Շիրվանզադե Ալեքսանդր՝   Չար ոգին

Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last

ՉԱՐ ՈԳԻՆ

I

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:

Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուչ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:

Մի խումբ երեխաներ, մի կիսավեր տան փլատակների վրա ցրված, վազվզում էին այս ու այն կողմ, ծիծաղում, աղաղակում, կենդանություն տալով կիսավեր քաղաքի ամայի փողոցին: Նրանց մեջ կար և մի յոթ տարեկան աղջիկ, որին ընկերուհիները կոչում էին «Սիրուն» Սոնա: Ոտաբաց, գլխաբաց, մի ձեռին բռնած մի կտոր հաց, մյուս ձեռով ճակատի վրա սփռված ոսկեգույն մազերը ուղղելով, կանգնած էր մի հողաբլրի վրա և աղաղակում էր.

Եկե՛ ք: եկե ՛ք, եթե կարող եք, ինձ բռնեցեք:

Նրա սևորակ աչքերը վառվել էին սև ադամանդների պես: Նա ուրախ էր, որովհետև ոչ ոք նրա պես վազել չգիտեր, Արդեն երեք-չորս անգամ պտտել էր բլրակի շուրջը, և խաղընկերները չէին կարողացել նրան բռնել: Արդարև, նա սիրուն էր: Արեգակը այրել և սևացրել էր այտերն ու քիթը, քարերը քերել էին ոտները և կոպտացրել, բայց, այնուամենայնիվ, սիրուն էր: Սիրուն նույնիսկ այն երկու կտոր ցնցոտիների մեջ, որ հազիվ հազ ծածկում էին նրա մարմնիկը և որ չքավորների լեզվով կոչվում են «հագուստ»:

Եկե՛ք, եկե ք, թե կարող եք, ինձ բռնեցեք...

Դարձյալ խաղընկերները հարձակվեցին նրան բռնելու: Նորից կամեցավ փախչել, բայց այս անգամ պատահեց մի բան: Մի քանի քայլ չարած, հանկարծ մի վայրենի ճիչ արձակեց և երեսնիվեր ընկավ հողաբլրի վրա: Ոչ այնպես, ինչպես սովորաբար ընկնում են նրա հասակակիցները և իսկույն ոտքի կանգնում: Նա ուղղակի թավալվեց ինչպես գնդակահար եղած մի փոքրիկ գազան, մռնչալով ստացած վերքից:

Խաղընկերները մի ակնթարթում մոտեցան նրան բարձրացնելու: Նա մի տարօրինակ շարժում գործեց: Ամենը սարսափած դես ու դեն ցրվեցին: Նրա ամբողջ մարմինն ու երեսի մկանունքները ընդարմացել էին: Աչքերը կիսաբաց էին, բիբերը խոշորացած և անշարժ: Բերանից հոսում էր փրփրալի թուքը թանձր շարավի պես: Նրա ձեռների բութ մատները, ինչպես ոլորուն պարան, ծռվել էին դեպի ափերը և սեղմվել մյուս մատների տակ, իսկ ոտների ոլոքները ցցվել էին չորացած ընկույզների նման: Դեմքը առաջին վայրկյան դեղնեց, հետո սկսեց կապտել, մթագնել, վերջապես, բոլորովին կարմրեց: Շնչառությունը մի քանի վայրկյան ընդհատվեց, ապա վերադարձավ: Այս դրության մեջ մնաց մի րոպեի չափ: Հետո նրա ձախ երեսի մկանունքները սկսեցին ցնցվել, ապա ցնցվեց աջ երեսը, պարանոցը և այնուհետևամբողջ մարմինը: Այժմ նա շնչում էր արագ-արագ, ուժգին և, կարծես, հառաչելով:

Այս անսպասելի դեպքը ապշեցրել էր նրա խաղընկերներին: Տասը քայլ հեռու հավաքված, նրանք նայում էին իրանց ընկերուհուն: Բոլորի դեմքերի վրա նկարված էր և՛ երկյուղ, և՛ հետաքրքրություն: Ի՞նչ պատահեց սիրուն Սոնային: Մի րոպե առաջ վազվզում էր ամենից արագ, ինչու այժմ, գետնին թավալված, երկյուղալի շարժումներ է անում: Ո՞վ գիտե, քարով խփեցին նրան: Բայց ոչ ոք Սոնային ձեռ չէր տվել: Նա ինքն ընկավ, այս տեսան բոլորը:

«Սևիկ» Մարգարիտը վազեց Սոնայի ծնողներին լուր տալու: Տանը ոչ ոք չկար: Սոնայի հայրը շուկայումն էր, իսկ մայրը գնացել էր ուրիշների համար հաց թխելու: Նա շրջիկ հացթուխ էր: Ա ՛խ, եթե իմանար, ի նչպես նրա միակ զավակը, անտեր, անօգնական, ընկած է փողոցում, արեգակի տակ, ի՛ նչպես նրա մազերը գզգզվել են, փոշով ծածկվել և ի նչպես նա խրխռում էր վիզը կտրած գառնուկի պես:

Գիժ-Դանելը, գիժ-Դանելը, — գոչեցին մանուկները միաբերան և մի վայրկյանում ցրվեցին այս ու այն կողմ:

Փողոցի ծայրից գալիս է մի մարդ, հաստ ու երկայն գավազանը կրծքի վրա սազի պես բռնած, բարձր ձայնով թուրքերեն երգելով: Նա ոտաբոբիկ էր և գլխաբաց: Նրա սևացած և բրդբրդոտ կուրծքր բոլորովին մերկ էր, ալեխառն միրուքն ու մազերը կեղտոտ և փշերի պես ցցված: Նրա հագուստը բաղկացած էր հաստ կտավից կարած մի շապկից և կարճ անդրավարտիկից, որ ծածկված էին թանձր կեղտով: Ո՞ վ չէր ճանաչում գիժ-Դանելին և չէր տեսել նրան: Օրը մինչև երեկո նա պտտում էր կիսավեր քաղաքի փողոցներում, մերթ ողբալով փլատակները, մերթ վազվզելով և երբեմն չորքոտանի ման գալով, որ ավելի վախեցնի վախկոտ մանուկներին և ծիծաղեցնի անվեհերներին:

Նա մոտեցավ Սոնային, բղավեց նրա վրա: Աղջիկը չվերկացավ, չշարժվեց: Դանելը զարմացավ, այն ո՞ր հանդուգն երեխան է, որ գիժ-Դանելից չի սարսափում: Եվ նայեց աղջկա երեսին: Այժմ Սոնայի ձեռներն ու ոտները չէին կծկվում, միայն նա շատ գունատ էր և զարմացած աչքերով մտիկ էր անում Դանելի երեսին: Նրա բերնի փրփուրը, խառնվելով գետնի փոշիի հետ, ցեխոտել էր երեսն ու մազերի մի մասը: Նա հանդարտիկ բարձրացրեց ծանրացած գլուխը և նստեց:

Քեզ խփե՞լ են, — հարցրեց գիժ-Դանելը:

Սոնան լուռ նայում էր նրա երեսին: Նա իր մարմնի մեջ զգում էր սաստիկ թուլություն: Ոչինչ չգիտեր այն հանկարծահաս հարվածի մասին, որ նրան թավալեց գետնին:

Գլուխս ցավում է, — արտասանեց նա նվաղած ձայնով:

Գիժ-Դանելը խեթ-խեթ նայեց նրա երեսին, և հանկարծ սովորական բարկությունը փոխվեց մի անսովոր մեղմության:

Մանիշա՛ կս, Մանիշա՛ կս, — գոչեց նա, — լավ միտս է, նա էլ չէր խոսում, չվերկացավ: Դու վերկաց, ես քեզ կօգնեմ:

Նա բռնեց Սոնայի բազուկներից և ոտքի կանգնեցրեց, հետաքրքրությամբ նայելով նրա աչքերին, հասակին, մազերին: Հետո նայելով իր չորս կողմը, այնպես որ, կարծես, վախենում էր տեսնեն, համբուրեց Սոնայի ճակատը, գրկեց նրան և բարձրացրեց:

Է՛յ, լակոտներ, եկե՛ք, ցույց տվեք Մանիշակիս տունը, ես ասլան Դանելն եմ, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Ուրիշ ժամանակ Դանելի այս սովորական սպառնալիքը կստիպեր փոքրիկներին անհետանալ: Այս անգամ, տեսնելով, որ նա հայրական խնամքով գրկեց ընկերուհուն, սիրտ առան, և առաջ գալով, ցույց տվին Սոնայի բնակարանը:

Փողոցի միջին մասում, երկու փոքրիկ տների մեջտեղ, երևում էր տասը քայլ երկայնությամբ մի պատ, որ կազմված էր միմյանց վրա առանց շաղախի դարսած քարերից: Երկու հնամաշ տախտակներ, իրարու հետ բևեռված, ծառայում էին դռան փոխարեն:

Գիժ-Դանելը, Սոնային գրկած, մտավ մի կեղտոտ բակ, որի խորքում գտնվում էր Սոնայի բնակարանը, գյուղական խրճիթի պես մի բան: Նա զգուշաբար բեռը դրեց խրճիթի դռների առջև և, դառնալով մանուկներին, հարցրեց.

Այս երեխան մայր ունի՞ : — Մայր էլ ունի, հայր էլ:

Հաա՞: Մանիշակս մայր չուներ, մազերը այսպես էին, ճակատն էլ աչքերն էլ: Է ՛յ, լակոտներ, այստեղից չհեռանաք մինչև նրա մոր գալը, իմացա՞ք, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Նա չոքած էր Սոնայի առջև. հենվեց գավազանի վրա, որ բարձրանա: Այդ միջոցին խրճիթին մոտեցավ մի կին տեղական հագուստով, կռնատակին բռնած երկու թաժա հաց: Հակառակ քաղաքի սովորության, այդ կնոջ երեսը բաց էր, չնայելով երիտասարդ հասակին: Տեսնելով խրճիթի առջև խմբված մանուկներին, նա թույլ ձայնով արտասանեց.

Էլի քամբախտը...

Բայց երբ նկատեց Սոնային, ձեռքերը թուլացան, հացերը կռնատակից վայր ընկան: Նա հարձակվեց իր աղջկա վրա, գոչելով.

Էրեխա՛ ս, Էրեխա՛ ս...

Քրտինքը անձրևի պես թափվում էր երեսից: Այտերը այնչափ կարմրած էին, որ այրված աղյուսի էին նմանվում: Աչքերը լի էին արյունով, պարանոցը փքված, կոկորդի երակներն ուռած և կապտած: Այդ օրը հացթուխ Շուշանը մի քանի հարյուր անգամ գլխիվայր թեքվել էր վառ թոնրի մեջ: Կրակը կիզել էր նրա այտերը և արյունը խփել գլխին:

Դրսումը ընկած էր, ասլան Դանելը բերեր այստեղ, — ասաց խենթը:

Դրսո՞ւմ, ընկա՞ծ, — կրկնեց հացթուխը, — ինչո՞՛ւ էր ընկել:

Բերանից փրփուր էր գալիս, կարմրել էր քեզ պես, ոտները տափին էր խփում...

Հացթուխը ընդհատեց խենթի խոսքը մի ճիչով: Նայեց Սոնայի ապուշ աչքերին և, կարծես, մի մոռացված բան մտաբերեց: Զեռները բարձրացնելով, խփեց իր գլխին և բացականչեց.

Վա՛ յ նրա մորը...

Մի քանիսը Սոնայի խաղընկերներից, միմյանց խոսքը կտրելով, պատմեցին պատահած անցքի մանրամասները: Քանի նրանք պատմում էին, այնքան հացթուխի դեմքը փոխվում էր: Նա շարունակ գլխով հավանական շարժումներ էր անում ամեն մի խոսք լսելիս: Երբ բոլորը ուշադրությամբ լսեց, դարձյալ խորը-խորը նայեց Սոնայի երեսին և այժմ նրա կասկածը բոլորովին փարատվեց: Վերջին տարվա ընթացքում այդ երրորդ դեպքն էր, որ պատահում էր Սոնային: Առաջին և երկրորդ անգամ Սոնան տանն էր: Բացի ծնողներից ոչ ոք չտեսավ նրա դժբախտությունը: Իսկ այժմ փողոցո ՞ւմ, խաղընկերների մո՞ տ...

Գնացեք, — գոչեց Հացթուխը, դառն սրտմտությամբ դառնալով մանուկներին ու աղջիկներին, — ի՞նչ բան ունեք մեզ հետ, մենք անբախտ ենք: Դանել ապեր, գնա՛, ոչ ոքի չասես, եթե հոգի ունիս: Երեխա է, ընկավ, ի՞նչ անենք, ուրիշներն էլ ընկնում ենԻ՛նչ փրփուր, ի՛նչ կապտել, կարմրել, սուտ է

Վշտացած կնոջ դառը խոսքերը Դանելին խորհրդավոր թվացին: Նրան խնդրում էին լռել, և նա զգաց, որ այս խնդիրը մի լուրջ իմաստ ունի: Նա ձեռով ծածկեց բերանը, մեջքից թեքվեց և, դառնալով երեխաներին, շշնջեց.

Սուսս, ոչ ոքիպատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Հետո, գավազանը շարժելով, փախցրեց բոլորին և ինքն էլ նրանց հետևից դուրս գնաց, թուրքերեն երգելով,

«Չար որսորդի նետը մտավ Իմ ձագուկի սրտի մեջ…»

Հացթուխը գրկեց Սոնային, տարավ խրճիթի ներսը, հանեց սենյակի միջին պատի մեծ խորշից անկողին և սփռեց հատակի վրա: Պառկեցրեց այնտեղ հիվանդին և ինքն էլ նստեց նրա մոտ, իր խանդակաթ հայացքը հառելով նրա երեսին: Սոնան լուռ էր և տակավին ապշած նայում էր այս ու այն կողմ: Մոր հարցերին անորոշ պատասխաններ էր տալիս: Գանգատվում էր միայն, թե գլուխը ցավում է, հոգնած է, մարմնի վրա զգում է ինչ-որ ծանրություն:

Մի քանի րոպե անցած ներս. մտավ հացթուխի ամուսինըպայտառ Ոսկանը և, կանգնելով աղջկա գլխի կողմում, հարցրեց.

Ի՞ նչ է պատահել:

Մոտ քառասուն տարեկան մի մարդ էր Ոսկանը, միջահասակ և տգեղ: Նրա ձեռները, երեսը, պարանոցը ածուխի մրով սևացած էին: Սրա սրածայր քիթը ծածկված էր փոքրիկ արյունագույն բշտիկներով: Իսկ ականջների տակ, ծնոտի վրա երևում էին երկու կապտագույն բծեր, որ փոքրիկ աչքերի ու թավ ունքերի հետ միասին հրող ազդեցություն էր անում մարդու վրա:

Հացթուխը չնայեց նրա կողմը: Միայն աչքերը բարձրացրեց դեպի վեր և ձեռները տարածեց օդի մեջ: Նա երկնքից համբերություն էր աղերսում: Ոսկանը իր թերմաշ չուխայի տակից ձգեց հատակի վրա գույնզգույն թաշկինակի մեջ փաթաթած մի կտոր միս, ասելով.

Վեր կաց, խորովիր, քաղցած եմ...

Տասնումեկ տարի էր հլու կինը չարչարվում էր այդ մարդու ձեռքին, ինչպես վաճառված ստրուկ: Միայն Ոսկանի գռեհիկ բնավորությունը չէր հացթուխին տանջողը: Հաճախ նա տուն էր գալիս հարբած: Այդ ժամանակ կնիկը նայում էր նրա փոքրիկ և դեղնագույն աչքերին: Վա՜յ նրան, եթե սխալ էր հասկացել այդ աչքերի իմաստը: Առանց այլևայլի իր մեջքի վրա պիտի ընդուներ կոպիտ պայտառի բռունցքի հարվածները:

Ծույլ ու պղերգ մարդը, կարծես, կնոջ վիշտը ավելի կատարյալ անելու համար մի սովորություն ևս ուներ: Օրվա մեծ մասը հորանջելով պտտում էր ուրիշների խանութները, պատահած տեղը ընդունելով սրանից նրանից մի բաժակ օղի: Այդ էլ բավական չէր: Նա բոլոր մեռելներին ուղեկցում էր մինչև գերեզմանատուն, երբ «մեռելահաց» ուտելու հույս ուներ: Ամենից ավելի հացթուխին վիրավորում էր այս ձրիակերությունը: Չքավորի վիճակը այդ կնոջ սրտում չէր ոչնչացրել, ընդհակառակը, հիվանդության աստիճանին էր հասցրել պատվի զգացումը: Օրը մինչև երեկո քրտինքը երեսին կրում էր տաժանակիր աշխատանք իր ընտանիքի օրվա պարենը վաստակելու համար:

Տեսնում ես ինչ օրի ընկավ երեխաս, — գոչեց հացթուխը, առաջին անգամ համարձակվելով իր կսկիծը բարկացկոտ ձայնով արտահայտել: — Կատարվեց չար երազս: Հայրդ նստած էր մի սև ձիու վրա, երեխայիս էլ դրել էր քամակինգնում էին, գնում, չգիտեմ որտեղԻնչո՞ւ, նրա գերեզմանը տակն ու վրա լինի, ինչո՛ւ երեխայիս հետը տարավ.. Ընկնավո՞ր, տեր-աստված, ո՞ր մեղքիս համար

Այս գանգատը արտասանեց մի այնպիսի ազդու կսկծալի եղանակով, որ Սոնան դարձրեց դեպի նա թախծալի աչքերը և սկսեց հանդարտիկ լաց լինել: Արտասուքի խոշոր կաթիլները գլորվում Էին նրա գունատ այտերի վրայով և թրջում մոր կուրծքը: Կարծես, հացթուխի հուսակտուր խոսքերի մեջ զգաց և հասկացավ, թե ինչ պատուհաս էր եկել իր գլխին:

Ոսկանը սևացած մատներով երկաթյա ունելիքի պես ճանկեց` կոշտ ավելի նման միրուքը: Կնոջ խոսքերն ու աղջկա արցունքները ազդեցին նրա վրա: Նա արդեն հասկացել էր, ինչ չարաբաստիկ դեպք է տեղի ունեցել: Նա միայն հարցրեց.

Էլի ո՞րտեղ ընկավ

Փո ղոցում, ընկերների առաջ

Տիրեց մի ճնշող լռություն: Մայրը գրկել էր աղջկա գլուխը, աչքերը հառել առաստաղին և մտքում աղոթում էր: Սոնան դեռ լալիս էր, ձեռները փաթաթած մոր պարանոցին: Ոսկանը անցուդարձ էր անում յոթ-ութ քայլ երկայնություն ունեցող սենյակում: Նա կանգ առավ, մատները հանեց միրուքի միջից, թեքվեց, գրկեց Սոնային և համբուրեց նրա ճակատը:

Դա առաջին հայրական համբույրն էր այն օրից, երբ Սոնան կարող էր զգալ ծնողների համբույրը: Նա բռնեց հոր կոշտ ձեռը և սեղմեց շրթունքներին

II

Այդ օրից «Սիրուն Սոնային» ընկերուհիները այլևս չէին տեսնում փողոցում: Մայրը փակեց նրան տանը այն հասակում, երբ դեռ մի-երկու տարի մնում էր ազատ վազվզել դրացի աղջիկների հետ:

Կարող էր Սոնայի թշվառության լուրը տարածվել քաղաքում, այն ժամանակ նրա ապագան փչացած էր: Ո՛վ կհամաձայնվեր նրան կին առնել: Այսպես էր մտածում հացթուխը: Նա չէր հոգում, թե դիցուք Սոնայի ցավը հաջողվեց թաքցնելու մինչև նրա ամուսնանալը, հետո մի ՞թե մի օր իրականությունը չպիտի հայտնվեր: Նա հույս ուներ աստծու գթության վրա և չէր ուզում հավատալ, որ իր զավակր բռնված է անբուժելի ախտով:

Դեռ մի տարի չէր անցել չարաբախտ օրից, Սոնան արդեն երկու անգամ ուշաթափվել էր: Վերջին անգամ ընկավ ուղղակի հոր գիրկը: Այդ միջոցին Ոսկանը ծալապատիկ նստած էր հատակի վրա: Նա նոր էր վերադարձել մի հարուստ մեռելահացից: Համբարձում աղային էին թաղում, մի՞թե կարելի էր քաղաքի առաջին մարդու հոգու համար «արքայություն» չմաղթել, նրա ազգականներին էլ «աստծով մխիթարվեք» չասել:

Նա կարծեց, թե Սոնան անզգուշաբար սայթաքեց և ընկավ: Ձեռի մի շարժումով բարկացած շպրտեց նրան մի կողմ:

Հիվանդը ընկավ սենյակի մեջտեղն ու սկսեց խրխռալ: Այն ժամանակ միայն հարբած պայտառը զգաց նրա ցավը: Նա վերկացավ, դրեց աղջկան իր ծնկների վրա, նայեց նրա ամուր փակված աչքերին, որ ծռվել էին դեպի վեր և մտել ունքերի տակ: Նորից հիվանդին բաց թողեց դեպի հատակը և ինքը, երեսին խաչակնքելով, ետ ու ետ քաշվեց:

Օրը գարնանային էր: Բնությունը նոր նոր սկսել էր ծաղկել: Սենյակի օճորքի տակ բուն դրած ծիծեռնակները ճախր էին գործում սիրուն Սոնայի գլխի վրա, ծլվլալով և իրանց ձագուկների համար կերակուր որսալով: Արևի պայծառ ու դուրեկան լույսը տարածվել էր դեպի խրճիթի ներսը: Նրա մի շողը խազում էր հատակի վրա թավալված Սոնայի բաց ճակատին, որի շուրջը գանգուր ոսկեգույն մազերը կազմել էին մի սքանչելի պսակ: Դրսից լսվում էին վազվզող աղջիկների և մանուկների ուրախ ձայները: Պատի տակ նստած էր հարբած պայտառը և, նայելով իր աղջկան, քթի տակ ինչ-որ մրթմրթում էր:

Երբ հացթուխը ներս մտավ, Սոնան արդեն սթափվել էր: Սենյակը աղմկվեց Շուշանի կսկծալի աղաղակով: Նա վազեց և հարձակվեց աղջկա վրա, կամեցավ գրկել և համբույրներով հեկեկար: Բայց Սոնան այնքան թույլ էր, որ մոր գրկում չկարողացավ շունչ քաշել: Գլուխը դրեց հատակին, կամացուկ արտասանելով:

{--238-239--}

էր անում դռներ, գրկում էր նրան և, կատաղի համբույրներով երեսը ծածկելով, թևից բռնած դուրս էր տանում ու ասում.

Տե՛ս աստծու լույսը:

Երբեմն նա Սոնային թույլ էր տալիս բարձրանալ խրճիթի տափակ հողային կտուրի վրա, իսկ ինքը հսկում էր նրան արթուն աչքերով: Ամեն վայրկյան սպասում էր սարսափելի երևույթի կրկնվելուն: Սոնայի մի թեթև ճիչը, մի արագ շարժումը ցնցումն էր պատճառում նրան: Նայում էր հիվանդ աղջիկը այս կողմ այն կողմ, տեսնում էր միայն հարևան գավիթների թթենիները կամ կիսավեր տների պատերը: Շուտով ձանձրանում էր և խնդրում մորը ցած բերել իրան կտուրից:

Բայց ժամանակը հետզհետե ստիպեց Սոնային ընտելանալ իր վիճակին: Մոր համառ մերժումները բոլորովին կոտրեցին նրա հույսերը երբևէ տեսնել իր ընկերուհիներին: Նա սկսեց ինքն իր համար զվարճալիքներ որոնել տանը: Մայրը բերում էր նրա համար զանազան լաթերի կտորներ: Սոնան կավից խաղատիկիններ էր շինում, հագցնում էր նրանց այդ կտորներից կարած գույնզգույն շապիկներ, դնում էր նույնպես կավից շինած մի տեսակ պատվանդանի վրա և խաղում նրանց հետ: Յուրաքանչյուր խաղատիկին ուներ հատուկ անուն, որ Սոնան ընտրել էր իր ընկերուհիների անունների մեջ: Նա խոսում էր ամեն մեկի հետ համաձայն այս կամ այն ընկերուհու բնավորության:

Մարգարիտ, թևս մի՛ կծիր. Մանան, շապիկդ կեղտոտեցիր. Իֆ, տափը մտնես, Ջավահիր, տես Զառվարդը ինչ խելոք է

Օրեցօր նա հասունանում էր: Ինչպես ջերմոցի քնքուշ ծաղիկ, չնայելով բնական շրջանից անջատված լինելուն, փակ մթնոլորտի մեջ աճում էր և հետզհետե ստանում բնությունից սահմանված բոլոր ձևերն ու գեղեցկությունը: Մայրական փաղաքշանքները և գգվանքներն էին կազմում նրա կյանքի ամենակենսատու հյութը: Ծծում էր այդ հյութը ամբողջ հոգով և նրա մանկական սիրտը լեցվում էր որդիական սիրո ու երախտագիտության զգացումներով: Այլևս չէր տխրում, այլևս չէր ձգտում դեպի փողոց: Ձանձրալի էին նրա համար այն ժամերը, երբ մայրը տանը չէր, որ խաղատիկինները բազմեցներ նրա առջև, ցույց տար յուրաքանչյուրի զգեստը, ուրախանար նրա հետ:

Կար ևմի ուրիշ անձ, որ ուրախակից էր Սոնայի ուրախությանը և վշտակից նրա վշտին, ո՛վ գիտե, գուցե ոչ պակաս քան նրա մայրը:

Այն օրից, երբ տեղի ունեցավ տխուր անցքը, գիժ-Դանելը շաբաթը մի երկու անգամ մտնում էր հացթուխի գավիթը և հարցնում Սոնայի մասին: Մի զարմանալի հոգատարություն էր ցույց տալիս այդ փողոցային խենթը փոքրիկ աղջկա վերաբերմամբ: Կարծես, այն օրվա դեպքը պարտականություն էր դրել նրա վրա` հետաքրքրվել Սոնայի ճակատագրով, ինչպես մի փափկասիրտ արյունակից:

Սկզբում հացթուխը փորձեց թաքցնել նրանից իր աղջկա ցավը, մանավանդ, որ խենթը երբեք չէր հիշեցնում այդ մասին: Նա հավատացած էր, որ վաղուց Սոնայի ուշաթափվելը մոռացել են թե գիժ-Դանելը և թե աղջիկներն ու մանուկները: Բայց մի օր Սոնան ընկավ գավթի մեջ խենթի ներկայությամբ, և այդ օրից անկարելի էր գաղտնիքը նրանից թաքցնել:

Գիժ-Դանելը ծանոթ էր այդ տեսակ ցավերին, կյանքում ընկնավորներ տեսել էր:

Սուրբ է, — ասաց, երեսին խաչակնքելով, — տեսնենք ինչ մարգարեություն է անում:

Նա չոքեց Սոնայի առջև, պատկառանքով ականջ դրեց, բայց հիվանդի խրխռոցից ոչինչ չհասկացավ:

Դանել-ապեր, հիմա ամեն բան իմացար, — ասաց հացթուխը աղերսական ձայնով, — թող երկնքում աստված, երկրում միայն մենք իմանանք:

Սո՛ւսս, Մանիշակս քնած է, — շշնջաց խենթը ձեռով ծածկելով իր բերանը:

Այդ վայրկյանին նրա դեմքն այնքան խորհրդավոր էր, որ հացթուխը կարիք չզգաց իր խնդիրը կրկնելու:

Այնուհետև խենթն ավելի հաճախ էր այցելում հացթուխի խրճիթը: Երբեմն գալիս էր պայտագործի հետ միասին: Թվում էր, Ոսկանը մի տեսակ համակրանք էր տածում դեպի այդ անկոչ բարեկամը: Գուցե պատճառն այն էր, որ երբ պայտագործը հարբած էր լինում, խենթն էր նրա թևի տակ մտնում ու տուն բերում: Կամ գուցե այն, որ նա էլ Ոսկանի պես սիրում էր մեռելներին ուղեկցել մինչև գերեզմանատուն: Բայց ուղեկցում էր ոչ թե քելեխ սիրելուց, այլ ուներ մի գաղտնիք, որ տակավին հայտնի չէր պայտագործին: Այսպես թե այնպես, նա Ոսկանի համար մի սքանչելի ընկեր էր: Նրանք միշտ միասին էին գնում գերեզմանատուն, միասին ծալապատիկ նստում բաց օդի տակ, կանաչազարդ գետնի վրա սփռած սեղանի շուրջը, միասին «արքայություն» մաղթում հանգուցյալին և շատ անգամ միևնույն ամանից ուտում: Խենթն ինքը շատ քիչ էր խմում, բայց եռանդով կատարում էր իր բարեկամի խնդիրըմիմյանց հետևից լցնում էր նրա բաժակը, կրկնելով.

Որսկան աղբեր, ներսդ տաքացրու:

Երբեմն հանկարծ թողնում էր սեղանը և, գերեզմանաքարերի միջով ոստոստալով, հեռանում էր: Թե ո՛ր էր գնումհայտնի չէր: Կես ժամ անցած` վերադառնում էր, գլուխը կրծքին թեքած, քթի տակ երգելով ինչ-որ տխուր երգ:

Ամեն անգամ նա մեռելահացից բաժին էր բերում Սոնայի համարմի քանի խաշած ձու կամ մի կտոր միս, իսկ մեծ մասամբ բարակ լավաշի մեջ փաթաթած «հալվա», որ ալյուրից, յուղից և մեղրից պատրաստած մի տեսակ տեղական քաղցրավենի էր: Հացթուխը հոգով դեմ էր այդ բաժիններին, բայց ներում էր խենթին: Նա երախտապարտ էր համարում իրան այդ մարդու առջև և չէր ուզում ոչ մի բանով նրա սրտին դիպչել: Շատ անգամ հրավիրում էր խենթին ճաշի, նստեցնում էր իր ամուսնու մոտ և երկուսին էլ հավասար խոնարհությամբ ծառայում:

Իսկ Սոնան օրիցօր ընտելանում էր գիժ-Դանելին: Չկար այլևս առաջվա երկյուղը այդ մարդուց: Այժմ ծիծաղում էր իր նախկին ընկերուհիների վրա, որ այնպես փախչում էին Դանելից: Օօ, նա բոլորովին գիժ չէ, բարի է, խաղաղ, անվնաս: Բայց ինչո՞ ւ համար է այնքան ցավակցում Սոնային: Այս հարցը երբեմն Սոնային ձգում էր մտատանջության մեջ: Առհասարակ նա հետզհետե դառնում էր մտախոհ, մելամաղձոտ: Թվում էր, որ նրա փոքրիկ գլուխը անգործ չէ, և շատ մտքեր են նրան զբաղեցնում: Ամենից պարզ զգում էր մի բան, այն` թե կա մի ցավ, որ թունավորում է իր մոր կյանքը: Ի՞նչ է այդ ցավը: Հոր արբեցությունը, կոպիտ վարմունքը: Եթե այդ է, ինչու առաջ նրա մայրը այնպես տխուր չէր, ինչպես այժմ: Նա չէր զգում միայն իր սեփական ցավը, չգիտեր, որ ինքն է մոր թշվառության առաջին պատճառը: Այդ նրան ոչ ոք չէր ասում: Մի անգամ, անգութ հարվածից հետո ուշքի գալով, տեսավ իր մորը հեկեկալիս ու հարցրեց,

Մա՛ յրիկ ես հիվա ՞նդ եմ:

Չէ՛, որդի

Գլուխս էլի ցավում է. քնա՞ծ էի:

Հա՛, որդի...

Բաս ինչո՞ ւ ես լաց լինում:

Հացթուխի լեզուն պապանձվեց, չկարողացավ պատասխանել: Նա միայն գրկեց Սոնայի գլուխը և համբուրեց նրա շքեղ մազերը, սպիտակ ճակատը, գունատ այտերը: Ժամանակը թշվառ մորը հաշտեցնում էր իր վշտի հետ: Նա տանջվում էր, բայց ոչ առաջվա չափ: Նա բողոքում էր իր ճակատագրի դեմ, բայց և՛ օրհնում էր նախախնամության կամքը:

«Ասում են, երբ աստված մեկին շատ է սիրում, նրան շատ է տանջում, — մխիթարում էր ինքն իրան հուսահատ րոպեներին, — ո՛վ գիտի, կարելի է աստված ինձ շատ է սիրում»:

Նա ձգտում էր իր թշվառության համար արդարացուցիչ պատճառներ գտնել: Շատ խիստ էր ճակատագրի վճիռը, և չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե այդ վճիռը կայացնողը կարող է, առանց մի մեծ պատճառի, լինել այդքան անիրավ, այդքան անողոք: «Աստված արդար է և ողորմած», հնչում էին նրա ականջին այս խոսքերը, որ ամեն օր լսում էր եկեղեցում: Մի՞ թե քահանան կարող է սուտ ասել, մի՞ թե եկեղեցին կարող է խաբել:

Մեղա քեզ, մեղա քեզ, — կրկնում էր հացթուխը ամեն անգամ, երբ սրտում զգում էր կասկածի նշույլ, և այդ նշույլը նույն վայրկյանին անհետանում էր, տեղի տալով խորին հավատի զգացման:

III

Ամեն օր հացթուխ Շուշանը աշխատանքի գնալիս տեսնում էր խումբ-խումբ տղաներ և աղջիկներ, որոնք գրքերը կռնատակերին, աշխույժ-աշխույժ խոսակցելով, ուսումնարան էին գնում: Աղջիկների ուսումնարանը նոր էր բացվել: Հացթուխը լսել էր, որ այնտեղ բացի գրել-կարդալուց, սովորեցնում են սիրուն շալեր ու սփռոցներ հյուսել: Ախ, ի՛նչ լավ կլինի, որ Սոնան էլ այդ ուսումնարանը գնա: Թող նա էլ ուրիշների շարքն ընկնի, թող ոչ ոքից ետ չմնա, իր ծնողների մի հատիկ զավակն է:

«Ի՞նչ անենք, որ հայրը հարբեցող է, ես հացթուխ: Չեմ ուտիլ, չեմ խմիլ, բերանիցս կկտրեմ, երեխայիս համար գիրք կառնեմ, հագուստ կառնեմ»:

Այսպես էր մտածում Շուշանը, երբ Սոնայի հիվանդությունը դեռ չէր հայտնվել: Այժմ երևակայել անգամ չէր ուզում այդ երջանկության մասին: Ի՞նչ, որ ամբողջ ուսումնարանը իմանա՞ Սոնայի ընկնավոր լինելը: Չէ, ավելի լավ է նա ետ մնա իր ընկերուհիներից, քան թե նրանց ծաղրի առարկան դառնա: Թող բախտավոր մայրերի բախտավոր զավակները գրել-կարդալ սովորեն:

«Ինձ նման մի անբախտի աղջկան այնքանն էլ հերիք է, ինչքան մայրը գիտի...»

Եվ հացթուխը սկսեց Սոնային սովորեցնել այն, ինչ որ ինքը գիտեր, հոր հագուստը կարկատել, գուլպաներ հյուսել, սենյակի պատերը և հատակը շաբաթը մի անգամ շիրայել, այսինքն ներկել տեղական կապտագույն թրջած կավով: Նա սովորեցնում էր Սոնային և՛ աղոթել: Ամեն առավոտ և ամեն երեկո արտասանել էր տալիս, «աստված, դու ինձ փորձանքից ազատես...»:

Շատ անգամ երեկոները Սոնան, ճրագի առջև նստած, գուլպա էր հյուսում մինչև ուշ գիշեր: Մայրը թախանձում էր նրան չհոգնեցնել իր աչքերը: Իսկ հայրը պատվիրրում էր հյուսել ու հյուսել, որ շուտով զույգը վերջանա: Եվ այս դեպքում աղջիկը հոր պատվերն էր կատարում: Վաղն ուրախուրախ կհանձնի նրան մի զույգ նոր գուլպա, որ տանի շուկայում ծախի: Ինչ անենք, որ գուլպաների գինը սովորաբար օղեվաճառին էր տրվում: Այդ Սոնայի գործը չէր:

Եվ այսպես, արբշիռ պայտագործը հարստահարում էր հիվանդոտ աղջկա աշխատանքը դեռ այն ժամանակ, երբ նրա մատները հազիվ հազ սովորել էին կտրել ու հյուսել: Քանի-քանի՛ անգամ այս պատճառով ընդհարումներ էին ունեցել մարդ ու կին:

Չէ, դու խղճմտանք չունիս: Երեխաս մի շալ չունի ուսերին գցելու, ցրտից սրսռում է, դու ամեն օր խմում ես նրա աշխատած փողով...

Քո բանը չի, Սոնան իմս է, — պատասխանում էր պայտագործը: — Այնպես չէ՞, Սոնա, դու հորդ սիրում ես, չես թողնիլ, որ մի բանի կարոտություն քաշի:

Մանկահասակ աղջիկը, հավասար սիրով և գգվանքով համբուրելով թե՛ մեկին և թե՛ մյուսին, վերջ էր տալիս իր ծնողների վեճին: Այնինչ այն օրից, երբ պայտագործի համար բացվեց եկամտի մի նոր աղբյուրիր աղջկա ձեռքի վաստակընա ավելի ու ավելի ծուլանում էր: Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի պահանջող, քմահաճ և կոպիտ էի դառնում: Շատ անգամ տուն էր վերադառնում դատարկ ձեռներով և հրամայում իսկույն ուտելիք պատրաստել: Կինը երբեմն պատասխանում էր, թե տանը ոչինչ չկա, թե ինքն այսօր ոչինչ չի վաստակել:

Պատճա՞ռը, — գոռում էր պայտագործը:

Այսօր ինձ ոչ ոք հաց թխելու չի կանչել:

Հոգիդ դուրս գա, գնա’, ողորմություն հավաքիր, խոմ քաղցած ապրել չի կարելի: Հը՛մ, դու ասա, Սոնա ջան, մարդ քաղցած փորով կարո՞ղ է ապրել: Տեսնում ես, մայրդ ինչ աներես ու քարասիրտ է: Համ ասում է տանն ուտելու բան չկա, համ էլ ինձ չի թողնում գերեզմանատուն գնամ մեռելահաց ուտելու...

Օրիցս դեն ուր ուզում եսգնա’, կեր, խմիր, քո բանը պրծած է:

Որ մեռել չկա, ո՞ւր գնամ:

Այս խոսքերը պայտագործը արտասանում էր այնպիսի եղանակով, որ կարծես, մարդիկ չէին մեռնում հենց նրան քաղցած թողնելու համար:

Մի անձրևային օր նա ճաշի միջոցին ներս մտավ աչքունքը կիտած: Երեք օր էր չէր խմել, ուստի սաստիկ վատ տրամադրության մեջ էր: Իսկ քրիստոնյաները երդվել էին չմեռնել, և Ոսկանը անիծում էր բոլոր կենդանի հարուստներին: Սոնան խրճիթի առջև ծալապատիկ նստած, կարկատում էր հոր հնամաշ արխալուղը: Ուրախացավ հորն արթուն տեսնելով:

__ Մայրդ տա՞նը չի:

__ Չէ՛:

Վե՛ րկաց տեսնեմ, ի ՞ նչ ես տալիս ուտելու:

Սոնան մտավ խրճիթ և այնտեղից բերեց, հաց, պանիր և մի քիչ կարագ:

Դա ի՞նչ է, — ասաց պայտագործը, ծուռ-ծուռ նայելով Սոնայի բռնած սկուտեղին, — շատ հարկավորս է քո կարագը: Փահ, երեք օր է չեմ խմել, սիրտս էլ չոր-չոր բան է ուզում, մի կտոր ձուկ կամ միս, իսկ դա ինձ կարագ է տալիս, այն էլ ծտի աչքի չափ: Դե՛նը տար...

Սոնան վշտացավ: Կարագը իր բաժինն էր, պահել էր հատկապես հոր համար: Սկուտեղը ձեռին՝ նայում էր պայտագործին այնպիսի դեմքով, որ, կարծես, ոտից գլուխ մեղավոր էր նրա առջև:

Դու ինձ ա՛յն ասա, Սոնա ջան, մայրդ փող ունի: Հարցը Սոնային նեղը գցեց: Գիտեր, որ մայրը պատի

մեծ խորշի մեջ թաքցրած ունի մի քանի արծաթի ու պղնձի դրամներ: Դա հացթուխի սեփական վաստակն էր: Կոպեկ-կոպեկ հավաքել էր, և Սոնան չգիտեր ինչու համար:

Հը՛մ, ինչո՞ւ չես պատասխանում, ասա’ , մայրդ փողից-բանից ունի՞...

Չեմ իմանում:

Դրուստն ասա:

Չեմ իմանում, — կրկնեց Սոնան, աչքերը անգիտակցաբար դարձնելով դեպի այն խորշը, ուր թաքնված էին մոր կոպեկները:

Ի՞նչ ես դես ու դեն մտիկ անում, դրուստն ասա , սուտ ասելը մեղք է:

Այո’, տասներկու տարեկան աղջիկը շատ անգամ էր մորից լսել, թե սուտ ասելը մեղք է, թե սուտ ասողին աստված պատժում է: Եվ նա երբեք սուտ չէր ասել: Րայց գիտեր և այն, որ գողությունն էլ մեղք է և ավելի մեծ մեղք:

Չեմ իմանում, կա թե չկա, չեմ իմանում, — կրկնեց նա:

Ձայնը և դեմքի այլափոխվելը մատնեցին նրան:

Սոնա, — գոռաց պայտագործը, — դու հորդ խաբում ես, այս տանից փողի հոտ է գալիս, ես քաղցած ու ծարավ եմ:

Սոնան տատանվեց: Նրա սիրտը տանջվում էր խղճի խայթից: Նա ինքն իր հետ կռվում էր. մի կողմից ստախոսություն մյուս կողմից գողություն: Մի կողմից հոր աղաչանքը, մյուս կողմից մոր դառն աշխատանքը, որի գնով ձեռք Էին բերված այնտեղ թաքնված կոպեկները:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last