Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Մտանք այգիներից մեկը: Թուրք տերը մեզ ընդունեց արևելյան հյուրասիրությամբ: Զարմանալի սիրալիր են առհասարակ թուրքերը ամենուրեք: Կարծես իրենց մոր արգանդում բնությունից են ստացել այդ կիրթ ձևերը և այդ գրավիչ ժպիտները: Այգետիրոջ կինը Մարգարիտին ընծայեց երկու սքանչելի ճյուղեր, մեկը նարինջի, մյուսը կիտրոնի: Ես հաճույքով նրա ձեռքի մեջ սեղմեցի մի քանի թուրքական լիրաներ: Զինադադարից հետո վեց-յոթ ամսվա ընթացքում երկրի առևտուրը ութսուն տոկոսով անցել էր` ընդամենը յոթ հարյուր ընտանիքներից բաղկացած հայ ազգաբնակության ձեռքը: Շրջակա դաշտերը հետզհետե թուրքերից անցնում են հայերի ձեռքը: Ֆրանսիական իշխանությունը, որ գրավել էր երկիրը, նույն օրերին արգելեց թուրքերին իրենց կալվածները վաճառելու հայերին:

Փույթ չէ, — ասաց ինձ ուղեկցող հայերից մեկը, որ ինքը նույնպես գնել էր մի քանի կալվածքներ, — որքան կուզե թող արգելեն, երկիրը վաղ թե ուշ մերն է լինելու, ոչ ոք չի կարող մեզ այստեղից հեռացնել:

Այսպես էին հավատացրել այդ միամիտ մարդկանց Փարիզում նստած հայ «դիպլոմատները»...

Վերադառնալով շոգենավ, լսեցի, որ Լամիյեն հիվանդացել է: Թշվա՛ռ աղջիկ:

Մերսինիք մինչև Ալեքսանդրետտա, որ տասներկու ժամվա ճամփա է, անցանք գիշերով: Առավոտյան կանուխ երևաց Տավրոսի լեռնաշղթան իր հեռավոր ձյունապատ լեռներով. դեպի աջ ցցվեցին Լիբանանի լեռները: Նրանք տարածվում են մինչև Բեյրութ: Մերսին և Ալեքսանդրետտաերկուսն էլ հավասար իրավունքով կարող են համարվել Կիլիկիայի ծովային բանալի: Սակայն կա մի կարևոր տարբերություն նրանց մեջ. իբրև նավահանգիստ Ալեքսանդրետտան ավելի ապահով է իր դիրքով: Դա մի ծովածոց է, աջ ու ձախ կողմերից բնական պարիսպներով պատսպարված: Նավերն այնտեղ միանգամայն ապահով են Միջերկրականի փոթորիկներից:

Ալեքսանդրետտա քաղաքը տեղավորված է ցածր լեռների ստորոտների վրա: Նա շրջապատված է ցորենի, գարիի ու հաճարի արտերով, և դրանք են միայն, որ քիչ թե շատ կենդանություն են տալիս բուսականությունից զուրկ չոր ու ցամաք շրջակայքին: Ալեքսանդրետտը չի ժպտում ճամփորդին, չի գրավում նրան այնպես, ինչպես Մերսինն իր զմայլելի այգիներով ու ծաղկանոցներով:

Եղանակը ցրտեց: Ձյունապատ լեռներից փչեց անախորժ հողմ: Տախտակամածի վրա ոչ ոք չմնաց: Նույնիսկ սալոնը դատարկ է, ամենքը թաքնվել են իրենց կաբիններում:

Կիպրոսից դեն` մինչև Բեյրութ երկիրը ֆրանսիացիներն են գրավել, այնուհետև սկսվում է անգլիական գրավումը մինչև Եգիպտոս: Մերսինից դեն թուրքերը հետզհետե տեղ են տալիս արաբներին: Ալեքսանդրետտից մի փոքր հեռու արդեն Սյուրիան է սկսվում: Որքան ամայի են Միջերկրականի թուրքական ափերը, նույնքան խտաբնակ են արաբական ափերը: Այստեղ գյուղերն ու ավանները կազմում են Ալեքսանդրետտից մինչև Բեյրութ մի անընդհատ շղթա: Արաբների տները մեծ մասամբ հողաշեն են, իհարկե, տափակ տանիքներով: Նրանք փոքր են և հեռվից մրջնաբների տպավորություն են գործում: Բուսականություն գրեթե բոլորովին չկա թե՛ բնական և թե՛ արհեստական: Ծովափնյա բնակչությունը բաղկացած է մեծ մասամբ ֆելլահներից, որոնք կատարում են շոգենավերից ափերը և ափերից շոգենավերը ապրանքներ տեղափոխելու տաժանակիր աշխատանքը:

Ես չեմ կարող երևակայել ավելի հարստահարված և ավելի դաժան աշխատանք կրող մի ժողովուրդ: Ֆելլահն ստանում է օրական 34 պիաստր, նրա սնունդն է եգիպտացորենի հացը: Աշխատում է նա արեգակի ծագումից սկսած մինչև նրա մայր մտնելը, իսկ ձմեռը` մինչև ուշ գիշեր: Եվ չնայելով այս բոլորին, ֆելլահն ամենաուրախ և ամենազվարթ մշակն է գուցե ամբողջ երկրագնդի վրա: Ամենածանր աշխատանքը կատարելիս անգամ նա շարունակ երգում է, ծիծաղում, կատակներ անում: Հաճախ ֆելլահները նավակների վրա գործի միջոցին, իրարու հետ կռվամարտելով, ընդհանուլր քրքիջների տակ ընկնում են ծովի մեջ: Դա նրանց սովորական զբոսանքն է: Ջուրն ընկնողներն երբեք չեն բարկանում դուրս գալով ծովից, նրանք անմիջապես դիմում են գործի, և մի քանի րոպե անցած նրանց ողորմելի ցնցոտիները ցամաքում ու չորանում են արեգակի կիզիչ ճառագայթների տակ:

Մանուկ ու պատանի ֆելլահների համար ծովը խաղալիք է և խաղավայր: Նրանք նավակների հետ անմիջապես շրջահատում են շոգենավերը և շնաձկների ճարպկությամբ լողալով, աղերսալի հայացքով նայում են վարից վեր, սպասելով, որ ճամփորդները ծովը նետեն պղնձյա կամ արծաթյա դրամներ: Հենց որ դրամը ձգվում է, պատանիները չքանում են, սուզվելով ծովի հատակը: Րոպե չանցած նրանք ծովի երեսին են: Նա, որ ամենաճարպիկն է եղել, դուրս է գալիս դրամը իր զարմանալի ճերմակ ատամների մեջ բռնած և երջանկության ժպիտն երեսին:

Գեղեցիկ է արաբների պղնձագույն մարմնի կազմը: Նրանք մի-մի կենդանի արձաններ են: Նրանք, դյուրաթեք են, ինչպես օձ և ճկուն` ինչպես կապիկ: Նիհար են շատ սակավ բացառությամբ, բայց ոչ պարսիկների պես թույլ ու սակավ արյուն: Նրանց դիմագծերն ունեն քաղաքակիրթ նրբություն, իսկ աչքերի արտահայտությունը զերծ է վայրագությունից: Շոգենավերի պողպատյա պարանների վրա նրանք մագլցում են կապիկների ճարպկությամբ և վայր սահում մկների արագությամբ: Իրենց փխրուն նավակների վրա նրանք նույնն են, ինչպես ցամաքի արաբները իրենց կատաղի նժույգների վրա: Գազազած ալիքների դեմ նրանք կռվում են անսասան հանդգնությամբ և նրանց պղնձյա բազուկները երբեք չեն հոգնում թիավարելուց:

Երբեմն կատաղած ծովը նրանց առջև բաց է անում մթին անդունդները, ուր կարծես, պիտի չքանան, բայց վայրկենական մի սուզում, և ահա նորեն ալիքների փրփրալի բաշերի վրա են: Եվ լսում ես հեռվից անապատի մելամաղձոտ երգերն ու հիանում ես մարդ էակի տոկունությամբ` կյանքի պայքարում:

Հասանք Տրիպոլի, մնացինք մի քանի ժամ: Եղանակը նորեն տաքացավ:

Գնում ենք Բեյրութ:

* * *

Երկու օր Լամիյեն հիվանդ էր, իսկ Նայիլեն ու Ֆայիզեն շատ սակավ էին երևում տախտակամածի վրա:

Տիկին, — դարձա ես նրանց մորը, որ սալոնում շարունակ ծխում էր ու երազում, — կարո՞ղ եմ այցելել հիվանդին:

Էվեթ, էֆենդիմ, — ասաց նա, գլուխը դանդաղորեն շարժելով, — ինքս ուզում էի ձեզ խնդրել, որ մի փոքր հայրաբար զբաղեցնեք Լամիյեին: Կաբինում նա շատ է ձանձրանում:

Ապա, դառնալով իր որդուն, պատվիրեց.

Աբդուլլա՛հ, գնա Լամիյեին զգուշացրու, որ էֆենդին գալիս է իրեն տեսնելու:

Իջա վար: Լամիյեն նստած էր անկողնի մեջ և Նայիլեի հետ սքամբիլ էր խաղում: Նա ինձ ընդունեց մեղմ ու սիրալիր ժպիտն աշնանային արևի պես գունատ դեմքի վրա: Նա արդեն ընտելացել էր իմ կատակներին և սիրում էր նրանց, ուստի ես ասացի.

Օօ՛, երես առած կոկետուհի, դուք գիտնալով, որ սիրում եմ ձեզ, վճռել եք ինձ պատժել ձեր կեղծ հիվանդությամբ:

Բձիշկր պաավիրել է մի քանի օր դուրս չգալ կաբինից: Նստեցեք, շատ ուրախ եմ ձեր գալուն:

Ես նստեցի նրա քովն ու սկսեցի իմ սովորական կատակներով զբաղեցնել նրան: Նայիլեն ինձ պաշտպանեց իր առողջ քրքիջներով: Ոչ մի խոսք, ոչ մի ակնարկ Լամիյեի վշտի մասին: Գիտեի, որ նա անսահման գաղտնապահ է և կարող է վշտանալ, եթե գուշակե, որ ես գիտեմ իր սրտի գաղտնիքը: Մի վայրկյան միայն կատակներս ընդմիջելով ասացի.

Ա՛հ, լավ հիշեցի, ասացեք, Լամիյե, ի՞նչ էին նշանակում ձեր այն օրվա խոսքերը. «Մարդու կյանքում լինումեն պահեր, երբ մահը թվում է գեղեցկագույնը գեղեցիկներից»: Հանուն ալլահի ես ձեզ խնդրում եմ այսուհետև չարտասանել այդ տեսակ խոսքեր: Երեխա՛, դուք դեռ կյանքի շեմքի վրա եք:

Լամիյեն նայեց աչքերիս խորունկ հայացքով և իր թույլ ու հոգնած ձայնով արտասանեց.

Երբ կյանքի շեմքի վրա դեռ ոտք չդրած տեսնում ես նրա դեմքի այլանդակ ծամածռությունը, ինչպե՞ս չզզվես ու երես չդարձնես նրանից:

Բայց ես էլ եմ եղել քեզ պես երեխա, ես էլ իմ ծաղիկ հասակում տեսել եմ կյանքի ծամածռությունները և շատ անգամ, բայց արհամարհել եմ: Ես կոխկրտել եմ իմ ճամփի վրա բուսած օձերն ու կարիճները և հասել եմ այս տարիքիս, ճիշտ է, մի քիչ ջարդոտված, բայց ոչ հուսալքված: Տեսնո՞ւմ եք, արևս արդեն թեքվել է դեպի իր մուտքը և դարձյալ ապրելու փափագը չի թուլացել իմ մեջ...

Նախանձում եմ ձեզ, սակայն դուք տղամարդ եք, իսկ ես կին, բնությունը մեզ ստեղծել է տկար ու անզոր:

Բայց նույն բնությունը ձեզ տվել է մի զորավոր զենք, որ մենք չունենք:

Ո՞րն է այդ զենքը:

Հեզությունը:

Դուք ֆաթալի՞ստ եք:

Եթե կամենաք այո: Ես հավատում եմ ճակատագրի զորությանը: Լամիյե, հեզությունը ավելի զորավոր է, քան ըմբոստությունը: Հավատացեք, այն, ինչ որ այսօր ձեզ թվում է ողբալի ու հուսահատական, վաղը կարող է թվալ ծիծաղելի:

Դուք կարծո՞ւմ եք:

Համոզված եմ:

Լամիյեն հառաչեց: Նա այլևս ոչինչ չասաց: Ես անհարմար համարեցի շարունակել նույն ուղղությամբ: Իմ ջերմ փափագն էր հաշտեցնել կյանքի հետ այդ փխրուն էակին, որի երկրային գոյությունն ինձ երազ էր թվում: Ես զգացի, որ իմ առաջին փորձն անհաջող անցավ: Ես նորեն դիմեցի իմ կատակների օգնությանը և կարողացա մի ժամ Լամիյեին մոռանալ տալ իր մաշող վիշտը:

Ներս մտավ այրին և, տեսնելով Լամիյեի ժամանակավոր զվարթությունը, ասաց.

Այ այդպես է, էֆննդիմ, երբ ուրիշների հետ է խոսում, զվարճանում է, երբ ինձ հետ է, խոսել չի լինում:

Այդ վայրկյանին ես ամբողջ հոգով ատեցի այդ կնոջը:

* * *

Բեյրութը Սիրիայի մայրաքաղաքն է և առևտրական կենտրոն: Բաղդատի երկաթուղու հետ կապված է մի կարճ ճյուղով: Նա ունի ավելի քան հարյուր հիսուն հազար բնակիչներ, որոնց միայն մի փոքրիկ մասն է քրիստոնյա:

Անձրևային եղանակը մեզ չխանգարեց կառքով երկու-երեք ժամ պտտել այդ հետաքրքրական քաղաքը և սքանչանալ նրա գունագեղ տների արաբական ճարտարապետությամբ: Լավագույն շինությունները ծովափի վրա են և գրեթե բոլորը փողոցից անջատված նարինջի, կիտրոնի, նռենիների պարտեզներով և պատսպարված կակտուսի ցանկապատով:

Տոն օր էր: Անգործ արաբներն իրենց ճերմակ չալմաներով և լայն ու երկայն զգեստներով զարդարում էին փողոցների անկյուններն ու սրճարանները և օդն աղմկում իրենց կոկորդային բարբառով, որ չի կարելի ասել, թե երաժշտական է:

Այրի թրքուհին ուշադրությունս դարձրել էր արաբների մի սովորության վրա, որ ես ստուգեցի մի ճաշարանում: Իրարու հանդիպելիս նրանք միմյանց ձեռքը սեղմում են զույգ ձեռքերով: Եթե բարեկամներ են, մինչև տեսակցության վերջը ձեռքերը չեն բաժանում, իսկ հրաժեշտի պահին յուրաքանչյուրը թեքվում է և իր աջը համբուրում. դա բարեկամական սիրո սովորական արտահայտություն է:

Առհասարակ արաբների արտաքին նիստ ու կացը կիրթ է: Զարմանալի հպարտ ու հանդիսավոր են նրանց քայլվածքն ու շարժումները: Կարծես, դերասաններ են բեմի վրա: Այդ հանդիսավարությանը մի տեսակ ցուցադրական շուք են տալիս նրանց գույնզգույն զգեստը և ճերմակ վերարկուն: Նրանք խոսում են բարձրաձայն, առանց կոպիտ շարժումների: Հիանալի է արաբ ձիավորն իր ազգային զգեստով, մանավանդ երբ արշավում է անապատում: Գեղեցիկ նժույգը, զարդարված թամբը և հարուստ արծաթապատ զենքը նրա հպարտություններն են:

Մի հրապարակի վրա տեսա հետևյալ խաղը: Գետնի վրա շրջանաձև ծալապատիկ նստած էին 1012 արաբներ` ըստ երևույթին բանվոր դասակարգից: Մեջտեղ ընկած էր բազուկի հաստությամբ մի երկար պարան: Յուրաքանչյուրը խաղացողներից գետին էր ձգում դեղնագույն փայտի թե մետաղի չորս կտորներ: Մյուսները նայում էին, թե ինչ ձևով են ընկել կտորները և որոշում` ձգողը տարա՞վ խաղը, թե՞ ոչ: Նա, որ տարվում էր, հեզությամբ պարզում էր իր զույգ ձեռքերը հորիզոնաձև և ափերը վեր: Հակառակորդը վերցնում էր պարանը և իր ամբողջ ուժով զարկում էր նրա ձեռքերին: Մի անգամ հարվածների թիվը ես համրեցի մինչև վաթսուն: Թշվառ մարդու ձեռքերը կարմրեցին, հետո կապտեցին ու ուռան: Նա սկսեց ցավից կծկվել, նրա դեմքը գունատվեց, աղավաղվեց, բայց ժպիտը չհեռացավ երեսից, խումբը հրճվում էր բարձրաձայն ծիծաղելով և զարկողին խրախուսելով:

Բեյրութից մինչև Կայֆա եղանակը հիանալի էր, ծովը հանդարտ:

Լամիյեն առողջացել էր: Նայիլեն ու Ֆայիզեն թռչկոտում էին իրենց հնչուն ծիծաղով լեցնելով սալոնը: Հույն օրիորդը շարունակ նվագում էր: Ամենքն ուրախ տրամադրության մեջ էին: Մոտենում էինք Եգիպտոսին:

Կայֆայից մինչև Եսֆա ունեցանք փոթորիկ, որ տևեց ամբողջ օրը: Հետևյալ օրը փոթորիկը դադարեց, երբ մոտեցանք Պորտ-Սաիդին: Գիշերն անցուցինք նավահանգսաում, ուսկից սկսվում է Սուեզի հռչակավոր ջրանցքը, որ միացնում է Միջերկրականը Կարմիր ծովի հետ: Մի զմայլելի պանորամ է ներկայացնում նավահանգիստը գիշերվա լույսերով: Դա մի երկրորդ Վենետիկ է և կարող եմ ասել ավելի գեղեցիկ իր հսկայական նավերի անվերջ երթևեկով ու անթիվ շոգեմակույկների գույնզգույն լապտերներով ու մանավանդ իր վիթխարի պրոժեկտորներով, որոնք լույս են ձգում ջրանցքի վրա ավելի քան 20 կիլոմետր տարածությամբ:

Տասնևյոթ օր ու գիշեր Միջերկրականի ամբողջ երկայնությունը կտրելով, 19-րդ օրը հասանք Ալեքսանդրիա և մտանք փարավոնների աշխարհը:

Լամիյեի մայրը փափագ հայտնեց իջևանել մեզ մոտ` միևնույն հյուրանոցում:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Ինձ ասել էին, որ` չնայած ձմեռվա կեսին, Ալեքսանդրիա մտնելուս պես ստիպված պիտի լինեմ վերարկուս դեն ձգել: Այդպես չեղավ. մառախուղ, անձրև, թափանցող ցուրտ. ահա ինչ տեսա առաջին օրերը: Ճշմարիտ է, ամենքը պնդում էին, որ դա մի բացառիկ ձմեռ է Եգիպտոսի համար, բայց չեմ կարծում, որ այդ բառացությունը հատկապես ինձ համար էր պատրաստված: Անտարակույս եղել են և ուրիշ նման ձմեռներ:

Մի քանի պարտավորական այցելությոլններ, և այնուհետև ես այլևս իմ ժամանակի տերն էի: Ստացա հրավեր Կահիրե գնալու, բայց նախ պետք է քիչ թե շատ ծանոթանալ Ալեքսանդրիային:

Գեղեցիկ և կատարյալ եվրոպական մի ծովափնյա քաղաք, շքեղ հոյակապ տներով, լայն, հարթ և հարմար սալահատակված փողոցներով: Սակայն քաղաքի միայն ծովափնյա մասն է այդպես, մյուս մասերը խորին Ասիա, նեղ ու կեղտոտ պողոտաներով, խարխուլ տներով: Մի տարօրինակ հակապատկեր ես նկատում, տեսնելով քաղաքի եվրոպական արվարձանում արաբ կանանց իրենց ճերմակ չադրաներով, փակ բերաններով, մերկ սրունքներով ու մետաղյա քթնոցներով: Ա՛հ, այդ քթնոցները, չկարողացա տեսնել, թե արաբուհիների քիթն ինչ ձև ունի: Սրա փոխարեն հիացա նրանց մարմնի վերին աստիճանի կանոնավոր կազմով և հավասարաչափությամբ: Եգիպտուհին առանց բառացության բարձրահասակ է, հաղթանդամ, ֆիզիկապես զորեղ: Յուրաքանչյուր մի կնոջ մեջ մի Կլեոպատրա ես տեսնում, և թվում է, որ բավական է նրա մի հայացքը և պիտի անմիջապես հափշտակվես ու չոքես նրա առջև:

Զարմանալի ուժ ունեն արաբ բանվորուհու գլուխն ու պարանոցը: Առանց մազաչափ ընկճվելու, արաբուհին երբեմն իր գլխի վրա տանում է 7080 կիլոգրամ ծանրություն, միշտ բարձրաձայն խոսելով, ծիծաղելով ու զվարճանալով:

Չհավանեցի ես արաբական լեզուն գոնե այնպես, ինչպեւ խոսում է նա փողոցներում ու սրճարաններում: Այդ լեզուն այնպես ռնգային հնչյուններ ունի, որ երբեմն թվում է, թե գորտային կռկռոց ես լսում: Ըստ երևույթին արաբներն այնքան դանդաղաշարժ ու պղերգ չեն, որքան մյուս արևելցիները: Գոնե, նայելով նրանց քայլվածքին, խոսելու եղանակին, զգում ես, որ մուսուլման ազգերի մեջ ամենաաշխույժ տարրն արաբն է, և սկսում ես կասկածել մյուս մուսուլմանների ապագայի մասին:

Արաբ տղամարդը նույնչափ պարթև ու առողջ է, որչափ արաբուհին: Իր երկայն ու լայնաքղանցք զգեստի շնորհիվ նա բնականից ավելի բարձրահասակ է թվում:

Սրճարանները միշտ լեցուն են: Նարգիլեն այստեղ ևս ունի նույն հարգանքը, ինչ որ Պոլսում և Զմյուռնիայում: Չգիտեմ որքան ճիշտ է, ինձ ասացին, որ Եգիպտոսի արաբները չունեն միջին բարեկեցության դասակարգ. մեծամասնությունը բաղկացած է ֆելլահներից և առհասարակ չքավոր բանվորներից, իսկ երկրի անշարժ և շարժական հարստությունը մի չնչին փոքրամասնության ձեռքումն է:

Կկամենայի՞ք արդյոք տեսնել իմ ազգական մեծահարոսւտ մի արաբի տունը և ծանոթանալ նրա նիստ ու կացին, — դարձավ մեզ մի օր Լամիյեի մայրը, որ ամեն օր իր զավակների հետ գալիս էր մեզ այցելության:

Ուրախությամբ, — ասացինք ես ու աղջիկս:

Հետևյալ օրը Ռամլեյումն էինք, որ քաղաքի ամենահարուստ արվարձանն է: Ի՛նչ շքեղ ապարանք: Մի սքանչելի պարտեզի մեջ մեզ ընդունեցին չորս չափահաս աղջիկներ և մի գեղեցիկ երիտասարդ` սաթի պես սև ու պսպղուն աչքերով: Մեծահարուստ տան տիրոջ զավակներն էին: Մեզ հրավիրեցին եվրոպական ոճով ու ճաշակով կահավորված մի ընդարձակ սալոն, ուր բացի գորգերից ոչինչ չկար արաբական: Եվրոպական երևաց և ամբողջ ընտանիքի նիստ ու կացը, սկսած մեծերից մինչև փոքրերը: Մինչև անգամ մատուցված սուրճը արաբական չէր, այլ ֆրանսիական: Ամենքը խոսում էին մաքուր ֆրանսերեն և պարզ էր, որ եվրոպական կուլտուրայի յուրացումը մի տեսակ հպարտություն էր իրենց համար: Հետագայում ես եղա և ուրիշ մի քանի ընտանիքներում: Միևնույն եվրոպականությունը թե՛ Ալեքսանդրիայում և թե՛ Կահիրեում: Ինձ ասացին, որ իրենց ազգային ավանդություններն ու նիստ ու կացը պահպանող արաբներն ընդհանրապես խուսափում են քրիստոնյաների ծանոթությունից և հազվագյուտ դեպքերում են նրանց ընդունում իրենց ընտանիքները:

Հրավիրվեցի մի հայկական հասարակական երեկույթի, որ կազմակերպված էր գաղթական որբերի օգտին: Գնացի իմ վաղեմի բարեկամ ռուսահայ Հովհաննես Մութաֆյանի հետ: Ընդարձակ սրահը լեցուն էր բազմությամբ: Բեմ ելավ մի պարոն և ասաց, թեև ինքը «զբաղված է շատ կարևոր գործերով», բայց որովհետև շատ է «սիրում ազգը», հանձն է առել երեկույթը նախագահել:

Ո՞վ է այդ մարդը, — հարցրի ես ուղեկցիս:

Մի հարստացած դաշնակցական:

Ինչպե՞ս է հարստացել:

Իբր թե փաստաբանությամբ:

Սկսեց նախագահն իր ճառը սոսկալի հայհոյանքներով եվրոպական պետությունների հասցեին: Նա ասաց, աղաղակելով, թե եվրոպան հիմար է, որ խնայում է թուրքերին և բնաջինջ չի անում նրանց: Աուդիտորիան ծափահարեց հռետորին, և նա հուզված ու քրտնած նստեց նախագահական բազկաթոռի վրա, ձգելով մեր օթյակի կողմը մի հաղթական հայացք:

Երկրորդը մի հռետոր ռամկավար էր: Նա խոսեց ավելի հանգիստ ու համեստ: Նրան էլ ծափահարեցին: Երեկույթը վերջացավ նվագածությամբ և երգեցողությամբ: Ինձ համար հետաքրքրական էր դիտել սրահի հասարակությունը և տեսնել, թե որքան հայը ընդունակ է յուրացնելու եվրոպական նիստն ու կացը: Չէ՞ որ այդ բազմությունը բաղկացած էր Փոքր Ասիայի և Կիլիկիայի գյուղացի գաղթականներից: Նրա արտաքինը վաղուց արդեն եվրոպական է, բայց հոգին տակավին դեգերում է մայր հայրենիքում և այդ երևում է նրա դեմքի արտահայտությունից ու երկարատև հառաչանքներից: Տխուր ու մտազբաղ լրջությամբ նա լսում է յուրաքանչյուր հռետորի և յուրաքանչյուր մի երգ և բոլորին ծափահարում, և ով ավելի բարձր է բարբառում, նա է գրավում ամենաջերմ ծափահարությունները

Եգիպտահայը եռանդուն է, աշխատասեր, լրջմիտ, ինչպես ամենուրեք բոլոր գաղթական թրքահայերը: Ինձ թվում է, որ աշխարհի երեսին ոչ մի ցեղ այնքան ընդունակ չէ արագ կարգավորելու իր նյութական վիճակը օտար երկնքի տակ, որքան հայը: Այս է պատճառը, որ նա գաղթելուց չի վախենում և իր բնակավայրից հեռանում է ոչ առանձին դժվարությամբ:

Իմ այցելության ժամանակ, այն է 1920 թվականին, եգիպտահայությունը բաղկացած էր ոչ ավելի քան 20000 հոգուց: Այժմ, Կիլիկիան պարպվելուց հետո, այդ թիվր հասնում է մինչև 40000-ի: Զբաղվում են նրանք գլխավորապես վաճառականությամբ, կային և բազմաթիվ արհեստավորներ: Իմ ժամանակ բանվորների թիվը շատ փոքր էր, հավանական է, որ ներկայումս նրանք կազմում են գաղութի մեծամասնությունը:

Հայերի վաճառականության գլխավոր առարկաներն են ծխախոտն ու բամբակը: Եգիպտոսի ծխախոտի արդյունաբերությունը երեք քառորդով հայերի ձեռքումն է, իսկ բամբակի արդյունաբերության մեջ նրանք տակավին զիջում են արաբներին, հույներին և հրեաներին:

Մտավորապես եգիպտահայը առաջադիմում է այնչափ, որչափ հանգամանքները թույլ են տալիս: Հայրենիքից բերած նրա բարոյական պատկերը գուցե մնար անաղարտ, եթե գաղութը պառակտված չլիներ կուսակցություններով: Դաշնակցական, հնչական, ռամկավար, իրարու հետ մրցելով, բավականաչափ ապականել են եգիպտահայի բարոյականը: Թեև իմ ժամանակ այդ մրցումը այնքան կատաղի չէր, որքան այժմ, բայց և այնպես ամեն կերպ աղճատում էին հայի հոգին: Հրատարակվում էին երկու լրագիրներ, մեկը Կահիրեում «Հուսաբեր» անունով, դաշնակցական ուղղությամբ, մյուսը` Ալեքսանդրիայում «Արև» անունով, ռամկավար ուղղությամբ: Եվ երկու խմբակների մրցումը երբեմն հասնում էր մինչև փողոցային բռունցքահարության:

Ալեքսանդրիայից մինչև Կահիրե հինգ ժամվա ճամփա է, գեղեցիկ արգավանդ դաշտերով, որոնք ոռոգվում են Նեղոսի վարարման ժամանակ: Ի՛նչ սիրուն է անապատի այս լայնածավալ օազիսն իր մեղմ բուսականությամբ, դալարազարդ դաշտերով, մանավանդ իր բարձրագագաթ արմավենիներով:

Կահիրեի առաջնակարգ պանդոկներից մեկում մեզ համար պահված էին երկու լուսառատ և ընդարձակ սենյակներ:

Մի քանի պարտավորական այցերից և փոխայցերից հետո շտապեցինք դեպի հռչակավոր բուրգերն ու սֆինքսը: Մեց ուղեկցում էր մի համակրելի երիտասարդ, որի անունը դժբախտաբար մոռացել եմ: Իմ տրամադրությունն առաջին այցիս մի փոքր հեղաշրջվեց: Ես ավելի էի սպասում բուրգերի տպավորությունից, քան ստացա և գուցե ավելի ստանայի, եթե միտքս չթունավորվեր մի պատմական ճշմարտությամբ, այն է, որ միայն Ռամզես երկրորդի բուրգի վրա տասնյակ տարիներ տաժանակիր աշխատանք են կրել 100 000 մարդ, որոնից 30 000-ը զոհվել են մեծ փարավոնի իշխանական քմահաճույքին: Հետևանքը 138 մետր բարձրությամբ մի հոյակապ կոթող` թեև սքանչելի իր վեհությամբ ու գեղեցկությամբ, բայց ողբերգական իր ճակատագրով: Սֆինքսը: Դժվար է բառերով արտահայտել նրա շքեղությունը: Միայն ավա՛ղ, նրա երեսի մի մասը ջարդված է, և արաբ պատմաբանները պնդում են, որ այդ վանդալիզմը կատարել է մեծն Նապոլեոնի մի ռումբ: Այցելեցինք և մի ստորերկրյա պալատ, որի հարստությունը կողոպտել են անգլիացիները, ինչպես և կողոպտել են ամբողջ Եգիպտոսը: Բացի Ռամզեսի բուրգից, կան և ուրիշ երկու բուրգեր, իսկ այնտեղ` հեռու անապատի վրա երևում են երեք ուրիշ բուրգերի գագաթները: Արաբ առաջնորդները մեզ առաջարկեցին մտնել Ռամզեսի բուրգի ներսը: Բայց Ջհանդաբ խանումը ինձ զգուշացրել էր չանել այդ բանը: Նա ասում էր, որ ինքը մի քանի անգամ փորձել էր մտնել և կես ճամփից դուրս էին բերել նրա անշնչացած մարմինը, այնքան օդը հեղձուցիչ է այնտեղ:

Զարմանալի համառ և ձանձրալի են արաբ ուղտապաններն ու իշապանները, որոնք ծառայում են տուրիստներին: Անհնարին է ազատվել նրանց անվերջ թախանձանքից` անպատճառ հեծյալ բարձրանալ դեպի բուրգերի ստորոտը: Եթե չես ուզում ուղտ կամ էշ հեծնել, ստիպված ես գլուխդ ազատելու համար մի բան գնել, իսկ այդ բանն ուրիշ ոչինչ է, եթե ոչ որևէ քարի մի կտոր: Նույնչափ ձանձրալի են և լուսանկարիչները այն տարբերությամբ, որ նրանց վերաբերմամբ չեն պատմվում այնպիսի կեղտոտ բաներ, ինչ որ պատմվում են ուղտապանների և իշապանների մասին: Սակայն այդ մասին թող խոսեն այլասերված անգլիացի լորդերն ու լեդիները

Արաբ անցյալի կոթողները Կահիրեի մզկիթներն են: Ի՛նչ ճարտարապետական հրաշալիքներ և ի՛նչ նրբություն ճաշակի: Հետաքրքրականը սակայն այն է, որ այդ մզկիթները շինվել են ոչ արաբների, այլ քրիստոնյա ճարտարապետների, այն է` ղպտիների ձեռքով: Առհասարակ արաբ արվեստները շատ բան են պարտական այդ ցեղին: Պատմությունն ասում է, երբ Մահամմեդը, Մեկկա վերադառնալով, կամեցավ Գայջեների աղոթարանի տեղ իր առաջին մզկիթը կառուցանել, չգտավ ոչ ճարտարապետ, ոչ արհեստավորներ և ոչ շինության նյութեր: Բախտի բերմամբ այդ միջոցին Կարմիր ծովով անցնելիս է լինում մի նավ` բեռնավորված մի ինչ-որ ավերված քրիստոնյա տաճարի նյութերով: Նավի վրա լինում է մի ղպտի ճարտարապետ: Մահամմեդը հրամայում է բռնել նավը, և ահա այդ նյութից և այդ ղպտիի ձեռքով է կառուցված առաջին մահմեդական մզկիթը7: Եգիպտոսի և Սպանիայի բոլոր արաբ հրաշակերտների կառուցման մեջ ղեկավար դերը ղպտի ճարտարապետներին է պատկանում: Եվ այժմ այդ տաղանդավոր ազգի զավակներր սոսկ պահապաններ են Կահիրեի և Լյուքսորի թանգարաններում:

Երբ ասում են, որ անգլիացիները կողոպտում են Եգիպտոսը, հավատացեք, որ այդ ճիշտ է: Չկա մի պատմական անկյուն, որ նրանք ավերած չլինեն կողոպտելու նպատակով: Բրիթիշ մուզեի ընդարձակ սենյակները լեցուն են Եգիպտոսից տարված թանկարժեք իրերով: Միայն վերջին ժամանակները եգիպտական կառավարությունը խելքի եկավ և արգելեց նոր պեղումների արդյունքները երկրից դուրս տանել:

—————

Լամիյեն օր-օրի վրա մոմի պես հալվում է: Նայիլեն լալիս է նրա մասին խոսելիս: Ջհանդաբ խանումը չափազանց մտազբաղ է: Երևի նրան չի հաջողվում լիովին հաղթահարել իր դստեր կամքը: Մայր ու զավակներ շարունակում են մեզ այցելել, և մենք հաճախ միասին ենք թափառում, երբ Ալեքսանդրիայումն ենք: Մոլեռանդ արաբները կատաղի հայացքներ են ձգում մեզ վրա, տեսնելով թրքուհիներին քրիստոնյա տղամարդի հետ:

Այցելեցինք Կահիրեի նշանավոր կենդանաբանական և բուսաբանական այգիները: Մի բարձր ծառի մոտով անցնելիս, ինձ թվաց, որ լսում եմ բազմաթիվ մարդկային ձայներ և երգեհանության պես մի բան: Նայեցի աջ ու ձախ, ոչինչ չտեսա: Ձայները դադարեցին և փոքր-ինչ անցած նորեն կրկնվեցին: Հայտնվեց, որ նրանք գալիս են այդ մոտ 20 մետր բարձրություն ունեցող ծառից: Երբ մի թեթև հողմ է անցնում ծառի ճյուղերի միջով, նրա երկայն, բարակ, կլոր, ասեղնաձև տերևները, իրարու շփվելով, մի տեսակ նվագահանդեսի պատրանք են տալիս: Չգիտեմ որ գրքում, ես վաղուց էի կարդացել այդ ծառի մասին:

Այցելեցինք Հելիոպոլիսը: Դա մի նորաշեն գեղեցիկ քաղաք է Կահիրեից 25 կիլոմետր հեռու: Այդ քաղաքը շինել է մի եվրոպական ընկերություն` Պողոս Նուբար փաշայի խոշոր մասնակցությամբ: Բաղկացած է նա արաբական ճաշակի վիլլաներից: Կա տուրիստների համար շինված մի հյուրանոց, որ իր մեծությամբ և շքեղությամբ համաշխարհային համբավ է վայելում: Վերադարձանք Կահիրե ուշ երեկո, և ես պատեհություն ունեցա վայելելու անապատի իրիկնային գեղեցկությունը: Բյուրավոր արմավենիների սև սիլուետները փիրուզայի պես կապույտ երկնքի վրա գծվել էին որպես եթերային ուրվականներ: Արեգակի վերջին շողերը արյան չափ թանձր կարմիր էին: Զեփյուռը շոշափում էր արմավենիների պսակաձև գագաթները և մթնոլորտը լցնում մեղմ երաժշտական սոսափյունով: Ոչ մի տեղ արևը մայր մտնելիս երկիր ու երկինք այնքան բազմերանգ չի զգեստավորում, որքան այդտեղ: Տեսարանը այնքան զմայլելի է, որ մարդ խորին ցավակցությամբ է բաժանվում նրանից: Բնությունը, ցերեկը անապատը մերկացնելով, գիշերը զարդարում է նրան իր ամբողջ շռայլությամբ: Եվ այսպես, մարդը ոչ մի տեղ զրկված չէ նրա սքանչելի ժպիտից:

—————

Մի՛ կործանեք ձեր զավակին, — ասացի ես մի օր Ջհանդար խանումին, խորապես ազդված Լամիյեի օր-օրի վրա ավելի ու ավելի մռալյվող տրամադրությունից:

Ի՞նչ եք ուզում ասել, — գոչեց այրին զգացված:

Ա՛յն, որ դուք զուր եք աշխատում ձեր աղջկա մեջ սպանել ամենազոր սիրո զգացումը: Նա սիրում է մի քրիստոնյայի, թողեք սիրե, մի բռնաբարեք բնության օրենքը:

Այդ ո՞վ ասաց ձեզ. մի՞թե ինքը Լամիյեն:

Քավ լիցի: Լամիյեն երբեք ինձ հետ չի խոսել իր սիրո մասին:

Ուրեմն, Նայիլեն է պատմել:

Այո՛:

Ես իմ աղջկա բախտավորությունն եմ ցանկանում:

Նրա բախտավորությունը հենց այդ սիրո մեջ է, իսկ դուք նրան դիմադրում եք:

Օրիորդները բացակա էին: Ոչ ոք չէր խանգարում մեր խոսակցությունը, և մենք վիճաբանում էինք երկարորեն: Հարկավ, կրոնների տարբերության և դրանից առաջացող անհեթեթությունների մասին չէի խոսում: Գիտեի, որ տասնյակ զրույցներով և հազարավոր փաստերով չէի կարող փոխել մի մուսուլման կնոջ դարավոր հավատամքը կամ նույնիսկ ազդել նրա վրա: Ես խոսում էի միայն Լամիյեի օր-օրի վրա քայքայվող և հյուծվող առողջության մասին: Այս էր իմ զորավոր զենքը:

Դուք ինձ ասում էիք, որ Լամիյեն Եգիպտոսում կկազդուրվի, — ասացի ես, — այդ ես չեմ տեսնում: Ընդհակառակը, ահա երկու ամիս է այստեղ ենք, և խեղճ աղջիկը նիհարել ու դժգունել է ավելի, քան էր ծովի վրա:

Ես էլ եմ այդ նկատում, — արտասանեց այրին, խորը հառաչելով:

Եվ այնուամենայնիվ դուք ուզում եք զոհել ձեր զավակին մի ծերունու քմահաճույքի՞ն:

Փաշան ծեր չէ, հիսուն տարին տղամարդու համար ծերություն չէ: Փաշան հարուստ է, նա խոշոր դիրք ունի սուլթանի մոտ, նա հարգված է ամենքից:

Արաբները շուտ են թառամում: Տասը տարուց հետո փաշան կզառամի և կանզորանա, այն ժամանակ, երբ Լամիյեն կլինի քսանևութ տարեկան: Տարիների այս տարբերությունս սոսկալի է: Կնոջ իսկական ցանկությունները ճիշտ երեսնին մոտենալիս են զարգանում: Հիշեցեք ձեր անցյալը, և դուք կհասկանաք, թե ինչ եմ ուզում ասել: Այլևս մի կողմ եմ ձգում սիրո և ատելության խնդիրը:

Այրին զգալի չափով ազդվեց իմ խոսքերից, լռեց, գլուխը թեքելով կրծքին և ապա մի վճռական շարժումն անելով, արտասանեց.

Թողեք տեսնեմ, ալլահն ինչ ուզի, ցույց կտա ինձ:

Ես ոչինչ չավելացրի, թողնելով, որ իմ ձգած սերմն ամրանա նրա հոգու մեջ:

Շարունակում էինք թափառել մերթ Կահիրեի, մերթ Ալեքսանդրիայի փողոցները: Լյուքսոր գնալու միջոցներ չունեի: Իմ գրպանն անզոր էր այդ շքեղությունն ինձ տալու: Գոհ էի նրանով իսկ, որ կարողանում էի ընթացիկ ծախքերս ծածկել, շնորհիվ թատերասերների, որոնք մի քանի անգամ խաղացին իմ պիեսները Ալեքսանդրիայում և Կահիրեում, միևնույն ժամանակ առիթ տալով ինձ շփվել եգիպտահայ գաղութի հետ:

Եվրոպական արվարձաններն ինձ չէին հետաքրքրում: Սիրում էի դեգերել երկու քաղաքների արևելյան մասերում: Այդտեղ ժամերով դիտում էի արաբ մանկանց աշխույժ վազքը նեղ ու կեղտոտ փողոցներում, լսել դերվիշների երգը սրճարանների առջև, հիանալ նրանց խրոխտ ու ազդու ձայնով: Որքան շա՛տ էին այդտեղ մուրացկանները, որոնց ցնցոտիների հակապատկերն էին ներկայացնում աջ ու ձախ սլացող օթոմոբիլներն ու կառքերը: Գրեթե ամեն օր հանդիպում էի մահվան հուղարկավորության, լսում էի վարձկան կանանց արվեստական հեկեկանքները, տեսնում էի նրանց կապույտ ներկված երեսներն ու կրծքերը, որոնք իբր թե կապտել էին ձեռների հարվածներից: Այս ու այնտեղ երիտասարդ կանայք ծալապատիկ նստած իրենց սուր ատամներով ծամում էին շաքարի եղեգը և միշտ բարձրաձայն քրքջում: Եվ դրանց կից տեսնում էի եվրոպական շիքով հագնված բեյերին, որ այնքան սիրում էին ծամոն ծամել և խոսել անգլերեն ու ֆրանսերեն:

Պատմում էին, որ մի քանի ամիս առաջ եվրոպացին չէր կարող երևալ մուսուլմանների արվարձաններում, որ երևացողին հալածում էին քարերով և երբեմն սպանում էին: Այժմ այդ թշնամությունը սանձահարվել էր, այժմ, երբ անգլիացիները երկրի խորքերում, հետաքրքրվող աչքերից հեռու, գնդացիրներով կոտորել էին մոտ տասը հազար մարդ: Սակայն ըմբոստությունը տակավին շարունակվում էր միայն խաղաղ ցույցերով: Ամեն ուրբաթ օր իրենց կրոնական ծեսերը կատարելուց հետո արաբները խմբովին դուրս էին գալիս մզկիթներից և անցնում էին եվրոպական արվարձանները, երգելով իրենց հայրենասիրական երգերը: Նրանց առաջնորդում էին հոգևորականները: Այդ օրերը անգլիացիները Գլխավոր փողոցների անկյուններում դնում էին իրենց գնդացիրները: Բավական էր խաղաղ ցույցը փոխվեր գործնականի, և ահա նորեն պիտի հոսեր բռնաբարված ազատասիրության արյունը: Իմ ժամանակ այդ չպատահեց, բայց պարզ էր, որ մի օր ամբողջ արաբ ցեղը պիտի կատաղի բռնակալների դեմ և տապալե նրանց:

* * *

Следующая страница