵՆՔԸ. Հիվանդանում ենք, հիվանդանում ենք:

ՀՄԱՅԻԼ. Բայց ինչո՞վ հիվանդանանք:

ԳՐԻԳՈՐ. Զանազան ցավերով: Օրինակի համար, ես վերցնում եմ փորացավը:

ՆԱԶԱՆԻ. Ես գլխացավը:

ՀՄԱՅԻԼ. Մամա, գլխացավն ինձ տուր, ես ուրիշ բանով չեմ ուզում հիվանդանալ:

ՆԱԶԱՆԻ. Լավ, քեզ լինի, երեխայությունիցդ ես սովոր պատառս ձեռիցս խլել: Ես կվերցնեմ մեջքացավը:

ՄԱՐԻԱՄ. Ես էլ ատամնացավը:

ԳԵՎՈՐԳ. Ես էլ վերցրի ոտնացավը:

ՄԱՏԹԵՈՍ. Ինձ ոչինչ չմնաց: (Գրիգորին): Փորացավդ ինձ տուր:

ԳՐԻԳՈՐ. Վերցրու, անուշ լինի: Իսկ ևս կվերցնեմ ձեր բոլորի ցավերը: Ուրեմն վճռվա՛ծ է:

ՆԱԶԱՆԻ. Ի՜նչ արած, եթե ուրիշ հնար չկա:

ՀՄԱՅԻԼ. Այնպես տնքտնքամ որ:

ՄԱՐԻԱՄ. Այնպես ծվծվամ որ:

ԳԵՎՈՐԳ. Այնպես կաղեմ որ...

ԳՐԻԳՈՐ. Բայց իմացեք, որ եթե ծիծաղեք, ամեն բան կփչացնեք:

ՀՄԱՅԻԼ. Իհարկե, չպիտի ծիծաղել:

ՍՈՖԻԿ. (Գալիս է աջ կողմի դռներով): Նախաճաշը պատրաստ է:

ՆԱԶԱՆԻ. Գնանք: (Գնում է աջ կողմի դռներով):

ԱՄԵՆՔԸ. (Գնում են աջ կողմի դռներով):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Ընդարձակ սալոն, շքեղ կահավորված: Թախտեր չկան: Դռներ ձախ պատի մեջ ավանսցենի կողմ, որ տանում են Միքայելի առանձնասենյակը: Դռներ նույն պատի մեջ խորքում, որ տանում են դեպի նախասենյակ: Դռներ խորքի պատի կենտրոնում, որ տանում են սեղանատուն: Դռներ աջ պատի մեջ ավանսցենի կողմ, որ տանում են բնակարանի մյուս սենյակները: Սույն պատի առջև՝ խորքում ռոյալ, վրան զանազան թանկարժեք իրեր և ծաղիկների մի մեծ փունջ: Կենտրոնում մի գեղեցիկ սեղան, քովը ոսկեգօծ բագկաթոռներ: Աջ պատի վրա տելեֆոնի ապարատ: Պատերի տակ ոսկեգօծ աթոոներ: Պատերի վրա ոսկեղօծ շրջանակների մեջ նկարներ: Վառարան չկա: Պատերից մեկի առջև դրված է շոգեանցքը:

Դռները վարագուրված են մետաքսյա դեղնագույն վարագույրներով, հատակը ծածկված է թանկարժեք գորգերով: Առաստաղից քաշ է արած մի ահագին բագմաճյուղ էլեկտրական լյուստրա:

ՏԵՍԻԼ 1

ՍՈՖԻԿ ե ԱՅՎԱԶ

ՍՐՖԻԿ. (Վարագույրը բարձրանալիս գալիս է աջ կողմի դռներով, ձեռքին գույնգգույն փետուրներից շինված մի սրբիչ և սկսում է բազկաթոռների փոշին վանել: Մաքուր հագնված երիտասարդ աղջիկ է՝ սպիտակ գոգնոցով: Բարկացած է, ուստի սրբիչը զարկում է բազկաթոռներին կատաղի):

ԱՅՎԱԶ. (Գալիս է Սոֆիկից մի քանի վայրկյան հետո, ձախ կողմի դռներով: Մաքուր հագնված երիտասարդ է՝ սափրված երեսով, կարճ խուզած մազերով: Մի քանի վայրկյան լուռ նայում է Սոֆիկին): Զարկի՛ր, զարկի՛ր, մեկ էլ, մեկ էլ: Հըը, էլի ի՞նչ է պատահել, որ կատաղել ես:

ՍՈՖԻԿ. Քո բանը չէ:

ԱՅՎԱԶ. Ես մեղա՜ աստծու:

ՍՈՖԻԿ. Արի ու այդպիսիներին ծառայիր: Ամենքը միասին են հիվանդացել: Կարծես չէին կարող հերթով հիվանդանալ, օրինավոր կանանց պես, մեկը այսօր, մյուսը վաղը

ԱՅՎԱԶ. (Փռթկալով ծիծաղում է):

ՍՈՖԻԿ. Ինչո՞ւ ես ծիծաղում:

ԱՅՎԱԶ.Պարոններն էլ են հիվանդացել:

ՍՈՖԻԿ. Ամե՞նքը:

ԱՅՎԱԶ. Երկուսը հիվանդացել են, մյուսներին դեռ չեմ տեսել:

ՍՈՖԻԿ. Այ քեզ բա՜ն: Չլինի՞ թե թունավորվել են:

ԱՅՎԱԶ. Չէէ՜, շատ ուտելուց կլինի: Առավոտից մինչև երեկո խժռում են:

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ և ԳՐԻԳՈՐ

ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով): Հա, լավ է, որ երկուսդ էլ այստեղ եք: Գործ ունեմ: Այվա՛զ, մտիր հայրիկի սենյակը, տես ինչ է անում:

ԱՅՎԱԶ. Կարող չեմ:

ԳՐԻԳՈՐ. Ինչո՞ւ:

ԱՅՎԱԶ. Կարող չեմ, հրամայված չէ:

ԳՐԻԳՈՐ. Գնա, ասում եմ: Ես պատասխանատու եմ:

ԱՅՎԱԶ. (Ակամա գնում է ձախ կողմի առաջին դռներով վախվխելով):

ԳՐԻԳՈՐ. Սոֆի՛կ, լսիր ինչ եմ ասում: Այստեղ կսպասես մի անկյունում, հենց որ հայրիկն իր սենյակից դուրս եկավ և տեսար,որ ուզում է գնալ, իսկույն կվազես մայրիկի ու օրիորդների մոտ և կպոռաս «ժամանակ է»: Լսո՞ւմ ես. «ժամանակ է», ուրիշ ոչինչ:

ՍՈՖԻԿ. Լավ:

ՄԻՔԱՅԵԼ. (Բեմի ետևից բարձր): Լիրբ, քեզ ո՞վ ասաց, որ ներս մտնես:

ԱՅՎԱԶ. (Բեմի ետևից): Գրիշ աղան հրամայեց:

ՄԻՔԱՅԵԼ. (Բեմի ետևից, ավելի բարձր): Գնա՛, կորիր:

ԳՐԻԳՈՐ. (Ծիծաղում է):

ԱՅՎԱԶ. (Վերադառնում է ձախ կողմի առաջին դռներով: Վշտացած): Լսեցի՞ք: Ես ասում էի: Ինձ լիրբ անվանեց ու քիչ էր մնում թանաքամանը գլխովս տար:

ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ էր անում, երբ դու ներս մտար:

ԱՅՎԱԶ. Թատրոն էր խաղում:

ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ:

ԱՅՎԱԶ. Հրամանքդ, թատրոն էր խաղում:

ՍՈՖԻԿ. (Ծիծաղում է):

ԱՅՎԱԶ. Ա՛յ, այսպես, մի ձեռում մի մեծ թուղթ բռնած, կարդում էր, մյուս ձեռով տալիս էր սեղանին, կրծքին ու ճակատին: Մի խոսքով՝ ոնց որ դերասան:

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Չլինի՝ թե հայրիկս... (Ձեռով ցույց է տալիս ճակատը, բարձր): Լսի՛ր, Այվա՛զ, ես գնում եմ սենյակը: Ես հիվանդ եմ...

ԱՅՎԱԶ. (Ընդհատելով, զարմացած): Ըմբո՞: Դո՞ւք էլ:

ԳՐԻԳՈՐ. Այո՛, հիվանդ եմ: Հենց որ հայրիկը դուրս կգա իր սենյակից, իսկույն կվազես Մատվեյի ու Ժորժի մոտ ու կասես. «ժամանակ է»: Լսո՞ւմ ես:

ԱՅՎԱԶ.Լսեցի:

ԳՐԻԳՈՐ. (Սոֆիկին): Դու էլ չմոռանաս: (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ, առանց ԳՐԻԳՈՐԻ

ՍՈՖԻԿ. (Դադարել է աշխատելուց): Խելքս բան չի կտրում:

ԱՅՎԱԶ. Համբերիր, ինչպես տեսնում եմ, «այստեղ մի և կա: Գրիշ աղան շատ օյինբազ է:

ՍՈՖԻԿ. Սուս, մեծ աղան գալիս է. տես ինչ է ասում: (Թաքնվում է խորքի դռների վարագույրների ետևում):

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ և ՄԻՔԱՅԵԼ

ՄԻՔԱՅԵԼ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Հագել է սև երկայն սյուրտուկ, փայլուն կոշիկներ: Փողկապը սպիտակ է. ճառը ձեռքում անգիր է անում, երևակայելով իրան ժողովում: Հռետորի շարժումներ անելով, անցնում է մինչև բեմի մյուս ծայրը):

ԱՅՎԱԶ. (Չկարողանալով ծիծաղը զսպել: Բերանը ձեռքով ծածկած, աննկատելի վազում, գնում է խորքի դռներով):

ՍՈՖԻԿ. (Փռթկալով ծիծաղում է և շտապով աննկատելի վազում, գնում է աջ կողմի դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. (Մի վայրկյան սթափվելով Սոֆիկի փռթկոցից, նայում է աջ ու ձախ և, ոչ ոքի չտեսնելով, հանգստանում է: Թուղթը ծալում է ու ծոցը դնում): Պատրաստ է, ջրի պես անգիր գիտեմ: (Մոտենամ է տելեֆոնի ապարատին և փողը վերցնում): Չիտիրի, սորոկ չիտիրի: Բլագադարյու: (Սպասում է): Հը՞ կտո՞-կտո ու տելեֆոնու: Մաշո՞ւկ: Կակո՞յ Մաշուկ: Նինադա: Դավայ ադբոյ (Սպասում է): Չիտիրի, սորոկ չիտիրի: (Սպասում է): Կտո՞, կրտո՞: Հաջի, սան սա՞ն Ալլահ սախլասուն: Միխայիլ Պավլովիչ. Բեա՞լք: Ալլահ շյուքյուր: Յոո՜խ: Սաղօլ: (Տելեֆոնը անջատում է: Սպասում է): Յա տեբե գավարյու չիտիրի, սորոկ չիտիրի: (Բարձր): Չիտիրի սորոկ չիտիրի: Գլուխոյ՞, շտո՞լի: Տի սամա գրուբյան: (Մեկուսի): Շան աղջիկ (Սպասում է): Հա, դու ե՞ս, պարոն Մուշկամբարյանց, Հրամանքս, պատրաստ եմ: Միխայել Պավլովիչ Մելիք-Բուռնությանցն եմ: Պատրաստ եմ: Հըը՞: Դեռ ժամանա՞կը չէ: Լա՜վ: Գալիս ես ինձ մո՞տ, որ միասին գնանք: Շատ լավ, շատ լավ: Եկ, սպասում եմ: Լա՛վ: Լա՛վ: Սպասում եմ: (Տելեֆոնի գործիքն իր տեղը դնելով, մատը սեղմում է պատի վրա գտնվող էլեկտրական զանգակի կոճակին: Լսվում է զանգակի հնչյուն):

ՏԵՍԻԼ 5

ՄԻՔԱՅԵԼ և ԱՅՎԱԶ

ԱՅՎԱԶ. (Շտապով գալիս է խորքի դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. Ադա, Այվա՛զ, շոփերին ասա, ափթամաբիլը փողոց տանի:

ԱՅՎԱԶ. (Շտապով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. (նայում է պատին քաշ արած ահագին հայելու մեջ ինքն իրան, կուրծքը դուրս ցցում, բեղերը ոլորում, փողկապն ուղղում և այլն):

ՏԵՍԻԼ 6

ՄԻՔԱՅԵԼ և ԳԵՎՈՐԳ

ԳԵՎՈՐԳ. (Գալիս է խորքի դռներով կաղալով և հենվելով ձեռնափայտի վրա: Մի ոտը կոշիկի մեջ է, մյուսը հողաթափի մեջ և ուռած): Այ, վայ, ցավում է:

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ է պատահել:

ԳԵՎՈՐԳ. Ռևմատիզմ, ռևմատիզմ, այ, վա՜յ:

ՄԻՔԱՅԵԼ. Ռեխին մտիկ արեք: Այդ հասակում ռևմատիզմ չի լինի:

ԳԵՎՈՐԳ. Չգիտես, այ, վա՜յ: Կարելի է պատագրա է: (Նստում է):

ՄԻՔԱՅԵԼ. Պատագրա էլ չի լինի:

ԳԵՎՈՐԳ. Այ, վա՜յ, ոսկորս է ցավում:

ՄԻՔԱՅԵԼ. Գնա պառկիր, բժիշկ կգա, կտեսնե:

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ և ՆԱԶԱՆԻ

ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով, մեջքը բռնած, տնքտնքալով): Ըը՜ը, ը՜ը, մե՜ջքս, մե՜ջքս...

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո, քե՞զ ինչ է պատահել:

ՆԱԶԱՆԻ. Կոտրվեց, կոտրվեց: Մեռա՜, մեռա՜:

ՄԻՔԱՅԵԼ. (Բարկացած): Մեռա, մեռա: Մեռնում ես, ինչո՞ւ ես ոտքի վեր կացել: Գնա պառկած մեռիր:

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ և ՀՄԱՅԻԼ

ՀՄԱՅԻԼ. (Գալիս է աջ կողմի դռներով: Տնքտնքում է, առանց բառեր արտասանելու): Ըը՜ը, ըը՜ը, ըը՜ը:

ՄԻՔԱՅԵԼ. (Ապշելով): Անե՛ծք քեզ, չար սաթայել, հաա՜:

ՆԱԶԱՆԻ: Անեծք, անեծք մեջքացավին:

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ և ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՏԹԵՈՍ. (Գալիս է խորքի դռներով, փորը բռնած): Ո՜ւֆ, ուո՜ւֆ, ուո՜ւֆ:

ՄԻՔԱՅԵԼ. Էհեե՜, պակասը դու էիր:

ՄԱՏԹԵՈՍ. Փո՜րս, փո՜րս:

ՏԵՍԻԼ 10

ՆՈՒՅՆՔ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ. (Գալիս է աջ կողմի դռներով: Ծնոտը կապել է թաշկինակով):

ՄԻՔԱՅԵԼ. Քո ատամներն էլ են ցավո՞ւմ:

ՄԱՐԻԱՄ. Մի՛ հարցնի, ուժ չունեմ խոսելու: Ըը՜ը, ըը՜ը: (Մոտենում է Հմայիլին. մեկուսի): Քոնը գլխացավ չէ՞ր: Ինլո՞ւ ես վերցրել իմ ցավը:

ՀՄԱՅԻԼ. Վա՜յ, մոռացել եմ:

ՄԱՐԻԱՄ. (Մեկուսի): Դե շուտով ցավդ վերև տար:

ՀՄԱՅԻԼ. (Թաշկինակը ծնոտից վերցնում է ու կապում ճակատին): Գլո՜ւխս, գլո՜ւխս:

ՏԵՍԻԼ 11

ՆՈՒՅՆՔ և ԳՐԻԳՈՐ

ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով): Կոկորդն ու ճակատը թաշկինակներով կապած: Հազում է, կաղում, փռշտում): էեյ, էեյ, դատի բեդատ, դատի բեդատ:

ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանում է և Գրիգորին ծաղրում): էեյ, է՜յ դատի բեդատ, դատի բեդատ, զահար ու զահուրմար, չոռ ու կրակ, աստծու պատիժ: Քեզ էլ, դրանց էլ, ամենքիդ էլ: Գնացեք, կորեք, անիծվածներ: Դրանց մտիկ արեք: Ժամանակ են գտել վեց հոգի միասին հիվանդանալու: Կարծես չէին կարող ճաշից հետո հիվանդանալ, կամ էգուց առավոտ:

ՀՄԱՅԻԼ. Գլո՜ւխս, գլո՜ւխս, տրաքեց:

ՄԻՔԱՅԵԼ. Չեմ հավատում քեզ, չեմ հավատում, սուտ ես ասում: Մի քիչ առաջ քո ատամները չէի՞ն ցավում հը՞ը, ասա , ատամներդ չէի՞ն ցավում:

ՀՄԱՅԻԼ. Այո, պապա, բայց հիմա ցավը բարձրանում է վերև:

ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, թող բարձրանա, թող տրաքի գլուխդ, միևնույն է՝ մեջը ապրանք չկա:

ՆԱԶԱՆԻ. Անաստվա՛ծ, անխի՛ղճ, չե՞ս վախենում երկնքից: Օգնելու փոխարեն ծաղրո՞ւմ ես մեզ:

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի՝ Գեորգին և Մատթեոսին): Շարունակեցեք, շարունակեցեք տնքտնքալ, ինչո՞ւ դադարեցիք: (Բարձր): Է՛էյ, դատի բեդատ:

ՆԱԶԱՆԻ. Գոնե մի բժիշկ կանչեիր:

ՄԻՔԱՅԵԼ. Բժի՞շկ, հաա՞, բժի՞շկ : Շատ լավ կկանչեմ: (Բարձր): Է՛յ, Սոֆիկ, Այվազ, Այվազ, ո՞վ կա այնտեղ: (Մատը սեղմում է պատի էլեկտրական զանգակի կոճակին):

ԴՐՍԻՑ. (Լսվում է զանգակի ձայն):

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի՝ Նազանուն): Մամա, բժիշկ հարկավոր չէ: (Մյուսներին): Ասացեք, որ բժիշկ հարկավոր չէ:

ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ և ԱՅՎԱԶ

ԱՅՎԱԶ. (Շտապով եկել է ձախ կողմի երկրորդ դռներով և զարմացած նայում է հերթով յուրաքանչյուրին):

ՄԻՔԱՅԵԼ. Ադա, Այվազ, իսկույն ափթամաբիլ նստիր ու գնա մի բժիշկ բեր: Ով որ լինի՝ բեր: Երկու բժիշկ բեր, երեքը, չորսը, հինգը: Քաղաքի բոլոր բժիշկներին հավաքիր բեր: Մի երկու անասնաբույժներ էլ բեր: Շո՛ւտ, շո՛ւտ, գնա:

ՆԱԶԱՆԻ. Ես բժիշկ չեմ ուզում:

ՀՄԱՅԻԼ. Ի՛նձ էլ հարկավոր չէ բժիշկ:

ՄԱՐԻԱՄ. Ի՛նձ էլ:

ԳԵՎՈՐԳ. Ի՛նձ էլ:

ՄԱՏԹԵՈՍ. Ի՛նձ էլ:

ԳՐԻԳՈՐ. Ի՛նձ էլ:

ՄԻՔԱՅԵԼ. Հաա՞, հարկավոր չէ: Դե լավ, տանջվեցեք: (Այվազին): Ադա՛, հեռացի՛ր, հարկավոր չէ՛: Թող տանջվեն:

ԱՅՎԱԶ. (Գլուխը տարակուսանքով շարժելով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 13

ՆՈՒՅՆՔ, ԱՌԱՆՑ ԱՅՎԱԶԻ

ՆԱԶԱՆԻ. Կտանջվենք, իհարկե, քեզ համար ի՛նչ: Դու ուրախ կլինես, որ ամենքս կոտորվենք:

ՀՄԱՅԻԼ. Որ մեզանից ոչ ոք կենդանի չմնա:

ՄԱՏԹԵՈՍ. Որպեսզի հարստությունդ կտակես ազգին: Գիտե՛նք, գիտենք ամեն բան:

ԳՐԻԳՈՐ.(Մեկուսի): Այդ տխմարն ամեն բան փչացնելու է:

ՀՄԱՅԻԼ. Գնա՛, է՛լի, գնա ժողով՝ ճառ ասա, փողերդ տուր սրան ու նրան ու մեզ քաղցած թող:

ՆԱԶԱՆԻ. Որ մահիցդ հետո մնանք չոր տափին և դռնեդուռ, ողորմություն հավաքենք:

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Տ՜եր մեղա՜ քեզ, աստվա՛ծ:

ՄԱՏԹԵՈՍ. Եվ ինչո՞ւ: Բոլորը փառքի համար: Որպեսզի անունդ տպվի լրագրերում և ամենքը փառաբանեն քեզ իբրև բարերարի:

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Բոլորովին փչացրեց հիմարը, բոլորովի՜ն:

ՄԻՔԱՅԵԼ. (Ուշադիր լսել է ամենքին և խորհել: Ձեռը զարկում է ճակատին և մեկուսի): Աաա՜, հասկացա դրանց միտքը, հասկացա: Ապասեցեք, ես ձեր գլխին մի օյին բերեմ, որ ձեր ցավերը մոռանաք: (Հանկարծ երկու ձեռները սեղմելով կրծքին, բարձր): Ա՛յ, ա՛յ, ա՛յ, կո՜ւրծքս, կո՜ւրծքս, կոկո՜րդս: (Նստում է բաղկաթոռներից մեկի վրա, թուլացած): Աչքերս մթնում են: Ջո՜ւր, ջո՜ւր:

ԱՄԵՆՔԸ. (Վախեցած): Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց:

ՄԻՔԱՅԵԼ. Հարված, հարված: Մեռնում եմ: Ջո՜ւր, տերտե՜ր, նատարիո՜ւս:

ԳԵՎՈՐԳ. (Մոռանալով ոտնացավը՝ վազում է խորքի դռներով և իսկույն գալիս է մի շիշ ջուր և մի բաժակ բերելով):

ԱՄԵՆՔԸ. (Շրջապատում են Միքայելին՝ շփոթված):

ՄԻՔԱՅԵԼ. Հեռո՛ւ կացեք, շունչս կտրվում է, օդ չկա, խեղդվո՜ւմ եմ:

ՄԱՐԻԱՄ. (Ջուրը մատուցանելով): Պապա՛, ջուր: (Թաշկինակը ծնոտի վրայից վերցնելով դեն է ձցում):

ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Ջո՛ւր, պապա՛, ջուր խմիր:

ՄԻՔԱՅԵԼ. (Մի քանի ումպ ջուր խմելով): Ա՜հ, ա՜հ, սի՜րտս: Լավ թողեք, որ մեռնեմ հանգիստ: Բայց ո՛չ, ո՛չ, դեռ կտակս գրել չեմ տվել: Նատարիո՛ւս, տերտե՛ր, վկաներ: Ո՛չ, ո՛չ հարկավոր չէ: Ես ինքս կգրեմ, կարող եմ գրել: Տվեք ինձ թուղթ, թանաք, գրիչ:

ՄԱՏԹԵՈՍ. (Շտապով գնում է ձախ կողմի առաջին դռներով և իսկույն ետ է գալիս՝ բերելով թուղթ, թանաք և գրիչ):

ՄԻՔԱՅԵԼ. Ի՜նչ արած, աստծու կամքն է: Մի՛ տխրեք, ամենքս մեռնելու ենք: Մահը մերն է, մենք մահինը: Բավական է ինչքան ապրել եմ: Ներեցեք, եթե ձեզ նեղություն եմ տվել: Տե՜ր, մեղա՜ քեզ: Օրհնում եմ ձեզ. հա՛, տուր ինձ այդ գրիչը: Երկու խոսք, երկու խոսք միայն: (Գրիչը վերցնում է):

ՄԱՏԹԵՈՍ. Ուզում ես, պապա՛, դու թելադրի, ես կգրեմ:

ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ, ո՛չ, ես ուզում եմ իմ ձեռքով գրել: Մուշեղ Մուշկամբարյանցը իսկույն կգա: Ես կապրեմ մինչև նրա գալը, կտակս կհանձնեմ նրան ու հոգիս կփչեմ: Այո, կփչեմ տանջված, տառապած հոգիս: (Գրում է): Անուն հոր և որդվո և հոգույն սրբո: Մեռնելով աստծու կամքով, ես՝ Միխայել Պավլովիչ Մելիք-Բուռնությանցս, ամբողջ կարողությունս, փողերս, տներս, ակցիաներս, տոկոսաբեր թղթերս, մի խոսքով ինչ որ ունեմ-չունեմ, կտակում եմ...

ՄԱՏԹԵՈՍ. Ո՞մ, ո՞ւմ, ում ես կտակում:

ԳՐԻԳՈՐ. Սպասի՛ր, հիմար:

ՀՄԱՅԻԼ. Բայց ո՞ւմ է կտակում, ո՞ւմ, նա գրեց:

ՄԻՔԱՅԵԼ. Կտակում եմ Հայոց բարեգործական ընկերությանը...

ԱՄԵՆՔԸ՝ ԲԱՑԻ ԳՐԻԳՈՐԻՑ. (Հիսաթափված և վրդովված): Աա՜ա:

ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակում է): «Կտակում եմ, որ ընկերությունն իմ անունով բաց անե ուսումնարաններ գյուղերում ու քաղաքներում, ամեն տեղ»:

ՆԱԶԱՆԻ. Ի՞նչ ես անում, մա՛րդ:

ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. Պապա՛, պապա՛:

ԳԵՎՈՐԳ. Պապա՛:

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի ծիծաղելով): Հասկացա՜:

ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակում է՝ ուշադրություն չդարձնելով ոչ ոքի վրա): Բայց կտակում եմ, որ այս միևնույն տունը կտակակատարս շինի հիվանդանոց, այսինքն լազարեթ իմ կնոջ ու զավակների համար և այնտեղ պահե մինչև առողջանալը:

ՆԱԶԱՆԻ. (Կատաղած): Ա՛ մարդ, դու գժվե՞լ ես, ի՞նչ ես անում:

ՄԻՔԱՅԵԼ. Որ ովհետև ամենքը հիվանդ են:

ՆԱԶԱՆԻ. Ես հիվանդ չեմ:

ՀՄԱՅԻԼ. Ոչ էլ ես: (Թաշկինակը դեն է ձգում):

ՄԱՏԹԵՈՍ. Ես բոլորովին առողջ եմ:

ՄԱՐԻԱՄ ԵՎ ԳԵՎՈՐԳ. Ես էլ:

ՀՄԱՅԻԼ. Պապա՛, մենք առողջ ենք:

ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ, ո՛չ, դուք հիվանդ եք, շատ վատ եք հիվանդ, պետք է ձեզ բժշկել:

ՀՄԱՅԻԼ. Պապա՛, աստված վկա, առողջ ենք:

ՄԱՐԻԱՄ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Իհարկե առողջ ենք:

ՄԻՔԱՅԵԼ. Առո՞ղջ եք:

ԱՄԵՆՔԸ, ԲԱՑԻ ԳՐԻԳՈՐԻՑ. Այո՛, այո՛ առողջ ենք:

ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը վար դնելով): Որ այդպես է՝ ես էլ առողջ եմ: (Վեր է կենում): Ադա՛, օյինբազնե՛ր, իմ գլխի՞ն եք ուզում օյին սարքել: Ինձ Բուռնութանց Մուքել կասեն, ձեզ նման հազարին ծարավ աղբյուրը կտանեմ ու ծարավ էլ ետ կբերեմ: Դե գնացեք, գնացեք և օրես դենը լավ իմացեք, թե ես ո՛վ եմ: Դե՛, հայդա՛, իսկույն մարդ է գալու, գործ ունենք: (Գրած թուղթը պատռոտում է և կտորները գրպանն է խոթում):

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Չհաջողվեց: (Դրսից լսվում է էլեկտրական (զանգակի հնչյուն):

ՍՈՖԻԿ. (Շտապով գալիս է խորքի դռներով և գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. (Մի-մի հանդիմանական հայացք ձգելով Գրիգորի վրա՝ գնում են աջ կողմի դռներով):

ՄԱՏԹԵՈՍ ԵՎ ԳԵՎՈՐԳ. (Գնում են խորքի դռներով՝ նույնպես մի-մի հանդիմանական հայացք ձգելով Գրիգորի վրա):

ԳՐԻԳՈՐ. (Աննկատելի թաքնվում է աջ կողմի դռների վարագույրի ետևում):

ՏԵՍԻԼ 14

ՄԻՔԱՅԵԼ, ՄՈՒՇեՂ ՄՈԻՇԿԱՄԲԱՐՅԱՆՑ և ԳՐԻԳՈՐ, վարագույրի ետևում

ՄՈՒՇԵՂ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով: Մոտ 5055 տարեկան տղամարդ է, սափրած երեսով, թանձր բեղերով: Հագած է լայն ու երկայն սյուրտուկ և լայն պանթալոն): Բարև՛ ձեզ, Միխայել Պավլովիչ:

ՍՈՖԻԿ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով և. գնում է խորքի դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. Բարո՛վ, պարո՛ն Մուշկամբարյանց: Հը՛, չլինի՞ թե ուշացել եմ:

ՄՈԻՇԵՂ. (Նայելով յուր ժամացույցին): Ո՛չ, դեռ ժամանակ ունենք: Ես դիտմամբ վաղ եկա, որ ձեզ հետ մի քիչ զրույց անեմ:

ՄԻՔԱՅԵԼ. Հրամայեցեք: (Հրավիրելով հյուրին նստել, ինքը ևս նստում է սեղանի քով): Մին ինձ ասեք տեսնեմ, ես ի՞նչ պիտի անեմ այսօր: Ես ձեր կարգ ու կանոնը չգիտեմ:

ՄՈՒՇԵՂ. (ժպտալով): Ինչ պիտի անե՞ք: Դուք անելու եք այն, ինչ որ մինչև այսօր չի կարողացել անել մեզանից ո՛չ ոք:

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Օհո՜, շատ թունդիցն է սկսում: Տեսնենք:

ՄՈՒՇԵՂ. Բանն այն է, մեծարգո Միխայել Պավլովիչ, որ մեր հարուստներն առհասարակ չեն հետաքրքրվում մեր ազգային ու հասարակական կյանքով: Ճշմարիտ է, դրամ տալիս են, բայց իրենք անձամբ չեն մասնակցում գործերին: Ահա այս տեսակետից ձեր հասարակական և ազգային գործունեության ասպարեզը ոտ դնելը մի մեծ տոն է մեզ համար: Ինչո՞ւ: Որովհետև ձեզ նման մի մարդ իր բնական ձիրքով, խելքով, փորձառությամբ և հմուտությամբ կարող է ավելի մեծ օգուտներ բերել թե՛ ազգին առհասարակ և թե՛ մեր ընկերությանը մասնավորապես, քան օրինակ մի հինգ-տասը համալսարանականներ:

ՄԻՔԱՅԵԼ. Ձեռքիցս եկածը չեմ խնայիլ:

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Տեսե՜ք, տեսե՜ք:

ՄՈՒՇԵՂ. Ձեր ձեռքից, Միխայել Պավչովիչ, շատ բան կարող է գալ, շատ բան, եթե կամենաք:

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Մանավանդ, եթե ճառ էլ ասե:

ՄՈՒՇԵՂ. Այսօրվա ժողովն արտաքո կպրգի է լինելու: Հասարակությունն անչափ հետաքրքրված է,որ դուք որոշել եք այսուհետև ձեզ նվիրել ազգին: Ամենքը անհամբեր սպասում են տեսնելու ձեր նախագահությունը, մանավանդ լսելու ձեր խոսքը:

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Պա՛, պա՛, պա՛, պա՜:

ՄԻՔԱՅԵԼ. Իմ խո՞սքը: Ուրեմն ես պիպի խոսեմ, է՛լի:

ՄՈՒՇԵՂ. Այո՛, իհարկե: Երբ ձեզ միաձայն նախագահ կնտրենք, դուք, հայտնելով ձեր շնորհակալությունը՝ կասեք մի քանի խոսք և կհայտնեք ձեր վերաբերմունքը դեպի ազգը առհասարակ և դեպի մեր ընկերությունը մասնավորապես:

ՄԻՔԱՅԵԼ. Լավ, ես թեև խոսելու վարպետ չեմ, բայց եթե ոգևորություն լինի, մի քանի խոսք կասեմ դյոշտյան գյալմա:

ՄՈՒՇԵՂ. Այդ ի՞նչ բառ է, չհասկացա:

ՄԻՔԱՅԵԼ. Գյոշտան գյալման՝ ասել է կրծքից եկած, հանկարծ, ոնց որ աշուղն է ասում:

ՄՈՒՇԵՂ. Հասկացա: Հանպատրաստից, այո՞:

ՄԻՔԱՅԵԼ. Հաա՛ հա, լավ ասացիք, անպատրաստից: Պատրաստած խոսքը համ չունի:

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևում ծիծաղը չի կարողանում զսպել, փռթկում է):

ՄԻՔԱՅԵԼ. (Ցնցվելով). Այդ ի՞նչ էր: (Նայում է աջ ու ձախ):

ՄՈՒՇԵՂ. (Աջ ու ձախ նայելով): Կարծեմ կատու փռշտաց:

ՄԻՔԱՅԵԼ. Հա, կատու կլինի: (Բարձր): Փի՛շտ, փի՛շտ:

ՄՈՒՇԵՂ. Հետո, Միխայել Պավլովիչ, մնում է մի բան, այն էլ կասեմ, գնանք:

ՄԻՔԱՅԵԼ. Ասացեք:

ՄՈՒՇԵՂ. Կխնդրեի, որ թույլ տաք ինձ այսօրվա ժողովում հայտարարել ձեր նվիրատվության մասին՝ ժողովականների բարի նախանձը շարժելու համար:

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ նվիրատվության մասին եք խոսում:

ՄՈՒՇԵՂ. Այսինքն այն գումարի մասին, որ դուք որոշել եք տալ մեր ընկերությանը: Ես համոզված եմ, որ այդ գումարը բավական մեծ է և դուք արժանանալու եք ժողովականների բուռն ծափահարություններին ու հիացմանը: Հարկավոր է միայն քանակությունն իմանալ:

ՄԻՔԱՅԵԼ. Հաա, հասկացա:

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Խե՜ղճ մարդ:

ՄԻՔԱՅԵԼ. Ձեր անդամավճարը ինչքա՞ն է:

ՄՈՒՇԵՂ. Մեր անդամավճարը ոչինչ բան է, չարժե նրա մասին խոսել:

ՄԻՔԱՅԵԼ. Է՛լի:

ՄՈՒՇԵՂ. Տարեկան անդամավճարն է հինգ ռուբլի, մշտականը մի հարյուր ռուբլի, պատվավորը մի հազար ռուբլի:

ՄԻՔԱՅԵԼ. (Բավական ժամանակ մտածելուց հետո): Կարող եք ինձ գրել մշտական անդամ: Ահա փողն էլ այս գլխից տալիս եմ: (Դուրս է բերում գրպանից մի հարյուրանոց և դնում է Մուշեղ Մուշկամբարյանցի առջև):

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից գլուխը դուրս է բերում ու նայում է):

ՄՈՒՇԵՂ. (Ապշած նայում է մերթ հարյուրանոցին, մերթ Միքայելին):

ՄԻՔԱՅԵԼ. Վերցրեք, արդար քրտինքով աշխատած փող է:

ՄՈՒՇԵՂ. Միխայել Պավլովիչ, ճշմարիտն ասած, ես այդ չէի սպասում ձեզնից: Միայն հարյուր ռուբլի՞ եք նվիրում մեր ընկերությանը:

ՄԻՔԱՅԵԼ. Հարյուր ռուբլին քիչ փող չէ, պարոն Մուշկամբարյանց: Ես որ այս քաղաքը եկա, հարյուր չէ, հիսուն ռուբլի էլ չունեի:

ՄՈՒՇԵՂ. Գոնե հազար ռուբլի տայիք, պատվավոր անդամ գրվելով:

ՄԻՔԱՅԵԼ. Այ, այդ մեկը ձեր կանոնադրության մեջ ինձ դուր չեկավ: Պատվավորս կամ անպատիվս ո՞րն է: Ուրեմն որ ես հազար ռուբլի չեմ տալիս, անպատի՞վ անդամ եմ:

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Օհո, կեցցե՛ս, հայրի՛կ:

ՄՈՒՇԵՂ. Ոչ, իհարկե, անպատիվ չեք, բայց պատվավորը մի անուն է, տիտղոս, ինչպես օրինակ, բեկ, խան կամ իշխան:

ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛,պարոն Մուշկամբարյան, ես համեստ մարդ եմ, այդ տեսակ անուններից փախչում եմ: Բայց քանի որ հարյուր ռուբլին քիչ եք համարում, համեցեք մի կատինկա էլ ստացեք: (Տալիս է մի հարյուրանոց ևս): Բայց իմացեք, որ ձեր խաթրու եմ տալիս հաա՜, ուրիշը լիներ, չէի տալ:

ՄՈՒՇԵՂ. (Դժվարությամբ վերցնելով հարյուրանոցները, մեկուսի): Ինչպես տեսնում եմ այդ խոզից մի մազ պոկելն էլ մեծ բան է:

ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Ինչպես տեսնում եմ ազգին ծառայելն էժան չի նստելու ինձ:

ՄՈՒՇԵՂ. (Վեր կենալով): Դե գնանք, պարո՛ն Միքայել, արդեն Ժամանակն է:

ՄԻՔԱՅԵԼ. Գնանք: Առաջ ընկեք:

ՄՈՒՇԵՂ. (Մեկուսի): Արի ու այդ անասունին տար ու երկու հարյուր ռուբլու համար փաթաթիր ազգի վզին: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. (Մի քանի վայրկյան հապաղելով, շտապով դուրս է բերում գրպանից գրած ճառը, աչքի է անցկացնում և նորից դնում է գրպանը): Չէ՛, մոռացել չեմ: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 15

ԳՐԻԳՈՐ մենակ, հետո ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԻԼ, ՄԱՐԻԱՄ, ԳԵվՈՐԳ և ՄԱՏԹԵՈՍ

ԳՐԻԳՈՐ. (Դուրս է գալիս վարագույրի ետևից՝ բարձր ծիծաղելով): Հա հա հա՜, հա հա հա՜, վա՛յ, փորս տրաքվեց, հա հա հա՜: Ա՛յ քեզ առատաձեռնություն, ա՜յ քեզ բարերար և ազգային գործիչ: Կոմիկ է հայրիկս, կոմիկ, երկու հարյուր ռուբլի: (Դադարում է ծիծաղել): Եկեք մի քիչ վախեցնեմ նրանց: (Բարձր ձայնով, վազելով այս ու այն կողմ): Քանդվեցի՛նք, սնանկացա՛նք, աղքատացա՛նք: Մայրի՛կ, Հմայի՛լ, Մարիա՛մ, զուռնաչի Մաթո՛ս, լորդ Պիմպեռլե՛: Արիստոկրատնե՛ր և ջենտլմեննե՛ր, եկեք այստե՜ղ:

ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. (Շտապելով գալիս են աջ կողմի դռներով): Ի՞նչ կա, ի՞նչ պատահեց:

ՄԱՏԹԵՈՍ ԵՎ ԳԵՎՈՐԳ. (Շտապով գալիս են խորքի դռներով): Ի՞նչ պատահեց:

ԳՐԻԳՈՐ. Ողբացե՛ք, մոխիր սփռեցեք ձեր գլխին: Հայ ազգը մեզ կողոպտե՛ց, ազգասերները մեր տունը քանդեցի՛ն, մեզ աղքատացրի՛ն, կորա՛ն մեր միլիոնները, ջո՛ւրն ընկավ մեր ժառանգությունը:

ԱՄԵՆՔԸ. (Շփոթվում են և իրար նայում):

ՆԱԶԱՆԻ. Հայրդ գժվե՞ց:

ԳՐԻԳՈՐ. Գժվեց և ինչպե՜ս: Եթե ասեմ, ամենքդ կուշաթափվեք ու կլաքաշվեք հատակի վրա՝ ջրից դուրս ձգված լոքոների պես: Ի՜նչ արավ այդ մարդը, տե՜ր աստված, ի՜նչ արավ: Խե՜ղճ մայր, ինչո՞ւ ծերության հասակում չիքիլադ դեն գցեցիր, այսուհետև ինչո՞վ պիտի թանկագին շլյապաներ գնես: Խե՜ղճ Հմայիլ, ո՞վ պիտի օրես դենը հարյուրներ ու հազարներ վճարե քո դերձակուհիներին ու մագազիններին: Խե՜ղճ Մարիամ, ո՞ւր է ջութակդ, ջարդ ու փշուր արա, դեն գցիր, ապագադ խորտակվեց և գեղարվեստը զրկվեց մի հազվագյուտ հանճարից: Իսկ դու, զուռնաչի՛ Մաթոս, ո՞վ պիտի քեզ փող տա Իտալիա գնալու, ինչո՞վ պիտի մշակես քո աստվածային հրաշալի ձայնը, որ այնքան նման է կոտրված վեդրոյի ձայնին: Ասա. մնա՜ս բարով, օպերա, մնացեք բարո՜վ գինձի ու կոտեմի փնջե՛ր, փտած տանձե՛ր ու խնձորնե՛ր, թթու դրած վարունգներ, կալոշի թայեր, բոլո՜ր, բոլո՜ր այն նվերները, որ պիտի ստանայիր քո երկրպագուներից: Դու էլ լաց եղիր, ողբ կարդա, Բուռնութանց Մուքելի որդի լորդ Պիմպեռլե: Աերոպլանով էիր ուզում թռչել երկինք, մնացիր գետնի վրա, չոր տափին:

ՆԱԶԱՆԻ. Հոգիս բերանս բերիր, ասելու ե՞ս, թե՞ չէ:

ՀՄԱՅԻԼ. Նա հանաք է անում:

ՄԱՐԻԱՄ. Նա մեզ ծաղրում է:

ԳԵՎՈՐԳ. Հարբած է:

ՄԱՏԹԵՈՍ. Այս անգամ նա իսկապես խելքը կորցրել է:

ԳՐԻԳՈՐ. Այո , խելքս կորցրել եմ: Եվ ո՞վ չէր կորցնի, բացի քեզանից, որ կորցնելու ոչինչ չունիս: Մայրի՛կ, մայրի՛կ, աչքովս տեսա, թե ինչպես հայրիկն ինքն իր ձեռքով դուրս բերեց գրպանից, դրեց ահա սեղանի վրա, Մուշեղ Մուշկամբարյանցի առջև հօգուտ հայ ազգի:

ՆԱԶԱՆԻ. Ինչքա՞ն:

ՀՄԱ3ԻԼ. Ինչքա՞ն:

ԳՐԻԳՈՐ. Ասե՞մ:

ՆԱԶԱՆԻ. Ասա՛, ասա՛:

ԳՐԻԳՈՐ. (Հանդիսավոր): Երկու

ՄԱՏԹԵՈՍ. Միլիոն:

ԳՐԻԳՈՐ. Երկու հարյուր:

ՀՄԱՅԻԼ. Երկու հարյուր հազար:

ԳՐԻԳՈՐ. Երկու հարյուր ռուբլի:

ԱՄԵՆՔԸ. (Թեթևության հառաչանք են արձակում):

ՆԱԶԱՆԻ. Այդքա՞նը միայն:

ԳՐԻԳՈՐ. Այո, այդքանը: Մի՞թե քիչ է: Երկու հատ կատինկա, այն էլ նաղդ: Ի՜նչ շռայլություն, տեր աստված, ի՜նչ շռայլություն:

ՄԱՏԹԵՈՍ. Իմ կարծիքով այդքանն էլ շատ է: Մենք պարտավոր չենք ազգը պահելու ու կերակրելու:

ՀՄԱՅԻԼ. Իհարկե:

ԳԵՎՈՐԳ. Ես էլ այդպես եմ կարծում:

ՄԱՐԻԱՄ. Ե՛ս նույնպես:

ՄԱՏԹԵՈՍ. Եթե ես լինեի պապայի տեղը, այդ Մուշկամբարյանցին և առհասարակ ոչ մի ազգասերի իմ տանը չէի թողնիլ: Ի՜նչ են շարունակ դռնե դուռ ընկած ազգի անունով մուրացկանություն անում: Կարծես մենք բացի ազգից ուրիշ հոգսեր չունենք:

ՆԱԶԱՆԻ. Մի՛ ասա, Մատվե՛յ: Ամեն մարդ պարտավոր է յուր ազգին օգնել: Անցյալներն էլ ինձ մոտ եկավ որբերին օգնող ընկերության կողմից տիկին Բուլբուլյանցն ու խնդրեց, որ իրենց ընկերությանը մի բան տամ: Առանց երկար մտածելու վերցրի ու մի հատ տասը ռուբլիանոց դրի սեղանի վրա: Ի՜նչպես մերժեի:

ԳՐԻԳՈՐ. Մի՞թե: Ես այդ չգիտեի: Կեցցե՛ս, մայրի՛կ, քո առատաձեռնությունն արժանի է հայրիկի շռայլությանը:

ՀՄԱՅԻԼ. Իսկ ե՛ս մերժեցի հայ օրիորդների ընկերության անդամ գրվել:

ՄԱՐԻԱՄ. Ե՛ս էլ:

ՄԱՏԹԵՈՍ. Ինձ էլ շատ են դիմում, բայց ես միշտ մերժում եմ: Եվ որպեսզի այսուհետև բոլորովին չդիմեն, վճռել եմ հայությունից հրաժարվել:

ՀՄԱՅԻԼ. Ես էլ եմ հրաժարվելու:

ՄԱՐԻԱՄ. Իսկապես պետք է հրաժարվել:

ԳԵՎՈՐԳ. Իհարկե: Ի՞նչ է հայությունը: Ֆի՜:

ԳՐԻԳՈՐ. Ահա թե ինչ: Այդ ինձ համար նորություն է: Հետաքրքրական է իմանալ, հայությունից հրաժարվելով ի՞նչ ազգի կկամենայիք պատկանել: Ասենք այդ բաղլինջը (ցույց տալով Գեորգին) անգլիացի է ուզում դառնալ: Իսկ դո՞ւք:

ՀՄԱՅԻԼ. Ես էլ կդառնամ անգլուհի:

ՄԱՐԻԱՄ. Ես կկամենայի ֆրանսուհի դառնալ:

ԳՐԻԳՈՐ. (Մատթեոսին): Դու էլ իհարկե իտալացի ես արդեն: Մնում է, մայրի՛կ, դու էլ դառնաս շոտլանդուհի: Պրծավ գնաց: Ամբողջ Եվրոպան եկավ նստեց բուռնութի ծախողանց Մուքելի տունը: (Լուրջ): Հերիք է, խեղկատակնե՛ր: Մին կանգ առեք հայելու առջև ու նայեցեք ձեր կերպարանքին ու հետո հրաժարվեցեք ձեր ազգությունից: Մտիկ արեք ձեր քթերին, ձեր կարճ վզերին, տափակ ծոծրակին, կարճլիկ ոտներին, երկայն մեջքերին: Հայ եք ու հայ էլ կմեռնեք՝ թեկուզ ձեր թուխ կաշիները մաշկեք ու անգլիացու կաշի հագնեք: Դե, բավական է, ես այլևս չեմ կարող լսել ձեր ցանցառությունները: Ավելի լավ է գնալ ու հայրիկի ճառը լսել: (Հմայիլին ու Գեորգին ծաղրելով): (Մարիամին): 0 ռը վուառ մադմուազել Մարիա մբաջի: (Մատթեոսին): Արևիդերչի, սինյո՛ր զուռնաչի Մաթոս:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец