Շիրվանզադե Ալեքսանդր՝   Չար ոգին

Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last

Այժմ գիժ-Դանելը ամեն օր էր այցելում իր բարեկամներին: Նա բերում էր իր ազգականների մասին ամեն անգամ նոր տեղեկություն և միշտ կրկնում, թե ահա, ահա այսօր-վաղը նրանց կողմից միջնորդ կգա «Սոնային ուզելու Մուրադի համար»:

Հացթուխը նրա ասածը հաղորդեց ամուսնուն: Պայտագործն ուրախացավ և սկսեց ավելի բարեկամաբար վերաբերվել խենթին:

Ինչո՞ւ չէ, — ասաց նա մի օր, ձեռը խփելով Դանելի ուսին, — Սոնայիս պես աղջիկ ո՛վ ունի... դե, ինձ էլ ճանաչում ես, Դանել ջան, բանը փողը չէ, մենք էլ մարդ ենք, քաղաքում անուն ունինք: Թող մեկը դուրս գա ու ասիՈսկանն այսպես է, այնպես է: Պատվավոր մարդու տղա, պատվավոր մարդ ենք: Եղբորդ որդին թող ուրախությունից գլխի վրա քյալլա-մալլաղ կանգնի, որ իմ փեսան է դառնում: Ինձի Ոսկան կասեն, հանաք-մասխարա չիմանաս

Խենթը համաձայնվեց նրա ասածներին, բայց միևնույն ժամանակ նրան թվաց, որ իր բաբեկամը շատ էլ պարծենալու իրավունք չունի: Ասենք, Ոսկանը նամուսով է, գլխին տղամարդի գդակ ունի, միայն ժամանակ-ժամանակ իրան կորցնում է:

Խոսքս այն զահրումարի մասին է, քի՛չ ածա փորդ, տնաքանդ, խոմ ներսդ չե՞ ս այրելու:

Ասում ես, օրինակ, էլ չկոնծե՞նք, է՛լի: — հարցրեց պայտագործը :

Կոնծի՛ր, ո՞վ է ասում, քիչ-քիչ, մեկ-մեկ, երկուերկու, ավելի չէ...

Խենթի խրատը ըստ երևույթին, շատ ծիծաղելի թվաց արբշիռ պայտագործին: Մի աչքը փակելով, նա գլուխը ծռեց դեպի ուսը և հեգնաբար ասաց.

Արի, Դանել ախպեր, եպիսկոպոս ձեռնադրվիր, խիստ լավ ես քարոզում:

Հետո, ձեռը խփելով բարեկամի ուսին, ավելացրեց.

Դու ինձ ասա, տեսնեմ, աղջիկս բախտավոր կլինի է՞լի:

Ասում եմ, էլի կասեմ, ինքդ էլ կտեսնես:

Բաս, ապրե՛ս, Դանել ջան, լավ մարդ ես: Խելքդ ինչ է կտրում, օրինավոր ազգականներ ունենալ լավ բան է, չէ՞: Դու այն ասա, որ փո՛ղ շատ ունենա, փո՛ղ, թե չէ ես նրանց աղջիկ չեմ տալ, ձեռնատու չէ: Մենք էլ պատվավոր մարդ ենք, գրպանի ծախք է հարկավոր... Իսկի չլինի, մի բաժակ հացի յա ջաջի արաղ կտան, որ կենացները անուշ անենք, հը՞ մ...

Խենթը զգաց, որ բարեկամը լավ բան չի ասում: Առանց այդ էլ նրա գլուխը ձանձրացել էր լուրջ խոսակցությունից: Նրա աչքերը հանկարծ պսպղացին, գավազանը ձեռին դողաց:

Ոսկան աղբեր, ճանաչո՞ւմ ես ասլան Դանելին, — գոչեց նա կատաղած:

Պայտագործը վախեցավ: Խենթի կերպարանքը շատ մոլեգին արտահայտություն էր ստացել:

Լա վ, մի՛ չարանար, Դանել ջան, — ասաց նա, բռնելով իր բարեկամի ձեռը:

Կնիկդ, աղջիկդ լաց են լինում գիշեր-ցերեկ, ճանաչո՞ւմ ես ասլան Դանելին, քի՛ չ խմիր:

Է՛հ, չեմ խմիլ, վաս սալամ, արաղ քաշողի էլ հերը գյոռբեգյոռ լինի...

Այս խոսքերը մի փոքր հանգստացրին խենթին: Նա գավազանը դրեց կռնատակին:

Այդ օրից նա պայտագործին այլևս չէր առաջնորդում դեպի գերեզմանատուն քելեխ ուտելու: Եվ միշտ հացթուխին հարցնում էր. ի՞նչպես է Ոսկանը վարվում նրա հետ, խոմ չի ծեծում նրան կամ Սոնային: Կարծես, մեկը նրա վրա պարտականություն էր դրել ամեն բանում հովանավորել աղքատիկ ընտանիքին: Նրա սպառնալիքը Ոսկանի վրա չազդեց: Շաբաթը երեք-չորս անգամ պայտագործը տուն էր վերադառնում օրորվելով և հայհոյանքը բերանին:

Մի օր խենթը, վազելով, մտավ հացթուխի խրճիթը և շնչասպառ ասաց,

Հիմա կգա, աչքովս տեսա, ականջովս լսեցի, բանդ տես...

Ասաց ու ինքն իսկույն անհետացավ: Հացթուխը հասկացավ ում մասին է խենթի խոսքը. շտապով կարգի բերեց խրճիթը և սկսեց ականջ դնել դեպի դուրս: Արդարև, մի քանի րոպե անցած, լսեց քայլերի ձայն և Սոնային հրամայեց թաքնվել պատի մեծ խորշում, վարագույրի հետևում: Ներս մտավ մի փոքրահասակ կաղ կին, համարձակ դեմքով և շարժվածքով: Քաղաքի հայտնի միջնորդն էր դա, որին կոչում էին «Չոլախ Սահարնազ»:

Սա առանց պատասխանի և հրավերի սպասելու, նստեց հատակի վրա, սենյակի վերին կողմում:

Ինչպես տեսնում եմ, մարդդ տանր չէ, — ասաց աջ ու ձախ նայելուց հետո: — Շատ լավ է, կնկա բանը կնիկը շուտ կդրստի: Մոտդ խեր խաբարով եմ եկել:

Խերում մնաս, ասա, տեսնենք...

Առանց երկար հառաջաբանի, Չոլախ Սահարնազը անմիջապես հայտնեց իր այցելության նպատակը: Ինչ խոսք, որ Շուշան բաջին «չորաթան» Զառնիշանի տղա Մուրադի մասին լսած կլինի: Ամբողջ քաղաքի աչքն է, նմանը չկա, ջահիլ, գեղեցիկ, շիր ու շնորհքով: Չի հարբում, չի ծխում, ղումարբազ (խաղամոլ) չէ, գլուխը քաշ իր բանին է:

Քաղաքում աղջիկ շատ կա, — շարունակեց Սահարնազը, — ով ասես, որ չորաթան-Զառնիշանի ոտները չպաչի: Բախտը քեզ է ընկել: Մուրադը տեսել է աղջկադ, հավանել է: Հիմա դու էլ կնիկ ես, գլխիդ խելք ունիս, մտածիր, ինձ էլ մի խոսք ասա, գնամ...

Ի՞նչ ասեմ, — պատասխանեց հացթուխը, մի քիշ մտածելուց հետո, — փառք աստծո, որ տղան ինքն է հավանել: Էհ, աղջիկ է էլի, լավ-վատ դիտի կաբել, կարկատել, եփել: Ծնողների պատիվը ճանաչող, խոնարհ, աստծո գառն է. մարդ տեսնելիս շալը հինգ ծալ է անում երեսին: Մի խոսքով, աղջիկ է, էլի, եթե ուրիշներից լավ չէ, վատ էլ չէ:

Մինչ երկու կանանց բանակցությունը շարունակվում էր, Սոնան հետաքրքրությամբ ականջ էր դնում, աշխատելով ոչ մի բառ բաց չթողնել: Նրա սիրտը բաբախում էր հուզմունքից: Չգիտեր, ինչ մտածեր իր ապագայի մասին, բոլորը թողել էր մոր կամքին: Ծնողն իր հարազատ աղջկա վատը չի կամենալ, թող ինչպես խելքը կտրում է, այնպես անի, միայն թե այդ խեղճ կնիկը մի քիչ բախտավորվի:

Հացթուխը վարագույրը ետ քաշեց և Սոնային հրամայեց դուրս գալ խորշից: Ամոթից կարմրած ու քրտնած կանգնեց տասնվեց տարեկան աղջիկը միջնորդի առջև, աչքերը խոնարհեցնելով հատակին և շրթունքները հուզմունքից կրծոտելով:

Չոլախ Սահարնազը դիտեց նրան ոտից գլուխ իր փորձառու աչքերով, խոսեցրեց, որ իմանա` համր չէ՞ արդյոք, հարց ու փորձ արավ «խելքը չափելու» համար և ուղարկեց մի բաժակ ջուր բերի խմելու, որ քայլվածքը տեսնի և իմանա, կաղ չէ՞, արդյոք:

Երեք օր անցած, հացթուխի տունը ներկայացնում էր մի տեսարան, որի նմանը այնտեղ դեռ չէր կատարվել և չպիտի կատարվեր հավիտյան: Պայտագործը մաքուր լվացվել էր, գզգզված միրուքը սանրել և հագել քսան տարի առաջ պսակադրության համար կարած արխալուղը: Հացթուխը գլխին գցել էր մի նոր շալ և մեջքին կապել մետաքսյա կարմիր գոտինուրախության նշանը: Հատակի վրա վառվում էին հարևաններից ժամանակավոր բերված մի զույգ կանթեղներ, լուսավորելով աղքատիկ խրճիթի ողորմելի կահ-կարասին: Սենյակի մի անկյունում դրված էր մատուցարանը մի շիշ օղիով և երկու տեսակ մուրաբայով, որ, աստված գիտե, ո՞ր ժամանակից էր պահել հացթուխը: Պայտագործը հուզված անցուդարձ էր անում անկյունից անկյուն, ստեպ-ստեպ նենգամիտ հայացքներ ձգելով օղիի շիշի վրա և ծոծրակը անհամբերությամբ քորելով:

Սոնան կանգնած էր սենյակի վարի անկյունում, ձեռները կրծքին դրած, դողալով, ամաչելով: Երկու դրացի կանայք նստած Էին հացթուխի աջուձախ կողմերում և խոսում Էին օրվա հանդեսի մասին:

Գալիս են, առա՛ջ գնա, — ասաց հացթուխը ամուսնուն և ինքն էլ իսկույն ոտքի կանգնեց:

Պայտագործը շտապեց դուրս` հյուրերին ընդունելու:

Նախ ներս մտավ տեր Մարկոսի գավազանը, ապա` երևացին նրա գորգագույն ֆարաջայի փեշերը, հետո ինքն ամբողջովին, իր երկայն ու տափակ գդակով, որ թիակի էր նման:

Նրա հետևից երևաց փեսացվի մայրը — «չորաթան» Զառնիշանը, առանց չարսավի, մի կինամոնագույն շալ ուսերին գցած: Իսկ-որ այդ կինը «չորաթան» էր, այնքան ցամաքած էր: Նրա ոսկրոտ դեմքին, լայն կզակին, մեծ բերանին մի առանձին խստություն էին տալիս այն մի զույգ սուր աչքերը, որ պսպղում էհն ինչպես վառված ածուխի կտորներ: Սոնայի մարմնով անցավ մի ցնցում, երբ նրա հայացքն ընկավ այդ կնոջ վրա. մի ցնցում, որ մարդ կարող է զգալ, երբ հանդիպի շարժուն կմախքի, որի աչքերի խորշերի մեջ տեղավորված են երկու փայլուն որդեր: Բայց պառավի քայլվածքն այնքան կենդանի է, որ ըստ երևույթին, նա բնավ ցանկություն չուներ երբևէ կմախք դառնալու:

Դռների մոտ, օդի մեջ ցցվեց Բուխարի մորթուց կարված մի սրածայր գդակ, որի տիրոջ մարմինը, հայտնի չէր ինչու, տատանվում էր ներս մտնել:

Համեցե ք, խնամի, համեցեք, — կրկնում էր պայտագործը դրսից:

Վերջապես խրճիթի շեմքի վրա երևաց մի մարդկային ոտ` սպիտակ գուլպայով ծածկված, ապա երկրորդը, ապա մի երկայն չուխա: Հայտնվեց, որ նրանց տերն էփեսացվի ավագ եղբայրը: «Չոփուռ» Կարապետըայսպես էին կոչում ներս մտնողինմոտ քառասուն տարեկան տղամարդ էր ամուր կազմվածքով, փոքրիկ աչքերով և դուրս ցցված այտերով, որոնց վրա ծաղիկը խոր փոսեր էր թողել:

Սոնայի մարմնով դարձյալ մի սարսուռ անցավ, երբ նա շալի տակից նայեց այդ մարդու կերպարանքին:

Վերջապես, ներս մտավ չորրորդ և վերջին հյուրըԿարապետի կինը` Գյուլնաղը, ոտից գլուխ չարսավի մեջ փաթաթված:

Բավական երկար ժամանակ տևեց, մինչև որ հյուրերը համաձայնվեցին նստել այն կարգով, որ ցանկանում էին տանտերերը: «Չոփուռ» Կարապետը անպատճառ ուզում էր դռների մոտ նստել, հարկավ, համեստություն ցույց տալու համար: Պառավ Զառնիշանը համառությամբ իր մեջքից վերցնում էր և մի կողմը ձգում, իսկ հացթուխը նույն համառությամբ սեղմում էր նրա մեջքին մի փափուկ բարձ: Այնինչ, պառավի հարսըԳյուլնազը, կարծես, վճռել էր պայտագործին համբերությունից հանել, այնքան ծանրուբարակ էր շարժվում: Երբ երևան եկավ նրա դեմքը, Սոնան դարձյալ մի սարսուռ զգաց:

Այդպիսով, նա երեք անգամ ցնցվեց, և երրորդ ցնցումն ամենից զորեղն էր:

Նրա հայացքը մի անբացատրելի զորությամբ հառվեց իր ապագա տեքրկնոջ երեսին: Ինքնըստինքյան այդ կնոջ դեմքը առանձին ուշադրության արժանի բան չէր ներկայացնում: Նա տակավին երիտասարդ էր, ոչ նիհար, ոչ գեր, ոչ այնքան բարձր և ոչ էլ ցածր հասակով: Նայելով նրա շիկագույն ունքերին, պետք էր ենթադրել, որ գլխի մազերի բնական գույնն էլ շեկ է, բայց նրանք հինայած էին, ուստի և մուգ-կարմրագույն: Տարօրինակ էին միայն այդ կնոջ աչքերը: Իսկապես դրանք աչքեր չէին, այլ մի զույգ փայլուն ապակիներ, սառած և անշարժ իրանց շրջանակների մեջ: Երբ նա իր հայացքը ձգեց Սոնայի վրա, խեղճ աղջկա ոտները դողացին: Չգիտեր հորի՞ց, թե՞ մորից լսել էր օձի հայացքի ձգողական ուժի մասին: Պատմել էին նրան, որ երբ գորտը նայում էր օձի սուր աչքերին, մի անհաղթելի զորությամբ մղվում է, ընկնում նրա բերանը: Սոնան չէր մղվում դեպի այդ կինը, ընդհակառակը, մի բան հրում էր նրան, բայց չէր էլ կարողանում իր հայացքը դարձնել նրանից:

Նորից սկսվեց սովորական բանակցությունը, թեև ամեն բան վճռված էր արդեն: Նորից լսվեցին փեսայի մասին գովասանքներ, խոստումներ, հարց ու փորձ, և նորից Սոնային զանազան պատրվակներով ստիպեցին խոսել, քայլել, ատամները ցույց տալ: Վերջապես, պառավ Զառնիշանը դարձավ հացթուխին.

Աղջիկդ դրսից դուր է գալիս ինձ. եթե ուրիշ պակասություն չունիմեր ապրանքն է:

Լավ-վատ, տեսնում ես, հավանում եսհալալ լինի, — արտասանեց հացթուխը, սարսափելով պառավի վերջին խոսքերից:

Ինչքան դրսումն ես տեսնում, խնամի ջան, — մեջ մտավ պայտագործը, որ արդեն սկսել էր ձանձրանալ այդ ձևականությունից, — երկու այնքան էլ ներսումն է:

Տա աստված, — ասաց «չոփուռ» Կարապետը:

Ներսինը իմանալ դժվար է, — ավելացրեց նրա կինը, ապակյա աչքերը հառելով Սոնայի երեսին:

Ես ձեզ աղջիկ չեմ տալիս, այլ հալած ոսկի, — շարունակեց պայտագործը սեփական տրամադրությունից ոգևորված, — խելք ասեսծով, շնորհք ասեսէլ ավելի: Այս տունը նրա վզին է: Կերակուրներ է եփում, որ ուտելիս մատերդ էլ հետն ես ուտում, էլ չեմ ասում կտրելն ու լվանալը: Մեկ էլ որ մեր պապերի խոսքն է, լավ որդին օջախից կճանաչվի: Ախար, մենք էլ այս քաղաքում մի օջախ ենք, անուն ունինք: Տեր հայր, ի՞նչ կասես:

Իսկությունն ես հրամայում:

Հացթուխը տեսնելով, որ իր ամուսինն արդեն պատրաստ է ստեր փչել, շտապեց ընդհատել նրա ոգևորությունը.

Մախլաս, աղջիկ է, է՛լի շատ էլ գովենք, ի նչ դուրս կգա, դուք պետք է հավանեք:

Հոգու խորքում զգում էր, որ առանց այդ էլ խաբում է իր հյուրերին, թաքցնելով նրանցից Սոնայի ցավը: Նա մտածում էր, որ իր արածը վատ է, աններելի, աստծու կամքի և մարդկանց օրենքների հակառակ: Բայց ուժ չուներ միակ դստեր բախտի դեմ կանգնելու, ինքն իր բերանով նրան խայտառակելու:

Մի վայրկյան միայն չկարողացավ իրան զսպել: Դուրս եկավ խրճիթից և իր անհանգստությունը հայտնեց Դանելին: Խենթը կանգնած էր դռների մոտ և դրսից դիտում էր ներսում կատարվող տեսարանը: Ազգականները նրան պատվիրել էին այդ երեկո չերևալ հացթուխի տանը: Բայց նա չդիմացավ, կամեցավ բարեկամների ուրախության հանդեսը կամ, ինչպես ինքն էր ասում, «Մանիշակի նշանդրեքը» իր աչքերով տեսնել:

Բանիդ կաց, ասում եմ քեզ, — խրախուսեց նա հացթուխին, — ասլան Դանելը ոչ ոքի չի ասիլ, սո ՛ւսս ... Հետո, մի հատ կարմիր նուռ հանելով ծոցից, տվեց հացթուխին:

Ա՛ռ, Շուշան բաջի, աստված շնորհավոր անի, իսկի մի վախենալ: Ասա Մանիշակիս, որ նրա բաշխած գուլպաները հագել եմ. ա յ, քոշեր էլ ունիմ...

Տեր Մարկոսը շտապեց «պահպանիչն» ասել, մատանին օրհնեց և դրեց Սոնայի մատին, կանխապես մի սուր հայացք ձգելով խնամիների բերած մի գլուխ շաքարի վրա:

Անշուք հանդեսը վերջացավ, հյուրերը գնացին: Պայտագործը հարձակվեց մնացած օղիի վրա և սկսեց բաժակ բաժակի հետևից դատարկել: Սոնան, խրճիթի մի անկյունում կուչ եկած, հեկեկում էր: Նրա ձայնը դուր չեկավ պայտագործին: Առանց այդ էլ նա արդեն ձանձրացել էր հյուրերի շատախոսությունից:

Ի'նչ ես քեֆս փչացնում, — գոռաց նա, — ա'յ կնիկ, աղջկադ տզտզոցը կտրիր:

Հացթուխի համար սրբապղծություն էր այդ հանդիսավոր երեկո վիրավորել հիվանդոտ աղջկա սիրտը: Ահա ինչու չկարողացավ իրան զսպել և բարկացած արտասանեց.

Լակում եսլակիր, ձեռդ բռնող չկա:

Ինչ ասացի՞ ր, լակե՞ մ, փա'հ, բաս ես շուն եմ, է՛լի, — կատաղեց պայտագործը, ոտքի կանգնելով:

Շուն չես, շան պես ես վարվում աղջկադ հետ:

Պայտագործի աչքերը մթնեցին: Բռունցքն ամուր սեղմելով առաջ քայլեց: Արդեն պատրաստ էր խփելու հացթուխին, երբ Սոնան վազեց, բռնեց նրա արխալուղի փեշերից երկու ձեռներով և ուժով ետ քաշեց նրան, աղաղակելով.

Չե՛մ թողնիլ, չե՛մ թողնիլ...

Բայց բռնակալն այնքան կուրացել էր, որ երեսը ետ դարձրեց և ձեռը բարձրացրեց իր աղջկան խփելու, գոռալով.

Խոսք խոսքի եք տվել, հա ...

Այդ վայրկյանին մեկն ամուր բռնեց նրա ձեռն օդի մեջ:

Չե՛մ թողնիլ, ասլան կասեն ինձ, չե՛մ թողնիլ...

Պայտագործի աչքերը հանդիպեցին գիժ-Դանելի կատաղի աչքերին, որոնցից կայծեր էին ցայտում: Նա ձեռը ուժով խլեց նրանից, գոչելով.

Դո՜ւրս կորիր, դու ի՞նչ գործ ունիս իմ տանը, գիժ... Բայց գիժ-Դանելի կերպարանքն այնքան սարսափելի էր, որ մի վայրկյանում պայտագործը այլափոխվեց, ձեռները թուլացան: Նա վախեցավ խենթից:

Դանել աղբեր, դո՞ւ ես, համեցեք, նստիր, համեցե'ք, Սոնայիս նշանդրեքն է...

Խենթի աչքերը մթնել էին: Նա ոչինչ չէր տեսնում և միայն գոռում էր,

Մանիշակիս քարի տակը դրեցին, ասլան Դանելը քարը կտա գլխովդ...

Այս ասելով, բռնեց պայտագործի կոկորդը երկու ձեռներով և սկսեց մոլեգնաբար խեղդել նրան: Հացթուխը, աղաղակելով, մեջ ընկավ իր մարդուն ազատելու: Գիժ-Դանելը նրա վրա ուշք չդարձրեց և բոլոր ուժով թափահարում էր պայտագործին: Նույն միջոցին, երբ Ոսկանի լայն բաց ված բիբերը պտտում էին իրանց շրջանակների մեջ, Սոնան քաշ ընկավ խենթի ձեռներից, կրկնելով.

Դանել ապեր, Դանել ապեր, Մանիշակն եմ: Պատահեց մի տարօրինակ բան: Անկարելի էր երևակայել, որ խենթը ձեռքից բաց կթողնի պայտագործին: Բայց լսելով Սոնայի ձայնը և Մանիշակ անունը, տեսնելով նրա սարսափած երեսը, հանկարծ սթափվեց: Նա բաց թողեց պայտագործին և չոքեց Սոնայի առջև:

Մեղա աստծու, մեղա աստծու, — կրկնեց նա երեսը խաչակնքելով և Սոնայի արխալուղի փեշերը համբուրելով: — Մանիշակ ջան, ես քո ղուլն եմ, վիզս կտրի՛ր...

VI

Երբեք հացթուխի տառապանքն այնքան ծանր չէր եղել, որքան Սոնայի նշանդրության օրից մինչև հարսանիքը, այդ չորս ամսվա ընթացքում: Նա գիտեր, որ իր աղջկա բախտը խախուտ հիմքի վրա է դնում: Նախազգում էր, որ Սոնան օտար շրջանում, թեկուզ ամուսնու հարկի տակ, երջանիկ լինել չի կարող, քանի որ մի չար ոգի հետամուտ է նրա կյանքին: Դեռ մի ամիս չէր անցել նշանդրեքից, երբ Սոնան ընկավ գավթում, և նրա ծնոտը քարին դիպչելով վիրավորվեց: Սակայն մեծ էր այդ կնոջ հավատը դեպի նախախնամության գութը, և նրա սիրտը լիքն էր ունայն հույսերով: Նա հավատում էր, որ Սոնան անպաշտպան չի մնալ ամուսնական կյանքում: Նա Դանելի բարեկամական զգացումները վերագրում էր նախախնամության կամքին: Եթե մի մարդ, որին ամբողջ քաղաքը խելագար է համարում, այնքան համակրանք է ցույց տալիս նրա թշվառ աղջկան, անշուշտ այստեղ կատարվում է ճակատագրի վճիռը: Ինչո՞ւ, ուրեմն, կարծել, թե առողջ խելքի տեր մարդիկ քարասիրտ կլինին և չեն խղճալ մի երիտասարդ կնոջ, որի ցավը աստծուց է ուղարկված: Թող Սոնայի ապագա ամուսինը գիժ-Դանելի ասածի կիսի չափ բարեսիրտ, ազնիվ և նամուսով լինիդա էլ հերիք է: Նա չի թողնիլ իր հարազատ մորն էլ մի թթու խոսք ասել Սոնային միայն այն պատճառով, որ ընկնավոր է: Բայց, ով գիտե, կարելի է Դանելը բան չի հասկանում, խաբվում է, լավ չի ճանաչում իր եղբոր որդուն:

Դանել ապեր, ասա, ի՞նչպիսի տղա է Մուրադը, — հարցնում էր հացթուխն ամեն օր:

Եվ գիժ-Դանելը ամեն օր տալիս էր միևնույն պատասխանը.

Ոսկի տղա է:

Դա էր խեղճ կնոջ միակ մխիթարությունը, և խենթը նրան թվում էր մի տեսակ սփոփիչ հրեշտակ: Մի անգամ նա հարցրեց.

Դանել ապեր, հարսանիքից հետո Սոնայիս ցավը կբացվի խնամիների համար, ի՞ նչ կանեն նրանք երեխայիս...

Ինչպես երևում էր, խենթը բնավ այդ մասին չէր մտածել: Նա գիտեր մի բանոր ոչ ոքի չպիտի հայտնել Սոնայի ընկնավոր լինելը: Կարծում էր, թե այսքանը բավական է գաղտնիքը թաքցնելու համար: Մի վայրկյան ընկավ մտատանջության մեջ, ապա, գավազանը օդի մեջ պտտեցնելով ասաց.

Մանիշակիս քեֆին դիպչողի գլուխը փշուր-փշուր կանեմ...

Ո՞վ էր Մանիշակը, ինչո՞ւ էր խենթը Սոնային այդպես անվանումհայտնի չէր: Նկատելի էր միայն, որ միշտ այդ անունը արտասանելիս նրա աչքերն առանձին արտահայտություն էին ստանում, և նա առանձին գգվանքով էր նայում Սոնայի երեսին: Իսկ Սոնան խենթի հայացքի մեջ զգում էր մի խոշոր հեռավոր վիշտ, ամրացած նրա սրտի անթափանցելի խորության մեջ: Շատ անգամ ձգտում էր գուշակել այդ վիշտը: Եվ ոչինչ չէր կարողանում պարզել: Զգում էր սակայն, որ օրեցօր իր համակրանքը դեպի այդ մարդն ավելանում է: Նա ուրախանում էր, երբ խենթին տեսնում էր ուրախ և անհոգ, տխրում էր, երբ խենթը երևում էր տխուր:

Մի օր գիժ-Դանելը ներս մտավ կռնատակին դրած մի կտոր հասարակ կապտագույն կտավ և, ձգելով Սոնայի գիրկը, ասաց.

Սոնա խանում, արխալուղ կարիր ասլան Դանելի համար, հարսանիքդ մոտենում է:

Խենթը պիտի արխալուղ հագներ: Դա Սոնայի համար չտեսնված բան էր:

Արդեն երեք շաբաթ էր մնում մինչև հարսանիքի օրը: Այժմ Սոնայի միտքը զբաղված էր մի խնդրով, արդյոք ի՞ նչ է սպասում նրան ամուսնական կյանքում: Իբրև իր շրջանի հարազատ զավակ, ամուսնության մասին ուներ մի շատ պարզ և անբարդ գաղափար: Աղջկա վիճակը համարում էր ծնողների կամքին ենթարկված: Նրանք են պահում, մեծացնում իրանց զավակին, նրանք էլ պետք է նրա կյանքի ընկերն ընտրեն: Տանը մնացած աղջիկն իր ծնողների համար մի ծանր բեռն է: Կնիկարմատը պետք է իր մարդու աշխատանքով ապրի, ծնողները պարտավոր չեն նրան մինչև մահ կերակրել: Այս պատճառով ամեն աղջիկ, եթե նա երկու աչքերով կույր չէ, պետք է ամուսնանա թեկուզ մի մուրացկանի հետ:

Բայց այս պարզ գաղափարը բարդանում էր և անլուծելի խնդիր դառնում, երբ կապվում էր այն մտքի հետ, որ ինքը Սոնան, ընկնավոր է: Աստված նրան ստեղծել է թշվառ, իսկ մայրն ուզում է անպատճառ բախտավորեցնել նրան: Այսօր-վաղը կբռնեն նրա թևից և մի օտար տուն կտանեն: Գիտե՞ փեսացուն, նրա գլխի ապագա տերը, որ իր հարսնացուն ցավագար է: Եթե գիտե, ինչո՞ւ է ամուսնանում մի անբախտ աղջկա հետ և իրան էլ անբախտացնում: Եթե չգիտե, մի՞ թե չպիտի հայտնել:

Եվ անթիվ կասկածներ, միմյանց հաջորդելով, պաշարում էին Սոնայի թույլ ուղեղը և կաշկանդում: Ի՞նչ կլինի, տեր աստված, եթե նա հենց պսակադրության օրը, եկեղեցում չարից բռնվի և ընկնի: Օ՛ օ, ի 'նչ անպատվություն, ի՛նչ ամոթ: Նրա ամուսինը կթողնի նրան ու կհեռանա զզվանքով. մարդիկ երես կդարձնեն և Սոնան կմնա իր մոր գրկում: Երկա ՞ր ժամանակ կմնա ընկած, թե՞ շուտով ուշքի կգա: Վերջապես, ի՞նչպես է ուշաթափվում, ի՞ նչ է անում, ի՞ նչ է խոսում:

Ասա՛, մայրիկ, խոսո՞ւմ եմ, դելի՞ ն եմ տալիս, ի՞ նչ եմ անում, — հարցնում էր երբեմն իր մորից:

Ի՞ նչ ես հարցնում, բալաս, ինչ որ լինում է, աստծու կամքով է լինում:

Ավելի լավ չէ՞ , որ Սոնան մեռնի և իր մորն ազատի խայտառակությունից. մեռնի հենց այժմ, այս րոպեին: Բայց ո՞րտեղ է մահը, որ գար, ազատեր նրան այս ցավերից:

Մեղա՛ քեզ, մեղա' քեզ, — շշնջում էին Սոնայի շրթունքները, երբ նա մահ էր աղերսում, — ասում են, մահ ուզելը մեղք է:

Կիրակի և հինգշաբթի օրերը արբշիռ պայտագործը ճշտությամբ այցելում էր խնամիներին և, եթե ամոթը մի քիչ չզսպեր նրան, պատրաստ էր ամեն օր այցելել, այն էլ ճիշտ այն միջոցին, երբ կարող էր ճաշի հրավիրվել: Նա ասում էր կնոջը, թե փեսացվին հավանում է, իսկ խնամիներինոչ: Բռի գյուղացիներ են, մարդավարի վարվելու շնորհք չունեն:

Իսկությունը այն էր, որ ինքը, Ոսկանը, շատ անախորժ տպավորություն էր գործում խնամիների վրա: Նրա մրոտ ձեռները և կեղտոտ դեմքը դուր չէին գալիս մանավանդ փեսացվի մորը և եղբոր կնոջը: Առանց այն էլ այդ կանայք հոգով-սրտով հակառակ էին հացթուխի աղջկան ուզելուն և միայն փեսացվի կամքին էին հպատակվում: Իսկ այժմ մրոտ ու կեղտոտ պայտագործն արդեն սկսել է գլուխ ցավեցնել:

Մի օր նրանց կողմից «չոլախ» Սահարնազն եկավ հացթուխի մոտ և խոսակցության միջոցին ակնարկեց պայտագործի հաճախ այցելությունների մասին: Սոնան ներկա էր և լսում էր: Միջնորդ կնոջ արտասանած յուրաքանչյուր բառը նա ընդունում էր իբր կծու և ամոթալի նախատինք իր հասցեին: Հոր փոխարեն նա ինքն էր տանջվում ամոթից, որովհետև իրան էր համարում այդ նախատինքի պատճառը: Եթե խնամիները չեն ներում իրանց հարսնացվի հոր հարբեցողությունը, ի՞նչպես կներեն, եթե իմանան, որ հարսնացուն ընկնավոր է: Մի վայրկյան Սոնայի մեջ միտք ծագեց պարզապես հայտնել ամեն ինչ Սահարնազին: Թող գնա պատմի նրա ապագա սկեսրին, որ ցավագար է, աստծուց պատժված: Թող միանգամից բանը պարզվի «նշանը» ետ վերցնեն, Սոնան խայտառակվի: Նա պատրաստ էր մինչև անգամ բերանը բանալ և այս բոլորն ասել Սահարնազին, երբ մոր աղերսական հայացքն ընկավ նրա աչքին: Արդյոք, գուշակե ց հացթուխը, ինչ է կատարվում իր աղջկա սրտում, թե դա միայն աննպատակ հայացք էր, բայց Սոնայի լեզուն կաշկանդվեց:

Նույն միջոցին պառավ Զառնիշանն ու Գյուլնազն աշխատում էին Մուրադին համոզել, որ քանի ուշ չէ, ձեռք քաշի իր հարսնացվից:

Մայրը հացթուխ, հայրը հարբեցող, աղքատ, տկլոր, կեղտոտ, ի՞ նչ ես կպել այդ աղջկանը, — ասում էր «չորաթան» Զառնիշանը:

Լավ պտուղ չի լինիլ այնպիսի ծնողների զավակը, — կրկնում էր Գյուլնազը:

Լավ է, թե վատ, կաղ է, կույր, թե թևը կտրած` իմ հարսնացուն է, պիտի պսակվեմ, ես ուրիշ աղջիկ չեմ ուզում, — պատասխանում էր Մուրադը դրական եղանակով:

Կանայք ստիպվեցին լռել, գիտեին, որ ապարդյուն է դիմադրել Մուրադի կամքին: Նա իր ասածի մարդ է, մի անգամ վճռել է, պետք է կատարի, թեկուզ ամբողջ ընտանիքը նրա դեմ ոտքի կանգնի և թշնամանա: Իսկ երկար հակառակվել Մուրադին՝ նրանք վտանգավոր էին համարում: Նա տան «սյունն» էր, եթե բարկացնեին, կբաժանվեր եղբորից և առանձին կապրեր:

Հասավ, վերջապես, հարսանիքի օրը: Հացթուխը հրավիրեց միայն ամենամոտիկ ազգականներին, որոնցից ոչ մեկի հետ նա մինչև այժմ հարաբերություն չէր ունեցել: Նա ուզում էր, որ հարսանիքը որքան կարելի է անշուք անցնի, ոչ ոքի ուշադրությունը չգրավի: Ընդհակառակը, պայտագործը պնդում էր, թե պետք է հրավիրել քաղաքի «պատվավոր» ընտանիքներին, թեև ինքն էլ չգիտեր, որտեղ պետք է նստեցնի, եթե հրավիրի: Հաղթությունն այս անգամ հացթուխի կողմը մնաց, երբ պայտագործը համոզվեց, որ շատ հյուրեր կանչելը մեծ ծախս է պահանջում, իսկ ծախսերի համար փող չկա: Բայց նախքան հարցի վճռելը, ամուսինների մեջ դարձյալ տեղի ունեցավ մի անախորժ վեճ, դարձյալ պայտագործն ուզեց կնոջը հարվածել և դարձյալ Սոնան արտասուքն աչքերին մեջ ընկավ ու նրանց բաժանեց:

Արդյոք, ճշմարի՞տ է, որ հարսանիքի օրն ուրախություն է բերում: Ոչ, երևի, այդպես չի, սուտ են ասում: Ինչո՞ւ Սոնայի համար այդ օրը դարձավ սուր տանջանքների, գաղտնի հառաչանքների, հարյուրավոր չար կասկածների և սարսափների շղթա:

Ահա նա: Կանգնած է մի անկյունում, որ բաժանված է վարագուրով խրճիթի մյուս մասից: Երկու երիտասարդ հարսներ հագցնում են նրան պսակի զգեստ: Նա չգիտե ինչ է կատարվում իր շուրջը, միայն լսում է, որ այսօր հարսանիք է: Նա դողում է, կարմրում, գունատվում, նրա ամբողջ մարմիը մերթ զգում է սառույցի պաղություն, մերթ կրակի տաքություն:

Նա ինքն իրան լիովին հանձնել է ուրիշների կամքին և անշունչ մեքենայի պես կատարում է այն բոլորը, ինչ որ ուրիշներն են կամենում: Կյանքում նա հինա չէր գործածել, երկու շաբաթ էր արդեն նրա գլուխը ստեպ-ստեպ ներկում էին: Նրա գանգուր և շքեղ մազերի գեղեցիկ մուգ ոսկեգույնը, քաղաքի սովորության համեմատ, տգեղ են համարել և աշխատել են սևացնել: Եվ այժմ նրա դեմքի դեղնությունն ավելի է աչքի ընկնում մազերի սևությունից: Հայելի են տալիս նայելու, և նա ինքն իրան չի ճանաչում:

Ի՛՛ֆ, թուրքի աղջկա եմ նման, — ասում է նա ժպտալով:

Բայց ո՛րքան թույլ է այդ ժպիտը և ի նչպես սազ չի գալիս նրա դեմքի մռայլությանը: Նրան հրամայում են թույլ տալ մի ինչ-որ պառավ թրքուհու, որ նրա դեմքը «գեղեցկացնի»: Մի փոքրիկ մկրատի ծայրով թրքուհին մեկ-մեկ պոկում է նրա գեղեցիկ ունքերի ավելորդ համարած մազերը, սուրմայում է արտևանունքը, ոլորում է վարսերը: Հետո նրան հրամայում են կանգնել, երեսը ծածկում են քողով, գլխին չարսավ են ձգում: Ապա նրան նստեցնում են, նորից հրամայում են կանգնել, նորից նստել: Այնուհետև նորահարսերը բռնում են նրա թևերից և առաջ են տանում: Նրա աչքերը ծածկված են, ոչինչ չի տեսնում: Նա լսում է միայն նորահարսերի շշնջյունները և կատարում նրանց պատվերները:

Հանկարծ լսվում է քահանայի ձայնը, որին հետևում տիրացվի ձայնը: Սկսում են երգել: «Պահպանիչը» վերջանում է, լսվում է ամեն կողմից «շնորհավոր լինի, շնորհավոր լինի»: Ապա նա զգում է մի թարմություն: Բաց օդը, թափանցելով քողը, զովացնում է նրա երեսը: Նրան տանում են առաջ: Ո՞ւր: Այժմ մեկը քայլում է նրա հետ կից առ կից: Ո ՞վ է: Սառն օդը մի փոքր սթափեցնում է նրան: Զգում է, որ կից առ կից գնացողը շուտով իր գլխի տերն է դառնալու:

Լսվում է զուռնայի սուր ձայնը: Աա, այդ է, ուրեմն այն ձայնը, որ նա քանի-քանի անգամ լսել է հայրական խրճիթի գավթում, հեռվից: Ինչո՞ւ այսօր այնպես ուրախ չի հնչում, ինչպես նրա ընկերուհիների հարսանիքին: Ինչու Սոնային թվում է, որ իրան թաղելու են տանում: Ո՞րտեղ է նրա խեղճ մայրը, ինչու իր աղջկանը թողել է մեն-մենակ, օտարների ձեռքում...

Ահա, վերջապես, եկեղեցումն է: Նախ լսվում են ինչ-որ խուլ շշնջյուններ, որ նրա մարմինը ծակծկում են սուր ասեղների պես: Քահանայի և տիրացուների ձայները, կարծես, գալիս են գետնի տակից, մի մթին անդունդի հատակից: Նրա աչքի առջևով անցնում են սոսկալի տեսարաններ, գերեզմաններ, ուր տարածված են շղթայակապ դիակներ, դագաղներ, որոնք լցված են խոշոր որդներով, օձեր, որ ահագին բազմությամբ խլրտում են օդի մեջ: Այդ ինչ սարսափելի ձայներ են, ինչո՞ւ Սոնային բերեցին այստեղ, ի՞նչ են անում, այդ ո՞վ է նրա կողքին կանգնած, ինչո՞ւ են նրան անդադար բոթում: Այդ Ի՞նչ սառը ձեռ էր, որ բռնեց իր ձեռից և դրեց մի ուրիշ ձեռի մեջ: Ինչո՞ ւ են սեղմում նրա ձեռը: Դարձյալ սոսկալի տեսարաններ, որդներով լի գանգեր, արյունով լի դույլեր, քայլող կմախքներ, ծիծաղող դիակներ...

Որդի, հնազա՞նդ ես:

Մեկը ձեռը դնում է նրա պարանոցին, երեք անգամ սեղմում և երեք անգամ գլուխը թեքում դեպի կուրծքը: Հետո նրան առաջ են տանում և վզին մի ինչ-որ թել ձգում, նորից հանում: Ապա նրա երեսը դարձնում են մյուս կողմ: Ժամերգությունը ընդհատվում է, նորից սկսվում են խուլ շշնջյուններ: Այս անգամ շշնջյունները չեն ծակծկում Սոնայի մարմինը: Դարձյալ սկսվում է մի երկար, անվերջ ճանապարհորդություն, որին ուղեկցում է զուռնայի զիլ ձայնը և մարդկանց գոռում ու գոչյունները:

Հետզհետե նա ուշքի է գալիս: Այժմ հասկանում է, որ ամեն ինչ վերջացավ, այլևս չպիտի վերադառնա իր ծնողների խրճիթը: Ա՛խ, այն ողորմելի խրճիթը, ուր այնքան տառապել է: Այժմ նա չի հիշում այդ տառապանքները և սրտի կսկիծով է բաժանվում իր ծննդավայրից:

Ահա այն տունը, ուր նա պիտի ապրի մինչև մահ: Նմա՞ն է արդյոք իր հայրենի խրճիթին: Նա ոչինչ չի տեսնում, երեսի քողը խանգարում է: Բայց ո՞ւր է մայրը: Կանչեցե՛ք նրան, Սոնայի սիրտը մորմոքվում է այս անծանոթ շրջանում: Քողը հանդարտիկ շարժվում է, նրա տակից լսվում է նորահարսի հեկեկանքը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last