Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ես հրավիրված էի մի ընտանիքի երեկույթի: Այնտեղ տեսա կատարյալ բաբելոնյան մի քաոս:

Կան ընտանիքներ, որ հրավիրում են իրենց հարկի տակ առանց խտրության ամենքին, որ կրում է ֆրանսիացի, իտալացի, անգլիացի կամ ամերիկացի անունը:

Հայտնի է, որ այժմ Արևելքում եվրոպական ընտիր տարրերի հետ կան և բազմաթիվ արկածախնդիրներ: Պատերազմն ամենուրեք շատ հասարակական տականքներ է հատակից երես ձգել: Եվ ահա Եվրոպան, մանավանդ Անգլիան, մարդկանց պակասության պատճառով մեծ մասամբ այդ տականքներն է ուղարկում Արևելք: Ի՞նչ փույթ, որ նրանք այնտեղ պիտի բնականաբար գործադրեն իրենց վատթար բնազդները: «Վայրենի» ասիացիների վերաբերմամբ ներելի է ամեն ինչ:

Մի ընտանիքում ես ծանոթացա մի քնքուշ հայուհու հետ: Նրա սիրուն դեմքը սքողված էր թանձր մռայլությամբ:

Նա գիտեր Ալֆրեդ դը Մյուսեի թախծալի ոտանավորներն արտասանել հուզիչ զգացումով: Նա վիշտ ուներ: Մի ինչ-որ իտալական սպա, իբր թե կոմս, խաբելով անմեղ կույսին, գրավել էր նրա ջերմ սերը և հետը ամուսնացել: Հետո կողոպտել էր նրա գոհարեղենը ու փախել:

Ավա՛ղ, ես չնկատեցի, որ այդ տխուր օրինակը խրատական լինել ուրիշների համար:

Հայ մայրերն են, որ վերջին տարիները ամենուրեք, ինչպես և Կովկասում, իրենց աղջիկներին մղում են օտարների գիրկը:

Իմ փեսան անգլիացի է, իմ փեսան ամերիկացի է, իտալացի է, ֆրանսիացի է, — ասում են նրանք մի առանձին հպարտությամբ:

Եվ հայրերը բաժանում են մայրերի հրճվանքը...

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինձ, համար վերին աստիճանի հետաքրքրական էր գիտենալ ինչպես են վերաբերվում իրար հետ հույներն ու հայերը փոխադարձաբար:

Գո՞հ եք հույն կառավարությունից, — հարցնում էի ես բոլոր դասակարգերի հայերին:

Անպայման գոհ ու երջանիկ, — պատասխանում էին ամենքն անխտիր:

Սակայն կային առանձին անհատներ, որ անգիտակցաբար պղտորում էին ջուրը: Բանն այն է, որ հելլեն բարձր կոմիսարությունը գրավել էր մի քանի հայ հարուստների տներ: Այդ մարդիկ, մոռանալով մոտիկ անցյալի թուրքական բռնությունները, չէին կարողանում մի քիչ զսպել իրենց բնազդը և տներում ու շուկաներում պարսավում էին հույներին: Հարկավ բարի մարդիկ չէին զլանում լուրերը տանել ուր հարկն է և այդպիսով գրգռել երկրի տերերին:

Բայց այդ բոլորը մեծ արժեք չունեին: Ինձ հարկավոր էր երկու ամենահին քրիստոնյա ազգերի փոխադարձ զգացումների հիմքը դիտել: Եվ ահա մի օր ես պատեհություն ունեցա այդ դիտելու:

«Զարթոնք» ընկերության թատերասերների խումբը պատրաստվում էր խաղալու «Չար ոգին» պիեսը «ի պատիվ հեղինակի»: Իզմիրում կան ընդամենը երկու թատերական սրահներ, մեկը քաղաքի ասիական մասում, մյուսը` քարափի վրա: Առաջինը մի անմաքուր քարվանսարա է, իսկ երկրորդը կատարյալ թատրոն` իր բոլոր հարմարություններով: Եվ ահա հույները այս թատրոնը հայ թատերասերներին զիջեցին գրեթե ձրի: Ներկայացումից մի օր առաջ Հովնան վարդապետն ինձ նախազգուշացրեց, թե հունական մետրոպոլիտ արքեպիսկոպոս Քրիստոսիմտոսը ցանկություն է հայտնել թատրոն գալու: «Զարթոնք»-ին խնդրեցի սրբազանին տալ մի պատվավոր օթյակ:

Ներկայացման միջնարարներից մեկում ևս իմ բարձրաստիճան հյուրիս բեմից ուղղեցի հետևյալ խոսքերը.

Սրբազան Տեր, առաջին անգամն է, որ հունական օրթոդոքս եկեղեցու մի բարձրաստիճան պաշտոնյա բարեհաճում է ոտք դնել հայ թատրոն: Այդպիսով դուք հանդիսանում եք գաղափարակից մեր անմահ Խրիմյան Հայրիկին, որ ասում էր. «Թատրոնը երկրորդ եկեղեցի է»: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հյուր` Մեծ Հունաստանի արժանավոր զավակին, այն գեղարվեստապաշտ և գեղարվեստագետ Հունաստանի, որ համամարդկային գրականության, գիտությունների, թատրոնի և արվեստների մեծագույն վարպետներն է տվել մարդկության: Ձեր Արիստոտելին, Սոկրատին, Պլատոնին, ձեր Ֆիդիասին են աշակերտել բոլոր ազգերի հանճարներն ու տաղանդները: Մեծ է եղել Հունաստանը մարդկային մտքի ու հոգու արտահայտություններով այն ժամանակ, երբ այժմյան քաղաքակիրթ ազգերի նախահայրերը կիսավայրենի վիճակում էին: Եվ ես երջանիկ եմ ասելու, որ հայ ազգը մեծ Հունաստանի ամենաընդունակ և ամենաառաջադեմ աշակերտն է եղել:

Սակայն հույն ազգի փառքը միայն անցյալում չէ, այլև ներկայում և մանավանդ ապագայում: Այսօր այդ ազգը շատ ապացույցներ է տալիս մեզ հավատալու համար, որ հեռու չէ այն ժամանակը, երբ նա նորեն պիտի գրավե իր նախկին պատվանդանը ազգերի շարքում: Ես իբրև կյանքը դիտող մի անցորդ, առաջին անգամ գտնվելով մի հունական քաղաքում, տեսնում եմ շատերն այդ ապացույցներից: Կհիշատակեմ մեկը միայն նրանցից և այդ բավական է. այն իդեալական կարգապահությունը, որ տիրում է այժմ Իզմիրում: Դեռ երեկ, երբ այս քաղաքը գտնվում էր անիրավ հափշտակիչների ձեռքում, նրա փողոցները ներկվում էին մարդկային արյունով: Այսօր այստեղ տիրում է կյանքի, գույքի ու պատվի կատարյալ ապահովություն: Դա հույն ազգի բարձր քաղաքականության նմուշն է: Եվ ինչպես չմաղթել, որ նա նորեն տիրանա իր բոլոր հայրենի ժառանգություններին:

Սրբազան Տե՛ր. Իզմիրի հայությունը երախտագետ է հույն ազգին, հույն իշխանությանը և մանավանդ հույն զորքերին, որ իրենց հերոսական հաղթանակներից հետո այսօր, սովորական կյանքում այնքան համեստ են և այնքան սիրալիր, որքան կարող են լինել միայն մեծ ժողովուրդների զորքերը...

Հետևյալ օրը Հելլեն Բարձր Կոմիսարության Մամուլի Դիվանի և գրաքննության տնօրենից ստացա հետևյալ նամակը հունարեն լեզվով.

«Մեծարգո տեր, երեկ բարեբախտություն ունեցա հանդիսատես լինելու ձեր գեղեցիկ ու տպավորիչ գործի ներկայացումին: Կկամենայի խորին հարգանքներս հայտնել ձեր հանդեպ և այս առիթով շնորհակալ լինել հելլեն մարդասեր ժողովրդի կողմից ձեր այն բարյացակամ վերաբերմունքի համար, որով արտահայտվեցիք ի նպաստ Հունաստանի:

Հելլեն ազգը կատարելապես իրազեկ է այն մեծ ջանքերին, որոնցով բոլոր հայ վիպագիրները, թատերագիրները, բանաստեղծները աշխատում են ձեր մարտիրոսացած ազգի հայրենի վերածնունդի համար

Ինչպես Հունաստանի, նույնպես և Հայաստանի թատրոնը մի երկրորդ եկեղեցի էր, որտեղից հավատացյալները, մարտիրոսները և գերիները լույս էին տեսնում և քաջալերվում էին ազատության պայքարի միջոցին:

Կխնդրեմ, մեծարգո տեր, ընդունել իմ արտաքո կարգի հարգանքների և զգացմանց արտահայտությունը»:

17 նոյեմբերի, 1920 Միքայել Ռոդաս

Իզմիր

* * *

Մյուս օրը Իզմիրի, ապա Աթենքի հունական թերթերը, տպելով իմ ճառը Պ. Ռոդասի նամակի հետ, իրանց ջերմ համակրանքն արտահայտեցին հայ ժողովրդի հանդեպ: Իսկ երբ ես անձամբ գնացի իմ փոխշնորհակալությունը հայտնելու, Պ. Ռոդաս հույն մտավորականության կողմից ինձ հրավիրեց Աթենք:

Իբրև հայ գրականության ներկայացուցիչ, — ասաց նա, — դուք կլինեք հույն մտավորականության հյուրը, և մենք ձեր տրամադրության տակ կդնենք մեր լավագույն շոգենավերից մեկը:

Համանման վերաբերմունք դեպի հայերը ես տեսա բոլոր հույների կողմից, որոնց հանդիպեցի իմ երկամյա ճանապարհորդության ընթացքում:

Պ. Ռոդասի նամակը մի նոր փաստ է ինձ համար նորեն պնդելու, որ գրականությունը, թատրոնն ու արվեստներն են ազգերի հարաբերությունները մաքրելու և բյուրեղացնելու լավագույն միջոցները: Հայ-վրացական տխուր հիշողության արժանի ընդհարումների ժամանակ միայն վրացի և հայ գրական ու թատերական գործիչներն անխախտ պահեցին իրենց փոխադարձ բարեկամությունը:

Իզմիրում գտնվածս միջոցին այնտեղ էր Աթենքի թատերական խումբը: Մի երկու անգամ, հարգելով խմբի հրավերը, գնացի նրա ներկայացումներին և ուրախությամբ տեսա, որ հանդիսականների մի պատկառելի մասը հայեր են: Այս առիթով հույն դերասաններն ինձ արտահայտեցին իրենց խորին հաճույքը: Ի դեպս հույներն ունեն խոշոր բեմական ուժեր, որոնցով կարող են պարծենալ, իսկ դերասանուհի տիկ. Կիվելին կարող է հավասարվել եվրոպական որևէ առաջնակարգ թատրոնի աստղին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իզմիրն իր դիրքով գեղեցիկ է: Նրան գեղեցկացնողն իր հրաշալի ծովածոցն է:

Իբրև նավահանգիստ նա համարվում է առաջնակարգ թե՛ իր ընդարձակությամբ և թե՛ իր բնական պատնեշների ապահովությամբ: Միակ թերությունն այն է, որ շոգենավերը կանգնում են քարափից հեռու: Դա բավական դժվարացնում է ճամփորդների երթևեկը, ենթարկելով նրանց փոքրիկ անախորժությունների, ինչպես, օրինակ, հույն ու թուրք նավակավարների և բեռնակիրների ագահությանն ու խաբեբայությանը: Իզմիր այցելող ճամփորդը այդ գիշակերների համար մի որս է և, որքան ես նա զգույշ լինե, չի կարող խուսափել նրանց հարստահարությունից:

Քաղաքը տարածվում է ծովածոցի ուղղությամբ: Տները, անֆիթեատրի ձևով հետզհետե վեր բարձրանալով, ծածկում են կռնակի լեռան լանջր, ուսկից բացվում է մի սքանչելի տեսարան դեպի ծովն ու ցամաքը:

Փողոցները շատ նեղ են, սալահատակները վատ, բայց մի աստիճան պակաս կեղտոտ, քան Կ. Պոլսում: Ընդհանուր տպավորությունն Իզմիրի այնպես է, որ, կարծես, դա քաղաք չէ, այլ մի հսկայական քարվանսարա բազմաթիվ բաժանմունքներով և միջանցքներով: Այստեղ ճամփորդն իրան զգում է թեև ավելի ընտանի, քան Կ. Պոլսում, բայց մի տեսակ ճնշված:

Փողոցներից միայն մի քանիսն են հարմար կառքերի երթևեկության համար: Բացի քարափից, գեղեցիկ շենքեր և կանոնավոր պողոտաներ կան միայն քաղաքի աջ թևի վրա, որ անգլիական արվարձան է կոչվում:

Կորտելիա անվանված արվարձանը գտնվում է Իզմիրի դեմուդեմ, ծովածոցի մյուս կողմում: Դա մի գեղեցիկ վայր է, բնակության համար ավելի հաճելի, քան Իզմիրը: Այստեղ փողոցներն ավելի լայն են, գուցե ավելի մաքուր, տներն ավելի գեղեցիկ: Հաղորդակցությունը քաղաքի և Կորտելիայի միջև և ծովային է, և ցամաքային: Գերադասելի է առաջինը:

* * *

Իզմիրը սրճարանների քաղաք է և քարափը նրանց գլխավոր կենտրոնը:

Օրվա գլխավոր մասը իզմիրցին այնտեղ է անցկացնում: Նրա համար սրճարանը թե՛ զբոսավայր է, թե՛ շուկա կամ բորսա է, թե՛ մի տեսակ քաղաքական կլուբ:

Նարդին իզմիրցու կիրքն է, նարգիլեն` նրա «աղայության» զարդը: Մեկը խաղում է դերասանի ոգևորությամբ, մյուսը ծխում է կրոնական ջերմեռանդությամբ: Չկա ավելի հանդիսավոր և միևնույն ժամանակ մի քիչ կոմիկական պատկեր, քան իզմիրցու դեմքը, երբ նա նարգիլե է ծխում, մանավանդ երբ ծխողը հայ է կամ եվրոպացի: Միևնույն նարգիլեն սրճարանում օրվա ընթացքում ծխում են տասնյակ մարդիկ առանց ախտահանվելու, կամ նույնիսկ մաքրվելու: Դժվար չէ երևակայել, թե նարգիլեն Արևելքում առհասարակ ինչ դյուրին միջոց է վարակիչ ախտերի տարածման համար:

Հույներն ու հայերը խոսում ու վիճաբանում են չափազանց բարձրաձայն: Եվ խոսում են ոչ միայն լեզվով, այլև ձեռներով, ոտներով, մարմնի ամբողջ ուժով: Երբեմն ինքնամոռացության մեջ նրանք այնպես են բռնցքահարում սեղանը, որ սուրճի գավաթներն օդ են թռչում: Ոգևորությունը հավասար է բոլոր դեպքերում. միևնույնն է` խոսակցության նյութը Եվրոպայի քաղաքականությունն է, թե՞ իզմիրի թուզը:

Թուրքերն անհամեմատ ավելի հանգիստ են և ծանրաբարո իրենց սրճարաններում: Առօրյա ամենահասարակ նյութերի մասին անգամ խոսելիս, նրանց դեմքը սքողված է փիլիսոփայական խորհրդավորությամբ: Լեզվի դերը նրանց մոտ մեծագույն դեպքերում կատարում են գլխի հպարտ ու հանդարտ շարժումները և դեմքի խաղը: Դիտելով հեռվից նրանց արտաքինը, դժվար է երևակայել նրանց մտքի ոչնչությունը և հոգու աղքատությունը: Այս է, որ այնքան խաբում է եվրոպացի ճամփորդներին, որոնք արևելցու յուրաքանչյուր շարժման մեջ իսկ փիլիսոփայություն են տեսնում...

Հրեաները արտաքուստ աչքի են ընկնում իրենց ցեղային հատկություններով, չնայելով, որ Իզմիրում նրանց թիվը երեք անգամ հայերից ավելի է: Առհասարակ հրեան, ուր որ լինե, ամեն կերպ աշխատում է թաքցնել իր ցեղային անհատականությունը և միշտ հարմարվում է միջավայրին միայն արտաքինով:

Թանձր ծխով տոգորված մթնոլորտ, հրհռոց, քրքիջ, խլացուցիչ նվագարան, «կակավետ» վաճառողների գոռգոռոց, կոշիկ մաքրողների անվերջ և ձանձրալի դիմումներ, ահա Իզմիրի սրճարանների ընդհանուր պատկերը:

Իզմիրը Կ. Պոլիսի մանրանկարն է այն առավելությամբ, որ բարքուվարքերի տեսակետից նա այնչափ ապականված չէ, որչափ օտտոմանյան մայրաքաղաքը: Այդտեղ գոնե փողոցներում ու սրճարաններում և այլուր պոռնկությունը այնքան բարձր չի աղաղակում, որքան Կ. Պոլսում:

Գնում ենք Եգիպտոս...

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՎՐԱ

Մի օր առաջ Զմյուռնայից դուրս եկած իտալական «Baron Gall» շոգենավը կանգ առավ Ռոդոս կղզու դեմ, ափերից բավական հեռու: Մի թեթև մակույկ վարձելով, աղջկանս հետ գնացինք կղզին դիտելու: Երբ վերադարձանք շոգենավ, հանդիպեցինք ճամփորդների մի նոր խմբի: Դա մի թուրք ընտանիք էր, բաղկացած հինգ հոգուց:

Մայրը շիկահեր էր, կապտաչյա, տակավին թարմ ու գեղեցիկ: Մեծ աղջիկը կլիներ ոչ ավելի քան տասնութ տարեկան: Նա էլ կապտաչյա էր, բայց սևահեր: Մյուս երկու աղջիկները կատարյալ արևելյան տիպեր էին` սևաչյա և թխադեմ: Ամենից փոքրը իր մորը շատ նման մի ութ-ինը տարեկան գեղեցիկ պատանի էր:

Առաջին իսկ ժամին ամենքս ծանոթացանք նորեկների հետ և մինչև նավի տեղից շարժվելը մի աստիճան բարեկամացանք, ինչպես առհասարակ լինում է ծովային ճամփորդության ժամանակ: Կյանքումս առաջին անգամն էի ճամփորդում մի թուրք ընտանիքի հետ, որ չէր խուսափում քրիստոնյա տղամարդու ծանոթությունից և ընդհակառակը, կարծես, ցանկանում էր այդ ծանոթությունը:

Մայրը, ինչպես շուտով իմացանք, այրի էր, բացի թուրքերենից ուրիշ լեզու չգիտեր, իսկ օրիորդները բավական ազատ խոսում էին ֆրանսերեն և իտալերեն: Սալոն մտնելու վայրկյանից թե՛ մայրը և թե՛ աղջիկները դեն էին ձգել իրենց երեսքողերբ, և այդպես էլ մնացին մինչև Եգիպտոս: Միայն տախտակամածի վրա գտնված ժամանակ, երբ հեռվից տեսնում էին մի թուրք կամ արաբ նավաստի, անմիջապես քողով ծածկում էին իրենց բերանները, և անմիջապես չքանում էին նրանց զվարթությունն ու ծիծաղը, ինչպես ծիծեռնակների ծլվլոցը ագռավների երևալուն պես:

Ի՞նչ է ձեր մոր անունը, — հարցրի ես երեք քույրերից երկրորդին, որն ամենից համարձակն էր:

Ջհանդաբ:

Իսկ ձեր ավագ քրոջ անո՞ւնը:

Լամիյե: Իմ անունը Նայիլե է, փոքր քրոջս անունը Ֆայիզե, իսկ եղբորս անունը Աբդուլլահ:

Որտե՞ղ եք դուք սովորել ֆրանսերեն և իտալերեն լեզուները:

Մեր տանը:

Ուրեմն մասնավոր դասատուների՞ց:

Այո:

Կին է եղել ձեր դասատուն, իհարկե:

Այո, բայց ինչո՞ւ «իհարկե», կարող էր և տղամարդ լինել:

Իսկ ես լսել եմ, որ թուրք կնոջը արգելված է տղամարդուց դասեր վերցնել:

Սխալ է ձեր լսածը գոնե մեր վերաբերմամբ: Մենք տղամարդուց վախեցողներից չենք, ապացույց, որ ես ձեզ հետ խոսում եմ:

Բայց ի՞նչու ձեր երեսը քողով ծածկում եք թուրք կամ արաբ տեսնելիս:

Նրանց գռեհիկ ատելությունը կամ անարգանքը չգրգռելու համար: Դա մի սովորություն է, որից դեռ չենք ազատվել, և ես հույսով եմ, որ շուտով կազատվենք: Քրիստոնյա տղամարդկանց վերաբերմամբ, ինչպես տեսնում եք, մենք ավելի համարձակ ենք:

Ի՞նչով բացատրել այդ:

Մենք կարծում ենք, որ քրիստոնյան մեր երեսբացությունը անամոթության նշան չի համարիլ, այլ, ընդհակառակը, կգովե:

Ուրեմն ձեր ընտանիքում ընդունվո՞ւմ են քրիստոնյա տղամարդիկ:

Այո՛, պարոն, իմ հանգուցյալ հայրը շատ քրիստոնյա բարեկամներ ուներ, որոնք հաճախ այցելում էին մեզ: Մայրս և մենք դիմավորում էինք երեսբաց:

Ներողություն, օրիորդ, քանի՞ տարեկան եք դուք:

Տասնուվեց, ես երեք տարով փոքր եմ Լամիյեից, իսկ փոքր քույրս տասնուչորս տարեկան է:

Մի՞թե ձեր մայրը չի վախենում, որ ձեր մեծ քույրը կամ թեկուզ դուք այդ հասակում կարող եք հափշտակվել որևէ մի քրիստււնյա երիտասարդով:

Նայիլեն նկատելե շփոթվեց, նայեց երեսիս զննող հայացքով և հանկարծ, խոսքը փոխելով, հարցրեց.

Ներեցե՛ք, ձեր կաբինը ո՞ր շարքումն է:

Վարի:

Ուրեմն, մեր շարքում, այսինքն իմ և Լամիյեի կաբինից ոչ հեռու:

Կարծեմ :

Ասացեք, խնդրեմ, գիշերները ոչ մի ձայն չե՞ք լսում:

Ինչու չէ, լսում եմ, ալիքների շփշփոցը, մեքենայի խուլ թնդյունները, երբեմն էլ ձեր արծաթահնչուն ծիծաղը:

Եվ ուրիշ ոչի՞նչ:

Ոչինչ:

Մի անգամ լավ ականջ դբեք և կլսեք, միայն գիշերվա կեսից հետո, երբ ամենքը քնած են:

Օրիո՛րդ, դուք ինձ հետաքրքրում եք:

Ձեր դուստրն ինձ ասաց, որ դուք վեպեր և թատրոնական երկեր եք գրում, ուրեմն դուք շահիր եք և ձեզ կարելի է խոստովանել ամեն բան: Դուք կարող եք զգալ ուրիշների վիշտը: Կամենո՞ւմ եք մի սրտաշարժ վեպի համար նյութ ունենալ: Ահա իմ դժբախտ քույրը, ԼամիյենԱ՛հ, ներեցեք, նախաճաշի վերջին զանգը հնչեց: Մայրս կանհանգստանա, եթե սեղանին ուշանամ: Կպատմեմ Լամիյեի մասին. ձեզ կարելի է պատմել:

Ասաց Նայիլեն ու թռչկոտելով վազեց սեղանատուն, թողնելով ինձ տարակուսանքի մեջ... Սկսվեց մի թեթև հողմ և շուտով փոխվեց կատարյալ փոթորկի: Միջերկրականի հոյակապ նավը, որ մինչ այդ ժամանակ թվում էր անդրդվելի, նախ կորցրեց իր հավասարակշռությունը, ապա դարձավ խաղալիք կատաղի ալիքներին, որոնք շպրտում էին նրան աջ ու ձախ` ինչպես կատուն մի կտոր բամբակ: Մեր ուղեկիցների մեծ մասը բռնվեց ծովային հիվանդությամբ: Նախաճաշի սեղանի քով, բացի նավապետից, իր օգնականից ու բժշկից, մնացի ես, աղջիկս, Նայիլեն և մի քանի ճամփորդներ: Գիշերը փոթորիկը դադարեց, և առավոտյան մեր առջև բացվեց Միջերկրականի գեղեցկագույն ափերից մեկը:

Մաքրի անունով ծովածոցն էր իր անտառազարդ բլուրներով և թավշյա արոտատեղիներով: Մեր շոգենավին անթել հեռագրով հրամայված էր դուրս բերել ծովածոցի տիղմում խորասուզված մի զորանավ: Անմիջապես նավաստիները գործի դիմեցին այն աննման եռանդով, որ միայն ծովային մարդկանց է հատուկ: Մարդու իրանի հաստությամբ պարանը փաթաթեցին ռազմանավի շուրջը, և մի ժամ չանցած մեքենայի զորությամբ նավը բարձրացավ ծովի երեսը մեր «ուռա»-ների ուղեկցությամբ:

Հասանք Ադալիա: Առաջին անգամ երևացին Կոնիայի արաբներն իրենց դեղնագույն մետաքսյա չալմաներով ու ճերմակ բաճկոններով: Ադալիան Անատոլիայի ծովային բանալին է: Այն ժամանակ նրան ժամանակավոր գրավել էին իտալացիները: Այստեղից նրանք օգնում էին թուրք զորքերին ու չեթաներին, մատակարարելով նրանց պարեն ու ռազմամթերք:

Եվ ինչ որ թուրքերն ստանում էին, տարածում էին Կոնյա, Էնգարե, Սըվազ, մինչև Էրզրում ու Կովկաս: Այսպիսով, ուրեմն, քաղաքակիրթ Իտալիան մասնակցում էր ուղղակի Փոքր Ասիայի ազգաբնակության բնաջնջման գործում: Ի՞նչ էր Իտալիայի այդ երկդիմի քաղաքականության գաղտնի նպատակը: Շահել մուսուլման աշխարհի համակրանքը` իր գիրքն Արևելքում ամրացնելու համար:

* * *

Մեր ուղեկիցների թվում կար մի հույն օրիորդ: Նա գիտեր սքանչելի նվագել դաշնամուրի վրա: Կար և մի սպանացի ընտանիք, բաղկացած ծնողներից ու չափահաս աղջիկներից: Նրանցից մեկը նույնպես գիտեր նվագել մեծ մասամբ արևելյան եղանակներ, ի միջի այլոց, և հայերեն երգեր: Նավապետը ամեն անգամ, ճաշից հետո, մեկին կամ մյուսին թախանձանքով ստիպում էր նվագել: Երբեմն նա կարողանում էր ստանալ և իմ աղջկա` Մարգարտի համաձայնությունը երգելու: Այսպիսով, մենք գրեթե ամեն երեկո ունեինք նվագահանդես կամ համերգ:

Մի երեկո ճաշից հետո սալոն եկավ Նայիլեն առաջին անգամ ձեռքում մի ջութակ:

Օօ՛, ես այդ չգիտեի, — գոչեց ծերունի նավապետը: Նա մի երաժշտասեր իտալացի էր:

Թրքուհին ու հույն օրիորդը սկսեցին ինչ-որ նվազել: Ներս մտավ Լամիյեն` նիհար ուսերի վրա մի շալ և լուռ նստեց սալոնի մի անկյունում: Նայիլեի խորհրդավոր խոսքերի ազդեցությամբ, ես առաջին անգամ ուշադրություն դարձրի նրա վրա: Նա նստած էր ստվերի մեջ և, կարծես, աշխատում էր աննկատելի մնալ: Մռայլ էր նրա քնքուշ դեմքը և գունատ: Նա հիշեցնում էր արմատից նոր պոկված մի ծաղկի, որ, կարծես ասում էր. «Մի դիպչեք ինձ, ես փխրուն եմ, ինչպես թիթեռ, իմ ծուխի պես թափանցիկ թևուկները կթափվեն ձեր մատների հպումից»:

Նրա երկնագույն աչերը հառած էին դեպի անորոշ տարածություն: Կարելի էր կարծել, որ նա ականջ էր դնում ջութակի և դաշնամուրի հնչյուններին: Բայց դիտող աչքի համար պարզ էր, որ նա չի լսում, ու նրա մտքերը թափառում են այլուր: Մերթ ընդ մերթ նրա նիհար ուսերը թեթևակի ցնցվում էին, ու ես հեռվից զգում էի նրա հառաչանքները:

Նրա մայրը սալոնի մյուս անկյունից գաղտնի դիտում էր նրան: Նա պառկած էր օթոցի վրա արևելյան հեշտասիրության մեջ և շարունակ ծխում էր եգիպտական ընտիր սիգարները ոսկեզօծ գլանակով:

Ես մոտեցա այդ անթառամ գեղեցկուհուն, որի մեջ կյանքն ավելի էր խոսում, քան իր երեք աղջիկների մեջ միասին վերցրած:

Խանում, ներեցեք անհամեստությանս, — ասացի ես թուրքերեն, — ես նկատում եմ, որ ձեր ավագ դստեր առողջությունը շատ էլ ամուր չէ:

Տիկինը նայեց ինձ շեշտակի ու արտասանեց.

Էֆենդիմ, դուք չեք սխալվում:

Ապա, ծխախոտի քուլան գլխից վեր արձակելով, ավելացրեց.

Այո, Լամիյեն շատ թույլ կազմվածք ունի, բայց հոգ չէ, Եգիպտոսում նա կկազդուրվի ալլահի զորությամբ:

Անտարակույս, խանում, անտարակույս: Ասում են ջերմ կլիման տկար կազմվածքի կազդուրման ամենալավ դեղն է... Սակայն

Տիկինը չթողեց, որ խոսքս ավարտեմ ու ասաց.

Հավանո՞ւմ եք Նայիլեի նվագը:

Զգալով, որ նա չի ուզում շարունակել Լամիյեի մասին, ես մի փոքր շփոթվեցի ու պատասխանեցի.

Օօ՛, աննման է նվագում, ձեր աղջիկն ուղղակի երաժշտական տաղանդ է. դուք կարող եք պարծենալ նրանով:

Ես կեղծում էի, կամենալով շոյել նրա մայրական ինքնասիրությունը: Օօ՛, քանի՛-քանի անգամ եմ ես այդպես կեղծել մայրերի առջև...

Մի վայրկյան հոգեկան գոհունակության ժպիտը պայծառացրեց թրքուհու դեմքը: Եվ միայն մի վայրկյան: Նա նորեն նայեց Լամիյեի կողմը, նորեն տխրեց և ասաց.

Եթե լսեք Լամիյեի դաշնամուր նվագելը, ավելի կհիանաք: Դժբախտաբար, վերջին ամիսները նա դսդարել է նվագել, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել նրան դաշնամուրի կափարիչը բարձրացնելու

Նվագը դադարեց, նվագողները, բարձրաձայն ծիծաղելով, դուրս թռան սալոնից:

Լամիյեն հանդարտիկ ոտքի ելավ և, ստվերի պես, մեքենաբար հետևեց նրանց:

Մայրն ինչ-որ շշնջաց քովը նստած որդուն: Պատանին վազեց Լամիյեի հետևից:

Մի փոքր անցած ես ևս ելա տախտակամած: Լամիյեն վազվզում էր օրիորդների հետ և նույնպես աղաղակում ու ծիծաղում, սակայն ես զգում էի, որ այդ բոլորը նա անում է մեքենաբար և որ նրա ծիծաղն արվեստական է: Շուտով նա անջատվեց խմբից և հեռացավ դեպի շոգենավի ցռուկը: Պատանին քայլ առ քայլ հետևում էր նրան: Ես կարողացա որսալ հարմար վայրկյան և, Նայիլեին մենակ տեսնելով, ասացի.

Օրիո՛րդ, մի մոռանաք ձեր խոստումը:

Ի՞նչ խոստում:

Լամիյեի մասին:

Նայիլեն մի վայրկյան տատանվեց, հետո մի վճռական շարժումն անելով, արտասանեց.

Պարո՛ն, Լամիյեի պատմությունը սովորական է: Նա դժբախտ սիրո մի զոհ է:

Սիրահարվա՞ծ է:

Այո, և նրա սիրո առարկան մի քրիստոնյա է:

Ո՞վ է այդ երջանիկ քրիստոնյան:

Մեր տնային բժիշկը, մի իտալացի:

Դուք ասացիք դժբախտ սիրո՞, ուրեմն բժիշկը չի՞ սիրում ձեր քրոջը:

Ընդհակառակը, նա ավելի է սիրահարված, քան Լամիյեն:

Գիտե՞ այդ մասին ձեր մայրը:

Այո, պարոն: Չեք կարող երևակայել այն օրը, երբ նա այդ մասին լսեց Լամիյեի բերնից: Ինձ թվաց, որ խեղճ կինը պիտի մեռնի սրտի պայթյունից: Նախ նա վագրի պես հարձակվեց Լամիյեի վրա: Հավատացեք, նա կխեղդեր քրոջս, եթե ես ու Ֆայիզեն չզսպեինք նրան: Օօ՛, պարոն, Լամիյեն քաջ աղջիկ է, մի նայեք նրա թուլությանը: Նա ասաց. «Անա, սպանիր ինձ, բայց մի զրկիր երջանկությունից, միևնույն է ես առանց իմ սիրեցյալի չեմ կարող ապրել և չեմ ապրի»: Այն Ժամանակ, մայրս սկսեց անիծել նրան, հետո ընկավ թախտի վրա և ամբողջ օրը հեկեկաց: Մյուս օրը բժիշկն ըստ սովորության եկավ մեր առողջությունը ստուգելու: Նա գալիս էր շաբաթը երկու անգամ: Մայրս, առանց երկար բացատրության, արտաքսեց նրան, ասելով, «Կորի՛ր, պիղծ քրիստոնյա, քո ոտքերն ապականում են իմ տան շեմքը»: Ա՛հ, պարոն, ներեցեք մորս մոլեռանդությունը, չէ՞ որ նա մի տգետ թրքուհի է:

Այո, բայց ես զարմանում եմ, որ այդ մոլեռանդ մուսուլմանուհին տնային բժիշկ է ընտրել մի քրիստոնյայի:

Նա ինքը չի ընտրել, այլ հայրս: Հանգուցյալը մորս չափ մոլեռանդ չէր, բացի այդ, մեր ամբողջ կղզու վրա չկա մահմեդական բժիշկ: Ավելացրեք և այն, որ բժշկի հայրը իմ հոր ամենաընտիր բարեկամներից մեկն է եղել:

Այժմ որտե՞ղ է այդ իտալացին:

Ռոդոսում:

Եվ Լամիյեն այդ օրից չի՞ տեսնվում նրա հետ:

Տեսնվել է մի քանի անգամ գաղտնի, իմ օգնությամբ:

Ուրեմն դուք դեմ չե՞ք, որ ձեր քույրը սիրահարվել է մի քրիստոնյայի վրա:

Ինչո՞ւ պիտի դեմ լինեմ: Պարոն, ես դեռ անչափահաս եմ, կյանքին անծանոթ, գուցե տգետ, բայց մի գրքում կարդացել եմ, որ մարդկանց իսկական կրոնը սերն է:

Ես չկարողացա զսպել իմ հիացումը, լսելով մի դեռահաս թրքուհու բերնից այդ խոսքերը, և գոչեցի.

Օրիո՛րդ, տարիքով գրեթե մանուկ, խելքով այդչափ հասուն, դուք սքանչելի եք:

Շնորհակալ եմ: Գիտե՞ք, ես Լամիյեին չէի կարեկցիլ, եթե նա իր ընտրության մեջ սխալված լիներ: Բժիշկը հազվագյուտ մարդ է և կարող է երջանկացնել իր սիրով յուրաքանչյուր մի կնոջ: Նա ծեր չէ, տգետ չէ, նա բարի և ազնիվ է: Ամբողջ կղզին հարգում է նրան ու սիրում: Եթե կամենում եք իմ կարծիքը գիտենալ, կարող եմ ասել, որ նա շատ ու շատ բարձր է իմ քրոջից: Եվ ահա երկուսն էլ տանջվում են, և կարող եմ հաստատել, որ բժիշկն ավելի է տանջվում, քան իմ քույրը: Երևակայեցեք, մեր ընտանիքից դուրս վռնդելու օրից նա վշտից հիվանդացավ: Այո՛, երեք ամիս պառկած էր անկողնում: Ես ամեն օր տանում էի նրան Լամիյեի նամակները: Մինչև բանալը նա համբուրում էր նամակները ու լալիս էր երեխայի պես:

Ես հարցրի Նայիլեին, ճիշտ է արդյո՞ք, որ նրանք գնում են Եգիպտոս զբոսանքի համար: Նայիլեն հեգնորեն ժպտաց:

Մայրս ամենքին այդպես է ասում, բայց ի՛նչ զրոսանք: Նա Լամիյեին տանում է Մսիր` այնտեղ թաղելու համար:

Թաղելո՛ւ, — կրկնեցի ես զարմացած:

Այո, ես այդ թաղել եմ համարում, — հառաչեց Նայիլեն տխուր: — Խե՛ղճ Լամիյե: Մայրս վճռել է Մսիրում նրան ամուսնացնել մի փաշայի հետ, որը շատ հարուստ է և ունի մեծ դիրք Եգիպտոսի սուլթանի մոտ:

Լամիյեն գի՞տե այդ:

Իհարկե:

Նա փաշային տեսե՞լ է:

Այո: Այս ամառ փաշան Ռոդոսումն էր և մի քանի անգամ եղել է մեր տանը: Նա Լամիյեին շատ է հավանում և արդեն նրա ձեռը խնդրել է մորիցս:

Երիտասա՞րդ է, թե՞ ծեր այդ փաշան:

Հիսուն տարեկան է, իսկ Լամիյեն 19 տարեկան: Բայց տարիքը դեռ ոչինչ, գլխավորն այն սոսկալի զզվանքն է, որ զգում է Լամիյեն դեպի այդ փաշան: Ոչ, Լամիյեն երբեք չի համաձայնվի դավաճանել իր սիրուն: Նա դժբախտ է:

Երևի Եգիպտոսի փաշան ունի և մի ուրիշ կին, գուցե մի քանիսը:

Նայիլեն բարձրաձայն ծիծաղեց, ցույց տալով իր սքանչելի ատամները:

Դուք կարծում եք, — ասաց նա, — ամեն մի մուսուլման անպատճառ հարե՞մ պիտի ունենա: Ո՛չ, մոսյո, այժմ միակնությունը հետզհետե տարածվում է մեր մեջ` եվրոպական քաղաքակրթության շնորհիվ: Փաշան այրի է, բայց խնդիրն այդ չէ: Լամիյեն չի ուզում և չի կարող նրա կինը դառնալ, չի կարող, չի կարող, չի կարող: Նա պաշտում է իր սիրեցյալին և պատրաստ է զոհվել նրա սիրո համար: Նա տանջվում է, ամեն գիշեր պարանոցիս փաթաթվելով, ժամերով լալիս է: Այս գիշեր ուշադրությամբ ականջ դրեք և կլսեք նրա հեծկլտանքը: Մայրս գիտե այդ և վախենում է, որ Լամիյեն ինքնասպանություն գործի: Նա ինձ և Աբդուլահին պատվիրել է հսկել Լամիյեին, և ահա մենք հերթով հետևում ենք նրան քայլ առ քայլ:

Այդ պահին մոտեցավ մեզ Լամիյեն իր եղբոր հետ:

Նայիլե, — ասաց նա թույլ ձայնով, — ես հոգնեցի, գնում եմ կաբին, մայրիկին ասա, որ գնացի քնելու:

Օրիո՛րդ, — դարձա ես նրան, — ձեր տարիքում ներելի չէ այդպես կանուխ քնելը:

Ես սիրում եմ անկողնում կարդալ, իսկ քնել ո՞վ գիտե, — արտասանեց նա գլուխը երերելով:

Իմ փափագն էր քանի մի րոպե զբաղեցնել թրքուհուն` նրա հոգին մի փոքր ճանաչելու նպատակով: Դժբախտաբար հեռվից երևաց նրա մոր կերպարանքը, որ դանդաղ քայլերով մոտենում էր մեզ:

Ես կարողացա միայն ասել.

Օրիո՛րդ, կարդացեք բնությունը, չկա ավելի հետաքրքրական գիրք, քան նա: Տեսեք ի՛նչ սքանչելի երեկո է, — այդ լայնածավալ ծովն իր մարգարտյա մակերեսով և այդ նոսր ամպերի մեջ լուսացող լուսինը:

Այո, սքանչելի երեկո է, — ասաց Լամիյեն հառաչելով, — դուք ունեք իրավունք իմ անտարբերությունը պարսավելու: Բայց, մոսյո, մարդու կյանքում լինում են պահեր, երբ մահը նրան թվում է գեղեցկագույնը գեղեցիկներից: Բարի գիշեր: Նայիլե, դու կարող ես մնալ մոսյոյի հետ:

Ասաց Լամիյեն և անլսելի քայլերով ստվերի պես չքացավ կիսախավարի մեջ: Մայրը հետևեց նրան:

* * *

Մոտենում ենք Կիպրոս կղզուն: Ահա երևացին նրա չոր ու ցամաք ափերը տեղ-տեղ ճերմակ, տեղ-տեղ մոխրագույն:

Այդ ի՞նչ շինություններ են, — հարցնում եմ ես մի հայ վարդապետի, որ գնում էր Կիլիկիա այնտեղ ինչ-որ դպրոց բանալու` մի մեծահարուստ հայի նվիրած դրամներով:

Ասում են, Լևոն վեցերորդի շինել տված բերդերն են, տեսնո՞ւմ եք մինչև որտեղ է հասել հայ մարդու ոտքը, — պատասխանում է վարդապետը ազգասիրական ոգևորությամբ:

Չգիտեմ հասե՞լ է արդյոք հայի ոտքը մինչև Կիպրոս, թե՞ դա պատմական առասպելներից մեկն է. գիտեմ, որ այդ կղզին հայի արնագինն է անգլիացիներին տրված: Անցյալ դարի ռուս-թուրքական պատերազմից հետո Անգլիան Բեռլինի վեհաժողովում, Թուրքիային Ռուսաստանի պահանջների դեմ պաշտպանելով, ծովը նետեց հայկական կոչված դատը և իբրև վարձ ստացավ Կիպրոսը ջլատվող Թուրքիայից: Մի ամբողջ երկիր, որի երկարությունը երկու հարյուր, իսկ լայնությունը մոտ ութսուն կիլոմետր է:

Կիպրոսը քարտեզի վրա ունի փղի գլխի ձև: Նրա կնճիթը ցցված է դեպի Ալեքսանդրետտի ծովածոցը, իսկ ծոծրակը նայում է Կրետե կղզին:

Մեր շոգենավը կանգ առավ Լիմնոսո նավահանգստի առջևափերից շատ հեռու: Ծովի երեսին երևացին գինու տակառների երկայն շարքերը, պարաններով իրարու միացրած: Ափից շոգենավ փոխադրելու սրամիտ միջոց. մի փոքրիկ մակույկ երկու թիավարներով քարշ է տալիս իր հետևից հարյուրավոր տակառներ:

Հունվարի վերջն է, բայց եղանակն այնքան ջերմ է, որ մարդ առանց վերարկուի անգամ շոգում էր: Շոգենավը սուլեց և շարժվեց: Ահա երևացին Տավրոսի լեռները, առջևի շարքը վարդագույն, հետևինը` ձյունապատ: Իրիկնադեմին մտանք Մերսինի լայնածավալ ծոցը: Շոգենավը կանգ առավ դարձյալ ափերից հեռու և ավելի հեռու, քան որևէ տեղ: Մերսինի ծոցը, շատ ընդարձակ լինելով, որպես նավահանգիստ անբարեկարգ է: Այդտեղ Միջերկրականը միշտ փոթոիկալի է: Մեր գալուց երկու շաբաթ առաջ եղել էր մի մեծ փոթորիկ, տասնուհինգ առագաստավոր նավեր էին ծովասույզ եղել, տանելով մի միլիոն ոսկու արժողությամբ ապրանքներ:

Հետևյալ առավոտ Մերսինից եկան մեր շոգենավը մի խումբ հայեր և ինձ ու Մարգարիտին հրավիրեցին քաղաք: Գնացինք: Ճաշից առաջ մեկուլկես ժամվա պտույտը քաղաքի միակ օթոմոբիլով բավական էր, որ տեսնեինք Մերսինն իր շրջակայքով:

Մերսինն Ադանայի հետ կապված է Բաղդադի երկաթուղու մի ոստով, որ ընդամենը վեց ժամվա ճամփա է: Ձմեռվա կեսն է, եղանակը ամառային: Քաղաքը ձախ կողմից ու կռնակից շրջապատված է ընդարձակ այգիներով, որ բարձրանում են մինչև լեռնալանջը և կազմում մի զմայլելի պանորամ: Միլիոնավոր ծառերը տնքում են արդեն հասունացած նարինջի, կիտրոնի, փորթուգալի ու մանդարինի ծանրության տակ: Դեղնագույն գնդակների այդ օվկիանոսը կանաչ տերևների մեջ ոսկե խնձորների առասպելական դրախտավայրն է հիշեցնում: Օդը տոգորված է արբեցուցիչ բուրմունքով: Այս ու այնտեղ երևում են ցիրուցան ձիթենիներ և բանանի ծառեր: Տների ցանկապատերը կակտուսից են, իսկ պարտեզները պճնված բազմատեսակ ծաղիկներով:

Следующая страница