Շիրվանզադե Ալեքսանդր՝   Չար ոգին

Առաջին և վերջին անգամն եմ ասում, — ավարտեց նա խոսքը դրական եղանակով, — եթե մեկ էլ իմ կնոջ երեսին խոսել եք, կվերցնեմ նրան, դուրս կգամ այս տնից ու ջոկ կապրեմ:

Խնդիրը քանի գնում՝ բարդանում էր: Պառավ Զառնիշանը վախեցավ որդու սպառնալիքից և ավելի սուր ատելություն զգաց դեպի Սոնան: Տեսեք, տեսեք այդ հացթուխի աղջկան, մի ամիս չկա ոտք է դրել այս տունը և արդեն ուզում է որդուն բաժանել մորից, եղբորըեղբորից: Չէ, պետք է այդ անկապի կապը քաշել, որ շատ էլ ձին չափ չտա:

Համբերիր, համբերիր, — ասում էր Գյուլնազը պառավին գրգռելու: համար, դա կծիկի ճոնդն է, տես վերջն ինչ կլինի: Աչքերս կհանեմ շներին կգցեմ, եթե այդ խլեզն ինձ էլ չբաժանի իմ մարդուց:

Հարս ու սկեսուր սկսեցին խորհրդակցել իրանց անելիքի մասին: Խնդիրր շատ կարևոր էր: Եթե Մուրադր շարունակեր կնոջ կողմը բռնել, հետևանքը կարող էր վատ լինել: Բանն այն է, որ առևտրական գործերը գլխավորապես ՄՈԼրադի ձեռքումն էին կենտրոնացած: Նա գիտեր գրել-կարդալ, հաշիվներ պահել, իսկ Կարապետը մի անգրագետ մարդ էր, շատ անգամ չէր իմանում, ումից ինչքան ստանալիք ունի, կամ ում ինչքան է պարտք: Ինքը Կարապետը շատ լավ էր զգում եղբոր արժեքը և շատ անգամ խոստովանում էր, որ առանց նրա ինքը «կոպեկ չարժե»: Նա վշտացավ, երբ կնոջից լսեց, թե Մուրադը սպառնում է բաժանվել և առանձին ապրել, եթե նրա կնոջ ու աներոջ հետ լավ չեն վարվիլ: Իսկապես Կարապհտը շատ էլ դեմ չէր պայտագործին և ոչ էլ որևէ ատելություն էր զգում դեպի նրա աղջիկը: Բայց Գյուլնազը համոզել էր նրան, որ Սոնան ընտանիքի մեջ Խլրտումներ է գցում, ուստի նա էլ լարվել էր նորահարսի դեմ:

Այդպիսով Սոնայի դեմ կազմվեց մի եռանձնյա դաշնակցություն: Շուտով նա զգաց իր վիճակի փափկությունը: Չնայելով նրա բարեկամական զգացումներին և հեզ վարմունքին, հակառակորդները ճգնում էին նրա վարկը գցել ամուսնու մոտ:

Սկզբում Մուրադը բարկանում էր, երբ կողմնակի ակնարկներ էր լսում Սոնայի ծուլության կամ անհնազանդության մասին: Ապա ուշադիր եղավ այդ համառ ակնարկներին և կամեցավ վերստուգել իր մոր գանգատները: Փորձը համոզեց նրան, որ Սոնան ոչ միայն ծույլ չէ, մեծերի պատիվը ճանաչում է, այլև ամբողջ տան գործերը նրա վզին են, և հարգում ու մեծարում է ընտանիքի ավագներին գուցե ավելի, քան պահանջվում է: Այս պատճառով Մուրադը մի օր ընդհարում ունեցավ տնեցիների հետ: Գրգռված րոպեին այս անգամ բացարձակ կասկած հայտնեց իր եղբոր կնոջ բարեխղճության մասին: Գյուլնազը, հարկավ, վիրավորվեց, լաց եղավ իր ամուսնու մոտ: Հերթը հասավ «չոփուռ» Կարապետին: Նա հանդիմանեց Մուրադին իր կնոջ վերաբերմամբ, և առաջին անգամ երկու եղբոր մեջ տեղի ունեցավ մի անախորժ վեճ:

Արդեն պառավ Զառնիշանը և Գյուլնազը համոզվել էին, որ անկարելի է Մուրադին լարել իր կնոջ դեմ, երբ... ճակատագիրը դավաճանեց Սոնային:

Կիրակի առավոտ էր: Ամբողջ ընտանիքը խմբված էր միջին, ընդհանուր սենյակում: Սոնան թեյ էր պատրաստում, բերանը երեսքողով ծածկած, անբաժան շալը գլխին: Այն վայրկյանին, երբ, բաժակներով լի մատուցարանը ձեռքին, մոտենում էր Զառնիշանին, մարմնի վրա զգաց մի անսովոր ցուրտ: Նրան թվաց, իբր մի քանի խոնավ և պաղ որդեր մեջքի վրայով սողում են դեպի վեր: Նա սարսռեց ոտից մինչև գլուխ, մի սուր ճիչ արձակեց, դողաց և, մատուցարանը ձեռից բաց թողնելով, ընկավ հատակի վրա:

Գյուլնազը երկյուղից գոռաց: Զառնիշանը ձեռները զարկեց ծնկներին: Կարապետը չիբուխը բերանից հանեց և ապշած նայեց հատակի վրա թափված թեյին ու փշրտված բաժակներին: Իսկ Մուրադը մի ակնթարթում ոտքի թռչելով, մոտեցավ Սոնային բարձրացնելու: Բայց նայեց նրա դեմքին, սարսափեց և ապշած մնաց տեղն ու տեղն արձանացած: Կարապետի երեխաները բարձրացրին անասելի աղմուկ: Մեծերը սկզբում կարծեցին, որ Սոնան պատահաբար ընկավ: Բայց երբ տեսան նրա կարմրած երեսը, փրփրոտ բերանը, ատամների մեջ սեղմված լեզուն, լսեցին չարագուշակ խրխռոցը, քողը սկսեց ընկնել նրանց աչքերից:

Ամենից առաջ Գյուլնազն արտասանեց.

Ընկնավոր է:

Նա իր գլխի շալը ձգեց Սոնայի երեսին և երեխաներին դուրս տարավ: Պառավը դարձյալ ձեռները զարկեց ծնկներին և ճչաց: Կարապետը ցավակցաբար նայեց եղբոր երեսին: Մուրադը դեռ արձանացած էր միևնույն տեղում, աչքերը հառած կնոջ անզոր թավալվող մարմնին:

Տեսարանը տևեց ընդամենը երկու րոպե: Սոնայի երեսը բաց արին: Նա արդեն ուշքի էր գալիս:

Անմիջապես մարդ ուղարկեցին հացթուխի ետևից: Դեռ կասկածում Էին, որ Սոնան ընկնավոր է: Միայն Գյուլնազն էր պնդում, թե կյանքում ընկնավորներ շատ է տեսել, բոլորն էլ Սոնայի պես են ուշաթափվում:

Երբ հացթուխը ներս մտավ, պառավ Զառնիշանը գոռաց.

Աղջիկդ ցավագար է...

Խե՛ղճ մայր. այս մի հատիկ բառը բավական էր նրան: Նա գունատվեց, ոչինչ չասաց, և ի նչ ասեր: Կասկածը փարատվեց: Հացթուխն անցավ իր աղջկա սենյակը: Սոնան այնտեղ հագուստով պառկած էր անկողնում: Սենյակի մի անկյունում, սնդուկի վրա, նստած էր նրա ամուսինը, ձեռները կռնատակիս դրած, աչքերն ուղղած հատակի մի կետին: Նա գլուխը բարձրացրեց և նայեց իր զոքանչի երեսին: Նա աղերսանքով և տանջանքով խառն մի հարցական հայացք էր, միևնույն ժամանակ, տակավին հույսով լի: Նա ուզում էր հացթուխից լսել, թե ո՛չ, Սոնան ընկնավոր չէ, թե նրա ուշաթափվելը պատահական էր: Բայց հացթուխի լեզուն պապանձվել էր, և այս խորտակեց Մուրադի հույսը:

Աղջիկդ ընկնավո ր է, — արտասանեց նա և լռեց:

Սոնան պառկած էր երեսը դեպի պատը: Նա զգաց, որ մայրը ներս մտավ, չոքեց իր մոտ, բայց երեսը չդարձրեց նրա կողմը: Նա վախենում էր հանդիպել ամուսնու աչքերին, որովհետև հազիվ ուշքի էր եկել, երբ Գյուլնազը ուղղակի և անխնա նրա երեսին ասաց, թե նա ընկնավոր է և հենց այս րոպեին ուշաթափվեց:

Աղջիկդ ընկնավո՞ր է, — կրկին անգամ արտասանեց Մուրադը:

Երկինքը կրակ դառնար, թափվեր նրա մոր գլխին, — գոչեց հացթուխը:

Այլևս Մուրադը ոչինչ չասաց և շարունակեց իր հայացքը հառել հատակի մի կետին: Այս լռությունը հացթուխի համար ավելի անտանելի էր, քան եթե նախատեին, հայհոյեին, թուք ու մուր ածեին նրա երեսին: Նա բախտավոր կհամարեր իրան, եթե այդ բարեսիրտ մարդը, որ այնքան սիրում էր Սոնային, վերկենար հանկարծ և դաշույնի մի հարվածով վերջ տար նրա կյանքին: Բայց Մուրադը լուռ և անշարժ էր:

Մի քիչ ջո՞ ւր, — շշնջաց Սոնան, կարծես, վախենալով, որ մի գուցե ամուսինը լսի:

Հացթուխը նայեց այս ու այն կողմ: Հարկավոր էր ջուրը մյուս սենյակից բերել: Այնտեղ թշվառ կնոջը սպասում էր եռանձնյա դաշնակցության դատաստանը: Խորին ատելությամբ և զզվանքով լի երեք զույգ աչքեր միաժամանակ բևեռվեցին նրա վրա, երբ ներս մտավ: Նա զգաց իր սրտում այդ սուր ասեղների ծակոցները: Հասկացավ, որ այդ դատավորներն իրանից բացատրություն են պահանջելու, որ պետք է, վերջապես, դեմ առ դեմ կանգնել նրանց առջև: Ահա ինչու, երբ Սոնային ջուր տվեց և ջրաշիշը տարավ մյուս սենյակ կրկին իր տեղը դնելու, կանգ առավ այնտեղ: Առաջինը խոսեց պառավ Զառնիշանը, որի հողագույն դեմքը թույն էր արտահայտում:

Բախտավոր աղջկա բախտավոր ծնողին շատ, շատ բարով: Մոտեցիր, փեշերդ պաչենք, գլխիդ վարդաջուր ածենք, ոտներիդ հինա դնենք, ա՛յ մեր աչքի լույս խնամի: Աղջիկդ անգին մարգարիտ է, շահնշահի մատին դնելու,

խանըմ-խաթուն, հյուլ ու մյալաք: Գնա՛, նրա ոտները ջուր արա, խմիր, հա՛ հա՛ հա՛: Փա՜հ, երես ունիս աստծու լույսին մտիկ անելու, փահ, տափը պատառ-պատառ չի լինում, որ քեզ կուլ տա. փա՜հ, ոտդ դրած տեղն օձ չի բուսնում, որ ջիգյարդ դաղի, կերակուրդ աղու-լեղի չի դառնում, որ սիրտդ ու փորդ կտրտի: Խայտառակ լինիս աշխարհումս, ինչպես մեր անունը խայտառակեցիր...

Հացթուխը լսում էր այս կծու և դառն նախատինքը, չհամարձակվելով նայել խնամիների երեսին:

Մենք էլ ուրախ էինք, որ ջահիլ, սիրուն հարս ենք բերել մեր տուն, — շարունակեց սկեսրի փոխարեն Գյուլնազը, աչքերը դարձնելով դատապարտյալի վրա, — լավ ուրախացանք: Հերիք չէր թոնիր լպստողի ու աներես, անպատկառ հարբեցողի խնամի դարձանք, հիմա էլ մենք մեր տան մեջ պետք է ուրիշների ցավագար աղջկանը ծառայենք:

Հացթուխը գոգնոցի փեշը բարձրացրեց աչքերի արտասուքը սրբելու: Հերթը հասավ երրորդ դատավորին:

Ես կարճ կկապեմ, — ասաց չոփուռ Կարապետը, ծխախոտի կրակն ուղղելով, — հենց այսօր, հենց հիմա, առ աղջկադ, տար տունդ: Մենք ընկնավորներ պահելու գլուխ չունինք:

Դռների մեջ, շեմքի վրա երևաց Մուրադի կերպարանքը: Նրա դեմքը գունատ էր, շրթունքները դողում էին, երեսի մկանունքները ցնցվում: Կարապետը չնկատեց նրան: .

Առ, աղջկադ, ասում եմ կրկնեց նա, — տար տունդ, քոնը չինի ծախած ապրանքդ:

Ո՞վ է քեզ դատավոր կարգել, — գոչեց Մուրադը հուզված ձայնով, — ով է քեզ դատավոր կարգել, որ ուզում ես իմ կնկան իմ տնից դուրս անել:

Ոչ մեկը չէր սպասում, որ նա կպաշտպանի իր կնոջն այն պահին, երբ այդ կինը խորտակել էր նրա բախտը: Կարապետը զարմացած նայեց նրա երեսին: Զառնիշանը չկարողացավ զսպել իր կատաղությունը:

Մեր ամենի դատավորը աստված է, — դարձավ նա Մուրադին, — Բայց ես մայր եմ, չեմ թողնիլ իմ որդուն, որ ցավագարի հետ ապրի:

Մուրադը մոտեցավ, պատկառանքով խոնարհվեց և համբուրեց պառավի ձեռը:

Որդին պարտավոր է, — ասաց նա, — իր ծնողների առաջ խոնարհվել: Մինչև օրս ես քո կամքին չեմ հակառակվել, ամեն բանում քո ուզածն եմ արել: Կյանքումս մի անգամ խոսքդ չկատարեցի, աստված ինձ պատժեց: Հիմա ուզում եմ պատիժս տանեմ, թո՛ղ տանեմ, ես արժանի եմ:

Ուրեմն չե՜ս ուզում ընկնավորից բաժանվել, — գոչեց պառավը, շեշտելով «ընկնավոր» բառը, որպեսզի որդու սիրտը սարսափ ձգի:

Չեմ ուզում:

Չե՞ս ուզում չարով բռնվածից, դիվահարից երես դարձնել, ինչպես աստված է նրանից երես դարձրել:

Չեմ ուզում:

Կփոշմանես:

Ինչ որ ճակատիս գրված է, պիտի կատարվի:

Այդ րոպեին Մուրադը բնազդումով երեսը դարձրեց ետ: Սոնան գլուխը բարձրացրել էր անկողնուց և ականջ էր դնում խոսակցության: Նրա ճակատը սպիտակ էր, ինչպես թուղթ, աչքերի բիբերն անշարժ մի փոքր դեպի վեր բարձրացած:

Մուրադը խղճաց նրան իր հոգու խորքում: Այդ վայրկյանին մոռացել էր իր վիշտը և միայն համակվել թշվառ կնոջ ցավով: Նա զգում էր, որքան տանջվում է այդ երիտասարդ էակը: Բայց միայն սեր և ցավակցության զգացումը չէին, որ ստիպում էին նրան պաշտպանել Սոնային: Ավելի մեծ դեր էր խաղում ինքնասիրությունը: Նա ինքն էր ընտրել այդ աղջկանը, պետք է պաշտպանի նրան:

Ես նրանից չեմ բաժանվիլ, — ասաց նա վճռական եղանակով, — եթե ամենքդ էլ ինձանից բաժանվեք:

Նա անցավ շուտով մյուս սենյակը, դռները հետևից ծածկելով: Այնտեղ հանդիպեց նրան Սոնայի շնորհակալությամբ, երկյուղով և հույսերով լի հայացքը:

Կախարդել են որդուս, — աղաղակեց պառավ Զառնիշանը, — կախարդել են ու սատանաների ճանկը գցել...

IX

Հարվածը նորափեսայի համար անսպասելի էր և անողոք: Հազիվ սկսել էր ճաշակել ամուսնական փոխադարձ, խաղաղ և օրինական սիրո հրապույրը, ճակատագիրը քայքայում էր նրա կյանքը: Նա մտիկ էր անում նորատի կնոջ դեմքին, սեղմված շրթունքներին և կրծքից արձակում ծանր ու երկարատև հառաչանքներ:

Երբեմն նրա սիրտը լցվում էր ատելությամբ դեպի այն էակը, որին ոչ միայն սիրում էր, այլև սկսել էր պաշտել, և որի կենակցությամբ երազում էր ստեղծել ընտանեկան անդորր երջանկություն: Ինչո՞ւ նրան խաբեց այդ կինը անգութաբար, ինչո՞ ւ հավիտյան սևացրեց նրա օրը:

Բայց երկար չէր տևում այդ ատելությունը, անցնում էր Մուրադի սրտի րոպեական գրգիռը և տեղի տալիս անհուն վշտերի ու վշտակցության զգացմանը:

Նա բացարձակ չէր բողոքում ճակատագրի դեմ, որովհետև ամենից առաջ իրան էր համարում մեղավոր: Նա այն տկարոգի անհատներից չէր, որոնք կյանքի տագնապալի միջոցներին իրանց թշվառության պատճառները միայն և միայն ուրիշներին են վերագրում: Այնքան քաջություն ուներ, որ կարող էր բաց ճակատով կանգնել սեփական խղճի կշտամբանքների դեմ: Եվ եթե նա ոչ ոքի չէր մեղադրում, միևնույն ժամանակ, ոչ ոքի էլ իրավունք չէր տալիս իր գլխին դատավոր կանգնելու: Բայց ո՞ վ կարող էր նրան այնպես խիստ պատժել, որքան նա ինքը: Նա խորասուզվել էր ցավերի մեջ և գիշեր-ցերեկ կրծում էր իր սիրտը: Մի շաբաթ էր անցել այն դժբախտ օրից, և նա դեռ տնից չէր դուրս գալիս: Թվում էր նրան, որ եթե շուկայում երևա, ամենքը պետք է մատնացույց անեն նրան, ծաղրեն կամ խղճան: Երբ ավագ եղբայրը խնդրում էր նրան ուշքի գալ և գործերով զբաղվել, նա մի հուսահատ շարժում էր անում ձեռով և ասում.

Ես գործեր չունիմ. արա , ինչ որ ուզում ես: Այժմ նա, կարծես մոռացել էր ամեն ինչ: Նա ոչ կանոնավոր ուտում էր, ոչ հանգստանում, գիշերը մեծ մասամբ ՛անց էր կացնում անքուն, շարունակ անց ու դարձ անելով գավթում: Նայում էր աստղերին, ականջ էր դնում շների հաչոցին, փողոցային պահապանների գոռոցներին գիշերային լռության մեջ և հառաչում, շարունակ հառաչում:

Շուտով նրա դեմքի վրա երևան եկավ մի դեղնություն, իսկ աչքերի մեջ հոգու դառնություն: Ամենից առաջ Սոնան նկատեց այդ բանը, որովհետև ամենից զգաստ աչքերով նա էր հետամուտ Մուրադի ամեն մի քայլին: Նա զգում էր, որքան խորն է այդ մարդու տանջանքը, քանի որ արտասուքը սրտի մեջ է թափում: Նա փափագում էր և չգիտեր ինչպես ամոքեր ամուսնու վիշտը: Չոքե՞լ նրա առջև, ներո՞ ւմն խնդրել: Մի՞թե այդ բավական է: Գոնե Մուրադը լիներ ոչ այնպես բարեսիրտ, այլ քինախնդիր և կատաղի, գոնե նա չպաշտպաներ իր ողորմելի կնոջը տնեցիների մոտ: Այն ժամանակ Սոնան ավելի քիչ կտանջվեր խղճի խայթոցից, զգալով, որ մասամբ պատժված էր իր մեղքի համար: Չէ, այսպես շարունակել անհնարին է. Սոնան անկարող է տանել այդ մարդու լռությունը:

Ականջ դիր ինձ, — արտասանեց նա մի օր, այլևս չկարողանալով համբերել:

Նա նստած էր իր սենյակում, լուսամուտի առջև: Մուրադը անցուդարձ էր անում պատշգամբի վրա: Նա կանգ առավ, ծխախոտը հանեց բերանից և երեսը դարձրեց դեպի կինը: Եվ ոչ մի թեթև հանդիմանություն, նախատինքի և ոչ մի թույլ նշան այդ մռայլ դեմքի վրա:

Ինչո ւ չես խոսում, — շարունակեց Սոնան, մինչև ե րբ պիտի սիրտդ մըղ-մըղ ուտես:

Մինչև այն ժամանակ, քանի որ սիրտ կա ուտելու, — պատասխանեց Մուրադը:

Նա շարունակեց անց ու դարձ անել:

Թող մեղավորն ուտի իր սիրտը, դու ի նչ մեղք ունիս, — խոսեց դարձյալ Սոնան:

Ո՞վ է մեղավորը:

Կնիկդ, ղուլդ, ինչո՞ւ նրան չես պատժում:

Մի դառն հեգնական ժպիտ սահեց Մուրադի դեմքով: Նա ուսերը թոթվեց, գլուխը երերեց: Ասելն էր. ի՞նչպես պատժեմ քեզ, խեղճ էակ, քանի որ աստված ինքն է պատժել:

Սոնան գուշակեց այս լուռ պատասխանի իմաստը:

Ես ինքս էլ չեմ հասկանում, — շարունակեց նա, — ինչ երեսով աստծուց պատժվածը ուզում էր մարդկանց շարքն ընկնել: Մի շաբաթ է գիշեր-ցերեկ մտածում եմ, մտածում ու տեսնում, որ ես իրավունք չունիմ այս տանն ապրելու: Թո՛ ղ ինձ գնամ իմ ծնողների մոտ, մենակ նրանց գլխին պատուհաս լինիմ: Թե չես ուզում թողնել, գցիր ինձ ոտներիդ տակ, շանսատակ արա, մի պահիր այս դրության մեջ:

Հապա ինձ ո՞ վ կսպանի, եթե ես քեզ սպանեմ, բաս իմ ցավերը որտեղ ուղարկեմ, եթե քեզ ծնողներիդ մոտ ուղարկեմ: Ուշ է...

Աստծուն է հայտնի, որ քանի-քանի անգամ հորս տնից ուզեցել եմ քեզ հայտնել, որ ընկնավոր եմ, ի՞նչ անեմ, լեզուս կալին-կապին ընկավչկարողացա:

Նա շալի ծայրը բարձրացրեց իր աչքերը սրբելու, ուր երեք օր էր արտասուքը ցամաքել էր:

Հե՛րիք է, հե՛րիք է, կես բարկացած և կես ընկճված ձայնով արտասանեց Մուրադը. — աստծու դեմ կռվել չենք կարող: Ինչ որ ճակատներիս գրված է, պետք է տանենք: Աչքերս այնքան մթնել Էին, որ եթե ամբողջ աշխարհը հակառակվեր, Էլի ես քեզ հետ պիտի պսակվեի: Ուրեմն աստծու կամքն էր: Հիմա հերիք է, ասում եմ, վեր կաց, մի բաժակ թեյ ածա , տուր ինձ:

Այն վայրկյանին, երբ Սոնան թեյով լի բաժակը դնում էր լուսամուտի հատակի վրա, նրա գլխի գցած շալի եզրերը միմյանցից բաժանվեցին և կոկորդը բացվեց: Մուրադը նայում էր կնոջ երեսին և այժմ էլ հիանում էր նրա գեղեցկությունով:

Այդ ի՞նչ է, — գոչեց նա հանկարծ, երբ տեսավ Սոնայի կոկորդը:

Սոնան իսկույն շալը քաշեց կրծքին և երեսը ետ դարձրեց:

Այդ ի՞նչ է, — կրկնեց Մուրադը:

Ոչինչ, ոչինչ...

Երբ երրորդ անգամ Մուրադը իր հարցին ուղղակի պատասխան չստացավ, մտավ սենյակ և ստիպեց Սոնային շալը գլխից վերցնել: Նրա կոկորդի վրա երևացին քանի մի արյունոտ կարմիր-կապտագույն գծեր:

Ո՞վ է քեզ սովորեցրել կուրծք պատռել, — գոչեց Մուրադը զայրացած:

Հոգեկան կսկիծն էր ստիպել թշվառ ընկնավորին ճանկռտել իր մարմինը: Եթե Մուրադն ավելի խոր նայեր, կտեսներ, որ Սոնայի ամբողջ կուրծքը շերտավորված է արյունոտ գծերով: Այսպես էր պատժում ինքն իրան նորահարսը:

Եթե մեկ էլ անես, երեսս չես տեսնի այս տանը, — ասաց Մուրադը վճռական եղանակով:

Սոնան հեզ և երախտագիտական հայացքով նայում էր նրա երեսին: Նա Մուրադի աչքերի մեջ նկատում էր վշտակցության հետ նաև նախկին սիրո ցոլքը: Նրա ընկճված սիրտը կրկին բաբախեց փոխադարձ զգացման բուռն հոսանքից:

Երանի ոտներիդ փոշուն արժանի լինեի, — շշնջաց նա ինքն իրան:

Նույն վայրկյանին ուրախության մի թուզ ժպիտ անցավ նրա դեմքով: Նա տեսավ գիժ-Դանելին, այն մարդուն, որի տեսությունը միշտ մի առանձին ուրախություն էր պատճառում նրան: Խենթը բակ էր մտնում այս անգամ առանց երգելու, լուռ, կամացուկ քայլերով, գլուխը կրծքին թեքած: Նույն տեսակ մի ուրախ ժպիտ սահեց և Մուրադի դեմքով: Ամբողջ ընտանիքի մեջ, Սոնայից հետո, նա էր մենակ, որ ոչ միայն դեմ չէր խենթի այցելություններին և չէր ամաչում նրա ազգակցությունից, այլև միշտ ինքն էր խնդրում նրան ամեն օր այցելել:

Խենթը կանգնեց բակի մեջտեղում, ձեռները հենեց գավազանի ծայրին, մտիկ արավ Սոնային, հետո Մուրադին և, գլուխը երերելով, մռայլ ձայնով արտասանեց.

Կրծքիս խփեցի, ձայն բարձրացրի, ասացի. «Ֆարհադ, կա՞ աշխարհում բախտավոր մարդ»: Երկինքը որոտաց, երկիրը գոռաց, Ֆարհադը պատասխանեց. «Մա՛րդ, տա՛ր ճակատիդ գրվածը. բախտ ասածդ այն է, ինչ որ ես եմ ճակատիդ գրել...»

Այս ասելով, նա մի զույգ խնձոր առաջարկեց Մուրադին, ավելացնելով.

Առաջ դու հոտ արա, Մյաջնուն, հետո կտաս Լեյլիին: Ասլան Դանելը երկուսիդ համար է բերել: Սպիտակ խնձորը անմեղություն է, կարմիրըբախտավորություն: Երազ տեսա, Հովհաննես Մկրտիչը ասաց. «Ով որ անմեղ է, նա բախտավոր է»:

Հետո նա ծոցից հանեց մի մոխրագույն լաթի կտոր և, տալով Սոնային, շարունակեց.

Ա՛ռ, համբուրիր, ճակատիդ դիր: Մեյսարիի սուրբ Նշանի գերեզմանի հողից է: Գիշերը քնելիս վրեն մոմ վառիր, աղոթք արա, հետո դիր բարձիդ տակ: Թող նրա սուրբ զորությունը քեզ պահի, սլահպանի չար աչքից, չար նյաթից:

Հացթուխը արդեն հաղորդել էր խենթին Սոնայի ուշաթափվելու լուրը:

Մինչև Սոնան, ակնածությամբ լի հայացքը իր ամուսնու վրա ձգած, սպասում էր, ինչ պիտի խոսի նա խենթի հետ, Մուրադը ցույց տվեց պատշգամբի վրա ձգած բազմոցը, խնդրեց Դանելին նստել, թեյ խմել:

Խենթը, ձեռը փորի վրա դնելով, գլուխ տվեց եղբորորդուն, բայց չնստեց: Օրը դեռ չէր մթնել: Մայր մտնող արեգակի դեղնագույն շողերը խաղում էին բարձր բարդենու վերին տերևների հետ, փայլեցնելով նրանց ինչպես բազմաթիվ փոքրիկ հայելիներ: Խենթն արևակեզ դեմքը դարձրեց դեպի արևելք, երեսին երեք անգամ խաչակնքեց, հետո դարձավ դեպի արևմուտք: Մուրադը և Սոնան լուռ նայում էին նրան: Խենթի աչքերի մեջ փայլում էր մի օտարոտի ոգևորություն: Կարծես նրա քայքայված ուղեղը իր վերջին ուժերով կենտրոնացել էր մի ինչ-որ խորհրդավոր մտքի վրա, իսկ սիրտը լցվել բուռն զգացումներով: Լուռ նայում էր երկնքի հեռավոր հորիզոնին, ուր վերջնամառային ամպերը ներկայացնում էին նուրբ գույներով օծված անվերջ լեռների մի հսկայական շղթա: Նրա շրթունքները մեղմիկ շարժվում էին: Թվում էր, որ մտքում աղոթում է կամ լուռ խոսակցում ամպերի հետ: Նրա գզգզված միրուքը, որ այժմ բոլորովին ճերմակել էր, պղնձագույն դեմքին տալիս էր մի առանձին խորհրդավորություն: Նա հիշեցնում էր այն ծերունի արևապաշտին, որ խորին հոգեզմայլության մեջ ձգտում է ըմբռնել իր աստծու էությունը:

Նա հանդարտ քայլերով մոտեցավ Մուրադին, երեք անգամ խաչակնքեց նրա երեսին: Գավազանը հենեց պատին, մտավ սենյակ, բռնեց Սոնայի ձեռից, դուրս բերավ նրան պատշգամբ և կանգնեցրեց Մուրադի մոտ: Մարդ ու կին տակավին լուռ էին և մի ինչ-որ աներևույթ ուժից դրդված, հետևում էին խենթի լուռ պատվերներին: Նա մի ձեռով բռնեց Մուրադի ձեռը, մյուսով Սոնայինը և ինքը կանգնեց մեջտեղ:

Մտիկ արեք երկնքին, — արտասանեց նա հանդիսավոր եղանակով, — մտիկ արեք այն երկու կտորներին, մեկը սպիտակ, մյուսը վարդի գույնով: Տե՛ սեք, տեսեք, մոտենում են միմյանց: Ասլան Դանելը բարձրացել էր սարի գլուխը, այնտեղից աչքերով փնտրում էր ձեր տունը: Տեսավ այս ծառի գագաթը, ասաց. «Ա՛յ, Մանիշակը այնտեղ ընկավ հողի տակ»: Սիրուն ճակատ ուներ, մոտեցա պաչեցի... Տեսեք Դանել ապորը, ոտները բաց, գլուխը բաց, աշխարհից ոչինչ չի ուզում: Տեսե՛ք, ամպերը միացան, հիմա մի կտոր է: Տո՛ւր ինձ ձեռդ, Մուրադ, տո՛ւր ինձ ձեռդ, Սոնա: Ասլան Դանելը ասում է. «Սաթայելի բաժին կդառնա ձեզ միմյանցից բաժանողի հոգին...»: Գիշերները չար երազներ եմ տեսնում: Ինձ տանում են թուրքերի թաղը, որ շան պես խեղդեն: Գավազանս խլում են: Մանիշակս լաց է լինում, հաց է ուզում, խաղող է ուղում: Տեսնում եմ Մանիշակիս հողի վրա ընկած, արևի տակ: Վեր է թռչում, ասլան Դանելին ազատում է դահիճների ձեռից: Մուրադ, Մուրադ, նրան սիրում էի աչքիս լույսի պես, սիրիր Սոնային, ասլան Դանելը խեղճ է, բալա չունի: Տեր, մեղա՛ քեզ, մեղա՛ քեզ... Սոնա խաթուն, մի լաց լինիր, ասլան Դանելը ղուլդ է: Մուրադը քեզ անտեր չի թողնիր Նա ընկած էր արևի տակ, երկու մեծ քարեր էին ընկել, մեկը կրծքին, մյուսը ճակատին: Նրան խլեցին ինձանից...

Արտասուքի երկու խոշոր կաթիլներ, նրա վառ աչքերից գլորվելով ցած, կանգ առան արևակեզ այտերի վրա: Առաջին անգամն էր Սոնան արտասուք տեսնում այդ թշվառի աչքերում: Եվ ով գիաե, ո՛ր ժամանակից այդ կաթիլները զորացել էին, քարացել նրա աչքերի մեջ: Այժմ կակղեցին և դուրս գլորվեցին:

Բոլոր իր տասնօրյա դառն կսկիծները Մուրադին այդ վայրկյանին թվացին մի խաղալիք, համեմատելով խենթի հոգու խորքում տարիներով տիրող հսկայական վշտի հետ: Այդ մարդը թշվառացավ նույնպես իր երիտասարդ հասակում, այն ժամանակ, երբ ընտանեկան երջանկություն էր վայելում: Նրանց ճակատագրի մեջ կար մի նմանությունայս զգում էր Մուրադը: Եվ այս նմանությունը երիտասարդի գլխում ծագեցրեց վայրկյանաբար մի միտք: Արդյոք Մուրադը կունենա՞ր այնքան ուժ, որ Դանելի չափ վիշտ կրեր, Դանելի պես խենթանար և հետո Դանելի պես աշխարհի երեսին սիրեր մի մարդկային էակ:

Ի՞նչ ես ուզում ինձանից, հորեղբայր, ասա , ես ուզածդ կկատարեմ, — գոչեց Մուրադը ոգևորված:

Երդվիր մեր հոր գերեզմանով, — ասաց խենթը, ամուր սեղմելով նրա ձեռը, — երդվիր մեր հոր գերեզմանով:

Երդվում եմ:

Ասա , Սոնայիս կսիրեմ մինչև մահ, ասա Մանիշակիս խաթրու, ասա՛ խեղճ է Դանելը...

Երդվում եմ, որ Սոնային սիրում եմ ու կսիրեմ մինչև մահ, — արտասանեց Մուրադը հուզված ձայնով և ավելի ու ավելի ոգևորվելով:

Նույն վայրկյանին նա իր թևի վրա զգաց մի ծանրություն: Այնքան բուռն էր նորահարսի հուզմունքը, որ չկարողացավ դիմանալ խենթի սրտաշարժ համակրանքին, նվազեց և գլուխը հենեց իր ամուսնու թևին: Մուրադը գրկեց նրան, օգնեց վերադառնալու սենյակ և նստեցրեց անկյունում դրած սնդուկի վրա:

Խենթը նայում էր դեպի դուրս: Նա գավազանը վերցրեց պատի տակից և, սպառնական ձևով շարժելով օդի մեջ, քայլերն ուղղեց դեպի փողոց: Բակի մի անկյունում կանգնած էր Մուրադի մայրը, եղբայրն ու եղբոր կինը, զարմացած և ուշադրությամբ նայում էին տարօրինակ տեսարանին: Երթ խենթն արագ քայլերով անցավ նրանց մոտով, պառավ Զառնիշանը մոտեցավ Մուրադի սենյակին:

Թողեք տեսնեմ, գիժը գժի հետ խոսք խոսքի տված ուզում են բալիս էլ խելքից հանեն, — ասաց նա, մտնելով որդու սենյակը:

Նրա դեմքն արտահայտում էր վճռողականություն: Պարզ էր, որ այս անգամ նա մտադիր էր իր վերջնական խոսքն ասել որդուն:

Ի՞ նչ գործ ուներ այստեղ գիժը, — գոչեց դառնալով Մուրադին:

Հորեղբայրս է, հյուր էր եկել:

Ի՞ նչ էր խոսում այնքան երկար:

Օրհնում էր մեզ:

Հացթուխն էր ուղարկել նրան: Ցույց տուր, տեսնեմ, ի՞ նչ կապոց տվեց կնոջդ:

Սուրբ Նշանի գերեզմանի հողից է:

Սուտ ես ասում, գայլի բերան է կամ սև կատվի ոտի պճեղ կամ ագռավի աչք, ջադու է:

Որպեսզի պառավը երկար չվիճի, Մուրադը վերցրեց Սոնայից խենթի բերած կապոցը, բաց արեց և ցույց տվեց մորը սև հողը: Պառավը խլեց նրանից կապոցը և դրեց իր ծոցը:

Եթե սրբերն ուզենային դիվահար կնոջդ օգնելասաց նա, — մինչև հիմա օգնած կլինեին: Հերի ք է, էլ ես չեմ թողնիլ, որ դու սատանաների ճանկերում մնաս: Մտիկ, արա հայելուն, ինքդ քեզ չես ճանաչիլ, լղարել ես, դեղնել, աչքերդ փոսերի մեջ են ընկել: Չես ուտում, չես խմում, գիշերները քուն չունիս, դիվահարի պես երկար ման ես գալիս: Սև լիներ այն օրը, որ այդ չարը իմ տունը ոտ դրեց, սևացրեց մեր օրը: Թոռներս հիվանդացել են, մեծ որդիս ախ ու վախով է օրերն անցկացնում, մեծ հարսս վախից գիշերները տասն անգամ տեղից վեր է թռչում: Իմ գլխին խելք չի մնացել, քունն աչքերիցս փախել է: Երեք օր է, խելք խելքի տված, մտածում ենք, ուրիշ ճար չենք գտնում:

Դու պետք է այդ դիվահարից ձեռ քաշես: Դո՛ւրս հանիր իմ տնից չարին, թող գնա ծնողների մոտ:

Հենց ա՞յդ էիր ուզում ասել, — հարցրեց Մուրադը, — ուրիշ ասելիք չանի՞ս:

Ես ունիմ, մեջ մտավ Կարապետը: — Տասն օր է տնից չես դուրս գալիս, գործերդ մնացել են անտեր, ես մենակ ոչինչ չեմ կարողանում անել: Թե չես ուզում, որ կոտր ընկնենք, խայտառակվենք, խելքդ գլխիդ հավաքիր, դուրս եկ տնից: Կարճ-կտրական եմ ասում. եթե այս անգամ էլ խոսքս չես լսիլ, եղբայրդ չեմ, կթքեմ, կհեռանամ: Ես կնիկ ունիմ, երեխաներ ունիմ, եթե քեզ համար չմտածեմ, նրանց համար պարտավոր եմ մտածել:

Մինչ Կարապետը խոսում էր, նրա կինը, — Գյուլնազն աչքերը հառել էր Սոնայի վրա և չարախնդությամբ ժպտում էր: Նրա դեմքն այնքան ատելի թվաց Մուրադին, որ սա չկարողացավ իրան զսպել և գոչեց.

Երևի կնիկդ է սովորեցրել քեզ կարճ-կտրական խոսել: Որ այդպես է, ես էլ իմ վերջին խոսքն կասեմ, ինչ ուզում ես, կարող ես անել, ես իմ կնոջից բաժանվողը չեմ, թեկուզ կոտր ընկնենք ու խայտառակվենք քաղաքում:

Դա վերջին խո՞սքդ է, — հարցրեց Կարապետը:

Վերջին խոսքս է:

Լավ: Մենք էլ մեր ասածը կանենք:

Ասաց Կարապետն և երեսը խստորեն ետ դարձնելով հեռացավ: Երեք օր անցած՝ իր մոր միջոցով կրկնեց նույն սպառնալիքը և Մուրադից ստացավ միևնույն պատասխանը: Մնում էր, որ նա իր խոսքը կատարի, բայց այդ էլ շատ դյուրին չէր: Նախ, պառավ Զառնիշանը ավելի կհամաձայնվեր ինքն երկու կտոր լինել, քան թե տեսնել իր երկու որդիներին միմյանցից բաժանված: Երկրորդ, Կարապետը բացի այն, որ առանց Մուրադի անթև էր զգում իրան, սիրում էր և խղճում էր նրան: Նա տեսնում էր, որ օր-օրի վրա Մուրադն ընկճվում է վշտի ծանրության ներքո և անկեղծ սրտով ուզում էր նրան փրկել: Նա համոզված էր, որ եթե այդպես շարունակվիՄուրադը կխելագարվի: Գիժ-Դանելի օրինակը նրա աչքերից չէր հեռանում: Նա միշտ փիլսոփայորեն կրկնում էր.

Վա՛յ այն մարդուն, որ իր ցավերը ներսումն է պահում...

X

Դժբախտ օրից հետո հացթուխը մի երկու անգամ փորձեց իր աղջկանը տեսնել, խնամիները դռներից ետ դարձրին նրան: Այնուհետև նա այլևս չէր գնում աղջկա մոտ: Իսկ պայտագործը վաղուց արդեն դադարել էր այցելել Սոնային: Եվ կարիք էլ չէր զգում, քանի որ ամեն օր շուկայում տեսնվում էր իր փեսայի հետ: Մուրադը քաղաքավարի կերպով իր աներոջ ափի մեջ գրեթե ամեն անգամ սեղմում էր մի թղթադրամ, իսկ պայտագործը կրկնում էր.

Մինչև եղբորիցդ չբաժանվես, երեսս տանդ չես տեսնիլ:

Այժմ, երբ Մուրադը շուկայում չէր երևում, Ասկանի տրամադրությունը շատ վատ էր:

Այնքան աղջկաս չեմ ուզում տեսնել, ինչքան փեսայիս, — ասում էր նա վրդովված:

Եթե համոզված լիներ, որ Մուրադը չի վռնդիլ, անհապաղ կվազեր նրա մոտ սովորական տուրքը ստանալու հույսով: Բայց չկար մեկը, որ նրան ասեր, թե կարելի է Մուրադի հետ տեսնվել: Նա փորձեց դիմել գիժ-Դանելի միջնորդությանը, բայց խենթը բարկացավ և երեսը դարձրեց նրանից:

Ամեն օր Դանելը շտապով գալիս էր հացթուխի մոտ, շշնջում էր նրա հետ և շտապով հեսանում: Կարծես, նա այժմ չարաչար զբաղված էր մի շատ կարևոր և անհետաձգելի գործով: Նա գնում էր Սոնայի մոտ ժամանակ-անժամանակ: Շատ անգամ նորահարսի հետ չէր տեսնվում ոչ էլ Մուրադի հետ էր խոսում: Մտնում էր բակը, անցնում էր այս ու այն կողմ, նայում էր այս ու այն անկյունը և իսկույն անհետանում, որպեսզի նորից երևա անսպասելի կերպով: Երբեմն մոտենում էր այս կամ այն լուսամուտին, նայում էր ներս, խույս տալով տնեցիների հայացքից, և գավազանը սպառնական ձևով օդի մեջ պտտեցնելով, հեռանում էր: Պատահում էր, որ պառավ Զառնիշանը կամ Գյուլնազը նկատում էին պատշգամբի վրա, բակում կամ փողոցի դռների առջև մի կապույտ շապիկ, որ մի վայրկյան փայլում էր և իսկույն չքանում: Նրա հոգին տիրում էր ամբողջ տան վրա: Բոլորն և ամեն րոպե զգում էին նրա ներկայությունը, միևնույն է, այնտեղ էր նա, թե ոչ: Ամենից ավելի զգում էր Սոնան: Նրան թվում էր, որ իր գլխին հավաքվում են սև ամպեր, և խենթի ոգին ճգնում էր մի սոսկալի որոտման առաջն առնել:

Следующая страница