Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Մարդկային հետքի և ոչ մի նշույլ: Ո՛չ մի գյուղ, ո՛չ մի ավերակ ավեր երկրում, ո՛չ մի ծառ կամ մացառ: Միայն հեռու նշմարվում էին անմատչելի ժայռերի պղնձագույն լանջերը, որոնց ուղղահայաց թեքվածքի վրա ձյունը ապաստան չէր կարողացել գտնել:

Դուրս եկանք մի բարձրավանդակ, ուր ձյունը թեև նոսր էր, բայց սառած, քարացած:

Այժմ ճանաչեցի այս անիծյալ տեղերը, — ասաց մեզ առաջնորդող երկու օֆիցերներից մեկը: — Ձյունը ամեն ինչ ծածկել է: Ահա այն ձորում մենք ընդհարվեցինք թուրքերի և քուրդերի հետ:

Մե՞ծ կռիվ էր:

Ոչինչ, միջակ, — պատասխանեց օֆիցերը ռուսին հատուկ անփութությամբ, — բայց բավական զբաղեցրեց մեղ: Գիտե՞ք, հարկավոր է շտապել, ապա թե ոչ` օրն արդեն անցել է, — ավելացրեց նա և ձին մտրակեց:

Ես հետևեցի նրան որքան թույլ էին տալիս ձիուս ուժը և ոտիս ցավը:

Նորից իջանք մի ձոր, նորից բարձրացանք:

Երկինքը պարզվեց, և մեր առջև բացվեց Արարատը, այս անգամ մի ուրիշ կողմից: Իրիկնադեմի արեգակի ճառագայթները նրա հսկա կրծքի վրա ձգել էին գույների մի քմահաճ հյուսվածք: Քանի ճառագայթները մարում էին, այնքան հյուսվածքը նրբանում էր: Շուտով նա չքացավ, և մնաց մի թեթև ոսկեգույն պսակ Արարատի գագաթին: Չքացավ այն էլ, և մնաց բիբլիական հսկայի կաթնագույն սիլուետը դժգույն հորիզոնի վրա:

Չհավատաք, եթե բանաստեղծները ձեզ ասեն, թե գեզեցկությունը կարող է մոռանալ տալ ամեն բան: Համենայն դեպս նա անզոր է քաղցի և մանավանդ մարմնավոր ցավի դեմ: Այն պահին, երբ երկինք ու երկիր պարզել էին մեկն իրենց բյուրավոր հրաշալիքներից, ես ուժասպառ ձիուս վրա գալարվում էի ոտիս սոսկալի ցավից և անիծում բնությունը, որ ոչնչով մեղսակից չէր մի եպիսկոպոսի անզգայությանը:

Մտանք պղնձագույն ժայռերի ցանցերի մեջ, և ևս հիշեցի մանկության օրերի Պղնձե Քաղաքը: Երկար ժամանակ պտտում էինք ոլորապտույտ անցքերի մեջ: Երբ վերջապես դուրս եկանք ցանցի միջից, իջանք մի նոր ձոր, և այդտեղից սկսվեց Մոսունի զառիվարը: Մեր հոգնած ձիերը գերբնական ճիգեր էին անում հաղթելու գրեթե ուղղահայաց թեքվածքը լեռան, որի մի կողմը խորը ձոր էր: Թվում էր, որ բավական էր նրանց կողմից մի անզգույշ քայլ, և մենք կգտնենք մեր հավիտենական օթևանը խավար անդունդների մեջ:

Մութն արդեն սկսվել էր, երբ բարձրացանք զառիվարի գլուխը: Այժմ պիտի իջնենք: Իմ ողորմելի ձին, հազիվհազ քայլում էր, ով գիտե, ինչպես անիծելով ինձ, որ մեղավոր չէի բնավ:

Ես այլևս գրեթե ոչինչ չէի տեսնում, բացի մեր քարավանի սև գծից, որ քարշ էր ընկել ուղղահայաց կաթնագույն զառիվերի վրա, ինչպես պարանը պատի վրա: Նկատեցի, որ իմ առջև գնացողները ձիերից իջան: Կնշանակե, վտանգավոր է ձիով գնալը:

Խորհուրդ եմ տալիս չիջնել, ես էլ չեմ իջնելու, — ասաց իմ առջև գնացող օֆիցերը:

Բայց շատ չանցած նա ավելացրեց.

Անհնարին է, ձիերը չեն կարող մեզ պահել, պետք է իջնել:

Հարկավոր էր բավական ժամանակ սպասել անշարժ, որպեսզի ոտիս ջիլերը ուղղվեն, և ես կարողանամ ձիուց իջնել: Բայց հենց որ իջա, թաղիքյա կոշիկներիս սրոցի պես հղկված ներբանները սլկվեցին, և ես, ձիու սանձը բաց թողնելով, ընկա մեջքիս վրա: Ձյունը ծածկված էր սառույցի թաղանթով, ուստի սահեցի բնական սահնակի վրա և թվաց ինձ, որ պիտի սահեմ մինչև ձորի խորքը: Բայց հանդիպեցի քարերի, որոնք պահեցին ինձ: Կանգնեցի ոտքի, նորից ընկա: Դժբախտաբար, Դիադինում ձեռափայտս փոխարինել էի մտրակով, որի կարճ կոթը չէր կարող ծառայել ինձ իբրև հենարան: Նորից ընկա, նորից պահեցի, այս անգամ փորիս վրա, դարձյալ քարերը բռնեցին ինձ: Եվ այսպես գուցե երեսուն անգամ: Երևակայում եմ ինչ կոմիկական պատկեր կներկայացնեի, եթե մեկն այդ ժամանակ դուրս բերած լիներ իմ լուսանկարը և ցույց տար սինեմատոգրաֆում:

Նայում էի առջևս ձգված պարանին և անհամբեր հետևում, երբ պիտի նա փոխե իր ուղղահայաց դիրքը: Բայց այդ գիծը շարունակ թեքված էր գլխիվար:

Ահ, վերջապես, նա ուղղվեց: Կնշանակե մենք արդեն ձորումն ենք:

Մթության մեջ չգիտեի ինչ դրության մեջ են իմ ընկերները: Բայց զգում էի, որ նրանք էլ ինձ նման անիծում են այդ օրվա դոնքիշոտյան ճամփորդությունը, որ որքան երեխայական ու ծաղրելի էր, նույնքան և վտանգավոր:

Այժմ կարելի էր ձի նստել, դժբախտաբար նստեցի: Երկիրը սառած էր ու քարքարոտ: Ուժասպառ կենդանին, հազիվ մի հիսուն քայլ արած, ընկավ գլխի վրա և ինձ էլ գցեց: Աջ ոտս, որ առանց այդ էլ երջանիկ վիճակում չէր, մնաց ձիու տակ: Բարեբախտաբար անբան կենդանին շուտով ոտքի կանգնեց, այսպիսով ցույց տալով ավելի ջենտլմենություն, քան բանավոր կենդանիները:

Երբ Մոսուն հասանք, տեր-Նիկոլն ասաց.

Լավ էր, ձիս ընկավ և մեջքը կոտրեց:

Եպիսկոպոսը ծիծաղեց: Նա սիրում էր ծիծաղել:

Նույն գիշեր տեր-Նիկոլի ձին սատկեց

XXI

Մոսուն զուտ հայաբնակ գյուղ է, նրա ճակատագիրը նույնն էր, ինչ-որ մյուս բոլոր հայ գյուղերինը: Կողոպուտ, սպանություններ, բռնաբարումներ, իսկ այժմ միմիայն կողոպուտ, այս անգամ, հարկավ, ոչ քուրդերի կողմից

Ուշ գիշեր է, անքուն եմ: Դարձյալ շների հարատև, միապաղաղ ոռնոցը սկսվեց: Ասում են ամբողջ երկրում զգայուն չորքոտանիների այդ չարագուշակ ողբը սկսվել է պատերազմից մի քանի օր առաջ և մինչև այժմ շարունակվում է ամեն գիշեր:

Մի միտք համառությամբ ինձ հալածում է: Լավ, մենք ունեինք մի որոշ հանձնարարություն, որի համար սկսեցինք այս ճամփորդությունը: Մենք պարտավոր էինք մտածել նախ և առաջ նրա մասին: Ինչո՞ւ եկանք այս կողմերը, ուր չկան հայ զինվորներ: Ի՞նչ հաշիվ պիտի ներկայացնենք այն մարդկանց, որոնք մեզ ուղարկել են որոշ հույսերով:

Երեք շաբաթ է թափառում ենք: Ինչ ենք արել, բացի ամեն օր առավոտյան ձի նստելուց և երեկոյան իջնելուց: Ամենուրեք լսել ենք նույն աղիողորմ գանգատները, տեսել ենք նույն դառն արցունքները: Կարողացե՞լ ենք արդյոք մի կաթիլ արցունք սրբել: Ոչ: Խոսել ենք, միմիայն խոսել և... քաջալերել շաբլոն խոսքերով:

Այդքան, իհարկե, կարող էինք անել, բայց ի՞նչ իրավունքով մենք հույսեր ներշնչեցինք ապաբախտ ժողովրդին: Հույսեր, որոնց իրագործման մեջ մենք ինքներս դեռ համոզված չենք: Մի՞թե մենք մեզ վրա չենք վերցրել մի մեծ բարոյական պատասխանատվություն: Այդ թշվառ ժողովրդի կյանքը քարշ է ընկած մի բարակ թելի վրա: Մի թեթև շարժում ռուս բանակի հետ կամ առաջ, և նա պիտի նորից դառնա քավություն նոխազ: Ի՞նչ պիտի մտածե նա մեր գրեթե թեթևամիտ խոստումների մասին այն պահին, երբ քուրդի սուրը պիտի ցցվի նրա սրտին:

Ոչ, չպիտի խոսեինք, չպիտի քարոզեինք, չպիտի մանավանդ հանդգնեինք մեր անզոր ձեռքով ապագայի վարագույրը շոշափել: Մենք միայն ունեինք իրավունք ասելու, միայն մի բան, ուրիշ ոչինչ:

Հայ ժողովուրդ, ես խոնարհվում եմ քո տանջանքների առջև: Դու կրել ես քո ծանր խաչը, շարունակիր կրել նույն անսպառ համբերությամբ: Իսկ ապագա՞ննա թանձր խավարի մեջ է, և մեր աչքերն այնքան սուր չեն, որ տեսնեն նրան... Ո՞վ գիտե, գուցե շների այդ սոսկալի ոռնոցն ավելի է գուշակում, քան մենք...

Մոսունից դուրս եկանք հետևյալ օրն առավոտյան կանուխ և նույն օրն իրիկնադեմին հասանք Իգդիր: Ճանապարհը գրեթե նույնն էր, ինչոր Դիադինից մինչև Մոսուն, բայց ոչ առանց երեկվա նեղությունների, քանի որ գնում էինք լուսով:

Իգդիրի հայերի շատ խորը թաղված, շատ փոքրիկ և շատ խելոք աչքերը, պղնձագույն (եթե չասեմ սև) դեմքերի վրա, մեզ դիմավորեցին նույն տարակուսանքով, որով ճանապարհ էին դրել:

«Այդ մարդիկ ո՞ւր գնացին, ինչո՞ւ վերադարձան…»: Տեր-Նիկոլն ասաց. — Ես գնում եմ Թիֆլիս: Եվ գնաց:

Անցանք Էջմիածին, երկու օր հանգստացանք: Նորից վայելեցի իմ բարեկամ Բաբկենի հյուրասիրությունը:

Գնացինք Երևան, նորընտիր քաղաքագլխին ողջ և առողջ երկու օրով հանձնելով երևանցիներին, ուղևորվեցինք Ալեքսանդրապոլ:

Վերադարձանք Ալեքսանդրապոլ: Մնում էր ամենագլխավորը: Դրա մասին նոր պիտի մտածեինք: Սակայն չար լուրերն արդեն կորցրել էին իրենց սրությունը: Բանսարկությունները անզոր էին եղել հայ զինվորի հավատարմության և քաջության հռչակը նսեմացնելու, և շատ բանսարկուներ իրենք էին խոստովանել իրենց սխալը: Այլևս ավելորդ էր մեր միսիան:

Այնուամենայնիվ, իմ ընկերները կամեցան գնալ Սարիղամիշ և այնտեղից դեպի աջակողմյան բանակի առաջին դիրքերը: Ես համաձայնեցի գնալ: Ինչո՞ւ չօգտվել դեպքից և չգնալ այն տեղերը, ուր շատ քչերին է թույլ տրվում գնալու:

Անձամբ ես ունեի և մի ուրիշ նպատակտեսնել որդուս, որ հրամանատար Բ. — ի շտարումն էր: Ուղևորվեցինք Ղարս:

Ի՞նչպես, — ասացին մեզ այդտեղ, — դուք գնում եք դիրքերը դատարկ ձեռքո՞վ: Այդ անկարելի է, մենք թույլ չենք տա:

Բանն այն է, որ ինչ որ Թիֆլիսում մեզ տվել էին, արդեն բաժանել էինք կամավորներին և ռուս զինվորներին: Այժմ ոչինչ չունեինք:

Անմիջապես տեղական բյուրոն գնեց կես միլիոն ծխախոտ, 100 փութ շաքար, 34 փութ թեյ և այլն, մասամբ յուր և մասամբ Թիֆլիսի բյուրոյի հաշվին:

Հանդիպեցինք Ռումինիայից եկած կամավորներին, որոնց թիվը երեք թե չորս հարյուր էր: Ինչ-որ պատճառներով նրանց մեջ երկպառակություն էր ծագել և խումբը բաժանվել էր երկու կուսակցությունների: Հայ ազգի օֆիցեր Ջ. — ցը աշխատում էր նրանց հաշտեցնել և պատրաստ էր խմբի ղեկավարությունն իր վրա ընդունելու: Կարծեմ այդպես էլ եղավ:

Դեկտեմբերի տասնմեկն էր, երբ մենք հասանք Սարիղամիշ: Ճիշտ նախընթաց օրն այն նշանավոր կռվի, որ տևեց մոտ երկու շաբաթ և որ այնքան ճակատագրական եղավ Էնվեր փաշայի հանդուգն ավանտյուրայի համար:

Երեք հոգի, որոնց թվում և՛ ես, օթևան գտանք տեղական վաճառական Մատթևոս Տեր-Ստեփանյանցի մաքուր բնակարանում: Մնացյալ մեր ընկերները հյուրընկալվեցին մի ուրիշ վաճառականի մոտ: Այդ օրը Սարիղամիշը միանգամայն հանգիստ էր: Պարզ էր, որ ոչ ոք չէր սպասում, որ շուտով խեղճ ավանը դառնալու է կատաղի կռիվներից մեկի ասպարեզը: Շուկան ու փողոցները լիքն էին զինվորներով, որոնք անզեն, անգործ պտտում էին դեսուդեն, զրուցելով խաղաղ տեղացիների հետ:

Եկավ տեղական հայ քահանան և նկարագրեց գաղթականների դրությունը: Շարժումը սկսվել էր ռուս զորքերի Քեփրի-Քյոլից նահանջելու միջոցին, կեսգիշերին: Կազակներն ահագին օգնություն էին ցույց տվել կանանց և մանավանդ երեխաներին, տալով նրանց իրենց ձիերը, տաք վերնազգեստները և շատերին կերակրելով: Մի շարք կազակներ երեք, չորս օր պահել ու կերակրել էին երեխաներին մինչև նրանց ծնողների գտնվելը:

Գաղթականների ընդհանուր թիվն էր այդ ժամանակ ոչ ավելի քան 8000 հոգի: Սարիղամիշն էր գլխավոր կենտրոնը և այդտեղից էին նրանց ցրում շրջակա գյուղերը:

Այցելեցինք թշվառներին և վկա եղանք տեղական նպաստամատույց հանձնաժողովի եռանդուն գործունեությանը:

Քահանան գանգատվեց գաղթականների ծուլության վրա: Զինվորական իշխանությունն առողջ տղամարդկանցից առաջարկում է ոչ զինվորական գործ` օրական 1ռ 40 կ. վարձով, հրաժարվում են աշխատելու, գերադասելով մուրացկանությունը:

Տեղեկացանք, որ Սարիղամիշումն է գտնվում գլխավոր հրամանատարի օգնական գեներալ Մ. — կին: Բարվոք համարեցինք դիրքերն ուղևորվելուց առաջ ներկայանալ նրան: Մեր ընկերներից մեկը գնաց և լուր բերեց, թե գեներալը չափազանց զբաղված է և վաղն ինքր կհայտնի, թե որ ժամին կարող է մեզ ընդունել:

Պարզ էր, որ գեներալի Սարիղամիշ գալը և երկաթուղու գնացքում մնալն ունի լուրջ պատճառներ, հետևաբար, մեր այցելությունն էլ շատ հարմար չէ

XXII

Չեմ հիշում առավոտյան որ ժամն էր, համենայն դեպս դրսում տակավին մութն էր, երբ սենյակիս դռները դղրդալով բացվեցին, և ես լսեցի.

Վերկացեք, թուրքերը գալիս են: Խաչատրյանցն ու Խունունցն էին, որ գիշերել էին այն մյուս վաճառականի տանը:

Ինձ թվաց, որ նրանք կատակ են անում: Սակայն, երբ լամպը վառելով տեսա Խունունցի փափախի առանձին դիրքը, իսկույն հասկացա, որ իրերի վիճակն այս անգամ բացառիկ է:

Դուք ո՞րտեղից իմացաք թուրքերի գալը, — հարցրի ես:

Այն բնակարանում, ուր մենք գիշերեցինք, կենում է մի գնդապետ, — պատասխանեց Խաչատրյանցը: — Սրանից կես ժամ առաջ սուրհանդակ եկավ և լուր հաղորդեց նրան:

Խոլնունցը քաջ գիտենալով, որ նման դեպքերում անվեհեր մարդիկ չպիտի կորցնեն իրենց սառնասրտությունը, ձեռքերը խոթեց վարտիքի գրպանները, փորը դուրս ցցեց և արտասանեց.

Մեր ճամփորդությունը դառնում է հետաքրքրանան:

Մյուս սենյակից լսվեց Հովհաննես Թումանյանիմ ձայնը.

Ափսոս իմ մաուզեր, որ Գարոն խլեց...

Ինչ վերաբերում է Խորեն եպիսկոպոսին, նա երեսը շուռ տվեց պատին, ասելով.

Գալիս են թուրքերը, թող գան:

Այսպես թե այնպես, ամենքն էլ քաջ էին, բացի ինձնից: Ես ուղղակի վախենում էի թուրքերից:

Հարցնում եմ` հրացան ունե՞ս:

Ունեմ:

Բեր այստեղ:

Մատթևոս Տեր-Ստեփանյանցը, սրի ծանրությունը համենայն դեպս ութ փթից պակաս չէր լինի, գնաց և բերեց մի ժանգոտած բերդան: Հովհաննես Թումանյանը հմուտ զինագետի խորհրդավոր դեմքով զննեց հրացանը, մի քանի անգամ կոթը հեսեց ուսին, դեսուդեն նշան գրեց և վերջն ասաց.

Անպետք բան է: Ախ իմ մաուզեր

Ներս մտավ օֆիցեր Ջ. — ցը, որ մեզ հետ Սարիղամիշ էր եկել, և ասաց.

Բաբդուսը թուրքերը գրավել են երեկ ցերեկվա ժամը երեքին: Այստեղից մինչև Բարդուս ընդամենը 25 վերստ է: Իմ հաշվով թուրքերն այստեղ կլինեն մի քանի ժամից հետո, եթե, իհարկե, խոշոր դիմադրության չհանդիպեն: Այսպես թե այնպես, ձեր այստեղ մնալը ավելորդ է:

Իսկ ես կմնամ, — արտասանեց եպիսկոպոսը, որ տակավին պառկած էր:

Սրբազա՛ն:

Կմնամ:

Մինչև մենք վիճում էինք, ներս մտավ մի կամավոր մի հաստ մարդու հետ, որ հագած էր կարճ պիջակ և չափազանց լայն վարտիք:

Թուրքերը ութ վերստի վրա են, — ասաց կամավորը:

Ի՞նչ գիտեք:

Բարդուսիցն եմ գալիս: Քեռիի խմբիցն եմ:

Կռվեցի՞ք:

Այո:

Ո՞րտեղ է այժմ խումբը:

Ջարդվեց: Մի մասը կտրվեց մեզանից ու մնաց ձորում, մյուս մասը փախավ այստեղ 23 հոգով, Ք.-ին 159 մարդով բարձրացավ լեռները:

Շա՞տ մարդ սպանվեց խմբից:

Բավական:

Էդ անիծվածները գալիս են Չաթախի վրա, — մեջ մտավ կարճ պիջակով և չափազանց լայն վարտիքով հաստափորը: — Գալիս են, որ երկաթուղին քանդեն:

Չաթախը Սարիղամիշից առաջին կայարանն է դեպի Ղարս:

Արդարև, հետևյալ օրը թուրքերը ավերեցին այն:

Որոշեցինք գնալ կայարան: Այնտեղ միայն կարելի էր նորություններ իմանալ:

Մեր տրամադրության տակ կար միայն մի կառք, այնինչ մենք յոթ հոգի էինք, իսկ կայարանը չորս վերստի վրա էր:

Երբ անցնում էինք շուկայով, չնկատեցի ոչ մի իրարանցում: Ավանը հանգիստ էր: Պարզ էր, որ ազգաբնակությունը դեռ ոչինչ չգիտե:

Կայարանը լիքն էր ամեն աստիճանի օֆիցերներով ու բժիշկներով: Բայց այդտեղ էլ ամեն ինչ հանգիստ էր: Մարդիկ բուֆետի երկար սեղանի քով նստած, խմում էին առավոտյան թեյը, ուրախ ու զվարթ զրուցելով գթության քույրերի հետ, որոնցից չորսին վիճակված էր շուտով գերի ընկնել թուրքերի ձեռքը երկրորդ սանիտարական գնացքի հետ:

Օրը պարզ էր, արեգակնային, սառնամանիքը դուրեկան: Ավանը շրջապատող ձյունապատ բլուրների վրա եղևնիի մուգ կանաչագույն անտառներր սփռվել էին ինչպես կախարդական գորգեր: Հատ-հատ ծառերը թվում էին վիթխարի պահապաններ, որ հսկում էին ավանի ապահովությանը: Նորեկ ձյունի մակերևույթը պայծառ արեգակի տակ փայլում էր միլիարդավոր ադամանդներով:

Ո՞վ կարող էր ասել, որ բնության այդ անապական զգեստը շուտով պիտի ներկվի մարդկային արյունով և այդ սքանչելի անտառները պիտի թնդան գնդացիրների որոտից: Ո՞վ կարող է գուշակել, որ այդ հարուստ ավանը մի քանի օրում պիտի դառնա քսան հազար մարդկային էակների գերեզման...

Պատահեցինք Պետական Դումայի անդամ Միքայել Պապաջանյանցին մի խումբ բաքվեցիների հետ: Նրանք գալիս էին Միջինկերտից, ուր գտնվում էր այդ ժամանակվա հրամանատար գեներալ Բ. — նի շտաբը: Նրանք ոչինչ չէին լսել թուրքերի արշավանքի մասին:

Երկաթուղու գծի վրա կանգնած էր միայն մի մարդատար գնացք: Այնտեղ էր գլխավոր հրամանատարի այն ժամանակվա օգնական գեներալ Մ. — կին: Օֆիցերները հերթով մտնում էին նրա վագոնը և դուրս գալիս մտազբաղ դեմքով: Դա միակ նշանն էր, թե սպասվում է ինչ-որ արտակարգ բան: Մնացյալը սովորական էր: Աջ ու ձախ լսվում էր խոսակցություն առօրյա դեպքերի մասին: Մի խումբ երիտասարդ օֆիցերներ շրջապատել էին մի քանի էլեգանտ տիկինների, որ չգիտեմ ինչպես էր, որ գտնվում էին այդտեղ: Շատերը օֆիցերներից անբեղ, անմորուս պատանիներ էին:

Կայարանից մի փոքր հեռու մի օֆիցեր զինվորներին փամփուշտ էր բաժանում: Դա այն դրուժինան էր, որ անպատմելի հերոսություն ցույց տվեց Սարիղամիշի առաջին պաշտպանության ժամանակ:

Դիմացի լեռան ստորոտում երևաց մի երկայն և սև գիծ, որ վիթխարի վիշապի պես գալարվում էր դեպի ձախ:

Թուրքե՛րը, — գոչեց, չգիտեմ ով, երևի կատակով:

Ոչ, մերոնք են:

Դա մի բատալիոն էր, որ գնում էր դեպի Վերին Սարիղղամիշ: Շուտով վիշապը թաքնվեց ձախակողմյան կիրճում: Դրսում մնաց նրա լայն պոչը: Դրանց բատալիոնի մթերակիր սայլերն էին, որ մինչև երեկո մնացին միևնույն տեղում:

Ժամի չորսն էր, երբ մերձավոր լեռների հետևից լսվեց առաջին համազարկը:

Կայարանի հասարակությունը դուրս թափվեց և բոլորի հայացքները դարձան Վերին Սարիղամիշի կողմը, որ գտնվում է երեք վերստի վրա, բլուրների մեջ:

Պլատֆորմի վրա երևաց գեներալ Մ. — կին` ձեռին մի ահագին հեռադիտակ, շրջապատված գլխավոր շտաբի օֆիցերներով:

Հրացանաձգությունը քանի գնում սաստկանում էր: Պարզ էր, որ կռիվը հետզհետե մոտենում էր Սարիղամիշին:

Պլատֆորմով անցկացրին մի խումբ թուրք գերիներ, որոնց բերում էին Միջինկերտից: Ասացին, որ գերիներից յոթը հայեր են: Զինվորները նրանց քշեցին և թափեցին ապրանքատար վագոնների մեջ:

Տեսնո՞ւմ եք վիրավորյալներին, — դարձավ ինձ մի սրատես:

Ո՞ւր են:

Այ, դիմացի լեռան վրա: Նրանց իջեցնում են թևերից բռնած:

Ամբոխի միջից լսվեց կանացի հեկեկանք: Նայեցի էլեգանտ տիկիններից մեկն էր, մայրը թե քույրը մի անբեղ, անմորուս օֆիցերի, որ կանգնած էր նրա առջև գունատ, ինչպես կտավ:

Հանգստացիր, — քաջալերում էր պատանին ավելի իրեն, քան տիկնոջը բռնազբոսիկ ժպտալով, — մենք առայժմ պահեստումն ենք: Դե լավ, բավական է: Դեռ, փառք աստծու, կենդանի եմ: Դատարկ բան է, ավազակների խումբ է, իսկույն կցրենք դեսուդեն:

Տիկինը շարունակ հեկեկում էր: Պատանի օֆիցերը, արագ գրկելով նրան` համբուրեց և չքացավ ամբոխի մեջ:

Օրը մթնում էր: Միակ մարդատար գնացքն արդեն պատրաստվում էր ուղևորվելու: Ով գիտե, գուցե վերջինն է, մտածեցինք մենք և սկսեցինք հոգալ տեղերի մասին: Գեներալ Մ. — կին բարին եղավ մեզ և բաքվեցիներին հատկացնել առանձին վագոն:

Այնինչ խուճապն արդեն կատարում էր իր գործը: Ամբողջ Սարիղամիշը դիմում էր դեպի կայարան: Պլատֆորմն արդեն լիքն էր կանանցով ու երեխաներով:

Պապա, — լսեցի հանկարծ ամբոխի միջից:

Որդիս էր, որ ամբոխը ճեղքելով մոտենում էր ինձ: Լսելով իմ Սարիղամիշում գտնվելու մասին, նա շտապել էր Միջինկերտից գալ ինձ հետ տեսնվելու համար:

Հանդիպումն ինձ այնքան չուրախացրեց, որքան տրտմեցրեց: Նախազգում էի, որ շուտով թուրքերը պիտի Սարիղամիշը կտրեն Միջինկերտից, այսինքն գեներալ Բ. — ի զորաբանակից, որ այդ ժամանակ գտնվում էր Միջինկերտից էլ 25 վերստ հեռու, թուրքական հողի վրա:

Դու պիտի վերադառնա՞ս, — հարցրի ես սրտատրոփ:

Պարտավոր եմ:

Իսկո՞ւյն:

Ոչ, վաղն առավոտյան կանուխ:

Բայց լսո՞ւմ ես հրացանների որոտը:

Օթոմոբիլը մի ժամում ինձ Միջինկերտ կհասցնե, և ես կլինեմ շտաբում:

Եթե միայն թուրքերը ճանապարհ տան:

Մենք բաժանվեցինք: Երբ նա անհայտացավ իրիկնային մթության մեջ, արցունքը խեղդեց կոկորդս, և ես չկարողացա ինձ զսպել: Անողոք է պատերազմը...

Իմ չար նախազգացումն արդարացավ, մեր դուրս գալու երեկո թուրքերը Սարիղամիշը կտրեցին Միջինկերտից: Վերադառնալով Թիֆլիս ամբողջ երեք շաբաթ ես լուր չունեի որդուս մասին: Բոլոր իմ հեռագիրները մնացին անպատասխան: Միայն ամբողջ երեք շաբաթ անցած լուր ստացա որդուցս: Հայտնվեց, որ նա տասներկու օր գտնվել է մի կողմից ռուս, մյուս կողմից թուրք ռումբերի ու շրապնելների տարափի տակ մի գեներալի և երկու գնդապետների հետ փակված Սարիղամիշի տնակներից մեկում:

Այսպես, ուրեմն, մենք վերադարձանք Թիֆլիս, հնարավորություն չունենալով կատարել մեր վրա դրված պարտականությունը

ՕՏԱՐ ՎԱՅՐԵՐԵՐՈՒՄ

ԴԵՊԻ Կ. ՊՈԼԻՍ

1919 թ. օգոստոսի վերջին օրն էր, երբ իտալական «Ֆերդինանդ» շոգենավը սկսեց դանդաղորեն հեռանալ Բաթումի նավահանգստից: Մեծ էր նա, գեղեցիկ, մաքուր և մի հինգ հարկանի տան չափ բարձր: Առաջ նա էլ պատկանել էր ավրստրիական Լլոյդին. պատերազմից հետո նրան գրավել էր Իտալիան, որպես հաղթության ավար, ինչպես և բոլոր մյուս նավերը նույն ընկերության: Բայց գրավել էր նավը և ոչ նրա հոգին: Նավապետից սկսած մինչև վերջին նավաստին ատում էին Իտալիան, իրենք լինելով ազգով իտալացիներ:

Իրիկնադեմ էր. մեկն այն վերջնամառային պահերից, երբ բնությունը պճնվում է մի առանձին շքեղությամբ, կարծես մոտալուտ աշնան թախիծը մեղմացնելու համար: Արեգակն իր վերջին ճառագայթները ոսկեզօծ հովհարի ձևով տարածել էր վարդագույն երկնակամարի վրա: Ծովն անդորր էր. նրա հայելու պես հարթ և լեղակի պես կապույտ մակերեսի վրա մակույկները սահում էին լուռ ու արագ, ինչպես երկչոտ մկներ:

Մանկական երազի չափ հաճելի էր Թիֆլիսի խեղդուկ տոթերից ու թունավոր փոշիներից հետո ագահ թոքերով ծծել ծովային մաքուր, անապական օղը: Հաճելի էր մանավանդ դիտել ծովի ու երկնքի վառվռուն գույները, որ, ամեն վայրկյան փոխվում էին, ինչպես թատերական բեմի վրա: Կարծես երկու արևելյան թագուհիներ էին, որ, իրարու հետ մրցնլով, ձգտում էին դիտողին շլացնել իրենց երփներանգ զգեստներով:

Բայց ի՞նչ հաճույք կարող էր փարատել այն դառը մտքերը, որ տանում էի հետս և որ ճնշում էին սիրտս կապարի ծանրությամբ: Ո՞ւր էի գնում: Երկա՞ր պիտի տևեր իմ ճամփորդությունը և ի՞նչպես պիտի տևեր: Տեսնելո՞ւ եմ արդյոք նորեն իմ մերձավորներին ու մտերիմներին: Եվ այն ընտանի վայրերն ու շրջանները, ուր անցել է գրեթե ամբողջ կյանքս:

Չգիտեի: Գիտեի միայն, որ փախչում էի այլևս անտանելի դարձած մթնոլորտից, ուր օր-օրի վրա ավելի ու ավելի էի զգում ուղեղիս տկարացումն ու զգացումներիս բթացումը: Փախչում էի ինքս ինձնից.

Երկու տարի շարունակ ամեն առավոտ նստել էի գրասեղանիս քով, երդվելով անպատճառ սկսել մի որևէ գործ, և ամեն անգամ գրիչն ընկել էր ձեռքիցս և գլուխս անզոր թեքվել կրծքիս: Ի՞նչ գրել և ո՞ւմ համար գրել մի կիստվեր երկրում, որ սպառնում է հիմնովին ավերվել: Գրականությա՞մբ կերակրել մի ժողովուրդ, որի ստամոքսն է սնունդ պահանջում:

Ո՛չ, գրողը դեր չունի այստեղ, գոնե առժամանակ: Նա պետք է լռե, եթե չի կամենում իր կոչմանը դավաճանել, կամ քաղաքականությամբ զբաղվել, եթե կամենում է ատելի դառնալ ինքն իր աչքում:

Սխա՞լ էր այս միտքը: Թող լինի: Բայց նա ծծում էր իմ մեջ եռանդս և հեռացնում ինձ գրասեղանիցս` անզորության մաղձը սրտումս:

Եվ ահա մի առավոտ ես որոշեցի այսպես թե այնպես վերջ տալ այս մղձավանջին: Ճամփորդությունահա ինչը գուցե կարողանա ինձ փրկել: Եվ վճռեցի ճամփորդել: Կերթամ ուրիշ երկրներ, կայցելեմ անծանոթ վայրեր, կդիտեմ, կուսումնասիրեմ: Վերջապես, կա հայ գրողի համար մի պարտականություն, որ չեմ կատարել, կկատարեմ, այն է` կծանոթանամ հայ ժողովրդի այն ցիրուցան բեկորներին, որ ընդհանուր անունով կոչվում է գաղթականություն:

Բյո՛ւր շնորհակալություններ այն հաստատություններին և իմ անձնական բարեկամներին, որանք նյութապես ու բարոյապես աջակցեցին ինձ ձեռնարկելու ներկա ճամփորդությունը:

* * *

Շոգենավը մեղմիկ լողում էր, վրդովելով ծովի հանգիստն իր հսկայական մեքենաների խուլ թնդյուններով:

Առաջին կլասի ճամփորդների թիվը մեծ չէր, — մի քանի հույներ, մի քանի իտալացիներ, մի ֆրանսիացի կոմս` զվիցերական Կարմիր խաչի լիազոր, երեք-չորս անխուսափելի հրեաներ և մի տասնյակ հայեր:

Հայ ուղեկիցներիս մեջ կար մի զույգ, որ մի զարմանայի տաղանդով իսկույն ևեթ շահեց ընդհանուրի համակրանքը: Մարդ էակը խոսում է ոչ միայն լեզվով, այլև քայլվածքով, ձևերով ու շարժումներով: Երկուսն էլ տակավին երիտասարդ, երկուսն էլ կուշտ ու ինքնագոհ դեմքով, թեև ոչ տգեղ, բայց գեր ու ճարպոտ: Նրանք ճեմում էին տախտակամածի վրա փքված հնդկահավերի պես, աջ ու ձախ ձգելով գոռոզ հայացքները: Եվ երբ անզգուշաբար դիպչում էին մեկին, չէին բարեհաճում պարտավորական «պարդոնը» ասելու: Նրանց յուրաքանչյուր շարժումն աղաղակում էր. «Մենք հարուստ ենք, ուրեմն և ձեր ամենքից բարձր և ամենքիդ համար անմատչելի»:

Առավոտյան ութ ժամին շոգենավը մոտեցավ Տրապիզոնին և կանգ առավ ափից բավական հեռու:

Գեղեցիկ չէ այդ քաղաքը, բայց նրա անֆիտեատրի ձևով դիրքը իրարու կռնակին դարսված արկղանման ճերմակ տներն իրանց անթիվ լուսամուտներով` ունին մի ինքնուրույն հրապույր:

Մինչ ես երևակայությամբ թափառում էի հայ արյունով ներկված փողոցներն ու տները ոճիրներով հռչակավոր քաղաքի, քովս լսեցի մի մանկան ճիչ: Նայեցի ետ և տեսա 1011 տարեկան մի աղջիկ, որ դողդոջ ձեռներով կառչել էր մի սևազգեստ կնոջ:

Մի՛ վախենար, Սաթիկ, նրանք չեն համարձակվիլ մեզ մոտենալ, — հանգսաացնում էր կինը, չոքելով իր հագուստի ծալքերի մեջ թաքնված սևահեր գլխիկը:

Հայտնվեց, որ աղջիկը վախեցել է թուրք մրգավաճառներից, որոնք իրանց կեղտոտ նավակներով, գիշակերների պես շրջապաաել էին շոգենավը: Կինը փոքրիկի մայրն էր, Տրապիզոնի Աբաբյան հարուստ գերդաստանից, որ բախտի բերմամբ ազատվել էր թուրքի յաթաղանից: Բայց Սաթիկր տեսել էր շատ արյունոտ տեսարաններ և այժմ սարսափում էր ամեն մի կարմիր ֆեսից:

Աձիծվի՛ք դուք, անիծվի՛քկրկնեց մայրը մի քանի անգամ արտասվալի ձայնով և, բռնելով փոքրիկի թևը, հեռացրեց նրան տախտակամածից:

Սև մտքերը պաշարեցին ինձ: Ոչ այնքան անցյալի, որքան ապագայի վերաբերմամբ. քանի՛-քանի հազարավոր և տասնյակ հազարավոր հայ փոքրիկներ կրում են իրանց մատաղ սրտերում այդ սարսափը կարմիր ֆեսից, ոճիրների այդ սիմվոլից:

* * *

Կարմիր ֆեսերը հեռացան, տանելով իրանց վայրենի գոռում-գոչյունները և փոխադարձ զազրելի հայհոյանքները:

Շոգենավը շարժվեց, և նրա սուր կտուցը սկսեց կտրել ծովի հարթ մակերեսը, աջ ու ձախ շպրտելով ճերմակ կոհակներ:

Ես շարունակ կանգնած էի տախտակամածի վրա և, դիտելով ափերի կանաչազարդ բլուրներ ու ձորերը և կինոմոնագույն լերկ ժայռերը, մտքով թափառում էի դժոխային երկրի խորքերում: Եվ ոչինչ չէի տեսնում այնտեղ, բացի ավերից ու կոտորածից, արյունաներկ դաշտերից, գետերից, փողոցներից ու այրված ամայի տներից:

Երկրորդ կարգի տախտակամածից սանդուղքով բարձրացավ մի պարսկահայ և արտասվալի ձայնով պատմեց իր կողոպտվելը Բաթումի մեջ: Ուղևորվելու նախընթաց օրը պանդոկ են խուժում մի խումբ սրիկաներ ոստիկանների համազգեստով ու սվիններով և խուզարկելու պատրվակով խլում են ամեն ինչ, որ ուներ:

Մոռացե՛ք, բարեկամս, մոռացե՛ք, — մխիթարում էր հային մի հրեա, որ նրա հետ բարձրացել էր նույն սանդուղքով, — այժմ ո՞ր ազնիվ մարդը չի կողոպտվում: Այնպես չէ՞, պարոն, — դարձավ նա ինձ, իր փոքրիկ և աշնանային տերևի գույն ունեցող աչքերի աղյուսագույն կոպերը արագ փակելով ու բանալով, — այժմ կողոպտվելը նույնքան սովորական երևույթ է, որքան շուտ հարստանալը:

Եվ, անմիջապես պատմեց, թե ինչպես ինքը մի քանի ամսում վաստակել է մի միլիոն ոսկի, ավելացնելով, որ եթե այսօր կողոպտվի, վաղը նորեն կվաստակի: Եվ հազալով, ծիծաղեց խռպոտ ձայնով ու փռշտաց:

Սեսիլիա, Սեսիլիա, ես քեզ եմ փնտրում, — ընդհատեց նա հանկարծ իր խոսքը, վազելով մի տիկնոջ մոտ, որ այդ պահին հեռվում զրույց էր անում մի իտալացի սպայի հետ:

Սեսիլիա կոչվածը մի բավական սիրուն էակ էր, սաթի պես աչքերով ու մազերով և սաստիկ վավաշոտ շրթունքներով:

Դեղնագույն աչքերով և կեղտոտ հագնված հրեայի կողակիցն էր: Իսրայելի միլիոնատեր զավակն իր քնքուշ ամուսնուն տեղավորել էր առաջին կլասում, ինքը ճամփորդում էր երրորդով: Ի սեր այն զազրելի ախտի, որ կոչվում է խնայողություն և որ աղքատ հոգիների անողոք բռնակալն է: Բայց հրեան ուներ իր նման մի հայ բարեկամ նույնքան ստրուկ այդ բռնակալին: Այս մեկն իր հետ տանում էր գույնզգույն ու կեղտոտ թաշկինակի մեջ կես միլիոն ֆրանկի թղթադրամ, որ հանձնել էր պահել ու պահպանելու համար առաջին կլասի մի ճամփորդի և ինքը ճամփորդում էր երրորդով:

* * *

Երրորդ առավոտյան ես զարթնեցի սովորականից կանուխ:

Բոսֆորը տակավին հեռու էր, իսկ ես` անհամբեր: Եղանակը մռայլ էր, մաղում էր մանր անձրև: Մոխրագույն երկինքը, որ երեկ այնպես զվարթ ժպտում էր, այժմ նայում էր ծովին սպառնալի: Իսկ ծովն անդորր էր և չէր վախենում:

Խցիկիս հարևանը մի շատախոս իտալացի էր, որովհետև համայն աշխարհում ընդունված է, որ մի ազգի քաղաքական սայլը տիղմի մեջ խրվելիս նրա զավակներն անպատճառ հայհոյեն Անգլիային, հարևանս այդ պարտականությունը կատարում էր ամենայն եռանդով և իր ցեղին հատուկ ավյունով:

Կեսօրին դեմ մոտեցանք Բոսֆորի սկզբին: Շոգենավը կանգ առավ մի փոքրիկ ծովածոցի բերնում: Երրորդ կարգի ճամփորդներին ոչխարների հոտի պես թափելով նավակների վրա, քշեցին, տարան ախտահանության կայարանը: Ժլատ հայը քիչ էր մնում կատաղությունից պայթե, որ ստիպված էր առժամանակ հեռանալ իր մեծարժեք թաշկինակից: Միլիոնատեր հրեան վարից վեր տխուր ժպտում էր իր քնքուշ Սեսիլիային, որ անհոգ սեթևեթում էր երիտասարդ իտալացու հետ, մերթ ընդ մերթ լոռնետի ծայրով քնքշորեն շոշափելով նրա գեղեցիկ քիթը, կարծես, համոզվելու համար, որ նա արվեստական չէ:

Այդ կեղտոտ խուժանի պատճառով երկու ժամ պիտի սպասենք այստեղ, — լսեցի ռուսերեն լեզվով մի բարձր ձայն:

Ետ նայեցի: Ամբարտավան հայ զույգն էր: Նա զուգվել ու զարդարվել էր ամբողջ շուքով Պոլիս մտնելու համար:

Շոգենավը, վերջապես, շարժվեց: Մի քանի րոպե ևս, և ահա մենք տիեզերահռչակ նեղուցի մեջ ենք:

Բարեբախտաբար անձրևը դադարել էր, եղանակը պարզվել: Բամբակի պես ճերմակ ամպերը սահում էին կապույտ երկնքի վրա խուռն երամներով: Կարծես, շտապելով հասնել մի որոշ տեղ, աշխատում էին իրարու առաջել: Դա մի հանդիսավոր թափոր էի, որ ուղեկցում էր մեզ օձապտույտ նեղուցի երկայնությամբ:

Տեսարանն աջ ու ձախ մոգական էր: Սալոնից լսվում էին դաշնամուրի թախծալի հնչյունները: Չգիտեմ` ո՞վ նվագում էր Լիստի մի ռապսոդիան: Եվ այդ անտառազարդ բլուրները, այդ թավշապատ ձորերն ու խորշերը, այդ մեկը մյուսից կոկիկ վիլլաները իրանց գեղեցիկ աշտարակներով ու քմահաճ լուսամուտներով ու ցցուն պատշգամբներով շոյում էին տեսանելիքը, որպես գերերկրային տեսիլք:

Բայց, ավաղ, ես հայ էի: Իսկ ո՞ր հայը արտասվելու չափ չի հուզվում Կ. Պոլսին մոտենալիս: Որի՞ աչքերի առջև չեն պատկերանում իր ցեղի դարավոր տառապանքները մեկը մյուսի հետևից, հաջորդաբար: Սիբարիտ փաշաների այդ ամառային ապարանքները, որ այնպես մրցում են իրարու հետ, քանի՛-քանի ոճիրներ են տեսել: Գոռոզ դեսպանների այդ եվրոպական վիլլանեըր քանի՛-քանի անգամ են եղել մեծամեծ եղեռնների լուռ վկաներ: Իսկ այդ նենգ գեղեցկուհին, որ Բոսֆոր է կոչվում, զուր չէ գալարվում վիշապի պես: Իր վճիտ ջրերի տակ քանի՛-քանի անմեղների դիակներ է պահում:

Следующая страница